ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Բայց քանզի ի վերայ այսքանեաց գերութեանց
Ամենաթշուառ վտանգաւորիս` մի զմիով ել եւ ելս առնելոյ,
Զորոյ կերպարանս անցիցն ի մասնէ վերաճառեալքդ նախագրեցին,
Ուստի եւ փոխեալ զեղանակ բանիս,
Այլ ոչ զեղկութիւն աղէտիս:
Այն զի ծով է ինձ ծփանաց
Կենցաղոյս բերմունք յոյժ նմանագոյն,
Յորում կոհակաւք բազմաւք անթիւ դիմեցմանց
Տատանեալ հոգիս ի յայսմ աշխարհի`
Մարմնոյս շինուածով, իբր ի նաւակի:
Զոր Եսայիաս մարգարէ զյանկարծադէպ կատարածն,
Որ ի պարսկականն հինից,
Երուսաղեմի եւ Սամարիայ կործանմանն,
Նմանութեամբ այսր աւրինակի կերպաւորեցոյց,
Որ եւ առ իմս հոգեւորական խորտակումն զուգաձայնել ոչ է սխալական:
Բ
Քանզի մինչդեռ չուէի ես յանհոգութեան անտարակոյսն վստահութեամբ,
Դոյզն կասկած արկածից ի միտ բերելով առ խտրոց փոքր միջոցին,
Որ ի մէջ հանգստեանն եւ աշխատութեանն,
Իբր այն թէ հասեալ իցեմ,
Ձմեռն յամարայնի բքաբեր հողմով ժամանեալ`
Երեքալեանն դիմակցութեամբ ամբոխեաց զհանդարտութիւնն,
Ուստի նաւն ի բախմանէ վայրենի ալեացն խորտակեցաւ:
Թեւոցն ձեռնարկութիւն քայքայեցաւ,
Կայմն ամբարձման ի կայից իւրոց խլեցաւ,
Առագաստին թռչարան յանկարկատելի ծուէնս պատառեցաւ,
Շինուածոյն շուք անզարդեցաւ,
Առասանք ձգողականացն խզեցաւ,
Տեսարան գլխոյն դիտակի խոնարհեցաւ,
Ապաւանդակին պարան կտրեցաւ,
Ապաւինութիւն խարսխին լուծաւ,
Լուծք ստուարք ամոլիցն կցորդութեան բաժանեցան,
Սամիք ուղղչացն հետոց գալարեցան,
Լաստ հիմանն հաստարանի ընկղմեցաւ,
Ղեկացն կառուցմունք անդրէն սուզան,
Չուոցն յարմարութիւնք պակասեցան,
Ողնափայտին պատսպարան իսկոյն բեկաւ,
Կապարանք զստին հաստուածոյ յաւշատեցաւ,
Գոգք ամփոփման ծոցոյն կազմածոյ անարգեցան,
Խելք շրթանցն եզերաց խախտեալ ոստեաւ,
Պաղպաջունք բազմականացն անկեալ բարձաւ,
Վանդակապատին վայելչութիւն յատակեցաւ,
Գահաւորակին հանգստարանն շփոթեցաւ,
Մածմունք տախտակաշարք ի միաբանութեանց միմեանց անջատեցան,
Հեղոյսք պնդման բեւեռացն քարշեցան:
Գ
Արգասիք իրին յիշատակարան ողբոց ինձ նմանեցաւ:
Նաւուղիղն հանդէպ նաւին դեգերեալ ողբայ,
Ձեռն ի ծնաւտի եդեալ` արտասուաց գետս իջուցանէ,
Նշմարք սակաւ մնացուածոցն, ի ծայրից ծփմանց ազդելոյ ծովուն,
Իբր խողխողեալ բանաւոր, ողորմագին թախծանաւք հեծէ:
Վասն զի թէ զբարի նաւապետն երկնաւորաւքն զաւրաւք յաշխարհիս ծովու
Առ ի զխորտակեալս իմ տապան իմանալի գոյութեանս
Առցէ աշխարել բանիս յարմարութիւն,
Ոչ ինչ վրիպեսցէ ի ստուգութենէ:
Քանզի արդարեւ ելաց բարեգութն տէր,
Յառակ մարդկութեանս, զթաղեալ ազգակիցն,
Ելաց առ նմին եւ զԵրուսաղէմ մոլեալ եւ զՅուդաս մոլեգնեալ,
Յորոց երկուցն կորեաւ վստահութիւն`
Յաւրինակ նմանութեան աղարտեալ նաւի,
Իսկ միւսն, հասեալ յատակս անդնդոց,
Առասան յուսոյն ձեռամբ ունողին
Յանքոյթն արտաբերեաց խաղաղութիւն:
Դ
Արդ, իցէ՞ թէ յաւելից հայել զբազմախորտակելի տապանակ մարմնոյս իմոյ նորոգեալ,
Իցէ՞ արդեւք տեսանել զփշրելս նաւ ողբալի հոգւոյս ողջացեալ,
Իցէ՞ արդեւք տեսանել զբաժանեցեալս միջոցաւ մեծաւ վերստին կցեալ,
Իցէ՞ արդեւք տեսանել զյոգնաթախիծ սիրտ վշտացելոյս բերկրեցեալ:
Արդ, իցէ՞ ակն ունել նայել զյաւէտ խաթարեալ կերպարան բնութեանս կրկին հանդերձեալ,
Իցէ՞ արդեւք թէ տեսից զքակտեալ տաղաւար թշուառացելումս միւսանգամ կանգնեցեալ,
Իցէ՞ արդեւք յուսալի նայել զտարամերժեալ գերիս ազատեալ,
Ապաքէն գուցէ՞ ակն ունել զանկեալս ի շնորհէդ լուսոյ դարձեալ կազդուրեալ:
Արդեւք տեսի՞ց զվայելչութիւն ընտանիդ քո պայծառութեան յողորմութիւն ինձ երեւեցեալ,
Եթէ տեսի՞ց երբէք զամենատխուր կերպարան հոգւոյս իմոյ ժպտեցեալ,
Արդեւք լուա՞յց ընդ ձայնի գուժիս աւետեաց համբաւ ինձ առաքեցեալ,
Արդեւք տեսի՞ց զբիւրակործան վնասեցեալս անաւթ կազմեցեալ:
Իցէ՞ թէ տեսցեն պատուհանք աչացս իմաստից զմուրհակ պարտուցս իմոց պատառեալ,
Եթէ յայտնեսցի՞ աւրն իմ անձկութեան շնորհին քաւութեան բարւոք ինձ ծագեալ,
Արդեւք մտի՞ց ի խրախճանութիւն խորանին լուսոյ` քեւ առաջնորդեալ:
Իցէ՞ թէ կենդանի լինիցին ոսկերքս, ըստ Եզեկիելի,
Ցամաքեալքս ի կենդանութեանց` եկաւորութեամբ ազդողական շնչոյս զաւրացեալ,
Իցէ՞ թէ յաւելից հայել ի տաճար սուրբ քո, աղաղակաւն մարգարէին
Ի պորտոյ կիտին, հերքեալ ի լուսոյ, որ կամ առաջի քո ամաչեցեալ:
Եթէ լինիցի՞ խաւարասնունդս մթացելոյ ծագման առաւաւտ,
Եթէ հասցէ՞ տեսանել զտագնապեալս մշտասառոյց յեղանակս գարնանն մաւտ,
Եթէ տեսի՞ց զցաւղ անձրեւոյն կանաչացուցանողն հոգւոց ինձ արաւտ,
Եթէ իցէ՞ երբէք նկատել զգազանաբեկ հերքելի ոչխարս վերստին կամաց գթութեան քո հաւտ:
Ե
Եւ քանզի, ըստ բանին Յոբայ, շուրջ պատեալ են չարեացն հնարք,
Ընդ որ ոչ կարացից անցանել,
Իսկ եթէ լոյս ողորմութեան բարերար կամաց քոց ցուցցի,
Գթութեան քոյ դուռն բացցի,
Ճառագայթ փառաց քոց ծաւալեսցի,
Խնամք ձեռին քոյ յայտնեսցի,
Արեգականդ կենաց աւր տարածեսցի,
Առաւաւտիդ ըղձալի տեսիլ մերկասցի,
Առատութիւն քաղցրութեան քոյ աղբիւրասցի,
Վտակ արարչիդ կողից հոսեսցի,
Ծորումն անապական սիրոյ քոյ հեղցի,
Ծագումն աւետեաց շնորհի քոյ երեւեսցի,
Պարգեւիդ քոյ ծառ ծաղկեսցի,
Մասունք աւրհնեալ մարմնոյդ բաշխեսցի,
Համառաւտեալն ակնկալութիւն հանդիպեսցի,
Հատուածեալն ձայն ողջունի քոյ, Տէր, լուիցի,
Հեռացեալդ խաղաղութիւն մերձեսցի,-
Յայսոսիկ յաւէտ սովին սահմանաւ երանականաւ,
Հաւատ ընկալեալ յուսոյ հաստատնոյ,
Ապաւինեալ ի Հոգիդ քո Սուրբ,
Որ ընդ Հաւր քում պաշտի ձայնիւ քաղցրութեան`
Ընդ քեզ փառաւորեալ ի լոյս անմատոյց,
Որով կեանք եւ երանութիւն քաւութեամբ հանդերձ ընծայեալ ինձ` մեղապարտիս:
Յաւանդ անկորուստ ընդ իս պահելով
Առհաւատչեայ ճշմարիտ յիշատակի ի ձիր անեղծութեան,
Անուամբդ անճառելեաւ ահաւորութեան հզաւրիդ սրբոյ միայնոյ
Եւ անքննելի տէրութեան երրեակ անձնաւորութեանդ,
Որ եսդ յիսկութեան յէութեան
Եւ յարակայութիւն բարձրութեան,
Քաղցրութեամբ, ողորմութեամբ եւ մարդասիրութեամբ
Պսակեալ, հանդերձեալ եւ թագաւորեալ:
Այո, առ ամենեսեան ամենայնիւ յամենայնի կարող ես, գթած,
Եւ քեզ վայել է փառք յայսմ յաւիտենի
Եւ ի հանդերձեալ մշտնջենաւորութիւն
Յայտնութեան աւուրն մեծի յաւիտեանս:
Ամէն:   up

Բան ԻԵ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ քանզի նախորդ իմ ողբերի մեջ ես մասամբ միայն նկարագրեցի
Մեկը մյուսից ծանր ու գերազանց մեղքերն իմ այնքա՜ն,
Որոնց գերին է դարձել վշտակիր և թշվառ հոգիս,–
Ուստի ես պիտի փոխեմ իմ խոսքի եղանակն հիմա,
Բայց ո՛չ ավաղանքն իմ աղետների:

Բ

Կյանքըս ինձ համար նման է սաստիկ ծփացող ծովի,
Ուր հոգիս, մարմնիս շինվածքով՝ իբրև նավակում,
Իրար վրա խուժող անթիվ, անհամար ալիքներից,
Տարուբերվում է միշտ այս աշխարհում:
Եսային ևս այս օրինակով պատկերացրեց
Երուսաղեմի հախուռն ու հանկարծադեպ քանդումը պարսիկ հրոսակներից,
Որ և սխալ չի լինի համեմատել իմ հոգևոր խորտակման հետ:
Մինչ ես չվում էի անհոգ, անտարակույս վստահությամբ,
Հազիվ թե մտքիցն իմ անցկացնելով դույզն-ինչ կասկածանք ինչ-որ արկածի
Փոքր այն միջոցին հանգստի միջև և աշխատության,
Իբրև թե արդեն նավահանգիստը հասած լինեի,-
Եվ ահա՛, ամառվան մեջ ձմեռն հանկարծահաս՝ հողմով իր բքաբեր
Երեքալյան ուժգին բախումով խաղաղությունը խռովեց հանկարծ:
Խորտակվեց նավը՝ վայրագ ալիքների բախումից.
Թիակների կազմվածքը քայքայվեց.
Պոկվեց իր տեղից կայմը վերամբարձ,
Թռչարանն առագաստի պատռվեց ծվեններով անկարկատելի.
Շինվածքի շքեղությունն անշքացավ, Ու խզվեցին բոլոր առասանները ձիգ.
Գլխակողմի բարձրադիր դիտարանը խոնարհվեց,
Կտրվեց պարանն ապավանդակի,
Խարսխի հենարանը քայքայվեց,
Ու բաժանվեցին իրար կցորդված գերաններն երկու.
Ուղղիչների սամիները գալարվեցին,
Ընկղմվեց լաստի հատակը իսկույն, հիմքն ու հաստարանն ամբողջ շինվածքի.
Ղեկի սարքն ամբողջ սուզվեց տեղնուտեղ,
Չվելու հարմարանքները պակասեցին,
Կոտրվեց իսկույն ողնափայտն ամուր.
Կապարանները զիստի ջարդուփշուր եղան,
Նավագոգն անպետքացավ,
Հետնակողմը նավի, եզերող շրթներով, խախտվեց ու դուրս թռավ.
Բազմոցներն ընկնելով՝ անհետացան.
Վայելչագեղ վանդակապատն իջավ հատակ.
Շուռ եկավ գահավորակն հանգստավետ.
Իրար կպած տախտակաշարքերն անջատվեցին իրարից,
Եվ նրանց ամրապնդող բևեռները ելան:
Ողբերի հիշատակարան դարձած արդյունքն ինձ նմանվեց:
Նավապետը դեմ-հանդիման նավի՝ դեգերում է, ողբում,
Ձեռքը ծնոտին դրած՝ արցունքի գե՜տ է հոսեցնում:
Նավից մնացած սակավաթիվ բեկորները ալեկոծ ծովի ծփանքի վրա
Բանականների նման խողխողված՝ հեծում են թախծոտ ու ողորմագին:
Եվ այսպես, ահա՛, սխալված չենք լինի, եթե ասենք,
Որ նավապետը բարի իր երկնավոր զորքով՝ այս աշխարհի ծովում
Իմանալի իմ գոյության խորտակված տապանն է աշխարում.
Քանզի արդարև բարեգութ Տերը լացեց
Իր թաղված ազգակցի վրա, որպես օրինակ՝ համայն մարդկության,
Լացեց նա նույնպես մոլորյալ Երուսաղեմի, ինչպես և մոլեգնած Հուդայի վրա,
Որոնցից երկուսը մնացին անհույս՝ նման քայքայված նավի.
Իսկ մեկը նրանցից արդեն անդունդի հատակը հասած՝
Հույսի առասանն իր ձեռքն ունենալով՝
Դեպի ապահով խաղաղությունը դուրս եկավ նորեն:

Գ

Կտեսնե՞մ արդյոք ես երբևիցե մարմնի տապանակն իմ բազմախորտակ՝ կրկին նորոգված.
Կտեսնե՞մ արդյոք ողբալի հոգուս նավը փշրված՝ կրկին ողջ-առողջ.
Մեծ տարածությամբ բաժանվածս ես կլինե՞մ արդյոք դարձյալ միացած.
Կտեսնե՞մ արդյոք հոգնաթախիծ վշտացյալիս սիրտը դարձյալ ուրախ.
Կարո՞ղ եմ հուսալ՝ հավետ խաթարված պատկերն իմ բնության հարդարված նորից.
Կտեսնե՞մ արդյոք թշվառացյալիս քանդված տաղավարը կրկին կանգուն.
Հուսա՞մ, թե պիտի տեսնեմ տարամերժ հոգիս ազատված,
Եվ լույսիդ շնորհից զրկվածիս կրկին վերակազդուրված.
Պիտի ցույց տա՞ս արդյոք ողորմաբար վայելքն ընտանի քո պայծառության.
Կտեսնե՞մ արդյոք երբևիցե ամենատխուր դեմքը հոգուս՝ ժպտուն.
Արդյոք կլսե՞մ գուժկան ձայնի տեղ ավետյաց համբավն ինձ առաքված.
Կտեսնե՞մ արդյոք իմ բյուրակործան փշրված անոթն վերանորոգված.
Պատուհաններն իմ մտքի աչքերի կտեսնե՞ն արդյոք պարտամուրհակն իմ մի օր պատռված.
Օրն իմ անձկության քավությանդ շնորհիվ՝ կծագի՞ արդյոք քո լույսը վրաս,
Արդյոք կմտնե՞մ լուսախորանի խնջույքը մի օր քո առաջնորդությամբ.
Անկյանք, ցամաքած ոսկորներս կրկին կկենդանանա՞ն,
Ըստ Եզեկիելի՝ ներգործուն շնչիս ետ գալով դարձյալ զորություն առած.
Կլինի՞ արդյոք, որ կրկին նայեմ քո սուրբ տաճարին,–
Ինչպես մարգարեն, որ աղաղակեց կետ ձկան պորտից,–
Ես, որ կանգնել եմ դեմդ ամոթահար՝ լույսիցդ մերժված.
Մթնածիս վրա խավարասնունդ կծագի՞ արդյոք պայծառ առավոտ.
Եվ մշտասառույց տագնապյալս ես կհասցնե՞մ արդյոք գարուն տեսնելու.
Կտեսնե՞մ արդյոք ճարակ ինձ համար հոգիները դալարեցնող ցողն անձրևային.
Կլինի՞, որ տեսնեմ գազանաբեկ մերժելի ոչխարս կրկին քո ամենագութ կամքի հո՜տը դարձած:

Դ

Եվ, սակայն, ինչպես որ Հոբն է ասում,
Չարի թակարդներն անելանելի պաշարել են ինձ,
Իսկ եթե քո բարերար կամքի ողորմության լույսն ինձ ցույց տրվի,
Քո գթության դուռը բացվի, Փառքիդ ճառագայթը ծավալվի,
Ձեռքիդ խնամքը հայտնվի, Կենացդ արեգակի օրը տարածվի,
Քո առավոտյան ըղձալի դեմքը պարզվի,
Քաղցրությանդ առատությունն աղբյուրի պես բխի,
Արարչի կողի վտակը հոսի,
Անապակ սիրույդ ծորումը թափվի,
Ավետյաց շնորհիդ ծագումն երևա,
Պարգևիդ ծառը ծաղկի,
Քո օրհնյալ մարմնի մասունքը բաշխվի,
Սակավ ակնկալությունն իրագործվի,
Ընդհատված ձայնը ողջույնիդ լսվի, Հեռացած խաղաղությունդ մոտենա:
Այնժամ հավիտյան այս պայմաններով երանելի,
Հաստատուն հույսով և հավատով զինված,
Ապավինելով Սուրբ Հոգուդ, որ պաշտվում է
Հորդ հետ և փառաբանվում քաղցրաձայն,
Քեզ հետ լույսի մեջ անմատչելի, քավությամբ
հանդերձ, Ինձ՝ մեղապարտիս կընծայվի և՛ կյանք, և՛ երանություն:
Եվ սրանք որպես անկորուստ ավանդ կպահվեն իմ մեջ,
Իբր առհավատչյա ճշմարիտ հիշատակի՝ ի ձիր անեղծության,
Երրյակ անձնավորությամբ հզոր, սուրբ ու միակ
Եվ անքննելի տերությանդ անճառելի, ահեղ
անունով, Դո՛ւ ես, որ իսկությամբ քո և էությամբ,
Եվ բարձրությամբ քո հարակա, քաղցրությամբ, ողորմությամբ
Եվ մարդասիրությամբ պսակված հավետ թագավորում ես:
Այո՛, բոլորի համար և ըստ ամենայնի, ամենայն բանում կարող ես, գթա՜ծ:
Եվ քեզ վայել է փա՜ռք երկրիս վրա,
Նաև հանդերձյալ մշտնջենական աշխարհում,
Մեծ օրն հայտնության, հավիտյանս. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արդ, որովհետև նախորդ ողբերում 
Մասնակիորեն լոկ պատկերվեցին 
Ամենաթշվառ տաժանավորիս 
Տվայտանքները, այսքա՜ն բազմակույտ, 
Մէկը մյուսից ծանր ու ահավոր, 
Այստեղ էլ, փոխած եղանակը լոկ
բանաստեղծության, 
Կշարունակեմ ավաղումները վիշտ ու աղետիս:

Բ
Կյանքս այս աշխարհում նման է սաստիկ
մրրկածուփ ծովի,
Ուր բազմակոհակ ու ալեխռով 
Հորձանքների խոլ, անդուլ, անընդմեջ
ընդդիմախուժմամբ՝
Տարուբերվում է, ցնցվում է հոգիս 
Մարմնիս շինվածքով, ինչպես նավակում։
Այս օրինակով պատկերեց նաև 
Եսային՝ պարսիկ հրոսակներից 
Երուսաղեմի ու Սամարիայի 
Անսպասելի կործանումն անդարձ, 
Որ զուգաձայնել սխալ չէր լինի 
Հոգևոր անլուր իմ խորտակման հետ:
Քանի որ մինչդեռ չվում էի ես 
Անհոգ, աներկբա մի վստահությամբ՝ 
Փորձության հազիվ չնչին մի կասկած 
Մտանցելով այն փոքր միջոցից, 
Որ մնում էր դեռ մինչև հանգրվան, 
Համարելով ինձ ժամանած արդեն, 
Ձմեռը հանկարծ ամառ ժամանակ 
Բքաբեր հողմով վրա հասնելով՝ 
Երեքալյան իր դիմահարությամբ 
Խառնեց-խռովեց անդորրն հիմնովին, 
Եվ ալիքների վայրագ բախումից նավը խորտակվեց։
Քայքայվեց սարքը թիավարության, 
Հիմնախիլ եղավ կայմը բարձրաբերձ, 
Առագաստն ամբողջ իր թոչարանով 
Պատառոտվելով դարձավ ծվեններ անկարկատելի, 
Զարդերից զրկվեց շինվածքը շքեղ, 
Առասանները ձգման՝ խզվեցին, 
Տապալվեց գլխի դիտարանը պերճ, 
Կտրվեց պարանն ապավանդակի, 
Խարսխակալը քանդվեց հիմնիվեր, 
Բաժանվեցին զույգ կցման լծակներն հաստ
ու ամրակուռ,
Ծռվեցին սամիքն ուղղընթացության, 
Սուլզվեց հիմնալաստ նեցուկը նավի, 
Ղեկն իր կազմվածքով ընկղմվեց անհետ, 
Նավարկությունը զրկվեց իր բոլոր հարմարանքներից, 
Ողնափայտն ամուր կոտրվեց իսկույն, 
Զստակապերը հոշված՝ թափվեցին, 
Ավերակ դարձավ նավագոգն ամբողջ, 
Նավախելը իր եզրաշրթերով խախտված դուրս թռավ, 
Շքեղ բազմոցներն ընկան սուզվեցին, 
Հիմնահատակվեց վանդակապատը վայելչակառույց,
Գահավորակը հանգստարանի փլված խորտակվեց, 
Տախտակամածը քայքայվեց իսպառ, 
Պնդիչ գամերը դուրս թռան տեղից:
Որպես արդյունք այդ ավերածության՝ 
Մնաց ողբերիս հուշարձանն այս լոկ։
Իսկ նավավարը նավի դեմուդեմ 
Ձեռքը ծնոտին դեգերում է դառն
Արտասուքների գետեր թափելով
Եվ նշմարեավ կործանված նավի բեկորները խեղճ,
Որոնք խողխողված բանականի պես
Տարուբերվում են ալեկոծ ծովի ծփանքի վրա, 
Հեծում է անվերջ ցավագին թախծով։
Ճշմարտությունից վրիպում չէ այն, 
Որ հիմա բարի նավապետը իր երկնավոր զորքով 
Աշխարհի ծովում բանական գոյիս 
Խորտակված նավն է աղեկեզ ողբում։
Քանզի, արդարև, տերը բարեգութ, 
Որպես օրինակ մարդկության, լացեց 
Նաև թաղված այն ազգակցի համար, 
Լացեց մոլորյալ Երուսաղեմի, 
Նույնիսկ մոլեգնած Հուդայի վրա,
Որոնցից վերջին երկուսը կորցրին հույսը փրկության՝
Ծովում կործանված այս նավակի պես,
Մյուսը, սակայն, անդնդի հատակն հասնելուց հետո,
Հույսի առասանն իր ձեռքում պահած,
Փրկչի զորությամբ հանգիստ, ապահով
դուրս ելավ նորից։

Գ
Կլինի՞ արդոք, որ բազմախորտակ 
Տապանը մարմնիս տեսնեմ նորոգված:
Պիտի նկատե՞մ ողբալի հոգուս 
Փշրված նավը ողջացած նորեն:
Արդյոք կլինի՞ , որ բաժանվածս 
Մեծ տարածությամբ դարձյալ միանամ։
Կտեսնե՞մ արդյոք սիրտս վշտագնած
Ու բազմաթախիծ՝ նորից բերկրելիս:
Հուսա՞մ, որ մի օր՝ իսպառ խաթարված 
Բուն էությունն իմ կգտնի իրեն:
Պիտի երևա՞ թշվառացյալիս 
Տաղավարն ավեր վերստին կանգուն:
Կլինի՞ մի օր տարամերժ գերիս նորից ազատված։
Լույսի շնորհից ընկածս արդյոք
Կարո՞ղ է հուսալ, որ կկազդուրվի:
Պիտի ցույց տա՞ս ինձ ողորմածաբար 
Այնքա՜ն հարազատ պայծառությունը վայելչանքներիդ:
Արդյոք երբևէ պիտի երևա՞ 
Ամենատխուր հոգիս ժպտերես:
Կլսե՞մ գուժկան ձայնի փոխարեն 
Թշվառիս հասնող ավետիքի լուր:
Կտեսնե՞մ արդյոք իմ բյուրակործան 
Ջարդված անոթը վերանորոգված:
Մտքիս աչքերը պիտի նկատե՞ն 
Պարտամուրհակս պատառված մի օր:
Անձկության ժամին բարեշնորհիդ 
Քավության լույսը կծագի՞ վրաս:
Քո ուղեկցությամբ կմտնե՞մ արդյոք 
Լույսիդ խորանի խրախճանքի մեջ:
Ըստ Եզեկիելի, կկենդանանա՞ն 
Ցամաքած, անկյանք ոսկորներս գոս՝ 
Զորացած դարձով բանական շնչիս:
Կլինի՞ արդյոք, որ նորից նայեմ
քո սուրբ տաճարին, 
Հանց կետի պորտից մարգարեն գոչեց, 
Ես, որ կանգնած ես՝ դեմդ լուսամերժ ու ամոթահար:
Խավարասնունդ մթնածիս վրա 
Կծագի՞ արդյոք պայծառ առավոտ.
Տագնապահարս հավերժասառույց 
Կարո՞ղ եմ հասնել գարնանամուտին:
Կտեսնե՞մ առատ ցողն անձրևային՝ 
Հոգուս արոտը կանաչազարդող, 
Եվ գազանակուր ոչխարս մերժված 
Կմտնե՞մ արդյոք նորից գթառատ կամքիդ հոտի մեջ:

Դ
Եվ այսպես, չարի որոգայթները, 
Ըստ Հոբի խոսքի, անելանելի պաշարել են ինձ. 
Եթե ցույց տրվի բարերար կամքիդ
լույսն ողորմության.
Եթե գթության դռներդ բացվեն, 
Եթե ծավալվի ճաճանչը փառքիդ,
Հայտնվի ձեռքիդ խնամքը, գթա՜ծ,
Տարածվի կենաց օրն արեգակիդ,
Բացվի ըղձալի դեմքն առավոտիդ,
Թե աղբյուրանա առատությունը մեծիդ քաղցրության,
Վտակն արարչիդ կողերից հոսի,
Ցայտի կայլակը անապակ սիրուդ,
Շնորհիդ խոստման ծագումն երևա,
Ծաղկի կենսատու ծառը պարգևիդ,
Բաշխվի մասունքը մարմնիդ սրբազան,
Եթե արծարծվի հույսը առկայծուն,
Լսվի ընդհատված ձայնը ողջույնիդ,
Եվ քո հեռացած խաղաղությունը դարձյալ մոտենա,–
Այդ երանելի վիճակով այնժամ,
Զինված հաստատուն հույս ու հավատով,
Ապավինելով հավետ սուրբ Հոգուդ,
Որը պաշտվում է բարձրյալ հորդ հետ
Ու քաղցր ձայնով փառաբանվում է
լույսում անմատույց, 
Ես մեղապարտս կստանամ և՛ կյանք, 
Ե՛ վ երանություն՝ քավությամբ հանդերձ։
Եվ դրանք իմ մեջ կպահվեն որպես
անկորուստ ավանդ,
Առհավատչյա և ստույգ հիշատակ,
Անմահության քո անեղծ պարգևի, 
Անճա՜ռ, ահավոր, հզոր, միայն սուրբ, 
Անձնավորումդ անքնին, անհաս եռյակ տերության,
Որ իսկության մեջ, բարձր ու հարակա, 
Թագավորում ես՝ պսակազարդված 
Միշտ քո քաղցրությամբ, ողորմությամբ
ու մարդասիրությամբ։ 
Բոլորի հանդեպ ըստ ամենայնի 
Ամեն ինչի մեջ կարող ես, գթա՜ծ. 
Քեզ վայելում է փառք և՛ այս կյանքում, 
Ե՛վ հանդերձյալում մշտնջենական 
Մեծ օրն հայտնության, հավիտյանս, ամեն։