ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Արդ, այդ գումարտակ վերադասեցեալ բարեշնորհութեան
Քոցդ պարգեւաց առ իմս երախտիս,
Ով ամենագութ, բարերար, գովեալ եւ ամենազաւր,
Թէ եւ սակաւք շարագրեցան աստանաւր եդեալ,
Այլ արքայազունք են, իշխանականք ինքնակալութեանց,
Որդիք զաւրութեանց, ծնունդք վեհից,
Մեծափառք, լուսանորոգք եւ հրաշապատիւք:
Յաղթողական վերամբարձութեամբ դրաւշիւք հռչակեալ`
Ըստ գլխոց գլխոց պսակապաճոյճ գեղազարդելոց,
Բերեալ ընդ ինքեանս անթիւ պետութիւնս աւրհնաբանողաց,
Համբոյրս, հեզս, երջանիկս եւ խաղաղականս
Աստուածային հարազատութեանց այնոցիկ նահանգաց,
Զորոց մարգարէն մաղթեաց, ասելով`
Զարթո, Տէր, զզաւրութիւնս քո եւ եկ կեցուցանել զմեզ,-
Որք յոյժ զաւրեն հալածել զմեղս
Եւ զանյուսութեանն կարկուտ հալել եւ փախուցանել,
Քան թէ նախամարտիկն զինուորութիւն երկնային պարուն`
Զգիշերավարն խաւարասէր, սկզբնաներհակ բարւոյն Աստուծոյ:
Քանզի եւ զբնաւն այսքանեացս ձրից,
Որ ի բարձրելոյն ինձ անձրեւեցաւ`
Տկարիս, թշնամւոյս եւ ապախտաւոր ծառայիս,_անճառ է ասել.
Իսկ եթէ համարձակեսցի ոք զաւրել խաւսել
Զսակաւս ի բազմացն, քան թէ զիսկութիւն համանգամայնիցն`
Առ այսոսոիկ զառաջին նիւթն յիշելով, յորմէ հաստեցաւն,
Իբր զտկար ոք նկուն ի զաւրաւորէ մեծէ հերքեալ պարտեսցի:
Բ
Այլ թէպէտ եւ այսպէս գրեցի,
Եւ դարձեալ զնոյն վկայեմ
Առ թերի խակութիւն հողոյս
Եւ կատարելութիւն հաստողիդ
Եւ առ բարիսն իմ չարժանութիւն,-
Սակայն ամենալոյս, աննախանձ եւ բազմազեղուն
Գովեալ արարչութեանդ զաւրեղութեան վանեալ են կարծրութիւնք
Արտաբերութեան սրտի բանսարկուին,
Որ քարին առակաւ յուսահատն վհատութեան,
Սպառմամբ խոպանման աղբերացս երկուց,
Որ ի զգայականս Եդեմայ բղխեալ պատրաստեաց տնկողն,
Զի ոռոգեալ ծաղկեսցի նովաւ,
Որ ի յիս բարեգործութեան կենսատունկն դրախտ:
Ահա մի ցամաքութեամբ արտասուացս
Աղանդահնար պատրանաւք չարաչար խորամանկեսցէ
Վերստին հանել ի փափկութենէ նախնում վիճակին:
Իսկ յորժամ կացցէ Աստուած, համբարձեալ հրաշիւք արուեստից,
Ի մէջ աստուածոց հաշտարանացն խաղաղութեամբ`
Բարձեալ ընդ ինքեան զշնորհացն կտակ,-
Առ որ ամենայն վնասակարութիւնք խարդախութեանց
Եւ կարճմտութիւնք սրտնեղութեանց,
Իբր ընդ վիմեղէն լերին պնդութեան բախեցեալ, ցնդին`
Ջրոյ աւրինակաւ սակաւու հեղեալ
Եւ կամ հողոյ խորտակմամբ փշրեալ:
Գ
Արդ չեւ իմ կշտամբանքս, ըստ ձայնին Յոբայ, ի մարդկանէ իցեն,
Այլ յամենատես աչաց վերին հրամանիդ,
Մտեալ ընդ խղճիս տագնապ երկիւղիս,
Սոսկամ սասանեալ յամենայն կարծեաց:
Ապաւինիմ եւ արդ անձամբ բեկելով
Ի յոյսդ հաստատութեան կենդանի, անեղծ,
Զի ողորմութեամբ նայեցեալ ի յիս,
Իբր ի պարտաւոր կորստեան պատժոց,
Առաջի բարերարութեան երկնայնոյդ
Յանդիման եղեալ ապաձեռն անթոշակութեամբ,
Զքոյդ երախտիս անպատում փառաց
Բերելով ընդ իս` յուշ քեզ արկանեմ,
Որ ոչ մոռացմամբ զբաղեալ` նիրհես
Եւ ոչ թարթափմամբ աչաց ընդմիջեալ` զհեծութիւն կրից անտեսես:
Վերացո յինէն, աղաչեմ զքեզ,
Խաչիւդ լուսոյ զխեղդ վտանգիս,
Հոգարկութեամբ տրտմութեանդ` զտարակուսելի տխրութիւնս,
Փշանիւթ պսակաւն` զբողբոջ մեղացս,
Զարկուածով գանին` զհարուած մահուս,
Ապտակին յիշմամբ` զկարիս ամաւթոյս,
Թշնամանաւք թքոյն` զանգոսնելի գարշութիւնս,
Լեղւոյն ճաշակմամբ` զհոգւոյս դառնութիւն:
Դ
Ահա քո են այս ամենայն բարութիւնք անբովանդակելիք,
Աստուծոյ միոյ միածին Որդի,
Առ որովք զչարութիւնս իմ յիշատակեալ`
Զամէնաւրհնեալ անուն քո կարդամ
Բարձր աղաղակաւ, իմանալեացս պաղատանաւք:
Տես ի խոստովանութիւն զղջման պարտութեան ամաչեցելոյս
Եւ տուր ողորմութիւն որդւոյս սատակման մահուն անմահի,
Զի ի բազմութեան իմոցս մեղաց, վերստին կրկնեալ
Նովին աճեցմամբ առաւելութեամբ, քո ողորմութիւնդ աւետարանեսցի`
Հռչակեալ հնչմամբ ահաւորութեան յերկնի եւ յերկրի:
Եւ քեզ ընդ Հաւր, Հոգւովդ Սրբով փա~ռք յաւիտեանս:
Ամէն:   up

Բան ԼԷ

Ա

Եվ արդ, թեպետև իմ բարու համար քո ինձ շնորհած վերոհիշյալ պարգևներից
Շատ քչերն այստեղ ես գրի առա,
Ո՜վ ամենագութ բարերար, գովյալ և ամենազոր,
Բայց և այնպես՝ նրանք արքայազուններ են և ինքնակալ իշխաններ,
Զորության որդիներ են նրանք և վեհածիններ մեծափառ, լուսանորոգ և հրաշապատիվ, Որոնք հռչակված են բարձր բռնած հաղթական դրոշներով՝ պսակապաճույճ գեղազարդված, Բերելով իրենց հետ անթիվ օրհնաբան, քաղցրահամբույր և հեզ,
Երջանիկ խաղաղասեր և աստվածահաճո պետությունները այն վերին նահանգների,
Որոնց վերաբերմամբ աղոթեց մարգարեն՝ ասելով.
«Տե՜ր, զորություններդ արթնացրու և մեզ փրկելու փութա՛»,
Դրանք ավելի զորավոր են հալածելու մեր մեղքերը
Եվ հալելու ու հեռացնելու կարկուտն անհուսության,
Քան թե զորապետը նախամարտիկ՝ երկնային պարի–
Գիշերավարը այն խավարասեր127Հրեշտակապետ Միքայելը, որ զգետնեց ապստամբ երկնային զորաց պետին, սատանան կամ արուսյակը:, որը առաջին հակառակորդն էր բարի Աստծուն:
Անհնար է թվել այն բոլոր շնորհները, որոնք բարձրյալի կողմից
Անձրևեցին տկարիս, թշնամուս և ապերախտ ծառայիս վրա:
Իսկ եթե ոք համարձակվի խոսել կարողանալ, ամբողջը թողած՝
Շատ քիչը պիտի կարենա հիշել այդ շնորհներից:
Դրանց հետ նաև մտաբերելով առաջին նյութը,
որից ստեղծվեց, Իբրև մի տկար և նկուն՝ հերքված մեծ զորությունից պիտի պարտվի:

Բ

Սակայն, թեպետև այսպես գրեցի,
Եվ դարձյալ նույնը պիտի վկայեմ հողիս թերահաս խակության
Եվ ստեղծողիդ կատարելության ու բարիքների և իմ անարժանության մասին,–
Բայց ամենալույս և բազմազեղուն, աննախանձ, գովյալ քո արարչության զորության հանդեպ
Կփշրվի բանսարկուի պատճառած սրտի կարծրությունը:
Նա է, որ փորձում է հուսահատ վհատությամբ քարացնել սիրտս,
Սպառել և խոպանացնել երկու աղբյուրներս,
Որոնք իմ զգայական եդեմի մեջ բխեցրեց
տնկողը, Որպեսզի նրանցով ոռոգվի առատ ու ծաղկի իմ
մեջ բարեգործության դրախտը կենսատունկ:
Ուստի թող չլինի, որ արտասուքներս ցամաքեցնելով,
Աղանդահնար պատրանքներով և չարաչար խորամանկությամբ
Դուրս հանի դարձյալ ինձ իմ նախկին փափուկ վիճակից:
Իսկ երբ երևա հրաշափառորեն համբարձված Աստվածն
Իր խաղաղությամբ միջնորդն հաշտության աստվածների մեջ,
Շնորհաց կտակը բերելով իր հետ,–
Բախվելով նրան, ինչպես վիմեղեն ամրապինդ լեռան,
Կցնդեն բոլոր վնասակար խարդախություններն ու կարճամիտ սրտնեղությունները,
Հազիվ թե հոսող փոքրիկ ջրի պես, կամ հողի նման, որ փշրվելով կփոշիանա:

Գ

Արդ, ոչ թե մարդկանցից են գալիս կշտամբանքներս, ինչպես Հոբն է ասում,
Այլ ամենատես աչքերից վերին հրամայողիդ,
Որի երկյուղից խիղճս տագնապած՝ սոսկում եմ,
սարսում կասկածանքներով: Եվ սակայն դարձյալ սրտաբեկ՝
Ապաստանում եմ հույսիդ հաստատուն, կենդանի անեղծ.
Որպեսզի ողորմությամբ նայես դու ինձ,
Իբրև կորստյան պատժին արժանու,
Երբ ես երկնայնիդ բարերարությանը ներկայանում ձեռնունայն և ապշահար,
Երախտիքները անպատում փառքիդ բերեմ ես ինձ հետ ու քեզ հիշեցնեմ.
Քեզ, որ ո՛չ մոռացությամբ տարված ես նիրհում,
Ոչ էլ մինչև իսկ ակնթարթի չափ ընդմիջումներով՝ հեծեծանքներն ես անտեսում վշտի:
Վերցրո՛ւ ինձանից, աղաչում եմ քեզ, լուսավոր խաչովդ՝ խեղդը հանցանքիս,
Հոգատարությամբ տարակուսական տխրությունը իմ,
Փշանյութ պսակով՝ բողբոջն իմ մեղքերի,
Գանակոծությամբ՝ հարվածը մահիս,
Ապտակի հուշով՝ տանջանքն ամոթիս,
Թքի թշնամանքով՝ գարշությունս անգոսնելի, Լեղու ճաշակմամբ՝ դառնությունը հոգուս:
Քոնն են այս բոլոր բարությունները անբովանդակելի,
Միակ Աստուծո միածի՛ն Որդի,
Որոնց հետ և իմ չարությունները հիշատակելով,
Քո ամենօրհնյալ անունն եմ կանչում բարձրաղաղակ՝ հոգեղենների պաղատանքներով:
Մեղապարտությամբ ամոթահարիս զղջման խոստովանության նայիր
Եվ սատակելու արժանի որդուս ողորմիր՝ անմահ մահով մեռնելու.
Որպեսզի բազում մեղքերիս չափով
Կրկնապատկվելով առավելապես՝ քո ողորմությո՜ւնդ ավետարանի
Եվ հռչակվի վեհ ահավոր հնչմամբ երկնքի մեջ միշտ և երկրի վրա: Եվ քեզ՝
Հոր և Սուրբ Հոգու հետ՝ փա՜ռք հավիտյանս. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արդ, թեպետև ինձ բարերարելու
համար շնորհած
Հիշյալ բազմակույտ պարգևներից քո
Քչերը այստեղ հիշատակվեցին,
Ո՜վ ամենագութ բարերար, գովյալ և ամենազոր,
Սակայն բոլորն էլ արքայազուն են, 
Ինքնակալ իշխան, զորության որդի,
Վեհերի ծնունդ, սքանչելափառ,
Լուսանորոգ ու հրաշապատիվ,
Բարեհռչակված ի վեր ամբարձած հաղթ դրոշներով.
Գեղազարդված ու պսակապաճույճ, 
Իրենց հետ մեկտեղ բերելով նաև 
Անթիվ օրհնաբան, հեզ, բարեհամբույր, 
Երջանիկ, խաղաղ, աստվածահաճո 
Հրեշտակներ հենց այն նահանգներից, 
Որոնց մասին և մաղթեց մարգարեն. 
«Արթնացրո՜ւ, տե՜ր, զորությունը քո,
ե՛կ մեզ փրկելու»: 
Սրանք կարող են մեղքերն հալածել, 
Հալել կարկուտը հուսահատության, 
Փախցնել անհետ ավելի սաստիկ, 
Քան վերին գնդի առաջամարտիկ զորավարը քաջ՝ 
Գիշերավարին այն խավարասեր, 
Նախաներհակին բարերար Աստծո:
Անհնարին է թվել անհամար շնորհները այն, 
Որ անձրևեցին բարձրյալիդ կողմից 
Տկար, թշնամի ու երախտամոռ ծառայիս վրա. 
Իսկ եթե մեկը համարձակություն առնի խոսելու,
Ապա թողնելով իսկությունն համակ՝ 
Բազմաթիվներից քչերը ասել կկարողանա,
Դրանց համեմատ՝ մտաբերելով 
Նյութն այն աոաջին, որից ստեղծվեց, 
Որպես մի տկար ու նկուն՝ պարտված 
Մեծ զորությունից՝ պիտի պապանձվի:

Բ
Թեպետ, արդարև, այդպես գրեցի 
Եվ դարձյալ նույնը պիտի հաստատեմ 
Ամենաստեղծիդ կատարելության 
Եվ հողանյութիս թերի խակության 
Ու բարիքներիդ իսպառ անարժան լինելու մասին,— 
Բայց ամենալույս ու բազմազեղուն,
աննախանձ, գովյալ 
Քո արարչության զորության հանդեպ 
Խափանվում է և ներգործությունը սկզբնաչարի, 
Որ ջանում է միշտ հուսահատությամբ 
Սիրտս քարի պես կարծրացնելով՝ խոպան դարձնել, 
Սպառելով այս աղբյուրներս զույգ, 
Որոնք եդեմում իմ զգայական 
Տնկարարն ինքը հենց բխեցրեց, 
Որ ոռոգվելով նրանցով՝ ծաղկի 
Իմ մեջ մշտապես կենսատունկ դրախտ
բարեգործության:
Ուստի չլինի՛, որ պատրանքներով
աղանդահնար, 
Խորամանկությամբ նենգ ու չարարվեստ 
Արտասուքներս ցամաքեցնելով՝
Զրկի վերստին ինձ վայելչական նախկին վիճակից: 
Իսկ երբ երևա Աստվածն համբարձյալ
իր հրաշքներով՝
Խաղաղարար ու հաշտության միջնորդ
աստվածների մեջ,
Շնորհաց կտակն իր հետ բերելով, 
Բախվելով նրան, ինչպես ժայռակոփ ամրակուռ լեռան, 
Կցնդի ամեն մի խարդախություն, նենգություն, չարիք, 
Ամեն փոքրոգի կարճամտություն՝ 
Հողի գուղձի կամ մի բուռ ջրի պես:

Գ
Կշտամբանքներս գալիս են, ավա՜ղ, 
Ըստ Հոբի խոսքի, ոչ թե մարդկանցից, 
Այլ ամենատես աչքերից վերին հրամանի քո,
Որի երկյուղից սոսկում եմ, դողում՝
Խղճով վարանած ու տագնապահար.
Եվ արդ, սրտաբեկ ապավինում եմ
Հույսիդ հաստատուն, կենդանի, անեղծ,
Որպեսզի նայես ինձ ողորմությամբ՝
Իբրև կորստյան դատապարտվածի, 
Երբ ներկայանամ երկնավոր մեծիդ բարերարության
Իսպառ անպաշար, ձեռնունայն, դատարկ,
Երախտիքները անպատում փառքիդ
Բերելով ինձ հետ՝ քեզ հիշեցնեմ,
Քեզ, որ չես նիրհում մոռացմամբ տարված,
Ոչ էլ երբևէ գեթ մի ակնթարթ
Հեծեծանքներն ես անտեսում վշտի:
Վերացրո՛ւ ինձնից, աղաչում եմ քեզ, 
Խաչովդ լուսավոր՝ խեղդը վտանգիս, 
Հոգածությամբ քո՝ տխրություններս ամենավարան, 
Փշե պսակովդ՝ բողբոջը մեղքի, 
Գանահարությամբ՝ հարվածը մահու, 
Ապտակի հիշմամբ՝ տանջանքն ամոթի, 
Թքի անարգմամբ՝ գարշություններս ամբաստանելի, 
Լեղու ճաշակմամբ՝ դառնությունն հոգուս:
Քոնն են այս բոլոր բարությունները, 
Միածի՜ն որդի միակ Աստծո,
Որոնց համեմատ չարություններն իմ հիշատակելով՝ 
Քո ամենօրհնյալ անվանն եմ դիմում արդ
բարձրաղաղակ
Պաղատանքներով մտքիս ու հոգուս:
Նայի՛ր այս զղջման խոստովանության 
Մեղապարտությամբ ամոթահարիս. 
Սատակման որդուս ողորմիր՝ անմահ մահով մեռնելու. 
Որպեսզի անթիվ մեղքերիս չափով՝ 
Ողորմությունդ բազմապատկվելով աոավելապես՝ 
Կրկին ու կրկին ավետարանվի, 
Բարեհռչակված հնչի վեհորեն 
Թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա. 
Եվ քեզ, քո հոր հ սուրբ Հոգուդ հետ
փա՜ռք հավիտյանս, ամեն: