ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա
Հաւատամ եւ վկայեմ մտաց գիտութեամբ`
Ի քէն ազդեցեալ ոգւոյս իմաստիւ, ուշիւս տեսման,
Զի ըղձալի են քեզ, բարերար,
Աղաչանք մեղաւորաց, քան զխնդրուածս արդարոց,
Զի մինն, զպարտութիւն անձինն յայտնեալ, շնորհիդ քո սպասէ,
Առ որ ծանուցեալ զբնութեանս չափ,
Եւ մեծ կշտամբիչ աստէն համբարձեալ
Ինքնոգոր մարտակից նմին իսկ ինքեան
Եւ դառն դսրովիչ եւ ծածկատես դատախազ,-
Իսկ միւսն, յարդիւնս բարեացն իւրոց նայելով,
Յանձին հարեալ ձեռն վստահութեան,
Մոռանայ զսահման բնութեանն
Եւ պարգեւաց, քան ողորմութեան, դիտեալ ակն ունի:
Վասն որոյ առ մինն անթիւ են ստեղծուածք ճառից,
Որ զողորմութեանցդ քո փողով բարբառոյ ազդէ,
Իսկ առ միւսն լռեալ են քոյդ, անքնին, ահաւոր եւ ամենախնամ,
Ամաչեմ ասել, թէ եւ երկրաւորիս գործոց պատմութիւն զքոյդ յառաջեալ:
Արդ, արի, Տէր, եւ մի զաւրասցի, քան զքոյդ, աջ հողեղինի,
Մի կշռեսցին ողորմութիւնք քո ընդ ջանից մարդկան:

Բ
Եւ արդ, առողջքն անդամաւք անկարաւտք են բժշկութեան,
Եւ տեսանողականքն աչաւք չունին պէտս առաջնորդի,
Եւ փարթամքն ընչիւք ոչ դեգերին առ դուրս լիոցն,
Եւ ամենայնիւ յղփացեալքն ոչ սպասեն փշրանաց սեղանոյ հացի,
Եւ սուրբքն վարուք ապենիազ են ողորմութեան:
Եւ արդ, ինձ գթասցիս ողորմել, բարձրեալ, երկնաւոր, հզաւր,
Ամենատխուր վարանեցելոյս:
Քանզի թէ էի իբրեւ զՅոբ,
Ասէի զանձն իմ իբրեւ զնա արդար եւ անարատ,
Թէ էի իբրեւ զՄովսէս,
Ասէի վստահութեամբ զնորայսն`
Ծանիցէ Տէր զայնոսիկ, որ իւրն են,
Թէ էի իբրեւ զԴաւիթ, ասէի`
Արարի զիրաւունս եւ զարդարութիւն,
Եւ դարձեալ զմեծն քան զբնութիւն մարմնոյ`
Զմեղս թէ տեսանէի ի սրտի իմում, մի լուիցէ ինձ Տէր:
Թէ էի իբրեւ զԵղիա, ասէի զանձն իմ այր Աստուծոյ,
Թէ էի իբրեւ զԵրեմիա, զքոյդ ճշմարտութիւն յանձն աւրինակէի,
Թէ էի իբրեւ զԵզեկիա, պարծէի զբարւոքն եւ զիրաւացին`
Գնացի առաջի քո արդարութեամբ,
Թէ էի իբրեւ զՊաւղոս, ասէի զիս բնակարան,
Ազդարան եւ ընդունարան Աստուծոյ բանին:

Գ
Այլ ես` անաւրէնս ի մէջ գիտութեան աւրինացն,
Ոչ միայն չունիմ զանձն իմ քեզ ընծայել`
Յարգանաւք բանից, իբրեւ զնոսա,
Եւ զբնաւին չարս, որպէս զբարիսն զայնոսիկ, առաջի քո յիշատակել,
Այլ եւ ոչ զամենուստ գոյիցս զբարեհռչակեալ անունդ, հզաւր,
Ամբարշտեալս լեզուով գովել:
Իսկ դու, առ ամենայն հնարս զաւրաւոր,
Մատո ինձ ոգի փրկութեան,
Աջ պաշտպանութեան, ձեռն այցելութեան,
Հրաման բարութեան, լոյս ողորմութեան,
Բան նորոգութեան, պատճառ քաւութեան,
Գաւազան կենաց աւգնութեան:
Զի դու ես յոյս ապաւինութեան, Տէր Յիսուս Քրիստոս,
Աւրհնեա~լ ընդ Հաւր, Հոգւովդ Սրբով յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

Բան ԾԹ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Հավատում եմ ես և վկայում գիտակցաբար՝
Քեզանից ազդված մտատեսությամբ,
Թե ըղձալի են քեզ, բարերա՛ր,
Աղաչանքները մեղավորների, քան թե խնդրանքներն արդարների:
Զի մեկն իր մեղքերը խոստովանելով շնորհիդ է սպասում
Եվ ճանաչելով չափն իր բնության՝ ծառանում ինքն իր դեմ,
Որպես մեծ կշտամբիչ և ինքնոգոր մարտակից,
Դառն հանդիմանող ու ծածկատես դատախազ:
Իսկ մյուսն իր բարի գործերին նայելով՝ հանձնապաստան վստահությամբ՝
Մոռանում է սահմանն իր բնության և պարգևներ է ակնկալում, քան թե ողորմություն:
Եվ այդ պատճառով մեկի մոտ հորինվում են անթիվ ճառեր,
Որոնք բարձրաձայն քո ողորմությունն են փողահարում,
Իսկ մյուսը լռում է դրանց մասին, ո՜վ անքննելի, ահավոր և ամենախնամ:
Ամաչում եմ ասել, թե երկրավորիս գործերի պատմությունն իսկ քոնից էլ առաջ է անցել.
Ուստի արա՛ այնպես, ո՜վ Տեր,
Որ քոնից ավելի չզորանա աջն հողեղենի.
Մարդկանց ջանքերը թող որ չկշռեն ողորմություններդ:

Բ

Առողջ անդամներ ունեցողներն անկարոտ են բժշկության,
Եվ աչքով տեսնողներն առաջնորդի պետք չունեն,
Ինչքով փարթամները լիացածների դռների շուրջը չեն դեգերում,
Եվ կուշտ ու կուռ կերածները չեն սպասում հացի սեղանի փշրանքներին,
Եվ վարքով մաքուրները ողորմության անկարոտ են:
Ուստի ինձ գթա և ողորմիր, բարձրյա՜լ երկնավոր հզոր,
Ինձ՝ վարանյալիս ամենատխուր: Զի եթե Հոբին ես նմանվեի,
Ինքս էլ նրա պես կասեի՝ արդար և անարատ եմ.
Եթե լինեի ես Մովսեսի պես՝ ինքս էլ նրա պես կասեի վստահ՝
«Տերը պիտի ճանաչի նրանց, ովքեր իրենն են»,
Եթե լինեի ես Դաւթի նման, կասեի նույնպես՝
«Արեցի իրավունք և արդարություն».
Եվ դարձյալ մարդկային բնությունից վեր այս խոսքը հոխորտ՝
«Եթե սրտիս մեջ անօրենություն տեսնեի, Տերն ինձ չէր լսի».
Եթե Եղիային նմանվեի ես՝ պիտի կոչեի ինձ «ա՜յր Աստուծո».
Թե Երեմիային՝ ճշմարտությունդ կօրինակեի.
Եթե լինեի Եզեկիայի պես՝ ինքս էլ իրավամբ
կպարծենայի՝ «Քո աչքի առաջ ես արդարությամբ քայլեցի».
Պողոսի նման եթե լինեի, կանվանեի ես ինձ՝
Բնակարան, ներշնչարան և ընդունարան Աստուծո խոսքի՝
Բայց ես անօրենս, օրենքին գիտակ լինելով մեկտեղ,
Ոչ միայն չեմ կարող ներկայացնել քեզ անձս նրանց պես վստահ խոսքերով,
Եվ չարս իսպառ, բարիների պես՝ այդ նույն խոսքերը քո առջև հիշել,
Այլև չեմ կարող՝ բովանդակ արարածներից բարեհռչակված
Անունդ, հզո՜ր, ամբարշտացած իմ լեզվով գովել:
Իսկ դու, որ կարող ես ամեն բանում և հնարավոր,
Տուր ինձ ոգի փրկության, պաշտպանության աջ և օգնության ձեռք,
Բարության հրաման, ողորմության լույս, նորոգության խոսք,
Քավության պատճառ և կյանքի նեցուկ՝ օգնող գավազան:
Քանզի դու ես հույս ապավինության, Տե՜ր Հիսուս Քրիստոս,
Օրհնյա՜լդ Հոր և Սուրբ Հոգու հետ հավիտյանս. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ

Ա
Հավատում եմ ես ու վկայում եմ փորձով
համոզված,
Մտատեսությամբ, որով, բարերա՜ր, դու օժտել ես ինձ,
Որ շատ ավելի ըղձալի են քեզ
Աղաչանքները մեղավորների,
Քան արդարների ամեն մի խնդրանք։
Քանզի մեկն անկեղծ խոստովանելով
պարտությունը իր՝
Ակնկալում է լոկ շնորհը քո
Եվ գիտակցելով չափն իր բնության
Ու ճանաչելով իրեն ներքնապես՝
Որպես ինքնոգոր ախոյան, ոսոխ՝
Կշտամբանքներով, դառնագին ձաղմամբ
Մարտնչում է ինքն իր իսկ անձի դեմ,
Մինչդեռ մյուսը, բարեգործությանն իր ապավինած,
Ինքնաբավական մի վստահությամբ,
Մոռացած սահմանն էության մարդու
Առավելապես ակնկալում է պարգևներ քեզնից,
քան ողորմություն։
Ահա թե ինչու մեկն ստեղծելով ճառեր
անհամար՝
Ողորմությունդ ազդարարում է միշտ տարփողելով,
Մյուսը լուռ է մնում այդ մասին։
Հզո՜ր, անքնին, ամենախնամ,
Ամաչում եմ ես մինչևիսկ ասել,
Որ պատմությունը երկրայիններիս
Գործերի՝ քոնից առաջ է անցել։
Ուստի հառնի՛ր, տե՜ր, որպեսզի հանկարծ
աջն հողեղենի
Չզորավորվի քոնի համեմատ,
Ջանքերը մարդկանց չհավասարվեն
Քո աստվածային ողորմության հետ։

Բ
Առողջ անդամներ ունեցող մարդիկ
Կարիք չեն զգում բնավ բուժվելու,
Ոչ էլ տեսնողներն՝ անհրաժեշտություն
առաջնորդների.
Ընչաշատները չեն հածում երբեք
Լիացածների դռների առաջ,
Ու չեն սպասում հղփացածները ամեն բարիքով՝
Թափթփուկներին սեղանի հացի.
Վարքով սրբերը կարիք չեն զգում ողորմածության.
Արդ, գթա դու ի՛նձ, ողորմի՛ր, բարձրյալ երկնավոր
հզո՜ր,
Ինձ, վարանյալիս ամենատխուր։
Զի եթե Հոբին ես նմանվեի,
Կհամարեի ինձ էլ նրա պես արդար, անարատ.
Եթե լինեի Մովսեսի նման,
Ինքս էլ նրա պես վստահ կասեի՝
«Տերը պետք է որ ճանաչի նրանց, ովքեր իրենն են».
Իսկ եթե Դավթին ես նմանվեի, կասեի անշուշտ՝
«Հաստատեցի կարգ ու արդարություն»
Եվ խոսքն այս, մարմնի բնությունից վեր՝
«Եթե սրտիս մեջ մեղքեր նկատեմ,
Թող որ տերը ինձ բնավ չլսի».
Եթե լինեի Եղիայի նման,
Կհամարեի ինձ այր Աստծո.
Թե Երեմիայի նման լինեի,
Կօրինակեի ճշմարտությունդ.
Եթե լինեի Եզեկիայի պես,
Կպարծենայի իրավամբ, որ ես
Արդարությամբ եմ քայլել քո առաջ.
Եթե Պողոսի նման լինեի,
Կհամարեի ինձ բնակարան,
Մի ընդունարան ու ազդարարան Աստծո խոսքի։
Բայց անօրենս, օրենքին գիտակ լինելով
հանդերձ,
Ահա ոչ միայն չեմ կարող անձս քեզ ներկայացնել
Մեծարու խոսքով, ինչպես որ նրանք,
Եվ չարս համակ՝ բարիների պես հիշվել քո առաջ,
Այլև ամենուր բոլոր գոյերից
Բարեհռչակված անունդ, հզո՛ր,
Ամբարշտյալիս լեզվով ներբողել։
Բայց կարող ես դու և ամեն ինչի հնարներ
ունես.
Մատուցի՛ր ինձ, տե՜ր, ոգի փրկության,
Պաշտպանության աջ և օգնության ձեռք,
Բարի հրաման, ողորմության լույս,
Նորոգության խոսք, քավության պատճառ
Եվ կյանքի նեցուկ՝ օգնող գավազան.
Քանզի դու ես հույսն ապավինության, տե՜ր Հիսուս
Քրիստոս,
Օրհնյալ՝ հորդ հետ, սուրբ Հոգովդ, ընդմիշտ,
Հավիտյաններից հավիտյանս, ամեն։