ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, քանզի ի գլուխ կատարման հասեալ
Սակաւամասնեայ կտակի այսր ողբերգութեան,
Արա, Տէր, վախճան դադարման առնուլ
Ընդ այսց բանից մաղթանաց ինքնանախատս կշտամբութեան`
Եւ որ յիս կրին չար սովորութիւնք,
Որ քեզէն կարգեցեր սահման աւետեաց ակնկալութեան
դատապարտելոյս`
Ասելով. Ոչ են կամք առաջի Հաւր իմոյ,
Եթէ կորնչիցի մի ոք ի փոքրկանցս.
Եւ դարձեալ` Այս են կամք Հաւր իմոյ,
Զի զամենեսին ինձ յանձնարարեալս ոչ կորուսից:
Բ
Ահա աւրհնեալ ես ի գթութեան,
Բարեբանեալ միշտ` ի քաղցրութեան,
Խոստովանեալ` յերկայնմտութեան,
Ծանուցեալ` յայցելութեան,
Քարոզեալ Տէր` ի փրկութեան,
Ներբողեալ դու` յառատութեան,
Պատուեցեալ` ի պաշտպանութեան,
Փառատրեալ ես ի փրկութեան,
Երկրպագեալ` յանբաւ բարձրութեան,
Պաշտեցեալ` յանքննութեան,
Գովեցեալ միայն` ի յաղթութեան,
Վերաձայնեալ` ի մեծ զաւրութեան,
Խնկաւորեալ` յողորմածութեան,
Համբուրեցեալ` յանճառ հեզութեան,
Ճաշակեցեալ` ի խոնարհութեան,
Ընդ քեզ` եւ ծնողդ քո երկնաւոր`
Աստուածդ բոլորից մխիթարութեան,
Ըստ որում Հոգիդ քո Սուրբ բարութեան:
Որ զանկեալ զգրաստ թշնամւոյն
Եւ զգայթակղեալ մարդն անբանութեամբ`
Կանոնեցեր ոչ անտես առնել,
Որոյ երախտիս հզաւրիդ ի յիս,
Եւ առաքինութիւն մեծիդ ի բարձունս
Տաւնեալ անդադար յանվախճան փառաբանողաց,
Որովք զայս ձայն աղերսական յարգեալ`
Ընկալցիս մարտիրոսացն պաղատանաւք
Ի հոտ հաճութեան բուրման անուշից:
Եւ այսու փրկանաւք հաշտարար բանի
Զնախնեացն պարտս եւ զաներեւոյթ վէրս,
Միջնովքն եւ վերջնովքն` մահացուցանողաւքն զանձն եւ զմարմին,
Բժշկեա, ամենակարող, զներքինս եւ զարտաքինս,
Զտիպքն եւ զգիծքն եւ զխարանս հարուածոցն`
Բարձեալ եւ մաքրեալ դեղովք ողորմութեանդ
Զկտեալ խածուածս բազմագունիս,
Որք գարշելիս ընդ ախորժելեացն
Քեզ ցուցանեն զէութիւն բնութեանս:
Գ
Եւ եթէ հասից յամս ծերութեան`
Քեւ առաջնորդեալ արժանիս մահու,
Մի թողցես զտկարութիւնս,
Մի անարգեր զալիսն,
Մի կորացուսցես զկործանեալն,
Մի զիջուսցես զկքեալն,
Մի վայրաբերեր զխոնարհեալն,
Մի շնչման հողմոյ մատներ զառկայծեալն,
Մի ընդպահկեսցես զդեդեւեալն,
Մի անվերարկու առներ զսառուցեալն,
Մի անդարման լիցի տագնապեալն,
Մի առանց տածելոյ` յարկն խարխալեալ,
Մի անպատիւ` պատկերն հնացեալ,
Մի պարարտութիւնն` անհամեալ,
Մի շուք շնորհին` անարգեալ,
Մի հնութիւնն` քամահեալ,
Մի նաւ հոգւոյս` ալեկոծեալ,
Մի երկարութիւն յուսոյն` կտրեցեալ,
Մի լար շաւիղին` խզեալ,
Մի ուշ իմաստին` բարձեալ,
Մի գոյին կազմած` զեղծեալ,
Մի ամբարձմանն թեւք` փետտեալ,
Մի զուարթութիւն գեղոյն` տգեղեալ,
Մի ճաճանչ նշողին` քաղեալ,
Մի պատուհանք աչացս` փակեալ,
Մի լուսաւորութիւն նորին` խափանեալ,
Մի պատկերն խաւսուն` անկեալ:
Դ
Ահա աղաչեմ զքեզ, բարեգութ, ամենայն սրբովք պաղատիմ.
