ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, վասն զի ի ձեռն մեծիդ
Եւ ամենահնար արուեստաւորիդ
Իմս եղանութեան Տեառն եւ Աստուծոյ
Իբր ի քրայս ընտրութեան փութոյ քոյ սիրոյ`
Հանապազ եռամ եւ ոչ երբէք մարզիմ,
Միշտ խառնիմ զուգիլ եւ ոչ եւս միանամ,-
Ահա զուր արծաթագործդ, երկնաւոր իմ ճարտարապետ,
Ի սնոտիս վաստակեալ առ իս աշխատիս,
Ըսդ մարգարէին յայտնի առակի,
Եւ չարութիւնս իմ ոչ հալեցաւ:
Զոր ինձէն մոլեալ չարաչար,
Իբր զխելագար դիւաբախ իմն ողորմելի,
Յանդգնեալ անկարգս խաւսիմ` զիմս զպարտիս աճեցուցանել,
Քան հաշտութեան հնարս ինձ այսու կազմել:
Եւ զի մի անընտել դիպուած
Եւ անկիրթ պատահումն եւ անհաւասար հանդիպումն
Պատրաստութիւնք հանդերձելոց տանջանարանացն ինձ երեւեսցին,
Ամենեւին անմոռաց պահեաց աստստին ի յիմում մարմնի
Նշխար մնացուածոց նախնումն անիծից,
Զոր ի փոքուէ տարրէ անարգէ զմեծն է ուսանել:
Բ
Քանզի խաղալն իքնաբերական գիւտք որովայնի`
Բոտոտք ճապուկք, շարժողականք եւ ազգի ազգիք,
Որդունք աղեաց գաղտակուրք, խաղավարտք հրակայծակք,
Եւ բիծք բոցակիծք, եւ անիծք անկերպաւորք,
Եւ երամակք ոմանց քրտնածինք,
Զազրաթորմիք, կսկծեցուցիչք եւ մարմաջողականք,
Ասպատակք այլոց վայրենեաց,
Ըստ նմանութեան դիւաց գիշերամարտից
Եւ մեկնակազէն բարբարոս գնդից խաւարասիրաց,
Եւ գազանութեամբ քանասար գայլոց արաբացւոց,
Կորակոր գնացիւքն, արջնաթոյր գունովն,
Կրկնապարոյր, կռածագ կտցաւն,
Որ զաւրէն ունի խայթոցաց կարճի,
Իբր դժնիկ` փշովք խոցոտեալ,
Ծծեն, ձգեն, զարեանն խոնաւութիւն
Եւ յանկողինս մահճաց հանգստեանն
Վաստակս կրից ցուցանեն:
Եւ կարկառեալ ուրուք ձեռն`
Հատուցանել զհատուցումն նոցա նոցին,
Վաղվաղակի զգան զվնաս վտանգին, զոր ազդեն մարդոյն,
Եւ անդէն իսկոյն լերկամարմին, փոքր հասակաւն,
Իբր թեւաւք իմն թռիչս արձակեն
Եւ ըստ մարախի ձեւոյ ոստոստեալ` այսր անդր տարաբերին
Եւ, ըստ բազմապատիր նենգութեան բարոյից դաւող աղուեսուց,
Խորամանկեալ խուսափեն ի պատուածս բազում ելից,
Զի յերկիւղէ մահուն ապրեսցին:
Եւ այնքան չքոտի եւ անքատ անձամբքն
Ոչ միայն զռամիկս եւ զխառնիճաղանջս,
Այլ եւ զթագաւորս հզաւրս եւ ահագինս
Փախուցանեն, հանեն, տարագրեն
Ի դստիկոն յարկի ապարանիցն բարձրութեան
Եւ կամ ի բացի բնակեցուցանեն:
Քաջք արանց արեաց, որք իշխեցին ամբոխից
Եւ տիրեցին ժողովրդոց եւ առին զքաղաքս ազգաց,
Զպարտութիւն իւրեանց զաւրաւոր ձեռինն ինքեանք վկայեն,
Թէ` Քանզի ոչ կարացաք ի դիմի հարկանել վեհիցն բռնութեան,
Վասն այնորիկ խոյս տուեալ` հասաք յայս տեղի:
Գ
Եւ զի՞նչ է ինձ զփոքունց եւ զանկածից
Ծաղրականաց ոմանց գոյութեանց ի կիր արկանել,
Որք զաւրեղ եւ անհերքելի ջատագովք են աստուածութեանն`
Յիշատակել ինձ զհանդերձեալսն,
Որք ի մարմնոյս անաւրինելոյ ընծային պտուղք դառնութեան:
Ընդ որս եւ եկամուտ սատակչականացն ախտից գիւտք
Եւ կերչացն կոյտք անողոքելիք, յորոց չէ զերծանել,
Քան թէ հարկաւ մարմնոյն վտանգի
Զապագայիցն սոքաւք իմաստասիրել:
Եւ ոչ տեղի է գտանել ապաստանի`
Փախստեամբ անկանել առ նոսա,
Այլ առանց կամաց քումդ ակնարկութեան
Եւ մարդկային կարք եւ հնարք վրիպեցան:
Իսկ դու, բարերար, զամենայն ունիս բաւականապէս զկենացն հնար,
Եթէ կամեսցիս փրկել, նորոգել, քաւել, բժշկել եւ կենագործել:
Եւ քեզ փա~ռք յամենայնի յաւիտեանս:
Ամէն:

Բան ԿԹ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ քանի որ ես, իմ գոյացության ամենահնար արվեստավորիդ՝
Տիրոջդ ու Աստծուդ ձեռքով, քո սիրո մեջ, ինչպես զտող քուրայում,
Եռում եմ շարունակ ու չեմ պարզվում երբեք,
Խառնվում եմ միշտ ձուլվելու համար ու չեմ միանում,-
Ուստի երկնավո՛ր դու արծաթագործ, ճարտարապե՛տ իմ,
Ի զո՜ւր ես հոգնում և ընդունայն ես ջանում ինձ համար,
Ըստ մարգարեի հայտնի առակի՝ չարությունս չհալվեց,
Եվ ահա, ես ինքս կամովին չարաչար մոլեգնելով,
Մի ողորմելի և դիվահար խելագարի պես
Խոսում եմ հանդգնաբար անկարգ՝ ավելի մեղքերս աճեցնելու,
Քան թե հաշտության մի ճար գտնելու:
Եվ որպեսզի հանդերձյալում պատրաստվող տանջանքները
Չերևան ինձ անընտել դեպքեր, անսովոր պատահարներ և անօրինակ հանդիպումներ,–
Ընդմիշտ անմոռաց պահեց իմ մարմնում, այստեղից իսկ,
Նախկին անեծքներից մնացած հազիվ նկատելի
հետքերը, Որպեսզի փոքր ու չնչին տարրերից մեծին սովորենք:

Բ

Որովայնի մեջ են առաջանում ինքնաբերաբար ու բազմանում
Շարժուն ու պես-պես ճապուկ ճճիներ,
Աղիքների գաղտնակուր որդեր, այրող այտուցներ,
Բշտիկներ բազում բոցի պես կիզող
Եվ անկերպարան, անձև անիծներ,
Եվ այլ քրտնածին ու զազրաթորմի՝
Կսկիծ, եռ ու քոր պատճառող անիծ, և՛ լու, և՛ ոջիլ,
Ու վայրենական այլ ասպատակներ,
Որոնք գիշերամարտ դևերի և խավարասեր, զինված բարբարոս գնդերի նման,
Եվ արաբական քանասար գայլերի գազանությամբ,
Կորակոր ընթացքով, արջնաթույր գույնով,
Կրկնոլոր ու կեռ կտուցով՝ կարիճի խայթոցի
նման, Խոցելով, ինչպես դժնիկ փշով՝ ծծում են, քաշում արյունը մեր թաց
Եվ հանգստարան անկողնում չարչարում են մեզ:
Եվ երբ մեկը իր ձեռքը երկարի նրանց՝ արժանի պատիժը տալու,
Զգում են իսկույն մարդուն պատճառած վնասը իրենց
Եվ իսկույն ևեթ, լերկամարմին ու փոքրիկ հասակով
Թռչում են, կարծես թե թևեր առած,
Եվ մարախի պես ոստոստելով՝ այս ու այն կողմ ընկնում,
Աղվեսների նենգ ու խաբեպատիր բարքի համաձայն
Փախուստ են տալիս ամեն ուղղությամբ խորամանկելով
Մտնում ծակուծուկ, մահվան երկյուղից փրկվելու համար:
Եվ իրենց չնչին չքոտի տեղով ոչ միայն ռամիկների ու խառնիճաղանճների,
Այլև ահագին հզոր թագավորների կփախցնեն նրանք,
Կհանեն վերը՝ դստիկոնը բարձր ապարանքների
Եվ կամ բացօթյա կբնակեցնեն:
Շատ քաջեր անգամ, որոնք իշխեցին ամբոխների վրա
Եվ ժողովուրդների տիրեցին, և ազգերի քաղաքներ առան,
Խոստովանում են պարտությունն իրենց զորեղ ձեռքերի,
Թե՝ «Որովհետև չկարողացանք մեզանից հզորների բռնությանը դիմադրել,
Այդ պատճառով էլ խույս տվինք ահա և հասանք այստեղ»:

Գ

Բայց ինչո՞ւ եմ ես խոսում այդ չնչին, աննշա՜ն այնպես ու ծիծաղելի գոյությանց մասին,
Նրա համար, որ նրանք զորավոր և անհերքելի ջատագովներ են աստվածության
Եվ հանդերձյալներն են հիշեցնում ինձ,
Որոնք անօրեն իմ մարմնի մեջ ծնվում են իբրև դառն պտուղներ:
Դրանց նման են և դրսից եկող ախտերն սպանիչ
Եվ ուտիչների կույտերն անողոք, որոնցից անհնար է ազատվել,
Որոնց մեր մարմնին պատճառած ահարկու ցավերով
Կարողանում ենք գալիք տանջանքներն իմաստասիրել:
Եվ կարելի չէ գտնել որևէ ապաստանարան,
Որ կարողանանք խույս տալ նրանցից և ազատ մնալ.
Զի առանց կամքիդ և ակնարկությանդ
Ի չիք են անցել մարդկային բոլոր ճար ու հնարանք:
Իսկ դու, բարերա՛ր, կյանքի ամեն դեղ ու դարմանն ունես բավականապես,
Եթե կամենաս փրկել, նորոգել, քավել, բժշկել և կենագործել:
Եվ քեզ փա՜ռք համենայնի հավիտյանս հավիտենից. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արդ, որովհետև քո աստվածային հոգատար
ձեռքով՝
Սիրուդ մեջ, ինչպես զտող քուրայում,
Շարունակ եռում՝ չեմ պարզվում երբեք,
Խառնվում եմ անվերջ ձուլվելու համար, բայց չեմ
միանում,
Ուստի երկնավոր դու արծաթագործ,
Իմ գոյացության ամենահնար
Արվեստավոր ու ճարտարապետ իմ,
Զուր ես աշխատում, ջանում ինձ համար։
Ըստ մարգարեի հայտնի առակի,
Իմ չարությունը չհալվեց երբեք։
Եվ ահա այսպես, սաստիկ մոլեգնած՝
Մի ողորմելի ու մի դիվաբախ խելագարի պես
Բարբաջում եմ միշտ հանդուգն ու անկարգ,
Որով ավելի բազմապատկում եմ պարտք ու մեղքերն
իմ,
Քան թե հաշտության մի հնար գտնում։
Եվ արդ, որպեսզի հանդերձյալների
Համար պատրաստած տանջարաններում
Դեպքերն անընտել պատահարները անվարժ,
անսովոր,
Դիպվածներն անփորձ ու անօրինակ չթվան հանկարծ,
Այստեղ մարմնիս մեջ անմոռաց պահեց
Մնացորդները նախկին անեծքի,
Որպեսզի փոքր ու անարգ տարրերին
Ընտելանալով՝ մեծին սովորենք։
Բ
Կան որովայնի ինքնածին ճապուկ,
Խլրտուն պես-պես բոտոտ-ճիճուներ,
Աղիքների գարշ որդեր գաղտնակուր,
Հրափայլ, պուտեր, բոցի պես կիզող,
Անիծներ անձև, քրտնածին զազիր
Կսկծեցուցիչ, եռքոր հարուցող ոհմակներ անարգ
Եվ հրոսակներ վայրենաբարո,
Որ ինչպես դևեր գիշերամարտիկ,
Ինչպես մենազեն ու խավարասեր գնդեր բարբարոս
Եվ արաբական խոլ ու քանասար, կատաղի գայլեր,
Կոր-կոր ընթացքով, գույնով արջնաթույր
Եվ կարիճների խայթոցների պես կրկնապարույր ու կռածայր կտցով,
Ասես թե դժնիկ փշերով, անվերջ
Խայթում, խոցոտում, ծծում, քամում են արյունը խոնավ
Եվ անկողնի մեջ, հանգստի մահճում
Չարչրկում, լլկում ու տանջում են մեզ:
Իսկ եթե մեկը ձեռք մեկնի հանկարծ՝
Արժանի պատիժ փոխհատուցելու,
Իսկույն զգում են իրենց պատճառած վնասը մարդուն
Եվ, լերկամարմին իրենց չքությամբ,
Ասես թև առած, թռչում են փութով
Ու ոստոստելով մարախների պես՝
Փախուստ են տալիս ամեն ուղղությամբ
Եվ բազմապատիր ու նենգաբարո աղվեսի նման
Խորամանկելով՝ մտնում ծակուծուկ,
Որպեսզի փրկվեն մահվան երկյուղից։
Այսքան չքոտի իրենց եղկությամբ՝
Ոչ միայն գեղջուկ, խառնիճաղանջ ու ռամիկ
մարդկանց,
Այլև ահարկու և հզորազոր թագավորներին
Փախցնում, վտարում, հանում են նրանք
Դեպի բարձրաբերձ վերնահարկերը ապարանքների
Կամ թե ստիպում ապրել բացօթյա։
Քաջարի մարդիկ, որ ամբոխների վրա իշխեցին,
Որոնք տիրեցին ժողովուրդների
Ու շատ ազգերի քաղաքներ առան,
Խոստովանում են պարտությունն իրենց հաղթ
բազուկների
Ասելով՝ քանզի չկարողացանք
Մենք դիմակայել մեզնից ավելի զորավորներին,
Ուստի խույս տալով՝ հասել ենք այստեղ։
Գ
Բայց ինչո՞ւ եմ ես զբաղվում մանր,
Ճղճիմ, չքոտի ու ծիծաղելի այդ գոյակներով,
Եթե ոչ միայն, որ դրանք զորեղ ու անհերքելի
Ջատագովներ են աստվածության և
Հանդերձյալներն են ինձ հիշեցնում,
Ընծայված իմ իսկ մարմնից ինձ՝ որպես
Անօրենության դառը պտուղներ։
Ավելանում են սրանց դեռ նաև
Եկամուտ տարբեր ախտերն սպանիչ
Եվ ուտիճների կույտերն անողոք,
Որոնցից պրծնելն անհնարին է.
Մնում է միայն, հարկադրաբար,
Նրանց պատճառած այդ քստմնելի
Չարչրկումներով՝ գալիք մեծագույն
Տառապանքները իմաստասիրել,
Զի միևնույն է, չկա ոչ մի տեղ, անկյուն՝ դրանցից
Փախչելով մի կերպ ապաստանելու.
Առանց քո կամքի ու հրամանի,
Մարդկային ամբողջ կարողությունն ու հնարները ողջ
Նրանց նկատմամբ ի դերև ելան։
Իսկ դու, բարերա՜ ր, եթե կամենաս
Փրկել, նորոգել, քավել, բժշկել ու կենսագործել,
Կյանքի ամեն դեղ ու դարման ունես բավականաչափ.
Ամեն ինչում քեզ փա՜ ռք հավիտենից հավիտյանս.
ամեն։