ԲԱՆ Ա

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Ձա՜յն հառաչանաց հեծութեան ողբոց սրտից աղաղակի
Քեզ վերընծայեմ, տեսողդ գաղտնեաց,
Եւ մատուցեալ եդեալ ի հուր թախծութեան անձին տոչորման
Զպտուղ ըղձից ճենճերոյ սասանեալ մտացս`
Բուրվառաւ կամացս առաքել առ քեզ:
Այլ հոտոտեսցիս, հայեսցիս, գթած,
Քան ի պատարագն բոլորապտուղ,
Մատուցեալ ծխոյն բարդութեան:
Ընկալ զսակաւամասնեայ յաւդուածս բանից`
Քեզ ի հաճութիւն եւ մի ի բարկութիւն:
Ելցէ ի խորոց աստի զգայութեանց խորհրդակիր սենեկիս`
Վաղվաղակի ժամանել առ քեզ`
Կամաւորական նուէր բանական զոհիս,
Ողջակիզեալ զաւրութեամբ ճարպոյ,
Որ յիսն է պարարտութիւն:
Եւ ի դնելս իմ ընդ քեզ դատ` խառնեալ աղերսիւ, հզաւր,
Մի իբրեւ զհամբարձումն ձեռաց ամբարշտեալն Յակոբու,-
Ըստ բողոքելոյն Եսայեայ,-
Եւ զանիրաւութիւնն Բաբելոնի
Տաղտկալի քեզ երեւեսցի,
Զոր առակ եւթանասներորդի երկրորդի սաղմոսին ազդէ,
Այլ իբր զբուրեալ խունկն հաճոյական` ի խորանին Սելովայ,
Զոր Դաւիթն կանգնեալ նորոգեաց
Տապանակին հանգստեան, ի գերութենէն դարձելոյ,
Որ ի վերստին գիւտ կորուսեալս հոգւոյ առակի,
Ընդունելի կամաց քոց լիցի:
Բ
Բայց քանզի ձայնդ ահաւոր դատաստանիդ հատուցման,
Ուժգինս հնչեցեալ ի ձորն վրէժխնդրութեան,
Կրկինս ինձ երկնէ մարտից յարուցմունս`
Այժմէն գուշակեալ շարժմունս յուզմանց ներհակականաց,
Որ յիմումս անձին ցուցանի,
Խռովութիւնս ամբոխից`
Հարեալք ընդ միմեանս զէն առ սուսեր,
Խորհրդոցն հոյլք չարեացն ընդ բարիսն,
Եւ գերեալ զիս ի մահ, ըստ հին դիպուածոյն,
Որ նախ քան զշնորհին ժամանելն առ իս,
Զոր ընտրեալն առաքելականացն դասուց Պաւղոս,
Աւրինակ առեալ զՄովսէս,
ԶՔրիստոսի փրկութիւնն յաղթող ցուցանէ:
Վասն զի թէ` Մերձ է աւր Տեառն, որպէս Գիր ասէ,
Ի հովիտն անձուկ ասպարիսին Յովսափաթու
Եւ հեղեղատին Կեդրոնի`
Փոքր հանդիսարանացն իրաւանց ժամադրութեանց,
Որ կենցաղականաւ այսր յաւիտենիւ
Զհանդերձելոցն ինձ կերպաւորեն,
Ապա եւս յաւէտ մերձեցաւ ի վերայ իմ
Արքայութիւնն Աստուծոյ մարմին եղելոյ`
Մեծապէս գտեալ զիս առիթ վնասուց բազմաց տոկոսեաց`
Զանազան մասանց յանդիմանողաց ճշմարտապատմից,
Քան զձեռին նորին վերակացումն անդ ուրեմն երբեմն
Ի հարուածսն եդոմայեցւոց եւ փղշտացւոց
Եւ այլոց բարբարոս ազգաց:
Քանզի այն ընտրութիւն ամաւք չափեցաւ,
Իսկ պատուհաս իմումս պարտուց
Առանց աւարտման ունի զսահման:
Ահ, գուբ եւ որոգայթ անճողոպրելի,
Ըստ մարգարէին եւ առակողին,
Տագնապաւ մեծաւ առ դուրս ինձ հասեալ,
Զամաւթն մշտնջենաւոր աստէն գծագրեն:
Զոր միայն քո է հրաշագործել
Պտուղս դեղոց ի հնարս կենաց`
Ամենավարան տարակուսանաց հոգւոց վտանգից, քաւիչ ամենայնի,
Գովեալ ի փառս անճառս անսահմանելի բարձրութեան
Յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

Ա

Սրտիս ողբաձայն հառաչանքների աղաղակն, ահա՛,
Դեպ երկինքն ի վեր` քեզ եմ ընծայում, գաղտնատե՛ս Աստված.
Եվ իմ սասանյալ հոգու իղձերի պտուղն այրվող`
Անձս տոչորող թախծության հրի վրա դնելով` Կամքիս բուրվառով առաքում եմ քե՛զ:
Նայի՛ր, ո՜վ գթած, հոտոտի՛ր դու այն առավե՛լ սիրով,
Քան պատարագը բոլորանվեր, մատուցված ծխով ամենաառատ:
Ընդունիր այս պարզ ու սեղմ խոսքերիս շարադրանքը դու
Հաճությամբ հոժար և ո՛չ բարկությամբ:
Բանավոր զոհիս նվերն այս սրտանց
Մեղքերիս պարարտ ճարպի զորությամբ ողջակիզվելով,
Թող որ խոհերի իմ խորհրդակից սենյակի խորքից
Բարձրանա և քեզ հասնի անհապաղ:
Եվ աղերսախառն երբ դատի նստեմ ես քեզ հետ, հզո՛ր,
Թող որ տաղտկալի չթվա քեզ այդ,
Ինչպես ամբարիշտ Հակոբի ձեռքերի կարկառումն ի վեր,
Որի դեմ բողոք է գրել Եսային0Եսայի Ա. 15
Եվ կամ ինչպես անիրավությունը Բաբելոնի՝ Սաղմոսի յոթանասուներկուերորդ առակում
ասված1Սաղմ. ՀԲ.7:
Այլ ընդունիր այն կամովին, ինչպես խունկն հաճոյական,
Որ մի ժամանակ բուրեց Սելովի խորանի մեջ այն, Որը նոր շուքով վերանորոգված՝ Դավիթը
կանգնեց2Բ. Թագ. Զ. 17 Հանուն գերադարձ այն տապանակի,
Որ նման է իմ կորուսյալ հոգու վերստին գյուտին:

Բ

Բայց և ահավոր ձայնը հատուցման քո դատաստանի
Վրեժխնդրության ձորում ուժգնապես հնչելով ահա3Հովել Գ. 2-4,
Երկնում է իմ դեմ մարտի մաքառման գրգիռներ կրկին,
Այժմվանից և իսկ զգում եմ իմ մեջ Էությունս հուզող շարժումներ ներհակ
Ու խուռն ամբոխվող խռովություններ:
Եվ չար ու բարի խորհուրդներ զինված սուր ու սուսերով՝
Բախվում են ընդդեմ իրարու դարձյալ, Ինձ մահվան գերի դարձնելով համակ,
Ինչպես երբեմն, երբ դեռ չէր հասել քո շնորհը ինձ:
Առաքելական դասի մեջ Պողոսն՝ ընտրելագույնը,
Մովսեսի օրենքն այս շնորհի հետ համեմատելով,
Քրիստոսի բերած փրկությունն հաղթող է հայտարարում4Գործք ԺԳ. 38, Հռովմ. Ը. 2-3:
Զի եթե ճիշտ է, որ մոտ է Տիրոջ օրն, ինչպես Գիրքն է ասում,
Հրապարակի մեջ Հովսափաթի և կամ Կեդրոնի հովտում նեղանձուկ5Հովել Գ. 2, 14,–
Դատաստանի փոքր հանդիսատեղի և ժամադրավայր,
Որոնք երկրային երևույթներով պատկերացնում են հանդերձյալն ինձ պարզ,
Ապա և ինձ է մոտեցել հավետ թագավորությունն մարմնացյալ Աստուծո,
Որը ենթակա պիտի գտնի ինձ մեծապես ծանր հատուցումների,
Այն բազմապիսի մեղանչումների համար իմ բոլոր,
Որոնք հիրավի ամբաստանելով՝ դատեն ինձ պիտի ավելի սաստիկ,
Քան թե բարձրացող Նրա ձեռքն հուժկու,
Որ մի ժամանակ եդովմայեցի և փղշտացի և այլ բարբարոս ազգերի զարկեց:
Եվ, սակայն, նրանց չարչարանքները կարճատև եղան,
Մինչ իմ մեղքերի պատիժը ո՛չ վերջ ունի, ո՛չ սահման:
Վախ, գուբ, որոգայթ անճողոպրելի,-
Ըստ մարգարեի և առակողի6Եսայի ԻԴ, 17, Երեմ. ԽԸ. 43,-
Սաստիկ տագնապով դուռս ափ առած՝ Մշտնջենական ամոթն են իրենց գծագրում արդեն:
Եվ արդ, միայն դո՛ւ կարող ես գտնել հրաշագործ դեղեր,
Ի կյանք կոչելու հոգիներն ամեն՝ մատնված վարանման և տարակույսի,
Քավի՛չ բոլորի, անսահմանելի բարձրությանդ մեջ
Քո անճառ փառքով գովվա՜ծ հավիտյան:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Սրտիս դառնահեծ հառաչանքների 
Վայն ու ողբաձայն աղաղակները 
Վերընծայում եմ քեզ, ո՜վ գաղտնատես. 
Եվ իմ սասանված մտքի ճենճերող 
Իղձերի պտուղ նվերն այս դրած 
Անձս տոչորող թախծի կրակին՝ 
Կամքիս բուրվառով առաքում եմ քեզ։
Սակայն կնայես նրան, ո՜վ գթած, 
Ու կհոտոտես ավելի սիրով, 
Քան պատարագն այն բոլորանվեր,
Որ մատուցվում էր ծխով թանձրաբարդ.
Ընդունի՛ր հյուսվածքն իմ այս կարճառոտ ու սեղմ խոսքերի
Բարեհաճորեն, ոչ թե բարկությամբ։
Մտքիս խոհածուփ սենյակի խորքից 
Սրտիս անձկությամբ ելած կամավոր նվերն իմ այս թող,
Որպես բանական՛ զոհաբերություն, 
Ողջակիզվելով պարարտակուտակ ճարպիս զորությամբ,
Բարձրանա ու քեզ հասնի անհապաղ։
Աղերսախառն այս դատի մտնելն իմ քեզ հետ, ո՜վ հզոր,
Թող քեզ տաղտկալի չթվա հանկարծ, 
Ինչպես ձեռքերի կարկառումն ի վեր 
Ամբարշտացած Հակոբի ցեղի, 
Ըստ մարգարեի ամբաստանության, 
Կամ թե սաղմոսի առակում հիշված 
Անիրավությունն այն Բաբելոնի. 
Ընդունելի թող լինի կամքին քո, 
Ինչպես Սելովի խնկաբուրումն այն`
Դավթի խորանում, 
Կերտված ի հանգիստ սուրբ տապանակի, 
Որն իր վերստին գերեդարձությամբ 
Ասես նաև իմ կորուսյալ հոգու 
Վերագտնումն է խորհրդանշել։

Բ 
Հնչում է ահա ուժգնապես ձորում վրեժխնդրության՝
Ձայնը ահավոր քո դատաստանի, 
Երկնելով իմ դեմ նորից մարտերի գրգիռ ու պոռթկում.
Այժմ իսկ զգում եմ արդեն անձիս մեջ 
Տագնապախռով ալեկոծումներ ներհակ ուժերի, 
Եվ չար ու բարի խորհուրդներն ահա խմբված բազմությամբ,
Սպառազինված զենք ու սուսերով՝ 
Բախվում են իրար ոսոխների պես, 
Դարձնելով համակ ինձ մահվան գերի, 
Ըստ հին դիպվածի, երբ շնորհը քո դեռ ինձ չէր հասել։ 
Առաքյալներից Պողոսը ընտրյալ 
Մովսեսի օրենքն համեմատելով այդ շնորհի հետ՝ 
Գերադասում է փրկագործումը Քրիստոս Աստծո։ 
Բայց եթե, ինչպես Գիրքն է վկայում, 
«Մոտ է տիրոջ օրն», երբ արդարության ժամադրավայր
Հովսափաթի այն նեղանձուկ հովտում
Եվ հեղեղատի ափին Կեդրոնի
Փոքր հանդեսներում՝ երկրային կյանքի օրինակներով
Հանդերձյալները պիտի պատկերվեն,
Ապա ուրեմն հասել է արդեն նաև ինձ վրա 
Դատաստանն արդար մարմնացած Աստծո, 
Որը գտնելով ինձ վնասապարտ՝
Իմ բազմատոկոս զանազանակերպ մեղանչումներով,
Որոնք ուղղախոս ամբաստաններ են,
Պիտի դատի ինձ ավելի սաստիկ,
Քան մի ժամանակ նրա բարձրացած ձեռքն հարվածելով՝
Եդովմայեցի ու փղշտացի
Եվ այլ բարբարոս ազգերի պատժեց.
Քանի որ նրանց պատուհասները կարճատև եղան,
Մինչդեռ պատիժն իմ ո՛չ սահման ունի և ո՛չ էլ վախճան.
Ահ, գուբ, որոգայթ անճողոպրելի, 
Ըստ մարգարեի ու առակողի, 
Դռանս հասած, տագնապելով ինձ, 
Գծագրում են այստեղ իսկ ամոթն հավիտենական։ 
Արդ, դու, միայն դու կարող ես դեղեր հրաշագործել՝
Կյանք տալու համար այն հոգիներին. 
Որոնք մատնվել են ամենավարան 
Վտանգների ու տարակուսանքի, 
Ամենաքավի՜չ, անպատում փառքով հավիտյան գովյալ՝
Անհասանելի քո բարձունքներում։