Բան ԽԱ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Որդի՛ կենդանի Աստուծո, ամենաօրհնյա՛լ,
Անքնին ծնունդ դու ահավոր Հոր,
Քեզ համար չկա ոչինչ անհնար ու անկարելի:
Երբ ողորմությանդ փառքի անստվեր ճաճանչները ծագեն,
Կհալվեն մեղքերը, կհալածվեն դևերն ու կջնջվեն հանցանքները,
Կխզվեն կապանքները, կխորտակվեն շղթաները,
Կկենդանանան մեռյալները, կբուժվեն զարկվածները,
Եվ վերքերը կառողջանան.
Կվերանան ապականությունները, տեղի կտան տխրությունները,
Կնահանջեն հեծությունները, կփախչի խավարն, ու մեգը կմեկնի,
Կցրվի մառախուղն, ու մռայլը կփարատվի.
Կսպառվի աղջամուղջը, կվերանա մութն, ու
գիշերը կանցնի, Տագնապը կտարագրվի, կչքանան չարիքները,
Հուսահատությունները կհալածվեն,
Եվ կթագավորի քո ձեռքն ամենակարող, քավի՛չդ բոլորի:
Բ
Դու չեկար կորցնելու մարդկանց հոգիներն, այլ ազատելու.
Ների՛ր ինձ անթիվ չարիքներս՝ քո բազում ողորմությամբ,
Զի դու միայն ես երկնքում անճառ և երկրում՝ անզնին,
Գոյության տարրերի մեջ և աշխարհի բոլոր ծագերում,
Սկիզբն ամեն ինչի, և ամեն ինչի մեջ՝ ամբողջ լրումով,
Օրհնյա՜լ ի բարձունս.
Եվ քեզ՝ Հոր ու Սուրբ Հոգուդ հետ՝ փա՜ռք հավիտյանս. ամեն:
Բան ԽԲ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Տե՜ր Աստված գթության, փրկության և ողորմության,
Քավության և նորոգության, բժշկության և առողջության,
Լուսավորության և կենդանության, հարության և անմահության,
Հիշի՛ր ինձ, երբ գաս քո արքայությամբ,
Ահավոր, հզոր, բարերար և ամենաստեղծ,
Կենդանի, գովյալ, ամենակատար
Եվ մերձ համորեն արարածների հեծություններին:
Ես էլ եմ ահա՛ պաղատում քեզ խաչակցիդ հետ,
Որը քեզ համար ո՛չ բռնված էր և ո՛չ էլ կապված,
Ո՛չ կախված և ո՛չ բևեռված,
Ո՛չ խոշտանգված էր մեծիդ անունով և ո՛չ անարգված,
Ո՛չ լլկված և ո՛չ արհամարհված,
Ո՛չ խորտակված և ո՛չ մահացած,
Այլ արքայությանը՝ արդարների համար պահված լույսին արժանի համարված:
Եվ դու հաստատուն ուխտի խոստումով «Ամեն»-ի երդմամբ,
Հայտնելով տրված բարիքների անփոփոխությունը,
Փառավորեցիր նրան և փրկության հույս ներշնչեցիր ինձ՝ իսպառ լքվածիս:
Բ
Օրհնյա՜լ, օրհնյա՜լ և դարձյալ օրհնյալ,
Ընդունելով և ինձ նույն հավատքով՝
Փրկի՛ր կործանումից և բաձրացրո՛ւ, ո՜վ բարերար.
Բժշկիր հիվանդությունների ախտերից, ողորմա՜ծ.
Մահվան եզերքից ինձ կյանքին դարձրու, ո՜վ կենդանություն.
Քոնն եմ նաև ես, ուստի նրա հետ ապրեցրո՛ւ և ինձ, ապավինությո՜ւն.
Կենդանության շունչ ընծայիր դու ինձ՝ հոգով մեռածիս,
Հարությո՜ւն, դու կյանք և անմահություն,
Անպակաս բարություն, անսպառ շնորհ, անփոփոխ ներողություն,
Աջ ամենազոր, ձեռք ամենիշխան, մատ ամենամերձ:
Կամեցիր դու, Տեր, և պիտի փրկվեմ.
Ակնարկիր միայն գթությամբ, և պիտի արդարանամ.
Ասա՛ դու խոսքով, և իսկույն պիտի դառնամ անարատ:
Մոռացի՛ր թիվը իմ չարիքների՝
Եվ անմիջապես համարձակություն պիտի առնեմ ես.
Առատաձեռնի՛ր, և շուտով պիտի պատվաստվեմ քո մեջ,
Փառավորյալդ ամեն ինչի մեջ հավիտյանս. ամեն:
Բան ԽԳ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Բժշկության հմտության ամենափորձված հնարավորությամբ
Անախտական կյանքի դու պատճառ, երկնային զորեղ թագավոր՝
Տե՜ր Հիսուս Քրիստոս,
Աստված՝ իմանալիների բոլոր և տեսանելիների:
Ահա՛ իմ մեջ ես դու, ինչպես մագարեն է ասում,
նոր կցորդությամբ, Ուստի և ես միացած քեզ հետ խոսքի դաշինքով
այս բարեզարդ՝ Թո՛ղ լուսավորվեմ կրկին ողջացած՝ շնչով ու
մարմնով, Ըստ ամենայնի կարող և անդրդվելի:
Բ
Սպեղանիների կարիք չես զգում դու
Հոգուս վերքերին փաթաթաններ պատրաստելու համար,
Ո՛չ ժամանակի, ո՛չ միջնորդի և ո՛չ էլ երկարաձիգ օրերի,
Ո՛չ փոփոխական դեղեր տալու և ո՛չ անդամահատման,
Ո՛չ էլ խարելու, վիրահատության. Եվ այլ երկրավոր դարմանումների,
Որոնք ենթակա են հաճախ վրիպանքի և ամենասխալ տարակուսության:
Բայց քեզ՝ հոգիների և մարմինների Արարչիդ Ամենայն ինչ լուսավոր է, ամենայն ինչ ակներև, Ամեն ինչ գրված, ամեն ինչ դյուրին և հնարավոր,
Խորհուրդը գլխավորված է, խոստումը լցված, կամքը կատարված, Քո կտակն
Ավետարան է, քո վճիռն՝ ազատություն, մատյանդ՝ շնորհ:
Չես կաշկանդված դու օրենքներով, ոչ էլ կանոններով շրջափակված.
Արգելակված չես նվաստությամբ, ոչ էլ հպատակությամբ խոնարհված.
Չես պարփակված փոքրկությամբ, ոչ էլ սահմաններով չափված.
Չես վրիպած բարությունից, ոչ էլ ցասումից այլայլված.
Չես սխալված խստությունից, ոչ էլ խռովությունից վրդովված.
Չես դղրդված անգիտությունից, ոչ էլ ողորմությունից՝ փոփոխված.
Չես իջել բարձրությունից, ոչ էլ օգնությունից ընկրկած,
Ոչ էլ փրկությունից տկարացած:
Սկիզբն ու լրումն ես դու ամեն ինչի, և ամենայն ինչ քեզանից է:
Փա՜ռք քեզ և երկրպագություն հավիտյանս. ամեն:
Բան ԽԴ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Աստվա՜ծ անսահման, անբացատրելի հարազատ ծնունդ միակ Աստուծո,
Արարիչ բոլոր արարածների, Քրիստոս թագավոր,
Լույս՝ խավարի մեջ՝ մթնած սրտերի.
Մեզ հետ՝ մարդ կատարյալ և առաքչիդ հետ՝ իսկական Աստված,
Որ մեր բնությամբ քոնն ես ծանուցում հրաշապես:
Օրհնյա՜լ է Հայրդ երկնավոր և անճառ,
Որ առաքեց քեզ երկնից և որին փառակից ես դու արարչությամբ.
Տարագիր գերուս փրկության համար նա այնքա՛ն հոգաց,
Որ մինչև անգամ քեզ մատնեց մարդկանց:
Իսկ դու, որ կարող էիր առանց վշտի ավարտել խորհուրդը տնօրինության,
Հաճեցար մահվան բաժակը ըմպել մեղապարտիս հետ՝
Անթերի մարդկությամբ և անպակաս աստվածությամբ:
Եվ Սուրբ Հոգին քո կենդանարար, ինչպես որ քո, այնպես և իսկակից է Հորդ,
Եվ էությամբ համապատիվ՝ ծնողիդ հետ և՛ ծնվածիդ:
Մի Երրորդություն կատարյալ՝ անբաժանելի և անանջատ երեք դեմքով:
Անսկիզբ և անժամանակ, բացարձակ բարերար,
Համակ կենդանարար, ամբողջապես խաղաղարար,
Ստեղծիչ գոյությանց և հորինող ամենայնի,
Անքակտելիորեն և մի բնությամբ փառավորված:
Բ
Իսկ եթե գթած երկնավոր Հայրը հզոր՝ մեկն է էությունից՝
Մահապարտիս հանցանքների համար զոհաբերեց իր անքնին ծոցի ծնունդը միակ,
Չխնայելով իրեն համապատիվ սիրելի Որդուն,
Այլ կամովին նվիրեց նրան մահվան զենքերով
չարչարողներին, Ըստ Զաքարիայի մարգարեության,
Թե՝ «Պիտի զարթնի սուրը հովվի վրա, Եվ պիտի զարկվի հոտապետն ինքը,
Ու ոչխարների հոտը ցրվի»,
Ինչպես նախագրողի օրինակը նուրբ128Ակնարկում է ամաղեկացոց դեմ պատերազմի միջոցին Մովսեսի և ուխտը խորանի,
Եվ նվիրումն արյան սպանդի,
Եվ խորհուրդն աբրահամյան պատարագի,
Որոնք կանխապես նկարագրեցին փրկությունն հեգիս՝ կեցուցչիդ կամքով,-
Ուրեմն էլ ինչո՞ւ ես տխրում, ա՛նձն իմ,
Որ քո իսկ գործով և հոժարությամբ ես կործանվել դու
Եվ ո՛չ Աստուծո կամեցողությամբ.
Կամ ինչո՞ւ ես դու խռովում, սիրտս՝
Մտատանջվելով սատանայական հուսահատությամբ:
Հուսա՛ Աստծուն և խոստովանիր, Եվ նա քեզ համար կհոգա անշուշտ՝
Դավթյան սաղմոսի և մարգարեի կենսախրախույս խոսքի համաձայն:
Գ
Իսկ ստեղծողի խնամակալության չափն ու եղանակը ավելի վեր է,
Քան հրեշտակների և մարդկանց մտքի կշռության սահմանն,
Ու թե բյուր անգամ կրկնվի՝ դարձյալ չափել չի լինի,
Զի բարձրյալ Տիրոջ և՛ բավարարելն է անճառելի:
Մանավանդ որ նա՝ մեկը օրհնված համագոյական Երրորդությունից՝ բազկատարած կանգնելը, որը համարում է օրինակ՝ Հիսուսի խաչելության:
Ուղարկեց մյուսին այն օրհնաբանված,
Որը և մեռավ ի հաճություն իր առաքչի կամքին:
Մյուս երրորդն ահեղ երկուսի հավանությամբ
Բարեմաղթում է մեծաջան բաղձանքով:
Իսկ միևնույն բարի իրագործումների մեջ
Նրանց համամիտ միակամության ապացույցներն են՝
Հոգին՝ կենդանու և բանը՝ բանականի,
Պայծառությունը՝ փառքի և կերպարանքն՝ էությանը:
Փույթ՝ ապրեցնելու, սթափ՝ ողորմելու,
Օգնության ձեռք կարկառելու և փրկելու՝ պատրաստ,
Առատատրությամբ՝ հորդ, շատությամբ՝ զեղուն,
Անբավությամբ՝ լի, աննվազությամբ՝ փարթամ,
Երկայնամտությամբ՝ ճոխ և անհասությամբ՝ բարձր,-
Մի Երրորդություն կատարյալ եռանձնյա,
Օրհնյալ հավիտյանս. ամեն:
Բան ԽԵ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Եվ արդ, ով կործանված իմ անձ, բարի հույսը տնկած սրտիդ մեջ
Եվ հավատքի գոտիով պնդած երիկամներիդ մասերն երկու՝
Ցանկական գործարանները քո կրկնապղտոր խորհուրդների,
Խոստովանի՛ր բարերար Աստծուն մտածածներդ՝ որպես թե արդեն գործված մեղքեր,
Խորհածներդ՝ իբրև կատարվածներ, Անտեսներն՝ իբրև արդեն հայտնի,
Սրտիդ մեջ թաքուն պահածներն՝ իբրև բարձրաձայն ասված.
Ակնարկումներդ՝ իբրև իրագործած մեղանչումներ,
Շուրթերիդ շարժումն՝ իբրև չարության գործադրություն,
Ոտքերիդ հետքերն՝ իբրև վազք ընդդեմ Աստուծո պատվիրանների,
Ձեռքերիդ ցասկոտ երկարումն՝ իբրև արյունահեղություն,
Անվերջ ծիծաղելն՝ իբրև կամավոր լքումն շնորհի,
Երդումն ի դեպ թե տարադեպ՝ իբրև գործակցություն խաբողին,
Ամբարտավանությունն՝ իբրև հին կործանիչ նախաստեղծին իր բարձրությունից,
Սրտնեղությունն՝ իբրև թերահավատություն,
Մեղկությունն՝ իբրև պարտություն զորավոր ամրության,
Վշտակրության համար տրտնջալն՝ իբրև ուրացություն՝
Տիրոջ հետ արած ուխտի,
Անսանձությունը՝ իբրև մի թոռը անգթության,
Անբարհավաճությունն՝ իբրև վեհերի դեմ գոռոզացում չնչին բաներով,
Պարծենկոտությունն՝ իբրև կամակոր հարազատություն չարագործի հետ:
Ակամա մեղքերն էլ խոստովանիր կամովին գործած հանցանքների հետ,
Բռնիները՝ հավանությամբ կատարվածի հետ,
Նորամույծները՝ բնածինների հետ,
Անօրենությունը՝ ապաստվածության հետ,
Փոքրերը սաստկագույնների և քչերը՝ շատերի
հետ, Անասելիներն ասա՝ արդեն իսկ ասված իմացողին,
Անգրելի մեղքերը՝ իբրև տեսնողի աչքի առջև մագնիսաքարի վրա արձանագրված,
Մեղքի համար թեթևագույն համարվածներն՝ իբրև ստվար ու ծանր բեռներ,
Ծածկվածների չափի որոնումը՝ իբրև ճշտիվ պահանջումն
Կետի կորյունի բերանից առած սատերի տուրքի` չորեքդրամյան ծանրությամբ129Հմմտ. Մատթ. ԺԷ. 23-26.
Անդնդային գործերը՝ իբրև Աստուծո ականջին արագ հասածներ:
Շարունակի՛ր սրանք և կուտակի՛ր կրկնապես՝
Հանձնառու լինելով պատմելու այստեղ վերստին
Սաստիկ հեծությամբ չեղածներն իբրև արդեն
եղածներ Ցույց տուր Աստծուն պարտությունը քո հալածյալ անձի,
Որպեսզի ընդունես դու փոխատուից պարտքերիդ թողություն,
Այն մեղավորի նման, որին արդարացրեց Տերը և հռչակեց հրաշափառապես,
Եվ բազմապատիկ ներբողով կրկնեց գովեստը զղջման,
Քան թե պարսավեց մեղքերը նրա:
Բ
Բարդիր և դիզի՛ր, ա՛նձն իմ, մեղապարտ հոգուդ հանցանքները,
Կշտամբելով հույժ՝ խոսքերով սաստիկ և նախատական
Քո բազմամասնյա խոհերը և գործերը ժանտ՝
Չարություն, անօրենություն և սխալանք,
Մարտահանդեսից փախուստ և պարտություն,
Մոլեգնություն, ամբարշտություն և ապշություն,
Թմրություն և քուն՝ արթմնի և նիրհումն ընթանալիս,
Օտարոտի խորհուրդ և նանիր խոսքեր,
Սեր՝ զազիր գործերի և դանդաղում նրանց մեջ,
Տենչեր՝ Աստուծո համար ատելի,
Աներկյուղություն, անսաստություն, անշիտակություն,
Թերություն, թյուրություն, թուլություն, ժլատություն,
Սանձարձակություն, ծաղրածություն, խեղկատակություն,
Եվ շարժուձևեր գայթակղեցուցիչ ու պատրողական,
Անտեղի քաջություններ, անհարմար մարտնչումներ, արիություններ անօրինական,
Հոգու խեղդումներ, տատանողական երկչոտություններ,
Բազմոստայն ճյուղեր թափուր, անպտուղ,
Անպատկառ լկտիություններ, գժդմնություններ և գժտություններ,
Անմիտ ատելություններ և մարմաջումներ դյուրին որսացվող,
Անկշռելի փոքրություններ, խոստմնադրժություններ,
Ուխտազանցություններ, այլակերպություն նմաններից,
Կեղծիքների քողարկումներ, փառամոլության հիմարություններ,
Հավակնություն բարձրահոն, ապիրատություն, եսասիրություն,
Նախագահական տենչանք, չարով հատուցում չարագործներին,
Եվ դրանց հանդեպ բարբաջանք և ի զուր ու փուչ կրքեր,
Գործակցություն բանսարկուի խորամանկությանը,
Խոսքերի շաղ տալն ու կենաց վաճառք սատակման գնով,
Ավանդների կորուստ, ժառանգության վատնում, կապանք ձգողական,
Երինջների լծափոկով անխզելի՝ բռնված անօրենություններ129aԵսայի Ե. 18,
Մշտաթաթավ տղմաբնակություններ,
Լքումն լավերի և ենթարկումն վատերի,
Դարձի գալուց ետ վերադարձ դեպի նույն դժնություններ՝
Նորամուտ մտքեր, օտար խորհուրդներ և անկայուն կամք,
Հագագային հևքեր, անասնական կրքեր,
Իշխանականի ամենասփյուռ ընդարձակություն:
Եվ կան դեռ, որոնք անգրելի են և անասելի,
Կամ անպատմելի, անպատկերելի:
Գ
Եվ հիմա, ինչպե՞ս պիտի բժշկվես, ա՛նձն իմ եղկելի,
Դու, որ խոցված ես այսքան տեգերով,
Երեսից ընկած անողջանալի այր մի տարագիր, ըստ մարգարեի,
Զի միայն մեկն էլ վերոգրյալներից բավական է քեզ սատակեցնելու,
Դեռ թողնենք, որ դու ժանտ դահիճների այսքան խմբերով ես շրջապատված:
Մանավանդ՝ սոսկ ա՛յս օրինակներով չի տրվում պատկերը տառապյալիս,
Այլ, ինչպես վխտացող բազմությունն անթիվ կարիճների,
Որոնք օրհասական թույնը կրում են իրենց պոչի ծայրին,
Ինչպես մաշկեղեն մի ամանի մեջ ամփոփված, որտեղ խայթոցն է նրանց,
Որոնք արտաքուստ թվում են թեև բարի, անվնաս,
Բայց ներքուստ ունեն չարի ամբարներ, կորստյան պահեստ,
Կսկծանքի կույտ, սատակման գործոններ, մշակներ մահվան,–
Այդպես են նաև ամբարված դաժան անօրենությամբ
Թշվառաքրտինք թոշակները քո, ա՛նձն իմ պարտական կրկին սատակման:
Կամավորաբար ընդունեցիր դու քո մեջ այն, ինչ որ
Ցանեց թշնամին աշխարհի ագարակում՝ ցորենի վրա130Մատթ. ԺԳ. 24-28,,
Ո՜վ այր անմաքուր, ամբարիշտ և ծույլ, իսպառ ատելի,
Որին սիրելի և դուրեկան են անառակությամբ լցված ամեն ինչ,
Որոնք թվում է առաքյալն ինքը խիստ կշտամբական իր այն խոսքերով՝ վերջացրած այսպես՝
«Եվ նրանք, ովքեր գիտնալով հանդերձ օրենքն Աստուծո գործում են այսպես
Կամ գործողներին լինում կամակից՝ արժանի են մահվան»:
Արդ, ես ինքս ինձ արժան դատեցի կրկնակի պատժի –
Կորչելու իսպառ և սատակելու որպես մահապարտ.
Բայց դու խնայիր ինձ ողորմությամբ, բարեգո՜ւթ, հզոր, կենդանի,
Կամարար, կարող և հնարավոր, օրհնյա՜լ հավիտյանս, ամեն:
Բան ԽԶ
Ա
Վրիպյալս ես ամենայն անգամ, ամենապատիժ,
Միշտ դժնյա վայրենաբարո, մահով եմ անձամբ
կշտամբում ինքս ինձ.
Ինչպես արոտական խոզերի զազիր և վայրագասուն երամակներ՝
Գարշելի մեղքեր արածացնող եմ ես նախատելի վարձով131Ղուկ. ԺԵ. 25.
Ամայաբնակ ուլերի հորանը խնամող հովիվ եմ ես մի
Տավարածների վրանների մոտ,
Ըստ Երգ-երգոցի առակի, որ ինձ է վերաբերում,
Ինձ, որ չեմ ճանաչում նույնիսկ ու չգիտեմ երբեք,
Թե որի՞ ձեռքով և ո՞ւմ պատկերով, ինչո՛ւ գոյացա:
Բ
Ահա՛ մարմինդ կրող երկու միակցորդ ու խորհրդակից ոտքերիդ վրա
Հրեշտակի ձևով ես կառուցվել դու,
Որպեսզի երկու վերև բարձրացած քո բազուկներով վերասլացիկ,
Իբրև թռչելու համար թև առած՝ դիտես հայրենի աշխարհը բարձրից:
Ո՜վ հիմար, ինչո՞ւ ինքդ քո կամքով կորացար գետնին,
Եվ միշտ աշխարհի չնչին ու ճղճիմ հոգսերով տարված:
Անապատական ցիռերի կարգը դասեցիր դու քեզ:
Մարմնիդ աշտանակի վրա իբրև ճրագ բազմականթեղյան՝
Գլխիդ կլորությունը հաստատվեց,
Որպեսզի այդպիսով, չհեռանալով օրինակելի լույսի շնորհից,
Տեսնես Աստծուն և անանցանելիքն իմաստասիրես:
Բանականության պատվով կրկնապես ճոխացար,
Որպեսզի վերուստ քեզ տրված բոլոր բարեմասնությանց
Հաղթանակը դու պատմես անարգել, անկաշկանդ լեզվով:
Մատնելով հարմարապես ճյուղավորված ճարտար քո ձեռքերով
Գործելուդ համար և կառուցելու՝ աստված կոչվեցիր՝132Այս բառի հարաբերական իմաստով՝ հորինող, ստեղծող:
Համացեղությամբ իբրև գործակից ամենապարգև աջին Աստուծո:
Երեք հարյուր վաթսուն հոդերով դու շաղկապվեցիր,
Միացնելով նրանց քո մեջ պատշաճող թիվը հինգ զգայարանքների133Իր ժամանակի անդամազննական հասկացողության համաձայն՝ մարդու մարմնի ոսկորների և կազմության զանազան մասերի քանակը՝ 360. այդ թվի վրա ավելացնելով հինգ զգայարանները՝ համապատասխանում է տարվա օրերի թվին:,
Որպեսզի արտաքին առերևույթ նյութեղեն շինվածքդ
Չմնա մտքիդ տեսության կողմից անքննադատելի.
Զի ոմանք դրանցից ստվար են և զորավոր,
Եվ ուրիշներ՝ փոքր են ու պիտանի,
Կան, որ կարծրակերտ են և՝ զգայուն,
Եվ դարձյալ, որ գողտրիկ են ու պատվականագույն,
Ինչպես նաև կան, որ կարևոր են և ամոթալի:
Իսկ բացատրություններն այդ բոլորի քո մեջ են
նկարված, Իբր անջնջելի արձանի վրա, ա՜նձն իմ եղկելի.
Որի միտքն այն է, թե ժամանակի մասն ամենափոքր ու տարին կազմող բոլոր օրերի կարգն հաջորդական
Սահմանված՝ մարմնի մասերի թվով
Անսխալ կերպով անայլայլելի՝ պահված են այնտեղ:
Գ
Կա և հոգևոր մի այլ օրինակ,–
Սիրո հոդերով շաղկապված ի մի սուրբ եկեղեցու միությունն է այդ,
Որի խորհուրդը դարձյալ քեզանով է մեկնաբանվում.
Այնպես որ առանց բոլոր մասերի իրար հետ ամուր սերտ կապակցության՝
Մեծը փոքրի հետ համաձայնված մի ընդհանուր լծի ներքո
Քրիստոսի անվամբ հալածանքների շենքի կատարելությունը վնասված կլինի:
Ինչպես որ մարմնին պատվաստված աննշան անդամներից մեկն եթե կտրվի և կամ պակասի՝
Կրճատված կլինի մարմնի կազմվածքը, որ զգայական սենյակն է մարդու,
Որով և ահա՜, պատկերն ընտանի կենթարկվի անարգ մի փոփոխության:
Ուրեմն այսպիսով, ինչպես և բազում այլ անզուգական հրաշակերտությամբ ստեղծված՝
Աստուծո հարազատ պատկերն ես դու, հոգի՛դ իմ գերի, իսպառ կշտամբված:
Թեև առաջին նմանությունիցդ կողոպտվեցիր,
Կենաց դրախտում մեղանչելով պատվիրանի դեմ,
Բայց ավազանի լուսազարդ շնորհով, Հոգու փչումն ընդունելով,
Նախկին նույն պատկերն ստացար դարձյալ:
Եվ այժմ ինչո՞ւ կորցրիր դու այդ փառքը երկնավոր,
Ինչպես կորցրեց նախաստեղծն երբեմն վիճակն երկնավոր՝ Ադեն դրախտում:
Ինչո՞ւ ինքդ քո ձեռքով փակեցիր երկինքը քեզ համար,
Եվ վերելքի դուռը կողպեցիր քո առաջ.
Ինչո՞ւ խառնեցիր մաքուր ջրի հետ աղտն
արցունքներիդ.
Ինչո՞ւ լվացված ձորձը՝ գարշելի գործերով զազրելի դարձրիր,
Ինչո՞ւ մեղքերի պատմուճանդ հանած՝ նորից հագար այն անառակ վարքով.
Ինչո՞ւ ժանտերի ճամփով գնալով ոտքերիդ մաքրությունն աղտեղեցիր.
Ինչո՞ւ կրկնեցիր իրավադատին ուխտազանցությունն հին պատվիրանի.
Ինչո՞ւ զրկվեցիր շնորհաց պտղից, ինչպես Ադամը՝ կենաց ծառից.
Ինչո՞ւ նենգեցիր ինքդ կամովին հավերժությունը անստվեր հույսի.
Ինչո՞ւ թույլ տվիր, որ անհամարձակ՝ ծածկվի դեմքդ սաստիկ ամոթից.
Ինչո՞ւ զինվեցիր դու ինքդ քո դեմ հակառակվելով, ո՜վ ընդունարան խելագարության.
Ինչո՞ւ որս եղար մահվան ծուղակին, թողած արահետը վստահելի.
Ինչո՞ւ պատրանքների կարթով բռնվեցիր, կենդանարարի մարմնին հաղորդակի՛ցդ դու:
Բայց դու վերստին հուսալով նրան՝ պաղատի՛ր առ նա,
Որ ապավեն է, քավիչ, նորոգիչ, փրկիչ, կեցուցիչ և կենդանարար,
Ողորմած, խնամող, մարդասեր և անոխակալ,
Բազմագութ, օրհնյալ հավիտյանս. ամեն:
Բան ԽԷ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Եվ արդ, ամաչելով մեծիդ ահավորությունից, ի՞նչ կարող եմ ասել,
Եթե ոչ համրանալ և բերանս հողին՝ լռել սրտիս մեջ,
Աչքերս հառած բարի հույսին, ըստ մարգարեական խոսքի.
Իսկ եթե բանամ փականքը՝ շարժվող իմ շրթունքների
Եվ կամենամ բռնադատել նրանց, որ խոսեն,
Խղճմտանքիս ձայնը դարձյալ կթելադրե ինձ
Հյուսել լալագին ու կրկնակական եղերերգրություն:
Բ
Ուստի ողբակից մեծ մեղավորին,
Որը կամովին մահացու կերպով անօրինացավ,
Նրա գոչն իր հետ կրկընում եմ և ե՛ս:
«Մեղա՜, Տեր, մեղա՜, անօրենություններիս մասին ես ինքս եմ վկայում»:
Դրա հետ մեկտեղ հյուսելով նաև հիսուներորդ սաղմոսի խոսքերը,
Մեղավոր հոգուս պարտքերի հաշիվը ես համարում եմ անթվելի,
Ավելի քան հողմից քշված հյուլեները փոշու՝ օդում համատարած:
Գ
Մեղա՜ երկնքի և քո առջև.
Անառակ որդու հետ ամոթապարտ և ես
Հայրենի գութիդ վերադառնալով՝ թախանձում եմ քեզ:
Եվ տխրադեմ, ահա՛, քեզ մոտենալով,
Ձայնը ողորմելի աղերսանքներիս, արտոսրածին ողբերի գոչյունով՝
Քո առջևն եմ տարածում, Հա՜յր գթությանց, Աստվա՜ծ բոլորի:
Ես արժանի չեմ ոչ միայն որդի կոչվելու,
Այլև անվանվելու անպիտան և անօգուտ վարձկան:
Ընդունիր սովյալ տարագրականիս և հանցապարտիս,
Եվ նեղվածիս ու նվաղածիս տանջող ցավը քաղցի՝
Կենաց քո հացով դարմանի՛ր դու:
Ընդառաջիր ինձ քո ողորմությամբ, քանզի ես նախ քեզ եմ ապավինել.
Հագցրո՛ւ, գթա՜ծ և անոխակալ, անօրինյալ մեղապարտիս
Զգեստն այն, որից ես դեռ նախապես կողոպտված էի.
Մեղքերով աղտեղված անվանդակորույս ձեռքիս
Մատուցիր կամքով քո ամենառատ՝ մատանին
կնքով համարձակության.
Ոտքերիս գարշապարների մերկությունը թշվառ
Ավետարանի ամրածածուկ կոշիկներով պատսպարելով՝
Ապահովի՛ր դու օձի թույնի դեմ:
Զվարակդ պարարյալ, երկնային, որ քո միածին Որդին է օրհնյալ
Ճշմարիտ մարդասիրությամբ՝ իմ բարեկարոտ հոգուն նվիրիր:
Մատուցվում է նա միշտ ու չի սպառվում երբեք.
Մորթվելով անթիվ սեղանների վրա՝ անսպառ է
նա միշտ, Մնալով ամբողջ՝ բոլորի մեջ և բովանդակ՝ յուրաքանչյուր մասում,
Իր էությամբ երկնքում է նա և իսկությամբ
երկրում, Աննվազ մարդկությամբ և անթերի աստվածությամբ,
Որ փշրվելով բաշխվում է միշտ անհատնում
մասերով, Որպեսզի բոլորին հավաքի մի մարմնի մեջ՝ ինքը լինելով գլուխ:
Քեզ փա՜ռք ընդնմին, Հա՜յր ողորմության, հավիտյանս. ամեն:
Բան ԽԸ
Ա
Բարձրյա՜լ, հզոր, անսկիզբ, ահեղ, անբովանդակելի,
Ա՜չք աննիրհելի և ամենատես, ծնող անքնին փառքով Միածնիդ.
Երկնավորների և երկրավորների առջև ճշմարտի՛ր քո ողորմությունն իմ նկատմամբ.
Տոնի՛ր վերապրումը կորուսյալիս՝ վերնականներին պարերգությամբ134Ղուկ. ԺԵ. 7-10.
Օրհնաբեր խոսքովդ ավետարանի՛ր կենդանությունը մահացյալիս.
Հայտնի՛ր քո կամքի բարեբաստությունը, գովյա՜լդ բոլոր արարածներից.
Ստացի՛ր անճառ անուն քեզ համար, իսկ ինձ թշվառիս՝ նորոգ փրկություն.
Կորցրո՛ւ մեղավորիս ամբաստանության մուրհակի գիրը.
Մահավճիռը հոգուս ջնջի՛ր դու սիրելի Որդուդ արյան կայլակով.
Վստահությունը բարի փրկության՝ Քրիստոսի արյամբ նկարի՛ր իմ մեջ.
Բարեգթությանդ հրաշքները ցույց տուր հարսանյաց ճաշկերույթում քո հարազատին:
Մի՛ փակիր քեզ դիմողիս դեմ սրահի առագաստը քո կենաց տան.
Մի՛ բաժանիր ինձ բազմականներից և քո բարիքներից մի՛ զրկիր.
Մի՛ պահիր գանձարանիդ մեջ մեղքերն իմ նյութած անօրենության.
Մի՛ կնքիր բարեմասնություններիդ քսակում գարշությունն իմ զազրությունների.
Մի՛ ծածկիր երկար՝ վերքերն իմ մեղքերի՝ ախտալից մարմնիս մեջ.
Մի՛ դարձնի ինձ տնկակից մահամնա նեխվածքն ու փտությունն իմ ցավերի,
Այլ քո ողորմած խոսքով վերացրո՛ւ ժանտությունն ապականիչ,
Որպեսզի ազատ հյուծող ախտերից՝ առողջությա՜նը պատրաստվեմ.
Խորապես խոցվածիս համար ճարի՜ր զորավոր սպեղանի, ո՜վ գթությանց Հայր.
Տո՛ւր բարի այցելություն կարեվեր կործանվածիս, քանզի քոնն եմ ես, ո՜վ ոգեսեր Տեր:
Եթե մինչև իսկ բյուր հեղ մեղանչեմ, դարձյալ մեղավոր չեմ համարվի,
Ապավինելով քո կենսապարգև շնորհին, ո՜վ բարերար իմ և կյանքի տվիչ.
Զի քեզ ճանաչելը կատարյալ արդարություն է,
Եվ զորությունդ գիտենալը՝ անմահության արմատ.
Ինչպես որ առաջուց իմաստունն է գրել.
Եվ դարձյալ այսպես է ասում նա.–
«Տիրում ես բոլորին, դրա համար էլ խնայում ես սրանց».
Եվ նմանապես՝ «Կարող ես դու միշտ, երբ էլ կամենաս»:
Բ
Հուսատու աղերսն այս՝ Սողոմոնի՝ օրինակ եմ ես առնում ինձ համար,
Զի ոչ ոք, քան նա, ինձ զուգաշավիղ՝ չեղավ բազմամեղ.
Երբեմն որդի՝ հետո ատելի.
Երբեմն միջնորդ խաղաղության Աստուծո ժողովրդին,
Եվ հետո խտրոց պառակտիչ՝ բազում խռովությունների.
Երբեմն կյանքի օրենքը եղած և ապա փոխված մահվան մուրհակի.
Երկնավորի պաշտումն ընդոտնած, և օտարի անունը ճանաչած:
Անտեղի ցրող, անկարոտ զրկող, անսովելի գող,
Շոյված տրտնջող, փափկացած փախստական,
խրտնած սեղանանենգ, Պապանձյալ վնասապարտ, քաղցրասնույց հայհոյիչ, հայրատյաց զավակ, Կտակարանների մատնիչ, Մովսեսի դեմ չարախոս,
Երախտիքներ մոռացող, սխալական իմաստուն, ամենագետ հանցավոր,
Ամոթապարտ զղջացած, տարակուսյալ աշխատող,
Ամոթապարտ զղջացած, տարակուսյալ աշխատող, աղոթավոր կռապաշտ,
Դարձի գալու մեջ դանդաղկոտ և ընդունվելու՝ երկմիտ,
Կասկածավոր հաշտություն, ապառնի հուշարար, երկբայելի փրկություն,
Անհավատալի գյուտ, մեծության մնացորդ, Խարդավանված գերի, կիսակտուր պրծած, կամավոր անձնամատնիչ, Տմարդի հղփացած, բազմավրեպ հանճարեղ:
Նա ինքն իր մասին ասածների մեջ դրել է երկու տարբեր զգացում՝ իրար հակադիր
Ինքնակամորեն կորստյան համար.
Արգահատանքի և երգիծախառն լացի խոսքերով՝
Ամեն տեսակի բարելավության թելադիր է նա,
Այն ինչ իր կյանքի խոտորումներով
Բոլոր շուրթերին պատճառել է խոր թախծալի թառանչ:
Գ
Զարմանում եմ ես և հուսահատվում տարակուսյալ ապշությամբ,
Զի եթե նա այնքան գայթեց, հապա ի՞նչ պիտի պատահի ինձ:
Ինչպե՞ս ընկավ բարձրացածը,
Ինչպե՞ս սասանվեց հաստատվածը,
Ինչպե՞ս կործանվեց կառուցվածը,
Ինչպե՞ս օտարացավ ճանաչվածը,
Ինչպե՞ս կատաղեց զավակն ընտրյալ,
Ինչպե՞ս հեռացավ մերձավորը,
Ինչպե՞ս աղոտացավ փայլողը,
Ինչպե՞ս պատանդվեց ազատվածը,
Ինչպե՞ս անօրինացավ ուսուցիչը,
Ինչպե՞ս անշքացավ հռչակվածը,
Ինչպե՞ս անարգվեց փառավորվածը,
Ինչպե՞ս փոքրացավ մեծատունը,
Ինչպե՞ս ամբարշտացավ բարեպաշտը,
Ինչպե՞ս գոռոզացավ ընտրյալը,
Ինչպե՞ս ունայնացավ պատարունը,
Ինչպե՞ս խզեց նա իր ուխտը բարձրյալի հետ:
Ամաչում եմ ասել, թե նաև սանդարամետականի հետ կապվեց:
Ի՞նչ ուներ նա կուռքերի հետ և ուսկի՞ց նրա սերը պատկերներին.
Ինչո՞ւ կամակցեց խտրականությանը,
Ինչպե՞ս չհիշեց Սամուելի հանդիմանությունը
Սավուղին, Թե՝ «Հմայությունները մեղք են, և մարդակերպ կուռքը պատճառում է ցավ ու նեղություն»:
Ինչպե՞ս չհիշեց նա հանդիմանությունը հայրենի,
Թե՝ «Հեթանոսների կուռքերն անշունչ դևեր են,
Եվ նրանց նման են լինելու պաշտողները նրանց»:
Մովսեսն ինքն է առաջինը ծաղրում և ամբաստանում սաստիկ, ասելով–
«Տերն էր միայն առաջնորդում նրան,
Չկային նրանց հետ օտար աստվածներ, որոնց չէին ճանաչում նրանց հայրերը»135Բ. Օրին. ԼԲ. 12:
Ո՞ւր է մահատու այլանդակ արձանը Փագովրի136Մովաբացոց աստվածը, որի համար Սողոմոնը մի բարձրավանդակ կանգնեց: «Մահամատույց» է կոչում նրան Նարեկացին, որովհետև պատճառ եղավ նա 24000 իսրայելացիների կոտորածին (Թվոց. ԻԵ. 9):,
Ո՞ւր սիդոնացոց տխեղծ, անպարկեշտ և ամենանզովյալ իգական ձուլածոն137Գ. Թագ. ԺԱ. 5,
Ո՞ւր անգրելի խայտառակությունը զազրակերպարան կանացի սեռի,
Որին անխտիր և անասնորեն անձնատուր բոլոր մարգարեները պիղծ պաշտամունքի՝ Նվիրվում էին մոլի անաստվածությամբ հանուն չարության անժուժկալ դևի:
Կինը, որ նախահորն ի կորուստ որսաց, Տարավ և՛ նրա բարեբաստության ստացվածքը ողջ.
Մեծությունն հաղթեց մտքի առավելությանը, Գոռոզությունը գերեց նրան, և փափկությունն
հիմարացրեց, Ստրկացնող արծաթը նրան կառավարեց,
Կործանարարի հինավուրց զենքը խոցեց խորապես մարդուն տոնելի,
Աստուծո գրկից հանելով նրան՝ ստամբակի ոտքերի տակ գլորեց.
Մեղկությունը մեռցրեց նրան, ծուլությունը թմրեցրեց,
Շվայտությունը հարբեցրեց նրան:
Ո՜վ դյուրապատիր մարմին երկրածին, ի՞նչ ողբ ու կոծով ավաղեմ ես քեզ.
Քանզի ոչ միայն նրան են վերաբերում բանադրանքներն այս,
Այլև կամովին սխալվողներին և մոլորվողներին բոլոր:
Ուստի և ահա՛ պետք է իմանաք այս օրինակով, Թե անօգուտ է պարծենալ մարմնական իմաստությամբ, Եթե Աստուծո դատելով ընտիր չհամարվի ոք:
Այնպես, որ եթե մեկը մինչև իսկ հիմար էլ լինի, բայց հույս դնի ստեղծողի վրա՝
Նա զերծ կմնա այն չարիքներից, որոնց Սողոմոնն եղավ ենթակա:
Դ
Բայց Սողոմոնն ունի ինքնապարսավ կշտամբանքով լի
Եվ սաստիկ քստմնելի՝ դարձի մի հիշատակարան,
Իբրև մեկը, որ մեռցրել է իր մեջ անձնասիրության աշխարհը համայն,
Որն, եթե ուզենք ճիշտը նկատել, «ունայնություններով» է իմանալի.
Այլև մատյանով քահանաների և սիլոնացի Աքիայի Գրքով,
Որի մեջ նա իր անցած ողջ կյանքի դառնություններն է երգում արցունքով.–
Զուր ջանք, անօգուտ վաստակ, անմիտ հետևանք, անշահ արշավանք,
Անկայուն գործեր, օտար խորհուրդներ, սին հոլովումներ,
Բամբասելի բերք, անճիշտ կարծիքներ, սնոտի սերմեր,
Ավազափուլ շինվածքներ, ապականացու ստացվածքներ,
Քամահրելի տաժանքներ, ինքնամարտ կռիվ, իր ոգու դեմ դատ,
Ընդունայն քրտինք, վնասակար փափագ,
Կորստյան շավիղ, վրիպակ ճանապարհ,
Կործանարար կրթություն, մոլորապատիր վարժություն,
Մշտասխալ տեսողություն, ակնահայրատ պչրանք,
Պոռնկատիպ կերպարանք, ախտաբորբոք նյութ,
Դժնատեսիլ գույն, հոգնատխուր գեղ,
Սաստիկ մրոտ ծուխ, ցնդելի շոգի,
Ավարի վաճառք, քանդելի տաղավար,
Ի զուր աղաղակ, անառիթ ծաղրանք,
Արհամարհելի ասպարեզ, անձնավաճառ գիր, սատակչական ելք,
Անաստված մտածմունք, ստահոդ ճառ,
Զայրացուցիչ զրույցներ, եպերելի խծբծանք,
Խելագար խույզեր, ամոթանքի ցույցեր, խայտառակ հայտնություններ,
Ապառնի անառակություններ, ապաշավելի արարքներ,
Ըմբոստների պատմություն, ծույլերի օրինակ, խորխորատ ծածուկ,
Որս խավարային, մահագուշակ վիհ, անհատակ անդունդ,
Ուղեկցություն սպանողներին, հիմարական բարբաջանք,
Դարանակալների վայր, խարխուլ հարկ,
Սասանած շինվածք, խախտված կամուրջ,
Խուսափուկ երևույթ, խաբող շողոքորթ, անոպա մատնիչ,
Հակառակություն ընդդեմ բարձրյալի:
Խոստովանական խոսքերի բոլոր մասերն այս որպես կանոնադրություն
Ժողովողն ինքը նախասերմանեց բոլոր,
Զղջումով դարձի եկողների սրտում,
Որպեսզի մարդկանցից ոչ ոք չպարծենա՝ բամբասանքների նետերով զինված՝
ր անձը և իր ընկերոջը խոցոտելով.
Զի կռապաշտ է նա, ով քողով է ծածկված կեղևի տակ
Եվ ստեղծողին անախորժ գործեր է կատարում:
Ե
Եվ արդ, նա, որ այնքան չմեղանչեց, որքան զղջաց,
Թող չպախարակվի իսպառ, այլ այդպիսին ի բարին հիշվի,
Իբրև հիմք հուսադրության բոլոր նրանց, ովքեր տերունական ոտքին դիմեցին,
Երբ աստվածությամբ անբաժանելի նա դժոխքն այցի իջավ իր հոգով՝
Կենսագործելու այնտեղ խոստովանողներին138Ա. Պետ. Գ. 19,
Որով մեռյալները կենդանիներիս բերին ավետիս անտարակույս:
Եվ ես հանցապարտս, որ հասու չեմ նրա իմաստությանը,
Բայց մասնակից եմ եղել նրա մեղքերին,
Աղոթում եմ արդ նրա հետ ահա և բարեբանված մեծիդ պաղատում:
Լցրո՛ւ դու համեստ շարադրանքն այս իմ այն երջանիկի հանճարեղությամբ,
Թախանձանքներս թող որ խառնվեն այն հույժ աշխարող արքայի աղերս-աղաչանքներին
Եվ դառնան թող որ մեծարանք առ քեզ:
Խնդրանքներս այս իմ մի՛ թողնի անտես,
Ինչպես խնդրանքներն վեհ արքայորդու, որ իբր օրինակ տվիր Միածնիդ:
Եվ մենք արենակցին նրա՝ փառակցիդ ճաշակեցինք:
Տո՛ւր փրկություն քո ծառային, ամենահնար, զորեղ, ահավոր,
Եվ ավելացրու փառքն ստեղծողիդ՝ Ջնջելով նրա մեղքերն անքավելի:
Հիշելով բարի խորհուրդները նրա, ողորմյալների հետ նորոգիր նրան,
Որ ամենահամեղ, ախորժաճաշակ և բազմապաճույճ առակագրությամբ
Աստվածությունդ քարոզեց եկեղեցուն ընծայված լուսազարդ իր մատյանում,
Ցույց տալով բարի ճամփան բոլորին,
Դեպի քեզ գալու խոստովանությամբ, Հա՜յր ամենեցուն:
Նրա այս խոսքերն ապացուցում են, թե հեռու չէր նա ողորմությունից,
Եթե եռանդուն նրա սրտի մեջ հուսահատություն կաթած չլիներ,
Որ և զղջումի աճապարանքը փոքր-ինչ կասեցրեց:
Զ
Արդ, ի հուշ բերելով բարեմասնություններդ անճառելի,
Ողջունի՜ր գթությամբ և քո երանությանն արժանացրու դարձյալ
Դարերից ի վեր մեղադրանքների քարաձգությամբ խոշտանգվածին,
Որ առատահոս արտասուքների վտակներով
Իր խրախճանքների ապարանքի հատակը հեղեղեց սաստկակսկիծ ապաշավությամբ Եվ ողորմելի հոգու հեծությամբ հոր հուզումներին գերազանցեց:
Արցունքներն այդ քո դու երկայնամիտ ներողությամբ
Միացրո՛ւ ու խառնիր, գթա՜ծ, Միածնիդ արցունքներին,
Որ մեր մարմինն առնելով կրեց բովանդակ մեր վշտերն իր մեջ:
Անվավեր կերպով նրանը կարծված սաղմոսի բարեբանությունը ի փառս էակից Որդուդ վճռելով,
Նրանով նրա՛ն ևս փրկիր քաղցրությամբ աղքատների հետ,
Պուետիկոս մի բարեշնորհ139Գրիգոր Նյուսացի (330-400),
Լիովին վարձք էր համարում իրեն Սողոմոնի հետ միաբան ձայնակցությամբ՝
Նրա համար իսկ աղերսել առ քեզ,
Որը և լրիվ՝ հավելվածաբար հիշատակված է հաջորդ տողերով:
Քանզի նրա հորինած օստացու բազմահրաշ, մարգարեաճառ պատմագրությունը,
Որ աստվածությանն է արդարացնում, Հաստատում է, թե Սողոմոնն արժանացավ ողորմության:
Ապա ուրեմն նրա համար աղոթելն ավելի անպարսավելի է, քան չարախոսելը:
Է
Ուստի և ես եմ աղոթում ահա մեծ վստահությամբ,
Նրա հետ մեկտեղ գոչյունս ողբի քեզ ընծայելով.
Զի եթե ըստ մեր գործերի դատես ու կորցնես մեզ՝
Չի պակասի քո փառքը, քանի որ իրավունք ունես դու,
Իսկ եթե գտնես մեզ՝ կբարձրանաս այնքան, որքան վայել է քո մեծությանը:
Զի դու հավիտյան օրհնաբանելի ես
Ողորմածությամբ, քան թե սաստկությամբ նախահրաման:
Դարձի՛ր, Տե՜ր, դարձի՛ր քո խնամարկու գթության քաղցրությամբ
Եվ սիրույդ ձրի և ամենառատ պարգևներով սփոփիր մեզ,
Որ համանման անբժշկելի տագնապի տապով տոչորված՝ տրտում-տխուր ենք հավետ:
Փրկարար ձեռքդ դնելով կրկին՝ նորոգի՛ր դու մեզ,
Քավելով և պաշտպանելով մեզ մեղսակործան խորտակումներից:
Եվ քեզ՝ սկզբիդ միակ և անսկզբիդ, Եվ սկիզբների սկզբնավորողիդ՝
Սուրբ Երրորդությանդ և մի աստվածությանդ Փառք և իշխանություն հավիտյանս հավիտենից. ամեն:
Բան ԽԹ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Եվ արդ, անօրենությունները թող չտիրապետեն Քո երկնային թագավորության կայսերական իմ պատկերին, Դու լո՜ւյս բոլորի, Աստվա՛ծ:
Թող որ չկապտի գոռոզն ապստամբ՝ շնորհիդ զարդը իմ կերպարանքից, որ դու ես ստեղծել:
Չթագավորի մահացու մարմնիս՝ մեղքը խափանված գրավելով ինձ:
Քեզանից բացի չունեմ ես, Քրիստո՛ս, իմ շնչին իշխող մի այլ թագավոր,
Որ անբռնադատ հնազանդեցնում ես ինձ քաղցր լծիդ.
Որ ջնջում ես իմ բազում մեղապարտ կրքերը խոսքովդ ամենակարող.
Որ քո արյամբ ստացար ինձ և քո մարմնով կերակրեցիր.
Որ սահմանեցիր կյանքի ուխտ անդարձ, անփոփոխելի.
Որ կնքելով ինձ քո հոգով՝ կցորդեցիր ինձ քեզ և տվիր Հորդ ժառանգավորապես.
Որ հիշատակով չարչարանքներիդ՝ զոհիդ անունով
Համարձակություն տվիր աղոթել նույն բարերարին,
Ո՛վ դու բոլորի ստեղծիչ ու կյանք: Դու ես բոլոր հոգիների Աստված:
Քո շնորհների պարգևատրումն այս դու համարեցիր շատ ավելի մեծ,քան հրաշալի գործերդ բոլոր:
Ո՛չ երկինքն իր զարդերով համակ և պայծառագեղ հրեշտակներով,
Ո՛չ երկիրն ու մարդկությունը և զարմանասքանչ գործերը նրանց,
Ո՛չ լայնատարած ծովն իր մեջ եղող արարածներով,
Ո՛չ անդունդները իրենց ողջ անբավ գոյավորներով,–
Ո՛չ այնքան այս վեհ արարչությամբ էր, որ բարձրացար դու,
Որքան դեպի ինձ կարեկցանք ու գութ ցուցաբերելով,
Երբ մարգարեի բերնով ասացիր, ո՛վ քաղցր հույսի բարեշնորհ Տեր.–
«Ո՞վ կա ինձ պես Աստված, որ կարող է միշտ ներել մեղքերը և ջնջել անօրենությունները»:
Եվ ահա՛ խնկված են խոսքերդ, ողորմա՜ծ, և խոստովանված են բարերարություններդ, Փառավորված են խորհուրդներդ խորին և երկրպագված՝ շնորհներիդ առատությունը:
Բ
Արդարև, ո՛չ ոք արարածներիդ նյութեղեն լեզվով կարող է մեկնել
Գթություններիդ մի մասնիկն անգամ, որ ցույց տվիր ինձ, հորինո՜ղ.
Զի ճշմարտապես մեծ է ավելի այն զորությունը,
Որ հնացածը նորոգում է դարձյալ իր առաջին պայծառությամբ,
Քան թե այն ուժը, որ ոչնչից է ստեղծագործում:
Զի չունես երբեք անկարողություն, զորավորդ դու ամեն ինչի մեջ,
Եվ քո մեկ խոսքը բավական է լոկ, որ հասնեն գործերն իրենց լրումին,
Ելի՛ր ուրեմն, փառավորվելու, բարեգործ,
Կրկին ստեղծելով ինձ, որ հույսս կտրել եմ փրկությունից,
Որ այս ճշմարիտ և հաստատական ուխտի համաձայն՝
Մեծապես բարձրանա ձայնդ օրհնաբան և ավետաբար,
Առավել՝ հայտնի քավությանդ շնորհով և ողորմությանդ լույսով առինքնող,
Քան թե գործերով ստեղծողական:
Զի մեկով որպես Արարիչ ես դու ճանաչվում միայն,
Իսկ մյուսով՝ ոչ թե միայն Արարիչ, այլև երախտավոր.
Ոչ միայն ստեղծող, այլ նաև քավիչ,
Ոչ միայն նորոգող, այլև բարերար,
Ոչ միայն հաստող, այլև ողորմած,
Ոչ միայն կամեցող, այլև հնարավոր,
Ոչ միայն հորինող, այլև հեզ, համեստ,
Ոչ միայն նկարող, այլև ամենազոր,
Ոչ միայն առաջնորդ, այլև լույս,
Ոչ միայն խնամող, այլ նաև հովիվ,
Ոչ միայն դարմանող, այլև հոգածու,
Ոչ միայն ողջացնող, այլ նաև բժիշկ,
Ոչ միայն պաշտպան, այլև զորավար,
Ոչ միայն անհաղթ, այլև թագավոր,
Ոչ միայն Արարիչ, այլ նաև քաղցր,
Ոչ միայն պարգևատու, այլև առատաձեռն,
Ոչ միայն համբերող, այլ նաև ներող,
Ոչ միայն չբարկացող, այլև անոխակալ,
Ոչ միայն կարեկից ու վշտակից, այլև ծածկագետ,
Ոչ միայն գթոտ և հոգատար, այլև ապավեն, Ոչ միայն գերազանցապես գորովող, այլ նաև
Աստված, Եվ քո անսպառ բարությամբ՝ օրհնված ըստ ամենայնի:
Գ
Արդ, ինչպես որ ստեղծեցիր ինձ, մինչ ոչ իսկ էի, և գոյացնողս հանդիսացար,
Այժմ էլ վերստին հարդարիր ահա հոգին մաղթողիս՝ նրա տաղավարն եղող մարմնիս հետ, Մաքրությամբ նախկին և ամենասուրբ անարատությամբ, ինչպես որ դեռ նոր աշխարհ էր եկել,
Որ է՜լ ավելի աճեն, զարգանան և բազմապատկվեն
Նորոգ ներկայիս՝ անսահմանելի քո սքանչելյաց շնորհներն առատ,
Քան ստվերական հներն անցյալի:
Եվ երբ պատմելով թվեմ ես մեկ-մեկ մեղքերս բոլոր,
Հիշատակելով անտանելիներն, որքան որ մտքիս թևերը զորեն,
Անունովդ, հզո՜ր, թո՛ղ արդարանամ:
Եվ երբ ես ինքս պատմեմ բերանովս բծերն իմ հոգու,
Ների՜ր ամբարիշտ մեղքերը բազում խոստովանողիս, հզո՛ր ծածկատես, ամենափրկիչ,
Որ չլինի թե ավետումների ամենալրիվ առատության մեջ,
Նախկին վիճակին կարոտեմ դարձյալ՝
Երանի տալով մկրտության շնորհներով փրկվածներին, ըստ սաղմոսի,
Եվ թող չլինի, որ ես մեղքերի փշերով արդեն սաստիկ խոցոտված,
Այժմ էլ վերստին քո ձեռքը մխվի մեջս առավել մեծ ուժգնությամբ,
Ծանրացնելով պարտքերիս բեռը, քան պարգևների քաղցրությունը քո:
Այլ ազատիր ինձ, աղաչում եմ քեզ, Տե՜ր ամենայնի,
Եվ փրկիր մահվան ու մեղքերի խիստ օրենքներից քո Սուրբ Հոգով օրհնաբանված:
Քա՜վ լիցի, թե տկարանա նվազելով ճշմարտությանդ լույսն, ինչպես Գիրքն է ասում.
Զի այնտեղից, ուր քավությունն է թագավորում՝ վտարված է մեղքը,
Եվ ուր կենդանի խոսքդ է խրախուսում՝ չկա հուսահատություն,
Եվ երբ շնորհներդ ավելանան, հանցանքները կհալածվեն,
Երբ մոտ է ձեռքդ աստվածային՝ չկա անհնարություն,
Այլ կա համորեն լուսավորություն, բովանդակապես զորություն և անպարտելի կարողություն:
Քոնն են՝ փրկություն, կենդանություն, նորոգություն, ողորմություն,
Միանգամայն և քաղցրություն, արքայություն, անկեղծություն
Եվ փա՜ռք հավիտյանս. ամեն:
Բան Ծ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Ինչպես որ առանց Քրիստոս Աստուծո մեր հոգիներին փրկություն չկա,
Եվ ոչ էլ առանց աչքի տեսողության՝ լույսի զվարճանք,
Եվ կամ արևի քաղցրություն՝ առանց արևածագի,–
Այսպես էլ առանց ծածուկ մեղքերի խոստովանության
Եվ ինքնապարսավ մեղադրանքների՝ չկա քավություն:
Զի քեզ ի՞նչ օգուտ քո մաքրությունից, փարիսեցու հետ եթե դու դատվես,
Եվ կամ ի՞նչ վնաս ինձ իմ մեղքերից, թե մաքսավորի հետ պիտի գովվեմ,
Կամ ո՞ւր պարսավվեց Հովել մարգարեն, երիցս կրկնելով եղկությունն անձի,
Կամ մեղադրել կարո՞ղ է մի սուրբ՝ մեծագույն օրը հաշվելու համար139aՀովել Ա. 15, Բ. 11.
Եսային ինչպե՞ս և ինչո՞ւ պիտի դիտվի պղծաշուրթ140Եսայի Զ. 5,
Որ Իսրայելի տան արարքներից մնաց միշտ հեռու.
Եվ Հիսուսն ինչո՞ւ մեղավոր լինի ադամյան մարմնով՝
Կարեկցելով ինձ՝ հանցավորապես Հորը աղոթած լինելու համար.
Կամ ինչպե՞ս մեկնել միտքն այս առակի.-
«Սիրտն իմաստունի՝ սգատան մեջ է,
Իսկ սիրտն անմտի` ուրախության տան»141Ժողով. Է. 5:
Զի նա, որ Ադամի սխալն իր անձին չի վերագրում
Եվ բոլորի մեղքերը չի համարում իրենը,-
Ինչպես Երջանիկն այն արքաներից, որ մեղավոր
էր համարում իրեն հայրերի գործած հանցանքների մեջ,–
Դրանով իսկ նա մեղանչում է խիստ և կորցնում իր արդարությունը,
Ինչպես մեկը, որ անախտակիր է կարծում մարդկային բնությունը իր,
Եվ սիրտը երբեք չի կարող բերկրել այն զվարթությամբ,
Որ պարգևում է ավետումն հույսի, եթե Քրիստոսի առաքյալից սովորած՝
Չկարողանա տրտմել Աստուծո կամքի համաձայն, ինչպես ասված է142Բ. Կորնթ. Է. 10:
Բ
Արդ, ըղձալի է ինձ այստեղ հիշել հոգևոր այն հանճարեղի
Խրատն հինավուրց, և սակայն միշտ նոր, որ Տերն իսկ կրկնեց143Ղուկ. ԺԴ. 8.
Ամբարիշտների նանրախորհուրդ ժողովներում
Չգնալ նստել հպարտների առաջին բարձին,–
Որից հաստատուն ուխտ ու պայմանով՝ հրաժարվեցին Դավիթն ու Երեմիան,–
Այլ իրենց մեղքով խիստ ամոթահար մեծ դատաստանի հատուցման ահով սասանածների սրտանց զղջացածների հետ՝
Եվ խոնարհ կամքով հավասարվել հետիններին այստեղ երկրի վրա.
Սրանցով է, որ բերկրում է բարձրյալ Աստվածն ու պարարվում:
Եվ այսպես ահա, ես էլ նրանց հետ, հետևելով այդ խրատին,
Համարձակվում եմ նախադաս լինել բազմականների հետ երանելի:
Այսպիսով զերծ կլինենք մարգարեի մեղադրական այս խոսքերից,
Որն ակնարկում է վեսերից ոմանց.
«Մի՜ մոտենար ինձ, զի մաքուր եմ ես, և ո՞վ կարող է նայել ինձ»:
Երջանիկ Դավթի անսահման խոնարհությունից օգտվելով՝ կարող կլինեմ նրա հետ ասել.–
«Որպես անասուն համարվեցի ես՝ զգայազուրկ
եղած, Վրա հասան չարիքներն ու ինձ պաշարեցին.
Նեխեցին վերքերս ու փտեցին անբժշկելի՝ անզգամության պատճառով»,
Ինչպես նաև Ասորեստանում՝ ընտիր, անարատ անձերից ոմանց
Ինքնադատական կշտամբանքները մեղապարտության,
Որոնցից Եզր մեծ քահանայի այս խոսքն եմ ահա կրկնում ես ինքս.
«Ոչ իսկ երեսն իմ կարող եմ առ քեզ բարձրացնել, Աստվա՛ծ»:
Գ
Արդ, ես ճշգրիտ պատկերս ամենայն մարդկանց,
Խառնելով մեղքերս նրանց մեղքերին,
Եվ նրանցով դառնությունն իմ կրկնակի ավելացնելով՝
Հեծեծեմ պիտի նրանց հետ դարձյալ,
Թեպետև պետք չէ գարշ գույնի վրա նոր տգեղություն ավելացնել:
Ահա և հիմա ես մեղանչեցի, զի անմտությամբ գործեցի քեզ անհաճելին՝ բազում հանցավոր սխալանքներով:
Նայիր ինձ, գթա՛ծ, ինչպես որ երբեմն ուրացության մեջ բռնված Պետրոսին144Սաղմ. Ա. 1, ԻԵ. 4-5,
Զի ծայր աստիճան ես ունայնացա:
Քո ողորմության ճառագայթը ծագիր ինձ վրա, համա՜կ բարերարություն,
Որպեսզի, ո՛վ Տեր, քո օրհնությունն ընդունելով՝
Արդարանամ, կենդանանամ և լինեմ մաքուր Ինձ լլկող մեղքերից, որոնք դո՛ւ չես ստեղծել: Մեղապարտ ձեռքերս քեզ պարզելու համարձակություն չունեմ.
Մինչև որ մոտեցնես քո օրհնյալ աջը դատապարտյալիս նորոգելու:
Արդ, հաղթի՛ր դարձյալ համառությանս քո հեզությամբ
Եվ գալով դեպի ինձ մարդասիրաբար,
Եվ քո բացարձակ ու կատարյալ կարողությամբ
Ների՛ր առաջին, միջին և վերջին մեղքերս բոլոր,
Ո՜վ անհասներին հասնող, լույս արդարների,
Քրիստոս թագավոր:
Դ
Արժանի չեմ ես քո օրհնյալ անունն հիշելու,
Զի հանցավոր եմ մահացու կերպով բարեգործիդ հանդեպ,
Կնիքիդ հանդեպ ու շնորհիդ,
Փչումիդ ու պարգևիդ,
Ավանդիդ, ձիրքիդ և անունիդ, Որդեգրությանդ,
Արքայական պատվիդ ու պատկերիդ,
Դրոշմիդ, օծումիդ ու ճոխությանդ,
Համարձակությանդ և ընտանությանդ, Կյանքիդ, լույսիդ ու երանությանդ,
Պսակիդ անկապտելի և խոստումներիդ ծածկված,
Որոնք, Տե՛ր Քրիստոս, բազում ձևերով ավետեցիր ինձ՝
Համառողիս, իժիս և քարբիս, և ամուր խոցված խուլ ականջներիս:
Քո շարունակ ավելացող բարության դիմաց՝
Բազմապատկվեցին չարություններն իմ և ինձ կործանեցին իսպառ,
Զատելով կյանքից, կապեցին մահվան, Ծառա կարգելով ապականության:
Արդ, դու ես միայն իրավակշիռ և ճշմարտադատ, ո՜վ բարերար և օրհնյալդ գթության մեջ.
Ես մեղանչեցի քո դեմ՝ գործելով անօրենություն, եղա անիրավ,
Եվ որի համար եղծվեցի ու զեղծվեցի,
Հանցավորապես ամբարշտացա,
Ու չլսեցի քո խոսքը գովված, խոստովանված ու երկրպագված:
Դու ինքդ իսկ երևացիր անճառելի քո սիրով,
Որը գրել իսկ դժվարին է խիստ և նշանակելը՝ սարսափելի:
Քեզ արդարություն և փառք, և մշտնջենական գովություն,
Իսկ ինձ՝ ամոթապարտիս քո դեմ, խնամակա՛լ,
Քավություն և ողորմություն և բժշկություն,
Օգնություն և պահպանություն սրտի ու հոգու.
Բարեբանյալդ ըստ ամենայնի հավիտյանս. ամեն: