ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Բայց քանզի յոյժ արդար է բան
Իրաւանցն Քրիստոսի Աստուծոյ առ իս,
Քան առ սկզբնահայրն չարեաց սատանայ,
Զի վասն նորա յայն սակս յայտնեցաւ,
Զի լուծցէ զգործս նորին,
Եւ վասն իմ, զի զհնացեալ պատկերս նորոգեսցէ,
Առեալ զկերպարանիս բոլոր էութիւն
Կերպին իսկութեան մեծին Աստուծոյ`
Միացոյց ինքեան անշուշտ խառնութեամբ:
Նորա ոչ են շնորհեալ ի բազմացն,
Եւ ինձ զբովանդակն եհեղ առատութեամբ,
Վասն նորա ոչ երբէք չարչարեալ,
Եւ վասն իմ հանապազ պատարագի,
Նա անհաղորդ է կենացն,
Եւ ես միշտ վայելեմ ի փրկութեանն,
Նա վանեալ է խաչիւն,
Եւ ես` զաւրացեալ նշանաւն,
Նա` հերքեալ ի լուսոյն,
Եւ ես` միացեալ ընդ փառացն,
Նորա ոչ խոստացաւ հանգիստ եւ յերկրի,
Եւ ինձ զերկինս սեպհականեաց,
Զնորայն կտրեաց զառնհաւատչեայ,
Եւ զիմն առանց խզելոյ յարակայեաց,
Զնա յերամակս խոզիցն արգել,
Եւ յիս ինքն զաւրացաւ,
Զնա կարճաց աւրինակեաց,
Եւ զիս ճառագայթ նշանակեաց,
Զնա սողնոց նմանեցոյց,
Եւ զիս իւրովն անուամբ կնքեաց:
Բ
Իսկ ես զերախտիսն Աստուծոյ լքի`
Զայսքանեաց բարեաց արարողի
Եւ չարին զկնի միտեցայ`
Հայել ընդ նմին յատակս դժոխոց,
Ահա անարժանս բարեաց, անձիրս երախտեաց,
Անընդունակս սիրոյ տոռամբք մեղաց ձգեալս,
Յերիկամունս խորոց խոցեալս,
Քանցեալ ծառս արմաւենւոյ,
Գինիս յեղաշրջեալ, ցորեանս հեղեղեալ,
Մուրհակս ջրեալ, վճիռս պատառեալ,
Կնիքս այլակերպեալ, նմանութիւնս փոխեալ,
Արկանելիքս կիզեալ, ըմպանակս կորուսեալ,
Նաւս ընկղմեալ, մարգարիտս մանրեալ,
Ակնս պատուական սուզեալ,
Տունկս գաւսացեալ, նեցուկս խորտակեալ,
Փայտս ամենեւին փտեալ, մանրագորս աղաւաղեալ,
Յարկս տապալեալ, խորանս խարխալեալ,
Բոյսս արմատաքի խլեալ,
Ձէթս հեղեալ ի գռեհս աղբեւաց,
Կաթնս հոսեալ ի կոյտս մոխրոց,
Այրս մահու ի յարեանց գնդից:
Գ
Քանզի միշտ խրատեալ ընդ Երուսաղէմի
Առակաւ Բաբելոնի ի մարգարէիցն ձայնից,
Անձն իմ ողբալի, եւ ոչ ինչ խրատեցեալ,
Որ աստէն անգոսնեալ եմ, եւ անդէն` խայտառակեալ,
Աստ` դսրովեալ, եւ անդ` կշտամբեալ,
Աստ` ձաղեալ, եւ անդ` նախատեալ,
Աստ` թշնամանեալ, եւ անդ` յանդիմանեալ,
Աստուստ` ապշեալ, եւ անդանաւր` լքեալ,
Աստ` հեծումն, եւ անդ` հառաչանք,
Աստ` կարծիս, եւ անդ` կատարած,
Աստ` խէթ, եւ անդ` հատուցումն,
Աստ` արկածք, եւ անդ` հանդէսք դատաստանի,
Ուր ոչ է բան իրաւանց եւ ոչ ձայն պաղատանաց,
Ոչ թիւք աւուրց եւ ոչ ելք ժամանակաց,
Ոչ ուղք յուսոյ եւ ոչ դրունք ողորմութեանց,
Ոչ աջ պաշտպանութեան եւ ոչ ձեռն այցելութեան,
Դ
Այլ դու ապաւինութիւն, դու ինքն փրկութիւն,
Դու այցելութիւն, դու եւ քաւութիւն,
Դու երանութիւն, քեւ բժշկութիւն,
Քո ողորմութիւն, միայնդ հզաւր, կենդանի, անճառ,
Տէր Յիսուս Քրիստոս բարերար Աստուած,
Աւրհնեա~լ, աւրհնեա~լ եւ դարձեալ աւրհնեա~լ,
Ընդ Հոգւոյդ քո Սրբոյ յաւէտ բարձրացեալ`
Ի փառս հայրենի իսկութեան մեծիդ յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

Բան ԿԷ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ սակայն Քրիստոս Աստուծո իրավունքի խոսքը արդարացի է հույժ իմ նկատմամբ,
Քան սատանայի, որ սկզբնահայրն է չարիքների.
Քանզի հայտնվեց նա նրա համար, որպեսզի քանդի գործերը նրա,
Իսկ ինձ համար, որպեսզի իմ հնացած պատկերը նորոգի
Աստուծո կերպարանքով,
Առնելով մեր իսկ նմանությունը կատարելապես
Եվ միացնելով իր բնությանը խառնվածքը մեր:
Բազում շնորհներից ոչինչ չտվեց նա սատանային,
Այնինչ ինձ վրա հեղեց առատորեն.
Նրա համար երբեք չչարչարվեց,
Իսկ ինձ համար զոհվում է նա հանապազ.
Սատանան անհաղորդ է կյանքին,
Իսկ ես փրկություն եմ վայելում միշտ.
Նա հալածված է խաչով,
Իսկ ես զորացած եմ այդ նո՛ւյն նշանով.
Նա մերժված է լույսից,
Իսկ ես միացած եմ նրա փառքի հետ.
Նրան երկրի վրա անգամ հանգիստ չխոստացավ,
Իսկ ինձ երկինքը տվեց սեփականություն.
Կտրեց նրա հույսի առհավատչյան,
Եվ իմը հաստատեց առանց խզելու.
Նրան խոզերի երամակում արգելափակեց,
Եվ իմ մեջ ի՛նքը զորացավ.
Կարիճների հետ համեմատեց նրան,
Եվ ինձ ճառագայթ հայտարարեց.
Սողունների նմանեցրեց նրան,
Եվ ինձ իր անունով կնքեց:

Բ

Իսկ ես լքեցի երախտիքն այսքան բարիքներ անող Աստուծո
Եվ չարին հետևեցի՝ նրա հետ մեկտեղ դժոխքի հատակն հայելու համար:
Ուստի անարժան եմ բարիքների ապերախտս անշնորհակալ և անընդունակ սիրո,
Մեղքի պարանով եմ ձգված՝ երիկամունքիցս խոցված խորապես.
Ճյուղակոտոր ծառ եմ արմավենու,
Քացախացած գինի, հեղեղված ցորեն,
Ջնջված մուրհակ, պատռված վճիռ, աղավաղված կնիք,
Ձև այլափոխված, վերարկու կիզված, կորած ըմպանակ,
Ընկղմված նավ, մանրված մարգարիտ, սուզված անգին քար,
Տունկ եմ գոսացած, նեցուկ խորտակված, փայտ իսպառ փտած,
Խամրած մանրագոր, փլատակված տուն, խարխլված խորան,
Բույս արմատախիլ, ձեթ՝ թափված աղբոտ հրապարակում,
Մոխրակույտերի վրա հոսած կաթ, Քաջերի գնդում մահապարտ եմ մի,
Զի անձն իմ ողբալի, Բաբելոնի առակի համաձայն՝ մարգարեներից ասված՝
Երուսաղեմի հետ և նրա նման հորդոր լսեց միշտ և չխրատվեց184Եսայի ԺԳ. 19:
Պատճառն ա՛յն է, որ այստեղ անգոսնված եմ, այնտեղ՝ խայտառակված,
Այստեղ պարսավված և այնտեղ կշտամբված,
Այստեղ ծաղրված և այնտեղ նախատված,
Այստեղ անարգված և այնտեղ հանդիմանված,
Այս կողմը ապշած և այն կողմը՝ լքված,
Այստեղ հեծություն, այնտեղ հառաչանք,
Այստեղ կասկածներ և այնտեղ վախճան,
Այստեղ վախ ու վիշտ և այնտեղ հատուցում,
Այստեղ արկածներ և այնտեղ դատաստան,
Ուր ո՛չ խոսելու իրավունք կա և ո՛չ պաղատելու,
Ո՛չ օրերը թիվ ունեն և ո՛չ ժամանակը վախճան,
Ո՛չ հույսի կամուրջ և ո՛չ ողորմության դուռ,
Ո՛չ աջ պաշտպանող և ո՛չ օգնող ձեռք:
Սակայն ապավեն ես դու, դու ինքդ փրկություն,
Դո՛ւ այցելություն, դու քավություն, դու երանություն,
Դո՛ւ ես բժշկում, դու ես ողորմում, միա՜յնդ հզոր,
Կենդանի անճառ,
Տեր Հիսուս Քրիստոս բարերար Աստված,
Օրհնյա՜լ, օրհնյա՜լ և դարձյալ օրհնյալ,
Հավետ բարձրացած քո Սուրբ Հոգու հետ
Մեծիդ իսկակից Հոր փառքի համար՝
Հավիտյանս հավիտենից. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Քրիստոս Աստծո խոսքն արդարության
Դատապարտում է ինձ շատ ավելի
Խիստ, իրավացի, քան սատանային.
Զի նա հայտնվեց հենց նրա համար,
Որ չարիքների նախահոր բոլոր գործերը քանդի
Եվ նորոգի իմ պատկերն հնացած՝
Իր ինքնության մեջ ստույգ խառնությամբ
Միավորելով մեր կերպարանքն ու էությունը ողջ
Մեծն Աստծո կերպ ու իսկության։
Նրան անհամար իր շնորհներից ոչինչ չտվեց.
Ինձ շռայլորեն օժտեց բոլորով.
Նրա համար նա բնավ չտանջվեց,
Մինչդեռ ինձ համար պատարագվում է շարունակաբար,
Նա անհաղորդ է կյանքին, այնինչ ես
Վայելում եմ միշտ փրկագործություն,
Նա խաչով վանվեց, իսկ ես՝ զորացա,
Նա լույսից մերժվեց, ես միացած եմ անձկալի փառքին.
Նրան երկրում էլ հանգիստ չտվեց,
Ինձ սեփականեց երկինքը անգամ.
Նրանից կտրեց երաշխիքն հույսի,
Իսկ իմն հաստատեց առանց խզելու.
Նրան խոզերի բոլուկների մեջ արգելափակեց,
Մինչդեռ իմ մեջ հենց ինքը զորացավ.
Նրան բաղդատեց կարիճների հետ,
Իսկ ինձ հռչակեց լույսի ճառագայթ.
Նրան սողունի նմանեցրեց,
Մինչդեո ինձ կնքեց իր իսկ անունով։
Բ
Լքելով բոլոր երախտիքները բարերար Աստծո՝
Հակամետ եղա չարին՝ նրա հետ
Դժոխքի խորքը նայելու համար,
Ես, անարժանս ամեն բարիքի,
Երախտամոռս անշնորհակալ, դրժողս սիրո,
Կաշկանդվածս պիրկ մեղքի թոկերով,
Խոցվածս խորքից երիկամներիս,
Որ արմավենու ծառ եմ բզկտված,
Աղարտված գինի, հեղեղված ցորեն,
Ջնջոտված մուրհակ, պատառված վճիռ, խարդախված կնիք,
Դիմափոխված տեսք, այրված հանդերձանք,
Կորած ըմպանակ, խորասուզված նավ,
Փշրված մարգարիտ, ընկղմված գոհար,
Չորացած մի տունկ, խորտակված նեցուկ,
Իսպաո փտած փայտ, եղծված մանրագոր,
Փլատակված տուն, խարխլված խորան, արմատախիլ բույս.
Յուղ՝ թափված աղբոտ հրապարակում,
Մոխրակույտերի վրա հոսած կաթ,
Դժնի մահապարտ՝ քաջերի գնդում։
Քանզի շարունակ անձն իմ ողբալի,
Հին Բաբելոնի օրինակներով,
Երուսաղեմի հետ խրատ լսեց
Մարգարեներից, բայց չխրատվեց։
Եվ ահա, այստեղ անգոսնում գտա, այնտեղ՝ անարգանք.
Այստեղ՝ դսրովում, այնտեղ՝ պարսավներ,
Այստեղ՝ ծանակում, այնտեղ՝ նախատինք,
Այստեղ՝ դառնություն, այնտեղ՝ կշտամբանք,
Այստեղ՝ վարանում, իսկ այնտեղ՝ լքում,
Այստեղ՝ հեծություն, այնտեղ՝ հառաչանք,
Այստեղ՝ կասկածներ, այնտեղ՝ իրացում,
Այստեղ՝ տագնապներ, այնտեղ՝ հատուցում,
Այստեղ՝ փորձություն, այնտեղ՝ դատաստան,
Ուր չի լինի ո՛չ իրավունքի խոսք, ո՛չ ձայն աղերսի,
Ո՛չ օրերը՝ թիվ, ո՛չ ժամանակը վախճան կունենան,
Ո՛չ հուսո շավիղ կգտնես, ո՛չ էլ՝ ողորմության դուռ,
Ո՛չ՝ պահապան աջ, ո՛չ էլ՝ օգնող ձեռք։
Գ
Բայց ապավեն ես դու և փրկություն,
Խնամարկություն ու երանություն,
Ողորմում ես դու, քավում, բժշկում, ո՛վ միակ հզոր,
Կենսաձիր, անճառ, տեր Հիսուս Քրիստոս բարերար Աստված,
Օրհնյա՛լ և օրհնյա՛լ և դարձյալ օրհնյա՛լ,
Քո սուրբ Հոգու հետ բարձրացած հավետ
Մեծիդ իսկության հոր փառքի համար՝
Հավիտյաններից հավիտյանս, ամեն։