ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Քրիստոս Աստուած, անուն ահաւոր, մեծութեան տեսակ,
Անքնին բարձրութեան պատկեր, անսահման զաւրութիւն,
Կերպարան փրկութեան լուսոյ, պաշտպան կենաց,
Դուռն արքայութեան վերնում հանգստեանն,
Ճանապարհ հանդարտութեան,
Ապաւինութիւն նորոգ եւ անտխրական երանութեան,
Ամենակալ ինքնիշխանութիւն բոլոր էականութեան,
Աւրհնութեան կոչումն, աւետեաց ձայն,
Բերկրութեան բարբառ, անմահութեան դեղ,
Որդի անճառ Աստուծոյ միոյ.
Որ ինձ անհնարինն է, քեզ դիւրին է,
Որ ինձ անհասն է, քեզ սահմանեալ է,
Որ ինձ անանցն է, քեզ հպաւոր է,
Որ եղկելոյս` ինձ ծածկեցեալն է,
Քումդ երանութեան մերձաւոր է,
Որ ինձ անկարելին է, քեզ կատարեալ է,
Որ ինձ անկշռելին է, քումդ անճառութեան չափեալ է,
Որ ինձ յուսահատութեանն է, քեզ սփոփանաց է,
Որ ինձ անբժշկականն է, քեզ անվտանգելի է,
Որ ինձ հեծութեանն է, քեզ խնդութեան է,
Որ ինձ ծանունք են, քեզ թեթեւագոյնք են,
Որ ինձ եղծեալն է, քումդ զաւրեղութեան գրեցեալ է,
Որ ինձ կորուսեալն է, քեզ ըմբռնեալ է,
Որ ինձ անճառն է, քեզ համարեալ է,
Որ ինձ մռայլն է, քեզ ճառագայթ է,
Որ ինձ անթիւն է, աւրհնեալդ քում ձեռին բովանդակեալ է,
Որ ինձ սոսկալին է, քեզ հեշտալի է,
Որ ինձ փախչելին է, քեզ վանելի է,
Որ ինձ անմատոյցն է, քեզ դիւրահերքելի է,
Որ ինձ մահաբերն է, քումդ էականութեան զաւրութեան
Ընդ ոչ գոյսն համարեալ է:
Բ
Այլ դու, ողորմած Աստուած բոլորից, Տէր Յիսուս Քրիստոս,
Եւ այսմ զաւրես առ ելիցն հնար, եթէ գթասցիս:
Վասն անուան փառաց մեծութեան Հաւր քոյ աւրհնելոյ,
Վասն կամաց գթութեան Հոգւոյդ քոյ Սրբոյ
Տես ի տաժանաւորս կրից յանդիմանական յայտնութիւն
Եւ ի խորոց սրտի ինքնամատոյց դատախազութիւն:
Նայեա ի բնութեանս ամենապատաղ խակութիւն
Եւ պարգեւեա բժշկութիւն վիրացս
Եւ հնարաւորութիւն` կորստեանս,
Զերծումն` բազմամասնեայ մահուս
Եւ շաւիղ կենաց` ապականելոյս,
Նորոգութիւն` եղծմանս
Եւ մուտք յուսոյ` ամբարշտելոյս:
Եթէ ես զաննմանն ինձ կամս ցուցի,
Ո~րչափ առաւել դու` զբնաւորականսդ քո
Զընտանի բարերարութիւնսդ,
Եթէ ի փշոց պտուղ ընծայեցաւ քաղցրութեան,
Ո~րչափ առաւել ի ծառոյդ կենաց` ճաշակ անմահութեան,
Եթէ ես իմոցն ատելեաց ողորմութիւն մաղթեցի,
Դու քոյոյս զիա՞րդ ոչ կրկին մատուսցես, հզաւր,
Յաննուազդ առատութենէ:
Գ
Արդ, տես ի քոյդ մեծութիւն, բարձրեալ,
Նայեցեալ ի յիմս փոքրկութիւն,
Ընկալ զսակաւ խոստովանութիւնս անհամար մեղացս,
Որ զբնաւն համայն տեսանես:
Եւ որպէս զՎիմին գթել ոչ գրեցեր,
Եւ զաւազոյս փոքու սասանել մի համարեսցիս,
Եւ իբրեւ զԴաւթին ընդ մեղայն ասել
Իսկոյն անցուցեր զպատիժ պարտուցն,
Եւ առ իմ ձայնիս հեծութիւն
Զնոյն գործեսցես երկայնմտութիւն,
Որ տաս ամենեցուն առատապէս անաչառութեամբ`
Որպէս յաղթող բարի, բազմիմաստ,
Եւ ոչ նախատես զյետնեալ ստրուկս`
Որպէս ողորմած եւ ամենաստեղծ:
Ստացիր վերստին եւ մի կորուսաներ
Զբուծեալս արեամբ քո, գթած,
Զի քո է փրկութիւն, եւ ի քէն է քաւութիւն,
Եւ քեզ վայել է փառք յամենայնի յաւիտեանս:
Ամէն:
Բան ԾԷ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Քրիստոս Աստված, անուն ահավոր,
Մեծության տեսակ, տիպար անքնին, բարձրության պատկեր,
Անսահման զորություն, կերպարան փրկարար լույսի,
Պաշտպան դու կյանքի, դո՛ւռ արքայության վերին հանգստի,
Խաղաղության ճանապարհ,
Ապավինություն նորոգ և անտխուր երանություն,
Ամենակալ ինքնիշխանություն բոլոր էությանց,
Օրհնության կոչումն, ավետաբար ձայն, բերկրության բարբառ,
Անմահության դեղ,
Որդի՛դ դու անճառ միակ Աստուծո,
Ինչ որ անհնարին է ինձ՝ դյուրին է քեզ համար.
Ինչ որ անհասանելի է ինձ՝ քեզ համար սահմանված է.
Ինչ որ անանց է ինձ՝ մոտիկ է քեզ համար.
Ինչ որ ծածկված է եղկելույս՝ մերձավոր է քո երանությանը.
Ինչ որ անկարելի ինձ՝ քեզ համար կատարված.
Ինչ որ ինձ համար անկշռելի է՝ քո անճառության համար չափված է.
Ինչ որ հուսահատեցնում է ինձ՝ քեզ սփոփանք է բերում.
Ինչ որ անբժշկելի է ինձ՝ անվտանգ է քեզ համար.
Ինչ որ հեծություն է պատճառում ինձ՝ քեզ համար խնդառիթ է.
Ինչ որ ծանր է ինձ՝ թեթևագույն է քեզ համար.
Ինչ որ ստեղծված է ինձ համար, զորեղությանդ համար գրված է.
Ինչ որ ինձ համար կորած է, քո ձեռքումն է այն,
Ինչ որ անթվելի է ինձ՝ քեզ համար համարված է.
Ինչ որ ինձ համար մռայլ է, քեզ համար ճառագայթ է.
Ինչ որ ինձ համար անհաշվելի է, բովանդակված է օրհնյալ ձեռքերիդ մեջ.
Ինչ որ սոսկալի է ինձ՝ հեշտալի է քեզ համար.
Ինչ որ փախչելի է ինձ՝ քեզ համար վանելի է:
Ինչ որ անմատույց է ինձ՝ դյուրամատչելի է քեզ համար.
Ինչ որ մահաբեր է ինձ՝ քո աստվածային զորության համար անգոյություն է:
Բ
Բայց դու, ողորմած Աստված բոլորի, Տեր Հիսուս Քրիստոս,
Եթե գթաս ինձ, կարող ես ելքի մի հնար գտնել:
Հանուն քո օրհնյալ Հոր վսեմ փառքի և քո
Սուրբ Հոգու կամքի գթառատ՝
Տե՛ս տառապանքներն իմ տաժանելի՝ քեզ հայտ-
հանդիման, Եվ սրտիս խորքից դատախազ լինելն ինքս իմ անձի դեմ:
Իմ ամենացրված բնության իսկությա՛նը նայիր դու
Եվ բժշկություն պարգևիր իմ վերքերին,
Տո՛ւր հնարավորություն՝ կորուստից դուրս գալու,
Զերծումն՝ բազմամասնյա մահից և կենաց շավիղ՝ ապականվածիս,
Նորոգություն եղծյալիս և հույսի մուտք ամբարշտիս,
Եթե ես, հակառակ իմ բնությանը, կամք ցուցաբերեցի այս բոլորն ասելու,
Հապա դու որքա՜ն ավելի պիտի բարերարես ինձ, ինչ որ բնածին և հատուկ է քեզ:
Եթե փշերից քաղցրահամ պտուղ քաղվեց,
Քո կենաց ծառից ո՜րքան ավելի անմահական համ պիտի ստացվի:
Եթե ես իմ ատելիների համար քո ողորմությունը խնդրեցի,
Դու ինչպե՞ս պիտի կրկնակին չտաս քո անսպառ առատությունից ինձ, որ քոնն եմ, ո՜վ ամենազոր:
Գ
Արդ քո մեծությունը տե՛ս, բարձրյալ, և նայելով իմ փոքրության վրա,
Ընդունի՛ր սակավ խոստովանությունն անթիվ մեղքերիս,
Ո՜վ դու, որ տեսնում ես բոլորը:
Եվ ինչպես որ հաշվի չառար
Վեմի գլորվելը156Ակնարկություն՝ Պետրոսի ուրացությանը:,
Անտեսի՛ր նույնպես սասանվելը դու փոքրիկ ավազիս.
Ինչպես որ իսկույն վերացրիր Դավթի պատժապարտությունը, երբ ասաց՝ մեղա,
Նույնն արա՛ և ինձ, ո՛վ երկայնամիտ, լսելով ձայնն իմ հեծեծանքների.
Դու, որ բոլորին անաչառությամբ և առատորեն
Տալիս ես, որպես հաղթող բարի, բազմիմաստ
Եվ չես նախատում հետին ստրուկիս, որպես ողորմած և ամենաստեղծ,
Ստացի՛ր կրկին և մի՛ կորցնի ինձ՝ քո արյունով բուժվածիս, գթա՜ծ.
Զի դու կարող ես քավել ու փրկել,
Եվ քեզ վայել է փա՜ռք ամեն ինչում հավիտյանս. ամեն:
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Քրիստո՜ս Աստված, անուն ահավոր,
Մեծության տեսիլ, անբավ զորություն,
Անհաս, անքնին բարձրության պատկեր,
Անեղծ կերպարանք փրկարար լույսի,
Կյանքի պահապան, անդորրի ճամփա,
Վերին հանգստի արքայության դուռ,
Ապավինություն՝ անտխուր, անվիշտ նոր երանության,
Համայն գոյերի տեր ամենակալ, ինքնիշխանություն,
Օրհնության կոչում, ավետիքի ձայն,
Բերկրության բարբառ, անմահության դեղ,
Անքնին որդի միակ Աստծո,
Ինչ անհնար է ինձ, դյուրին է քեզ.
Ինչ անանց է ինձ, ետևում է քո.
Անհասն ինձ համար՝ հպավոր է քեզ.
Ինչ որ ծածկված է եղկելուս աչքին,
Մերձավոր է այն քո երանության.
Ինձ անկարելին՝ կատարված է քեզ.
Ինձ անկշռելին՝ չափված է ճշտիվ անճառության քո,
Ինչ պատճառում է ինձ վհատություն,
սփոփանք է քեզ.
Ինձ անբուժելին՝ վտանգազերծ է բարձրյալիդ համար.
Ինչ առթում է ինձ վիշտ ու հեծություն,
խնդություն է քեզ.
Ծանրը ինձ համար՝ թեթև է քեզ հույժ.
Ինչ եղծված է ինձ՝ այն գրված է քո
զորության համար.
Ինչ կորած է ինձ՝ քո ձեռքում է այն.
Անճառն ինձ համար՝ համարված է քեզ.
Ինչ մռայլ է ինձ՝ ճաճանչ է մեծիդ.
Ինչ որ ինձ համար անթվելի է,
Բովանդակված է օրհնյալ ափիդ մեջ.
Ինձ սարսափելին՝ հաճելի է քեզ.
Ինձ փախչելին՝ քեզ վանելի իսպառ.
Ինձ անպարտելին՝ դյուրահաղթ է քեզ.
Մահաբերը ինձ՝ անգո է հաշվվում
Քո աստվածային զորության համար։
Բ
Արդ, դու, ողորմա՜ծ Աստված բոլորի,
տե՜ր Հիսուս Քրիստոս,
Եթե գթաս ինձ, այժմ էլ ելքի մի հնար կգտնես,
Հանուն օրհնյալ Հորդ փառքի մեծության
Եվ քո Սուրբ Հոգու գթառատ կամքի՝
Տե՛ս տառապանքներն իմ տաժանելի,
Որոնք բացել եմ ահա քո առաջ,
Լսի՛ր և սրտիս խորքերից բխած
Ամբաստանությունն այս ինքնամատույց.
Գթությա՛մբ նայիր իմ այս ցնորված ու խակ բնության
Եվ պարգևի՛ր իմ վերքերին բուժում,
Եղծմանս՝ նորոգում, կորստիս՝ մի ճար,
Այս բազմակործան մահվանից՝ զերծում,
Ապականվածիս՝ կյանքի ճանապարհ
Եվ հույսի մի դուռ՝ ամբարշտյալիս։
Արդ, եթե ես ինձ հակաբնույթ
կամք ցուցաբերեցի,
Որքա՜ն առավել դու պիտի ցույց տաս
Մեծիդ ընտանի ու ինքնահատուկ բարերարություն,
Եթե փշերից ընծայաբերվեց քաղցրախորժ պտուղ,
Որչա՜փ ավելի կենացդ ծառից
Անմահական համ պիտի ստացվի.
Եթե թշվառս ինձ ատողների
Համար խնդրեցի ողորմածություն,
Դու ինձ, որ քոնն եմ, ո՜վ ամենազոր,
Ինչպե՞ս կրկնակին պիտի չընծայես
Քո այդ աննվազ առատությունից։
Գ
Այժմ տե՛ս, բարձրյա՜լ, մեծությունը քո
Եվ նայելով իմ այս փոքրկության՝
Ընդունի՛ր սակավ խոստովանությունն
անթիվ մեղքերիս.
Դու, որ տեսնում ես անթյուր ամեն ինչ
բովանդակապես,
Բայց անտեսեցիր գայթումը Վեմի,
Անտե՛ս արա և սասանումները փոքրիկ ավազիս.
Ինչպես որ Դավթի պատժապարտությունն
Իսկույն վերացրիր, երբ ասաց՝ մեղա,
Նո՛ւյնն արա և ինձ, ո՜վ երկայնամիտ,
Հեծեծանքներիս ձայնին անսալով.
Դու, որ բոլորին շնորհատրում ես
Անաչառությամբ ու առատորեն՝
Որպես բարի ու բազմիմաստ հաղթող
Եվ չես նախատում հետին ստրուկին,
Որպես ողորմած ու ամենաստեղծ՝
Ստացի՛ր կրկին և մի՛ կորցրու քո
Արյամբ բուժվածիս, ո՜վ ամենագութ.
Քանզի միայն դու կարող ես փրկել ու տալ
քավություն,
Քեզ վայել է փա՜ռք ըստ ամենայնի
հավիտյանս. ամեն։