ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Այլ ահա ձեզ ասեմ, ով եկեղեցիք միանձանց
Եւ աշակերտութիւնք կրաւնաստանաց,
Որք մերկամարմին մատանցդ ձեռաւք
Առ ակնկալութիւն յուսոյն պարգեւաց
Բարեացն անբաւից տեառն զինուորեալք,
Որոց զայս սեղան հանդերձանաց խորտկաց բանից ընծայեցուցի:
Ընկալարուք զայս աւանդութիւն խոստովանութեան
Ի շինուած փրկութեան հոգւոց,
Ծաներուք սովիմբ զմարմնոյս պարտութիւն:
Յիշեցէք զմարգարէականն ընդ առաքելականին առեալ մեզ ի խրատ`
ԶþՄի պարծեսցի ամենայն մարմին առաջի Աստուծոյ
Եւ զþՈչ ոք է արդարն եւ ոչ մի:
Զտէրունականն մի մոռանայք,
Ի կատարածն իսկ պատուիրանին
Գոգջիք զձեզ ծառայս անպիտանս,
Մի եղիցի լինել ձեզ որսք խաբողին,
Զգուշացարուք եւ Գրոյն,
Թէ` Կերակուրք նորա` ընտիրքն:
Քանզի եւ ես իսկ, որ զայս նուազութիւն
Մասնաւոր պտղոյ ձեզ ջամբեցուցի,
Վկայեալ զանձնէ կամաւորական ստգտանք
Բիւր բամբասանաց անբժշկական մեղանաց,
Ի սկզբնահայրն սկսեալ մինչեւ ի սպառումն ծննդոց նորա`
Կամայականն յանձնառութեամբ հաստեցի, եդի
Զիս ամենայնիդ պարտական չարեաց:
Բ
Լուայ յումեմնէ ոչ պարտաւորէ եւ ոչ հաճեցայ
Ի յասելն նորա անյարմարապէս առ այն,
Որոյ առաջի ոչ է արդարանալ մարմնոյ երկրածնի,
Թէ` ոչ երբէք շնացայ, ոչ պոռնկեցայ
Եւ ոչ զաշխարհիս ինչ համբուրեցի ճաշակս մահու:
Այլ ոչ ընդհատ ինչ յանաւրէնութենէ.
Թողցէ նմա Տէր Աստուած զայսոսիկ:
Թէ եւ ճշմարտիւ իսկ գրեցաւ,
Ոչ ընթացաւ, որքան թէ գթեաց,
Ի յասել զանյարմարսն ի դիմաց ժողովրդեանն Իսրայէլի`
Բանիւ Զաքարիայ. Աւրհնեա~լ Տէր` եւ մեծացաք,-
Որ է փարիսեցւոյն ձայնի կերպարան:
Գ
Բայց ես քանզի գիտողին Աստուծոյ մատնեալ եմ դատաստանի,
Որ զկիրս աներեւութիցն մտաց ի կշիռս եդեալ`
Համարի դատել զիս նոքաւք ամէնիրաւ հատուցմամբք,-
Ոչ կերպարանեցայց տեսողին,
Ոչ կեղծաւորեցայց քննողին,
Ոչ ստեցից զոչ գործեցեալսն նկատողին,
Ոչ խաբէութեամբ ընդ միտ ինչ մտից մեծին,
Ոչ ի տեսիլ բարւոյ ցոփութեան զչարս քողարկեցից,
Ոչ ի պատկեր ընտանի զապիկարս երբէք յարգեցից,
Ոչ խենեշացայց ի զարդ աւտարոտի,
Ոչ պճնեցայց այլով պայծառութեամբ,
Ոչ պաճուճանս յարմարեցից տգեղութեանս գեղոյ:
Ոչ ոք մեղաւոր իբրեւ զիս,
Ոչ ոք անաւրէն, ոչ ոք ամբարիշտ,
Ոչ ոք անիրաւ, ոչ ոք չարագործ,
Ոչ ոք վրիպեալ, ոչ ոք սխալեալ,
Ոչ ոք մոլեգնեալ, ոչ ոք խարդախեալ,
Ոչ ոք շաղախեալ, ոչ ոք ամաչեցեալ, ոչ ոք դատապարտեալ,
Ես միայն, եւ այլ ոչ ոք,
Ես ամենայնն, եւ յիս ամենեցունն:
Ոչ հեթանոսք, զի ոչ գիտէին,
Ոչ հրեայք, քանզի կուրացան,
Ոչ տգէտք եւ խառնիճաղանջք,
Քանզի յիմարք էին իմաստից:
Գ
Պետ վարժից կոչեցայ` յանձինս դատախազ,
Ռաբբի ռաբբի անուանեցայ,
Եւ զգովեստն առ Աստուած եղծի,
Բարի ասացայ` առ եղկութեան ժառանգութիւն,
Սուրբ վկայեցայ ի մարդկանէ,
Որ եմ անմաքուր առաջի Աստուծոյ,
Արդար դաւանեցայ ամենայն իրաւք ամբարիշտս,
Հեշտացայ ի գովեստ մարդկան,
Զի ծաղր եղէց յատենին Քրիստոսի,
Յաւազանէ կոչեցայ Արթուն,
Եւ ես ի քուն մահու ննջեցի,
Ի փրկութեանն աւուր Հսկող յորջորջեցայ,
Բայց զգաստութեանն` աչս կափուցի:
Ահա դատաստան, ահա յանդիմանութիւն,
Ահա նոր կշտամբանք եւ հին դատապարտութիւն,
Ահա ամաւթ դիմաց եւ տագնապ հոգւոց,
Ահա խնդիրք փոքունց եւ կշիռք մեծամեծաց:
Այլ դու միայն Տէր Աստուած,
Մարդասէր, անոխակալ եւ երկայնամիտ,
Համարեաց մեղապարտս անձին
Ընդ վերջին պարտաւորութեան աւուրն ահաւորի
Զայս կսկծեցուցանող ինքնաբանական նախատինս,
Մի լուայց ի քէն զայսոսիկ, գթած,
Փոխանակ զի ես ինձէն անձինս գրեցի:
Արդ, բարձցես եւ վերացուսցես զպահ պարտաւորութեան կանոնիս
Ընդ քեզ կապելոյս տենչանաւք հոգւոյս,
Հան զնախատինս պատկառանաց խայտառակութեանս,
Ծածկեա աջովդ կարողութեան զտգեղ տեսակ մարմնոյս մերկութեան,
Մատո հանգստեան զթոպեալս ուժգին մեղացս բեռամբք,
Կարգեա ինձ սահման հետոց բարութեան առ ելս կենացդ,
Պահեա յիշատակ ինձ ողորմութեան եւ զկնի մահու կեանք ամենեւին,
Աւրհնեալ յերկինս եւ գովեալ յերկրի,
Բարեբանեալ միշտ յամենայնի յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:
Բան ՀԲ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Ձե՛զ եմ ասում արդ, ո՜վ մենակյացների խմբեր
Եվ աշակերտներ մենաստանների,
Դուք, որ անբավ բարի պարգևների հուսալից ակնկալությամբ
Ձեր ձեռքերի մերկ մատներով զինվորագրված եք Տիրոջը՝
Ձե՛զ ընծայեցի խոսքի խորտիկներով պատրաստված սեղանն այս ահա՛,
Ընդունեցե՛ք ավանդն այս խոստովանության՝ ի
նորոգություն և ի փրկություն հոգիների:
Ճանաչեցե՛ք սրանով մարմնի պարտությունը,
Հիշեցե՛ք առաքելականի հետ միասին՝ մարգարեական խոսքերը մեզ ի խրատ,
Թե՝ «Ոչ մի մարմին թող չպարծենա Աստուծո. առջև»,
Ինչպես և՝ «Չկա ոչ իսկ մի արդար»:
Մի՛ մոռացեք նաւ այս խոսքը տերունական,
Թե՝ «Պատվիրանը կատարելիս էլ համարեցեք ձեզ անպիտան ծառա208aՂուկ ԺԷ. 10»,
Եվ թող չլինի, որ խաբողը ձեզ կարենա որսալ:
Հիշեցեք դուք այն գրվածքը նաև,
Թե՝ «Ընտիրներն են նրա կերակուրները»:
Զի մինչև իսկ ես, որ այս մասնավոր, նվազ պտուղը ձեզ մատուցեցի,
Վկայում եմ, թե ես ինքս էլ ունեմ բյուր բամբասանքի,
Ինքնադատության արժանի մեղքեր անբժշկելի,
Սկզբնահորից սկսած մինչև սերունդները հուսկ.
Հոժարակամ մի հանձնառությամբ՝
Բոլորիդ գործած հանցանքները ես վրաս առնելով:
Բ
Լսեցի անպարտ մեկի բերանից ու չհավանեցի Խոսքն այս անհարմար՝ ուղղված
Նրան, Որի առաջ ոչ մի երկրածին չի կարող արդարանալ,-
Թե՝ «Չշնացա երբեք ու չպոռնկացա,
Ոչ էլ աշխարհիկ մահաբույր քաղցրություններ ճաշակեցի»:
Սա էլ է կոչվում անօրենություն,-
Թող ների Աստված այդ խոսքը նրան,–
Զի եթե նույնիսկ ճիշտ լինի ասված՝ սայթաքում է դարձյալ:
Այդպես նաև Զաքարիայի՝ ի դեմս Իսրայելի ժողովրդի ասված
Խոսքն այս անվայել, որ փարիսեցու խոսքին է նման209Ղուկ. ԺԸ. 11-12,
Թե՝ «Օրհնյալ լինի Տերը, զի հարստացանք»210Զաք. ԺԱ. 5:
Բայց քանի որ ես ամենագետ Աստուծո դատաստանին եմ հանձնել ինձ,
Որը սրտի աներևույթ մեղքերը կշռելով՝
Ուզում է դատել ինձ նրանց համար ամենաիրավ հատուցմամբ,–
Չպիտի ձևանամ տեսանողի առաջ,
Չպիտի կեղծեմ քննողի մոտ, Չպիտի ստեմ ամենայն ինչ նկատողին,
Չպիտի մտնեմ խաբեբայությամբ Մեծի աչքը ես,
Չպիտի ցոփություններս քողարկեմ առերևույթ բարությամբ,
Չպիտի երբեք ապիկարիս ներկայեմ որպես ընտանի պատկեր,
Չպիտի խենեշանամ օտարոտի զարդարանքով,
Չպիտի պճնվեմ ուրիշների պայծառությամբ,
Ոչ էլ տգեղությունս պիտի պարտակեմ պաճուճանքներով:
Չկա ոչ ոք մեղավոր ինձ պես, ոչ ոք՝ անօրեն,
Ոչ ոք ամբարիշտ, ոչ ոք անիրավ, ոչ ոք չարագործ,
Ոչ ոք խոտորված, ոչ ոք սխալված, ոչ ոք մոլեգնած,
Ոչ ոք խարդախած, ոչ ոք շաղախված, ոչ ոք
ամոթահար, Ոչ ոք դատապարտված,–
Ես ինքս եմ միայն և ուրիշ ոչ ոք.
Ես եմ այդ բոլորը, և բոլորի հանցանքներն իմ մեջ են:
Ո՛չ հեթանոսները, զի չգիտեին,
Ո՛չ հրեաները, քանզի կուրացան,
Ո՛չ տգետներն ու գռեհիկները, քանզի զուրկ էին իմաստությունից:
Վարժապետ կոչվեցի ես, որ ամբաստանություն է իմ դեմ.
Ռաբբի, ռաբբի անվանվեցի ես, և Աստուծո վայել գովեստը եղծեցի.
Բարի ասվեցի՝ եղկություն ժառանգելուս համար.
Սուրբ վկայվեցի մարդկանցից, որ անմաքուր եմ Աստուծո առջև.
Արդար ճանաչվեցի՝ ամբարիշտս ամեն ինչով.
Հրճվեցի մարդկանց գովեստով, որ Քրիստոսի ատյանում ծաղրելի լինեմ.
Ավազանից Արթուն211Ակնարկություն՝ իր Գրիգոր անվան, որ արթուն կամ, ինչպես հաջորդ տողում՝ հսկող է նշանակում: կոչվեցի, և ննջեցի մահվան քնով,
Հսկող հորջորջվեցի փրկության212Ձեռնադրություն օրը, բայց զգաստության դեմ աչք փակեցի:
Ահա՛ դատաստան, ահա՛ հանդիմանություն,
Ահա՛ նոր կշտամբանք և հին դատապարտություն,
Ահա՛ ամոթանք դեմքի և տագնապ հոգու,
Ահա՛ քննություն մանր մեղքերի, որոնք մեծամեծների կշիռ ունեն:
Գ
Բայց դու, միայն Տեր Աստված մարդասեր, անոխակալ և երկայնամիտ,
Ինքնադատական կսկծեցուցիչ նախատինքներն այս, վերջին օրն ահեղ՝
Մեղապարտիս դատապարտության փոխարենը համարիր,
Քանի որ դրանք ինքս իմ բերանով ինձ վերագրեցի,
Թող որ չլսեմ այդ բոլորն այլևս քեզանից, գթա՜ծ,
Արդ, վերցրու իմ վրայից դատապարտությանս պահակին,
Զի ես քեզ հետ եմ կապված հոգուս տենչանքներով:
Հանի՛ր խայտառակությանս նախատինքներն ամոթալի.
Քո կարող աջով ծածկի՛ր մերկ մարմնիս տգեղությունը.
Հանգիստ պարգևիր մեղքերի բեռով սաստիկ հոգնածիս,
Բարի մի ճամփա սահմանիր դու ինձ՝ դեպի քեզ գալու.
Հիշիր անմոռաց՝ ինձ ողորմելու, տալով հետ մահու կյանք ամեն կերպով:
Օրհնյալ ես դու երկնքում և գովյալ՝ երկրի վրա.
Եվ բարեբանված միշտ ամեն ինչում, հավիտյանս. ամեն:
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Ձեզ եմ ուղղում արդ իմ խոսքը, խմբե՛ր
մենակյացների,
Վանատների աշակերտություն,
Որ անբավ բարի պարգևների հույս-ակնկալությամբ՝
Ձեր մերկ մատներով զորագրվել եք երկնավոր տիրոջ,
Բանական պես-պես խորտիկների այս
Սեղանը ահա ձեզ եմ ընծայում.
Ընդունեցե՛ք այն որպես մի ավանդ խոստովանական
Ի նորոգություն և ի փրկություն ձեր հոգիների։
Սրա միջոցով իմացե՛ք մարմնի
պատշաճությունը,
Հիշեցե՛ք խոսքը մարգարեական,
Որը տրված է մեզ իբրև խրատ.
«Որեէ մարմին թող չպարծենա Աստծո առաջ»,
Ինչպես և՝ «Չկա արդար ոչ մի մարդ»։
Մի՛ մոռացեք և խոսքը տերունի.
Եթե մինչևիսկ պատվիրանները կատարած լինեք,
Համարեցե՛ք ձեզ անպիտան ծառա.
Չլինի՛ թե որս դառնաք խաբողին.
Հիշեցե՛ք նաև Գրքի խոսքը այս՝
«Նրա կերակուրն ընտրյալներն են հենց»։
Քանզի ես ինքս էլ, որ այս մասնավոր
Նվազ պտուղով սնուցում եմ ձեզ,
Կամավորապես դատապարտելով ինքս ինձ անձամբ՝
Վկայում եմ, որ ունեմ բյուր անբույժ,
Ամբաստանության արժանի մեղքեր,
Եվ հոժարակամ հանձնառությամբ ինձ հաստում եմ
նաև.
Սկզբնահորից սկսած մինչև
Նրա ծննդի սերունդը վերջին,
Մարդկային ազգի ողջ չարիքների համար պարտական։
Բ
Անախորժությամբ լսեցի անպարտ
Մեկի բերանից խոսքն այս անհարմար՝
Ուղղված հենց նրան, որի առաջ և ոչ մի երկրածին
Մարդ արդարանալ բնավ չի կարող.
«Չշնացա ու չպոռնկացա երբեք իմ կյանքում,
Ոչ էլ աշխարհիկ քաղցրությունների
Մահաբույր հաճույքն ես ճաշակեցի»։
Սա էլ է կոչվում անօրենություն
(Թող ների Աստված խոսքերն այս նրան).
Եթե մինչևիսկ ճշմարիտ լինի
Ասածը, մեկ է, սայթաքում է այդ,
Ճիշտ հրեաների ասածի նման, ըստ Զաքարիայի,
Որ փարիսեցու խոսքն է հիշեցնում.
«Գոհությո՜ւն Աստծո, զի հարստացանք»։
Սակայն քանի որ ես ինձ հանձնել եմ
Ամենագիտակ Աստծո ատյանին,
Որ մտքում եղած աներևույթներն անգամ կշռելով՝
Դրանց համար ինձ ուզում է դատել
Ամենաիրավ պատժի հատուցմամբ,
Չեմ կերպարանի ամենատեսին,
Չպիտի կեղծեմ քննողի առաջ, [
Չպիտի ստեմ չկատարվածներն իսկ նկատողին,
Խաբեբայությամբ չեմ ջանա մտնել նրա աչքը ես,
Չեմ քողարկելու ցոփությունն իմ չար՝ բարեշուք
տեսքով,
Չեմ հարգի երբեք անձն իմ ապիկար
Որպես ընտանի, հարազատ պատկեր,
Չեմ խենեշանա օտար զարդերով,
Չպիտի պճնվեմ այլ պայծառությամբ
Եվ ոչ էլ անձիս տգեղությունը
Պիտի պարտակեմ պաճուճանքներով։
Չկա ո՛չ մի մարդ այնքան մեղավոր, այնքան
անօրեն,
Այնքան ամբարիշտ, այնքան անիրավ, այնքան
չարագործ.
Այնքան մոլորված, այնքան սխալված, այնքան
մոլեգնած.
Այնքան խարդախված, այնքան շաղախված,
Այնքան ամաչած ու դատապարտված,
Որքան որ ես եմ.
Միմիայն ե՛ս եմ, և ուրիշ՝ ոչ ոք.
Ե՛ս եմ համայնը, և ամենքինն է պարփակված իմ մեջ։
Ո՛չ ամենևին հեթանոսները, որ անգետ էին,
Ո՛չ հրեաները, քանզի կուրացան,
Ո՛չ տգետներն ու խաժամուժ մարդիկ,
Քանզի զուրկ էին իմաստությունից.
Միայն ե՛ս, քանզի, որպես իմ անձին
ամբաստանություն.
Վարժապետ անուն նույնիսկ կրեցի.
Կոչվեցի ռաբբի, ռաբբի՜, եղծելով գովեստն առ
Աստված,
Անվանվեցի և բարի, եղկություն ինձ ժառանգելով.
Մարդկանցից նաև սուրբ վկայվեցի,
Երբ անմաքուր եմ Աստծո առաջ.
Դիտվեցի արդար, երբ ամբարիշտ եմ բոլոր կողմերով.
Գովասանքներով մարդկանց՝ հրճվեցի,
Որ Քրիստոսի ատյանում ձաղվեմ.
Դեռ ավազանից կոչվեցի արթուն,
Սակայն ննջեցի մահաբեր քնով.
Հսկող հորջորջում նույնիսկ ստացա օրս փրկության,
Սակայն աչքերս փակեցի ամուր զգաստության դեմ։
Ահա և այժմ՝ արդար դատաստան,
հանդիմանություն,
Նոր կշտամբանք, հին դատապարտություն,
Ամոթանք դեմքի ու հոգու տագնապ,
Քննություն՛ փոքր բաների համար,
Որ ունեն կշիռ մեծամեծերի։
Գ
Բայց դու, միակ տեր Աստվա՜ծ մարդասեր,
Անքինախնդիր ու երկայնամիտ,
Կսկծեցուցիչ ինքնադատական
Նախատինքներն այս վերջին օրն ահեղ
Համարի՛ր որպես դատապարտություն մեղապարտ
անձիս։
Թող որ չլսեմ այս բոլորն այլևս քեզանից,
գթա՜ծ,
Քանի որ դրանք ինքս ինձ անձամբ վերագրեցի.
Ջնջի՛ր, ուրեմն, ու վերացրո՛ւ
Դատապարտության կնիքն ինձանից,
Որ կապված եմ քեզ տենչանքով հոգուս,
Անհետացրո՛ւ այս ամոթալի
Նախատինքները խայտառակության,
Ծածկի՛ր մերկ մարմնիս տգեղությունը աջով քո
կարող,
Պարգևի՛ր հանգիստ մեղքի բեռներով
Սաստկապես ծեծկված բազմաչարչարիս,
Կարգի՛ր ինձ բարվոք վերելքի ճամփա՝ կյանքիդ
հասնելու,
Որպես հիշատակ քո ողորմության՝
Ապահովի՛ր ինձ կատարյալ կյանքով՝ մահվանից հետո,
Օրհնյա՜լ երկնքում ու երկրի վրա
Եվ բարեբանյա՜լ ըստ ամենայնի՝
Հավիտյաններից հավիտյանս, ամեն։