ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Բարեբանեալ Աստուած երկնաւոր,
Միայն արարիչ, Տէր ամենակալ,
Մեծութիւն ահեղ, գթութիւն աւրհնաբանելի,
Ողորմութիւն խոստովանելի, բարերարութիւն երկրպագելի,
Խնամակալութիւն պաշտելի, մարդասիրութիւն տաւնելի,
Պահպանութիւն խնկելի, Բարձրեալ անքնին,
Մերձաւոր կամարար, ապաւէն անկասկածելի
Մխիթար սրտից, փարատիչ վշտաց, ապաքինիչ ցաւոց,
Սպառումն վհատութեանց, բարձումն պարտեաց,
Փոխարկիչ կարեաց, կարգաւորիչ կրից, յարմարիչ բանից,
Սանձարկու լեզուի, շրջադրութիւն շնչոյ, կացուցիչ հագագի,
Ամփոփիչ խորհրդոց, կրթարան կամաց, արձանացուցիչ յուզմանց,
Հանդարտութիւն մրրկաց, խաղաղութիւն ծփանաց,
Որ ունիս զթեւոց ամէնընթաց իշխանականիս
Եւ, իմաստութեամբ նուաճեալ, առ քեզ դարձուցանես:
Բ
Գոհաբանեալ միշտ երախտաւոր,
Որ հեզութեամբ անհպարտութեան երկայնամտեալ`
Հանգչիս տենչանաւք անճառ հրաշիւք յանձինս սրբոց:
Թագաւոր էից համայնից, ամենայնիւ ծանուցեալ գթած,
Սկզբնահայր եւ նախաշաւիղ սիրոյն ընթացից,
Ճանապարհ կենաց,
Որ առաջնորդես քաղցրութեամբ դիմելոյս ի լոյսդ վերին:
Ձեռնկալու մեծ վստահութեան,
Որ ոչ թողացուցանես գայթակղելոյս ի վայր կործանել:
Յուսոյ կերպարան,
Ճշմարիտ առհաւատչէիւ աղաչողաց մատանց յայտնի երեւեալ,
Ապաւինութիւն հանգստեան,
Որ ոչ երբէք մատնես վտանգի դատապարտութեան:
Ազատութիւն շնորհաձիր,
Որ տաս լիապէս առանց փոխատրութեան փրկանաց:
Առատութիւն աննախանձելի,
Որ քոյին փառաւորութեամբ զանարգ նիւթ հողոյս ճոխացուցանես:
Պայծառութիւն անստուեր,
Որ ճառագայթիւք ահեղ բարձրութեան պարածածկեալ զթշուառս`
Կրկին բարգաւաճ առնես:
Քաւիչ մեղանաց բազմաց,
Որ զհերքեալս ի փրկութենէ առաջնովն պայծառութեամբ նորոգեալ`
Վերստին վայելչացուցանես:
Հնարաւոր դիւրահաս`
Առ ամենայն անբաւ գերամբարձութիւն յաւէտ յառաջեալ,
Ելք վստահութեան` առ խոստացելոցն վայելս,
Երանութիւն անձկալի,
Որ զկենդանութիւն շնչոյս լքանելն է ախորժելի,
Զի զքեզ գտից, կենդանի:
Կամք անփոխադրելի`
Առ ի քաւութիւն գերւոյս զաւրացեալ, ամենագովելի,
Անսխալելի դեղ կենաց,
Որ եւ մեռելոց բնաւին եղծելոց առնես զսքանչելիս:
Ամենաստեղծ աներկբայելի,
Որ զհուրբ կիզեալն եւ զհողմով հոսեալն
Եւ զժանեաւք գազանաց ծախեալն
Ի քթթել ական նովին հիւթականութեամբ անպակաս յարուցանես:
Անհաւասար համարձակութիւն,
Յորում աստուածաւրէն պանծանաւք պարծելն է իրաւացի:
Գ
Հայեաց, Տէր, յերկնից զուարթ քաղցրութեամբ
Յամենակործան վտանգ նեղելոյս
Եւ արա անդորր հանգստական դիւրաւոր
Ի բազմատագնապս հեծութենէ:
Եւ զյարուցեալ գումարս սատակչաց,
Եթէ սպառազէնք այսական դժնեայ հնարաւորութեամբ
Բուռն մարտակցաց պատկանեալ զինուք,
Եթէ մեղաց տգեղ եւ քո ատելի կերպարանք,
Եթէ ցաւոց եւ ախտից վատնիչ եւ կորստական նշմարանք,
Մերժեսցես, հանցես, հատցես, խափանեսցես
Եւ հալածեսցես` հեռի սահմանաւ իպառ տարագրեալ
Անդարձ որոշմամբ վերստին կորստեանն,
Եւ կառուսցես, կացուսցես նպատակ կենաց եւ ամուր մահարձան
Զնշան խաչիդ` ապաւինելոյս ի քեզ, փրկութիւն:
Դ
Եւ յայսմ անպարտ եւ անպատիր
Եւ անվանելի արուեստից ահաւորիդ մեծութեան`
Լուծցին որոգայթքն գաղտնածածուկք սատանայականք,
Կապտեսցին մեքենայքն, վատնեսցին գայթակղութիւնքն,
Խայտառակեսցին խաղբիցն դրութիւնք,
Յայտնեսցին երեւոյթք որսոյն,
Գտցին նենգողին ծուղակք,
Վերասցին վարմին վերարկուք,
Տոչորեսցին որոմանցն բոյսք,
Նզովեսցին բռնաւորին չարաբանութիւնք,
Կարեսցի լար խաբէութեան ի մահ որսողին,
Պարսեսցին պատրողին բանսարկութիւնք,
Պակասեսցին զէնք զրպարտողին,
Անկցին սուսերք մահաբերին,
Սուզեսցին սադրողին պատրաստութիւնք,
Արձակեսցին տոռունք տագնապողին,
Այլայլեսցին սուտ կերպարանք կեղծաւորին,
Սատակեսցին խրոխտականացն խիստ յարձակմունք,
Ցրուեսցին կցորդութիւնք կերչացն,
Բաժանեսցին ազինք յաւազակացն,
Քայքայեսցին բոյլք բարբարոսացն,
Քանդեսցին ամրոցք ապստամբողացն,
Արգելցին ամպրոպք յանդգնելոցն,
Փարատեսցին փորձողին անձրեւք,
Հալեսցի եւ ցամաքեսցի եղեամն աղանդաւորին,
Խորտակեսցի եղջիւր գոռոզին,
Մանրեսցին ամբառնալիք դրաւշիցն կերպարանաց,
Փշրեսցին ամբարհաւաճութիւնք հպարտացելոցն,
Նահանջեսցին դիմեցմունք ճակատելոցն,
Քակտեսցին միաբանութիւնք զաւրացն Բելիարայ`
Թէ անմարմինք եւ թէ մարմնաւորք,
Փախիցեն ընդ նոյն ճանապարհ ի մի շաւղաց հետոց յեւթն տարակոյս,
Ի գուբն ինձ փորեալ ինքեանք ընկճեսցին,
Յեղանակեսցին ձմերունք ձանձրացուցչին,
Հատցի կապն կցորդութեան մշտաջան աւազակին,
Նողկասցի մտացս կայից համբոյր շողոքորթին,
Ընդմիջեալ մեկնեսցին նետաձգութիւնք նեղչին,
Կացցէ ի սասանման նաւ խարդախողին,
Խլեսցին յարմատոց անտի ատամունք խածանողին:
Ե
Վասն փայտիդ աւրհնութեան կենաց,
Յորում պրկեցար Աստուածդ անըմբռնելի,
Յիշատակաւ բեւեռացդ,
Որով ի գործի մահուն մածուցար Արարիչդ երկնի եւ երկրի,
Արեամբդ տէրունականաւ,
Որով զվիշապն մեծ կարթիւ ածեալ որսացար,
Լեղւոյն դառնութեամբ,
Զոր արբեալ` զդեղատուութիւն կորուսչին արտաքս հեղեր,
Պատմաբանութեամբ ըղձական ճառիւք կրիցն սարսափելեաց,
Որով զլրբութիւն հակառակողն ըմբերանեալ` ամաչեցուցեր,
Անուամբդ անհասականաւ ամենայնիւ անթարգմանելոյդ,
Յորմէ դողան եւ դատապարտին` սոսկացեալ սաստիկ սարսափմամբ
Բնութիւնք ամենայն երեւութից եւ աներեւութից,-
Եղիցին այս ամենայն պարգեւք շնորհաց
Խոստովանելոյս ի պաշտպանութիւն,
Ի բժշկութիւն եւ ի քաւութիւն:
Եւ մահաբեր դառնաթոյն աւձին
Եւ որ ի նմա ազդեաց տիեզերադաւ չարութիւնն
Ի սատակումն լիցի նորին:
Նոյն ինքն ի կորուստ եւ յանբժշկական հարուած տանջանացն
Սովաւ մատնեսցի, կապեսցի եւ ըմբռնեսցի:
Եղիցի ողորմութիւն ստեղծողիդ ընդ իս,
Եւ շունչ ոգւոյս իմ ընդ քեզ`
Անբաժանաւրէն կապաւ միացեալ ի մի:
Զ
Եւ որ ոք ընթերցցի զայս աղերս ձայնի
Մաղթանաց գոչման աղաւթից հայցման
Ծերոյ եւ տղայոյ, կուսի եւ երիտասարդի,
Եւ եթէ յաղախնաց ոք պաղատեսցի աստուածսիրաբար,
Հաւասարապէս անաչառութեամբ
Ընկալցին ի քէն մասն երանութեան պարտուց ազատութեան`
Հաստեալ վերստին յանարատութիւն նորոգ մաքրութեան,
Նկարեալ դարձեալ զքոյդ կերպարան անփոփոխելի:
Ահա տիրապէս հնարաւոր, զաւրեղ, անպատում, անհաս, անիմանալի,
Տեսցես աստանաւր ի հառաչանս կողկողանաց այսր հեծութեան,
Որ ի բոլորից շրթանց ընծայեալ քեզ մատուցանի
Վասն Հաւր քոյ երկնաւորի եւ բարերարի
Եւ Հոգւոյդ Սրբոյ փառակցի եւ կենդանատուի,
Աստուածածնիդ բարեխաւսութեամբ
Եւ խնդրուածովք ամենայն սրբոց:
Զի դու ստեղծեր զամենայն,
Եւ ի քէն եղեն ամենայնք,
Եւ դու տիրես ամենայնի,
Եւ քեզ փա~ռք յամենեցունց,
Միդ յիսկութենէ անժամանակ Երրորդութանդ,
Զուգակցապէս փառաւորեալ յանբաւս
Եւ յաւիտենից յաւիտեանս:
Ամէն:

Բան Ղ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Բարեբանյալ Աստվա՛ծ, երկնավոր, միա՜կ Արարիչ,
Տեր ամենակալ, մեծություն ահեղ, գթություն օրհնաբանելի,
Ողորմություն խոստովանելի, բարերարություն երկրպագելի,
Խնամակալություն պաշտելի, մարդասիրություն տոնելի,
Պահպանություն խնկելի, բարձրյալ անքննելի,
Մերձավոր կամարար, ապավեն անկասկածելի,
Մխիթարիչ սրտերի, փարատիչ վշտերի, ապաքինիչ ցավերի,
Վստահության վախճան, վերացումն պարտքերի,
Փոխարկիչ կարիքների, կարգավորիչ կրքերի,
Հարմարիչ խոսքերի, սանձահարիչ լեզվի,
Պարփակումն շնչի, հաստատիչ հագագի,
Ամփոփիչ խորհուրդների, կրթարան կամքի,
Հանգստացնող հուզմունքների, հանդարտիչ մրրիկների,
Եվ խաղաղությո՜ւն դու ծփանքների,
Որ բռնում ես իմ՝ իշխանականիս թևերը ամեն ուղղությամբ թռչող
Եվ իմաստությամբ նվաճելով՝ դեպի քեզ դարձնում:

Բ

Երախտավո՛րդ միշտ գովաբանված,
Դու, որ անհպարտ և երկայնամիտ հեզությամբ համբեր՝
Անճառ հրաշքով տենչում ես հանգչել մաքուրների մեջ.
Թագավո՛ր բոլոր արարածների, ըստ ամենայնի ճանաչված, գթած,
Սկզբնահայր և նախաշավիղ՝ սիրո ընթացքի
Կյանքի՛ ճանապարհ, Որ քաղցրությա՜մբ ես առաջնորդում երկնային
լույսիդ դիմողիս. Պաշտպա՛ն վստահելի,
Որ չես թողնում ինձ՝ սայթաքողս երբեք ի վայր տապալվեմ.
Հույսի՛ կերպարանք,
Որ ճշմարտագույն գրավականով երևում ես պարզ քեզ խնդրողներին.
Ապահո՛վ ապավինություն,
Որ չես մատնում երբեք դատապարտության պատժին.
Ազատությո՛ւն շնորհաձիր,
Որ տալիս ես լիապես առանց փրկանքի ու փոխհատուցման.
Աննախա՛նձ առատաձեռնություն,
Որ ճոխացնում ես հողանյութս անարգ քո ամենասքանչ փառավորությամբ.
Պայծառությո՛ւն անստվեր,
Որ բարձր ու վսեմ ճառագայթներով պարածածկելով թշվառիս՝ դարձնում ես կրկին բարգավաճ.
Քավի՛չ մեղքերի ամենատեսակ,
Որ փրկությունից մերժվածիս նախկին պայծառությամբ նորոգելով՝ դարձնում ես վերստին վայելուչ.
Մեծակարո՛ղ դյուրահաս,
Որ բոլոր անբավ բարձրություններից առաջ ես անցնում.
Ապահո՛վ ճամփա՝ դեպի խոստացված վայելքներ տանող.
Անձկալի՛ երանություն,
Որի համար հաճելի է թողնել շունչս կենդանության, որպեսզի գտնեմ քեզ, մի՜շտ կենդանի.
Կամք անփոխելի, գովյա՜լ զորավոր՝ քավելու գերուս.
Կյանքի անսխալ դեղ-սպեղանի,
Որ իսպառ եղծված մեռելներին իսկ կյանքի ես կոչում սքանչելապես.
Աներկբայելի՛ դու ամենաստեղծ,
Որ հրով կիզվածին, հողմով հոսածին և գազանների ժանիքներով հոշոտվածին
Մի ակնթարթում միևնույն մարմնով անպակաս դարձյալ կկենդանացնես.
Անզուգակա՛ն համարձակություն,
Որի համար աստվածանվեր պարծանքով պարծենալն է իրավացի:

Գ

Զվարթ քաղցրությամբ նայիր ինձ վրա երկնքիցդ, Տե՜ր,
Ինձ, որ նեղված եմ ամենակործան վտանգների մեջ,
Եվ հանգստացրո՛ւ սիրտս դյուրապես՝ իր բազմատագնապ հեծություններից:
Վրաս հարձակվող սատակիչներին՝
Դիվական դժնյա հնարքներով սպառազինված թշնամիներ լինեն նրանք,
Թե տգեղագույն և քեզ ատելի այլանդակ մեղքեր,
Եվ կամ սպառիչ ու կորստաբեր ցավ ու ախտերի հետքեր մնացորդ,–
Մերժե՜ս, դուրս հանես, կտրես, խափանես, հալածես հեռու,
Վռնդես իսպառ և անդառնալի կերպով կորստյան մատնես վերստին.
Եվ կառուցես, կանգնես դու կյանքի որպես նպատակ ամուր մահարձան՝
Նշանը խաչիդ քեզ ապավինածիս, ո՜վ փրկություն.
Եվ ահավոր քո մեծության այս անպարտելի և անպատիր և անհերքելի հրաշքների շնորհիվ
Թող քանդվեն բոլոր սատանայական որոգայթները գաղտնածածուկ.
Մեքենայությունները մերկացվեն և չքվեն գայթակղությունք,
Թակարդ լարողները խայտառակվեն,
Թող երևան գան խայծերն ու ծուղակները նենգավորի,
Վերանան ցանցի ծածկույթները, որոմների ծիլերը վառվեն,
Եվ թո՛ղ նզովվեն չարաբանությունները բռնավորի,
Թող կտրվի լարը խաբեության ի մահ որսացողի,
Թող կորչեն բանսարկությունները պատրողի,
Թող պակասեն զենքերը զրպարտչի,
Թող ընկնեն սրերը մահաբերների ձեռքից,
Թող սուզվեն սարքերը սադրողի,
Թող արձակվեն պարանները տագնապեցնողի:
Թող այլայլվի կերպարանքը սուտ՝ կեղծավորի,
Թող սանձահարվեն խիստ հարձակումները խրոխտների,
Թող ցրվեն միաբանություններն ուտիչների,
Թող տրոհվեն տոհմերն ավազակների,
Թող քայքայվեն բույլերը բարբարոսների,
Թող քանդվեն ամրոցներն ապստամբների,
Թող արգելակվեն ամպրոպներն հանդուգնների,
Թող փարատվեն անձրևները փորձողի,
Թող հալվի և ցամաքի եղյամն աղանդավորի:
Թող խորտակվի եղջյուրը գոռոզի,
Թող մանրվեն ձողափայտերը կուռքերի դրոշների,
Թող փշրվեն ամբարհավաճություններն հպարտացողների,
Թող նահանջեն գրոհները ճակատողների,
Թող քանդվի՛ միաբանությունը
Բելիարի թե՛ անմարմին և թե՛ մարմնավոր զորքերի,
Մի արահետով եկողները թող յոթ ճամփաներով փախչեն շվարած283Բ. Օրինաց ԻԸ. 7.
Այն գուբը, որ ինձ համար փորեցին, իրե՛նք թող ընկնեն:
Թող ձանձրացողի ձմեռներն ամառվան փոխվեն,
Թող կտրվի կցորդիչ կապը մշտաջան ավազակի,
Շողոքորթի համբույրն իմ ճակատին թվա թող նողկալի,
Թող ընդհատվեն և հեռանան նետաձգությունները նեղչի,
Թող սասանման մեջ մնա խարդախի նավը մշտապես
Եվ խածանողի ատամները թող արմատից քաշվեն:

Դ

Շնորհիվ օրհնյալ քո կենաց փայտի, որին պրկվեցիր,
Աստվա՜ծդ անբռնելի,
Բևեռներիդ հիշատակով, որոնցով մահվան գործիքի վրա գամվեցիր,
Արարի՛չդ երկնի և երկրի,
Արյամբդ տերունական, որով որսացիր հսկա վիշապին, կարթելով նրան,
Դառն լեղիով, որը խմելով՝ ի դուրս թափեցիր կորուսչի տված թույնը մահաբեր,
Քո սարսափելի չարչարանքների բաղձալի պատմությամբ,
Որով լրբությունն հակառակորդի լռեցնելով՝ ամաչեցրիր նրան,
Անմեկնելուդ ըստ ամենայնի անհասկանալի անունով,
Որից դողում են ու դատապարտվում՝ սոսկալով սաստիկ սարսափումով
Երևելի և աներևույթ էություններն ամեն,-

Շնորհիդ պարգևներն այս բոլոր խոստովանողիս համար
Պաշտպանություն, բժշկություն և քավությո՜ւն լինեն:
Իսկ մահաբեր ու դառնաթույն այն օձի համար,
Որի միջոցով տեղի ունեցավ չարությունը տիեզերադավ՝
Սատակման պատճառ թող լինեն նրանք.
Նույն ինքը դրանցով՝ կորուստի և անբուժելի հարվածի
Տանջանքներին մատնվի թող, կապվի և բռնվի:
Ստեղծողիդ ողորմությունն ինձ հետ թող լինի,
Եվ շունչն իմ ոգու միանա քեզ հետ անբաժանորեն ամրապինդ կերպով:

Ե

Եվ ով որ կարդա այս աղերսաձայն մաղթանքների աղոթքները խնդրողական,
Ծեր թե երեխա, կույս թե երիտասարդ և կամ աղախին,
Ամեն ոք, ով որ աստվածասիրաբար ի քեզ պաղատի,
Թող որ անխտիր, հավասարապես երանության մա՜սը ընդունեն քեզնից,
Եվ ազատվելով իրենց պարտքերից, արատներից զերծ՝
Վերահաստատվեն նոր մաքրության մեջ.
Իրենց հոգու մեջ անփոփոխ կերպով նկարելով քո պատկերը դարձյալ:
Ուստի, տիրապես՝ կարող, զորավոր, անպատում, անհաս, անիմանալի,
Տե՛ս ահա, լսիր հառաչանքներն իմ այս հեծեծագին և աղերսաձայն,
Որոնք բոլորի շուրթերից քեզ են ընծայաբերվում՝
Ի սեր բարերար երկնավոր քո Հոր և քո Սուրբ Հոգու
Կենդանատուիդ և փառակցին քո,
Աստվածածնի բարեխոսությամբ և աղաչանքով բոլոր սրբերի:
Քանզի բոլորին դո՛ւ ստեղծեցիր և ամենայն ինչ քեզանով եղավ,
Եվ ամեն ինչի դու ինքդ ես տիրում:
Եվ քեզ, որ մեկն ես անժամանակ Երրորդության իսկությունից,
Հավասարապես փառավորված ընդմիշտ, Փա՜ռք հավիտյանս հավիտենից.
ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Ո՜վ բարեբանված Աստված երկնավոր,
Միակ արարիչ, տեր ամենակալ,
Մեծություն ահեղ, օրհնյալ գթություն,
Ողորմածություն խոստովանելի,
Երկրպագելի բարերարություն,
Խնամարկություն պաշտելի, տոնված
մարդասիրություն,
Խնկյալ պահապան, բարձրյալ անքնին,
Մոտիկ կամարար, անխեթ ապավեն,
Սրտի սփոփանք, վշտի փարատիչ,
Ցավի ամոքիչ, լքման սպառում, ՚
Պարտքի վերացում, կարիքի դարման, կրքի կարգադիր,
Խոսքի հարմարող, լեզվի սանձարկու,
Շնչի պարփակող, հագագի հաստիչ,
Մտքի ամփոփիչ, կամքի կրթարան,
Հուզման կանխարգել, մրրկի հանդարտում
Եվ խաղաղություն վարանումների,
Որ ամենընթաց ինքնիշխանության
Թևերը բռնած՝ իմաստությամբ քո
Նվաճելով՝ միշտ ուղղում ես առ քեզ:
Բ
Ո՜վ երախտավոր միշտ գոհաբանված,
Որ քո հեզությամբ անհպարտական
Ու երկայնամիտ՝ անճառ հրաշքով
Սրբերի մեջ ես հաճությամբ հանգչում.
Թագավոր բոլոր արարածների,
Ըստ ամենայնի ճանաչված գթած,
Սկզբնահայրդ ու նախաշավիղ սիրո ընթացքի.
Կյանքի ճանապարհ,
Որ քեզ դիմողիս առաջնորդում ես
Քաղցրությամբ դեպի քո լույսը վերին.
Ո՜վ ձեռնկալու ամենավստահ,
Որ թույլ չես աալիս գայթողիս բնավ ի վայր կործանվել.
Հույսի կերպարանք,
Որ երևում ես որպես ճշմարիտ
Մի առհավատչյա աղաչողներին.
Հանգստացուցիչ ապավինություն,
Որ վտանգի ու դատապարտության չես մատնում երբեք.
Ո՜վ ազատություն շնորհապարգև,
Որ տալիս ես ճոխ՝ առանց փրկանքի փոխատվության.
Աննախանձ, շռայլ առատատրություն,
Որ ճոխացնում ես հողանյութս անարգ՝ անհասիդ փառքով.
Ո՜վ պայծառություն անբիծ, անստվեր,
Որ ճաճանչով քո վսեմ բարձրության
Պարածածկելով՝ ծաղկեցնում ես կրկին թշվառիս.
Քավիչ մեղքերի,
Որ փրկությունից մերժվածիս նախկին
Իր զվարթությամբ կենսանորոգած՝
Վայելչություն ես տալիս վերստին.
Ամենահնար դյուրահասուցիչ
Ամեն մի անբավ գերամբարձության.
Դեպի խոստացված վայելքներ տանող
Ամենավստահ ելարանն ես դու.
Երանություն ես անձկալի, որին գտնելու համար
Կենդանի շունչս կտայի սիրով, ո՜վ անմահություն.
Անփոփոխ կամք ես՝ քավությամբ գերուս
Զորացնելու, ո՜վ ամենագով.
Կենաց դեղն ես դու անսխալելի,
Որ մեռյալներին, լիովին եղծված,
Կենագործում ես սքանչելապես.
Ամենաստեղծ աներկբայելի,
Որ հրակեզին, քամուն տվածին
Եվ գազաններից լափվածին անգամ
Վերստեղծում ես մի ակնթարթում՝
Նախկին կազմությամբ ողջ ու անթերի.
Դու անզուգական ապավենն ես այն,
Բոլորի համար համարձակելի,
Որով, հիրավի, իբրև աստծո՝ պետք է պարծենալ:
Գ
Զվարթ քաղցրությա՛մբ նայիր երկնքից
Հոգնաչարչարիս ամենակործան վտանգներին, տե՜ր
Եվ ազատի՛ր ինձ հեծեծանքներից այս դառնակսկիծ
Հանգստացրո՛ւ, տո՛ւր անդորրություն
Եվ վրաս խուժող գումարտակներն այս սատակիչների,
Լինեն դրանք թե՛ նենգ, չարահնար,
Դժնի զենքերով սպառազինված
Խոլ մարտիկների գնդեր դիվական,
Թե՛ քեզ ատելի աղծապիղծ մեղքեր զանազանակերպ
Թե՛ կորստական ու վատնիչ հետքեր ախտ ու ցավերի
Կտրի՜ր, հա՛ն, վանի՛ր, խափանի՛ր իսպառ,
Անսահմանորեն հալածի՛ր հեռու
Ու տարագրի՛ր կրկնապես, մատնած անդարձ կորստյան
Եվ կանգնեցրո՛ւ, հաստատիր որպես կյանքի նպատակ,
Ամուր մահարձան՝ նշանը խաչիդ՝
Ապավինածիս փրկությամբ ի քեզ:
Մեծ ահավորիդ անպարտ, անպատիր
Ու ամենահաղթ հրաշագործմամբ
Թո՛ղ քանդվեն բոլոր այս գաղտնածածուկ
Որոգայթները սատանայական,
Մերկանան չարի խարդավանքներն ու գայթերը չքվեն,
Հնարադրված թակարդներն ամբողջ լինեն խայտառակ,
Երևան հանվեն խայծերը կարթի,
Բացվեն նենգողի ծուղակներն անտես,
Վերանա վարմի ամեն ծածկ ու քող,
Որոմնաբույսերն այրվեն տապահար,
Բռնացողների դավերն ստանան անեծք ու նզովք,
Ծվատվի ցանցը խաբեբայական ի մահ որսողի,
Պարսվի պատրողի ամեն բարուրանք,
Զրպարտիչների զենքերը հատնեն,
Ընկնեն սրերը մահ տարածողի,
Խորտակված թաղվի սադրողի ամեն մեքենայություն,
Ու տագնապողի կապանքները պիրկ՝ քանդված արձակվեն:
Թող երեսպաշտի կեղծ կերպարանքն իր բուն տեսքն ստանա
Ջախջախվեն մոլի հարձակումները ստահակների,
Ցիրուցան լինեն ուտիճ-ցեցերի տարմերն անպատկառ
Պառակտված ցրվեն հրոսակները ավազակների,
Քայքայվեն խուժդուժ բարբարոսների հորդաները խոլ,
Քանդվեն ամրոցներն ստամբակների,
Կանխվեն լրբերի ամպրոպներն անզուսպ,
Փարատվի տարափն աղետաբերի,
Ցնդի եղյամը չարափառության:
Թող որ խորտակվեն ամբարտավանի եղջյուրները գոռ,
Բարձրաձողերը կեղծ դրոշների լինեն ջարդուբուրդ.
Փշրտվի հոխորտ գոռոզությունը բարձրահոնների,
Ետ շպրտվի խեռ ճակատողների ամեն դիմարշավ.
Թող Բելիարի՝ թե անմարմնական ու թե մարմնավոր
Զորագնդերի դաշնը քայքայվի,
Մի ճամվավ եկած՝ յոթով ետ փախչեն,
Հենց իրենք ընկնեն ինձ համար փորած վիհն անդնդախոր
Թող անցնեն անդարձ նեղչի ձմեռներն այս ձանձրատաղտուկ
Կտրվի կապը միաբանության
Հանապազաջան ավազակների.
Թող շողոքորթի համբույրը շողոմ
Ճակատիս միայն հարուցի նողկանք,
Խոշտանգիչների նետարձակումներն անհետ խափանվեն,
Սասանվի նավը խարդախողների,
Եվ ատամները կծոտողների արմատահանվեն:
Դ
Օրհնյալ փայտովդ կենարար, որին
Պրկվեցիր Աստվածդ անըմբռնելի,
Այն բևեռների սուրբ հիշատակով,
Որոնցով մահվան գործիքին գամվեց
Արարիչդ համայն երկնի ու երկրի,
Տերունական քո սրբազան արյամբ,
Որի շնորհիվ հսկա վիշապին որսացիր կարթով,
Լեղու դառնությամբ, որը ըմպելով՝
Կորուսչի թույնը արտաքս թափեցիր,
Քո սարսափելի չարչարանքների
Պատմության թովիչ ճառագրությամբ,
Որով, լրբությունն ըմբերանելով,
Ամաչեցրիր հակառակողին,
Անվամբ քո անհաս, անճառ, անմեկին,
Որից դողում են ու դատապարտվում
Սարսափահար ու սաստիկ սոսկումով
Ե՛վ տեսանելի, և՜ աներևույթ էակներն համայն,–
Ահա այս բոլոր շնորհներով քո
Խոստովանողս թող որ ստանա
Քավություն, բուժում և պաշտպանություն:
Իսկ այն մահաբեր դառնաթույն օձին
Եվ ով որ դրդեց նրան չարությանն իր տիեզերադավ
Թող լինեն դրանք սատակման պատճառ.
Դրանցով ինքը անբժշկելի
Տառապանքներով մատնվի կորստյան,
Բռնվի ու կապվի:
Թող որ արարչիդ ոդորմությունը միշտ լինի ինձ հետ 
Եվ շունչս ու հոգիս միավորվեն քեզ հավետ անբաժան:
Ե
Արդ, աղոթահայց և աղերսաձայն
Մաղթանքները այս ով որ ընթերցի,
Ով որ պաղատի տիրասիրաբար,
Ծեր թե երեխա, կույս, երիտասարդ կամ թե աղախին.
Հավասարապես, անաչառորեն
Թող որ ստանա քեզնից, բարեգո՛ւթ,
Պարտքից սրբվելու մասն երանության,
Մաքրված նորից՝ հաստվի վերստին
Անարատությամբ, վերակերտվելով
Քո կերպարանքով անփոփոխելի։
Ահա տիրապես մեծազո՜ր, կարող,
Անիմանալի, անհաս, անպատում,
Նայի՛ր հաճությամբ այս արտասվահեծ
Ու կողկողագին հառաչանքներին,
Որ, ընծայվելով շուրթերից բոլոր,
Սուրբ Ասավածածնիդ բարեխոսությամբ
Ու խնդրանքներով համայն սրբերի,
Մատուցվում է քեզ՝
Ի սեր բարերար երկնավոր քո Հոր
Եվ քո Սուրբ Հոգու, նրան փառակից ու կենդանատու:
Քանզի ամենքին դու ես ստեղծել,
Եվ քեզանից է եղել ամեն բան,
Դու ես իշխում ու տիրում բոլորին.
Փա՜ռք քեզ բոլորից, մեկիդ էական
Ու անժամանակ Երրորդությունից՝
Հավասարապես փառավորված միշտ,
Հավիտյաններից հավիտյանս, ամեն։