ՎԵՐՍՏԻՆ ՅԱԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Տէր Աստուած բարերար, բազմապարգեւ թագաւոր,
Կենաց պատսպարան, լուսոյ կերպարան, լայնատարր հանգստարան,
Որ յաղագս մեղուցելոյս եկեալ մարմնացար,
Գործեցեր զանպատումսն եւ հանդերձեցեր զհրաշալիսն,
Մինչեւ կատարեցեր զառեցեալն ընդ ամենալիր աստուածութեանդ:
Արդ, վասն առաքելոցն սրբոց`
Յերկնաստեղծ քո ձեռացդ ձեռնադրելոց
Եւ Հոգւովդ Սրբով աւծելոց,
Զորոց զգովեստն արժանաւորութեան, ըստ իմում կարի,
Առ ի փառս քո, Տէր ամենայնի, յայլում բանի պաշտեցի,
Եւ ինձ ողորմեսցիս յիշատակաւ սիրոյ նոցին ընտրութեան:
Շաւիղ ինձ ելից նոքաւք հանդերձեսցես յերանութիւնն փափագելի,
Ձայն բարի հովուութեան նոցին յողջոյն ինձ կենաց քաղցր լուիցի:
Մասն կալայց ի յանեղծութիւն փրկութեան տաւնեցեալ յուսոյն
Ընդ առաջնորդացն կենաց, սկզբնաշնորհիցն պատուոյս,
Փառաւորեալն դասուց, գետոցն բանականաց,
Աւետարանչացն բարձանց, իշխանացն պանծալեաց,
Լուսապայծառ թագիւն պճնելոց,
Ի զարդ անկապուտ զաւրութեան շնորհին պայծառացելոց,
Իւղովն զուարթութեան տիրական լուսոյն կատարեցելոց:
Բ
Ընդ աշակերտաց մեծիդ հրամանի
Բարձրեալդ Աստուծոյ Քրիստոսի
Եւ մարտիրոսացն ընտրելոց նահատակութեամբ
Որք մահացու եւ վշտաչարչարն մարմնով,
Վտանգաւոր եւ ամենակիրն անդամաւք,
Երկրաւորական ու հողազանգուածն բնութեամբ
Մարտուցեալ ընդ տարր գոյից ամենայն նիւթից`
Պսակեցան, բարձրացան եւ կենդանացան հոգեպէս`
Արիաբար ելեալք ի յերկրէ, ըստ մարգարէին,
Վկայք ճշմարիտք ամենափորձն մահու,
Իմանալեացն անտեսիցն ու ծածկեցելոցն`
Աներկբայ բարեացն, յուսով տեսելոցն աստէն նկատիչք,
Աշակերտք առաքելոցն եւ չարչարակիցք նոցին,
Որ հաւասարեալ գործովք ընդ նոսին`
Կատարեալ լրմամբ անպակասելեաւ,
Պարեն ի խրախճանս աննկէտն երանութեան,-
Որոց հաճոյական եւ ընդունական մաղթանաւք,
Արիւնընծայ, վաստականուէր, քրտնակնդրուկ աղերսիցն յարգմամբ
Ընկալ զիս նորոգ ըստ նոցին մասին`
Անեղծ փրկութեամբ ի քեզ արձանացեալ:
Գ
Ընդ խաղացեալսն հուրբ եւ սուսերբ արեամբ ներկելոց
Եւ ճգնաւորացն սրբոց հարցն միանձանց
Եւ քեզ հետեւելոցն, Որդի Աստուծոյ,
Անպարտելի քաջութեամբ եւ անպատիր զգաստութեամբ,
Ընդ դժնեայ գոռոզի մարմնոյս բռնութեան արիապէս մարտուցեալ,
Սովիմբ վանեցին զանմարմինն Բելիար
Եւ մշտամարտ հանդիսիւ յասպարիզի կենցաղոյս,
Առանց զզուանաց ծանրաբեռնութեան
Ի լայնածաւալ ծփանաց աշխարհիս ծովու,
Տապանակաւ մարմնոյս թանձրութեան
Զթեթեւութիւն հոգւոցն թռուցեալ`
Ի նաւահանգիստն կենաց հասին
Եւ իբր սիրողք վերնում վիճակին,
Առանց յետնոցն մտածութեան,
Զթագն յաղթութեան համարձակապէս
Պայծառ ճոխութեամբ պճնեալ իսկապէս ի գլուխ կապեցին,-
Վասն նոցին արժանաւոր մաղթանաց եւ նուիրական հայցուածոց
Եւ զիս` զմեղաւորս ի պատժականաց ընկալ ընդ նոսին:
Դ
Եւ ահա խառնեալ զանմաքուրս բան
Ընդ նախագրեցեալ երջանկացն փառատրական աղերսարկութիւն,
Որ վասն իմ գոչեն քեզ ի հաճութիւն,
Եւ ես ընդ նոսին` իբր դառնութիւն եդեալ ընդ քաղցու,
Կամ տատասկ` ընդ ողորկութեան,
Տգեղութիւն` ընդ վայելչութեան,
Տիղմ` ընդ գեղեցկութեան մարգարտի,
Եւ հող` ընդ յստակութեան ոսկւոյ,
Եւ կամ քարինս անարգս` ընդ պայծառութեան արծաթոյ,
Բացասութիւն` ընդ ճշմարտութեան,
Եւ կամ աւազ ինչ ատամնառու` ընդ կակղութեան զանգուածոյ հացի,-
Արդ, լուր, հզաւր, հնարաւոր, գովեալ,
Զնոցայն` վասն իմ եւ զիմս` ընդ նոսին,
Ի նոցին գովեստ, ի փրկութիւն իմ եւ ի փառս քո,
Ամենագութ, բարերար, աւրհնեալ,
Երկայնամիտ, կարող, անքնին,
Անճառ, անեղծ եւ անստեղծ:
Քո են պարգեւք, քո են շնորհք,
Դու սկիզբն եւ պատճառ բարեաց ամենայնի:
Ե
Ոչ ես դատապարտիչ, այլ ազատիչ,
Ոչ ես կորուսիչ, այլ գտիչ,
Ոչ ես մահացուցիչ այլ կեցուցիչ,
Ոչ ես տարագրիչ, այլ ժողովիչ,
Ոչ ես մատնիչ, այլ ապրեցուցիչ,
Ոչ ես ընկղմիչ, այլ վերածիչ,
Ոչ ես գլորիչ, այլ կանգնիչ,
Ոչ ես անիծիչ, այլ աւրհնիչ,
Ոչ ես վրիժառու, այլ շնորհիչ,
Ոչ ես թշուառացուցիչ, այլ մխիթարիչ:
Ոչ եղծանես, այլ գրես,
Ոչ սասանես, այլ հաստատես,
Ոչ ոտն հարկանես, այլ սփոփես,
Ոչ պատճառս յաւդես մահու,
Այլ հնարս խնդրես կենաց,
Ոչ ես ի կամս շարժեալ սատակման,
Այլ ի փրկութիւն ողորմութեան,
Ոչ մոռանաս զայցելութիւն:
Ոչ լքանես զբարի,
Ոչ արգելուս զգթութիւն,
Ոչ բերես վճիռ կորստեան,
Այլ կտակ ազատութեան:
Ոչ թշնամանիս յառատութեանց,
Ոչ բամբասիս ի շնորհաց,
Ոչ հայհոյիս ի պարգեւաց,
Ոչ նախատիս ի ձրի ձրից,
Ոչ անգոսնիս յերկայնմտութեանց,
Ոչ եպերիս ի ներութեանց,
Ոչ բանսարկիս ի բարութեանց,
Ոչ անպատուիս ի քաղցրութեանց,
Ոչ քամահիս ի հեզութեանց,
Ոչ առաքին այսոցիկ տրտնջմունք,
Այլ անլռելի գոհաբանութիւնք:
Բարձ զմեղս իմ, հզաւր,
Լոյծ զանէծս իմ, աւրհնեալ,
Քաւեա զպարտիս իմ, ողորմած,
Ջնջեա զյանցանս իմ, գթած,
Մատո մատն այցելութեան,
Եւ անդստին իսկ կատարեցայց:
Զի՞նչ քեզ, Տէր, քան զսոսին դիւրագոյն,
Եւ կամ զի՞նչ ինձ` պարտաւորիս կարեւորագոյն,
Այլ կենդանագրեա, բարեխնամ,
Քոյինաստեղծ պատկերիս փչումն կրկին
Ի շունչ նորոգման լուսաւորութեան մաքրական շնորհի`
Զամենամեղս ոգի պաշտպանեալ:
Զ
Մի ածեր, ողորմած, ինձ աւր տարաժամ ի համառաւտս երբի`
Անթոշակ ապաձեռնութեամբ ընդ անկատար ուղին հետեւել,
Մի մատուցաներ բաժակ դառնութեան ի ժամ ծարաւու,
Մի փակեր, գթած, իմ հանդէպ զյաջողուած հոգեւոր աւգտիս,
Եւ մի իբր յանկարծադէպ հինից ասպատակ`
Գիշեր մահուն ինձ պատահեսցի:
Մի տապ տաւթոյն յանպատրաստ պահուն զարմատս հատեալ` ցամաքեցուսցէ,
Եւ մի լուսնական դիպուածք, հասեալ գաղտնեաւք, վնասեսցեն:
Մի պահեսցի ինձ սառն մեղացս,
Եւ մի հոսանք ուղխից կենցաղոյս զիս ողողեսցեն:
Մի հանգիստն մահ բերիցէ,
Եւ մի ննջումն ի սատակումն յառաջեսցէ:
Մի քունն ինձ կորուստ լիցի,
Եւ մի նիրհումն ապականութիւն գործեսցէ:
Մի վախճանն անյարմար ի վերայ իմ արշաւեսցէ,
Եւ մի շնչոյս վերարձակութիւն ըմբռնեալ ի խոնարհ լքցի:
Է
Դու ես Տէր, դու գթած, դու բարերար,
Դու երկայնամիտ, դու ամենակարող,
Առ ամենայն բան անհասութեան անճառ զաւրաւոր`
Քաւել, փրկել, կենագործել,
Լուսաւորել, վերստին հաստատել,
Ի ժանեաց կերչաց գազանաց
Եւ կամ յատամանց վիշապաց ի կեանս կորզել,
Ի խորոց անդնդոց ի լոյս բերկրութեան ածել
Եւ ի հեղձմանէ ծփանաց մեղաց
Ընդ արդարս երջանկաց փառաւք բազմեցուցանել:
Ամենայն ոգի քեզ ակնկալեալ յուսով սպասէ`
Կարաւտեալ քոյումդ շնորհաց,
Եթէ` երկնայինք եւ եթէ` երկրաւորք,
Եթէ անկածն մեղաւք եւ եթէ ամբարձեալն արդարութեամբ,
Եթէ տէր եւ եթէ ծառայ,
Եթէ տիկին եւ եթէ աղախին,
Եւ ի ձեռին քո է շունչ կենդանական բոլորեցուն:
Եւ քեզ ընդ Հաւր եւ Հոգւոյդ Սրբոյ
Փա~ռք յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:
Բան ՁԲ
Սրտի խորքերից խոսք Աստոծո հետ
Ա
Տե՜ր Աստված բարերար, բազմապարգև թագավոր,
Կենաց պատսպարան, լուսո կերպարան, լայն հանգստարան.
Որ մեղավորիս համար մարմնացար,
Անպատում գործեր կատարեցիր դու ու շատ հրաշքներ,
Մինչև հասցրիր կատարելության՝ մարդեղությունդ
Քո ամենալիր աստվածության հետ:
Բ
Արդ, հանուն երկնաստեղծ ձեռքովդ ձեռնադրված
Եվ քո Սուրբ Հոգով օծված սրբազան առաքյալների,–
Որոնց արժանի գովեստն ես արի մի այլ գրվածքում, ըստ կարողությանս270Ակնարկություն՝ «Ներբողյան գովեստի ասացյալ ի համորեն գունդս առաքելոցն երկոտասանի» իր ճառի, որը գրել է նախքան «Մատյան ողբերգութ.»:,
Քո փառքի համար, Տե՜ր ամենայնի,–
Ի՛նձ էլ ողորմես, հիշելով սերըդ, որին դու նրանց արժանացրիր:
Նրանցով ելքի շավիղ ցույց տուր ինձ դեպի երանությունը փափագելի:
Նրանց հովվության բարի ձայնը թող քաղցր հնչի ինձ, զերթ կենաց ողջույն:
Անեղծ փրկության հույսի մեջ ե՛ս էլ բաժին ունենամ՝
Կյանքի առաջնորդների հետ,
Պատվի այդ շնորհն առաջին անգամ ստացողների,
Փառավորյալ խմբերի, Բանական գետերի,
Բարձրաձայն ավետողների,
Պանծալի իշխանների, Լուսապայծառ թագով պճնվածների,
Զորավոր շնորհի անկապուտ զարդով պայծառացածների,
Տիրական լույսի զվարթարար յուղով կատարյալների հետ:
Գ
Եվ արդ, ո՜վ բարձրյալ Քրիստոս Աստված,
Մեծ պատվիրանիդ աշակերտների հետ,
Հարգելով նրանց աղոթքներն հաճո և ընդունելի,
Եվ արյունընծա, վաստականվեր ու քրտնակնդրուկ
Աղերսանքները նահատակությամբ ընտիր ճանաչված մարտիրոսների,
Որոնք մահացու և մշտաչարչար մարմնով իրենց,
Վտանգավոր և ամենակիր անդամներով,
Երկրավոր և հողազանգված բնությամբ
Բոլոր նյութեղեն գոյությունների ու տարրերի հետ կռիվ մղելով՝
Պսակվեցին, բարձրացան և կենդանացան հոգեպես,
Եվ արիաբար ելնելով երկրից, ըստ մարգարեի271Եղիայի (Բ. Թագ. Բ. 11),
Դարձան ճշմարիտ վկաներ ամենափորձ մահվան,
Եվ աշխարհում իսկ նրանք նկատել կարողացան պարզ՝
Իմանալի, անտեսանելի ու ծածուկ,
Բայց և աներկբա հույսով տեսնվող բարիքներն ամեն.
Նրանք՝ աշակերտ և չարչարակից առաքյալներին,
Իրենց գործերով, կատարյալ լրմամբ նրանց հավասար՝
Պարում են հիմա խրախճանքներում, անսահմանափակ երանության մեջ,–
Ընդունիր և ի՛նձ, որպեսզի ես էլ նրանց պես ընդմիշտ
Հաստատվեմ քո մեջ անեղծ փրկությամբ:
Դ
Նրանց հետ, որոնք արյունով ներկված՝ անցան կրակի ու սրի միջով՝
Կան քեզ հետևող, Որդի՛դ Աստուծո, և սրբակենցաղ հայրեր մենակյաց,
Որոնք անպարտելի քաջությամբ և անպատիր զգաստությամբ
Արիաբար մարտնչելով դժնյա և գոոռոզ մարմնի բռնության դեմ,
Անմարմին Բելիարին հալածեցին.
Եվ աշխարհային կյանքի ասպարիզում, մշտամարտ մրցությամբ,
Առանց ծանրաբեռնվածության տաղտկության,
Լայնածավալ աշխարհի ալեծուփ ծովից
Թռցնելով թեթև հոգիներն իրենց մարմնի ծանր տապանակով՝
Նավահանգի՜ստն հասան կյանքի.
Եվ, որպես վերին վիճակի սիրահարներ, առանց հետինների վրա մտածելու272Փիլիպ. Գ. 13,
Հաղթանակի թագն իրենց գլուխը դրին համարձակորեն,
Պճնված իսկապես պայծառ ճոխությամբ:
Այդ սուրբ հայրերի աղոթքներով արժանավոր և խնդրանքներով նվիրական,
Նրանց հետ՝ քեզ մոտ ընդունիր նաև ինձ՝ մեղավորիս:
Ե
Արդ, վերոհիշյալ երջանիկների փառաբանական աղերսների հետ,
Որոնք ինձ համար են գոչում, բարձրյա՜լ, քեզ ի հաճություն,
Ահա ես էլ իմ անմաքուր խոսքերն եմ խառնում՝ այնպես,
Ինչպես քաղցրության հետ տրված դառնություն,
Կամ փուշ՝ փափկության հետ,
Տգեղություն՝ վայելչության հետ,
Տիղմ՝ գեղեցիկ մարգարտի հետ,
Կամ հող՝ զուտ ոսկու հետ,
Կամ անարժեք քարեր՝ պայծառ արծաթի հետ,
Բացասություն ճշմարտության հետ,
Կամ ատամնառու ավազ՝ հացի փափուկ զանգվածի հետ:
Արդ, լսիր, հզո՛ր, ձեռնհաս, գովյալ,
Նրանցը ինձ համար, իմը՝ նրանց,
Նրանց ի գովեստ, ինձ ի փրկություն՝ քո փառքի համար,
Ամենագութ, բարերար, օրհնյալ և երկայնամիտ,
Կարող, անքնին, անեղծ, անստեղծ և անճառելի,
Քոնն են պարգևներն ու շնորհները,
Դու ես սկիզբն ու պատճառը բոլոր բարությունների:
Չե՛ս դատապարտիչ, այլ ազատարար.
Չե՛ս դու կորուսիչ, այլ գտնող.
Չե՛ս մահացուցիչ, այլ ապրեցնող.
Չե՛ս տարագրիչ, այլ ժողովող.
Չե՛ս մատնիչ, այլ փրկող.
Չե՛ս ընկղմիչ, այլ վեր հանող.
Չե՛ս գլորիչ, այլ կանգնեցնող.
Չե՛ս անիծիչ, այլ օրհնող.
Չե՛ս վրիժառու, այլ ներող.
Չե՛ս թշվառացուցիչ, այլ մխիթարող.
Չե՛ս ջնջում դու, այլ գրում ես.
Չե՛ս սասանեցնում, այլ հաստատում.
Չե՛ս ոտնահարում, այլ սփոփում.
Չե՛ս հորինում դու պատճառներ մահվան, այլ հնարներ ես փնտրում կենաց.
Չե՛ս ձգտում սատակեցնելու, այլ՝ փրկելու ողորմածաբար:
Չե՛ս մոռանում այցելությունդ,
Չե՛ս լքում բարին.
Չե՛ս արգելում գթությունդ.
Չե՛ս տալիս վճիռ կորստյան, այլ ազատության կտակ:
Չե՛ս թշնամանվում առատաձեռնությանդ համար,
Եվ շնորհներիդ համար չես բամբասվում.
Չե՛ս հայհոյվում պարգևներիդ համար,
Եվ ձրի ընծաներիդ համար չես նախատվում.
Չես անգոսնվում երկայնամտությանդ համար,
Եվ ներելուդ համար չես պարսավվում.
Չես բանսարկվում բարությանդ համար,
Եվ քաղցրությանդ համար չես անպատվվում.
Չես արհամարհվում հեզությանդ համար:
Եվ սրանց համար ոչ թե տրտունջներ,
Այլ անլռելի գոհաբանություններ են առաքվում քեզ:
Վերցրու մեղքերս, հզո՛ր.
Լուծիր անեծքներս, օրհնյա՜լ.
Քավիր պարտքերս, ողորմա՛ծ.
Ջնջիր հանցանքներս, գթա՛ծ.
Օգնիր ինձ մատովդ, և իսկույն պիտի լինեմ կատարյալ.
Ի՞նչ կա քեզ համար, Տե՛ր իմ, սրանցից ավելի դյուրին,
Եվ մեղապարտիս համար ավելի կարևորագույն:
Ուստի քո ստեղծած պատկերիս վրա, ո՜վ բարեխնամ,
Կենդանագրի՛ր դու նորոգող դարձյալ և լուսավորող,
Մաքրագործ շնորհիդ փչումն շնչի,
Բազմամեղ հոգին իմ պաշտպանելով:
Զ
Մի՛ արագացնի, ողորմա՜ծ, կարճ ժամանակում, օրս տարաժամ,
Որ չլինի թե անպաշար ու ձեռնունայն ընկնեմ ես երկար ու անվերջ ճամփա.
Մի՛ տար ինձ բաժակ դառնությամբ լեցուն՝ ծարաված ժամին.
Մի՛ փակիր իմ դեմ հաջողությունը հոգևոր օգտիս,
Եվ հանկարծադեպ ասպատակների նման ահավոր՝
Թող չպատահի մահվան գիշերն ինձ.
Տապը տոթակեզ, անպատրաստ պահին, թող չկտրատի արմատներս ու չչորացնի,
Ոչ էլ լուսնական դիպվածները թող վրաս հասնելով՝ գաղտնի վնասեն.
Թող իմ մեջ մեղքի սառույց չպահվի,
Ոչ էլ աշխարհիկ կյանքի ուղխերի հոսանքները ինձ ողողեն, տանեն,
Թող որ հանգիստն ինձ մահ չբերի,
Եվ ոչ էլ նինջը սատակման առաջնորդի.
Թող քունն ինձ կորստյան պատճառ չլինի,
Եվ ոչ էլ նիրհը ապականություն առաջ բերի.
Թող որ վախճանը անպատեհ ժամի չարշավի
վրաս, Եվ ոչ էլ շունչս վեր բարձրանալիս՝ ցած ընկնի ինչ-որ արգելքի առած:
Է
Դո՛ւ ես Տեր, դո՛ւ գթած, դո՛ւ բարերար,
Դո՛ւ երկայնամիտ, դո՛ւ ամենակարող,
Դո՛ւ անճառորեն զորավոր՝ ամեն անհուսության,
Քավելու, փրկելու, կենագործելու,
Լուսավորելու և վերստին ամրացնելու,
Գազանների գիշատիչ
ժանիքներից կամ վիշապների ատամներից ի կյանս կորզելու,
Խոր անդունդներից բերկրալից լույսին բերելու,
Եվ մեղքի հորձանքներում խեղդվելուց ազատելով՝
Երջանիկ արդարների հետ փառքով բազմեցնելու:
Ամենայն հոգի ակնկալու հույսով քեզ է սպասում՝ կարոտ քո շնորհին,
Թե՛ երկնայինները և թե՛ երկրավորները,
Թե՛ մեղքով ընկածները և թե՛ արդարությամբ ոտքի ելածները,
Թե՛ տեր, թե՛ ծառա, թե՛ տիրուհի և թե՛ աղախին.
Եվ քո ձեռքումն է բոլորի կենդանական շունչը:
Եվ քեզ՝ Հոր և Սուրբ Հոգու հետ՝ փա՜ռք հավիտյանս. ամեն:
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Աստվա՛ծ բարերար ու բազմապարգև անմահ թագավոր,
Կյանքի ապավեն, լույսի կերպարանք, լայն հանգստարան,
Որ մեղավորիս համար մարմնացար
Ու կատարեցիր անպատում գործեր, հրաշքներ բազում,
Մինչև հասցրիր կատարելության
Մարդեղությունդ՝ քո ամենալիր աստվածության հետ։
Բ
Այժմ, հանուն սուրբ առաքյալների,
Ձեռնադրված քո երկնաստեղծ ձեռքով, սուրբ
Հոգովդ օծված
Որոնց արժանի գովեստն ես արի,
Ըստ կարողության, մի այլ գրվածքում՝
Հանուն Փառքի քո, տե՛ր ամենայնի,
Ողորմիր և ի՛նձ՝ հիշելով սերն այն,
Որին դու նրանց արժանացրիր։
Նրանց միջոցով բաց և ի՛նձ համար ելքի ճանապարհ
Դեպի ըղձալի լույսն երանության.
Նրանց հովվության բարի ձայնը թող
Հասնի ինձ որպես կենարար ողջույն։
Թող որ ես նույնպես անեղծ փրկության
Տոնելի հույսի բաժին ունենամ
Նրանց հետ, որոնք առաջնորդներ են
Կյանքի, այս պատվի նախաշնորհներ,
Փառավոր խմբեր, գետեր բանական,
Ավետավորներ բարձրաբարբառ ու իշխաններ վսեմ,
Պճնված թագերով պերճ ու լուսափայլ,
Պայծառ՝ շնորհի զորության զարդով անկողոպտելի,
Նվիրագործված տիրական լույսի
Զվարթացուցիչ յուղով սրբազան։
Գ
Աղաչում եմ և բարձրյալ Աստծուդ
Մեծ պատվիրանի աշակերտների,
Նահատակությամբ ընտիր ճանաչված վկաների հետ,
Որ վշտաչարչար մահացու մարմնով
Եվ անդամներով բաղմատառապանք ու ամենակիր,
Երկրավորական ու հողազանգված իրենց բնությամբ
Բոլոր նյութեղեն գոյությունների,
Տարերքների դեմ կռիվ մղելով՝
Պսակազարդված փառավորվեցին
Ու կենդանացան ընդմիշտ հոգեպես
Եվ արիաբար կրելով մահվան ամեն փորձություն՝
Մարտիրոսվեցին սուրբ ճշմարտության
Ու ելան երկրից, ըստ մարգարեի,
Այստեղից արդեն աներկբա հույսով՝
Տեսնելով անտես ծածկված հոգեղեն բարիքներն ամեն.
Որպես աշակերտ առաքյալների
Ու չարչարակից, իրենց գործերով
Կատարելապես նրանց հավասար,
Պարում են հիմա խրախճանքներում
Հավիտենական երանության մեջ։
Հարգելով նրանց մաղթանքներն հաճո ու ընդունելի
Եվ արյունընծա, վաստականվեր
Ու քրտնակնդրուկ աղերսներն առ քեզ՝
Ընդունի՛ր դարձյալ ինձ՝ նրանց հետ
Հիմնավորաբար շաղկապելով քեզ անեղծ փրկությամբ։
Դ
Նրանց հետ, որոնք արյունով ներկված՝
Անցան սրի ու կրակի միջով,
Կան և ճգնավոր հայրեր սրբակյաց,
Քեզ հետևողներ, որդի՛ Աստծո,
Որ անպարտելի իրենց քաջությամբ
Եվ զգաստությամբ անգայթ, անպատիր,
Միշտ արիաբար կռվեցին ընդդեմ
Դժնի ու գոռոզ մարմնի բռնության
Եվ հալածեցին անմարմին փորձչին.
Արհամարհելով չարչարանքների ծանրությունը ողջ,
Երկրային կյանքի ասպարեզներում մաքառելով միշտ՝
Աշխարհիս ծովից, անծիր, ալեծուփ,
Թանձրակազմ մարմնի ծանր տապանակով՝
Թռչելով թեթև թևերով հոգու՝
Հասան ըղձալի կյանքի հանգրվան.
Իբրև սիրողներ վերին վիճակի,
Անցյալի մասին առանց խորհելու,
Հաղթության թագը համարձակորեն գլխներին դրին,
Պճնված իսկապես պայծառ ճոխությամբ:
Արդ, արժանավոր աղերսանքներով
Ու նվիրական խնդրանքով նրանց՝
Նրանց հետ մեկտեղ ընդունիր նաև ի՛նձ,
պատժապարտիս:
Ե
Ահա և խառնած խոսքս անմաքուր
Վերոհիշյալ այն երջանիկների
Փառատրական աղերսարկության,
Որոնք ինձ համար աղաղակում են քեզ ի հաճություն,
Պաղատում եմ քեզ նրանց հետ և ես,
Ինչպես քաղցրության խառնած դառնություն,
Կամ փուշ ու տատասկ՝ ողորկության հետ,
Վայելչության հետ՝ այլանդակություն,
Կամ տիղմ՝ մարգարտի, հող՝ զտված ոսկու,
Անարգ քար՝ ազնիվ ձույլ արծաթի հետ,
Ճշմարտության հետ՝ կեղծապատրություն
Կամ ատամնառու ավազահատիկ՝
Հացի փափուկ ու թարմ զանգվածի հետ։
Արդ, լսի՛ր, հզո՜ր, ամենահնար,
Նրանցն՝ ինձ համար, իմը՝ նրանց հետ՝
Ի գովեստ նրանց, ի փրկություն իմ և ի փառս քո,
Ո՜վ ամենագութ, բարերար, օրհնյալ,
Անճառ, անպատում, անեղծ, անստեղծ։
Քոնն են ձիրերն ու շնորհներն համայն.
Դու ես սկիզբն ու սկզբնապատճառն ամեն բարիքի
Չէ՛ որ դու ոչ թե դատապարտիչ ես, այլ ազատարար,
Ո՛չ թե կորուսիչ, այլ միայն գտնող,
Կենսաշնորհ ես, ո՛չ թե մահարար,
Ո'չ թե տարագրիչ, այլ համախմբող,
Ո՛չ թե մատնիչ ես, այլ կենդանարար,
Փրկարար ես դու, ո՛չ թե ընկղմիչ,
Ո՛չ թե կործանիչ, այլ բարձրացնող,
Ո՛չ թե անիծիչ, այլ օրհնող միայն,
Շնորհաձիր ես, ո՛չ թե վրիժառու,
Սփոփիչ, ո՛չ թե թշվառացնող։
Ո՛չ թե եղծանում, այլ գրում ես դու,
Ո՛չ թե սասանում, այլ հաստատում ես,
Մխիթարում ես, ո՛չ թե ընդոտնում.
Որոնում ես միշտ կյանքի հնարներ,
Ո՛չ թե հորինում միջոցներ մահվան.
Հակամիտված ես ո՛չ թե սատակման,
Այլ փրկագործման ողորմածորեն.
Ո՛չ օգնությունդ ես մոռանում բնավ, ո՛չ լքում բարին,
Ո՛չ զլանում ես գթությունը քո.
Ո՛չ թե տալիս ես կորստյան վճիռ,
Այլ ազատության կտակ ու պատգամ։
Ո՛չ անարգվում ես առատությունից,
Ո՛չ շնորհներիդ համար բամբասվում,
Ո՛չ պարգևներիդ համար հայհոյվում,
Ո՛չ նախատվում ես ձրի բաշխելուց,
Ո՛չ պարսավվում ես ներելուդ համար,
Ո՛չ քո բարության համար բանսարկվում,
Ո՛չ անպատվվում ես քաղցրությանդ համար,
Ո՛չ էլ հեզությանդ համար քամահրվում.
Սրանց համար, տե՛ր, առաքվում են քեզ ոչ թե տրտունջներ,
Այլ անլռելի գոհաբանություն։
Անհետացրո՛ւ մեղքերս, հզո՜ր,
Լուծի՛ր անեծքներն իմ, օրհնաբանյա՜լ,
Քավի՛ր պարտքերիս բեռը, ողորմա՜ծ,
Ջնջի՛ր հանցանքներն իմ, ո՜վ բարեգութ,
Մեկնի՛ր ինձ միայն մատդ օգնության՝
Իսկույն կդառնամ անբիծ, կատարյալ.
Ի՞նչ կա քեզ համար սրանից, բարձրյա՜լ, ավելի դյուրին,
Եվ մեղապարտիս համար՝ կարևոր.
Ուստի քո ստեղծած պատկերիս կրկին
Կենդանագրի՛ր, ո՛վ բարեխնամ,
Շնորհի շունչը քո մաքրագործող ու լուսանորոգ՝
Պաշտպանելով իմ բազմամեղ ոգին։
Զ
Մի՛ բեր, ողորմա՛ծ, ինձ օր տարաժամ այնքան
շուտափույթ,
Որ ես անվաստակ ձեռնունայնությամբ
Անցնեմ այս կյանքի թերավարտ ուղին.
Մի՛ մատուցիր ինձ ծարավիս ժամին դառնալի բաժակ.
Մի՛ փակիր, գթա՜ծ, հաջողության դուռն հոգեշահ գործիս.
Եվ թող դարանից հանկարծ դեմ ելնող
Ավազակների ասպատակի պես
Մահվան գիշերն ինձ վրա չհասնի.
Թող խորշակաշունչ տոթից տապահար՝
Արմատներս հանկարծ անպատրաստ պահին չչորանան, տե՜ր,
Ոչ էլ գաղտնապես եղծվեմ լուսնական արհավիրքներից.
Թող մեղքի սառույց չպահվի իմ մեջ,
Ջրակուր չանեն ինձ անհետ՝ կյանքի հեղեղներն այս հորդ.
Թող հանգիստն, անգետ, մահ չպատճառի,
Նինջը՝ կործանում, կամ քունը՝ կորուստ.
Թող վախճանն անդեպ չարշավի վրաս,
Ոչ էլ շունչս հանկարծ արգելակվելով անդարձ խափանվի։
Է
Դու ես, տե՜ր, միայն գթած, բարերար,
Երկայնամիտ ու ամենակարող,
Ամեն անհասի հասնելու համար անճառ զորավոր՝
Քավության, փրկման, կենագործելու,
Լուսավորելու, վերհաստատելու,
Գիշատիչների ու վիշապների
Ժանտ ժանիքներից կյանքի կորզելու,
Խոր անդունդներից՝ առաջնորդելու բերկրալի լույսին,
Այլև մեղքերի հորձանուտներում խեղդվելուց փրկած՝
Արդարների հետ երջանիկ՝ փառքով բազմեցնելու։
Ամեն մի հոգի, շնորհիդ կարոտ,
Ակնկալությամբ, հույսով պատարուն սպասում է քեզ,
Լինի երկնավոր, թե երկրաբնակ,
Մեղքերով ընկած, թե արդարությամբ հաստատված կրկին,
Թե՛ տեր, թե՛ ծառա,
Թե՛ դշխո տիկին և թե՛ աղախին,
Զի կենդանության շունչը բոլորի քո ձեռքում է լոկ։
Եվ քեզ՝ Հորդ հետ և քո Սուրբ Հոգուն
Փա՜ռք հավիտենից հավիտյանս, ամեն։