ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Բայց արդ, որպէս երբեմն յայլ ընթերցուածի,
Որ ի սկզբնաւորականացն կարգի,
Զմեղանացն զխաւարային ծնունդս գլխաւորացն
Աւրինացն մարմնականացն անդամոց գրեցի,
Յորոց տիրեցայ ժառանգս մահու,-
Նոյնպէս եւ յայսմ սահման ընտրութեան բանի
Զլուսածնելոցն զազատարարն աւրէնս հոգւոյն կենաց, որ ի Տէր Յիսուս,
Յիշատակեցից նուազս ի յոգունց,
Իբր յանբաւ բազմութեանց ծովու կաթիլ մի առեալ:
Բ
Քանզի են արդարեւ կայսերականք ոմանք,
Ի բարձրութեանն գահի բազմեալք,
Թոշակաւն շնորհաց լցեալք եւ հարստացեալք`
Թագաւորն եւ սիրեցեալք իւր,
Արքայն եւ պատուաւորք իւր,
Պսակեալն եւ իշխանականք իւր,
Բարեհռչակեալն եւ հնչմունք իւր,
Յաղթողականն եւ փողք իւր,
Զաւրաւորն եւ մարտիկք իւր,
Գովեցեալն եւ փառք իւր,
Փեսայն եւ պարաւորք իւր,
Դշխոյն եւ աւրիորդք իւր,
Փեսաւէրն եւ հանդերձանք իւր,
Ազատութիւնն եւ շնորհք իւր,
Այցելութիւնն եւ ձեռն իւր,
Խոստումն եւ քաւութիւն իւր,
Պահպանութիւնն եւ աջ իւր,
Պարգեւն եւ զարդ իւր,
Նշանն կենաց եւ ամրութիւն իւր,
Կնիքն եւ նկարագիր իւր,
Ամպն եւ հովանի իւր,
Արուեստն եւ հրաշք իւր,
Հոգին եւ անեղծութիւն իւր,
Բանն եւ կատարած իւր,
Ուխտադրութիւնն եւ լրումն իւր,
Զաւրութիւնն եւ հրամանք իւր,
Լուացարանն եւ սքանչելիք իւր,
Մանանայն եւ անապականութիւն իւր,
Վէմն կենդանի եւ վտակք իւր,
Սիւնն հրոյ եւ ճառագայթ իւր,
Որոտումն եւ ազդմունք իւր,
Յոյսն վերին եւ փրկութիւն իւր,
Ծառն աւրհնութեան եւ պտուղք իւր:
Բարունակն եւ բարութիւնք իւր:
Եւ զի մի զբնաւն ասելով յամենայնէն վրիպեցայց,
Իբր յարեգակնէ այլայլեալ աչաց տկարութիւն,
Ի շատն ասել լռեցից եւ ի սակաւն ժամանեցից`
Բաւականացեալ ամէնապիկար կարիւ:
Գ
Բայց աւա~ղ յաւէտ աստանաւր թշուառացելում եղկելի անձինս,
Քանզի կարգ բանիս բերէ ինձ խառնել
Ընդ ձայն աւետեացս բողոք գուժիս,
Վասն զի ընդ այսոսիկ առընթեր սորին
Գայ արդարութիւնն եւ կշիռքն,
Վճիռն եւ հատուցմունքն,
Քննութիւնն եւ լոյսն,
Յանդիմանութիւնն եւ ղամբարքն,
Մերկութիւնն եւ պատկառանքն,
Յայտնութիւնն եւ ամաւթն,
Անբիծն եւ վաստակքն,
Թիւրեալն եւ պատիժքն:
Դ
Դարձեալ վերստին աշխարհ կրկին եղկելոյս,
Քանզի գայ հասանէ առ հասկ հասակիս անհնարին բարկութեամբ
Մանգաղն` առ հունձսն,
Դատաւորն` առ ատեանն,
Հզաւրն` առ բեմն,
Սպառնացեալն` առ կորուստն,
Բազուկն` առ դատաստանն,
Գաւազան խրատուն` առ հարուածն,
Սպառազինութիւնն` առ նախանձն,
Հովիւն` առ ընտրութիւնն:
Քանզի բանն, զոր խաւսեցար ընդ իս,
Նա դատի զդատապարտեալս ի վերջնում աւուր հատուցմանն:
Այլ կանխեա, բարեգութ, նախընծայ քաղցրութեամբ`
Առ նուաղ հեծութիւն վարանական երկիւղիս
Եւ զաւրութիւն ընձեռեա ձեռամբդ աւրհնութեան
Ի յետին տագնապիս` առաջինդ քո աւգնականութեամբ
Մխիթարել, բժշկել, քաւել եւ կենագործել:
Եւ քեզ փա~ռք յամենայնի յաւիտեանս:
Ամէն: up
Բան ԼԸ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Ինչպես որ նախորդ գլուխներից մեկում գրության առա
Մարմնական անդամների օրենքի արգասիք համարվող
Մեղանչանքների այն խավարային գլխավոր ծնունդները,
Որոնք տիրեցին մահվան ժառանգորդիս,-
Այդպես էլ և այժըմ, այստեղ, հետևյալ խոսքերիս կարգին
Պիտի հիշատակեմ ես փոքր ի շատե,
Ինչպես անսահման ծովի ջրերից մի կաթիլ առած՝
Հոգևոր կյանքի այն օրենքները,
Որոնք լուսածնունդներին ազատագրում են Հիսուս Քրիստոսով:
Բ
Կայսերական են ոմանք արդարև, բազմած բարձր գահի վրա,
Եվ շնորհների պաշարով լցված ու հարստացած:–
Թագավորն իր սիրելիներով,
Արքան իր պատվավորներով,
Պսակավորն իր իշխաններով,
Բարեհռչակվածն իր համբավներով,
Հաղթողն իր փողերով,
Զորավարն իր մարտիկներով,
Գովյալն իր փառքով,
Փեսան իր պարավորներով,
Դշխոն իր օրիորդներով,
Փեսավերն իր հանդերձանքներով,
Ազատությունն իր շնորհներով,
Խոստովանությունն իր քավությունով,
Օգնությունն իր ձեռքով,
Պահպանությունն իր աջով,
Պարգևն իր զարդով,
Կենաց նշանն իր ամրությունով,
Կնիքն իր նկարագրով,
Ամպն իր հովանիով,
Արվեստն իր հրաշքներով,
Հոգին իր անեղծությունով,
Խոսքն իր կատարումով,
Ուխտադրությունն իր լրումով,
Զորությունն իր հրամաններով,
Ավազանն իր սքանչելիքներով,
Մանանան իր անապականությունով,
Կենդանի վեմն իր վտակներով,
Հրեղեն սյունն իր ճառագայթներով,
Որոտումն իր ազդումներով,
Վերին հույսն իր փրկությունով,
Օրհնության ծառն իր պտուղներով,
Եվ բարունակն իր բարիքներով:
Եվ որպեսզի, չլինի թե բոլորն ասելով՝ ամբողջն աչքաթող անեմ,
Ինչպես արևին նայելիս կայլայլվի աչքն ու կտկարանա,
Պետք է որ լռեմ ես շատն ասելուց և քչին հասնեմ,
Բավականանալով ամենապիկար իմ կարողությամբ:
Գ
Բայց ավա՜ղ հավետ այստեղ իմ թշվառ, եղկելի հոգուն,
Քանզի խոսքիս կարգն ստիպում է ինձ
Ավետավոր ձայնի հետ խառնել և՛ գուժկան բողոք.
Քանի որ սրանց հետ և սրանց առընթեր
Կան՝ արդարությունն իր կշիռներով,
Վճիռն իր հատուցումներով,
Քննությունն իր լույսով,
Հանդիմանությունն իր լապտերներով,
Մերկությունն իր պատկառանքներով,
Հայտնությունն իր ամոթով,
Անբիծն իր վաստակներով
Եվ սխալվածն իր պատիժներով:
Դ
Դարձյա՛լ և դարձյալ ողբ ինձ կրկնապես, թշվառ եղկելուս,
Քանզի անհնար բարկությամբ, ահա՛,
Գալիս է, հասնում հասակիս հասկին մանգաղը նրան հնձելու համար:
Դատավորն՝ ատյանի, և հզորը բեմի համար,
Սպառնացողը կորուստի մատնելու, բազուկը՝ դատաստան տեսնելու,
Պատժիչ գավազանն՝ հարվածելու, սպառազինումը՝ վրեժխնդրության,
Եվ հովիվն ընտրություն անելու համար:
Եվ քանզի վերջին օրը հատուցման դատի պիտի ինձ դատապարտյալիս
Քո այն խոսքը, որ դու ինձ ասացիր,
Կանխի՛ր այն, բարեգութ, նախընծա քո քաղցրությամբ,
Եվ ինձ որ վարանական երկյուղով հեծում եմ նվաղաձայն,
Զորացրո՛ւ վերջին տագնապման ժամիս քո օրհնյալ ձեռքով,
Առաջին օգնությամբ մխիթարելով, բժշկելով, քավելով, և կենդանի պահելով:
Եվ քեզ փա՜ռք ամեն ինչի մեջ, հավիտյանս հավիտենից. ամեն:
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Ինչպես նախընթաց մի դրվագի մեջ
Պատկերեցի ես գլխավորագույն
Մեղքերի խավար ծնունդները, որ
Մարմնի բնության օրենքներով են պայմանավորված,
Որոնք տիրեցին մահու ժառանգիս,
Այնպես էլ այժմ այստեղ, այս գլխում
Կհիշատակեմ քիչը շատերից,
Ինչպես անսահման ծովի ջրերից առած մի կաթիլ,
Հոգևոր կյանքի օրենքները այն,
Որ ազատում են լուսածիններին տեր Քրիստոսով:
Բ
Կայսերական են դրանք, արդարև.
Բազմած վեհապանծ գահերի վրա
Եվ շնորհների պաշարով լցված ու հարստացած.
Թագավորը՝ իր սիրելիներով,
Արքան՝ խմբերով իր վսեմաշուք,
Պսակավորն՝ իր իշխանների հետ,
Բարեհռչակվածն՝ իր համբավներով,
Հաղթողն՝ իր փողով, գովյալն՝ իր փառքով,
Զորավարը՝ իր մարտիկների հետ,
Փեսան՝ բոլորված պարավորներով,
Դշխոն՝ իր անբիծ օրիորդների մեջ,
Փեսավերը՝ իր հանդերձավորմամբ,
Ազատությունը՝ իր շնորհներով,
Օգնությունն՝ աջով, պահպանությունն՝
իր ձեռքով հոգածու,
Խոստումն՝ իր քավմամբ, պարգևն՝ իր զարդով,
Կենաց նշանը՝ իր ամրապնդմամբ,
Կնիքը՝ դրոշմով, ամպն՝ իր հովանիով,
Արվեստն՝ իր անճառ հրաշագործմամբ,
Հոգին՝ սրբությամբ, ուխտն՝ իր լրումով, խոսքն՝
իր կատարմամբ,
Զորությունը՝ իր հրամաններով,
Լվացարանն՝ իր սքանչագործմամբ,
Մանանան՝ անխառն անապակությամբ,
Կենդանի վեմը՝ իր վտակներով,
Հրեղեն սյունը՝ իր ճառագայթմամբ,
Որոտն՝ ազդումով,
Երկնային հույսը՝ իր փրկության հետ,
Օրհնության ծառն՝ իր պտղառատութամբ
Եվ բարունակը՝ իր բարիքներով:
Սակայն որպեսզի ամբողջն ասելու
ցանկությամբ տարված՝
Չվրիպեմ ես հանկարծ բոլորից՝
Արևի պայծառ լույսից այլայլված
Ու տկարացած, շաղված աչքի պես,
Հրաժարվում եմ շատը ասելուց,
Որպեսզի գոնե սակավին հասնեմ՝
Բավարարվելով ամենապիկար իմ կարողությամբ:
Գ
Բայց ավաղ՜ հավետ այստեղ իմ թշվառ
եղկելի հոգուն,
Զի խոսքերիս կարգն ստիպում է ինձ,
Որ ավետաբեր ձայնին խառնեմ և գուժկան աղաղակ.
Քանզի սրանց հետ, սրանց առընթեր
Գալիս են նաև արդարությունը՝ իր կշիռներով,
Վճիռն՝ հատուցմամբ,
Քննությունը՝ իր լույսով երկնային,
Ամբաստանությունն՝ իր լապտերներով,
Մերկացումը՝ իր խայտառակությամբ,
Հայտնությունը՝ իր ամոթանքներով,
Անապականն՝ իր վաստակների հետ,
Իսկ թյուրընթացն՝ իր պատիժներով լոկ:
Դ
Դարձյալ ու դարձյալ ո՜ղբ ինձ՝
կրկնակի թշվառ եղկելուս,
Քանզի անպատում բարկությամբ ահա
Գալիս հասնում են հասակիս հասկին
Մանգաղն՝ հնձելու,
Դատավորն հզոր՝ ատյան տանելու,
Սպառնացողը՝ դատապարտելու
Պատժիչ մտրակը՝ պատուհասելու,
Սպառազենը՝ վրեժխնդրության,
Իսկ հովվապետը ընտրության համար:
Եվ քանզի վերջին օրը հատուցման
Դատապարտյալիս պիտի դատի քո
Հենց այն խոսքը, որ ինձ հաղորդեցիր,
Նախընծայելով քաղցրությունը քո՝
Կանխի՛ր, բարեգո՜ւթ, ամենավարան
Երկյուղիս նվաղ հեծեծանքները
Եվ մխիթարի՛ր, բժշկի՛ր, քավի՛ր
Ու կենագործի՛ր նախկին օգնությամբ՝
Ընձեռելով ինձ օրհնյալ քո ձեռքով
Զորություն վերջին տանգապիս պահին։
Քեզ վայել է փառք ըստ ամենայնի
Հավիտյաններից հավիտյանս, ամեն: