ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ քանզի ես ինձէն անձամբ իմով ինքնագրաւ ի մահ`
Ոչ կացի երբէք ի յոտս մարդոյ
Եւ ոչ սիրտ բանականի ստացայ, ըստ Գրոյն,
Եւ քանզի ոչ փոփոխեցայ ի նախակարգելոցդ,
Եւ ոչ ընդ բարւոք ուղին ընթացայ,
Ընդէ՞ր ոչ զխոտորնական հետոցն խաւարայնոց զդէմս ցուցից
Ի սահման կարգի այսր ընթերցուածոյ:
Առ որս ածեալ յարմարեալ առ սոյն զկերպարան տեսակի բանիդ երեսաց,
Ըստ վերագոյնդ նշանակելոյ անփոխադրելի պահելով`
Խոստովանեցայց վերստին դարձեալ աստանաւր
Զմնացեալ չարութեանցն զբիծս, զոր յաջորդաւդ է իմանալի:
Բ
Աւտար ժանտագործս արժանապատիժս
Աճեցուն արարի գնացիւք անսաստութեան զգունդն Բելիարայ,
Կաքաւս կայթից եւ ցուցս վազից
Խաղալկացն դիւաց գարշելեաց` ճարտար խաբողաց
Ծուլութեամբս իմով շնորհեցի,
Գանս գաղտնիս եւ խոցուածս անյայտս
Ի կործանեցելոցն դահճաց ընկալայ:
Ոչ հերքեցի զվանեալսն խաչիւն Քրիստոսի,
Քան թէ անդրէն առաւել կրկին իսկ զաւրացուցի:
Վասն իմոյ հիքոյս անաւրէնութեան
Անունդ Յիսուսի հայհոյի ի մէջ այսականաց,
Որպէս վասն Իսրայելի` ի մէջ հեթանոսաց:
Հարուածս հարուածոց վնասակարս ապականութեանց, ժանգոյ եւ թրթրոյ
Եւ այլոց կերչաց` վատնողաց զծաղիկ հոգւոյս,
Ըստ սրբոյն Յովելայ հրաշական ողբոցն,
Որ ի ցոյցս երկրի վասն Իսրայելի`
Յառակս հինից եւ չարաց հոգւոց,-
Յիս ինքն տնկեցի,
Ստեղծանել զնոսա պատրաստեցայ, քան թէ սատակել:
Բիւրս կուտեալ հաւաքեցի անձին իմում մարտիկս մահազէնս,
Կշտամբիչս ինձ գոյացուցի` անիրաւս եւ անպատկառելիս,
Ներհակս ինձ զաւրացուցի` ապառումս եւ անկռուելիս,
Դառինս ինձ առի մասունս ընդ քաղցրաւենեաց ճաշակացն,
Առ ստացողն` միշտ նենգաւորս,
Եւ առ բանսարկուն` յաւէտ հաւատարիմս:
Գ
Աւա~ղ աղէտիս, վիշտ վտանգիս, խաւար ամաւթոյս, մութ պատկառանացս,
Զիա՞րդ եւ առ բանիս յանդիմանութիւն համարձակեցայց.
Մեծ է ձայնս գուժի, եւ անբերելի` բողոքս աղաղակի:
Քանզի թէ զհոգիս իմ էր տեսանել,
Տգեղս եւ նուաղս եւ ամենեւին ներգեւեալս,
Ցաւովք հեծութեանս ի վերջինս վարեալ վարանումն
Եւ մրճոտեալ, աղտեղեալ գունով զազրութեան` իբր զպաշտաւնատար մեհենի,
Վասն զի նոյն է սպաս տանել ձուլեալ պատկերի եւ մեղաց ախտի:
Դ
Արդ, ես գնացի ընդ այս ճանապարհ կորստեան հետոց խաւարի,
Ետու զբաժինն քո ցանկալի յանապատ անկոխ, ըստ մարգարէին,
Որ առ քահանայսն Իսրայելի ամբաստանութեան:
Եւ զիա՞րդ ասացից անձին իմում մարդ գրեալս ընդ անմարդիս,
Եւ ի՞բր անուանեցայց բանական անբանիցն յիմարութեան կցորդեալս,
Եւ ո՞րպէս կոչեցայց տեսանողական` մթացուցեալ զլոյսս, որ յիս,
Եւ ընդէ՞ր համբաւեցայց զգայական` զիմաստիցս դրունս փակեալս,
Կամ որո՞վք ցուցայց տպաւորութիւն նկարագրութեան անեղծին շնորհի
Անձամբ ինձէն յոգի մահացեալս,
Նաեւ ոչ շարժողական եւ կամ շնչական ունիմ անուանել,
Թող թէ հոգեկան կամ մտաց ընդունական:
Ե
Անպիտանս ի թիւս անաւթոց,
Անարգս ի քարինս որմոց,
Արհամարհեալս ի կարգս կոչեցելոց,
Վատթարս ի յազգս հրաւիրելոց,
Արհաւրաւք մահու պակուցեալս,
Անխրախուսելի ի բոլորեցունց` ցաւովքն եւ տանջանաւքն Երուսաղեմի,
Ըստ Երեմիայ բանին խրատեցեալ,
Պակասեալ աւուրցս ի հեծութենէ, եւ ընթացք ամացս` ի հառաչմանէ,
Ըստ նուագարանաց երգողին:
Իբր ասուի` ի ցեցոյ, եւ փայտ` ի յորդանէ,
Ըստ իմաստնոյն բանի, ի խիթմանէ սրտիս հալեցայ,
Իբր զոստայն սարդից մաշեցայ, ըստ սաղմոսողին, եւ խոտան գտայ,
Իբր զամպ առաւաւտեայ եւ զցաւղ վաղորդայնի,
Ըստ մարգարէութեանն ձայնի, սպառեցայ:
Զ
Այլ ոչ ի մարդ ոք ունիմ զյոյս,
Եթէ անիծեալ ի տեսանողէն` անյուսադրելի վհատիմ,
Այլ ի քեզ, Տէր իմ ոգեսէր,
Որ ընկղմեալ ի քոյդ գթութեանց բարեաց անբաւից
Եւ ի բեւեռելոյն ժամու ի խաչին`
Մաղթեցեր մեծդ ողորմութեան
Առ Հայր քո բարձրեալ` քո չարչարողացն:
Արդ, շնորհեա ինձ յոյս քաւութեան, կեանք եւ ապաւէն,
Եւ ի տուր շնչոյս թշուառի` առից զոգիդ քո բարի:
Եւ քեզ, ընդ Հաւր, Հոգւովդ Սրբով` զաւրութիւն,
Յաղթութիւն, մեծութիւն եւ փա~ռք յաւիտեանս:
Ամէն:

Մ.Խերանյան

Բան ԻԱ

Ա

Եվ քանի որ ինքս ինձ անձամբ մատնեցի մահվան իմ ինքնագրությամբ,
Ու չկանգնեցի երբեք ինչպես մարդ՝ ոտքի,
Ոչ էլ ստացա սիրտ բանականի, Գրքի համաձայն77Դան. Է. 4,
Չթողի նախկին մեղանչումներն իմ ու չփոխվեցի,
Չընթացա ուղիղ ճանապարհով ես,–
Ինչո՞ւ խավարի հետքերը խոտոր ցույց չտամ ես այս խոսքիս սկզբում:
Ուստի նախընթաց խոսքերի իմաստն ու ձևն անփոփոխ պահելով, այստեղ,
Ըստ այդմ պիտի ես խոստովանեմ
Մնացած բոլոր չարություններս՝ հաջորդ տողերով:

Բ

Արժանապատիժ ժանտագործս օտար՝
Գունդը Բելիարի աճեցրի անսաստ իմ ընթացքով:
Ճարպիկ, խաբեբա և գարշորեն պարող դևերի համար
Կաքավումներ, կայթեր, ցույցեր ու վազքեր պատրաստեցի ես իմ ծուլությամբ,
Եվ ընդունեցի դահիճներից այդ կործանված՝
Հարվածներ գաղտնի և խոցեր անհայտ: Քրիստոսի խաչով չհալածեցի ես այդ վտարվածներին,
Այլ առավել ևս զորացրի նրանց:
Հեգ ողորմելուս անօրենության հետևանքով
Հայհոյվում է Հիսուսիդ անունն այսականների մեջ78Եսայի ԾԲ. 5,
Ինչպես մի ժամանակ հեթանոսների մեջ՝ Իսրայելի պատճառով:
Ես ինքս իմ ձեռքով տնկեցի իմ մեջ
Ապականարար և վնասակար բազում պատուհասներ՝
Հոգուս ծաղիկն ուտող և սպառող ժանգն ու թրթուրը և այլ ուտիչներ,
Որոնց սուրբ Հովելն է նկարագրում իսրայելացոց երկրի համար
Իբրև օրինակ ավազակների և չար ոգիների՝ իր հրաշակերտ ողբերգության մեջ:
Սատակեցնելու փոխարեն՝ իմ մեջ ինքս ստեղծեցի, աճեցրի նրանց,
Եվ իմ անձի դեմ հավաքեցի բյուր մահազեն մարտիկներ.
Շուրջս անպատկառ և անիրավ կշտամբիչներ գոյացրի.
Զինեցի իմ դեմ անզգամ և անպարտելի հակառակորդներ.
Քաղցրի փոխարեն դառնությունն առա ինձ իբրև բաժին՝
Ես՝ Արարչի դեմ նենգավորս միշտ և բանսարկուի հանդեպ՝ հավատարիմ:
Ավա՜ղ աղետիս, վիշտ ու վտանգիս, մթին ամոթիս և անարգանքիս.
Ես ինչպե՞ս հիմա պիտի հանդգնեմ խոսքերս հայտնապես հրապարակել:
Մեծ է գուժկան ձայնս ու բարձրաղաղակ բողոքն իմ ահա՛ հույժ անտանելի:
Քանզի եթե հնար լիներ հոգիս տեսնել,
Պիտի երևար, թե որքա՜ն տգեղ է նա, տկար և ազազուն,
Հեծեծագին ցավերով մատնված ծայրաստիճան վարանումի,
Եվ մրոտված, աղտոտ գույնով զազրելի, ինչպես մեհյանի պաշտոնատար,
Զի միևնույնն է, թե՝ սպասարկել կուռքին ձուլածո և կամ ծառայել մեղքերի ախտին:
Արդ, ես քայլեցի կորստյան այս խավարահետ ճանապարհով
Եվ ցանկալի բաժինը դարձրի անկոխ անապատ,
Ինչպես մեղադրում է մարգարեն Իսրայելի քահանաներին79Երեմ. ԺԲ. 10:

Գ

Եվ ես, որ տմարդների կարգն եմ դասված՝ ինչպե՞ս համարեմ ինձ մարդ.
Ինչպե՞ս անվանվեմ բանական, երբ կցորդվել եմ հիմար անբաններին,
Ինչպե՞ս կարող եմ կոչվել տեսանող, երբ խավարել եմ ներքին լույսս ես,
Ինչպե՞ս համբավվեմ ես իմացական, Երբ իմացությանս դռներն են փակվել,
Կամ ինչո՞վ ցույց տամ ինքս ինձ որպես պատկեր Աստուծո անեղծ և անմահ, երբ անձնասպան եմ եղել հոգեպես.
Եվ ոչ իսկ շարժուն և կամ շնչավոր կարող եմ կոչվել, թո՛ղ թե հոգևոր և իմացական:
Անոթների մեջ անպիտան եմ ես և անարգագույնը՝ որմնաքարերի մեջ,
Արհամարհված եմ կանչվածների մեջ և վատթարը՝ հրավիրվածների խմբում,
Ահաբեկված մահվան արհավիրքով և բոլորից լքված անխրախույս:
Երուսաղեմի ցավերով ու տանջանքներով եմ ես պատժված, ըստ Երեմիայի խոսքի79aԵրեմ. Զ. 7.
Պակասել են օրերս հեծությամբ և տարիներիս ընթացքը՝ հառաչանքներով,
Ըստ սաղմոսողի նվագերգության79bԵրեմ. Լ. 11: Ինչպես ասվին ցեցից և փայտը որդից՝
Այդպես նաև ես սրտիս խիթերից հալվեցի իսպառ ըստ իմաստունի:
Ու սաղմոսողի խոսքի համաձայն սարդոստայնի պես մաշվեցի ահա և դարձա անպետ.
Առավոտյան ամպի և վաղորդյան ցողի պես ցնդեցի ես, մարգարեության խոսքի համաձայն:
Բայց ես իմ հույսը մարդու վրա չեմ դրել,
Որ տեսանողի ակնարկած անեծքն վրաս առնելով վհատվեմ անհուսորեն,
Այլ քեզ վրա, Տե՜ր իմ ոգեսեր,
Որ լցված անբավ բարեգթությամբ Նույնիսկ խաչի վրա բևեռված պահին՝
Մեծ ողորմությամբ աղոթեցիր դու առ Հայրդ
բարձրյալ՝ քեզ չարչարողների համար:
Արդ, շնորհի՛ր ինձ դու քավության հույս,
կյա՜նք և ապավեն, Որպեսզի թշվառ շունչս երբ փչեմ՝ ստանամ Հոգին քո բարի:
Եվ քեզ քո Հոր հետ ու քո Սուրբ Հոգուն՝
Զորություն, հաղթություն, մեծություն և փառք, հավիտյանս. ամեն:

Վ.Գևորգյան

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արդ, որովհետև անձամբ ինքս ինձ
մատնեցի մահվան,
Չկանգնեցի ես որպես մարդ ոտքի,
Չունեցա երբեք բանականի միտք, Գրքի համաձայն,
Չհեռացա իմ նախկին ընթացքից,
Չընթացա բնավ ճիշտ ճանապարհով,—
Ինչո՞ւ, ուրեմն, այս գլխում բոլոր
Այդ խոտորնակի խավար հետքերը չցուցադրեմ։
Ահա և խոսքիս նախընթաց ձևն ու 
Իմաստն այստեղ էլ պահած անփոփոխ՝
Կխոստովանեմ նաև մնացած 
Ախտաբծերն իմ չարագործության։

Բ
Արժանապատիժ ժանտագործս օտար 
Սկզբնաչարի գունդն աճեցրի անսաստ ընթացքով՝ 
Իմ պղերգությամբ առթելով զազիր,
Ճարտար, խաբեբա, կայտռուն դևերին
Կայթ ու կաքավում, ցնծության հանդես
Եվ այդ կործանված ժանտ դահիճներից 
Ստացա անվերջ հարվածներ գաղտնի, խոցեր
աննկատ։
Ոչ թե փութաջան հալածեցի այդ 
Հիսուսի խաչով վտարվածներին, 
Այլ զորացրի նույնիսկ կրկնապես։ 
Եվ ողորմելուս անօրենության պատճառով ահա 
Դիվականների մեջ հայհոյվում է անունն Հիսուսիղ, 
Ինչպես երբեմն հեթանոսների
Մեջ Իսրայելի պատճառով եղավ։
Ոչ թե անխնա բնաջնջեցի, 
Այլ սերմանեցի ու աճեցրի հենց ինքս իմ մեջ 
Հոգուս ծաղիկը ուտող ու վատնող 
Ապականագործ ու վնասակար բյուր պատուհասներ՝ 
Ժանգ ու թրթուրներ, ուտիճներ պես-պես, 
Որ, Իսրայելի մասին խոսելիս,
Իբրև օրինակ ավազակների, չար ոգիների, 
Դեռ սուրբ Հովելն է նկարագրել 
Իր հրաշալի ողբերգության մեջ։
Ինքս հավաքեցի ու կուտակեցի 
Անթիվ մահազեն մարտիկներ իմ դեմ. 
Գոյություն տվի լիրբ ու անիրավ կշտամբիչների 
Եվ զորացրի լպիրշ, անզգամ 
Ու անհաղթելի հակառակորդներ. 
Քաղցրի փոխարեն դառնություն առա ինձ
որպես բաժին,
Արարչի հանդեպ նենգավորս միշտ
Եվ բանսարկուին հավատարիմս հավիտենապես։
Ավա՜ղ աղետիս, վիշտ ու վտանգիս. 
Խավար ամոթիս, մութ անարգանքիս. 
Եվ ինչպե՞ս, ինչպե՜ս պիտի բոլորն այդ 
Հանդգնեմ խոսքով հրապարակել։
Մեծ են ողբաձայն աղաղակներն իմ
ու անտանելի.
Թե հնար լիներ տեսնելու հոգիս, 
Որքա՜ն պիտի այն երևար տգեղ, 
Նվաղ, ուժասպառ, լիովին հյուծված, 
Ողբագին ցավով մատնված վերջին վարանումներին, 
Մրոտված, աղտոտ՝ զազրելի գույնով, 
Ինչպես մեհյանի մի պաշտոնատար. 
Քանզի նույն բանն է՝ սպասավորել կուռքին ձուլածո
Կամ թե ծառայել մեղքերի ախտին։
Արդ, ես գնացի այս խավարահետ
կորստյան ճամփով
Եվ քո ցանկալի բաժինը դարձրի անկոխ անապատ, 
Ըստ մարգարեի ամբաստանության՝ 
Իսրայելական քահանաներին։

Գ
Ինչպե՞ս համարեմ ես ինքս ինձ մարդ, 
Երբ կարգն եմ դասված տմարդիների
Կամ ինչպե՞ս պիտի բանական կոչվեմ, 
Երբ անբանների կցորդ եմ դարձել իմ հիմարությամբ. 
Ինչպե՞ս կարող եմ անվանվել տեսնող, 
Ես, որ իմ ներքին լույսերն եմ մարել. 
Եվ ինչո՞ւ պիտի ունենամ համբավ զգայականի, 
Երբ իմացության դռներս են փակված. 
Ինչո՞վ կարող եմ ցույց տալ ինձ որպես
անեղծի տիպար,
Երբ անձնասպան եմ եղել հոգեպես։
Նույնիսկ շարժուն ու շնչավորական 
Իրավունք չունեմ ինքս ինձ կոչելու, 
Թող թե հոգևոր և կամ բանական, 
Անպետքագույնս անոթներից ողջ, 
Անարգագույնս որմնաքարերից, 
Արհամարհվածս կանչվածների մեջ, 
Կոչնականներից վատթարս տրուպ:
Սուրբ Երեմիայի խոսքի համաձայն, 
Բռնված ցավերով ու տանջանքներով
Երուսաղեմի
Ահաբեկվել ու սմքել եմ մահվան
արհավիրքներով՝
Բոլորից լքված ու անմխիթար.
Օրերս հատնեցին հեծությամբ անվերջ,
Իսկ տարիներիս ընթացքն՝ անհատնում
հառաչանքներից.
Ըստ սաղմոսողի նվագերգության:
Զերթ ասվին՝ ցեցից ու փայտը՝ որդից, 
Ըստ իմաստունի, ես էլ հալվեցի խիթերից սրտիս. 
Ըստ հոգերգողի, սարդոստայնի պես 
Մաշվեցի իսպառ ու դարձա խոտան. 
Ըստ մարգարեի, 
Ինչպես փութանցիկ առավոտվա ամպ 
Ու վաղորդյան ցող, անհետ ցնդեցի։
Սակայն ես հույսն իմ ինչ-որ մի մարդու
վրա չեմ դրել,
Որ մարգարեի անեծքն սաացած՝ վհատվեմ անհույս,
Այլ քեզ վրա լոկ, տե՛ր իմ ոգեսեր,
Որ անգամ խաչիդ բևեռված պահին,
Առլեցուն սիրով բարեգթության,
Չարչարողներիդ համար մինչևիսկ
Քո բարձրյալ հորից աղերսում էիր մեծ ողորմություն:
Շնորհի՛ր նաև ինձ հույս քավության,
կյա՜նք ու ապավեն,
Որպեսզի թշվառ շունչս փչելիս
Ստացած լինեմ քո բարի հոգին։
Եվ քեզ, Սուրբ Հոգով, բարձրյալ հորդ հետ,
Հաղթություն և փա՜ռք հավիտյանս, ամեն։

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Դարձեալ այլաբանեցից` ի նոյն շարունակ բարդեալ
Զկշտամբանացս եղանակ դսրովեալ անձինս,
Ածեալ մատուցեալ, կրկին կացուցեալ նովին պատկերաւ ի նոյն պայմանի.
Թերեւս գրեսցէ ինձ ամենագէտն
Զայս յանդիմանութեան դատակնիք կսկծեցուցանողականս բանի`
Ճշմարիտ խոստովանութիւն համայնից գործոց գաղտնութեանց չարեաց:
Բ
Այլ ոմն ձիս խաւսնական, կարծրերախ, սանձակոտոր, արձակերասան,
Յովանակս անհամբոյր, վայրենական եւ անկրթական,
Երինջս աւողական, անուղղական եւ անվարժական,
Մարդս մոլեգնական, տարագրական եւ կորստական,
Մանուկս մեղանչական, անխրատական եւ վարատական,
Տնտեսս մահապարտական, տարտամական եւ անգործական,
Բանականս անասնական, գազանական եւ անմաքրական,
Ձիթենիս ամայական, անպտղական եւ կործանական,
Մարմինս հոգւոյս իմ թախծողական, դատողական եւ տանջողական,
Խոցեալս անբժշկական, անխնամական են անկանգնական,
Ոսկի շարս կայսերական, արդվատնական եւ անգտական,
Ծառայս սխալական, փախստական եւ թշուառական:
Գ
Ահա ես ինքն ինձէն կամաւորապէս անձնամատն եւ մարմնակործան,
Հոգեկորոյս եւ միշտ մտախաբ,
Կամակոր իսկ եւ սրտաբեկ,
Ուշամոռաց եւ հանճարազրաւ,
Զգայազիրկ եւ իմաստասպառ,
Յայրատատես եւ եղեռնալուր:
Ես աստուստ եւ անդուստ բնաւիւք բորբոքմամբք
Մահաբեր երկամբք վնասեալ,
Ոչ միով իւիք տեսութեամբ
Ի գործ ընտրութեան քեզ պիտանացուս, տէրդ բոլորից:
Ողբամ զորովայնն, որ երկնեացն զիս,
Աշխարեմ զստինսն, որ դիեցուցին.
Ընդէ՞ր ոչ մաղձ մակարդեալ ընդ կաթին ձգեցի,
Եւ զիա՞րդ ոչ դառնութիւն ինձ ընդ քաղցրութեան ջամբեալ մատուցաւ:
Դ
Զի թէ ես ինձէն անձին իմում
Դժնեայ դատախազ համբարձայ այսքանեաւք բանիւք
Եւ ունիմ տակաւին զսուր բարկութեանս անխոնարհելի,-
Ո՞վ ոք յերկրածնաց աստի զիս ողոքեսցէ:
Զամենայն խայտառակեցից,
Զբնաւ էութիւնս դատեալ տուժեցից,
Զհամաւրէն վնասակարացն զգունդ գանեցից,
Զխոցողացն զինուորութեանց դատախազեցից,
Զգայականացն գլխաւորութիւնս կշտամբեցից:
Մեղայ ամենայնիւ յամենայնի, ողորմեա, գթած:
Ոչ նոր ինչ գտեր յիս զյանցանացս պարտեաց մառախուղ,
Այլ նոյն եմ յաւէտ նովին պատահմամբ պարտաւորութեան`
Անկցելի ձորձով սխալեալ առաջի քո` անփոփոխելի,
Եւ դու միայն իսկապէս գթած, աւրհնեալ, մարդասէր,
Ընդ աջմէ իմոյս փրկութեան կանխեալ ներութեամբ անայլայլելի:
Ե
Արդ, մատո, խնամակալ, հզաւր, երկնաւոր, բարի,
Ամենից հաստիչ յոչէից,
Զբանիդ զաւրութեան իմաստից կայծակն
Ի գործի ազդման լեզուիս շարժութեան,
Առիթ մաքրութեան յամենուստ զգայականաց գոյաւորութեանց
Յիս մասնաւորելոց` քո ձեռակերտից,
Սոքաւք առ ի քէն եղելովք եւ բժշկելովք կրկին հանդերձանաւք,
Անպակաս ձայնիւ, անհատ բարբառով քեզ վերընծայել գոհաբանութիւն`
Ի փառս մեծութեան Հաւրդ քոյ` Աստուծոյ մերոյ, յաւիտեանս:
Ամէն:

Մ.Խերանյան

Բան ԻԲ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Նախատված անձիս կշտամբանքների շարքը նույն ձևով ու պատկերներով
Պիտի կրկնեմ ես այստեղ վերստին նոր-նոր բարդությամբ.
Կսկծեցուցիչ դառն այս խոսքերիս դատակնիքը հանդիմանական
Ամենագետը թերևս համարի ճիշտ խոստովանանք
Իմ բոլոր գաղտնի և չար գործերի:

Բ

Խոսուն մի ձի եմ ես, կարծրերախ, սանձակոտոր և ապերասան,
Հովանակ անհամբույր, վայրենի և անկրթական,
Երինջ խրտչող, անուղղա և անվարժական80Ակնարկում է տապանակի սայլը քաշող երինջներին, որոնք իրենց հորթերից զատված լինելու համար թեև դժկամում էին, սակայն և այնպես իրենց ճամփից չէին խոտորում. մինչդեռ ինքը իր հոգևոր պարտականության լծի տակ մնում է անուղղա և անընտել:, Մարդ մոլեգին, տարագրված և կորստական,
Մանուկ մեղավոր, անխրատ և թափառական,
Տնտես մահապարտ, տարտամ և անգործնական,
Բանական անասնաբարո, գազանացյալ և
անմաքրական, Ձիթենի լքված, անպտուղ և կործանական,
Մարմին՝ հոգիս տրտմեցնող, դատող ու տանջողական,
Խոցված եմ անբուժելի, անխնամ և անկանգնական,
Վատնված և անգտնելի ոսկի շարոց եմ կայսերական,
Ծառա եմ սխալական, փախստական և թշվառական:

Գ

Եվ այսպես, ահա, ես ինքս իմ դեմ եղա կամովին անձնամատ սաստիկ և մարմնակործան,
Հոգեկորույս և միշտ մտախաբ,
Կամակոր իսկական և սրտաբեկ,
Ուշագնաց և խելակորույս,
Զգայազուրկ և իմաստասպառ,
Հայրատես և եղեռնալուր:
Ես ամեն կողմից բռնված ամբողջովին մահաբեր երկունքի բորբոքումներով՝
Մի լավ բանի մեջ, Տեր իմ, ոչ մի կերպ քեզ պիտանի չեմ:
Ողբում եմ ես այն որովայնը, որ ինձ երկնել է,
Ողբում ստինքներն այն, որ սնել են ինձ:
Ինչո՞ւ կաթի հետ մակարդված ես մաղձ չծծեցի,
Եվ ինչո՞ւ քաղցրության փոխարեն չտրվեց ինձ.դառնություն:
Զի եթե ես իմ խոսքերով այսքան ինքս իմ դեմ եղա անձնադատ դատախազ դժնի,
Եվ իմ բարկության սուրն է տակավին անխոնարհելի,
Ո՞ր երկրածինն ինձ կկարողանա ողոքել այլևս:
Ամեն ինչ պիտի հրապարակեմ, Էությունս համակ ես պիտի դատեմ ու դատապարտեմ, Ողջ վնասակար գնդերը պիտի ես գանակոծեմ,
Ես ինձ խոցոտող զինվորների դեմ պիտի բողոքեմ
Եվ իմ գլխավոր զգայարանքներս պիտի կշտամբեմ:
Ամեն բանի մեջ և ամեն ձևով ես մեղանչեցի, ողորմի՜ր, գթա՛ծ:
Նոր չէ, որ գտար հանցապարտության մառախուղն իմ մեջ,
Այլ նույնն եմ հավետ, միշտ նույն արատով հանցապարտության
Անկարկատելի ձորձով սխալված` անփոփոխելի քո առջևն եմ ես,
Եվ ինքդ միայն իսկապես գթած, օրհնյալ, մարդասեր,
Քո ներողությամբ անայլայլելի փութա աջ կողմս ի փրկություն ինձ81Հմմտ. Զաքար. Գ. 1-3:

Դ

Արդ, ո՜վ երկնավոր, հզոր ու բարի դու խնամակալ,
Ստեղծիչդ ամեն ինչի՝ ոչնչից,
Կայծն իմաստության զորավոր խոսքիդ մոտեցրու լեզվիս,
Որպեսզի դառնա առիթ մաքրության՝
Քո ձեռքով կերտված մարմնիս մաս կազմող զգայարանքներիս:
Եվ ես նրանցով՝ քո կամքով կազմված և քեզնով բուժված՝
Նոր պատրաստությամբ, անպակաս ձայնով, անհատ բարբառով
Քեզ վերընծայեմ գոհաբանություն՝
Ի փառս քո Հոր՝ մեծ Աստուծո, հավիտյանս. ամեն:

Վ.Գևորգյան

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Այլաբանական նույն եղանակով, 
Նույն պատկերներով, չափով շարունակ 
Բարդելով՝ այստեղ պիտի մատուցեմ 
Կշտամբանքները նախատված անձիս։
Կսկծեցուցիչ խոսքերով տրված 
Հանդիմանական դատավճիռն այդ 
Ամենագետը թերևս համարի 
Բոլոր իմ գաղտնի ու չար գործերի 
Ճշմարիտ, անկեղծ խոստովանություն։

Բ
Խոսուն մի ձի եմ, կարծրերախ, անսաստ, 
Սանձակոտոր ու երասանարձակ, 
Հովանակ՝ վայրագ, անկիրթ, անհամբույր, 
Լծկան՝ խրտնկոտ, անվարժ, թյուրընթաց, 
Մարդ եմ մոլեգար, կորած, տարագիր, 
Մանուկ՝ մեղսագործ, անխրատ ու հեստ, 
Տնտես՝ մահապարտ, տարտամ ու անգործ,
Բանական՝ զազիր, անասնաբարո ու գազանակերպ, 
Ձիթենի՝ լքված ամայի վայրում, անպտուղ ու գոս, 
Մարմին եմ՝ հոգուս թախիծ պատճառող, տանջող
ու դատիչ,
Վիրավոր՝ անբույժ, անօգ, անփրկում, 
Ոսկի շարոց եմ մի կայսերական՝ 
Այժմ վատնված ու կորած անհետ,
Թշվառ մի ծառա՝ միշտ սխալական ու վտարանդի։

Գ
Ահա կամովին ինքս իմ հանդեպ 
Եղա անձնամատն ու մարմնակործան, 
Ընդմիշտ մտախաբ ու հոգեկորույս, 
Սաստիկ կամակոր, սրտաբեկ ու խենթ, 
Անզգա, անմիտ ու խելացնոր, 
Հայրատահայաց ու եղեռնալուր։
Բոլոր կողմերից համակ մահաբեր
երկունքով լափված՝
Պիտանի չեմ ես, տե՜ր իմ, ոչնչով ընտիր գործերիդ, 
Ողբում եմ հիմա այն որովայնը, որ ծնել է ինձ, 
Ստինքները այն, որ ինձ սնեցին.
Ինչո՞ւ կաթի տեղ ես չծծեցի մակարդված լեղի,
Քաղցրի փոխարեն ինչպե՞ս չստացա դառը կերակուր:
Եթե ես ինքս եմ կանգնել իմ համդեպ
Այսքան խոսքերով դժնի դատախազ,
Եվ բարկությանս սուրն է տակավին անխոնարհելի,
Երկրածիններից ո՞վ, ո՜վ կարող է էլ ինձ ողոքել:
Պիտի ծանակեմ էությունս ողջ
Ու գանակոծեմ այս վնասակար գնդերը համայն,
Պիտի ընդվզեմ անձս խոցոտող բանակների դեմ,
Զգայությանս գլխավորներին պիտի կշտամբեմ:
Մեզանչեցի ես ամեն ինչի մեջ
Եվ ամեն ինչով, ողորմի՛ր, գթա՜ծ.
Նոր չէ, որ գտար իմ մեջ մառախուղն 
հանցապարտության,
Այլ նույնն եմ հավետ, մեղապարտության
նույն արատներով.
Անկարկատելի ձորձերով ահա
Նույն հանցավորն եմ, կանգնած քո առաջ:
Եվ դո՛ւ, միայն դո՛ւ, իսկապես գթա՜ծ
օրհնյալ, մարդասեր,
Անայլայլելի քո ներողությամբ
Շտապեցիր ինձ փրկելու համար աջ կողմս կանգնել:

Դ
Արդ, խնամակալ, երկնավոր, բարի
Հաստիչ ամենքի՝ անգոյությունից,
Կայծակը հզոր քո իմաստության
Մատուցի՛ր լեզվիս ներազդող բոլոր գործարաններին
Մաքրելու համար քո ձեռակերտած
Զգայարաններն իմ գոյացության,
Որ կարողանամ ես էլ նրանցով,
Որոնք ստեղծել ու բուժել ես դու,
Նոր պատրաստությամբ, աննվազ ձայնով , 
անհատ բարբառով
Վերընծայել քեզ գոհաբանություն՝
Ի փառս մեծության քո հոր՝ մեր Աստծո,
հավիտյանս, ամեն:

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Տէր Աստուած ամենայնի, զաւրաւոր յամենայնի,
Անպարագիր, անվայրափակ տեղի ամենեցուն,
Բոլոր իսկութեամբ հուպ յամենեսին,
Անուրեք վայրից, եւ չիք սահման առանց քո,
Ոչ երեւեալ երբէք եւ ոչ տեսականութիւն առանց քո ծագման լուսաւոր:
Փառք ահաւորութեան, անուն անհասութեան, կոչումն մեծութեան,
Ձայն անբաւութեան, իսկութիւն անքննութեան,
Անմատչելի հեռաւոր եւ անընդմիջելի մերձաւոր,
Տեսող հեծութեան, նկատիչ թշուառութեան,
Մաւտակաց թախծութեան, ամենաբոյժ հնար անճարութեան,
Հայր գթութեանց, ծագող ողորմութեան, Աստուած մխիթարութեան:
Բ
Հայեաց, Տէր, ողորմութեամբ ի պատկեր վշտաց դառնութեան
Բազմավտանգ կրիցս կարեաց, զոր հանդէպ քո տարածանեմ,
Կցորդակից լեր բժշկապէս,
Եւ մի ի խոյզ ընտրութեան կոչեր դատաւորաբար:
Արդարեւ մեծ է վտանգ տարակուսանաց ցաւոց այսր վարանման,
Յորժամ իցէ մարմինն մեղաւք գրաւեալ,
Եւ անձն` ի գործոց չարեաց ոչ մեկուսացեալ,
Գործնականացն գործի` սովորութեամբն կարեաց կապեալ,
Զանգուածն հանդերձանաց` մահացու կրիւք շաղախեալ,
Զգայութիւն սրտին իմաստից` խեթիւ խոցոտեալ,
Ակնկալութիւն բարեացն` բնաւին բարձեալ,
Եւ ի բանականութեանն` ընդ անասունս դասակարգեալ,
Եւ զազիր գարշութիւն` ընդ գոյութեանն շարամանեալ,
Եւ տեսականացն ողջ ելով` իմանալիքն վիրաւորեալ,
Եւ ի սաստկութենէ յանցմանցն յիշատակի` յաւէտ յուսահատեալ,
Եւ տագնապաւ նախագործելոցն` միշտ տարակուսեալ,
Եւ յստակութիւն աղերսին` իսպառ պղտորեալ,
Եւ խղճիւ մտացն յուզմանց` կրկին ճենճերեալ,
Եւ ձեռն ի մաճի գործոյն` զյետնոցն հետազաւտեալ,
Եւ կերպ ի յառաջ դիմեալ` ոտք ի վերջ կոյս յետահարեալ,
Եւ գիտութեամբ էիցն` ի չէիցն միշտ խաբեցեալ,
Եւ ի մտացն մարտ` ի փոքունցն յաղթահարեալ,
Եւ ի թառանչ սրտին` հագագին դուռն հրդեհեալ,
Եւ խոնաւ զաւրութիւն քմացն` ամենայն ուրեք տոչորեալ,
Եւ անարեւ միգով` յամենայն մասանց պարփակեալ,
Եւ լայնութիւն ակնկալութեանն` ամենեւին իսպառ ամփոփեալ,
Եւ անբերելեացն տոյժ` ի զգալիսն տպաւորեալ,
Եւ եղկութիւն կորստեանն` ի յուշ անդ եկեալ,
Եւ դատակնիք հատուցմանն` ի դիւանի մտացն գրեցեալ,
Եւ բարերարին ակն` ի ցասումն իմն երեւեցեալ,
Եւ լոյսն բնութեամբ` զանգուածոյ հողոյս զայրացեալ,
Եւ ահաւորութիւն էին` ընդ փոքրկութիւն բնութեանս ընդհարեալ,
Եւ միշտ որոտմամբ բանից` բանաւոր մոխրոյս բարկացեալ,
Եւ իրաւանցն վիմաւք` զարժանիս մահու կոշկոճեալ,
Եւ որ իմն է տաղանդ` յանառակս աստէն կորուսեալ,
Եւ պատուական իրին ստացուած` իբրեւ անարգ յերկրի թաղեալ,
Եւ տաժանմանցն արգասիք` ծուլութեանն մթով ծածկեալ,
Եւ իբր զի բաց բարձեալ նշմարան ճրագի` չերեւեալ,
Եւ պատասխանարան լեզուիս` յիրաւանցն աւտար` կարկեցեալ,
Եւ անհամբոյր շրթանցս դրութիւն` աւրինաւոր դատմամբ պապանձեալ,
Եւ յուզմունք մտացս` ի զանազան մասունս ցնդեալ,
Եւ զկեալն ի վերայ աւգտին` ոչ ինչ գիտացեալ,
Եւ ի կշռութիւն բարւոյն ընտրութեան` յիմար երեւեալ,
Եւ ընթացք ելիցն` նահանջմամբ չարին խափանեալ,
Եւ վառարան իւղոյն` աճիւնովն հնոցի լցեալ,
Եւ անուանս գիր` ի կենաց մատենէն եղծեալ,
Եւ կշտամբանք ընդ երանութեան` անդ արձանացեալ:
Գ
Եթէ զինուոր տեսանեմ` մահու ակն ունիմ,
Եթէ պատգամաւոր` խստութեան,
Եթէ մատենագէտ` մուրհակի կորստեան,
Եթէ աւրինաւոր` անիծից,
Եթէ աւետարանական` փոշւոյ ոտիցն թաւթափելոյ,
Եթէ բարեկրաւն` յանդիմանութեան,
Եթէ ապառում` կսկծման:
Եթէ ջրովն ընտրութեան փորձիմ` խորտակիմ,
Եթէ դեղ ինչ դատման ձգեմ` սատակիմ:
Եթէ բերս նկատեմ բարութեան`
Ի կարծեաց չարեացս փախնում,
Եթէ ձեռն համբարձեալ` կորանամ,
Եթէ փոքր ինչ խրտուիլ` սարսեմ,
Եթէ սակաւ մի թնդիւն` ընդոստիմ:
Եթէ ի խրախճանս ըմպելեաց հրաւիրիմ` դողամ,
Եթէ մեծիդ յանդիման լինիմ` սարսափեմ,
Եթէ ի հարցումն բանի կոչիմ` կարկիմ,
Եթէ իրաւամբք քննիմ` համրանամ:
Դ
Արդ, այսքան ամենաթշուառ եւ ողորմագին տարակուսանացս,
Ի վերայ միմեանց բարդելոց,
Որք զստորեւ զգայականաց սրտիս գոյութեան ի ներքուստ անդուստ
Անբժշկական ցաւաւք, աներեւակի նետիւք խոցոտեալ,
Անարտաբերելի, մշտակիր, յարամնաց, հանապազամուխ
Բեւեռեալ աստուստ ընդ հոգւոյս,
Լցեալ շարաւով, կրկին հարուածով,
Վտանգ սատակման մահու գուշակին:
Թարախ մթերից, պատեալ զերկաթով, գաղտնեացս ծածուկք
Ազդեն ինձ տագնապս` վէրս պահեալս անխնամարկելիս
Ընդ ելս շնչոյս տուրեւառութեան,
Յորոց նեղութեանց չարաչար ճնշեալ աղաղակ ձայնիս,
Խառնեալ արտասուաւք, կողկողագին թախծանաւք հոգւոյ,
Բարեգործիդ հնարաւորութեան`
Յերկրաստեղծիցս նահատակաց ընդ իմ մաղթողաց յերկինս առաքեմ:
Վերջին հեծութեամբս եւ ես ընդ նոսին
Արտասուաւք ողբոց, ամենեքումբք նուիրողաւք,
Զաղերսանս ըղձիցս ի ստորնայնոցս աստի յերկինս առաքեմ:
Շնորհեա, Տէր, անդորրութիւն կենաց հանգստեան
Ողորմելի վաստակեցելոյս ի յընդունայն երկրագործութեանս,
Համայնդ յամենայնում, ամենայնիւ ստացեալ քեզ փառս:
Ամէն:   up

Մ.Խերանյան

Բան ԻԳ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Տե՜ր, Աստված ամենայնի և զորավոր ամեն բանում,
Տե՜ղ անպարագիր և անվայրափակ,
Բոլո՜ր իսկությամբդ ամենքին մոտիկ,
Ամենուր ես դու, և չկա ոչ մի սահման առանց քեզ:
Չես երևում երբեք, բայց առանց լույսիդ չի տեսնվում ոչինչ,
Ո՜վ ահավոր փառք և անհաս անուն, Մեծության կոչում, ձայն անբավելի,
Իսկություն անքնին, անմատչելի հեռավոր և
անընդմիջելի մերձավոր, Տեսնող՝ հեծության և նկատիչ՝ թշվառության,
Տխրության այցելու և ամենաբույժ հնար՝ անճարության,
Հայր գթության, ծագող ողորմության և Աստվա՜ծ մխիթարության:

Բ

Տե՜ր, ողորմությամբ նայիր բազմավտանգ ախտերի դառնավիշտ իմ պատկերին,
Որ քո հանդեպ եմ տածում ահա՛:
Կարեկից եղիր ինձ բժշկապես և ոչ թե որպես քննիչ-դատավոր:
Արդարև մեծ է տագնապն այս ցավատանջ տարակուսանքի և վարանման,
Երբ մեղքով է տարված մարմինն ամբողջովին,
Իսկ հոգին չի մեկուսացած չար գործերից,
Երբ զգայարանքները կապկապված են մոլորությունների սովորությամբ,
Եվ զանգվածը շաղախված է մահացու կրքերով.
Երբ սրտի զգայությունը խայթերո՜վ է խոցոտված,
Եվ բարիքների ակնկալությունն իսպառ վերացած.
Երբ բանականությամբ հանդերձ՝ անասունների շարքն է դասված,
Եվ գոյության հետ զազրելի գարշություններ են շարամանված.
Երբ արտաքնապես թեև առողջ, սակայն ներքնապես է վիրավորված
Եվ հիշելով իր մեղքերը սաստիկ՝ հուսահատության է միշտ մատնված.
Երբ որ նախապես գործած մեղքերի տագնապումներով է տարակուսված,
Եվ աղոթքի հստակությունն իսպառ պղտորված.
Երբ խղճմտանքը խռովանքներով է հույժ տոչորված
Եվ ձեռքը մաճին՝ հետևի գործերն հետազոտելով է միտքն զբաղված82Ղուկ. Թ. 62.
Երբ դեմքով դեպի առաջ է դիմում, ոտքերով՝ դեպի հետև ընկրկած
Եվ գիտենալով հանդերձ ճշմարիտ գոյությունները, անգոներից է շարունակ խաբված
Եվ մտքի մղած մարտերի մեջ միշտ փոքրություններից է հաղթահարված,
Եվ սրտի սաստիկ հառաչանքներից հագագի դուռն է համակ հրդեհված.
Երբ ամենուրեք՝ խոնավությունն է քիմքի տոչորված
Եվ ամեն կողմից անարև մեգով է շրջապատված.
Երբ ակնկալության ընդարձակությունն է իսպառ ամփոփված,
Եվ անտանելի տառապանքներն են զգայարանների վրա դրոշմված.
Երբ որ կորստյան եղկելիությունն է մտաբերված,
Եվ հատուցումի դատավճիռն է մտքի դիվանում արձանագրված.
Երբ բարերարի աչքն է զայրալից երևույթ առած,
Եվ լույսը խնդությամբ հողազանգվածիս դեմ է զայրագնած.
Երբ որ Աստուծո ահավորությունն փոքրիկ էությանս հետ է ընդհարված
Եվ իր խոսքերի որոտումով միշտ՝ բանավոր մոխրիս դեմ է բարկացած,
Երբ արդարության իր քարերով նա մահվան արժանուս է միշտ քարկոծած,
Երբ որ ինձ տրված տաղանդը այստեղ անառակության մեջ եմ կորցրած,
Եվ իմ պատվական ստացվածքն իբրև անարգ անարժեք՝ հողի տակ է թաղված.
Երբ ողջ արգասիքն իմ աշխատանքի՝ ծուլության մութով է ծածկված
Եվ չի երևում ճրագի լույսի պես հեռու տարված,
Երբ իրավազուրկ պատասխանարանն է լեզվիս կարկամած,
Եվ իմ անհամբույր բարբառող շուրթերս իրոք արժանի կերպով պապանձված.
Երբ հուզյալ միտքս ամեն ուղղությամբ ցրիվ է եկած
Եվ օգտակարին հասու լինելու անկարող դարձած,
Եվ լավն ու բարին ընտրելու կշռի մեջ հիմարացած.
Երբ ճանապարհը չարի արգելքով է խափանված,
Եվ վառարանն է յուղի՝ հնոցի մոխիրով լցված.
Երբ կենաց մատյանից իմ անվան գիրն է ջնջված,
Եվ երանության փոխարեն այնտեղ կշտամբանք գրված:

Գ

Թե զինվոր եմ տեսնում՝ սպասում եմ մահվան.
Թե պատգամավոր՝ խստության.
Թե գրագիր՝ կորստյան մուրհակի.
Թե կրոնավոր՝ անեծքի.
Թե ավետարանիչ՝ ոտքի փոշին թոթափելու.
Թե բարեկրոն՝ հանդիմանության.
Թե անզգամ՝ կսկծանքի.
Եթե փորձվեմ ջրով՝ կխորտակվեմ83Հմմտ. Թվոց Ե. 16-22.
Եթե մի դեղ քննության առնեմ՝ կսատակեմ.
Թե բարիք տեսնեմ, կասկածելով չար գործերիցս՝ կփախչեմ.
Թե բարձրացած մի ձեռք՝ կկորանամ.
Թե խրտվիլակ փոքրիկ՝ կսարսեմ.
Թե լսեմ թնդյուն մի թեթև՝ կընդոստնեմ
Թե կերուխումի հրավեր ստանամ՝ կդողամ.
Թե մեծիդ ներկայանամ՝ կսարսափեմ.
Թե հարցաքննության կանչվեմ՝ կկարկամեմ.
Թե իրավամբ քննվեմ՝ կհամրանամ:
Արդ, իրար վրա բարդված իմ այսքան տարակույսները ամենաթշվառ և ողորմագին,
Որոնք ի ներքուստ խոցում են սիրտս անբույժ ցավերով, նետերով անտես,
Եվ բևեռվելով անարտաքսելի՝ նրանք հոգուս հետ հանապազամուխ ու հարամնաց,
Եվ շարավներով լցնելով հոգիս, հարվածելով միշտ՝
Սատակիչ մահվանս վտանգն են սաստիկ նախագուշակում
Իր ներսը մխված երկաթը պատող կույտը թարախի,
Տագնապը ծածուկ ու մեջս պահված վերքերն անդարման
Իմ շնչառության միջոցին սաստիկ ցավ են պատճառում:
Ուստի և նրանց նեղություններից չարաչար ճնշված,
Թախծալից հոգուս ձայնով բարձրագոչ և աղերսախառն իմ արցունքներով
Ինձ համար նաև աղոթող բոլոր նահատակների հետ այն երկրաստեղծ,
Եվ հեծությամբ ողբակից նրանց արտասվանվեր իմ այս ողբերով,
Ըղձակաթ աղերսն իմ՝ Բարեգործիդ ամենահնար՝
Երկրիցս դեպի երկինքը, ահա՛, առաքում եմ քեզ:
Շնորհիր, ո՜վ Տեր, հանգիստ ու խաղաղ կյանք ողորմելի վաստակյալիս,
Ինձ, որ ընդունա՜յն եկրագործեցի.
Ո՜վ համայնդ դու ամեն ինչի մեջ, քեզ փա՜ռք հավիտյան:

Վ.Գևորգյան

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Տե՜ր ամենայնի Աստված, զորավոր
ամեն ինչի մեջ,
Անպարագիր ու անվայրափակ տեղ բոլորի համար,
Ամբողջ իսկությամբ ամենքին մոտիկ. 
Դու չես պարփակվում տարածության մեջ, 
Սակայն առանց քեզ սահմաններ չկան, 
Չես երևում, բայց առանց լուսավոր 
Քո ծագման չկա տեսավորություն, 
Վսեմագո՜ւյն փառք և անհաս անուն, 
Մեծության կոչում, ձայն անբավության, 
Անքննելի ու անճառ իսկություն, 
Անմատույց հեռու, ընդհուպ մերձավոր,
Տեսնող հեծության ու թշվառության,
Տրտմության հասու և անճարության ճար ամենաբույժ,
Ծագող գթության, ողորմության հայր,
Աստվա՜ծ սփոփման, մխիթարանքի։

Բ 
Տե՜ր, ողորմությամբ նայիր դառնավիշտ 
Ու բազմավտանգ ախտ ու կրքերով տանջված
պատկերիս,
Որ տարածում եմ ահա քո առաջ. 
Կարեկի՛ց եղիր ինձ որպես բժիշկ 
Եվ ո՛չ թե կանչիր դատաքննության իբրև դատավոր։
Արդարև, մեծ է ցավն ու վտանգը 
Վարանումների ու տագնապների, 
Երբ որ մարմինդ մեղքով է լափված, 
Իսկ ինքդ դարձյալ դժնի գործերից մեկուսացված չես. 
Դարավանդված է կամքդ մոլեկան ցանկություններով, 
Բաղադրությունն ամբողջ զանգվածիդ 
Շաղախված է լոկ կրքով մահաբեր,
Սրտիդ խորքերում զգում ես միայն խայթեր խոցոտող, 
Անհետացել է ակնկալությունն ամեն բարիքի, 
Երբ որ բանական լինելով հանդերձ՝ 
Դասված ես կարգը անասունների,
Ողջ գոյությանդ շարամանված է զազիր գարշություն, 
Արտաքուստ՝ առողջ, վիրավորված ես,
սակայն, ներքնապես, 
Հուսահատված ես հավիտենաբար 
Ծանր հանցանքներիդ հիշատակներով, 
Տագնապախռով ու տարակուսված՝ նախագործածից, 
Աղերսանքներիդ հստակությունն է իսպառ պղտորվել 
Ու ճենճերված ես միշտ չարակասկած
տվայտանքներով. 
Երբ ձեռքդ մաճին՝ հետքում թողածն ես
դարձյալ որոնում,
Հայացքդ թեև ուղղված է առաջ, 
Ոտքերով, սակայն, ընկրկում ես ետ, 
Էականներին լինելով հասու՝ 
Անէներից ես խաբված շարունակ,
Մտամարտության ժամին պարտված ես չքոտիներից. 
Սրտիդ թառանչից հագագիդ ելքն է լափված հրդեհով. 
Խոնավությունն է ցամաքել քիմքիդ բոլոր մասերում. 
Բոլոր կողմերից պարփակված ես լոկ միգով անարև 
Ու սեղմվել է քեզ ընդհուպ հորիզոնն ակնկալության, 
Երբ անտանելի տառապանքներն են աչքերիդ առաջ. 
Թշվառ կորուստն ես միշտ մտաբերում, 
Դատակնիքն է դաժան հատուցման 
Մտքիդ մատյանում արձանագրված, 
Երբ բարերարի աչքն է երևում միշտ ցասումնալից, 
Հողազանգվածիս դեմ զայրագնած է լույսը բնությամբ.
Ահեղությունն է Էի ընդհարվել 
Մարդկային փոքրիկ բնությանս հետ,
Բարկությամբ է միշտ որոտում ընդդեմ
մոխրիս բանական
Եվ կոշկոճում է իր արդարության 
Քարերով մահվան արժանավորիս, 
Երբ որ տաղանդս եմ կորցրել այստեղ
անառակությամբ,
Պատվական ձիրքս իբրև անարգ բան թաղել եմ
հողում,
Տքնություններիս արգասիքը ողջ 
Ծածկել եմ թանձր մութով ծուլության, 
Որն իբրև հեռու տարված, չքացած
Մի ճրագի լույս էլ չի երևում,
Երբ իրավազուրկ լեզուս է դարձել համր ու կարկամ, 
Պապանձ են արդար դատապարտությամբ
շուրթերս անհամբույր,
Հուզումնածվատ մտքերս են ցնդել, 
Եվ հիմարացած՝ ո՛չ հասկանում եմ օգուտը կյանքիս, 
Ոչ էլ հասու եմ բարու ընտրության, 
Ընթացքիս ելքն է չարից խափանվել, 
Եվ վառարանը յուղիս լցված է հնոցի մոխրով,
Անունս է ջնջված կյանքի մատյանից, 
Ու երանության փոխարեն՝ այնտեղ 
Արձանագրված միայն կշտամբանք:

Գ
Թե զինվոր տեսնեմ, մահ եմ սպասում, 
Թե պատգամաբեր՝ արհավիրքի բոթ, 
Եթե գրագիր՝ կորստյան մուրհակ, 
Թե օրինապահ՝ անեծք ու նզովք, 
Եթե քարոզիչ՝ ոտքերի փոշու թոթափում միայն, 
Եթե բարեպաշտ՝ հանդիմանություն, 
Եթե անզգամ՝ կսկիծ ու մորմոք։
Թե ջրով փորձվեմ, պիտի խորտակվեմ, 
Թե դեղ ընդունեմ, պիտի մահանամ։
Եթե տեսնում եմ ինձ հասնող բարիք, 
Փախուստ եմ տալիս՝ չար կասկածներով, 
Թե բարձրացրած ձեոք՝ կորանում նկուն, 
Թե մի խրտվիլակ՝ սարսում ահաբեկ, 
Ընդոստնում՝ ամեն թեթև թնդյունից, 
Դողում, երբ հանկարծ հրավիրվում եմ
խրախճանության։
Իսկ եթե մեծիդ ես ներկայանամ,
պիտի սարսափեմ, 
Պիտի կարկամեմ, եթե կանչվելու լինեմ հարցումի, 
Եթե իրավամբ քննվելու լինեմ, պիտի համրանամ։
Արդ, իրար վրա կուտակված այսքան 
Ամենաթշվաո ու ողորմագին վիշտ-տագնապներս, 
Որ զգայության խորքերում սրտիս գոյատևելով՝ 
Անբժշկելի ցավերով՝ ներքուստ
Խոցոտում են այն նետերով անտես, 
Որոնք մշտակիր, անարտաքսելի,
Հանապազամուխ ու հարամնաց խրված հոգուս մեջ, 
Ամբողջությամբ այն լցրած շարավով 
Ու պատճառելով կրկնակի հարված՝ 
Չարաչար մահս են կանխագուշակում։
Գաղտնի, ծածկատես ներսս մթերված՝ 
Երկաթը պատող թարախը անվերջ տագնապում է ինձ՝ 
Շնչառությանս միջոցին ներքուստ 
Անբուժելի ու խորը վերքերի ցավեր ազդելով, 
Որից նվազած ձայնիս չարաչար աղաղակները, 
Արտասվախառն ու կողկողագին 
Թախիծով հոգուս, իղձ-աղերսներով, 
Այլև ինձ համար՝ ինձ հետ աղոթող՝ 
Երկրաստեղծ բոլոր նահատակների 
Ամենանվեր ողբ ու հեծությամբ՝ 
Այս ստորային վայրերից դեպի 
Ամենահնար բարեգործիդ եմ երկինք առաքում։ 
Շնորհի՛ր, ո՜վ տեր, անդորրություն ու
հանգստավետ կյանք՝ 
Զուր աշխատությամբ խեղճ հոգնաբեկիս, 
Դո՛ւ, որ համայն ես ամեն ինչի մեջ 
Եվ ամեն ինչով միշտ փառաբանված։

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, որո՞ց խնդրոց արժանաւոր վարկանելով զիս` մատչիմ աղերսել.
Արքայութեա՞նն, յորմէ վրիպեցայ,
Թէ փառա՞ցդ վայելչութեան, յորմէ զրկեցայ,
Թէ կենա՞ցդ անմահականաց, յորմէ հերքեցայ,
Թէ ընդ հրեշտակսն պարակցութեա՞ն, յորմէ տրոհեցայ,
Թէ ընդ արդա՞րսն մասնակցութեան, յորոց ճեղքեցայ,
Թէ ո՞ւռ որթոյն կենդանւոյ, յորմէ քանցեցայ,
Թէ ո՞ստ տնկոյն բերկրութեան, յորմէ գաւսացայ,
Թէ ծաղի՞կ փառացն շնորհի, յորմէ թափեցայ,
Թէ պանծանա՞ցն ժառանգաւոր, յորմէ կորացայ,
Թէ հայրենի ծոցո՞յն հարազատ, յորմէ ընկեցայ:
Բ
Եթէ զգեստո՞վն լուսոյ պարծիմ, յորմէ մերկացայ,
Եթէ ի ստացո՞ղ դարձին յուսացայց, յորմէ խորթացայ,
Եթէ ի լուսո՞յն իղձս դիմեցից, յորմէ մեկնեցայ,
Եթէ Յիսուսի՞ յոսկերսն յաւդիմ, յորմէ մերժեցայ,
Եթէ ի թեւս նորա՞ մերձիմ, յորմէ աւտարացայ,
Եթէ յապաւէ՞նն ապաստանեցայց, յորմէ խեթացայ,
Եթէ ի փրկութեանն նորոգութիւ՞ն, յորմէ մահացայ,
Եթէ ի զգաստութեանն զուարթութիւ՞ն, յորմէ ես լքայ,
Եթէ ի կանո՞նն կենաց ուխտի, յորմէ փոխեցայ,
Եթէ ի սահմա՞նն հաստադրական, յորմէ սահեցայ,
Եթէ յանշարժ վիմի՞ն պնդութեան, յորմէ սասանեցայ,
Եթէ ի շա՞րս գումարտակին, յորմէ հոսեցայ,
Եթէ ի քաղա՞քն անդրանկաց շինիմ, յորմէ գերեցայ,
Եթէ հանապազորդեան հացի՞ն աղաւթեմ, զոր ոչ վաստակեցայ,
Եթէ փոխադրութիւ՞ն երկանցն խնդրեմ, յոր ոչ քրտնեցայ,
Եթէ պարգեւաւ՞քն պսակեցայց, յոր ոչ հանդիսացայ,
Եթէ արձա՞ն ինձ կենաց գրեցից, յորմէ ջնջեցայ,
Եթէ զերախտեացդ ձի՞ր յիշեցից, զոր միշտ մոռացայ:
Գ
Ահա հատաւ եւ կամ խզեմաւ լար կենաց յուսոյն,
Տիրեցայ ի բորոտութեանցն գարշութենէ` համայն ախտացեալ,
Ամենայնիւ սպառեալ զմարմինս ապականութիւնն,
Շրջապատեալ` մեռոյց Աստուծոյ:
Դոյզն պալար փայլունակ, տգեղ, լսնացեալ
Մնացուած ինձ պահեալ նախունակ երկդիմի կերպին,
Որ զկրկին անմաքրութիւնն նշանակէ:
Պարծանացն նշոյլ ամենեւին ինձ շիջաւ,
Փրկութիւնն մատնեցաւ, բարին ստուերացաւ,
Ելք կենացն բնաւին փակեցաւ,
Մխիթարութիւնն բարձաւ,
Դատաստանին ատեան մերձեցաւ,
Թոյնք մահուն ինձ արծարծեցաւ,
Սպանեալն կրկին ինձ կենդանացաւ,
Լաստին դադարք վիմաւք խցաւ,
Շաւիղն յուսոյն կուրացաւ,
Շնորհին ծածկոյթ յինէն մերկացաւ,
Փառացն վայելչութիւն ստուերացաւ,
Հանճարն առաջնորդական խափանեցաւ,
Կշտամբանացն փուշ բազմացաւ,
Անաւրէնութեանն ուղէշ ծաղկեցաւ,
Բոց գեհենին ինձ բորբոքեցաւ,
Ծառայութեանն լուծ սաստկացաւ,
Ստրկութեանն կապ զաւրացաւ,
Ունողն յարկին կառուցման ահա անկաւ,
Բարձրութեանն վստահարան կործանեցաւ,
Ընտանութեանն միաւորութիւն անջրպետեցաւ,
Սրբութեանն սիրող Հոգին Աստուծոյ տրտմեցաւ:
Դ
Եւ քանզի զվերջինն համբուրեցի դառնութիւն,
Տանջանս, խէթս, տխրութիւնս,
Վիշտս հոգեկանս, ցաւս անխնամարկելիս,
Տարակոյսս անյուսադրելիս, ամաւթանս անպարուրելիս,
Խայտառականս անվերարկելիս, պատկառանս անհամարձակելիս,
Փախուստս անդառնալիս, հալածանս անմարդասիրելիս,
Երկայն ուղեւորութեան ապաձեռն անթոշակութիւնս,-
Իսկ դու փրկութիւն, զաւրութիւն եւ աւգնութիւն,
Ողորմութիւն, լուսաւորութիւն, քաւութիւն եւ անմահութիւն,
Տէր Յիսուս Քրիստոս, Որդի Աստուծոյ կենդանւոյ,
Արարիչ երկնի եւ երկրի:
Որ ընձեռես ջուր պասքելոցն ի ծարաւուտ վայրս անապատի,
Աւրհնեալ, բարեգութ, հզաւր, մարդասէր,
Երկայնամիտ, խնամակալ, հնարաւոր, այցելու,
Պաշտպան աննախանձ, պահապան յաղթող,
Կեանք անկորուստ, միջնորդ երկնային,
Լիութիւն աննուազ, երանութիւն տաւնելի,
Ձեռն ձգեալ սիրոյ ողորմութեան քոյ աջոյ`
Ընկալ եւ մատո` քաւեալ եւ սրբեալ զիս` զամենապարտս,
Բանդ կենդանի, առ հաւասարապատիւ քո հոգի,
Զի քեւ վերստին հաշտեալ յիս դարձցի,
Եւ ի ձեռն քո իւրովն կամաւք մաքուր նուիրեալ,
Զաւրեղն ինքնութեամբ զիս Հաւր ընծայեալ,
Անդէն առ նմին նովիմբ միշտ ի քեզ
Շնչոյս ողջունիւ կապեալ ընդ շնորհիդ`
Ի քեզ միանալ անբաժանելի:
Վասն որոյ քեզ, ընդ Հաւր քում, Հոգւովդ Սրբով,
Երրեակ անձնաւորութեանդ ի միում բնութեան
Եւ ի մի աստուածութեան` փա~ռք,
Եւ ի ստեղծականաց էից` գոհաբանութի~ւն յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:   up

Մ.Խերանյան

Բան ԻԴ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ, ի՞նչ բաների արժանի համարելով ինքս ինձ, մոտենամ ես քեզ աղերսելու,
Արքայությա՞ն, որից վրիպեցի,
Թե՞ վայելուչ փառքիդ, որից զրկվեցի,
Թե՞ անմահ կյանքիդ, որից վտարվեցի,
Թե՞ պարակցությանը հրեշտակների, որից տրոհվեցի,
Թե՞ արդարների մասնակցությանը, որից ջոկվեցի,
Թե՞ ուռն լինելու կենդանի որթի, որից պոկվեցի,
Թե՞ ոստը բերկրության ծառի, որից գոսացա,
Թե՞ ծաղիկը փառքի շնորհի, որից թափվեցի,
Թե՞ ժառանգավորն պանծանաց, որից կորացա,
Թե՞ հայրական հարազատ գրկին, որից դուրս ընկա,
Լուսեղեն զգեստո՞վ պարծենամ, որից մերկացա,
Թե՞ ստացողի դարձին հուսամ ես, որից խորթացա,
Ըղձալի լույսի՞ն դիմեմ ես արդյոք, որից մեկնեցի,
Թե՞ ոսկորներին հոդվեմ Հիսուսի, որից մերժվեցի,
Նրա թևերի՞ն մոտենամ, որից օտարացա,
Թե՞ ապավենին ապաստանեմ ես, որից զատվեցի,
Նորոգությա՞նը հուսամ փրկարար, որից մահացա,
Թե՞ զվարթարար զգաստությանը, որից լքվեցի,
Կամ ուխտադրական կենաց կանոնին, որից փոխվեցի,
Թե՞ հաստատական օրինադրության, որից սահեցի,
Անշարժ, անսասան Վեմի՞ն կառչեմ ես, որից սասանեցի,
Թե՞ սրբոց գնդին լինեմ դասակից, որոնցից ինքս ինձ ի դուրս մղեցի,
Անդրանիկների քաղաքո՞ւմ84Հրեշտակների երկնային բնակարանը կամ ըստ ոմանց՝ Առաքելական եկեղեցին: շինվեմ, որից ես գերի քշվեցի,
Թե՞ ամենօրյա հացին աղոթեմ, որ չվաստակեցի,
Թե՞ տաժանքների վերացումն խնդրեմ, որոնց համար չքրտնեցի,
Թե՞ պարգևներով պսակվեմ ես այն, որոնց արժանի չհանդիսացա
Կամ կենաց գրքո՞ւմ արձանագրվեմ, որից ջնջվեցի,
Թե՞ երախտիքներդ հիշեմ ես արդյոք, որոնք մոռացա:

Բ

Եվ ահավասիկ, ապրելու հույսի լարը կտրվեց,
Ու վարակվեցի՜ ես բոլորովին գարշ բորոտությամբ.
Տգեղ, սպիտակ ու փոքր-ինչ փայլող պալարի պես այն,
Որը կրկնակի մեր անմաքրության իբրև նշանակ՝
Նախնական ախտի սպին է պահում երկդիմի կերպով85Ղևտ. ԺԳ գլուխը,
Ապականությունն ինձ պաշարելով՝ սպառեց մարմինն իմ բոլորովին
Պարծանքի նշույլը բոլորովին շիջավ ինձ համար,
Փրկությունը վտանգվեց, բարին ստվերացավ,
Կյանքի դուռն ընդմիշտ փակվեց,
Մխիթարությունը վերացավ,
Դատաստանի ատյանը մոտեցավ,
Մահվան թույնն արծարծվեց իմ մեջ,
Սպանվածն իմ մեջ կրկին կենդանացավ,
Նավահանգիստը քարերով խցվեց,
Հույսի շավիղը կուրացավ,
Շնորհի ծածկույթն ինձանից հանվեց,
Փառքի վայելչությունն աղոտացավ,
Առաջնորդող հանճարը խափանվեց,
Կշտամբանքների փուշը շատացավ,
Անօրենության ուղեշը ծաղկեց,
Գեհենի բոցը բորբոքվեց իմ դեմ,
Ծառայության լուծը սաստկացավ,
Ստրկության կապը զորացավ,
Կառույցը պահող սյունն ահա ընկավ,
Բարձրության վստահարանը կործանվեց,
Ընտանի միաբանությունն անջրպետվեց,
Եվ տխրեց սաստիկ սրբություն սիրող Աստուծո Հոգին:

Գ

Եվ քանզի ես դառնությունների մրուրը ճաշակեցի,–
Տանջանքներ, խայթեր ու տխրություններ, վշտեր հոգեկան,
Ցավեր անդարմանելի և տարակույսներ անհուսադրելի,
Ամոթանքներ անպարտակելի, խայտառակություններ անծածկելի,
Պատկառություններ անհամարձակ, փախուստներ անդառնալի
Եվ հալածանքներ անմարդասիրելի,
Երկար ու ձեռնունայն, անպաշար ուղևորություն,–
Ուստի և դու, ո՜վ փրկություն, զորություն և օգնություն,
Ողորմություն, լուսավորություն, քավություն և անմահություն,
Տեր Հիսուս Քրիստոս, Որդի կենդանի Աստուծո,
Արարիչ երկնի և երկրի,
Որ ջուր ես տալիս ծարավներին անջուր անապատում,
Օրհնյալ, բարգութ, հզոր, մարդասեր,
Երկայնամիտ, խնամակալ, հնարավոր, այցելու,
Պաշտպան աննախանձ, պահապան հաղթող և կյանք անկորուստ,
Միջնորդ երկնային, լիություն աննվազ, երանություն տոնելի,
Քո ողորմության աջ ձեռքը սիրով երկարելով ինձ՝
Ընդունի՛ր և ներկայացրու քավված և սրբված ամենապարտիս՝
Քեզ հավասարապատիվ Հոգուն, ո՜վ կենդանի
Բան, Որպեսզի քեզնով հաշտված վերստին՝ իմ մեջ դառնա նա:
Եվ քո միջոցով Նա, որ զորեղ է ինքնությամբ
Իր մաքուր կամքով ինձ սրբագործած՝
Հորդ ընծայելով՝ Միաժամանակ ամբողջ իմ շնչով անբաժանորեն
Կապի, միացնի բարեշնորհիդ հետ:
Որի համար՝ քեզ, Հորդ ու Սուրբ Հոգուդ՝
Երրյակ անձնավորությանդ՝ մի բնությամբ և մի աստվածությամբ-
Փա՜ռք և բովանդակ արարածներից գոհաբանություն
Հավիտյանս հավիտենից. ամեն:

Վ.Գևորգյան

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Ինչի՞ն արժանի համարելով ինձ՝
քեզնից աղերսեմ.
Արքայությա՞ն, որ մոլորված՝ կորցրի,
Փառքիդ վայելքի՞ն, որից զրկվեցի,
Թե՞անմահ կյանքիդ, որից վանվեցի,
Հրեշտակների պարակցությա՞ն, որ փակվեց իմ աոաջ,
Թե՞ արդարների միության, ուսկից դուրս վտարվեցի,
Ո՞ւռ՝ որթատունկին կենդանի, որից ջարդված
պոկվեցի,
Թե՞ ոստ, բարունակ՝ ծառին բերկրության,
որից գոսացա,
Կամ գուցե ծաղի՞կ՝ փառքի շնորհին, որից թափվեցի, 
Թե՞ ժառանգավոր փառավորության, որից կորացա, 
Հարազատ ծոցի՞ն հայրական, որից հանված՝ ձգվեցի, 
Թե՞ փառավորվեմ լույսի զգեստով, որից մերկացա, 
Ակնկալեմ իմ դա՞րձը արարչին, որից խորթացա, 
Կարող եմ դիմել ըղձալի լույսի՞ն, որից հեռացա, 
Թե՞ ոսկորներին հոդվել Հիսուսի, որից մերժվեցի, 
Մերձենալ նրա թևերի՞ն, որոնց ես օտարացա, 
Թէ՞ ապաստանել այն ապավենին, որից խեթացա, 
Կենսանորոգման փրկությա՞ն, որի համար ՝մահացա, 
Թե՞ զվարթարար զգաստության, որ ինքս լքեցի, 
Ուխտադրական կենաց կանոնի՞ն, որը դրժեցի, 
Թե հաստատական օրինադրության, որից գայթեցի, 
Անսասան ժայռի ամրապնդությա՞ն, որից խախտվեցի, 
Թե՞ դասակցության սրբերի կարգի, որից դուրս ընկա, 
Անդրանիկների քաղաքո՞ւմ հաստվեմ, 
Ուսկից գերվելով՝ քշվեցի հեռու, 
Աղոթեմ հացի՞ն հանապազօրյա, որ չեմ վաստակել, 
Խնդրեմ վերացում տառապանքների՞ս, 
Երբ դրա համար չեմ քրտնել բնավ, 
Պսակազարդվել այն պարգևներով, 
Որոնց համար ես չմաքառեցի՞,
Թե՞ արձան կերտել ինձ կենաց, որից ջնջվեցի անհետ, 
Երախտիքներիդ շնորհնե՞րն հիշեմ, որոնք մոռացա:

Բ
Կտրվեց լարը ապրելու հույսի, 
Ու ճարակվեցի ես ամբողջովին գարշ բորոտությամբ. 
Երևաց չնչին պալարն սպիտակ փայլուն ու տգեղ, 
Երկդիմի կերպով նախնական ախտի հետքերը կրող, 
Իբրև կրկնակի անմաքրության նիշ. 
Ապականությամբ լափված՝ մարմինս իսպառ
քայքայվեց,
Մահացավ, մեռավ Աստծո համար, 
Պարծանքի նշույլն անհետ չքացավ, 
Փրկության հույսը մատնվեց փորձության,
բարին խավարեց, 
Կյանքի դուռն ընդմիշտ փակվեց իմ առաջ, 
Վերացավ ամեն մխիթարություն, 
Մոտեցավ ատյանը դատաստանի, 
Մեջս արծարծվեց թույնը մահաբեր, 
Սպանվածն այնտեղ հարություն առավ, 
Նավահանգիստը խցվեց քարերով, 
Հույսի շավիղը փակվեց, կուրացավ, 
Շնորհի ծածկույթն հանվեց ինձանից, 
Վայելչությունը փառքի՝ խավարեց, 
Խափանվեց հանճարն առաջնորդական, 
Բազմացավ փուշը կշտամբանքների, 
Ծաղկեցին որթերն անօրենության, 
Մեջս բորբոքվեց բոցը գեհենի,
Տանջանքի լուծը ծանրացավ վրաս,
Եվ ստրկության կապանքը պրկվեց,
Ընկավ նեցուկը հարկիս շինության,
Կործանվեց մույթը բարձրակառույցիս,
Միաբանութունն ընտանի՝ քանդվեց,
Ու տրտմեց սաստիկ սրբություն սիրող Աստծո հոգին:

Գ
Եվ որովհետև դառնությունների 
Վերջին մրուրներն իսկ ճաշակեցի, 
Տանջանքներ, խայթեր ու տրտմություններ, 
Վշտեր հոգեկան, ցավեր անամոք, 
Կասկած ու վարանք անհուսաղրելի, 
Անպարփակ ամոթ, գլխահակ կորանք, 
Անպարտակելի խայտառակություն, 
Փախուստներ անդարձ, հալածանք անգութ, 
Ուղևորություն երկար, ձեռնունայն, 
Ուստի, փրկությո՜ւն, զորություն, պաշտպան, 
Ողորմածություն, լուսավորություն, 
Այլև քավություն և անմահություն, 
Տե՜ր Հիսուս Քրիստոս, անմահ Աստծո 
Որդի, արարիչ երկնի ու երկրի, 
Որ պապակներին ջուր ես ընձեռում
Ծարավուտներում անապատների, 
Օրհնյա՜լ, բարեգութ, հզոր, մարդասեր,
Ներող, հոգածու, ձեռնհաս, կարող,
Աննախանձ պաշտպան, հաղթող պահապան
Եվ կյանք անկորուստ, միջնորդ երկնային,
Երանություն ու լիություն անբավ,
Սիրալիրաբար մեկնած ինձ աջը քո ողորմության, 
Բա՜նդ կենդանի, ընդունի՛ր նորեն 
Եվ քաված, մաքրած ամենապարտիս՝
Մատուցի՛ր Հոգուդ՝ հավասարափառ,
Որպեսզի քեզնով հաշտված՝ վերստին
նա դառնա իմ մեջ
Եվ քո շնորհիվ ու իր սուրբ կամքով,
Զորեղ ինքնությամբ՝ հորդ ընծայի.
Եվ Հոգուդ հետ միշտ մնալով քո մեջ՝
Նրա շնորհիվ, շնչիս անձկությամբ շնորհիդ կապված,
Միանամ քեզ հետ անբաժանելի։
Ուստի և քեզ, Սուրբ Հոգով, հորդ հետ՝
Որպես մի եռյակ անձնավորության՝
Մի բնության ու աստվածության մեջ, 
Ստեղծական ողջ էակներից փա՜ռք, գոհաբանությո՜ւն 
Հավիտյաններից հավիտյանս, ամեն։

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Բայց քանզի ի վերայ այսքանեաց գերութեանց
Ամենաթշուառ վտանգաւորիս` մի զմիով ել եւ ելս առնելոյ,
Զորոյ կերպարանս անցիցն ի մասնէ վերաճառեալքդ նախագրեցին,
Ուստի եւ փոխեալ զեղանակ բանիս,
Այլ ոչ զեղկութիւն աղէտիս:
Այն զի ծով է ինձ ծփանաց
Կենցաղոյս բերմունք յոյժ նմանագոյն,
Յորում կոհակաւք բազմաւք անթիւ դիմեցմանց
Տատանեալ հոգիս ի յայսմ աշխարհի`
Մարմնոյս շինուածով, իբր ի նաւակի:
Զոր Եսայիաս մարգարէ զյանկարծադէպ կատարածն,
Որ ի պարսկականն հինից,
Երուսաղեմի եւ Սամարիայ կործանմանն,
Նմանութեամբ այսր աւրինակի կերպաւորեցոյց,
Որ եւ առ իմս հոգեւորական խորտակումն զուգաձայնել ոչ է սխալական:
Բ
Քանզի մինչդեռ չուէի ես յանհոգութեան անտարակոյսն վստահութեամբ,
Դոյզն կասկած արկածից ի միտ բերելով առ խտրոց փոքր միջոցին,
Որ ի մէջ հանգստեանն եւ աշխատութեանն,
Իբր այն թէ հասեալ իցեմ,
Ձմեռն յամարայնի բքաբեր հողմով ժամանեալ`
Երեքալեանն դիմակցութեամբ ամբոխեաց զհանդարտութիւնն,
Ուստի նաւն ի բախմանէ վայրենի ալեացն խորտակեցաւ:
Թեւոցն ձեռնարկութիւն քայքայեցաւ,
Կայմն ամբարձման ի կայից իւրոց խլեցաւ,
Առագաստին թռչարան յանկարկատելի ծուէնս պատառեցաւ,
Շինուածոյն շուք անզարդեցաւ,
Առասանք ձգողականացն խզեցաւ,
Տեսարան գլխոյն դիտակի խոնարհեցաւ,
Ապաւանդակին պարան կտրեցաւ,
Ապաւինութիւն խարսխին լուծաւ,
Լուծք ստուարք ամոլիցն կցորդութեան բաժանեցան,
Սամիք ուղղչացն հետոց գալարեցան,
Լաստ հիմանն հաստարանի ընկղմեցաւ,
Ղեկացն կառուցմունք անդրէն սուզան,
Չուոցն յարմարութիւնք պակասեցան,
Ողնափայտին պատսպարան իսկոյն բեկաւ,
Կապարանք զստին հաստուածոյ յաւշատեցաւ,
Գոգք ամփոփման ծոցոյն կազմածոյ անարգեցան,
Խելք շրթանցն եզերաց խախտեալ ոստեաւ,
Պաղպաջունք բազմականացն անկեալ բարձաւ,
Վանդակապատին վայելչութիւն յատակեցաւ,
Գահաւորակին հանգստարանն շփոթեցաւ,
Մածմունք տախտակաշարք ի միաբանութեանց միմեանց անջատեցան,
Հեղոյսք պնդման բեւեռացն քարշեցան:
Գ
Արգասիք իրին յիշատակարան ողբոց ինձ նմանեցաւ:
Նաւուղիղն հանդէպ նաւին դեգերեալ ողբայ,
Ձեռն ի ծնաւտի եդեալ` արտասուաց գետս իջուցանէ,
Նշմարք սակաւ մնացուածոցն, ի ծայրից ծփմանց ազդելոյ ծովուն,
Իբր խողխողեալ բանաւոր, ողորմագին թախծանաւք հեծէ:
Վասն զի թէ զբարի նաւապետն երկնաւորաւքն զաւրաւք յաշխարհիս ծովու
Առ ի զխորտակեալս իմ տապան իմանալի գոյութեանս
Առցէ աշխարել բանիս յարմարութիւն,
Ոչ ինչ վրիպեսցէ ի ստուգութենէ:
Քանզի արդարեւ ելաց բարեգութն տէր,
Յառակ մարդկութեանս, զթաղեալ ազգակիցն,
Ելաց առ նմին եւ զԵրուսաղէմ մոլեալ եւ զՅուդաս մոլեգնեալ,
Յորոց երկուցն կորեաւ վստահութիւն`
Յաւրինակ նմանութեան աղարտեալ նաւի,
Իսկ միւսն, հասեալ յատակս անդնդոց,
Առասան յուսոյն ձեռամբ ունողին
Յանքոյթն արտաբերեաց խաղաղութիւն:
Դ
Արդ, իցէ՞ թէ յաւելից հայել զբազմախորտակելի տապանակ մարմնոյս իմոյ նորոգեալ,
Իցէ՞ արդեւք տեսանել զփշրելս նաւ ողբալի հոգւոյս ողջացեալ,
Իցէ՞ արդեւք տեսանել զբաժանեցեալս միջոցաւ մեծաւ վերստին կցեալ,
Իցէ՞ արդեւք տեսանել զյոգնաթախիծ սիրտ վշտացելոյս բերկրեցեալ:
Արդ, իցէ՞ ակն ունել նայել զյաւէտ խաթարեալ կերպարան բնութեանս կրկին հանդերձեալ,
Իցէ՞ արդեւք թէ տեսից զքակտեալ տաղաւար թշուառացելումս միւսանգամ կանգնեցեալ,
Իցէ՞ արդեւք յուսալի նայել զտարամերժեալ գերիս ազատեալ,
Ապաքէն գուցէ՞ ակն ունել զանկեալս ի շնորհէդ լուսոյ դարձեալ կազդուրեալ:
Արդեւք տեսի՞ց զվայելչութիւն ընտանիդ քո պայծառութեան յողորմութիւն ինձ երեւեցեալ,
Եթէ տեսի՞ց երբէք զամենատխուր կերպարան հոգւոյս իմոյ ժպտեցեալ,
Արդեւք լուա՞յց ընդ ձայնի գուժիս աւետեաց համբաւ ինձ առաքեցեալ,
Արդեւք տեսի՞ց զբիւրակործան վնասեցեալս անաւթ կազմեցեալ:
Իցէ՞ թէ տեսցեն պատուհանք աչացս իմաստից զմուրհակ պարտուցս իմոց պատառեալ,
Եթէ յայտնեսցի՞ աւրն իմ անձկութեան շնորհին քաւութեան բարւոք ինձ ծագեալ,
Արդեւք մտի՞ց ի խրախճանութիւն խորանին լուսոյ` քեւ առաջնորդեալ:
Իցէ՞ թէ կենդանի լինիցին ոսկերքս, ըստ Եզեկիելի,
Ցամաքեալքս ի կենդանութեանց` եկաւորութեամբ ազդողական շնչոյս զաւրացեալ,
Իցէ՞ թէ յաւելից հայել ի տաճար սուրբ քո, աղաղակաւն մարգարէին
Ի պորտոյ կիտին, հերքեալ ի լուսոյ, որ կամ առաջի քո ամաչեցեալ:
Եթէ լինիցի՞ խաւարասնունդս մթացելոյ ծագման առաւաւտ,
Եթէ հասցէ՞ տեսանել զտագնապեալս մշտասառոյց յեղանակս գարնանն մաւտ,
Եթէ տեսի՞ց զցաւղ անձրեւոյն կանաչացուցանողն հոգւոց ինձ արաւտ,
Եթէ իցէ՞ երբէք նկատել զգազանաբեկ հերքելի ոչխարս վերստին կամաց գթութեան քո հաւտ:
Ե
Եւ քանզի, ըստ բանին Յոբայ, շուրջ պատեալ են չարեացն հնարք,
Ընդ որ ոչ կարացից անցանել,
Իսկ եթէ լոյս ողորմութեան բարերար կամաց քոց ցուցցի,
Գթութեան քոյ դուռն բացցի,
Ճառագայթ փառաց քոց ծաւալեսցի,
Խնամք ձեռին քոյ յայտնեսցի,
Արեգականդ կենաց աւր տարածեսցի,
Առաւաւտիդ ըղձալի տեսիլ մերկասցի,
Առատութիւն քաղցրութեան քոյ աղբիւրասցի,
Վտակ արարչիդ կողից հոսեսցի,
Ծորումն անապական սիրոյ քոյ հեղցի,
Ծագումն աւետեաց շնորհի քոյ երեւեսցի,
Պարգեւիդ քոյ ծառ ծաղկեսցի,
Մասունք աւրհնեալ մարմնոյդ բաշխեսցի,
Համառաւտեալն ակնկալութիւն հանդիպեսցի,
Հատուածեալն ձայն ողջունի քոյ, Տէր, լուիցի,
Հեռացեալդ խաղաղութիւն մերձեսցի,-
Յայսոսիկ յաւէտ սովին սահմանաւ երանականաւ,
Հաւատ ընկալեալ յուսոյ հաստատնոյ,
Ապաւինեալ ի Հոգիդ քո Սուրբ,
Որ ընդ Հաւր քում պաշտի ձայնիւ քաղցրութեան`
Ընդ քեզ փառաւորեալ ի լոյս անմատոյց,
Որով կեանք եւ երանութիւն քաւութեամբ հանդերձ ընծայեալ ինձ` մեղապարտիս:
Յաւանդ անկորուստ ընդ իս պահելով
Առհաւատչեայ ճշմարիտ յիշատակի ի ձիր անեղծութեան,
Անուամբդ անճառելեաւ ահաւորութեան հզաւրիդ սրբոյ միայնոյ
Եւ անքննելի տէրութեան երրեակ անձնաւորութեանդ,
Որ եսդ յիսկութեան յէութեան
Եւ յարակայութիւն բարձրութեան,
Քաղցրութեամբ, ողորմութեամբ եւ մարդասիրութեամբ
Պսակեալ, հանդերձեալ եւ թագաւորեալ:
Այո, առ ամենեսեան ամենայնիւ յամենայնի կարող ես, գթած,
Եւ քեզ վայել է փառք յայսմ յաւիտենի
Եւ ի հանդերձեալ մշտնջենաւորութիւն
Յայտնութեան աւուրն մեծի յաւիտեանս:
Ամէն:   up

Մ.Խերանյան

Բան ԻԵ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ քանզի նախորդ իմ ողբերի մեջ ես մասամբ միայն նկարագրեցի
Մեկը մյուսից ծանր ու գերազանց մեղքերն իմ այնքա՜ն,
Որոնց գերին է դարձել վշտակիր և թշվառ հոգիս,–
Ուստի ես պիտի փոխեմ իմ խոսքի եղանակն հիմա,
Բայց ո՛չ ավաղանքն իմ աղետների:

Բ

Կյանքըս ինձ համար նման է սաստիկ ծփացող ծովի,
Ուր հոգիս, մարմնիս շինվածքով՝ իբրև նավակում,
Իրար վրա խուժող անթիվ, անհամար ալիքներից,
Տարուբերվում է միշտ այս աշխարհում:
Եսային ևս այս օրինակով պատկերացրեց
Երուսաղեմի հախուռն ու հանկարծադեպ քանդումը պարսիկ հրոսակներից,
Որ և սխալ չի լինի համեմատել իմ հոգևոր խորտակման հետ:
Մինչ ես չվում էի անհոգ, անտարակույս վստահությամբ,
Հազիվ թե մտքիցն իմ անցկացնելով դույզն-ինչ կասկածանք ինչ-որ արկածի
Փոքր այն միջոցին հանգստի միջև և աշխատության,
Իբրև թե արդեն նավահանգիստը հասած լինեի,-
Եվ ահա՛, ամառվան մեջ ձմեռն հանկարծահաս՝ հողմով իր բքաբեր
Երեքալյան ուժգին բախումով խաղաղությունը խռովեց հանկարծ:
Խորտակվեց նավը՝ վայրագ ալիքների բախումից.
Թիակների կազմվածքը քայքայվեց.
Պոկվեց իր տեղից կայմը վերամբարձ,
Թռչարանն առագաստի պատռվեց ծվեններով անկարկատելի.
Շինվածքի շքեղությունն անշքացավ, Ու խզվեցին բոլոր առասանները ձիգ.
Գլխակողմի բարձրադիր դիտարանը խոնարհվեց,
Կտրվեց պարանն ապավանդակի,
Խարսխի հենարանը քայքայվեց,
Ու բաժանվեցին իրար կցորդված գերաններն երկու.
Ուղղիչների սամիները գալարվեցին,
Ընկղմվեց լաստի հատակը իսկույն, հիմքն ու հաստարանն ամբողջ շինվածքի.
Ղեկի սարքն ամբողջ սուզվեց տեղնուտեղ,
Չվելու հարմարանքները պակասեցին,
Կոտրվեց իսկույն ողնափայտն ամուր.
Կապարանները զիստի ջարդուփշուր եղան,
Նավագոգն անպետքացավ,
Հետնակողմը նավի, եզերող շրթներով, խախտվեց ու դուրս թռավ.
Բազմոցներն ընկնելով՝ անհետացան.
Վայելչագեղ վանդակապատն իջավ հատակ.
Շուռ եկավ գահավորակն հանգստավետ.
Իրար կպած տախտակաշարքերն անջատվեցին իրարից,
Եվ նրանց ամրապնդող բևեռները ելան:
Ողբերի հիշատակարան դարձած արդյունքն ինձ նմանվեց:
Նավապետը դեմ-հանդիման նավի՝ դեգերում է, ողբում,
Ձեռքը ծնոտին դրած՝ արցունքի գե՜տ է հոսեցնում:
Նավից մնացած սակավաթիվ բեկորները ալեկոծ ծովի ծփանքի վրա
Բանականների նման խողխողված՝ հեծում են թախծոտ ու ողորմագին:
Եվ այսպես, ահա՛, սխալված չենք լինի, եթե ասենք,
Որ նավապետը բարի իր երկնավոր զորքով՝ այս աշխարհի ծովում
Իմանալի իմ գոյության խորտակված տապանն է աշխարում.
Քանզի արդարև բարեգութ Տերը լացեց
Իր թաղված ազգակցի վրա, որպես օրինակ՝ համայն մարդկության,
Լացեց նա նույնպես մոլորյալ Երուսաղեմի, ինչպես և մոլեգնած Հուդայի վրա,
Որոնցից երկուսը մնացին անհույս՝ նման քայքայված նավի.
Իսկ մեկը նրանցից արդեն անդունդի հատակը հասած՝
Հույսի առասանն իր ձեռքն ունենալով՝
Դեպի ապահով խաղաղությունը դուրս եկավ նորեն:

Գ

Կտեսնե՞մ արդյոք ես երբևիցե մարմնի տապանակն իմ բազմախորտակ՝ կրկին նորոգված.
Կտեսնե՞մ արդյոք ողբալի հոգուս նավը փշրված՝ կրկին ողջ-առողջ.
Մեծ տարածությամբ բաժանվածս ես կլինե՞մ արդյոք դարձյալ միացած.
Կտեսնե՞մ արդյոք հոգնաթախիծ վշտացյալիս սիրտը դարձյալ ուրախ.
Կարո՞ղ եմ հուսալ՝ հավետ խաթարված պատկերն իմ բնության հարդարված նորից.
Կտեսնե՞մ արդյոք թշվառացյալիս քանդված տաղավարը կրկին կանգուն.
Հուսա՞մ, թե պիտի տեսնեմ տարամերժ հոգիս ազատված,
Եվ լույսիդ շնորհից զրկվածիս կրկին վերակազդուրված.
Պիտի ցույց տա՞ս արդյոք ողորմաբար վայելքն ընտանի քո պայծառության.
Կտեսնե՞մ արդյոք երբևիցե ամենատխուր դեմքը հոգուս՝ ժպտուն.
Արդյոք կլսե՞մ գուժկան ձայնի տեղ ավետյաց համբավն ինձ առաքված.
Կտեսնե՞մ արդյոք իմ բյուրակործան փշրված անոթն վերանորոգված.
Պատուհաններն իմ մտքի աչքերի կտեսնե՞ն արդյոք պարտամուրհակն իմ մի օր պատռված.
Օրն իմ անձկության քավությանդ շնորհիվ՝ կծագի՞ արդյոք քո լույսը վրաս,
Արդյոք կմտնե՞մ լուսախորանի խնջույքը մի օր քո առաջնորդությամբ.
Անկյանք, ցամաքած ոսկորներս կրկին կկենդանանա՞ն,
Ըստ Եզեկիելի՝ ներգործուն շնչիս ետ գալով դարձյալ զորություն առած.
Կլինի՞ արդյոք, որ կրկին նայեմ քո սուրբ տաճարին,–
Ինչպես մարգարեն, որ աղաղակեց կետ ձկան պորտից,–
Ես, որ կանգնել եմ դեմդ ամոթահար՝ լույսիցդ մերժված.
Մթնածիս վրա խավարասնունդ կծագի՞ արդյոք պայծառ առավոտ.
Եվ մշտասառույց տագնապյալս ես կհասցնե՞մ արդյոք գարուն տեսնելու.
Կտեսնե՞մ արդյոք ճարակ ինձ համար հոգիները դալարեցնող ցողն անձրևային.
Կլինի՞, որ տեսնեմ գազանաբեկ մերժելի ոչխարս կրկին քո ամենագութ կամքի հո՜տը դարձած:

Դ

Եվ, սակայն, ինչպես որ Հոբն է ասում,
Չարի թակարդներն անելանելի պաշարել են ինձ,
Իսկ եթե քո բարերար կամքի ողորմության լույսն ինձ ցույց տրվի,
Քո գթության դուռը բացվի, Փառքիդ ճառագայթը ծավալվի,
Ձեռքիդ խնամքը հայտնվի, Կենացդ արեգակի օրը տարածվի,
Քո առավոտյան ըղձալի դեմքը պարզվի,
Քաղցրությանդ առատությունն աղբյուրի պես բխի,
Արարչի կողի վտակը հոսի,
Անապակ սիրույդ ծորումը թափվի,
Ավետյաց շնորհիդ ծագումն երևա,
Պարգևիդ ծառը ծաղկի,
Քո օրհնյալ մարմնի մասունքը բաշխվի,
Սակավ ակնկալությունն իրագործվի,
Ընդհատված ձայնը ողջույնիդ լսվի, Հեռացած խաղաղությունդ մոտենա:
Այնժամ հավիտյան այս պայմաններով երանելի,
Հաստատուն հույսով և հավատով զինված,
Ապավինելով Սուրբ Հոգուդ, որ պաշտվում է
Հորդ հետ և փառաբանվում քաղցրաձայն,
Քեզ հետ լույսի մեջ անմատչելի, քավությամբ
հանդերձ, Ինձ՝ մեղապարտիս կընծայվի և՛ կյանք, և՛ երանություն:
Եվ սրանք որպես անկորուստ ավանդ կպահվեն իմ մեջ,
Իբր առհավատչյա ճշմարիտ հիշատակի՝ ի ձիր անեղծության,
Երրյակ անձնավորությամբ հզոր, սուրբ ու միակ
Եվ անքննելի տերությանդ անճառելի, ահեղ
անունով, Դո՛ւ ես, որ իսկությամբ քո և էությամբ,
Եվ բարձրությամբ քո հարակա, քաղցրությամբ, ողորմությամբ
Եվ մարդասիրությամբ պսակված հավետ թագավորում ես:
Այո՛, բոլորի համար և ըստ ամենայնի, ամենայն բանում կարող ես, գթա՜ծ:
Եվ քեզ վայել է փա՜ռք երկրիս վրա,
Նաև հանդերձյալ մշտնջենական աշխարհում,
Մեծ օրն հայտնության, հավիտյանս. ամեն:

Վ.Գևորգյան

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արդ, որովհետև նախորդ ողբերում 
Մասնակիորեն լոկ պատկերվեցին 
Ամենաթշվառ տաժանավորիս 
Տվայտանքները, այսքա՜ն բազմակույտ, 
Մէկը մյուսից ծանր ու ահավոր, 
Այստեղ էլ, փոխած եղանակը լոկ
բանաստեղծության, 
Կշարունակեմ ավաղումները վիշտ ու աղետիս:

Բ
Կյանքս այս աշխարհում նման է սաստիկ
մրրկածուփ ծովի,
Ուր բազմակոհակ ու ալեխռով 
Հորձանքների խոլ, անդուլ, անընդմեջ
ընդդիմախուժմամբ՝
Տարուբերվում է, ցնցվում է հոգիս 
Մարմնիս շինվածքով, ինչպես նավակում։
Այս օրինակով պատկերեց նաև 
Եսային՝ պարսիկ հրոսակներից 
Երուսաղեմի ու Սամարիայի 
Անսպասելի կործանումն անդարձ, 
Որ զուգաձայնել սխալ չէր լինի 
Հոգևոր անլուր իմ խորտակման հետ:
Քանի որ մինչդեռ չվում էի ես 
Անհոգ, աներկբա մի վստահությամբ՝ 
Փորձության հազիվ չնչին մի կասկած 
Մտանցելով այն փոքր միջոցից, 
Որ մնում էր դեռ մինչև հանգրվան, 
Համարելով ինձ ժամանած արդեն, 
Ձմեռը հանկարծ ամառ ժամանակ 
Բքաբեր հողմով վրա հասնելով՝ 
Երեքալյան իր դիմահարությամբ 
Խառնեց-խռովեց անդորրն հիմնովին, 
Եվ ալիքների վայրագ բախումից նավը խորտակվեց։
Քայքայվեց սարքը թիավարության, 
Հիմնախիլ եղավ կայմը բարձրաբերձ, 
Առագաստն ամբողջ իր թոչարանով 
Պատառոտվելով դարձավ ծվեններ անկարկատելի, 
Զարդերից զրկվեց շինվածքը շքեղ, 
Առասանները ձգման՝ խզվեցին, 
Տապալվեց գլխի դիտարանը պերճ, 
Կտրվեց պարանն ապավանդակի, 
Խարսխակալը քանդվեց հիմնիվեր, 
Բաժանվեցին զույգ կցման լծակներն հաստ
ու ամրակուռ,
Ծռվեցին սամիքն ուղղընթացության, 
Սուլզվեց հիմնալաստ նեցուկը նավի, 
Ղեկն իր կազմվածքով ընկղմվեց անհետ, 
Նավարկությունը զրկվեց իր բոլոր հարմարանքներից, 
Ողնափայտն ամուր կոտրվեց իսկույն, 
Զստակապերը հոշված՝ թափվեցին, 
Ավերակ դարձավ նավագոգն ամբողջ, 
Նավախելը իր եզրաշրթերով խախտված դուրս թռավ, 
Շքեղ բազմոցներն ընկան սուզվեցին, 
Հիմնահատակվեց վանդակապատը վայելչակառույց,
Գահավորակը հանգստարանի փլված խորտակվեց, 
Տախտակամածը քայքայվեց իսպառ, 
Պնդիչ գամերը դուրս թռան տեղից:
Որպես արդյունք այդ ավերածության՝ 
Մնաց ողբերիս հուշարձանն այս լոկ։
Իսկ նավավարը նավի դեմուդեմ 
Ձեռքը ծնոտին դեգերում է դառն
Արտասուքների գետեր թափելով
Եվ նշմարեավ կործանված նավի բեկորները խեղճ,
Որոնք խողխողված բանականի պես
Տարուբերվում են ալեկոծ ծովի ծփանքի վրա, 
Հեծում է անվերջ ցավագին թախծով։
Ճշմարտությունից վրիպում չէ այն, 
Որ հիմա բարի նավապետը իր երկնավոր զորքով 
Աշխարհի ծովում բանական գոյիս 
Խորտակված նավն է աղեկեզ ողբում։
Քանզի, արդարև, տերը բարեգութ, 
Որպես օրինակ մարդկության, լացեց 
Նաև թաղված այն ազգակցի համար, 
Լացեց մոլորյալ Երուսաղեմի, 
Նույնիսկ մոլեգնած Հուդայի վրա,
Որոնցից վերջին երկուսը կորցրին հույսը փրկության՝
Ծովում կործանված այս նավակի պես,
Մյուսը, սակայն, անդնդի հատակն հասնելուց հետո,
Հույսի առասանն իր ձեռքում պահած,
Փրկչի զորությամբ հանգիստ, ապահով
դուրս ելավ նորից։

Գ
Կլինի՞ արդոք, որ բազմախորտակ 
Տապանը մարմնիս տեսնեմ նորոգված:
Պիտի նկատե՞մ ողբալի հոգուս 
Փշրված նավը ողջացած նորեն:
Արդյոք կլինի՞ , որ բաժանվածս 
Մեծ տարածությամբ դարձյալ միանամ։
Կտեսնե՞մ արդյոք սիրտս վշտագնած
Ու բազմաթախիծ՝ նորից բերկրելիս:
Հուսա՞մ, որ մի օր՝ իսպառ խաթարված 
Բուն էությունն իմ կգտնի իրեն:
Պիտի երևա՞ թշվառացյալիս 
Տաղավարն ավեր վերստին կանգուն:
Կլինի՞ մի օր տարամերժ գերիս նորից ազատված։
Լույսի շնորհից ընկածս արդյոք
Կարո՞ղ է հուսալ, որ կկազդուրվի:
Պիտի ցույց տա՞ս ինձ ողորմածաբար 
Այնքա՜ն հարազատ պայծառությունը վայելչանքներիդ:
Արդյոք երբևէ պիտի երևա՞ 
Ամենատխուր հոգիս ժպտերես:
Կլսե՞մ գուժկան ձայնի փոխարեն 
Թշվառիս հասնող ավետիքի լուր:
Կտեսնե՞մ արդյոք իմ բյուրակործան 
Ջարդված անոթը վերանորոգված:
Մտքիս աչքերը պիտի նկատե՞ն 
Պարտամուրհակս պատառված մի օր:
Անձկության ժամին բարեշնորհիդ 
Քավության լույսը կծագի՞ վրաս:
Քո ուղեկցությամբ կմտնե՞մ արդյոք 
Լույսիդ խորանի խրախճանքի մեջ:
Ըստ Եզեկիելի, կկենդանանա՞ն 
Ցամաքած, անկյանք ոսկորներս գոս՝ 
Զորացած դարձով բանական շնչիս:
Կլինի՞ արդյոք, որ նորից նայեմ
քո սուրբ տաճարին, 
Հանց կետի պորտից մարգարեն գոչեց, 
Ես, որ կանգնած ես՝ դեմդ լուսամերժ ու ամոթահար:
Խավարասնունդ մթնածիս վրա 
Կծագի՞ արդյոք պայծառ առավոտ.
Տագնապահարս հավերժասառույց 
Կարո՞ղ եմ հասնել գարնանամուտին:
Կտեսնե՞մ առատ ցողն անձրևային՝ 
Հոգուս արոտը կանաչազարդող, 
Եվ գազանակուր ոչխարս մերժված 
Կմտնե՞մ արդյոք նորից գթառատ կամքիդ հոտի մեջ:

Դ
Եվ այսպես, չարի որոգայթները, 
Ըստ Հոբի խոսքի, անելանելի պաշարել են ինձ. 
Եթե ցույց տրվի բարերար կամքիդ
լույսն ողորմության.
Եթե գթության դռներդ բացվեն, 
Եթե ծավալվի ճաճանչը փառքիդ,
Հայտնվի ձեռքիդ խնամքը, գթա՜ծ,
Տարածվի կենաց օրն արեգակիդ,
Բացվի ըղձալի դեմքն առավոտիդ,
Թե աղբյուրանա առատությունը մեծիդ քաղցրության,
Վտակն արարչիդ կողերից հոսի,
Ցայտի կայլակը անապակ սիրուդ,
Շնորհիդ խոստման ծագումն երևա,
Ծաղկի կենսատու ծառը պարգևիդ,
Բաշխվի մասունքը մարմնիդ սրբազան,
Եթե արծարծվի հույսը առկայծուն,
Լսվի ընդհատված ձայնը ողջույնիդ,
Եվ քո հեռացած խաղաղությունը դարձյալ մոտենա,–
Այդ երանելի վիճակով այնժամ,
Զինված հաստատուն հույս ու հավատով,
Ապավինելով հավետ սուրբ Հոգուդ,
Որը պաշտվում է բարձրյալ հորդ հետ
Ու քաղցր ձայնով փառաբանվում է
լույսում անմատույց, 
Ես մեղապարտս կստանամ և՛ կյանք, 
Ե՛ վ երանություն՝ քավությամբ հանդերձ։
Եվ դրանք իմ մեջ կպահվեն որպես
անկորուստ ավանդ,
Առհավատչյա և ստույգ հիշատակ,
Անմահության քո անեղծ պարգևի, 
Անճա՜ռ, ահավոր, հզոր, միայն սուրբ, 
Անձնավորումդ անքնին, անհաս եռյակ տերության,
Որ իսկության մեջ, բարձր ու հարակա, 
Թագավորում ես՝ պսակազարդված 
Միշտ քո քաղցրությամբ, ողորմությամբ
ու մարդասիրությամբ։ 
Բոլորի հանդեպ ըստ ամենայնի 
Ամեն ինչի մեջ կարող ես, գթա՜ծ. 
Քեզ վայելում է փառք և՛ այս կյանքում, 
Ե՛վ հանդերձյալում մշտնջենական 
Մեծ օրն հայտնության, հավիտյանս, ամեն։

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, ստուգապէս եւ իրաւաբար ընդ որս,
Որք ըստ ձայնից կողկողանաց
Եւ զբանիցն յարմարութիւն հանդերձեն`
Ի նոյն գիր բերեալ զաւարտմունս տանցն,
Որովք առաւել սաստիկ մորմոքեալ ճմլեցուցանեն
Զաղէտս կարեացն սրտին ըղձից առ արտասուացն բղխմունս,-
Ուստի եւ բազմեալ իմ ի գլուխս պարու ակմբից դասու այնր երախանաց,
Որք զլալեացն յեղանակեն բանաստեղծութիւն,
Եւ ես ընդ նոսին նոցին հեծութեամբ, աւաղական ձայնարձակութեամբ
Զանձինս տարածանեմ զվշտակրութիւն:
Որ ոչ բնաւին մեռեալ աշխարհի
Եւ ոչ իսկապէս կենդանի Աստուծոյ,
Ոչ ջերմ սոսկ եւ ոչ ցուրտ յատուկ,
Ըստ առակի աւետարանչին, գրեալ ի Յայտնութեանն,
Երիցս ատելի երրեակ տէրութեանն եւ ամենատես արարչութեանն:
Եւ այս են պատկանեալ թախծականացն կերպադրութիւնք,
Կրկին ողորմելի այսու երեւեցեալ,
Որք ի մի գիծ սահմանեալ`
Կացուցանեն զթշուառութեանցն զաւրինակ`
Այսպիսի կցորդութեամբ շաղկապեալ:
Բ
Պարտուցն ժխտեալ տաղանդացն` ճեպով մեծաւ ի տուժի,
Ես ապիկար` մատնեալ անարժան գործովքս յիրաւի,
Վատնիչ արքունի գանձուց` կրկնադատ եւ անթափելի,
Պատասխանատու մեծին` ըմբռնեալ անհրաժարելի,
Բիւր քանքարոյ խնդիր` ես չունիմ կշիռ մի ունկի:
Անբարեխաւս կապեալ` ի պահեստ դառն արգելանի,
Հեծումն եւ վաստակ ցաւոց` ճաշակեալ յաննշոյլ բանտի,
Անապաւէն տանջեալ` անթոշակ կամ ողորմելի,
Այլ յեղանակ ինձ ողբականաց աստուստ կնքեցի,
Փոխատրեցի սովին բարբառով կոծ կսկծելի,
Կարգադրեցի շրջաբերութեամբ ի նոյն պայմանի`
Անհատական թիւ խորհրդական երկեակ տասնեկի:
Աղքատութեանն հնոց յամենուստ մասանց մրրկի,
Անպատսպար թշուառ` վտանգեալ սրտիւ ի գրաւի,
Տարակուսեալ հոգւով` ապաշնորհ այր ի վրիպակի,
Անխնամելի հայցմամբ դատաստանն յինէն պահանջի,
Մեղաց եւ մահու զինուք զգայարան գաղտնեացս խոցի,
Անփրկելի մատնեալ բռնութեան չարեացս գերի,
Սուր սուսերաւ սաստից գոյութիւն բնութեանս յաւշատի:
Յիշատակաւ բեմին` աստստին ի դատաստանի,
Անծագելի մռայլ` չարատես աչացս երեւի,
Անձեռնկալ կապեալ` եղկելիս ի տարակուսի,
Ահարկութիւն դիմաց պատկերի վերնոյն տեսանի,
Յոյժ անարեւ եւ անվերարկու` ի տարտարոսի,
Անապաւէն մոլար` մորմոքեալ ի հուր գեհենի,
Անյայտնելի կորուստ` կործանեալ ի մեղաց վհի:
Ահա զոր ունիմ արծաթ անպիտան` ոչ երբէք յարգի
Եւ ոչ ընդունի եւ կամ համբարի ի գանձ տէրունի,
Հայցուած պղտոր եւ ձեռն անմաքուր աննուիրելի,-
Այլ բեկեալ սրտիւ, մատանց տատանմամբ, յոյս առեալ դարձի,
Զդէմս ի յերկիր եդեալ, պաղատիմ մաւրդ Յիսուսի.
Բարեխաւսեա, մաղթեա քաւութիւն ինձ` մեղաւորի,
Դու` զաւրաւոր փրկանակ կենաց, իսկուհի երկնի,
Քեզ աւրհնութիւնք ձայնից եւ բուրմունք խնկոց ի յերկրի
Եւ անուշից իւղոց մատուցումն յամենայնի:
Գ
Արդ, յասացեալ ողբոցս հիւսուած այլ մասն յաւելի,
Բարերարին շնորհաց արտասուաց պտուղ մատուցի,
Զկորստեան խորս չափելով` զորքանն երբէք ոչ գտի,
Մասնաւորաւք բանիւք ի հանդէս նորին ջանացի,
Զմտացս արագեալ զթեւս` յերեւոյթ իրին ոչ հասի,
Զուշին պարտութիւն յանվթարելեացն բաժակ բարկութեան ի ձեռն իմ առի,
Զտարտամութիւն տարակուսանացս, իբր ճաշակումն մահու, արբի
Եւ այժմ զյանցիցն յաճախութիւն ողորմելի ձայնիւ յերգ արկի:
Աներեւոյթ կրակարան տապոյ բորբոքմամբ մեծաւ անզովանալի,
Անտեսական իմն քրայս հալոցաց սաստիկ եռացմամբ անշիջանելի,
Սլաքս նետից պատկանեալ դեղովք ի շտեմարան խորութեան սրտի,
Խիթք ցաւոց խոցոտման մահու ի գնացս երակաց գոյութեան լերդի,
Կիրք երկանց անճարակ ճեպոյ ի պատուած աղեացս անելանելի,
Անզաւրելի դեղոց ջերմութիւն ի յերիկամանց մասունս երկակի,
Անհնարաւոր դառնութիւն մաղձի ի նախադուռն իմոյս կոկորդի,
Աւաղս ձայնից լքուցանողաց ի փողս շնչոյս խոշորս հնչի:
Բազմահատուած էութիւն բնութեանս, ներհակք միմեանց ի պատերազմի,
Երկչոտութեամբ կարծեաց վարանեալ, ամենայնիւ կայ ի վտանգի,
Հարազատաց դաւաճանութիւն անհաշտելի ի կոտորածի,
Ոչ մեռեալ եւ ոչ կենդանի` թաղեալ ի մեղաց գարշութեան տղմի,
Կասկածաւոր պատժապարտութեամբ վերակնարկելով քեզ` բարերարի`
Յանակնկալս կենաց վհէ արտաբերել ի լոյս անձկալի:
Դ
Նոյն ինքն, որ զայս բան տպաւորեաց, ընդ երջանկացն պսակեսցի,
Ակնարկելով քո ողորմութեան` անարատիցն հաղորդեսցի,
Վասն զենման Աստուծոյ Բանիդ` բարեգործեալ քեւ կենդանասցի,
Աւրհնութիւն գովեալ քո շրթանց` ի գլուխ բաշխողի այսր մատենի,
Հաստատեսցի ըղձականութիւն սողոմոնեան բանիս առակի,
Նկարագրեա Հոգւով քո, բարձրեալ, ի նորոգումն անեղծանելի,
Զի դու միայն ես երկայնամիտ, ներող, եւ քեզ փա~ռք յամենայնի:
Ամէն:   up

Մ.Խերանյան

Բան ԻԶ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ նրանց հետ, որոնք ողբագին եղանակների
Համաձայն խոսքեր են շարահարում, հորինում հարմար,
Ամեն մի տողի վերջում միևնույն գիրը դնելով,
Որով արտասուք հոսեցնելու չափ մորմոքեցուցիչ
Առավել սաստիկ ու սուր են ճմլում սրտի ցավերը,-

Ուստի ես ինքս գլուխն անցած այժմ այդպիսիների,
Որոնք լալագին բանաստեղծություն են եղանակում,
Նրանց ողբաձայն հեծեծանքներով վշտակիր հոգիս եմ պարզում ահա՛,
Որը չի մեռել դեռ բոլորովին աշխարհի համար,
Ոչ էլ իսկապես կենդանի է նա Աստուծո համար.
Ոչ իսկապես ջերմ, ոչ էլ ցուրտ իրոք,–
Ըստ ավետարանչի առակի՝ գրած իր Հայտնության մեջ86Հայտն. Գ. 15-16,–
Որը երիցս ատելի է Երրյակ տերությանն ու ամենատես արարչությանը:
Այս է եղանակն ամենահարմար՝ թախծությունը մեր նկարագրելու,
Հանգավորելով յուրաքանչյուր տող,
Որով և հոգու հույզերը տխուր և՛ս առավել են հնչում սրտառուչ:

Բ

Դրամական պարտքն ուրանալով, ես վատս, հիրավի,
Գործովս անարժան մատնվել եմ վաղ տույժ ու տուգանքի.
Կրկնահանցագործ վատնիչս կորած՝ գանձին արքունի,
Որ մեծ Աստուծո հաշիվ պետք է տա և պատասխանի.
Պետք է բյուր քանքար, մինչդեռ ես չունեմ կշիռ մի ունկի87Հմմտ. Մատթ. ԺԸ. 24:
Ես անբարեխոս դառն արգելքի տակ կապկապված գերի,
Ճաշակում եմ խիստ ցավ ու հեծություն խավարում բանտի.
Տանջվում եմ անօգ հեգ ողորմելիս առանց պաշարի.
Ինձ համար ողբի մի այլ եղանակ այստեղ ընտրեցի,
Եվ այս խոսքերովս այն կսկծալի կոծի փոխեցի.
Նույն չափով ու նույն վերջավորությամբ ես շարադրեցի,
Թիվ անհատելի և խորհրդավոր երկյակ տասնյակի88Այս բացատրությամբ ուզում է ասել, թե ոտանավորի հանգերը կազմված են Ի գրով, որը համազոր է քսանի (=երկյակ տասնյակ 2x10) և որ իբրև առանձին թիվ՝ ունի խորհրդավոր հանգամանք, ըստ ավետարանական առակի՝ տրված ու շահված քանքարների կամ վնասների գումարը՝ 20: Իմաստն այս է. «Այս ոտանավորի հանգերը ես նրա համար «ի»-ով:
Հնոցն աղքատության մրրկվում է ամեն կողմից ուժգնակի.
Անպաշտպան, թշվառ՝ դրված է տխուր սիրտն իմ գրավի.
Ապաշնորհ, տկար մարդ եմ ենթակա միշտ վրիպանքի,
Շուտով ինձանից անզիջում կերպով դատ կպահանջվի:
Զգայարանս մահվան ու մեղքի զենքով կխոցվի,
Գերիս՝ անփախուստ կերպով մատնված բռնի ախտերի,
Հոշոտում է ինձ սաստը սուր սրով իր սարսափելի:
Այժմվանից, նույնիսկ, երբ բեմն եմ հիշում ես դատաստանի,
Անլույս մռայլը չարատես աչքիս առջև կփռվի.
Անօգ, կապկապյալ եղկելիս մատնվել եմ տարակույսի.
Երևում է ինձ պատկերը երկյուղ ազդող վերնայնի:
Տարտարոսի մեջ անարև սաստիկ և անծածկելի,
Գեհենի հրում մորմոքվում է հույժ անձն իմ
եղկելի, Անհայտ ու անհետ կորած-կործանված անդնդում մեղքի:
Ահա ունեցածս արծաթն անպիտան, որ արժեք չունի,
Որ չի ընդունվի տերունի գանձում և չի ամբարվի:
Հանցանքս է պղտոր, և ձեռքս անմաքուր, աննվիրելի.
Բայց ես սրտաբեկ, մատներս շարժելով, հուսալով դարձի,
Երեսս հողին՝ պաղատում եմ քեզ, դու մա՜յր Հիսուսի.
Բարեխոս եղիր ինձ մեղավորիս, երկնի՛ց իսկուհի.
Մաղթիր քավություն ինձ, ո՜վ զորավոր փրկանակ կյանքի,
Թող երկրի վրա միշտ օրհնություններ, բուրումներ խունկի
Եվ անուշահոտ յուղեր մատուցվեն քեզ ախորժելի:

Գ

Իմ այս ողբերի հյուսվածքի վրա ես մի ուրիշ մաս ևս ավելացրի,
Շնորհապարգև մեծ բարերարին առատ արցունքներ ընծա բերեցի.
Չկարողացա չափելով երբեք գտնել խորությունն ես իմ կորուստի,
Հազիվ թե հակիրճ խոսքերով միայն ես նրան հանդես բերել ջանացի,
Չհասա նրան ես մինչև անգամ արագացնելով թևերն իմ մտքի:
Խորունկ մեղքերից խելքըս պարտըված՝ բարկության բաժակն իմ ձեռքը առի,
Տարակուսանքի տարտամությունն իմ ես ինքս իբրև մահ ճաշակեցի:
Եվ այժմ էլ, ահա, հանցանքներս անթիվ երգեցի ձայնովն իմ ողորմելի:
Մի աներևույթ բարկ կրակարան բորբոքվում է մեջս անզովանալի,
Ասես թե անտես հալոց-քուրաներ եռում են սաստիկ, անշիջանելի:
Թունավոր նետի սլաքներ կան սուր՝ շտեմարանի խորքը իմ սրտի.
Ցավառիթ խիթեր մահացու կերպով խոցում են բոլոր երակներս լյարդի:
Ճեպելու անճար՝ աղիքներիցս չեն կարող ելնել ցավերն երկունքի.
Երիկամունքներն իմ երկու կողմից այրում է ջերմը անդարմանելի.
Անչափ կուտակված դառն մաղձն ահա նախադուռն է իմ հասել կոկորդի:
Շնչափողիս մեջ հնչում են ուժգին վհատեցուցիչ ձայներ ավաղի,
Էությանս բազում մասերը՝ ներհակ իրար դեմ ելել են պատերազմի.
Կասկածանքների վախով վարանած՝ մատնվել եմ ես անհուն տագնապի,
Թեև հարազատ՝ ջարդում են իրար դավաճանաբար, ինչպես թշնամի,
Թաղված մեղքերի գարշելի տիղմում՝ ո՛չ մեռած եմ ես և ո՛չ կենդանի:
Հայացքս քեզ եմ ուղղում, բարերա՛ր, կասկածը սրտումն իմ պատժապարտի,
Որպեսզի կյանքի անհույս այս վիհից դուրս հանես դու ինձ լույսին անձկալի:

Դ

Նա, որ մատյանը այս շարադրեց՝
Երջանիկների շարքում պսակվի,
Ակնկալելով ողորմությունըդ՝
Անարատներին թող հաղորդակցի,
Եվ հանուն Բան-Աստծուդ զենման՝
Բարեգործությամբըդ կենդանանա,
Գովյալ շուրթերիդ օրհնությունը թող Գիրքս ընծայողի գլխին [միշտ] մնա,
Հաստվի ըղձական սողսոսնյան խոսքը առակի89Առակ. ԺԱ. 31::
Բարձրյա՛լ, քո Հոգով պատկերագրիր
Անեղծանելի նորոգման համար,
Քանի որ դու ես ներողը միակ,
Ո՛վ ներողամիտ, փա՜ռք քեզ հավիտյան: Ամեն:

Վ.Գևորգյան

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Ոմանք ողբայի ու կողկողաձայն 
Բանաստեղծություն եղանակելիս 
Տունն ավարտում են միևնույն գրով, 
Ջանալով այդպես առավել սաստիկ, 
Ցավատանջորեն ճմլել, մորմոքել 
Սրտերը՝ արցունք կորզելու համար:
Ահա և ես էլ արդարև, անցած 
Այդպիսի լալկան բանաստեղծություն 
Հորինող մարդկանց բազմության գլուխ, 
Նրանց ողբաձայն ավաղումներով
Վշտակիր հոգուս հեծեծանքները պիտի տարածեմ, 
Ես, որ լիովին մեռած չեմ թեև աշխարհի համար, 
Բայց և, իսկապես, կենդանի էլ չեմ Աստծո համար. 
Ո՛չ լրիվ ջերմ եմ, ո՛չ իսպառ սառած, 
Ինչպես ասված է Հայտնության գրքում, 
Երիցս ատելի՝ եռյակ տերության 
Եվ ամենատես բարձրյալ արարչին:
Այս եղանակը հարմար է թախծի
պատկերման համար. 
Թշվառություններն, այդպես կցորդված, 
Շաղկապված միմյանց նույն հանգավորմամբ,
միևնույն գրով. 
Ներկայանում են կրկնակի ողորմ ու սրտաճմլիկ:

Բ
Իսպառ ուրացած պարտքը տաղանդի՝ 
Ես ապիկարս, գործերով անարգ, 
Որպես արքունի գանձերի վատնիչ, 
Կրկնադատ, մեծին անճողոպրելի պատասխանատու 
Մի կալանավոր, փրկությունից զուրկ, 
Արժանի կերպով կանգնել եմ ահա 
Անխուսափելի պատժի հանդիման. 
Բյուր քանքար եմ պարտք, այնինչ գրպանում
չունեմ մի ունկի:
Եվ անբարեխոս փակված կապկպված
դառն արգելանում, 
Խավար բանտի մեջ ճաշակելով լոկ հեծեծանք ու լաց, 
Տանջվում եմ այսպես անպաշար, անօգ
ու անապավեն: 
Ի՞նչ է մնում ինձ, թե ոչ բարբառել 
Կոծ ու կսկիծով այսքա՜ ն ողբաձայն. 
Ընտրեցի այս չափն ու վերջույթը նույն 
Խորհրդավոր ու անհատնում թվով երկյակ տասնյակի: 
Բոլոր կողմերից ժանտ աղքատության
հնոցն է մրրկում.
Անպատսպար ու թշվառ, վշտաբեկ,
Ալեկոծ հոգով, միշտ ապաշնորհ ու սխալական
Մի մարդ եմ, սիրտս գրավի դրած:
Անողորմ հայցով ահա պիտ կանգնեմ
դատաստանի դեմ.
Մեղքի ու մահվան անտես զենքերով
Զգայարանս է գաղտնի խոցոտվում.
Փրկությունից զուրկ մի գերի եմ ես չարի բռնության.
Սաստի սուսերն է սուրսայր՝ խոցոտում
էությունն իմ ողջ:
Այժմ իսկ, ատյանի բեմը հիշելիս, 
Անլույս մռայլն է կանգնում չարատես աչքերիս առաջ. 
Պատկերանում է երկնային մեծի դեմքը ահարկու:
Սաստիկ անարև ու անպատսպար տարտարոսի մեջ՝ 
Տարակույսներով անօգ կապկպված,
Անպաշտպան, մոլար, մորմոքված այսպես
գեհենի հրով՝
Մեղքի վիհերում կործանվում եմ ես
ու կորչում անհետ:
Ունեցածս անարգ արծաթն անպիտան 
Չի ընդունվելու և չի ամբարվի տերունի գանձում:
Հայացքս է պղտոր, ձեռքս անմաքուր, աննվիրական: 
Բայց բեկված սրտով, մատներով դողդոջ՝
առած դարձի հույս. 
Երեսս հողին, պաղատում եմ քեզ, օ՜ մայր Հիսուսի, 
Երկնի իսկուհի, կյանքի փրկանա՛կ, 
Բարեխո՛ս եղիր ու մեղավորիս մաղթի՛ր քավություն. 
Դու, որին երկրից մատուցվում են միշտ 
Հոտանուշ յուղեր, խնկաբուրումներ և օրհներգություն:

Գ
Ողբերգության այս հյուսվածքին ահա 
Մի ուրիշ մաս էլ ավելացրի, 
Շնորհաձիրին ընծայելով նոր 
Արտասուքների առատ պտուղներ. 
Քննելով խորքերն անձիս կորստյան՝ 
Չափն ու սահմանը որոշել երբեք չկարողացա. 
Ջանացի գեթ այն մասամբ պատկերել, 
Սակայն լարելով ողջ արագությամբ թևերը մտքիս
Էության բնավ հասու չդարձա.
Եվ պարտությունն իմ բանականության 
Ձեռքս առած որպես բարկության բաժակ՝ 
Անզորությունն այդ հոգիս ծվատող
Իբրև ճաշակում մահվան ըմպեցի. 
Իսկ այժմ էլ անլուր վարանումներն այդ 
Խղճալի ձայնով երգ եմ դարձրել:
Մի աներևույթ բարկ կրակարան 
Բորբոքվում է մեջս անզովանալի, 
Ասես թե անտես եռում են սաստիկ՝ 
Անշիջանելի հալոց-քուրաներ,
Թունոտ նետերի սլաքներ են խոր
Մխրճված սրտիս շտեմարանում, 
Մահու տանջանքով լյարդս են խոցոտում 
Խիթերը, բռնած երակները ողջ, 
Տագնապի տենդն է, դուրս գալուն անզոր, 
Գալարվում անել աղիքներիս մեջ,
Անմար հրայրքն է լափել մոլեգին 
Երիկամներս երկու կողմերից, 
Անտանելի դառն մաղձն է կոկորդիս
նախադուռն հասել,
Շնչափողիս մեջ հնչում են խռպոտ
Ու հուսակտուր ավաղի ձայներ:
Իմ իսկ էության մասերն համորեն, մեկմեկու ներհակ, 
Պատերազմում են անվերջ իրար դեմ. 
Երկչոտությամբ ու տագնապով վարան՝ 
Տագնապի մեջ է այնտեղ ամեն ինչ.
Թեև հարազատ, բայց անհաշտելի ոսոխների պես 
Դավաճանաբար ջարդում են իրար:
Թաղված մեղքերի գարշելի տիղմում՝ 
Ո՛չ մեռած եմ ես և ո՛չ կենդանի։
Ու պատժապարտի կասկածոտությամբ՝ 
Հայացքս քեզ եմ ուղղել, բարերա՜ ր, 
Որպեսզի կյանքի այս անհույս վիհից 
Դուրս բերես դեպի լույսը անձկալի:

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ քանզի ընդ ողբաձայնիցն բանաստեղծութեանց վերընծայելոց
Զդրութիւն թուոցս յարմարեցի`
Կական եւ հեծութիւն, հառաչանք կողկողագինք,
Դառնութեան լալումն եւ արտասուաց երգ,-
Դարձեալ սկսայց զճառ պաղատանացս
Խոստովանաւրէն, զղջականաբար,
Զգաղտնածածուկն` յայտնաբարբառ,
Զի անդրադարձութեամբ սկսմամբն եւ վերջաւորաւքն բառիւք
Զնոյն համաձեւութիւն ի մի թախանձ նմին մաղթանաց
Հոգեկեցոյցն խոնարհութեան աստանաւր եդից:
Բ
Մեղա~յ մեծիդ բարերարութեան, անարգս մեղայ,
Մեղա~յ ծագմանդ ճառագայթից, խաւարս մեղայ,
Մեղա~յ շնորհացդ անբաւ երախտեաց, արդարեւ մեղայ,
Մեղա~յ սիրոյդ վերնում գթութեան, յայտնապէս մեղայ,
Մեղա~յ ստացողիդ յոչէութենէ, ստուգապէս մեղայ,
Մեղա~յ գերունակ գոգոյդ գրգանաց, անբաւս մեղայ,
Մեղա~յ աննուազ լուսոյդ վայելման, նենգողս մեղայ,
Մեղա~յ ճաշակման անճառդ կենաց, բազումս մեղայ,
Մեղա~յ անհաս պարգեւացդ ձրից, հանապազ մեղայ,
Մեղա~յ գովեալ մարմնոյդ Աստուծոյ, մահու չափ մեղայ,
Մեղա~յ պաշտելի արեան Արարչիդ, իսկապէս մեղայ:
Գ
Ահա, արդարեւ, աւրհնեալ է հատուած բանի
Յուսադրական սրտի այսր Մեղայ-ի:
Սոյն սա պատուելի աւանդ, անմոռաց պատուէր,
Հայրենեացն տուր, նախահարցն աւրէն,
Համայնից թոշակ, անհերքելի բան,
Զաւրաւոր պատասխանի, կենդանութեան կամուրջ,
Ախորժելի վերնոյն, սիրելի սրբոց,
Անխզելի կապ, հրաշալի բարբառ,
Անշրջելի պատճառ, բաղձալի աղերս,
Փափագելի սեղան, սրտաբեկ հնչումն,
Անհնարից ճարակ, կարծրութեան վանիչ,
Աստուածապաշտից սահման, հեթանոսաց գիրք,
Վաղնջուց կանոն, քրիստոնէից հարազատ,
Արարչութեանն յաղթող, անջրպետ հզաւր,
Խտրոց ահաւոր, արուեստ բարձրութեան,
Խորութիւն անչափ, հիացման տեսիլ,
Խորհուրդ կնքեալ, ընդ որ չիք ումեք անցանել,
Եթէ ոչ անըմբռնելի մտաց արագման զսա ծանիցէ:
Ձայն բարեպատեհ հրաշաւորական,
Որ ոչ յիշատակեցաւ ի վերջին դատակնիք դասուն լքելոյ.
Գուցէ առ նմին խզեալ համառաւտ
Զվրիժակն իրաւանց մահուն հասելոյ,
Յորմէ ընտրութիւնն ապագործ եղեալ`
Զսահմանն յաւիտենական քակտեսցէ:
Զարդ փառաց մեծութեան,
Որով նոյն ինքն աստուածութիւնն պսակեալ բարգաւաճի:
Դ
Քանզի ո՞վ ոք դիմեալ կալաւ զեղջերաց սեղանոյ այսր սրբութեան
Եւ ոչ առժամայն պրծեալ ի պատժոց` անարատ գտաւ:
Իսկ եթէ Աքար Զամրեան եւ Սաւուղ Կիսեան եւ Յուդա Սիմոնեան,
Ասելով զսոյն, ոչ արդարացան,
Եւ ես վկայեմ` իրաւամբք խոստովանեալ զայս պայման բանի,
Զի ակամայիցն բռնադատելոց ոչ է կատարեալ սէր,
Ուստի եւ ոչ բովանդակապէս փրկութիւն:
Ե
Իսկ ես կամաւ համբուրեմ` դարձեալ կրկնելով
Զերջանիկ բանիդ զմկրտութեան հարազատս:
Մեղա~յ երախտեացդ մոռացութեան, վերստին մեղայ,
Մեղա~յ մարմնոյ ձեռն յոգի հարեալ, յիմարս մեղայ,
Մեղա~յ առ կեանսդ դժրողութեան, իսկ եւ իսկ մեղայ,
Մեղա~յ բանիդ ապախտ առնելոյ, չարաչար մեղայ,
Մեղա~յ ի յաւր սատակման` ինձէն ստիպեալ, վատթարս մեղայ,
Մեղա~յ պարտականս անկենդան մահուն, ձաղելիս մեղայ,
Մեղա~յ անպատկառս քո բարձրութեան, տաղտկալիս մեղայ:
Զ
Վերջին ինձ կրկին աշխար հոգեւոր,
Զի ի կորուստ եւ ի կործանումն ինձ երեւեցաւ,
Զի անդարձս վարատեցայ,
Զի որդիս թշնամի գրեցայ,
Զի ի բարձանց երկնից ընկեցայ,
Զի փուշս վարուց դիզեցի:
Եւ եւս առ սմին ողբք աղաղակի,
Զի անձամբ զանձն անարգեցի,
Զի բագին կորուսչին գտայ:
Այլ իմն կսկիծ դժնդակ սրտի,
Զի զիս ունին, առ որ չեմ:
Զարտաքնայարդար բաժակս անմաքուր,
Զբռեալ որմս գարշունակ,
Զսին պարծանաւք պաճուճեալս,
Զլոյսս ի մռայլ շրջեալ,
Զգերանակիր ակնս թշուառացեալ,
Զջահս փառաց շիջեալ,
Զամենայնիս յամենայնի ամենայն իրաւք վնասակարս`
Առ տնաւրինականսն տէրունականս,
Առ յայտնութիւնսն աստուածայինս,
Առ երեւմունսն արարչագիրս,
Առ խոնարհութիւնսն սարսափելիս,
Առ այն, զոր տեսի աչաւք իսկ իմովք,
Առ որ մեծ է պատասխանատրութիւնս,
Քան առ համաւրէն Աւետարանին,
Զարմանս, հիացմունս,
Հոգս հալողականս, անդաճմունս անհնարաւորս,
Թուականութիւնս մտաց անբարդելիս,
Ելմունս անկատարս, իջմունս անհաստատս,
Յուսահատութիւնս յարմարականս,
Յանդիմանութիւնս պատշաճականս, ձաղանս պատեհագոյնս,
Նզովս իրաւացիս, անէծս արժանահատոյցս:
Արդ, այսոքիկ են մեղաւորիս իմ կշտամբութիւնք
Եւ ինքնահարուած տանջանաւորութիւնք:
Է
Եւ քանզի կարող ես զայս ամենայն զպարտս թողուլ
Եւ զխայթուածս մահու բժշկել,
Տէր ողորմութեանց, Աստուած բոլորից,
Քրիստոս թագաւոր, բարձրեալ Հաւր Որդի,
Ստեղծիչ, գթած, բարերար,
Աւրհնեալ, առատ, հարուստ,
Ահաւոր, հզաւր, ողորմած,
Տեսուչ, ձեռնկալ, հաստիչ,
Ապրեցուցիչ, դարմանիչ, կեցուցիչ,
Երկայնամիտ, անոխակալ, ապաւէն,
Բժիշկ, գովեալ, երկնաւոր,
Անճառ, լոյս, կեանք,
Յարութիւն, նորոգութիւն, քաւութիւն:
Ը
Եթէ հայեսցիս մարդասիրութեամբ,
Ըստ որում քոյդ են սովորութիւնք,
Նայեցեալ ի քեզ` կողկողիմ եւ ես:
Եթէ լուիցես` հառաչեմ,
Եթէ ունկն մատուցանիցես` պաղատիմ,
Եթէ անսայցես` աղերսեմ,
Եթէ ներեսցես` աղաչեմ,
Եթէ առ իս դառնայցես` գոչեմ,
Ապա թէ անտես առնիցես` կործանիմ,
Իսկ եթէ առ ոտն հարկանիցես` լամ,
Եթէ զոգեպահն ոչ ընծայեսցես` մեռանիմ,
Ապա թէ ահարկու դէմս ցուցանիցես` սատակիմ:
Իսկ եթէ սաստեսցես` դողամ,
Եթէ խեթիւ տեսանես` սոսկամ,
Ապա թէ սաստկանաս` սարսափեմ:
Եթէ հալածես` հեծեմ,
Իսկ եթէ ընդ վայր հարկանիցես` հերքիմ,
Եթէ զբոց վհատութեանս ոչ առցես` տագնապիմ,
Եթէ խստանաս` փախնում,
Ապա թէ սպառնաս` ընկճիմ:
Իսկ եթէ քննես` քարկոծիմ,
Ապա թէ ուժգին ակնարկես` սուզանիմ:
Եթէ ոչ անխայեսցես` մերժիմ,
Եթէ կոչեսցես` խիթամ,
Իսկ եթէ աչս յառեսցես` ամաչեմ,
Եթէ ձայն տացես` երկնչիմ:
Զբարեացն պարգեւ մատնեալ,
Զերանութիւնն թողեալ,
Զշնորհն լքեալ, զուխտն ցրեալ,
Զաւանդն կենաց մոռացեալ,
Զհամարձակութեանն վստահութիւն կորուսեալ,
Զստեղծիչդ էիս բարկացուցեալ,
Զանճառութիւն շնորհին ընդոտնեալ,
Զպատուոյն պատկեր այլայլեալ:
Թ
Իսկ եթէ առ այս խեղդ մահու հեծութեան ցաւոյ
Մարդասիրեալ առ իս ժամանեցուսցես, տէր Յիսուս Քրիստոս,
Զազդեալն Գիր լնանիլ ի յիս,
Եթէ բժշկութիւն դադարեցուցանէ զմեղս մեծամեծս,
Որով ամէնառատ քաղցրութեամբ պատուաստեալ ի քեզ,
Զքոյդ կերպարան լուսոյ նկարեալ յոգի`
Վերստին գտեալ պնդեցայց` քաւեալ եւ ստեղծեալ կրկին
Ի փրկութիւն անմահից կենացն անախտականաց,
Եւ քեզ, ընդ Հաւր, Հոգւովդ Սրբով փա~ռք յաւիտեանս:
Ամէն:   up

Մ.Խերանյան

Բան ԻԷ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Քանզի ողբաձայն բանաստեղծության հետ վերընծայեցի և՛ չափական խոսք,
Հյուսեցի կական ու կողկողագին հառաչ-հե- ծություն,
Դառնաթախիծ լաց, արտասվագին երգ,–
Այժմ վերստին պիտի սկսեմ պաղատանքներն իմ
Խոստովանորեն և զղջողաբար, բարբառելով բաց
Ու մերկանալով ծածուկն ու գաղտնին:
Որպեսզի սկիզբն ամեն մի տողի, ինչպես և վերջը միևնույն բառի կրկնությամբ,
Այս թախանձալից և նմանաձայն աղոթքը այստեղ ես պիտի դնեմ,
Որ խոնարհություն է հոգեկեցույց:

Բ

Մեղա՜ ես Մեծիդ բարերարությանն, անարգս՝ մեղա՜.
Մեղա՜ ծագումիդ ճառագայթների, խավարս մեղա՜.
Մեղա՜ շնորհիդ երախտիքներին, արդարև մեղա՜.
Մեղա՜ երկնային գթառատ լույսիդ, հայտնապես մեղա՜.
Մեղա՜ ոչնչից կյանք ստեղծողիդ, ստուգիվ մեղա՜.
Մեղա՜ գերագույն գոգիդ գրգրալիր, անսահման մեղա՜.
Մեղա՜ աննվազ լույսիդ վայելմանն, նենգողս մեղա՜.
Մեղա՜ ճաշակմանն անճառ քո կենաց, բյուր անգամ մեղա՜.
Մեղա՜ միշտ անհաս քո պարգևներին, հանապազ մեղա՜.
Մեղա՜ քո գովյալ մարմնին Աստուծո, մահու չափ մեղա՜.
Մեղա՜ Արարչիդ պաշտելի արյանն, իսկապես մեղա՜:
Ահա՛, արդարև, հատվածն այս խոսքի՝
«Մեղան» օրհնյալ է և հուսադրական, սրտերի համար:
Ավանդ է նա պատվական, անմոռաց պատկեր, հայրենական տուրք,
Նախահարց օրենք, պաշար ընդհանրական,
Անհերքելի խոսք, զորավոր պատասխան,
Կենդանության կամուրջ՝ ախորժելի՝ վերնայնին, սիրելի՝ սրբոց,
Անխզելի կապ, հրաշալի բարբառ, անժխտելի փաստ,
Բաղձալի աղերս, փափագելի սեղան, անճարներին ճար,
Կարծրության վանիչ, կարգ աստվածապաշտների,
Հեթանոսաց գիրք, վաղնջական օրենք,
Քրիստոնյաներին հարազատ և հաղթող՝ արարչությանն,
Անջրպետ հզոր, ահավոր խտրոց,
Բարձրագույն արվեստ, խորություն անչափ, հիահրաշ տեսիլ,
Կնքված խորհուրդ, որին չի կարող թափանցել ոչ ոք,
Արագաթռիչ միտքը մինչև իսկ անընդունակ է ըմբռնելու այն:
Ձայն բարեպատեհ և հրաշալի, որը չլսվեց,
Երբ դասը մերժված ընդունում էր իր վճիռը վերջին.
Գուցե և այնժամ ետ առնվեր իսկույն մահապարտության վճիռը արդար,
Որով դատաստանն այլևս անելիք չունենալով՝
Հավիտենական սահմանը պիտի լուծվեր, վերանար:
Մեծագույն փառքի զարդն է այն, որով նույնիսկ աստվածությունն ինքը կպսակվի պայծառորեն:
Քանզի ո՞վ էր, որ վազելով՝ բռնեց եղջյուրներից այս սուրբ սեղանի
Եվ ազատվելով իսկույն պատժից՝ չմաքրվեց90Հին օրենքի համաձայն Սեղանի եղջյուրներին փարվողը չէր ազատվում մահապատժից, մինչդեռ նոր օրենքի սեղանի այս եղջյուրներին, այսինքն մեղայի զղջման ապավինողը կփրկվի::
Իսկ եթե Աքար Քարմյանն ու Սավուղ Կիսյանը և Սիմոնյան Հուդան91Աքար Զարմյան (Քարմյան), որը գողություն արավ Երիքովի ավարից (Հեսու Է, 20): Սավուղը Իսրայելի թագավորն էր, իսկ Հուդան՝ մատնիչը: Այս երեքն էլ հանցավոր էին. առաջինը՝ գողության, երկրորդը՝ կամապաշտ անհնազանդության և երրորդը՝ տիրամարտության համար: Երեքն էլ թեև զղջացին, բայց նրանց զղջումն ընդունելի չեղավ:
«Մեղան» այս ասելով հանդերձ չարդարացան,
Վկայում եմ և ես իրավամբ, խոստովանելով, թե արդարացի էր ճշմարտապես:
Զի նրանք, որ ակամա և բռնադատյալ են այդ խոսքն արտասանում,
Չունեն կատարյալ սեր, հետևապես՝ և փրկություն:
Իսկ ես կամովին եմ համբուրում, կրկնելով դարձյալ խոսքն այդ երջանիկ, որ մկրտությունս է հարազատ:

Գ

Մեղա՜, որ մոռացա երախտիքներդ, վերստին մեղա՜.
Մեղա՜, որ եղա ես հանձնապաստան, հիմարս մեղա՜.
Մեղա՜, որ կյանքիդ դրժողը եղա, իսկ և իսկ մեղա՜.
Մեղա՜, որ խոսքերդ արհամարհեցի, չարաչար մեղա՜:
Մեղա՜, սատակման օրվան վազելուս, վատթարս մեղա՜.
Մեղա՜ պարտականս անկենդան մահվան, ծաղրելիս մեղա՜.
Մեղա՜ անպատկառս՝ բարձրությանդ հանդեպ, տաղտկալիս մեղա՜:
Դարձյալ ու վերջին անգամ աշխարանք իմ հոգու համար:
Ես ինքս եղա ինձ դեպի կորուստ-կործանում տանող,
Զի անդարձ կերպով հեռացա և որդիս՝ թշնամի համարվեցի,
Ընկա երկնքի բարձրությունից և վարքի փշեր դիզեցի:
Եվս առավել է սաստկանում ողբերիս աղաղակն ահա,–
Զի ես ինքս անձամբ անարգեցի Ու դարձըրի ինձ կորուսիչ բագին:
Ունեմ ես նաև մի այլ դժնդակ կսկիծ իմ սրտում.-

Ուրիշները ինձ համարում են այն, ինչ որ չեմ երբեք:
Արտաքնահարդար բաժակս անմաքուր,
Ծեփված որմս գարշելի,
Սին պարծանքներով պաճուճյալս, լույսս՝ մռայլի փոխված,
Գերանակիր աչք թշվառ, փառքի շիջած ջահ.
Հանցապարտ իրոք և վնասակար ամեն ինչի մեջ ըստ ամենայնի,
Հանդեպ տերունյան տնօրինությանց և աստվածային հայտնությունների,
Եվ արարչագիր երևումների և խոնարհությանց հանդեպ սոսկալի,
Եվ նրա հանդեպ, որին ես իմ իսկ աչքերով տեսա,
Եվ որի համար ես ավելի եմ պատասխանատու, քան թե համորեն Ավետարանի:
Եվ այդ է, որ ինձ պատճառում է զարմանք և հիացում,
Հոգսեր մաշողական և տարակույսներ անկարելի,
Հաշիվներ՝ մտքում անզետեղելի,
Ելքեր անկատար, էջքեր անհաստատ, հուսալքումներ,
Հանդիմանություններ տեղին ու ծաղրուծանակ,
Նզովքներ իրավացի և անեծքներ արժանահատույց:
Սրանք են ահա կշտամբությունները մեղավորիս
Եվ ինքնահարված տանջանքները իմ:

Դ

Միայն դո՛ւ կարող ես հանցանքներս ներել
Եվ բուժել մահացու խայթվածներն ամեն,
Տե՜ր ողորմության, Աստվա՛ծ բոլորի,
Քրիստոս թագավոր բարձրյալ Հոր Որդի,
Ստեղծիչ, գթած, բարերար, օրհնյալ առատաձեռն, հարուստ,
Ահավոր, հզոր, ողորմած տեսուչ, ձեռնկալ հաստիչ,
Ապրեցնող, դարմանող, փրկող,
Երկայնամիտ, անոխակալ, ապավեն,
Բժիշկ գովյալ երկնավոր, անճառ լույս ու կյանք,
Հարություն, նորոգություն և քաջություն,
Եթե համաձայն քո սովորության՝ մարդասիրությամբ նայես ինձ վրա,
Ես էլ նայելով քեզ՝ դառնապես կողբամ.
Եթե լսես ինձ՝ կհառաչեմ.
Եթե ականջ դնես՝ կպաղատեմ.
Եթե ներես ինձ՝ կաղաչեմ.
Եթե դառնաս դեպի ինձ՝ կգոչեմ.
Իսկ եթե անտես առնես՝ կկործանվեմ.
Եթե ոտնահարես՝ կուլամ.
Եթե հոգեպահիկ չընծայես՝ կմեռնեմ.
Ապա եթե ահարկու դեմք ցույց տաս՝ կսատակեմ.
Իսկ եթե սաստես՝ կդողամ.
Եթե խեթ աչքով նայես՝ կսոսկամ.
Եթե բարկանաս սաստիկ՝ կսարսափեմ.
Եթե հալածես՝ կհեծեմ.
Իսկ եթե ընդվայր զարկես ինձ՝ կոչնչանամ.
Եթե վհատ ողբերս չդադարեցնես՝ կտագնապեմ.
Եթե խստանաս՝ կփախչեմ.
Ապա եթե սպառնաս՝ կընկճվեմ.
Իսկ եթե քննես՝ կքարկոծվեմ.
Եթե ուժգնակի ակնարկես՝ կսուզվեմ.
Եթե չխնայես՝ կմերժվեմ.
Եթե կանչես՝ կկասկածեմ.
Իսկ եթե աչքդ հառես վրաս՝ կամաչեմ.
Եթե ձայն տաս՝ կերկնչեմ:
Զի անարգել եմ ես պարգևները բարի,
Երանությունը թողել, շնորհը լքել և ուխտը դրժել,
Կենաց ավանդը մոռացել,
Համարձակությունն ու վստահությունը կորցրել,
Արարածների ստեղծողիդ բարկացրել,
Անճառելի շնորհն եմ ընդոտնել Եվ պատվական պատկերն այլայլել:
Իսկ եթե խեղդող հեծությանս այս իմ ու ցավերիս մեջ
Մարդասիրություն հասցնես դու ինձ, Տե՜ր Հիսուս Քրիստոս,
Վրաս ի կատար ածելով խոսքն այն,
Թե՝ «Բժշկությունը դադարեցնում է մեծամեծ մեղքերն»,–
Ապա ես այնժամ քո առատագույն մարդասիրությամբ պատվաստվելով քո մեջ
Եվ նկարելով լուսեղեն պատկերդ խորքը իմ հոգու,
Նորից գտնված՝ կգոտեպնդվեմ քավված լիովին
Ու փրկվելով՝ կրկին կստեղծվեմ հավիտենական անարատ կյանքով.
Եվ քեզ Հորդ հետ և Սուրբ Հոգուդ փա՜ռք հավիտյան. ամեն:

Վ.Գևորգյան

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Քանզի նախընթաց գլուխներով քեզ
վերընծայեցի
Դարձյալ ողբաձայն բանաստեղծություն,
Հյուսելով կական, աղեկեզ հառաչ,
Դառնաթախիծ լաց, արտասվագին երգ,
Այժմ, այս գլխում, պիտի սկսեմ դարձյալ պաղատել
Խոստովանորեն ու զղջողաբար՝
Գաղտնածածուկներն ի ցույց դնելով:
Արդ, այստեղ խոնարհ ու հոգեկեցույց 
Աղերսն այս այնպես պիտի հարմարեմ,
Որ սկիզբը ու վերջը տողերի 
Արձագանքելով միմյանց շարունակ միևնույն բառով՝
Նույնաձայնությամբ խոսքը դարձնեն 
Առավել ազդու ու հոգեպարար:

Բ
Մեղա՜ ես մեծիդ բարերարության, 
Անարգս մեղա՛.
Մեղա՜ ծագումին ճառագայթներիդ, ՚
Խավարս մեղա՛,
Մեղա՜ շնորհիդ երախտիքներին, 
Արդարև մեղա՛.
Մեղա՜ երկնային գթառատ սիրուդ,
Հայտնապես մեղա՛.
Մեղա՜ արարչիդ՝ անէությունից,
Հավաստյավ մեղա՛.
Մեղա՜ գերագույն գոգիդ գրգալիր,
Անսահման մեղա՜.
Մեղա՜ աննվազ լույսիդ վայելման,
Նենգողս մեղա՜.
Մեղա՜ քո անճառ կյանքի ճաշակման, 
Բազմիցս մեղա՜.
Մեղա՜ քո անհաս շնորհատրման,
Հանապազ մեղա՜.
Մեղա՜ խնկելի մարմնիդ Աստծո,
Մահու չափ մեղա 
Մեղա՜ պաշտելի արյանն արարչիդ, 
Իսկապես մեղա՜։
Իրոք, հատվածն այս բանաստեղծության՝
«Մեղան» օրհնյալ է, հուսադրական՝ սրտերի համար.
Պատվական ավանդ, անմոռաց պատվեր,
Հայրենական տուրք, պապական օրենք,
հանրական պաշար, 
Անհերքելի խոսք, զորեղ պատասխան, 
Կենսակապ կամուրջ, ախորժ վերնայնին,
սրբերին հաճո,
Անխզելի կապ, հիասքանչ բարբառ,
անփոփոխ պատճառ,
Բաղձալի աղերս, ըղձալի սեղան, 
Սրտաշարժ հնչյուն, անճարների ճար, 
Կարծրության վանիչ, պաշտամունքի կարգ, 
Հեթանոսաց գիրք, վաղնջուց կանոն,
Քրիստոնյային հարազատ, հաղթող արարչության իսկ, 
Հզոր անջրպետ, ահավոր միջնորմ, 
Արվեստ բարձրության, խորություն անչափ, 
Հիացման տեսիլ, կնքված մեծ խորհուրդ, 
Որով թափանցել չի կարող ոչ ոք. 
Արագաթռիչ միտքը մինչնիսկ 
Անընդունակ է այն ըմբռնելու։
Ձայն է բարեդեպ ու հրաշալի, 
Որը չհիշվեց, երբ դասը լքված 
Ընդունում էր իր վճիռը վերջին,
Այլապես, թերևս, հենց այնժամ իսկույն 
Մահապարտության պատիժը արդար՝ կարճված
բեկանվեր,
Որի շնորհիվ և ընտրությունը դառնար ավելորդ,
Ու դատաստանը հավիտենական լուծված վերանար։
Մեծ դարդ է փառքի, որով մինչևիսկ 
Աստվածությունն է պսակված ծաղկում. 
Զի ո՞վ վազելով բռնեց եղջյուրներն այս սուրբ սեղանի 
Եվ իսկույն, պատժից պրծած, չամոքվեց։
Իսկ Աքար Զարմյան, Սավուղ Կիսյան
ու Սիմոնյան Հուդան,
Եթե ասելով այս՝ չարդարացան,
Հաստատում եմ ես, որ տեղին էր այդ ու իրավացի. 
Քանզի ակամա բռնադատվածը չունի անկեղծ սեր,
Ուստի չի կարող նաև ստանալ լրիվ փրկություն։
Իսկ ես կամքովս եմ համբուրում, սրտանց
Կրկնելով դարձյալ բառն այդ երջանիկ,
Որ հարազատն է իմ մկրտության։

Գ
Մեղա՜, որ այսպես մոռացա բոլոր 
Երախտիքներդ, վերստին մեղա՜, 
Մեղա՜ մարմնապես՝ հոգիս եղծելով, 
Հիմարս մեղա ՜.
Մեղա՜, որ կյանքիդ՚ դրուժան եղա, 
Իսկ և իսկ մեղա՛.
Մեղա՛ խոսքերդ արհամարհելով, 
Չարաչար մեղա՛. 
Մեղա՜ օրհասիս աճապարելով, 
Վատթարս մեղա՛. 
Մեղա՜ ինքս ինձ անկենդան մահվան 
Դատապարտելով, ձաղելիս մեղա՛. 
Մեղա՛ հեստաբար բարձրությանդ՝ հանդեպ 
Անամոթելով, տաղտկալիս մեղա՛:
Սահման չունեն իմ ողբերն հոգեկան, 
Քանզի կործանում ու կորուստ գտա ինքս իմ ձեռքով. 
Լքվեցի անդարձ ու համարվեցի որդիս թշնամի. 
Գահավիժեցի երկնի բարձունքից 
Ու վարքի փշեր դիզեցի բարդ-բարդ: 
Ամոքում չունի ցավն իմ ողբաձայն, 
Երբ ինքս անձամբ ինձ անարգեցի 
Ու դարձա իմ իսկ կորուսչի բագին:
Բայց ունեմ նաև սրտի մի ուրիշ դժնդակ կսկիծ. 
Համարում են ինձ այն, ինչ ինքս չեմ. 
Մինչդեռ անմաքուր բաժակ եմ միայն
արտաքնահարդար, 
Ծեփված ու ներկված որմ եմ գարշելի, 
Մի պճնամոլ եմ սին պարծանքներով, 
Մռայլի փոխված լուսավորություն, 
Գերանակիր աչք, փառքի մարած ջահ 
Ու մի հանցապարտ, ըստ ամենայնի, 
Ամեն ինչի մեջ, բոլոր կողմերով, 
Ե՛վ տերունական տնօրինության,
Ե՛վ աստվածային հայտնության հանդեպ,
Ե՛վ արարչագիր երևումների,
Ե՛վ սարսափազդու խոնարհումների,
Ե՛վ նրա, որ իմ աչքով իսկ տեսա
Եվ որի հանդեպ շատ ավելի եմ պատասխանատու,
Քան թե բովանդակ ավետարանի:
Այս է, որ ահա պատճառում է ինձ
զարմանք ու սարսափ, 
Հալումաշ անող դժնդակ հոգսեր. 
Անսփոփելի մտատանջություն,
Անհամար, մտքում անզետեղելի վիշտ ու տվայտանք,
Անկատար վերելք, անհաստատ վայրէջք,
Անամոքելի հուսահատություն,
Պատշաճ նախատինք և ծաղր ու ծանակ,
Արժանահատույց և իրավացի անեծք ու նզովք.
Ահա պատիժներ ու ամբաստանքներ,
Որ կրում եմ ես ինքնահարված ու տաժանալլուկ:

Դ
Դու կարող ես լոկ հանցանքներս ներել, 
Բուժել մահացու խայթվածքներս ողջ, 
Տե՜ր ողորմության, Աստված բոլորի, 
Քրիստոս արքա, որդի բարձրյալ հոր, 
Ստեղծիչ, գթած, բարերար, օրհնյալ, առատապարգև, 
Ահավոր, հզոր, ողորմած, հոգած, 
Զեռնկալ, հաստիչ, փրկիչ, դարմանող,
Կենարար, ներող, անոխ, ապավեն,
Երկնավոր բժիշկ, անապատում լույս, կյանք,
Կենդանացուցիչ, նորոգիչ, քավող,
Եթե, համաձայն քո սովորության,
Մարդասիրաբար հայացք ուղղես ինձ,
Ես էյ նայելով քեզ՝ պիտի ողբամ,
Եթե լսես ինձ, պիտի հառաչեմ,
Եթե ունկնդրես, պիտի պաղատեմ,
Պիտի աղերսեմ, եթե ինձ անսաս,
Եթե ինձ ներես, պիտի աղաչեմ,
Կգոչեմ, եթե դեպի ինձ դառնաս։
Իսկ եթե անտես անելու լինես, ես կկործանվեմ, 
Կարտասվեմ, եթե ընդոտնես հանկարծ, 
Կմեռնեմ, եթե հոգեշահ չտաս, 
Եթե ահարկու դեմք ցույց տաս, պիտի
տանջամահ լինեմ,
Եթե սաստելու լինես, կդողամ, 
Կսոսկամ, եթե խեթ աչքով նայես, 
Եթե սաստկանաս, պիտի, սարսափեմ, 
Եթե հալածես, կհեծեմ թշվառ, 
Եթե երեսից ձգես, կկորչեմ,
Կտանջվեմ, եթե չխափանես բոցն այս վհատության, 
Եթե խստանաս, կփախչեմ ահով, 
Կընկճվեմ, եթե սաստիկ սպառնաս, 
Իսկ եթե քննես, պիտի քարկոծվեմ, 
Կսուզվեմ, եթե կշտամբես ՛ուժգին,
Թե չխնայես, կլքվեմ անհույս, 
Եթե կանչես ինձ, պիտի տագնապեմ, 
Կամաչեմ, եթե աչք հառես վրաս, 
Իսկ եթե ձայն տաս, պիտի երկնչեմ։
Զի անարգել եմ պարգևը բարյաց, 
Երանությունից ձեռ քաշել իսպառ, 
Շնորհը լքել, դրժել ուխտը քո, 
Ավանդը կյանքի մատնել մոռացման, 
Վստահությունն ու հույսս կորցրել, 
Բարկացրել եմ ամենաստեղծիդ, 
Ոտնակոխ արել շնորհներն անճառ, 
Եղծել պատկերը պատվական ու վեհ:
Եթե մահախեղդ ու հեծեծագին այս
ցավերիս մեջ
Մարդասիրություն հասցնես ինձ,
տե՜ր Հիսուս Քրիստոս, 
Վրաս ի կատար ածելով խոսքն այն, 
Թե ամենամեծ մեղքն իսկ ամոքում, 
Դադարեցնում է բժշկությունը, 
Ապա ես այնժամ քո ամենառատ 
Քաղցրությամբ ամուր պատվաստվելով քեզ, 
Հոգով վերստին ձևավորված քո յույս կերպարանքով, 
Նորից գտնված՝ կգոտեպնդվեմ քավված լիովին 
Ու փրկագործված կվերստեղծվեմ 
Կրկին անարատ ու անմահ կյանքով: 
Եվ քեզ, սուր՜ Հոգով, բարձրյալ հորդ հետ 
Փա՜ռք հավիտենից հավիտյանս, ամեն:

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, զո՞րս յայտնեցից
Եւ յաղագս ո՞յց նշանակեցից
Եւ վասն ո՞րպիսեաց ճառեցից
Եւ զո՞րքան ծածկեալս մերկացուցից
Եւ կամ վասն որո՞ց խոստովանեցայց.
Զներկայի՞ցս, զոր արդէն ունիմ,
Թէ՞ զանցելոցն, զոր մթերեցի,
Զապագայի՞ցն, յորոց կասկածեմ,
Թէ՞ զբազմասահ շարժութեանցն, յորոց գլորեցայ,
Զփո՞քրն ինձ համարեալ, որ է Աստուծոյ մեծ գրեցեալ,
Թէ՞ զանկերպագրելին չյիշատակելի,
Զնուա՞զն, որ է առաւել,
Թէ՞ զթեթեւագոյնսն, որ են ծանունք,
Զհոգեկանա՞ցն կրից կորուսչաց,
Թէ՞ զմարմնականաց ախտից սպանողաց,
Զառ դրունս հեշտականա՞ցն,
Թէ՞ զծայրակոտոր վնասակարութեանցն,
Զաներեւութի՞ցն, թէ՞ զտեսականացն,
Զառ ձեռն հպաւորութի՞ւն,
Թէ՞ զառ նոյն ինքն շունչ հեռաւորութիւն,
Զլայնակա՞նն դիւրին խածմունս,
Թէ՞ զերկարաւորն նետաձգութիւն,
Զխորութեա՞նն զանչափութիւն,
Թէ՞ զամենածախն յայտնատեսիլ,
Զյոգնագլո՞ւխն պոռնկութիւն,
Թէ՞ զառողջութեանն անբժշկութիւն,
Զպարարո՞ւմն չարին մարմնովս,
Թէ՞ զսովիլն բարւոյն հոգւովս,
Զխնամո՞վն հանդիսանալ յոչ ախորժելիսն Աստուծոյ,
Թէ՞ զբռնադատութեանն տոռամբ ձգիլն ի նոյն մոլեգնութիւն,
Զառ ի մա՞հն մեղաց,
Թէ՞ զընդունայնութեանն կարծեաց:
Բ
Արդարեւ, որպէս կամաւ խելագար, զերծեալ ի ձորձոյ`
Զառականացս տեսիլ յանդիմանեցի`
Զընդդէմսն գործեալ իմաստնոյն,
Որ թէ հանճարեղքն վերարկեսցեն զամաւթս իւրեանց.
Աւտարացեալս ի կրաւնից, հեռացեալս ի կարգաց,
Ի սրբութեան` անսուրբ, ի կուսութեան` անմաքուր,
Յարդարութեան` ամբարիշտ, ի բարեպաշտութեան` վնասապարտ,
Բերանովս` մերձ առ ստացողն, եւ հեռի` երիկամամբք,
Շրթամբքս պատուամատոյց, ըստ մարգարէին, այլ ոչ եթէ սրտիւս:
Եւ եթէ պարտ է զքստմնելիսն ասել աստանաւր,
Չար քան զտանջանսն յանդգնութիւն,
Իբր զուր իմն պաշտաւնատարս Աստուծոյ,
Ի միտս անկայունս երկեակ ճանապարհաւ մահու վարանեալս.
Ջանամ, եւ ոչ ինչ աւգտիմ,
Պնդիմ, եւ ոչ հասանեմ,
Փութամ, եւ ոչ ժամանեմ,
Անձկամ, եւ ոչ տեսանեմ,
Փափագիմ, եւ ոչ հանդիպիմ,
Կարաւտիմ, եւ ոչ պատահիմ,
Ունիմ զամենայն երկրի
Եւ եմ պատգամաւոր աղաւթանուէր ամենայն աշխարհի:
Գ
Այլ թող զբազումս զայսոսիկ, բարերար, եւ մի ունիցիս,
Դիւրինք են քեզ զսոսին եղծանել,
Քան ինձ տաժանաւորս աջով նկարել:
Վասն այնորիկ գրեցի առանց խնայելոյ,
Զի դու առատապէս ջնջեսցես, աւրհնեալ:
Որ վասն մեր` մեղաւորացս երկայնամիտ անուանեցար,
Ըստ մաղթանաց բանի հեծութեան սրտի Եզրի երջանկի,
Յոյժ նեղեալ անձն եւ ձանձրացեալ հոգի
Բանին յիշատակաւ, որ զսոյն պատմէ,
Յամենայն կրից մահացուցանողաց վտանգեալ,
Անկեալ ի վիհ գարշութեան մեղաց անդնդականաց ապականութեանց,
Քանզի չհաւատամ, թէ լսես իսկ ինձ, ըստ Յոբայ ձայնին:
Արդ, ես ինձէն ինքնադսրով, անձնադատ գերի,
Կամաւորապէս մատն եղեալ բնութեանս,
Արգելի, փակեցի, կնքեցի առ յինէն
Յամենայն մասանց զկենացն հնար,
Զի ի փրկութիւն մեղաւք կապելոյս կրկին մեծասցիս` գովեալ:
Դ
Եւ քանզի ի մարգարէէն բարւոք է խրատեալ,
Փորձ գտցուք մաղթել ընդ նմին` հոգւով քո երգեալ,
Յուսով հաստատնով ի քեզ ապաստանեալ.
Առէք ընդ ձեզ բանս, ասէ Ովսէէ,
Եւ դարձարուք առ Տէր Աստուած ձեր,
Եւ ասացէք ցնա` Կարող ես թողուլ զմեղս,
Զի ընդունիցիք զբարիս,
Եւ վայելեսցեն ի բարութեան անձինք ձեր:
Ահա Աստուած խաւսեցաւ, եւ ո՞վ է, որ ոչ լուիցէ,
Նոյն ինքն վկայեաց, եւ ո՞վ է, որ ոչ հաւատասցէ:
Ե
Արդ այսոքիկ վճիռ պաշտելի,
Նուիրեալ պայման, սահման նոյնագոյ,
Կենաց աւետիս, կէտ տէրունի, դուռն բարութեան,
Սփոփանաց հրաւէր, ճշգրիտ պատկեր,
Անստգիւտ գանձ, անմոռաց յիշատակ:
Այսու առ սոյն եւ ես, հաւատ ընկալեալ,
Աստուստ վկայեմ սմին ընդ մարգարէին.
Կարող ես յամենայնի թողուլ զմեղանս բազմաբեղունս,
Եւ եւս զաւրասցիս` կրրկին բարձրացեալ
Առ ամենաթշուառ, կործանեալ հոգիս:
Յամենայնի իշխես, ամենայնի բաւես,
Ամենայն ուրեք հասանես,
Ամենից բռնութեանց յաղթես,
Զամենայն կարծրութիւն փշրես,
Զամենայն ընդդիմահար վանես,
Զամենայն խստութիւն վատնես,
Զամենայն սրացեալ ընդոտնես,
Զամենայն դառինս անուշես,
Զամենայն դժուարամոքելիս քաղցրացուցանես,
Զամենայն պարտս շնորհես,
Զամենայն յանցանս թողուս:
Կարող ես, զաւրաւոր, հնարաւոր, ամէնարուեստ,
Զամենեցուն զմեղս ընկղմել եւ չքացուցանել բառնալ ի միջոյ,
Իբր զճաճանչ փոքու կայծական, սահմանեալ ի չափ ոչէից,
Անկեալ, ընկլուզեալ, կորուսեալ ի տիեզերատարածն ծովու:
Զ
Արդ, բանիւ մաղթանաց վերծանողացն այսմ մատենի
Ողորմեա վասն խաչի եւ չարչարանաց
Եւ մահու Որդւոյ քոյ, Հայրդ գթութեան,
Սկիզբն առաքողի ողբերգութեան ձայնի այսմ արտաւսրածին նուագի,
Որ զայս դեղ փրկութեան կենաց մեզ յարմարեցոյց,
Եղիցի բժշկեալ յանուն քո, հզաւր:
Որ հետս ելից խոստովանութեան մեզ նկատեցոյց
Այսու պայմանաւ պատշաճականաւ,
Լիցի անարատ յիւրոցն պարտեաց:
Որ զհպարտութեանն թեւս հարթել մեզ վարդապետեաց
Ի սոյն կանոնի կենաց պատգամի,
Եղիցի զերծեալ ի չար կապանաց մահու արկածից
Սկզբնականաց, վերջնոց եւ միջնոց,
Երրորդութեամբդ բարեգործեալ,
Ի նորոգութիւն լուսաւորութեան.
Ընդ որում եւ մեք գրեսցուք` երջանիկ գտեալ ընդ սմին:
Է
Արդ, այսքանեացս անբաւից հրաշից հանդերձիչ,
Հայր ամենաստեղծ, անունդ ահաւոր, ձայն սարսափելի,
Կոչումն ընտանի, բան համբուրելի,
Ազդումն սքանչելի, հրաման սոսկալի,
Էութիւն անքննելի, գոյութիւն անճառելի,
Իսկութիւն անբաւելի, զաւրութիւն անզննելի,
Կամք ամենաբարի, տէրութիւն անսահմանելի,
Մեծութիւն անչափելի, բարձրութիւն անբովանդակելի,
Որքանութիւն անկշռելի, առաւելութիւն անհասանելի,
Պատճառ Որդւոյ հայրութեամբ, այլ ոչ նախադրութեամբ:
Քեւ եւ ի ձեռն քոյդ անպարագիր զաւրութեանդ
Սաստեա տագնապող եւ դիւական տենդիս ջերմութեան,
Որ սպրդեալ մուծաւ ընդ մեղաց,
Զի փախիցէ ի մարդոյս`
Զարհուրեալ ի սխրալի եւ յանբաւելի արեան վտակի գառինդ երկնաւորի,
Որով սրսկեալ միանգամ` ի մշտնջենաւորս համայն մաքրեցաք:
Ը
Եւ արդ, յայս պատկառելի խոնարհութենէ արարչակերտս խորհրդոյ
Ամաչեսցէ սատանայ ի գործս չարեաց իւրոցն հրեշտակաց,
Տանջեսցի եւ հալածեսցի`
Հեռացեալ եւ արտաքս առաքեալ
Ի շինուածոյ խորանէ քումդ բնակութեան յարտաքին խաւարն:
Եւ ջնջեալ մաքրեա զարտասուս ողբոցս ի դիմաց մերոց,
Եւ զհառաչումն ձայնիս հեծութեան` ի սրտից մերոց:
Եւ յիշատակաւ հարման հեղուսիցն
Քստմնափուշ, տաժանատեսիլ ոգեպահանջից,
Որով պնդեցաւ միածինդ քո յաշտարակ խաչին,
Ցաւեսցի չարին:
Եւ ի կողահերձ, սայրասուր սլաքէ ուժգին բախմանէ,
Որով զվէրն մեծ ընկալաւ,
Իսպառ սատակեսցի սկզբնարար մահուն:
Եւ զի խոնարհեցոյց զգովեալն գլուխ
Յաւանդել զհոգին ի ծոց քո, բարձրեալ,
Ապստամբութիւն անբարի բարուցն Բելիարայ
Ի կոր կործանեսցի` ամենայնիւ հերքեալ ի կորուստ:
Եւ զի ղաւղեալ ծածկեցաւ անմահն իսկութիւն յորովայնի երկրի,
Այսու ամբարձեալն հպարտութիւն կարծեալ գոռոզին
Ի յատակս մահու դժոխոց մթին ստուերին յառեալ դիտեսցէ
Եւ յիշեսցէ զառաջին հարուածն անբժշկական,
Որով մահացու դիմամարտութիւն թունից վիշապին
Կենարարն կրիւք ամենազաւրին:
Թ
Վասն զի ի փառս քո, Հայր ողորմութեան,
Իբր ի գովեստ Որդւոյ քոյ, Հոգւովդ Սրբով զայս խոստովանիմ.
Քանզի ոչ պիտակ ինչ սոսկ զաւրութեանն ունի զմիւսմէն
Առ մի խորհրդականն խորութեան,
Այլ զանսկիզբն Բանդ անձնաւոր
Ընդ անժամանակդ Հաւր փառաւորեմք:
Եւ քեզ միայնոյ` Սուրբ Երրորդութեանդ,
Հաւասարապատիւ տէրութեանդ,
Համաբուն, անբաժին ինքնութեանդ
Աւրհնաբանութիւն, գոհութիւն, զաւրեղութիւն
Եւ անճառ վայելչութիւն մեծութեան, բարեվիճակ հարթութեան,
Զուգակշիռ հաւասարութեան յաւիտեանս:
Ամէն:   up

Մ.Խերանյան

Բան ԻԸ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ, ո՞ր մեղքերս հայտնեմ և կամ որո՞նք մատնացույց անեմ,
Որպիսիների՞ մասին ես խոսեմ.
Որքա՞ն ծածուկ հանցանքներ մերկացնեմ կամ որո՞նք խոստովանեմ,–
Ներկայիննե՞րը, որոնք արդեն ունեմ,
Թե՞ անցյալինները, որոնք կուտակեցի.
Գալիքնե՞րը, որոնցից վախենում եմ,
Թե՞ գայթումներս բազում, որոնք ինձ գլորեցին.
Փո՞քրն իմ կարծիքով, որը սակայն մեծ է համարում Աստված,
Թե՞ անմարմինը, որն հիշատակել մինչև իսկ չարժե,
Քի՞չը, որ շատ է, թե՞ թեթևները, որոնք ծանր են ու խիստ.
Հոգեկան կրքե՞րը կորստաբեր, թե՞ մարմնական ախտերն սպանիչ.
Հեշտառիթնե՞րն սկզբում, թե՞ վերջում վնասողները,
Աներևույթնե՞րը, թե՞ տեսանելիները.
Ձեռքով շոշափվողնե՞րը, թե՞ հեռվից շնչողները.
Լայնակի դյուրին խածոտողնե՞րը92Մեղքի չորս կողմը գործած ավերներն է ակնարկում:, թե՞ երկարորեն արձակված նետերը.
Խոր խոցողնե՞րը, թե՞ հայտհանդիման սպառողները.
Պոռնկությո՞ւնը բազմագլխյան, թե՞ հիվանդությունն անբժշկելի.
Չարի պարարո՞ւմը մարմնովս, թե՞ բարուն սովելը հոգովս.
Աստուծո համար անախորժներին տածած խնամքնե՞րս,
Թե՞ բռնադատման պարանով ձգվելս նույն մոլեգնությանը.
Դեպի մահ տանող մեղքե՞րը, թե՞ խոհերն ունայն:

Բ

Արդարև որպես կամավ խելագար, ձորձերս հանելով,
Ամոթույքս ցուցադրեցի ես, գործելով ընդդեմ իմաստունի.
Թե՝ խոհեմները ամոթույքն իրենց պետք է որ ծածկեն93Առակ. ԺԲ. 16:
Հեռացել եմ ես բարի կարգերից և օտարացել առաքինության,
Սրբության մեջ եղել եմ անսուրբ և կուսության մեջ՝ անմաքուր,
Արդարության մեջ՝ ամբարիշտ, բարեպաշտության մեջ՝ վնասապարտ.
Բերանովս մոտ եմ ստեղծողին և խորհուրդներով՝ հեռու,
Շրթունքներովս եմ ես պատվամատույց, ըստ մարգարեի, և ո՛չ թե սրտովս94Եսայի ԻԹ. 13:
Եվ եթե պետք է քստմնելիներ ասել այստեղ,-
Մի հանդգնություն, որ տանջանքներից ծանր է ավելի,-
Որպես Աստուծո պաշտոնյա անպետ, անկայուն մտքով,
Դեպի մահ տանող զույգ ճամփաների միջև վարանած՝
Ջանում եմ ու չեմ շահում ոչինչ,
Հետապնդում եմ ու չեմ հասնում, Շտապում եմ ու չեմ ժամանում,
Փափագում եմ ու չեմ հանդիպում, Ունեմ ամենայն ինչ երկրավոր,
Եվ պատգամավոր եմ աղոթանվեր համայն աշխարհի:
Բայց դու, բարերա՛ր, ներիր այս բազում իմ հանցանքները և միտ մի՛ բերի.
Քանզի դյուրին է քեզ համար ջնջելը նրանք,
Քան թե ինձ համար նկարագրելը հոգնատանջ ձեռքով:
Ուստի գրեցի առանց խնայելու,
Որպեսզի դու էլ առատապես ջնջես, օրհնյա՜լ:
Չէ՞ որ մեղավորներիս համար կոչվեցիր դու երկայնամիտ,–
Ինչպես աղոթեց Եզրասն երջանիկ՝ սրտի հեծությամբ,
Երբ հո՜ւյժ անձկությամբ և վհատ հոգով հիշեց գործերն այն, որ պատմում է նա:
Ամեն տեսակի մահացու կրքերով տանջվում եմ ես,
Ընկած գարշելի վիհը՝ դժնդակ և ապականիչ մեղանչումների:
Եվ չեմ հավատում, թե մինչև անգամ կլսես դու ինձ, ինչպես Հոբն է ասում:
Արդ, ահավասի՛կ, ես ինքնապարսավ, անձնադատ գերի՝ 
Կամավորապես ինքս ինձ մատնելով,
Ապրելու բոլոր հնարներն իմ առջև փակեցի,
Խափանեցի ու կնքեցի ամուր ամեն կողմից,
Որ փրկելով ինձ՝ մեղքերով կապկապվածիս՝
կրկնակի անգամ մեծանաս, գովյա՜լ:

Գ

Եվ սակայն հետևելով մարգարեի բարեխրատ խորհուրդներին,
Մենք էլ նրա հետ աղոթենք պիտի Հոգովդ երգելով,
Հաստատուն հույսով քեզ ապավինած:
«Խոսքեր առեք ձեզ հետ,– ասում է Ովսեեն,–
դարձեք ձեր Տիրոջն ու ասացեք նրան.
«Կարող ես դու մեր մեղքերը ներել», որպեսզի բարիք ստանաք,
Եվ ունենաք վայելք բարօրության»:
Աստված ահա խոսեց և ո՛վ է, որ չկամենա լսել.
Նույն ինքը վկայեց, և ո՛վ է որ չուզենա հավատալ:
Արդ, այս խոսքերն են՝ վճիռ պաշտելի,
Սրբազան պայման, օրենք անփոփոխ,
Կենաց ավետիս, նշան տերունի և բարության դուռ,
Սփոփիչ հրավեր և ճշգրիտ պատկեր,
Անպակասելի գանձ, անմոռաց հիշատակ:
Առ այս, և ես հավատալով՝ հաստատում եմ այդ՝ մարգարեի հետ,
Թե կարող ես ներել բոլորովին մեղքերս բազմաբեղուն:
Եվ այդպիսով՝ ավելի պիտի մեծանաս դու ու բարձրանաս կրկին
Իմ կործանված և ամենաթշվառ հոգու հանդեպ:
Ամեն ինչում կարող ես դու, բավարարում ես բոլորին և հասնում ամենուրեք,
Հաղթում ես բոլոր բռնություններին և փշրում կարծրություններն ամեն.
Վանում ես ամեն ընդդիմադիր ուժ և վատնում ամեն խստություն.
Ընդոտնում ես ամեն սրություն և բոլոր դառնություններ անուշացնում,
Քաղցրացնում ես բոլոր դժվարամոքելիները,
Բաշխում ես պարտքերը բոլոր և ներում հանցանքներն ամեն:
Կարող ես, զորավոր, հզոր, հնարավոր ես դու և ամենարվեստ՝
Ընկղմել բոլորի մեղքերը, չքացնել ու բառնալ մեջտեղից.
Ինչպես փայլն այն փոքրիկ կայծի, չնչին չափազանց և չքոտի,
Որ ընկնելով ծովը տիեզերատարած՝ կորչում է իսպառ:

Դ

Արդ, մատյանն այս վերծանողների աղոթքների խոսքով,
Ողորմի՛ր Որդուդ խաչի և մահվան չարչարանքների համար, Հա՜յր գթած,
Որ նախապատճառն եղավ ողբաձայն և արտոսրածին իմ այս նվագի,
Եվ որ պատրաստեց կենաց փրկության դեղն այս մեզ համար,
Թող ի՛նքն էլ բուժվի քո անվամբ, հզո՜ր:
Նա, որ մեզ այսպես խոստովանության ճամփան ցույց տվեց,
Թող իր պարտքերից լինի անարատ:
Նա, որ հպարտության թևերը կտրել վարդապետեց մեզ կենաց կանոնի այս պատգամներով,
Թող որ ազատվի բոլոր մահառիթ պատահարների չար կապանքներից
Եվ Երրորդությանդ բարեգործությամբ նորոգվի դարձյալ և լուսավորվի.
Ընդ որում և մե՛նք պիտի համարենք մեզ երջանկացած:

Ե

Դո՛ւ, որ այսքան շատ հրաշքներ ես գործել,
Հայր ամենաստեղծ, անուն ահավոր, ձայն սարսափելի,
Կոչումն ընտանի, խոսք համբուրելի, ազդումն սքանչելի,
Հրաման սոսկալի, էություն անքննելի, գոյություն անճառելի,
Իսկություն անբավելի, զորություն անզննելի, կամք ամենաբարի,
Տերություն անսահմանելի, մեծություն անչափելի, բարձրություն անբովանդակելի, Քանակություն անկշռելի, առավելություն անհասանելի,
Պատճառ Որդու՝ հայրությամբ, այլ ո՛չ նախադաս լինելով.
Քո միջոցով և անպարագիր քո զորության շնորհիվ
Սաստի՛ր տառապեցնող ու դիվական տենդիս ջերմությունը,
Որ սպրդելով՝ մեղքի հետ մտավ ներս, որպեսզի փախչի մարդուց,
Զարհուրելով երկնավոր գառիդ սխրալի և առատահոս արյան վտակից,
Որով սրսկվեցինք թեպետ մի անգամ, բայց մաքրվեցինք մշտնջենապես:

Զ

Եվ արդ, արարչակերտ այս խորհրդի պատկառելի խոնարհությունից
Թո՛ղ ամաչի սատանան իր հրեշտակների չար գործերի համար,
Տանջվի՛ թող և հալածվի, հեռանալով ու արտաքսվելով
Քո բնակարանն եղող մարմնի խորանից դեպի խավարն արտաքին:
Եվ ջնջի՛ր, սրբիր, դու մեր դեմքերից արցունքն ողբագին
Եվ հեծեծագին հառաչանքները մեր սրտերից հա՛ն,
Հիշելով հարվածները քստմնափուշ, ժանտատեսիլ և մահառիթ այն բևեռների,
Որոնցով գամվեց Միածինը քո՝ խաչի աշտարակի վրա՝ թող չարը ցավի գա
Եվ կողքը հերձող սայրասուր սլաքի ուժգին բախումից,
Որից խորապես մեծ վերք ընդունեց,
Նախապատճառը մահվան թող իսպառ սատակի՛, կորչի՜:
Եվ քանզի հոգին ավանդելիս իր գովյալ գլուխը խոնարհեց քո գիրկը, Բարձրյա՜լ,
Ուստի ապստամբությունն անբարի բարքի տեր Բելիարի
Թո՛ղ ի կոր կործանվի, ըստ ամենայնի կորուստի մատնված:
Եվ դարձյալ, քանզի անմահ իսկությունն թաղվեց ու ծածկվեց երկրի արգանդում,
Ապա, ուրեմն դրանով թող որ գոռոզի հոխորտ հպարտությունը
Մահվան դժոխքի մթաստվեր ու խոր հատակը դիտի,
Եվ թող որ հիշի առաջին հարվածն անբժշկելի,
Որով մահացավ դիմադրությունը թունոտ վիշապի՝
Ամենազորի կենարար չարչարանքների գնով:
Ի փառս քո և ի գովեստ Որդուդ ու Սուրբ Հոգուդ է
Խոստովանությունն այս, Հա՜յր ողորմության,
Քանզի խորախորհուրդ ձեր միության մեջ
Մեկդ մյուսի զորությանը կարոտություն չունի:
Ուստի և մենք փառավորելով Բանդ անսկիզբ ու մարմնացած՝
Փառավորած կլինենք նույնպես Հորդ անժամանակ:
Եվ քեզ՝ միակ Սուրբ Երրորդությանդ,
Հավասարապատիվ տերությանդ, Համաբուն, անբաժան ինքնությանդ՝
Օրհնաբանություն, գոհություն, զորեղություն
Եվ անճառ վայելչություն մեծության բարեվիճակ հարթության,
Զուգակշիռ հավասարության՝ հավիտյանս. ամեն:

Վ.Գևորգյան

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արդ, ո՞ր մեկն ասեմ, ո՞րն հիշտակեմ, 
Կամ որո՞նք հանձնեմ մեծիդ գթության, 
Որքա°ն գաղտնիքներ հիմա մերկացնեմ, 
Կամ որո՞նք ասեմ խոստովանությամբ. 
Այժմյաննե՞րը, որոնք հասցրել եմ արդեն ունենալ,
Թե՞ անցյալները, որ մթերեցի, 
Գալիքնե՞րն արդյոք, որոնցից արդեն
երկյուղ եմ կրում, 
Թե՞ գայթումներս այն բազմասահ, որոնք
ինձ տապալեցին,
Փոքրն իմ կարծիքով, որ Աստված, սակայն,
մեծ է համարում, 
Փութանցի՞կն՝ անորս, անկերպագրելի, 
Քի՞չը, որ շատ է, թե՞ թեթևները, որոնք
ծանր են հույժ.
Մարմնական մոլի ախտե՞րն սպանիչ,
Թե՞ կորստաբեր կրքերն հոգեկան.
Երախայրիքի հաճո՞ւյքն հեշտական, 
Թե՞ ավերմունքի թերմացքը վերջի.
Աննկա՞տը, թե՞ տեսանելին պարզ.
Ձեռնահպությամբ գործածնե՞րը, թե՞ նույնը՝ մտովին.
Խածոտումնե՞րը լայնական՝ հեշտին,
Թե՞ նետարձակման խոցերն անամոք.
Խորախո՞րն անչափ,
Թե՞ ամենասպառն ակներևորեն.
Պոռնկությո՞ւնը բագմագլխյան, թե՞
Ախտաժետումներն անբժշկելի.
Չարի բտո՞ւմը մարմնովս, թե՞ հոգուս
սովը բարության.
Ախորժահոժար տրո՞ւմն Աստծո անախորժներին,
Թե՞ բռնադատման պարանով ձգվելն այդ
նույն մոլության.
Մեղքե՞րս մահաձիգ, թե՞ հույսերն իմ սին:

Բ
Արդարև, ձորձերս հանած ինքնակամ
խելագարի պես՝ 
Առականքներս ցուցադրեցի հրապարակավ, 
Գործելով ընդդեմ այն իմաստունին, 
Որն ասում է, թե ողջախոհ մարդիկ 
Պետք է որ ծածկեն ամոթույքն իրենց:
Օտարացել եմ առաքինության 
Ու հեռացել եմ բարի կարգերից, 
Սրբության մեջ միշտ եղել եմ անսուրբ, 
Իսկ կուսության մեջ՝ պիղծ ու անմաքուր, 
Արդարության մեջ՝ ժանտ ու ամբարիշտ, 
Բարեպաշտության մեջ՝ վնասապարտ. 
Բերանով մոտ եմ եղել արարչին, մտքերով՝ հեռու,
Շրթունքներովս եմ լոկ պատվամատույց, 
Ըստ մարգարեի և ոչ թե սրտով:
Եվ եթե պետք է դեռ այստեղ հիշել
քստմնելիներ,
Մի հանդգնություն, որ ծանր է պատժից, 
Որպես Աստծո ժրաջան ծառա, 
Անկայուն մտքով, դեպի մահ տանող 
Զույգ ճամփաների միջև վարանած՝
Ջանում եմ, սակայն չեմ շահում ոչինչ, 
Հետապնդում եմ, սակայն չեմ հասնում, 
Աճապարում եմ, բայց չեմ ժամանում,
Անձկությամբ այրվում, չեմ տեսնում սակայն,
Փափագում եմ միշտ ու չեմ հանդիպում,
Կարոտում, բայց չեմ պատահում բնավ.
Մեջս եմ ամփոփել երկրայինը ողջ.
Աղոթանվեր պատգամավոր եմ համայն աշխարհի։
Բայց դու, բարերա՛ր, ների՛ր բազմազան 
Այս արատներն իմ, մտքում մի՛ պահիր. 
Ավելի հեշտ է քեզ եղծել դրանք, 
Քան ինձ՝ պատկերել հոգնատանջ ձեռքով. 
Ահա և այժմ գրում եմ առանց ինձ խնայելու, 
Որպեսզի ջնջես դու առատապես. 
Չէ՛ որ հենց մեզ պես մեղավորների 
Համար կոչվեցիր դու երկայնամիտ, 
Ինչպես որ մաղթեց Եզրը երջանիկ՝ սրտի հեծությամբ,
Սաստիկ անձկացած, վհատված հոգով՝ 
Մտաբերելով աղետները այն, որ ինքն է պատմում:
Բոլոր մահառիթ կրքերով բռնված՝
տանջվում եմ և ես,
Ընկած գարշելի վիհն անդնդախոր 
Ապականարար դժնի մեղքերի. 
Չեմ էլ հավատում, թե մինչև անգամ, 
Ըստ Հոբի խոսքի, դու ինձ կլսես:
Արդ, ինքնապարսավ անձնադատ գերիս 
Կամավորապես ինքս ինձ մատնելով՝ 
Խոստովանեցի, որ իմ ձեռքով իսկ 
Բոլոր կողմերից խափանել եմ ու փակել լիովին
Կյանքի, ապրելու ամեն մի հնար, 
Որպեսզի փրկես մեղքերով այսպես պիրկ
կապկպվածիս՝
Բարձրանալով ու փառաբանվելով կրկնապես, գովյալ:

Գ
Արդ, հետևելով սուրբ մարգարեի
բարի խորհրդին՝ 
Հոգովդ երգելով նրա հետ նաև աղոթում եմ ես՝ 
Հաստատուն հույսով քեզ ապավինած. 
«Ձեզ հետ խոսք առեք,— ասում է Օվսեն,
Դարձե՚ք ու ասեք ձեր տեր Աստծուն. 
«Կարող ես դու մեր մեղքերը ներել», 
Որպեսզի, իրոք, բարիք ստանաք 
Եվ բարօրություն վայելեք սրտով»։
Ահավասիկ հենց ինքն Աստված խոսեց, 
Ո՛վ չի ցանկանա լսել իր տիրոջ. 
Ինքն իսկ վկայեց,
Կարո՞ղ է մեկը նրան չհավատալ:
Նրա խոսքերն են վճիռ պաշտելի, 
Սրբազան պայման, օրենք անփոփոխ, 
Կենաց ավետիս, տերունի կանոն, 
Բարիքների դուռ, սփոփման հրավեր, 
Ճշգրիտ պատկեր, նվիրակ՛ան գանձ, 
Հիշատակ անեղծ, անմոռանալի,
Որոնցով և ես հավատ ստացած՝
Նույնն եմ հաստատում մարգարեի հետ.
Դու, իսկապես, տե՛ր, կարող ես ներել
Բոլոր մեղքերը մեր բազմաբեղուն,
Որով կրկնապես պիտի բարձրանաս
Ամենաթշվառ ու բազմակործան իմ հոգու հանդեպ։
Համայնին իշխող տիրակալն ես դու, 
Ամեն ինչի մեջ ամենակարող, 
Ամենուրեք ու ամենքին հասու. 
Հաղթում ես բոլոր բռնություններին, 
Ջախջախում, փշրում ամեն կարծրություն, 
Խորտակում ամեն ընդդիմահար ուժ, 
Ամեն խստություն վատնում լիասպառ, 
Ընդոտնում ամեն ստամբակություն, 
Անուշացնում ես դառնություն ամեն, 
Քաղցրացնում ամեն դժվարամարս բան, 
Զիջում, բաշխում ես պարտքերը բոլոր, 
Ներում, ջնջում ես ամենայն հանցանք:
Զորավոր ես դու, կարող,
բազմարվեստ, ամենահնար 
Ընկղմելու ողջ մեղքերն ամենքի, 
Անհետացնելու մեջտեղից իսպառ 
Իբրև մի չնչին, անգոյության չափ աննշմար կայծ, որ 
Ընկնելով ծովը տիեզերատարած՝ 
Կլանվում է ու չքանում անհետ:

Դ
Արդ. այս մատյանը ընթերցողների
աղաչանքներով,
Հանուն քո որդու խաչի ու մահվան 
Չարչարանքների, ո՛վ հայր գթության, 
Ողորմի՚ր նրան, որն արտոսրածին 
Ողբերգությունն այս ստեղծագործեց. 
Նա, որ մեզ համար հորինեց դեղն այս
կյանքի փրկության, 
Թող ինքն էլ բուժվի քո անվամբ, հզո՛ր, 
Որն այս գրքով մեզ խոստովանության
ճամփան ցույց տվեց, 
Թող որ պարտքերից լինի անարատ, 
Եվ նա, որ կյանքի կանոնների այս
պատգամ-մատյանով
Սովորեցրեց մեզ հպարտության թևերը կտրել,
Ինքն էլ ազատվի թող սկզբնական, 
Միջին ու վերջին բոյոր մահառիթ 
Փորձությունների չար կապանքներից 
Եվ Երրորդությանդ բարեգործությամբ
Նորոգվի դարձյալ ու լուսավորվի. 
Նրա հետ նաև մեզ կհամարենք մենք երջանկացած:

Ե
Դու, որ գործել ես այսքան բազմազան 
Անբավ հրաշքներ, հա՜յր ամենաստեղծ, 
Անունդ ահավոր, ձայն սարսափելի, 
Կոչում ընտանի, համբուրելի խոսք, 
Ազդում հիասքանչ, հրաման ահեղ, 
Էություն անհաս, գոյություն անճառ, 
Իսկություն անբավ, զորություն անխույզ,
կամք բազմաբարի
Տերություն անծայր, մեծություն անչափ, 
Բարձրություն վսեմ, անամփոփելի, 
Անկշիռ քանակ, անբաղդատելի առավելություն, 
Պատճառդ որդու հայրությամբ միայն,
ոչ առաջնությամբ,
Անպարփակելի զորությամբ մեծիդ
Սաստի՚ր դիվական ջերմատենդը այս տագնապախռով.
Որ սպրդելով մտավ մեղքի հետ,
Որպեսզի փախչի մարդուց՝ զարհուրած
Երկնավոր գառիդ սխրալի անբավ արյան վտակից,
Որով թեպետև սրսկվեցինք մենք միայն մի անգամ
Բայց մաքրվեցինք մշտնջենապես:

Զ
Արդ, արարչակերտ վսեմ խորհրդի 
Այս պատկառելի խոնարհությունից
Թող որ ամաչի սատանան իր չար
Հրեշտակների գործերի համար,
Տանջվի, հալածվի,
Քո բնակության խորանից քշվի
Ու դուրս վտարվի խավարն արտաքին:
Ջնջի՛ր մեր դեմքից, մաքրի՛ր ողբերի
արցունքներն անհետ 
Ու մեր սրտերից՝ հառաչանքները այս հեծեծաձայն:
Հիշատակով այն աաժանատեսիլ, 
Սահմռկեցուցիչ, դժխեմ, մահառիթ 
Հեղուսահարման, որով բևեռվեց 
Խաչ-աշտարակին միածինը քո, 
Թող որ չարագործն ինքը կսկծա:
Կողահերձ սուրսայր հսկա սլաքի
ուժգին բախումից,
Որով ստացավ նա վերքերն իր խոր,
Սկզբնարարը մահվան թող իսպառ լինի չարամահ:
Քանի որ հոգին ավանգած պահին 
Գրկումդ խոնարհեց գլուխն իր գովյալ. 
Ապստամբությունն անբարեբարո 
Բելիարի թող ի կոր կործանվի՝ 
Ըստ ամենայնի մատնված կորստյան:
Եվ որովհետև իսկությունն անմահ 
Թաղվելով ծածկվեց երկրի արգանդում, 
Թող որ դրանով հպարտությունը հոխորտ գոռոզի
Մահվան դժոխքի խավար հատակում տեսնի
ինքն իրեն.
Հիշի՝ կենարար չարչարանքներով ամենազորի
Կրած առաջին այն հարվածն անբույժ,
Որով մահացավ ընդդիմությունը թունոտ վիշապի:
Խոստովանում եմ այս ի փառս քո,
հա՜յր ողորմության, 
Ի գովեստ որդուդ՝ սուրբ Հոգով հանդերձ, 
Զի խորախորհուրդ ձեր միության մեջ 
Մեկդ մյուսից խորթ, օտար ինչ-որ զորություն չունի. 
Ուստի անսկիզբ անձնավոր բանիդ փառաբանելով՝ 
Մեծարում ենք և հորդ անժամանակ:
Քեզ՝ միասնական սուրբ Երրորդությանդ, 
Հավասարափառ տերությանդ հզոր, 
Ինքնությանդ անքակ համագոյակից՝ 
Օրհնաբանությո՜ւն, գոհաբանություն, զորավորություն 
Եվ վայելչություն անճառ մեծության, 
Միաբանություն ու զուգակշիռ 
Հավասարություն հավիտյանս, ամեն:

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, դու միայն սկիզբն բարեաց,
Գթութիւն անճառ, Որդի բարձրեալ միոյդ Աստուծոյ,
Որ զողջոյն զաւրն թողութեան ցուցեր փրկարան
Եւ ոչ կորստեան դատապարտարան`
Յեղանակեալ ինձ զաւուրն չար առ մեծ աւետիս ակնկալութեան:
Բժիշկ` ախտացելոյս,
Հովիւ` մոլորեալ ոչխարիս,
Տէր` ապաւինեալ ծառայիս,
Գինի անապակ` մեծ տրտմեցելոյս,
Սպեղանեաց դեղ` վիրաւորեցելոյս,
Ազատութիւն` մեղաւք գրաւելոյս,
Աւրհնութիւն բարեաց` մերժելոյս,
Կնիք շնորհաց` խոտելոյս,
Աւծումն կոչման` կապտելոյս,
Կանգնումն վերստին` կործանեցելոյս,
Պատսպարան հզաւր` գլորեցելոյս,
Աւժանդակ վեհ` գայթակղեցելոյս,
Դուռն բարձրութեան` տարակուսելոյս,
Սանդուղք երանութեան` եղկելոյս,
Ճանապարհ շաւղաց` մոլորելոյս,
Թագաւոր ներող` պարտելոյս,
Քաղցր յուսադրութիւն` լքելոյս,
Ձեռնկալ կենաց` հերքելոյս:
Բ
Մեծդ միայն եւ ամէնառատ,
Որ զլիութիւն բարեաց սահմանեալ`
Հեղուս անչափ յաճախութեամբ,
Քան զոր խնդրեմք եւ իմանամք,
Ըստ Պաւղոսի գոհաբանութեանն:
Քանզի իննուց յիսնից եւ թուոց երից եւ չորեակ տասանց,
Ի վաղորդայնէ տուընջեանն առ մուտս արեւուն,
Անդուստ առ նմին յաւէտ կարկառմամբ
Իսկ եւ իսկ ի սոյն անարգել սրտիւ
Ի վեր է, քան զաղերսանաց ակնկալութիւն մարդկան`
Բարեգործել միմեանց շնորհատրութիւն,
Իսկ առ իմս թշուառութեան եւ անարգութեան զքոյդ եդեալ փառս,
Ամենակարող զաւրութիւն ահեղ, բոլորից Աստուած, աւրհնեալ տէր Քրիստոս,
Որո՞վք սահմանեսցի կշռութեամբ չափու`
Հաստողիդ ընդ հողոյս հաւասարութիւն կցորդեալ:
Քանզի մնաս յայսոսիկ անբաւ եւ անհետազաւտելի,
Ամենեւին բարի, անմասն բարկութեան խաւարի,
Ուստի յոյժ նուազ են քում մեծութեան աստեղացդ թիւ,
Զորս գոյացուցեալ յոչէից` յորջորջմամբ անուանց կնքեցեր,
Եւ կամ հիւթ երկրի, ի յաւդս հեղեալ,
Զոր ի չգոյից հաստեալ` տարածումն յատակի կառուցեր,-
Քան ինձ նախագրեալ համարդ սակաւութեան,
Որով քեզ նմանիլ վարդապետեցեր:
Գ
Ահա ծածկեցաւ եւ ընկղմեցաւ
Ի քոյդ լոյս կամաց երկայնմտութեան հանուրց չարութիւն,
Իբր դոյզն մռայլ` ի տապ արեւու,
Եւ որպէս աստուստ իսկ կիրք բնութեանց զհասարակաց բարուց ցուցանէ:
Քանզի ո՞վ ոք ի մարդկանէ մեղաւ եւ ոչ զղջացաւ,
Ո՞վ ոք զազրացաւ եւ ոչ ամաչեաց,
Ո՞վ ոք գարշեցաւ եւ ոչ պատկառեաց,
Ո՞վ ոք սխալեաց եւ ոչ ապաշաւեաց,
Ո՞վ ոք կործանեցաւ եւ ոչ հեծեծեաց,
Ո՞վ ոք գայթակղեցաւ եւ ոչ ստրջացաւ,
Ո՞վ ոք պարտեցաւ եւ ոչ ինքեամբ ըմբերանեցաւ,
Ո՞վ ոք պատրեցաւ եւ ոչ յոգւոց ելաւ,
Ո՞վ ոք ճաշակեաց լեղի եւ ոչ դառնացաւ:
Ո՞վ ոք անկաւ ի բարձրութենէ եւ ոչ ընդոստեաւ,
Ո՞վ ոք կորոյս մեծութիւն եւ ոչ աշխարեաց,
Ո՞վ ոք զրկեցաւ յերանութենէ եւ ոչ ելաց,
Ո՞վ ոք կապտեցաւ ի շնորհէ փառաց եւ ոչ ողբաց,
Ո՞վ ոք գտաւ ինքեան վնասակար եւ ոչ ստգտաւ,
Ո՞վ ոք մերժեցաւ յերեսացն Աստուծոյ եւ ոչ հառաչեաց,
Ո՞վ ոք լուաւ զԱստուծոյ սպառնալիսն եւ ոչ սոսկացաւ,
Ո՞վ ոք ընդ մի չարեացն հազարս չաւաղեաց,
Ո՞վ ոք մերկացեալ յաւուրս ձմերայնոյ` եւ ոչ զոփացաւ,
Ո՞վ ոք անաւրինեցաւ եւ ոչ քարամբք զմիտսն կոծեաց,
Ո՞վ ոք ետես զստրուկն յիւրում մեծութեան եւ ոչ զկծեցաւ:
Ո՞վ ոք կատարեաց չարիս եւ ոչ զինքն իսկ նզովեաց,
Ո՞վ ոք ախտացաւ եւ ոչ զանձն դսրովեաց,
Ո՞վ ոք յամաւթալեացն գործեաց եւ ոչ զիւր մարմինն ձաղեաց,
Ո՞վ ոք ի պատկառելիսն հպեցաւ եւ ոչ զաւրն իւր անիծեաց,
Ո՞վ ոք զգործեցեալսն յիշեաց եւ ոչ տապացաւ,
Ո՞վ ոք զգաղտնիսն մտաբերեաց եւ ոչ խորովեցաւ,
Ո՞վ ոք զծածուկսն նկատեաց եւ ոչ մահ կորստեան խնդրեաց,
Ո՞վ ոք զաներեւոյթսն կերպաւորեաց եւ ոչ կրկին յերկիր կորացաւ,
Ո՞վ ոք ընդ մեղացն հեշտութեան բոց անշէջ հնոցի ոչ խառնեաց,
Ո՞վ ոք զվնասակարսն բնութեանն` եւ ոչ պապակեցաւ,
Ո՞վ ոք զկամաւ ներգործեալսն` եւ ոչ սատակման ինքեան աղաւթեաց,
Ո՞վ ոք զանճառելիսն` եւ ոչ խռովեցաւ,
Ո՞վ ոք զանկրելիսն էութեանն` եւ ոչ թախծեցաւ,
Ո՞վ ոք զմեծամեծսն` եւ ոչ մաշեցաւ,
Ո՞վ ոք զանբծութեանն ապականարարսն` եւ ոչ տոչորեցաւ:
Ո՞վ ոք զտարագրութեանն պատճառ յանցմունս` եւ ոչ տագնապեցաւ,
Ո՞վ ոք զերեսացն աղտեղի տեսիլ` եւ ոչ բարկութեան վերնոյն զանձն պարտ վարկաւ,
Ո՞վ ոք զմի ի կարեւորացն մեղաց յաչս կերպացոյց եւ ոչ զինուք մահու խոցեցաւ,
Ո՞վ ոք զխայտառականացն` եւ ոչ վայս վհատութեան ընդ հեծութիւնս ձայնին հիւսեաց:
Ո՞վ ոք յարքայական գահոյից տնանկացաւ եւ ոչ կարկամեալ ի վայր գլորեցաւ,
Ո՞վ ոք ընդ պսակին պերճութեան հող ի գլուխ եղեալ` եւ ոչ կրկին չարչարեալ յոգի մահացաւ,
Ո՞վ ոք ընդ պայծառ պատմուճանին քրձազգած եղեալ` եւ ոչ տխրեցաւ,
Ո՞վ ոք զկեանս իւր կորոյս եւ ոչ արեան արտասուս երկնեաց,
Ո՞վ ոք ընդ արկանելեաց լուսոյ խաւար զգեցաւ եւ ոչ նուաղեցաւ,
Ո՞վ ոք ի վերայ սգոյ սիրելւոյ ոչ թառամեցաւ:
Դ
Ահա այս կերպարանք ճշգրտագոյնք պարտաւորիս յանդիմանութեան.
Տխուր դէմք, քաղեալ ճաճանչ, ցամաքեալ խոնաւութիւն, երիթացեալ շուրթն,
Անշքեալ տիպ, տրտմեցեալ ոգի, այլայլեալ ձայն, կրկնեալ պարանոց:
Եւ զի թէ ոք զիսկութիւնն իսկ նշանակեսցէ` ոչ անաւրինէ.
Անամբարտաւան միտ, անհպարտ սիրտ անխնդրող պարգեւի թշուառ,
Անաղերսալի պասքեալ, ինքնակշտամբելի դեգերեալ,
Իրաւամերժ սովեալ, արդարալլուկ քաղցեալ,
Պատշաճադատ հարուածեալ, ինքնավկայ մահապարտեալ,
Արժանապէս հանեալ, անձնանէծ եղկելի:
Եւ զայս թարգմանեալ ցուցանէ արդարագործ փարիսեցին կշտամբեալ
Եւ մեղապարտ մաքսաւորն բարեհամբաւեալ:
Ե
Եւ արդ, եթէ զչարիսն հնարաւորութեան բանսարկուին`
Գտողին զմեզ գայթակղեալս,
Զիւրն ի մեզ սերմանիս առ աւրն համարեսցի,-
Զիա՞րդ ոչ զբարիսն, տնկեալս ի մեզ հոգւոյ արութիւնս
Ի խնամակալութենէ կամաց կեցուցչիդ, աւն եւ աւն գրեսցես,
Տէր բարեգութ, հզաւր եւ յաղթող, քաւիչ մեղուցելոց,
Կարող յամենայնի առ ամենայն փրկութիւն:
Եթէ զանդունդս առ երկինս փոխես
Եւ կամ զխաւար մթութեան ի լոյս հաստատես,
Եթէ զդառնութիւն լեղւոյ ի մանանայի քաղցրութիւն կազմես
Եւ կամ զկոծ սաստկութեան վշտաց
Ի պարտ դասու բերկրութեան հարսանեաց կարգես,
Դիւրինք եւ հնարաւորք են քեզ այսոքիկ,
Եւ եւս քան զսոսին բաւես առ նոսին`
Տիրեալ համայնից ահաւորապէս:
Եւ քեզ փա~ռք յաւիտենից յաւիտեանս:
Ամէն:   up

Մ.Խերանյան

Բան ԻԹ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Դո՛ւ ես բարիքի սկիզբը միայն,
Գթություն անճառ, Որդիդ բարձրյալ միակ Աստուծո,
Որ ամբողջ օրը արիր մեզ համար ներման փրկարան,
Եվ ո՛չ կորստյան դատապարտարան,
Օրվա չարը փոխարկելով ինձ համար հույսի ավետման:
Բժիշկ ախտավորիս, Հովիվ մոլորյալ ոչխարիս, Տեր՝ քեզ ապավինած ծառայիս,
Գինի անապակ՝ մեծապես տրտմածիս,
Դեղ-սպեղանի՝ վիրավորվածիս,
Ազատություն՝ մեղքով գրավվածիս,
Բարի օրհնություն՝ մերժվածիս,
Շնորհաց կնիք՝ արհամարհվածիս,
Կոչումի օծումն՝ կողոպտվածիս,
Կանգնումն կրկին՝ կործանվածիս,
Պատսպարան հզոր՝ գլորվածիս,
Օժանդակդ վեհ՝ սայթաքածիս,
Դուռ բարձրադիր՝ տարակուսածիս,
Սանդուղ երանության՝ եղկելիիս,
Ճանապարհ ուղիղ՝ մոլորվածիս,
Թագավոր ներող՝ պարտվածիս,
Քաղցր հուսադրություն՝ լքվածիս,
Կյանքի ձեռնտու՝ վտարվածիս,
Դո՛ւ միայն ես մեծ և ամենառատ, որ քո լիուլի բարիքների մեջ՝
Ավելի, քան մենք հասկանում ենք և խնդրում,
Սահմանում ես ու միշտ հեղում, ըստ Պողոսի գոհաբանության:
Քանզի դո՛ւ պատվիրեցիր, որ վաղորդյանից մինչև արևամուտ,
Միևնույն օրում՝ ինն անգամ հիսուն և չորս անգամ տասը հեղ բարիք գործենք՝
Միշտ ակնկառույց, սրտով անարգել ներելով միմյանց մեղքերը սիրով,
Մի բան, որ մարդիկ չեն հուսա երբեք, թե կարելի է այդքանը խնդրել:
Իսկ եթե իմ թշվառությունն ու անարգությունը համեմատենք քո փառքի հետ,
Ամենակարող զորություն ահեղ, Աստված բոլորի, օրհնյալ Տեր Քրիստոս,
Ինչպիսի՞ կշռով և կամ ի՞նչ չափով կհավասարվի հողս՝ հաստողիդ,
Զի անհուն ես դու, անբավ և անհետազոտելի,
Բացարձակ բարի և թե բարկության խավարին՝ անմասն:
Ուստի հույժ նվազ են համեմատած քո մեծության հետ
Թիվն այն աստղերի, որոնք ոչնչից ստեղծեցիր դու ու հորջորջեցիր ուրույն անուններով
Կամ մթնոլորտում հեղված նյութն երկրի, որոնք հաստելով անգոյությունից՝
Կերտեցիր երկրի զանգվածն ահագին՝
Շատ քիչ են, քան թե վերևում հիշված այն թիվը, որով Դու քեզ նմանվել վարդապետեցիր:

Բ

Ահա՛ ընկղմվեց, ծածկվեց անհետ քո երկայնամիտ կամքի լույսի մեջ
Բոլորի չարիքն, իբրև դույզն մեգ, որ փարատվում է արևի տապից,
Ինչպես որ այստեղ մեր իսկ բնական զգացումները
Նույնը ցույց կտան մեր հասարակաց բարքերի մասին:
Քանզի մարդկանցից այն ո՛վ մեղանչեց, և չզղջաց.
Ո՛վ ապականվեց՝ և չամաչեց.
Ո՛վ գարշելի դարձավ՝ և չպատկառեց.
Ո՛վ սխալվեց՝ և չապաշավեց.
Ո՛վ կործանվեց՝ և չհեծեծեց.
Ո՛վ գայթակղվեց՝ և չստրջացավ.
Ո՛վ հաղթվեց՝ և իր բերանը չփակեց.
Ո՛վ խաբվեց՝ և հոգոց չհանեց.
Ո՛վ ճաշակեց լեղի՝ և չդառնացավ.
Ո՛վ ընկավ բարձրից՝ ու վեր չցատկեց.
Ո՛վ կորցրեց մեծությունը՝ և չաշխարեց,
Ո՛վ զրկվեց երանությունից՝ և չլացեց.
Ո՛վ կողոպտվեց փառքի շնորհներից՝ ու չողբաց.
Ո՛վ ինքն իր դեմ դարձավ վնասակար՝ և իրեն չմեղադրեց.
Ո՛վ մերժվեց Աստուծո երեսից՝ և չհառաչեց.
Ո՛վ լսեց Աստուծո սպառնալիքներն՝ ու չսոսկաց.
Ո՛վ մի մեղքի դեմ հազար չավաղեց.
Ո՛վ մերկացավ ձմռանը՝ և չսարսռաց.
Ո՛վ գործեց անօրենություն՝ և իր խիղճը չքարկոծեց.
Ո՛վ տեսավ ստրուկին իր մեծության մեջ՝ և չցավեց,
Ո՛վ չարիք գործեց՝ և ինքն իրեն չնզովեց.
Ո՛վ բռնվեց ախտով՝ և իր անձը չպարսավեց.
Ո՛վ ամոթալի գործեր կատարեց՝ և իր մարմինը չձաղկեց.
Ո՛վ ձեռք զարկեց անպատկառ գործի՝ և իր օրը չանիծեց.
Ո՛վ հիշեց գործածները՝ ու չտապացավ. Ո՛վ մտաբերեց գաղտնիները՝ և չխորովվեց.
Ո՛վ նկատեց ծածուկները՝ և կորստյան մահ չխնդրեց.
Ո՛վ աներևույթները պատկերացրեց՝ և գլուխը չկախեց.
Ո՛վ հեշտավետ մեղանչումների հետ հնոցի անշեջ բոցը չխառնեց.
Ո՛վ պագշոտացավ՝ ու չպապակեց.
Ո՛վ իր կամովին գործած չարիքներն հիշեց՝ և իր սատակման համար չաղոթեց.
Ո՛վ չպատմվելիքները՝ և չխռովվեց.
Ո՛վ մարդկային էության համար անտանելիները՝ և չթախծեց.
Ո՛վ մեծամեծներն՝ ու չմաշվեց.
Ո՛վ անբծությունն ապականողները՝ և չտոչորվեց.
Ո՛վ տարագրության պատճառ եղող հանցանքները՝ և չտագնապեց.
Ո՛վ իր երեսի աղտեղի տեսքը՝ և անձը վերնայնի բարկության արժանի չհամարեց.
Ո՛վ աչքի առջև բերեց գլխավոր մեղքերից մեկը՝ և մահացու զենքով չխոցվեց.
Ո՛վ խայտառակություններն հիշեց՝ և վհատության ողբաձայն վայեր չհյուսեց.
Ո՛վ արքայական իր գահից զրկվեց՝ և կարկամելով՝ վայր չգլորվեց.
Ո՛վ պսակի տեղ հող դրեց գլխին՝ և հոգով չարաչար չմահացավ.
Ո՛վ պայծառ պատմուճանի տեղ քուրձ հագավ՝ և չտխրեց.
Ո՛վ իր կյանքը կորցրեց՝ և չերկնեց արյուն-ար- տասուք.
Ո՛վ լուսեղեն վերարկուի փոխարեն խավար հագավ՝ և չնվաղեց.
Ո՛վ իր սիրելու սուգի վրա չթառամեց:
Սրանք են ահա ճշգրտագույն կերպարանքը հանդիմանության արժանի մեղապարտիս՝
Տխուր դեմք, շիջած ճառագայթ, ցամաքած խոնավություն, նիհարած շրթունք,
Անշքացած տիպ, տխրամած հոգի, այլայլված ձայն, ծռված պարանոց:
Եթե մեկը իսկական ճշմարտությունը ցույց տա,
Չի ստի, ասելով՝ Ամբարտավան միտք և անհպարտ սիրտ,
Ու չլինի՝ պարգև խնդրելու անկարող թշվառ և աղերսելու ծարավյալ,
Ինքնակշտամբ դեգերող, իրավամերժ սովյալ,
Արդարալլուկ քաղցած, պատշաճադատ հարվածյալ,
Ինքնավկա մահապարտ, արժանապես արտաքսված և անձնանեծ եղկելի:
Սրանց օրինակ են ծառայում արդարագործ փարիսեցին, որ կշտամբվեց,
Եվ մեղապարտ մաքսավորը, որ հռչակվեց:

Գ

Եվ արդ, եթե այն չարիքներն ամեն,
Որոնք հնարում ու սերմանում է մեր սրտերի մեջ մոլորյալներիս գտնող բանսարկուն,
Իրենց տեղն ունեն օրվա հաշվի մեջ,–
Ինչո՞ւ չպիտի համրես դու նաև այն բարիքները,
Որոնք խնամակալ ապրեցնող քո կամքն է տնկել
մեր մեջ, Արիացնելու համար մեր հոգին, ո՜վ բարեգութ
Տեր, հզոր ու հաղթող, Քավիչ մեղավորների, ամենակարող փրկիչ բոլորի,
Եթե ուզենաս՝ անդունդները դու երկնքի կփոխես,
Եվ կամ խավարը մթին՝ կփոխարկես լույսի,
Դառնահամ լեղին՝ քաղցր մանանայի.
Եվ կամ սաստկավիշտ ողբ ու կոծերից հարսանյաց ուրախ պար ու նվագներ կարող ես կազմել:
Սրանք բոլորն էլ դյուրին են քեզ մոտ և հնարավոր,
Եվ դեռ ավելի՛ն կարող ես անել,
Զի տիրում ես դու համայն բոլորին ահավորապես.
Փա՜ռք քեզ հավիտյանս հավիտենից. ամեն:

Վ.Գևորգյան

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա 
Դու բարիքների սկիզբն ես միակ,
անճա՜ռ գթություն,
Որդիդ միածին բարձրյալ Աստծո,
Որ ամբողջ օրը արիր մեզ համար
ներման փրկարան,
Ոչ թե կորստյան դատապարտարան, 
Փոխարինելով չարն օրվա՝ կենաց 
Մեծ ավետիսի ակնկալության:
Բժիշկ հիվանդիս, մոլոր ոչխարիս՝
հովիվ հոգածու,
Ապավինածիս՝ բարեխնամ տեր, 
Վշտամորմոքիս՝ անապակ գինի,
Վիրավորվածիս՝ սպեղանի-դեդ, 
Փրկագործություն՝ մեղքով գերվածիս, 
Մերժվածիս համար բարի օրհնություն, 
Շնորհի կնիք՝ արհամարհվածիս, 
Կողոպտվածիս՝ կոչումի օծում,
Ընկածիս՝ նեցուկ, գայթածիս՝ սատար, 
Գահավիժածիս՝ հզոր ապավեն,
Տարակուսածիս՝ վերելքի սանդուղք,
Եղկելուս առաջ՝ երանության դուռ,
Մոլորվածիս դեմ՝ անշեղ ճանապարհ, 
Պարտվածիս համար՝ ներող թագավոր, 
Լքվածիս՝ քաղցր հուսադրություն, 
Կյանքի ձեռնկալ՝ տարագրվածիս։ 
Ո՜վ մեծդ միակ և ամենառատ, 
Որ բարիքների լիությունը քո
Սահմանում ես ու զեղում ավելի մեծ շռայլությամբ, 
Քան կար՛ող ենք մենք խնդրել, իմանալ,
Ըստ սուրբ Պողոսի օրհնաբանության:
Դու պատվիրեցիր, որ վաղորդայնից 
Մինչև արևմուտ, օրնիբուն անդուլ,
իրար ձեռք մեկնած.
Ինն անգամ հիսուն, չորս անգամ տասն հեղ՝ 
Անարգել սրտով ու սիրահոժար 
Ներելով՝ միմյանց բարիքներ գործենք, 
Որ վեր է ամեն ակնկալիքից:
Հապա եթե իմ թշվառության ու
անարգության հետ
Համեմտելու լինենք փառքը քո, 
Ամենակարող զորությո՜ւն ահեղ, 
Աստվա՜ծ բոլորի, օրհնյալ տե՜ր Քրիստոս, 
Ի՞նչ կշռաչափով պիտի կարենա հողս կշռորդվել, 
Համազուգակցել ստեղծողիդ հետ. 
Զի անհուն ես դու անբավ, անքնին, 
Համակ բարություն, ցասման խավարին
անմասն ու օտար, 
Մինչևիսկ թիվն այն աստղերի, որոնց 
Անէությունից տվիր գոյություն՝ 
Տարբերակելով իրենց հորջորջմամբ, 
Կամ մթնոլորտում հեղված հյութն երկրի, 
Որն ստեղծելով անգոյությունից՝ 
Կերտեցիր զանգվածն այս լայնատարած, 
Քո մեծության մոտ անչափ ավելի փոքր կլինեն,
Քան վերոհիշյալ թիվն այն սակավ՝
իմ համեմատությամբ, 
Որով եղկելուս դու քեզ նմանվել վարդապետեցիր:

Բ
Ահա ընկղմվեց ու ծածկվեց անհետ 
Արարածներիդ չարությունն համայն
Քո երկայնամիտ կամքի լույսի մեջ,
Ինչպես չնչին մեգն արևի տապում. 
Այդ են վկայում նաև հենց այստեղ 
Մեր իսկ էության հատուկ բարքերն ու
կրքերն ամենքի։ 
Քանզի մարդկանցից այն ո՜վ մեղանչեց՝
ու չապրեց զղջում.
Ո՛վ ապականվեց՝ ու չպատկառեց, 
Գարշելի դարձավ՝ ու ամոթ չզգաց, 
Սխալմունք գործեց՝ ու չապաշավեց, 
Այդ ո՜վ կործանվեց՝ ու չհեծեծաց, 
Ո՜վ գայթակղվեց՝ ու չվշտացավ, 
Պարտություն կրեց՝ ու չպապանձվեց, 
Չարաչար խաբվեց՝ չցավեց սաստիկ, 
Ճաշակեց լեղի՝ ու չդառնացավ, 
Բարձունքից ընկավ՝ ու չահաբեկվեց, 
Կորցրած մեծության համար չսգաց, 
Երանությունից զրկվեց՝ չլացեց,
Կողոպտվեց իսպառ փառքի շնորհից՝ ու չհեկեկաց,
Ո՜վ ինքնավնաս գործեր կատարեց՝ չանարգեց իրեն.
Մերժվեց բարձրյալից՝ ու չհառաչեց,
Սպառնալիքից Աստծո՝ չսոսկաց.
Մի հանցանքի տեղ՝ հազար չավաղեց,
Այդ ո՜վ մերկացավ ձմռան օրերին՝ ու չդոդդողաց,
Անօրինացավ՝ ու չկոշկոճեց խիղճը քարերով,
Իր մեծության մեջ տեսավ ստրուկին՝ ու չկսկծաց,
Չարիքներ գործեց՝ չեղավ ինքնանեծ,
Լափվեց ախտերով՝ չանգոսնեց անձն իր,
Ո՜վ ամոթալի գործեր կատարեց՝ չձաղկեց իրեն,
Լրբության տրվեց՝ ու չնզովեց օրն իր ծննդյան,
Ո՜վ մտաբերեց իր արարքները՝ ու չխարշատվեց, 
Ծածկություններն իր տեսավ՝ չխնդրեց
մահ ու կործանում,
Գաղտնիքներն հիշեց՝ ու չխորովվեց,
Աներևույթներն երևակայեց՝
Եվ ամոթահար չհակվեց գետնին:
Այդ ո՜վ չխառնեց հեշտասիրական
իր մեղքերի հետ՝
Անշիջանելի բոցը հնոցի.
Ո՜վ պագշոտացավ՝ ու չպապակեց,
Կամովին գործած չարիքներն հիշեց՝
Ու չաղոթեց իր կորստյան համար,
Անպատմելիներն՝ ու չխռովվեց,
Անտանելիներն՝ ու չվշտացավ,
Մեծամեծերն՝ ու չհալվեց իսպառ,
Ապականիչներն իր անբծության՝ ու չտոչորվեց.
Հիշեց հանցանքներն, որ եղան պատճառ
Իր տարագրման՝ ու չտագնապեց. 
Տեսավ իր դեմքի տեսքը աղտեղի՝
Ու չհամարեց իրեն արժանի վերնայնի ցասման. 
Ո՜վ պատկերացրեց իր աչքերի դեմ 
Մեկն իսկ մեղքերից կարևորագույն՝
Ու չխոցոտվեց մահվան զենքերով,
Խայտառակներից՝ չհյուսեց վայեր 
Ու հեծեծանքներ հուսահատական. 
Ո՜վ արքայական իր գահից ղրկվեց՝ 
Ու չգալարվեց ջղաձգորեն. 
Պերճ պսակի տեղ հող կրեց գլխին՝
Ու չմահացավ հոգով ՛կրկնապես.
Ո՜վ պայծառափայլ պատմուճանի տեղ
Քուրջեր հագավ միշտ՝ ու չմորմոքաց.
Ո՜վ կյանքն իր կորցրեց՝ ու չերկնեց անվերջ
արյուն-արտասուք. 
Այդ ո՜վ լուսեղեն զգեստների տեղ 
Ծածկվեց խավարով՝ ու չնվաղեց. 
Ո՜վ չթաոամեց սիրելու սգից:
Ահա ճշգրիտ պատկերն իրական 
Հանդիմանարժան վնասապարտիս. 
Տխուր կերպարանք, շիջած ճառագայթ, 
Իսպառ ցամաքած հյութալիություն, 
Չորացած շրթունք, անշքացած տիպ, վշտագնած հոգի 
Այլափոխված ձայն, ծռված պարանոց:
Բնավ սխալված չէր լինի, եթե մեկն ասեր նաև՝ 
Անբարձրախոհ միտք ու անհպարտ սիրտ, 
Պարգև խնդրելուն անիրավասու երկչոտ տառապյալ, 
Աղերսանքների իրավունքից զուրկ ծարավատոչոր. 
Ինքնանարգելի հապաղկոտ, պղերգ, 
Արդարալլուկ մերժված սովահար, 
Ինքնանահատակ մահապարտ մի հեգ
Արժանապատիժ մի վտարանդի, 
Անձնանեծ թշվառ:
Սրան օրինակ կարող են լինել 
Այն փարիսեցին, որն արդարագործ 
Համարեց իրեն, սակայն կշտամբվեց, 
Եվ մաքսավորն այն, որ ճանաչելով 
Իրեն մեղապարտ՝ բարեհռչակվեց:

Գ
Արդ, եթե բոլոր այն չարիքները, 
Որոնք հնարում և սերմանում է մեր մեջ շարունակ 
Մոլորյալներիս գանող բանսարկուն, 
Մտցնում է իր օրվա հաշվի մեջ, 
Հապա ինչո՞ւ դու նաև մեկ առ մեկ 
Նկատի չառնես բարիքները այն, 
Որ խնամակալ կեցուցչիդ կամքն է տնկում
միշտ մեր մեջ՝
Արիացնելու համար մեր հոգին, 
Ո՜վ բարեգութ տեր, հղոր ու հաղթող, 
Մեղքերի քավիչ, ձեռներեց, հասու 
Ամենայն ինչի, ամեն փրկության, 
Դու, որ կարող ես չափազանց դյուրավ 
Անդունդները խոր՝ երկնքի փոխել, 
Խավարն անթափանց վերածել լույսի, 
Լեղուց պատրաստել քաղցր մանանա,
Վշտահարների ողբը սաստկակոծ 
Փոխարկել զվարթ հարսնահանդեսի 
Եվ սրանցից էլ ավելին անել, 
Տիրո՜ղդ ամենքին ահավորապես, 
Փառավորյա՜լդ հավիտյանս, ամեն:

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, ճշմարտեսցի բան քո, ողորմած,
Բոլորից Աստուած, ներող եւ աւրհնեալ,
Ի բազմագթելին դարձաւորութիւն
Աւուրն պատկերի զղջման մեղաւորին,
Թէ եւ առ յետին իսկ շունչն իցէ ընտրութիւն,
Եւ կամ ի մէջ չարութեանն` փոխադրութիւն:
Մանաւանդ զի դժնեայ կցորդս այս անձնիշխանական,
Միշտ մարտիկ, խաբող, շողոքորթ, յարեալ ի ստութիւն,
Ըստ առակողին` արածող հողմոց,
Դժուարունելի հաստողին փախչող,
Գերեալ որսողին մոլեկան մարմնոյս,
Ներհակ տնկակից, յոգնապատճառեան ամենավարան,
Զոր քո է գիտել զքանեացն յաճախութիւն:
Եւ զկնի մեղանացն` ողորմագինս իմն ողբարկութիւնս
Վհատականս, տաժանակոծս, բազմաւաղելիս քո առաջի, Տէր,
Գթարկութիւնս, գրեալս արտասուաւք, թառանչս թշուառութեանց,
Կարգելոց անբաւս չար վտանգից մեղսատագնապ պատկառեցելոյն:
Բ
Եւ զի մի կրկնաբանութիւնս ի շատախաւսութիւն կրթեսցի,
Առաւել քան զսոյն այսու ողբալի,
Քանզի ոչ համարձակի խնդրել իւր զարքայութիւնն,
Այլ զտանջանացն թեթեւութիւն,
Ոչ ընդ կենդանեացն ի լոյս,
Քան թէ ընդ գերեզմանականացն զգայական շնչովն` ի խաւար,
Ոչ ընդ ամբարձեալսն, այլ ընդ բեկեալսն եւ ընդ խորտակեալսն:
Ի հանգստեան իւրում` վաստակեալ,
Ի խրախութեան` ինքեան տրտմեցեալ,
Դիմաւք` ժպտեալ, եւ մտաւք` խոցեալ,
Կերպ` ի ծաղր, եւ աչք` ի յողբումն,
Երեսք զսփոփանս ձեւացուցանէ,
Եւ արտասուքն զդառնութիւն սրտին ճշմարտէ:
Գ
Ըմպանակք երկու յերկոսին ձեռին,
Մինն` արեամբ, եւ միւսն` կաթամբ,
Երկու բուրանոցք կայծակնաւորք,
Մինն` խնկով, եւ միւսն` ճենճերիւ,
Սկաւառակք կրկին կրաւորականք համոց,
Մինն` քաղցու, եւ միւսն` դառնութեամբ,
Բաժակք զոյգ առ երկուս բերմունս,
Մինն` արտաւսր, եւ միւսն` ծծումբ,
Տաշտք կրեցեալք ի ծայրս մատանց,
Մինն` գինի, եւ միւսն` լեղի,
Դրունք տեսանելեաց ներհակաց,
Մինն` ի լաց, եւ միւսն` ի վրիպումն,
Խանութք հալոցականաց հակառակութեանց,
Մինն արծարծէ, եւ միւսն շիջուցանէ:
Հայեցուածք դիմաց երկուց,
Մինն` դոյզն ողոքանաւք, եւ միւսն` անանխայելի բարկութեամբ,
Համբարձումն երկակի բազկաց,
Ոմն` ի հարուածս, եւ ոմն` ի մերժումն,
Դէմք կրկնակի կերպից,
Մինն` տխրեալ, եւ միւսն` ցասուցեալ,
Կշտամբանք ընդ միոյ երկու,
Մինն` աստեացս, եւ միւսն` ապառնեացն,
Ապաւինութիւնք կարծողականք,
Մինն` գոնէ, եւ միւսն` թերեւս,
Ի մի բերան երկակի բարբառ,
Մինն` եղկութիւն, եւ միւսն` խռովութիւն,
Երկուս ազդմունս ի միում սրտի,
Մինն` կեղակարծ յուսոյ, եւ միւսն` ճշգրիտ կորստեան:
Ամպ լրթագոյն, ահագնատեսիլ, կրկին տեղացմանց,
Մինն` նետս, եւ միւսն` քարինս,
Որոտումն ահեղ երկոցունց բերմանց,
Մինն` կարկուտ, եւ միւսն` հրացան,
Ցայգ ցաւագին երկուց վտանգից,
Մինն` լալոյ, եւ միւսն` մահու,
Առաւաւտ սգոյ երկուց բողոքմանց,
Մինն` սաստից, եւ միւսն` սպառնալեաց,
Արեգակունք երկու ի յերկուց ծայրից,
Մինն` խաւարի, եւ միւսն` կիզման:
Դ
Եթէ հարուածոց աջ կառուցանի, ինքեան վարկանի,
Եթէ ձեռն պարգեւաձիր` ոչ իւր ակն ունի,
Ի պարծանս ուրուք` կորանայ,
Յամբարձումն գլխոյ` ընկճի,
Ի չարեաց յիշատակ` հեծէ,
Ի ճառս մաքրոց` պատկառէ,
Ի պատմութիւնս հանդերձելոցն` երերի:
Եթէ աւրհնի յումեքէ յայտնի,
Ի ծածուկ զանձն անիծանէ,
Եթէ գովեստ յումեքէ լսէ,
Պարսաւանաւք զինքն կշտամբէ,
Եթէ դսրովեսցի սաստկապէս,
Ինքեամբ ինքեան վկայէ,
Եթէ ձաղեսցի ուժգին,
Սակաւ հատուցումն առաւել պարտուցն գրեսցէ,
Եթէ ըղձումն մահու ինքեան լսիցէ,
Այո ասէ եւ դարձեալ կրկնէ:
Եւ եթէ որոգայթ մահու ճայթեսցէ յերկնէ,
Հազիւ զդէմսն համբառնայցէ,
Զիւրոց իրաւանցն մատեան խփեալ,
Զպատասխանութեանն յոյս լքուցեալ,
Զհամարձակութեանն ընթացս փակեալ:
Եւ եթէ ոչ էր անփրկանաւոր կորուստ գերելոյն,
Զիւրովին երթալ ոչ ինչ դանդաղէր:
Արդարեւ վա~յ մեղաւորին,
Որ տարակուսեալ կայցէ ի վերայ երկուց ճանապարհաց,
Ըստ հոգելից բանի իմաստնոյն:
Ե
Եւ արդ, զիա՞րդ ոչ ողորմեսցիս, բարեգութ,
Այսքանեացս ձայնարկութեանց կողկողագինս հեծեծանաց,
Որ անուամբս այսու մեծացար, թէ` Ողորմած եմ ես Տէր:
Ահա առ չարութիւն գերելոյս` բարութիւն քո,
Առ մահապարտիս դառնութիւն` քաղցրութիւն քո,
Առ կորուսելոյս յայտնութիւն` ճառագայթ քո,
Առ յանդգնելոյս մոլութիւն` ողորմութիւն քո,
Առ խակութիւն վնասակարիս` հեզութիւն քո,
Առ կործանելոյս այցելութիւն` աջ քո,
Առ ընկղմելոյս վերբերութիւն` ձեռն քո,
Առ բժշկութիւն անողջանալի խոցուածոյս` մատն քո,
Առ պակուցելոյս պաշտպանութիւն` ոգի քո,
Առ ապախտաւորիս իմ վստահութիւն` երկայնմտութիւն քո,
Առ աւծումն ամենադժնէիս` զաւրութիւն քո,
Առ մեղաւորիս քաւութիւն` հրաման քո,
Առ փախուցելոյս ապաւինութիւն` ոտք քո,
Առ սրացելոյս պատսպարութիւն` բազուկ քո,
Առ վրիպելոյս առաջնորդութիւն` լոյս քո,
Առ տարակուսելոյս հնարաւորութիւն` հանճար քո,
Առ անիծելոյս կրկին ստացումն` աւրհնութիւն քո,
Առ վհատելոյս քաջալերութիւն` խրախոյս քո,
Առ վշտագնելոյս մխիթարութիւն` բաժակ քո,
Առ նեղելոյս ընդարձակութիւն` կամք քո,
Առ ատեցելոյս կոչումն` սէր քո,
Առ հաստումն սասանեցելոյս` բան քո,
Առ հոգւով վիրաւորելոյս` կաթուած արեան քո,
Առ աներեւոյթ մթերս ցաւոցս` ակնարկութիւն քո,
Առ յուսահատելոյս անդրէն ընտրութիւն` իշխանութիւն քո,
Առ պատուաստումն կտրեցելոյս` կցորդութիւն քո,
Առ խաւարաւ մահու ծածկելոյս` նշոյլ կենաց քո,
Առ խռովեցելոյս իմ հանդարտութիւն` խաղաղութիւն քո,
Առ վայրագութիւն աւտարացելոյս` ողջոյն քո,
Առ մոլորելոյս դարձաւորութիւն` ձայն քո:
Զի դու տիրես ամենայնի գթութեամբ,
Եւ չիք ի քեզ մասն ինչ խաւարի,
Եւ ոչ է բարութիւն առանց քո,
Եւ քեզ վայել է փառք յաւիտեանս:
Ամէն:   up

Մ.Խերանյան

Բան Լ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ, թող ճշմարտվի քո խոսքը, ողորմած Աստված դու բոլորի,
Ներող և օրհնյալ՝ այն մեղավորի մասին,
Որը մի օրում բազմաթիվ անգամ գայթելով՝ վերջապես դարձի կգա զղջացած,
Թեկուզ այդ լինի իր վերջին շնչում
Եվ կամ չարություն գործած միջոցին:
Մանավանդ որ դժնյա կցորդս այս անձնիշխանական՝
Մի մարտիկ է միշտ, խաբող շողոքորթ, ստության հարած,
Ըստ առակողի՝ հողմեր արածող,
Դժվարբռնելի փախչող՝ հաստողից,
Որսողին գերի՝ մոլեկան մարմնիս,
Ներհակ տնկակից, որի պատճառած վարանումների
Որքանությունը դո՛ւ գիտես միայն:
Սակայն մեղքերին հաջորդում են խիստ հուսահատական և տաժանակոծ,
Բազմավաղելի հո՜ւյժ ողորմագին բարձրաձայն ողբեր,
Արցունքով գրված և ի գութ շարժող թառանչներ թշվառ,
Որոնք մեղքերով տագնապողը,
Տե՜ր, տարածում է քո առջև ամոթահար:

Բ

Եվ որպեսզի կրկնաբանությունս շատախոսության չհասնի
Ու չդառնա ավելի ողբալի, քան այս,
Ասեմ, թե նա արքայություն չէ, որ համարձակվում է խնդրել քեզանից,
Այլ միայն թեթևացում տանջանքների.
Ոչ թե կհուսա բնակվել լույսի մեջ ապրողների հետ,
Այլ՝ խավարի մեջ, գերեզմանականների հետ, զգայական շնչով.
Ոչ թե բարձրերի, այլ խորտակվածների և բեկյալների հետ լինել.
Հոգնաբեկ է նա իր հանգստի մեջ և խրախճանքում՝ տրտում,
Դեմքով ժպտուն է և մտքով՝ խոցված.
Երեսը ծիծղուն, և աչքն արտասվագին.
Առերևույթ սփոփված է ձևացնում իրեն,
Իսկ արտասուքը սրտի դառնությունն է վկայում:
Իր երկու ձեռքում երկու ըմպանակ, մեկն արյամբ լցված և մյուսը՝ կաթով.
Եվ վառվող երկու բուրվառ ունի նա, մեկը խունկով լի, մյուսը՝ ճենճերով.
Անոթներ երկու, մեկը քաղցրությամբ լեցուն և մյուսը՝ դառնությամբ.
Մի զույգ բաժակներ երկու նյութով լի, մեկը արտասուք և մյուսը՝ ծծումբ.
Մատների ծայրով բռնած երկու տաշտ՝ գինի մեկի մեջ ու մյուսում լեղի:
Տեսողության դռներ իրարու ներհակ՝ մեկը լաց լինելու և մյուսը սխալվելու տրամադիր.
Իրար հակառակ երկու հալոցներ, մեկն արծարծում է և մյուսը՝ մարում.
Երկդիմի նայվածքներ՝ մեկը ողոքիչ և մյուսն անխնա բարկությամբ լեցուն.
Դեպի վեր պարզած երկու բազուկներ՝ մեկն հարվածելու, մյուսը մերժելու.
Դեմք՝ երկու տարբեր արտահայտությամբ - տխուր ու ցասկոտ.
Մեկի փոխարեն երկու կշտամբանք՝ ներկայի համար և ապագայի.
Ապավինումներ կասկածելի՝ մեկը «գոնե» և մյուսը «թերևս».
Մի բերանի մեջ երկակի բարբառ՝ մեկը եղկություն, մյուսը խռովանք.
Միևնույն սրտում երկու զգացմունք՝ մեկը կասկածելի հույսի և մյուսը ճշգրիտ կորստյան.
Ամպ լի լրթագույն, ահագնատեսիլ կրկնակ տեղումով՝ մեկը սուր նետեր և մյուսը՝ քարեր.
Որոտում ահեղ երկու բերումով՝ կարկուտ ու կրակ95Հմմտ. Ելից Թ. 24.
Ցավագին գիշեր երկու վշտով լի՝ լալու ու մահվան96Հմմտ. Ողբ Երեմ. Ա. 2 Բ. Կորնթ. Է. 10.
Սուգի առավոտ երկու գոչյունով՝ մեկը սաստի և մյուսն սպառնալիքի.
Արևներ երկու՝ երկու կողմերից - մեկը խավարի և մյուսը կիզման97Հմմտ. Հայտն. Զ. 12:

Գ

Եթե մի բռունցք բարձրանա հանկարծ, կարծում է՝ իրեն է հարվածելու.
Իսկ եթե երկարի ձեռք պարգևաձիր՝ նա ինքը իրեն համար հույս չունի:
Երբ մեկը պարծենում է, կորանում է նա,
Եվ երբ գլուխը բարձր են պահում՝ ընկճվում է.
Երբ չար արարքներ են հիշվում՝ հեծում է.
Երբ սրբերի մասին է խոսվում՝ ամաչում է.
Հանդերձյալի մասին պատմվելիս՝ երերում է.
Երբ մեկից օրհնվի հայտնապես՝ ծածուկ անիծում է իրեն.
Երբ գովեստ լսի մեկից՝ կշտամբում է իրեն պարսավանքով.
Երբ նախատվի սաստկապես՝ գտնում է նա այդ իրավացի.
Եթե ուժգին ծաղրվի՝ համարում է այդ սակավ հատուցում նա իր բազմաթիվ մեղքերի համար.
Եթե լսի նա՝ իր մահն են ուզում՝ ասում է «այո՛» և կրկնում դարձյալ.
Եթե երկնքից մահ ու շանթ ճայթի՝ իր դեմքն հազիվ է բաձրացնում վերև:
Իր իրավունքների մատյանն է գոցված,
Պատասխան տալու հույսն է կտրված,
Համարձակության ճամփան է փակված:
Չէր դանդաղի նա լինել անձնասպան,
Եթե չլիներ այդպիսի կորուստն անփրկելի քայլ:
Արդարև վա՜յ այն մեղավորին,
Որ տարակուսյալ կկանգնի երկու ճամփաների վրա, ըստ իմաստունի հոգելից խոսքի:

Դ

Եվ արդ, ինչպե՞ս չես ողորմում, բարեգութ,
Այսքան ողբաձայն ու կողկողագին հեծեծանքներիս,
Դու այս խոսքով բարձրացար, ասելով, թե՝ «Ես ողորմած Տե՜ր եմ»:
Ահա՛ չարության դեմ գերուս՝ կա քո բարությունը,
Մահապարտիս դառնության դեմ՝ քո քաղցրությունը,
Կորուսյալիս գտնելու համար՝ քո ճառագայթը,
Հանդուգնիս մոլության դիմաց՝ քո ողորմությունը,
Վնասակարիս խստության դիմաց՝ քո հեզությունը,
Կործանվածիս օգնելու համար՝ քո աջը,
Ընկղմվածիս դուրս բերելու համար՝ քո ձեռքը,
Անողջանալի վերքերիս բժշկության համար՝ քո մատը,
Ահաբեկվածիս պաշտպանության համար՝ քո ոգին,
Ապերախտիս վստահացնելու համար՝ քո երկայնամտությունը,
Ամենադաժանիս օծման համար՝ քո զորությունը,
Մեղավորիս քավության համար՝ քո հրամանը,
Փախչողիս ապավինության համար՝ քո ոտքը,
Դուրս սլացողիս պատսպարության համար՝ քո բազուկը,
Վրիպածիս առաջնորդության համար՝ քո լույսը,
Տարակուսյալիս հնարավորության համար՝ քո հանճարը,
Անիծյալիս դարձյալ ստանալու համար՝ քո օրհնությունը,
Վհատյալիս քաջալերության համար՝ քո խրախույսը,
Վշտացյալիս մխիթարության համար՝ քո բաժակը,
Նեղյալիս ընդարձակության համար՝ քո կամքը,
Ատելուս կանչելու համար՝ քո սերը,
Սասանյալիս հաստատության համար՝ քո խոսքը,
Հոգով վիրավորվածիս համար՝ քո արյան կաթիլը,
Անտես ցավերս ցրելու համար՝ քո ակնարկությունը,
Հուսահատվածիս վերընտրության համար՝ քո իշխանությունը,
Կտրվածիս պատվաստելու համար՝ քո կցորդությունը,
Մահվան խավարով ծածկվածիս համար՝ շողդ կենսատու,
Խռովյալիս հանդարտության համար՝ քո խաղաղությունը,
Վայրագորեն օտարացածիս համար՝ քո ողջույնը,
Մոլորվածիս դարձի բերելու համար՝ քո ձայնը,
Զի դու ես տիրում բոլորին քո գթությամբ,
Եվ չկա քո մեջ խավարի մասնիկ, Եվ չկա բարություն առանց քեզ,
Եվ քեզ է վայելում փա՜ռք հավիտյանս, ամեն:

Վ.Գևորգյան

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արդ, թող ճշմարտվեն խոսքերդ, օրհնյալ, 
Ողորմած, ներող Աստվա՜ծ բոլորի, 
Այն մեղավորի հանդեպ բազմագայթ, 
Որը զղջումով դարձի էր գալիս.
Թեկուզև լինի այդ մեղանչողի հուսկ վերջին շնչում 
Կամ նույնիսկ չարիք գործելու պահին:
Մանավանդ նրա դժնի կցորդն այս 
անձնիշխանական՝ 
Մի մարտիկ է միշտ ստության հարած,
խաբող շողոքորթ,
Ըստ առակողի, հողմեր արածող, 
Հաստողից փախչող, որսողին գերի, 
Թեև համագոյ, բայց ներհակատարր՝ մոլեկան մարմնով, 
Բազմաշարժառիթ ամենավարան.
Որոնց անսահման որքանությունը միայն դու գիտես: 
Սակայն մեղքերին հաջորդում են միշտ 
Ողբերգություններ հույժ ողորմագին ու վհատական, 
Բազմավաղելի ու տաժանակոծ, 
Որ գրի առած արդ մեղսատագնապ ամոթահարիս՝ 
Անբավ չարաչար տվայտանքների թառանչով թշվառ 
Ու ողորմաղերս արտասուքներով, 
Տե՛ր, տարածում եմ ահա քո առաջ:

Բ
Որպեսզի խոսքս կրկնաբանությամբ 
Շատախոսության չվերածվի ու 
Առավել ես դառնա ողբալի, 
Ասեմ պարզապես, թշվառս բնավ
Արքայություն չէ, որ հանդգնում է խնդրել նրանով,
Այլ թեթևություն տառապանքների.
Ոչ թե, հավակնոտ, ակնկալում է՝
Ապրողների հետ՝ լուսաբնակ կյանք,
Այլ խավարակյաց զգայական շունչ՝ մեռյալների հետ.
Ոչ թե հույս ունի բարձրացածներին ընկերակցելու,
Այլ լքվածներին, խորտակվածներին։

Հանգստի ժամին նա միշտ լինում է
տանջահար, հոգնած,
Խրախճանքի մեջ՝ տխուր ու տրտում, 
Դեմքով միշտ ժպտուն, բայց մտքով խոցված, 
Տեսքը ծիծաղկոտ, աչքը ողբի մեջ, 
Արտաքուստ թեև ձևանում է շատ հանգիստ,
սփոփված, 
Բայց արտասուքը լուռ վկայում է կսկիծը սրտի: 
Երկու ըմպանակ ունի ձեռքերում, 
Մեկն արյունով լի, մյուսը՝ կաթով. 
Երկու բուրվառներ կայծակնացնցուղ, 
Մեկը՝ խնկաբույր, մեկը՝ ճենճահոտ. 
Անոթներ, երկու համեմունք կրող, 
Մեկը՝ քաղցրություն, մեկը՝ դառնություն. 
Զույգ բաժա՛կ, երկու պարունակությամբ, 
Մեկը՝ արտասուք, մյուսը՝ ծծումբ. 
Գավաթներ, բռնած մատների ծայրով, 
Մեկի մեջ՝ գինի, մյուսում՝ լեղի։
Տեսնում է բացված զույգ ներհակ դռներ, 
Մեկը՝ դեպի լաց, մեկը՝ վրիպում. 
Հակառակագործ երկու հոգոցներ, 
Մեկն արծարծում է, մյուսը՝ շիջում. 
Աչքերի խոժոռ հայացք երկդիմի, 
Մեկն՝ անզգալի, չնչին ողոքմամբ, 
Մյուսը՝ ցասմամբ, ժանտ ու անողորմ. 
Բարձրացած երկու ահեղ բազուկներ,
Մեկն՝ հարվածելու, 
Մեկը՝ մերժելու. 
Մի դեմք, երկակի արտահայտությամբ՝ 
Տխուր ու ցասկոտ. 
Մեկի փոխարեն երկու կշտամբանք, 
Մեկը՝ ներկայի, մյուսն՝ ապառնու. 
Տարակուսելի երկու ապավեն, 
Մեկը՝ «թերևս», մյուսը՝ «գոնե». 
Նույն բերանի մեջ երկակի բարբառ, 
Մեկը՝ եղկություն, մյուսը՝ խռովք. 
Երկու զգացում միևնույն սրտում, 
Մեկը՝ կեղակարծ, խաբուսիկ հույսի, 
Մյուսն՝ աներկբա, ստույգ կորստյան. 
Ահագնատեսիլ մթին, մառնամուտ 
Մի ամպ երկտարափ՝ նետեր ու քարեր. 
Ահեղ որոտմունք՝ երկու պոռթկումով, 
Մեկը՝ կարկտաբեր, մյուսն՝ հրացան. 
Ցավագին գիշեր երկու վտանգի՝ 
Ողբի ու մահու. 
Առավոտ սգո կրկնակի գուժով, 
Մեկն՝ սպառնացման, մյուսը՝ սաստի. 
Զույգ արեգակներ երկու ծագերից, 
Մեկը՝ խավարի, մյուսը՝ կիզման։

Գ
Եթե հարվածի բռունցք բարձրանա,
Համոզված է, որ իր համար է հենց
Իսկ եթե պարզվի ձեռք պարգևաձիր, 
Չի ակնկալի երբևէ իրեն։
Երբ պարծենում է որևէ մեկը, կորանում է նա, 
Երբ հոխորտում են, ընկճվում է իսկույն, 
Հեծում է ամեն չարիք հիշվելիս, 
Ամաչում է, երբ անարատների մասին է խոսվում, 
Իսկ երբ պատմում են հանդերձյալներից,
սմքում է դողով։
Եթե բացահայտ որևէ մեկից օրհնանք ստանա, 
Ինքն իրեն պիտի անիծի ծածուկ. 
Երբ ինչ-որ մեկից գովեստներ լսի. 
Պիտի կշտամբի, պարսավի իրեն, 
Իսկ եթե հանկարծ նախատվի սաստիկ, 
Ինքն է հաստատում, որ արժանի է. 
Եթե ենթարկվի ծաղր ու ծանակի, 
Կհամարի այդ սակավ հատուցում 
Իր չափազանց մեծ պարտքերի դիմաց. 
Եթե լսի, որ իր մահն են ուզում, 
«Այո» է ասում ու կրկնում դարձյալ. 
Եթե երկնքից մահվան շանթ ճայթի, 
Հազիվ թե դեմքն իր բարձրացնի ի վեր։
Իր իրավունքի մատյանն է գոցված, 
Հույսն արդարացման լքել է իրեն, 
Ու փակ է ճամփան վստահ ընթացքի, 
Եվ չէր հապաղի լինել անձնասպան, 
Եթե խեղճ գերուն այն անփրկելի կորուստ չլիներ։
Արդարև, վա՜յ այն մեղավոր մարդուն, 
Ըստ իմաստունի հոգելից խոսքի,
Որ տարակուսված զույգ ճամփաների վրա կկանգնի։

Դ
Դու, որ բարձրացար ասելով, թե
«Ես տեր եմ ողորմած», 
Ինչպե՞ս, բարեգո՜ւթ, պիտի չողորմես 
Այսքան ողբաձայն ու կողկողագին հեծեծանքներիս. 
Չէ՛ որ կա գերուս չարության հանդեպ
բարությունը քո,
Քաղցրությունը քո՝ մահապարտյալիս
դառնության դիմաց, 
Կորածիս նորից գտնելու համար՝ ճառագայթը քո, 
Ողորմությունը քո՝ հանդգնածիս մոլության հանդեպ, 
Վնասակարիս խակության դիմաց՝ հեզությունդ անճառ, 
Աջդ՝ օգնելու կործանված անձիս, 
Ընկղմվածիս դուրս բերելու համար՝ ձեռքդ հոգածու, 
Մատդ՝ բուժելու վերք ու խոցերս անբժշկական, 
Ահաբեկվածիս խնամարկության համար՝ քո ոգին, 
Երախտամոռիս հույս տալու համար՝
հանդուրժանքը քո, 
Զորությունը քո՝ ամենադժնուս օծելու համար, 
Հրամանը քո՝ քավելու համար մեղանչականիս, 
Փախստականիս ապավինության համար՝ ոտքը քո,
Թևդ՝ սրդողիս պատսպարելու, 
Բազմավրեպիս առաջնորդելու համար՝ լույսը քո,
Հանճարդ՝ ճար ու հնար գտնելու տարակուսյալիս,
Անիծյալիս ետ դարձնելու համար՝ օրհնությունը քո, 
Խրախույսը քո՝ քաջալերելու հուսալքվածիս, 
Վշտամորմոքիս մխիթարելու համար՝ բաժակդ, 
Կամքդ՝ արձակելու սաստիկ նեղվածիս, 
Սերդ՝ կանչելու դարձյալ ատելուս, 
Խոսքդ՝ ցնցվածիս հաստատման համար, 
Հոգեպես ծանր խոցվածիս համար՝ կաթիլն արյունիդ, 
Մթերված անտես ցավերիս համար՝ հրամանը քո, 
Իշխանությունդ՝ կրկին ընտրելու հուսահատվածիս, 
Հատվածիս նորից պատվաստման համար՝
կցորդությունդ,
Մահվան խավարով ծածկվածիս համար՝
շողդ կենսաձիր,
Խաղաղությունդ՝ ալեխռովիս հանդարտման համար, 
Օտարացածիս մոլեգնության դեմ՝ ողջույնդ հուսատու, 
Եվ մոլորյալիս դարձի բերելու համար՝ ձայնը քո։ 
Դու ես գթությամբ տիրում բոլորին
Քո մեջ խավարի ոչ մի հետք չկա, 
Եվ առանց մեծիդ չկա բարություն. 
Քեզ վայելում է փա՜ռք հավիտենից հավիտյանս, ամեն։