Լուր սոցին ինձ կանխաւ, զի զանագանն մի մոռասցիս:
Դու առաջնորդեցեր ինձ, ըստ սաղմոսին, եւ ապրեցուցեր.
Հան, Տէր, ընդ երգողին`
Եւ ի կարծեացն կասկածանաց, յորմէ երկնչիմ:
Իսկ ես չեմ արժանի ի քէն
Եւ ոչ հասարակական կերակրոյն վարձու.
Այլ դու կարող ես սովորաբար եւ առ զլացողս բարեգործել:
Քո են զարմանալիք անճառից բարեաց,
Միայն հրաշագործ առ ամենայն երկայնմտութիւն,
Ընդ Հաւր եւ Հոգւոյդ Սրբոյ աւրհնեալ հանապազ,
Յաւիտեանս յաւիտենից,
Ամէն:
Բան ՁԷ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Եվ ահա, քանզի այս ողբերգության կտակը համեստ հասել է իր ավարտին,
Արա՛ այնպես, Տե՜ր, որ ինքնանախատ կշտամբանքների այս խոսքերիս հետ
Վերջ գտնեն նաև ու դադար առնեն սովորություններն իմ չար:
Դու ինքդ հուսադրեցիր դատապարտյալիս, ասելով՝
«Հայրս չի ուզում, որ կորչի մեկն իսկ այս փոքրիկներից»,
Եվ դարձյալ, թե՝ «Հորս կամքն է, որ չկորցնեմ բոլոր ինձ հանձնվածներին»:
Բ
Ահա՛ օրհնված ես դու գթության մեջ,
Բարեբանված միշտ՝ քաղցրության մեջ,
Խոստովանված՝ երկայնամտության մեջ,
Եվ ճանաչված ես այցելության մեջ.
Քարոզված Տեր ես դու փրկության մեջ,
Եվ ներբողված ես առատության մեջ,
Պատվված ես պաշտպանության մեջ,
Փառավորված ես փրկության մեջ,
Երկրպագված՝ անբավ բարձրության մեջ,
Պաշտված ես անքննության մեջ,
Գովյա՜լդ միակ՝ հաղթության մեջ,
Հռչակված՝ հզորության մեջ,
Խնկավորված ես ողորմության մեջ,
Համբուրված՝ անճառ հեզության մեջ,
Ճաշակված ես դու խոնարհության մեջ:
Եվ քեզ հետ նաև ծնողդ երկնավոր՝
Աստված բոլորի մխիթարության,
Ընդ որում և Սուրբ ու Բարի Հոգիդ,
Դու, որ սահմանեցիր չանտեսել ընկած գրաստը թշնամու
Եվ անբանությամբ սայթաքած մարդուն:
Հզորիդ ինձ ցույց տված երախտիքներն ու առաքինությունը մեծիդ՝
Փառաբանողներն անվերջ անդադար տոնում
են բարձրում, Որոնց հետ, ուշադրությանդ արժանացնելով և այս ձայնն աղերսական՝
Ընդունե՜ս այն դու մարտիրոսների պաղատանքներով,
Իբրև հաճելի և անուշ բուրմունք,
Եվ այս հաշտարար խոսքի փրկանքով՝
Պարտքերը նախնյաց և աներևույթ վերքերը բոլոր,
Հոգին ու մարմինը մահացնող միջիններով ու վերջիններով,
Ներքիններն ու արտաքինները, դրոշմներն ու բիծերը281Միջին՝ ներկա, վերջին՝ ապագա, ներքին՝ հոգեկան, արտաքին՝ մարմնական և մյուսները:
Եվ հատվածների խարանները ողջ բժշկիր, ամենակարո՛ղ,
Ողորմությանդ դեղերով ջնջելով ու մաքրելով
Բազմապիսի խայթվածքների հետքերը ամեն,
Որոնք քեզ համար հաճելիների հետ նմանապես
Ցույց կտան նաև գարշելիները մեր բնության մեջ:
Գ
Եվ եթե հասնեմ խորին ծերության քո առաջնորդությամբ՝ մահվան արժանիս,
Մի՛ լքիր ինձ տկարությանս մեջ և մի՛ անարգիր մազերս սպիտակ,
Մի՛ կորացնիր կործանվածին և կքյալին մի իջեցնի,
Մի՛ ցած բերի խոնարհվածին և առկայծյալին հողմի շնչին մի՛ մատնիր,
Մի՛ բաց թողնի դեդևողին և մի՛ մրսածին՝ անվերարկու
Թող չմնա տագնապյալն անդարման, ոչ էլ խարխլված տունը՝ անխնամ.
Թող չանպատվվի պատկերն հնացած, և պարարտությունը չանհամանա.
Թող որ չանարգվի շուքը շնորհի, և հնությունը չքամահրվի,
Թող չալեկոծվի հոգուս նավն, ու հույսի երկարությունը չկտրվի,
Թող ուղղալարը չխզվի, ու չխանգարվի հիշողությունը,
Թող չքայքայվի մարմնի կազմությունն, ու բարձրացող թևերը չփետտվեն,
Զվարթ գեղեցկությունը չտգեղանա, չքաղվի պայծառ ճաճանչը շողի,
Պատուհաններն աչքերիս չփակվեն և ոչ էլ նրանց լույսը խափանվի,
Թող չընկնի պատկերը խոսուն:
Աղաչում եմ քեզ, բարեգո՛ւթ, ու պաղատում եմ բոլոր սրբերով,
Լսիր այս ամենն իսկ հիմիկվանից, որպեսզի վերջում չմոռանաս:
Դու եղար ինձ առաջնորդ և ազատարար, ըստ սաղմոսողի,
Հանիր նաև ինձ Երգողի հետ, Տե՜ր, կասկածանքներից ու վարանքներից,
Որոնցից սաստիկ վախենում եմ ես:
Թեև արժանի չեմ սովորական կերակուրն անգամ ստանալու քեզանից որպես վարձք,
Բայց դու սովոր ես և կարող նույնպես ապերախտների՛ն էլ բարեգործել,
Քոնն են ամենայն բարիքներն անճառ ու զարմանալի
Հրաշագործդ միայն՝ կատարյալ երկայնամտությամբ:
Օրհնյա՜լ ես դու Հոր և Սուրբ Հոգուդ հետ հավիտյանս. ամեն:
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Քանի որ, ահա, սակավամասնյա
Կտակամատյանն այս ողբերգության
Իր վախճանին է մոտեցել արդեն,
Այնպե՛ս արա, տե՜ր, որ ինքնանախատ
Ու կշտամբական այս խոսքերի հետ
Դադարեն ընդմիշտ և չար ու հոռի սովորույթներն իմ։
Չէ՛ որ քո դրած կանոնակարգով
Դատապարտյալիս հույս ավետեցիր
Ասելով՝ հայրս չի կամենում, որ
Այս փոքրիկներից գեթ մեկը կորչի.
Եվ դարձյալ՝ Հորս կամքն այն է, որ ես
Ինձ հանձնարարված բոլորին նայեմ, պահեմ անկորուստ։
Բ
Օրհնաբանված ես քո գթածությամբ
Եվ քո քաղցրությամբ բարեբանված միշտ,
Խոստովանված ես որպես հանդուրժող,
Ճանաչված ես քո խնամարկությամբ,
Ավետարանված՝ որպես փրկություն,
Ներբողված ես քո առատատրությամբ,
Քո պաշտպանությամբ բարեհոչակված,
Որպես փրկարար՝ պսակված փառքով,
Երկրպագված ես բարձրությամբ անբավ
Ու պաշտված անհաս քո անքննությամբ,
Գովաբանված ես որպես միշտ հաղթող
Ու վերաձայնված քո մեծ զորությամբ,
Խնկավորված ես որպես ողորմած,
Համբուրված ես քո հեզությամբ անճառ
Ու ճաշակված ես քո խոնարհությամբ.
Օրհնաբանված են քեզ հետ նաև քո ծնողն երկնավոր՝
Աստվածն ամենքի մխիթարության
Եվ քո սուրբ Հոգին ամենաբարի,
Որը կանոնեց չանտեսել երբեք
Թշնամու ընկած գրաստը անգամ
Եվ անբանությամբ սայթաքած մարդուն։
Երախտիքներդ իմ մեջ են, հզո՜ր,
Իսկ բարձունքներում տոնվում է մեծիդ
Առաքինությունն՝ անվերջ, անվախճան փառաբանությամբ,
Որին, ընդունված պաղատանքներով մարտիրոսների,
Թող որ միանա նաև ձայնը իմ այս աղերսական՝
Որպես հաճելի անուշաբուրում։
Եվ փրկանքով այս հաշտարար խոսքի՝
Քավի՛ր, բժշկի՛ր, ամենակարո՜ղ,
Առաջին մեղքերն ու վերքերն անտես՝
Մարմինն ու հոգին մահվան ենթարկող
Միջինների ու վերջինների հետ,
Ներքինները ու արտաքինները, հետք ու բծերով
Եվ հարվածների խարաններն անթիվ.
Մաքրած դեղերով քո ողորմության՝
Ջնջի՛ր, փարատի՛ր խածվածների այն
Բուշտ ու պուտերը զանազանագույն,
Որ ցույց են տալիս մեր այս բնության՝
Քեզ ախորժի հետ նաև գարշելին։
Գ
Եթե ծերության հասնելու լինեմ
Արժանավորս մահվան՝ բարձրյալիդ առաջնորդությամբ,
Մ՛ի լքիր անզոր տկարությունս
Եվ մի՛ անարգիր ալիքները իմ,
Կործանվածիս էլ մի՛ կորացրու,
Մի՛ նվաստացրու կքվածիս նորեն,
Խոնարհվածիս էլ մի՛ ստորացրու
Եվ առկայծողիս մի հանձնիր շնչին վայրագ հողմերի.
Մի՛ թող դողդոջիս ապավինազուրկ,
Սառածիս՝ անօգ, մերկ ու անհանդերձ։
Տագնապահարը թող որ չմնա անճար, անսփոփ,
Հարկը խարխլված՝ անխնամակալ,
Պատկերն հնացած՝ անշուք, անպատիվ,
Պարարտությունը թող չանհամանա,
Թող որ չանարգվի փառքը շնորհի,
Ու չարհամարհվի հնությունը հեգ։
Թող չալեկոծվի նավը իմ հոգու,
Երկարությունը հույսիս՝ չխզվի,
Ու չկտրվի շավղիս լարն իսպառ,
Միտքս չցնդի, ու չքայքայվի կազմվածքը գոյիս,
Թևերս ամբարձման թող որ չփետվեն,
Թող զվարթադեմ գեղեցկությունն իմ չտգեղանա,
Ու չանհետանա ճաճանչը փայլիս,
Պատուհանները աչքիս՝ չփակվեն,
Եվ ոչ էլ նրանց լույսը խափանվի,
Թող չընկնի պատկերն իմ այս բանական։
Աղաչում եմ քեզ ահա, բարեգո՜ւթ,
Ու պաղատում եմ բոլոր սրբերով.
Լսի՛ր ինձ կանխավ, որպեսզի հետո, արդեն ուշացած,
Աղաչանքներն իմ այս չմոռացվեն։
Առաջնորդեցիր ինձ ու փրկեցիր, ըստ սաղմոսողի,
Ազատի՛ր նաև, երգողի նման,
Այս չարակասկած տարակույսներից,
Որոնցից այնպե՜ս սարսափում եմ ես։
Թեպետև, իրավ, քեզնից հասարակ
Իմ կերակրի վարձին մինչևիսկ արժանի չեմ ես,
Բայց դու կարող ես, քո սովորությամբ,
Բարեգործել և ապերախտներին։
Քոնն են անպատում սքանչելիքներն ամեն բարիքի,
Եվ դու ես միայն ամենքին՝ անչար
Հանդուրժողությամբ հրաշագործում,
Հոր հետ, սուրբ Հոգովդ, օրհնյա՜լ հանապազ
Հավիտյաններից հավիտյանս, ամեն։