ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա
Աւրհնեալ Տէր Յիսուս ընդ Հաւր`
Ի կամս հաճութեան Հոգւոյդ քո Սրբոյ,
Եւ աւրհնեալք ամենայն առ ի յաւրհնելոյդ աւրհնեցան,
Աւրհնեալ միայն Որդի աւրհնելոյ,
Չիք իմ թագաւոր իշխեցող շնչոյս, բաց ի քէն, Քրիստոս:
Այս է աւրհնութիւն Յակոբայ, ասէ Եսայի,
Յորժամ բարձից զմեղս նորա:
Արդ, ողորմեաց ինձ, Տէր բարեգութ,
Ըստ նախնիդ քո սովորութեան
Եւ աւրհնեա զանաւթս քո բանական,
Ըստ ձայնին Դաւթի եւ ըստ Մովսեսի,
Զի բանիւդ քո փրկութեան ժամանեալ`
Հասից քաւութեան` աւրհնեալ առ ի քէն:
Աստուածապէս ինձ հրաշագործեա,
Ողորոմած արքայ երկնաւոր,
Որպէս անկելոցն ի բազմաժամանակեայ մահճացն խշտիս`
Ժողովեցելոցն ի սրահին Բեթհեզդայ,
Յորոց մի էր եւ կրկին թերահաւատն,
Երից տասանց եւ ութի միոյ ամաւք ախտացեալ յաւդիցն լուծմամբ,
Որում ոչ անխայեցեր զբժշկութեանն ձեռնտուութիւն`
Իբր գիտելով զանբոյժ չարութիւնն,
Որ նիւթեացն քեզ յաւուր մատնութեան
Դառն գիշերին տիրամարտութեան`
Երախտաւորիդ, մեծիդ եւ բարերարիդ:

Բ
Որ թէպէտ կանխաւ իմն զգուշացուցեր,
Թէ` Մի մեղանչեր, զի մի կրկնեսցին կրկին քեզ չարիք,-
Ոչինչ վերջացաւ լինել ձեռներէց
Սկզբնաւոր անհամբուրելի` դատողացն զքեզ ի խաչին:
Եւ դու այնպիսւոյ անյարիր ջատուկ,
Մահու ծնկեցեալ չարաշուք առն ողորմեցար,
Անճառ բարութիւն, սխրալի մարդասիրութիւն,
Սարսափելի ներողութիւն, սոսկալի երկայնմտութիւն,
Անբաւելի քաղցրութիւն, փառատրելի հեզութիւն:
Որ միշտ յաղթիս ի գթութենէ, եւ ոչ թշնամանիս,
Պարտիս յողորմութենէ, եւ ոչ պարսաւիս,
Բռնադատիս ի մարդասիրութենէ, եւ ոչ անգոսնիս,
Հարկիս ի բարութենէ, եւ ոչ հայհոյիս,
Ստիպիս ի սիրոյ, եւ ոչ բամբասիս,
Պաղատիս դարձին իմ առ քեզ, եւ ոչ ձանձրանաս,
Արագես զկնի ապերասանիս, եւ ոչ լքանիս,
Ձայնես չլսողիս, եւ ոչ սրտմտիս,
Փութաս մեղկելոյս, եւ ոչ խափանիս:
Առ չարս ես բարի, առ ամենապարտս ես ներող,
Առ մեղաւորս ես քաւիչ, առ խաւարեալս ես լոյս,
Առ մահացեալս ես կեանք:

Գ
Այս են գիրք ամենայն հոգեշունչ աւգտակարութեան,
Որ յաճախս ծնանին երկնաւոր պտուղս անճառս եւ զարմանալիս:
Ասա եւ ինձ` թշուառացելումս, աւրհնեալ ամենապարգեւ.
Արի առ զմահիճս խշտեացդ մեղաց ի վայր կործանմանդ
Եւ հետեւեալ ժամանեա յանդորր հանգիստ անաշխատ կենացդ:
Խզեսցես ամենակարող սուսերաւ բանիդ հրամանի`
Զերիզապնդեալ մահազգեստս պարփակութիւն դժոխազնեայ կապանացս,
Եւ լոյծ ինձ զհանգոյցս խեղդողականս ոգեպահանջ սաստկութեանս`
Առաքելով զարժանաւորս մահու յազատութիւնն վերին անանց բերկրութեանն
Կենսաբեր եւ աստուածային քո բանիւդ:
Մի տակաւ տակաւ ազդեսցես եւ մի աւր ի յաւր յերկարաձգեսցես,
Զի մի ստուար ծանրութիւն բեռանցս մեղաց
Տիրեսցէ թիկանցս ազդերաց
Եւ կործանեալ զիս կորացուսցէ` հայել ի դժոխս,
Եւ ուժգնակի գոռոզ բռնութեամբ
Անպարապ հոգեւորական զինուն արարեալ` մահու ծառայեցուսցէ:
Այլ աւգնեա ինձ, բարի վշտակից, հեծութեան կարեացս մահու երկանց`
Առեալ յինէն զփայտ սատակմանն, որպէս երբեմն յուսոյ պահակին,
Որով կառուսցես զվայելչականն յաղթանակի արի զաւրութեանն,
Պնդապէս հաւատով յուսոյն կարծրութեան ընդ քեզ բեւեռել անսայթաքելի:
Եւ քեզ ընդ Հաւր, Հոգւովդ Սրբով փա~ռք եւ իշխանութիւն յաւիտեանս:
Ամէն:

Բան ԾԸ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Օրհնյալ ես դու, Տեր Հիսուս, Հոր հետ՝ բարեհաճ կամքով Սուրբ Հոգու,
Եվ բոլոր օրհնվածներն օրհնյալիցդ օրհնվեցին,
Դո՛ւ միայն օրհնյալ Որդիդ օրհնյալի:
Քեզանից բացի չի՛ք շնչիս իշխող թագավոր, Քրիստո՛ս:
«Հակոբն, - ասում է Եսային, - օրհնված կլինի ա՛յն ժամանակ,
Երբ կվերցնեմ մեղքերը նրա»:

Բ

Եվ արդ, ողորմի՛ր ինձ, Տե՛ր բարեգութ, համաձայն նախնի քո սովորության,
Եվ օրհնի՛ր անոթդ այս բանական, ըստ Դավթի և ըստ Մովսեսի,
Որպեսզի խոսքովդ փրկության հասած՝ քավություն գտնեմ քեզնից օրհնվելով:
Հրաշագործի՛ր ինձ աստվածապես, ողորմած արքա երկնավոր,
Ինչպես որ արիր Բեթհեզդայի սրահում հավաքված
Եվ երկար ժամանակ մահիճը ընկած ախտավորներին:
Դրանցից մեկը այն կրկնակի թերահավատն էր և երեսունութ տարվա անդամալույծը,
Եվ դու չզլացար նրան քո
բժշկարար օգնությունը,
Գիտենալով նույնիսկ նրա չարությունն անուղղելի,
Որ նյութեց նա քեզ՝ երախտավորիդ, մեծիդ և բարերարիդ՝
Մատնության օրը, տիրամարտության դառն այն գիշերը:
Թեև դու նրան նախօրոք զգուշացրիր,
Թե՝ մի՛ մեղանչիր, որպեսզի կրկին չարիք չգա քեզ,
Բայց չդադարեց լինել ձեռներեցն ու առաջինը այն ժանտ մարդկանց մեջ,
Որոնք քեզ խաչին դատապարտեցին157Ակնարկություն 38 տարվա այն անդամալույծի, որը մատնության գիշերը ապտակեց Հիսուսին՝ իրեն բժշկողին::
Եվ դու այդպես կախարդ ջատուկի, անհարիր ընկած
Եվ մահվամբ չոքած չարաշուք մարդուն ողորմեցիր,
Անճա՜ռ բարություն, սխրալի մարդասիրություն,
Սարսափելի ներողամտություն, սոսկալի երկայնամտություն,
Անբավելի քաղցրություն, փառատրելի հեզություն,
Որ միշտ հաղթվում ես գթությունից ու չես թշնամանվում,
Պարտվում ես ողորմությունից ու չես պարսավվում,
Բռնադատվում ես մարդասիրությունից ու չես արհամարհվում,
Հարկադրվում ես բարությունից ու չես հայհոյվում,
Ստիպվում ես սիրուց ու չես բամբասվում:
Պաղատում ես դու քեզ դարձիս համար ու չես
ձանձրանում, Վազում ես ապերասանիս հետևից ու չես հոգնում,
Ձայնում ես չլսողիս ու չես սրտմտում,
Շտապում ես մեղկացյալիս մոտ ու կանգ չես առնում:
Չարիս համար բարի ես և ամենապարտիս համար ներող,
Քավիչ ես մեղավորիս համար և խավարյալիս լույս,
Եվ մահացածիս համար կյանք ես դու:

Գ

Այսպես են ասում բոլոր հոգեշունչ գրքերն օգտակար,
Եվ որոնք հաճախ ծնում են անճառ և զարմանալի երկնավոր պտուղներ:
Ասա՛ նաև ինձ՝ թշվառիս, օրհնյա՜լ ամենապարգև,–
«Վե՛ր կաց ու վերցրու մեղքերի մահիճը կործանվածիդ,
Եվ իմ հետևից արի, որ հասնես անհոգնում կյանքի խաղաղ հանգստին»:
Քո հրամանի ամենակարող սուսերով կտրի՛ր Կապանքները պիրկ և դժոխային երիզապատված իմ մահազգեստի Եվ մահասարսուռ սաստկությամբ խեղդող
հանգույցները քանդի՛ր, Ուղարկելով ինձ՝ մահվան արժանուս, քո աստվածային կենսաբեր խոսքով Դեպի վեր՝ անանց, հավերժ բերկրության ազատության մեջ:
Մի՛ կենագործիր տակավ-տակավ և մի՛ ձգձգիր օրեցօր երբեք,
Որ հետզհետե մեղքերի բեռան ծանրությունն ստվար
Չճնշի ազդրերս ու չկռացնի ինձ ի վար՝ դժոխքին նայելու,
Եվ ուժգնակի գոռոզ բռնությամբ հոգևորական զենքերս ի դերև հանելով մահվան ծառայեցնի ինձ:
Այլ դու օգնիր ինձ, բարի՛ վշտակից,
Մահվան երկունքի այս իմ ցավագին հեծեծանքներում,
Սատակման փայտը վրայիցս առնելով, ինչպես երբեմն՝ պահակի ուսից,
Որով վայելուչ կոթող կառուցես քո հաղթանակի արի զորության,
Ամուր հավատքով, հաստատուն հույսով ինձ բևեռելով քեզ հետ՝ անսայթաք:
Եվ քեզ՝ Հոր և Սուրբ Հոգու հետ փա՜ռք, իշխանություն հավիտյանս. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ

Ա
Օրհնյալ ես դու տեր Հիսուս՝ հորդ հետ,
Բարեհաճությամբ, կամքով սուրբ Հոգուդ,
Եվ օրհնյալները բոլոր՝ օրհնվեցին օրհնյալիցդ լոկ,
Օրհնյա՜լդ ինքնին՝ օրհնյալի որդի,
Քեզնից բացի, չունեմ իմ շնչին իշխող
թագավոր,
Քանզի, Եսայու խոսքի համաձայն,
«Հակոբը այնժամ միայն կօրհնվի,
Երբ որ վերացնեմ մեղքերը նրա»։

Բ
Ողորմի՜ր նաև ինձ, տե՜ր բարեգութ,
Համաձայն նախկին քո սովորության,
Օրհնի՛ր բանական այս անոթը քո,
Դավթի, Մովսեսի խոսքի համաձայն,
Որ ես փրկության հասած քո խոսքով՝
Քեզնից օրհնվելով՝ գտնեմ քավություն։
Հրաշագործի՛ր ինձ աստվածապես,
Ո՜վ ամենողորմ արքա երկնավոր,
Ինչպես Բեթհեզդի սրահն հավաքված՝
Երկար ժամանակ մահճում տառապող
ախտավորներին։
Դու չզլացար այնտեղ բժշկել
Նույնիսկ կրկնակի թերահավատ այն
Երեսնութամյա անդամալույծին՝
Իմանալով իր չարությունն անբույժ,
Որ նյութել էր նա երախտավորիդ, բարերարիդ դեմ՝
Մատնության օրվա տիրամարտության
գիշերն այն դաժան։
Թեպետև կանխավ զգուշացրիր,
Թե մի՛ մեղանչիր, որ գլխիդ կրկին չարիք չբերես,
Բայց նա չլսեց, եղավ ձեռներեցն
Ու ժանտն առաջին այն բոլորի մեջ,
Որոնք քեզ խաչին դատապարտեցին,
Եվ, այդուհանդերձ, ահա այդպիսի
Անհարիր ջադուկ մահվամբ ախտաժետ
Չարաշուք մարդուն դու ողորմեցիր,
Անճա՜ռ բարություն,
Մարդասիրություն ամենահրաշ,
Սոսկալի ներող, հանդուրժող ահեղ,
Քաղցրություն անբավ, օրհնյալ հեզություն,
Որ գթությունից մշտապես հաղթվում, բայց
չես անարգվում.
Ողորմությունից պարտվում ես, բայց չես
պարսավվում բնավ.
Բռնադատվում ես մարդասիրությամբ՝
ու չես քամահրվում.
Հարկադրվում ես բարությունից՝ ու չես
լուտվում երբեք.
Սիրուց ստիպվում, բայց չես նախատվում,
Պաղատում ես միշտ իմ դարձը առ քեզ՝
և չես ձանձրանում,
Ապերասանիս ետևից վազում՝ չես լքվում բնավ,
Ձայնում ես անվերջ քեզ չլսողիս՝ ու չես բարկանում,
Աճապարում ես մեղկիս հոգալու՝ առանց զլացման.
Բարեգո՜րծ՝ չարիս,
Ամենապարտիս՝ քավիչ ու ներող,
Խավարածիս՝ լո՜ւյս, մահացածիս՝ կյա՜նք։

Գ
Այս են վկայում բոլոր հոգեշունչ
գրքերն օգտակար,
Որոնք ծնում են հաճախ երկնավոր
Պտուղներ անճառ ու սքանչելի։
Ասա՛ նաև ինձ՝ թշվառիս, օրհնյա՜լ
ամենապարգև.
«Վե՛ր կաց, կործանման վայրից՝ մեղքերի
մահիճը վերցրո՛ւ
Եվ հետևի՛ր ինձ՝ հասնելու անհոգ,
Խաղաղ ու հանգիստ կյանքի հանգրվան»։
Կտրի՛ր սուսերով ամենակարող հրամաններիդ
Մահազգեստներիս՝ երիզապնդող
Այս դժոխային կապանքներն ամուր.
Քանդի՛ր մահախեղդ հանգույցներն այս պիրկ
Եվ աստվածային խոսքով կենսատու
Հասցրո՛ւ մահվան արժանավորիս
Անանց բերկրության՝ ազատության մեջ։
Մի՛ կատարիր այդ տակավ առ տակավ
Եվ օրըստօրե մի՛ հետաձգիր,
Որպեսզի հետո մեղքերի բեռան ծանրությունն ստվար,
Նստած թիկունքիս, ազդրերս ճկած՝
Կորացնելով ու կործանելով ինձ,
Չստիպի նայել խորքը դժոխքի
Եվ իմ հոգևոր զենքերը բոլոր հանած ի դերև՝
Հուժկու բռնությամբ ենթարկի մահվան.
Օգնի՛ր ինձ, փրկի՛ր, բարի՜ վշտակից,
Թոթափի՛ր ինձնից փայտը սատակման,
Ինչպես երբեմն պահակի ուսից,
Կերտի՛ր նրանով, կանգնեցրո՛ւ անպարտ
ու ամենահաղթ՝
Քո մեծ զորության վայելուչ կոթող.
Ամուր, անսասան հույս ու հավատով
Ամրապնդի՛ր ինձ քեզ հետ անսայթաք։
Եվ քեզ, սուրբ Հոգով, հորդ հետ միշտ փա՜ռք
Եվ իշխանություն հավիտյանս, ամեն։