ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, զի՞նչ արժանաւոր ըստ քեզ բամբասանս շարագրեցից
Ի կտակ մաղթանաց մատենի այսր ողբերգութեան,
Ով անձն իմ թշուառ, ամենապատկառ
Եւ առ պատասխանիս բանից անբարբառ,
Անպիտան Աստուծոյ եւ սրբոցն մասնակցութեան:
Զի եթէ զլիճ մի ծովուց ի յորակութիւն դեղոյ յեղյեղեցից,
Եւ զդաշտս ասպարիսաւք բազմաւք սահմանեալ`
Ի տարածումն լայնութեան քարտենի չափեցից,
Եւ զպուրակս յոգունց անտառաց շամբից եղեգանց
Ի հատուածս գոյութեան գրչաց կազմեցից,
Եւ ոչ զթիւ մի ի բարդելոցն անաւրէնութեանց
Զաւրեցից ընդ գրով սահմանի գրաւել.
Նա զի թէ զմայրս Լիբանանու ի մի լուծ կշռոց զաւդեցից,
Եւ կամ զլեառն Արարատեան
Ի կէտ ամբարձման նժարի միոյ
Արդարութեան միջնորդ կացուցից,
Ոչ հաւասարէ այնր հարթութեան համազուգակցել:
Բ
Ծառս ամբարձուղէշ, ստուարաստեղն,
Տերեւալից` ունայն ի պտղոց,
Նմանակից յաւէտ հարազատ այնր թզենւոյ,
Զոր Տէրն գաւսացոյց:
Քանզի սաղարթաւք վարսից,
Այս է` արտաքին դիմաւք բարեշուք կերպից,
Իբր պսակաւ իմիք պաճուճեալ,
Բացականացն գոս բաղձալի,
Իսկ եթէ մերձեսցի տնկողն խուզել զխնդրելին,
Գտցէ զքեզ ունայն ի բարեաց
Եւ գարշելի ի գեղեցկութեանց`
Ծաղր տեսողաց եւ նշաւակութիւնք նախատողաց:
Զի եթէ ապաժաման յանզգոյշ ժամուն
Հերապանծ տունկն պտղակորոյս, անկենդան,
Որ դոյզն պատկեր է անպատրաստից,
Եկն ընդ անիծիւք,-
Եւ կամ երկիր, ոռոգեալ ցաւղով,
Եւ ոչ բազմապատիկ զաւանդս արգասեաց
Երկրագործութեան տածողացն մատուցանէ`
Լքեալ մոռանի,-
Իսկ դու, ով անձն իմ եղկելի,
Սահման բանաւոր եւ տունկ կենդանի,
Եւ ոչ ի ժամու իւրում պտղաւոր,
Ի՞բր ոչ զնոյնն կրեսցես պատիժ նախնում առակիդ:
Վասն զի զհամայնն ընկալար ի քեզ անպակաս յառաւելութեանց,
Սկզբնաւորեալ ի մարդն առաջին
Եւ մինչեւ ի սպառումն ծննդոց նորին,
Զբերս գործոց նանրութեանց եւ զգիւտս նորոգս`
Ատելիս եւ անախորժելիս հաստողին զքեզ` Աստուծոյ:
Գ
Եւ վասն զի եդի զքեզ նպատակ
Հանդէպ երեսաց տեսութեան մտացս,
Անձն իմ անպիտան,
Վիմաւք ձգելոց արձանաց բանից,
Իբր զանընտել գազան վայրենի,
Անողորմաբար զքեզ քարկոծել:
Որ թէպէտ եւ ոչ պատահիմ անուանիլ արդար,
Սակայն յառաջնումն պատասխանւոջ,
Իբր ընդ ոսոխի ումեմն,
Ընդ անձին յաւժարամիտ կամաւք ոգորիմ,
Ըստ իմաստութեանն բանի,-
Եւ զյոյզք մտաց խորհրդոցս գաղտնեաց,
Իբր զգլխաւորեալ յանգաւորութիւն չարութեան գործոց,
Խոստովանեալ` քեզ տարածեցից, Աստուած իմ եւ Տէր:
Զի որով չափով չափեցից զանձինս ստգտանք`
Ի քոցդ աննուազ գթութեանցդ այսրէն չափեցայց,
Ընկալեալ զշնորհդ յաճախագոյնս ընդ մեծագունիցս պարտեաց.
Եւ որքան վիրացն հարուածք անբժշկականք եւ անհնարաւորք ճարակեսցին,
Այնքանեաւք չափովք կրկին առ սմին
Եւ իմաստք արուեստից բարձրեալ բժշկիդ
Բարեհռչակեալ` լուսաւորեսցին,
Եւ ի պարտուցն առաւելութիւն`
Նոյնքան փոխատուիդ առատատրութիւն
Բարեբանեալ` միշտ պսակեսցի,
Ըստ խնկաւորդ քում առակի:
Դ
Զի քո է փրկութիւն,
Եւ ի քէն է քաւութիւն,
Եւ աջով քո` նորոգութիւն,
Եւ մատամբ քո` զաւրեղութիւն,
Եւ ի հրամանաց քոց` արդարութիւն,
Եւ յողորմութեանց քոց` ազատութիւն,
Եւ յերեսաց քոց` լուսաւորութիւն,
Եւ ի դիմաց քոց` զուարճութիւն,
Եւ հոգւովդ քո` բարութիւն,
Եւ աւծմամբ իւղոյ քո` սփոփութիւն,
Եւ ցաւղով շնորհի քոյ` զուարթութիւն:
Եւ դու տաս մխիթարութիւն,
Եւ մոռացուցանես զվհատութիւն,
Եւ բառնաս զխաւար վշտաց,
Եւ զհեծութիւն ողբոց ի ծաղր փոխես:
Եւ քեզ վայել է աւրհնութիւն գովութեամբ հանդերձ`
Յերկինս եւ յազգս հարցն եւ ի ծնունդս նոցա
Եւ յաւիտենից յաւիտեանս:
Ամէն:
Բան Թ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Եվ արդ ողբագին աղաչանքների այս կտակարան իմ մատյանի մեջ
Ի՞նչ բամբասանքներ շարադրեմ արդյոք ես քեզ արժանի, ո՜վ անձն իմ թշվառ,
Սևերեսըդ դու և պատասխանի համար անբարբառ,
Անպիտանըդ՝ Աստուծո և սրբերի հաղորդակցության:
Քանզի եթե ես ծովի ջրերը մելանի փոխեմ
Եվ բազմասպարեզ ընդարձակությամբ դաշտերը թղթի նման տարածեմ,
Կտրեմ եղեգնի անտառները և գրիչներ շինեմ՝
Մի մասն իսկ բազում անօրինական իմ արարքների
Դարձյա՛լ չեմ կարող ես գրի առնել:
Եվ Լիբանանի մայրիներն եթե իրար զոդելով շինելու լինեմ կշեռքի լծակ,
Ու նժարներից մեկի մեջ դնեմ լեռն Արարատյան՝
Դարձյա՛լ չի կարող հավասարվել նա իմ մեղքերի հետ:
Բ
Ես ծառ բարձուղեշ՝ ստվար ոստերով, սաղարթախիտ, բայց անպտուղ,
Ճիշտ ու ճիշտ նման այն թզենուն, որ Տերը չորացրեց:
Թեև իսկապես վարսագեղ, սաղարթազարդ,
Արտաքին տեսքով բարեշուք ես դու,
Պաճուճված, ինչպես պսակով մի պերճ,–
Եվ հեռվից նայողներին երևում ես բաղձալի,
Բայց երբ մոտենա Տնկողն իր ուզածը փնտրելու,
Ամեն բարիքից դատարկ և ունայն պիտի գտնի
քեզ, Եվ գարշելի՝ գեղեցկությանդ մեջ՝
Տեսնողներին ի ծաղր և նախատողաց՝ նշավակություն:
Քանզի եթե անժամանակ, չսպասված ժամին՝
Տունկը հերապանծ, անպտուղ և անկենդան,-
Որ մի պատկերն է անպատրաստ մեղավորների,- Ենթարկվեց անեծքի,
Եվ կամ թե հողն այն, ոռոգված ցողով,
Որ երկրագործի թափած աշխատանքների դիմաց
Բազմապատիկ արդյունք չտալու պատճառով լքվում է և մոռացվում,–
Հապա ուրեմն դու, ո՜վ անձն իմ եղկելի,
Դու հո՛ղ բանավոր ու տունկ կենդանի,
Որ չես տալիս պտուղ իր ժամանակին,
Ի նչպե՞ս կարող ես վերի առակում հիշված պատիժը չկրել, ինչպե՞ս:
Քանզի դու բոլոր արդյունքն ու բերքը նանիր գործերի,
Առաջին մարդուց սկսած մինչև սերունդը վերջին,
Եվ գյուտերը նոր, որոնք քեզ ստեղծող Աստուծո համար
Ատելի են խիստ, անախորժելի՝
Անպակաս չափով, առավելապես մեջդ ընդունեցիր:
Գ
Եվ քանզի ես քեզ արի նշավակ-նպատակակետ իմ մտադրությանց, ա՛նձն իմ անպիտան,
Բանաստեղծական խոսքերովս, ինչպես պարսաքարերով,
Քեզ, իբրև վայրի անընտել գազան՝ պիտի քարկոծեմ անողորմաբար:
Եթե մինչև իսկ չկարողանամ արդար անվանվել,
Սակայն առաջին պատասխանիս մեջ, ինչպես
մի ոսոխի հետ, Ոգորեմ պիտի ես հոժարակամ, ինչպես իմաստունն է բարբառել մեծ26Առակ. ԺԸ. 17:
Եվ իմ մտքերի, մտածումների հույզերը թաքուն
Իբրև չար գործեր՝ կատարված արդեն, խոստովանելով,
Քո առջև պիտի տարածեմ բոլոր, Աստված իմ և Տեր,
Քանզի ի՛նչ չափով որ պիտի չափեմ մեղադրանքն անձիս,
Միևնույն չափով պիտի աննվազ քո գթությա՜նը ես արժանանամ,
Ընդունելով քո շնորհներն առատ իմ ամենամեծ պարտքերի տեղակ:
Որքան ճարակեն վերքերն անհնար և անբուժելի,
Այնքան ավելի և կրկնապատիկ բարձրյալ բժշկիդ
Հրաշագործության իմաստությունը բարեմասնորեն պիտի հռչակվի:
Հանցանքներն որքան որ ավելանան,
Նո՛ւյնքան փոխատվիդ առատությունն բարեբանելով՝
Պիտի պսակվի, ըստ քո խնկելի առակի, ընդմիշտ27Ղուկ. Է. 43:
Քանզի փրկում ես դո՛ւ և դո՛ւ քավում,
Նորոգում ես աջով քո և չորացնում մատով.
Արդարացնում ես հրամանովդ և ողորմությամբդ ազատում.
Երեսովդ լուսավորում ես և քո դեմքով զվարճացնում.
Բարերարում ես Հոգով քո և յուղիդ օծումով սփոփում
Ու շնորհիդ ցողով զվարթացնում ես դու:
Դո՛ւ ես տալիս մխիթարություն և վհատության մոռացում.
Վերացնում խավարը վշտերի և հեծության ողբերը՝ ծիծաղի փոխում:
Եվ քեզ է վայելում օրհնություն՝ գովությամբ հանդերձ, երկնքում,
Նախահայրերից բոլոր և նրանց սերունդներից,
Հավիտյանս հավիտենից. ամեն:
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արդ, քեզ արժանի նախատինքների ի՞նչ խոսքեր գրեմ
Մաղթանքներիս այս կտակամատյան ողբերգության մեջ,
Ո՜վ անձն իմ թշվառ, իսպառ անպատկառ,
Պատասխան տալու համար անբարբառ,
Անպիտան՝ Աստծո և սրբերի հետ հաղորդակցելու:
Զի եթե մի լիճ, ծովե՜րը նույնիսկ թանաքի փոխեմ,
Թե բազմասպարեզ դաշտերն իրենց ողջ
Անսահմանությամբ դարձնեմ մագաղաթ
Եվ եղեգների շամբ ու պուրակներն, անտառներն ամբողջ
Կտրելով միայն գրիչներ շինեմ,
Դաձյալ չեմ կարող բարդված իմ անթիվ անօրենության
Մի չնչին մասնիկն իսկ գրի առնել:
Եթե անգամ ողջ մայրի անտառներն այն Լիբանանի
Զոդելով դարձնեմ կշեռքի լծակ
Եվ մի նժարին իբրև կշռաքար
Արարատ լեռը դնելու լինեմ,
Դարձյալ չի կարող նա իր ծանրությամբ
Իջնելով հասնել, համազուգակցել ու հավասարվել
Մյուս նժարի հանցանքներիս հետ:
Բ
Դու ծառ ես, մի ծառ, շքեղ, բարձրուղեշ,
Ստվար ճյուղերով ու տերևալից,
Սակայն պտղազուրկ,
Ճիշտ հար ու նման այն թզենուն, որ տերը չորացրեց:
Քանզի վարսագեղ քո սաղարթներով,
Այսինքն՝ արտաքին տեսքով, բարեշուք,
Ասես պաճուճված ինչ-որ պսակով,
Հեռավորներին թովում ես, գերում,
Սակայն տնկողդ եթե մոտենա բերքդ քաղելու,
Պիտի գտնի քեզ անպտուղ, ունայն,
Գեղեցկությունից զուրկ ու գարշելի,
Որպես տեսնողի նշավակության,
Նախատինքի ու ծաղրի առարկա:
Եթե հերապանծ անպտուղ տունկն այն, անշունչ, անկենդան,
Չնչին պատկերն այդ անպատրաստ մարդու,
Տարաժամ, անդեպ, չսպասված պահին անեծք ընդունեց,
Կամ եթե հողը, ցողով ոռոգված,
Երկրագործների ջանքերի դիմաց
Բազմապատիկ բերք չմատուցելով
Լքվում, մատնվում է անհուշ մոռացման,
Հապա դո՛ւ, դո՛ւ, ո՜վ անձն իմ եղկելի,
Դո՛ւ, բանական հող, դո՜ւ, կենդանի տունկ,
Որ ժամանակին պտուղ չես տվել, ,
Ինչպե՞ս չես կրում պատիժ նրանց պես.
Չէ՛ որ սկսած առաջին մարդուց
Մինչև վախճանը մարդկային ցեղի՝
Քեզ ստեղծողին՝ Աստծուն ատելի, անախորժելի՝
Արդեն կատարված ու կատարվելիք
Նանիր գործերի արդյունքն համորեն առել ես քո մեջ:
Գ
Ահա մտքերիս սևեռուն հայացքն ուղղած դեպի քեզ
Որպես թիրախի, ա՜նձն իմ անպիտան,
Խոսքիս քարերով, ինչպես անընտել վայրի գազանի,
Անողորմաբար պիտի քարկոծեմ։
Թեկուզ դրանով չարժանանամ իսկ արդար կոչվելու,
Բայց, իմաստունի խոսքի համաձայն,
Ինքնակամորեն, ինչպես մի ոսոխ
Պիտի ոգորեմ ինքս իմ անձի դեմ
Եվ բոլոր գաղտնի հույզ ու մտքերն իմ
Խոստովանելով որպես կատարված չարագործություն՝
Պիտի անսքող հրապարակեմ,
Սփռեմ քո առաջ, Աստվա՜ծ իմ և տեր:
Քանզի որքան շատ պարսավեմ ինքս ինձ,
Այնքան ավելի կարժանանամ քո անհատ գթության,
Ստանալով իմ անթիվ մեծամեծ պարտքերի դիմաց՝
Առավել առատ շնորհները քո:
Որքան ավելի ճարակված լինեմ
Անբժշկելի, ծանր ու անամոք վերք ու ցավերով,
Դրա համեմատ՝ այնքան առավել ու կրկնապատիկ
Բարձրյալ բժշկիդ իմաստությունը ամենահնար
Ցուցադրվելով պիտի հռչակվի.
Ըստ իմ պարտքերի առավելության
Եվ փոխատվիդ շռայլությունը, շնորհաբաշխմամբ,
Բարեբանվելով պիտի պսակվի,
Ըստ առակի քո խնկելի ու սուրբ:
Զի քո ձեռքում է փրկությունը, տե՜ր,
Եվ քեզանից է լինում քավություն.
Աջովդ նորոգում ու զորություն ես ընձեռում մատով.
Արդարությունը հրամանիցդ է,
Ազատությունը՝ քո գթությունից.
Դեմքդ տալիս է լուսավորություն, երեսդ՝ բերկրանք,
Բարությունը քո հոգով է լինում,
Սփոփանքը՝ քո սուրբ յուղի օծմամբ,
Զվարթությունը՝ շնորհիդ ցողով.
Դու ես պարգևում մխիթարություն,
Վհատությունը հանձնում մոռացման,
Վշտի խավարը փարատում անհետ,
Ողբն ու հառաչը փոխում ծիծաղի:
Քեզ վայելում է օրհնաբանություն
Գովությամբ հանդերձ՝ ի վերին երկինք՝
Նախահայրերից ու սերունդներից բոլոր ապագա,
Հավիտյաններից հավիտյանս, ամեն: