ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Աստուած բարերար, հզաւր, ահաւոր,
Հայրդ բարի ողորմութեանդ շնորհի,
Որոյ անունդ իսկ մեծիդ զգթութիւն
Եւ զընտանութիւն աւետարանէ,
Քաղցրդ դժնէից եւ անգոհացողաց.
Ընդ քեզ եւ Որդիդ քո` իբրեւ զքեզ,
Զաւրաւոր ձեռն` իբրեւ զքոյդ,
Անժամանակ տէրութեամբ ահեղ,
Ընդ արարչութեանդ քում բարձրացեալ.
Եւ Հոգիդ Սուրբ ճշմարտութեան,
Բղխեալ առ ի քէն անսպառութեամբ,
Կատարեալ իսկութիւն գոյի, էութիւն մշտնջենաւոր,
Հաւասար քո ամենայնիւ, փառակից Որդւոյ տէրութեամբ:
Երրեակ անձնաւորութիւն համայն անքնին,
Տրոհեալ ի դիմաց ուրոյն զատուցմամբ,
Իսկ միաւորեալ համազուգութեամբ,
Նոյնագոյ բնութեամբ տիրապէս, անշփոթ եւ անանջրպետ`
Միով կամաւք եւ կցորդութեամբ:
Ոչ երիցութիւն ումեմն ի յումեմն,
Եւ ոչ քթթել մի ական առ նուազութիւն միոյն ժամանեալ,
Քան թէ պատճառ սիրոյ երկնայնոյ անստուեր լուսոյ,
Որ առ մերն է ծանաւթութիւն,
Միով պսակաւ սրբասացութեան անսկզբնաբար աստուածաբանեալ:
Բ
Քանզի արդարեւ վերաձայնեալս այս խոստովանութիւն
Երեքփառատրեանդ դաւանութեան զվէմն հաւատոյ Պետրոս երանեաց,
Իսկ զդատապարտելոյս անձն մեղաւք բարեհրաման քո ակնարկութեամբ,
Ով խնդրողդ գերելոյս, հրաշանորոգ արդարացուսցէ:
Քանզի թէպէտ եւ քո իցեն պարգեւք, եւ քո` ողորմութիւնք,
Այլ ոչ ի պարգեւսն ես այնքան հռչակեալ, որքան յողորմութեանն,
Զի երկրորդն զքոյդ յաճախէ զփառս,
Իսկ առաջինն զճգնաւորացն յայտնէ զգործս.
Զի պարգեւք վաստակոցն են փոխատրութիւնք,
Իսկ ողորմութիւնք` մեղուցելոյս բարերարութիւնք:
Գ
Եւ արդ, մի զաւրասցին մարդկայինս գործք
Առաջի քոյոցդ շնորհաց, Աստուած գթութեանց,
Թէ եւ անդր իսկ իցեն, քան զաւրէնս հասարակաց բնաւորականս հոսմանց,
Այլ յաղթող եղեալ քոյդ երկայնմտութեան,
Նուազ եղիցի առ քումդ մասին ընթացք երկրածնաց:
Քանզի եւ որ մաքրութեամբն պերճանային աւրինակացն վստահութիւնք`
Ի լուսաւորել քոյդ արդարութեան գուշակ ներկայիս,
Ամենանուազ անձկութեամբ լքեալ հրէութիւնն յետնեալ,
Եւ յաւէտ ընդ տարագրական ողորմեցելոցն`
Առաւել նոքա գտան կատաւտեալ մարդասիրութեան:
Եւ քանզի ամենայն ինչ հնարաւոր է քեզ, բարերար,
Լուր պաղատանաց գոչման հեծութեանս, որ կարդամս առ քեզ,
Ողորմեա, կեցո եւ մարդասիրեա,
Զի քո է երկայնամտութիւն,
Քաղցրութիւն, փրկութիւն, քաւութիւն
Եւ փառք յամենեցունց յաւիտեանց ազգաց:
Ամէն:
Բան ԺԳ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Աստված բարերար, հզոր, ահավոր, Շնորհատո՛ւ, բարի, դու Հա՜յր ողորմած.
Անունըդ անգամ քո մեծությունն ու գթությունը և քո մտերմությունն է ավետարանում,
Քաղցր ես դժնիների և անգոհների համար.
Քեզ հետ Որդիդ էլ նման է միշտ քեզ, ձեռքիդ պես նրա ձեռքն էլ զորեղ,
Անժամանակ տերությամբ ահեղ՝ քո արարչությամբ ինքն էլ բարձրացած:
Նաև Սուրբ Հոգին քո ճշմարտության՝ բխելով քեզնից անսպառորեն,
Իբր աստվածային կատարյալ իսկություն և էություն մշտնջենական,
Ըստ ամենայնի հավասար է քեզ և իշխանությամբ՝ փառակից Որդուդ:
Երրյակ անձնավորություն՝ համակ անքնին,
Հատուկ առանձնացումով տրոհված անձեր,
Բայց միավորված համազուգությամբ,
Նույնագո բնությամբ տիրապես, անշփոթ և անանջրպետ
Միևնույն կամքով և գործակցությամբ, Ոչ մեկը մյուսից ավագագույն չէ,
Եվ ոչ էլ մի ակնթարթ նույնիսկ մեկ-մյուսից նվազ երբևիցե,
Այլ իբրև պատճառ երկնային սիրո անստվեր լույսի, հայտնված մեր մեջ,
Սրբասացության միակ պսակով՝ անսկզբնաբար աստվածաբանված:
Քանզի արդարև բարձրաձայն այս խոստովանությունը երեք փառատրյան այդ դավանության՝
Պետրոսին հավատքի վեմ կոչվելու երանության արժանացրեց –
Դատապարտյալիս մեղավոր հոգին բարեհրաման քո ակնարկությամբ,
Ո՜վ դու, որ փնտրում ես գերյալիս, հրաշանորոգ թո՛ղ արդարացնե:
Զի քոնն են թեև պարգևներն ու ողորմությունները,
Բայց դու ո՛չ այնքան քո պարգևներով, որքան ողորմությամբ ես հռչակված.
Քանզի երկրորդը քո փառքն է ավելացնում,
Իսկ առաջինն առաքինական գործի է հայտարար.
Զի պարգևները փոխարինություն են ծառայության դիմաց,
Իսկ ողորմությունը՝ բարերարություն մեղավորիս:
Բ
Եվ արդ, մարդկային գործերը թող որ չգերազանցե՜ն իրենց զորությամբ քո շնորհներին, գթառա՜տ Աստված,
Եթե մինչև իսկ անցավոր բնության օրենքներից էլ վեր լինեն նրանք.
Այլ հաղթող հանդիսանալով քո երկայնամտությունը,
Երկրածինների ընթացքը երբեք չհավասարվի՛ թող քո գործերին:
Քանզի և նրանք, որ օրենքների մաքրությամբ իրենց պարծենում էին,
Քո արդարության լույսը երբ ծագեց,–
Որ նոր օրենքի ճշմարտությունն էր ծանուցանում,–
Հրեաներն հետին անձկությամբ լքված ու նվաստացած,
Ավելի քան տարագիրներն ողորմելի՝ մարդասիրությանդ կարոտ եղան:
Եվ քանզի ամենայն ինչ հնարավոր է քեզ, բարերա՛ր,
Լսի՛ր ողբաձայն պաղատանքներս, որ ուղղում եմ քեզ.
Ողորմիր, փրկիր և մարդասիրիր, զի երկայնամիտ ես դու,
Եվ քոնն են քաղցրություն, փրկություն և քավություն և փառք
Բոլոր հավիտյան ապրող ազգերից. ամեն:
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Աստվա՜ծ բարերար, հզոր, ահավոր,
Շնորհատու հայր, բարի, ողորմած,
Անուն իսկ մեծիդ միայն գթություն,
Ընտանություն է ավետարանում.
Քաղցր ես մինչևիսկ ապերախտների, ժանտերի հանդեպ:
Քեզ նման է և որդիդ, ձեռքիդ պես զորավոր ձեռքով,
Տերությամբ ահեղ ինքնաժամանակ
Եվ արարչությամբ բարձրացած քեզ հետ։
Այլև Սուրբ Հոգին քո ճշմարտության,
Բխած քեզանից անսպառորեն՝
Իբրև կատարյալ գոյի իսկություն,
Էականություն մշտնջենական՝
Ըստ ամենայնի հավասար է քեզ,
Իսկ իշխանությամբ՝ փառակից որդուդ:
Եվ որպես եռյակ անձնավորություն, համակ անքնին՝
Տարանջատ եք դուք ինքնությամբ ուրույն
Եվ միավորված համազուգությամբ,
Բնությամբ՝ նույնգոյ, իսկությամբ՝ հատուկ,
Անշփոթելի ու անանջրպետ,
Միևնույն կամքով ու գործակցությամբ.
Մեկդ մյուսից ո՛չ ավագ է, ո՛չ
Նվազ՝ մինչևիսկ մի ակնթարթով, ՝
Այլ ճանաչվում եք որպես համաշունչ սկզբնապատճառ
Երկնային սիրո անստվեր լույսի՝
Սրբասացության միակ պսակով
Անսկզբնաբար ասվածաբանված:
Արդ, եռափառյան ձեր դավանության
Խոստովանությունն այս վերաձայնված,
Որը Պետրոսին «հավատքի վեմի»
Մեծ երանության արժանացրեց,
Թող որ բարեհաճ իր հրամանով, փնտրո՜ղդ գերուս,
Նաև մեղքերով դատապարտյալիս
Արդարացնի հրաշանորոգ:
Թեպետև դու, տե՜ր, տնօրինողն ես
Ե՛վ պարգևների, և՛ ողորմության,
Սակայն ոչ այնքան պարգևներով ես
Հռչակված, որքան ողորմությամբ քո.
Զի աոաջինը միայն որպես վարձ՝
Հայտնում է գործերն առաքինական,
Մինչդեռ երկրորդը բարձրացնում է փառքը բարձրյալիդ.
Քանզի պարգևը փոխհատուցում է վաստակի դիմաց,
Ողորմությունը, այնինչ, անհատույց
Բարերարում է մեղավորներիս:
Բ
Եվ արդ, մարդկային գործերը թող որ
Իրենց զորությամբ չգերազանցեն
Քո շնորհներին, գթառա՜տ Աստված,
Եթե մինչևիսկ մեր այս հոսանուտ
Բնության բոլոր օրենքներից էլ վեր լինեն նրանք.
Թող հաղթող լինի անչարությունը քո երկայնամիտ,
Եվ գործերն համայն երկրածիններիս
Նվազ լինեն միշտ քոնոնց նկատմամբ:
Չէ՛ որ և նրանք, որոնք մաքրությամբ
Պարծենում էին՝ իրենց օրենքին ապավինելով,
Երբ ծագեց լույսը՝ ներկայի գուշակ քո արդարության,
Հրեությունն այդ հետնյալ՝ համորեն
Անձկությամբ լքված ու նվաստացած,
Տարագրական եղկելիներից նույնիսկ ավելի,
Կարոտ զգաց քո մարդասիրության:
Քանզի ամեն ինչ հնարավոր է քեզ, ո՜վ բարերար.
Լսի՛ր դառնահեծ պաղատանքներիս,
Որ բարձրաղաղակ առաքում եմ քեզ.
Ողորմի՛ր, կյա՜նք տուր ու մարդասիրի՚ր,
Քանզի քաղցր ես դու ու երկայնամիտ, փրկիչ ու քավող.
Եվ քեզ փա՜ռք բոլոր հավիտյանների ազգերից, ամեն: