ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Արդ, զյարմարութիւն պաշտաման բանիս
Ի խայրեաց հոգւոյս քեզ նուիրելոյ, աւրհնեալ բարեգութ,
Կցորդելով ընդ խնկազգեստիցն զուգամասնապէս`
Խառնեսցես ի յանուշութիւն կազմութեան
Իւղոյն Մարիամու կնոջ բարեպաշտի,
Յոր հաւասարեալ նոյնութեամբ ընդ երջանիկ պոռնկացն`
Ի քէն ընկալելոց յաւետահրաշ յարգանաւք,
Պարարեսցիս մեծապէս իմովս բանիւ նուաստիւ`
Ընկալեալ յանհաս եւ ի բարեբանեալդ գլուխ բարձրելոյդ,
Անկշտամբելի ի բամբասանաց սաղմոսին`
Մի աւծցէ զտերեւ ոստոց գագաթան իւղ մեղաւորին:
Բ
Այլ արասցես զաւրանալ կրկին յաճախութեամբ բուրման
Խոստովանութեան այսր մատենի` ի բազումս ազդեալ,
Համասփիւռ, ամենատարած եւ աշխարհալիր տանն տեսակաւ,
Ըստ աւրինակի համեմատութեան նոցայն յիշատակի:
Քանզի դու նոյն Տէր զգաստացուցիչ
Նախնի չարախորհից կանանց մեղաւորաց,
Որոց առակեալ զմարգարէին կերպարան`
Քումդ ճշմարտատիպ պատկերի յեղանակեցեր,
Անդուստ առ սոսին անճառ ներգործութեամբ`
Ի յիս վերաբերեալ զծայրագոյն շնորհին կատարումն.
Ընդ անասնական գարւոյն կերակրոյ`
Զբազմահամբար պտուղ ցորենոյդ կենացդ հացի,
Ընդ ապականացու արծաթոյն` զարքունականդ պատկեր,
Ընդ յիմարարար թմբրութեան գինւոյն` զբաժակդ արեան արարչիդ,
Ընդ իւղոյն առելոյ ի յայրատ կնոջէն հնոյ ժողովրդեանն`
Զաւծումն շնորհին առ իս դարձելոյ,
Ընդ զերծման գլխաշուք կտաւոյն` զանապականութեան վերարկուն,
Ապարանջանին պճնութեամբ` զթռիչս բարեմասնութեան,
Աւրինիւն եւ Աւետարանաւն` հանդերձ գործնական առաքինութեամբն,
Ընդ ունկանն գնդի վայելչականն զարդու`
Զանստուեր յիշատակ տէրունականդ ձայնի,
Ընդ քայռս պերճութեան լանջացն`
Զյոգնահաւաք աւանդս ուղղութեան քոյինակրաւն լծոյդ քաղցրութեան:
Գ
Բայց զի՞ է յայսոսիկ ինձ պարծել
Եւ ոչ վերստին ի սոյն պատկառել.
Այլ յայլ աւրինակ փոխեալ զմատեան մաղթանաց այսր ողբերգութեան,
Որ ինչ ինձ է յարմարաւոր,
Ամենայնիւ հատուցից զպատիժ պարտուցս իմոց մեղանաց,
Ի մարգարէիցն տառից բերեալ համառաւտս`
Ի սոյն յարկ մուծից սաստիկ դատախազ`
Ընդ ողբոց նոցին լծակցեալ,
Քան թէ ընդ բերկրումն նոցա պարեալ,
Յորս հառաչանս, ձայնս հեծութեան, բողոքս բարկութեան,
Նախատինս խորտակման, լալումն կարեւոր:
Այլ մեծիդ Աստուծոյ գթութիւն ամենաժաման
Կանուխ ազդեցաւ յիմ յուսատրութիւն,
Առ որս` զղջմունս, խոստովանութիւնս,
Աւետիս, պարգեւս, լուսոյ երեւմունս,
Խրախոյսս աստուածայինս, փառաց ժառանգութիւնս,
Հրաշից յայտնութիւնս, սքանչելեաց տեսութիւնս,
Յորոց ոմանք յոյս ընձեռեն,
Եւ ոմանք վհատութիւնս բազումս մատուցանեն,
Յորս ես կամաւ կործանեալ` կորստեանն վիճակեցայ:
Դ
Զի եթէ զգեստ Աստուծոյ զվարագուրին պատրուակ ասաց Եզեկիէլ,
Յորում արար ժողովուրդն կուռս կարկատունս,
Որով պոռնկել ասէ ի նոսա,-
Իսկ ո՞րքան պատիժ անմաքրութեանս եղիցի`
ԶԱստուած զգեցողիս ներքոյ եւ արտաքոյ:
Զարմանամ, թէ զիա՞րդ ոչ կիզում,
Հիանամ, թէ ի՞բր ոչ այրիմ,
Ապշիմ, թէ ո՞րպէս ոչ յափշտակիմ`
Տանջեալ, լքեալ, չարչարեալ, ջաղխեալ,
Մանրեալ, խորտակեալ, կտրեալ, բաժանեալ
Ի յաւրինակէ ժանեաց կորուսչին, ըստ Գրոյն:
Այլ այս միայն է պահեցեալ ինձ
Նշոյլ յիշատակի փրկութեան յուսոյ,
Զի քրիստոսեան Աւետարանն կեանս է ամենեւին,
Ի կերպարանաց պատկերի բանին ծանուցեալ,
Որով առ մեղանսն` դարձն, առ պարտիսն` շնորհն,
Առ եղծումն` նորոգութիւնն, առ անաւրէնութիւնն` քաւութիւնն,
Առ վէրն բժշկութիւնն, առ վտանգն` անդորրութիւնն,
Առ պատիժն` ներումն, առ պատերազմն` հանդարտանալն,
Առ հուրն` անձրեւն, առ պատուհասն` պարգեւն,
Առ ակնկալութիւն սատակմանն` ձիրն,
Առ գործարան մահուն` կենացն ազատութիւն:
Ե
Եւ զի՞նչ է ինձ զայսքանեաց յիշմանց ի թիւ արկանել,
Եւ ոչ զանճառելիսն աստանաւր դասել:
Յիշատակաւ Հաւրն բարձրելոյ` յՈրդին կցորդութիւն,
Յանուն միածնին` առ Հայրն ընտանութիւն,
Սոցին ակնարկութեամբ` ընդ Հոգւոյն հաղորդութիւն,
Խաչին փրկանք, բանին սփոփութիւն,
Բարւոք վարձ կամացս` առ կշռութիւն գիտողին,
Աւազանն կենդանարար` հաշտութեանն միջնորդութիւն,
Եւ այլք ամենայնք անթիւք բարիք ի բարերարէն բարդեցեալք,
Ազատք ի հարկէ, արձակք ի լծոյ,
Իշխանականք, եւ ոչ իշխեցեալք:
Այսոքիկ են, որ ինձ ի մէջ դառնութեանս մահու
Կեանս անտարակոյսս աւետարանեն.
Քանզի եթէ ոչ զայսոսիկ ունէի,
Կանխաւ արդեւք կորուսեալ էի իսկ եւ իսկ, ըստ բանի երգողին:
Ոչ փոքրկութեամբ Որդւոյ զՀայր փառաւորեմ,
Ոչ նուաստութեամբ Հոգւոյ զՈրդի նախադասեմ,
Համափառ ունիմ զերեսեան եւ նոյն արարչութեամբ:
Քանզի եւ ի դէմս Հոգւոյն Սրբոյ այս են աղաչանք,
Նախընծայ սկզբան պատարագին,
Յորում գառնդ երկնաւոր զենանի, զայս աղաւթեցի:
Զ
Ամենակալ, բարերար, մարդասէր Աստուած բոլորից,
Յաւրինող երեւութից եւ աներեւութից,
Փրկող եւ հաստատող, խնամող եւ խաղաղարար, Հաւր հզաւր Հոգի,
Հայցեմք բազկատարած մաղթանաց գոչմամբ հեծութեան`
Յանդիման եղեալ քեզ` ահաւորիդ:
Մատչիմք մեծաւ դողութեամբ, սաստիկ երկիւղիւ
Մատուցանել նախ զբանականս զայս պատարագ քում անզնին զաւրութեանդ,
Իբր աթոռակցի, փառակցի եւ արարչակցի հայրենի անկապուտ պատուոյդ,
Եւ քննողի ծածկութեան խորոց խորհրդոց
Ամենակատար կամաց Հաւրդ Էմմանուելի`
Զքեզ Առաքչի, Փրկչի եւ կենդանատուի եւ Արարչի ամենայնի:
Ի ձեռն քո ծանուցաւ մեզ
Երրեակ անձնաւորութիւն միասնական աստուածութեանդ,
Յորոց մի եւ դու ճանաչիս, անհաս:
Քեւ եւ ի ձեռն քո առաջինքն`
Նահապետական տոհմին շառաւիղք, տեսանողք անուանակոչեալք,
Զանցեալսն եւ զգալոցսն, զեղեալսն եւ զոչ գոյացեալսն
Անստուերաբար բարբառով բանի վերապատմեցին:
Ոգի Աստուծոյ քարոզեալ զքեզ Մովսեսի,
Որ ի գնալն քո ի վերայ ջրոյն, անպարագիր զաւրութիւն,
Ահեղ շրջարկութեամբ տածողականաւ, թեւապարփակ պաշտպանողաւրէն,
Գթասիրեալ ի ծնունդս նորոգս, զաւազանին խորհուրդ ծանուցեր:
Յոր կերպարան աւրինակութեան,
Նախ քան զկառուցանելն զլոյծդ մածուած վերջնում վարագուրիդ,
Յաւրինեցեր, կարող տիրապէս, զբովանդակ բնութիւնս
Ամենից բնաւից բոլորից գոյից, ամենայն էից` յանէից:
Քեւ ստեղծանին ի նորոգութիւն յարութեան
Ամենայն եղեալքս առ ի քէն յայնմ ժամանակի,
Որ է աւր վերջին այսմ կենցաղի
Եւ աւր առաջին` երկրին կենդանեաց:
Քեզ հնազանդեցաւ միութեամբ կամացն, որպէս Հաւրն իւրում,
Ազգակիցն քո` էակիցն Հաւր անդրանիկն Որդի` մերովս կերպիւ:
Զքեզ աւետարանեաց ճշմարիտ Աստուած`
Հաւասար եւ համագոյ Հաւրն իւր հզաւրի,
Զառ ի քեզ հայհոյութիւնն անքաւելի քարոզեաց
Եւ, իբր զաստուածամարտից, զքո հեստելոցն
Չարաբանական բերանս կարկեաց եւ զիւրն շնորհեաց
Արդարն եւ անարատն, գտիչն ամենայնի,
Որ վասն մեղաց մերոց մատնեցաւ
Եւ յարեաւ վասն զմեզ արդարացուցանելոյ:
Նմա փա~ռք ի ձեռն քո, եւ քեզ բարեբանութի~ւն
Ընդ Հաւր ամենակալի յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:
Է
Դարձեալ կրկնեսցի ի նոյն կարգ բանի,
Մինչեւ վստահութիւնն լուսոյ հրաշապէս յայտնեսցի ազդեալ`
Աւետարանել վերստին զկրկին խաղաղութիւն:
Աղաչեմք եւ աղերսեմք արտասուալից հառաչմամբ
Յամենայն անձնէ զփառատրեալ արարչութիւնդ
Անեղծ եւ անստեղծ, անժամանակ Հոգւոյդ գթածի,
Որ բարեխաւսդ եւ վասն մեր յանմռունչ հեծութիւնս առ ողորմածդ Հայր,
Որ զսուրբսն պահես եւ զմեղուցեալսն մաքրես եւ տաճարս կազմես
Կենդանի եւ կեցուցիչ կամաց բարձրեալդ Հաւր:
Արդ ազատեա զմեզ յամենայն անմաքուր գործոց,
Որ ոչ է հաճոյ քումդ բնակութեան,
Եւ մի շիջիցին առ ի մէնջ լուսոյդ շնորհաց փայլմունք
Ի տեսականացս աչաց իմաստից,
Վասն զի զքեզ ուսաք միանալ ի մեզ
Ի ձեռն աղաւթից եւ ընտիր վարուց խնկելոց:
Եւ քանզի մինդ յԵրրորդութենէդ պատարագի, եւ միւսդ ընդունի`
Հաճեալ ընդ մեզ հաշտարար արեամբ անդրանկի իւրոյ,
Իսկ դու ընկալցիս զմեր պաղատանս
Եւ յարդարեսցես զմեզ աւթեվանս պատուականս ամենայն պատրաստութեամբ`
Ի վայելումն ճաշակման երկնաւոր գառինդ,
Առանց պատժոց դատապարտութեան ընդունել
Զայս անմահացուցիչ մանանայս կենաց նորոյ փրկութեան:
Եւ հալեսցի ի հրոյս յայսմանէ գայթակղութիւնս մեր,
Որպէս մարգարէին կենդանախարոյկ կայծակամբն
Ի ձեռն ունելեացն մատուցման,
Զի յամենայնի քոյդ քարոզեսցի գթութիւն,
Որպէս Որդւովդ Աստուծոյ` Հաւրդ քաղցրութիւն,
Որ զանառակ որդին մերձեցոյց ի հայրենի ժառանգութիւնն,
Եւ զպոռնիկսն յառաջեցոյց յերկնային արքայութիւնն արդարոցն երանութեան:
Ը
Այո, այո, եւ ես մի եմ ի նոցանէ,
Եւ զիս ընկալ ընդ նոսին`
Իբր մարդասիրութեան կարաւտեալ մեծի,
Շնորհաւք քո ապրեալ, զարեամբդ Քրիստոսի ստացեալս,
Զի յայսմ ամենայնի յամենայնի ծանիցի քո աստուածութիւնդ`
Ընդ Հաւր փառաւորեալ համապատուաբար
Ի մի կամս եւ ի մի իշխանութիւն գովութեան:
Զի քո է գթութիւն եւ կարողութիւն եւ մարդասիրութիւն,
Զաւրութիւն եւ փառք յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:   up

Բան ԼԳ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Բանաստեղծությունս այս պաշտամունքի,
Որ հոգուս բերքից նվիրում եմ քեզ, օրհնյա՜լ բարեգութ,
Խառնի՛ր, կցելով հավասարապես խնկազգեստների նվիրումներին,
Բարեպաշտ կնոջ՝ Մարիամի յուղի հետ անուշահոտ:
Հավասարելով նույն այն երջանիկ պոռնիկների հետ,
Որոնց հարգանքով հավերժահրաշ ընդունեցիր դու,–
Թող որ մեծապես պարարվես և իմ նվաստ խոսքերով,
Անհասանելի և բարեբանյալ բարձրյալիդ գլխին տեղ տալով նրանց,
Զերծ սաղմոսողի բամբասանքներից, որ ասում է, թե՝
«Մեղավորի յուղը թող չօծի վարսագեղ գագաթը»:
Այլ արա՛ այնպես, որ զորեղացած կրկնակի չափով
Բուրումն այս գրքիս խոստովանության ազդի շատերին,
Նման համասփյուռ, ամենատարած տանն աշխարհալիր,
Եվ լինի նրանց հիշատակի պես անմոռանալի:
Դու նույն այն Տերն ես, որ զգաստացրիր կանանց մեղավոր և չարախորհուրդ,
Որոնց այլաբանական նմանությունն էր վարքը մարգարեի,
Որ ճշմարտատիպ քո պատկերի պես կերպավորեցիր.
Առաջ նրա՛նց մեջ այն անճառորեն տպավորելով՝
Ծայրագույն շնորհիդ կատարումը դու ինձ ցույց տվեցիր:
Անասուններին որպես կերակուր գարու փոխարեն՝
Քո կենաց հացի ցորենի բերքը դու բազմահամբար մեզ պարգևեցիր:
Ապականացու արծաթի տեղակ քո արքունական պատկերը տվիր.
Հիմարաբար թմրեցնող գինու փոխարեն Արարչիդ արյան բաժակը տվիր.
Հին ժողովրդի հայրատ կնոջից առած յուղի տեղ՝ շնորհիդ օծումն ինձ դարձրիր դու.
Վերցված գլխաշուք կտավի տեղակ՝ անբիծ վերարկուն.
Պերճաշուք ապարանջանի փոխարեն՝
Օրենքով, Ավետարանով և գործնական առաքինությամբ ձեռք բերված թռիչքներ բարեմասնության.
Ականջը վայելչորեն զարդարող գինդի փոխարեն՝
Հիշատակն անստվեր տերունի ձայնիդ. Եվ լանջքը պճնող մանյակի տեղակ՝
Քո դրած քաղցր և արդար լուծի օրենքներն համակ:

Բ

Բայց ինչո՞ւ սրանցով պարծենամ ես և չամաչեմ դարձյալ նրանց համար:
Ուստի փոխելով եղանակն այս ողբերգական աղոթագրքի,
Ինչ որ հարմար է ինձ և արժանի՝
Մեղապարտությանս պատիժը պիտի հատուցեմ ես այս գլխում,
Որպես խստագույն դատախազ՝ համառոտ մեջբերումներ անելով մարգարեական գրվածքներից,
Ոչ թե նրանց հետ պարելով ուրախ, այլ լծակցելով նրանց ողբերին,
Ուր կան հառաչներ, հեծության ձայներ, ցասկոտ բողոքներ,
Խորտակիչ նախատինքներ, սաստիկ լաց ու կոծ:
Բայց մեծ Աստծուդ գութն ամենահաս հույս ներշնչեց ինձ,
Որով և վերև հիշված բազմաթիվ աղետների հետ տրվեցին նաև՝
Զղջումներ, խոստովանություններ, ավետիս, պարգև,
Լույսի երևումներ, խրախույսներ աստվածային, փառքի ժառանգություն,
Հրաշքների հայտնություններ և տեսիլներ սքանչելի,
Որոնցից ոմանք հույս են ներշնչում, ոմանք պատճառում վհատություններ,
Որոնց մեջ կամավ, ինձ՝ կործանվածիս վիճակվեց կորուստ:
Զի եթե վարագույրի ծածկոցը Եզեկիելն Աստուծո զգեստ անվանեց101Եզեկ. ԺԶ. 16,
Որով ժողովուրդը կարկատուն կուռքեր ստեղծեց, որը պոռնկանալ է համարում նրանց համար,
Հապա ես ո՜րքան ավելի պատիժ պետք է որ կրեմ,
Անմաքուրս, որ Աստծուն եմ հագել ներսից ու դրսից:
Զարմանում եմ ես, թե ինչպե՜ս չեմ կիզվում,
Շշմում, թե ինչպե՜ս չեմ հափշտակվում,
Տանջվելով, լքվելով, չարչարվելով ու ջախջախվելով,
Մանրվելով, խորտակվելով, կտրվելով ու կտոր - կտոր լինելով
Կորուսչի ժանիքներից, ինչպես որ գրված է Գրքում:
Բայց պահված է ինձ միայն սա՛, որպես հիշեցուցիչ շող փրկարար հույսի,
Թե Քրիստոսյան Ավետարանը կյանք է ճշմարիտ,
Ինչպես որ բառն էլ ա՛յդ է ծանուցում. Որով տրվում է՝ մեր մեղքերին դարձ,
Պարտքերին՝ շնորհում, եղծումներին՝ նորոգություն,
Քավություն անօրենության, բուժումն վերքերի,
Անդորրություն տագնապի, ներումն պատժի,
Հանդարտումն պատերազմի, անձրև՝ կրակի
վրա, Պատուհասի փոխարեն՝ պարգև,
Եվ սատակման տեղակ՝ շնորհի արժանացում,
Եվ կյանքի ազատություն՝ մահվան գործիքի փոխարեն:

Գ

Բայց ինչո՞ւ հիշեմ այսքանն ու մեկ-մեկ թվարկեմ այստեղ,
Անճառելիներն ի բաց թողնելով:–
Բարձրյալ Հոր հիշատակությամբ մեր կցորդությունը Որդու հետ,
Հանուն միածին Որդու՝ ընտանությունը Հոր հետ,
Եվ հաղորդումն Հոգու հետ՝ սրանց ակնարկությամբ
Խաչի փրկանքը և սփոփանքը խոսքի,
Ամենագետի կշռով հոժարակամ վարձատրումն բարվոք,
Ավազանը կենդանարար, որպես միջնորդ հաշտության,
Եվ այլ բարիքներ անթիվ, անհամար՝ բարերարիդ կողմից կուտակված,
Որ զերծ են լծից և հարկից ազատ, Իշխող են և ո՛չ իշխանության տակ:
Սրանք են ահա, որ մահվան դառնության մեջ ինձ անտարակույս կյանք են ավետում.
Զի եթե սրանք ես չունենայի, դեռևս վաղո՜ւց կորած էի ես,
Իսկ և իսկ, ինչպես երգողն է ասել:
Որդուն փոքրացնելով չէ, որ ես փառավորում եմ Հորը,
Եվ ոչ էլ Հոգին նվաստացնելով՝ Որդուն եմ տալիս նախապատվություն,
Այլ դավանում եմ Երեքն Համափառ՝ նույն Արարչությամբ:

Դ

Ամենակալ, բարերար և մարդասեր Աստվածըդ ամենքի,
Երևացողների, աներևույթների Արարիչ,
Փրկող և զորացնող, խնամող և խաղաղարար,
Հոգի հզոր Հոր, Արդ՝ աղերսում ենք քեզ բազկատարած
Մենք ահավորիդ առջև, գոչելով, Մաղթանքով հեծության,
Սաստիկ դողալով և երկյուղով մեծ
Մոտենում ենք անզննելի զորությանըդ մատուցելու
Նախ՝ պատարագը մեր այս բանական,
Իբրև հայրական անսասան պատվին
Աթոռակցի և փառակցի, արարչակցի,
Եվ քննողի՝ գաղտնիքները խորածածուկ102Ա. Կորնթ. Բ. 10,
Կատարյալ կամքի Էմմանուել Հոր՝
Քեզ առաքողի, բոլորի փրկչի, Կենդանացնողի և ստեղծողի:
Քո միջոցով մեզ ծանուցվեց միասնական աստվածությանդ
Անձնությունը միասնական Երրորդության:
Քեզանով և քո միջոցով շառավիղները առաջին Նահապետաց, որ տեսանող անվանվեցին,
Անցյալներն ու գալիքները, Եղածներին ու չգոյացածներին
Անպաճույճ խոսքով վերապատմեցին:
Քեզ Մովսեսը Աստծու Հոգի ճանաչեց103Ծննդ. Ա. 2,
Որ ջրի վրա քո ընթանալով,
Զորություն անսահման, Հոգածու հզոր հովանավորմամբ
Պաշտպանելով թևատարած,
Գթասիրելով նոր ծնունդներիս՝
Պարզեցիր խորհուրդը գավազանի,
Որի օրինակով վերջին վարագույրի
Հոսուն մանվածը ստեղծելուց առաջ,
Տիրապես կարող,
Անէությունից՝ բոլոր գոյերի ու էակների
Բնությունն ամբողջ ստեղծագործեցիր:
Քեզանով բոլոր արարածները
Պատրաստվում են նորոգվելու
Հարության ժամին,
Որ մեր այս կյանքի օրն է հուսկ վերջին
Եվ օրն առաջին՝ ողջերի երկրի:
Քո ազգակիցը հոժար միությամբ
Հնազանդվեց քեզ՝ իբրև իր Հորը:
Հոր էակիցը, անդրանիկ Որդին՝
Մեր կերպարանքով, քո գալն ավետեց,
Ճշմարիտ Աստված՝
Հավասար ու համագոյ Հորը հզոր,
Քեզ հայհոյելն անքավելի համարեց,
Քեզ հաստելով՝ ըմբերանեց չարախոսներին,
Եվ ներեց արդար ու անարատ գտիչն ամեն ինչի,
Որ մեր մեղքերի համար մատնվեց
Եվ հարություն առավ՝ արդարացնելու մեզ104Հռովմ. Դ. 25:
Փառք նրան քո միջոցով, Բարեբանություն քեզ՝ ամենակալ
Հոր հետ Հավիտյանս հավիտենից. ամեն:

Ե

Վերստին կրկնեմ խոսքի նույն կարգով,
Մինչև որ ազդմամբ հավատի լույսը հայտնվի
հրաշապես Վերավետելու նոր խաղաղություն105Հովհ. Ի. 19-21:
Արտասվալից հառաչելով՝ Աղաչում և աղերսում ենք
Արարչությանդ՝ փառավորված բոլորի կողմից,
Անեղծ, անստեղծ և անժամանակ գթած Հոգուդ,
Որ մեր անմռունչ հեծությունների
Բարեխոսն ես ողորմած Հորդ առջև,
Որ պահում ես սրբերին Եվ մաքրագործում հանցավորներին,
Եվ տաճարներ ես կանգնեցնում
Բարձրյալ Հորդ կենդանի ու ապրեցնող կամքին106Ա. Կորնթ. Գ. 16:
Արդ՝ ազատիր մեզ անմաքուր բոլոր գործերից,
Որ հաճելի չեն քո բնությանը,
Թող չմարի փայլը լույսիդ շնորհների
Մեր աչքերի հայեցումից,
Որովհետև իմացանք՝ կմիանաս մեզ,
Թե հար աղոթենք և ապրենք ընտիր, խնկելի վարքով107Մատթ. ԺԸ. 20, Ա. Կորնթ. Զ. 17:
Եվ քանզի մեկըդ Երրորդությունից պատարագվում է,
Մյուսն ընդունում՝
Իր անդրանիկի հաշտարար արյամբ Դառնալով դեպ մեզ,
Դու կընդունես մեր պաղատանքները
Եվ կհարդարես մեզ օթևաններ՝
Պատվական, բոլոր հարմարանքներով,
Երկնավոր գառանդ ճաշակումը վայելելու,
Որպեսզի առանց դատապարտող պատիժների
ընդունենք Նոր կյանքի փրկության անմահարար այս մանանան108Հովհ. Զ. 49-50:
Եվ թող հալչի մեր գայթակղությունն այս հրից,
Ինչպես մարգարեն կենդանախարույկ կայծակմամբ Ունելիով մատուցեց109Եսայի Զ. 6-7,
Որ ամենուր քարոզվի քո գթությունը,
Ինչպես Աստուծո Որդով՝
Հոր քաղցրությունը, Որ անառակ որդուն մոտեցրեց հոր ժառանգությանը110Ղուկ. ԺԵ. 20-32
Եվ պոռնիկներին առաջնորդեց
Արդարների երանության երկնային արքայությանը:
Այո՛, այո՛, մեկն եմ ես նրանցից,
Ինձ ևս ընդունիր նրանց հետ Որպես մեծ մարդասիրության կարոտածի,
Քո շնորհներով փրկվածի,
Քրիստոսի արյունով գնվածի, Որ այս ամենի մեջ և ամեն ինչում Երևա քո աստվածությունը:
Հոր հետ փառավորված համապատվորեն,
Մի կամք և մեկ իշխանություն գովական,
Որովհետև քոնն է գթությունը,
Ե՛վ կարողությունը, և՛ մարդասիրությունը,
Զորությունն ու փառքը՝ Հավիտյանս հավիտենից:
Ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Բանաստեղծությունն այս պաշտամունքի, 
Որ հոգուս խորքից ընծայում եմ քեզ, 
Օրհնյա՜լ բարեգութ, 
Միավորելով զուգամասնապես 
Խնկաբեր կանանց նվիրումներին՝ 
Խառնիր բարեպաշտ Մարիամի յուղի
անուշության հետ։ 
Հավասարելով ինձ նույն երջանիկ
այդ պոռնիկներին, 
Որոնց հարգանքով հավերժահրաշ դու ընդունեցիր,
Պարարվի՛ր, գթա՜ծ, մեծապես և իմ նվաստ խոսքերով՝ 
Անհասանելի ու բարեբանյալ 
Բարձրյալիդ գլխին տեղ տալով նրանց,
Զերծ պահելով ինձ սաղմոսերգուի այս ամբաստանքից.
«Ցողն հանցավորի չպիտի օծի գագաթն հերապանծ»։
Օժտի՛ր մատյանն այս խոստովանության, 
Օրհնյալ այն տան պես, բույրով համասփյուռ, 
Ամենատարած ու աշխարհալիր, 
Որ այն հասնելով՝ կրկնակ զորությամբ 
Ազդի, ներգործի շատերի վրա 
Եվ լինի նրա հիշատակի պես անմոռանալի։
Այն նույն տերն ես դու, որ զգաստացրիր 
Նախկին չարախոհ մեղավոր կանանց՝ 
Օրինակ տալով նրանց կերպարը սուրբ մարգարեի, 
Որ ճշմարտատիպ կրկնությունն էր քո, 
Այդ ներգործությամբ ցուցադրելով 
Անճառ շնորհիդ իրագործումը նաև իմ հանդեպ։
Դու անասնակեր գարու փոխարեն՝ 
Կենսատու հացի քո բազմահամբար 
Ցորենի բերքը պարգևեցիր մեզ,
Ապականացու այն արծաթի տեղ՝ պատկերդ արքունի, 
Ընդարմարար ու հիմարացուցիչ գինու փոխարեն՝ 
Բաժակն երկնավոր՝ արարչիդ արյան, 
Հին ժողովրդի հայրատ կնոջից 
Առած յուղի տեղ՝ շնորհն օծումիդ,
Վերցրած՝ գլխաշուք այն կտավի տեղ՝
անեղծ վերարկուդ, 
Պերճապաճույճ այն ապարանջանի 
Փոխարեն՝ թռիչք բարեմասնության՝ 
Քո օրենքով ու ավետարանով, 
Այլև գործնական առաքինությամբ, 
Վայելչազարդող գնդի փոխարեն՝ 
Հիշատակն անբիծ՝ տերունի ձայնիդ, 
Կուրծքը պաճուճող այն մանյակի տեղ՝ 
Ավանդները քո ամենահավաք 
Կրոնի քաղցր ու ճշմարիտ լծի:

Բ
Սակայն սրանով ինչո՞ւ պարծենալ, 
Երբ հարկավոր է միայն ամաչել։ 
Եվ արդ, փոխելով ողբերգությունն այս 
Այլ եղանակի, որ պատշաճ է ինձ, 
Ըստ ամենայնի մեղապարտության 
Պատիժն իմ ամբողջ պիտի հատուցեմ, 
Պիտի մեջ բերեմ մարգարեներից
Համառոտակի ամբաստանական խոսքեր խստագույն, 
Ուր կան հառաչներ, ձայներ հեծության, 
Ցասման աղաղակ, սաստիկ լաց ու կոծ 
Եվ նախատինքներ դառն ու խորտակիչ՝
Ոչ թե նրանց հետ պարով բերկրելու, հրճվելու համար, 
Այլ լծակցելու նրանց ողբերին։
Սակայն մեծ Աստծուդ գութն ամենահաս 
Կանխավ հույս տվեց ակնկալելու
Նաև զղջումներ, խոստովանություն, 
Ավետիս, պարգև, երևում լույսի,
Խրախուսանքներ աստվածային ու փառքի ժառանգում,
Հրաշքների ու սքանչելիքի հայտնություն, տեսիլք,
Որոնց մի մասը հույս է ներշնչում,
Մի մասն առթում է խոր վհատություն,
Որի մեջ ընկա ինքս կամովին
Եվ կործանվելով՝ հասա կորստյան։
Եթե Եզեկիելն Աստծո զգեստ 
Համարեց ծածկոց֊-վարագույրը այն, 
Որով ժողովուրդն զգեստավորեց կարկատուն կուռքեր, 
Եվ նրանց կողմից այդ պոռնկել է ինքը համարում, 
Որքա՜ն ավելի խիստ պիտի լինի պատիժը պղծիս, 
Որ արտաքուստ ու ներքուստ հենց իրեն՝
Աստծուն եմ հագել։
Զարմանում եմ, թե ինչպե՜ս չեմ կիզվում, 
Սարսում, թե ինչպե՜ս չեմ այրվում հապա, 
Ապշում, թե ինչպե՜ս չեմ բնաջնջվում՝ 
Տանջված, չարչարկված, լքված, ջախջախված, 
Մանրված, խորտակված ու պատառոտված 
Ժանտ ժանիքներից կորուսչի, ինչպես
ասված է Գրքում։
Սակայն պահված է ինձ համար նաև ՛
Փրկության հույսի հուշարար մի շող, 
Այն, որ Հիսուսի ավետարանը կյանք է բացարձակ, 
Ինչպես որ նաև բառն է ցույց տալիս, 
Զի խոստանում է այն մեղքերին դարձ, 
Պարտքերին՝ զիջում, եղծման՝ նորոգում, 
Քավություն ամեն անօրենության, 
Վերքերին՝ բուժում, տագնապին՝ անդորր, 
Պատերազմներին՝ հանգիստ ու դադար, 
Կրակին՝ անձրև, հանցանքին՝ ներում, 
Պատժի տեղ՝ պարգև, սատակման տեղ՝ ձիր, 
Մահվան փոխարեն՝ կյանքի փրկություն։