ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Պաղատիմ առ քեզ, լուսոյ ճառագայթ,
Արքայ երկնաւոր, գովեալ անպատում,
Որդի անճառ մեծիդ Աստուծոյ,
Խոնարհեցո զունկն քո, բարձրեալ բարեգութ,
Կենաց ապաւէն, նորոգ մերձեցեալ կրկին աստանաւր`
Ի հառաչումն նուաղս ձայնի վիրաւորելոյս:
Բ
Ոչ ցուցեալ է երբէք, եթէ աղաչեաց զքեզ
Ի ձեռն աւազակացն սրոյ խողխողեալն,
Քանզի կարկամեալ էր,
Ոչ ձայն պաղատանաց զկնի արձակեաց,
Քանզի անկռինչ էր,
Ոչ մատամբքն տատանելոց զաղէտ վտանգին յայտնեաց տեսողիդ,
Քանզի խորտակեալ էր,
Ոչ աչս կողկողագինս արտասուաւք ողբոց բարերարիդ յանդիման կացոյց,
Քանզի վնասապարտ էր,
Ոչ ի պատգամ բանից միջնորդի զողորմածիդ կամս հաճեցոյց,
Զի անայցելու էր,
Ոչ հայթայթմամբ խորտակեալ մարմնոյն
Արիւներանգ ներկուածով ձորձոց զգթածիդ սիրտ ճմլեցոյց,
Վասն զի անյոյս էր,
Նաեւ ոչ ծնկովքն հաստատութեամբ, իբր գարշապարաւ ոտին վարեցաւ,
Այն զի անյարիր էր.
Քանզի կիսամեռն ասել կենդանւոյն`
Սակաւ ինչ նուազ է մեռելութեան:
Մանաւանդ զի ի քոյոցդ խրատեալ բանից,
Եւ բարերարեալ քոյդ ողորմութեան,
Եւ փառաւք քո լուսազարդեալ,-
Ոչ միայն զի ոչ վերջացաւ ի հակառակն քո ընթացից,
Այլ ստահակեալ ապստամբութեամբ` յիւր թշնամեացն թիւ յաւելաւ,
Ընդ նոսին դաշնաւորեցաւ, միաբանեաց ատելեացն քոց:
Գ
Իսկ դու, բազմապարգեւ, բարերար, անոխակալ, ամենակեցոյց,
Ոչ միայն զի ոչ պահեցեր զչարագործին մեղաց յիշատակ,
Այլ եւ ոչ բանիւ յանդիմանեցեր:
Ոչ ոտն հարեր անկելոյն,
Այլ կարեկցաբար մատուցեալ`
Զծայրագոյնն ցուցեր զխնամս:
Ոչ քահանայապէս ըստ ահարոնեան տկար աւրինին
Զաւրաւոր առ մահուն պաշտաւն` դատապարտիչն
Անիծիւք եւ բռնալիր քարանցն ձգմամբ
Ի խորտակումն խոցելոյն արագեալ մատեար,
Եւ ոչ ղեւտական կարապետային անկատարագործ,
Եւ յերկուցն մի բաժանեալ խտրոց,
Հնոյն լրումն եւ նորոյս սկիզբն,
Ունայն ի հոգւոյ յապաշխարանն հանդիսացեալ`
Զվիրաւորելոյն տեսեր զվտանգ,
Զի մի սատակիչն աւրինակութեամբ տապարաւն արմատակտրաւ,
Զմահուն պաշտաւն ի քեզ նկատեալ,
Յառաջ քան զփորձ առաջակայիցն սատակեսցի,
Այլ հեթանոսացն պահպան անուն ասորեստանեայց,
Որք ի հրէիցն ընկալեալ զաւրէնս`
Ամբողջ պահեցին, զոր նոքայն մոռացան,
Նոցին կցորդեալ մարմնոյդ վերարկուաւ մերակերպական խառնութեամբ`
Զազատարարն գծագրեցեր զաւետիս առ աւտարազգիսն,
Եւ աստուածաբարդ ներգործութեամբ անապականաւ,
Ձեռն կարկառեալ` յարուցեր զմարդն նախնի,
Մեղուցեալ ի մահ իւրովքն ծննդովք:
Զտրտմեցելոյն սիրտ բերկրեցուցեր,
Եւ զվհատեալն հաստատեցեր,
Եւ զթշուառացեալն միանգամ` կրկին զուարթացուցեր,
Աւազանին կենարար աւծմամբն եւ բաժակաւն լուսոյ լցեր,
Հացիւդ երկնայնով արարչականդ քոյին մարմնով` նոր յեղանակեցեր,
Վերակացութեամբ երջանկացն ազանց ընտրելոց
Յանձանձեցեր, գրգեցեր եւ խնամարկեցեր:
Հանդարտընթաց գրաստուն տածողութեամբ անզզուելի պահեցեր`
Մինչեւ յարկն լուսոյ ածեր,
Ի ձեռն երկաքանչիւրոց միջնորդաց` նախնեաց եւ երկրորդաց,
Տուչութեան կտակաց կենդանականաց, մարդասիրապէս դարմանատրեցեր:
Եւ որպէս երբեմն ընդ Մովսեսի`
Թեւս տարածեալ արծուոյն աւրինակաւ` ընկալար զնա,
Եւ ի հանգիստն հանդարտութեան երկրին բարութեան առաջնորդեցեր,
Եւ զբանին կերակուր ջամբել հրամանատրեցեր վարդապետութեանց:
Դ
Եւ արդ, որ զբնաւն ծայրագունին բարութեան լուսոյ
Յամենայնի բովանդակապէս հրաշագործեցեր,
Զաւցտողին զգանձ քեզ սեպհականեալ`
Զքո ստացուածն առ քեզ դարձուցեր,
Կեցո եւ զիս` մաքրեալ ի մեղաց պարտեաց:
Որ ձրի պարգեւես եւ անպատրաստից,
Ընդ որոց եւ ինձ տացես քաւութիւն եւ բժշկութիւն,
Բարեգութ, զաւրեղ, անքնին, անեղծ, ահաւոր,
Աւրհնեալ միշտ յաւիտենից յաւիտեանս:
Ամէն:

Բան ԺԴ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Պաղատում եմ քեզ, լույսի՛ ճառագայթ, արքա՛ երկնավոր,
Գովյալ անապատում, և անճառ Որդիդ դու մեծ Աստուծո.
Ականջ դիր դարձյալ և այժըմ ահա՛,
Բարձրյալ, բարեգութ, կյանքի ապավեն,
Վիրավորյալիս նվազաձայն հառաչանքներին:

Բ

Չի խոսված երբեք, թե քեզ աղաչեց ավազակներից խողխողվածը39Երիքովի ճանապարհին ընկած վիրավորը. – Ղուկ. Ժ. 30,
Քանզի կարկամած էր.
Ոչ էլ պաղատանքի ձայն արձակեց քո ետևից, Քանզի անկռինչ էր.
Կամ մատների շարժումով աղետն ու վտանգը հայտնեց տեսողիդ,
Քանզի խորտակված էր.
Ոչ էլ ողբագին արցունքներով լի աչքերը տնկեց բարերարիդ,
Քանզի վնասապարտ էր.
Եվ կամ միջնորդի բարեխոսությամբ ողորմածիդ կամքը սիրաշահեց,
Քանզի լքված էր.
Ոչ էլ ջախջախված մարմնի արյունով ներկված հագուստները ցույց տալով քեզ՝
Գթածիդ սիրտը ճմլեց, քանզի հուսահատ էր. Ոչ էլ հաստատուն ծնկներով՝ իբրև ոտքի
գարշապարով՝ չընթացավ, Քանզի անկանգնելի էր.
Զի կիսամեռ ասել կենդանուն՝ հեռու չէ այնքան մեռելությունից:
Մանավանդ որ խոսքով քո խրատվելուց,
Ողորմությամբդ բարերարվելուց Եվ քո փառքով լուսավորվելուց հետո էլ դեռ,
Ոչ միայն չդադարեց քեզ հակառակ ընթացք բռնելուց,
Այլև չենթարկվելով, գլուխ բարձրացրած՝ իր թշնամյաց կողմն անցավ
Եվ նրանց հետ մեկտեղ դաշն կնքած՝ միաբանեց քեզ ատողների հետ40Զուգորդաբար՝ Երիքովի վիրավորից անցնում է Բեթհեզդայի անդամալույծին, որը քրիստոնեական հին ավանդության համաձայն՝ հետո եղավ Կայիափայի այն սպասավորը, որը վերջին գիշերը քահանայական ապարանքում ապտակեց Քրիստոսին::

Գ

Իսկ դու, բազմապարգև բարերար, անոխակալ և ամենափրկիչ,
Ոչ միայն չհիշեցիր մեղքերն այդ չարագործի,
Այլև ոչ իսկ խոսքով հանդիմանեցիր.
Չոտնահարեցիր ընկածին, այլ կարեկցաբար մոտենալով նրան,
Ծայրագույն խնամք ցուցաբերեցիր:
Քահանայապես, ըստ ահարոնյան տկար օրենքի,–
Որ զորավոր է մահ գործելու մեջ41Բ. Կորնթ. Գ. 7, 9,
Դատապարտիչ անեծքներով և բռնալիր քարաձգությամբ,–
Դու չփութացիր վիրավորվածին խորտակելու.
Եվ ոչ էլ, ինչպես ղևտական առաջնորդն այն
թերապաշտոն, Որը երկուսի միջև իբրև բաժանող անջրպետ՝
Հնի լրումն էր և սկիզբը նորի,
Եվ որ հոգեզուրկ ապաշխարության հրավիրակ հանդիսացավ,–
Վիրավորյալի տագնապը տեսար.
Որ չլինի թե արմատակտուր տապարի օրինակով
Քո մեջ չարատանջ մահվան պաշտոնը նկատելով42Այսինքն՝ չուզեցիր նմանվել նույնիսկ ծառի արմատին մոտեցված այն կացնին, որով Հովհաննեսը պատկերացրել էր մոտակա գալուստդ, Մատթ. Գ. 10
Սատակի գալիք փորձություններին դեռևս չենթարկված.
Այլ պահպանանուն ասորեստանցի հեթանոսներին43Սամարացոց, ըստ որում՝ Սամարիա, որ պահապան է նշանակում:,
Որոնք ստացան իրենց օրենքը հրեաներից
Ու պահեցին միշտ, մինչդեռ նրանք մոռացան,-

Կցորդվելով՝ մեր բնությամբ խառնված մարմնիդ վերարկուով,
Օտար ազգերին էլ ազատության ավետիս համբավեցիր
Եվ աստվածային քո ներգործությամբ անապական՝ ձեռք երկարելով՝
Մահացու կերպով մեղանչած մարդուն կանգնեցրիր դարձյալ իր սերունդներով:
Տխրաբեկ սիրտն ուրախացրիր և վհատյալին
հուսադրեցիր, Եվ թշվառին զվարթացրիր դարձյալ.
Ավազանի կենարար օծմամբ և բաժակով լույսի՝ լցրիր.
Նորոգեցիր հացով քո երկնային՝ արարչական մարմնով.
Երջանիկների և ընտիրների վերակացությամբ Խնամարկեցիր ու փայփայեցիր ու դարմանեցիր, Եվ հանդարտընթաց գրաստի խնամքին հանձնելով նրան՝
Անփորձ պահեցիր, մինչև հանեցիր հարկը լուսեղեն:
Առաջին և երկրորդ կենդանատու կտակարանների միջնորդությամբ դարման  տարար44Գրաբարում՝ դու մարդասիրաբար:
Եվ, ինչպես երբեմն Մովսեսին45Բ. Օրին. ԼԲ. 11 թևատարած արծվի պես ընդունեցիր
Եվ բարի երկրի խաղաղ հանգստին առաջնորդեցիր,
Հրամայելով վարդապետներին՝ խոսքի կերակրով սնել նրան:

Դ

Եվ արդ, դու, որ ողջ առավելագույն լույսդ բարության
Ամեն բանի մեջ բովանդակապես հրաշագործեցիր,
Ցրվողի գանձը սեփականելով՝ քո ստացվածքը վերադարձրիր քեզ,–
Ինձ էլ ապրեցրու, մեղքերի պարտքերն իմ մաքրելով,
Ո՜վ դու, որ պարգևում ես ձրի և հանպատրաստից,
Շնորհիր և ի՛նձ քավություն ու բժշկություն,
Բարեգո՜ւթ, զորեղ, անքնին, անեղծ, ահավոր, Օրհնյալ միշտ, հավիտյանս հավիտենից. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա

Պաղատում եմ քեզ, լույսի ճառագայթ, 
Արքա երկնավոր, գովյալ անպատում, 
Որդի միածին անճառ Աստծո, 
Խոնարհելով քո ունկն ու վերստին մերձենալով ինձ, 
Բարձրյա՜լ բարեգութ, կյանքի ապավեն, 
Անսա՛ չարաչար վիրավորվածիս 
Հառաչանքներին այս նվաղաձայն:

Բ
Երբեք ոչ մի տեղ չի հիշատակված, 
Թե սրախողխողն ավազակներից աղաչել է քեզ, 
Զի կարկամած էր.
Չի արձակել նա մեծիդ ետևից պաղատանքի ձայն,
Զի պապանձված էր.
Ոչ էլ տատանվող, դողդոջ մատներով
Վիշտ ու աղետն է հայտնել տեսողիդ,
Զի խորտակված էր.
Չի սևեռել քեզ արտասվաշաղախ
Ու կողկողագին հայացքն աչքերի,
Զի մեղապարտ էր.
Ոչ էլ միջնորդի բարեխոսությամբ
Գթառատ կամքդ է շահել աշխատել,
Քանզի լքված էր.
Նույնիսկ ջախջախված մարմնի արյունով
Ներկված ձորձերն իր քեզ չկարկառեց՝
Փորձելով ճմլել սիրտը գթածիդ, 
Զի հուսահատ էր. 
Ծնկների վրա, ինչպես ոտքերի 
Գարշապարներով, չուղղվեց դեպի քեզ, 
Քանզի անզոր էր տեղից բարձրանալ. 
Երբ համարվում է, դեռևս կենդանի, մեկը կիսամեռ, 
Քիչ է տարբերվում արդեն մեռածից, 
Նամանավանդ որ, թեպետ խրատվեց մեծիդ խոսքերով,
Բարերարվեց քո գթասրտությամբ 
Ու լուսազարդվեց ճաճանչով փառքիդ, 
Ոչ միայն դարձյալ շարունակեց քեզ հակառակ գնալ, 
Այլև հեստաբար ապստամբելով՝ 
Անցավ բանակն իր թշնամիների, 
Դաշնակցեց նրանց ու միաբանվեց ատողներիդ հետ:

Գ
Բայց դու, բարերա՜ր ու բազմապարգև, 
Անոխակալ ու ամենակեցույց, 
Ոչ միայն մեղքերն այդ չարագործի 
Չպահեցիր քո հիշողության մեջ, 
Այլև խոսքով իսկ չկշտամբեցիր. 
Ոչ թե ընկածին ոտնահարեցիր, 
Այլ, կարեկցաբար մոտենալով, դեռ 
Ծայրագույն խնամք ցույց տվիր նրան:
Չաճապարեցիր քահանայապես վրա պրծնելով 
Խորտակել ծանր վիրավորվածին 
(Ըստ ահարոնյան տկար օրենքի, 
Որ զորավոր էր միայն բռնալիր քարաձգությամբ 
Ու անեծքներով դատապարտելու, մահ գործելու մեջ), 
Ոչ էլ ղևտական անկատարագործ կարապետի պես . 
(Որը երկուսի միջասահմանում իբրև անջրպետ՝ 
Հհի լրումն ու սկիզբն էր նորի,
Ունայն, հոգեզուրկ, ապաշխարության մի հրավիրակ)
Նայեցիր վշտին վիրավորյալի, 
Այլ, որպեսզի նա՝ արմատակտուր 
Սատակիչ կացնի օրինակով և
Քո մեջ չտեսներ պաշտոնը մահվան ու ահից մեռներ
Ասորեստանցի պահապանանուն
Հեթանոսների տեսքն ընդունեցիր
(Որոնք վերցնելով օրենքն հրեական՝ պահեցին անեղծ,
Մինչդեռ հրեաներն իրենք մոռացան)
Ու մեր բնությամբ կերպարված մարմնով՝
Ազատագրության ավետիսը մեծ
Համբավեցիր և օտար ազգերին
Ու աստվածային, անեղծ, անապակ
Ներգործությամբ քո, ձեռք կարկառելով,
Երբեմնի մահվան մեղապարտ մարդուն
Իր սերունդներով ոտքի կանգնեցրիր:
Ուրախացրիր սիրտը վշտաբեկ, 
Հուսահատվածին գոտեպնդեցիր, 
Զվարթացրիր թշվառին նորեն. 
Սուրբ ավազանի կենարար օծմամբ, 
Լույսի բաժակով բարգավաճեցրիր. 
Նորակերտեցիր երկնային հացով՝ 
Կենսատու մարմնով քո արարչական. 
Երջանիկների, ընտրազունների վերակացությամբ՝ 
Խանդաղատանքով ամոքեցիր ու խնամարկեցիր 
Եվ հանդարտընթաց գրաստի անքույթ
Խնամքին հանձնած՝ պահեցիր անփորձ, 
Մինչև հանեցիր հարկը լուսեղեն:
Նախնյաց ու երկրորդ կենդանապարգև 
Զույգ կտակների միջոցով նորից 
Մարդասիրաբար ապաքինեցիր 
Եվ թևատարած մի արծվի նման առնելով նրան՝
(Ինչպես արեցիր Մովսեսի օրով) 
Առաջնորդեցիր բարության երկրի 
Հանգստարանը քո անդորրավետ, 
Վարդապետներին հրամայելով՝ 
Խոսքի կերակրով սնուցել նրան:

Դ
Դու, որ ծայրագույն լույսդ բարության 
Ամեն ինչի մեջ բովանդակապես հրաշագործեցիր 
Եվ պառակտիչից՝ գանձը գողացած սեփականելով՝ 
Ստացվածքը քո վերադարձրիր քեզ, 
Փրկի՛ր նաև ինձ՝ մեղքի պարտքերից մաքրելով իսպառ.
Դու, որ անհատույց պարգևում ես և անպատրաստներին, 
Նրանց հետ նաև ի՛նձ տուր քավություն ու բժշկություն,
Բարեգո՜ւթ, զորեղ, անճառ, անքնին, անեղծ, ահավոր, 
Օրհնյա՜լ մշտապես, հավիտյաններից՝ հավիտյանս, ամեն: