ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Իսկ արդ, վասն զի արթնականն մեր զուարթութիւն
Քեզ ննջումն իմն է համարեալ,
Իսկ ի խոր թմբրութիւն լռելն
Վասն ուղիղ հաւատոյն ի քեզ`
Անթարթափ բացութիւն աչաց,
Ուղղեա հոգւոյդ քոյ իմաստութեամբ
Զյաջողուած ձեռինս գործոյ`
Ընդ հեծութեան ձայնիս մաղթանաց,
Զաւրացո, Տէր, ի հանդէս բարի
Ճգնաւորական արի վաստակոյ,
Կցորդ լեր կարեացս տկարութեան:
Թեթեւս կացո զաշխատութեանս այս սկիզբն,
Արագեա, միշտ կարող, զյառաջադրեալ ձեռակերտս,
Դիւրաւորս ընթացո ի յաւարտումն լրմանն,
Ի վախճան իրին բերկրութեան զիս հասո,
Ժաման կացուսցես ի հանդիպումն յուսոյն,
Կցորդ լեր ուղւոյն ճանապարհիս ընթացից,
Ի թռիչս ամբարձման փութացուսցես յաւգտակարն:
Ընդ աջմէ իմ լիցիս ի վտանգի ծանրութեանն,
Զձայն քո լուո ի յանձկութեանն պահու,
Ձեռամբ քո կեցո ի կորստեանն ժամու,
Մատամբ քո ազդեա ի սահմանին անձկութեան,
Հարթեա զխորոց ամենաչար խափանմանն,
Հոգեղինին առաքմամբ` ըստ Ամբակումայ ինձ հնարեա,
Բան ինձ շնորհեա ի յատենի բազմութեանն.
Իմաստութիւն յիս տնկեա ի հանդիպման քննութեանն,
Ամպով կամաց քոց հովանացիր հրաշապէս,
Հանդարտեցո փայտիւդ կենաց զծովուս մրրիկ,
Սանձեա զաստեաց կենցաղոյս պատկեր քոյին հրամանաւդ:
Քանզի թէ աստ ողորմութիւն քո, Տէր, կամեսցի,
Այս լուծութիւն կոհակաց կարծր է, քան զվէմ,
Եւ թէ ի ցամաքի անտես առնիցես,
Իբր զանկայուն` պնդութիւն յատակիս
Ի ներքոյ աստի հոսեալ սասանի:
Բ
Արդ, ընկալ, Յիսուս,
Զպաղատանացս ձեռնարկութիւն` քեզ ի հաճութիւն
Եւ արա ինձ զամենակարծն գայթակղութիւն` մեծ վստահութիւն:
Որպէս ի ջրահեղձոյց ամենակործանն դարու,
Որք ի հարթ տարածման գետնի
Առանց երկիւղի յանհոգս կէին,
Յողորմութենէդ ամայի մնացեալ` կորուսան,
Իսկ ընդ հովանաւոր մածուածով լաստիւն
Յոգնատատան հիմանն հայթհայթանաւք
Յանուն գթածիդ յեցեալ` պահեցան,-
Ընդ որս եւ զաղաչողս մշտատատան
Ի նաւահանգիստն խաղաղութեան
Մարդասիրապէս պրծեալ ապրեցո:
Վարձս ի քոյոցդ ընդ իս բերելով հոգեւոր շահից,
Զստորաբերս այս ստուարութիւն պարտուցս լքեալ,
Բանիդ առակաւ, ի քեզ, Տէր, անկայց`
Միացեալ իսպառ անբաժանելի, աւրհնեալ յամենայնի:
Եւ կցորդելով այսմ մաղթանաց հոգեղէնքն ամենամաքուրք`
Ընդ հողեղինացն մարտիրոսաց,
Որք ջրով եւ հրով փորձեցան
Եւ յելից զերծմանն ընդ մեր խնդրեցին
Եւ մեզ յիշատակ թողին աւգնութեան,
Ասասցեն ընդ մեզ համաբանաբար զուգամասնութեամբ`
Եղիցի~, եղիցի~:
Բան ՁԵ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Եվ քանզի զվարթ արթնությունը մեր նինջ ես համարում,
Իսկ լռությունը խոր թմրության մեջ՝ ի քեզ ունեցած
Ուղիղ հավատքի համար՝ աչքերի ակնթարթ բացություն,–
Ուստի հոգուդ իմաստությամբ ուղղի՛ր հաջողվածքն իմ ձեռնարկածի,
Որի համար ահա աղոթում եմ ես մաղթանքներիս հեծեծագին ձայնով:
Զորացրու ինձ, Տե՛ր, ճգնավորական բարենպատակ իմ վաստակի մեջ,
Կարեկից եղիր իմ տկարությանն ու թեթևացրու սկիզբն աշխատանքիս:
Արագացրու առաջադրված այս ձեռակերտս, մշտապե՜ս կարող,
Դյուրացրու նրա ընթացքը դեպի ավարտում լրիվ:
Բերկրությամբ հասցրու ինձ գործի վախճանին,
Արա՛ այնպես, որ ժամանակին հասնեմ նպատակիս,
Ուղեկից եղիր իմ ճանապարհին,
Բարձր թռիչքով դեպի օգտակարն ինձ շտապեցրու,
Աջ կողմս կանգնիր ամենածանր վտանգի դեպքում,
Լսեցրու ձայնդ անձկությանս պահին,
Կորստյան ժամին ձեռքովդ փրկիր,
Ներգործիր մատովդ, երբ որ նեղն ընկնեմ.
Հարթիր արգելքներն ամենաչար խափանման,
Հոգեղենիդ առաքմամբ, ինչպես Ամբակումին, ի՛նձ էլ ճար արա,
Խոսք շնորհիր ինձ ատյանում, կանգնած՝ բազմության առաջ,
Իմաստություն դիր իմ մեջ, երբ դեմ-հանդիման կանգնեմ քննության:
Կամքիդ ամպով հովանի եղիր ինձ հրաշապես,
Ու հանդարտեցրու քո կենաց փայտով մրրիկն
իմ ծովի, Սանձիր երկրային կենցաղի պատկերը քո հրամանով.
Զի եթե դու, Տե՛ր, ողոմությունդ կամենաս ցույց տալ,
Կոհակներն այդ լույծ կարծր կլինեն ավելի, քան քար,
Իսկ եթե զլանաս խնամքդ ցամաքում՝
Ամուր գետինը, որպես անկայուն, փուլ կգա իսկույն մեր ոտքերի տակ:
Բ
Ընդունի՛ր, Հիսուս, ձեռնարկությունն այս պաղատանքներիս՝ քեզ ի հաճություն,
Եվ ամենակասկածելի սայթաքումն իմ փոխարկիր մեծ վստահության:
Ինչպես ջրհեղեղի ամենակործան դարում,
Ովքեր գետնի հարթ տարածության վրա ապրում էին անհոգ, առանց երկյուղի,
Ողորմությունիցդ զուրկ մնալով՝ կորստյան մատնվեցին.
Իսկ հովանավոր լաստի երերուն հատակի վրա
Գթածիդ անվամբ ապավինվածներ պահպանվեցին,-
Այդպես, նրանց հետ և ինձ մշտերեր աղաչավորիս
Մարդասիրաբար ազատիր և տար դեպի խաղաղ նավահանգիստ:
Հոգևոր շահի վարձն ինձ հետ բերելով,
Եվ իմ բազմաթիվ և ստորաքարշ մեղքերս թողած,
Քո առակավոր խոսքի համաձայն, քեզ եմ գալիս, Տե՛ր,
Միանալով քեզ հավերժ անբաժան, օրհնյա՜լդ համակ:
Եվ կցորդելով այս մաղթանքներին հոգեղեններն ամենամաքուր
Մարտիրոսների հետ այն հողեղեն, որոնք փորձվեցին հրով ու ջրով,
Եվ մեր փոխարեն խնդրեցին քեզ այս աշխարհից ելնելիս,
Եվ մեզ հիշատակ թողին օգտակար,–
Մեզ ձայնակցելով, միայն ասեն՝ թող լինի՛, լինի՛:
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արդ, քանզի զվարթ արթնությունը մեր նինջ
ես համարում,
Իսկ լռությունը խոր թմրության մեջ՝
Առ քեզ ունեցած ուղիդ հավատքով՝
Աչքերի սթափ-անթարթ բացություն,
Լսելով աղերսն այս հեծեծագին՝
Քո իմաստությամբ ձեռնարկած երկիս տո՛ւր հաջողություն։
Զորացրո՜ւ, տե՜ր, ճգնավորական
Արի ու բարի այս գործի համար.
Օգնակա՛ն եղիր տկարությանս,
Թեթևացրո՜ւ սկիզբը ծանր այս աշխատանքի,
Դյուրընթա՛ց արա, մշտապես կարո՜ղ,
Առաջադրած ձեռակերտն իմ այս,
Արագացրո՛ւ ավարտը նրա,
Բերկրությամբ հասցրո՛ւ գործի վախճանին,
Շտապեցրո՛ւ իմ հանդիպումը նպատակիս հետ,
Ուղեկի՛ց եղիր ճամփիս ընթացքին,
Վսեմ թռիչքով դեպի օգտակարն արագ հասցրո՛ւ։
Աջ կողմս եղի՛ր ամենածանր վտանգիս պահին,
Անձկության դեպքում ձայնդ լսել տո՛ւր,
Կորստյան ժամին ձեռքովդ ազատի՛ր,
Մատովդ օգնի՛ր, երբ որ նեղն ընկնեմ,
Հարթի՛ր արգելքը դժնի խափանման,
Ամբակումի պես, հոգեղեն մեկի առաքմամբ փրկի՛ր,
Օժտի՛ր ինձ խոսքով, երբ որ ատյանում
Բազմության առաջ կանգնելիս լինեմ,
Իմաստությո՛ւն տուր քննության ժամին:
Կամքիդ ամպերով հովանի՛ եղիր ինձ հրաշապես.
Կենացդ փայտով հանդարտեցրու մրրիկը ծովիս,
Հրամանովդ սանձի՛ր պատկերներն այս երկրակենցաղ,
Քանզի եթե, տե՜ր, ողորմությունղ ցույց տալու լինես,
Լույծ կոհակները ապառաժից էլ կարծր կդառնան,
Իսկ եթե անտես անես ցամաքում,
Ամուր գետինը անկայուն դարձած,
Խարխլված, փլված՝ իսկույն կհոսի մեր ոտքի տակից։
Բ
Ընդունի՛ր, Հիսո՜ւս, ձեռնարկությունն այս
Իմ պաղատական՝ քեզ ի հաճություն,
Փոխի՛ր շփոթն ու տարակույսներն իմ
Ամենավարան՝ մեծ վստահության։
Ինչպես ջրաշեղջ ամենակործան աղետի դարում
Հարթավայրերում անհոգ, աներկյուղ
Ապրողները, քո ողորմությունից
Զրկված, մատնվեցին անհետ կորստյան,
Այնինչ բազմերեր հիմքին տատանվող
Փայտամած լաստին վստահածներն այն,
Ապավինելով գթածիդ անվան, փրկված ապրեցին,—
Ահա նրանց պես և ինձ՝ մշտերեր
Աղաչավորիս, մարդասիրաբար
Փրկելով հասցրո՛ւ խաղաղ հանգրվան,
Որպեսզի լքած պարտքերիս ծանր
Ստվարությունը այս ստորաքարշ,
Հետս բերելով վարձը հոգևոր քո շնորհների,
Քո առակավոր խոսքի համաձայն,
Գամ, տե՜ր, անբաժան քեզ միանալու
Հավիտենապես, օրհնյա՛լդ համակ։
Այս մաղթանքներին միացած նաև
Հոգեղենները ամենամաքուր՝
Մարտիրոսների հետ այն հողեղեն,
Որոնք փորձվեցին հրով ու ջրով
Եվ մեր փոխարեն՝ շունչն արձակելիս
Խնդրեցին մեծիդ ու մեզ հիշատակ թողին օգնության,—
Համաբանաբար մեզ ձայնակցելով՝
Մեզ հետ պիտ ասեն՝ թող լինի՜, լինի՜։