ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, ես` յետնեալս ի նախադրութեանց արժանաւորաց,
Գրեալ ինձէն ընդ պարտաւորսն պատժոց,
Հայցեմ զողորմութիւն ընդ ամենեցուն մաղթանաց`
Ընդ նկունս եւ անհամարձակս,
Ընդ տկարսն եւ փոքրկունս,
Ընդ ընկեցիկսն եւ արհամարհեալս,
Ընդ տարագրեալսն եւ առ քեզ դարձեալս,
Ընդ երկուացեալսն եւ ճշմարտեալս,
Ընդ կործանեալսն եւ յարուցեալս,
Ընդ ընկճեալսն եւ հաստատեալս,
Ընդ գլորեալսն եւ կանգնեալս,
Ընդ մերժեալսն եւ ընկալեալս,
Ընդ ատեցեալսն եւ կոչեցեալս,
Ընդ ապշեալսն եւ զգաստացեալս,
Ընդ անառակեալսն եւ զսպեցեալս,
Ընդ հեռացեալսն եւ մերձեցեալս,
Ընդ հերքեալսն եւ սիրեցեալս,
Ընդ պատկառեալսն եւ զուարթացեալս,
Ընդ ամաչեցեալսն եւ խնդամտեալս:
Բ
Արդ ես պատմեմ աստանաւր դարձեալ ոչ զմեղս Երուսաղեմի,
Ըստ մարգարէին հրամանառութեանն, որ առ ժողովուրդն նախնի,
Եւ կամ տանն Յակոբու` զանաւրէնութիւնս նորա,
Այլ իմոյս ժամանեցից յայտնութեան:
Քանզի աւաղ ընդ աղէտս մահու յարելով, ըստ մարգարէին,
Յանդիմանեցից զիս ինքն ինձէն իմովս ձայնիւ, ըստ սաղմոսողին,
Որպէս զի յանձնառական յայսմ համայնապատում խոստովանութենէ,
Ոչ կարաւտացեալ կրկնակին,
Միանգամայն իսպառ սրբեցայց աւրհնեալ հրամանաւ էիդ:
Եւ արդ, կրկնելով ծունր բարերարիդ քաղցրութեան,
Տարածեալ զանձն իմ առաջի, զի մահ գլորմանն ցուցից կերպարան,
Որ ի հող խոնարհեալ` մածայ ընդ երկրի
Եւ ընդ անցաւորս այս կենցաղ կորստեան`
Անասնական գետնաքարշութեան սողնոյ սահեցմամբ կամաւ բեւեռեցայ:
Այլ ի քեզ, Տէր, յեցեալ, իբր ի հաստարան կենաց գաւազան`
Ի յարմատոյն Դաւթի ընձիւղեալ մարմնով
Անճառ շաղկապմամբ յանեղ աստուածութիւնդ,
Կանգնեցայց անդրէն կիսայար` պատկառեալ ի քոցդ երախտեաց,
Ի վայր կորացեալ դիմաւք, աչք ի բարձունս յառեալ
Ողորմագին տասութեամբ ի քեզ` մերձդ ի հեծութիւն,
Բնաւին ողորմութիւն, բոլորովին քաղցրութիւն,
Զլիճ լուսոյս արտասուաւք լցեալ`
Պաղատանս յուսոյ առաջի մեծիդ վերընծայեցից:
Գ
Լուր ամէնառատ աննուազ երկայնմտութեամբ` քո դառնացուցչիս,
Միայն դու յամենայնի սահման փրկութեան,
Աստուած բոլորից, անճառ մեծութիւն,
Անբովանդակելի բնութիւն, անքննելի իսկութիւն,
Հզաւր զաւրութիւն, կարող բարերարութիւն, անպակաս լրութիւն,
Անճառ ժառանգութիւն, վայելչական վիճակ,
Առատ պատրաստութիւն, անստուեր իմաստութիւն,
Տենչալի տուր, անձկալի ձիր,
Բաղձալի բերկրութիւն, անտխուր հանգիստ,
Անտարակոյս գիւտ, անկապուտ կեանք,
Անծախելի ստացուած, անփոխանորդելի բարձրութիւն,
Ամէնարուեստ բժիշկ, անսասանելի հաստատութիւն,
Դարձուցիչ մոլորելոց, գտիչ կորուսելոց,
Յոյս ապաւինելոց, լոյս խաւարելոց,
Քաւիչ մեղուցելոց, ծածկարանդ փախուցելոց,
Անդորրիչ խռովեցելոց, փրկութիւնդ մահացելոց,
Արձակիչդ կապելոց, ազատիչդ մատնելոց,
Պատսպարանդ սահեցելոց, վշտակիցդ գայթակղելոց,
Երկայնմտութիւն տարակուսելոց,
Լուսոյ տեսակ, ցնծութեան ցոյցք, աւրհնութեան անձրեւ,
Հոգի երեսաց, զաւրութիւն դիմաց, հովանի գլխոյ,
Շարժարան շրթանց, ազդումն բանի, կառավար անձին,
Բարձումն բազկի, ձգումն ձեռին, երասանակալդ սրտի,
Ընտանի անուն, մերձաւոր ձայն,
Կցորդութիւն հարազատ, խնամածութիւն հայրենի,
Խոստովանեալ անուն, պաշտեցեալ պատկեր, անպարագիր տիպ,
Երկրպագեալ տէրութիւն, բարեբանեալ յիշատակ,
Խնդութեան մուտք, անվրէպ շաւիղ, փառաց դուռն,
Ճշմարտութեան ճանապարհ, երկնաճեմ սանդուղք:
Եւ այլ բազմութիւն բանից գովեստից
Անհամար կարգաց եւ տանց անբաւից,
Զոր ոչ բերէ բերան երկրածին,
Եւ ոչ տանի գործի մարմնեղէն,
Եւ ոչ կշռեն իղձք հոգեղէնք:
Դ
Առ քեզ հայի ամենայն ակն տեսողի, Աստուածդ ամենայնի,
Նայեա ի պաղատանս հառաչման ձայնի քոյոց ծառայից,
Եւ եթէ յաղախնաց ոք աղաչեսցէ:
Եւ ընկալ զցաւղ ողբերգութեան լալոյ արտասուաց աչացս ցանկասիրի`
Յանարատ ոտս մարդեղութեան քոյ, Քրիստոս,
Եւ աւրինակաւ խորհրդոյ հերաց կնոջն յանցաւորի`
Զառ քեզ դարձն եւ զդաւանութիւն,
Եւ համբուրիւ շրթանցս առ ճաշակ փրկութեան կենացդ հաղորդութեան`
Համաշնչապէս զանքակ միութիւն,
Եւ զնոյն գթութիւն նորին ողորմութեամբ ընկալեալ ի քէն, բարերար,
Գրաւականեսցես զմեծդ պարգեւս ընդ փոքու հաւատոցս:
Եւ ի ձեռն գթութեան սիրոյ քոյ
Առ քո անձկալի անունդ խոստովանեալ ծառայիս
Դարձցին ձմերունք հողմոյն խստութեան ի յաւդ հանդարտութեան,
Եւ մրրկին սաստկութիւն` ի սիք ախորժութեան,
Եւ կարծիք երկիւղին` ի մեծ վստահութիւն,
Եւ պատուհաս պատժոցն` յերանութեան պատահումն,
Եւ վտանգք թախծանացն` ի հոգեւոր խրախճանութիւն,
Եւ ալեկոծութիւն ծփանացն` ի խոր խաղաղութիւն,
Եւ ղեկացն թեւարկմունք` յանքոյթ նաւահանգիստն,
Եւ բերք բեռանցս մեղաց փոխարկեսցի ի թոշակ շնորհաց:
Ե
Եւ յայսքանեացս ամենից բիւրուց բարութեանցս ի քէն եղելոց
Մեծասցի անուն հզաւրիդ` խնկեալ եւ խոստովանեալ,
Ամաչեսցէ բանսարկուն չարեաց` հերքեալ եւ հալածեալ,
Ունայնասցին մուրհակք մեղացս,
Խզեսցին խաղբքն, որոշեսցին որոգայթքն,
Կապտեսցին կապանքն, վանեսցի վիհն,
Վերասցին վնասքն, պարսեսցին պատրանքն,
Ջրեսցին մեղքն, պատառեսցին պարտիքն,
Խորտակեսցի լուծն, քակտեսցին քեղիքն:
Եւ ընդ մռայլ մթութեան չարեացն յանցանաց
Եւ դիւացն բանակաց պաշարողաց`
Արեւ փառաց քոց ժամանեսցէ`
Կեցուցանել, փրկել եւ լուսաւորել
Յաջմէ եւ յահեկէ, ի դիմաց եւ ի թիկանց,
Եւ եղիցի նշոյլ առաւաւտու հոգւոյ գարնայնոյ`
Ընդ ակնկալութեան սպասողացն քումդ երեւման:
Զի դու ես բարերար առ ամենեսին,
Եւ հնարաւոր են քեզ ամենայնք,
Եւ ամենեցուն զկեալն կամիս եւ զփրկութիւնն բաղձաս:
Զ
Ով ամենապարգեւ ձեռն Յիսուսի Քրիստոսի,
Եւ առ իս դարձցիս կարկառմամբ շնորհի աջոյդ քոյ սրբոյ`
Բնակեալ, միացեալ եւ ոչ հեռացեալ
Յանձկութեան սրտէ սիրոյ սենեկիս:
Եւ անեղծական քո նկարագիր`
Նշխար պանծալի լուսոյ քրիստոնէական փրկաւէտ կոչմանս,
Ընդ իս պահեսցի` միջնորդեալ ընդ քեզ
Ի մատեան յաւիտենական կտակաւդ կենաց
Հոգւոյդ աւետեաց երկնից յաւրինողիդ:
Եւ քեզ միայնոյ պատճառիդ
Եւ միոյդ ի միոյ պատճառէ
Եւ ունողիդ զպատճառ միոյ,
Երրեակ անձնաւորութեանդ եւ միոյ աստուածութեանդ
Վայել են փառք յերկնաւորացն վեհից
Եւ ի սրբոցն դասուց յաւիտեանս յաւիտենից:
Ամէն: up
Բան ԼԲ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Եվ արդ, ես հետինս վերոհիշյալ արժանավորներից,
Պատժապարտների կարգը արդարև դասելով ինքս ինձ,
Ողորմություն եմ խնդրում քեզանից բոլորի աղերս-աղոթքների հետ՝
Նկունների հետ և անհամարձակների,
Տկարների հետ և փոքրիկների,
Ընկածների հետ և արհամարհվածների,
Տարագրվածների հետ և դեպի քեզ դարձածների,
Երկմիտների հետ և աներկմիտների,
Կործանվածների հետ և վերականգնածների,
Ընկճվածների հետ և հաստատվածների,
Գլորվածների հետ և կանգնածների,
Մերժվածների հետ և ընդունվածների,
Ատվածների հետ և կոչվածների,
Ապշածների հետ և զգաստների,
Անառակների հետ և զսպվածների,
Հեռացածների հետ և մոտեցածների,
Հերքվածների հետ և սիրվածների,
Ամոթահարների հետ և զվարթացածների
Եվ ամաչկոտների ու խնդամիտների հետ:
Սակայն ես այստեղ կպատմեմ դարձյալ ոչ թե մեղքերը Երուսաղեմի,
Ըստ մարգարեի հրամանառության իր նախնի ժողովրդի վերաբերյալ,
Կամ Հակոբի տան գործերն անօրեն –
Այլ պիտի գամ հայտնելու իմ մեղքերը,
Քանզի իմ մահվան աղետի վրա ավա՜ղ ասելով ըստ մարգարեի,
Ես ինքս իմ ձայնով պիտի մեղադրեմ ինձ՝
Սաղմոսողի խոսքի համաձայն,
Որպեսզի իմ այս համայնապատում խոստովանությամբ
Պետք չունենալով այլևս ավաղ բացականչելու,
Մեկ անգամ ընդմիշտ մաքրվեմ Էիդ օրհնյալ հրամանով:
Բ
Եվ արդ, ահավասիկ, ծունկի գալով բարերարիդ քաղցրության առջև,
Փռվում եմ հողին ցույց տալու համար, թե ինչպես եմ ես ի մահ գլորվում,
Ես, որ սողունի նման սահելով և անասնական գետնաքարշությամբ,
Կամավոր կերպով գամեցի ինքս ինձ այս կորստական անցավոր կյանքին
Եվ սակայն հիմա հենված քեզ, ո՜վ Տեր,
Ինչպես մարմնով Դավթի արմատից ընձյուղված99Եսայի ԺԱ. 1
Եվ անճառորեն անեղ աստվածությանդ հետ
շաղկապված հաստատուն գավազանի վրա, որպես կյանքի նեցուկի,
Երախտիքներիցդ պատկառելով՝ կիսով չափ պիտի կանգնեմ դարձյալ,
Կիսաբաց դեմքս հակած դեպի վար, և աչքս դեպի վեր,
Խղճալի հայացք հառելով քեզ,
Տե՜ր, որ մոտիկ ես մեր հեծություններին,
Եվ ողորմություն ես բոլորովին, համակ քաղցրություն,–
Եվ լիճը լույսիս լցրած արցունքով՝
Հույսով լեփ-լեցուն պաղատանքներս մեծությա՜նդ պիտի ես վերընծայեմ:
Լսի՛ր աննվազ և ամենառատ երկայնամտությամբ՝ քեզ դառնացնողիս,
Դո՛ւ մեր փրկության պայմանըդ միակ: Աստվա՛ծ բոլորի, անճառ մեծություն,
Անբովանդակելի բնություն, անքննելի իսկություն,
Հզոր զորություն, կարող բարերարություն, անպակաս լրություն,
Անճառ ժառանգություն, վայելչական վիճակ,
Առատ պատրաստություն, անստվեր իմաստություն,
Տենչալի տուրք, անձկալի շնորհ, բաղձալի բերկրություն,
Անտխուր հանգիստ, անտարակույս գյուտ, անկապտելի կյանք,
Անծախելի ստացվածք, անփոխարինելի բարձրություն,
Ամենարվեստ բժիշկ, անսասան հաստատություն,
Դարձուցիչ մոլորվածների, գտնող կորուսյալների,
Հույս՝ ապավինածների, լույս՝ խավարածների,
Քավիչ մեղանչածների, ծածկարանդ փախչողների,
Անդորրիչ խռովյալների, փրկություն մահացածների,
Արձակիչ կապվածների, ազատիչ մատնվածների,
Պատսպարան սահածների, վշտակիցդ սայթաքածների,
Երկայնամտություն տարակուսյալների.
Լուսեղեն տեսք, ցնծության ցույց, օրհնության անձրև,
Հոգի երեսաց, զորություն դեմքի, հովանի գլխի,
Շարժիչ շուրթերի, ազդումն խոսքի, կառավար անձի,
Բարձրացնող բազկի, երկարող՝ ձեռքի, սանձակալ սրտի,
Ընտանի անուն և մերձավոր ձայն,
Կցորդություն հարազատ, խնամածություն հայրական,
Խոստովանված անուն, պաշտելի պատկեր, անպարագիր տիպ,
Երկրպագված տերություն, բարեբանված հիշատակ,
Խնդության մուտք, անվրեպ շավիղ, փառքի դուռ,
Ճշմարտության ճանապարհ, երկնաճեմ սանդուղք,
Եվ այլ բազմաթիվ խոսքեր գովեստի, անհամար շարքով, անբավ տողերով,
Որոնք ո՛չ երկրածին բերանը կարող է արտաբերել,
Ո՛չ կարող է տանել մարմնեղեն գործիքը,
Եվ ոչ էլ հոգեղեն իղձերը կարող են կշռել:
Գ
Ամեն տեսնող աչք քեզ է նայում, Տե՛ր, Աստվա՜ծ բոլորի,
Եվ դո՛ւ էլ նայիր քեզ հառաչաձայն պաղատող բոլոր քո ծառաներին,
Աղախիններին, թե նրանցից էլ աղաչող լինի:
Ընդունի՛ր և իմ այս ողբ ու լացով ցանկասեր աչքիս ցողն արցունքների,
Որով, Տե՜ր Քրիստոս, թրջում եմ ահա՛ ոտքը անարատ քո մարդեղության,
Եվ օրինակով այն խորհրդավոր՝ հանցավոր կնոջ մազերի100 Մագթաղինացու,
Ընդունի՛ր նաև իմ դավանությունն ու դարձը առ քեզ.
Եվ համբույրներով իմ շրթունքների՝ կյանքի փրկարար հաղորդությունը քո ճաշակելու՝ Համաշունչ կերպով կապիր ինձ քեզ հետ անլույծ միությամբ:
Որպես երաշխիք քո ողորմության և քո գթության նո՛ւյնպես բարերար,
Փոքր իմ հավատքի փոխարեն թող որ քո մեծ պարգևը ընդունեմ քեզնից:
Գթառատ սիրով, ծառայիս հանդեպ որ դավանում է անունդ անձկալի,
Թող որ խստաշունչ հողմերը ձմռան՝
Փոխարկվեն հանդարտ մեղմաշունչ օդի,
Սաստիկ մրրիկը՝ ախորժ զեփյուռի,
Կասկածներն երկչոտ՝ մեծ վստահության,
Եվ պատիժների պատուհասները՝ երանության,
Թախծագին տագնապները՝ հոգևոր խրախճանքի,
Ալեկոծությունները ծփանուտ՝ խորին խաղաղության,
Եվ ղեկի թիավարումները՝ ապահով նավահանգստի՜ հասնեն թող,
Մեղքերի բեռների բերքն իմ փոխարկվի՛ թող շնորհաց թոշակի:
Քեզանից եկող այս բյուր և բոլոր բարություններով
Թող որ բարձրանա ամենահզորիդ անունը խնկված ու խոստովանված.
Թող ամաչի չար բանսարկուն՝ վռնդված և հալածական.
Թող ոչնչանան մուրհակները մեղքերիս.
Կտրվեն կարթերը, և որոգայթները հեռացվեն,
Կտրատվեն կապանքներն ու վիհը վանվի,
Վնասները վերանան, ցնդեն պատրանքներն ու մեղքերը ջրվեն,
Պարտաթղթերը պատռվեն, լուծը խորտակվի ևքեղիքը քանդվեն:
Թող որ փոխարեն չար հանցանքների մռայլ մթության
Նաև դևերի մեզ շրջապատող բանակների տեղ՝
Փառքիդ արևը հասնի մեզ աջից, ձախից, դիմացից, թիկունքից նույնպես,
Լուսավորելու և ապրեցնելու, փրկելու համար:
Իսկ նրանց վրա, ովքեր լիահույս ապասում են քո լույսի երևալուն՝
Թող գարնանային ջինջ առավոտյան ճաճա՜նչը շողա:
Զի կարող ես դու ամեն ինչի մեջ և բարերար ես բոլորի համար,
Կամենում ես դու, որ ամենքն ապրեն և փրկությունն ես ուզում բոլորի:
Դ
Ո՜վ ամենապարգև ձեռք Հիսուս Քրիստոսի,
Դարձի՛ր դեպի ինձ, քո շնորհատու աջը կարկառելով,
Բնակվի՛ր իմ մեջ և միացիր ինձ,
Չհեռանալով սիրո քո սենյակ՝ անձուկ իմ սրտից:
Նկարագիրըդ անեղծանելի, որ նշխարն է քրիստոնեական փրկավետ կոչման պանծալի լույսի,
Հանդիսանալով միջնորդ քո տեղակ՝
Թող ինձ հետ հավետ մնա անկորուստ այս մատյանի մեջ
Ա՛յն հոգով, որ մեզ հավիտենական կյանքի կտակ էր խոստացել անճառ հորինողդ երկնից:
Եվ քեզ՝ պատճառիդ միակ, և մյուսիդ՝ միակ պատճառից,
Եվ քեզ՝ որ դարձյալ պատճառն ես մեկի,
Երրյակ անձնավորությանդ և մի աստվածությանդ
Վայելում է փառք վեհ երկնավորներից և սրբերի դասերից,
Հավիտյանս հավիտենից. ամեն:
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արդ, ես հետնյալս սկզբնադրյալ
արժանիքներից,
Համարելով ինձ անձամբ պատժապարտ,
Ողորմություն եմ քեզանից խնդրում՝
Բոլորին դարձրած ինձ հետ ձայնակից.
Վեհերոտներին ու նկուններին,
Թույլ ու փոքրերին,
Լքվածներին ու քամահրվածներին,
Վանվածներին ու քեզ դարձածներին,
Վարանածներին ու հաստվածներին,
Կործանվածներին ու հառնածներին,
Ընկճվածներին ու հաստատվածներին,
Տապալվածներին ու կանգնածներին,
Մերժվածներին ու ընդունվածներին,
Ատվածներին ու վեր կանչվածներին,
Ապշածներին ու սթափվածներին,
Անառակներին ու զսպվածներին,
Զատվածներին ու մոտեցվածներին,
Վտարվածներին ու սիրվածներին,
Պատկառածներին ու հրճվածներին,
Ամաչածներին ու բերկրածներին։
Սակայն ես այստեղ կպատմեմ դարձյալ
Ոչ թե մեղքերը Երուսաղեմի՝
Հրամանառու մարգարեի պես,
Կամ Հակոբի տան գործերն անօրեն,
Այլ շտապում եմ իմերը հայտնել.
Քանզի իմ մահվան աղետի վրա
Ավաղ ասելով, ըստ մարգարեի,
Պիտի նախատեմ ինքս ինձ անձամբ,
Ըստ սաղմոսողի, իմ իսկ խոսքերով,
Որպեսզի իմ այս հանձնառական ու
Համայնապատում խոստովանությամբ,
Պետք չունենալով այլևս կրկնելու,
Արարչիդ օրհնյալ հրամանով ես
Մեկ անգամ ընդմիշտ մաքրվեմ իսպառ։
Բ
Ես, որ խոնարհված՝ երկրին կառչեցի
Եվ անասնական գետնաքարշությամբ
Սողալով նվաստ մի սողունի պես՝
Կամովին ինքս ինձ գամեցի կյանքին այս կորստական,
Ահա ծնկաչոք կուչ եկած մեծիդ քաղցրության առաջ՝
Փռվում եմ գետնին, որ պատկերեմ քեզ,
Թե ինչպես եմ արդ ի մահ գլորվում։
Բայց ապավինած վերստին քեզ, տե՜ր,
Ասես թե կյանքի հաստատուն նեցուկ մի գավազանով,
Որ ընձյուղված է Դավթի արմատից
Եվ անճառորեն շաղկապված ահեղ քո աստվածության,
Պիտի կիսովին բարձրանամ ոտքի՝
Երախտիքներից քո ամոթահար, գետնահակ դեմքով,
Աչքերս հառած քո բարձունքներին,
Խղճալի հայացք ուղղած դեպի քեզ
Ու լիճը լույսիս լցրած արցունքով,
Ո՜վ ողորմություն, քաղցրություն համակ,
Որ կարեկից ես բոլոր վշտերին,
Հույսի պաղատանք առաքելու քեզ։
Լսի՜ր աննվազ ու ամենառատ
Բարեմտությամբ՝ քեզ դավանողիս.
Ըստ ամենայնի դու ես փրկության երաշխիք միայն,
Աստվա՜ծ բոլորի, անճառ մեծություն,
Անբավ բնություն, իսկություն անհաս,
Հզոր զորություն, անհատ լիություն,
Բարերարություն ամենակարող,
Անճառ վիճակ՝ մեր ճոխ ժառանգության,
Բարեհաճություն առատապարգև
Եվ իմաստություն անստվերաբիծ,
Տենչալի նվեր, անձկալի շնորհ,
Բաղձալի բերկրանք, անտխուր հանգիստ,
Անկասկած հնար, անկապտելի կյանք.
Անհատ ստացվածք, անփոխ բարձրություն,
Համաբույժ բժիշկ, անսասան հաստում,
Մոլորվածի դարձ, կորածի գտիչ,
Վստահողի հույս, խավարածի լույս,
Մեղսոտի քավիչ, փախածի պաշտպան,
Հուզվածի անդորր, մեռյալի Փրկիչ,
Գերու արձակիչ, մատնվածի թիկունք,
Սահածի սատար, գայթածի նեցուկ
Եվ համբերություն տարակուսածի,
Լույսի կերպարանք, ցնծության հանդես,
Օրհնության անձրև, կենսաշունչ հոգի,
Դեմքի զորություն, գլխի հովանի,
Շուրթերի շարժիչ, խոսքի ներազդում,
Անձի կառավար, ամբարձիչ բազկի,
Ձեռքի կարկառիչ, սրտի սանձակալ,
Ընտանի անուն ու ձայն մերձավոր,
Հարազատ կցորդ, հայրական խնամք,
Դավանված անուն, պաշտելի պատկեր,
Անպարագիր տիպ, երկրպագված տեր,
Բարեբանված հուշ, ուրախության մուտք,
Անվրեպ շավիդ, փառքի ճանապարհ,
Ճշմարտության դուռ, երկնաճեմ սանդուղք,
Եվ այլ բազմազան գովեստի խոսքեր,
Անհամար տողեր ու տներ անբավ,
Որոնք չեն կարող՝ ո՛չ արտաբերել երկրածին լեզուն,
Ո՛չ տանել ինչ-որ մարմնավոր գործիք,
Եվ ո՛չ էլ կշռել իղձերն հոգեղեն։
Գ
Ամեն տեսնողի աչք քեզ է նայում,
Աստվա՜ծ բոլորի,
Դո՛ւ ևս նայիր քեզ հառաչաձայն
Պաղատող բոլոր քո ծառաներին,
Աղախիններին, թե նրանցից էլ լինի աղերսող։
Ընդունի՛ր, Հիսո՜ւս, և ցանկասերիս
Լացող աչքերի արտասուքների ցողն ողբերգությամբ՝
Ոտքերին անեղծ մարդեղության քո
Եվ, խորհրդավոր օրինակով այն
Սեղսոտ, հանցավոր կնոջ մազերի,
Իմ դավանությունն ու դարձը առ քեզ,
Ու կենսափրկիչ հաղորդությունդ
Ճաշակող համբույրն իմ շրթունքների
Թող ինձ կապի քեզ համաշնչորեն՝ անլույծ միությամբ,
Եվ նույն գթությամբ ու ողորմությամբ
Ընդունեմ քեզնից, փոքր իմ հավատքի դիմաց,
բարերա՜ր,
Գրավականը քո մեծ պարգևի.
Թող որ զորությամբ գթառատ սիրուդ՝
ծառայիս հանդեպ,
Որ դավանում է անունդ անձկալի,
Ձմռան բքաշունչ հողմերը փոխվեն մեղմանուշ հովի,
Խոլ մրրիկները՝ ախորժ զեփյուռի,
Ահն ու տագնապներն այս չարակասկած՝
մեծ վստահության,
Աղետը պատժի՝ անանց բերկրության,
Վիշտն ու թախիծը՝ հոգևոր անհատ խրախճանության,
Ալեկոծությունն այս փոթորկահույզ՝
խոր խաղաղության,
Ու թևարկումներն հասցնեն անվրեպ՝
Ապահով, անդորր նավահանգստի։
Քեզանից հասած բոլոր բյուրավոր
այս բարիքներից
Թող որ մեծանա ամենազորիդ
Անունը խնկված ու խոստովանված,
Ամոթահարվի, քշված, հալածված, չարյաց բանսարկուն,
Կորչեն պարտքերիս մուրհակները ողջ,
Վարմերը խզվեն, որոգայթները լինեն ցանուցիր,
Կտրատվեն, քանդվեն կապանք ու շղթա,
Վիհը վերանա, վնասը վանվի,
Պարսվեն, չքանան պատրանքները նենգ,
Մեղքերը ջրվեն, պարտքերը ջնջվեն,
Լուծը խորտակվի, ու քեղիները քայքայվեն իսպառ։
Չար հանցանքների մռայյ մթության
Ու մեզ պաշարած դևերի խուժդուժ բանակների տեղ
Աջից ու ձախից, դեմից, թիկունքից
Փառքիդ արևը թող որ ճառագի՝
Լուսավորելու, փրկագործելու, կյանք տալու համար։
Իսկ նրանց վրա, ովքեր լիահույս
Սպասում են քո լույսի հայտնության,
Թող հոգուդ պայծառ ու գարնանաշունչ
Վաղորդայնի ջինջ ճաճանչը շողա։
Չկա ոչ մի բան քեզ անհնարին,
Եվ բարերար ես բոլորի հանդեպ,
Ցանկանում ես, որ ամենքը ապրեն,
Եվ փրկություն ես տենչում բոլորին։
Դ
Ամենապարգև ձե՜ռքդ Հիսուսի,
դարձի՛ր դեպի ինձ՝
Քո շնորհաձիր աջի կարկառմամբ,
Բնակվի՛ր իմ մեջ, ինձ հետ միացած,
Չհեռանալով քո սիրո սենյակ սրտից իմ անձուկ.
Եվ քո դրոշմը անեղծանելի,
Որը նշխարն է քրիստոնեական
Փրկավետ կոչման պանծալի լույսի,
Թող քո փոխարեն, միջնորդ լինելով,
Պահվի միշտ ինձ հետ՝
Երկնի արարիչ Հոգուդ ավետած
Հավիտենական կենաց մատյանի կտակարանում։
Եվ քեզ՝ միակի նախապատճառիդ,
Մյուսիդ, որը մի պատճառից է,
Եվ ունեցողիդ մի պատճառ, եռյակ անձնավորությանդ
Ու աստվածությանդ այդ միասնական՝
Վայել է փառք՝ վեհ երկնավորներից, սրբերի դասից՝
Հավիտյաններից հավիտյանս, ամեն։