ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Ընդ Աստուածածնին մաղթանաց` ահա եւ զվերնոցն
Անմահ հրեշտակացն լուսակերպից զաղերս հայցուածոց,
Որ վասն իմ գոչեն առանց լռելոյ
Հանապազորդեան արգահատութեամբ մաքուր բերանոց,
Ընկալ, բարեգութ:
Որք են բարիք, բարեգործեալք ի բարերարէդ,
Անկիրթք` չարեաց, հաստեալք յամէնիշխան հրամանաց էիդ
Զաւրութիւնք հզաւրք` ակնարկութեան բարձրելոյդ,
Սուրբք, մաքուրք, անարատք, աւրհնեալք,
Վայելչականք, յաղթողք եւ անպարտելիք
Եւ ըստ ընթացից տեսութեան մտաց` արագունք:
Որք եւ պտղակորոյս տնկոյ թզենւոյն` եռամեանն դատարկութեամբ,
Որ զբնաւ յաւիտեանս պարունակէ ժամանակն`
Զանցեալն ընդ ներկայիս եւ ընդ ապառնոյն,
Յամայր յամրութեամբն յերկարաձգելոյ,
Յայգի աշխարհիս արմատացելոյ,
Սին սաղարթիւն պաճուճելոյ` զրկեալ ի պտղոց,
Որ է ճշգրիտ պատկեր թշուառ մարդկութեանս,-
Սոքա բարեխաւսք, հանդերձիչք, այլ եւ խնամակալք,
Որ դեգերին հանապազ առ մեզ`
Ընդ մերում կրիցս կարեկցելով,
Բարեմասնութեանն մեր սպասեն
Եւ յաւիտենականն կենդանութեամբ փրկութեանն մեր աղաւթեն
Զայս բան ասելով` Զգործս ձեռաց քոց մի անտես առներ:
Քանզի, արդարեւ, մեր են այս աղաչանք,
Ի բարերարէդ Աստուծոյ վասն մեր կարգեալ առ նոսա,
Զի նոքա բանիւ են ստեղծեալ,
Եւ մեք` ձեռաւք ներգործեալ:
Որք եւ գալոց են ընդ միածնիդ
Վկայք սոսկալիք դատաստանին հատուցման,
Ճշմարտաբան դատախազք յանցաւորութեան երկրայնոցս,
Յահաւորին ատենի` յայտնիչք իրաւամբք
Զմատակարարութիւնն, որ առ մեզ,
Որք եւ անդանաւր կարեկցեն` ազդեալ հառաչմամբ
Զմշտանուէրն նուագ ձայնի.
Ողորմեա, դու ստեղծեր, մի կորուսաներ:
Բ
Արդ, ընդ գոհաբանութեան ձայնիցն
Խնդրուածոց անմահականացն վեհից`
Եւ ի մեր հեծութիւնս հոտոտեսցիս, բնաւից Արարիչ,
Որ յաղթես գթութեամբդ քո վերնոցն եւ ստորնայնոցս,
Քանզի քո է բարերարելդ առ մեզ եւ առ նոսին:
Արդ, վասն բարեզարդութեան անախտականացն,
Հրաշատեսիլ հրակերպիցն, անշաղախ մաքրոցն,
Անմեղիցն, բոցանիւթիցն, հոգեղինացն եւ անվանելեացն,
Ամէնաճեցուն առաւելութեամբ ի բարձրն ընտրականութիւն,
Գերափայլ յաճախ գիտութեամբ,
Անցուրտ ջերմութեամբ ջեռուցանողք
Ինքնաբուն տապովն աստուածսիրութեան,
Ըստ ինքեանց զմերս սառնասեր սրտից անբորբոք շիջումն`
Այրիլ անաղաւտ ի մեծախորհուրդ սրբում սեղանիս,
Որ ի խորանիս,
Առանց նիրհելոյ եւ դանդաղանաց
Սպասել հրամանաց երանականաց
Կեցուցիչ կամաց ամենաստեղծիդ`
Քերոբէաւրէն առաքինութեամբ
ՅԱստուած միացեալք անբաժանելի:
Որք երկնաւոր պետութիւնք են մեծք
Եւ զինուորութիւնք անբիծք, ահաւորք,
Երկնաւորիդ Աստուծոյ ազատազնեայ պաշտաւնեայք,
Ի յամպոյդ լուսոյ ցաւղք նշուղից:
Գ
Որովք եւ ինձ` մեղաւորիս հողեղինի
Մարդասիրեսցես ողորմել, Յիսուս,
Աղաչանաւք իմոյն հրեշտակի`
Դարձուցանելով զիս, Տէր, ի բարիդ քո հետս լուսոյ,
Զի զաւանդ հոգւոյս իմ պաշտպանութեան,
Զոր հաւատացեր նմին տեսչութեան,
Զընկալեալն ի քէն ի կենցաղ աստեացս`
Ուրախութեամբ սրտիւ յիս բերկրեալ,
Անմեղադրելի առ ի քէն աւրհնեալ,
Խնդալից դիմաց զուարճութեամբ քեզ,
Արքայ բարձրութեան փառաց անհասից,
Ի խրախճանս կենդանախումբս բերկրեցելոցն պարուց
Մատուցեալ ընծայեցուսցէ, գովեալ ողորմած,
Եւ քեզ, անքնին, ընդ Հաւրդ անհասի,
Թուակցութեամբ Հոգւոյդ անճառի,
Վայել է փառք, պատիւ եւ երկրպագութիւն
Յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

Բան ՁԱ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Աստվածածնի մաղթանքների հետ ընդունիր, ո՜վ բարեգութ,
Ե՛վ աղերսագին խնդրանքներն, ահա՛, անմահ, լուսակերպ հրեշտակների,
Որոնք ինձ համար մաքուր բերանով գոչում են անլուռ
Հանապազօրյա բարեխոսությամբ:
Բարի են նրանք բարերարիցդ միշտ բարեգործված,
Եվ ամենիշխան Էիդ հրամանով ստեղծված՝ հավետ անընդել չարին:
Նրանք բարձրյալիդ զորքերն են հզոր՝ խոսքիդ միշտ պատրաստ.
Սուրբ են ու մաքուր, անարատ, օրհնյալ,
Վայելուչ, հաղթող և անպարտելի, Ե
վ արագաշարժ՝ մտքի տեսության ընթացքի նման:

Բ

Բարեխոսներ են նրանք, մատակարար և խնամակալ,–
Աշխարհիս այգում արմատավորված
Եվ երեք երկար ու ձիգ տարիներ դատարկ մնացած,
(Որ հավերժական ժամանակն է պարունակում իր մեջ՝
Անցյալը, ներկան ու ապառնին),
Այն թզենու, որ պտղազուրկ էր, պաճուճված միայն սին սաղարթներով,
Որ ճիշտ պատկերն է թշվառ մարդկության:
Նրանք մեր շուրջը դեգերում են միշտ, կարեկցելով մեզ
Եվ ուզում են, որ լինենք բախտավոր.
Եվ կենդանությամբ հավիտենական՝ աղոթում են մեր փրկության համար,
Այս խոսքն ասելով՝ «Քո ձեռքի գործը մի՛ անտեսիր դու»:
Արդարև մերն է այս աղաչանքը,
Բարերար Աստծուդ կողմից մեզ համար՝ նրանց սահմանված.
Զի նրանք ստեղծված են խոսքով,
Իսկ մենք ձեռքով ենք ստեղծագործված:
Նրանք հատուցման ահավոր դատաստանին գալու են որպես վկաներ՝
Միածնիդ հետ՝ ճշմարտաբան դատախազներ լինելու երկրայիններիս հանցանքներին,
Եվ ահավորի ատյանի առաջ՝ իրավախնդիր՝
Հաշվետու պիտի լինեն մեզ համար.
Թեև այնտեղ էլ մեզ կարեկցելով՝
Հնչեցնեն պիտի իրենց մշտանվեր երգն հառաչաձայն.–
«Ողորմիր, ո՜վ Տեր, դո՛ւ ստեղծեցիր, դու մի՛ կորցնի»:

Գ

Արդ, անմահների գոհաբանության խնդրանքների հետ
Մեր հեծություններն էլ հոտոտիր,
Արարի՛չ ամենայնի,
Որ քո գթությամբ գերազանցում ես երկնայիններին ու երկրայիններիս,
Զի դու ես բարերարում թե՛ մեզ և թե՛ նրանց:
Եվ արդ, անախտներն այդ ահա՛,
Հրակերպներն հրաշատեսիլ, մաքուրներն անխառն,
Անմեղներն ու բոցեղենները, հոգեղեններն ու անհաղթները,
Շնորհիվ իրենց անարատ բարեզարդության,
Բարձր ազնվության ամենազարգացած առավելությամբ
Եվ գերափայլ ու ճոխ գիտությամբ,
Որպես ջերմեռանդ աստվածասիրության ինքնաբուն տապի
Անցուրտ ջերմությամբ ջեռուցանողներ,
Իրենց պես և մեր սառը սրտերի անբորբոք շիջումն են հրահրում հար,
Որպեսզի նրանք այրվեն անաղոտ՝
Մեծախորհուրդ սուրբ սեղանի վրա՝ այս խորանի մեջ,
Առանց նիրհելու և դանդաղելու, սպասելով միշտ
Ամենաստեղծիդ կեցուցիչ կամքի երանելի հրամաններին,
Աստծուն միացած անբաժանելի՝ քերովբեական առաքինությամբ:
Պետություններ են նրանք երկնավոր,
Եվ զինվորներ են ահավոր, անբիծ,
Երկնավոր Աստծուդ պաշտոնյաներն են ազատազնյա,
Լուսեղեն ամպիցդ շողերի ցոլքեր:

Դ

Ուստի հողեղեն մեղավորիս էլ մարդասիրաբար ողորմիր, Հիսո՛ւս,
Աղաչանքներովն իմ հրեշտակի, դարձնելով ինձ, Տե՛ր,
Դեպի քո բարի, լուսավոր ճամփան,
Որպեսզի հոգուս ավանդը, որի պաշտպանությունը նրա տեսչությանը վստահացար,
Որը նա քեզնից ընդունեց այստեղ, այս աշխարհում դեռ,
Ինձնով բերկրալից և ուրախ սրտով, քեզնից օրհնված,
Անմեղադրելի, խնդալից դեմքով ու կենսազվարթ՝
Քեզ՝ անհաս փառքով բարձր արքայիդ,
Հավերժ կենդանի հրեշտակներիդ ամենաուրախ
խրախճանքներում Ընծայաբերի, գովյա՜լ ողորմած:
Քեզ՝ անքննելուդ, Հոր և Հոգու հետ անհաս և անճառ
Վայելում են փառք, պատիվ, երկրպագություն հավիտյանս. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Սուրբ Աստվածածնի մաղթանքների հետ ընդունի՛ր, գթա՜ծ,
Եվ աղերսագին խնդրանքներն ահա
Անմահ լուսակերպ հրեշտակների,
Որոնք ինձ համար մաքուր բերանով գոչում են անլուռ
Հանապազօրյա բարեխոսությամբ։
Բարերարիցդ միշտ բարեգործված՝
Բարի են նրանք, չարին անընտել,
Եվ ամենակալ քո հրամանով
Հաստված զորքեր են հզոր, բարձրյալիդ ակնարկին հլու,
Սուրբ ու անարատ, մաքուր ու օրհնյալ,
Վայելուչ, հաղթող ու անպարտելի,
Եվ արագաշարժ՝ մտատեսության ընթացքի նման։
Բ
Բարեխոսներ են սրանք, հոգածու և խնամակալ՝
Աշխարհի այգում արմատավորված,
Պաճուճված միայն սին սաղարթներով,
Պտուղներից զուրկ այն թզենու, որ
Ճշգրիտ պատկերն Էր թշվառ մարդկության,
Անբերրի ամբողջ երեք ձիգ աարի
(Համակ ժամանակն հավիտենության՝
Անցյալն՝ ապառնու և ներկայիս հետ):
Նրանք մեր շուրջը դեգերում են միշտ՝
Կարեկցելով մեր տառապանքներին,
Հոգալով, որ մենք լինենք բախտավոր
Եվ կենդանությամբ հավիտենական
Աղոթում են մեր փրկության համար`
Այս խոսքն ասելով.
«Քո ձեռքի գործը, տե՜ր, մի՛ անտեսիր»։
Մեզ համար է այս աղաչանքն, իրոք,
Որ տնօրինմամբ բարերար Աստծուդ անում են նրանք.
Քանզի վեհերն այդ հաստված են խոսքով,
Իսկ մենք ձեռքով ենք արարչագործված։
Ահեղ հատուցման մեծ դատաստանին
Նրանք գալու են որպես վկաներ
Ու դատախազներ ճշմարտապատում
Երկրավորներիս հանցավորության
Եվ ահավորիդ ատյանի աոաջ անաչառորեն
Մեզ համար պիտի լինեն հաշվետու.
Թեև այնտեղ էլ մեզ կարեկցելով՝
Պիտի արձակեն մշտանվեր երգն իրենց ողբաձայն.
«Ողորմի՛ր, նրանց դու ստեղծեցիր, ուստի մի՛ կորցրու»:
Գ
Վեհ անմահների գոհաբանական խնդրանքների հետ
Հոտոտիր և մե՛ր հեծեծանքները,
Աստվա՜ծ բոլորի.
Որ քո գթությամբ գերազանցում ես
Երկնավորներին, երկրայիններիս,
Բարերարելով թե՛ մեզ, թե՛ նրանց։
Եվ արդ, անախտներն այդ հրաշատես, հրակերպարան.
Մաքուրներն անխառն, անմեղ, բոցանյութ,
Հոգեղեններն այդ հզոր ու անպարտ,
Շնորհիվ իրենց բարեզարդության
Ընտիր ձիրքերի առավելության ամենաճեցուն,
Այլև գիտության, գերափայլ ու ճոխ,
Ջեռուցողներն այդ տիրասիրության
Անցուրտ ջերմության ինքնաբուն տապով
Իրենց պես նաև արծարծում են մեր
Սառած սրտերի շիջումն անբորբոք,
Որպեսզի նրանք այրվեն անաղոտ
Այս խորանի մեջ, մեծախորհուրդ սուրբ սեղանի վրա,
Առանց նիրհելու ու դանդաղելու
Սպասելով միշտ ամենաստեղծիդ
Կեցուցիչ կամքի հրամաններին երանապարգև՝
Անբաժանորեն միացած Աստծուն
Քերովբեական առաքինությամբ։
Պետություններ են նրանք վերնային,
Զինվորություններ ահավոր, անբիծ
Եվ ազատազնյա պաշտոնյաներ են երկնավոր Աստծուդ,
Ճաճանչի ցոլքեր՝ լուսեղեն ամպիդ։
Դ
Նրանց շնորհիվ, ահա, հողեղեն
Մեղավորիս էլ ողորմի՛ր, Հիսո՜ւս,
Աղաչանքներով իմ հրեշտակի
Վերադարձնելով դեպի քո բարի լուսավոր ճամփան,
Որպեսզի հոգուս ավանդը, որի պաշտպանությունը
Նրա տեսչության դու վստահեցիր,
Որն ընդունեց նա քեզանից այստեղ, դեռ այս աշխարհում,
Ինձանով բերկրած սրտի խնդությամբ,
Քեզանից օրհնված անմեղադրելի՝
Հրճվալի դեմքով ու կենսազվարթ
Ընծայաբերի, գովյա՜լ ողորմած,
Քեզ՝ անհաս փառքի արքայիդ վսեմ,
Հավերժ կենդանի հրեշտակներիդ
Ամենաուրախ խրախճանքներում։
Եվ քեզ, անքնի՜ն, անհաս հորդ հետ և անճառ Հոգուդ,
Վայելում է փա՜ռք, երկրպագություն հավիտյանս. ամեն: