ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Բարձրեալ, հզաւր, անսկիզբն, անեղ, անբովանդակելի,
Աննիրհելի ակնդ նկատող, ծնող անքնին փառաց միածնիդ,
Իրաւացուսցես զիմս ողորմութիւն հերքեցելոյս ընդունելութեան`
Առ երկնայինս եւ առ երկրաւորս:
Տաւնեա զկեալս կորուսելոյս վերնականացն պարերգութեամբ,
Աւետարանեա բանիւդ աւրհնութեան զկենդանութիւն իմ մահացելոյս,
Զբարեբաստութիւն կամացդ յայտնեա, գովեալ, բոլորից գոյից եղելոց,
Ստացիր անուն քեզ անճառ, եւ ինձ` թշուառիս` նորոգ փրկութիւն,
Զվճիռ հոգւոյս մահու ջրեսցես կայլակաւք արեան Որդւոյդ սիրելւոյ,
Կորուսցես զգիր մուրհակի մեղուցելոյս ամբաստանութեան
Վստահութիւն փրկութեան բարեաց արեամբ Քրիստոսի քո նկարեսցես,
Ցոյց զսքանչելիս քո բարեգթութեանդ ի ճաշ հարսանեաց քում հարազատի:
Մի փակեսցես դիմելոյս առ քեզ զառագաստ սրահի կենացդ յարկի,
Մի տրոհեսցես ի բազմականացդ եւ ի բարեացդ քո զրկեսցես,
Մի պահեսցես ի գանձարանիդ զնիւթեալ իմ պարտուցս անաւրէնութիւն,
Մի կնքեսցես ի քսակ բարեացդ զզազրութեանց իմոց գարշութիւն,
Մի երկարս ինձ զվէր մեղացս ի յախտալից մարմնիս ծածկեսցես,
Մի զփտութիւն նեխութեան ցաւոցս նձ տնկակից մահու մնացուսցես,
Այլ բարձ բանիւ քոյդ ողորմութեան զժանտութիւնն ապականարար,
Որպէս զի զատեալ ի հիւծմանց ախտից` առողջութեանն պատրաստեցայց:
Հնարաւորեա, գթութեանցդ Հայր, մեծ խոցուածոյս զաւրեղ սպեղանիս,
Կարեւոր կործանմանս` բարի այցելութիւնս,
Զի քո եմ, Տէր ոգեսէր:
Թէ եւ առ մի նուագ մեղիցեմ,
Բայց ոչ գրեցայց համայն մեղուցեալ,
Տուիչ կենաց իմոց բարերար,
Ի շնորհ պարգեւաց քոց ապաւինեալ,
Զի ճանաչելդ զքեզ բովանդակ արդարութիւն է,
Եւ գիտել զզաւրութիւնդ քո` արմատ անմահութեան,
Որպէս եւ կանխաւ իսկ գրեաց իմաստունն.
Եւ դարձեալ` Տիրելդ քո, ասէ, ամենեցուն`
Խնայել տայ քեզ յամենայն,
Եւ դարձեալ` Մաւտ է քեզ,
Յորժամ եւ կամիս` կարող գտանել:
Բ
Այս Սողոմոնի յուսոյ աղերսանք իմոյս առեալ տիպ,
Քանզի ոչ այլ ոք բազմամեղ, որքան զնա ինձ զուգաշաւիղ.
Երբեմն` որդի, ապա` ատելի,
Երբեմն` միջնորդ խաղաղութեան Աստուծոյ ժողովրդեանն,
Եւ յետոյ` խտրոց որոշման բազում խռովութեան,
Երբեմն` աւրէնք կենաց կացեալ,
Եւ յետոյ` մուրհակ մահու հաստատեալ,
Զերկնաւորին պաշտաւն ընդոտնեալ,
Եւ զաւտարին անուն ծանուցեալ,
Անպատճառ աւցտող, անկարաւտ զրկող, անսովելի գող,
Գրգեալ տրտնջող, փափկացեալ փախստական,
Սեղանանենգ սարտուցեալ, անպատասխանի վնասապարտ,
Քաղցրասնոյց հայհոյիչ, զաւակ հայրատեաց,
Կտակարանացն մատնիչ, Մովսեսի չարախաւս, մոռացող երախտեացն,
Իմաստուն սխալական, ամենագէտ յանցաւոր,
Ամաւթապարտ զղջացեալ, տարակուսեալ աշխարող,
Աղաչաւոր կռապաշտեալ, յամրային դարձաւոր,
Կեղակարծ ընկալեալ, կասկածաւոր հաշտութիւն,
Յապայս յիշատակ, յերկբայս փրկութիւն,
Չաւատալի գիւտ, ի մասնէ մնացուած,
Խարդաւանեալ գերի, կիսակտուր պրծեալ, կամաւոր անձնամատն,
Տմարդի յղփացեալ, բազմավրէպ հանճարեղ:
Ի յընթացս բանից երկեակ որոշմանց`
Ամենայն ուրեք բանս արկեալ ողբոց եւ ձաղանաց,
Մեծ պարսաւ եւ փոքր գովեստ`
Իբր ի վերայ ինքնագրաւ կորստականի,
Երգիծանութիւն խառնեալ ընդ աշխար.
Բան նորա` թելադիր բարգաւաճութեան ամենայն հասակի,
Եւ խոտորումն նորին` ի շրթունս բնաւից
Թառանչ թախծութեան ողորմելիս իմն ազդեալ:
Գ
Զարմանամ, վհատիմ` տարակուսեալ ապշութեամբ,
Զի թէ նա այնքան գթեաց, ինձ զի՞նչ պատահեսցէ.
Զիա՞րդ անկաւ ամբարձեալն,
Զիա՞րդ սասանեցաւ հաստատեալն,
Զիա՞րդ կործանեցաւ կառուցեալն,
Ի՞բր աւտարացաւ ծանուցեալն,
Զիա՞րդ զակատեցաւ զաւակն ընտրութեան,
Զիա՞րդ սրացաւ մերձաւորն,
Զիա՞րդ աղաւտացաւ փայլեցեալն,
Զիա՞րդ պատանդեցաւ ազատեալն,
Զիա՞րդ անաւրինեցաւ ուսուցիչն,
Զիա՞րդ նուաղեցաւ հռչակեալն,
Զիա՞րդ անարգեցաւ փառաւորն,
Զիա՞րդ փոքրկացաւ մեծատունն,
Զիա՞րդ ամբարշտեցաւ բարեպաշտն,
Զիա՞րդ ամբարհաւաճեցաւ ընտրողն,
Զիա՞րդ ունայնացաւ պատարունն,
Զիա՞րդ կտրեաց զուխտն, որ ընդ բարձրելոյն:
Պատկառեմ ասել, թէ` եւ ընդ սանդարամետականին կապեցաւ.
Զի՞ կայր նորա եւ կռոց,
Ուստի՞ սէրն ընդ պատկերաց,
Վասն է՞ր կամքն ընդ խտրանաց:
Զիա՞րդ ոչ յիշեցաւ յանդիմանութիւնն Սամուելի առ Սաւուղ եղեալ.
Հմայք, ասէ, մեղք են, եւ ցաւս եւ աշխատութիւն ածէ թերափ ի վերայ:
Զիա՞րդ ոչ հայրենի յանդիմանութիւնն.
Կուռք, ասէ, հեթանոսաց դեւք եւ անշունչք են,-
Եւ նման նոցա լիցին պաշտաւնեայք նոցա:
Տէր միայն ածէր զնոսա,
Մովսէս նախագրեալ յառաջաձայն ձաղանաւք սաստիկս իմն ամբաստանէ.
Ոչ էր ընդ նոսա, ասէ, աստուածս աւտարոտիս,-
Զոր ոչ ճանաչէին հարք նոցա:
Դ
Ո՞ւր է մահամատոյց այլազնեայ արձանն Փագովրայ,
Ո՞ւր` տգեղն եւ անպանծալին սիդոնացւոց իգական ամենանզով ձուլածոյն,
Ո՞ւր` կանացի կերպին անգրելին խայտառակութիւն զազիր տեսակին,
Որով ամաւթոյ մարգարէքն զանասնաւրէն դիմեցումն անխտրաբար
Յանուն չարութեան անժուժկալ դիւին` անաստուածաբար ձաւնեալ մոլէին:
Տարաւ զէութիւն բարեբաստութեանն,
Որ զնախնին որսաց ի կորուստ,
Յաղթեաց մեծութիւնն իմաստիցն առաւելութեան,
Գերեաց գոռոզութիւնն, յիմարեցոյց փափկութիւնն,
Վանեաց արծաթն ծառայեցուցիչ,
Յոգի դատեցաւ զայրն տաւնելի հին զէնն կործանողին,
Ի գրկացն Աստուծոյ հանեալ` ի յոտս ստամբակին գթեցոյց,
Մեռոյց մեղկութիւնն, թմբրեցոյց ծուլութիւնն,
Արբեցոյց շուայտութիւնն:
Ով դիւրապատիր մարմին երկրածին,
Որո՞վք ձայնարկութեամբք զքեզ աւաղեցից,
Քանզի ոչ տիրապէս առ նա հանդիպի ընդդիմաբանութիւնս,
Այլ ամենից սխալողաց` կամաւ վրիպելոց,
Վասն զի նովաւ է իմանալի,
Թէ անիրաւ է պարծել յիմաստս մարմնոյ,
Եթէ ոչ Աստուծով դատեալ ընտրեսցի:
Որ զի թէ առ այս պայմանի յիմար ոք իցէ
Եւ ի հաստչին կամս յուսասցի,
Ոչ եւս ի նորայոց անտի ինչ կրեսցէ:
Ե
Այլ քանզի սաստիկս եւ քստմնելիս ունի Սողոմոն
Զդարձին իւրոյ յիշատակարան` ինքնապարսաւն կշտամբութեամբ,
Իբր մեռեալ իսկապէս համայն աշխարհիս անձնասիրութեան,
Զոր եթէ զիսկն ոք նկատեսցէ, Ունայնութեամբքն է իմանալի,
Այլ եւ ի մատեանս քահանայիցն եւ ի գիրս Աքիայ Սիլոնացւոյ,
Յորում զփոյթն իւրում ընթացիցն արտասուելիս իմն յեղանակէ.
Զուր ջան, անաւգուտ վաստակ,
Անմիտ հետեւումն, անշահ արշաւանք,
Անկայուն երկք, աւտարին իմաստք,
Ոչնչից հոլովք, բամբասելի բերք,
Անյարմար վարկածք, սնոտի սերմանիք,
Աւազափուլ շինուածք, ապականացու ստացուածք,
Քամահանաց տաժանմունք, ինքնամարտ կռիւ,
Ընդ ոգւոյ իւրում դատ,
Ընդունայնաթոպ քիրտն, վնասակար փափագ,
Կորստական շաւիղ, վրիպակ ճանապարհ,
Կործանական կրթութիւնք, մոլորապատիր վարժութիւնք,
Հանապազասխալ տեսութիւն, ակնայայրատ պչրութիւն,
Պոռնկակերտ կերպարան, ախտաբորբոք նիւթ,
Դժնէատեսիլ գոյն, յոգնատխուր գեղ,
Յոլովամեղձ ծուխ, շոգի ցնդելի,
Վաճառ մերձ ի յառ, տաղաւար քակտելի,
Ընդվայր աղաղակ, անպատճառաւոր ծաղր,
Արհամարհելի ասպարէզ, անձնավաճառ գիր,
Սատակչական ելք, անաստուած մտածմունք,
Ստայաւդ ճառ, զայրացուցանող զրոյց,
Եպերանաց խծբիծք, խելագարութեան խնդիր,
Ամաւթանաց ցոյցք, խայտառականաց յայտնութիւնք,
Առակ ապառնեացն, ապաշաւանաց գործ,
Ըմպահկանաց պատմութիւն, հեղգացելոց աւրինակ,
Խորխորատ ծածուկ,որս խաւարային,
Մահագուշակ վիհ, անյատակելի անդունդք,
Ուղեկցութիւն սպանողաց, յիմարութեան բարբաջմունք,
Դարանակալաց վայր, խարխուլ յարկ,
Շինուած սասանեալ, կամուրջ խախտեցեալ,
Երեւոյթ փախչելի, խաբող շողոքորթ, անոպայ մատնիչ,
Ընդդէմ բարձրելոյն հակառակութիւն:
Զայս ամենայն մասունս բանից խոստովանական կանոնադրութիւն
Ի սիրտս բնաւից նախասերմանեաց ժողովողս`
Կանոնադիր դարձելոց զղջման,
Որպէս զի մի պարծեսցի ոք ի մարդկանէ`
Բամբասաւորաւք զինուորեալ նետիւք
Զանձն եւ զընկերն խոցոտելով,
Քանզի կռապարիշտ է քողով ծածկեալն,
Որ զկերպարանսն միայն ունի
Եւ զոչ ախորժելիս ստեղծիչն կատարէ:
Զ
Եւ արդ, նա, որ ոչ այնքան մեղաւ, որքան զղջացաւ,
Մի իսպառ պախարակեսցի, այլ յիշեսցի այրն այն ի բարի`
Իբրեւ զհիմն յուսադրութեան ի տէրունի ոտսն դիմելոց,
Յորժամ հոգւովն էջ յայցելութիւն աստուածութեամբն անբաժանելեաւ`
Կենագործել զանդ խոստովանեալսն,
Զոր մեռեալքն ահա կենդանեացս անտարակոյս բերին աւետիս:
Ընդ որում մաղթեալ իմ պարտաւորի` իմաստութեանն ոչ ժամանելոյ,
Ի մեղանացն մասն կարգեալ, բարեբանեալ մեծիդ պաղատիմ.
Լից զնուազդ իմ բանագրութիւն ի յերջանկին հանճարեղութիւն:
Նիւթեսցին ներկայիս հայցմունք ի բարգաւաճին յարգաւորութիւն`
Ի գերաշխարան արքային աղերս,
Այցելութիւն խնդրոցս դիցի քո ընտրեցեալ վեհ արքայորդւոյն,
Զոր միածնիդ աւրինակեցեր:
Յարեան կցորդութենէ զքո փառակիցդ ճաշակեցաք.
Տուր փրկութիւն քոյոյ ծառային, ամենահնար, զաւրեղ, ահաւոր,
Ի ստեղծողիդ փառս աճեցուցեալ
Զանքաւելի մեղացն ջնջումն:
Յիշատակաւ խորհրդոց բարեաց` ընդ ողորմեալսն նորոգեսցես,
Որ ամենահամ, ախորժաճաշակ, բազմապաճոյճ առակագրութեամբ
Զաստուածութիւնդ քո քարոզեալ ի մատեան լուսազարդ կտակի,
Եկեղեցւոյ ընծայեաց հետս բարութեան`
Խոստովանութեամբ մատչել առ քեզ, Հայր:
Քանզի ոչ հեռի յողորմութենէ առ այս ցոյց բանի է իմանալի,
Թէ անյուսութեանն կաթուած չէր անկեալ ի յեռանդն սրտին ըղձից,
Որ զճեպ զղջմանն փոքր ինչ կասեաց:
Է
Արդ, ի յուշ բերեալ զոր ի քեզ անճառելի բարեմասնութիւնք`
Զգթութիւն քո ողջունեսցես,
Որով զկոշկոճեալն ի բազում դարուց բամբասանաց քարաձգութեամբ`
Երանութեան վերարժանացո,
Որ յոգնահոսան արտասուաց ելիւք
Զմէջ յատակի յարկին հեղեղեալ ապարանիցն իւր խրախճանութեան`
Սաստկակսկիծն ապաշաւանաւք,
Հաւրն կրիցն գերազանցեաց` ողորմելի ոգւոյն հեծութեամբ:
Զոր ի յաչաց Բանիդ քո արտաւսր,
Առ որ մերովս ի յիւրն ախտակրեաց,
Երկայնամիտդ ներողութեամբ միացուցեալ խառնեսցես, գթած,
Եւ զանյարմարն առ նա կարծեցեալ զսաղմոսին բարեբանութիւն,
Ի փառս էակցի Որդւոյդ կնքելով,
Նովաւ կեցուսցես զնա քաղցրութեամբ ընդ աղքատս ժողովրդոց:
Զայս պուետիկոս ոմն բարեշնորհ արգահատէր ընդ Սողոմոնի`
Ամենայնիւ վարձս վարկուցեալ համակցորդ զուգաձայնութեամբ,
Իբր կենդանեաւք նովաւ ընդ նմին վասն նորին աղերսել առ քեզ,
Զոր յաւելուած կարգիդ տնտեսէ:
Քանզի եւ Աւստացւոյն, ի նմանէ ստեղծեալն
Բազմահրաշաւորն մարգարէաճառն պատմագրութիւն,
Աստուածութեանն արդարացուցիչ զՍողոմոն ողորմեալ կարգէ,
Որ զի անպարսաւ է աղաւթելն, քան չարաբանելն վասն նորին:
Ը
Զոր եւ ես մաղթեմ մեծ վստահութեամբ,
Նմանակից այսր հեծութեան,
Եւ զիմս ընդ նմին ընծայել գոչումն.
Զի թէ կորուսցես զմեզ` դատեալ ըստ գործոց,
Ոչ պակասին փառք քո, զի իրաւամբք քո ճանաչիս,
Իսկ եթէ գտցես, այնքան բարձրանաս,
Որքան մեծութեանդ քում վայել է,
Քանզի յաւէտ աւրհնաբանելի ես դու երկրորդաւս` ողորմածութեամբ,
Քան նախահրաման սաստկութեամբն:
Դարձիր, Տէր, դարձիր քաղցրութեամբ ի խնամս գթութեան`
Ձրի եւ ամէնառատ պարգեւաւք սիրոյ մխիթարել յաւէտ զտրտմեալքս
Համաշաւիղ տագնապաւ տապոյ տոչորման անբժշկականի,
Ձեռն եդեալ փրկութեան` նորոգեսցես վերստին`
Քաւեալ եւ պատսպարեալ ի մեղսակործան խորտակմանէ:
Եւ քեզ միայնոյ` սկզբանդ եւ անսկզբանդ,
Ընդ սկզբանդ եւ սկզբնաւորիդ սկզբանց,
Սուրբ Երրորդութեանդ եւ միում աստուածութեանդ
Փա~ռք եւ իշխանութիւն յաւիտեանս:
Ամէն:

Բան ԽԸ

Ա

Բարձրյա՜լ, հզոր, անսկիզբ, ահեղ, անբովանդակելի,
Ա՜չք աննիրհելի և ամենատես, ծնող անքնին փառքով Միածնիդ.
Երկնավորների և երկրավորների առջև ճշմարտի՛ր քո ողորմությունն իմ նկատմամբ.
Տոնի՛ր վերապրումը կորուսյալիս՝ վերնականներին պարերգությամբ134Ղուկ. ԺԵ. 7-10.
Օրհնաբեր խոսքովդ ավետարանի՛ր կենդանությունը մահացյալիս.
Հայտնի՛ր քո կամքի բարեբաստությունը, գովյա՜լդ բոլոր արարածներից.
Ստացի՛ր անճառ անուն քեզ համար, իսկ ինձ թշվառիս՝ նորոգ փրկություն.
Կորցրո՛ւ մեղավորիս ամբաստանության մուրհակի գիրը.
Մահավճիռը հոգուս ջնջի՛ր դու սիրելի Որդուդ արյան կայլակով.
Վստահությունը բարի փրկության՝ Քրիստոսի արյամբ նկարի՛ր իմ մեջ.
Բարեգթությանդ հրաշքները ցույց տուր հարսանյաց ճաշկերույթում քո հարազատին:
Մի՛ փակիր քեզ դիմողիս դեմ սրահի առագաստը քո կենաց տան.
Մի՛ բաժանիր ինձ բազմականներից և քո բարիքներից մի՛ զրկիր.
Մի՛ պահիր գանձարանիդ մեջ մեղքերն իմ նյութած անօրենության.
Մի՛ կնքիր բարեմասնություններիդ քսակում գարշությունն իմ զազրությունների.
Մի՛ ծածկիր երկար՝ վերքերն իմ մեղքերի՝ ախտալից մարմնիս մեջ.
Մի՛ դարձնի ինձ տնկակից մահամնա նեխվածքն ու փտությունն իմ ցավերի,
Այլ քո ողորմած խոսքով վերացրո՛ւ ժանտությունն ապականիչ,
Որպեսզի ազատ հյուծող ախտերից՝ առողջությա՜նը պատրաստվեմ.
Խորապես խոցվածիս համար ճարի՜ր զորավոր սպեղանի, ո՜վ գթությանց Հայր.
Տո՛ւր բարի այցելություն կարեվեր կործանվածիս, քանզի քոնն եմ ես, ո՜վ ոգեսեր Տեր:
Եթե մինչև իսկ բյուր հեղ մեղանչեմ, դարձյալ մեղավոր չեմ համարվի,
Ապավինելով քո կենսապարգև շնորհին, ո՜վ բարերար իմ և կյանքի տվիչ.
Զի քեզ ճանաչելը կատարյալ արդարություն է,
Եվ զորությունդ գիտենալը՝ անմահության արմատ.
Ինչպես որ առաջուց իմաստունն է գրել.
Եվ դարձյալ այսպես է ասում նա.–
«Տիրում ես բոլորին, դրա համար էլ խնայում ես սրանց».
Եվ նմանապես՝ «Կարող ես դու միշտ, երբ էլ կամենաս»:

Բ

Հուսատու աղերսն այս՝ Սողոմոնի՝ օրինակ եմ ես առնում ինձ համար,
Զի ոչ ոք, քան նա, ինձ զուգաշավիղ՝ չեղավ բազմամեղ.
Երբեմն որդի՝ հետո ատելի.
Երբեմն միջնորդ խաղաղության Աստուծո ժողովրդին,
Եվ հետո խտրոց պառակտիչ՝ բազում խռովությունների.
Երբեմն կյանքի օրենքը եղած և ապա փոխված մահվան մուրհակի.
Երկնավորի պաշտումն ընդոտնած, և օտարի անունը ճանաչած:
Անտեղի ցրող, անկարոտ զրկող, անսովելի գող,
Շոյված տրտնջող, փափկացած փախստական,
խրտնած սեղանանենգ, Պապանձյալ վնասապարտ, քաղցրասնույց հայհոյիչ, հայրատյաց զավակ, Կտակարանների մատնիչ, Մովսեսի դեմ չարախոս,
Երախտիքներ մոռացող, սխալական իմաստուն, ամենագետ հանցավոր,
Ամոթապարտ զղջացած, տարակուսյալ աշխատող,
Ամոթապարտ զղջացած, տարակուսյալ աշխատող, աղոթավոր կռապաշտ,
Դարձի գալու մեջ դանդաղկոտ և ընդունվելու՝ երկմիտ,
Կասկածավոր հաշտություն, ապառնի հուշարար, երկբայելի փրկություն,
Անհավատալի գյուտ, մեծության մնացորդ, Խարդավանված գերի, կիսակտուր պրծած, կամավոր անձնամատնիչ, Տմարդի հղփացած, բազմավրեպ հանճարեղ:
Նա ինքն իր մասին ասածների մեջ դրել է երկու տարբեր զգացում՝ իրար հակադիր
Ինքնակամորեն կորստյան համար.
Արգահատանքի և երգիծախառն լացի խոսքերով՝
Ամեն տեսակի բարելավության թելադիր է նա,
Այն ինչ իր կյանքի խոտորումներով
Բոլոր շուրթերին պատճառել է խոր թախծալի թառանչ:

Գ

Զարմանում եմ ես և հուսահատվում տարակուսյալ ապշությամբ,
Զի եթե նա այնքան գայթեց, հապա ի՞նչ պիտի պատահի ինձ:
Ինչպե՞ս ընկավ բարձրացածը,
Ինչպե՞ս սասանվեց հաստատվածը,
Ինչպե՞ս կործանվեց կառուցվածը,
Ինչպե՞ս օտարացավ ճանաչվածը,
Ինչպե՞ս կատաղեց զավակն ընտրյալ,
Ինչպե՞ս հեռացավ մերձավորը,
Ինչպե՞ս աղոտացավ փայլողը,
Ինչպե՞ս պատանդվեց ազատվածը,
Ինչպե՞ս անօրինացավ ուսուցիչը,
Ինչպե՞ս անշքացավ հռչակվածը,
Ինչպե՞ս անարգվեց փառավորվածը,
Ինչպե՞ս փոքրացավ մեծատունը,
Ինչպե՞ս ամբարշտացավ բարեպաշտը,
Ինչպե՞ս գոռոզացավ ընտրյալը,
Ինչպե՞ս ունայնացավ պատարունը,
Ինչպե՞ս խզեց նա իր ուխտը բարձրյալի հետ:
Ամաչում եմ ասել, թե նաև սանդարամետականի հետ կապվեց:
Ի՞նչ ուներ նա կուռքերի հետ և ուսկի՞ց նրա սերը պատկերներին.
Ինչո՞ւ կամակցեց խտրականությանը,
Ինչպե՞ս չհիշեց Սամուելի հանդիմանությունը
Սավուղին, Թե՝ «Հմայությունները մեղք են, և մարդակերպ կուռքը պատճառում է ցավ ու նեղություն»:
Ինչպե՞ս չհիշեց նա հանդիմանությունը հայրենի,
Թե՝ «Հեթանոսների կուռքերն անշունչ դևեր են,
Եվ նրանց նման են լինելու պաշտողները նրանց»:
Մովսեսն ինքն է առաջինը ծաղրում և ամբաստանում սաստիկ, ասելով–
«Տերն էր միայն առաջնորդում նրան,
Չկային նրանց հետ օտար աստվածներ, որոնց չէին ճանաչում նրանց հայրերը»135Բ. Օրին. ԼԲ. 12:
Ո՞ւր է մահատու այլանդակ արձանը Փագովրի136Մովաբացոց աստվածը, որի համար Սողոմոնը մի բարձրավանդակ կանգնեց: «Մահամատույց» է կոչում նրան Նարեկացին, որովհետև պատճառ եղավ նա 24000 իսրայելացիների կոտորածին (Թվոց. ԻԵ. 9):,
Ո՞ւր սիդոնացոց տխեղծ, անպարկեշտ և ամենանզովյալ իգական ձուլածոն137Գ. Թագ. ԺԱ. 5,
Ո՞ւր անգրելի խայտառակությունը զազրակերպարան կանացի սեռի,
Որին անխտիր և անասնորեն անձնատուր բոլոր մարգարեները պիղծ պաշտամունքի՝ Նվիրվում էին մոլի անաստվածությամբ հանուն չարության անժուժկալ դևի:
Կինը, որ նախահորն ի կորուստ որսաց, Տարավ և՛ նրա բարեբաստության ստացվածքը ողջ.
Մեծությունն հաղթեց մտքի առավելությանը, Գոռոզությունը գերեց նրան, և փափկությունն
հիմարացրեց, Ստրկացնող արծաթը նրան կառավարեց,
Կործանարարի հինավուրց զենքը խոցեց խորապես մարդուն տոնելի,
Աստուծո գրկից հանելով նրան՝ ստամբակի ոտքերի տակ գլորեց.
Մեղկությունը մեռցրեց նրան, ծուլությունը թմրեցրեց,
Շվայտությունը հարբեցրեց նրան:
Ո՜վ դյուրապատիր մարմին երկրածին, ի՞նչ ողբ ու կոծով ավաղեմ ես քեզ.
Քանզի ոչ միայն նրան են վերաբերում բանադրանքներն այս,
Այլև կամովին սխալվողներին և մոլորվողներին բոլոր:
Ուստի և ահա՛ պետք է իմանաք այս օրինակով, Թե անօգուտ է պարծենալ մարմնական իմաստությամբ, Եթե Աստուծո դատելով ընտիր չհամարվի ոք:
Այնպես, որ եթե մեկը մինչև իսկ հիմար էլ լինի, բայց հույս դնի ստեղծողի վրա՝
Նա զերծ կմնա այն չարիքներից, որոնց Սողոմոնն եղավ ենթակա:

Դ

Բայց Սողոմոնն ունի ինքնապարսավ կշտամբանքով լի
Եվ սաստիկ քստմնելի՝ դարձի մի հիշատակարան,
Իբրև մեկը, որ մեռցրել է իր մեջ անձնասիրության աշխարհը համայն,
Որն, եթե ուզենք ճիշտը նկատել, «ունայնություններով» է իմանալի.
Այլև մատյանով քահանաների և սիլոնացի Աքիայի Գրքով,
Որի մեջ նա իր անցած ողջ կյանքի դառնություններն է երգում արցունքով.–
Զուր ջանք, անօգուտ վաստակ, անմիտ հետևանք, անշահ արշավանք,
Անկայուն գործեր, օտար խորհուրդներ, սին հոլովումներ,
Բամբասելի բերք, անճիշտ կարծիքներ, սնոտի սերմեր,
Ավազափուլ շինվածքներ, ապականացու ստացվածքներ,
Քամահրելի տաժանքներ, ինքնամարտ կռիվ, իր ոգու դեմ դատ,
Ընդունայն քրտինք, վնասակար փափագ,
Կորստյան շավիղ, վրիպակ ճանապարհ,
Կործանարար կրթություն, մոլորապատիր վարժություն,
Մշտասխալ տեսողություն, ակնահայրատ պչրանք,
Պոռնկատիպ կերպարանք, ախտաբորբոք նյութ,
Դժնատեսիլ գույն, հոգնատխուր գեղ,
Սաստիկ մրոտ ծուխ, ցնդելի շոգի,
Ավարի վաճառք, քանդելի տաղավար,
Ի զուր աղաղակ, անառիթ ծաղրանք,
Արհամարհելի ասպարեզ, անձնավաճառ գիր, սատակչական ելք,
Անաստված մտածմունք, ստահոդ ճառ,
Զայրացուցիչ զրույցներ, եպերելի խծբծանք,
Խելագար խույզեր, ամոթանքի ցույցեր, խայտառակ հայտնություններ,
Ապառնի անառակություններ, ապաշավելի արարքներ,
Ըմբոստների պատմություն, ծույլերի օրինակ, խորխորատ ծածուկ,
Որս խավարային, մահագուշակ վիհ, անհատակ անդունդ,
Ուղեկցություն սպանողներին, հիմարական բարբաջանք,
Դարանակալների վայր, խարխուլ հարկ,
Սասանած շինվածք, խախտված կամուրջ,
Խուսափուկ երևույթ, խաբող շողոքորթ, անոպա մատնիչ,
Հակառակություն ընդդեմ բարձրյալի:
Խոստովանական խոսքերի բոլոր մասերն այս որպես կանոնադրություն
Ժողովողն ինքը նախասերմանեց բոլոր,
Զղջումով դարձի եկողների սրտում,
Որպեսզի մարդկանցից ոչ ոք չպարծենա՝ բամբասանքների նետերով զինված՝
ր անձը և իր ընկերոջը խոցոտելով.
Զի կռապաշտ է նա, ով քողով է ծածկված կեղևի տակ
Եվ ստեղծողին անախորժ գործեր է կատարում:

Ե

Եվ արդ, նա, որ այնքան չմեղանչեց, որքան զղջաց,
Թող չպախարակվի իսպառ, այլ այդպիսին ի բարին հիշվի,
Իբրև հիմք հուսադրության բոլոր նրանց, ովքեր տերունական ոտքին դիմեցին,
Երբ աստվածությամբ անբաժանելի նա դժոխքն այցի իջավ իր հոգով՝
Կենսագործելու այնտեղ խոստովանողներին138Ա. Պետ. Գ. 19,
Որով մեռյալները կենդանիներիս բերին ավետիս անտարակույս:
Եվ ես հանցապարտս, որ հասու չեմ նրա իմաստությանը,
Բայց մասնակից եմ եղել նրա մեղքերին,
Աղոթում եմ արդ նրա հետ ահա և բարեբանված մեծիդ պաղատում:
Լցրո՛ւ դու համեստ շարադրանքն այս իմ այն երջանիկի հանճարեղությամբ,
Թախանձանքներս թող որ խառնվեն այն հույժ աշխարող արքայի աղերս-աղաչանքներին
Եվ դառնան թող որ մեծարանք առ քեզ:
Խնդրանքներս այս իմ մի՛ թողնի անտես,
Ինչպես խնդրանքներն վեհ արքայորդու, որ իբր օրինակ տվիր Միածնիդ:
Եվ մենք արենակցին նրա՝ փառակցիդ ճաշակեցինք:
Տո՛ւր փրկություն քո ծառային, ամենահնար, զորեղ, ահավոր,
Եվ ավելացրու փառքն ստեղծողիդ՝ Ջնջելով նրա մեղքերն անքավելի:
Հիշելով բարի խորհուրդները նրա, ողորմյալների հետ նորոգիր նրան,
Որ ամենահամեղ, ախորժաճաշակ և բազմապաճույճ առակագրությամբ
Աստվածությունդ քարոզեց եկեղեցուն ընծայված լուսազարդ իր մատյանում,
Ցույց տալով բարի ճամփան բոլորին,
Դեպի քեզ գալու խոստովանությամբ, Հա՜յր ամենեցուն:
Նրա այս խոսքերն ապացուցում են, թե հեռու չէր նա ողորմությունից,
Եթե եռանդուն նրա սրտի մեջ հուսահատություն կաթած չլիներ,
Որ և զղջումի աճապարանքը փոքր-ինչ կասեցրեց:

Զ

Արդ, ի հուշ բերելով բարեմասնություններդ անճառելի,
Ողջունի՜ր գթությամբ և քո երանությանն արժանացրու դարձյալ
Դարերից ի վեր մեղադրանքների քարաձգությամբ խոշտանգվածին,
Որ առատահոս արտասուքների վտակներով
Իր խրախճանքների ապարանքի հատակը հեղեղեց սաստկակսկիծ ապաշավությամբ Եվ ողորմելի հոգու հեծությամբ հոր հուզումներին գերազանցեց:
Արցունքներն այդ քո դու երկայնամիտ ներողությամբ
Միացրո՛ւ ու խառնիր, գթա՜ծ, Միածնիդ արցունքներին,
Որ մեր մարմինն առնելով կրեց բովանդակ մեր վշտերն իր մեջ:
Անվավեր կերպով նրանը կարծված սաղմոսի բարեբանությունը ի փառս էակից Որդուդ վճռելով,
Նրանով նրա՛ն ևս փրկիր քաղցրությամբ աղքատների հետ,
Պուետիկոս մի բարեշնորհ139Գրիգոր Նյուսացի (330-400),
Լիովին վարձք էր համարում իրեն Սողոմոնի հետ միաբան ձայնակցությամբ՝
Նրա համար իսկ աղերսել առ քեզ,
Որը և լրիվ՝ հավելվածաբար հիշատակված է հաջորդ տողերով:
Քանզի նրա հորինած օստացու բազմահրաշ, մարգարեաճառ պատմագրությունը,
Որ աստվածությանն է արդարացնում, Հաստատում է, թե Սողոմոնն արժանացավ ողորմության:
Ապա ուրեմն նրա համար աղոթելն ավելի անպարսավելի է, քան չարախոսելը:

Է

Ուստի և ես եմ աղոթում ահա մեծ վստահությամբ,
Նրա հետ մեկտեղ գոչյունս ողբի քեզ ընծայելով.
Զի եթե ըստ մեր գործերի դատես ու կորցնես մեզ՝
Չի պակասի քո փառքը, քանի որ իրավունք ունես դու,
Իսկ եթե գտնես մեզ՝ կբարձրանաս այնքան, որքան վայել է քո մեծությանը:
Զի դու հավիտյան օրհնաբանելի ես
Ողորմածությամբ, քան թե սաստկությամբ նախահրաման:
Դարձի՛ր, Տե՜ր, դարձի՛ր քո խնամարկու գթության քաղցրությամբ
Եվ սիրույդ ձրի և ամենառատ պարգևներով սփոփիր մեզ,
Որ համանման անբժշկելի տագնապի տապով տոչորված՝ տրտում-տխուր ենք հավետ:
Փրկարար ձեռքդ դնելով կրկին՝ նորոգի՛ր դու մեզ,
Քավելով և պաշտպանելով մեզ մեղսակործան խորտակումներից:
Եվ քեզ՝ սկզբիդ միակ և անսկզբիդ, Եվ սկիզբների սկզբնավորողիդ՝
Սուրբ Երրորդությանդ և մի աստվածությանդ Փառք և իշխանություն հավիտյանս հավիտենից. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Բարձրյա՜լ, մեծազոր, անսկիզբ, անեղ,
անպարփակելի,
Աչք աննիրհելի, ամենանկատ,
Ծնող միածնիդ անքնին փառքով,
Երկնավորների, երկրայինների առաջ ճշմարտի՛ր
Ողորմությունդ մերժվածիս հանդեպ։
Վերնականների ճոխ պարերգությամբ
Տոնի՛ր վերապրելը կորուսյալիս,
Մահացածիս նոր կենդանությունը
Բարեհոչակի՜ր խոսքովդ օրհնաբեր,
Ի հայտ բեր կամքը քո բարեխնամ
Գովյա՜լդ համայն արարածներից,
Բարձրացրո՛ւ քո անունը, անճա՜ռ,
Տալով թշվառիս նորոգ փրկություն,
Կորցրո՛ւ մուրհակը մեղսագործ անձիս
ամբաստանության,
Սիրելի որդուդ արյան կայլակով
Ջնջի՛ր, տե՜ր, մահվան վճիռն իմ հոգու,
Հիսուսիդ արյամբ նկարի՛ր իմ մեջ
Վստահությունը բարի փրկության,
Բարեգթության հրաշքդ ցո՛ւյց տուր
Քո հարազատի հարսանքաճաշին։
Մի՛ փակիր սրահն-առագաստարան
Կենացդ հարկի՝ քեզ դիմողիս դեմ,
Մի՛ բաժանիր ինձ բազմականներից,
Մի՛ զրկիր անճառ բարիքներից քո,
Մի՛ պահիր օրհնյալ գանձարանիդ մեջ
Պարտքերն իմ նյութած անօրենության,
Ոչ էլ կնքիր քո բարյաց քսակում
Գարշությունը իմ զազրությունների,
Վերքը մեղքերիս մի՛ ծածկիր երկար
մարմնումս ախտավոր.
Ցավերիս նեխվածքն ու փտությունը
Մի՛ թող տնկակից ինձ մահամնա,
Ողորմությանդ խոսքով վերացրո՛ւ
ժանտություններն այս ապականարար,
Որպեսզի զտված հյուծող ախտերից՝
Առողջանալու համար պատրաստվեմ.
Խորը խոցերիս հնարի՛ր զորեղ
Սպեղանիներ, ո՜վ հայր գթության,
Օգնի՜ր կարեվեր կործանված անձիս,
Քանզի քոնն եմ ես, ո՜վ հոգեսեր տեր։
Եթե մինչևիսկ միանգամից բյուր
հանցանքներ գործեմ,
Դարձյալ մեղավոր ես չեմ ճանաչվի՝
Ապավինելով քո շնորհներին կենդանապարգև,
Ո՜վ բարերար իմ և կյանքի տվիչ.
Զի քեզ ճանաչելն արդարություն է արդեն կատարյալ,
Իսկ զորությունդ իմանալն՝ արմատն է անմահության,
Ինչպես գրել է իմաստունը դեռ.
Տիրելդ,– ասում է,— ամենքի վրա՝
Քեզ խնայել է տալիս բոլորին».
Եվ դարձյալ՝ «մոտ է քեզ, երբ կամենաս,
կարող ես գտնել»։

Բ
Հուսատու աղերսն այս Սողոմոնի
Ես օրինակ եմ առնում ինձ համար,
Քանզի ոչ մեկը բազմամեղությամբ
Ինձ զուգաշավիղ չեղավ նրա պես.
Երբեմն որդի, հետո ատելի.
Նախ խաղաղության միջնորդ ջատագով իր ժողովրդի,
Իսկ հետո բազում խռովության ու
պառակտման պատճառ.
Նա, որ երբեմն օրենքն էր կենաց,
Հետո վերածվեց մահվան մուրհակի՝
Ոտնահարելով երկնավոր տիրոջ պաշտամունքը սուրբ
Եվ ընդունելով անունն օտարի.
Անշահ պառակտիչ, անկարիք զրկող,
Անսովելի գող, շոյված տրտնջող,
Գրգված դրուժան, խրտչած հացանենգ,
Հանցապարտ, պապանձ ու անպատասխան,
Շփացած լուտող, հայրատյաց զավակ,
Ավետարանի մատնիչ, Մովսեսի հանդեպ չարախոս,
Երախտամոռաց, գայթուն իմաստուն,
մեղսոտ բազմագետ,
Զղջացած, նկուն ու ամոթապարտ,
Տարտամ ապաշավ, կռապաշտ մաղթող,
Հապաղ դարձիեկ, անհայտ ընդունված.
Կեղակարծ քավված, խրատ գալիքի,
Անստույգ փրկված, անհավաստի գյուտ,
Մեծության թերմացք, պատրական գերի,
Կիսավարտ պրծած, կամա ինքնամատն,
Տմարդ հղփացած, բազմավրեպ հանճար։
Եվ նրա մասին, իբրև ինքնադատ կորստականի,
Զանազան խոսք ու զրույցների մեջ
Արտահայտված է իրար հակընդդեմ
Երկու զգացում՝ և՛ ձաղանք, և՛ ողբ,
Ե՛վ մեծ պարսավանք, և՛ փոքր գովեստ,
Երգիծանք, խառնված ափսոսանքի հետ.
Իր գրվածքներով ամեն հասակի
Բարգավաճության թելադիր է նա,
Իսկ իր խոտորմամբ միշտ պատճառել է
բոլոր շուրթերին
Ողորմագին ու թախծալի թառանչ։

Գ
Զարմանում եմ ու վհատվում՝ ապշած
տարակուսանքով.
Քանզի եթե նա այնքան սայթաքեց,
Հապա ի՞նչ պիտի պատահի ինձ հետ.
Բարձրացածն ինչպե՞ս ընկավ վայրապար,
Ամուր հաստատվածն ինչպե՞ս սասանվեց,
Ինչպե՞ս կործանվեց կանգնածն անհողդողդ,
Ճանաչվածն ինչպե՞ս հանկարծ խորթացավ,
Ընտրյալ զավակը ինչպե՞ս մոլարվեց,
Մերձավորն ինչպե՞ս թողեց հեռացավ,
Ճաճանչափայլը ինչպե՞ս մթագնեց,
Ազատվածն ինչպե՜ս տրվեց պատանդի,
Ուսուցիչն ինչպե՞ս անօրինացավ,
Հռչակվածն ինչպե՞ս վայելչազրկվեց,
Ինչպե՞ս անարգվեց փառավորն հանկարծ,
Ինչպե՞ս փոքրացավ մեծատունը պերճ,
Բարեպաշտն ինչպե՞ս ամբարշտացավ,
Ընտրողը ինչպե՞ս ամբարհավաճեց,
Կատարելությունն ինչպե՞ս սնացավ,
Ինչպե՞ս խզեց ուխտն իր՝ բարձրյալի հետ,
Ամաչում եմ ես ասել՝ մինչևիսկ
Դժոխապետի հետ մտերմացավ։
Ի՞նչ գործ ուներ նա այդ կուռքերի հետ,
Որտեղի՞ց էր սերն այն պատկերների,
Ինչո՞ւ համակվեց կեղծ պաշտամունքով,
Ինչպե՞ս չհիշեց գոնե Սամվելի
Հանդիմանանքը, ուղղված Սավուղին.
«Հմայությունը մեղք է, — ասում է,—
Մարդակերպ կուռքը բերում է միայն
ցավ ու նեղություն»։
Ինչպե՞ս չհիշեց, կշտամբանքն իր հոր.
«Հեթանոսների կուռքերը բոլոր
Դևեր են անշունչ, և նրանց նման
Կլինեն նաև պաշտողներն իրենց»։
Դեռևս Մովսէսն է այդպիսիներին
Կանխապես ձաղել ու ամբաստանել սաստիկ՝ ասելով.
«Առաջնորդում էր նրանց տերը լոկ,
Չկար նրանց հետ օտար մի աստված,
Որ հայրերն իրենց չէին ճանաչում»։
Ո՞ւր է Փագովրի մահաբեր արձանն
այլանդակատես.
Ո՞ւր՝ սիդոնացոց տգեղ անպարկեշտ
Էգի ձուլածոն ամենանզով,
Ո՞ւր է կանացի կերպով զազրատես
Խայտառակությունն այն անգրելի,
Որին անձնատուր՝ պիղծ պաշտամունքի
Մարգարեները անաստվածաբար
Եվ անասնական մոլագարությամբ,
Բոլորն անխտիր, ձոն էին անում՝
Հանուն չարության անժուժկալ դևի։
Կինը, որ որսաց դեռ նախահորն ու
մատնեց կորստյան,
Տարավ և սրա բարեբաստության երաշխիքը ողջ.
Փառամոլությունն հաղթեց գերապանծ
իր իմաստության,
Գոռոզությունը գերեց լիովին,
Հեշտասիրությունն հիմարացրեց,
Իշխեց արծաթը ստրկացնող,
Կործանարարի զենքը վաղեմի
Հոգով սպանեց տոնելի մարդուն
Եվ նրան Աստծո գրկից հանելով՝
Ստամբակի պիղծ ոտքի տակ նետեց,
Մեղկությունը ցոփ մեռցրեց նրան,
Պղերգությունը ընդարմացրեց,
Շվայտությունը արբեցրեց իսպառ։
Ո՜վ դյուրապատիր մարմին երկրածին,
Ի՞նչ ողբ ու կոծով ավաղեմ ես քեզ
Քանզի հատուկ է հակասությունն այս
Ոչ միայն նրան, այլև շատերին.
Որոնք սխալվում և խոտորվում են ինքնակամորեն։
Այս օրինակով պետք է հասկանալ,
Որ ընդունայն է պարծենալն, անմիտ՝
Երկրավոր խելքով և իմաստությամբ,
Եթե Աստծո դատելով դրանք ընտիր չդիտվեն.
Ըստ այսմ, եթե մեկը մինչևիսկ հիմար էլ լինի,
Բայց հույսը դնի Աստծո վրա,
Նա զերծ կմնա այն չարիքներից,
Որոնց Սողոմոնն այդպես ենթարկվեց։

Դ
Սողոմոնն ունի իր դարձի մասին
Հույժ քստմնելի և ինքնապարսավ
Կշտամբանքներով հիշատակարան,
Որպես մի մարդ, որ ինքնասիրության
Աշխարհն համորեն մեռցրել է իր մեջ։
Եթե մեկն ուզի տեղեկություններ
առնել այդ մասին,
Ապա կգտնի «Ունայնությունք»-ում
Ու մատյաններում քահանաների
Կամ սիլոնացի Աքիայի գրքում։
Սրա մեջ ողբով իր տառապալից
Կյանքի ընթացքն է պատկերում այսպես.
Անօգուտ ջանքեր, իզուր աշխատանք,
Հետամտումներ անմիտ, անհեթեթ,
Գործեր ապարդյուն, անշահ արշավանք,
միտումներ խոտոր,
Ոչնչության խենթ հորձանապտույտ,
Նախատելի բերք, վարկածներ անճիշտ,
Սերմեր սնոտի, անկայուն վաստակ,
Խոտելի տաժանք, ավազափուլ շենք,
Ինքնամարտ կռիվ, իր հոգու դեմ դատ,
Զրաջան քրտինք, վնասակար իղձ,
Ճանապարհներ ծուռ ու կորստաբեր,
Կրթություն-ուսում կործանարար ու մոլորապատիր,
Մշտասխալ ու թյուր տեսողություն,
Հայրատահայաց աչքերի պչրանք,
Պոռնկակերտ տեսք, ախտաբորբոք նյութ,
Դժնատեսիլ գույն, բազմատխուր գեղ,
Թանձրակուտակ ծուխ, ցնդելի շոգի,
Ավարառության ենթակա վաճառք, քանդվող
տաղավար,
Անտեղի գոչյուն, ծիծաղ անառիթ,
Արհամարհելի անձուկ ասպարեզ,
Ինքնավաճառ գիր, մահացու ընթացք,
Անաստված մտքեր, ճառեր ստահոդ,
Վրդովիչ զրույց, դատարկ խծբծանք, անմիտ
փնտրտուք,
Ցուցադրումներ ամոթանքների,
Խայտառակության բացահայտություն,
գալիք անարգանք,
Ցավալի գործեր, անարգ պատմություն,
հեղգության տիպար,
Ծածուկ խորխորատ, որս խավարային,
Մահագուշակ վիհ, անհատակ անդունդ,
Ոճրագործների ընկերակցություն, հիմար բարբաջանք,
Վայր՝ դարանակալ դավադիրների,
Խարխուլ օթևան, խախտված շինություն,
սասանված կամուրջ,
Փութանցիկ տեսիլ, խաբող շողոքորթ,
տմարդի մատնիչ,
Ընդդեմ բարձրյալի հակառակություն։
Խոստովանական խոսքերի բոլոր
Մասերն այս որպես կանոնադրություն
Ամենքի սրտում, որոնք զղջումով դարձի են գալիս,
Ժողովողն ինքը նախասերմանեց,
Որ չպարծենա ոչ ոք մարդկանցից
Եվ բամբասանքի նետերով զինված՝
Խոցոտի իրեն ու իր ընկերոջ.
Կռապաշտ է նա, ով ծածկված քողով՝
Ձևացնում է իրեն բարեպաշտ,
Բայց կատարում է արարչի համար անախորժ գործեր։

Ե
Նա, որ ո՛չ այնքան մեղանչեց, որքան զղջաց
դառնորեն,
Թող որ լիովին չպախարակվի, այլ հիշվի սիրով՝
Իբրև հիմք նրանց հուսադրության,
Որոնք տերունի ոտքին դիմեցին,
Երբ աստվածությամբ անբաժանելի
Նա այցելության իջավ իր Հոգով՝
Այնտեղ ճշմարտի դավանողներին կենագործելու,
Որի մասին ն մեռածներն ահա
Կենդանիներիս ավետիս բերին։
Ես՝ հանցապարտս, որ իմաստությունն իր
չունենալով՝
Մասնակից եղա, սակայն, մեղքերին,
Նրա հետ մեկտեղ աղոթում եմ արդ
Ու բարեբանված մեծիդ պաղատում.
Լցրո՛ւ, տոգորի՛ր քերթվածքն իմ համեստ
Այն երջանիկի հանճարեղությամբ.
Թախանձանքներն իմ թող միահյուսվեն
Այն վսեմափառ արքայի թշվառ
Ու ողբահառաչ աղերսանքներին.
Խնդրանքները այս անտես մի՛ արա,
Ընդունի՛ր՝ իբրև բարձրյալիդ ընտրյալ
վեհ արքայորդուց,
Որին միածնիդ օրինակեցիր,
Ի դեմս որի, արյունակցությամբ,
Մեծիդ փառակցին մենք ճաշակեցինք։
Փրկի՛ր ծառայիդ, ամենահնա՜ր, զորեղ,
ահավոր,
Եվ անքավելի մեղքերի ջնջմամբ
Ավելացրո՛ւ փառքն ստեղծողիդ։
Հիշելով բարի խրատները իր՝
Ներվածների հետ նորոգի՛ր նրան,
Որն ամենահամ ախորժաճաշակ
Եվ բազմապաճույճ առակագրությամբ,
Իր մատյաններով լուսազարդ ու ճոխ
Աստվածությունդ միայն քարոզեց
Եվ ժողովրդին ցույց տվեց, ո՜վ հայր,
Խոստովանությամբ քեզ մոտենալու բարի ճանապարհ։
Սա վկայում է, որ նա հեռու չէր
ողորմությունից,
Եթե ըղձեռանդ իր սրտում հանկարծ
Հուսահատություն կաթած չլիներ,
Որը և զղջման աճապարանքը քիչ կասեցրեց։

Զ
Հիշելով անճառ բարիքները քո՝
Գթասրտությամբ ողջունի՛ր դարձյալ
Եվ երանությանդ արժանացրո՛ւ
Դարերից ի վեր ամբաստանության
Քարաձգությամբ բազմակոշկոճին,
Որն արցունքներով հորդ ու բազմաբուխ
Խրախճանական իր ապարանքի հատակն հեղեղեց
Եվ դառնակսկիծ ապաշավներով
Ու ողորմագին հեծությամբ հոգու
Գերազանցեց հոր տառապանքներին։
Արտասուքներն այդ իր, ներողությամբ
քո երկայնամիտ,
Խառնի՛ր, միացրո՛ւ, գթա՜ծ, միածնիդ
արցունքների հետ,
Որն ընդունելով բնությունը մեր՝
Կրեց նաև մեր վշտերը բոլոր.
Բարեբանությունը այն սաղմոսի,
Որ թեպետ անդեպ, անճշտորեն է նրանն համարվում,
Վճռելով ի փառս էակից որդուդ՝
Փրկի՛ր և նրան բարեգթությամբ
Աղքատ ու տնանկ ժողովրդի հետ։
Պուետիկոս մի առատաշնորհ
Լիովին վարձք էր համարում իրեն
Սողոմոնի հետ ու նրա համար, իբրև կենդանու,
Զուգաձայնությամբ աղերսել առ քեզ,
Որն հաջորդ խոսքով կպարզաբանվի։
Քանի որ նրա ստեղծագործած՝
Օստացի Հոբի պատմությունը հենց,
Զարմանահրաշ, մարգարեաճառ,
Ուր աստվածությունն է ջատագովվում,
Վկա է ինքնին, որ Սողոմոնը
Արժանացել է ողորմածության.
Ուրեմն ավելի անպարսավելի
Կլինի նրա համար աղոթել, քան չարախոսել։

Է
Ուստի ես էլ եմ աղերսում ահա
մեծ վստահությամբ՝
Նրա պես ողբիս աղաղակները քեզ ընծայելով,
Եթե դատելով ըստ մեր գործերի՝
Կորցնես մեզ, փառքդ չի խամրի բնավ,
Քանի որ արդար վարված կլինես,
Բայց եթե գտնես, կբարձրանաս, տե՜ր,
Որքան վայել է լոկ քո մեծության,
Զի դու ավելի ողորմությամբ ես օրհնաբանելի,
Քան թե սաստկությամբ նախահրաման։
Դարձի՛ր, տե՜ր, դարձի՛ր քո խնամարկու
Քաղցր գթությամբ ու ամենառատ
Սիրուդ պարգևով մխիթարի՛ր մեզ,
Որ համանման անբժշկելի
Վիշտ ու տագնապի տապով տոչորված՝
տրտմել ենք հավետ.
Փրկարար ձեռքդ դնելով՝ կրկին
Նորոգի՛ր, քավի՛ր ու պատսպարի՛ր
Խորտակումներից այս մեղսակործան։
Սկզբիդ միակ և անսկզբիդ,
Հետի սկզբիդ և սկիզբների սկզբնավորիդ,
Սուրբ Երրորդությանդ՝ մեկ աստվածությամբ
Իշխանությո՜ւն, փա՜ռք հավիտյաններից
հավիտյանս, ամեն։