ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Աստուած եւ տէր, կեանք եւ արարիչ,
Ողորմած, գթած, լոյս, երկայնամիտ,
Անոխակալ, մարդասէր, ամենագութ, պարգեւատու,
Փրկիչ, աւրհնեալ, գովեալ, բարեբանեալ,
Դարան ամրութեան, պատսպարան վստահութեան,
Առանց նենգութեան բարի,
Առանց խաւարի ճառագայթ,
Քաւիչ մեղաց, ողջացուցիչ վիրաց,
Անհասանելեաց հնարք,
Անմատչելեաց հպաւոր,
Անյուսութեան ելք,
Անուն քո խոստովանեալ Աստուծոյ Որդի,
Եւ Հաւր քոյ ւ ընդ քեզ հզաւրի եւ ահաւորի
Եւ Հոգւոյդ ամենակալի եւ ընդ քեզ երկրպագելոյ
Փա~ռք եւ պաշտաւն գոհաբանութեան յաւիտեանս:
Ամէն:
Բան ՁԹ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Աստված և Տեր, կյանք և Արարիչ,
Ողորմած, գթած, լույս երկայնամիտ,
Անոխակալ, մարդասեր, ամենագութ,
Պարգևատու, փրկիչ,
Օրհնյա՜լ, գովյալ և բարեբանյալ:
Ամուր պահարան, վստահելի պատսպարան,
Բարություն՝ առանց նենգության, Ճառագայթ՝ առանց խավարի,
Քավիչ մեղքերի, բուժիչ վերքերի,
Անհասներին՝ հնարք, անմերձներին՝ մոտիկ, Անհուսության ելք,
Անունդ խոստովանված՝ Աստուծո Որդի:
Քեզ և ահավոր ու հզոր Հորդ
Եվ քեզ հետ երկրպագելի ամենակալ Հոգուդ
Փա՜ռք ու պաշտոն գոհաբանության Հավիտյանս. ամեն:
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Դու Աստվա՜ծ և տեր, կյանք ու արարիչ,
Ողորմած, գթած, երկայնամիտ լույս,
Անոխ, մարդասեր, պարգևող, փրկիչ,
Օրհնյալ, ներբողյայ ու բարեբանյալ,
Դարան ամրության և ապաստարան ամենավստահ,
Աննենգ բարություն, անխավար ճաճանչ,
Մեղքերի քավիչ, վերքերի բժիշկ,
Անմատույցներին մոտիկ հպավոր,
Անօգներին ճար, անհույսներին ելք,
Դավանված որպես որդի Աստծո.
Եվ քեզ հետ քո Հոր, հզոր, ահավոր,
Ամենակալիդ Սուրբ Հոգուն, քեզ հետ երկրպագելի՝
Փա՜ռք ու պաշտամունք, գոհաբանությո՜ւն
հավիտյանս, ամեն: