ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ քանզի աւր է աւրհնաբանեալ եւ լուսանորոգ
Կշռութեան երկուց ընտրութեանց
Արարածոցս սասանութեանց`
Յեղանակելոյ յայլ իմն էութիւն երկնակենցաղ անփոխադրելի,
Ամբարձելոցն խոնարհութեան եւ կործանելոցս վերբերութեան,
Սարսափելի ուրբաթու Մեծի պասեքիս,
Յորում եկն եհաս ժամ բարեպատեհ
Գրել ինձ զայս նուագ ձայնի հեծութեան զուարճախառն երկիւղիւ,-
Ահա ըղձալի համարիմ ասել աստանաւր ի քոյոց այտի,
Զոր ընդ իմ կրեցեր, Աստուած բոլորից:
Բ
Կացեր յատենի քում ստեղծուածոյն իմովս կերպիւ,
Ոչ խաւսեցար տուիչդ բանի,
Ոչ բարբառեցար հաստիչդ լեզուի,
Ոչ ձայն արձակեցեր սասանիչդ երկրի,
Ոչ մռնչեցեր ամէնազդեցիկ փողդ մեծութեան,
Ոչ երախտեաւքն քո յանդիմանեցեր
Եւ ոչ չարեաւք նոցին ըմբերանեցեր,
Ոչ մատնեցեր ամաւթոյ զմատնիչսն զքեզ տանջանաց մահու,
Ոչ ի կապելն զքեզ դիմադարձեցեր
Եւ ոչ յապտակելն դժուարեցար,
Ոչ ի թքնուլն թշնամանեցեր
Եւ ոչ ընդ կռփելն երբէք խռովեցար,
Ոչ ընդ կատակելն սրտմտեցար
Եւ ոչ ընդ խաղ արկանելն երեսս փոխեցեր:
Մերկացուցին զզգեստ պատմուճանին` իբրեւ ի տկարէ,
Եւ դարձեալ ագուցին` իբր անփրկանաւոր ըմբռնեցելոյ:
Եթէ ոչ էր արբեալ կրկնակի քացախ` զանգեալ ընդ լեղւոյ,
Ոչ էր հեղեալ մաղձն իմ մթերեալ նախնի դառնութեանն:
Ճաշակեաց վհատութեամբ եւ արգել անդէն տարակուսանաւք,
Առին մոլեգնաբար եւ դարձեալ մատուցին անպատկառապէս:
Գանիւ հարուածոց յետին անարգութեան
Ի մէջ խառնիճաղանջն ամբոխի դատապարտեցին,
Ծունր կրկնեցին նախատանաց
Եւ պսակ եդին արհամարհութեան:
Գ
Ոչ ետուն հանգիստ կենարարիդ,
Եթէ ոչ զգործի մահուն կրել քեզ պատրաստեցին:
Ընկալար իբր երկայնամիտ,
Առեր իբրեւ զհեզ,
Բարձեր որպէս համբերող,
Ստանձնեալ, իբր զպարտական, զփայտն վշտաց,
Որպէս զծաղիկ շուշանաց հովտաց` ուսով բերեալ զզէնն կենաց,
Զի յարհաւրաց գիշերայնոց զիւրակերտս գահաւորակս
Մարմնեղէն գոյութեանս պահպանեսցէ
Ի դատապարտութեանն վայրի իբր ի խրախճան խնջոյից:
Հանին արտաքս` իբր զողջակէզ,
Կախեցին` իբր զխոյն Սաբեկայ` ձգեալ զեղջերացն,
Տարածեցին ի սեղան խաչին` իբր զպատարագ,
Բեւեռեցին ի սեղան խաչին` իբր զպատարագ,
Բեւեռեցին` որպէս չարագործ,
Պնդեցին` իբր զապստամբ,
Զխաղաղութիւնդ երկնաւոր` իբր զաւազակ,
Զանկապուտ մեծութիւնդ` իբր զտառապեալ,
Զառ ի քերոբէից պաշտեցեալդ` իբր զքամահեալ,
Զսահմանդ կենաց` իբր զարժանաւոր սատակման մահու,
Զաւետարանիս նկարիչ` իբր զհայհոյիչ Աւրինին,
Զտէր եւ զկատարումն մարգարէից` իբր զհամառաւտիչ գրեցելոցն,
Զճառագայթդ փառաց եւ զկնիք անքնին խորհրդոցդ Հաւր`
Իբր զներհակ ծնողիդ կամաց,
Զաւրհնեալդ իսկապէս` իբր զտարագրեալ,
Զկապոյ Աւրինին լուծիչդ` իբր զայր ի նզովս գրեալ,
Զհուրդ ծախիչ` իբր զհերքեալ իմն կալանաւոր,
Զահաւորդ երկնի եւ երկրի` իբր զհաւաստի պատժաւոր,
Զþի լոյս անմատոյց ծածկեալդ` իբր զհողածին ըմբռնեալ:
Գ
Ով քաղցրութիւնդ
Եւ երկայնամիտ բարերարութիւնդ ողորմածիդ գթութեան,
Որ վասն ապախտաւոր եւ անաւրինեալ ծառայիս, Տէրդ բոլորից,
Զայս ամենայն կամաւորապէս եւ հաւանողական հաճութեամբ`
Կատարեալ մարմնոյդ միութեամբ ի քեզ ընկալար
Եւ մինչեւ ի քնարան շիրմին տապանի,
Անպակաս ի լրութենէ ամբողջ նոյնութեան Աստուած անքնին,
Զնոյն կրեալ նախատինս անճառ համբերութեամբ,
Յարեար կենդանի ինքնիշխան բարձրութեամբ լուսոյ,
Աննուազ մարմնով եւ անթերի աստուածութեամբ.
Աւրհնեալ փառաւք, գովեալ գթութեամբ,
Բարեբանեալ միշտ ողորմութեամբ յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:
Բան ՀԷ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Օրհնյալ և լուսանորոգ օր է256Զաք. ԺԴ. 7 մեծ պասեքի ուրբաթը սարսափելի,
Երբ եղան երկու արդարակշիռ ընտրությունները սասանած բոլոր արարածների՝
Վերածելու նրանց անփոփոխելի ու երկնակենցաղ մի այլ էության,
Բարձրացածներին խոնարհեցնելով ու վեր հանելով ընկածներին:
Եվ բարեպատեհ ժամն եկավ հասավ,
Գրելու ինձ այս նվագն ողբաձայն՝ զվարճախառն երկյուղով.
Չարչարանքներիդ մասին եմ ուզում խոսել այժմ ես,
Որոնք կրեցիր դու իմ փոխարեն, Աստվա՜ծ բոլորի:
Բ
Կանգնեցիր իմ կերպարանքով՝ ստեղծածիդ ատյանի առաջ
Չխոսեցիր դու՝ տվիչդ խոսքի,
Չբարբառեցիր՝ ստեղծո՛ղդ լեզվի,
Ձայն չարձակեցիր՝ սասանիչդ երկրի,
Չմռնչացիր՝ ամենաազդու փո՛ղդ մեծաձայն,
Ո՛չ երախտիքովդ հանդիմանեցիր
Եւ ոչ էլ նրանց իրենց չարությամբ պապանձեցրիր.
Չմատնեցիր դու նրանց ամոթի, որ քեզ մատնեցին մահվան տանջանքին.
Չդիմադրեցիր, երբ կապեցին քեզ, ոչ էլ նեղացար, երբ ապտակեցին.
Չնախատեցիր, երբ թքեցին ու չխռովեցիր, երբ բռունցքներով խփեցին քեզ,
Չսրտմտեցիր, երբ կատակեցին, չխոժոռվեցիր, երբ ծաղրեցին:
Պատմուճանը քո վրայից հանեցին, իբրև տկարից
Ու դարձյալ հագցրին, իբր կալանավոր անզերծանելի:
Եթե լեղիով խառն քացախը չխմեր կամա նա երկու անգամ,
Չէր թափվի մաղձն իմ նախկին դառնության:
Համտես արավ նա հուսահատությամբ ու մի
կողմ տարավ տարակուսանքով.
Առան նրանից այն մոլեգնաբար և տվին դարձյալ անպատկառորեն.
Եվ խառնիճաղանճ ամբոխի առջև գանահարելով նրան սաստկապես՝
Խիստ անարգանքի դատապարտեցին.
Ծնրադրեցին՝ ծաղրելու և պսակ դրին հեգնելու համար:
Գ
Հանգիստ չտվին կենդանարարիդ,
Այլ պատրաստեցին քեզ համար գործիք, որ կրես:
Ընդունեցիր այն իբրև երկայնամիտ, առար իբրև հեզ,
Ու վերցրիր այն որպես համբերող,
Եվ շալակեցիր փայտը վշտալից, իբրև հանցապարտ:
Տարար ուսամբարձ այդ զենքը կենաց, զերթ հովտաշուշան,
Որ գիշերային արհավիրքներից պահպանես դու մեր՝ քո ձեռքով կերտված գահը մարմնեղեն՝
Դատապարտության վայրում, որպես թե խրախճանքի մեջ:
Դուրս հանեցին քեզ որպես ողջակեզ.
Կախեցին, ինչպես Սաբեկա խոյը, որին քարշ տվին իր եղջյուրներից.
Տարածեցին խաչի սեղանի վրա իբրև պատարագ,
Բևեռեցին որպես չարագործի, կապկապեցին իբրև ապստամբի
Երկնավոր խաղաղությանդ՝ իբրև ավազակ,
Անկապտելի մեծությանդ՝ իբրև խղճալի,
Քերովբեներից պաշտվածիդ՝ իբրև քամահրելի,
Կենաց պատճառիդ՝ իբր արժանավոր՝ սատակիչ մահվան,
Ավետարանի նկարչիդ իբրև օրենքի հայհոյիչ,
Մարգարեների Տիրոջդ ու կատարելությանդ՝ իբրև գրվածքներն համառոտող,
Փառքի ճառագայթներիդ և Հոր անքնին խորհուրդների կնիքիդ256aԵբր. Ա.3 իբր հակառակորդ ծնողիդ կամքին,
Իսկապես օրհնյալիդ՝ իբրև տարագրյալ.
Օրենքի կապն արձակողիդ՝ իբրև այր նզովյա256bԳաղ. Գ.13,
Սպառող կրակիդ256cԲ.Օր. Դ.24 իբր հաղթահարած մի կալանավոր,
Ահավորիդ երկնի և երկրի՝ իբրև հավաստի պատժապարտ,
Անմատույց լույսով պարածածկյալիդ՝ իբրև հողածին մի ձերբակալված:
Դ
Ո՜վ դու քաղցրություն և երկայնամիտ բարերարություն,
Գթառատ ողորմածություն և Տե՜ր բոլորի,
Որ ինձ՝ ապերախտ և անօրեն ծառայիս համար
Այդ ամենը կամավորապես և սիրահոժար հաճությամբ
Հանձն առար այն մարմնովդ, որ միացրիր քեզ՝ քո աստվածային էությանը,
Եվ մինչև քնարանը շիրմի՝ անպակաս լրությամբ,
Ամբողջական նույնությամբ մնալով Աստված անքնին՝
Կրեցիր դու նույն նախատինքները՝ անճառելի համբերությամբ,
Եվ ապա դարձյալ հարություն առար՝
Ինքնիշխան բարձրությամբ ու պսակված լույսով,
Աննվազ մարմնով և անթերի աստվածությամբ,
Օրհնյա՜լ ես փառքով, գովված գթությամբ
Եվ բարեբանված միշտ ողորմությամբ
Հավիտյանս հավիտենից. ամեն:
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Օրհնաբանված է և լուսանորոգ
Մեծ պահսի ուրբաթ օրն այն ահավոր,
Երբ արարածներն ուժգին սասանմամբ
Տարորոշվեցին երկու մասերի՝
Փոխակերպվելու նոր երկնակենցաղ
Անայլայլելի մի այլ էության՝
Բարձրացածների խոնարհեցմամբ ու
Կործանվածների վերամբարձումով։
Արդ, բարեպատեհ ժամն հասավ և ինձ
Գրելու նվագն այս հառաչաձայն՝
Զվարճախառն ահ ու երկյուղով,–
Չարչարանքներիդ մասին եմ այստեղ ցանկանում ասել,
Որոնք կրեցիր դու իմ պատճառով, Աստվա՜ծ բոլորի։
Բ
Կանգնեցիր խոնարհ՝ իմ կերպարանքով
Քո ստեղծածի ատյանի առաջ
Ու չխոսեցիր տվիչդ խոսքի,
Չբարբառեցիր հաստիչդ լեզվի,
Ձայն չարձակեցիր սասանիչդ երկրի,
Չմռնչացիր, ո՜վ ամենացունց փողդ ահագնաձայն.
Ո՛չ նախատեցիր երախտիքներովդ
Եվ ո՛չ էլ իրենց չարագործությամբ ըմբերանեցիր.
Չմատնեցիր դու ամոթի նրանց,
Որ քեզ մատնեցին տանջանքին մահու.
Ո՛չ քեզ կապելիս դիմադրեցիր,
Ո՛չ ապտակելիս փոքր-ինչ դառնացար,
Ո՛չ անարգեցիր դեմքիդ թքելիս,
Ո՛չ հուզվեցիր, երբ կռփահարեցին անողորմաբար.
Չսրտմտեցիր, երբ հեգնեցին քեզ,
Ու չայլայլվեցիր, երբ ենթարկեցին ծաղր ու ծանակի։
Իբրև տկարից՝ հանեցին քեզնից պատմուճանը քո
Ու դարձյալ հագցրին՝ իբրև անփրկում կալանավորի։
Եթե կրկնակի չըմպեր քացախն այն, խառնված լեղու հետ,
Նախկին դառնության մաղձն իմ մթերված դուրս չէր թափվելու
(Ճաշակեց վհատ ու մերժեց իսկույն տարակուսանքով.
Առան կատաղած ու դարձյալ տվին անպատկառորեն) :
Եվ խառնիճաղանջ ամբոխի առաջ
Գանահարելով նրան սաստկապես
Ու ենթարկելով անարգանքների՝
Ծնկի իջեցրին ծաղրելու համար՝
Դնելով գլխին և փշե պսակն արհամարհանքի։
Գ
Հանգիստ չտվին կենդանարարիդ,
Հարկադրեցին կրել պատրաստված գործիքը մահվան.
Ընդունեցիր այն իբր երկայնամիտ, առար իբրև հեզ,
Բարձրացրիր անխոս իբրև համբերող,
Շալակեցիր այն փայտը վշտալի իբրև հանցապարտ.
Տարար ուսամբարձ զենքն այն կենարար, զերթ հովտաշուշան.
Որ գիշերային արհավիրքներից
Պահպանած լինես քո ձեռքով կերտած
Մեր գոյացության գահը մարմնեղեն՝
Դատապարտության վայրը փոխելով խրախճանության։
Դուրս հանեցին քեզ՝ որպես ողջակեզ,
Կախեցին, ինչպես խոյը Սաբեկի,
Փռեցին խաչի սեղանի վրա՝ իբրև պատարագ,
Գամեցին ամուր՝ որպես չարագործ,
Կապկպեցին պիրկ՝ իբրև ապստամբ,
Քե՜զ իսկ, երկնավոր խաղաղությանդ՝ իբրև ավազակ,
Մեծությանդ անհաս՝ իբրև եղկելի,
Քերովբեներից երկրպագվածիդ՝ իբրև քամահրյալ,
Կենաց պատճառիդ՝ իբրև մահապարտ,
Ավետարանի նկարչիդ՝ իբրև օրենքի լուտող,
Մարգարեներին ներշնչողիդ ու
Տիրոջդ՝ որպես գրքերի զեղչիչ,
Փառքի ճաճանչիդ, հոր խորհուրդների կնիքիդ անճառ՝
Իբրև դիմամարտ ծնողիդ կամքին,
Օրհնյալիդ՝ իբրև տարագրական,
Օրենքի կապը քանդողիդ՝ իբրև «նզովյալ այր մի»,
Հուրն սպառողիդ՝ իբրև անձնատուր մի կալանավոր,
Անմատույց լույսով պարածածկյալիդ՝
Իբրև հողածին մի ձերբակալված։
Դ
Ո՜վ երկայնամիտ բարերարություն,
Ողորմածություն քաղցր ու բազմագութ,
Որ անօրեն ու երախտամոռաց ծառայիս համար
Հանձն առար բոլորն այս սիրահոժար, կամավորապես
Այն մարմնով, որ քեզ միավորեցիր
Եվ մինչև շիրմի քնարանը քո
Ամբողջ լրությամբ մնացիր միշտ նույն Աստվածն անքնին՝
Նույն նախատինքը կրելով անճառ քո համբերությամբ
Եվ ապա դարձյալ հարություն առար
Ինքնիշխանորեն, լուսազարդ փառքով,
Աննվազ մարմնով ու լիակատար քո աստվածությամբ։
Օրհնյա՜լ փառքով ու գովյալ գթությամբ
Եվ ողորմությամբ բարեբանված միշտ,
Հավիտյաններից հավիտյանս, ամեն։