ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, մի տիրեսցեն անաւրէնութիւնք`
Քում պատկերիս կայսերականի արքայութեանդ վերնում,
Աստուած բոլորից լուսոյ,
Մի կապտեսցէ գոռոզն ապստամբ զզարդ փչմանդ շնորհի
Ի քո ստեղծեալս կերպէ,
Մի թագաւորեսցէ մեղքն խափանեալ` մարմնոյս մահացուի`
Առ ի գրաւել զիս ի նոյն:
Չիք իմ թագաւոր առ իշխել շնչոյս, բաց ի քէն, Քրիստոս,
Որ անբռնադատ հնազանդեցուցանես լծոյն քաղցրութեան,
Որ բառնաս զկարիս մեղաց ամենակարդ բանիւ,
Որ արեամբդ քո ստացար եւ մարմնովդ կերակրեցեր,
Որ կարգեալ սահմանեցեր ուխտ կենաց անփոխադրելի,
Որ յոգի քո կնքեալ կցորդ քեզ գրելով`
Հաւր քում մատուցեր ժառանգակցապէս,
Որ յանուն զենման միշտ յիշատակաւ քո չարչարանաց`
Առ նոյն բարերար աղաւթել համարձակեցեր,
Ստեղծիչ ամենից եւ կեանք:
Դու ես Աստուած ամենայն հոգւոց,
Որ մեծացուցեր զայս տուրս շնորհաց, քան զամենայն գործոց քոց զհրաշս,
Ոչ զերկինս իւրովքն զարդուք եւ հրեշտակացն պայծառութեամբք,
Ոչ զերկիրս եւ զմարդկութիւնս եւ որ առ նոսա են զարմանութիւնք,
Ոչ զսահման լայնութեան ծովու եւ որ ի նմա են եղելութիւնք,
Ոչ զանդունդս աղխիւքն հանդերձ եւ որ ի նմա են անբաւութիւնք,-
Ոչ բարձրացար յաւրինմամբ այսքանեաւք վեհիւք, որչափ առ իմս կարեկցութիւն,
Յասելն քո, սուրբ մարգարէիւն, քաղցրութեանց յուսոյ բարութիւն.
Ո՞վ է Աստուած իբրեւ զիս կարող`
Թողուլ միշտ զմեղս եւ ջնջել զանաւրէնութիւնս:
Ահա արդ խնկեալ են բանք քո, ողորմած, եւ խոստովանեալ` բարերարութիւնք,
Փառաւորեալ` խորք խորհրդոցդ, եւ երկրպագեալ` զեղմունք շնորհացդ:
Բ
Արդարեւ, ոչ ոք բաւէ յէիցս թարգմանել խաւսիւք նիւթական լեզուի
Ի մասանց այտի քումդ գթութեանց, զոր առ իս ցուցեր, յաւրինիչ,
Քանզի եւ մեծ իսկ է զաւրութիւն զհնացեալն անդրէն նորոգել`
Ըստ առաջնումն պայծառութեան, քան յանգոյից ստեղծագործել:
Եւ զի ոչ է քո տկարութիւն, որ զաւրութիւնդ ես ամենայնի,
Առ որ բան քո միայն ազդեալ` զլրութիւն գործոցն գլխաւորէ,
Ահա յարիցես փառաւոր լինել, բարեգործ,
Ի ստացուածս այս կրկին անյուսալի փրկութեանս,
Զի իրաւամբք ուխտի բարձրասցի, հաստատուն եղեալ մեծապէս,
Աւրհնաբան աւետեաց քոց ձայն` ի քաւելոյդ շնորհ ծանուցեալ,
Ողորմութեան լուսովդ ուղերձեալ,
Քան ի ճանապարհ ստեղծանելոյն:
Զի առ մինն արարիչ միայն ճանաչիս,
Իսկ առ միւսն առաջնով կոչմամբն` եւ երախտաւոր,
Ընդ կերպացուցելոյն` եւ քաւիչ,
Ընդ նորոգելոյն` եւ բարերար,
Ընդ հաստելոյն` եւ ողորմած,
Ընդ կազմելոյն` եւ հնարաւոր,
Ընդ յաւրինելոյն` եւ հեզ,
Ընդ նկարագրելոյն` ամենազաւր,
Ընդ առաջնորդելոյն` եւ լոյս,
Ընդ տածելոյն` հովիւ,
Ընդ դարմանելոյն` խնամիչ,
Ընդ ողջ պահելոյն` բժիշկ,
Ընդ ձեռնկալութեանն` զաւրավար,
Ընդ անպարտութեանն` թագաւոր,
Ընդ արարչութեանն` քաղցր,
Ընդ ամենատուր պարգեւացն` առատ,
Ընդ միշտ անսալոյն` ներող,
Ընդ ոչ բարկանալոյն` անոխակալ,
Ընդ կարեացս վշտակցելոյ` ծածկագէտ,
Ընդ յանձանձելոյ գթոցն` ապաւէն,
Ընդ գերունակ գորովոյն` Աստուած,
Ընդ անսպառ բարութեանն` աւրհնեալ յամենայնի:
Գ
Արդ, որպէս ստեղծեր, մինչ ոչն իսկ էի,
Եւ ծանուցար ինձ գոյացուցիչ,
Եւ այժմ զհոգի մաղթողիս մարմնոյս տաղաւարաւ
Յարդարեա անդրէն վերստին յանարատութիւն
Մաքուր սրբութեան նախնի լինելութեանն,
Զի բազմասցի, առաւել աճեցուն եղեալ, յաճախ տուչութիւն
Անսահմանելի քոյդ սքանչելեաց նորոգ ներկայիս,
Քան զանցելոց հնոցն ստուերականաց:
Եւ ընդ ճառելոյս զթիւս մեղացս,
Որքան մտացս թեւս ընթանայ զանբերելիսն յիշատակել,
Արդարացայց յանուն քո, հզաւր:
Եւ ի պատմելս ինձէն զանձին իմոյ բիծ,
Եւ դու թողցես զամբարշտութիւն բազում մեղանաց խոստովանելոյս,
Հզաւր, ծածկատես, ամենափրկիչ,
Զի մի ծայրագոյն լրութեամբ աւետեացս
Դարձեալ նախնումն կարաւտացայց`
Երանելով սաղմոսիւն զշնորհաւք փրկեալսն մկրտութեամբն:
Եւ փշովք մեղաց յոգի խոցոտեալ`
Ձեռն քո մխեսցի յիս առաւելապէս այժմէն վերստին`
Ծանրս առնելով զբեռն պարտեացս, քան զքաղցրութիւն պարգեւացդ:
Այլ ազատեա զիս աւրհնաբանեալ Հոգւովդ Սրբով,
Աղաչեմ զքեզ, Տէր ամենայնի, յաւրինաց մեղացն եւ մահու:
Քաւ լիցի, թէ անկցի ընդ տկարութեամբ սահմանաւ
Ճշմարտութեանդ ծագումն` իբրեւ զԳրոյն աւրինակ,
Քանզի ուր քաւութիւն է թագաւորեալ, վտարեալ են մեղք,
Եւ ի խրախոյս կենդանի բանիդ` ոչ է յուսահատութիւն,
Եւ ամբարձեալ քոյոցդ շնորհաց` հալածեալ են պարտիք,
Եւ մերձ գոլով ձեռինդ Աստուծոյ` ոչ գոյ անհնարութիւն,
Այլ ամենեւին լուսաւորութիւն, բովանդակապէս զաւրութիւն,
Անպարտելի կարողութիւն:
Քո է փրկութիւն, կենդանութիւն,
Նորոգութիւն, ողորմութիւն, միանգամայն եւ քաղցրութիւն,
Արքայութիւն, անեղծութիւն եւ փառք յաւիտեանս:
Ամէն: 

Բան ԽԹ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ, անօրենությունները թող չտիրապետեն Քո երկնային թագավորության կայսերական իմ պատկերին, Դու լո՜ւյս բոլորի, Աստվա՛ծ:
Թող որ չկապտի գոռոզն ապստամբ՝ շնորհիդ զարդը իմ կերպարանքից, որ դու ես ստեղծել:
Չթագավորի մահացու մարմնիս՝ մեղքը խափանված գրավելով ինձ:
Քեզանից բացի չունեմ ես, Քրիստո՛ս, իմ շնչին իշխող մի այլ թագավոր,
Որ անբռնադատ հնազանդեցնում ես ինձ քաղցր լծիդ.
Որ ջնջում ես իմ բազում մեղապարտ կրքերը խոսքովդ ամենակարող.
Որ քո արյամբ ստացար ինձ և քո մարմնով կերակրեցիր.
Որ սահմանեցիր կյանքի ուխտ անդարձ, անփոփոխելի.
Որ կնքելով ինձ քո հոգով՝ կցորդեցիր ինձ քեզ և տվիր Հորդ ժառանգավորապես.
Որ հիշատակով չարչարանքներիդ՝ զոհիդ անունով
Համարձակություն տվիր աղոթել նույն բարերարին,
Ո՛վ դու բոլորի ստեղծիչ ու կյանք: Դու ես բոլոր հոգիների Աստված:
Քո շնորհների պարգևատրումն այս դու համարեցիր շատ ավելի մեծ,քան հրաշալի գործերդ բոլոր:
Ո՛չ երկինքն իր զարդերով համակ և պայծառագեղ հրեշտակներով,
Ո՛չ երկիրն ու մարդկությունը և զարմանասքանչ գործերը նրանց,
Ո՛չ լայնատարած ծովն իր մեջ եղող արարածներով,
Ո՛չ անդունդները իրենց ողջ անբավ գոյավորներով,–
Ո՛չ այնքան այս վեհ արարչությամբ էր, որ բարձրացար դու,
Որքան դեպի ինձ կարեկցանք ու գութ ցուցաբերելով,
Երբ մարգարեի բերնով ասացիր, ո՛վ քաղցր հույսի բարեշնորհ Տեր.–
«Ո՞վ կա ինձ պես Աստված, որ կարող է միշտ ներել մեղքերը և ջնջել անօրենությունները»:
Եվ ահա՛ խնկված են խոսքերդ, ողորմա՜ծ, և խոստովանված են բարերարություններդ, Փառավորված են խորհուրդներդ խորին և երկրպագված՝ շնորհներիդ առատությունը:

Բ

Արդարև, ո՛չ ոք արարածներիդ նյութեղեն լեզվով կարող է մեկնել
Գթություններիդ մի մասնիկն անգամ, որ ցույց տվիր ինձ, հորինո՜ղ.
Զի ճշմարտապես մեծ է ավելի այն զորությունը,
Որ հնացածը նորոգում է դարձյալ իր առաջին պայծառությամբ,
Քան թե այն ուժը, որ ոչնչից է ստեղծագործում:
Զի չունես երբեք անկարողություն, զորավորդ դու ամեն ինչի մեջ,
Եվ քո մեկ խոսքը բավական է լոկ, որ հասնեն գործերն իրենց լրումին,
Ելի՛ր ուրեմն, փառավորվելու, բարեգործ,
Կրկին ստեղծելով ինձ, որ հույսս կտրել եմ փրկությունից,
Որ այս ճշմարիտ և հաստատական ուխտի համաձայն՝
Մեծապես բարձրանա ձայնդ օրհնաբան և ավետաբար,
Առավել՝ հայտնի քավությանդ շնորհով և ողորմությանդ լույսով առինքնող,
Քան թե գործերով ստեղծողական:
Զի մեկով որպես Արարիչ ես դու ճանաչվում միայն,
Իսկ մյուսով՝ ոչ թե միայն Արարիչ, այլև երախտավոր.
Ոչ միայն ստեղծող, այլ նաև քավիչ,
Ոչ միայն նորոգող, այլև բարերար,
Ոչ միայն հաստող, այլև ողորմած,
Ոչ միայն կամեցող, այլև հնարավոր,
Ոչ միայն հորինող, այլև հեզ, համեստ,
Ոչ միայն նկարող, այլև ամենազոր,
Ոչ միայն առաջնորդ, այլև լույս,
Ոչ միայն խնամող, այլ նաև հովիվ,
Ոչ միայն դարմանող, այլև հոգածու,
Ոչ միայն ողջացնող, այլ նաև բժիշկ,
Ոչ միայն պաշտպան, այլև զորավար,
Ոչ միայն անհաղթ, այլև թագավոր,
Ոչ միայն Արարիչ, այլ նաև քաղցր,
Ոչ միայն պարգևատու, այլև առատաձեռն,
Ոչ միայն համբերող, այլ նաև ներող,
Ոչ միայն չբարկացող, այլև անոխակալ,
Ոչ միայն կարեկից ու վշտակից, այլև ծածկագետ,
Ոչ միայն գթոտ և հոգատար, այլև ապավեն, Ոչ միայն գերազանցապես գորովող, այլ նաև
Աստված, Եվ քո անսպառ բարությամբ՝ օրհնված ըստ ամենայնի:

Գ

Արդ, ինչպես որ ստեղծեցիր ինձ, մինչ ոչ իսկ էի, և գոյացնողս հանդիսացար,
Այժմ էլ վերստին հարդարիր ահա հոգին մաղթողիս՝ նրա տաղավարն եղող մարմնիս հետ, Մաքրությամբ նախկին և ամենասուրբ անարատությամբ, ինչպես որ դեռ նոր աշխարհ էր եկել,
Որ է՜լ ավելի աճեն, զարգանան և բազմապատկվեն
Նորոգ ներկայիս՝ անսահմանելի քո սքանչելյաց շնորհներն առատ,
Քան ստվերական հներն անցյալի:
Եվ երբ պատմելով թվեմ ես մեկ-մեկ մեղքերս բոլոր,
Հիշատակելով անտանելիներն, որքան որ մտքիս թևերը զորեն,
Անունովդ, հզո՜ր, թո՛ղ արդարանամ:
Եվ երբ ես ինքս պատմեմ բերանովս բծերն իմ հոգու,
Ների՜ր ամբարիշտ մեղքերը բազում խոստովանողիս, հզո՛ր ծածկատես, ամենափրկիչ,
Որ չլինի թե ավետումների ամենալրիվ առատության մեջ,
Նախկին վիճակին կարոտեմ դարձյալ՝
Երանի տալով մկրտության շնորհներով փրկվածներին, ըստ սաղմոսի,
Եվ թող չլինի, որ ես մեղքերի փշերով արդեն սաստիկ խոցոտված,
Այժմ էլ վերստին քո ձեռքը մխվի մեջս առավել մեծ ուժգնությամբ,
Ծանրացնելով պարտքերիս բեռը, քան պարգևների քաղցրությունը քո:
Այլ ազատիր ինձ, աղաչում եմ քեզ, Տե՜ր ամենայնի,
Եվ փրկիր մահվան ու մեղքերի խիստ օրենքներից քո Սուրբ Հոգով օրհնաբանված:
Քա՜վ լիցի, թե տկարանա նվազելով ճշմարտությանդ լույսն, ինչպես Գիրքն է ասում.
Զի այնտեղից, ուր քավությունն է թագավորում՝ վտարված է մեղքը,
Եվ ուր կենդանի խոսքդ է խրախուսում՝ չկա հուսահատություն,
Եվ երբ շնորհներդ ավելանան, հանցանքները կհալածվեն,
Երբ մոտ է ձեռքդ աստվածային՝ չկա անհնարություն,
Այլ կա համորեն լուսավորություն, բովանդակապես զորություն և անպարտելի կարողություն:
Քոնն են՝ փրկություն, կենդանություն, նորոգություն, ողորմություն,
Միանգամայն և քաղցրություն, արքայություն, անկեղծություն
Եվ փա՜ռք հավիտյանս. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Անօրենություն թող որ չտիրի
Մեծիդ երկնային թագավորության
Կայսերական իմ պատկերին, Աստվա՜ծ,
ո՜վ լույս բոլորի.
Թող չկողոպտի գոռոզն ապստամբ
Շնորհիդ զարդն իմ կերպարանքից,
որ դու ստեղծեցիր.
Մահացու մարմնիս չթագավորի մեղքը խափանված՝
Գրավելով ինձ իր ծուղակի մեջ։
Քեզանից բացի չունեմ, Քրիստո՜ս,
Իմ շնչին իշխող մի այլ թագավոր,
Դու ես միմիայն, որ անբռնադատ
Հնազանդում ես ինձ քաղցր լծիդ,
Ամենակարող խոսքովդ ցրում կրքերս հանցապարտ.
Որ ստացար ինձ քո արյամբ, մարմնովդ կերակրեցիր
Եվ սահմանեցիր կյանքի հաստատուն
ու անխափան ուխտ.
Հոգովդ ինձ կնքած՝ քեզ կցորդելով՝
Հանձնեցիր հորդ ժառանգակցապես.
Որ հիշատակով չարչարանքներիդ
Եվ մշտամատույց զոհիդ անունով՝
Համարձակություն ավիր աղոթել նույն բարերարին,
Ո՜վ ամենայնի ստեղծիչ ու կյանք։
Ողջ հոգիների Աստվածն ես դու, որ
Շնորհատրումն այս շատ ավելի մեծ համարեցիր,
Քան հրաշափառ գործերդ բոլոր.
Ո՛չ երկինքը իր վարդերով համայն
Եվ պայծառությամբ հրեշտակների,
Ո՛չ երկիրն ամբողջ մարդկությամբ հանդերձ
Եվ զարմանասքանչ գործերով սրանց,
Ո՛չ անծայրածիր ծովն իր բովանդակ արարածներով,
Ո՛չ անդունդները՝ խորքերում փակված
ողջ անբավությամբ,—
Այո՜, ոչ այնքան այս բոլորի վեհ
Արարչությամբ էր, որ դու բարձրացար,
Որքան իմ հանդեպ գութ ու կարեկցանք
ցուցաբերելով,
Երբ մարգարեի բերնով ասացիր,
Քաղցր հույսերի բարեշնո՜րհ տեր.
«Ո՞վ կա ինձ նման մի աստված, որ միշտ
Կարող է ներել մեղքերը մարդկանց
Եվ ջնջել ամեն անօրենություն»։
Խնկյալ են ահա խոսքերդ, ողորմա՜ծ,
Եվ խոստովանված՝ բարությունը քո,
Փառավորված են խորհուրդներդ խորին,
Եվ երկրպագված՝ շնորհներդ զեղուն։

Բ
Արդարև, ոչ ոք արարածներից
Նյութական լեզվով չի կարող մեկնել
Չնչին մի մասնիկն իսկ քո գթության,
Որ իմ նկատմամբ ցուցաբերեցիր.
Քանզի, իսկապես, ավելի մեծ է զորությունը այն,
Որ հնացածն է կրկին նորոգում,
Ըստ առաջնային իր պայծառության.
Քան ստեղծողը անգոյությունից։
Արդ, քանզի չունես դու տկարություն
Եվ զորություն ես ըստ ամենայնի,
Որիդ մի խոսքն իսկ բավական է, որ
Ամեն գործ հասնի կատարյալ լրման,—
Հառնի՛ր, ուրեմն, հառնի՛ր, բարեգո՜րծ,
Փառավորվելու իմ անհուսալի փրկագործությամբ,
Որպեսզի ուխտիդ հավաստմամբ, իրոք,
Հաստատվի ձայնը քո օրհնաբանված ու ավետավոր,
Բարեհռչակված առավելապես
Քավության շնորհ ցուցաբերելով
Եվ ուղերձելով ողորմության լույս, քան արարչությամբ։
Ջի եթե մեկով ստեղծիչ ես դու
միայն ճանաչվում.
Ապա մյուսով՝ նախորդ կոչման հետ՝ և երախտավոր.
Ոչ միայն կերտող, այլ նաև քավիչ,
Բարերարման հետ՝ նաև նորոգող,
Ոչ միայն հաստող, այլև ողորմած,
Կազմելու հետ՝ և ամենահնար,
Հորինելու հետ՝ և հեզաբարո,
Կերպավորման հետ՝ և ամենազոր,
Առաջնորդությամբ հանդերձ՝ նաև լույս,
Խնամարկության հետ՝ նաև հովիվ,
Ոչ միայն բժիշկ, այլև հոգածու,
Ձեռնկալությամբ հանդերձ՝ զորավար,
Անպարտության հետ՝ նաև թագավոր,
Արարչության հետ՝ և բարեհամբույր,
Ամենաշնորհ պարգևմամբ հանդերձ՝ և առատաբուխ,
Ոչ միայն լսող, այլև բարեմիտ,
Չբարկանալու հետ՝ անոխակալ,
Կարեկցության ու վշտակցության հետ՝
նաև ծածկագետ,
Ոչ միայն գթած ու խնամարկու, այլև ապավեն,
Անճառ գորովով հանդերձ՝ և Աստված,
Անհատ բարությամբ հանդերձ՝ և օրհնյալ
ըստ ամենայնի։

Գ
Չկայի բնավ, ինքդ ստեղծեցիր
Եվ ճանաչվեցիր ինձ գոյացուցիչ,
Այժմ էլ, ուրեմն, հարդարի՛ր նորեն
Հոգին մաղթողիս, տաղավար մարմնով,
Գոյացության իր նախնական մաքուր
Ու ամենասուրբ անարատությամբ,
Որպեսզի, գթա՜ծ, նորոգ ներկայիս՝
Քո հրաշքների անսահմանելի պարգևները ճոխ
Աճեն բազմանան ավելի պայծառ,
Քան ստվերական հներն անցյալի։
Երբ որ թվարկեմ հանցանքներս անբավ,
Որքան որ զորեն թևերը մտքիս,
Թող արդարանամ հանուն քո, հզո՜ր.
Անձիս բծերը ինքնակամորեն
Պատմելու համար՝ խոստովանողիս
Ների՛ր ամբարիշտ մեղքերը բազում,
Հզո՜ր, ծածկատես, ամենափրկիչ,
Որ չլինի՛ թե ավետումների
Այս բաղմազեղուն առատության մեջ
Հնին կարոտեմ՝ երանի տալով,
Սաղմոսի խոսքի համաձայն, նրանց,
Որ մկրտությամբ գտան փրկություն։
Այժմ, երբ հոգիս խոցոտված է խոր
մեղքի փշերով,
Դու էլ վերստին ձեռքդ ուժգնորեն մի՛ մխիր իմ մեջ՝
Ավելի ևս ծանրացնելով բեռը պարտքերիս,
Քան քաղցրությունն է շնորհների քո.
Աղաչում եմ քեզ, տե՜ր ամենայնի,
Ազատի՛ր, փրկի՛ր օրհնյալ սուրբ Հոգովդ
Մեղքի ու մահվան այս օրենքից ինձ։
Քա՜վ լիցի, լույսը քո ճշմարտության
Չի տկարանա հին օրենքի պես;
Զի ուր քավությունն է թագավորում,
մեղքն է վտարված.
Խրախույսներով կենարար խոսքիդ
Ցնդում է ամեն հուսահատության,
Որտեղ հասնում են շնորհները քո,
պարտքն է հալածված,
Աստծուդ ձեռքի մերձավորությամբ
Չի կարող լինել անհնարություն,
Այլ ամենասփյուռ լուսավորություն, զորություն համակ
Եվ կարողություն, ուժ անպարտելի։
Քոնն են փրկություն ու կենդանություն,
Նորոգություն և ողորմածություն,
Այլև քաղցրություն, միաժամանակ,
Արքայություն և անեղծություն, փա՜ռք
հավիտյանս, ամեն։