ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ ընդէ՞ր է ինձ բնաւն, որ ի սաղմոսին,
Այնպիսեաց բանիցն ի կիր արկանել,
Որ ի նախատինս միանգամայն
Եւ ի նզովս ինձ յարակային,
Հանապազ երգել իմովքս տաւղաւք:
Քանզի զիա՞րդ արդեւք զշուք երջանկին
Ինձ` դատապարտելոյս նմանեցուցից` ասել ընդ նմին,
Թէ` Ոչ մերձեցաւ առ իս թիւրեալն սրտիւ:
Զիա՞րդ զկարգադրութիւնս տանցն
Ի յայսմանէ զկնի թուելոցն զարհուրեցուցչաց,
Ընդակից կայից կանոնաց աւրինաւորին,
Զինուորին եւ թագաւորին եւ մարմնական հրամանատուին,
Որք եւ երկնայնոցն են համբուրելիք,
Ասելով` Ոչ յուսահատ եղէց ի կենաց
Պատմողս աւետեացս եւ նորոյս աշակերտ,
Անմասն յամենուստ բարեկարգութեանց:
Զիա՞րդ, ըստ իրաւախորհ արդարոյն,
Ընդդէմ մեղաւորացն մահու զինեցայց առակաւ առաւաւտին
Ի սկիզբն արթնութեանն միշտ պատրաստական լինելոյ,
Որ եւ ոչ զանդամս մարմնոյս գանեալ խրատեցի:
Զիա՞րդ մասնակցեալ մեծին արութեան`
Սատակեցից ի քաղաքի տեառն զանաւրինեալսն,
Որ եւ ոչ զբուսեալ բիծս հոգւոյս իմոյ մեռուցի:
Զիա՞րդ ստեցից գրողին չեւ յայտնեցելոցն,
Թէ` Զմոխիր որպէս հաց կերայ:
Զիա՞րդ, որ ոչ միացուցի յիմոցս կրից կաթիլ մի պղտոր
Ընդ յստակ արտաւսր աղբերց երգողին, ասեմ ընդ նմին,
Թէ` Զըմպելի իմ արտասուաւք խառնեցի,
Եւ` Արտասուաւք իմովք զանկողինս իմ թացի:
Զո՞րս ինձ գրեցից մեղաւք մահացեալս,
Յորժամ սիրողն Աստուծոյ ի բոլոր սրտէ`
Զյանցմունս նախնեացն իւր վարկանիցի,
Թէ` Մեղաք մեք ընդ հարս մեր, անաւրինեցաք եւ յանցեաք,-
Եւ որ ի վախճանն յանգի սաղմոս`
Իրաւամբք առ իս, քան առ Իսրայէլ:
Որո՞վք յարգեցայց դասիլ ընդ բարիսն,
Յորժամ մարդկային հնարից այս դեղ պատուեցաւ,
Որ ոչ յիս գտաւ,
Ի գարշութենէ կերակրոց ի մահ սովեցեալք
Եւ յաճախութենէ ճգանց ի հոգւոց նուաղեալք,
Ըստ խորութեան ինքնաւրէն կրաւնից հրէից եւ հեթանոսաց:
Զիա՞րդ արդարութիւն իմ մնայ յաւիտեանս,
Զոր ոչ բնաւ իսկ կատարեցի:
Բ
Եւ զի մի տաղտկացայց` յամեալ ի բանիս,
Ի համառաւտել զսոյն փութացայց:
Զի՞նչ ունիմ ասել ի տեղի բանիցն,
Զոր աստուածաշունչ ձայնն նուագեաց աւրհնելոյն Դաւթի,
Թէ` Բոլորով սրտիւ իմով խնդրեցի զքեզ:
Զիա՞րդ ընդ սմին զմեծն քան զայս,
Թէ` Յամենայն ճանապարհէ չարաց արգելի զոտս իմ:
Ի՞բր ընդ եդեալս եւ զայն մատուցից,
Թէ` Ի սրտի իմում թաքուցի զբանս քո,
Որպէս զի մի մեղայց քեզ:
Ո՞րպէս զունայնութեանցս, իբր զլրութեանց,
Ճառեցից ընդ պարս մաքրոց,
Թէ` Ի պատուիրանաց քոց իմացեալ`
Ատեցի զամենայն ճանապարհս չարաց:
Զիա՞րդ զհեզոյն ճշմարտութիւն
Իմում ստութեանս մշտնջենական երդմնահարութիւն կարգեցից`
Ուխտեալ ընդ հաւատարմին.
Երդուայ, զոր հաստատեցի, պահել զդատաստանս արդարութեան քոյ:
Զիա՞րդ ինձ հրեշտակ մահագոյժ անհրաժեշտ վճռի`
Զբանին պատգամ կրկնեցից,
Թէ` Հեռի է ի մեղաւորաց փրկութիւն:
Զիա՞րդ չարս իսկապէս` զբարեացն գրեցից,
Որք ի տեառնէ առնուն զնոյն հատուցումն,
Զայս տուն յեղյեղել,
Թէ` Բարի առնէ Տէր ուղղոց սրտից:
Զիա՞րդ զհամառաւտն փոխատրութիւն անաչառութեան
Վրիպեցելոյս` ինձ սահմանեցից,
Թէ` Զթիւրեալսն յափշտակութեամբ տանի ընդ այնոսիկ,
Որ գործեն զանաւրէնութիւն:
Զիա՞րդ զաստուածազգեստին պանծանս
Ամաչեցելոյս` ինձ պատուաստեցից` ասել զնորայսն,
Թէ` Տէր, ոչ բարձրացաւ սիրտ իմ, եւ ոչ զբաւսան աչք իմ,-
Եւ որ յետ սորին պատմին ասացեալքն:
Զիա՞րդ զանճառն քան զմարմին բան
Ի ցոյցս առից քաջալերութեան վհատելոց,
Ես` գանձ գեհենին, ասել ընդ աւծեալն Աստուծոյ հոգւովն,
Թէ` Յառաջագոյն տեսեր, զի ոչ գոյ նենգութիւն ի լեզուի իմում,-
Ի սկզբնաւորն նախաձայնեալ սաղմոսիս
Մինչեւ ի լրումն աւարտման բանիս:
Զիա՞րդ դասակցութեանց դժնէից մարդոց համաբան
Այրս մահու եւ որդիս սատակման բարբառիմ զբարեշնորհին.
Ո՞չ ահա զատելիս քո, Տէր, ատեցի,-
Եւ զմնացուածն սորին կարգի:
Զիա՞րդ մեծաւն վստահութեամբ տաւնելի վեհին,
Անձն իմ, եւ դու աշխար աշխարհի,
Զանդատ քո ոգի յառաջ ընծայեալ,
Մեծացուցանես ընդ պսակելոյն,
Թէ` Փորձեա զիս, Տէր, եւ տես,
Թէ իցե՞ն անաւրէնութիւնք ի ձեռս իմ,-
Եւ զյաւելուածն, որ զհետ սորին:
Զիա՞րդ, ես գոլով, եւ յայլոց աղաւթեմ ապրել`
Յուսացելոցն յԱստուած ձայնակցեալ.
Պահեա զիս, Տէր, ի ձեռաց մեղաւորի եւ ի մարդոյ չարէ:
Զիա՞րդ համբարձայց ընդ փառաւորեալն մաղթել Աստուծոյ,
Թէ` Դու ես յոյս եւ բաժն իմ յերկրին կենդանեաց:
Զիա՞րդ, իբր հանդիսացեալ ընդ ճգնաւորին,
Զմրցանակն յաղթանակի թագաւորին մատուցանելով,
Զառաւելեալն քան զաւրինակ աղերս աղաւթից,
Թէ` Ինձ սպասեն արդարք քո, մինչեւ հատուսցես ինձ:
Գ
Բարեբանեալ է եւ այս իմաստ հոգեւոր
Եւ տէրունի գործոյն նմանի,
Որ զփորձիչն պատկառեցոյց,
Յորժամ զամենայն արհամարհեսցէ
Եւ զսկզբնապատճառն եղելոց միայն ընտրեսցէ`
Ասելով, թէ` Երանի~ ժողովրդեան, որոյ Տէր Աստուած է նոցա:
Մեծ է եւ այս բարձրութիւն շնորհի
Եւ զգուշական համարձակութիւն` լցեալ երանութեամբ,
Թէ` Սուրբք քո աւրհնեսցեն զքեզ:
Ըղձալի է եւ այս ընտանութիւն մերձաւորական հոգեւոր հաղորդութեան
ՅԱստուած յուսալ եւ ի նոյն արձանանալ,
Բանիւ սաղմոսին բերկրեալ,
Թէ` Զկամս երկիւղածաց իւրոց առնէ Տէր,-
Եւ զկարգ բանին կատարէ,
Մինչեւ զողբալին եւ զզուարճալին ազդեսցէ,
Թէ` Պահէ Տէր զամենեսեան, որ սիրեն զնա,
Եւ զամենայն մեղաւորս սատակէ Տէր,-
Ի գլուխս լրման գրոց նուագարանաց սաղմոսիս,
Իբր թէ զաւրինակն իսկ եցոյց վերջին հատուցման արդարոց եւ մեղաւորաց:
Զուգակցորդք են միմեանց եւ զկնի երգեցեալքս,
Զի թէ` Ընդունի զհեզս Տէր,
Եւ խոնարհ առնէ զամբարտաւանս մինչեւ յերկիր,-
Ապա ինձ ո՞րքան եղկութիւնք կան առաջի:
Իսկ եթէ` Հաճի Տէր ընդ ժողովուրդ սուրբ
Եւ բարձր առնէ զհեզս ի փրկութեան,-
Ապա հերքեալս ի բարեմասնութեանց` ես ո՞ւր հաստատեցայց:
Իսկ եթէ աւրհնելի է Աստուած ի սուրբս նորա տիրապէս,
Ապա աւտարս ես ի մաքրութեանց ընդ ո՞րս դասեցայց:
Իսկ եթէ ի կանխերգիցն մերձ այսր եդից
Յիշատակարան ինձ կշտամբութեան,
Թէ` Սիրեցէք զՏէր, սուրբք նորա,
Զի ստուգութիւն խնդրէ Տէր
Եւ կրկին հատուցանէ ամբարտաւանիցն,-
Ապա յորո՞ւմ գնդի ես գտայց
Գերեալս ի գաղտնեաց գտողին չարեաց:
Դ
Քանզի զոր աւրինակ տատանին տագնապաւ տերեւք տնկոց եղեւին ծառոց,
Շարժեալք ի հողմոց ուժգին բախելոց` հոսեալք ի խոնարհ,
Այնպէս ջանացաւ ջարդել զընթացից իմոց վերարձակութիւն
Քաջաբեր ուղէշս` զյարմարեալս ձեռամբ անեղ մշակիդ:
Զոր հաստատեսցես` արմատացուցեալ վերստին դարձեալ
Նոր պտղաւորութեամբ անապականաւ
Յանդաստան կենաց խնամոց քոց կամացդ,
Ամենապարգեւ թագաւոր Քրիստոս, աւրհնեալ յաւիտեանս:
Ամէն:

Մ.Խերանյան

Բան ԿԱ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ ինչո՞ւ համար պիտի մեջ բերեմ և իմ տավիղով երգեմ անդադար,
Սաղմոսարանի խոսքերն այն բոլոր,
Որոնք իմ դեմ են միշտ և շարունակ, որպես նախատինք և որպես նզովք:
Ինչպե՞ս կարող եմ շուքը երջանկի հարմարեցնել ինձ դատապարտվածիս,
Այսպես ասելով նրա հետ մեկտեղ, թե՝ նենգամիտը ինձ չմոտեցավ:
Եվ ինչպե՞ս դարձյալ զարհուրեցուցիչ, հաջորդ տողերում կարգով թվարկված՝
Բարեմասնություններն այն բոլոր, որոնք հին օրենքի թագավորի, զինվորական մարգարեի
Եվ մարմնական հրամանատարի նկարագիր գծերն են,
Երկնայիններին անգամ ցանկալի՝ կրկնեմ և կյանքից չհուսահատվեմ,
Ես, որ նոր օրենքի ավետարանիչ և շնորհների աշակերտ լինելով հանդերձ
Այդ երկնահաճո արժանիքներից անմասն եմ իսպառ:
Ըստ իրավախոհ արդարի՝ ինչպե՞ս պիտի զինվեմ մեղավորների դեմ,
Պատրաստ լինելով առավոտյան վաղ արթնացածի164Սաղմ. ՃԱ. 8 պես
Սպանել նրանց, ըստ առակողի:
Ես, որ իմ մարմնի անդամներն անգամ գանահարելով չխրատեցի:
Ինչպե՞ս արդ մեծի արիությունը օրինակելով՝
Կարենամ ջնջել անօրեններին Տիրոջ քաղաքից,
Երբ իմ հոգու մեջ բուսած մեղքերն իսկ չմեռցրի ես:
Ինչպե՞ս սուտ խոսեմ նրա մոտ, որին ծածկվածները հայտնի են արդեն,
Ասելով՝ «Մոխիրն իբրև հաց կերա».
Ես, որ Երգողի աղբերակների հստակ արցունքին
Իմ հուզումներից պղտոր մի կաթիլ իսկ չմիացրի,
Ինչպե՞ս նրա հետ կարող եմ ասել՝
«Ըմպելիքս խառնեցի ես արտասուքներով Եվ անկողինս արցունքներով թրջեցի»:
Եվ ապա, որո՞նք վերագրեմ ես ինձ՝ մեղքերով մահացյալիս,
Երբ աստվածասերն ի բոլոր սրտե նախնյաց հանցանքներն
Իրենն է համարում, ասելով այսպես.–
«Մենք մեղանչեցինք մեր հայրերի հետ, անօրինացանք և հանցանք գործեցինք»,
Եվ այս սաղմոսի հետագա բոլոր տողերը, որոնք
Իրավամբ ինձ են հարմար ավելի, քան Իսրայելին:
Ինչո՞վ արժանի լինեմ դասվելու բարիների հետ,
Երբ չգտնվեց իմ մեջ այն դեղն իսկ, որ հարգվեց որպես մարդկային մի գյուտ,
Այսինքն գարշելով կերակուրներից՝ մահու չափ քաղցել,
Եվ երկարատև ճգնություններով՝ հոգով նվաղել,
Ըստ տարակրոն հրեաների և հեթանոսների երբեմնի սովորության:
Արդարությունն իմ ինչպե՞ս կարող է մնալ հավիտյան, որը ես երբեք ի գործ չդրի:

Բ

Բայց, որպեսզի երկարաբանությամբ չդառնամ տաղտկալի,
Պիտի աշխատեմ խոսքս համառոտել:
Ի՞նչ կարող ես ասել այն խոսքերի տեղ,
Որոնք նվագեց օրհներգ ու Դավթի ձայնն աստվածաշունչ, Թե՝
«Բոլոր սրտովս ես քեզ փնտրեցի»:
Ինչպե՞ս սրա հետ ասեմ ավելին,
Թե՝ «Ամեն տեսակ չար ճամփաներից ոտքս կտրեցի»:
Ինչպե՞ս սրա հետ ասեմ ավելին,
Թե՝ «Իմ սրտի մեջ պահեցի խոսքերդ, որպեսզի քո դեմ չմեղանչեմ»:
Ինչպե՞ս ունայնություններս որպես կատարելություններ ճառեմ մաքուրների հետ,
Թե՝ «Քո պատվերներից դաս առնելով, ատեցի բոլոր ճանապարհները չարագործների»:
Ինչպե՞ս ես հեզի ճշմարտությունը՝ իմ խաբեբայի մշտնջենական
Սուտ երդումների հետ համակարգեմ, ուխտելով հավատարմի հետ,
Թե՝ «Հաստատապես երդվեցի պահել դատաստանդ արդար»:
Ի՞նչպես կկնեմ ես այն պատգամը, թե՝
«Փրկությունը հեռու է մեղավորներից»:
Որը իմ վերջին վճռի մահագույժ հրեշտակն է:
Ինչպե՞ս չարս իրոք, բարիների պես,– 
Որոնք Տիրոջից առնում են իրենց հատուցումն
արդար, Հեղեղելով այս տողը ասեմ, թե՝ «Տերը բարիք
կանի ուղղամիտներին»:
Ինչպե՞ս այն անաչառ և կտրուկ փոխատրությունը մոլորյալիս,
Թե՝ «Սխալվածներին հափշտակելով կտանի նրանց հետ, ովքեր գործում են անօրենություն»:
Ինչպե՞ս պարծանքը Աստվածազգեստի պատվաստեմ ես ինձ՝ ամոթահարիս,
Նրա խոսքն ասելով. «Չբարձրացավ սիրտս,
Տեր, Եվ աչքերս երբեք չզվարճացան»:
Ինչպե՞ս ընդունեմ մարմնականից վեր խոսքն անճառելի,
Որպես քաջալեր հուսահատվածիս, գանձիս գեհենի,
Ասելով Աստուծո Հոգով օծյալի հետ,
«Առաջուց տեսար, որ լեզվիս վրա նենգություն չկա»,
Եվ սաղմոսի այս մարգարեական գլխի սկզբից մինչև վերջ գրված խոսքերը բոլոր:
Եվ ինչպե՞ս ինքս, որ համաբան եմ դժնասիրտ մարդկանց և դասակից նրանց,
Ես, որդիս մահով ջնջվելու արժան՝ բարեշնորհի խոսքը բարբառեմ.–
«Չէ որ, ահա, Տե՛ր, քեզ ատողներին ես ատեցի»,–
Եվ մնացածներն ապա այս կարգի:
Ինչպե՞ս դու, ա՛նձն իմ, որ աշխարհի ամենեն աշխարելին ես,
Տոնելի Վեհի վստահությամբ
Չստուգված հոգիդ առաջ մղելով, պանծաս ինքնագով պսակվածի հետ,
Թե՝ «Փորձիր ինձ, Տեր, և տես՝ կա՞ միթե անօրենություն իմ ձեռքերի մեջ»,
Դրա հետ նաև հավելվածները:
Չար լինելով ես՝ ինչպե՞ս չարերից ազատվել մաղթեմ,
Իրենց հույսն Աստուծո վրա դրածներին ձայնակցելով,
Թե՝ «Պահիր ինձ, Տեր, մեղավոր և չար մարդու ձեռքերից»:
Ինչպե՞ս վեր կենամ՝ փառավորյալի հետ աղոթելու Աստծուն,
Թե՝ «Դու ես իմ հույսն ու բաժինը կենդանյաց երկրում»:
Ինչպե՞ս, իբրև թե ճգնավորի հետ մրցման դուրս եկած,
Հաղթանակի մրցանակը թագավորիդ մատուցելով,
Այս աննմանակ աղոթքն անեմ ես աղերսագին.-
«Արդարներդ պիտի սպասեն, մինչև դու հատուցես ինձ»:

Գ

Բարեբանյալ է նաև հոգևոր այս միտքը,
Որով ամեն ինչ արհամարհելով,
Արարածների սկզբնապատճառին է ընտրում միայն ասելով՝
«Երանի՛ այն ժողովրդին, որի տերը իր Աստվածն է».
Եվ այս նման է Տիրոջ վարմունքին, որով նա փորձչին հանդիմանեց նրա անպատկառության համար:
Մեծ է նաև այն շնորհը երանությամբ լի համարձակությունն այն երկյուղած,
Թե՝ «Քո սուրբերը պիտի օրհնեն քեզ»:
Ըղձալի է նաև հոգևոր հաղորդության ընտանությունն այն մտերիմ,
Որով մարդ իր հույսը դնում է միայն Աստուծո վրա
Եվ նրա մեջ էլ մնում հաստատուն սաղմոսի խոսքերով քաջալերական,
Թե՝ «Տերը կատարում է իր երկյուղածների կամքը»,
Եվ ապա թե՝ «Տերը պահում է բոլոր նրանց, ովքեր սիրում են նրան,
Եվ ջնջում բոլոր մեղավորներին»:
Պատգամներ տխուր և ուրախական
Սաղմոսարանի վերջին գլուխների մեջ,
Որոնք ցույց են տալիս արդարների ու մեղավորների վերջին հատուցման օրինակները:
Իմաստով միմյանց հաղորդակից են և ա՛յն երգվածները,
Թե՝ «Տերն հեզերին իր մոտ կընդունի
Եվ մինչև գետին կխոնարհեցնի ամբարտավաններին»:–
Ուրեմն որքա՜ն եղկություններ կան իմ առաջ:
Իսկ եթե՝ «Տերը սիրում է իր սուրբ ժողովրդին
Եվ հեզերին բարձրացնում է փրկելով նրանց»,–
Հապա ես զուրկս արժանիքներից՝ ի՞նչ հույսով ամրանամ:
Իսկ եթե Աստված սրբերից է օրհնվում իսկապես,
Հապա ես օտարս մաքրությունից՝ որո՞նց կարգը դասվեմ:
Իսկ եթե սրանց մոտ դնեմ իբրև հանդիմանության հիշատակարան,
Կանխերգածներից այս տողը, թե՝
«Սիրեցեք Տիրոջը, ո՜վ նրա սուրբեր,
Զի ուղղություն է ուզում նա և կրկնակի կպատժի գոռոզներին»,–
Հապա ո՞ր գնդում պիտի լինեմ ես,
Գերիս գրավված՝ գաղտնի մեղքերի գյուտարար չարին:
Քանզի, ինչպես որ կտատանվեն տագնապով տերևները եղևնու դալար տունկերի
Ու շարժվելով ուժգին հողմերից՝ կթափվեն գետին,–
Այդպես էլ ջանաց ջարդել չար ոգին իմ վարք ու բարքի
Բարեբեր ճյուղերն՝ ի վեր բարձրացած,
Եվ որոնք անեղ մշակիդ ձեռքով էին հորինված,
Կրկի՛ն ու կրկին արմատացնելով հաստատի՛ր ամուր
Նո՛ր անապական պտղավորությամբ զարդարելով այն
Քո խնամատար կամքին հանձնված՝ կյանքի անդաստանում,
Ամենապարգև թագավոր Քրիստոս, օրհնյա՛լ հավիտյան. ամեն:

Վ.Գևորգյան

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա

Ինչո՞ւ մեջ բերել ու երգել տավղով այսպես անդադար
Սաղմոսարանի խոսքերն այն բոլոր,
Որոնք իմ դեմ են ուղղվում շարունակ
Որպես նախատինք, պարսավ ու նզովք։
Իսկ ինչպե՞ս պիտի կարողանայի
Փառքն այն երջանկի փոքր-ինչ պատշաճել
Դատապարտյալիս՝ իր հետ ասելով,
Թե՝ «Չմոտեցավ նենգամիտը ինձ»։
Կամ ինչպե՞ս հաջորդ զարհուրեցուցիչ
Տներում կարգով մեկ առ մեկ հիշված՝
Օրինապահին, զինվորականին,
Թագավորին ու մարմնական հզոր հրամանատվին
Հատուկ ամենայն արժանիքներն այն,
Որոնք մինչնիսկ համբուրելի են երկնայիններին,
Կրկնեմ ու կյանքից չհուսահատվեմ
Ես, որ լինելով նորի աշակերտն
Ու քարոզիչն իր ավետիսների,
Այդ շնորհներից անմասն եմ իսպառ։
Ըստ իրավախոհ արդարի, ինչպե՜ս
Զինվեմ ես ընդդեմ մեղավորների,
Առակով ասած, առավոտյան վաղ արթնանալուն պես
Պատրաստ լինելով նրանց ջնջելու,
Ես, որ իմ մարմնի անդամներն անգամ
Գանահարելով չխրատեցի.
Ինչպե՞ս այդ մեծի սխրագործությամբ
Կոտորեմ բոլոր անօրեններին տիրոջ քաղաքի,
Երբ չմեռցրի ախտաբծերն իսկ, հոգուս մեջ բուսած։
Ինչպե՞ս ես ստեմ նրան, որի մոտ
Չհայտնվածներն իսկ գրված են արդեն,
Ասելով՝ «Մոխիրն իբրև հաց կերա».
Ես, որ երգողի աղբերակայլակ արցունքին հստակ
Հեծեծանքի մի պղտոր շիթ, կաթիլ իսկ չխառնեցի,
Ինչպե՞ս կարող եմ ասել նրա հետ՝
«Ըմպելիքներս խառնված են եղել արտասուքներով
Եվ անկողինս արցունքներով եմ թրջել» շարունակ։
Երբ նախնիների հանցանքները ողջ
Աստվածասերն այն իրենն համարի՝
«Մենք մեղանչեցինք մեր հայրերի հետ,
Անօրինացանք, հանցագործեցինք»,
Այլև բոլորն այն, ինչ ասված է այս երգում մինչև վերջ,
Որոնք ավելի ինձ են պատշաճում, քան Իսրայելին, —
Ո՞ր մեկը պիտի ինձ վերագրեմ
Ես, որ մեղքերով մեռած եմ իսպառ։
Ինչո՞՛վ կարող եմ արժանի լինել
Բարիների հետ դասվելու պատվին,
Երբ չարեցի այն, ինչ ճանաչված ու
Հարգված է որպես մարդկանց դեղ ու ճար,
Այն է՝ գարշելով կերակուրներից՝ մահու չափ քաղցել
Եվ երկարատև ճգնությամբ՝ հոգով նվաղել իսպառ,
Ըստ տարակրոն հրեաների ու
Հեթանոսների հին սովորության։
Ինչպե՞ս կարող է հավիտյան մնալ
արդարությունն իմ,
Երբ այն ես երբեք չեմ գործադրել:

 

Բ

Սակայն որպեսզի շատախոսությամբ չլինեմ տաղտկալի.
Կաշխատեմ այժմ խոսքս կարճ կապել։
Եվ ի՞նչ կարող եմ ասել արդարև, այն խոսքերի տեղ,
Որ աստվածաշունչ ձայնով նվագեց Դավիթ օրհներգուն՝
«Իմ ամբողջ սրտով որոնեցի քեզ».
Կամ մեծն առավել՝ «Ոտքս կտրեցի
Ամեն տեսակի չար ճամփաներից».
Եվ կամ՝ «Պահեցի խոսքերդ իմ սրտում,
Որ չլինի թե քո դեմ մեղանչեմ»։
Ինչպե՞ս կարող եմ նանրություններն իմ
Մաքուրների հետ մատուցել որպես կատարելություն
«Պատվիրաններից քո դաս առնելով՝
Ատեցի բոլոր ճանապարհները չարագործների»։
Ճշմարտությունն այն խոնարհի ինչպե՞ս
Շարահարելով մշտնջենական սուտ երդումներիս,
Ուխտելով ասեմ հավատարմի հետ՝
«Հաստատ երդվեցի՝ պահպանել արդար օրենքները քո»։
Իսկ ինչպե՞ս կրկնեմ պատգամն այս հապա,
Որ հիշատակն է անճողոպրելի վճռիս մահագույժ,
Թե՝ «Փրկությունը հեռու է բոլոր մեղավորներից»։
Ինչպե՞ս կարող եմ չարս իսկապես
Բարիների այս հատուցումն արդար,
Որ ստանում են նրանք տիրոջից,
Վերագրել ինձ՝ կրկնելով տողն այս՝
«Բարիք կանի տերն ուղղամիտներին»։
Ինչպե՞ս ինքս անձամբ վերահաստատեմ
Բազմավրեպիս փոխհատուցումն այս անաչառ, հատու՝
«Հափշտակությամբ խոտորվածներին
Տերը կտանի բոլոր նրանց հետ,
Ովքեր գործում են անօրենություն»։
Աստվածազգեստի պարծանքն այս ինչպե՞ս
Պատվաստեմ թշվառ ամոթահարիս՝
«Չգոռոզացավ բնավ սիրտն իմ, տե՜ր,
Եվ աչքերս երբեք չզվարճացան»։
Գերմարդկային այս խոսքն անճառ ինչպե՞ս
Ընդունեմ որպես վհատյալների քաջալերություն
Եվ ինչպե՞ս կրկնեմ գանձս գեհենի
Աստծո հոգով այն օծյալի հետ՝
«Առաջուց տեսար, որ լեզուս բնավ չունի նենգություն»։
Ես՝ դասակիցս դժնասիրտ մարդկանց,
Մահվան համաբան՝ սատակման որդիս,
Ինչպե՞ս բարբառեմ բարեշնորհի խոսքերն այս հապա՝
«Չատեցի՞, տե՜ր, քո ատելիներին»։
Ո՜վ անձն իմ, ո՜ղբդ աշխարհի, ինչպե՞ս
Տոնելի վեհի մեծ վստահությամբ
Անստույգ հոգիդ հրամցնելով
Պանծաս ինքնագով՝ պսակյալի հետ՝
«Փորձիր, տե՜ր, և տե՛ս, մի՞թե ձեռքերն իմ
Ապականված են անօրենությամբ»։
Ինքս չարագործ յինելով հանդերձ՝
Ինչպե՞ս պաղատեմ այդպիսիներից փրկելու համար.
Ձայնակցած Աստծուն հուսացողներին,
Թե՝ «Պահի՛ր ինձ, տե՜ր, մեղավորի ու չար մարդու ձեռքից»։
Ինչպե՞ս բարձրանամ մաղթելու Աստծուն փաոավորի հետ,
Ասելով՝ «Դու ես բաժինն ու հույսն իմ կենդանյաց երկրում»։
Իսկ ինչպե՞ս, հապա, իբրև մրցակից այն ճգնավորին.
Պսակն հաղթության երկնի արքայիդ մատուցանելով
Կրկնեմ աղերսանքն այս անօրինակ՝
«Արդարները քո կսպասեն, մինչև դու ինձ հատուցես»։

 

Գ
Բարեբանյալ է սաղմոսի և այն խորհուրդն հոգևոր,
Որ ամենայն ինչ արհամարհելով՝
Ընդունում է լոկ արարածների նախապատճառին
Տալով «Երանի՜ այն ժողովրդին,
Որի տերը իր աստվածն է միայն».
Սա պատշաճում է տիրոջ այն գործին,
Որով նա փորձչին ամոթ հասցրեց։
Մեծ է և շնորհն այս վսեմափառ,
Լի երանությամբ, այլև երկյուղած համարձակությամբ
«Սրբերդ պիտի օրհնաբանեն քեզ».
Ըղձալի է հույժ նաև հոգևոր
Հաղորդակցության ընտանությունն այս մերձ ու մտերիմ,
Որն հորդորում է հուսալ Աստծուն
Եվ ապավինել նրան, բերկրելով սաղմոսի խոսքով՝
«Իրագործում է տերը միշտ կամքն իր երկյուղածների»,
Որն ավարտվում է ողբախառն ուրախ այս ազդարարմամբ՝
«Տերը պահում Է ամենքին, ովքեր սիրում են իրեն
Եվ ջնջում բոլոր մեղավորներին».
Սաղմոսերգության այս ավարտական գլուխների մեջ
Տրված է կարծես արդարների ու մեղավորների
Վերջին հատուցման օրինակը հենց։
Իմաստով միմյանց զուգակից են և երգերը հաջորդ.
Եթե, ըստ նրանց, «Տերն ընդունոմ է հեզերին միայն
Եվ մինչև գետին խոնարհեցնում բարձրահոններին»,
Ուրեմն որքա՜ն եղկություններ են հեգիս սպասում.
Իսկ եթե «Տերը սիրում է միայն իր ժողովրդին
Եվ կբարձրացնի հեզամիտներին՝ փրկելով նրանց»,
Հապա ես՝ զուրկս արժանիքներից, ո՞ւմ ապավինեմ.
Իսկ եթե Աստված իր սրբերից է օրհնվում տիրաբար.
Ես, որ օտար եմ, զուրկ մաքրությունից,
Որո՞նց հետ պիտի դասակից լինեմ.
Իսկ եթե դնեմ և կանխերգներից
Սրանց մոտ՝ որպես ինձ նախատինքի հիշատակարան՝
«Սիրեցե՛ք տիրոջ, ո՜վ նրա սրբեր,
Զի պահանջում է նա շիտակություն
Եվ կհատուցի կրկնակի բոլոր բարձրահոններին»,
Հապա ո՞ր գնդում ես պիտի լինեմ,
Ես, որ գերի եմ չարահնարի գաղտորսակներին։
Եվ ահա, բարդու նկուն, դողահար
Ու տագնապալի տերևների պես,
Որոնք հողմերի բախումից վայրագ
Պոկոտված՝ դողդոջ թափվում են գետնին,
Չարը մոլագար ջանաց ջարդոտել
Ի վեր ամբարձած բարեբեր ճյուղերն իմ կյանքի ծառի.
Հարդարված անեղ մշակիդ ձեռքով։
Արմատավորի՛ր նորից, հաստատի՛ր
Նոր անապական պտղաբերությամբ՝
Կամքիդ խնամքով բարգավաճ կյանքի անդաստանի մեջ,
Ամենապարգև արքա՜ Քրիստոս,
Օրհնաբանյա՜լդ հավիտյանս, ամեն։

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Այլ արդ, ընդէ՞ր ոչ ի վերագրեցեալն սաղմոս նախաճառական
Եւ յայլ մարգարէիցն մասն ինչ յաւդեցից:
Քանզի զի՞նչ վայելումն իցէ կերակրոյն,
Եթէ անզգայեալ ցաւովք ուտիցեմ,
Եւ կամ զո՞ր շահ սաղմոսն ունիցի,
Եթէ ոչ ի միտ առնուցում:
Քանզի նզովեմ զիս ինքն ի նոսին, եւ ոչ իմանամ,
Լուացեալ լինիմ, եւ ոչ պայծառանամ,
Արեւու ծագեալ, եւ ոչ լուսաւորիմ,
Մեղր ճաշակեմ, եւ ոչ քաղցրանամ,
Ռետնիւ լնանիմ, եւ ոչ բժշկիմ,
Միշտ կանխեմ ի նոյն, եւ դատարկ երեւիմ,
Հանապազ ձաղիմ, եւ ոչ երբէք խրատիմ,
Ողոքիմ դարձեալ, եւ ոչ զգաստանամ:
Բ
Արդարեւ, մեղք եւ անաւրէնութիւնք իմ յիս,
Եւ ես մաշիմ ի նոսին, ըստ մարգարէին,
Որ ի դիմաց պարտաւորացն բանի,
Եւ տէրունական առակին հին տկոցն եւ նոր գինւոյն:
Վասն զի, թէ` Սատակին անաւրէնք եւ մեղաւորք ի միասին,
Ըստ Եսայեայ ձայնին,
Ապա եւ ինձ` դժնէիս նոյն բաժին հանդերձեալ պահի:
Քանզի ասեմ զսաղմոսն, թէ` Հատուցանէ այնոցիկ,
Որ առաւել առնեն զամբարտաւանութիւն,
Եւ կցորդեմ սմին զընթերցուածն,
Թէ` Աւր տեառն ի վերայ հպարտից եւ ամբարտաւանից:
Ասեմ, թէ` Աւտար եղեն մեղաւորք ի մաւրէ,-
Եւ որ ինչ կարգ սորին ցուցանէ,
Յարեմ առ սմին, թէ` Կործանեսցին անաւրէնք երկրի,
Եւ` Ամբարիշտն բարձցի յերկրէ,
Եւ` Անիրաւք մերժեսցին ի նմանէ:
Գ
Ողբք ինձ կարդացէք առ ձայնն,
Թէ` Զոր աւրինակ վառի եղէգն ի կայծականց հրոյ,
Այնպէս այրեսցին մեղաւորք ի բորբոքեալ բոցոյն:
Լացէք առ սաղմոսն,
Թէ` Արկցես ի վերայ նոցա կայծակունս հրոյ:
Աշխարհս պատմեցէք ի բանս աստուածեան վճռին`
Մարգարէիւն ազդեցեալ`
Թէ ոչ կամիցիք լսել ինձ, սուր կերիցէ զձեզ:
Կոծեցարուք առ սաղմոսն,
Թէ` Մահ հովուեսցէ զնոսա:
Աղի արտասուս ողորմ հառաչմամբ ընդ հեծութիւնս իմ յարմարեցէք,
Յորժամ բարձրեալն ընդ Իսրայէլի եւ ինձ ասասցէ բանիւ սաղմոսին,
Թէ` Ժողովուրդ իմ ոչ լուաւ ձայնի իմում:
Աւա~ղ կարդացէք թշուառացելոյս,
Յորժամ այլ մարգարէ զնոյնս դիցէ.
Վա~յ նոցա, զի վազեցին զինեւ:
Բարբառ փողեցէք ի սիրտ մղձկեալ նոր աղաղակի,
Յորժամ տեսանողն, Աստուծով ամաչեցուցեալ,
Զիս կշտամբեսցէ ընդ ապարասան տանն Յակոբայ.
Տեսէք, արհամարհոտք, զարմացարուք եւ եղծարուք:
Դ
Այլ դարձուսցես եւ ամփոփեսցես
Զբարձրացեալ զսուր բարկութեան ահաւորիդ սպառնալեաց
Ի սարտուցելոյս յերեսաց մեծիդ
Եւ, խնամովք աջոյդ բարեբաշխութեան առ իս ժամանեալ,
Աւծումն կենաց պարգեւատրեսցես քո աղաչողիս:
Եւ քեզ փա~ռք յերկինս ի բարձունս,
Եւ ի մահացուաց` յերկիր ի խոնարհ,
Ի սահմանս բոլոր ազանց եւ յամենայն յաւիտեանս:
Ամէն:

Մ.Խերանյան

Բան ԿԲ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Բայց արդ, ես ինչո՞ւ վերոհիշյալ կանխագուշակող սաղմոսի վրա
Մարգարեներից ուրիշ հատվածներ էլ չավելացնեմ:
Սակայն ի՞նչ ճաշակ ստանամ պիտի այն կերակուրից,
Որն ուտելու եմ ցավերիս մեջ անզգայացած.
Եվ կամ ի՞նչ օգուտ կտա սաղմոսն ինձ, եթե չըմբռնեմ իմաստը նրա:
Զի նզովում եմ ինքս ինձ նրանով՝ ու չեմ հասկանում,
Լվացվում եմ՝ ու չեմ պայծառանում,
Ծագում է արևն՝ ու չեմ լուսավորվում,
Մեղր եմ ճաշակում՝ ու չեմ քաղցրանում,
Դեղերով լցվում եմ՝ ու չեմ բժշկվում,
Դիմում եմ նույնին՝ ու դատարկ դուրս գալիս,
Ծաղրվում եմ միշտ՝ ու չեմ խրատվում,
Հորդորվում նույնպես՝ ու չեմ զգաստանում:

Բ

Արդարև՝ իմ մեջ են մեղքերն ու անօրենությունները,
Եվ ես նրանց մեջ մաշվում եմ,
Ինչպես որ մարգարեն է ասում ի դեմս հանցապարտների,
Մեկնաբանելով առակն հին տիկերի և նոր գինու165Մատթ. Թ. 17:
Զի եթե, ինչպես Եսային է ասում՝
«Անօրեններն ու մեղավորները միասին պիտի սատակեն»,
Ապա և ինձ դժնիիս համար էլ նույնն է վիճակված:
Քանզի հիշում եմ սաղմոսի այն խոսքը, թե՝
«Կհատուցի նրանց, որոնք ավելի են գոռոզանում»:
Մյուս ընթերցվածն էլ կցում եմ սրան.-

«Տիրոջ օրն հպարտ և ամբարտավան մարդկանց
վրա է»166Եսայի Բ. 12,
Ինչպես և՝ «Մեղավորներն իրենց մոր արգանդում իսկ օտարացան».
Եվ նմանիմաստ տողերն ըստ կարգի:
Կցում եմ սրան, թե՝ «Անօրենները երկրի պիտի կործանվեն»,
Եվ՝ «Ամբարիշտն երկրից պիտի վերանա», Եվ՝
«Պիտի մերժվեն անիրավները»:
Ողբացեք վրաս այս խոսքի համար,
Թե՝ «Ինչպես եղեգը կվառվի կրակների մեջ,
Այնպես էլ մեղավորները այրվեն պիտի բոցերում բորբոք»:
Լացեք սաղմոսի այս խոսքի համար,–
«Կրակի կայծեր պիտի թափես դու նրանց վրա»:
Ողբեր կարդացեք դուք աստվածային այն վճռի
համար, Որ մարգարեի բերանով է զարդարված.–
«Եթե չկամենաք լսել ինձ, սուրը ձեզ պիտի ուտի»:
Կոծեցեք այն սաղմոսի առթիվ,
Թե՝ «Մահը պիտի հովվի նրանց»:
Աղի արցունքներ խառնեցեք դուք իմ հեծություններին հառաչանքներով,
Երբ բարձրյալն ինքը՝ Իսրայելի հետ՝ սաղմոսի խոսքով նաև ինձ ասի.–
«Իմ ժողովուրդը ձայնս չլսեց»:
Ավաղ ասացեք դուք ինձ թշվառիս, երբ նույնն
էկրկնում մի այլ մարգարե.-

«Վա՜յ նրանց, զի հեռացան ինձնից»:
Տխրամած սրտով նոր աղաղակի փող հնչեցրեք
դուք, Երբ Աստուծո տեսանողը, ամաչեցնելով ինձ,
Կշտամբի սաստիկ Հակոբի տոհմի հետ ապերասան,
Թե՝ «Տեսեք, ո՜վ արհամարհոտներ, զարմացե՛ք և ջնջվեցե՛ք»:

Գ

Բայց դու, որիդ երեսից փախել եմ սարսափահար, հետ տար ինձանից
Եվ պատյան դիր ահավորիդ բարկության վրաս բարձրացած սուրն սպառնալից,
Եվ քո բարեբաշխ, խնամոտ աջովդ ինձ հասնելով,
Կյանքի օծումը պարգևիր ինձ՝ քեզ աղաչողիս:
Եվ քեզ փառք բարձր երկնայիններից և երկրային բոլոր մահկանացուներից,
Սահմանների մեջ բոլոր ազգերի, հավիտյանս. ամեն:

Վ.Գևորգյան

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա

Արդ, վերոգրյալ սաղմոսին այստեղ
Ինչո՞ւ այլ մասեր չավելացնեմ մարգարեներից,
Սակայն ի՞նչ վայելք պիտի ստանամ այն կերակրից,
Որ ուտելու եմ այսքան ցավերով անզգայացած,
Եվ կամ ի՞նչ օգուտ կտա սաղմոսն ինձ,
Եթե չըմբռնեմ իմաստը նրա։
Չէ՞ որ դրանով նզովում եմ ես
Միայն ինքս ինձ՝ ու չեմ հասկանում,
Լվացվում եմ, բայց չեմ պայծառանում,
Արևն է ծագում՝ չեմ լուսավորվում,
Մեղր եմ ճաշակում՝ ու չեմ քաղցրանում,
Ջանում եմ անդուլ՝ մնում եմ դատարկ,
Ձաղվում եմ անվերջ, բայց չեմ խրատվում,
Հորդորվում եմ միշտ՝ ու չեմ սթափվում։

Բ

Իրոք, իմ մեջ են ամենայն մեղք ու
անօրենություն,
Եվ ես մաշվում եմ ահա նրանցից,
Ըստ մարգարեի խոսքի՝ ի դեմս հանցապարտների
Եվ տերունական առակի, ասված
Հին տկերի և նոր գինու մասին։
Եթե, Եսայու խոսքի համաձայն,
«Անօրեններն ու մեղավորները
Պիտի չարամահ լինեն միասին»,
Ապա դժնուս էլ նույնն է վիճակված։
Բերում եմ ահա խոսքը սաղմոսի.
«Պիտի հատուցի նրանց, որ շատ են
ամբարտավանում».
Կցում ես սրան այլ ընթերցվածներ՝
«Տիրոջ օրն հպարտ ու ամբարտավան մարդկանց վրա է».
«Մեղավորները օտար են եղել հենց մոր արգանդից»–.
«Անօրենները պիտի կործանվեն».
«Ամբարիշտները երկրի երեսից պիտի վերանան».
«Անիրավները պիտի վտարվեն»։
Ողբացե՜ք վրաս այս խոսքի համար՝
«Ինչպես եղեգն է վառվում կայծացայտ կրակների մեջ,
Այնպես կայրվեն և մեղավորները բորբոքված բոցից».
Լացե՜ք նաև այս սաղմոսի համար՝
«Պիտի արձակես դու նրանց վրա հրե կայծակներ».
Աշխարեցե՜ք դուք և աստվածային այս խոսքի համար,
Որ մարգարեի բերնով է ասված՝
«Եթե ինձ լսել չուզենաք, ապա սուրը ձեզ կուտի».
Կոծեցե՜ք և այս սաղմոսի առթիվ՝
«Հովիվ կլինի երանց մահը լոկ»։
Աղի արցունքներ ողորմ հառաչմամբ
Միացրե՛ք իմ հեծեծանքներին,
Երբ բարձրյալն ինքը, Իսրայելի հետ,
Սաղմոսի խոսքով նաև ինձ ասի՛
«Իմ ժողովուրդը ձայնս չլսեց».
Ավա՜ղ ասացեք թշվառացյալիս,
Երբ նույնը կրկնի մի այլ մարգարե՝
«Վա՜յ նրանց, քանզի հեռացան ինձնից»։
Տխրամած սրտով նոր աղաղակի
Փո՛ղ հնչեցրեք, երբ տեսնողն Աստծո
Ամաչեցնելով կշտամբի սաստիկ
Հակոբի տոհմի հետ ապերասան՝
«Արհամարհոտնե՜ր, տեսե՛ք, զարմացեք և չքվե՛ք
իսպառ»:

Գ

Սակայն դու ետ տար ու պատյանը դի՛ր
Բարկությանդ ահեղ սուրն սպառնալի,
Որ բարձրացրել ես մեծիդ երեսից խրտչածիս վրա,
Եվ քո բարեբաշխ հոգածու աջով, ինձ մոտենալով,
Օծումը կենաց պարգևատրի՛ր քեզ աղաչողիս։
Եվ քեզ փա՜ռք երկնի բարձրություններում
Ու երկրի վրա՝ մահացուներից՝
Բոլոր ազգերի սահմանների մեջ,
Հավիտյաններում բովանդակ, ամեն։

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Բարերար եւ բազմագութ, մարդասէր եւ երկայնամիտ, միայն թագաւոր,
Ընդ Հաւր քում պատուեալ եւ աւրհնաբանեալ տէր ամենայնի,
Որդի Աստուծոյ կենդանւոյ, անպատճառդ միշտ իմում կորստեան,
Որ ամենեւին անփորձ ես ի չարեաց,
Որ ոչ կամիս զմահ մեղաւորի,
Որ փրկութիւն են ի քոց կամաց ընծայեցուցեալ,
Որ դարձուցանես զմրրիկ մեղաց ի յաւդ քաւութեան,
Որ զհուր բարկութեան յանձրեւ փոխարկես,
Որ զյետնեալ զկինն ի բարեաց` կրկնակի գոյիւ նահանջեր
Երկեակ բնութիւն ի նոյն արձանի`
Ոչ իսկապէս ընդ անպարտսն եւ ոչ համայն ընդ պատժաւորսն:
Որ զլուծութիւն ծովուն սահանաց
Իբր զկարկառս քարանց կառուցեալ յեղանակեցեր:
Որ զկարծրանիւթ վէմն անապատին
Ի վիժակս վտակաց հոսեալ բղխեցեր:
Որ զՅորդանանու ջրոյն սրաշարժ վայրեկութիւն
Հրաշաւոր անդրադարձութեամբ ի յետնորդս հեթանոսաց
Լուացումն աւազանին ի թիկունս առաքեցեր:
Որ զպատուաստեալ պարիսպն Երիքովի,
Յաւրինակ կործանման բռնութեանն սատանայի,
Իբր զթեթեւութիւն յարդի ցնդեցեր:
Որ զվնասակար ջուր նորին, ի յառակ այլայլութեան
Առ ի բարին փոխարկութեան` քանանացւոցն փրկութեան,
Խորհրդական աղիւն համեմեալ` անուշեցեր:
Որ զմեռային դառնութիւն իբր զմտաց անհաւանութիւն,
Կենացն փայտիւ ի քեզ յարմարեալ` պիտանի արարեր:
Որ զառեալն ի գետոյն,
Ի գծագրութիւն անսահմանդ քո հրամանի
Անորակիդ գունակութեան,
Ի նոր երանգ բոսորային մածեր արիւն ի ցամաքի:
Որ զանկենդան ցուպ գաւազանին,
Ի կերպառութիւն առ ի զքոյդ մերովս նկարագրիլ,
Այլ եւ յաւտարազնիցն ընտրութիւն,
Ի տիպն ապաթոյն կերպիւ վիշապի նմանեալ ցուցեր:
Որ զերջանիկ ձեռն աջոյն Մովսէսի, ի ցոյցս տեսութեան
Ապագայիցն հրաշից մարդեղութեանդ քոյ, բարձրեալ,
Եւ քեւ` ախտաւոր մարմնոյս մաքուր լինելոյ,
Անփոփոխ փոխատրութեամբ կրկին գուշակեցեր:
Որ յայսքանեացս շրջադրութիւն
Բարեխնամապէս արուեստիւ սիրոյ
Զանակնկալն գիւտ մեղաւորաց կորստականաց
Նշանակեցեր, աւրհնեալ ամենագութ:
Բ
Որ բուսուցանես յերկրէ դալարի` զմեռեալն յանշնչականէն,
Որ զանշարժն իբր զընթացող կառավարես,
Որ յանարգ արգանդէ կոչես քեզ պատկերակիցս,
Որ տաս պատանեկաց աղաւրիս ըմբոշխնելիս,
Որ յայտս մաքուրս հերս ընծայես,
Որ զսաղարթ սեւութեան վարսից ի ձեան կերպարան զարմանագործես`
Ցուցեալ, թէ առ ամենայն սահման հեռաւորական յաղթող ես, հզաւր:
Որ փոփոխես զշրթունս բնաւորականս,
Ըստ բանին Յոբայ, ի կամս հաւատարիմս,
Որ սասանես զերկիր եւ զսիւնս նորին ի հիմանց`
Նշանակեալ հաստուածին գոյիւ,
Թէ դու միայն մնաս անկորնչելի:
Որ հոլովես զտարերս` իբրեւ զանցաւորս
Եւ դարձեալ ի նոյնն կապես` իբրեւ զյարակայս`
Յայտ արարեալ, թէ եւ առ մեղաց բազմութիւն
Դիւրապէս ունել կամ թողուլ դոյնպէս զաւրեսցես:
Որ զարուսեկին անզգայ էութիւն իբր երասանաւ իմն դաստիարակես`
Երեւեցուցեալ այնր իրի կերպիւ, թէ զբնութեանս չար դիմեցումն
Յորժամ եւ կամիս` հանդարտ առնիցես:
Որ զանբարբառ բոլորակ լուսնին կարգես ունայնս եւ պատարունս`
Լուսաւորեալ զպատճառն առ աւետիս տեսողաց,
Թէ ի նուազութենէ բարեաց զպարտաւորս մարմին
Դու ածես ի լրութիւն առաջնաստեղծ հարստութեանն:
Որ զպատկերս անխաւս աստեղաց,
Իբր զդասակս դոյզն հաւտից, տրոհես եւ ժողովես`
Յոյս իմն կենաց առ այս խորհրդաբերեալ, քաղցրահայեաց տեսութիւն,
Թէ եւ անաղաչաւորաց լեզուաց կարողապէս բաւես ողորմել:
Գ
Որ ի մէջ մահու եւ կենաց շաւիղ վստահութեան ուղղես ի ծովու`
Վկայութիւն եդեալ հաւաստի, թէ եւ յանկասկածաւորն վայրի
Քեւ պաշտպանիմք անգայթակղելի:
Որ իբր զջուր կաթսայից ի հրոյ եռացեալ,
Որպէս զմեղաց մրրիկ պղտորեալ` բանիւ կամաց քոց խափուցանես:
Որ հայիս յերկիր եւ տատանես զսա,
Զի անբանիւն զմտաւորս զգաստացուցանես:
Որ իբր զակատ մի անձուկ նաւի ի վերայ շարժութեան ալեաց`
Զանբաւ թանձրութիւն գետնոյս դղորդես,
Որով ծանուցեալ լինիս ամենից հաստուածոց, թէ իցես աներկբայելի:
Որ ի բան քո զաւրեղ հիմնացեալ ունիս զամենայն,
Որ սերմանես զարտաշնչացեալ մարմինս յերկրի
Եւ զնոյն անկորուստ պահեալ` կրկին կենդանածնես:
Որ ապականացուս աւանդեալ` անեղծս ստանաս,
Որ ընդ մահացու նիւթոյս զնշխարն կենաց խառնես,
Որ հրամանաւ ակնարկութեան ի խուն վայրկենի կազմեցեր,
Պատրաստ կացուցեր զանզարդութիւն ամենից եղանակաց:
Քո է զաւրութիւն եւ կարողութիւն,
Որ շրջանակես զժամանակս ամաց հոլովման աւուրց
Յայլ նմանութիւն բարեպատեհ տեսողութեան:
Որ կարդաս զանմռունչսն` իբր զկենդանիս,
Որ ազդես միայն, եւ նոքա ընթանան,
Որ միայն հենուս, անկանես անճառ արուեստիւ
Հնարագիտութեան` մէգ եւ առաւաւտ:
Որ յետ նախակարգ յաւրինուածոյն առաջնաստեղծ լինելութեանն
Արարեր զփառաւորեալսն մեծամեծս հրաշակերտիցն հանդիսից,
Ըստ Գրոյն երջանկութեան կանխահիացն զարմացման,
Այլ իմն գոյացութիւն տաւնելի տեսակի
Անեղծ աշխարհագործութեան եւս քան զսոյն`
Ի մարդանալդ քո, որոց ոչ գոյ թիւ:
Դ
Որ ահա զվնասն մեր քեզ գրեցեր,
Որ զարդարութիւնն քո մեզ շնորհեցեր,
Որ ընդ քեզ կրեցեր զհաշտութեանն մերում փրկանակ,
Որ ոչ երբէք լքանիս յողորմութենէ,-
Դարձո զամբարշտեալս ի պաշտաւն բարի երկիւղի,
Զթմբրեալս` ի զգաստութիւն արթնութեան սրտի,
Զանմաքուրս` ի սրբութիւն պայծառութեան կերպարանի,
Զբազմաբիծս` յանբծութիւն հանդարտական սուրբ պատկերի,
Զբեկեալս` յողջութիւն, որ ի դիպմանց ոչ խորտակի,
Զլացեալս` ի խնդութիւն զուարթութեան անտխրելի,
Զյուսահատեալս` ի սէր միաւորիչ անքակտելի,
Զամաչեցեալս` ի վստահութիւն հաստատութեան անշարժելի,
Զխաւարեալս` ի լոյս երանութեան անմեկնելի,
Զմահու գերեալս` ի կեանս, որ ընդ եղծմամբ ոչ անկանի,
Զի փառաւորեսցի անուն քո, Յիսուս,
Խոստովանեալ յամենայնի ընդ Հաւր եւ ընդ Հոգւոյդ Սրբոյ,
Ի բարձունս երկնի եւ ի ստորեւս երկրի
Եւ ի բնակիչս նոցա յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

Մ.Խերանյան

Բան ԿԳ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Բարերար և բազմագութ, մարդասեր և երկայնամիտ միակ թագավոր,
Հորըդ հետ պատվված և օրհնաբանված Տե՛ր ամենայնի,
Որդի՛դ կենդանի Աստուծո,
Դու, որ ինձ երբեք կորչելու տեղիք չես տալիս,
Եվ ամենևին չես փորձվում չարից.
Ու մեղավորի մահն իսկ չես ուզում,
Եվ կամքդ փրկություն է բերում բոլորին,
Մեղքի մրրիկը քավության մեղմաշունչ զեփյուռի ես փոխում դու
Եվ բարկության հուրը փոխարկում անձրևի:
Դու, որ քո բարի հրամանին չանսացող կնոջն հետ դարձրիր իր ընթացքից,
Նույն արձանի մեջ կերպավորելով զույգ գոյացությամբ երկու բնություն,–
Ո՛չ անմեղների և ո՛չ էլ իսպառ պատժվածների կարգը իրապես դասելով նրան:
Դու, որ ծովի լույծ ջրերն հորձանուտ՝ քարակույտի պես իրար վրա դիզեցիր բարդ - բարդ167Ելից ԺԵ. 8
Եվ անապատի կարծրանյութ վեմն իբրև հոսող վտակ բխեցրիր168Ելից ԺԷ. 6:
Դու, Հորդանանի սրընթաց վայրէջքը կանգնեցրիր հրաշապես,
Դարձնելով այն որպես լվացումի ավազան հեթանոսների հետնորդների համար:
Երիքովի պարիսպը պնդակուռ –
Սատանայի բռնության կործանման որպես օրինակ –
Թեթև հարդի պես օդ ցնդեցրիր դու,
Եվ այդ քաղաքի ջուրը վնասակար, այլաբանորեն,
Որպես օրինակ քանանացոց փրկությանը, դեպի բարին փոխվելուն՝
Դու խորհրդավոր աղով համեմելով՝ անուշացրիր:
Մեռայի դառնությունը-նշանակ անհավատության՝
Դու կենաց փայտով պիտանի դարձրիր, քաղցրացրիր քեզ պես միացնելով քեզ հետ:
Գետից առնված ջուրն ինչպես արյուն մակարդեցիր դու ցամաքի վրա,–
Իբրև նշանակ անհուն հաճությանդ, որի համաձայն,
Անփոփոխ պիտի գունավորվեր նոր երանգով բոսորային170Ելից Դ. 9:
Անկենդան գավազանին անթույն վիշապի նմանություն ու տիպ տվեցիր,
Ի պատկերացումն քո ըստ մեզ ձևակերպմանն ու ընտրությանն օտար ազգերի:
Մովսեսի երջանիկ աջը պահպանելով անեղծ ու անփոփոխ՝
Ցույց տվիր դու մեզ նախապես ապագայի հրաշքներդ, բարձրյա՛լ,
Որոնք մարդեղությանդ ընթացքին պիտի կատարեիր,
Եվ ապա, քեզանով՝ ախտավոր մարմնիս մաքրագործվելը գուշակեցիր:
Եվ դու այս բոլորով, ահա՛, ամենուրեք,
Մեղավորներին կորստյան ենթակա, բարեխնամորեն,
Սիրույդ հրաշքով կատարվող անակնկալ գյուտը գուշակեցիր,
Օրհնյա՜լդ ամենագութ:

Բ

Ծլեցնում ես դու երկրից կանաչ խոտ ու կյանքի կոչում անշունչ մեռյալին,
Անշարժին կառավարում ես որպես ընթացող,
Անարգ արգանդից դուրս ես կոչում քեզ պատկերակիցներ,
Պատանիներին սեղանատամներ տալիս ըմբոշխնող
Եվ նրանց մաքուր այտերի վրա մազ ես աճեցնում,
Եվ սևասաղարթ վարսերը ձյան պես զարմանագործում,
Ցույց տալով, թե քո կարողությունը անցնում է ամեն սահմանից, հզո՜ր,
Շրթունքների բնազդական թոթովանքները, ինչպես Հոբն է ասում,
Փոխարկում ես դու հարազատ ու պարզ արտաբերության,
Սասանում ես դու երկրին ու նրա սյուները՝ հիմքից,
Ցույց տալով թե, դո՛ւ կմնաս միայն անկորնչելի:
Դու թավալում ես տարերքը, որպես անցավոր իրեր
Եվ դարձյալ նույն տեղ հաստատում դրանք որպես մնայուն.
Այսպես՝ հայտնելով, թե կարող ես դու նույն այդ դյուրությամբ
Կապել մեր բազում մեղքերը և կամ արձակել:
Անզգա էությունն արուսյակի սանձահարում
ես կարծես թե երասանով,
Այդպես՝ ցույց տալով, թե մեր բնության հակումները չար
Կարող ես դյուրավ դու հանդարտեցնել, երբ էլ կամենաս:
Անբարբառ լուսնի բոլորակը դու մերթ ունայն ես անում և մերթ պատարուն,
Ապացուցելով, որպես ավետիս, այդ տեսնողներիս,
Թե բարիքներից նվաղած մեր մեղապարտ մարմինները
Դու նախաստեղծ հարստությամբ կամբողջացնես դարձյալ:
Անխոս աստղերի բազմությունը դու իբրև փոքրաթիվ հոտերի խմբեր,
Բաժանում ես իրարից և հավաքում դարձյալ,
Ի խորհուրդ կենաց հաստատուն հույսի, ո՜վ քաղցրահայաց տեսություն,
Թե դու չաղաչող լեզուններին էլ կարող ես լրիվ նույնպես ողորմել:
Ծովում, դու կյանքի ու մահվան միջև ճամփա ես բացում ուղիղ ապահով,
Այդպիսով հաստատ հավաստիացնելով, թե վտանգավոր վայրում էլ նույնպես
Կարող ենք լինել անգայթակղելի՝ քեզնով պաշտպանված:
Ինչպես կաթսայում կրակի վրա եռացող ջուրը,
Այդպես՝ մեղքերի պղտոր մրրիկն էլ քո կամքի խոսքով կդադարեցնես:
Նայում ես երկրին ու շարժում ես այն,
Որպեսզի անբան այդ զանգվածով զգաստացնես մեզ՝ մտավորներիս:
Ալիքների վրա տատանվող փոքրիկ մակույկի նման
Դղրդում ես դու հողազանգվածի թանձրությունն անբավ,
Որով բովանդակ արարածներին ծանուցանում ես, թե կաս աներկբա,
Եվ որ քո զորեղ խոսքով ես հիմնել տիեզերքն համայն:
Սերմանում ես դու մեր անշնչացած մարմիններն հողում,
Եվ այնտեղ նրանց անկորուստ պահելով՝ կենդանացնում կրկին,
Ապականելին հողին պահ տալով անեղծն ստանում,
Դու մահկանացու նյութի հետ կենաց նշխարդ ես խառնում:
Դու քո ակնարկող մի հրամանով ստեղծվածներին ողջ անկերպարան
Փոքր-ինչ վայրկյանում ձևակերպեցիր ամեն մեկն իր պես:
Քոնն են զորությունն ու կարողությունը,
Զի դու օրերի հոլովումներով շրջանակում ես տարվա եղանակները,
Յուրաքանչյուրն իր ժամանակին, բազմապիսի գեղեցկությամբ՝ մեր տեսողության համար:
Անմռունչներին ձայն ես տալիս դու իբրև կենդանու.
Ներշնչում միայն, ու քայլում են նրանք.
Դո՛ւ ես լոկ հինում հնարագիտության անճառ արվեստով մեգն ու առավոտը:
Առաջնաստեղծ գոյացության նախակարգ հորինվածքից հետո,
Ըստ երանելի մի գրվածքի կանխահիաց զարմացման,–
Երբ դու մարդացար, կատարեցիր մեծամեծ փառավոր հրաշագործություններ,–
Որոնց թիվ չկա, ստեղծելով նոր ու նվիրական Մի ուրիշ աշխարհ ավելի անեղծ, քան առաջինը:

Գ

Դու, որ մեր հանցանքը քոնը համարեցիր և արդարությունդ շնորհեցիր մեզ,
Որ մեր հաշտության փրկանակն ինքդ քեզ վրա առար,
Որ դու չես դադարում ողորմելուց,–
Դարձրո՛ւ ամբարշտիս երկյուղածությանը բարեպաշտի,
Թմրածիս՝ զգաստացուցիչ արթնությանը սրտի,
Անմաքուրիս՝ պայծառ ու մաքուր կերպարանքի,
Բազմամեղիս՝ անբծությանն համեստ սուրբ պատկերի,
Կոտրվածիս՝ առողջության անխորտակելի,
Լացածիս՝ զվարթ ուրախությանն անտխրելի,
Հուսահատվածիս՝ միացնող սիրո անլուծելի,
Ամոթահարիս՝ հաստատուն վստահության անշարժելի,
ավարածիս՝ երանության լույսին անմեկնելի,
Մահվան գերուս՝ կյանքին անապականելի.
Որպեսզի խոստովանված անունդ, Հիսուս,
Փառավորվի Հոր և Սուրբ Հոգուդ հետ՝
Երկնքում և երկրի վրա և նրանց բոլոր բնակիչներից.
Հավիտյանս հավիտենից. ամեն:

Վ.Գևորգյան

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա

Ո՜վ բարերարդ գթած, մարդասեր
Եվ երկայնամիտ անմահ թագավոր,
Հորդ հետ պատվված և օրհնաբանված տեր ամենայնի,
Որդի կենդանի բարձրյալ Աստծո,
Որ չես պատճառում ոչ ոքի կորուստ
Եվ ամենևին չես փորձվում չարից,
Մեղավորի մահն իսկ չես ցանկանում
Եվ փրկություն ես բաշխում բոլորին,
Մեղքի մրրիկը դարձնում քավության մեղմանուշ զեփյուռ
Բարկության հուրը՝ փոխում անձրևի։
Դու բարիքներից հետնած կնոջն այն
Ետ պահելով իր խոտոր ընթացքից՝
Կերպավորեցիր նույն արձանի մեջ
Կրկնակի գոյով երկյակ բնություն՝
Ո՛չ լրիվ անպարտ, ո՛չ Էլ պատժապարտ կատարելապես։
Ծփանուտ ծովի ալիքները լույծ
Կարծրացնելով՝ դիզեցիր բարդ-բարդ
Որպես կարկառներ քարակույտերի,
Մինչ անապատի ժայռը կարծրակոփ
Հոսեցրիր որպես հորդավեժ վտակ։
Սրընթաց վայրէջ ջուրն Հորդանանի
Զարմանահրաշ ետադարձությամբ
Շուռ տվիր թիկունք՝ որպես ավազան՝
Գալիք լվացման հեթանոսների։
Երիքովի հաստ պարիսպն ամրակուռ,
Որպես օրինակ կործանման չարի անարգ բռնության,
Թեթև հարդի պես օդ ցնդեցրիր,
Իսկ վնասակար ջրերը նրա,
Ի նշան փրկիչ բարեփոխության
Քանանիտների, անուշացրիր՝
Համեմած աղով քո խորհրդավոր։
Մեռայի ջրի դառնությունն, իբրև
Օրինակ մտքի անհավատության,
Կենսատու փայտով պատշաճելով քեզ՝ պիտանի դարձրիր։
Գետից վերցրած ջուրն իբրև արյուն
Մակարդեցիր դու ցամաքի վրա
Որպես նշանակ անսահման կամքիդ,
Որի համաձայն աննյութականդ պիտի ստանար
Նոր բոսորային երանգավորում։
Ցուպ-գավազանին, անշունչ, անկենդան՝
Անթույն վիշապի կերպարանք տվիր՝
Ի պատկերում քո՝ մեր կերպառության,
Այլև ընտրության օտար ազգերի։
Մովսեսի բուժված աջը երջանիկ
Պահեցիր անեղծ՝ ի ցույց ապագա
Քո մարդեղության հրաշքի, բարձրյա՜լ,
Գուշակելով և մեծիդ միջոցով
Անփոփոխելի մաքրագործումը ախտավոր մարմնիս։
Եվ այս բոլորի ցուցադրմամբ դու
Կորստի մատնված մեղավորներին
Քո բարեխնամ սիրո հրաշքով
Անսպասելի փրկության գտում
Ազդարարեցիր, օրհնյա՜լ բարեգործ։

Բ

Բուսեցնում ես անշունչ ու մեռյալ հողից դալար խոտ,
Կառավարելով՝ ընթացք ես տալիս անշարժականին,
Անարգ արգանդից կյանքի կոչում քեզ պատկերակիցներ.
Պատանիներին տալիս աղորիք ըմբոշխնողական,
Մաքուր այտերին հեր ես ընծայում
Ու սև վարսերի սաղարթի գույնը
Զարմանագործում ձյան ճերմակության,
Ցուցադրելով, որ զորությունդ
Անցնում է ամեն սահմանից, հզո՜ր.
Շրթունքների պարզ բնախոսական
Թոթովանքները, ըստ Հոբի խոսքի,
Վերափոխում ես բանական կամքի արտահայտության։
Դու սասանում ես հիմքից երկիրն ու սյուները նրա՝
Հաստվածի գոյով՝ զգալ տալով մեզ,
Որ միայն դու ես անկորնչելի։
Այլափոխում ես տարերքներն իբրև հեղհեղուկ մի բան
Եվ ապա նորից, որպես հարակա,
Վերահաստատում նույն վիճակի մեջ,
Հայտնելով, որ մեր մեղքերը բազում
Կարող ես նույնպես դյուրությամբ պահել և կամ արձակել։
Տնօրինում ես դու արեգակի
Էությունն անշունչ, անզգա՝ ասես երասանակով,
Ցույց տալով այդպես, որ մեր բնության հակումները չար,
Երբ որ ուզենաս, կարող ես զսպել։
Դու բոլորակը անբարբառ լուսնի
Դարձնում ես մերթ սին ու մերթ պատարուն,
Հուսադրելով, որպես ավետիք, այդ տեսնողներիս,
Թե պարտազանց ու շնորհակորույս մարմինը նույնպես
Կարող ես բերել իր առաջնաստեղծ
Ճոխ ու պերճափայլ կատարելության։
Համայն գնդերը անխոս աստղերի,
Որպես հոտերի աննշան խմբեր,
Մերթ բաժանում ես ու մերթ ժողովում,
Դրանով ասես հույս ակնարկելով, քաղցրահայա՜ց աչք,
Թե աղաչանքից զուրկ լեզուներին
Կարող կլինես նույնպես ողորմել։
Ծովերում, կյանքի ու մահվան միջև,
Ապահով շավիղ, ճամփա ես հարթում,
Հավաստելով, որ նաև չսպասված վտանգի պահին
Քո պաշտպանությամբ կմնանք անգայթ,
Կաթսաների մեջ հրից եռացող ջրերի նման
Քո կամքի խոսքով կդադարեցնես
Նաև մեղքերի մրրիկը պղտոր։
Երկրին նայելով՝ սասանում ես այն,
Անբանականի միջոցով այդպես
Զգաստացնելով մտավորներիս։
Խոլ ալիքների վրա տատանվող մակույկի նման՝
Դղրդացնում ես հողազանգվածը թանձր ու անեզերք.
Հայտնելով բոլոր արարածներին, թե կաս աներկբա
Եվ քո զորավոր խոսքով ես հաստել ամեն գոյություն։
Մարմիններն անշունչ՝ հողում ցանելով
Եվ պահպանելով այնտեղ անկորուստ՝
Վերածնում ես նորից կենդանի.
Հողին ես հանձնում եղծականը և անեղծն ստանում,
Մահացու նյութին միավորելով նշխարդ կյանքի։
Դու հրամանիդ ակնարկով միայն
Խավարն անորոշ, չնչին վայրկյանում,
Վերափոխեցիր ամենատեսակ գոյաձևերի։
Քո մեծ զորությամբ ու կարողությամբ՝
Հոլովումներով օրերի՝ տարվա
Եղանակներն ես պարբերափոխում,
Ըստ ժամանակի, յուրաքանչյուրին
Տալով վայելչանքն իր բարեպատեհ։
Անմռունչներին կանչում ես իբրև կենդանիների.
Բավական է լոկ, որ ազդարարես, իսկույն կընթանան։
Այդ դու ես միայն, որ հնարամիտ, անճառ արվեստով՝
Հյուսում ես իրար առավոտ ու մեգ։
Դու առաջնաստեղծ լինելիության
Նախասկզբնական արարչությունը գործելուց հետո,
Ըստ հիացական կանխագուշակման՝ երջանիկ Գրքի,
Երբ որ մարդացար, կատարեցիր նոր
Անթիվ մեծամեծ, հրաշակերտ ու փառավոր գործեր
Եվ ստեղծեցիր այլ նվիրական մի գոյացություն՝
Նախորդից անեղծ մի ուրիշ աշխարհ։

Գ

Դու, որ ամենայն հանցանքները մեր քոնն համարեցիր.
Արդարությունդ շնորհեցիր մեզ
Եվ մեր հաշտության փրկանակն ինքդ առար քեզ վրա
Ու չես դադարում միշտ ողորմելուց,
Ամբարշտյալիս դարձրո՛ւ երկյուղած բարեպաշտության,
Թմրածիս՝ զգաստ արթնության սրտի,
Պղծիս՝ կերպարի պայծառ սրբության,
Բազմաբծիս՝ հեզ, անբիծ պատկերի,
Բեկվածիս՝ նորոգ ողջության ամուր, անխորտակելի,
Լացածիս՝ անվիշտ զվարթ խնդության,
Հուսահատվածիս՝ սիրո միության անլուծանելի,
Ամոթահարիս՝ հաստատուն վստահ աներկյուղության,
Մթնածիս՝ անանց լույսին անձկալի,
Մահվամբ գերվածիս՝ կյանքի անվախճան,
Որ խոստովանված անունդ, Հիսո՜ւս,
Փառավորվի հոր ու սուրբ Հոգուդ հետ
Երկնքում, երկրում և նրանց բոլոր բնակիչներից՝
Հավիտյաններից հավիտյանս, ամեն։

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, առ ամենայն բան յամենայնի ուղիղ ես, Աստուած,
Իրաւամբք դատիս, արդարութեամբ կշռես,
Ճշմարտութեամբ չափես, աւրհնութեամբ հետեւիս,
Բարւոք ընթանաս, ստուգութիւն սիրես,
Յստակութիւն կամիս, լուսաւորութիւն համբուրես,
Փորձիւ յանդիմանես, երկայնմտութեամբ քննես,
Ոչ ունիս նենգութիւն եւ ոչ գոռոզութիւն,
Այլ ամենեւին հեզութիւն, հանդարտութիւն եւ ողորմութիւն:
Բ
Արդարացար վերին իմաստութիւն անայլայլական Հաւրդ հանճարոյ`
Կրկին վկայեալ անզեղջ գովեստիւ յորդեգրեցելոցն շնորհաւք,
Ըստ բանին սրբութեան, որ Աւետարանաւն կենաց ի քէն ընկալաք,
Որ ոչ ի կոծելն ողբացի եւ ոչ ի փողելն կաքաւեցի:
Ասացեր անաւրինիս, թէ` Մի անաւրինիր,
Եւ ես ի նոյն չարիս պնդեցայ,
Մեղաւորիս, թէ` Մի ամբառնար եղջիւր ի բարձունս,
Եւ ես զընդդէմսն քեզ գործեցի
Եւ ոչ զգացի երբէք զառածեալս,
Թէ ի ձեռին քո են եղջիւրք արքայութեան հպարտից ամբարձելոց
Խոնարհեցուցանել եւ բարձրացուցանել,
Ըստ Ամբակումայ, Դաւթի եւ Զաքարիայ:
Աւրհնութիւն ինձ կամեցար, ողորմած,
Եւ ես` անիծեալս մեծ տարագրութեամբ,
Խոտորեցայ յարժանին ինձ մասն,
Սիրեցի բարկութիւն եւ ոչ բարութիւն,
Շաւշափեցի, ըստ Գրոյն, զխաւար եւ ոչ զլոյս,
Կենդանի ձայնիդ քո, գթած, ապառումս պատասխանեցի:
Զորդնն անմահ ասացեր բանիւ Եսայեայ,
Եւ զհուրն` անշէջ, եւ զկշտամբութիւնն` անվախճան,
Եւ զտեղին` յաւիտենից, եւ զաւրինակ նմին` սոսկալի,
Եւ ես ոչ իմացայ, ըստ սաղմոսողին, եւ ոչ մտառեցի,
Այլ ի մռայլ մտաւորական կուրութեան գնացի:
Գ
Ցուցեր մարգարէիւն, թէ` Զաւրհնութիւն ստասցի, որ զաւրէնս դնէ,
Եւ ես համառաւտել զնոյն փութացայ:
Արձան հոգեւոր վիմի գրեալ մատամբ քո, Տէր Յիսուս Քրիստոս,
ԶԴաւիթ իւրովքն բանիւք կանգնեցեր`
Ասելովն ինքեան ընտրութեամբ առ սոյն,
Թէ` Պահեցի զաւրէնս քո յամենայն ժամ, յաւիտեան,
Անդրադարձութեամբ բանին միջնորդեալ զկրկին հաստատութիւնն,
Թէ` Եւ յաւիտեանս յաւիտենից,
Ընդ որս եւ զսորին նմանիս պարծանաց առ իմս խրախոյս,-
Եւ ոչ զկծեցայ:
Ճեպեցայ ի տաւնս Բահաղու եւ ոչ Աստուծոյ,
Ի յերկուս հետս երկմտութեան կրկին կաղացի`
Կասեալ ի բարեաց, ըստ երգիծանելոյն Հեղիու:
Ունիմ զՄովսէս իւրովքն աւրինաւք, եկեալ ի մեռելոց,
Եւ զտառս մարգարէիցն` գրեալ ի յոգի,
Եւ զմատեանս առաքելոցն` ընդ մտացս մատն յեռեալ,
Եւ զտէրդ հասարակաց` կտակաւն աւետեաց,
Յարուցեալ ի թաղմանէ անթիւ ննջեցելովք,-
Եւ անհաւատագոյն, քան զհնգեսին եղբայրակցութիւնս այնր մեծատան,
Որ է առակ իմն յարմարական`
Նմանեալ զգայականացն մասանց անողորմիցն յղփացելոց,
Մնացի իբրեւ զսալ դարբնաց` անընդոստ,
Յամառեալ, քարացեալ սրտիւ,
Որպէս աւրինակն է Բելիարայ,-
Եւ ոչ ապաշխարեցի:
Դ
Այլ ազդեա վերստին առ սոյն կերպարան լքեալ կրկին ողորմութիւն,
Բարի, ահաւոր, մարդասէր, խնամակալ,
Կենդանի, սուրբ, լուսաւոր եւ անվախճան թագաւոր,
Զաւրութեամբ պանծալի խաչիդ խորհրդոյ
Ի կարծրացեալս մեղաւք անբեր անդաստան`
Երիկամանցս յիմարութեան եւ անպտուղ սրտիս լքութեան,
Զի առեալ նպաստ աւժանդակութեան ի գթութենէ կամաց ամենակալիդ`
Որոտասցէ, բղխեսցէ հոգիս` ընծայեալ աչաց վշտագնեցելոյս
Վտակս արտասուաց արբուցանողաց,
Ինձ` ի փրկութիւն եւ ի մաքրութիւն,
Եւ քեզ` ի հաճութիւն ընդունելութեան,
Ամենապարգեւ տէրդ բոլորից, փառաւորեալդ յաւիտենից:
Ամէն:   up

Մ.Խերանյան

Բան ԿԴ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Արդ, ամեն ինչում բացարձակապես ուղիղ ես, Աստվա՛ծ,
Իրավունքով դատում ես և արդարությամբ կշռում,
Ճշմարտությամբ չափում ես և օրհնությամբ հետևում,
Ընթանում ես ուղիղ և ստուգություն ես սիրում,
Հստակություն ես կամենում դու և լուսավորություն համբուրում,
Փորձելով հանդիմանում ես, երկայնամտությամբ քննում:
Չունես նենգություն և ոչ էլ գոռոզություն,
Այլ հեզություն համակ, հանդարտություն և ողորմություն:

Բ

Արդարացար, ո՜վ անայլայլ, վերին իմաստություն հանճարեղ քո Հոր,
Ինչպես որ անզիղջ գովեստով վկայեցին շնորհովդ քեզ որդեգրվածները,
Քո՝ մեզ պարգեած Ավետարանի այն սուրբ խոսքի համաձայն, թե՝
«Չողբացի ես, երբ կոծեցին, ոչ էլ կաքավեցի, երբ փող հնչեցրին»171Մատթ. ԺԱ. 16-17:
Մի՛ անօրինիր, ասացիր անօրենիս,
Բայց ես ամրացա նույն չարությունների մեջ.
Մի բարձրացնիր եղջյուրդ դեպի վեր, մեղավորիս ասացիր,
Եվ ես քեզ հակառակ գործեցի.
Չզգացի խոտորյալս երբեք, թե քո ձեռքումն են
Բարձրամիտ հպարտների եղջյուրներն արքայական
Խոնարհեցնել կամ բարձրացնել, ըստ Ամբակումի, Դավթի և Զաքարիայի.
Դու ինձ օրհնություն կամեցար, ողորմա՛ծ,
Իսկ ես անիծյալս՝ մեծ տարագրությամբ խոտորվեցի դեպի ինձ արժանին:
Սիրեցի բարկություն և ո՛չ բարություն.
Շոշափեցի խավարն ու ոչ թե լույսը.
Կենդանի ձայնիդ, գթա՜ծ, անզգամորեն պատասխանեցի.
«Որդն անմահ է» և «Կրակն անշեջ»172Եսայի ԿԶ. 24,
Կշտամբանքն անվերջ, տեղը հավերժական, և օրինակը սոսկալի է, - ասացիր խոսքով Եսայու,
Եվ ես չիմացա, ըստ սաղմոսողի, ու չըմբռնեցի,
Այլ ընթացա մտավոր մռայլ կուրության մեջ:
Դու մարգարեի խոսքով ցույց տվիր,
Թե՝ օրհնություն կստանա նա, ով օրենք է դնում, Եվ ես փութացի այդ համառոտել:
Դավթին իր խոսքերով, Տե՜ր Հիսուս Քրիստոս,
Հոգևոր վեմի վրա քո մատով արձանագրված՝
Կանգնեցիր որպես հիշատակարան, ինչպես որ նաև ինքն է վկայում,
Թե՝ «Ես պահեցի քո օրենքները ամեն ժամանակ, հավիտյան».
Այդ միևնույնը հաստատում է նա երկրորդ անգամ՝
Վերջին բառի անդրադարձությամբ
«Եվ հավիտյանս հավիտենից».
Որոնց հետ և այլ պանծալի խոսքեր խրախուսեցին ինձ,
Բայց ես անզգա՝ աճապարեցի տոնին Բահաղու և ո՛չ Աստուծո,
Եվ երկմտությամբ զույգ ճամփաների վրա կաղացի,
Ձեռք վերցնելով բարի գործերից, ինչպես ծաղրելով ասում է Եղիան:
Ունեմ Մովսեսին իր օրենքներով՝ մեռելների աշխարհից եկած,
Նաև գրքերը մարգարեների՝ հոգուս մեջ գրված,
Եվ մատյանները առաքյալների, շարված իմ մտքի մատների վրա,
Եվ Տիրոջդ՝ բոլորովին հավասարապես՝ ավետյաց կտակով173Ավետարանով,
Թաղվելուց հետ հարություն առած՝ անթիվ-ան- համար ննջեցյալներով:
Բայց ես ավելի՛ անհավատ, քան այն մեծատան եղբայրները հինգ174Ղուկ. ԺԶ. 28,
Որոնք մի տեսակ իսկապես հարմար օրինակներ են
Ողորմելի հղփացածների զգայարանքներին,-
Դարբնի սալի պես մնացի անոստ իմ անչափ համառ քարացած սրտով.
Բելիարի նման և չապաշխարեցի:

Գ

Բայց դու վերստին շնորհի՛ր քո ողորմությունը լքվածիս,
Ո՜վ բարի, ահավոր, մարդասեր, խնամակալ,
Կենդանի, սուրբ, լուսավոր և անվախճան թագավոր,
Պանծալի խաչիդ խորհրդի ազդելով
Հիմար երիկամներիս և հուսալքված անպտուղ սրտիս
Մեղքերով կորդացած անբերրի անդաստանիս վրա,
Որպեսզի հզոր ամենակալիդ գթառատ կամքի օժանդակությամբ
Որոտա հոգիս, և վշտագնածիս աչքերից հորդեն,
Վազեն ոռոգող արտասուքների վարար վտակներ,
Եվ ինձ մեղքերից մաքրելով՝ փրկեն,
Քեզ մոտ հաճելի և ընդունելի լինելու համար,
Ամենապարգև Տե՜րդ բոլորի, փառավորյալդ հավիտյան. ամեն:

Վ.Գևորգյան

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա

Ամենքի հանդեպ ու ամեն ինչում
Ըստ ամենայնի ուղիղ ես, Աստվա՜ծ,
Դատում ես իրավ, կշռում ես արդար,
Ճշտորեն չափում, նայում ես գթով,
Ընթանում՝ շիտակ, սիրում՝ անաչառ,
Համբուրում ես լույս և կամենում ես
անապակություն,
Փորձով նախատում և քննում ես միշտ
բարեմտությամբ.
Չունես նենգություն ու գոռոզություն.
Համակ հեզություն, հանդարտություն ու
գթություն ես դու։

Բ

Իրավ էիր, ո՜վ վերին անայլայլ
Իմաստությունդ հորդ հանճարի,
Վկայված կրկին՝ շնորհովդ քեզ
Որդեգիրների անզիղջ գովեստով,
Քանզի, արդարև, ըստ այն սուրբ խոսքի,
Որ ընդունեցինք ավետարանով քո կենսապարգև,
«Ո՛չ ողբացի ես կոծողների հետ,
Ո՛չ պարերգեցի փողեր հնչելիս»։
Դու պատվիրեցիր անօրենիս, թե՝ մի՛ անօրինիր,
Բայց ես ամրացա նույն չարության մեջ,
Մեղավորիս՝ թե՝ մի՛ բարձրացրու եղջյուրներ ի վեր,
Իսկ ես գործեցի մեծիդ հակառակ,
Եվ խոտորյալս չզգացի երբեք,
Որ քո ձեռքում են թագավորական
Եղջյուրներն հոխորտ ամբարտավանի,
Որ բարձրացնողն ու խոնարհեցնողը քո կամքն է միայն,
Ըստ Ամբակումի, ինչպես և Դավթի ու Զաքարիայի:
Դու ինձ օրհնություն կամեցար, գթա՜ծ,
Բայց անիծյալս, խիստ խոտորվելով,
Ի վերջո գտա մասն ինձ արժանի.
Ոչ թե բարություն, բարիք սիրեցի, այլ դաժանություն.
Ըստ Գրքի խոսքի, լույսին անհաղորդ՝
Խարխափեցի միշտ թանձր խավարում.
Կենսատու, ձայնիդ անզգամորեն պատասխանեցի։
«Որդն անվախճան է, կրակը՝ անշեջ,
Կշտամբանքն՝ անվերջ, տեղն՝ հավերժական տեսարանն՝ ահեղ».
Ասացիր դու ինձ Եսայու խոսքով,
Բայց ես չիմացա, ըստ սաղմոսողի, ու չըմբռնեցի,
Ընթացա մտքի մռայլ կուրությամբ։
Դու մարգարեի միջոցով ի լուր ազդարարեցիր,
Թե օրհնություն նա կստանա միայն,
Ով հաստատում է ճշմարիտ օրենք,
Իսկ ես ջանացի լոկ այն աղճատել։
Դավիթին իր խոսքով, տե՜ր Հիսուս Քրիստոս,
Հոգևոր վիմի վրա, քո մատով արձանագրված,
Կանգնեցրիր որպես հիշատակարան,
Ինչպես որ նաև ինքն է վկայում, ասելով այսպես՝
«Ես պահեցի քո օրենքն ամեն ժամ,
Հավիտյան», նույնը կրկնելով նորեն՝
Անդրադարձությամբ այս վերջին բառի՝
«Եվ հավիտենից հավիտյանս», ահա
Սրա հետ նաև ուրիշ պանծալի
Օրինակներ ինձ եղան խրախույս,
Բայց ես, անտարբեր, աճապարեցի
Տոնին Բահալի, ոչ թե Աստծո
Եվ երկմտությամբ, բարիքից կասված,
Զույգ ճամփաների վրա կաղացի,
Ինչպես հեգնանքով ասում է Եղիան։
Ունեմ Մովսեսին, իր օրենքներով,
Մահացածների աշխարհից եկած,
Մարգարեների գրքերը բոլոր՝ գրված հոգուս մհջ,
Եվ մատյանները առաքյալների,
Շարված իմ մտքի մատների վրա,
Տիրոջդ համայնի՝ հանդերձ կտակով իր ավետաբեր,
Թաղվելուց հետո հարություն առած ննջեցյալներով,–
Բայց ես, ավելի չար ու անհավատ,
Քան այն մեծատուն եղբայրները հինգ,
Որոնք ասես թե խորհրդանշում են
Զգայարաններն հղփացածների, անգութ, անողորմ.
Քարացած սրտիս համառությամբ միշտ
Դարբնի սալի պես եղա անզգա,
Բելիարի պես չապաշխարեցի։

Գ

Շնորհի՛ր կրկին ողորմությունդ լքվածիս անօգ.
Ահավոր, բարի, մարդասեր, գթած, խնամակալ, սուրբ,
Կենդանի, պայծառ, անմահ թագավո՜ր,
Ազդի՛ր պանծալի խաչիդ զորությամբ
Անզգայացած երիկամունքիս
Եվ հուսալքված անպտուղ սրտիս
Անդաստանների վրա ուժգնորեն,
Որպեսզի հզոր ամենակալիդ
Գթառատ կամքի օժանդակությամբ
Որոտա հոգիս ու վշտագնածիս աչքերով բխի
Արտասուքների վարար վտակներ
Եվ ոռոգելով՝ մաքրի, փրկի ինձ՝ քեզ ի հաճություն,
Ամենապարգև տե՜րդ բոլորի,
Փառավորյա՜լդ հավիտյանս, ամեն։

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա
Եւ արդ, ես` նախնիս ամբարշտաց,
Գլուխս մեղաւորաց, պետս անիրաւաց,
Առաջինս պարտաւորաց, պատկերս յանցաւորաց,
Ատտիկեցիս ըստ վատթարութեան, այլ ոչ ըստ բարեբաստութեան,
Ահա զանճառիցն իմոց ճառեցի,
Զպատկառելիսն խայտառակեցի,
Զգաղտնիսն հրապարակեցի,
Զծածուկսն յայտնեցի,
Զթաքուցեալսն ցուցի,
Զամփոփեալսն տարածեցի,
Զդառնութեանս մաղձ ժայթքեցի,
Զգործակցութիւն չարին մատնեցի,
Զամբարեալ թարախ վիրիս քամեցի,
Զխորս պարտեաց իմոց ծանուցի,
Զպատրուակն կեղծեաց առի,
Զքող տգեղութեանն վերացուցի,
Զամաւթալեացն զգեստ մերկացուցի,
Զգարշելիսն յանդիմանեցի,
Զմրուրն մահու փսխեցի,
Զպալարս հոգւոյս խածուածոց քահանայապետիդ Քրիստոսի բացի:
Յանձինս վտանգ ոչ անխայեցի,
Մարմնոյս սիրոյ ոչ աչառեցի,
Զարմատն հնութեան տեսիլ արարի,
Բնութեանս կարեաց ոչ ողորմեցայ,
Զմիաբանութեանն կապ խզեցի,
Զդղեակ սրտիս Քանդեցի,
Ընդ կամացս որսոյ, իբր ընդ դարանակալի մահու, կռուեցայ,
Զպահեստ անյայտիցն արտաքս հանի,
Զմթերիցն գանձ մեծին գուշակեցի,
Զդատախազն դատաւորին հանդէպ կացուցի,
Զապառնեացն փորձ այժմէն իսկ գտի,
Զդաշն կործանողին կտրեցի,
Զուխտն խաբողին ցրուեցի,
Զկատարած մարտին յաղթութեան ի քեզ, Տէր Յիսուս, ապաստանեցի,
Զպատերազմին խումբ գրգռեցի,
Զդիմադրութիւն դիմեցմանն` բանիդ Աստուծոյ յուսացայ,
Զխաւարասիրացն փաղանգ լուսեղինացն զինուց սադրեցի:

Բ
Եւ արդ, ստեղծիչդ ամենայն եղելոց Քրիստոս,
Որդի բարձրեալդ Աստուծոյ,
Զաստէն դսրովեալս յայսպիսեաց բանից
Եւ զհարուածեալս յայսքանեաց գանից
Մի կշտամբեսցես կրկնակի դատել ի մեծի աւուրն:
Ահա, հզաւր, անքնին, անճառ, բարերար թագաւոր անմահ,
Առ այս կերպ պատկառանաց ինքնապարսաւս խոնարհութեան,
Որ ինձէն զանձն մեծաւ ձաղանաւք յոգի դատեցի,
Լի`ց նուագաւք այսր մատենի
Անարգանաւք ամաւթոյ զդէմսն սատանայի,
Եւ զերեսս կերպի պատկառեցելոյս նշանաւ խաչիդ զաւրացո:
Միասցի կնիքդ լուսոյ ի գեղ տեսակիս,
Ամրութեանդ նշան հաստատեսցի ի տիպ դիտակիս,
Երեւակ կենացդ փայտի ձեւասցի ի պատկեր այտիս,
Արուեստդ հրաշից ի ճակատիս շուք նշանակեսցի:
Մի այլայլեսցի յինէն դրոշմդ լուսապաճոյճ,
Մի բարձցի ի տեսանելեացս բբաց ճաճանչդ աւրհնութեան,
Մի մերժեսցի ի գլխոյս առհաւատչեայդ վստահութեան,
Մի սասանեսցի ի բերանոյս ամրութեան սեմոց փառք տեառնագրութեանդ:
Պահպանակդ երկրպագելի ի զգայարան սրտիս միասցի,
Չորիցս նիւթոց իմոյս գոյութեան քառաթեւիդ նշոյլ ազդեսցէ,
Ձեռինս կարկառման փրկչիդ իշխանութիւն աւժանդակեսցէ,
Մատուցման հաստուածոյ մատինս խորհրդարանդ
Համարձակութեան բարեգործեսցէ:

Գ
Ի մեկնելս իմում մի հեռասցի սրբութիւնդ,
Մի լքցի պատիւս ի պատիլն պարտաւորիս,
Մի մերժեսցի ի յոգւոյս անդաւաճանելիդ փրկութիւն
Մի ջնջեսցին գիծք կենդանատուիդ ի քո գրեցեալս շնչոյ,
Մի եղծցի նկարումն արեան զաւրութեան ի տիրատիպ խորանէս,
Ընդ իս բնակեսցէ յիմում գերեզմանին:
Ի ծորել մարմնոյս թշուառի աւծումն շնորհիդ առ իս պահեսցի,
Ի նորոգութեանն աւուր սովաւ հանդիպեցայց փառաց փեսայիդ,
Ի քոյոց այտի ծանուցայց,
Քոյովքդ վաստակաւք պճնեցայց,
Երախտեաւք մեծիդ յարգեցայց,
Աւազանին զգեստիւ պերճացայց` քաւեալ ողորմութեամբ:
Մատո, բարեգութ, զվերարկուդ անապականութեան
Տաժանեցեալս մեղաւք մարմնոյս
Մի յարիցէ ընդ քոյս` բանսարկութիւն,
Հնացուցիչ հոգւոյս վատնեսցի,
Խաւարաբնակացն պատիրք մի ընդ իս վերերեւեսցին:
Աւրհնեսցի անուամբ քո, գթած, վիհն իմ հանգստեան,
Ողորմութեամբ քո լցցի գուբն իմ գերութեան,
Ընդարձակեսցի քեւ ինձ տեղին թշուառութեան,
Անդորր եղիցի, խնամող, ինձ բանտն բարկութեան,
Սնուսցէ զիս առ յաճումն արգանդն մթութեան,
Յուսով քո շտեմարանեսցէ զիս յարկն այն անձկութեան:
Ձեռամբ քո պահեցայց ի խշտին տարտամութեան,
Թեւաւք քո ընկալայց ի տունն տագնապի,
Դու, գովեալ, ընդ իս ի սենեակն վտանգի:
Աւա~ղս ինձ աստանաւր ի թիւս հազարաց,
Զի որ երբեմն էի վերնային, եւ այժմ` անդնդային,
Երբեմն` տաւնելի, եւ այժմ` աշխարելի:

Դ
Այլ եւ արդ կրկին դու աւրհնեալ ի բոլորից գոյից`
Յերկայնոց եւ ի ստորնայնոց
Եւ ի սանդարամետականաց մեռելոց,
Անպարտականդ այս տարագրութեան,
Ես վրիպեցայ, ես աւտարացայ,
Ես յիմարեցայ, պարտեցայ եւ խոտան գտայ,
Ես լքայ, կասեցայ եւ կործանեցայ,
Ես մոլորեցայ, ես մատնեցայ, ես մերժեցայ,
Ես խորթացայ, գերեցայ եւ գայթակղեցեայ,
Ես նզովեցայ, ես թշուառացայ, արբեցայ եւ վատթարացայ,
Ես ընկլուզայ, ես խաբեցայ, ես անաւրինեցայ,
Ես ապականեցայ, մահացայ եւ իսպառ եղծայ:
Չիք քո առ այս ինչ մատն չարի,
Որ ես միայն անփոփոխ բարի:

Ե
Արդ, կամք քո յիս` եւ խաւարն ինձ ճառագայթ,
Ճրագ յուսոյ քո անդ` եւ գիշերն վաղորդայն,
Մարմնոյ քոյ հաղորդեալ` եւ յամաւթոյն կարծեաց ապրեալ:
Իսկ ես ոչ գրեմ զանձն իմ կենդանի`
Վասն անփախչելի վախճանին,
Դարձեալ զի ոչ վարկանիմ կորուսեալ`
Վասն աներկեւան նորոգմանն:
Որ եւ փակեալ համարիմ ինձ զելս կենացդ`
Վասն անքաւելեացն պարտեաց,
Դարձեալ բացեալ ինձ զդրախտն`
Վասն փրկութեանն աւետեաց,
Քանզի ոչ այնքան վհատութեանն գոյժ տագնապէ,
Որչափ փրկութեանդ քաջալերեալ` ձեռն կարկառէ:
Արդ, տուր, Տէր, տուր ողորմութիւն`
Առ ամենայն ձայն գոհաբանեալ, աւրհնեալ յաւիտեանս:
Ամէն:

Մ.Խերանյան

Բան ԿԵ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ, ես նախնիս ամբարիշտների,
Գլխավորս մեղավորների, պետս անիրավների,
Առաջինս պարտավորների, պատկերս հանցավորների, Ատտիկեցիս175Ատտիկեցի կամ աթենացի հունաց համար նույնպես թե՛ ընտիր և թե՛ հոռի է նշանակում, որովհետև Ելլադայի ոստանիկ գավառի բնակիչները որքան անվանի էին իմաստությամբ և գիտությամբ, նույնքան էլ անառակ և անպարկեշտ վարք ու բարքով էին հայտնի: ըստ վատթարության և ո՛չ ըստ բարեբաստության,
Անպատումներն իմ պատմեցի ահա՛,
Ամոթալի արարքներս նշավակեցի,
Գաղտնիքներն հրապարակեցի,
Ծածուկներն հայտնեցի,
Թաքցրածներն ի ցույց հանեցի,
Ամփոփվածներն տարածեցի,
Դառնության մաղձը ժայթքեցի,
Գործակցությունս չարին՝ մատնեցի,
Վերքիս թարախն ամբարված՝ քամեցի,
Մեղքերիս խորությունը ծանուցեցի,
Կեղծիքների ծածկույթը մի կողմ քաշեցի
Տգեղության քողը վերցրի,
Ամոթանքի զգեստը մերկացրի,
Գարշելիներն ի հայտ հանեցի,
Մրուրը մահվան փսխեցի,
Պալարներն հոգուս խոցերի քահանայապետ Քրիստոսիդ բացի:
Անձս անխնա չարչարեցի,
Մարմնիս նկատմամբ սեր ցույց չտվի,
Հին արմատներն ի տես հանեցի,
Բնությանս կարիքներին չընդառաջեցի,
Միաբանության կապը նրանց հետ խզեցի,
Սրտիս դղյակը քանդեցի,
Որսացված կամքիս հետ, իբրև մահվան դարանակալի հետ, կռվեցի,
Պահուստն անհայտ իմ մեղքերի արտաքս հանեցի:
Մթերված ախտերի գանձը մեծիդ առջև դրեցի,
Դատախազին դատավորի հանդեպ կանգնեցրի,
Ապառնիների փորձն այժմից առա,
Կործանողի հետ դաշինքն իմ բեկանեցի,
Խաբեբայի հետ ուխտս խափանեցի,
Մարտի հաղթական ավարտը, Հիսուս, քե՜զ
վստահեցի, Ռազմիկ գնդերը շարժման մեջ դրի,
Հարձակումներին դիմադրելու հույսն
Աստուծո խոսքի վրա հիմնեցի,
Խավարասերների փաղանգը լուսեղենների զենքին մատնեցի:

Բ

Եվ արդ, ամենայն արարածների ստեղծիչ Քրիստոս,
Որդիդ բարձրյալ Աստուծո,
Մի՛ մեղադրիր ինձ՝ դատելով խստիվ մեծ օրն հատուցման,
Ինձ որ ա՛յժմ արդեն պարսավված եմ խիստ խոսքերով այսպես
Եվ ստացել եմ գանակոծության այսքա՜ն հարվածներ:
Ուրեմն, հզո՜ր, անքնին, անճառ. բարերար թագավոր անմահ.
Այսպիսի ամոթալից ինքնապարսավ խոնարհությանս համար,
Որով ինքըս ինձ անողոք կերպով դատափետեցի,–
Նվագներով այս մատյանի,
Ծածկի՛ր սատանայի դեմքն ամոթի անարգանքով
Եվ խաչիդ նշանով զորացրո՛ւ երեսն ամոթահարիս:
Լուսեղեն կնիքդ տեսքիս գեղեցկությանը թող միանա,
Նշանդ ամրության թող որ դրոշմվի իմ կերպարանքին,
Թող կենաց փայտիդ ձևը պատկերվի այտերիս վրա,
Արվեստն հրաշքներիդ որպես շուք թող որ տպվի ճակատիս,
Թո՛ղ չաղավաղվի քո լուսապաճույճ դրոշմն ինձ վրա,
Աչքիս բիբերից թող չվերցվի ճաճանչդ օրհնության,
Չհեռացվի գլխիցս քո վստահության առհավատչյան,
Տյառնագրությանդ փառքը բերանիս ամուր սեմերիցն թո՛ղ չսասանվի,
Երկրպագելի պահպանակդ թող միանա սրտիս զգայարանքին,
Գոյակցությանս չորս նյութերի մեջ քառաթևիդ լո՜ւյսը թող թափանցի,
Փրկչիդ իշխանությունն օժանդակի թող կարկառվող ձեռքիս,
Մատուցման համար ստեղծված մատներիս
Համարձակության խորհրդարանդ թո՛ղ բարեգործե:
Աշխարհից մեկնելիս՝ սրբությունդ ինձնից թող չհեռանա,
Երբ պատանեն պարտապանիս՝ պատիվս թող չպակասի,
Փրկությունդ անդավաճան թող չլքի հոգիս,
Ու չջնջվեն քոնը համարվող շնչիցս գրերն կենդանատուիդ,
Զորեղ արյունիդ նկարը թող չեղծվի խորանից իմ աստվածատիպ,
Եվ բնակվի ինձ հետ գերեզմանիս մեջ:
Թշվառ մարմնիս մաշվելուց հետո շնորհիդ օծումն ինձ մոտ թող պահվի,
Որ նորոգության օրը նրանով ես ներկայանամ փառաց փեսայիդ,
Ճանաչվեմ թող ես այդ նշաններովդ ու վաստակներովդ պճնվեմ,
Ու մեծագույնիդ երախտիքներով գնահատվե՛մ թող,
Եվ ողորմությամբդ քավված՝ ավազանի զգեստով պերճանա՜մ,
Տո՛ւր ինձ, բարեգութ, վերարկուդ անապական,
Որ տառապում եմ մարմնիս մեղքերով:
Թող որ քոնոնց դեմ չելնի՛ բանսարկուն,
Հոգիս հնացնողը թո՛ղ ոչնչանա,
Խավարաբնակների խաբկանքները թող հանդես չգան,
Թող քո անունով օրհնվի, գթա՛ծ, վիհն իմ հանգստյան,
Թող ողորմությամբդ լցվի լիուլի գուբն իմ գերության,
Թող որ քեզանով ընդարձակվի տեղն իմ թշվառության,
Թող խաղաղ լինի, խնամո՛ղ, ինձ համար բանտը բարկության,
Թող արգանդը մութ՝ սնի իր մեջ հանուն հարության,
Հույսովդ թող ինձ իր մեջ ամփոփի տունը անձկության,
Թող ես քո ձեռքով պահվեմ խշտյակում այդ տարտամության,
Թող որ ընդունվեմ ես քո թևերով տագնապի տան մեջ,
Եղի՛ր դու, գովյա՜լ, ինձ հետ վտանգով լեցուն սենյակում,
Ավա՜ղ ինձ այստեղ բյուր-հազար անգամ,
Զի երբեմն վերնային էի և այժմ անդնդային,
Տոնելի երբեմն և այժմ եղկելի:

Գ

Բայց և դու դարձյալ օրհնված ես բոլոր արարածներից՝
Երկնայիններից, երկրայիններից և մեռելներից սանդարամետի,
Անպարտականդ այս տարագրության:
Ե՛ս վրիպեցի, ե՛ս օտարացա, ե՛ս հիմարացա,
Ե՛ս պարտվեցի և դարձա խոտան:
Ե՛ս վհատվեցի, ե՛ս կարկամեցի և կործանվեցի.
Ե՛ս մոլորվեցի, ե՛ս մատնվեցի, ե՛ս մերժվեցի.
Ե՛ս խորթացա, գերվեցի և գայթակղվեցի.
Ե՛ս նզովվեցի, ե՛ս թշվառացա, հարբեցի և վատթարացա,
Ե՛ս ընկղմվեցի, ե՛ս խաբվեցի, ե՛ս անօրենացա.
Ե՛ս ապականվեցի, մահացա և իսպառ եղծվեցի:
Այս բոլորի մեջ դու չարության մատ չունես,
Մնում ես դու միշտ միա՜յն ու միայն անփոփոխ բարի:
Երբ կամքդ ինձ հետ է՝ խավարը ճառագայթ է ինձ համար.
Հույսիդ ճրագն երբ կա, գիշերն արշալույս է.
Հաղորդվելով մարմնիդ՝ կասկածների ամոթանքից զերծ կլինեմ.
Իսկ ես ինքս ինձ կենդանի չեմ համարում, հիշելով վախճանն անխուսափելի,
Եվ ոչ էլ կորած եմ կարծում ես ինձ,
Քանզի անկասկած հավատում եմ ես նորոգման հրաշքին:
Կյանքիդ դուռն առջևս համարում եմ փակ՝ իմ անքավելի մեղքերի համար,
Բայց ես տեսնում եմ միաժամանակ դրախտն իմ առջև բաց,
Որ ավետում է փրկությունդ ինձ:
Քանզի ո՛չ այնքան վհատության գույժն է տագնապեցնում,
Որքան փրկության համար կարկառած ձեռքդ է խրախույս քաջալերական:
Ուստի, տո՛ւր դու, Տե՜ր, տո՛ւր ողորմություն
Գոհաբանություն կարդացող բոլոր բանականներին,
Օրհնյա՜լ հավիտյան. ամեն:

Վ.Գևորգյան

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Ես՝ նախահայրս ամբարշտության,
Մեղավորների պետս ու գլխավորս անիրավների,
Պատժապարտների առաջնագույնս,
Հանցավորների տիպարս հարազատ,
Ատտիկեցիս, ո՛չ բարեբաստությամբ, այլ
վատթարությամբ.
Ահա պատմեցի անպատումներն իմ,
Խայտառակեցի գործերս անպատկառ,
Ցուցադրեցի գաղտնիքներս ողջ,
Ծածկություններս հայտնեցի մեկ-մեկ,
Թաքնվածները դրեցի ի ցույց,
Ամփոփվածները հանեցի ի տես,
Արտաժայթքեցի մաղձը դառնության,
Գործակցությունս չարին՝ մատնեցի,
Քամեցի վերքիս թարախն ամբարված,
Ցույց տվի խորքերն իմ արատների,
Վերցրի դիմակը կեղծակերպության,
Քողազերծեցի տգեղությունն իմ,
Մերկացրի զգեստն ամոթույքներիս.
Ցուցադրեցի գարշությունս ամբողջ,
Փսխեցի դիրտն ու մրուրը մահվան,
Խածոտումների պալարներն հոգուս բաց արի ի տես
Քահանայապետ տեր Քրիստոսին։
Անձիս նկատմամբ եղա անխնա,
Չշփացրի մարմինս բնավ աչառու սիրով,
Արմատներն հնի նշավակեցի հրապարակավ.
Բնությանս կիրք, կարիքների դեմ եղա անողորմ.
Խզեցի կապը միաբանության,
Քանդեցի սրտիս դղյակն հիմնիվեր,
Կամքիս խայծի դեմ կռվեցի իբրև
Մահվան չարանենգ դարանակալի,
Արտաքս հանեցի պահուստներն անհայտ,
Մթերքն ամբարված՝ պարզեցի մեծիդ,
Կանգնել տվեցի նաև դատախազ դատավորի դեմ,
Հանդերձյալի փորձն այժմեն իսկ առա,
Հրաժարվեցի կործանարարի դաշնակցությունից,
Խզեցի ուխտը խաբեբայի հետ,
Մարտի հաղթական ելքը, տե՜ր Հիսուս, քեզ
վստահեցի,
Զորագնդերը մղեցի առաջ,
Դիմադրությունն հարձակումներին՝
Ապավինեցի խոսքին Աստծուդ,
Խավարասերի փաղանգներն համակ
Մատնեցի զենքին լուսեղենների։

 

Բ
Եվ արդ, ամենայն արարածների ստեղծիչ Հիսո՜ւս.
Որդիդ միածին բարձրյալ Աստծո,
Արդեն այստեղ իսկ այսպես խստորեն պախարակվածիս,
Գանակոծվածիս այսքան չարաչար,
Այն մեծ օրն ահեղ դու էլ կրկնապես
Դատապարտելով մի՛ հանդիմանիր։
Հզոր, անքնին, անճառ, բարերար անմահ թագավո՜ր,
Ի տրիտուր այս ամենապատկառ
Ու ինքնապարսավ իմ խոնարհության
(Որ ես այսպիսի ձաղկանքով ինքս ինձ
Անողորմաբար դատափետեցի)
Նվագներով այս մատյանի ծածկի՛ր
Սկզբնաչարի դեմքն անարգանքով,
Խաչիդ նշանով զորացրո՛ւ երեսն ամոթահարիս։
Լույսիդ կնիքը թող որ միանա իմ
կերպարանքին,
Տեսքիս հաստատվի նշանդ ամրության,
Կենացդ փայտի ձևը պատկերվի այտերիս վրա,
Արվեստն հրաշքիդ վեհաշքորեն տպվի ճակատիս։
Թող չաղավաղվի ինձնից դրոշմը քո լուսապաճույճ,
Առհավատչյայիդ վստահությունը ինձնից չհեռացվի,
Ու չսասանվի բերանիս ամուր
Սեմերից փառքը տյառնագրությանդ։
Երկրպագելի պահպանակդ թող
Միանա սրտիս զգայարանին,
Իմ գոյացության չորս նյութերի մեջ
Թափանցի յույսը քո քառաթևի,
Իշխանությունը փրկչիդ՝ աջակցի ձեռքիս կարկառման,
Մատուցման համար հաստված մատներիս
Բարեգործի քո խորհրդարանը համարձակության։
Երբ որ մեկնելու լինեմ աշխարհից,
Սրբությունդ ինձնից թող չհեռանա,
Պատանելուց ետ՝ պատվից չզրկվեմ,
Չլքի հոգիս՝ աննենգ, անխարդախ փրկությունը քո.
Թող որ իմ շնչից չջնջվեն երբեք
Նշանները սուրբ, դրոշմված ձեռքով կենդանարարիդ,
Չեղծվի խորանից իմ աստվածատիպ՝
Պատկերը մեծիդ զորավոր արյան,
Բնակվի ինձ հետ գերեզմանի մեջ.
Թշվառ մարմինս ծորելուց հետո
Օծման շնորհդ թող ինձ մոտ մնա,
Որ նորոգության օրը նրանով
Ներկայանամ ես փառքի փեսայիդ,
Քոնը ճանաչվեմ,
Շնորհազարդվեմ քո վաստակներով,
Երախտիքներիդ զորությամբ հարգվեմ,
Պանծամ զգեստով սուրբ ավազանի՝
Քավություն գտած քո ողորմությամբ։
Մատուցի՛ր, գթա՜ծ, վերարկուդ անեղծ
Մեղքերով սաստիկ տաժանած մարմնիս,
Որ նենգ բանսարկուն չելնի քոնոնց դեմ,
Հնացնողն հոգուս չքվի լիովին,
Խավարաբնակ մութ հոգիների
Պատրանքներն ինձ հետ երևան չգան։
Թող որ քո անվամբ օրհնվի, գթա՜ծ, վիհն իմ հանգստյան
Գերության գուբն իմ լցվի լիապես ողորմությամբ քո,
Տեղն իմ այն թշվառ ընդլայնվի քեզնով,
Միշտ անդորր լինի բանտն այն բարկության,
Արգանդն այն խավար ինձ համար լինի աճման սնուցիչ,
Անձուկ հարկն իմ այն ամփոփի իր մեջ ինձ՝ մեծիդ հույսով,
Քո ձեռքով պահվեմ տրտում խշտյակում,
Թևովդ ընդունվեմ տանն այն տագնապի,
Եվ դու միշտ լինես այն վտանգալի սենյակում ինձ հետ։
Ավա՜ղ ինձ այստեղ բյուր հազար անգամ,
Որ մի ժամանակ երկնային էի, այժմ՝ անդնդային,
Երբեմն՝ տոնելի, իսկ այժմ՝ թշվառ։

Գ
Սակայն դու դարձյալ օրհնյալ ես բոլոր արարածներից,
Երկնքում եղած, թե երկրաբնակ,
Թե մեռելներից սանդարամետի,
Անպարտակա՜նդ այս տարագրության.
Ե՛ս հիմարացա, ե՛ս վրիպեցի, ե՛ս օտարացա,
Մեղապարտվեցի ու դարձա խոտան,
Ե՛ս խոտորվեցի, հուսալքվեցի,
Ե՛ս մոլորվելով կործանում գտա,
Ե՛ս մատնվեցի ու վտարվեցի,
Ե՛ս խորթացա ն գերվեցի գայթած,
Ե՛ս նզովվեցի ու թշվառացա,
Ե՛ս արբեցի ու խայտառակվեցի,
Ե՛ս խաբվեցի ու խորասուզվեցի,
Ապականվեցի, անօրինացա,
Ես մահացա ու իսպառ եղծվեցի.
Այս բոլորի մեջ դու ամենևին չարի մաս չունես
Եվ մնում ես միշտ անփոփոխ բարի։
Երբ կամքդ ինձ հետ է, խավարն ինձ համար
ճաճանչ է պայծառ.
Որտեղ քո հույսի ճրագն է վառվում,
Այնտեղ դառնում է գիշերն այգաբաց.
Եթե մարմնիդ հետ հաղորդվում է մարդ,
Ազատ կլինի ամոթի բոլոր կասկածանքներից։
Իսկ ես չեմ հաշվում ինքս ինձ կենդանի՝
Անխուսափելի մահվան պատճառով.
Բայց և չեմ կարծում կորած լիովին,
Քանզի աներկբա նորոգումդ կա։
Կյանքիդ դուռն իմ դեմ փակ եմ համարում՝
Հիշելով պարտքերն իմ անքավելի,
Բայց և տեսնում եմ նաև դրախտը բացված իմ առաջ,
Որ ավետում է փրկությունը քո.
Այդ իսկ պատճառով ահա ոչ այնքան
Ինձ վհատության գույժն է տագնապում,
Որքան հոգածու ձեռքիդ կարկառմամբ՝
Քաջալերում է փրկությունը քո։
Ուստի տո՛ւր ինձ, տե՜ր, տո՜ւր ողորմություն,
Գոհաբանյա՜լդ բոլորից, օրհնյա՜լ հավիտյանս.
ամեն։

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Արդ, որ ոք եւ առցէ զայս դեղ մաղթանաց
Այսր մատենի պարկեշտականի` պաղատիլ սովաւ,
Եթէ ի մեղաւորաց իցէ մատուցեալն,
Եղէց եւ ես իմովս բանիւ կցորդեալ նմա,
Իսկ եթէ յարդարոց գուցէ յառաջեալն,
Գտայց եւ ես սովիմբ ընդ նմին ողորմեալ նովաւ:
Ապա թէ երջանկասցի այնպիսին ինքեամբ`
Ինձ միայնոյ գրեալ զեղկութիւնն,
Եւ ես ինձէն վկայեմ այսմիկ:
Բայց յիշեսցէ նա զՍողոմոն եւ զբանս նորին հոգեշունչս,
Թէ` Ո՞վ ոք վստահասցի սիրտ սուրբ ունել,
Եւ կամ ո՞վ պարծեսցի մաքուր լինել ի մեղաց:
Եւ զի ոչ յարեաւ մարդ երկրածին, ազատեալ ի պատասխանեաց,
Եւ ոչ ընտիր ինքնարշաւ վազիւքն,
Եւ ոչ թէ` եւ ի թռիչս ամբարձման թեւոց բերիցի,
Առ որ զգոյշ լինիցի` կրկին երկուցեալ
Ի վիմին իսկ հաստատութեան, ուսեալ ի Պաւղոսէ.
Գուցէ անկեալ ի յերկիր`
Սահմանողի այսմ կանոնի իրաւադատի կշռեալ նմանեսցի:
Այլ առցէ զայս կշտամբութիւն մաքուրն` նիւթ պսակաց`
Առ ի շիջանել անընտրողաբար յանձեռնհասն բարձրութենէ,
Եւ պատժապարտն` առիթ ազատութեան,
Որով ամբարձեալ ի կործանմանէ
Հոգեւորական մահուն` ապրեսցի յուսով:
Իսկ ինձ եղիցի պատգամս այս բանի
Արձան փորագրեալ` ամենեւին անեղծանելի,
Որ փոխանակ իմոյ եղկելոյս անձին մահացուի`
Անդադար հնչմամբ հեծութեան լալոյ
Առանց լռելոյ միշտ աղաղակէ:
Լիցի եւ ոսկերացս քակտեցելոց
Ի հողապատեան շիրիմ վերարկուին
Անմռունչ ձայնիւ զայս խոստովանել,
Հասցէ եւ մարմնոյս ի հող լուծելոյ
Բարբառով իմն անազդելեաւ ծածկատեսիդ զսոյն պաղատիլ:
Բ
Տէր գթութեանց, աղբիւր ողորմութեանց, պարգեւք բարութեանց,
Որդի բարձրելոյ, Տէր Յիսուս Քրիստոս,
Ողորմեա, խնայեա, մարդասիրեա,
Նայեա ի վտանգս, ակնարկեա ի բեկութիւնս,
Խոնարհեաց ի թշուառութիւնս,
Տես ի տարակոյս անձեռնհաս տագնապիս,
Հասիր հաղորդել կորստականս կարեաց:
Շաւշափեա բժշկապէս զամենաթշուառ ախտաւորութիւնս,
Ունկն մատուսցես քաղցրութեամբ ողորմագին հեծութեանս,
Լուր ի խորոցն անդնդոց մահուն գերեզմանի` անմռնչելի հառաչմանս,
Մտցէ յականջս ամենալուր լսելեացդ
Ձայն պաղատանաց վատնեալ անդամոցս:
Եւ վասն զի գրաւական կենդանութեանս անապական է,
Անփոփոխ լիցի եւ սիրոյդ քո գթութիւն,
Կցորդ լեր հեզութեամբ տաժանաւորս տկարութեան:
Մեռեալ պատկերիս մի ոխս պահեսցես,
Ընդ անշունչ կերպարանիս մի ի դատ քննութեան մտցես,
Մահու տանջեցելոյս մի հարուածս յաւելցես,
Ընդ բեկեալ խեցեղէն անաւթոյս մի ուժգնութեամբ մարտիցես,
Վճռաւ կոշկոճելոյս մի բարկութիւն կրկնեսցես,
Կործանեալ շինուածոյս մի պատուհաս մատուսցես,
Շանս սպանելոյ մի քարինս արձակեսցես,
Լուոյս ջախջախելոյ մի սաստիկս որոտասցես,
Հողոյս անպատուելոյ մի իբր ամբարհաւաճի ուժգինս մռնչեսցես,
Զմոխիրս մերժելի մի ի դատ ընտրութեան կոչեսցես,
Զփոշիս ցնդելի մի իբր զքո դիմամարտ գտցես,
Զտիղմս տաղտկալի մի իբր զոսոխ վարկանիցիս,
Զգարշութիւնս անգոսնելի մի իբր զբռնամարտիկ վանեսցես,
Զխէթս ի բաց ընկենլի մի նիւթ գեհենին պահեսցես,
Զայսքանեաց բազմապատիկ բանից կշտամբեալս
Մի վերստին յանդիմանեսցես:
Դ
Այս ամենաթշուառ եւ խաւարարգել շիրմին են ահա
Սրտաբեկ եւ յոգնաթախիծ արգահատութիւնք,
Հաստատեսցէ աւրհնեալդ քո բան անփոփոխական լինել`
Ըստ սրտի արգահատելոյս:
Քանզի եւ այժմ մինչ կենդանեաւքս խաւսիմ`
Մեռեալ եմ անհասիդ,
Որպէս ի կորուստ մահուն սատակման`
Ամենազաւրիդ հրամանի անեղծ եմ հաւատովքս:
Արդ, աղաչեմ զքեզ, Տէր Յիսուս Քրիստոս,
Հայեաց յիս ողորմութեամբ
Եւ մի թողացուսցես լինել տնակից ինձ Բելիարայ,
Եւ զմահազեկոյց տապանին ազդումն
Անկենդանաւորն թնդման թշուառն թաղման`
Աղաղակ ձայնի հառաչման լալեաց քեզ հաշտեցուցչաց,
Յարգեսցես լսել, միայն բարեգործ,
Հոգեսէր, հզաւր, մարդասէր,
Եւ հոգիդ քո բարի բնակեսցէ ընդ իս`
Լոյս առնելով ինձ ի խաւարին:
Մնասցեն ընդ իս կենարար քո կրից պաշտեցեալ մասունք,
Զի իբր զաւանդ գանձու զիս պահեալ ի քեզ`
Կենաց նորոգման ընծայեցուսցեն:
Աւճառք անվատնելի զինուց ինձ պատկանեսցին,
Ընդ իս յարակայեալ քարինք պարսից հոգեւոր հնարից`
Զչարին հալածել զգունդ,
Մարտն, որ առ իս, քեւ, Տէր, վանեսցի:
Զի թէ յարիցէ ի վերայ իմ պատերազմել,
Տեսեալ զքաղաքն ունայն ի զաւրաց,
Եւ զազդողականացն գործի` ապաձայն,
Զքեզ, Տէր, ունիմ մշտնջենաւոր եւ աննիրհելի պահապան:
Ե
Զի եթէ այժմ իսկ կանխաւ արագեալ յառաջ, քան զաւրն կատարածի,
Եւ անշաւիղ արգելան ինձ պատրաստեսցէ,
Առաքեմ զաղաւթսն տէրունականս նմին գան մահու,
Եթէ ի վայր զիս հնարի կործանել`
Զծնրադրութիւն արարչին:
Եթէ ի մոխիր երկրի թաւալեալ ձեռն բերիցէ,
Երեսացն Աստուծոյ ի նոյն մածուցումն զնա հերքեսցէ:
Եթէ վաստակս ինձ ցաւոց նիւթեսցէ,
Քրտունքն յուռթի արեամբն զանգեալ
Փրկչին աշխարհի զնա խուեսցէ:
Եթէ յընթացից բարեաց զշունչ իմ պատանդեսցէ,
Կապանք ամենաստեղծին զիս արձակեսցէ:
Եթէ յուրացութիւն պարգեւաց լուսոյն բռնադատեսցէ,
Հայհոյութեանն համբերութիւն յաստուածամարտիցն`
Զնոսին ընդ նոյն կարկեսցէ:
Եթէ հարուածս նետից գաղտնաձիգ զինուց ինձ արձակեսցէ,
Կարթ հնարից աղեղան փառաց Հաւրն կապարճից նմին պատահեսցէ:
Եթէ քողով լուսոյ խաւարականի մտանել ընդ աչս անամաւթեսցի,
Կռփումն գլխոյն ձորձով պատեցեալԼրմանն ամենից զնա տանջեսցէ:
Եթէ մոլեսցի զվստահութիւն ձեռինս կապել,
Եղէգն, մատուցեալ ի յաջ գոյացուցչին,
Զնա չարչարեալ ըմբերանեսցէ:
Եթէ ձաղանաւք այպանման զիս կատակեսցէ,
Տանելն ծաղու ամենազաւրին զնա հենգնեսցէ:
Եթէ բժժանաւք ինչ յուռթից կախարդել խորամանկեսցէ,
Ապտակն դիմաց հզաւրին Աստուծոյ
Զնա սաստկապէս ամաչեցուսցէ:
Եթէ ի մուտս գիշերային մթութեան
Խաւարու խաբէութեան լկնեալ մարտիցէ,
Ի ճառագայթից լուսոյ երեւման քո, Տէր, խայտառակեսցի:
Եթէ ի միջաւրէական տապոյ փորձութեանցն
Արեգակնակէզ վատնիչ խորշակին
Զիս ի յարմարոց խախտել կարծիցէ,
Ի զաւրութենէ նշանիդ լուսոյ խլեալ գաւսասցի:
Եթէ ի փչմանն շնորհէ ունայն զիս առնել հնարաւորեսցի,
Թուքն, զոր ընկալաւ տէրն քերոբէից ընդ մեղաւորիս,
Զնա պատկառեցուսցէ:
Զ
Եթէ ժանիք ծախողք ինձ ցուցանիցէ,
Լռութիւն երկնաւորին բերանոյ զնա պապանձեցուսցէ:
Եթէ խածմունս աղուականս հոգւոյս ազդեսցէ,
Բեւեռացն հարմունք հաստողին բնաւից զնա կսկծեցուսցէ:
Եթէ յընթացս անիրաւութեան խորհրդոց զիս մոլորեցուսցէ,
Սեւեռք ոտից անհասանելոյն զնա կապեսցէ:
Եթէ հրապոյրս ինձ դժնեայս արբուսցէ,
Քացախն ընդ լեղւոյն խառնեալ ի յարբումն բարերարին
Զնա դառնացուսցէ:
Եթէ առաջին ճաշակմամբ փայտին զիս գտցէ,
Սոսկալի խորհրդով խաչին ըմբռնեալ` իսպառ պարտաւորեսցի:
Եթէ ընդվզել ընդդէմ հնազանդութեան
Տեառն հրամանի զանձն իմ ուսուսցէ,
Բերումն պարանոցի անսահմանելոյն զնա կործանեսցէ:
Եթէ ի մահ սատակման զիս վանեալ վիրաւորեսցէ,
Ստուար տէգ զինու մխելոյն
Ի կող ստեղծչին Ադամայ զնա հերձեսցէ:
Եթէ երկամբք վշտաց դժոխականաց զիս պարփակեսցէ,
Պատանացն կտաւ էից ունողին զնա ըմբռնեսցէ:
Եթէ յատակս մահու հայել զիս խարդախեսցէ,
Բնակել կենդանւոյն ի վէմն մահու զնա մեռուսցէ:
Եթէ խնդասցէ ընդ մարդկաւրէնս իմ գայթակղութիւն,
Կրկին կորասցի կարկամեալ կամաւ,
Յորժամ անմահն Աստուած, յարուցեալ փառաւք,
Ընդ իւր նորոգեաց զբնաւ մահացեալս:
Եթէ ընդ լուծանել փոքր կապանաց հազարամէից բերկրեսցի,
Դողասցի կարկեալ վերստին իսկոյն ընդ վերջին շղթայս
Անզերծ տագնապին ըմբռնման սաստկագունի յանվախճան տանջանարանին:
Եթէ ընդ առաջին հարուածն դժուարեսցի,
Գոյժ կորստեան յետնում սատակմանն անշէջ գեհենին,
Որ պատրաստեալն է նորա եւ նորին հրեշտակաց,
Նմա պատմեսցի, որ յաւուրն մեծի մեծին ատենի:
Է
Իսկ ինձ` ապաւինելոյս ի քեզ, Տէր Յիսուս,
Միայն թագաւոր ինքնակալ, զաւրեղ,
Արարիչ երկնի եւ երկրի
Եւ ամենայն զարդուն, որ ի նմա,
Որ գալստեանդ քոյ ակն ունիմ
Եւ ողորմութեան Փրկչիդ սպասեալ յուսամ,
Ի յոտս քո անկանիմ եւ զգարշապարիդ հետս համբուրեմ,
Զպարտութիւնս խոստովանիմ եւ զմեղանս հրապարակեմ,
Կշտամբանաց քարամբք կոծիմ եւ հառաչանաւք սրտիս տապանամ,
Ի խէթ խղճիս խոցոտիմ եւ բոցով շնչոյս ճենճերիմ,
Աղի ցաւղով արտասուացս այրիմ եւ երիկամանցս ազդմամբ կիզանիմ,
Յուսակտուր աւդով ցամաքիմ եւ դառնաշունչ հողմով շիջանիմ,
Թախանձանաց բանիւս երերիմ եւ կողկողագին հեծութեամբ դողամ,
Տաժանելի կրիւք տուայտիմ եւ տագնապաւ հոգւոյս տատանիմ,
Ի կոծ մրրկաց ծփիմ եւ ի բախմանէ ալեաց սասանիմ,
Ի լրութենէ համբաւոյն սարսեմ եւ յիշատակաւ ահին կորնչիմ,
Կերպարանաւք ատենին հալիմ եւ սպառնալեաւք մեծիդ մեռանիմ,-
Լուր, բազմագութ, քաւիչ, մարդասէր եւ երկայնամիտ,
Քաղցրութիւն անճառ, աւր բարի եւ տիւ տենչալի,
Քանզի կարող ես յամենայնի,
Եւ առ ելս շնչոյս իմոյ` փրկութեան մեծի:
Եւ քեզ ընդ Հաւր, Հոգւովդ Սրբով փա~ռք յաւիտեանս:
Ամէն:

Մ.Խերանյան

Բան ԿԶ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Արդ, ով որ առնի այս համեստ մատյանի մաղթանքների սպեղանին,
Նրանով աղոթելու համար, եթե այդպիսին մեղավոր է մի՝
Ե՛ս էլ թող նրան մասնակից լինեմ իմ այս խոսքերով.
Իսկ եթե երբեք լինի ոմն արդար այր աղոթարկու,
Ես էլ նրա հետ թող այս մատյանով գտնեմ գթություն:
Եվ ապա, եթե այդպիսին իրեն զգա երջանիկ, ինձ համարելով միայն եղկելի,
Այդ նույնը նաև հաստատում եմ ե՛ս,
Բայց նա էլ հիշի թող Սողոմոնին և այս հոգեշունչ խոսքերը նրա,–
«Ո՜վ վստահորեն կարող է ասել, թե ունի սուրբ սիրտ,
Եվ կամ պարծենալ, թե մաքուր է մեղքերից».
Եվ թե՝ «Չի եղել երկրածին մի մարդ՝ զերծ իրեն համար պատասխան տալուց».
Ինչպես և ոչ ոք՝ հաղթող համարված՝ ինքնարշավ վազքով,
Եթե մինչև իսկ ունենա թևեր նա բարձրաթռիչ176Ժող. Թ. 11:
Ուստի նաև նա՛ թող զգուշանա, երկյուղ կրելով,
Որ հաստատ վեմի վրա է նույնիսկ, Պողոսից ուսած.
Որպեսզի միգուցե գետին ընկնելով՝
Նմանվի այս իրավադատ կանոնը սահմանողին:
Այլ նույնիսկ և նա՛, որ մաքուր է, թող այս կշտամբանքը դաս անի իրեն,
Չիջնելու համար անխոհեմ կերպով իր բարձրությունից.
Իսկ պատժապարտն էլ թող ընդունի այն՝ առիթ ազատության:
Որով հոգևոր մահվան կործանումից վեր բարձրանալով՝ ապրի լիահույս:
Իսկ ինձ համար այս պատգամները թող լինեն փորագրված արձանագրություն հավերժ անեղծանելի,
Որ իմ եղկելի և մահկանացու անձի փոխարեն՝
Հեծության, լացի անդադար հնչմամբ, առանց լռելու միշտ աղաղակի:
Եվ թող որ լինի, որ բեկբեկված ոսկորներս հողապատյան շիրմի ծածկույթի տակ
Անմռունչ ձայնով՝ խոստովանական այս աղոթքներս եղանակեն.
Ինչպես և հողում լուծված մարմինս անլուր բարբառով
Այս պաղատանքներս թող որ առաքի քեզ՝ ծածկատեսիդ:

Բ

Տե՜ր գթությանց, աղբյուր ողորմությանց պարգևաբաշխ բարի,
Որդիդ բարձրյալի Տե՛ր Հիսուս Քրիստոս,
Ողորմի՛ր, խնայիր, մարդասիրիր,
Նայիր վշտերիս և տե՛ս սրտաբեկությունս,
Խոնարհվի՛ր թշվառությանս վրա,
Տե՛ս տարակուսական տագնապս անձեռնհաս,
Կարեկից եղիր ի կորուստ տանող ցավերիս մեջ ինձ,
Շոշափի՛ր բժշկապես վերքերն իմ թշվառագույն,
Ականջ177Մատթ. ԻԶ. 39 դիր քաղցրությամբ ողորմագին հեծեծանքներիս,
Լսի՛ր գերեզմանի խորունկ անդունդից հնչող անմռունչ հառաչանքներս,
Թող քո ամենալուր ականջներից ներս մտնի
Հյուծված անդամներիս ձայնը պաղատագին:
Եվ քանզի անապական է կենդանությանս գրավական հոգին,
Ուստի թող անփոփոխ լինի սիրույդ գթությունը նաև,
Կցորդ եղիր դու հեզությամբ՝ տկարությանն իմ տաժանելի:
Մեռյալ պատկերիս դեմ ոխ մի՛ պահիր,
Անշունչ կերպարանքիս հետ մի՛ մտնի դատաքննության,
Մահով տանջվածիս դու նոր հարվածներ մի՛ավելացնի,
Կոտրված խեցեղեն անոթիս հետ մի՛ մարտնչիր ուժգնությամբ,
Վճռով խոշտանգվածիս վրա մի՛ բարկանա կրկին,
Կործանված շինվածքիս մի՛ տար նոր պատուհաս,
Սպանված շանս վրա քարեր մի՛ արձակիր,
Ջախջախված լվիս վրա մի՛ որոտա սաստկապես,
Անարգ հողիս դեմ իբր անբարհավաճի՝ մի՛ մռնչա ուժգին,
Մոխրիս մերժել մի՛ կանչիր դատաստանի քննության,
Ցնդելի փոշուս մի՛ համարիր դու քեզ ընդդիմամարտ,
Տիղմս տաղտկալի մի՛ կարծիր դու քեզ որպես ոսոխ,
Գարշությանս անգոսնելի մի՛ վանիր իբրև բռնամարտիկի,
Դուրս շպրտվելիք կոճղիս մի՛ պահիր գեհենի համար որպես վառելիք,
Այսքան խոսքերով բազմաթիվ անգամ կշտամբվածիս
Դու էլ վերստին մի՛ հանդիմանիր:

Գ

Սրանք են ահա՛ այն սրտաբեկիչ ու հոգնաթախիծ աղաչանքները,
Որոնք իմ թշվառ ու խավարարգել շիրմից պիտ հնչեն.
Եվ թող քո օրհնյալ խոսքը հաստատի, թե աղոթողիս սրտի համաձայն
Պիտի մնամ ես անայլայլելի:
Քանզի հիմա էլ, մինչդեռ խոսում եմ դեռևս կենդանի՝
Մեռած եմ արդեն անհասիդ համար.
Ինչպես և մահվամբ կորչելիս անգամ
Անեղծ կմնամ ես իմ հավատքով, ըստ հրամանի ամենազորիդ:
Արդ, աղաչում եմ, Տեր Հիսուս Քրիստոս, ողորմությամբ նայիր դու ինձ
Եվ մի՛ թողնի, որ բնակակից լինեմ Բելիարին:
Թշվառիս թաղման ժամանակ, տապանի անկենդանական թնդյունը մահազեկույց,
Որպես աղաղակ լալահառաչ՝ քեզ ինձ հետ հաշտեցնող,
Արժանացրու քո լսողությանը, միա՜կ բարեգործ,
Հոգեսեր, հզոր և մի՛շտ մարդասեր.
Եվ քո բարի հոգին թող բնակվի ինձ հետ, լույս տալով ինձ խավարի մեջ,
Թող մնան ինձ հետ քո կենարար չարչարանքների մասունքները պաշտելի,
Որպեսզի, իբրև գանձարանի ավանդ, պահելով ինձ քո մեջ, կենսանորոգեն.
Որպես զինվորական սարք անվատնելի թող պատկանեն ինձ
Ու մնան ինձ հետ իբրև մնայուն պարսաքարեր՝ հոգու հնարքների,
Չարի գնդերը հալածելու համար՝
Նրա իմ դեմ մղած մարտը թո՛ղ քեզանով վանվի, Տե՜ր,
Զի եթե նա ելնի իմ դեմ պատերազմելու,
Տեսնելով քաղաքն առանց զինվորի և ազդարարող գործիքը՝ անձայն,
Քե՜զ կունենամ, Տե՛ր, անքուն պահապան մշտնջենապես:

Դ

Զի եթե շտապի չարն այժմ ևեթ, առաջ քան օրը կատարածի,
Եվ պատրաստի ինձ համար անելանելի արգելարան,
Ես տերունական աղոթքն իմ կուղղեմ նրա դեմ, որպես մահացու հարված.
Եթե կարենա ինձ գցել գետին,
Արարչին արած իմ ծնրադրությամբ նրան կխոցեմ.
Եթե հաջողի երկրի մոխրի մեջ գլորել նա ինձ,
Աստուծո երեսնիվայր ընկնելը թող հալածի նրան.
Եթե տանջալից ցավեր նյութե ինձ,
Աշխարհի փրկչի քրտինքը առատ արյամբ շաղախված՝ թող նեղի նրան.
Եթե շունչս նա պատանդ վերցնի, որպեսզի բարի ճամփով չընթանամ՝
Ամենաստեղծի կապանքը թող ինձ ազատ արձակի.
Եթե բռնադատի ինձ ուրանալու լույսի պարգևները,
Համբերությունդ՝ աստվածամարտների հայհոյության դեմ՝
Թող որ նրան էլ նրանց հետ մեկտեղ պապանձեցնի.
Եթե գաղտնապես հարված հասցնող զենքերի նետեր արձակի վրաս,
Կապարճների հոր շքեղ աղեղի խոցող սլաքը թող դիպչի նրան.
Եթե խավարած լույսի շղարշով անամոթաբար աչքիս մեջ մտնի,
Ամենակատարյալի ծածկված գլխի կռփահարումը թող տանջի նրան.
Եթե մոլեգնի ձեռքիս վստահությունը կաշկանդել178Մարկ. ԺԴ. 65,
Թող ստեղծողի ձեռքը տրված եղեգնը չարչարելով նրան լռեցնի179Մատթ. ԻԷ. 29.
Եթե անամոթ ծաղր ու ծիծաղով ինձ հետ կատակի,
Ամենազորի՝ ծաղրանք տանելը թող հեգնի նրան180Մարկ. ԺԵ. 31.
Եթե պես-պես հուռութքների բժժանքով խորամանկի,
Հզոր Աստուծո երեսին տրված ապտակը նրան ամաչեցնի թող181Հովհ. ԺԸ. 22.
Եթե գիշերվա մութը իջնելիս խաբեության խավարով կռվի լկտիաբար,
Տե՜ր, լույսիդ պայծառ ճառագայթման հետ՝ թող խայտառակվի.
Եթե հավակնի, թե կկարենա փորձությունների արեգակնակեզ
Վատնիչ խորշակի կեսօրվա տապով ինձ բոլորովին արմատից խախտել,
Թող քո լուսեղեն նշանի զորությամբ արմատախիլ՝ չորանա.
Եթե փորձի նա փչումով տրված շնորհից ինձ զրկել.
Այն թուքը, որ մեղավորիս փոխարեն քերոբեների Տերն ընդունեց,
Թող ամոթահար անի նրան.
Եթե կծոտող ժանիքներ ցույց տա ինձ,
Երկնավորի բերանի լռությունը թող նրան պապանձեցնի182Մատթ. ԻԶ. 63.
Եթե ցանկական խայթվածքներ պատճառի հոգուս,
Ամենաստեղծին զարնված բևեռները նրան կսկծեցնե՛ն թող.
Եթե անիրավ խորհուրդների ճանապարհով ինձ մոլորեցնի,
Անհասանելու ոտքի մեխերը թող նրան կապեն.
Եթե հարբեցնի ինձ դժնաբարո հրապույրներով,
Թող բարերարին տրված լեղիով խառնված քացախը նրան դառնացնի.
Եթե ծառի առաջին պտղի ճաշակման մեջ գտնի ինձ,
Խաչի սոսկալի խորհուրդով բռնված՝ թող իսպա՜ռ դատապարտվի.
Եթե Տիրոջ հրամանին հնազանդվելու դեմ ընդվզել սովորեցնի ինձ,
Անսահմանելու պարանոցի բերումն թող կործանի նրան.
Թե սատակամահ անելու համար հալածի նա ինձ և վիրավորի,
Ադամին ստեղծողի կողքը մխված ահագին տեգը թո՛ղ պատռի նրան.
Եթե դժոխային վշտերի երկունքներով պաշարի նա ինձ,
Ամենակալի պատանքի կտավը թող կաշկանդի նրան.
Թե խարդախությամբ փորձի ինձ մահվան հատակը ձգել,
Մահվան վեմի մեջ կենդանի Աստուծո բնակվելը թող նրան մեռցնի.
Եթե մարդկային իմ գայթակղության վրա նա խնդա,
Թող կարկամ կամքով կորանա կրկին.
Զի Աստվածն անմահ հարության փառքով՝
Բոլոր մեռելներին նորոգեց իր հետ:
Թե հազարամյա փոքր կապանքի լուծումով բերկրի,
Բայց թող որ իսկույն դողա վերստին
Անվերջ-անվախճան տանջարանի մեջ սաստիկ կաշկանդող հուսկ շղթաների անզերծ տագնապից183Հայտն. Թ. 2-3
Եթե առաջին իսկ հարվածի հետ նա դժվարանա,
Մեծ դատաստանի մեծ օրը ահեղ, կորստյան գո՜ւյժը թող տրվի նրան՝
Նրա և իր հրեշտակների համար պատրաստված
անշեջ գեհենով:

Ե

Իսկ ինձ, որ քեզ եմ ապավինել, Տե՜ր Հիսուս,
Միակ թագավոր, ինքնակալ, զորեղ, Արարիչ
երկնի և երկրի, Եվ նրանց մեջ եղած բոլոր զարդերի,
Ինձ, որ աչքս քո գալստյանն եմ հառել
Եվ փրկչիդ ողորմությանն եմ սպասում հույսով,
Քո ոտքն եմ ընկնում և համբուրում եմ հետքերը գարշապարիդ,
Պարտությունս եմ խոստովանում և մեղքերս հրապարակում,
Կշտամբանքների քարերով ծեծկվում եմ և սրտիս հառաչանքներով այրվում,
Խղճիս խայթերով խոցոտվում եմ և շնչիս բոցով տոչորվում,
Այրվում եմ արցունքներիս աղի ցողով ու երիկամներիս կսկծանքով կիզվում,
Հուսակտուր հոգով ցամաքում եմ և դառնաշունչ հողմով մարում.
Թախանձանքի խոսքերով երերվում եմ և կողկողագին հեծությամբ դողում,
Տաժանելի տանջանքներով տվայտում եմ և հոգուս տագնապներով տատանվում,
Մրրիկների կոծով ծփում եմ և ալիքների բախումից սասանվում,
Ի լուր համբավի սարսում եմ և վախի հիշատակով՝ կորչում,
Ատյանի տեսարանով հալվում եմ և մեծիդ սպառնալիքներով մեռնում,–
Լսի՛ր, բազմագո՜ւթ, քավիչ, մարդասեր և երկայնամիտ,
Քաղցրություն անճառ, օր բարի և տիվ տենչալի,
Զի կարող ես դու ամեն ինչի մեջ
Ինչպես և վերջին շունչս փչելիս ինձ փրկագործել:
Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ փա՜ռք հավիտյանս. ամեն:

Վ.Գևորգյան

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Ով պաղատելու համար ընդունի
Մաղթանքների դեղն համեստ մատյանի այս
ողբերգության,
Հանձնառուն եթե մեղավոր է մի,
Ես էլ թող լինեմ իմ այս խոսքերով
Նրան կցորդված, եթե արդար է,
Թող որ նրա հետ ես էլ սրանով,
Նրա շնորհիվ գտնեմ գթություն։
Իսկ եթե հանկարծ այդպիսին իրեն երջանիկ
զգա՝
Ինձ համարելով միայն եղկելի,
Ես ինքս էլ անձամբ կհաստատեմ այդ։
Բայց ինքն էլ հիշի՛ թող Սողոմոնին
Եվ այս հոգեշունչ խոսքերը նրա.
Ո՞վ վստահորեն կարող է ասել, թե սուրբ սիրտ ունի.
Կամ պարծենալ, որ մաքուր է մեղքից
Եվ ապա՝ չկա երկրածին մի մարդ,
Որ ազատ լինի պատասխան տալուց,
Եվ ոչ էլ հաղթող ինքնարշավ վազքով,
Եթե մինչևիսկ նա բարձրաթռիչ թևեր ունենա։
Այդ պատճառով էլ ամեն ոք պետք է միշտ
զգուշանա.
Վախենա անգամ հաստատուն ժայռի վրա լինելիս.
Ինչպես որ Պողոսն է ուսուցանում,
Քանզի կարող է գետնին գլորվել,
Նմանվելով ճիշտ այս իրավադատ կանոնն հաստողին։
Ուստի մաքուրը թող ընդունի այս
Կշտամբանքն իբրև իր համար պսակ,
Որ անմտորեն վայր չիջնի անհաս իր բարձրությունից.
Իսկ պատժապարտը՝ փրկության միջոց,
Որ վեր բարձրանա հոգեկան մահվան
Կործանումից ու ապրի լիահույս։
Իսկ ինձ համար թող, այդ պատգամներով.
Մատյանն այս լինի մի փորագրված
Հավիտենական անեղծ հուշարձան,
Որ իմ եղկելի ու մահկանացու անձի փոխարեն՝
Ողբ ու հեծության անդադար հնչմամբ,
Առանց լռելու միշտ աղաղակի.
Թող որ մինչևիսկ սառը շիրմիս մեջ,
Այն հողապատյան վերարկուի տակ
Արդեն քայքայված ոսկորներս լուռ,
Անմռունչ ձայնով այդ խոստովանեն
Եվ հողում իսպառ լուծված մարմինն իմ
Անլուր բարբառով պաղատանքներն այս
Առաքի անդուլ քեզ՝ ծածկատեսիդ։
Բ
Աղբյո՜ւր գթության և ողորմության,
Բարեպարգև՜ տեր, որդի բարձրյալի Հիսո՜ւս Քրիստոս,
Գթա՛, խնայի՛ր ու մարդասիրի՛ր,
Նայի՛ր վտանգիս, հայա՛ցք ձգիր իմ սրտաբեկության,
Թշվառությանս վրա խոնարհվի՛ր,
Տե՛ս տագնապներն ու տվայտանքներն իմ
անդարմանելի,
Կարեկի՛ց եղիր տառապանքներին իմ կորստաբեր,
Բժշկի նման շոշափի՛ր ախտերս ամենաթշվառ,
Քաղցրությա՛մբ լսիր հեծության իմ հեգ,
Ունկնդրի՛ր շիրմիս անդնդից մահվան
Անլուռ անմռունչ հառաչանքներիս.
Թո՛ղ ամենալուր լսելիքը քո
Թափանցի լուծված, գոս անդամներիս ձայնն
աղերսագին։
Քանզի անեղծ է գրավականն այս իմ
կենդանության,
Թո՛ղ որ, անայլայլ լինի նաև քո սերն ամենագութ.
Հեզությամբ կցո՛րդ եղիր դժնդակ իմ տկարության։
Մեռած պատկերիս դեմ ոխ մի՛ պահիր,
Դատաքննության մի՛ մտիր անշունչ կերպարանքիս
հետ.
Մահատանջիս մի՛ հարվածիր նորեն,
Ջարդված խեցեղեն անոթիս դեմ մի՛ մարտնչիր
ուժգին,
Բարկություններդ մի՛ կրկնիր՝ վճռով խոշտանգվածիս
դեմ,
Մի՛ բեր պատուհաս ավեր շինվածքիս,
Սպանված շանս էլ մի՛ քարկոծիր,
Ջախջախված լվիս վրա սաստկապես դու մի՛
որոտա.
Անպատված հողիս վրա մի՛ իբրև
Անբարհավաճի մռնչա ուժգին,
Մերժելի մոխրիս մի՛ կանչիր դատի,
Ցնդելի փոշուս մի՛ համարիր դու քեզ ընդդիմամարտ,
Տրորված տիղմիս մի՛ հաշվիր ոսոխ,
Գարշությանս անարգ մի՛ վանիր իբրև
բռնամարտիկի,
Նետվելիք կոճղիս մի՛ պահիր իբրև գեհենի ճարակ
Եվ բազմապատիկ այսքան խոսքերով
ամբաստանվածիս
Դու էլ վերստին մի՛ հանդիմանիր։
Գ
Սրանք են ահա սրտամորմոք ու
Բազմաթախիծ իմ պաղատանքներն այն,
Որ պիտի հնչեն ամենաթշվառ
Ու խավարարգել շիրմիս խորքերից.
Թող հաստատի արդ օրհնյալ խոսքը քո,
Որ կմնան միշտ դրանք անխաթար,
Ինչպես խնդրողիս սիրտն է ցանկանում:
Չէ՛ որ թեպետ ես հիմա խոսում եմ որպես
կենդանի,
Սակայն մեռած եմ անհասիդ հանդեպ,
Մինչ այնժամ, մահվամբ կորչելուց հետո,
Ամենազորիդ հրամանով, տե՜ր,
Անմահ կմնան միշտ իմ հավատով։
Արդ, աղաչում եմ, տե՜ր Հիսուս Քրիստոս,
Ողորմությա՛մբ ինձ նայիր, թույլ մի՛ տուր,
Որ Բելիարին լինեմ տնկակից,
Եվ մահազեկույց ձայնը տապանիս
Ու թշվառ թաղման թնդյունն անկենդան
Ընդունի՛ր որպես հաշտություն հայցող
Ողբի աղաղակ մի աղերսակոծ.
Միա՜կ բարեգործ, հզոր, մարդասեր,
Թող բարի Հոգիդ ինձ հետ բնակվի՝
Այն խավարում էլ լույս տալով գերուս։
Եվ քո կենարար չարչարանքների
Այնքա՜ն պաշտելի մասունքները թող միշտ լինեն ինձ
հետ,
Որ, ինչպես ավանդ մի՝ գանձարանում,
Ինձ քո մեջ պահած՝ կենսանորոգեն.
Թող պատկանեն ինձ որպես անհատնում հոգևոր
զենքեր.
Պարսաքարեր, միշտ ինձնից անբաժան՝
Չարի գնդերը քշելու համար։
Թող որ մարտն իմ դեմ քեզանով վանվի,
Որպեսզի երբ նա, տեսնելով քաղաքն առանց
զորքերի
Եվ ազդարարող գործիքը անձայն,
Հառնի ինձ վրա պատերազմելու,
Քեզ ունենամ, տե՜ր, մշտնջենապես անքուն
պահապան։
Դ
Եթե վախճանի օրը կանխելով՝
Այժմ իսկ շտապի անել արգելան պատրաստել չարն
ինձ,
Ես տերունական աղոթքս կուղղեմ
Նրա դեմ որպես մահացու հարված,
Իսկ եթե ջանա ի վայր տապալել՝
Ծնրադրությունս բարձրյալ արարչին.
Եթե փորձի ինձ թավալել գետնի մոխիրների մեջ,
Աստծո՝ երեսի վրա ընկնելը կվանի նրան,
Իսկ եթե նյութի տանջալի ցավեր,
Նրան կլլկի աշխարհի փրկչի
Առատ քրտինքը, շաղախված արյամբ.
Եթե պատանդի շունչս, որ բարի ճամփով չընթանամ,
Ամենաստեղծի կապանքները ինձ ազատ կարձակեն.
Թե բռնադատի, որ պարգևները լույսի ուրանամ,
Համբերությունը քո՝ աստվածամարտ
Ապիրատների հայհոյանքներին՝
Կպապանձեցնի սրան նրանց պես.
Եթե գաղտնաձիգ զենքերի նետեր արձակի վրաս,
Պիտի հանդիպեն դրանք փառքի հոր
Ճարտարահնար կապարճի կարթին։
Թե խավարամած լույսի շղարշով
Անամոթաբար աչքերս մտնի,
Ամենքի լրման ձորձածածկ գլխի
Կռփահարումը կտանջի նրան.
Եթե ձեռքերիս վստահությունը ժպրհի կաշկանդել,
Ամենաստեղծի ձեռքը մատուցած
Եղեգնը պիտի բերանը փակի՝ նրան կտտելով.
Թե խայտառակման ծաղր ու ծանակով ինձ հետ կատակի.
Ամենազորի ծաղրանք տանելը կհեգնի նրան։
Եթե բժժանքով ու հուռութքներով
Խորամանկորեն ուզի կախարդել,
Հզոր Աստծո դեմքի ապտակը
Կամաչեցնի նրան սաստկապես.
Եթե գիշերվա մութը իջնելիս
Իր խաբեության նենգիչ խավարով լկտի մարտնչի,
Կխայտառակվի լույսիդ ճաճանչմամբ.
Եթե հավակնի փորձությունների
Վատնիչ խորշակի արեգակնակեզ
Կեսօրվա տապով ինձ բոլորովին արմատից խախտել.
Պիտի նշանիդ լույսի զորությամբ
Ինքն արմատախիլ եղած չորանա։
Եթե ջանա ինձ փչման շնորհից զրկել լիովին.
Այն թուքը, որը մեղավորիս տեղ
Ընդունեց տերը քերովբեների,
Պիտի համակի նրան ամոթով.
Թե ինձ կծոտող ժանիքներ ցույց տա,
Կպապանձեցնի նրան լռելը տիրոջ բերանի.
Եթե աղվական խածոտումներով խռովի հոգիս,
Համայնաստեղծին մեխված բևեռից պիտի կսկծա.
Եթե մտքերս մոլորեցնելով՝
Անիրավության ուղին ինձ մղի,
Անհասի ոտքի գամերը նրան պիտի կապկպեն.
Եթե արբեցնի ինձ դժնաբարո հրապույրներով,
Կդառնացնի նրան քացախն այն, լեղիով խառնված,
Որ բարերարին տվին խմելու։
Եթե ինձ գտնի պտղի առաջին ճաշակումի մեջ,
Խաչի սոսկալի խորհրդով բռնված՝
Հենց ինքը իսպառ կդատապարտվի.
Եթե հորդորի ընդվզել տիրոջ
Հնազանդվելու հրամանի դեմ,
Անսահմանելու սուրբ պարանոցի
Մեկնումը պիտի կործանի նրան.
Եթե տանջամահ անելու համար
Հալածի նա ինձ ու վիրավորի,
Այն մեծ տեգը, որ մխվեց Ադամին
Հաստողի կողը, կպատռի նրան.
Եթե պաշարի ինձ դժոխային վիշտ ու ցավերով,
Նրան կբռնի պատանքի կտավն ամենակալի.
Թե խաբեությամբ ստիպի մահվան հատակը նայել,
Մահվան վիմի մեջ Աստծո կենդանի
Բնակությունը կսպանի նրան.
Եթե մարդկային սայթաքումներիս վրա նա խնդա,
Պիտի կարկամած կորանա կրկին,
Երբ անմահն Աստված հառնած իր փառքով՝
Եվ մեոյալներին ամենայն իր հետ կենսանորոգի։
Իսկ եթե բերկրի իր հազարամյա կապանքի լուծմամբ,
Թող դողա իսկույն առավել սաստիկ
Անվերջ-անվախճան տանջարանների
Շղթաների մեջ վերստին ընդմիշտ
Կապված փակվելու անզերծ տագնապից.
Եթե առաջին իսկ հարվածներից խիստ դժվարանա,
Նրան կտրվի գույժը կորստյան՝
Վերջին սատակման՝ անշեջ գեհենում,
Որ պատրաստված է նրան և նրա հրեշտակներին՝
Մեծ դատաստանի այն մեծ օրն ահեղ։
Ե
Միայն թագավոր, հզոր ինքնակալ,
Արարիչ երկնի, երկրի և բոլոր
Զարդարանքների, որ կա նրանց մեջ,
Տե՜ր Հիսուս, ահա քեզ ապավինած՝
Սպասում եմ ես գալստյան փրկչիդ՝
Քո ողորմության ակնկալիքով.
Ոտներդ ընկած՝ գարշապարներիդ հետքն եմ
համբուրում.
Խոստովանում եմ պարտությունը իմ,
Հրապարակում մեղքերս բոլոր,
Կշտամբանքներիս քարերով ծեծկվում,
Այրվում եմ սրտիս հառաչանքներով,
Խոցոտվում եմ խոր խղճիս խայթերով
Ու սրտիս բոցով լափված՝ տապակվում,
Եփվում եմ ցողով աղի արցունքիս,
Երիկամներիս հրայրքով կիզվում,
Ցամաքում՝ օդով հուսահատության
Եվ նվաղում եմ հողմով դառնաշունչ,
Ցնցվում եմ վշտից ու կողկողագին հեծությամբ դողում,
Տառապում՝ անլուր տվայտանքներով
Ու տատանվում եմ տագնապով հոգուս,
Մրրկակոծ ծփում ու սասանվում եմ ալեբախումից.
Սարսում եմ, երբ որ լուր է սպասվում,
Գալիքն հիշելով՝ կորչում ահաբեկ,
Ատյանի տեսքից հալվում եմ իսպառ
Ու մեռնում՝ մեծիդ սպառնալիքով։
Լսի՛ր, բարեգո՜ւթ, քավիչ, մարդասեր ու երկայնամիտ,
Քաղցրություն անճառ, բարեպարգև օր և տիվ տենչալի,
Քանզի կարող ես ամեն ինչի մեջ,
Կարող ես նաև շունչս փչելիս ինձ փրկագործել։
Եվ քեզ սուրբ Հոգուդ ու հորդ հետ փա՜ռք
հավիտյանս. ամեն։

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Բայց քանզի յոյժ արդար է բան
Իրաւանցն Քրիստոսի Աստուծոյ առ իս,
Քան առ սկզբնահայրն չարեաց սատանայ,
Զի վասն նորա յայն սակս յայտնեցաւ,
Զի լուծցէ զգործս նորին,
Եւ վասն իմ, զի զհնացեալ պատկերս նորոգեսցէ,
Առեալ զկերպարանիս բոլոր էութիւն
Կերպին իսկութեան մեծին Աստուծոյ`
Միացոյց ինքեան անշուշտ խառնութեամբ:
Նորա ոչ են շնորհեալ ի բազմացն,
Եւ ինձ զբովանդակն եհեղ առատութեամբ,
Վասն նորա ոչ երբէք չարչարեալ,
Եւ վասն իմ հանապազ պատարագի,
Նա անհաղորդ է կենացն,
Եւ ես միշտ վայելեմ ի փրկութեանն,
Նա վանեալ է խաչիւն,
Եւ ես` զաւրացեալ նշանաւն,
Նա` հերքեալ ի լուսոյն,
Եւ ես` միացեալ ընդ փառացն,
Նորա ոչ խոստացաւ հանգիստ եւ յերկրի,
Եւ ինձ զերկինս սեպհականեաց,
Զնորայն կտրեաց զառնհաւատչեայ,
Եւ զիմն առանց խզելոյ յարակայեաց,
Զնա յերամակս խոզիցն արգել,
Եւ յիս ինքն զաւրացաւ,
Զնա կարճաց աւրինակեաց,
Եւ զիս ճառագայթ նշանակեաց,
Զնա սողնոց նմանեցոյց,
Եւ զիս իւրովն անուամբ կնքեաց:
Բ
Իսկ ես զերախտիսն Աստուծոյ լքի`
Զայսքանեաց բարեաց արարողի
Եւ չարին զկնի միտեցայ`
Հայել ընդ նմին յատակս դժոխոց,
Ահա անարժանս բարեաց, անձիրս երախտեաց,
Անընդունակս սիրոյ տոռամբք մեղաց ձգեալս,
Յերիկամունս խորոց խոցեալս,
Քանցեալ ծառս արմաւենւոյ,
Գինիս յեղաշրջեալ, ցորեանս հեղեղեալ,
Մուրհակս ջրեալ, վճիռս պատառեալ,
Կնիքս այլակերպեալ, նմանութիւնս փոխեալ,
Արկանելիքս կիզեալ, ըմպանակս կորուսեալ,
Նաւս ընկղմեալ, մարգարիտս մանրեալ,
Ակնս պատուական սուզեալ,
Տունկս գաւսացեալ, նեցուկս խորտակեալ,
Փայտս ամենեւին փտեալ, մանրագորս աղաւաղեալ,
Յարկս տապալեալ, խորանս խարխալեալ,
Բոյսս արմատաքի խլեալ,
Ձէթս հեղեալ ի գռեհս աղբեւաց,
Կաթնս հոսեալ ի կոյտս մոխրոց,
Այրս մահու ի յարեանց գնդից:
Գ
Քանզի միշտ խրատեալ ընդ Երուսաղէմի
Առակաւ Բաբելոնի ի մարգարէիցն ձայնից,
Անձն իմ ողբալի, եւ ոչ ինչ խրատեցեալ,
Որ աստէն անգոսնեալ եմ, եւ անդէն` խայտառակեալ,
Աստ` դսրովեալ, եւ անդ` կշտամբեալ,
Աստ` ձաղեալ, եւ անդ` նախատեալ,
Աստ` թշնամանեալ, եւ անդ` յանդիմանեալ,
Աստուստ` ապշեալ, եւ անդանաւր` լքեալ,
Աստ` հեծումն, եւ անդ` հառաչանք,
Աստ` կարծիս, եւ անդ` կատարած,
Աստ` խէթ, եւ անդ` հատուցումն,
Աստ` արկածք, եւ անդ` հանդէսք դատաստանի,
Ուր ոչ է բան իրաւանց եւ ոչ ձայն պաղատանաց,
Ոչ թիւք աւուրց եւ ոչ ելք ժամանակաց,
Ոչ ուղք յուսոյ եւ ոչ դրունք ողորմութեանց,
Ոչ աջ պաշտպանութեան եւ ոչ ձեռն այցելութեան,
Դ
Այլ դու ապաւինութիւն, դու ինքն փրկութիւն,
Դու այցելութիւն, դու եւ քաւութիւն,
Դու երանութիւն, քեւ բժշկութիւն,
Քո ողորմութիւն, միայնդ հզաւր, կենդանի, անճառ,
Տէր Յիսուս Քրիստոս բարերար Աստուած,
Աւրհնեա~լ, աւրհնեա~լ եւ դարձեալ աւրհնեա~լ,
Ընդ Հոգւոյդ քո Սրբոյ յաւէտ բարձրացեալ`
Ի փառս հայրենի իսկութեան մեծիդ յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

Մ.Խերանյան

Բան ԿԷ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ սակայն Քրիստոս Աստուծո իրավունքի խոսքը արդարացի է հույժ իմ նկատմամբ,
Քան սատանայի, որ սկզբնահայրն է չարիքների.
Քանզի հայտնվեց նա նրա համար, որպեսզի քանդի գործերը նրա,
Իսկ ինձ համար, որպեսզի իմ հնացած պատկերը նորոգի
Աստուծո կերպարանքով,
Առնելով մեր իսկ նմանությունը կատարելապես
Եվ միացնելով իր բնությանը խառնվածքը մեր:
Բազում շնորհներից ոչինչ չտվեց նա սատանային,
Այնինչ ինձ վրա հեղեց առատորեն.
Նրա համար երբեք չչարչարվեց,
Իսկ ինձ համար զոհվում է նա հանապազ.
Սատանան անհաղորդ է կյանքին,
Իսկ ես փրկություն եմ վայելում միշտ.
Նա հալածված է խաչով,
Իսկ ես զորացած եմ այդ նո՛ւյն նշանով.
Նա մերժված է լույսից,
Իսկ ես միացած եմ նրա փառքի հետ.
Նրան երկրի վրա անգամ հանգիստ չխոստացավ,
Իսկ ինձ երկինքը տվեց սեփականություն.
Կտրեց նրա հույսի առհավատչյան,
Եվ իմը հաստատեց առանց խզելու.
Նրան խոզերի երամակում արգելափակեց,
Եվ իմ մեջ ի՛նքը զորացավ.
Կարիճների հետ համեմատեց նրան,
Եվ ինձ ճառագայթ հայտարարեց.
Սողունների նմանեցրեց նրան,
Եվ ինձ իր անունով կնքեց:

Բ

Իսկ ես լքեցի երախտիքն այսքան բարիքներ անող Աստուծո
Եվ չարին հետևեցի՝ նրա հետ մեկտեղ դժոխքի հատակն հայելու համար:
Ուստի անարժան եմ բարիքների ապերախտս անշնորհակալ և անընդունակ սիրո,
Մեղքի պարանով եմ ձգված՝ երիկամունքիցս խոցված խորապես.
Ճյուղակոտոր ծառ եմ արմավենու,
Քացախացած գինի, հեղեղված ցորեն,
Ջնջված մուրհակ, պատռված վճիռ, աղավաղված կնիք,
Ձև այլափոխված, վերարկու կիզված, կորած ըմպանակ,
Ընկղմված նավ, մանրված մարգարիտ, սուզված անգին քար,
Տունկ եմ գոսացած, նեցուկ խորտակված, փայտ իսպառ փտած,
Խամրած մանրագոր, փլատակված տուն, խարխլված խորան,
Բույս արմատախիլ, ձեթ՝ թափված աղբոտ հրապարակում,
Մոխրակույտերի վրա հոսած կաթ, Քաջերի գնդում մահապարտ եմ մի,
Զի անձն իմ ողբալի, Բաբելոնի առակի համաձայն՝ մարգարեներից ասված՝
Երուսաղեմի հետ և նրա նման հորդոր լսեց միշտ և չխրատվեց184Եսայի ԺԳ. 19:
Պատճառն ա՛յն է, որ այստեղ անգոսնված եմ, այնտեղ՝ խայտառակված,
Այստեղ պարսավված և այնտեղ կշտամբված,
Այստեղ ծաղրված և այնտեղ նախատված,
Այստեղ անարգված և այնտեղ հանդիմանված,
Այս կողմը ապշած և այն կողմը՝ լքված,
Այստեղ հեծություն, այնտեղ հառաչանք,
Այստեղ կասկածներ և այնտեղ վախճան,
Այստեղ վախ ու վիշտ և այնտեղ հատուցում,
Այստեղ արկածներ և այնտեղ դատաստան,
Ուր ո՛չ խոսելու իրավունք կա և ո՛չ պաղատելու,
Ո՛չ օրերը թիվ ունեն և ո՛չ ժամանակը վախճան,
Ո՛չ հույսի կամուրջ և ո՛չ ողորմության դուռ,
Ո՛չ աջ պաշտպանող և ո՛չ օգնող ձեռք:
Սակայն ապավեն ես դու, դու ինքդ փրկություն,
Դո՛ւ այցելություն, դու քավություն, դու երանություն,
Դո՛ւ ես բժշկում, դու ես ողորմում, միա՜յնդ հզոր,
Կենդանի անճառ,
Տեր Հիսուս Քրիստոս բարերար Աստված,
Օրհնյա՜լ, օրհնյա՜լ և դարձյալ օրհնյալ,
Հավետ բարձրացած քո Սուրբ Հոգու հետ
Մեծիդ իսկակից Հոր փառքի համար՝
Հավիտյանս հավիտենից. ամեն:

Վ.Գևորգյան

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Քրիստոս Աստծո խոսքն արդարության
Դատապարտում է ինձ շատ ավելի
Խիստ, իրավացի, քան սատանային.
Զի նա հայտնվեց հենց նրա համար,
Որ չարիքների նախահոր բոլոր գործերը քանդի
Եվ նորոգի իմ պատկերն հնացած՝
Իր ինքնության մեջ ստույգ խառնությամբ
Միավորելով մեր կերպարանքն ու էությունը ողջ
Մեծն Աստծո կերպ ու իսկության։
Նրան անհամար իր շնորհներից ոչինչ չտվեց.
Ինձ շռայլորեն օժտեց բոլորով.
Նրա համար նա բնավ չտանջվեց,
Մինչդեռ ինձ համար պատարագվում է շարունակաբար,
Նա անհաղորդ է կյանքին, այնինչ ես
Վայելում եմ միշտ փրկագործություն,
Նա խաչով վանվեց, իսկ ես՝ զորացա,
Նա լույսից մերժվեց, ես միացած եմ անձկալի փառքին.
Նրան երկրում էլ հանգիստ չտվեց,
Ինձ սեփականեց երկինքը անգամ.
Նրանից կտրեց երաշխիքն հույսի,
Իսկ իմն հաստատեց առանց խզելու.
Նրան խոզերի բոլուկների մեջ արգելափակեց,
Մինչդեռ իմ մեջ հենց ինքը զորացավ.
Նրան բաղդատեց կարիճների հետ,
Իսկ ինձ հռչակեց լույսի ճառագայթ.
Նրան սողունի նմանեցրեց,
Մինչդեո ինձ կնքեց իր իսկ անունով։
Բ
Լքելով բոլոր երախտիքները բարերար Աստծո՝
Հակամետ եղա չարին՝ նրա հետ
Դժոխքի խորքը նայելու համար,
Ես, անարժանս ամեն բարիքի,
Երախտամոռս անշնորհակալ, դրժողս սիրո,
Կաշկանդվածս պիրկ մեղքի թոկերով,
Խոցվածս խորքից երիկամներիս,
Որ արմավենու ծառ եմ բզկտված,
Աղարտված գինի, հեղեղված ցորեն,
Ջնջոտված մուրհակ, պատառված վճիռ, խարդախված կնիք,
Դիմափոխված տեսք, այրված հանդերձանք,
Կորած ըմպանակ, խորասուզված նավ,
Փշրված մարգարիտ, ընկղմված գոհար,
Չորացած մի տունկ, խորտակված նեցուկ,
Իսպաո փտած փայտ, եղծված մանրագոր,
Փլատակված տուն, խարխլված խորան, արմատախիլ բույս.
Յուղ՝ թափված աղբոտ հրապարակում,
Մոխրակույտերի վրա հոսած կաթ,
Դժնի մահապարտ՝ քաջերի գնդում։
Քանզի շարունակ անձն իմ ողբալի,
Հին Բաբելոնի օրինակներով,
Երուսաղեմի հետ խրատ լսեց
Մարգարեներից, բայց չխրատվեց։
Եվ ահա, այստեղ անգոսնում գտա, այնտեղ՝ անարգանք.
Այստեղ՝ դսրովում, այնտեղ՝ պարսավներ,
Այստեղ՝ ծանակում, այնտեղ՝ նախատինք,
Այստեղ՝ դառնություն, այնտեղ՝ կշտամբանք,
Այստեղ՝ վարանում, իսկ այնտեղ՝ լքում,
Այստեղ՝ հեծություն, այնտեղ՝ հառաչանք,
Այստեղ՝ կասկածներ, այնտեղ՝ իրացում,
Այստեղ՝ տագնապներ, այնտեղ՝ հատուցում,
Այստեղ՝ փորձություն, այնտեղ՝ դատաստան,
Ուր չի լինի ո՛չ իրավունքի խոսք, ո՛չ ձայն աղերսի,
Ո՛չ օրերը՝ թիվ, ո՛չ ժամանակը վախճան կունենան,
Ո՛չ հուսո շավիղ կգտնես, ո՛չ էլ՝ ողորմության դուռ,
Ո՛չ՝ պահապան աջ, ո՛չ էլ՝ օգնող ձեռք։
Գ
Բայց ապավեն ես դու և փրկություն,
Խնամարկություն ու երանություն,
Ողորմում ես դու, քավում, բժշկում, ո՛վ միակ հզոր,
Կենսաձիր, անճառ, տեր Հիսուս Քրիստոս բարերար Աստված,
Օրհնյա՛լ և օրհնյա՛լ և դարձյալ օրհնյա՛լ,
Քո սուրբ Հոգու հետ բարձրացած հավետ
Մեծիդ իսկության հոր փառքի համար՝
Հավիտյաններից հավիտյանս, ամեն։

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, ի յիշատակ ահարկութեան վերագրեցելոցդ,
Որք յաստուածուստ են սպառնալիք` ինձ ժամանեցեալք,
Զիա՞րդ դադարեցայց ի նորոգ ողբերգութեանց,
Եւ կամ ո՞րպէս զցամաքումն առցէ հեղեղք արտասուացս:
Զի թէ զչորեքվտակեան առաջս գետոցդ յորդահոսան ծաւալմանցդ,
Որ զեդեմ եւ զերկիր առ հասարակ ոռոգանեն`
Լիապէս բաւականութեամբ բաշխեալ ամենայնի,
Եւ զբղխումն ելից իւրեանց առ աչս իմ եդեալ,
Զանձինս մեղաց սաստկութեանս բոց
Զովացուցանել ոչ բաւականասցին:
Եւ կամ մարգարէին սրբոյ ըղձականութիւն`
Կրկին ինձ լցցի գլուխս ջուրց բազմութիւն,
Եւ ճրագարան տեսութեանց կերպիս` աղբերց կայլակմունք,
Զբեկման ոգւոցս չափել զվտանգ ոչ ձեռնարկեսցեն,
Եւ ոչ եղերականք ջայլիծ համաւրէն բանահիւսից կանանց լալականաց`
Ի սիրտ եւ յոգի վիրաւորելոց,
Զաղէտ վտանգիս ի յերգ արկանել
Եւ կամ ի նուագս ձայնից բերել:
Բ
Իմ է աւրն լինելութեան նզովեալ
Եւ ոչ Յոբայ կամ Երեմիայ,
Քանզի տաւնելի է աւրն նոցա,-
Զորոց մի ի նոցանէ ոչ արժէ աշխարհս,-
Եւ ոչ տարագրելի,
Ապա ուրեմն զիս նկատեալ եղեալ` զոչ արժանիս լուսոյ
Եւ կամ միոյ մասնաւոր բարւոյ, զհանդիպումն աւուրն անիծին,
Յորում ես գտայ կորստեան որդիս եւ մահու դրացիս,
Մշակս մեղաց եւ արբանեակս անաւրէնութեանց:
Որ ոչ կացի յուխտին կենաց,
Զոր դու սահմանեցեր, Աստուած բարերար,
Ոչ գնացի ի քո պատուիրանն կենդանական, անմահացուցիչ:
Ոչ վաստակեցի ի հունձս արմտեացն,
Որով ի մուտս ձեանն աւուրցն խռովութեան կերակրել պատրաստեցայց:
Ոչ կառուցի ամրութիւն որմոց
Եւ ոչ ձեղուն յարկաց ձգեցի,
Որով ի շնչմանէ մրրկաց աւդոց պահեցայց:
Ոչ համբարեցի նշխարս պաշարաց ի յուղին անեզրական,
Որով զտագնապ սովոյն իմ բժշկեցից:
Ոչ հանդերձաւորեցի քեզ աղերս աղաւթից,
Որով առաջի քո կալ համարձակեցայց:
Ոչ կազմեցի թոշակ փրկութեան վարուց մաքրութեան,
Որ զնորոգութիւն ինձ երաշխաւորէ:
Գ
Ոչ ետու զընտրութեան հաշիւն ի կենցաղոյս ճանապարհի իմոյ մատնչին,
Զի ի դատաւորին ձեռանէ աստէն ի փրծայց:
Ոչ լրութեամբ ձեռին աւրհնութեան մատեայ յանդիման,
Որով աւրէնսդրին մասնակից գտայց` սրբեցեալ:
Ոչ դիմաց ետու զգուշութիւն
Եւ ոչ թիկանց` պատսպարութիւն,
Ոչ աջոյս իմ` զինուորութիւն
Եւ ոչ ահեկիս` պարածածկութիւն,
Որով ի պատերազմիս վտանգէ զերծայց:
Զերիվարս ոչ զգեցուցի զրահիւք
Եւ ոչ զմարտիկս` սպառազինութեամբ,
Որով զճակատն յարդարեցից:
Զկանուխն ոչ կապտեցի պտուղ
Եւ անագանին ոչ ժամանեցի,
Եւ ահա տարակուսիմ` ունայն ի բարեաց:
Մաքրութեան ծաղիկ ոչ ունիմ
Եւ ոչ իւղ ողորմութեան,
Եւ գիշերոյն մռայլ` աննշոյլ.
Ի նիրհումն մահու ննջեալ եմ,
Եւ տագնապ կոչողին փողոյ ստիպէ:
Զզարդ հարսանեացն կրկին մերկացայ
Եւ զձէթ վարուցն վերստին լքի,
Եւ դուռն մտին հարսանեացն աւասիկ փակի:
Դ
Եւ արդ, զիա՞րդ առից մխիթարութիւն այսքանեաց վշտաց,
Եւ կամ ընդ ո՞րքանեաց տարակուսանաց խաւարի
Լուսաւորութիւն յուսոյ կենաց խառնեցից,
Եւ կամ ո՞ւր արդեւք զգարշապարս ոտին կառուցից,
Եւ կամ յո՞ր վստահութիւն զաչս իմ յառեցից,
Եւ զի՞նչ անդորրութիւն ծփանացս նկատեցից,
Եւ կամ յո՞ր ըղձական դիւրութիւն ձեռն համբարձից:
Զի եթէ ի ձեղուն բարձրութեան երկնի`
Անտի անձրեւեաց հուրն Սոդոմայ, որպէս ասացեալ է,
Իսկ եթէ յատակ երկրի խորութեան`
Սա եբաց զկոկորդն ըմբռնողական
Եւ եկուլ զԴադան բանակաւքն Աբիրոնի:
Եթէ յանդգնեցայց փախչել յունողէն,
Գուցէ կալցի զիս վիշապն ահագին,
Եթէ ընդ գազանս ինչ թափառեցայց`
Արագունք են խնդրել զվրէժ ստացողին
Առաւել առ իս, քան երբեմն զԵղիսէին`
Առ մատաղ մանկունս բեթելացիս քրմորդիս:
Եթէ յամենատարած աւդոյս պարզութիւն`
Այն եղեւ եգիպտացւոցն խաւար շաւշափելի,
Եթէ ի թռչունս բարձանց`
Նոքա են կոչեցեալք ի սպանդն զոհին բոսորայ դիականցն:
Ե
Եթէ ի տկարսն խիզախեցից, վատնիմ ի պիծակացն,
Եւ զի՞ պիտոյ են ինձ առիւծունք:
Եթէ յարջոցն պատառողաց ապրեցայց,
Մժիղքն` արեան ծարաւիքն, ինձ պատահեսցեն:
Եթէ յանհոգս ուրեք նստիցիմ,
Մժուկքն անարգագոյնք, իբր ցնցուղս հրոյ եռացման, զինեւ մաղեսցին:
Եթէ յեղջերէ միեղջերւոյ փախնուցում զերծեալ,
Նկուն ճիրանք աղկաղկաց մնոցն մորմոքողաց զիս կեղեքեսցեն:
Եթէ ի սենեակս շտեմարանաց խորշից ղաւղեալ ամփոփիցիմ,
Տաղտկատեսակ գարշութիւն գորտոցն զիս զազրացուսցեն:
Եթէ ի վայրս ինչ անդաստանաց կացեալ զետեղեցայց,
Շարք շանաճանճոցն տարմից զինեւ պատեսցեն:
Թողում ասել զխառնիճն եւ զջորեակն` զզաւրն զաւրաւոր,
Ընդ թունաւորն թրթուր եւ ընդ անկենդանական երեւիլն,
Հանդերձ ջրակարծ կարկտիւն եւ ապականագործ եղեմամբն,
Որ առ աչաց տեսիլ ապազէնք եւ նուաստագոյնք,
Բայց ի յակնարկելն Աստուծոյ յաւէտ գոռոզաբար ուժգնութեամբ
Հարին, հանին, վանեցին զհպարտն ամբարհաւաճութիւն
Փարաւոնի բռնութեանն բուռն գաւազանին` յաղթող վիճակաւ,
Որ են կերպարանք թաքուցելոցն կրից լլկողաց
Անձնականացն աներեւութից եգիպտացւոցն անաւրէնութեանց`
Յոգի տանջողաց, գաղտնի վնասողաց:
Զ
Այլ դու, ամենազաւր, Արարիչ բնաւից, տէրդ բոլորից,
Ի յատելիսն հանդիսացիր հերքել զնոսա
Եւ ինձ ողորմեա կրկին գթութեամբ` ձեռն մատուցեալ փրկութեան
Տարակուսեցեալ, կոշկոճեալ, վարանեալ ի մահ պարտելոյս:
Զի դու միայն ճանաչիս Աստուած` փառաւորեալ միշտ
Ընդ Հաւր, Հոգւովդ Սրբով յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

Մ.Խերանյան

Բան ԿԸ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ, հիշելով ահարկությունը վերոգրյալների,
Որոնք Աստուծո կողմից ինձ հասած սպառնալիքներ են ահագնապես
Ինչպե՞ս դադարեմ նոր ողբերգության տողեր հյուսելուց,
Եվ կամ ինչպե՞ս ցամաքեն հեղեղներն արցունքիս:
Զի եթե քառավտակ գետերի ճյուղավորումները բոլոր,
Որոնք հորդահոս ծավալվելով ոռոգում են ողջ եդեմն ու երկիր.
Լիառատ, լրիվ բավականությամբ ջուր տալով նրանց.
Իրենց ուղխերով ու ակունքներով աչքերս լցվեն,
Չեն կարող երբեք զովացնել սաստիկ բոցն իմ մեղքերի:
Կամ եթե նույնիսկ, ըստ մարգարեի ըղձականության185Երեմ. Թ. 1,
Գլուխս լցվի ջրերի առատությամբ,
Եվ տեսողությանս ճրագարանները աղբյուրներ կայլակեն՝
Չեն կարող չափել վշտերն անպատում կոտրված հոգուս.
Եվ ոչ էլ սրտով կարեվեր խոցված, եղերապատում բանահյուսությամբ
Լալկան կիների ջայլերը բոլոր՝ կարող են ցավերս
Ու աղետներս երգի վերածել և կամ նվագել ձայնով ողբական:

Բ

Ի՛մ աշխարհ գալու օրն է նզովված և ոչ թե Հոբի կամ Երեմիայի186Հոբ Գ. 3.
Զի տոնելի է նրանց ծննդյան օրը բարեբախտ և ո՛չ մերժելի,
Եվ աշխարհն ամբողջ չարժե նրանցից թեկուզ և մեկին:
Ապա ուրեմն ինձ է վերաբերում նրանց անիծած օրը,
Երբ ես՝ անարժանս լույսի և ամեն տեսակ բարիքի՝ աշխարհ եմ եկել,
Դառնալով այստեղ կորստյան որդի և մահվան դրկից,
Մշակ մեղքերի և արբանյակ անօրենությանց:
Եղո՜ւկ ինձ, զի ես չմնացի հաստատ կյանքի այն ուխտին,
Որ, ո՜վ բարերար, դո՛ւ սահմանեցիր:
Չհետևեցի քո կենդանարար և անմահացնող պատվիրաններին,
Չաշխատեցի ես արմտիք հնձել,
Որ խռովալից ձմռան օրերին ուտեստ ունենամ.
Ո՛չ ամուր պատեր կառուցեցի ես և ոչ էլ ձեղուն կապեցի հարկիս,
Որպեսզի մրրկաշունչ քամիներից պաշտպանվեմ.
Երկար ճանապարհի համար նշխար մի պաշար ես չամբարեցի,
Որ դարմանեի տագնապը սովի.
Աղերսագին աղոթքներ չպատրաստեցի քեզ համար,
Որոնցով քո առաջ ելնել համարձակվեի.
Չհավաքեցի փրկության պաշար մաքրակյաց վարքով,
Որ նորոգությունս երաշխավորեր187Մատթ. ԻԵ. 8.
Աշխարհում հաշիվս ճիշտ չբռնեցի իմ մատնիչի հետ,
Որ դատավորի ձեռքից այժմվանից իսկ պրծնեի.
Օրհնալիր ձեռքով չներկայացա,
Որով սրբվելով մասնակից լինեի օրենսդրին.
Ո՛չ դեմքս պահպանեցի, ո՛չ էլ թիկունքս պատսպարեցի,
Ո՛չ աջ ձեռքս զենք առա և ո՛չ էլ ձախս՝ վահան,
Որ պատերազմում մնայի անվտանգ,
Զրահ չհագցրի երիվարիս, ոչ էլ մարտիկներիս սպառազինեցի,
Որ կարենայի ճակատ հարդարել.
Վաղահաս պտուղը չքաղեցի, և ուշհասուկին չժամանեցի
Եվ ահավասիկ շվարել եմ ես բարիքներից զուրկ:
Չունեմ մաքրության ծաղիկ և ոչ էլ յուղ ողորմության,
Եվ գիշեր է մութ, մռայլ ու անշող.
Մահվան նիրհով եմ քնել ես,
Եվ կոչողի փողի տագնապն ստիպում է ինձ188Մատթ. ԻԵ. 5-6.
Զարդը հարսանյաց մերկացրի կրկին և ձեթը վարքի լքեցի դարձյալ189Մատթ. ԻԲ. 11, ԻԵ. 3, 10
Եվ հարսանիքի դուռն ահավասիկ փակվում է:

Գ

Եվ արդ, այսքա՜ն վշտերի մեջ ես ինչպե՞ս մխիթարվեմ,
Կամ խավարամած տարակույսներիս կենսավետ հույսին որքա՞ն լույս խառնեմ.
Եվ կամ ո՞ւր արդյոք ոտքս հաստատեմ,
Ո՞ր վստահության աչքերս հառեմ,
Եվ կամ ո՞ւր տեսնեմ անդորրությունը իմ ծփանքների,
Կամ ո՞ր ըղձալի հանգստությանը ձեռք կարկառեմ:
Եթե երկնքի բարձր ձեղունին պարզեմ ձեռքս ես,
Այնտեղից տեղաց հուրը Սոդոմի, ինչպես ասված է:
Իսկ եթե երկրի խորունկ հատակին՝
Նա՛ բացեց երախն իր հափշտակիչ ու կուլ տվեց Դաթանին՝
Աբիրոնի բանակներով190Թվոց. ԺԶ 32:
Եթե հանդգնեմ փախչել բռնողից՝
Գուցե բռնի ինձ վիշապն ահագին:
Գազանների հետ եթե թափառեմ՝
Նրանք առավե՜լ շտապեն պիտի Արարչի վրեժն
ինձնից առնելու, Քան մի ժամանակ Եղիսեինը՝
Բեթելացի մատաղատի քրմորդիներից191Դ. Թագ. Բ. 22-23:
Եթե աչքս ամենատարած օդի պարզությանն հառեմ՝
Եգիպտացոց համար շոշափելի խավար դարձավ այն192Ելք Ժ. 21.
Թե թռչուններին՝ բարձունքում ճախրող՝
Մորթված զոհերի արյունաբոսոր դիերն ուտելու են կոչված նրանք:
Տկարների դեմ եթե խիզախեմ՝
Կսպառվեմ պիծակներից, և ինձ ի՞նչ պետք են առյուծներ այլևս:
Պատառոտող արջերից եթե ճողոպրեմ՝
Արյունածարավ մժեղները ինձ պատահեն պիտի:
Եթե ինչ-որ տեղ ես անհոգ նստեմ՝
Ամենաչնչին մժղուկները վառվող կրակի մոծիրների պես շուրջս կմաղվեն:
Միեղջուրանու եղջյուրից եթե փախչեմ ու պրծնեմ՝
Մորմոքեցուցիչ մանր մուների ճիրանները ինձ պիտի կեղեքեն:
Շտեմարանի մի խորշը եթե թաքնվեմ, կուչ գամ՝
Մեղքի նմանակ գարշ ու տաղտկալի գորտերը պիտի ինձ զզվեցնեն
Անդաստաններում եթե ինչ-որ տեղ գտնեմ ինձ համար ու տեղավորվեմ՝
Շնաճանճերի տարմերը պիտի իմ շուրջը պատեն:
Մի կողմ եմ թողնում մորեխն ու մարախ - զորքեր զորավոր,
Ժանգը անկենդան, ուտիճը անտես, թրթուր թունավոր,
Ջուր թվացող կարկուտով ու ոչնչացնող եղյամով հանդերձ,
Որոնք մեր աչքին թվում են թեև անզեն ու անզոր, չնչին, չքոտի,
Բայց և Աստուծո մի ակնարկությամբ նրանք խիստ գոռոզ և ուժգնաբար
Զարկեցին, դուրս հանեցին ու հալածեցին հաղթականորեն
Իր գավազանով հպարտ և ամբարտավան բռնավոր փարավոնին:
Սրանք են ահա մահացու խոցող, գաղտնի վնասող, լլկող ու թաքուն
Տեսակները այն հոգևոր անտես չարարանքների,
Որոնք որպես պատիժ ուղարկվեցին եգիպտացոց՝ նրանց անօրեն գործերի համար:

Դ

Բայց դու, ամենազո՛ր, Արարիչ և Տեր բոլորի,
Հաղթող հանդիսացիր թշնամիներիս՝ հալածելով նրանց.
Եվ ինձ ողորմի՜ր կրկին գթությամբ՝ փրկարար ձեռքդ մոտեցնելով ինձ,
Որ վարանած եմ և տարակուսած, խոշտանգված և մահապարտ.
Զի դու ես միայն ճանաչվում Աստված՝
Միշտ փառավորված Հոր և Սուրբ Հոգու հետ
Հավիտյանս հավիտենից. ամեն:

Վ.Գևորգյան

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արդ, երբ մտքիս մեջ հնչում է անդուլ
Ահագնությունն այն վերն հիշվածների,
Որ աստվածային սպառնալիք են, հասած եղկելուս.
Ինչպե՞ս դադարի ողբերգությունն իմ,
Կամ ինչպե՞ս, ինչպե՜ս ցամաքի հեղեղն արտասուքներիս։
Զի եթե նույնիսկ քառավտակյան
Գետերն այն, որոնք ծավալումներով հորդ ու բազմահոս
Ոռոգում են ողջ երկիրն ու եդեմ՝
Լիառատորեն բաշխված բոլորին,
Ակունքներով ու հոսանքով իրենց աչքերս լցվեն,
Դարձյալ չեն կարող մարել բոցն ահեղ անթիվ մեղքերիս։
Թե մարգարեի ըղձանքի նույնիսկ
բազմապատկությամբ՝
Գլուխն իմ անվերջ լցվի ջրերով,
Իսկ տեսողության ճրագարաններս աղբյուրներ հորդեն,
Չեն բավի, մեկ է, կործանված հոգուս
Վիշտն ու ցավերը ողբալու համար։
Ոչ էլ բանահյուս ու լալկան կանանց
Բազմությունները համորեն՝ անվերջ ողբ ու ջայլերով՝
Կկարողանան երգի վերածել ու երգով պատմել
Խորախոր խոցված սրտիս աղետներն այս դառնակսկիծ։
Բ
Իմ լինելության օրն է նզովյալ
Եվ ոչ թե Հոբի կամ Երեմիայի,
Որոնցից մեկին մինչևիսկ չարժի աշխարհն այս ամբողջ.
Ոչ թե մերժելի, այլ տոնելի է ծնունդը նրանց.
Պատշաճում է այդ անեծքն այն օրվան,
Երբ աշխարհ եկա ես՝ անարժանս լույսի, բարիքի,
Կորստյան որդիս, մահվան դրացիս, մեղքի մշակս
Եվ արբանյակս անօրենության։
Չմնացի ես հաստատ, բարերա՜ր,
Կյանքի այն ուխտին, որ սահմանեցիր.
Չհետևեցի անմահացուցիչ
Ու կենդանարար պատվիրանին քո.
Չչարչարվեցի երբեք արմտիք հնձելու համար,
Որ խռովահույզ ձմեռնամուտին
Պատրաստված լինեմ կերակրվելու.
Չկառուցեցի ամրակուռ որմեր
Եվ ոչ էլ հարկիս ձեղուն ձգեցի,
Որ պատսպարված լինեմ մրրկաշունչ փոթորիկներից.
Չամբարեցի գեթ մի փոքր պաշար
Անհատնում ուղին դուրս գալուց առաջ,
Որ փարատեի տագնապը սովի.
Չպատրաստեցի մաղթանք ու աղերս,
Որով համարձակ կարողանայի քեզ ներկայանալ.
Սրբակյաց վարքով փրկության թոշակ չապահովեցի,
Որ նորոգությունս երաշխավորեր.
Այս կյանքի ճամփին խելամիտ չեղա
Հաշիվներիս մեջ՝ իմ մատնիչի հետ,
Որ դատավորի ձեռքից հենց այստեղ պրծած լինեի.
Չներկայացա օրհնալիր ձեռքով,
Որ մաքրագործված հաղորդակցեի օրենսդրի հետ։
Ո՛չ դիմացից ինձ անվտանգություն,
Ո՛չ էլ թիկունքիս պատսպարություն ապահովեցի,
Ո՛չ աջ ձեռքիս մեջ զենքեր ունեցա
Եվ ո՛չ էլ ձախով վահան կրեցի,
Որ պատերազմում կարողանայի մնալ անվնաս.
Ո՛չ նժույգներիս զրահ հագցրի,
Ո՛չ մարտիկներիս՝ զինավառություն,
Որ կարենայի ճակատ հարդարել։
Վաղահաս պտուղն աչքաթող արի,
Իսկ վերջնահասից արդեն ուշացա.
Եվ ահա բոլոր բարիքներից զուրկ շվարել եմ ես.
Ո՛չ ունեմ հիմա մաքրության ծաղիկ
Եվ ո՛չ էլ, ավա՜ղ, ողորմության յուղ։
Գիշեր է խավար, մռայլ ու անշող.
Մահվան անհատնում նիրհով եմ քնած,
Մինչդեռ տագնապը կանչողի փողի ճեպում է անդուլ.
Հարսանյաց զարդից նորեն մերկացա
Ու վարքիս ձեթը թափեցի կրկին,
Եվ հարսանիքի դուռն ահավասիկ փակվում է իմ դեմ։
Գ
Ինչպե՞ս ստանամ այսքան վշտերիս
մխիթարություն,
Վարանումներին իմ, այսքան մռայլ ու անլուսաշող,
Կյանքի հուսավառ լուսավորություն որտեղի՞ց խառնեմ,
Կամ ո՞ւր հաստատեմ գարշապարներն իմ,
Ո՞ր ապավենին աչքերս հառեմ,
Ի՞նչ անդորր գտնեմ այս ծփանքներին
Կամ ո՞ր ըղձալի անքույթ դյուրության ձեռքն իմ կարկառեմ։
Եթե բարձրաբերձ ձեղունին երկնի,
Այնտեղից ծծումբ ու հուր անձրևեց Սոդոմի վրա.
Եթե խորախոր անդնդին երկրի,
Սա բացեց կոկորդն իր խժռողական,
Լափեց Դաթանին ու Աբրիոնին ողջ բանակներով։
Եթե հանդգնեմ փախչել բռնողից,
Գուցե ինձ ճանկի վիշապն ահավոր.
Եթե թափառեմ գազանների հետ,
Սրանք ավելի պիտի շտապեն
Արարչի վրեժն ինձնից առնելու,
Քան Եղիսեի վրեժն հանեցին
Այն բեթելացի մատաղ ու մանուկ քրմորդիներից։
Եթե աչք հառեմ ամենատարած օդի պարզության,
Այն Եգիպտոսի համար շոշափվող խավարի փոխվեց.
Թե թռչուններին, երկնքում ճախրող,
Նրանք կանչված են սպանդ՝ զոհերի
Բոսոր դիակներն ուտելու համար։
Եթե խիզախեմ տկարների դեմ,
Ի՜նչ հարկավոր են էլ առյուծներն ինձ,
Բոռ ու պիծակից կսպառվեմ իսկույն.
Եթե գիշատիչ արջերից փրկվեմ,
Պիտի պատահեն ինձ մժեղները արյունածարավ։
Եթե ինչ-որ տեղ նստեմ քիչ անհոգ,
Վրաս կմաղվեն մժղուկներն անարգ
Եռացող հրի ցնցուղների պես։
Եթե եղջյուրից ռնգեղջյուրի փախչելով պուկ տամ,
Կկեղեքեն ինձ չնչին մուների մորմոքեցուցիչ ճիրաններն անզոր։
Եթե թաքնված կուչ գամ մի խորշում
շտեմարանի,
Գարշ ու աղտեղի գորտերը պիտի լլկեն ինձ անվերջ.
Եթե ինչ-որ տեղ ապաստան գտնեմ անդաստաններում,
Պիտի պաշարեն անթիվ տարմերը շնաճանճերի։
Մի կողմ եմ թողնում խառնիճ-մարախի բանակներն հզոր,
Թունավոր թրթուր, անշունչ թվացող այլ չքոտիներ,
Ջրակարծ կարկուտ, ավերիչ եղյամ,
Որոնք մեր աչքին թեպետև անզեն, խղճուկ են թվում,
Սակայն Աստծո մի ակնարկումով՝
Այնպիսի՜ ուժգին հարված հասցրին
Անբարհավաճ ու գոռ փարավոնի հզոր տերության,
Որ բռնապետին հաղթելով՝ տեղից դուրս վռնդեցին։
Սրանք հոգետանջ, գաղտնի վնասող
Այն լլկանքների ու տանջանքների
Գոյաձևերն են, գաղտնի ու ծածուկ,
Որ եգիպտացի անօրենները կրեցին այնժամ։
Դ
Ո՜վ ամենազոր հաստող համայնի և տեր բոլորի,
Հառնի՛ր ատելի ոսոխներիս դեմ, հալածի՛ր նրանց
Եվ ողորմի՛ր ինձ կրկին գթությամբ՝
Փրկարար ձեռքդ մեկնելով լլկված,
Բազմակոշկոճ ու վարանած մահվան դատապարտյալիս,
Զի դու ես միայն ճանաչվում Աստված,
Փառաբանված քո հոր հետ, սուրբ Հոգովդ՝
Հավիտյաններից հավիտյանս, ամեն։

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, վասն զի ի ձեռն մեծիդ
Եւ ամենահնար արուեստաւորիդ
Իմս եղանութեան Տեառն եւ Աստուծոյ
Իբր ի քրայս ընտրութեան փութոյ քոյ սիրոյ`
Հանապազ եռամ եւ ոչ երբէք մարզիմ,
Միշտ խառնիմ զուգիլ եւ ոչ եւս միանամ,-
Ահա զուր արծաթագործդ, երկնաւոր իմ ճարտարապետ,
Ի սնոտիս վաստակեալ առ իս աշխատիս,
Ըսդ մարգարէին յայտնի առակի,
Եւ չարութիւնս իմ ոչ հալեցաւ:
Զոր ինձէն մոլեալ չարաչար,
Իբր զխելագար դիւաբախ իմն ողորմելի,
Յանդգնեալ անկարգս խաւսիմ` զիմս զպարտիս աճեցուցանել,
Քան հաշտութեան հնարս ինձ այսու կազմել:
Եւ զի մի անընտել դիպուած
Եւ անկիրթ պատահումն եւ անհաւասար հանդիպումն
Պատրաստութիւնք հանդերձելոց տանջանարանացն ինձ երեւեսցին,
Ամենեւին անմոռաց պահեաց աստստին ի յիմում մարմնի
Նշխար մնացուածոց նախնումն անիծից,
Զոր ի փոքուէ տարրէ անարգէ զմեծն է ուսանել:
Բ
Քանզի խաղալն իքնաբերական գիւտք որովայնի`
Բոտոտք ճապուկք, շարժողականք եւ ազգի ազգիք,
Որդունք աղեաց գաղտակուրք, խաղավարտք հրակայծակք,
Եւ բիծք բոցակիծք, եւ անիծք անկերպաւորք,
Եւ երամակք ոմանց քրտնածինք,
Զազրաթորմիք, կսկծեցուցիչք եւ մարմաջողականք,
Ասպատակք այլոց վայրենեաց,
Ըստ նմանութեան դիւաց գիշերամարտից
Եւ մեկնակազէն բարբարոս գնդից խաւարասիրաց,
Եւ գազանութեամբ քանասար գայլոց արաբացւոց,
Կորակոր գնացիւքն, արջնաթոյր գունովն,
Կրկնապարոյր, կռածագ կտցաւն,
Որ զաւրէն ունի խայթոցաց կարճի,
Իբր դժնիկ` փշովք խոցոտեալ,
Ծծեն, ձգեն, զարեանն խոնաւութիւն
Եւ յանկողինս մահճաց հանգստեանն
Վաստակս կրից ցուցանեն:
Եւ կարկառեալ ուրուք ձեռն`
Հատուցանել զհատուցումն նոցա նոցին,
Վաղվաղակի զգան զվնաս վտանգին, զոր ազդեն մարդոյն,
Եւ անդէն իսկոյն լերկամարմին, փոքր հասակաւն,
Իբր թեւաւք իմն թռիչս արձակեն
Եւ ըստ մարախի ձեւոյ ոստոստեալ` այսր անդր տարաբերին
Եւ, ըստ բազմապատիր նենգութեան բարոյից դաւող աղուեսուց,
Խորամանկեալ խուսափեն ի պատուածս բազում ելից,
Զի յերկիւղէ մահուն ապրեսցին:
Եւ այնքան չքոտի եւ անքատ անձամբքն
Ոչ միայն զռամիկս եւ զխառնիճաղանջս,
Այլ եւ զթագաւորս հզաւրս եւ ահագինս
Փախուցանեն, հանեն, տարագրեն
Ի դստիկոն յարկի ապարանիցն բարձրութեան
Եւ կամ ի բացի բնակեցուցանեն:
Քաջք արանց արեաց, որք իշխեցին ամբոխից
Եւ տիրեցին ժողովրդոց եւ առին զքաղաքս ազգաց,
Զպարտութիւն իւրեանց զաւրաւոր ձեռինն ինքեանք վկայեն,
Թէ` Քանզի ոչ կարացաք ի դիմի հարկանել վեհիցն բռնութեան,
Վասն այնորիկ խոյս տուեալ` հասաք յայս տեղի:
Գ
Եւ զի՞նչ է ինձ զփոքունց եւ զանկածից
Ծաղրականաց ոմանց գոյութեանց ի կիր արկանել,
Որք զաւրեղ եւ անհերքելի ջատագովք են աստուածութեանն`
Յիշատակել ինձ զհանդերձեալսն,
Որք ի մարմնոյս անաւրինելոյ ընծային պտուղք դառնութեան:
Ընդ որս եւ եկամուտ սատակչականացն ախտից գիւտք
Եւ կերչացն կոյտք անողոքելիք, յորոց չէ զերծանել,
Քան թէ հարկաւ մարմնոյն վտանգի
Զապագայիցն սոքաւք իմաստասիրել:
Եւ ոչ տեղի է գտանել ապաստանի`
Փախստեամբ անկանել առ նոսա,
Այլ առանց կամաց քումդ ակնարկութեան
Եւ մարդկային կարք եւ հնարք վրիպեցան:
Իսկ դու, բարերար, զամենայն ունիս բաւականապէս զկենացն հնար,
Եթէ կամեսցիս փրկել, նորոգել, քաւել, բժշկել եւ կենագործել:
Եւ քեզ փա~ռք յամենայնի յաւիտեանս:
Ամէն:

Մ.Խերանյան

Բան ԿԹ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ քանի որ ես, իմ գոյացության ամենահնար արվեստավորիդ՝
Տիրոջդ ու Աստծուդ ձեռքով, քո սիրո մեջ, ինչպես զտող քուրայում,
Եռում եմ շարունակ ու չեմ պարզվում երբեք,
Խառնվում եմ միշտ ձուլվելու համար ու չեմ միանում,-
Ուստի երկնավո՛ր դու արծաթագործ, ճարտարապե՛տ իմ,
Ի զո՜ւր ես հոգնում և ընդունայն ես ջանում ինձ համար,
Ըստ մարգարեի հայտնի առակի՝ չարությունս չհալվեց,
Եվ ահա, ես ինքս կամովին չարաչար մոլեգնելով,
Մի ողորմելի և դիվահար խելագարի պես
Խոսում եմ հանդգնաբար անկարգ՝ ավելի մեղքերս աճեցնելու,
Քան թե հաշտության մի ճար գտնելու:
Եվ որպեսզի հանդերձյալում պատրաստվող տանջանքները
Չերևան ինձ անընտել դեպքեր, անսովոր պատահարներ և անօրինակ հանդիպումներ,–
Ընդմիշտ անմոռաց պահեց իմ մարմնում, այստեղից իսկ,
Նախկին անեծքներից մնացած հազիվ նկատելի
հետքերը, Որպեսզի փոքր ու չնչին տարրերից մեծին սովորենք:

Բ

Որովայնի մեջ են առաջանում ինքնաբերաբար ու բազմանում
Շարժուն ու պես-պես ճապուկ ճճիներ,
Աղիքների գաղտնակուր որդեր, այրող այտուցներ,
Բշտիկներ բազում բոցի պես կիզող
Եվ անկերպարան, անձև անիծներ,
Եվ այլ քրտնածին ու զազրաթորմի՝
Կսկիծ, եռ ու քոր պատճառող անիծ, և՛ լու, և՛ ոջիլ,
Ու վայրենական այլ ասպատակներ,
Որոնք գիշերամարտ դևերի և խավարասեր, զինված բարբարոս գնդերի նման,
Եվ արաբական քանասար գայլերի գազանությամբ,
Կորակոր ընթացքով, արջնաթույր գույնով,
Կրկնոլոր ու կեռ կտուցով՝ կարիճի խայթոցի
նման, Խոցելով, ինչպես դժնիկ փշով՝ ծծում են, քաշում արյունը մեր թաց
Եվ հանգստարան անկողնում չարչարում են մեզ:
Եվ երբ մեկը իր ձեռքը երկարի նրանց՝ արժանի պատիժը տալու,
Զգում են իսկույն մարդուն պատճառած վնասը իրենց
Եվ իսկույն ևեթ, լերկամարմին ու փոքրիկ հասակով
Թռչում են, կարծես թե թևեր առած,
Եվ մարախի պես ոստոստելով՝ այս ու այն կողմ ընկնում,
Աղվեսների նենգ ու խաբեպատիր բարքի համաձայն
Փախուստ են տալիս ամեն ուղղությամբ խորամանկելով
Մտնում ծակուծուկ, մահվան երկյուղից փրկվելու համար:
Եվ իրենց չնչին չքոտի տեղով ոչ միայն ռամիկների ու խառնիճաղանճների,
Այլև ահագին հզոր թագավորների կփախցնեն նրանք,
Կհանեն վերը՝ դստիկոնը բարձր ապարանքների
Եվ կամ բացօթյա կբնակեցնեն:
Շատ քաջեր անգամ, որոնք իշխեցին ամբոխների վրա
Եվ ժողովուրդների տիրեցին, և ազգերի քաղաքներ առան,
Խոստովանում են պարտությունն իրենց զորեղ ձեռքերի,
Թե՝ «Որովհետև չկարողացանք մեզանից հզորների բռնությանը դիմադրել,
Այդ պատճառով էլ խույս տվինք ահա և հասանք այստեղ»:

Գ

Բայց ինչո՞ւ եմ ես խոսում այդ չնչին, աննշա՜ն այնպես ու ծիծաղելի գոյությանց մասին,
Նրա համար, որ նրանք զորավոր և անհերքելի ջատագովներ են աստվածության
Եվ հանդերձյալներն են հիշեցնում ինձ,
Որոնք անօրեն իմ մարմնի մեջ ծնվում են իբրև դառն պտուղներ:
Դրանց նման են և դրսից եկող ախտերն սպանիչ
Եվ ուտիչների կույտերն անողոք, որոնցից անհնար է ազատվել,
Որոնց մեր մարմնին պատճառած ահարկու ցավերով
Կարողանում ենք գալիք տանջանքներն իմաստասիրել:
Եվ կարելի չէ գտնել որևէ ապաստանարան,
Որ կարողանանք խույս տալ նրանցից և ազատ մնալ.
Զի առանց կամքիդ և ակնարկությանդ
Ի չիք են անցել մարդկային բոլոր ճար ու հնարանք:
Իսկ դու, բարերա՛ր, կյանքի ամեն դեղ ու դարմանն ունես բավականապես,
Եթե կամենաս փրկել, նորոգել, քավել, բժշկել և կենագործել:
Եվ քեզ փա՜ռք համենայնի հավիտյանս հավիտենից. ամեն:

Վ.Գևորգյան

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արդ, որովհետև քո աստվածային հոգատար
ձեռքով՝
Սիրուդ մեջ, ինչպես զտող քուրայում,
Շարունակ եռում՝ չեմ պարզվում երբեք,
Խառնվում եմ անվերջ ձուլվելու համար, բայց չեմ
միանում,
Ուստի երկնավոր դու արծաթագործ,
Իմ գոյացության ամենահնար
Արվեստավոր ու ճարտարապետ իմ,
Զուր ես աշխատում, ջանում ինձ համար։
Ըստ մարգարեի հայտնի առակի,
Իմ չարությունը չհալվեց երբեք։
Եվ ահա այսպես, սաստիկ մոլեգնած՝
Մի ողորմելի ու մի դիվաբախ խելագարի պես
Բարբաջում եմ միշտ հանդուգն ու անկարգ,
Որով ավելի բազմապատկում եմ պարտք ու մեղքերն
իմ,
Քան թե հաշտության մի հնար գտնում։
Եվ արդ, որպեսզի հանդերձյալների
Համար պատրաստած տանջարաններում
Դեպքերն անընտել պատահարները անվարժ,
անսովոր,
Դիպվածներն անփորձ ու անօրինակ չթվան հանկարծ,
Այստեղ մարմնիս մեջ անմոռաց պահեց
Մնացորդները նախկին անեծքի,
Որպեսզի փոքր ու անարգ տարրերին
Ընտելանալով՝ մեծին սովորենք։
Բ
Կան որովայնի ինքնածին ճապուկ,
Խլրտուն պես-պես բոտոտ-ճիճուներ,
Աղիքների գարշ որդեր գաղտնակուր,
Հրափայլ, պուտեր, բոցի պես կիզող,
Անիծներ անձև, քրտնածին զազիր
Կսկծեցուցիչ, եռքոր հարուցող ոհմակներ անարգ
Եվ հրոսակներ վայրենաբարո,
Որ ինչպես դևեր գիշերամարտիկ,
Ինչպես մենազեն ու խավարասեր գնդեր բարբարոս
Եվ արաբական խոլ ու քանասար, կատաղի գայլեր,
Կոր-կոր ընթացքով, գույնով արջնաթույր
Եվ կարիճների խայթոցների պես կրկնապարույր ու կռածայր կտցով,
Ասես թե դժնիկ փշերով, անվերջ
Խայթում, խոցոտում, ծծում, քամում են արյունը խոնավ
Եվ անկողնի մեջ, հանգստի մահճում
Չարչրկում, լլկում ու տանջում են մեզ:
Իսկ եթե մեկը ձեռք մեկնի հանկարծ՝
Արժանի պատիժ փոխհատուցելու,
Իսկույն զգում են իրենց պատճառած վնասը մարդուն
Եվ, լերկամարմին իրենց չքությամբ,
Ասես թև առած, թռչում են փութով
Ու ոստոստելով մարախների պես՝
Փախուստ են տալիս ամեն ուղղությամբ
Եվ բազմապատիր ու նենգաբարո աղվեսի նման
Խորամանկելով՝ մտնում ծակուծուկ,
Որպեսզի փրկվեն մահվան երկյուղից։
Այսքան չքոտի իրենց եղկությամբ՝
Ոչ միայն գեղջուկ, խառնիճաղանջ ու ռամիկ
մարդկանց,
Այլև ահարկու և հզորազոր թագավորներին
Փախցնում, վտարում, հանում են նրանք
Դեպի բարձրաբերձ վերնահարկերը ապարանքների
Կամ թե ստիպում ապրել բացօթյա։
Քաջարի մարդիկ, որ ամբոխների վրա իշխեցին,
Որոնք տիրեցին ժողովուրդների
Ու շատ ազգերի քաղաքներ առան,
Խոստովանում են պարտությունն իրենց հաղթ
բազուկների
Ասելով՝ քանզի չկարողացանք
Մենք դիմակայել մեզնից ավելի զորավորներին,
Ուստի խույս տալով՝ հասել ենք այստեղ։
Գ
Բայց ինչո՞ւ եմ ես զբաղվում մանր,
Ճղճիմ, չքոտի ու ծիծաղելի այդ գոյակներով,
Եթե ոչ միայն, որ դրանք զորեղ ու անհերքելի
Ջատագովներ են աստվածության և
Հանդերձյալներն են ինձ հիշեցնում,
Ընծայված իմ իսկ մարմնից ինձ՝ որպես
Անօրենության դառը պտուղներ։
Ավելանում են սրանց դեռ նաև
Եկամուտ տարբեր ախտերն սպանիչ
Եվ ուտիճների կույտերն անողոք,
Որոնցից պրծնելն անհնարին է.
Մնում է միայն, հարկադրաբար,
Նրանց պատճառած այդ քստմնելի
Չարչրկումներով՝ գալիք մեծագույն
Տառապանքները իմաստասիրել,
Զի միևնույն է, չկա ոչ մի տեղ, անկյուն՝ դրանցից
Փախչելով մի կերպ ապաստանելու.
Առանց քո կամքի ու հրամանի,
Մարդկային ամբողջ կարողությունն ու հնարները ողջ
Նրանց նկատմամբ ի դերև ելան։
Իսկ դու, բարերա՜ ր, եթե կամենաս
Փրկել, նորոգել, քավել, բժշկել ու կենսագործել,
Կյանքի ամեն դեղ ու դարման ունես բավականաչափ.
Ամեն ինչում քեզ փա՜ ռք հավիտենից հավիտյանս.
ամեն։

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ քանզի համբարձեալ զընթացս բանիս
Ի փոքունց աստի երկրայնոց`
Չհամարելոց ընդ գոյս եղելոց,
Ի մեծագունիցն տեսակս` ասացից զտաւնելի հանդէս
Իրաւանց ահաւորին անաչառութեան:
Որ զի թէ մերձաւորագոյնք իցեն Աստուծոյ,
Իբր զնախածանաւթ հայրապետութիւնսն,
Եւ կամ մաքրագոյնք` որպէս մարգարէսն,
Կամ անբծագոյնք` իբրեւ զառաքեալսն,
Կամ ընտրելագոյնք` որպէս մարտիրոսսն,
Եթէ ոչ դու մարդասիրեսցես աննուազ բարիդ
Եւ անփոփոխ խնամակալութիւնդ եւ անպակաս ողորմութիւնդ,
Ընդունայն է ինձ փրկութիւնն առ ի նոցանէ:
Բ
Զի թէ առ նոյն ինքն Աբրահամ ձայն արձակիցեմ,
Իբր ողորմագին առակ ընչեղին ինձ վարդապետէ,
Ի տապոյ անտի պապակեալ` կաթի միոյ ջրոյ ոչ բաւականանայ.
Քանզի եւ նա փակեալ է ընդ կարեաւք հասարակաց անհնարութեան:
Իսկ եթէ առ Մովսէս` եւ նա զգածեալ է տկարութեամբ,
Որ ոչ զաւրեաց առնն փրկութեան,
Որ զհայթհայթանաց կրկուտն ի պահպանութեանն աւուր ժողովէր:
Իսկ եթէ առ Ահարոն` եւ նա ինքնին իսկ կարաւտացաւ մաղթողի:
Իսկ եթէ առ Դաւիթ` ի մէջ բարեացն առաւելութեան ստգտեալ է եւ նա:
Իսկ եթէ առ Նոյ եւ Յոբ եւ Դանիէլ`
Զայս Եզեկիէլ մարգարէ մեկնեաց` յանուանէ իսկ յիշատակեալ զնոսա,
Եւ զայն ընդ նոսին, իբր ի դիմաց Աստուծոյ, ազդեալ.
Կենդանի եմ ես, ասէ Տէր, թէ ոչ ապրեցուսցեն
Զուստերս եւ զդստերս իւրեանց ի բարկութենէն, որ հասանիցէ,
Բայց եթէ ինքեանք միայն ապրեսցին:
Իսկ եթէ առ Պետրոս` վէմն հաւատոյ,
Ի քումդ խնամոց խուն մի խիթացեալ`
Եւ նա ընդ կրիւք իմն գրաւեցաւ:
Թողում ասել զբազմացն գումարութիւն`
Խոնարհեալ առ կարիս կարիս,
Թէ եւ յաւէտ երջանիկք իցեն,
Ընդ որս եւ Յովասու ոմն մարգարէի
Ի մէջ աստուածառաքն սպասաւորութեան մարդկաւրէնն գայթակղութիւն
Մնայ յոլովից անթարգմանելի,
Թէ եւ ի դէմս իմն մեկնութեան ձեւակերպեսցի:
Գ
Եւ քանզի չափեալ սահմանեցաւ զաւրութիւն փրկութեան մարդկան,
Եւ ցուցան նոքա ողորմեալք բարերարիդ եւ զաւրացեալք ամենակալիդ,
Կոչեցեալք պաշտպանողիդ եւ քաւեցեալք հնարաւորիդ,
Շնորհեալք ազատեցուցչիդ եւ բժշկեալք անախտականիդ,
Կենագործեալք անապականիդ եւ լուսաւորեալք նորոգողիդ,
Այսուհետեւ գիտացեալ զսակն որքանութեան հողածին բնութեանս,
Որք մխիթարեն աւրինակաւն նմանաբար
Հարազատապէս վստահութեան յուսահատելոց,-
Ահա առ քեզ դիմեցից, Որդի Աստուծոյ կենդանւոյ,
Քրիստոս աւրհնեալ յամենայնի,
Մանաւանդ զի առակն ազգակից այսմ մաղթանաց աստանաւր յիշեալ
Զվերագրելոցդ բան վերստին արդարացուցանէ.
Բարի է, ըստ իմաստնոյ ումեմն երջանկի,
Անկանել ի ձեռս տեառն եւ մի ի ձեռս մարդկան,
Զի որպէս մեծութիւն նորա` եւ ողորմութիւն նորին:
Եւ այս բան թէ եւ զԴաւթին իմն գծագրէր,
Որ զերեքմասնեան հարուածն աստուածեան առաջի եդեալ`
Ընտրեաց ինքնին կամաւորաբար զդատակնիք մահուն սատակման,
Իբր զկենդանի Քրիստոսի հաւատոցն յաճախութեամբ,
Քան զերկուսն եւս ալ փոքրկունս,
Որք տանջենն եւ ոչ ողորմին,-
Սակայն եւ իմս աւրինակութիւն բանիս պատկերի ճարակեցելոյ
Հնարս կենաց կորուսեալս անձին
Ոչ է այլայլեալ յարմարութենէ:
Զի ոչ եթէ զփրկեալսն նուաստացուցանեմ
Ի մատենի այսր ողբերգութեան,
Առանց որոց ոչ է մաշել առ տէր,
Այլ զփրկողին անուն պսակեմ
Եւ զշնորհն նորին առ ամենեսին բարեհռչակեմ
Եւ զբնաւին բարձունսն ի թռիչս վարուց
Խոստովանիմ բանիս պայմանաւ
Յաւէտ կարաւտեալ ողորմութեանն դեղոյ:
Դ
Ահա դու կեանք, դու փրկութիւն, դու բժշկութիւն,
Դու անմահութիւն, դու երանութիւն, դու լուսաւորութիւն,
Արա ինձ անդորր ի մեղացս աշխատութեանց,
Զի եւ քեզ լիցի հանգիստ
Ի մշտադատս հեծութեանց, ձանձրացուցիչս թախանձանաց,
Որ ոչ այլ իւիք, քան թէ փրկութեամբ մարդկան պարարիս,
Աւրհնեա~լ յաւիտեանս:
Ամէն:

Մ.Խերանյան

Բան Հ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Ստեղծվածների մեջ անդասելի այս մանրուքներից հետո երկրային՝
Խոսքիս ընթացքը բարձրացնեմ պիտի մինչև մեծագույն արարածները,
Ահավորի արդար և անաչառ գործերի մասին ճառաբանելով,
Բայց եթե նույնիսկ շատ մոտիկ լինեն նրանք Աստուծո,
Ինչպես որ էին նահապետները մեր աստվածամերձ
Եվ կամ մաքրագույն, ինչպես եղել են մարգարեները,
Կամ անբծագույն, ինչպես առաքյալները,
Կամ ընտրելագույն, ինչպես մարտիրոսները,–
Զո՜ւր է նրանցից հոգու փրկություն հուսալ
ինձ համար, Եթե դու, ո՜վ աննվազ բարի և անփոփոխ խնամակալություն
Եվ անպակաս ողորմություն, ցույց չտաս ինձ քո մարդասիրությունը:

Բ

Զի եթե նույնիսկ Աբրահամին իրե՛ն ձայն արձակեմ,
Ինչպես ընչեղի ողորմագին առակն է ինձ ուսուցանում,
Տապից պապակվելիս անգամ նա մի կաթիլ ջուր չի կարող տալ ինձ,
Քանի որ նա էլ մարդ է՝ մարդկային անճարակությամբ:
Եթե Մովսեսին դիմեմ՝ նա էլ է համակված դարձյալ նույն տկարությամբ,
Զի անզոր եղավ փրկել այն մարդուն,
Որն իր վառելիք ցախի պաշարը շաբաթ օրն էր հավաքում193Թվոց. ԺԵ. 32-36:
Եթե Ահարոնին՝ նա ևս ուրիշին աղաչելու կարիք զգաց,
Իսկ եթե Դավթին իր բոլոր բարի գործերով հանդերձ՝ նա էլ չմնաց անմեղադրելի.
Իսկ եթե Նոյին, Հոբին դիմեմ ես, կամ Դանիելին՝
Եզեկիել մարգարեն նրանց անուններն հիշատակելով,
Այսպես խոսեց նրանց մասին՝ Աստծուց ներշնչված.–
«Կենդանի եմ ես, ասում է Տերը, թե նրանք չպիտի կարողանան
Ազատել իրենց ուստրերին ու դուստրերին վերահաս բարկությունից,
Այլ միայն իրենք պիտի ազատվեն»:
Իսկ եթե դիմեմ հավատքի վեմին՝
Պետրոսին, Քո խնամքներից դույզն-ինչ խորթացած՝ նա՛ ևս
ենթարկվեց իմ մոլորանքին194Ակնարկություն՝ հավատքի այն թուլության, որ առաքյալն ունեցավ Հիսուսի՝ ծովի վրա քայլելու ժամանակ և մատնության գիշերն՝ ուրանալիս:,
Թողնում եմ այստեղ հիշել մեկ առ մեկ այն շատ-շատերին,
Որոնք անձնատուր եղան զանազան տեսակ
կրքերի, Թեև հավիտյան երջանիկ լինեն:
Դրանցից մեկն է Հովաս անունով ոմն մարգարե,
Որի աստվածառաք սպասավորության մեջ մարդկորեն գայթակղությունը
Անբացատրելի է մնում շատերին, ինչպես էլ որ մեկնաբանվի195Գ. Թագ. ԺԳ. 1-ում:

Գ

Եվ քանզի սահմանափակ է մարդկանց փրկության կարողությունը,
Նրանք իրենք էլ ողորմություն գտան բարերարիդ կողմից և ամենակալիդ շնորհիվ զորացան,
Կոչվեցին պաշտպանողիցդ և հնարավորիցդ քավվեցին,
Ներվեցին ազատարարիցդ և անախտականիցդ բժշկվեցին,
Կենսագործվեցին անապականիցդ և նորոգողիցդ լուսավորվեցին:
Հետևապես, գիտենալով չափն ու սահմանը հողածին բնությանս,
Որպես հարազատ նմանակիցներ՝
Ի վստահություն հուսահատներին և ի խրախույս՝
Ահա և քեզ եմ դիմում ես միայն,
Որդի՛դ կենդանի Աստուծո՝ Քրիստոս, օրհնյալ ամեն ինչի մեջ:
Եվս առավել կճշմարտվեն վերոգրյալ օրինակները,
Եթե այստեղ, այս աղոթքի մեջ հիշենք նմանօրինակ
Եվ այս խոսքն արդար, որ երջանիկ իմաստուններից մեկն է ասել,
Թե՝ «Բարի է Տիրոջ ձեռքն ընկնելը, և ոչ թե մարդկանց.
Զի, ինչպես որ մեծ է նա, այդպես էլ մեծ է նրա ողորմությունը»:
Ու թեև այս խոսքով Դավթին էր ակնարկում,
Բայց երբ որ երեք աստվածային հարվածներ էին առաջադրվում նրան,
Նա ինքը հոժար, կամավոր կերպով սատակիչ մահվան դատավճիռն ընտրեց196Բ. Թագ. ԻԴ. 14,
Ընդունելով այն իբրև կենդանություն, որ Քրիստոսի հավատքով կաճի և կզորանա,
Քան թե մյուս երկու այն հարվածները, որոնք տանջում են ու չեն ողորմում:
Եվ սակայն անհարմար չի լինի, որ ես էլ այդ խոսքից օրինակ վերցնեմ իմ կորած հոգու համար,
Որ տոչորվում է ապրելու հնար գտնելու տենչով:
Այսպիսով, սակայն, իմ ողբերգական այս մատյանի մեջ,–
Առանց որի չի կարելի մոտենալ Տիրոջը,–
Ես ոչ թե նվաստացնում եմ փրկվածներին, այլ փրկչի անունն եմ պսակում
Եվ նրա շնորհն եմ բարեհռչակում բոլորին.
Ու խոստովանում եմ հաստատ խոսքով, թե նույնիսկ նրանք,
Որոնք շա՜տ բարձր են թռչում իրենց սուրբ վարքի թևերով,
Կարոտ են դարձյալ քո ողորմության դեղ ու դարմանին:

Դ

Ուստի և ահա, դու կյանք, փրկություն ու բժշկություն,
Դու անմահություն, լուսավորություն ու երանություն,
Անդորրացրո՛ւ ինձ իմ մեղքերի չարչարանքներից,
Որպեսզի ինքս ինձ ընդմիշտ մեղադրող հեծությունների
Ձանձրացուցիչ թախանձանքներից հանգստանաս և դո՛ւ,
Որ ոչ այլ ինչով, այլ միայն մարդկանց փրկությամբ ես պարարվում,
Օրհնյա՜լ հավիտյանս. ամեն:

Վ.Գևորգյան

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արդ, երկրային այդ չքոտիներից,
Որոնք գոյություն իսկ չեն համարվում,
Խոսքիս ընթացքը ուղղում եմ ի վեր մեծագույններին՝
Հանդիսադրելով գործերն ահեղի արդար, անաչառ:
Քանի որ եթե մինչևիսկ լինեն
Մերձավորագույն մարդիկ Աստծո,
Ինչպիսիք էին նահապետները սկզբնաճանաչ,
Մարգարեները, մաքրագույն, անեղծ,
Առաքյալները, սուրբ, անբծագույն,
Կամ ընտրելագույն, ինչպիսիք էին մարտիրոսները,
Եթե դու ինքդ չմարդասիրես,
Աննվա՜զ բարի, անհատ գթություն,
Խնամածություն անփոփոխելի,
Զո՜ւր է նրանցից փրկություն հուսալ։
Բ
Քանզի եթե ես դիմեմ հենց իրեն սուրբ
Աբրահամին,
Ինչպես մեծատան խղճուկ առակն է ինձ ուսուցանում,
Անզոր կլինի տապից պապակիս մի կաթիլ ջուր տալ,
Զի մարդ է և նա, մարդկանց ընդհանուր
անճարակությամբ.
Եթե Մովսեսին՝ նա ևս զերծ չէր տկարությունից.
Անկարող եղավ մինչևիսկ փրկել
Շաբաթ օրը ցախ հավաքող մարդուն.
Թե Ահարոնին՝ նա ինքն օգնության կարիք ունեցավ.
Իսկ եթե Դավթին՝ չէ՛ որ իր բոլոր
Բարի գործերի բազմությամբ հանդերձ՝
Նա էլ չմնաց առանց հանցանքի.
Իսկ եթե Նոյին, Հոբին, Դանիելին,
Ապա Եզեկիել մարգարեն նրանց
Հենց անվանապես հիշատակելով՝
Աստծո անունից այս է ծանուցում.
«Կենդանի եմ ես,— ասում է տերը,—
Սակայն վերահաս իմ բարկությունից
Իրենց ուստրերին, դստրերին անգամ
Չեն կարողանա նրանք ազատել,
Կփրկվեն միայն անձերը իրենց.
Եթե Պետրոսին՝ հավատքի վեմին՝
Քո խնամքներից փոքր-ինչ խորթացած՝
Նա էլ ունեցավ որոշ վրիպում։
Չեմ ուզում հիշել բազմաթիվ այլոց,
Որոնք, թեպետև երանելիներ,
Անձնատուր եղան որոշ թուլության, տարբեր կրքերի,
Դրանցից էր և Հովաս անունով ոմն մարգարե,
Որի գայթումներն, իր աստվածառաք ծառայության
մեջ,
Շատերի համար մնում են դեռևս անբացատրելի,
Թեև ինչ-որ կերպ կարելի է և այն մեկնաբանել։
Գ
Որ զորությունը մարդկային իրոք
Սահմանափակ է փրկության համար,
Ցույց տվին և այդ ընտրյալներն իրենք՝
Ապավինելով միշտ բարերարիդ ողորմածության.
Զորավորվեցին ամենակալից,
Խնամարկվեցին պաշտպանից հզոր,
Բազմահնարից գտան քավություն,
Ազատարարից շնորհ ստացան,
Անախտականից՝ ապաքինություն,
Անապականից կենագործվեցին,
Լուսավորվեցին նորոգչից անճառ։
Ուստիև, ահա, ճանաչելով չափն
Ու զորությունը մարդուս բնության
Եվ ունենալով օրինակն այդ մեր էակիցների
Իբրև սփոփանք, քաջալերություն,
Աներկբայելի հույս ու հավաստիք հուսահատներին,
Քե՛զ եմ դիմում արդ, ո՛վ կենսապարգև որդիդ Աստծո,
Քրիստո՜ս, օրհնյալ ըստ ամենայնի։
Եթե հիշենք և համանշանակ
Առածն երջանիկ այն իմաստունի,
Խոսքն այս կրկնակի կհավաստիանա.
«Ավելի լավ է ընկնել ձեռքն Աստծո, և ոչ թե
մարդկանց,
Քանզի որպիսին ինքն է զորությամբ,
Այդպիսին է և ողորմությունն իր»։
Թեև Դավթին է սա վերաբերում,
Որն Աստծո կողմից առաջադրված
Երեք զանազան պատուհասներից
Կամովին ընտրեց պատիժը մահվան,
Իբրև հավերժող կյանք՝ Քրիստոսի հույս ու հավատով,
Եվ ոչ թե մյուս առավել փոքր
Երկուսը, որոնք տանջում են երկար ու չեն ողորմում,—
Բայց եթե ինքս էլ, պատշաճելով ինձ,
Օրինակեմ այն որպես փրկության
Ճար, միջոց, հնար կորած իմ անձին,
Որ տոչորվում է ապրելու տենչով,
Անհարմար ոչինչ արած չեմ լինի.
Զի ողբերգության իմ այս մատյանում
Ոչ թե դրանով նվաստացնում եմ այդ փրկվածներին.
Որոնց շնորհիվ կարելի է լոկ մոտենալ տիրոջ,
Այլ պսակում եմ անունը փրկչի,
Բարեհռչակում շնորհը նրա ամենքի հանդեպ
Եվ խոստովանում խոսքով աներկբա,
Որ նույնիսկ նրանք, որոնք շատ բարձր են
Թռչում իրենց սուրբ վարքի թևերով,
Դարձյալ մշտապես կարոտ են դեղին իր ողորմության։
Դ
Ուստի և դու հո՜ւյս, կյանք ու փրկություն.
Դու բժշկություն, դու անմահություն,
Դու երանություն, լուսավորություն,
Անդորրացրո՛ւ ինձ մեղքերից իմ տաժանալլուկ,
Որպեսզի ինքդ էլ հանգստանաս այս
Հեծեծանքներից, տաղտուկ, միալար,
Այս ձանձրացուցիչ թախանձանքներից,
Դու, որ բերկրում ես ոչ այլ ինչով, քան մարդկանց
փրկությամբ,
Օրհնաբանյա՜լդ հավիտյանս, ամեն։