ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, քանզի միապէս մատնէ կորստեան
Եւ զղջումնն ուժգնապէս, եւ մեղանչելն մոլեգնաբար,
Զի թէ եւ աւտարացեղ իմն են ի միմեանց այլայլութիւնք նմանութեանցն,
Սակայն զկերպարանս երկաքանչիւրոցն առ միմեանս եդեալ`
Զմի եւ զնոյն վհատութեան ծնունդս արտադրեն.
Զի մինն զհզաւրին ձեռն իբր ապիկար թերահաւատէ,
Իսկ միւսն, ըստ նմանութեան քառոտանեաց պաճարեղինաց,
Յանզգայս եղեալ` զյուսոյն առասան խզէ,
Վասն որոյ, ընդ առաջնումն միշտ փաղաքշեալ, հանապազ խնդայ սատանայ,
Իսկ երկրորդաւն, ըստ նմանութեան լափլիզող, դժոխորովայն գազանի,
Իբր կերակրով` արեամբ պարարի:
Բ
Եւ արդ, իբր զգանեալ բազմահարուածեան հեծանաւ
Եւ յափն մահու ժամանեալ,
Դոյզն ինչ դարձումն շնչոյ ընկալեալ
Եւ յոգի կենդանի եկեալ`
Կազդուրեցայց, պատսպարեցայց, կանգնեցայց,
Յարեայց յանկենդանականս կորստենէ,
Աւժանդակեալ Քրիստոսի ձեռամբն,
Որ գթածն է յամենայնի,
Ի բարերար յերկնաւոր Հաւրէն
Փրկութեան եւ բժշկութեան պտուղ ընձեռեալ
Ինձ` մեղուցելոյս, ախտացելոյս եւ մահացելոյս:
Եւ սկզբնաւոր ողբերգութեան այսր աղերսանաց
Զհաւատոցն շինուած կառուցից.
Քանզի եւ ոմն ի նախնեացն, սոքիմբք զինեալ,
Փոխեցաւ իսկոյն յանմահականն վիճակ վերին,
Զապաշխարութեանն դեղ ընկալեալ` ապաշաւանաց թոշակաւն
Զգրաւականն անեղծութեան աստէն ժառանգեաց:
Ի վեր, քան զորոց առաքեալ ընդ նմին ցուցանէ,
Որք, զհանդէսն մրցանակին յերկրի կատարեալ,
Ապագայիցն եւ երկնաւորացն յուսոյ հաւատացին
Եւ անտեսցին ճոխութեամբ փարթամացան:
Գ
Նա զի եւ ի մահ մեղուցեալն,
Եւ ի մետաղս այսոցն կրկին ընկլուզեալն,
Եւ յանդունդս չարեաց սուզեալն
Ունի զայս նշոյլ փրկութեան կենաց`
Վերստին գտանել սովաւ ելս քաւութեան,
Իբր պարտաւորն աչաց անձրեւով յամենակալին գթութեանց
Կրկին բարգաւաճեալ երկիր, նուիրեալ Հոգւոյն Աստուծոյ,
Ամենահրաշ ծաղկաւէտ գտաւ:
Իսկ զխրախոյս տէրունի պաշտելի բանին յիշեալ առ սմին`
Զամենայն ինչ հնարաւոր է այնմ, որ հաւատայն,
Է զի եւ զչափն ընտրականացն բարեմասնութեան
Աստուծոյ հաճելեացն զննեալ աստանաւր`
Զայս պատկեր բանի ընկալաք նախնի գահերէց
Առ ի սրբութեանցն մոտ սովիմբ հանդերձել,
Առանց որոյ եւ ոչ Տէրն փառաց
Զիւրսն առ մեզ հրաշագործեաց զաւրութիւնս,
Եթէ ոչ նախ լծակից խնդրեաց
Բարերարութեանն իւրոյ զհաւատսն մեր:
Ուստի եւ կեանս ընձեռել զաւրէ
Ինքնիշխան բաւականութեամբ` առընթեր գոլով Աստուծոյ,
Քանզի` Հաւատք քո կեցուցին զքեզ,
Աւրհնաբանեալն Աստուծոյ բերան վկայեաց:
Դ
Քանզի արդարեւ սեռն տեսութիւն,
Եւ կատարեալ իմաստութիւն,
Եւ առ Աստուած ընտանութիւն,
Եւ բարձրելոյն ծանաւթութիւն
Հաւատոց մասն երջանիկ եւ ընտրեալ անուն,
Որ յարաձգեալ մնայ անվթար եւ անփակելի`
Պատուակից գոլով սիրոյ եւ յուսոյ:
Զի եթէ փոքու սերմանի գոյի`
Հատի մանանխոյ չափոյ նուաստի հաւատք
Զլերանց մեծութիւն փոխէ զաւրեղապէս ի սիրտս ծովու,
Ապա յիրաւի ընկալաք զսոյն սկզբնաշաւիղ առաջնորդ կենաց`
Աներկմիտ պաշտաւն առ Աստուած,
Որ զապառնիսն եւ զծածկեալսն
Առանց երկբայութեան ի հոգւոյն աչս տեսանէ
Երրորդութեանն փառատրելի անուամբն պատուեալ հաւատք`
Ընդ սիրոյն դասեալ եւ յուսոյ:
Զի թէ եւ զերիսն հատուածս առանձնաւորականս
Ի մի եւ ի նոյն խորհուրդ դիտեսցես,
Յաւէտ մեծասցիս նոքաւք ի յԱստուած,
Քանզի թէ հաւատաս ի նա` եւ սիրես,
Որով եւ յուսաս աներեւութից պարգեւաց նորին:
Նմա փա~ռք յաւիտեանս:
Ամէն:
Բան Ժ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Թե՛ զղջումն ուժգին և թե՛ մոլեգին մեղանչումը մեզ
Կորստյան են մատնում հավասարապես:
Թեպետև նրանք օտար եմ միմյանց և նմանությամբ իրարից տարբեր,
Բայց եթե քննենք յուրաքանչյուրի էությունը մենք,
Պիտի տեսնենք, որ նրանք երկուսն էլ մղում են մարդուն հուսահատության:
Զի կասկածում է մեկը Հզորի ձեռքի զորությանն,
Իսկ մյուսը չորքոտանի անասնի նման, անզգայաբար
Խզում է հույսի առասանն իսպառ:
Ուստի առաջնին միշտ փաղաքշելով՝ խնդում է սատանան,
Իսկ երկրորդով լիզելով արյունն, իբրև կերակուր՝
Պարարվում է նա դժոխորովայն գազանի նման:
Բ
Արդ, բազմահարված բրով ծեծվածի և մահվան ափը հասածի նման
Դույզն-ինչ շունչ դարձյալ և կենդանության ոգի առնելով՝
Պետք է զորանալ, կազդուրվել ու կանգնել, Հառնել կորստից անկենդանական,
Օգնություն առած Քրիստոսի ձեռքով, որ
գո՜ւթ է տածում բոլորի հանդեպ.
Նաև երկնավոր բարերար Հորից ձեռք բերեմ պտուղ փրկության և բժշկության
Ինձ՝ մեղավորիս և ախտավորիս.
Եվ սկսելով ողբերգությունն այս աղերսանքների,
Ես հավատքի շենքը պիտի կառուցեմ:
Զի ոմն նախնիներից հավատքով զինված՝
Փոխադրվեց իսկույն երկնային կյանքն անմահական.
Ապաշխարության դեղն ընդունելով, զղջման միջոցով՝
Նա անկեղծության գրավականը ժառանգեց այստեղ,
Առավել քան նրանք, որոնց նրա հետ առաքյալն է հիշատակում28Եբր. ԺԱ. 36.
Որոնք երկրի վրա մրցման հանդեսներ կատարելով,
Ապագա երկնավոր պարգևների հույսով՝ հավատացին
Ու փարթամացան անտեսանելի ճոխություններով:
Արդ, հի՛շենք այստեղ Տիրոջ պաշտելի խոսքը խրախուսիչ,
Թե՝ «Ամենայն ինչ հնարավոր է նրան, ով հավատում է»:
Եթե ընտրյալների աստվածահաճո բարեմասնությանց չափն այստեղ քննենք.
Հավատքը պիտի գտնենք գերազանց, ամեն ինչից վեր,
Քանզի նրանով կարող են մտնել սուրբ խորանից ներս:
Առանց հավատքի փառաց Տերն անգամ
Չհաճեց ցույց տալ իր հրաշագործ զորությունը
մեզ, Այլ նախ և առաջ իբրև լծակից իր բարերարությանը,
Մեր հավատքը նա պահանջեց մեզնից:
Նա՛ է մոտեցնում մարդուն Աստուծո,
Կյանք ընձեռելով մեզ իր ինքնիշխան ընդունակությամբ,
Զի օրհնաբանված Աստուծո բերանն էր, որ վկայեց,
Թե՝ «Հավատքը քո փրկեց քեզ»:
Քանզի արդարև հստակ տեսողությունը, կատարյալ իմաստությունը,
Մտերմությունն Աստուծո հետ և բարձրյալին ծանոթ լինելը
Հավատքի մասն են – մի երջանիկ և ընտրյա՜լ բառ,
Որ հարատևելով մնում է անվթար և անպարփակ,
Պատվակից լինելով սիրո և հույսի:
Զի մանանեխի ամենափոքրիկ հատիկի չափով հավատքը եթե
Կարող է ծովի խորքը փոխադրել մեծամեծ լեռներ,
Ապա ճիշտ է, որ կյանքի առաջնորդն այս նախաշավիղ՝
Հավատն ընդունեցինք որպես աներկմիտ աստվածապաշտություն:
Սիրո և հույսի դասակից և Երրորդության փառատրելի անվամբ պատվված
Այդ հավատքն է, որ հոգու աչքերով աներկբայորեն
Տեսնում է ծածուկները բոլոր և ապագան:
Քանզի այս երեք առանձին մասերն եթե միասին և նույն խորհուրդով դիտես,
Նրանց շնորհիվ,
Աստուծով պիտի հավետ ճոխանաս:
Քանզի եթե հավատաս նրան, կսիրես նաև,
Որով և կհուսաս նրա աներևույթ պարգևներին:
Նրան փա՜ռք հավիտյանս. ամեն:
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Թե՛ զղջումն ուժգին, թե՛ մեղանչումը անսանձ, մոլագար,
Կորստաբեր են հավասարապես.
Թեպետև դրանք օտարածին են
Ու երևույթով իրարից տարբեր,
Բայց ըստ էության զուգադրելիս
Կնկատենք, որ երկուսն էլ մարդուն
Մղում, հասցնում են նույն վհատության,
Քանի որ մեկը թերհավատում է հզորի ձեռքին՝
Համարելով այն ապիկար, անզոր,
Իսկ մյուսն, անբան ու չորքոտանի
Անասունի պես անզգայացած,
Իսպառ կտրում է առասանն հույսի.
Ուստի առաջնից փաղաքշվելով՝
Չարախնդում է, հրճվում սատանան,
Իսկ երկրորդով, միշտ լիզելով արյունն իբրև կերակուր,
Պարարտանում է դժոխորովայն մի գազանի պես:
Բ
Արդ, ինչպես մեկը, որ բազմահարված հեծանով ծեծված՝
Հասել է մինչև ափունքը մահու,
Դարձյալ փոքր-ինչ շունչ ու կենդանության
Ոգի առնելով՝ պետք է զորանալ,
Կազդուրվել նորից ու ելնել ոտքի,
Հառնել կորստից անկենդանական
Օժանդակությամբ Հիսուսի աջի,
Որ բարեգութ է բոլորի հանդեպ.
Ձեռք բերելով և երկնավոր հորից
Բազմախտավորիս, մեռյալիս համար
Բժշկության ու փրկության պտուղ՝
Սկզբնավորմամբ այս աղերսական ողբամատյանի
Ես հավատքի շենք պիտի կառուցեմ:
Քանի որ մեկը նախահայրերից
Սրանով զինված, իսկապես, իսկույն
Անցավ երկնային կյանքն անմահական.
Ապաշխարության դեղն ընդունելով՝
Զղջման միջոցով նա անեղծության
Գրավականն իր ժառանգեց այստեղ, ՛
Նույնիսկ ավելի, քան նրանք, որոնց
Հիշատակում է առաքյալն իր հետ,
Թեպետև սրանք ապագայի ու
Երկնավոր հույսի հավատով լցված՝
Երկրում հանձն առան ճգնակեցական ամեն փորձություն
Ու փարթամացան անտես անպատում ամեն ճոխությամբ:
Եթե հիշենք և սրա հետ տիրոջ
Խրախուսական խոսքը պաշտելի՝
«Ով հավատում է, հնարավոր է նրան ամեն բան»,
Ապա ընտրագույն աստվածահաճո
Բարեմասնությանց չափն ու արժեքը որոշելիս՝ միշտ
Հավատը պիտի գտնենք ամենից բարձր ու գերազանց,
Քանզի նրանով կարելի է լոկ
Մերձենալ բոլոր սրբություններին:
Առանց հավատի փառքի տերն անգամ
Չհաճեց ցույց տալ իր հրաշագործ զորությունը մեզ,
Այլ նախ և առաջ, որպես լծորդ իր բարերարության,
Մեզնից անսասան հավատ պահանջեց:
Լինելով տիրոջն առընթեր՝ սա և զորություն ունի
Ինքնիշխանորեն կյանք ընձեռելու,
Ինչպես վկայեց հենց օրհնաբանյալ բերանն Աստծո,
Թե՝ «Քո հավատը միայն քեզ փրկեց»:
Քանզի, արդարև, տեսությունն հստակ,
Իմաստությունը կատարելագույն,
Մտերմությունը երկնավորի հետ,
Ճանաչումն Աստծո՝ մասն են հավատքի,
Այդ երջանիկ ու ընտիր անվան, որ
Հարաձգվելով՝ մնում է հավետ անեղծ, անխափան՝
Որպես պատվակից սիրո և հույսի:
Իսկապես, եթե մանանեխի մի
Փոքրիկ, աննշան սերմնահատի չափ
Հավատն անվրեպ կարող է ծովի
Խորքը փոխադրել մեծամեծ լեռներ,
Ապա իզուր չենք ընդունել մենք այն
Որպես ուղեցույց առաջնորդ կյանքի,
Աստծո աներկմիտ երկրպագության.
Նա է աներկբա՝ հոգու աչքերով
Տեսնում ապագան, ամեն ծածկություն,
Մեծարգված անվամբ փառատրելի սուրբ Երրորդության՝
Որպես դասակից սիրո և հույսի:
Եթե առանձին երեք մասերն այս
Դիտես միևնույն խորհրդով, ապա
Նրանց շնորհիվ Աստծով պիտի հավետ ճոխանաս.
Քանի որ եթե հավատաս նրան, նաև կսիրես,
Որով կհուսաս և աներևույթ իր պարգևներին.
Եվ նրան փա՜ռք միշտ, հավիտյանս, ամեն: