ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ
ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Տէր, տէր գթութեանց եւ Աստուած ողորմութեանց,
Անուն մեծութեան, ձայն ահաւորութեան,
Կոչումն սաստկութեան, լուր անհասութեան,
Բարբառ դողութեան, հնչումն հիացման,
Յուսադրութիւն բարերարութեան ամէնողորմ քաղցրութեան,
Յորմէ երկուցեալ սասանին ամենայն բնութիւնք եղելոց:
Ի քո սպառնալեաց ահիդ պակուցման
Սաւառնին սերոբէք, ամփոփին քերոբէք,
Պարուրին պարք լուսակերպիցն,
Երկնչին հիացմամբ բոլոր պետութիւնք վերնոցն,
Նոյնք ցնծան դողութեամբ մեծաւ ի մի նաւակատիս բերկրութեան,
Զարհուրին դեւք, ընկրկին չարութեանցն գունդք,
Պակասին խաւարասիրացն հոգիք,
Անդնդոց մատնին հրեշտակք աւտարին,
Կապին նշանաւ խաչին յարձակմունք դիմամարտին,
Փակին ի ստորին բանտի քինաւոր ամաղեկացիքն,
Անխզելի հանգուցիւք պաշարին խումբք հակառակորդին,
Արգելին անզերծ զնդանաւ մահազինացն կաճառք,
Պնդին ի մետաղս ահեղ հրամանիդ այսականացն գումարք,
Պապանձին կարկեալ ընդդիմաբանիցն դասակցութիւնք,
Պարաւանդին հիւծմամբ կորստեան աներեւութիցն ժողովք,
Անլոյծ շղթայիւք նեղին առաքելութիւնք դերաքրիստոսին:
Բ
Ահա կարկառեմ մատամբք ձեռինս
Զտեառնագրութիւն նշանիդ ի ժամ գիշերիս,
Որ ոչ մթանաս խաւարաւ անգիտութեան, ամենեւին տեսականութիւն,
Քան թէ ի լոյս անմատոյց հանգուցեալ բնակիս:
Ընկալ զաղաչողս վտանգաւոր գոհաբան
Ընդ պահպանութեամբ թեւոց հզաւրիդ,
Փրկեա ի ցնորից եկամուտ պղտորութեանց,
Սուրբ արա զզգայարան հայելեաց սրտիս նկատմանց,
Ամրացո փայտիւդ կենաց ի տխրական անրջոց,
Արեամբ քո սրսկեա զշրջարկութիւնս կայիցս,
Զհետս ելումտիցն կաթուածով կենարար կողիդ գծագրեա,
Երդոցն պահպանարան քառակերպիդ ձեւակերպութիւն եղիցի,
Հանդէպ տեսութեան աչացս ամբարձման
Փրկականդ քո կրից խորհուրդ առդիցի,
Ընդ բարաւոր յարկիս չարչարանաց քոց գործի հաստիցի,
Զծառոյդ աւրհնութեան հաւատք յուսոյ իմոյ կախիցի:
Արգել, Տէր, սովաւ զսատակիչն հոգւոց,
Մտցէ անխափան պաշտպանն լուսոյ:
Եւ ընդ սաստիկ ծանրութեան ցաւոցս`
Եւ զբեռն պարտեացս թեթեւացո,
Զոր ի լռարանի մտացս ամփոփման մահճացս անկողնի,
Ուշաբերեալ զյուսահատութեանցն դառն պտղոցն,
Խոստովանիմ ամենագիտիդ զանհամար մասունս գործոց
Չարաչար անաւրէնութեանցս:
Գ
Հանգո զվաստակեալս ի բազմածուփս աշխատութենէ,
Բարձ զտագնապ տարակուսանաց ոգւոյս կործանման,
Զդառնութիւնն ընդ վշտացն,
Զհեծութիւնն ընդ կարեացն,
Զանձկութիւնն ընդ թշուառութեանցն,
Զհառաչմունսն ընդ խորտակմանցն,
Զբեկութիւնսն ընդ ապշութեանցն,
Զթմբրութիւնսն ընդ շրտմանցն,
Զարբեցութիւնն ընդ յիմարութեանցն,
Զթերամտութիւնն ընդ խելագարութեանցն,
Զսառումն սիրոյն եւ զհրային ջերմութիւն աղուական ախտին:
Աւժանդակ լեր տկարութեան բազմատխուրս տարտամութեան
Բարեգործ աջովդ շնորհի, ձեռամբդ նորոգողի,
Մատամբդ կենսաբաշխի, փառաւքդ մշտափայլի,
Յարակայութեամբդ անեղծի, երեսաւքդ զուարթականի,
Իսկութեամբ էիդ պաշտելի, բարձրութեամբդ երկրպագելի:
Հատո զչարաչար հեծութիւն կորստականս խեղդման,
Զնոր գիւտ չարին, զհին խարդախութիւն բանսարկուին,
Զաւտար ազդեցմունս ի մահ կրթողին,
Զանյարմարական երեւոյթս հանապազորդեան եղեռնագործին:
Զառ աչս հնարադրութիւն դժնդակ դիւին,
Զողոքական բոցաշնչութիւն ձգող կախարդին:
Պահեա ի տեղւոջ հանգստեան մեռաւրինակ այսր դադարման
Յաներեւոյթ մտածութեանց, ի մասնաւոր սխալութեանց,
Ի մեծագոյն գայթակղութեանց, ի փոքրագոյն ոտնառութեանց,
Ի խաբեբայ չար ձանձրութեանց:
Հեռացո զանհանդէպ մտածութիւնս
Ի զգայութեանց ծառայիս յանցաւորի,
Զկիրս բասրելիս, զվարս թշնամանելիս,
Զդիպուածս պատկառելիս, զհետս վրիպելիս,
Զպատիրս ձաղկելիս, զխորհուրդս անգոսնելիս,
Զաւելաբանութիւնս նշկահելիս:
Դ
Անսխալ հոգւով եւ անշաղախ մարմնով
Զապաւինեալս ի քեզ հանդերձեա
Ի շնչմանէ հողմոց, ի զարկմանէ բռնութեանց,
Ի բախմանէ փոթորկաց, ի յոստմանէ մրրկաց,
Ի յարձակմանէ գազանաց:
Ի կափման աչացս հայեցուած սրտիս մի ստուերասցի,
Այլ զուարթասցի, պայծառասցի, վայելչասցի,
Ընդ քեզ փայլեսցի, Տէր Յիսուս Քրիստոս,
Լուսաւոր վառմամբ անշիջանելեաւ:
Բանիւ քո սրբեա զպատսպարանս բազմականիս
Ի խորամանկութեանց, ի զբաղմանց,
Ի քո ատելի յիշատակաց, ի վերնամարտ մտածմանց,
Ի քրէական մորոսութեանց, ի տիրանենգ անշնորհութեանց,
Յաստուածընդդէմ հերձուածութեանց:
Գնդիւք վերնայնոցդ վերակացու ինձ լիցիս
Պետութեամբք, իշխանութեամբք, զաւրաւորաւքն անյաղթականաց`
Մաքուր մատակարարաց սուրբ աստուածութեանդ,
Առաքեալքն` աւետեաց Աւետարանաւն, մարգարէքն` կտակարանաւքն,
Մաղթանք երջանկացն ի կատարածի աւուրն ընծայեալ:
Որովք նիրհեցից երկիւղիւ ըստ քեզ տրտմութեամբ
Եւ զարթեայց շնորհաւք քո կրկին ուրախութեամբ:
Եթէ վհատութեամբ ննջեցից,
Յարեայց դարձեալ հոգեւորական բերկրութեամբ,
Եթէ ընկողմնեցայց մեղանաւք,
Կանգնեցայց վերստին` զատեալ ի խղճէ անաղտ անբծութեամբ:
Ե
Լուր խնդրուածոց ամենահառաչ ձայնիս հեծութեան,
Միայն բազմագութ,
Բարեխաւսութեամբ սրբոյ Աստուածածնիդ
Եւ ամենայն արդարոց եւ նահատակաց ընտրելոց:
Եւ քեզ փառք յամենեցունց իմովս գոչմամբ վերառաքեցեալ
Սրբովք զուարթնոցն անմահականաց դասուց`
Ի գովեստ Հաւր քոյ` Աստուծոյ մերոյ
Եւ Հոգւոյդ Սրբոյ` բնաւից հաստողի եւ նորոգողի
Յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

Բան ՂԱ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Տե՜ր, Տե՜ր գթությանց և Աստված ողորմությանց,
Անուն մեծատառ, ձայն ահեղալուր, կոչումն ահավոր,
Համբավ անպարփակ, բարբառ սոսկալի, հնչումն հիասքանչ,
Հուսադրություն բարերար, ամենողորմ քաղցրություն.
Որից վախեցած սասանվում են ողջ արարածները:
Ահիդ պակուցիչ սպառնալիքից՝
Սավառնում են սերովբեները ու քերովբեները թևամփոփվում,
Պարուրվում են պարերը լուսակերպների,
Երկնային բոլոր պետությունները երկնչում հիազարհուր,
Ու ցնծում են ողջ երկյուղած դողով՝ նավակատիքի բերկրությամբ:
Զարհուրում դևերն ու ընկրկում են գնդերը չարի,
Չքվում ոգիները խավարասեր,
Անդունդ գլորվում հրեշտակներն օտարի,
Խաչի նշանով խարխափում են հարձակումները ընդդիմամարտի,
Փակվում են քինոտ ամաղեկացիք բանտի խորքերում,
Անլուծելի հանգուցումներով պաշարվում խմբերն հակառակորդի,
Մահազենների գումարտակները արգելափակվում զնդանում անզերծ,
Դևերը պրկվում ահեղ հրամանիդ մետաղների մեջ՝
Ընդդիմախոսներն ամենայն պապանձվում անձայն,
Աներևույթների բազմությունները պարավանդվում են կորստյան հյուծմամբ,
Ու նեղվում անլույծ շղթաների մեջ առաքելությունք սուտ-քրիստոսների:

Բ

Մթին գիշերվա այս ժամին ահա՛ ձեռքիս մատներով
Նշանիդ տյառնագրությունը քեզ եմ կարկառում.
Քեզ, որ ոչ միայն չես մթնում անգիտության խավարով, ո՜վ ամենատես,
Այլև անմատույց լույսի մեջ ես բնակվում ու հանգստանում:
Աղաչում եմ քեզ գոհաբանությամբ, ընդունի՛ր դու ինձ,
Ա՛ռ վշտահարիս հզոր թևերիդ պաշտպանության տակ,
Փրկի՛ր դրսից եկող պղտոր ցնորքներից,
Մաքրի՛ր սրտիս աչքերի տեսողության զգայարանքը դու,
Կենաց փայտովդ ինձ ամրապնդիր տխուր անուրջների դեմ,
Արյունովդ սրսկիր բնակարանիս շուրջ-բոլորը,
Կողքիդ կենարար արյան կաթիլով գծագրիր ճամփան իմ ելումուտի,
Քառաթևիդ ձևակերպումը թող պահպանարան լինի երդիկիս,
Ու խորհրդանիշն ամենափրկիչ քո տանջանքների,
Թող որ դեպի վեր նայող աչքերիս հանդեպ լինի միշտ,
Չարչարանքներիդ գործիքը թող իմ տան դռան ճակատին դրոշմվի,
Հավատքն իմ հույսի թող որ օրհնության ծառից կախվի քո:
Կաշկանդի՛ր դու, Տե՛ր, այդ նշանովդ հոգիների սատակչին,
Եվ թող ներս մտնի առանց արգելքի պաշտպանը լույսի,
Ցավերիս սաստիկ ծանրության հետ մեղքերիս բեռն էլ թեթևացրու
Մահճում, մտամփոփ լռարանիս մեջ,
Մտաբերելով հուսահատության պտուղները դառնահամ,
Խոստովանում եմ ամենագետիդ բոլոր անօրեն գործերը իմ չար:

Գ

Հանգստացրո՛ւ վաստակյալիս իմ բազմածուփ աշխատանքից,
Կործանված ոգուս տարակույսների տագնապը ցրի՛ր,
Դառնությունը վշտերի հետ և հեծությունը ցավերի հետ,
Անձկությունը թշվառությունների հետ,
Հառաչանքները խորտակումների հետ,
Սրտաբեկությունը ապշությունների հետ,
Թմրությունը շվարման հետ,
Արբեցությունը հիմարությունների հետ,
Սառելը սիրո և հրաբորբոք ջերմությունը ցոփ- ցանկական ախտի հետ,
Օժանդակ եղիր՝ ամենատխուր տարտամությամբ տկարացածիս,
Բարեգործ աջով քո շնորհատու, ձեռքովդ նորոգող, մատովդ կենսաբաշխ,
Մշտափայլ փառքովդ, անեղծ մշտակայությամբդ, երեսովդ զվարթ,
Պաշտելի Էիդ իսկությամբ և բարձրությամբ երկրպագելի
Կտրի՛ր խեղդվողիս վշտալից հեծեծանքները,
Չարի հնարքը նոր և բանսարկուի խարդավանքը հին,
Օտար դրդումներն ի մահ մղողի,
Անպատշաճ դեպքերն ամենօրյա եղեռնագործի,
Աչքակապ ճարպկությունները դաժան դևի,
Փաղաքշական բոցաշնչությունը գրավող կախարդի:
Պահպանի՛ր դու ինձ այս մահահանգույն հանգստյան վայրում՝
Թաքուն մտքերից, մասնավոր սխալանքներից,
Մեծագույն մոլորանքներից, փոքրագույն սայթաքումներից Ե
վ չար խաբուսիկ ձանձրություններից:
Հեռացրո՛ւ հանցավոր ծառայիս զգայություններից
Խորհուրդներ անդեպ, կրքեր բասրելի, վարք անարգելի,
Դեպքեր անպատկառ, վրիպելի հետքեր, պատրանքներ ծաղրելի,
Խոհեր անգոսնելի և ավելորդաբանություններ արհամարհելի:
Քեզ ապավինածիս զինի՛ր անսխալ հոգով և մաքուր մարմնով՝
Հողմերի շնչից, բուռն հարվածներից,
Փոթորիկների բախումից, մրրիկների պոռթկումից
Եվ գազանների հարվածներից զերծ մնալու համար:
Երբ փակեմ աչքերս՝ սրտիս նայվածքը թող չստվերանա,
Այլ զվարթանա, պայծառանա ու վայելչանա,
Փայլի թող քեզ հետ, Տեր Հիսուս Քրիստոս, լուսավոր վառմամբ անշիջանելի:
Խոսքովդ մաքրիր իմ ննջատեղին՝
Խորամանկություններից, երկյուղներից,
Քեզ ատելի հիշողություններից,
Աստվածամարտ մտածումներից, Հանցավոր խենթություններից,
Տիրանենգ անշնորհքություններից Եվ աստվածընդդեմ պառակտումներից:
Խնամակալ լինես ինձ երկնային քո գնդերով, պետություններով
Եվ իշխանություններով զորավոր ու անհաղթելի,
Որոնք մաքուր մատակարարներ են սուրբ Աստվածությանդ.
Առաքյալներն՝ ավետյաց Ավետարանով,
Մարգարեներն իրենց Կտակարաններով,
Եվ վերջին օրը երջանիկների քեզ ընծայվող մաղթանքներով:
Այնժամ երկյուղով և քեզ հաճելի տրտմությամբ ես պիտի նիրհեմ284Բ. Կորնթ. Է. 9
Եվ քո շնորհիվ բուռն ուրախությամբ արթնանամ կրկին:
Եթե վհատությամբ ննջեմ նույնիսկ.
Հոգևոր բերկրությամբ պիտի հարություն առնեմ դարձյալ,
Եթե մինչև իսկ մեղքով ընկողմանեմ,
Պիտի կանգնեմ կրկին՝ մաքուր խղճով և անաղտ անբծությամբ:

Դ

Լսի՛ր խնդրանքներն իմ հառաչալից և հեծեծագին, միա՜կ բարեգութ,
Բարեխոսությամբ սուրբ Աստվածածնիդ
Եվ արդարների բոլոր ու ընտրյալ նահատակների:
Բոլոր կողմերից, քո բարձունքն ի վեր, իմ ձայնով փառք եմ առաքում ես քեզ,
Միշտ սուրբ և անմահ զվարթունների միջոցով՝ Ի գովեստ քո Հոր և մեր Աստուծո, Եվ ամեն ինչի ստեղծիչ և նորոգող Սուրբ Հոգուդ, Հավիտյանս հավիտենից. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Տե՜ր, տե՜ր գթության և ողորմության,
Անուն մեծության, ձայն ահագնալուր,
Կոչում սաստկության, համբավ անպարփակ,
Դողազդու բարբառ, հնչում հիասքանչ,
Բարերարության և ամենողորմ
Քաղցրության անսուտ հուսադրություն,
Որից սարսափած սասանվում են ողջ
Արարածները իրենց բնությամբ:
Ահիդ պակուցիչ սպառնալիքից
Սերովբեները ճախրում են, թևում,
Քերովբեները ամփոփվում են լուռ,
Պարուրվում է պարն հրեշտակների,
Երկնային բոլոր պետությունները
Հիացմամբ սարսում, ցնծում են դոդով՝
Նավակատիքի անափ բերկրությամբ.
Դևերը սոսկում, և ընկրկում են գնդերը չարի,
Չքվում են սմքած հոգիները մութ ու խավարասեր,
Սկսբնաչարի հրեշտակները
Գահավիժում են անդունդներն ի վայր:
Խաչիդ նշանով խափանվում են խոլ
Հարձակումները ընդդիմամարտի,
Փակվում են քինոտ ամաղակեցիք ստորին բանտում,
Անլուծանելի հանգուցումներով
Կապվում են խմբերն հակառակորդի,
Մահազենների գումարտակները
Բանտվում են անել զնդանների մեջ,
Դիվականները պրկվում են ահեղ
Հրամաններիդ արգելաններում,
Դասակցությունը դիմախոսների
Կարկամում է ու սսկվում պապանձված,
Աներևույթի բազմությունները
Պարավանդվում են կորստյան հյուծմամբ
Եվ անլուծելի շղթաների մեջ
Նեղվում են բոլոր առաքյալները սուտքրիստոսի:
Բ
Կեսգիշերային այս լռության մեջ
Նշանդ օրհնյալ՝ ձեռքիս մատներով
Քեզ եմ կարկառում, ո՜վ ամենատես,
Որ անգիտության խավարով երբեք չես աղոտանում
Այլ բնակվում ես ու հանգչում ես միշտ
Անմատույց լույսի ջինջ ոլորտներում:
Գոհաբանությամբ աղաչում եմ քեզ՝
Ա՛ռ վշտահարիս հզոր թևերիդ պաշտպանության տակ,
Փրկի՛ր ներխուժող խուռնամբոխ պղտոր այս
ցնորքներից,
Մաքրի՛ր լիովին զգայարանը սրտիս տեսության,
Կենացդ փայտով ամրապնդի՛ր ինձ
Այս տխրաթախիծ անուրջների դեմ,
Արյամբդ ցողի՛ր իմ կացարանի շուրջն ամբողջությամբ,
Կողիդ կենարար սուրբ կաթիլներով
Սրսկի՛ր ճամփան իմ ելումուտի,
Քառաթևդ թող լինի մշտապես երդիս պահապան,
Վեր հառած աչքիս տեսության հանդեպ
Թող որ պատկերվի խորհուրդը միայն
Ամենափրկիչ տառապանքներիդ,
Չարչարանքների քո գործիքը թող
Սեմիս ճակատին դրոշմվի ամուր,
Հավատքը հույսիս՝ կախվի հանապազ ծառիցդ օրհնության:
Սանձի՛ր սրանցով, տե՛ր, հոգեսպանին.
Թող որ մուտք գործի պաշտպանը լույսի ինձ մոտ անխափան.
Թեթևացրո՛ւ բեռը պարտքերիս՝
Անլուր ցավերիս ծանրությամբ հանդերձ:
Եվ ահա մահճում, ամփոփված մտքիս լռարանի մեջ,
Մտաբերելով պտուղները դառն հուսահատության՝
Խոստովանում եմ ամենագետիդ
Անօրեն ու չար գործերս բոլոր:
Գ
Հանգստացրո՛ւ հոգնատանջիս, տե՜ր,
Այսքա՜ն բազմածուփ տառապանքներից,
Ցրի՛ր կործանվող հոգուս տագնապներն ամենավարան,
Դառնությունները վշտերով հանդերձ,
Հառաչանքները ցավագնած սրտիս,
Թշվառություններն իրենց անձկությամբ,
Խորտակումներիս ողբը դառնահեծ,
Վհատությունն իր վարանումներով,
Տատամսումներն այս իրենց թմրությամբ,
Արբեցությունն իր հիմարության հետ,
Տարակույսներն այս խենթ ու խելագար,
Սիրո սառումն ու տարփական ախտի հրայրքներն անշեջ:
Օգնակա՛ն եղիր տկարիս, տարտամ ու բազմատխուր,
Բարեգործ աջով քո շնորհաձիր,
Նորոգող ձեռքով, մատով կենսաբաշխ,
Մշտափայլ փառքով, հարակայությամբ անապակ, անեղծ,
Զվարթ երեսով, այնքա՜ն պաշտելի Էիդ իսկությամբ
Եվ քո բարձրությամբ երկրպագելի:
Կտրի՛ր չարաչար հեծեծանքներն այս կործանիչ խեղդման,
Խափանի՚ր չարի հնարքները նոր
Եվ բանսարկուի խարդավանքը հին,
Ի մահ ձգողի դրդումներն օտար,
Հանապազաջան եղեռնագործի
Մտապատկերներն անարգ, անվայել,
Դժնդակ դևի որոգայթները ցնորապատիր,
Թովիչ կախարդի բոցաշնչությունն աղվական ու մեղկ:
Պահի՛ր անվրդով այս մահանման հանգստավայրում՝
Թաքուն մտքերից, սխալմունքներից նոր ու անսովոր,
Գայթումներից մեծ, այլև փոքրագույն սայթաքումներից,
Ձանձրություններից չար ու պատրական։
Վանի՛ր հանցավոր ծառայիս խելք ու զգայությունից՝
Մտքերն անպատեհ, կրքերն ախտաբույծ, վարքը բասրական,
Դեպքերն անպատկառ, հետքերը խոտոր,
Պատրանքներն ունայն ու ձաղածանակ,
Խոկումներն անարգ, բարբաջանքները արհամարհելի:
Ապավինածիս բարձրյալիդ պահի՛ր
Անխաթար հոգով, մարմնով անարատ՝
Հողմերի շնչից, ալեբախումից հորդ հեղեղների,
Փոթորիկների լլկանքից դժխեմ,
Խոլ մրրիկների պոռթկումից վայրագ
Ու գազանների հարձակումներից:
Աչքս փակելիս սրտիս նայվածքը թող չմթագնի,
Այլ զվարթանա, պայծառ տեսք առնի ու վայելչանա,
Փայլի քեզ հետ, տե՜ր Հիսուս Քրիստոս,
Անշիջանելի լուսավոր վառմամբ:
Խոսքովդ մաքրի՛ր իմ ննջատեղին՝
Նենգություններից, մտազբաղումից երկրասիրական,
Մեծիդ ատելի հիշատակներից,
Մտորումներից, վերնամարտ ու վես,
Հանցապարտական խենթություններից,
Տիրադավումից երախտամոռաց
Եվ աստվածընդդեմ մոլություններից հերձվածողական:
Ինձ խնամակա՛լ եղիր գնդերով վերնայիններիդ,
Պետություններով և իշխանությամբ,
Սուրբ աստվածության մաքուր, զորավոր
Ու անպարտելի պաշտոնյաներով.
Առաքյալները ավետարանով թող ինձ պաշտպանեն,
Մարգարեները՝ կտակարանով,
Երջանիկները՝ մաղթանքով իրենց,
Որ մատուցեցին վախճանի ժամին:
Որպեսզի նիրհեմ երկյուղով ու քեզ հաճո տրտմությամբ
Եվ ուրախությամբ, քո շնորհներով, արթնանամ կրկին.
Թե վհատությամբ ննջելու լինեմ,
Թող հառնեմ դարձյալ հոգու բերկրությամբ.
Եթե մեղքերով մտնեմ անկողին,
Թող մաքուր խղճով, անբիծ, անաղարտ վեր կենամ նորեն:
Դ
Լսի՛ր դառնահեծ ու հառաչաձայն
Խնդրանքներն իմ այս, միա՜կ բազմագութ,
Սուրբ Աստվածածնիդ և բոլոր ընտիր
Արդարների ու նահատակների բարեխոսությամբ:
Բոլորի կողմից, անմահական սուրբ
Հրեշտակների դասի միջոցով,
Իմ գոչմամբ փառք եմ վերառաքում քեզ՝
Ի գովեստ քո Հոր և մեր Աստծո,
Սուրբ Հոգուդ, համայնն հաստող, նորոգող՝
Հավիտյաններից հավիտյանս, ամեն: