ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, Տէր զաւրութեանց,
Մեծութիւն ահեղ, անտարակոյս տեսաւորութիւն,
Կամք ամէնարձակ, առատութիւն անպակաս,
Ո՞վ ոք զաւրեսցէ տաւնել հանդիսիւ պարերգութեամբ
Ի միոյ կաթուածոյ ցաւղոյ քումդ բարութեան,
Որ ցանկ դեգերիս պատրաստել պատճառս հնարից իմում փրկութեան:
Եւ զոր մեծն է` գրեցից պատմել յապառնիսն:
Քանզի ոչ անուանեցար հրեշտակասէր`
Եւ որ զպետութիւնս նոցունց հաստատեցեր,
Այլ եւ զերկինս ղամբարաւք նոցին` զմատանց քոց գործ,
Ոչ գրեցեր երբէք ի սիրել զնոսա,
Այլ առեր ի պատիւ մեծաց գովեստից`
Առաջին դասեալ զմարդասիրութիւնն:
Վասն որոյ կրկին մեծացուցեր քեզ անուն անճառ` ի խորհուրդս սոսկալիս.
Զերկնայինս լուսակերպիցն կոչեցեր զնոսին
Սպասաւորս եւ գլխաւորս յատուկ մատակարարութեանց,
Իսկ զստորնային ծնունդս մահկանացուաց
Տիրական եւ աստուածական պաշտելի անուամբդ պերճացուցեր.
Անցեալ վերստին ըստ սահման կշռութեան չափոյ`
Լայնեցեր քեզ կտակս գրոց ճառից անբաւից
Զանապակ ծորմանն ծայրագունին վերնում բարութեանն:
Եւս եւ ի մարդանալդ քո` միդ յէութենէ,
Ոմանց` վասն ինքեանց, եւ կիսոց` վասն այլոց
Զեղեր առատութեամբ զտուրս կենաց, արուեստս բազմաւրինակս,
Սքանչելիս աստուածագործս, նշանս ճշմարտատեսիլս:
Որպէս զի թէ անդամալուծին` պակասելոյն ի հաւատոց,
Հոգաբարձացն առաջարկութեամբ զցոյցս յուսոյն` գթացեալ ողորմեցար,-
Եւ որչափ զաւրեսցէ առաւել բան քո ամենակար`
Առ ախտալից մարմնոյս մաքրութիւն աղաղակողիս հառաչման:
Քանզի արդարեւ մեծ են չափք հրաշից,
Քան զանմաքրեալս հոգի սուրբ հաստել,
Զլուացեալս պատկեր անտիրելի աղտոյ ներգործել,
Նա զի եւ երկրորդս, առաւելութեամբ յաւազանին շնորհ յաճախեալ,
Զփառսն հայրենի բարձրացուցանէ:
Բ
Դու ես, Տէր, որ սրբես զմեզ,
Որպէս ընտրեցելոյն քոյ նախատպաւորեցեր` Մովսեսի:
Դու ես, որ ի մեղս եւ յանաւրէնութիւնս
Վերակացու եղեր տոհմին Յակոբայ,
Մինչ յեգիպտացւոցն երկրի ընդ խաւարն հեթանոսաց ընտանենային:
Դու ես, որ աւրէնսգէտ առնես զմեղաւորս ի ճանապարհի,
Ըստ բանի երգողին Դաւթայ:
Դու ես, որ փոխատրես զքարեղէն սրտից կարծրութիւն
Ի լոյծ կակղութեան մարմնոյ գոյութեան` բանի ընդունելութեան:
Դու ես, որ բաւես ընձեռել սիրտ այլ եւ ճանապարհ մի`
Երկնչել ի քէն զբովանդակ կենացն սահման:
Դու ես, որ տաս զերկիւղ քո ի միտս խստութեան`
Առ քեզ ուշ ունել հաւատովք, ըստ մարգարէիցն ձայնի:
Գ
Զաւրհնեալ քո շրթանցդ զաշխարհաստեղծ բերանոյդ
Զաստուածեղէն անձրեւացդ զկեցուցանողդ կաթուած
Մատո լսելեացս դրանց բացարան,
Որով զաւձին խորամանկութիւն բանսարկուին թունից բարձցես եւ բժշկեսցես:
Ամենակալդ ձեռաւք զխաւսականացս շարժողական գործի ըմբռնեալ`
Ազդեա զաւրութիւն ձայնի,
Որ տաս բնաւից ընտրութիւն բանի,
Զի դաստիարակեալ զպատշաճականն`
Մի յանդգնաբար խաւսելով իբր զնախնին` լքայց ի յուսոյդ
Եւ անբանութեան մատնեցայց` վանեալ յորսողէն:
Լուսաւորեա վերստին զխաւարեցեալ հոգւոյս աչս
Կենդանաբաշխ աջոյդ կարկառմամբ,
Զի մի համարձակութեանն շիջեալ լապտեր շնչմամբ վիշապին`
Ի ներքոյ գրուանին ստորածածկեցայց:
Բարձ զանաւրէնութիւնս իմ, Տէր, եւ ընկեա ի խորս ծովու,
Որ է փոքր առակ մեծութեան քումդ անբաւութեան,
Ըստ մարգարէին, զիմս ընկղմել չարութիւն:
Կանգնեա կործանեալս անձին նշան վստահութեան,
Զի մի յուսահատութեանն կոթող կառուցեալ` զծածկեցելոցն բողոքեսցէ:
Բաց, հզաւր եւ գթած, զբժշկարանիդ կենաց վարդապետարան,
Զի զառ ի ներքոյսն մշակութեան կորուսչին սերմանց`
Մանգաղաւ կամացդ հուպ առ արմատ խուզեալ հնձեսցես:
Դ
Դէմ եդեալ հետեւեալ առ քեզ,
Բոլորիցդ Աստուած, պետրոսեան աւրինակութեամբն,
Ի կենցաղիս ծովու մեղանացս ալեաց ընկլուզայ.
Մատո, ժամանեա զաջդ կեցուցիչ յաւգնականութիւն ինձ` սասանեցելոյս:
Ընդ քանանուհւոյն ձայնի ի խորոց սրտիս պաղատիմ.
Սովեցելոյս ասպակասպաս, կաղկանձողական` ամենաթշուառ վտանգաւորիս,
Ապրուստ կերակրոյ փշրանաց հացի
Ի բազմազեղդ քո սեղանոյ մասնաւորեսցես:
Արա փրկութիւն նիւթոյ խորանիս` որդւոյս դառնութեան,
Որ եկիր խնդրել եւ կեցուցանել զիս` զկորուսեալս:
Զի քո է մեծութիւն, յաղթութիւն եւ զաւրութիւն,
Եւ դու ես քաւութիւն եւ բժշկութիւն, նորոգութիւն եւ երանութիւն,
Եւ քեզ վայել է փառք եւ երկրպագութիւն յաւիտեանս:
Ամէն:   up

Բան ԼԵ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Արդ, Տե՜ր զորությանց, մեծութուն ահեղ,
Անտարակույս տեսողություն, կամք ամենաընդարձակ, առատությո՛ւն անպակաս.
Ո՞վ կկարողանա պարերգության հանդեսով պատվել ցողի մեկ կաթիլը քո բարության,
Դո՛ւ, որ հետամուտ ես միշտ միջոցներ գտնել իմ փրկության համար:
Եվ դեռ ավելի պիտի գրեմ, որպեսզի պատմվի գալոց:
Հրեշտակասեր չանվանվեցիր դու, որ հիմնեցիր պետությունները նրանց:
Ոչ էլ ասացիր երբևիցե, թե սիրում ես երկինքն իր ջահերով,
Որոնք քո մատներով հորինեցիր դու.
Այլ ի պատիվ քեզ՝ մեծագույն գովության արժանի՝ մարդասիրությունը գերադասեցիր,
Որով կրկնակի՛ մեծացրիր դու քո անունը անճառ սոսկալի խորհուրդներով:
Լուսակերպարան երկրայիններին այն՝ սպասավորներ կոչեցիր
Եվ հատուկ մատակարարումների վերակացուներ.
Իսկ երկրածիններիս մահկանացու՝
Պերճացրիր դու տիրական և աստվածային քո պաշտելի անվամբ.
Ամեն սահմանից, կշռից ու չափից վեր քո ծայրագույն բարության մաքուր ծորումի համար
Կտակներ անթիվ և անբավ ճառեր հորինվեցին քեզ:
Դու ևս, մեկն աստվածային էությունից, մարդանալով,
Ոմանց՝ իրենց համար, և ոմանց՝ այլոց,
Զեղեցիր կյանքի պարգևներ առատ, պես-պես հրաշքներ,
Սքանչելիքներ աստվածագործ և նշաններ ճշմարտատեսիլ:
Եթե գթալով դու ողորմեցիր թերահավատ անդամալույծին,
Տեսնելով, որ նրան խնամողները հույսով են դիմում քեզ121Մատթ. Ը. 2-4,,
Ո՜րքան ավելի զորավոր պիտի լինի քո խոսքը ամենակարող
Մաքրելու համար մարմինն ախտալից քեզ հառաչագին աղաղակողիս:
Քանզի արդարև շատ ավելի մեծ հրաշք է սրբել անմաքուր հոգին,
Քան թե լվացված պատկերը աղտին դարձնել անենթակա.
Մանավանդ որ ավազանի շնորհն ավելանալով երկրորդի վրա՝
Է՛լ ավելի է բարձրացնում հայրենի փառքն անճառ:

Բ

Դո՛ւ ես, Տեր, որ մաքրում ես մեզ,
Ինչպես առաջուց ցույց տվեցիր դու Մովսեսի վրա՝ քո ընտրյալի:
Դու վերակացու եղար Հակոբի տոհմին,
Նրա մեղքերի և անօրենությունների մեջ,
Երբ Եգիպտոսում՝ հեթանոսական խավարում
նրանք խարխափում էին:
Դո՛ւ ես լուսավորում մեղավորներին իրենց ընթացքի մեջ, ըստ երգող Դավթի:
Դո՛ւ ես, որ սրտի քարեղեն կարծրությունը փոխարկում ես մարմնի կակղության,
Որպեսզի կարող լինի քո խոսքն իր մեջ ընդունելու:
Դո՛ւ ես, որ կարող ես ընձեռել ա՛յլ սիրտ և մեկ ճանապարհ՝
Երկնչել քեզնից կյանքի բովանդակ տևողության մեջ:
Դո՛ւ ես, որ խստամիտների մեջ դնում ես քո երկյուղը միշտ,
Որպեսզի հավատքով ուշք դարձնեն քեզ, մարգարեների խոսքի համաձայն:

Գ

Քո աշխարհաստեղծ բերանի օրհնյալ շրթունքների աստվածեղեն անձրևների կաթիլը կենարար,
Որպես բանալի՝ լսելիքներիս դռա՜նը մոտեցրու,
Որով խորամանկ բանսարկու օձի թույնը վերցնես ու բժշկե՜ս դու:
Քո ամենակալ ձեռքով բռնիր շարժվող գործիքն իմ խոսողության,
Եվ ազդի՛ր նրան ձայնի զորություն,
Դո՛ւ, որ տալիս ես լեզու բոլորին՝ ընտիր խոսելու.
Որպեսզի ես էլ, դաստիարակվելով պատշաճապես,
Չլինի, որ մեր նախահոր նման հանդուգն խոսելով՝ զրկվեմ քո լոյսից,
Եվ անբանության դատապարտվեմ՝ որսողից քշված:
Քո կենդանաբաշխ աջը երկարելով՝
Լուսավորի՛ր վերստին խավարած աչքերն իմ հոգու,
Որ չլինի թե վիշապի շնչով մարելով լապտերն համարձակության՝
Գրվանի ներքո մնամ ծածկված122Հմմտ. Մատթ. Ե. 15:
Վերցրո՛ւ անօրենություններն իմ, Տե՛ր, և նետիր նրանք խորքերը ծովի,
Որ փոքր է անչափ քո անսահման մեծության համեմատությամբ,
Ուր իմ մեղքերը կարող են սուզվել, ըստ մարգարեի:
Կործանված հոգուս համար կանգնիր նշան վստահության123Եզեկ. Թ. 4,
Որ չլինի թե կառուցվելով վհատության կոթող124Հմմտ. Եզեկ. ԺԶ. 31՝
Ծածկվածները հրապարակ հանի բարձրաձայն:
Բա՛ց բժշկարանիդ կենաց վարդապետարանը,
հզո՜ր և գթած, Որպեսզի մեր մեջ կորուսչի ցանած, մշակած բոլոր որոմները չար՝
Կամքիդ մանգաղով ընդհուպ արմատից հնձես ու թափես:
Երբ Պետրոսի պես քայլերս ուզեցի ուղղել դեպի քեզ, Աստված բոլորի,
Սուզվեցի և ես այս աշխարհային մեղսածուփ ծովի ալիքների մեջ,
Մոտեցրու աջը քո ազատարար, օգնելու համար ինձ՝ սասանյալիս,
Քանանուհու հետ ձայնակից՝ ե՛ս էլ սրտիս խորքերից
Պաղատում եմ քեզ, ահա՛, սովահար որսորդական շան նման կաղկանձող.
Քո բազմազեղուն ու ճոխ սեղանից բաժին հան և ինձ՝ թշվառ սովյալիս,
Որպես ապրուստի կերակուր տալով փշրանքներն հացի:
Փրկի՛ր նյութեղեն խորանն իմ, ո՛վ դու,
Որ աշխարհ եկար փնտրելու կորածին և ապրեցնելու:
Զի քո է մեծություն, հաղթություն և զորություն.
Դո՛ւ ես քավություն և բժշկություն, նորոգություն և երանություն.
Եվ քեզ է վայելում փա՜ռք,
երկրպագություն հավիտյանս. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արդ, տե՜ր զորության, մեծություն ահեղ, 
Աներկբայելի տեսավորություն, 
Կամք ամենաբաշխ և առատություն աննվազելի, 
Ո՞վ կկարենա պարերգության ճոխ հանդեսով տոնել 
Ցողի մի կաթիլն իսկ քո բարության, 
Քո, որ շարունակ զբաղված ես ինձ 
Փրկության միջոց, ճար պատրաստելով: 
Բայց պիտի գրեմ մեծը առավել,
Որպեսզի պատմվի և ապագայում.
Հրեշտակասեր չանվանվեցիր դու,
Թեև հիմնեցիր պետությունները նրանց համորեն, 
Ոչ էլ երբևէ ասացիր, թե քո մատների գործը՝ 
Երկինքն ես սիրում իր լապտերներով. 
Որպես առավել մեծ գովեստների արժանի պատիվ՝ 
Մարդասիրությունը նախընտրեցիր, 
Որով կրկնապես փառավորեցիր 
Անունդ անճառ վսեմ խորհրդով:
Լուսակերպարան հրեշտակներին 
Սպասավորներ կոչեցիր, հատուկ 
Մատակարարման վերակացուներ, 
Իսկ մահկանացու երկրածիններիս 
Պերճազարդեցիր մեծիդ տիրական 
Ու աստվածային պաշտելի անվամբ:
Չափի ու կշռի սահմաններն անցնող 
Վերին ծայրագույն քո անապական
բարության ծորմամբ՝ 
Ներշնչեցիր՝ քեզ հորինել ճառ ու կտակներ անբավ: 
Այլ նաև մեկդ էականներից, 
Երբ որ մարդացար, զեղեցիր, ոմանց 
Հենց իրենց համար, իսկ ոմանց՝ այլոց, 
Առատաշնորհ կյանքի պարգևներ,
Հրաշքներ պես-պես,
Սքանչելիքներ աստվածագործ և 
Նորանշաններ ճշմարտատեսիլ։
Եթե գթալով ողորմեցիր դու 
Այն թերահավատ անդամալույծին՝
Տեսնելով, որ քեզ դիմում են նրան 
Խնամողները հույս ու հավատով, 
Որքա՜ն առավել զորավոր պիտի
Լինի խոսքը քո ամենակարող՝ 
Մաքրելու համար մարմինն ախտահար 
Քեզ հառաչաձայն աղաղակողիս. 
Քանզի առավել մեծ հրաշք է, տե՜ր, 
Արդեն լվացված պատկերն անարատ 
Զերծ պահել աղտի ներգործությունից, 
Քան սրբագործել անմաքուր հոգին. 
Մանավանդ նախորդն ավելանալով 
Ավազանի լույս շնորհի վրա՝ 
Բարձրացնում է փառքը հայրենի:

Բ
Դո՛ւ ես, տե՜ր գթած, որ մաքրում ես մեզ, 
Ինչպես նախօրոք, որպես օրինակ, 
Ցուցաբերեցիր այդ քո ընտրյալի՝ Մովսեսի վրա. 
Դո՛ւ էիր այն, որ անօրենության ու մեղքերի մեջ՝ 
Վերահսկեցիր Հակոբի տոհմին, 
Երբ Եգիպտոսում ընտանում էին 
Նրանք խավարին հեթանոսության: 
Մեղավորներին լուսավորելով՝ 
Դո՛ւ ես բերում միշտ ճիշտ ճանապարհի, 
Երգասաց Դավթի խոսքի համաձայն. 
Դո՛ւ ես փոխարկում սրտի քարեղեն 
Կարծրությունը՝ լույծ կակղության մարմնի,
Որ կարող լինի խոսքդ ընդունելու.
Դո՛ւ ես ընձեռել կարենում այլ սիրտ և մի ճանապարհ,
Որ ամբողջ կյանքում երկնչենք քեզնից.
Դո՛ւ ես ներշնչում երկյուղդ բոլոր խստամիտներին,
Որ ուշ դնեն քեզ, անսան հավատով,
Մարգարեների խոսքի համաձայն:

Գ
Քո աշխարհաստեղծ բերանի օրհնյալ 
Շրթունքների սուրբ ու կենդանարար շիթն անձրևային, 
Որպես բանալի, ցողի՛ր դռներին իմ լսողության 
Եվ բուժի՛ր իսպառ թույնից խորամանկ,
նենգ բանսարկուի:
Դու, որ ամենքին շնորհում ես ձիրք
ընտիր խոսելու,
Ամենակարող ձեռքովդ օժտի՛ր ինձ ձայնի զորությամբ, 
Որ պատշաճապես տիրապետելով խոսքի արվեստին, 
Չլինի հանկարծ, մեր նախահոր պես, 
Վայրախոսելով հանդուգն ու անկարգ, 
Քո հույսից զրկված ու հաղթահարված որսողի կողմից, 
Մատնվեմ լքման ու անբանության:
Կարկառելով քո աջը կենսաձիր՝ 
Լուսավորի՛ր, տե՜ր, կրկին՝ խավարած աչքերը հոգուս,
Որպեսզի հանկարծ վիշապի շնչից 
Մարած լապտերով համարձակության՝ 
Չստորածածկվեմ գրվանի ներքո:
Հա՛ն արատներն ու չարությունն իմ ողջ, 
Նետի՛ր, ընկղմի՛ր խորքերը ծովի, 
Որ փոքր է անչափ քո աստվածային
մեծության հանդեպ:
Հաստատի՛ր հավատ ու վստահություն
կործանվածիս մեջ,
Որպեսզի կոթողն հուսահատության
Վեր չխոյանա՝ որպես ազդարար ծածուկ ախտերիս:
Բա՛ց, հզո՜ր, գթած, աչքերիս աոաջ 
Կյանքի ուսմունքը քո ամենաբույժ, 
Որ կորստական բողբոջներն իմ մեջ 
Արմատից հնձես կամքիդ մանգաղով:
Պետրոսի նման, Աստվա՜ծ բոլորի, 
Կամեցա քայլերս ուղղել դեպի քեզ, 
Խորասուզվեցի, սակայն, աշխարհիս 
Մեղսածուփ ծովի խոլ հորձանքներում. 
Հասի՛ր օգնության ու սասանվածիս 
Մեկնի՛ր ձեռքը քո ամենակեցույց:
Քանանուհու պես աղեխարշ ձայնով 
Սրտիս խորքերից պաղատում եմ քեզ. 
Որպես սովատանջ ամենաթշվառ կաղկանձող մի շան՝ 
Քո ամենազեղ ու ճոխ սեղանի 
Հացի փշրանքից բաժին հան և ի՛նձ:
Դու, տե՜ր, որ եկար, որպեսզի փնտրես 
Ու կյանք տաս նորից կորուսյալներին, 
Փրկի՛ր նյութեղեն խորանն իմ վշտոտ, 
դառնացած հոգու:
Քանի որ քոնն են և՛ մեծությունը, 
Ե՛վ զորությունը, և՛ հաղթությունը, 
Դու ես քավություն և բժշկություն, 
Ե՛վ նորոգություն, և՛ երանություն.
Քեզ վայել է փառք, երկրպագություն
հավիտյանս. ամեն: