Բան ՀԱ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Երջանիկ և փառավորյալ են սրբերի դասերը,
Որոնցից ոմանք դուզն-ինչ գայթեցին թեև, բայց ավելի հաճախ հաստատվեցին.
Սասանեցին փոքր-ինչ, բայց վառված՝ հոգու շողերով պայծառ՝
Մաքրությամբ դարձյալ լուսավորվեցին:
Մեկը ցույց է տալիս նրանց խառնվածքի տկարությունն հասարակաստեղծ,
Իսկ մյուսը՝ բնության օրենքին հաղթող վարքն առաքինի, հրեշտակային:
Ուստի և նրանք օրհնված են Քրիստոսի Հոր ամենիշխան և աստվածային բերանով,
Եվ ընտրյալներ են հռչակված, խնկված ու բարեբանված,
Պաշտված են իբրև անդամներ Քրիստոսի,
Եվ իբրև Սուրբ Հոգու օթևաններ են պատրաստված.
Չունեն իրենց մեջ խավարի նշմարներ կամ հետքեր անգամ,
Այլ անկեղծություն են ամբողջովին և լուսավոր արդարություն՝
Եվ որքան հնարավոր է Աստուծո մարդուն Աստծուն նմանեցնել,
Պարզերես են նրանք և վարքով, բարձր ու անխոնարհելի,
Նրանց կյանքն զգաստ է և անըստգյուտ,
Աստվածպաշտությունն ամուր, անհեղլի,
Ընթացքն արիական և անկասելի,
Ճշմարտությունը միատարր և անցնդելի,
Դիմագրավությունը զորեղ և անհաղթելի,
Տեսողությունը պայծառ և անապշելի
Իմաստասիրությունը երկնային և անկոխելի,
Պատկերը մաքուր և անաղարտելի:
Նրանց անուններն հիշատակել և աղոթքը հայցել՝
Աստված ինքն էր, որ մեզ սովորեցրեց:

Բ

Իսկ ես անպետք եմ ամեն ինչի մեջ,
Եվ պարսավելի, որքան հնար է ասել խոսքերով,
Նիրհում եմ՝ մինչդեռ արթուն եմ,
Թմրում եմ՝ մինչդեռ զգաստ եմ երևում,
Բարեպաշտությանս մեջ գայթակղվում եմ,
Եվ վրիպում՝ մինչդեռ աղոթում եմ,
Ընթանալիս՝ հանկարծ կանգ եմ առնում,
Հազիվ արդարացած՝ մեղանչում եմ,
Ու դեռ նոր խաղաղված՝ վրդովվում դարձյալ,
Մինչդեռ արշավում եմ առաջ՝ դեպի ետ եմ հակամիտում,
Ու քայլելիս՝ կրունկիս վրա դառնում եմ ետ,
Լույսի հետ՝ մի մաս խավար եմ կցում,
Օշինդր եմ խառնում քաղցր համի հետ,
Բարիքների կուղի հետ և՛ չարիքներ եմ հյուսում,
Հազիվ կանգնած՝ կրկին գլորվում եմ,
Ծաղկում եմ ու չեմ տալիս պտուղ,
Ասում եմ ու չեմ գործադրում,
Խոստանում եմ ու չեմ կատարում,
Ուխտում եմ ու չեմ վճարում,
Կարկառում եմ ձեռքս ու ետ քաշում դարձյալ,
Ցույց եմ տալիս ու չեմ ընծայում,
Մոտեցնում եմ ու չեմ մատուցում:
Վերքս հազիվ դեռ դարմանած՝ վիրավորվում եմ նորից,
Հաշտեցնում եմ ու վերստին խռովում,
Դատի եմ դիմում հանիրավի՝ և իրավամբ դատապարտվում,
Գրվում եմ և իսկույն ջնջվում,
Նավում եմ ու շեղվում գծից,
Սկսում եմ ու չեմ հասնում հանգստի:
Հաստատվում եմ և սասանվում դարձյալ,
Լցվում եմ ու կրկին թափվում,
Շարակարգվում այստեղ՝ և այնտեղ վար հոսում,
Բարդվում եմ ու տեղնուտեղ վառվում:
Հիմնարկում եմ ու չեմ հանում գլուխ,
Վաստակում եմ սակավ և վատնում եմ բյուր,
Դյուզն-ինչ գանձում եմ ու սպառում անհաշիվ,
Խրատում եմ ուրիշներին, և ինքս անփորձ եմ,
Սովորում եմ միշտ, և ճշմարիտ գիտության չեմ հասնում երբեք:
Մարած չարիքները արծարծում եմ նույնչափ,
Քաջալերվում եմ փոքր-ինչ և առավելապես
հուսալքվում, Լարվում եմ և իսկույն թուլանում,
Կարկատում եմ այս՝ և այն պատառոտում,
Եղինջը հանում եմ և տնկում եմ տատասկ:
Հազիվ վեր բարձրացած՝ ցած եմ իջնում դարձյալ,
Մտնում եմ բույնն իբրև աղավնի ու դուրս գալիս այնտեղից իբրև ագռավ,
Գալիս եմ սակավ-ինչ սպիտակ և գնում եմ բոլորովին սև,
Ասում եմ, որ քոնն եմ ես, և սպանողին եմ նվիրում ինձ,
Հազիվ եմ ելնում քո դեմ-հանդիման և ահա՛ թիկունք եմ դարձնում քեզ:
Մաքրվում եմ, և սակայն դարձյալ մրոտվում,
Լվացվում եմ և աղտոտվում իսկույն,
Դավթի կերպարանքն առած, և Սավուղի գործերն եմ կատարում:
Շուրթերովս շիտակ եմ խոսում և սրտովս ստում,
Աջ ձեռքովս տնտեսում եմ և ձախովս՝ ցրում:
Ցորեն ցանելու հետ սերմանում եմ և՛ որոմ,
Իմաստության բարձունքից ի վայր իջնելով, դառնում եմ ես այն, ինչ էի առաջ,
Հրեշտակ եմ դառնում երեսանց և խորհուրդների մեջ դիվանում,
Ոտքերովս մնում եմ հաստատ և մտքովս տատանվում եմ,
Սուտ ձևեր եմ առնում և իրոք խոտորում եմ,
Արդարություն եմ կեղծում և ամբարշտանում եմ գործերով:
Հեզերի դասն եմ դասվում և դևերի հետ կաքավում եմ,
Գովաբանվում եմ մարդկանցից, և տեսանողիցդ պարսավվում:
Հողածիններից երանվում եմ, և լույսի որդիներից ավաղվում,
Հաճոյանում եմ հետին ռամկին և աչքից ելնում մեծ թագավորիդ:
Դատավորի ատյանը թողած՝ խառնակրոններին եմ աղերսում:
Վեհերից վռնդվելով՝ խաժամուժների մեջ եմ սպրդում:
Արտաքուստ մարմնովս պճնվում եմ, և հոգովս՝ ճայի գույնով եմ ճանաչվում.
Մոտենում եմ դաշն հաստատելու, և ուխտակորույս դուրս եմ վտարվում:
Այսօր մաքուր հոգեկիր՝ և վաղը մոլի խելագար.
Տերունի պատվերը թողած՝ հետևում եմ օձի թելադրանքին.
Արիանում եմ հզորապես, և ընկրկում եմ վատթարաբար.
Վերցնում եմ օրվա ծանրությունը, և վարձքի ժամին մնում անմասն197Մատթ. Ի. 12.
Խոսում եմ հեռվից ճոռոմ, և պատասխանելու պահին պապանձվում եմ.
Արևածագին հարուստ եմ երևում, և արևամուտին դատարկ դեգերում եմ:
Ծերերի աթոռին բազմած՝ խելահեղնեի հետ եմ ընկերակցում.
Ննջում եմ կասկածներով՝ և արհավրալից զարթնում զարհուրած:
Անդաստանները կամքիս հերկում եմ վատթարապես
Չարիքների մեջ փութաջան եմ ես՝ մշտապես անառակ որդիս,
Տարագրյալս անդարձ և մոլորյալս անզղջում,
Տրտումս անմխիթար, ինքնագրավ գերիս
Մահվան և ապականության ծառաս,
Անողոքելի տանջվածս, մատնվածս անփրկելի,
Անպատվաստելի կոտրվածս անարծարծելի
հանգածս, Անկազդուրելի խորտակվածս, անվերականգնելի կործանվածս:
Եվ եթե պետք է ավելի սաստիկ նախատել այստեղ հոգիս անօրեն,
Գրում եմ ահա՛, գրում անխնա գեհենի խռիվներ պատրաստելով ինձնից,
Ես երկնայինի՝ նոր Ադամի նախանձոտ ծնունդը հանդիսացա,
Ինչպես Կայենը առաջնին՝ հնին և հողեղենին:
Ուստի նաև ե՛ս այստեղ հոգուս մեջ կրում եմ նշանը ամբաստանության,
Ոչ թե շնչառությունս, այլ կշտամբանքը իմ այս խոսքերի:

Գ

Եվ արդ, ո՞ւր փնտրեմ փրկությունս ես,
Երբ որ հավատքի սկզբնահայրը հուսահատության վայրում
Իմ անգթության չարիքներն է հիշեցնում ինձ198Ղուկ. ԺԶ. 25.
Մարգարեների մեծը199Մովսեսը խոսքի քարերով է ինձ
կոշկոճում, Արին բարեփառ՝ նիզակի սայրով է սատակեցնում ինձ200Եղիազարի Փենեհես որդին, որ սպանեց պոռնիկներին (Թվոց. ԻԷ).
Ճշմարտի պատկերն է201Հեսուն, որը ոչ միայն անունով, այլև հոգով նմանվում է Հիսուսին: Աքարը Քարմի որդին էր, որին իր ընտանիքով բնաջնջեց Հեսուն, Երիքովի ավարից գողանալու համար (Հեսու Է.) բնաջնջում ինձ Աքարի հետ,
Վեհն աստվածարյալ հարագողների վրեժին է մատնում ինձ202Դավիթը (Բ. Թագ. ԻԱ. 8-9),
Մարգարեածին տեսանողը203Սամուելը, որ տապանակի առջև սպանեց ամաղեկացոց Ագագ թագավորին (Ա. Թագ. ԺԷ. 35) ամաղեկացու հետ Տիրոջ առջև է սպանում ինձ,
Աստուծո նախանձավորը՝ երկնատեղաց բոցով է սպառում204Եղիա մարգարեն (Դ. Թագ. Ա. 10).
Հնի լրումն ու նորի սկիզբը205Հովհաննես Մկրտիչը դատաստանի հեծանոցով է երանում,
Առաքյալների պետը Սափիրայի հետ է կենազրավում206Պետրոսը (Գործք առ. Ե. 5, 10),
Զարմանալին քննող՝ հոգով՝ կյանքի քարոզին մահվան բուրմունք է խառնում ինձ համար207Ակնարկություն՝ «Հոտ ի մահուանէ ի կեանս» խոսքի (Բ. Կորնթ. Բ. 16):
Իսկ զարմանալին՝ Պողոսը, որովհետև անունն այդ է նշանակում:
:
Արդ, անաչառ են իմ նկատմամբ նաև կաճառներն երջանիկների,
Որոնք վերնայնի ուժգին հրամանի սպառազեններն են արիակամ.
Հրեշտակների հետ նաև մարդիկ,
Տիեզերքի հետ երկրի՝ և՛ տարերքը,
Անզգաների հետ և՛ շարժունները,
Որոնցով ես միշտ դատապարտվում եմ լլկիչ տանջանքների,
Իբրև օրինակ և հիշեցուցիչ գալիք սոսկալի չարչարանքների.
Եվ իմ այս կյանքի անդորրը խաղաղ
Ինչպես հողմակոծ փոթորկումներից հավետ մրրկված՝ միշտ կալեկոծվի:
Եվ եթե մեկն իմաստությամբ քննել ուզենա
Եվ հետազոտել մանր ու մեծամեծ և բազմատեսակ, զանազանակերպ
Անթիվ-անհամար լուղակներն ամեն, որոնք
խլրտում են երամներով, Սուրում-սլանում են եռուզեռով մարմնիս ծովի մեջ,- 
Վկայի պիտի և հաստատի, թե Ճշմարիտ է այն ամենը, ինչ որ այստեղ գրեցի:

Դ

Բայց դու, ո՛վ հզոր և օրհնաբանված անմահ թագավոր,
Բարի, երկնավոր, մարդասեր Քրիստոս,
Կենդանի Աստուծո միածին Որդի,
Բարձրյալ անքնին, քավիչ ահավոր և անճառելի,
Սաստի՛ր ձեռքովդ խռովահույզ հոգուս ծփանքները.
Դադարեցրու վրդովված սրտիս մոլեգին հուզման ծավալումները,
Զսպիր ամրապինդ սանձահարումով վայրագությունը իմ ցնդած մտքի:
Թող խաղաղվի մեծիդ հրամանով սասանող բուքը ամենավարան,
Ջնջիր, խափանիր գաղտնի, ուրվային և ամոթալի և բազմագլխյան
Անդամներս ողջ այդ երկրակենցաղ հեներին բոլոր,
Համարիր աղոթք մշտամատույց՝ ողորմաղերս տողերն այս նորընծա,
Որ ողբերգական թախծագին ձայնով կան այս մատյանում:
Հանիր ինձ մահվան խոր անդունդներից,
Որպեսզի փրկված՝ մարգարեի208Հովնանի հետ վերապրեմ և ես գեղեցիկ կյանքով:
Ընդունիր խոսքերն իմ այս անձնադատ խոստովանության, որպես անուշ հոտ,
Շնորհիր սփոփանք դառն վշտերին ուժգին հեծությամբ հուսահատվածիս:
Եվ քեզ՝ քո Հոր և քո Սուրբ Հոգով՝
Փա՜ռք, պատիվ և իշխանություն հավիտյանս. ամեն:

Բան ՀԲ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Ձե՛զ եմ ասում արդ, ո՜վ մենակյացների խմբեր
Եվ աշակերտներ մենաստանների,
Դուք, որ անբավ բարի պարգևների հուսալից ակնկալությամբ
Ձեր ձեռքերի մերկ մատներով զինվորագրված եք Տիրոջը՝
Ձե՛զ ընծայեցի խոսքի խորտիկներով պատրաստված սեղանն այս ահա՛,
Ընդունեցե՛ք ավանդն այս խոստովանության՝ ի
նորոգություն և ի փրկություն հոգիների:
Ճանաչեցե՛ք սրանով մարմնի պարտությունը,
Հիշեցե՛ք առաքելականի հետ միասին՝ մարգարեական խոսքերը մեզ ի խրատ,
Թե՝ «Ոչ մի մարմին թող չպարծենա Աստուծո. առջև»,
Ինչպես և՝ «Չկա ոչ իսկ մի արդար»:
Մի՛ մոռացեք նաւ այս խոսքը տերունական,
Թե՝ «Պատվիրանը կատարելիս էլ համարեցեք ձեզ անպիտան ծառա208aՂուկ ԺԷ. 10»,
Եվ թող չլինի, որ խաբողը ձեզ կարենա որսալ:
Հիշեցեք դուք այն գրվածքը նաև,
Թե՝ «Ընտիրներն են նրա կերակուրները»:
Զի մինչև իսկ ես, որ այս մասնավոր, նվազ պտուղը ձեզ մատուցեցի,
Վկայում եմ, թե ես ինքս էլ ունեմ բյուր բամբասանքի,
Ինքնադատության արժանի մեղքեր անբժշկելի, 
Սկզբնահորից սկսած մինչև սերունդները հուսկ.
Հոժարակամ մի հանձնառությամբ՝
Բոլորիդ գործած հանցանքները ես վրաս առնելով:

Բ

Լսեցի անպարտ մեկի բերանից ու չհավանեցի Խոսքն այս անհարմար՝ ուղղված
Նրան, Որի առաջ ոչ մի երկրածին չի կարող արդարանալ,-
Թե՝ «Չշնացա երբեք ու չպոռնկացա,
Ոչ էլ աշխարհիկ մահաբույր քաղցրություններ ճաշակեցի»:
Սա էլ է կոչվում անօրենություն,-
Թող ների Աստված այդ խոսքը նրան,–
Զի եթե նույնիսկ ճիշտ լինի ասված՝ սայթաքում է դարձյալ:
Այդպես նաև Զաքարիայի՝ ի դեմս Իսրայելի ժողովրդի ասված
Խոսքն այս անվայել, որ փարիսեցու խոսքին է նման209Ղուկ. ԺԸ. 11-12,
Թե՝ «Օրհնյալ լինի Տերը, զի հարստացանք»210Զաք. ԺԱ. 5:
Բայց քանի որ ես ամենագետ Աստուծո դատաստանին եմ հանձնել ինձ,
Որը սրտի աներևույթ մեղքերը կշռելով՝
Ուզում է դատել ինձ նրանց համար ամենաիրավ հատուցմամբ,–
Չպիտի ձևանամ տեսանողի առաջ,
Չպիտի կեղծեմ քննողի մոտ, Չպիտի ստեմ ամենայն ինչ նկատողին,
Չպիտի մտնեմ խաբեբայությամբ Մեծի աչքը ես,
Չպիտի ցոփություններս քողարկեմ առերևույթ բարությամբ,
Չպիտի երբեք ապիկարիս ներկայեմ որպես ընտանի պատկեր,
Չպիտի խենեշանամ օտարոտի զարդարանքով,
Չպիտի պճնվեմ ուրիշների պայծառությամբ,
Ոչ էլ տգեղությունս պիտի պարտակեմ պաճուճանքներով:
Չկա ոչ ոք մեղավոր ինձ պես, ոչ ոք՝ անօրեն,
Ոչ ոք ամբարիշտ, ոչ ոք անիրավ, ոչ ոք չարագործ,
Ոչ ոք խոտորված, ոչ ոք սխալված, ոչ ոք մոլեգնած,
Ոչ ոք խարդախած, ոչ ոք շաղախված, ոչ ոք
ամոթահար, Ոչ ոք դատապարտված,–
Ես ինքս եմ միայն և ուրիշ ոչ ոք.
Ես եմ այդ բոլորը, և բոլորի հանցանքներն իմ մեջ են:
Ո՛չ հեթանոսները, զի չգիտեին,
Ո՛չ հրեաները, քանզի կուրացան,
Ո՛չ տգետներն ու գռեհիկները, քանզի զուրկ էին իմաստությունից:
Վարժապետ կոչվեցի ես, որ ամբաստանություն է իմ դեմ.
Ռաբբի, ռաբբի անվանվեցի ես, և Աստուծո վայել գովեստը եղծեցի.
Բարի ասվեցի՝ եղկություն ժառանգելուս համար.
Սուրբ վկայվեցի մարդկանցից, որ անմաքուր եմ Աստուծո առջև.
Արդար ճանաչվեցի՝ ամբարիշտս ամեն ինչով.
Հրճվեցի մարդկանց գովեստով, որ Քրիստոսի ատյանում ծաղրելի լինեմ.
Ավազանից Արթուն211Ակնարկություն՝ իր Գրիգոր անվան, որ արթուն կամ, ինչպես հաջորդ տողում՝ հսկող է նշանակում: կոչվեցի, և ննջեցի մահվան քնով,
Հսկող հորջորջվեցի փրկության212Ձեռնադրություն օրը, բայց զգաստության դեմ աչք փակեցի:
Ահա՛ դատաստան, ահա՛ հանդիմանություն,
Ահա՛ նոր կշտամբանք և հին դատապարտություն,
Ահա՛ ամոթանք դեմքի և տագնապ հոգու,
Ահա՛ քննություն մանր մեղքերի, որոնք մեծամեծների կշիռ ունեն:

Գ

Բայց դու, միայն Տեր Աստված մարդասեր, անոխակալ և երկայնամիտ,
Ինքնադատական կսկծեցուցիչ նախատինքներն այս, վերջին օրն ահեղ՝
Մեղապարտիս դատապարտության փոխարենը համարիր,
Քանի որ դրանք ինքս իմ բերանով ինձ վերագրեցի,
Թող որ չլսեմ այդ բոլորն այլևս քեզանից, գթա՜ծ,
Արդ, վերցրու իմ վրայից դատապարտությանս պահակին,
Զի ես քեզ հետ եմ կապված հոգուս տենչանքներով:
Հանի՛ր խայտառակությանս նախատինքներն ամոթալի.
Քո կարող աջով ծածկի՛ր մերկ մարմնիս տգեղությունը.
Հանգիստ պարգևիր մեղքերի բեռով սաստիկ հոգնածիս,
Բարի մի ճամփա սահմանիր դու ինձ՝ դեպի քեզ գալու.
Հիշիր անմոռաց՝ ինձ ողորմելու, տալով հետ մահու կյանք ամեն կերպով:
Օրհնյալ ես դու երկնքում և գովյալ՝ երկրի վրա.
Եվ բարեբանված միշտ ամեն ինչում, հավիտյանս. ամեն:

Բան ՀԳ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Թագավոր, բարձրյալ, հզոր, ահավոր, Օրհնյա՜լդ միայն,
Տեր Հիսուս Քրիստոս,
Լոկ դո՛ւ կարող ես հուսահատ կյանքի անհուսության մեջ
Սատակիչ անեծքներն ապրեցնող օրհնությա՜ն փոխել,
Եվ վհատեցուցիչ պարսավանքները զվարթարար գովքի.
Ամոթի փոխարեն համարձակություն շնորհել,
Պատկառանքի փոխարեն՝ պատիվ,
Տարագրության փոխարեն՝ բարության հույս.
Բաժանման փոխարեն՝ միության ակնկալություն,
Սպառնական խոսքի փոխարեն՝ ողոքական սփոփանք
Եվ մեկ անգամ դատապարտության փոխարեն՝
կրկնակի ազատություն213Այսինքն՝ ազատություն մեղքից ու մահից::

Բ

Ողորմիր, Տե՛ր, մահվան արժանի մեղապարտիս,
Ողորմի՛ր այնօր, երբ կենդանության շունչս կարձակեմ.
Երբ նայվածքս խեղճ դեպի վեր կուղղեմ ես կողկողագին,
Հույժ տանգնապահար հոգուս տեսությամբ աչքի առջև բերելով
Այն վտանգավոր ճամփան, որտեղ անխուսափելի կերպով անպայման պիտի ընթանամ.
Եվ բնակելի իմ տան երդիկից ելքիս շավիղը դիտելով թշվառ կիսամեռությամբ,
Այլայլված դեմքով, մատների տարտամ տատանումներով,
Կարկամ հառաչմամբ, նվազ հեծությամբ, ձայնով նվաղած,
Եվ բազմապիսի տարակույսներով լի տխուր հոգով՝
Սրտիս խորքերից իմ գործած բազում մեղքերի համար ողբով հառաչեմ:
Բայց դու, բարեգո՛ւթ, կարող ես նույնպես և ա՛յդ ժամանակ
Զորավորապես հրաշագործել, ասելով ինձ.-

«Թող փրկվի հոգին քո խորտակումից և առողջանա»,
Եվ կամ՝ «Թող ներվեն քո մեղքերը քեզ»,
«Գնա՛ խաղաղությամբ՝ մեղքերից մաքրված»:
Այն պաղատանքները, որ չպիտի կարողանամ հասցնել քեզ այդ ժամին,
Ընդունիր այսօ՛ր մարդասիրաբար,
Ո՜վ երկայնամիտ և բազմաշնորհ ամենակեցույց:
Եվ մինչդեռ այժմ պերճախոս եմ ես խրոխտաձայն, սիգացող և բարձրապարանոց՝
Այնժամ դիակի պես պիտի պառկեմ ես անկենդան, անխոս,
Կաշկանդված ձեռքով, թույլ անդամներով,
Խուփ շրթունքներով, փակված աչքերով,
Իբրև տախտակ անշարժ, կոճղ կիսավառ,
Արձան անզգա, պատկեր անբարբառ, անշունչ գոյություն,
Ողորմելի տեսիլ, ողբալի կերպարանք, տխրալի տիպ,
Եղկելի դեմք, արտասվելի նմանություն, համրացած լեզու,
Չորացած խոտ, թոթափված ծաղիկ, ծյուրած գեղեցկություն,
Շիջած լապտեր, դատարկ կոկորդ, խոպանացած
սիրտ, Թալկացած մարմին, քայքայված որովայն,
Քանդված տաղավար, կոտրված ոստեր, անջատված հոդեր,
Կտրված ծառ, սղոցված արմատ,
Լքված տուն, հնձված արտ, արմատախիլ բույս,
Օտարացած բարեկամ, մոռացված պահեստ, թաղված գարշություն,
Մերժված ատելի, վերացված խոչընդոտ, անարգված կմախք,
Եվ իբր անպիտան ոտնակոխ եղած՝ կարոտ ուրիշների աղոթքներին,
Որոնք թշվառիս հավատքի ձայնով հառաչալից աղերս նվագեն պիտի
Արցունքի ցողով տարածելով այն քո բարձունքն ի վեր՝
Բարերարիդ գթությա՜նը:
Նրանք լալագին զղջումով պիտի երգեն դարձը դեպի քեզ, որ օրհնում եմ ես,
Նշանը փրկարար խաչիդ, որին երկրպագում եմ,
Ճշմարտությունը հարության, որին հավատում
եմ, Փառքիդ հայտնությունը, որը փառավորում եմ,
Դատաստանիդ ահավորությունը, որ խոստովանում եմ,
Խոսքերիդ հանդիմանությունը, որից զարհուրում եմ,
Սուրբ Հոգուդ ուղեկցությունն ինձ, որ պաշտում եմ,
Մկրտությունը քո օծման, որ և համբուրում եմ,
Քեզ հետ թագավորելը, Տե՜ր Հիսուս, որի համար պաղատում եմ:
Եվ այսպես ահա՛, թեև թուլացավ, հեռացավ, վերացավ,
Մասնատվեց, փախավ, սլացավ
Եվ տեղի տվեց կենդանությունն իմ կենցաղի,
Բայց քո պարգևած հույսը հաստատուն՝ պահված է իմ մեջ,
Որպես մնայուն և անջնջելի հիշատակարան:

Գ

Տե՛ս ողորմությամբ տարակուսանքները վտանգյալիս,
Միա՜յն բարեգութ ու փառաբանված Որդիդ Աստուծո,
Որպեսզի քավես, բժշկես դու ինձ և կենագործես,
Պաշտպանես, նորոգես, նկարես, կանգնես, հաստատես
Եվ վերստին ստեղծագործես երջանիկ անարատությամբ:
Քոնն են կարողությունը, փրկությունն ու ողորմությունը.
Չունես դու անկարողություն, այլ՝ լիուլի զորություն.
Բարձրություն, իշխանություն, անվախճան թագավորություն,
Իսկություն, ինքնություն, ամենուրեք բացարձակություն,
Բարերարություն, լուսավորություն:
Փառավորյալ ես դու տիրապես, անպակաս և անհավելված,
Խնկված՝ խորհուրդով անբացատրելի Սուրբ Երրորդությամբդ,
Նաև առհավետ գովաբանված՝
Հավասարազոր և համապատիվ համագոյության երկրպագությամբ,
Երեկ և այսօր և հավիտյանս հավիտենից. ամեն:

Բան ՀԴ

Սրտի խորքից խոսք Աստուծո հետ

Ա

Արքա՛ երկնավոր, դու Տե՜ր բոլորի,
Ամեն բանի մեջ և ամեն դեպքում միշտ երկայնամիտ,
Կենդանի Աստուծո անքնին Որդի:
Այնտեղ պետք է ողորմել իսկապես,
Ուր կտրված է հույսը վաստակի.
Այնտեղ պետք է բարեգործել,
Ուր խափանված է մտքի տեսողությունը.
Ա՛յնժամ պետք է մարդասիրել,
Երբ տկարության վտանգն է պաշարել ներքուստ և արտաքուստ.
Այնտե՛ղ է անհրաժեշտ ձեռքիդ բժշկությունն աստվածային,
Ուր տեղի է տվել բոլորովին անդամների կենդանությունը.
Այնտե՛ղ պետք է լինի այցելությունը,
Ուր ելքի հնար չկա.
Այնժա՛մ է քո մեծությունը,
Երբ անհուսալի վերքն առողջացնես.
Ա՛յն է հարազատ քո բնությանը,
Որ անակնկալ ժամին փրկության համար հրաշագործես,
Ա՛յն ժամանակ հանդես կգա քո հաղթանակը,
Երբ վերջին շնչիս՝ կյանքի փակված դուռն իմ առջև բանաս.
Այն են շնորհներդ վայելչական,
Որ մոռանալով իմ չար գործերը՝ քո բարիները հիշես,
Նրանո՛վ ես դու անոխակալ,
Որ ապերախտիս երախտագետի հետ խնամարկես.
Այնժամ ես միայն պիտի հասկանամ,
Թե ընդունեցիր բանավոր նվերս՝ նախկին գթությամբդ,
Եթե վերացնես իմ չար սովորությունները:

Բ

Այս պատճառով են հյուսվում ճառեր ու նվագերգություններ եղանակվում,
Երբ Տերը բարի՝ բարեգործներին հասանելիքից պարգևատրում է և՛ չար ծառային:
Այնպես որ մինչ նա բանտի է սպասում իրավամբ՝
Տերը նրան արքայական ապարանքի մեջ է նստեցնում.
Մինչ կանչված է նա տղմուտ գուբի մեջ բնակվելու,
Նրան ամեն տեսակի կոչունքների մեջ գահերի վրա է բազմեցնում.
Մինչ նայում է նա, որ աչքերը փորեն,
Նայվածքը նրա ուղղում է դեպի ուրախ բարձունքներ.
Մինչ սպասում է նա իր մատների ծայրատումին,
Համարձակության մատանի է մատուցում նրան214Ղուկ. ԺԵ. 22.
Մինչ վախենում է գանակոծվելուց,
Նրան գթառատ իր գիրկն է առնում.
Մինչ կորստյան է պատրաստվում ահով,
Բազմության առաջ, ի տես բոլորի՝ վեր է բարձրացնում.
Մինչ նա սատակիչ մահվա՛ն աչք ունի,
Նրան կյանքի հետ տալիս է և՛ փառք.
Մինչ սպասում է իրեն գլխատեն, Նրան պսակով է պայծառացնում:
Սրանք են, գթա՜ծ, պտուղներն օրհնյալ քո սքանչելարմատ շառավիղների.
Սրանք են կյանքի արգասիքները քո արարչական հրամանների.
Սրանք են ըղձալի խորհուրդները քո խոստովանված տենչանքների.
Սրանք են լույսի ճաճանչները քո ամենասփյուռ ճառագայթների.
Սրանք են ախորժելի ճաշակները քո բարեբանյալ քաղցրության:

Գ

Եվ այս բոլորը քոնն են միայն, Տե՜ր,
Քո ներշնչումով եմ գրել սրանք.
Ուստի ես, օրհնյալ, աղաչում եմ քեզ, այդ պարգևներիցդ ի՛նձ էլ շնորհիր.
Բա՛ց, Տեր, քո բարիքների գանձարանը, ըստ առակողի աղերսանքների:
Բարիքներիդ ամբարներում չխառնես դու իմ չարիքներից.
Չշտեմարանես քեզ համար սիրելի գթության և ողորմության հետ ատելի ոխեր և բարկություններ.
Քո պաշտելի ստացվածքներում չպահե՜ս քեզ համար անախորժ մթություններ ու դժնություններ,
Եվ ինձ վնասող մեղքեր ու թշվառություններ:
Կյանքիդ մատյանում քո օրհնյալ աջով չգրե՜ս դու պարտամուրհակն իմ անեծքների,
Այլ ինձ համար անհնար համարվածները դյուրին ու հեշտ ցույց տալով՝
Կրկնակի անգամ և է՛լ ավելի մեծացնես դու քո անունը, ո՜վ Տեր:
Տալիքներս շատ են և անհաշիվ,
Բայց քո հրաշալի ողորմությունն անհամեմատ ավելի է.
Բազում են մեղանչանքներս,
Բայց ներողությանդ հետ համեմատած՝ շա՜տ քիչ են նրանք,
Հաճախակի են չարություններս,
Բայց հաղթող է միշտ ամեն բանի դեմ մարդասիրությունդ, ո՜վ ամենակալ.
Անձիս արատներն ի՛նձ համար են ծանր և անթվելի,
Բայց քեզ համար խիստ թեթև են նրանք և սահմանափակ.
Ամոթապարտիս պտղաբերած մեղքերի զենքերն այնքան զորեղ չեն կենդանանալու,
Որքան հիշատակն անմահիդ մահվան՝ կործանողի բռնությունը վանելու համար:
Փոքրիկ խավարն ի՞նչ կարող է ազդել Աստծուդ լույսին.
Դույզն աղջամուղջը ինչպե՞ս դիմանա ճառագայթներիդ.
Քո խաչելության չարչարանքի հետ ինչպե՞ս կշռվի
Իմ տկար մարմնի հեշտասեր խակությունը.
Ամենակալիդ առատության աչքին ի՞նչ են որ մեղքերի կույտերը ողջ տիեզերքի,
Եթե ոչ հողի դյուրափխրուն կոշտ, որ իսկույն ևեթ կփոշիանա քարի հարվածով,
Եվ կամ անձրևի պղպջակ, որ կամքիդ հորդառատ հոսմամբ կպայթի իսկույն և կչքանա:
Քո ամենազոր և ամենահնար կարողությունը
Իմ հանցանքները քավելու համար ժամանակի պետք չունի բոլորովին,–
Ո՛չ ակնթարթի,
Ո՛չ թռուցիկ ակնարկի տևողության,
Ո՛չ կայծակնային կարճատև նայվածքի,
Ո՛չ ամենափոքր ուշացման,
Ո՛չ փութագնաց ոտքի քայլափոխի,
Ո՛չ կանգունաչափ բարձրությունից կաթիլի անկման,
Ո՛չ մտքով քաշված մի գծի,
Ո՛չ լույսի արագության,
Ո՛չ շնչառության չափ միջոցի:
Այս բոլոր անձև, աննշան և անկայուն օրինակներից
Ո՛չ մեկը այնքան առժամյա արագ և փութանցիկ չէ,
Որքան մեղքերիս կուտակված սառույցների հալվելը, ցնդելն ու վերանալը քո զորությամբ,
Աստվա՜ծ բոլորի Տեր Հիսուս Քրիստոս,
Որդիդ անքնին՝ կենդանի Աստուծո:
Դո՛ւ, որ քաղցր արև ես պարգևում բարիների հետ նաև չարերին,
Եվ անձրևում ես ամենքի վրա անաչառորեն,
Կշռում ես իրավամբ և չափում նրանց վշտերն ու հոգսերն հավասարապես.
Փորձության փոքրիկ խթանով ես դու վճարել տալիս պարտքերը նրանց այստե՛ղ իսկ,
Որոնք մեծ համբերությամբ սպասում են վերին հանգստին:
Իսկ ովքեր երկրային կենցաղն ընտրեցին,
Դու ողորմությամբ ներո՜ւմ ես նրանց,
Սրանց էլ տալով դարման նրանց հետ՝ սպասում ես դու միշտ նրանց դարձին:
Փա՜ռք ամենազորիդ՝
Բարեխնամ երկայնամտությամբ գործած քո բոլոր հրաշքների համար,
Օրհնյա՜լ հավիտյանս. ամեն:

Բան ՀԵ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Այժմ ընկղմված, զմայլված
Եվ իսպառ ծածկըված մեծիդ երախտիքների առավելությունից՝
Բազմամասնյա, շարունակական և անճառելի,
Որ աջուձախից առատագույն ու աննվազելի լրումով,
Դիմացից ու թիկունքից կուտակված են անբավորեն,
Մատուցում եմ, վերընծայում
Ճշմարիտ դավանման գովեստի ավանդ:
Որովհետև ինչպես երբեմն հերձվածի չարափառությամբ,
Ամենապատիր խաբեությամբ նենգողի կարթով զատված՝ մերժվեցի,
Ելնելով դրախտից,
Այժմ միավորիչ այս ուղիղ անբծությամբ
Իրական շնորհի ավանդման համար
Երկրորդ անգամ վերստին համբարձած,
Լույսի թևերով թռչելով, ահա, երկինք կհասնեմ:
Բայց քանզի արգանդից, ուր հղացա,
Ծնված հոգևոր երկունքով,
Մեծ և երջանիկ անարատ դշխո,
Իսկուհի բոլոր կույսերի,
Գովելի ու պանծալի իմ մորը հարկ է
Սահմանված կարգով արձանագրել այս մատյանի մեջ,
Որպեսզի ծնվի և ցուցադրվի,
Նաև այլ գալիք ազգերին պատմվի
Խնկելի փառքի որքանությունը՝
Արժանի պաշտումով պատվված՝
Իբրև մաքուր մարմին
Բան-Աստծու մարդեղության գլխի հետ215Եփես. Ե. 23-27
Ի հիշատակ հավատի այս ճառի Երրորդության դավանության:

Բ

Հոգենկար բանի պատկերի այս օրինակով,
Որ հարմարվում է լույսի խորանին,
Գթած, օրհնյալ, ընդունի՛ր ինձ՝
Քավված ու սրբված սրա մեջ:
Հանի՛ր սրանով հոգուցս մեղքի նախատինքները,
Բազմեցրու սրա հովանու ներքո՝ անմեղ ու անբիծ,
Տկարիս Դավթի տանը գումարիր,
Այնտեղից Աստուծո տունդ փոխադրիր,
Ըստ մարգարեի, Հիսուս, որ քեզ է ակնարկում216Զաք. ԺԲ. 8,
Սոսկ մուտքի և անօգուտ ելքի չհետևես,
Ջերմությունն հավատիս քեզ պաղ չթվա,
Եվ ողջույնի համբույրս անարգ չհամարես:
Պաշտամունքս ապաշնորհ չորակես,
Երկրպագությունս իբր անխորհուրդ չլքես:
Պատկերի տեսիլն անպտուղ չլինի,
Իսկ սքանչելի կերպարանքը՝ աննշույլ:
Չմոռացվի սպանդն անկրակ ողջակեզի,
Ճառիս ուխտի պատարագը վտարվելով չցրվի.
Լույսի ճաշակդ ինձ մահ չբերի,
Կողերիդ արյան բաժակը Դատապարտություն չլինի:

Գ

Աղաչում եմ քեզ, Տեր Հիսուս, մեկդ այդ Էությունից,
Որի ճաշակմամբ քո Հոր և Սուրբ Հոգու
Գիտությունը ճանաչեցինք,
Զի կարգերը ամենապարգև [սուրբ] եկեղեցու
Հենց քեզանից սովորեցինք
Կյանքի փրկության ու բարիքների
Աղոթանըվեր այս լուսարանում,
Տարածելով սիրտս, ձեռքերս պարզած՝
Խոսքի կնդրուկն այս, սրանում բնակվողիդ,
Ամեն ինչի տիրողիդ, Երեքսրբյանիդ մատուցելով՝
Հավերժ ընծայում ենք բարեշնորհության այս բարբառով:

Դ

Հավատո պաշտամունքին,
Օրհնության երգերի վերաձայնած նվագներով
Փառաբանում ենք եղածների բարեհրաման պատճառին՝
Անսկիզբ Երրորդությանը, անհամեմատ բարձրությամբ,
Անհաս խորհուրդների ու անըմբռնելի իմաստների,
Անզննելի զգայությունների, Անբերելի արարածների,
Որ իր մեջ ամփոփում է վերնական երկնքի
Եվ անսահման ներքին խորությունների քանակությունը,
Սպառումների վերջն ու սկիզբների նախադրությունը,
Մեկը երեք անշփոթելի կերպարներից,
Եվ երեքը մի անբաժանելի իսկություն,
Վեր քան մտքի ազատությունը՝
Հրաձգված ամենուր բովանդակապես:
Անփոփոխ բարի, անսասանելի ուղղություն,
Սիրո անխառն կերպարանք, անհաջորդ մեծություն,
Անխոնարհելի բարձրություն, անվատնելի տեսություն,
Աննվազելի բարերարություն,
Կայուն կամք, կենդանի հրաման,
Փրկչյան ակնարկություն, ճշմարիտ երանություն,
Հավաստի ակնկալություն, անստելի խոստում,
Արգասավոր ավանդ, ըստույգ ավետիս,
Աներևակայելի բարձրություն,
Անձեռնարկելի վերասլացություն:
Մի Հայր միակ Որդու՝ միակ Հոգով պատվված,
Ամենահարուստ բարությամբ, ամբողջովին չարից զերծ,
Օրհնաձայն գոհաբանությամբ,
Անքնին ներբողով գովերգված:

Ե

Միակ բարձրյալ ահավոր անուն՝ կցորդությանց համապատիվ,
Ազգականություններին անպատում,
Եռալույս զուգակցություն,
Անհավելվածը կատարելություններից,
Ինքնիշխան կամավորությամբ պատվասիրված
Հանգունատիպ Հոր մոտ, Երկնքից իջած
Խոնարհվելով Սուրբ Հոգու գործակցությամբ,
Ընտանի փառքից աննվազ,
Հաճեց մտնել մաքրության կույս
Աստվածածնի մայրական արգանդը,
Ուր օրհնության բույսն աճեցրեց
Անարատության լուսասահման անդաստանում:
Համասնունդ ամենակատարյալ էությանը՝
Անանջրպետ միասնությամբ,
Թափանցիկ խառնումով աստվածության Ոգուն,
Հրաշապես բաղկացրեց շնչիս գոյությանը,
Անստամբակելի կրթության սանձերի այդ երասանով
Ստահակությունս հանդարտեցրեց
Եվ կամովին նվիրվելով [սուրբ] խաչին՝
Անմահական տունկի լրության ծայրը բարձրացավ
Կյանքի պտղի ծաղիկը,
Վիրավորվեց մահացու մերազնյա մարմնով217Հայտն. ԺԳ. 3
Անընդմիջելի աստվածությամբ,
Դատապարտման գործիքին դրանով կյանք տվեց,
Արարչական իսկության՝ նրա վրա
Հավետ անբաժանորեն վշտացած
Նյութական մարմնի հետ:
Իջավ խավար դժոխքի վայրերը՝
Իր ավարն հանեց խոտորողի կապանքներից,
Եվ ասես քնի նիրհից արթնացած,
Մահվան դիմեցումն իր մեջ նահանջեց,
Կանգնեց, կենդանացավ աստվածորեն,
Ելավ երկրից կյանքի հացն ու բանական հոտերի հովիվը218Հովհ. Զ. 35. 48, Եբր. ԺԳ. 20:
Հավատարիմ եղավ աշխարհում219Ա. Տիմ. Գ. 16
Եվ երևաց նույնությամբ, բոլորովին աննվազ,
Ինչպես եկավ ամբողջական, Նույնպես և համբարձավ,
Բազմեց գերունակ գահույքին՝
Նախնական պարզությամբ և արարչական փառավորությամբ:
Ում որ բարերար Աստված և բոլորի Տեր ենք ճանաչում՝
Մեծ օրը կդատի ամբողջ երկիրը արդար ընտրությամբ,
Ինքն է սկիզբը և ինքը՝ կատարածը,
Նույն և առաջինը, նույն և գալիքը,
Անպակաս բովանդակությամբ
Թագավորելով անմատույց լույսին220Ա. Տիմ. Զ. 16:

Զ

Օրհնում ենք Հոր և Որդու հետ Նաև բխումը անբաժանելի՝
Նրանց փառակից Հոգին տերունի,
Որ ստեղծեց ամենը և կենդանագործում է բոլորին,
Որ սկզբից ևեթ շրջում էր
Համապարփակ աշխարհակալ մեգի մեջ221Ծննդ. Ա. 2,
Նկարում էր, կերպավորում
Երկրատարած ծովի անբավության ամենունակ ջրերով՝
Լույսի սուրբ ավազանը
Ի կատարումն այժմյան խորհրդիս:
Նախ ստեղծեց և այժմ գործում է,
Գոյացրեց և մշտապես կատարում է հրաշքներ,
Սքանչելիքներ, սրբակյացների կանխատեսումներ,
Աստվածային ներշնչումներ, զարմանալի զորություններ,
Մարգարեներ, առաքյալներ, վարդապետներ՝
Հանճարի կրթության վարժողներ:
Հարդարեց Քրիստոսի արյան մատուցման սրբարանը,
Անձերի քավությունները, մարմինների առողջությունը,
Քրիստոսի նման ողորմությամբ կարգադրեց
Մարմինների առողջություն:
Մկրտեց և՝ ջրից գերազանց,
Իրմով միայն նորոգեց ու լուսավորեց222Գործք Ա. 5,
Մշտապես նույն բարեգործությամբ է զորանում:
Հորդանանի հոսանքի մեջ վկայեց Միածնի աստվածությունը,
Ամպի տեսիլով ցույց տվեց Թափոր լեռան վրա, Հոր ձայնով:
Համանման եղանակով հովանի եղավ
Հակոբի տոհմի ելքին Եգիպտոսից223Ելք ԺԳ. 21
Մովսեսի զորավարության ուղեգնացությանը
Սաստիկ հողմով ընկղմեց փարավոնին224Ելք ԺԴ. 28:
Նվիրագործում է քահանաներ, իմաստուններ կազմում,
Թագավորներ զորեղացնում,
Քավություն ընձեռում,
Մահացածներին շնորհում է կյանք՝
Նորոգվելու հարությամբ:
Նույն ինքը մարդացած Աստծու օծումն է225Եսայի ԿԱ. 1,
Մշտնջենական հավասարությամբ
Երկրպագված Հոր հետ՝ ի պատիվ Որդու մեծության,
Անսահման փառավորությամբ օրհնյալ հավիտյանս:
Ամեն:

Է

Դավանում ենք ուղիղ, անշեղ, անբիծ հավատով,
Ողջունում ենք մեր շրթունքի համբույրով
Աստծու բնակության եկեղեցին,
Անշունչ վեմերով կառուցված խորանն այս,
Որ կատարելապես զարդարված՝ երկնքից գերազանց եղավ,
Որ հենց նրանցից՝ առաքելական դասերից հիմնվեց,
Եվ խնկվեց բարձրյալի աշակերտներից,
Պաշտվեց Բանի սպասավորներից:
Կյանքի այս գանձը Իր սկիզբն առավ վերնահարկ սրահից,
Այն վայրից, ուր խորհուրդը կատարվեց,
Որը լցրեց Աստծու Հոգին,
Նրանում զորություն փայլեցնելով Հոգեգալստյան մեծ օրը.
Նախ՝ բարետես տունը՝ նախամեծար առավելությամբ,
Իբրև օրինակ այս եկեղեցում
Սրբությունների շնորհաբաշխման,
Եվ ապա նրա բնակիչները բարեզարդվեցին նորոգ մի լույսով:
Ուր հզոր Աստծու արյունն է բաշխվում,
Առավել քան մահ գուժող Հաբելի [արյունը],
[Որ] սրանում մեծագոչ բարբառով
Ավետում է հավերժական կենդանության բերկրանքի ձայնը226Եբր. ԺԳ. 24:
Քանի որ ոչ ոք զորություն չունի ծառայելու այս ահեղ խորհրդին,
Երկնքի տակ և արևին հանդիման,
Թե չապավինի սրա թևերին,
Անգամ երկինքը չի բավարարի տերունի մարմնի այս սրբությանը,
Թե իբրև ծածկույթ օրհնության ձեղունը այս չունենա:
Որովհետև ըստ օրենքի մահվան անեծքի նա կարժանանա,
Ով այս խորանի վկայարանից դուրս
Աստվածային պատարագը մատուցե:
Եվ մանավանդ արյունապարտ կհամարվի՝
Հոգու օրինակ արյունը այստեղ եթե չընծայե:
Աստ մեկ անգամ է լոկ լվացումը արյամբ Քրիստոսի227Հռովմ. Զ. 3,
Որ անգիտաբար չանարգվի աստվածությունը228Եփես. Դ. 5
Կրելով մկրտությունն հավատացյալի,
Մեկ անգամ է և ձեռնադրությունը
պատիվ լույսի օծության,
Որ անբծությանը խաբեություն չխառնվի.
Մեկ է և քավությունը շնորհքով, քան ապաշխարությամբ,
Որպեսզի ճշմարտությունը խորամանկությամբ չկերպափոխվի.
Մեկ է հավատը գալիքի ընտրության,
Որ հատուցումի սպառնալիքը Օտարահամբավ զրույց չկարծվի:
Մեկ է մեր երկու գոյությունների կշտամբությունը իրավացի,
Որ չկարծվի, թե բարի և կամ չար հատուցման համար
Ներքին մարդն անջատ է արտաքինից,
Որ արժանանա արքայական որդեգրության,
Որպեսզի նաև երկրային մարմնի հաղորդակցությամբ
Ակնհայտորեն հաստատվի առավելությունը վերին թագավորության,
Մեկ է և հույսը կենդանության՝ անեղծությունը սրբերի,
Որ ունկնդրողները առանց կասկածի հավատան:

Ը

Պաշտելի այն դշխոն՝ անշունչ եկեղեցին,
Կյանք է բաշխում և իշխում է մահին,
Ինչպես պտուղը Ադամի ճաշակելիք229Ծննդ. Գ. 22,
Անշունչ է, բայց բանականից էլ գերազանց
Հրաշքներ է գործում, որ դարձնում է կատարյալ
Եվ հաստատում է վերստին,
Փառքի լույսի կերպարանքը դրոշմելով մեր մեջ:
Գրված է նաև վերին կամարի մեծության կերպը,
Որ սկզբնական է, և նախակառույց
Քան իր բնակիչ հոգեղեն զորքը:
Նա նոր թռիչք է նվիրում մարմնին՝
Հոգեկան ինչ-որ մի թեթևությամբ,
Այս պատվավորի հարստությունով
Անարգը դարձնում է հարգելի:
Ինքնակիր մեղքով չի զազրանում նա,
Եթե չար մարդիկ, անհավատները չոտնահարեն:
Նա ինչ-որ տիպ է մի զարմանալի,
Որ հաղթում է մեր պատկերացումը,
Անբան՝ կառուցված է բանականից,
Օգնում է նրան, ինչպես վեհագույն՝ անչափ նվաստին:
Մեծ է քան մարդը230Ելք Դ. 1-5,
Հաղթող ցուպի պես ընտրյալ Մովսեսի.
Բարձր՝ առավել, քան բանականը,
Ինչպես խորհրդավոր ծաղկած գավազանը՝Ահարոնի231Թվոց. ԺԷ. 8,
Եվ գերազանց է, քան մտավորը,
Ինչպես Եղիայից ու Եղիսեոսից՝
Սքանչելահրաշ արվեստով փայլած
Մաշկյակը, որ գետը հերձեց232Դ. Թագ. Բ. 8:
Սրբասուն ձեռքին օգնում է կրկնակ կատարելությամբ,
Ոչ թե զինելով քարից ու հողից նյութված մարմինը,
Այլ հարազատ ու գոյակից է նա
Թե զգայականներին և թե սրբերին:
Ինչպես կենդանի և անմահ վեմը233Ա. Պետր. Բ. 4
Թե կործանող է, և թե կանգնեցնող234Ղուկ. Բ. 34,
Ինչպես դատավորն ամենայն հոգվոց՝
Հրաշապես օրհնող և անիծող է235Մատթ. Ե. 34. 41,
Աներևույթը տեսնողի նման՝ Մեկին կշտամբում, մյուսին խնամում,
Կանչում է իր մոտ, արձանագրում236Սաղմ. ՃԽԶ. 4,
Որպես հրամայողն արարածներիս:
Դիմամարտներից անհարվածելի,
Հավիտենական [այն] լեռը ինչպես237Սաղմ. ՃԻԴ. 1.
Մեծի հրաշագործ ուռկանի նման238Մատթ. ԺԳ. 47 Հոգի է որսում.
Առանց մեղքերի ու վրիպանքի
Նա Քրիստոսի հետքով է գնում՝239Եփես. Ե. 24-27
Բարձր ճոխությամբ ու բաց ճակատով,
Գլուխը բարձր՝ ինչպես Գովյալը:

Թ

Եվ այնքան մեծ է իր սրբությունը՝
Աստուծո պատկերով ստեղծվածներին
Զանազանում է ըստ իր կանոնի.
Ընտրության բազում փորձերից հետո
Սխալված մեկը թե համարձակվի
Գավիթը մտնել՝ չի պղծվի [բնավ],
Այլ դժկամում է անպատրաստների թերություններից.
Նա չի նզովվում, այլ զիջանում է
Շնորհի չափը չիմացողներին.
Չի վհատվում իր մեղքն համրելով,
Այլ մեր գործերից մթագնում է լոկ
Եվ չի թողնում, որ կրկին մոտենան,
Փարվեն ոտքերին Կենդանատուի240Մատթ. ԻԸ. 6, Հովհ. Ի. 14,
Ինչպե՜ս տիրական խորհուրդը անճառ
Միևնույն օրը կրկնել չի լինի, Ո
ր չապականվի անխոհեմաբար:
Նա զորեղապես կարեկցում է մեզ՝
Ազատ լինելով մեր արատներից,
Դատում է անձայն,
Տիրոջ հրամանով, առանց խոսքերի:

Ժ

Նաև տապան է նա մի մաքրական Եւ երջանկագույն,
Որ պահպանում է կյանքի ալյաց մեջ մեզ՝ չխեղդվելու.
Ոչ թե բազմաթիվ անբան գազանների Եվ սակավ մարդկանց,
Այլ հավաքում է երկրայիններին ու վերիններին,
Հավասարապես ամփոփում իր մեջ,
Չի տրվում ջրի ալեկոծության,
Այլ բարձունքներն է ելնում երկնքի:
Իբրև աշակերտ,
Որ հրահանգված է Աստուծո Հոգուց,
Խուսափում է նա նենգություններից240aԻմաստ. Ա.5,
Չի բողոքում նա մահու հարվածից,
Բռնում տանում է կյանքի ավետման240bԱռակ. Թ.6,
Ոչ թե Նոյի ձեռնարկումով է կազմվում,
Այլ Հաստողի հրամանով է կառուցվում,
Ոչ Մովսեսն ու Բեսելիելը,
Այլ Աստուծո Միածինն է Սուրբ Հոգու հետ պատրաստում,
Ոչ թե հարաշարժ կամ հարափոխ,
Այլ մշտակառույց անսասան հիմքով
Հաստատում է այն:
Ինչպես փայտեղեն տապանակն անխոս - 
Չի տեսնում, բայց մեզ առաջնորդում է,
Իբրև անքանակ Էի կերպարանք առաջ գնալով
Հանդերձյալի մեջ լուսավոր կյանքի տեղ է պատրաստում:
Ոզիելի հետ կսատկի այնտեղ,
Թե խաչի նման հոգիների մեջ չդրոշմվի,
Տեղնուտեղը, նույն պահին կսպանի՝
Երկրասիրաբար և անասնային մի լծակցությամբ
Գետընթաց սայլով, իբրև մի անոթ՝
Թե վերցնեն տանեն240cԱ. Թագ. Զ.10:
Մարմնի լեզվով չէ, այլ հրեշտակների240dԵլք ԻԵ.22
Նման է խոսում:
Եվ ոչ ականջով241Գ. Թագ. Ը. 29,
Մտքի շարժումով լսում է արագ.
Չունի հստակ ձայն խոսքի ու բանի,
Բայց պատգամները Հիսուսի գործի
Պատմում, հասցնում է բոլոր ազգերին242Ա. Թագ. Գ. 11,
Չունի խոսափող ու ձայնալարեր,
Բայց և ազդում է մի աստվածային կենդանի շնչով.
Առանց ջիլերի ու ոսկորների՝
Եվ երկու հազար կանգուն լայնությամբ
Ինչպես անհամար գնդից բարձրյալի,
Այն եբրայական զինյալ ամբոխի վերապրած գունդը243Հեսու Գ. 1-6
Առաջ էր գնում, այժմ նրանց հետ,
Ինչպես և նրանք, որ պիղծ են, անսուրբ,
Մեղքերի աղտով այրված, հեռացած,
Տաժանակրությամբ աղյուս սարքելուց ազատվածներին
Ուղեկցում է նա:
Մարմնացած Աստուծո էությունն անգամ
Ահա այս վեմի անունով կոչվեց,
Կողի պատռումով խմեցրեց բոլորիս:
Ոչ երակների արյան ընթացքը,
Այլ վերին Լույսի շառավիղները
Թափանց միությամբ կենդանացնելով
Նորոգ է պահում: Կանխանշում է
Ոչ Սողոմոնի, Զորաբաբելի հսկողությունը,
Այլ իմաստությունն Ամենակալի.
Նա չի պարուրվում աննվիրագործ ու սովորական
Յուղով՝ Հակոբի կողմից244Ծննդ. ԻԸ. 18:
Այլ փառքով Մեծի և Ահավորի արյամբ է օծվում:
Երկրային նյութից տուն չէ, այլ մարմին երկնային լույսից,
Սրա զավակներին Աստված կնքում է ու ձեռնադրում,
Ոչ թե երկրածին հղացումների,
Այլ երկնային արքայության ժառանգներ է պատրաստում,
Որ իր ծոցում գրկվածներին
Աբրահամի գոգին նվիրաբերե:
Սրա հարսնության փեսան է Որդին կենդանի Աստծու
Հայրապետների խմբերն են նրա հարսնաքույրերը.
Սա կմոռացնի կռամոլության բարձունքը դիվոտ,
Քանզի ծանոթ է երկնային Աստծուն,
Ամբողջապես մերժելի են արձանները կուռքերի,
Եվ Քրիստոս է երկրպագվում նրա բոլոր քարերի մեջ.
Ակնհայտ քակտումն է անտառների ուրվական իղձի,
Քանզի աշխարհի ողջ մայրիներից
Կենաց փայտի նմանությամբ
Տերն այստեղ է զոհաբերվում: [
Եկեղեցին] խորտակումն է
Դիվապատիր հմայական արձանների,
Չէ՞ որ գովական կարկեհան քարն է245Եսայի ԾԴ. 11
Ապրող վեմերով ու գոհարներով
Իր մեջ հաստատվում:

ԺԱ

Այս աստվածընկալ և չքնաղ հարկը
Ազատ է ամեն ծառայությունից246Գաղ. Դ. 21-31:
Օրինակը չէ Վերին Սիոնի,
Այլ նրանով է, որ ճանաչում են ճշմարտությունը.
Ո՛չ կապված բագին կռապաշտության,
Եվ կամ պատժարան օրենքի լծով,
Այլ՝ պարգևարան Տիրոջ բարության,
Երկրպագում ենք:
Երբեք չի սասանվում ձևափոխվելով,
Այլ փառքի նույն շուքով ընդարձակվում է.
Սա երկինքն է երկնի, և՛ երկրի վրա,
Հռչակվում է նա շողարձակելով:
Ինչպես չէ հնար Քրիստոս առանց Հոր,
Նույնպես առանց այս մոր արգանդի
Կատարյալ Հոգի հնարավոր չէ:
Անընդգրկելին շրջում է անտուն, Եթե այս տան մեջ չտաղավարվի.
Գլուխ դնելու տեղ անգամ չունի Տերն ամենայնի247Մատթ. Ը. 20,
Թե կյանքի այս կայարանում չօթևանի:
Հպարտանում է ավելի շատ այս նյութեղեն
տնով, Քան թե երկնային վերին կամարով:
Աստվածային լույսի անբավությունը
Մարգարեի դեմքի նման
Օրինակն այս նույնպես ծածկեց248Գ. Թագ. Ը. 11.
Եվ ինչպես փախան երեսի փայլից,
Այս նմանությամբ տաճարի մարդիկ չհանդարտվեցին,
Մեծ գովերգության տոնահանդեսին,
Երբ որ դասերը բանականներիս
Ի մի հավաքված նվագերգում են,
Այստե՛ղ են կրկին բաղձանքով օրհնվում,
Քան վայելչական այն դրախտի մեջ:

ԺԲ

Այս մայրն երկնավոր, երկնային լույսով
Ավելի քան մայրը երկրավոր,
Շնչող, մարմնավոր, ինձ գգվեց որդու պես:
Նրա կրծքի կաթն արյունն է Քրիստոսի:
Եթե մեկը սա պատկերն համարի [սուրբ] Աստվածածնի՝
Օրենքին դեմ չէ:
Որպես փրկական խաչի զորության
Զարմանազան նշաններ ու սքանչելիք է հրաշագործում,
Եվ դատաստանի բեմը այստեղ է հաստատված ահա,
Սրանով է, որ խորթ բարք ունեցող հերձվածողների
Մոլեգին ճառող բերանն է սանձվում:
Նա ունի նաև իմանալի և բանական քարեր,
Որոնցով անսուրբ գազանամիտներ
Վտարում է նա, դարձնում տարագիր249Ելք ԺԹ. 13
Նաև աստվածներ է ծնում եղական250Սաղմ. ՁԲ. 6, Հովհ. Ժ. 34-35
Միակ Աստծու՝ Քրիստոսի պատկերով:
Եվ դարձած դեպի մեզ խոստացած
Ունի և գիրն իր արևելք հայող՝
Նախ մեզ խոստացված բնակատեղի,
Կարծես թե ձեռքով նա հստակորեն մեզ ցույց է տալիս
Աստծու գալստյան ճանապարհները,
Մեզ քարոզում է փայլակի տիրական առակը251Մատթ. ԻԴ. 27,
Հիշեցնում բոլոր արարածներին,
Թե արևելքից պիտի հայտնվի փրկությունը մեր:
[Նա] հալածում է ցավերը, բուժում ախտաժետներին,
Հաղթահարում է բռնությունը դևերի:
Նրա արգանդը ավազանն է կենդանարար,
Եվ նրա հարսանքին առաքյալների դասերն են պարում:
Այնքան է ճոխացել բարգավաճ երանությամբ,
Մինչև իսկ վայելչապես Տիրոջ անվամբ հորջորջվեց.
Լույսի Տիրամոր տիտղոս ստացավ
Միածին Որդու մերձավորներից:
Նա հանդարտիկ նավահանգիստն է
Խռովահուզյալ մեղավորների, Եվ վերին դասուց խրախճանարան,
Եվ տարակուսյալ հանցապարտների անվրեպ բուժարան,
Անպատմելի Երրորդությունն իր մեջ է, որ
Փառաբանվում է՝ բոլորից օրհնվելով:

ԺԳ

Իսկ եթե մեկը չարության ձեռքը
Հանդգնի պարզել վերին արքայության
Եվ մարմնավոր գյուտ, մարդկային հնարք,
Կամ երկրակենցաղ արվեստ համարի
Ձեռակերտ տաճարի վերաբերյալ ավանդները
Եվ ոչ՝ առավել կյանքի մի շնորհ և աստվածային ակնկալություն,
Եվ կամ Սուրբ Հոգու հայտնած նորալույս նախագրություն,
Եվ բարձրյալի երախտիքի ամենատուր լրիվություն,
Եվ խնկարկված խորհրդարան արարչական
կամքի, Առաքյալների աջի բարեհանճար հիմնարկություն,
Կարճ՝ երկնքի դուռ և կենդանի Աստծու քաղաք252Ծննդ. ԻԸ. 17, Եբր. ԺԲ. 22,
Եվ անպարտ ողջերի մայր՝ ճշգրիտ պատկեր բանական կերպիս253Գաղ. Դ. 26, Հոգուս խորհուրդն իմանալի,
Իսկ շոշափելին՝ պատկերը մարմնիս,
Այնտեղի անճառ սրբությունները գերազանցող
Մի նոր սրբություն.
Եվ Քրիստոսի փառաշուք նշանով պսակված,
Այդպիսի չխոստովանողներին զրկում է իր տեսությունից
Հայրն ամենակալ իր էակից Բանի ձեռքով,
Վերցնելով նրանից և փառակից Հոգու շնորհի ավանդը,
Եվ փակվելու է կյանքի առագաստի դուռը նրա առջև:
Իսկ մենք վկայում ենք այն՝ որ գրեցինք,
Հավատալով մեր ասածին254Բ. Կորնթ. Դ. 13
Ի փառս և հանուն ամենակալ Երրորդության255Սաղմ. ՃԺԵ. 10,
Եվ մեկ աստվածության,
Հավիտյանս հավիտենից, ամեն:

Բան ՀԶ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Աստվա՜ծ ողորմած, բազմագութ, հզոր,
Ահավոր, մարդասեր, օրհնյալ, կենդանի, անճառ,
Չկա ոչ մի բան քեզ համար բնավ անձեռնարկելի,
Նույնիսկ եթե նա մեր մտքի համար լինի անհնար:
Դժնի փշի տեղ դու քաղցր պտուղ կարող ես տալ,
Սկզբնահա՜յրդ այս նոր ու զարմանալի կենաց կանոնի.
Քանզի բարիք անել ատելիին և աղոթել հալածչի համար,
Փրկություն հայցել խոցողին և սպանողին ներումն խնդրել՝
Դո՛ւ էիր, որ ընծայեցիր մեզ պտուղն այս հրաշալի,
Որի քաղցրությունն է անճառելի և անօրինակ,
Քո բարեբանված կամքին հաճելի
Եվ ճաշակելի գովյալ շուրթերիդ:
Հոգի՛դ մեր երեսի և զորությունդ մեր գեղեցկության,
Դու Տե՜ր Քրիստոս, օրհնյալ ի բարձունս:
Բայց ամենավրեպ երկրածին մարդիկ
Քո բարեմատույց ձեռքերին անգամ չարությամբ հատուցեցին:
Իսկ դու լինելով լույս ու լուսատու,
Չես լսում անեծք ու չես ախորժում չարից.
Չես ուզում կորուստ, չես ցանկանում մահ,
Չես հուզվում խռովությունից,
Չես ենթարկվում ցասման,
Չես հարկադրվում բարկությունից, Չես մթագնում սիրուց,
Չես այլայլվում գթությունից,
Չես փոփոխվում բարությունից,
Ո՛չ թիկունքդ ես շուռ տալիս և ո՛չ էլ երես ես դարձնում,
Այլ լո՜ւյս ես համակ և փրկություն ամբողջովին:

Բ

Եթե ուզենաս քավել՝ կարող ես.
Եթե բժշկել՝ զորավոր ես.
Եթե կենդանացնել՝ ձեռնհաս ես.
Եթե շնորհել՝ առատաձեռն ես.
Եթե առողջացնել՝ հնարավոր ես.
Եթե պարգևել՝ ամենալեցուն ես.
Եթե արդարացնել՝ ամենարվեստ ես.
Եթե մխիթարել՝ ամենիշխան ես.
Եթե նորոգել՝ ամենակալ ես.
Եթե հրաշագործել՝ գերահզոր ես.
Եթե վերստեղծել՝ Արարիչ ես.
Եթե կրկին գոյացնել՝ Աստված ես.
Եթե հոգալ կամենաս մեզ՝ ամենատեր ես.
Եթե մեղքերից կորզել՝ գթասիրտ ես.
Եթե անարժանիս ընձեռել՝ օրհնյալ ես.
Եթե որսացողից ազատել՝ փրկիչ ես.
Եթե շնորհներդ մեր մեջ զեղել՝ հարուստ ես.
Եթե նախքան մեր խնդրելը ձեռք կարկառել՝ անկարոտ ես.
Եթե նեղվածիս լայն տեղ դուրս բերել՝ անդորրիչ ես.
Եթե հետ մնացածիս կոչել՝ խնամակալ ես.
Եթե սասանյալիս հաստատել՝ վեմ ես.
Եթե ծարավյալիս հագեցնել՝ աղբյուր ես.
Եթե ծածուկներն երևան հանել՝ լույս ես.
Եթե օգտակարին ինձ ծանոթացնել՝ բարի ես.
Եթե արատներն անտեսել՝ երկայնամիտ ես.
Եթե փոքրիս հետ դատի չմտնել՝ բարձրյալ ես.
Եթե ծառայիս ձեռք տալ՝ ստեղծող ես.
Եթե աջովդ պաշտպանել՝ հոգածու ես.
Եթե վհատածիս դարման մատուցել՝ կերակրող ես.
Եթե անգետիս մտքին հագուրդ տալ՝ վարդապետ ես.
Եթե քեզ դիմողիս ընդունել՝ ապավեն ես.

Գ

Արդ, այս բոլորը քո ձեռքումն են լոկ, Տե՜ր ողորմության,
Ոչ միայն գրված, այլև կատարված ու գլխավորված,
Ո՜վ առաջամարտիկդ համբերության նահատակների մեջ,
Որ իմ փրկության համար՝ հզորաբար հանդես
եկար ճակատամարտի ասպարեզում,
Որպեսզի գոռոզ մարմնիս բռնության կարծրությունը դու
Վշտի և տառապանքի վարժություններով կակղացնես:
Մեր բնության հատուկ տույժի տագնապը տաժանագին
Քո անմեղորեն չարչարված մարմնով չափեցիր դու,
Որպեսզի այն քո մեջ որպես օրինակ ունենալով՝
Գթությունդ մեր նկատմամբ առավելապես ցուցաբերես,
Օրհնյա՜լ հավիտյանս. ամեն:

Բան ՀԷ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Օրհնյալ և լուսանորոգ օր է256Զաք. ԺԴ. 7 մեծ պասեքի ուրբաթը սարսափելի,
Երբ եղան երկու արդարակշիռ ընտրությունները սասանած բոլոր արարածների՝
Վերածելու նրանց անփոփոխելի ու երկնակենցաղ մի այլ էության,
Բարձրացածներին խոնարհեցնելով ու վեր հանելով ընկածներին:
Եվ բարեպատեհ ժամն եկավ հասավ,
Գրելու ինձ այս նվագն ողբաձայն՝ զվարճախառն երկյուղով.
Չարչարանքներիդ մասին եմ ուզում խոսել այժմ ես,
Որոնք կրեցիր դու իմ փոխարեն, Աստվա՜ծ բոլորի:

Բ

Կանգնեցիր իմ կերպարանքով՝ ստեղծածիդ ատյանի առաջ
Չխոսեցիր դու՝ տվիչդ խոսքի,
Չբարբառեցիր՝ ստեղծո՛ղդ լեզվի,
Ձայն չարձակեցիր՝ սասանիչդ երկրի,
Չմռնչացիր՝ ամենաազդու փո՛ղդ մեծաձայն,
Ո՛չ երախտիքովդ հանդիմանեցիր
Եւ ոչ էլ նրանց իրենց չարությամբ պապանձեցրիր.
Չմատնեցիր դու նրանց ամոթի, որ քեզ մատնեցին մահվան տանջանքին.
Չդիմադրեցիր, երբ կապեցին քեզ, ոչ էլ նեղացար, երբ ապտակեցին.
Չնախատեցիր, երբ թքեցին ու չխռովեցիր, երբ բռունցքներով խփեցին քեզ,
Չսրտմտեցիր, երբ կատակեցին, չխոժոռվեցիր, երբ ծաղրեցին:
Պատմուճանը քո վրայից հանեցին, իբրև տկարից
Ու դարձյալ հագցրին, իբր կալանավոր անզերծանելի:
Եթե լեղիով խառն քացախը չխմեր կամա նա երկու անգամ,
Չէր թափվի մաղձն իմ նախկին դառնության:
Համտես արավ նա հուսահատությամբ ու մի
կողմ տարավ տարակուսանքով.
Առան նրանից այն մոլեգնաբար և տվին դարձյալ անպատկառորեն.
Եվ խառնիճաղանճ ամբոխի առջև գանահարելով նրան սաստկապես՝
Խիստ անարգանքի դատապարտեցին.
Ծնրադրեցին՝ ծաղրելու և պսակ դրին հեգնելու համար:

Գ

Հանգիստ չտվին կենդանարարիդ,
Այլ պատրաստեցին քեզ համար գործիք, որ կրես:
Ընդունեցիր այն իբրև երկայնամիտ, առար իբրև հեզ,
Ու վերցրիր այն որպես համբերող,
Եվ շալակեցիր փայտը վշտալից, իբրև հանցապարտ:
Տարար ուսամբարձ այդ զենքը կենաց, զերթ հովտաշուշան,
Որ գիշերային արհավիրքներից պահպանես դու մեր՝ քո ձեռքով կերտված գահը մարմնեղեն՝
Դատապարտության վայրում, որպես թե խրախճանքի մեջ:
Դուրս հանեցին քեզ որպես ողջակեզ.
Կախեցին, ինչպես Սաբեկա խոյը, որին քարշ տվին իր եղջյուրներից.
Տարածեցին խաչի սեղանի վրա իբրև պատարագ,
Բևեռեցին որպես չարագործի, կապկապեցին իբրև ապստամբի
Երկնավոր խաղաղությանդ՝ իբրև ավազակ,
Անկապտելի մեծությանդ՝ իբրև խղճալի,
Քերովբեներից պաշտվածիդ՝ իբրև քամահրելի,
Կենաց պատճառիդ՝ իբր արժանավոր՝ սատակիչ մահվան,
Ավետարանի նկարչիդ իբրև օրենքի հայհոյիչ,
Մարգարեների Տիրոջդ ու կատարելությանդ՝ իբրև գրվածքներն համառոտող,
Փառքի ճառագայթներիդ և Հոր անքնին խորհուրդների կնիքիդ256aԵբր. Ա.3 իբր հակառակորդ ծնողիդ կամքին,
Իսկապես օրհնյալիդ՝ իբրև տարագրյալ.
Օրենքի կապն արձակողիդ՝ իբրև այր նզովյա256bԳաղ. Գ.13,
Սպառող կրակիդ256cԲ.Օր. Դ.24 իբր հաղթահարած մի կալանավոր,
Ահավորիդ երկնի և երկրի՝ իբրև հավաստի պատժապարտ,
Անմատույց լույսով պարածածկյալիդ՝ իբրև հողածին մի ձերբակալված:

Դ

Ո՜վ դու քաղցրություն և երկայնամիտ բարերարություն,
Գթառատ ողորմածություն և Տե՜ր բոլորի,
Որ ինձ՝ ապերախտ և անօրեն ծառայիս համար
Այդ ամենը կամավորապես և սիրահոժար հաճությամբ
Հանձն առար այն մարմնովդ, որ միացրիր քեզ՝ քո աստվածային էությանը,
Եվ մինչև քնարանը շիրմի՝ անպակաս լրությամբ,
Ամբողջական նույնությամբ մնալով Աստված անքնին՝
Կրեցիր դու նույն նախատինքները՝ անճառելի համբերությամբ,
Եվ ապա դարձյալ հարություն առար՝
Ինքնիշխան բարձրությամբ ու պսակված լույսով,
Աննվազ մարմնով և անթերի աստվածությամբ,
Օրհնյա՜լ ես փառքով, գովված գթությամբ
Եվ բարեբանված միշտ ողորմությամբ
Հավիտյանս հավիտենից. ամեն:

Բան ՀԸ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ, հողանյութ կերպարանքովս ընկնելով երեսն ի վայր,
Եվ ծնրադրական երկրպագությամբ գլուխս խոնարհած՝
Ողորմած բարեգործիդ կենդանարար ոտքն եմ համբուրում
Եվ այս աղոթքն եմ ընծայում մեծիդ:

Բ

Աղաչում եմ քեզ, միա՜կ խնամակալ, մարդասեր, գթած,
Կեցուցիչ, հզոր, այցելու, պաշտպան,
Թող ի զուր չանցնեն ինձ համար մարդացած
Աստծուդ փրկարար չարչարանքները,
Ոչ էլ ընդունայն՝ մատնության գիշերը թափած քրտինքիդ կաթիլն արյունախառն.
Թող չստվերանա երախտիքը լույսիդ,
Որ ձրիաբար, առանց փրկանքի պարգևեցիր ինձ՝ թշվառացածիս.
Թող չջնջվի շնորհներիդ ավետիսը,
Որ քո կողքից բխած կայլակները նորոգեցին.
Թող անօգուտ չլինեն չարչարանքներիդ պտուղները,
Որ մատուցեցիր ինձ՝ կարոտյալիս.
Թող չպարծենա արտաքսված բանսարկուն,
Ինձ՝ ստեղծածիդ սեփականելով.
Հաղթիր քո կամքով չարի իղձերին,
Թող դարձյալ ապշի մի անգամ արդեն զարհուրածը,
Թող կրկին դատապարտվի իսպառ դատապարտվածը,
Մի՛ խնայիր խոսքդ ազատարար,
Որ ինձ՝ ստեղծածիդ ընծայելով քեզ, նորից քեզ դարձնի:
Ցույց տվիր անճառ բարերարությունդ՝ հուսահատության չսպասված ժամին,
Երբ բոլորովին կտրված արդեն և օտարացած էր շարժումը կենդանության:
Մեռար անմահդ և նորոգեցիր մահացածներին.
Համաձևության օրենքի կարգը եթե փոխեցիր257Այսինքն՝ եթե փոխեցիր օրենքի այն կարգը, որ հանցանքի չափով էր պատժում...,
Ուրեմն դյուրինն ու հեշտագույնը, առավել ևս հնարավորը մի՛ արգելիր դու,
Ո՜վ սկզբնաձիրդ ողորմածության,
Բարեմիտ, օրհնյալ և երկայնամիտ թագավոր:
Ներգործի՛ր խոսքով քո ամենազոր,
Որով առաջին օրը դու լույսն ստեղծեցիր,
Եվ ես անմիջապես դեպի լա՜վը պիտի փոխվեմ.
Եվ եթե ինքս ջանադիր չեղա հետևել լույսիդ՝
Դո՛ւ ել ինձ այցի, հայրական լույսից ծագած ճառագայթ:
Թող կանչվեմ քեզ մոտ վնասապարտ ծառաս՝
Քեզանից շնորհ և ողորմություն գտնելու համար.
Պարտքերս հատուցելու համար ժամանակի երկարաձգման կարիք չկա,
Շնորհ արա ինձ՝ տառապյալիս տեսնելու երեսդ-
Լույսդ՝ խավարում վհատ սրտերի:
Արգելի՛ր, փակիր այն ճանապարհը, որտեղից զեղուն բարիքները քո
Խույս են տալիս միշտ իմ հիշողության տեսողությունից.
Քո միշտ մնայուն գանձերի շնորհն ամենապայծառ պահիր ինձ համար,
Որ ես դառնալով ընտիր, պատվական՝ քո՛նը անվանվեմ՝
Պաշտպանված քեզնով, անսահմա՜ն բարի:

Գ

Փութա՛ ինձ շուտով ողորմել, գթած, աղաչում եմ քեզ,
Ողորմի՛ր հզոր, կրկի՛ն ողորմիր:
Մի՛ փոխարկիր դու չարիքներս երկունքի ցավերի, ո՜վ համակ բարի,
Մի՛ վերցնիր վտանգվածիս քո կողմից պարգևված շնորհը.
Մի՛ խլիր փչումն ամենաօրհնյալ հոգուդ.
Մի՛ լուծիր խնկելի կնիքն արքունական քո պատկերի:
Սրբված սրտիս մեջ թող չհայտնվեն մեղքերի փշեր:
Մի՛ խզիր քեզ հետ սիրույս ամրապինդ կապը միության.
Մի՛ զլանար ինձ լեզվի ճարտարություն՝ վայելուչ ու ճոխ ճառելու համար.
Մի՛ պակասեցնի արժանիքն աջիս, որպեսզի լույսիդ մասունքը բաշխեմ:
Մի՛ գրիր ծանր մահացու մեղքերս կյանքի դպրության քո մատյանի մեջ.
Մի՛ պահիր, մի՛ համարիր իմը, Մի՛ հիշեցնի, մի՛ ամաչեցնի,
Մի՛ նախատիր, մի՛ ոտնահարիր,
Մի արձանագրիր մեղկություններս,
Մի՛ կորստաբեր գործերս ամբարիր,
Մի՛ որպես մեղադրյալ ամբաստանիր ինձ,
Մի՛ աճեցնի ինձ հետ ծառն անեծքների,
Մի՛ արձակիր իմ մեջ վնասակար սաղարթ.
Մի՛ ընձյուղիր մեղքերի ծաղիկ և մի՛ թողնի, որ պտուղ բերի նա.
Մի՛ դնիր իմ առաջ պարտքերիս թուղթը:
Մի՛ թվիր երկնաստեղծ մատներիդ ճյուղերի վրա՝ գործած մեղքերս.
Մի՛ ահեղորեն ընդդիմախոսիր՝ անօրենությունս հիշատակելով.
Մի՛ հանձնիր կամքիս հոգուս ավանդը՝ գերեվարելու.
Մի՛ փառավորիր ինձ այստեղ, որպեսզի այնտեղ չդատապարտես.
Անցավոր կյանքի այս նվազագույն, սին հաճույքներով՝
Մի՛ տուժել տա ինձ՝ հավիտենական բարիքներն անբավ.
Մի՛ չափիր փառքը անվերջանալի՝ այս ժամանակի կարճատևությամբ.
Մի՛ գրավ դնի կյանքըդ անարատ՝ իմ վշտահառաչ հովտի փոխարեն.
Մի՛ փոխանակի քո անճառելի լույսը՝ մթամած այս ստվերի հետ.
Մի՛ թողնի մտքիս երասանը դու, որպեսզի չերթա՜մ զարտուղի ճամփով.
Մի՛ համարիր բավ հանգստիս համար՝ կամուրջն աշխարհի.
Մի՛ պահիր հովիտն իմ խոհեմության ստվերի ներքո, որ հանդերձյալում չհրապարակվեմ:
Եթե ամբարես չար գործերս անթիվ, կմեռնեմ ողջ-ողջ.
Եթե սրտիս մեջ շտեմարանես՝ այժմվանից անբոց պիտի այրվեմ.
Եթե անօրեն արարքներս դու քննության առնես՝
Առանց քո առջև ելնելու՝ պիտի հալվեմ ես իսպառ
Եթե մեղքերս թողնես, որ ինձ հետ տնկակից աճեն՝ նրանցով պիտի մաշվեմ, սպառվեմ:

Դ

Ի՜նձ նայիր, զորե՛ղ ամենակարող,
Որ չարություններս փախուստ տան ինձնից, և գա քո բարին փոխարինելու:
Հրամայիր, գթա՛ծ, խնամակալ, գովյալ, լո՜ւյս անշիջելի,
Որ զորությամբդ անհուն նորոգվի հաստատապես
Բնական կառուցվածքն անդամների՝ մարմնեղեն իմ տան,
Որպեսզի այնտեղ անհեռանալի բնակվես բազմած
Եվ հանգստանաս հաճո տենչանքով՝ քեզ հետ իմ հոգու ամուր միությամբ:
Ապականությունն իմ մեղքերի իսպառ հեռացնելով,
Անարատությա՜մբ վերակազմես ինձ,
Ամենակեցույց թագավոր անմահ,
Տե՜ր Հիսուս Քրիստոս,
Օրհնյալ հավիտյանս. ամեն:

Բան ՀԹ

Սրտի Խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Հիշի՛ր, Տե՛ր գթած և արդարասեր,
Աստվա՛ծ ճշմարիտ.
Նայի՛ր վերստին քո ստեղծածին, որ սխալական է իր բնությամբ.
Զննիր ինձ դարձյալ՝ շրջանառությունն իմ արյան, ահա՛,
Որ տարածվում է ամեն ուղղությամբ:
Մոտեցիր դու ինձ բժշկի նման Եվ տե՛ս, որ մարդ եմ խակամիտ, թերի իմ խորհուրդներով, Ինչպես որ ինքդ վկայեցիր258Ծննդ. Ը. 21, չեղածներն անգամ տեսնող սրտագետ,
Դո՛ւ միայն անմաս՝ ստության մութին:
Ապա ուրեմն իրավացի է, որ դասվեմ կարգն այն մեղավորների,
Որոնք իբրև երկրածին մարմին մահականացու
Վրիպել են մարդկորեն սխալվելով և դատապարտված են կրկնապես,
Քան թե ուզենամ՝ խոսքդ սուտ դուրս գա:
Քանզի արդարև դու ինքդ էլ գիտես,
Թե չար է ի բնե մեր ծնունդն արդեն և ընդաբույս է չարությունը մեր,
Եվ մեր խորհուրդներն անփոփոխ են միշտ,
Ըստ հոգեհանճար իմաստունի կանխազեկույց առակի:

Բ

Թեթևացրո՛ւ սաստկությունն այն տանջանքների,
Որոնք պատրաստված՝ սպասում են ինձ՝
Գեհենի որդուս հավիտենական մահվան համար զարդ դարձնելու ընդմիշտ.
Վերացրո՛ւ մեջտեղից մեղքերս ամոթալի,
Որոնք պահված են՝ վերջին ատյանին հայտնի դառնալու թշվառականիս:
Ընծայի՛ր խրատդ խաղաղարար259Եսայի ԾԳ. 5 նախապարգև քո ողորմությամբ,
Որպեսզի ահեղ անտանելիներն իր մտքի առաջ չպատկերանան,
Կենարար զղջման փոխարեն՝ անհույս ապշության առաջ կանգնեցնելով ինձ,–
Դատաստանն ահավոր և դատավորն անկաշառ ու անխաբելի,
Սոսկալի ամոթն ու կշտամբանքը սարսափելի,
Հանդիմանությունն անխուսափելի,
Տագնապն անճողոպրելի,
Պակուցումն անխրախուսելի,
Դողումն անվերջանալի, Լացն անսփոփելի,
Ատամնակրճտումն անբժշկելի,
Ապականությունն անողջանալի,
Սարսափելի անեծքն աստվածային խոսքիդ,
Փակումն գթության և արգելումն ողորմության:
Կգալարվի երկինքն այն ժամանակ,
Եվ կդղրդվի երկիրն իր հատակով
Խռովահույզ ծովի բազմակուտակ կոհակների պես,
Որոնք փախչում են նախ խուճապահար,
Ապա դառնալով մեկ-մյուսի վրա՝
Խափանում են խոլ ընթացքն երկուստեք ու կանգ են առնում:
Եվ լայնատարած գետինը այնժամ տարուբերվելով ու տատանվելով՝
Թնդագին բախմամբ կցնցի ուժգին իրենց հիմունքից
Լեռները բոլոր ու փուլ բերելով՝ կհարթի նրանց:
Կհալվեն համակ ու կհրդեհվեն քարեղեն նյութերն ու տարրերն ամեն.
Կայլայլվի երկինքն անեղծանելի մի փոփոխությամբ,
Եվ արարածներն իրենց տարերքով կառնեն մի նոր ձև ու նոր կերպարանք:
Ծածուկ գործերը կհրապարակվեն, ու կհայտնվեն մեր կրքերն անտես.
Մեր վարքն ու կենցաղն ու ներքինը ողջ՝
Պարզ կնկարվեն մեր մարմնի վրա:
Երկնի թագավորն ատյան կնստի՝ հատուցման վճիռն իր ձեռքում պատրաստ:
Ուստի և ահա՛, վա՜յ ինձ յոթն անգամ՝ կրկին եղկությամբ,
Չափով ու կշռով այս նույն համրանքի,
Որը թվերի անբավություն է պարփակում իր մեջ260Հմմտ. «Նարեկ», ԳԼ. ԼԱ:
Ի՞նչ պիտի անեմ ողբալի հոգիս՝ այդ մեծ օրվա մեջ ամենաահեղ.
Քանզի առաջուց հիշելն ավելի սաստիկ է, քան թե հանդիպել նրան:
Ոմն մարգարե261Ամովս այդ տագնապալից փախուստի խուճապն անզերծանելի
Պատկերացնում է մեզ առակավոր այս օրինակով,
Թե՝ մի մարդ փախչում է առյուծի ձեռքից, Եվ պատահում է նրան արջը.
Եվ երբ արջից էլ խույս տալով հասնում և մտնում է տուն,
Եվ ձեռքը հենում է պատին՝ օձն է խայթում նրան262Ամովս Ե. 19-20:
Եվ ապա, ավելի սաստկացնելով տեսիլն այդ քստմնելի,
Ավելացնում է դարձյալ ասելով.-
«Ո՞չ ապաքեն խավար է Տիրոջ օրը»,
«Օր խավարի և մութի, օր ամպի և մառախուղի»263Սոփոն. Ա. 15:

Գ

Երբ կենակից պահապան հրեշտակը՝ հզոր ոստիկանն264Սաղմ. ԼԳ. 8 իրավամբ կամբաստանի,
Եվ ահավոր հատուցողը կհանդիմանի արդարությամբ,
Թագավորի սպասավորները կաճապարեն առանց խնայելու՝
Ոմանց կյանքի հրավիրելով և ոմանց դատապարտելով ամոթի,
Ոմանց ծիծաղկոտ և ինձ ահարկու ու քստմնելի երես ցույց տալով,
Ոմանց լուսապաճույճ պսակներ մատուցելով
Եվ այլոց՝ վճիռ մահվամբ կորստյան.
Արդարներին ավետավոր լուր և ինձ գույժ տխուր՝ անվերջ վշտերի:
Մինչդեռ բարիների համար կմեռնի իսպառ մահվան հաղթանակը,
Ինձ՝ չարագործիս համար կմնա ընդմիշտ տևական.
Դուռ բախելն այլևս ի զուր կդառնա,
Ու կդադարի գութն իմ նկատմամբ265Մատթ. ԻԵ. 11-13:
Զարմանահրաշ գրքերն երբ բացվեն,
Ուր գրված են մեր մինչև հիմա ծածուկ մնացած բոլոր
Գործերը պես-պես այս կյանքում վարած մարդկային բնության,
Որի համար և գոյություն առան էակներն ամեն,
Այնժամ յուրաքանչյուր մարմնի վրա իսկույն երևան կգան լրիվ դրշոմված
Եվ երկրավորներիս հասկացողության հանդեպ կնքված ու փակված բոլոր
Անպատմելի խորությունները, և մեր աչքի առաջ կպատկերանան266Հայտն. Ի. 12:
Այստեղ է, որ ողբ ու արտասուքով գնվում է երկինքը:
Իսկ այնտեղ նրանք իբրև ուշ մնացած ունայնություններ՝ կարհամարհվեն ու կմերժվեն.
Այստեղից նախօրոք չառաքված հեծեծագին հառաչանքները
Այնտեղ լսելի չեն լինի երբեք.
Կշեռքով ցանված ողորմությունները պայծառ ճրագով ճամփա չեն բանա267Բ. Կորնթ. Թ. 6.
Այնտեղ տապանը նախահանցավորների և կտակարանը տիրանարգների
Եվ ահավոր նշանն հիմիկվաններիս՝268Այսինքն՝ խաչը, քրիստոնյաներիս
Հանդես գալով՝ մեծաձայն պիտի դատախազեն:
Այդ նույն սոսկալի վայրում՝ Մեկը հայրենի հաղորդության ուխտը,
Մեկն էլ անտեսների վկայության խորանը,
Մյուսը՝ մեծագործ արյունն Աստուծո
Իբրև իրավացի ամբաստանողներ՝ իմ առջև պիտի տարածեն:
Բազմապիսի տանջարաններ ես ինքս անձամբ այստեղի՛ց իսկ պատրաստեցի ինձ համար,
Այլևս ինչպե՞ս հուսակտուրս մխիթարվեմ:
Զի եթե նույնիսկ լուսեղեն զորքերն արդարների հետ,
Որոնք փառավորված են երանությամբ, սարսում են ու դողում
Եվ սիրտ չեն անում նայել ահավոր դատաստանին,–
Ես՝ եղկելիս, ավանդակորույս սատակման որդիս, որտե՞ղ կմնամ,
Ես, որ ոչ միայն չպիտի լինեմ պսակի արժան,
Այլև պատուհասն իմ անտանելի և կորուստս պիտի լինի անսպառ:

Դ

Բայց դու շտապիր, ամենապարգև, անճա՜ռ զորություն,
Փրկարար ձեռքդ երկարելու ինձ՝ կորստյան մատնված գերուս,
Որպեսզի քեզնով օգնություն գտած՝ կրկին ետ դառնամ դժոխքի դռնից
Եվ բոլորովին ամենապատրաստ՝ պատիժներից զերծ մնամ, անվտանգ:
Գալիքներն այստեղ մտքի աչքերով նախատեսելով,
Բավ համարելով լսել տագնապած՝ տանջանքների ձայնն ահեղահամբավ,
Քո բարի կամքով ազատվեմ իսպառ և չմատնվեմ առյուծների կորյուններին,
Որոնք խնդրում են քեզանից՝ տալու ինձ իրենց որպես կերակուր,
Խժռելու գազանային ատամներով,
Որպեսզի լցնելով որովայնը մահվան՝
Այստեղ պարարվածիս քաշեն ու հալեն այնտեղ,
Ուր պահվում են անսպառ մնացորդ մթերքները՝
Հավիտենապես լափվելու համար:
Քանզի դո՛ւ միայն կարող ես կորզել այդ սպառիչ ժանիքներից
Եվ տանել դեպ կյանք ու երանություն,
Ապավե՜ն բոլորի՝ լույսի թագավոր
Տեր Հիսուս Քրիստոս,
Օրհնյա՜լ հավիտյանս. ամեն:

Բան Ձ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ, այսքան հուսահատությունների և ահարկու սրտաբեկության,
Ահաբեկիչ սաստկությամբ աստվածային բարկության ենթարկվելուց հետո,
Թախծալից ոգով, իսպառ տագնապած՝
Քեզ եմ աղաչում, սուրբ Աստվածածին,
Հրեշտակ մարդկանց մեջ, մարմնատեսիլ քերովբե, Երկնավոր արքայուհի.
Անխառն, ինչպես օդ, մաքուր, ինչպես լույս,
Անշաղախ՝ նման բարձր արուսյակի պատկերին պայծառ,
Գերազանց, քան սրբությունների բնակարան անկոխելի,
Խոստացված դու վայր երանավետ,
Եդեմ շնչավոր, Անմահ կենաց ծառ՝ բոցեղեն սրով պարունակված268aԾննդ. Գ.24,
Բարձրյալ Հորից զորացած և հովանավորված,
Հանգստությամբ Հոգու պատրաստված և մաքրագործված,
Բնակությամբ Որդու հարդարված և տաղավարված269Ղուկ. Ա. 35,
Հոր համար միածին և քեզ՝ անդրանիկ,
Որդիդ՝ ծնունդով և Տերդ՝ արարչությամբ,
Անաղտ մաքրությանդ հետ և՛ անբիծ բարի,
Անարատ սրբությանդ հետ և՛ բարեխոս խնամակալ,
Ընդունի՛ր աղոթքն այս աղերսալից քեզ դավանողիս,
Եվ այն ընծայիր Աստծուն իբրև պաղատանքը քո,
Խառնելով նրան՝ մեծիդ մատուցված իմ պաղատալից ներբողն առաջին.
Հյուսիր, միացրու դառն հեծությունն իմ մեղավորի
Քո երանելի և նվիրական խնդրվածքի հետ,
Կյանքի տունկդ դու օրհնված պտղի, Որպեսզի քեզնից միշտ բարերարված
Եվ ապավինած մաքուր մայրությանդ ու լուսավորված՝
Ապրեմ ես Քրիստոս Որդուդ միածին և Տիրոջդ համար:

Բ

Օգնի՛ր թևավոր քո աղոթքներով, ո՜վ խոստովանված մայրդ ողջերի.
Որ երբ դուրս ելնեմ այս երկրի հովտից,
Առանց տանջալից չարչարանքների գնամ դեպի կյանք,
Դեպի պատրաստված օթևաններդ:
Թող թեթև լինի վախճանն իմ, զի ես ծանրացել եմ խիստ անօրենությամբ,
Օրն իմ տագնապի դարձրու ինձ համար տոն ուրախության,
Դու, որ բուժեցիր երկունքն Եվայի:
Խնդրի՛ր, աղաչիր ու բարեխոսիր,
Զի անճառելի մաքրությանդ համար հավատում եմ ես՝ խոսքդ կընդունվի:
Արցունքով օգնիր դու վտանգվածիս, գովյա՜լդ կանանց մեջ.
Ծնկաչոք խնդրիր հաշտությանս համար, ծնո՜ղդ Աստուծո.
Հոգատար եղիր թշվառիս հանդեպ, խորա՜ն բարձրյալի.
Ձեռք տուր ընկածիս, տաճա՜ր երկնային.
Եվ փառավորիր Որդուդ քեզանով,
Որ աստվածորեն հրաշագործե ինձ ի քավություն և ողորմություն,
Ո՜վ դու Աստուծո աղախին և մայր.
Բարձրանա պիտի պատիվդ ինձանով
Եվ փրկությունն իմ՝ ցույց տրվի քեզնով:

Գ

Եթե ինձ գտնես, տիրամա՜յր, Թե ինձ ողորմես, սրբուհի՛,
Թե կորուսյալիս շահես, անարա՛տ:
Եթե խրտնածիս խնամարկես, երջանի՛կ,
Եթե ամոթահարիս առաջ տանես, բարեշնո՛րհ,
Եթե միջնորդես հուսահատվածիս համար, մի՜շտ սուրբ կույս,
Եթե մերժվածիս ընտանեցնես, Աստծո՛ւց մեծարված,
Եթե ցույց տաս ինձ գթությունդ, լուծի՛չդ
անեծքների, Եթե տատանյալիս ամրապնդես, հանգի՛ստ,
Եթե հուզումներս ու խռովքներս հանդարտեցնես, խաղաղարա՛ր,
Եթե մոլորյալիս մի ճար գտնես, գովյա՜լ,
Եթե ինձ համար մտնես ասպարեզ, մահվա՛ն նահանջիչ,
Եթե դառնությունս անուշացնես, քացրությո՜ւն,
Եթե բաժանման արգելքը քանդես, հաշտությո՛ւն,
Եթե անմաքրությունս վերացնես, եղծմա՛ն ընդոտնիչ,
Եթե փրկես ինձ՝ մահվան մատնվածիս, կենդանի՜ լույս,
Եթե իմ լացի ձայնը կտրես, բերկրությո՛ւն,
Եթե խորտակվածիս կազդուրես, կյանքի՛ դարման,
Եթե կործանվածիս մի ակնարկ գցես, հոգելի՛ց,
Եթե ողորմությամբ ինձ պատահես, նվիրակա՛ն կտակ,
Օրհնյալդ միայն երջանկալեզու անբիծ շուրթերից,
Ահա կաթիլ մի կուսությանդ կաթից
Մեջս անձրևելով՝ կյանք է տալիս ինձ,
Ո՜վ դու մայր բարձրյալ Տիրոջդ-Հիսուսի,
Երկնի և համայն երկրի արարչի, որին ծնեցիր դու անճառորեն,
Բովանդակ մարմնով և ամբողջովին իր աստվածությամբ,
Որ փառավորված է Հոր և Սուրբ Հոգու հետ
Էությամբ համակ և անքննությամբ մեր բնության հետ միացած,
Ամենայն է նա և ամեն ինչում, Երրորդությունից մեկը,
Նրան փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն: