ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Արդ, վրիպեալս ես յաւէտ ամենապատիժ,
Միշտ դժնեայ, վայրենաբարոյ,
Անձամբ անձին մահու կշտամբիչ,
Արածողս զերամակս զազիրս, վայրագասունս խոզից արաւտականաց
Գարշութեան մեղաց` նախատ վարձկանութեանց:
Հովիւս տածողական զհաւրանս ուլոցն ամայաբնականաց
Ի վրանս հովուացն, ըստ Երգոյն երգոց առ իս առակին,
Որ ոչ իսկ ծանեայ զիս երբէք գիտել,
Թէ յո՞վ եւ յո՞յր պատկեր եւ վասն ո՞յր գոյացայ:
Բ
Ահա ի յոտս տանողականս
Կրողաց երկուց միակցորդ խորհրդականաց,
Ըստ ձեւոյ հրեշտակի կառուցար,
Իբր ի թռիչս թեւոց կրկնաբարձ բազկաց վերատանողաց`
Յաշխարհն հայրենական հայել,
Ով յիմար, զիա՞րդ քեզէն կորացար յերկիր,
Զաստեացս միշտ հոգացեալ դիպուածս`
Ընդ ցիռս անապատականս համարեցար:
Իբր զճրագ բազմաբերանեան
Ի յաշտանակի մարմնիդ հաստատեցաւ գլխոյդ բոլորութիւն,
Զի եւ այսու ի յաւրինակէն շնորհէ մի աւտարասցիս
ԶԱստուած տեսանել եւ զմնացականացն իմաստասիրել:
Բանականութեանն յարգանաւք կրկին ճոխացար,
Զի զյաղթանակ բարեմասնութեանն, որ առ քեզ եղեն,
Անարգել լեզուով խաւսեսցիս,
Զգործնականացն տնաւրինել զտնտեսութիւն,
Իբր կցորդ համացեղութեամբ ամենաբաշխ աջոյն Աստուծոյ` Աստուած կոչեցար:
Երից հարիւրոց եւ տասանց վեցից յաւդիւք շաղկապեցար`
Յարեալ ի քեզ ընդ նոսին ի նոյն
Եւ պատշաճական մասունս չափուց ազդողականաց հինգ զգայութեանց,
Ձեռինդ հաստմամբ յարմարոստեան մատանցդ շառաւիղաւք`
Զի մի եւ երեւելիդ նիւթականութիւն քումդ տեսութեան`
Մտացդ դիտման անդատ եղիցի.
Զի ոմանք ստուարք են եւ զաւրաւորք,
Եւ այլք փոքունք են եւ պիտանիք,
Կէսք` կարծրակերտք եւ ազդողականք,
Են եւ գողտրականք եւ պատուականագոյնք,
Դարձեալ` կարեւորք եւ պատկառելիք:
Իսկ թարգմանութիւնք սոցին տեսութեան ի քեզ են նկարեալ`
Իբր յարձանի անջնջականի, անձն իմ եղկելի,
Որպէս զի եւ տարր ժամանակաց
Եւ շարունակ հետեւման աւուրցն առ պսակ ամին,
Իբր կանոնաւ իմիք սահմանեալ մասամբքդ`
Անսխալ եւ անայլայլելի պահեսցի:
Գ
Դարձեալ այլ աւրինակ հոգեւորական,
Որ զսիրոյն յաւդուած շաղկապէ ի մի առ եկեղեցի,
Քեւ խորհրդածի.
Իբր զի առանց բնաւից զուգամասնութեան
Կապակցել լծով հաւանականաւ զվեհն ընդ փոքուն,
Վնասեալ է հաստուածոյն անարատութիւն յանուն Քրիստոսի ժողովելոց,
Որպէս ի հատումն եւ ի նուազութիւն
Միոյ յանդամոցս անարգացս` պատուաստելոցս ի մարմնի,
Կրճատեալ իմն է յաւրինուած կազմութեան մարդոյդ քում սենեկի զգայականի,
Եւ շրջեալ է ընտանութիւն պատկերին յանկարգ փոփոխութիւն:
Եւ արդ, այսպիսեաւք եւ եւս բազմաւք անզուգական հրաշակերտութեամբ
Եղական պատկեր Աստուծոյ` կշտամբեալ իսպառ, ոգի իմ գերի:
Եւ թէպէտ յառաջին նմանութենէն կողոպտեալ գտար`
Պատուիրանին յանցաւորութեամբ ի դրախտին կենաց,
Այլ աւազանին լուսազարդ շնորհիւն զՀոգւոյն փչումն առեալ`
Եւ նմանութիւն ես կերպարանին:
Դ
Եւ արդ, ընդէ՞ր կորուսեր զփառսն երկնաւորս,
Իբր նախաստեղծն երբեմն` զվիճակն երկրաւոր յԱդին դարաստանի,
Ընդէ՞ր փակեցեր քեզէն քեզ զերկին եւ զվերելիցն դուռն աղխեցեր,
Ընդէ՞ր խառնեցեր ընդ ջրոյն մաքրութեան զախտ արտասուացդ տաժանութեան,
Ընդէ՞ր զլուացեալ ձորձ վերարկուին գարշելի գործովք զազրացուցեր,
Հի՞մ զեդեալ հանդերձին մեղաց պատմուճան անառակութեան վարուք քեզ արկեր:
Ընդէ՞ր զտանողացդ ոտից սրբութիւն ճանապարհաւն ժանտից աղտեղեր,
Ընդէ՞ր կրկնեցեր իրաւադատին զուխտազանցութիւն հին պատուիրանին,
Ընդէ՞ր մերժեցեր ի պտղոյն շնորհաց, իբր զԱդամ` ի ծառոյն կենաց,
Ընդէ՞ր նենգեցեր քեզէն քո կամաւ զանստուեր յուսոյն յարակայութիւն,
Ընդէ՞ր պատկառանք անհամարձակելիք քոյին դիմացդ նպաստեցեր,
Ընդէ՞ր զինեցար ընդդէմ քո ներհակ, ով ընդունարան խելագարութեան,
Ընդէ՞ր որսացար ի ծուղակ մահու` թողեալ զարահետն վստահութեան,
Ընդէ՞ր կարթիւ պատրանաց ածար հաղորդդ մարմնոյ կենդանարարին:
Այլ վերստին յուսացեալ ի նա` կարդա նմա,
Ապաւինելոյս քաւիչ, նորոգիչ,
Փրկիչ, կեցուցիչ եւ կենդանարար,
Ողորմած, խնամող, մարդասէր, անոխակալ,
Բազմագութ, աւրհնեա~լ յաւիտեանս:
Ամէն:   up

Բան ԽԶ

Ա

Վրիպյալս ես ամենայն անգամ, ամենապատիժ,
Միշտ դժնյա վայրենաբարո, մահով եմ անձամբ
կշտամբում ինքս ինձ.
Ինչպես արոտական խոզերի զազիր և վայրագասուն երամակներ՝
Գարշելի մեղքեր արածացնող եմ ես նախատելի վարձով131Ղուկ. ԺԵ. 25.
Ամայաբնակ ուլերի հորանը խնամող հովիվ եմ ես մի
Տավարածների վրանների մոտ,
Ըստ Երգ-երգոցի առակի, որ ինձ է վերաբերում,
Ինձ, որ չեմ ճանաչում նույնիսկ ու չգիտեմ երբեք,
Թե որի՞ ձեռքով և ո՞ւմ պատկերով, ինչո՛ւ գոյացա:

Բ

Ահա՛ մարմինդ կրող երկու միակցորդ ու խորհրդակից ոտքերիդ վրա
Հրեշտակի ձևով ես կառուցվել դու,
Որպեսզի երկու վերև բարձրացած քո բազուկներով վերասլացիկ,
Իբրև թռչելու համար թև առած՝ դիտես հայրենի աշխարհը բարձրից:
Ո՜վ հիմար, ինչո՞ւ ինքդ քո կամքով կորացար գետնին,
Եվ միշտ աշխարհի չնչին ու ճղճիմ հոգսերով տարված:
Անապատական ցիռերի կարգը դասեցիր դու քեզ:
Մարմնիդ աշտանակի վրա իբրև ճրագ բազմականթեղյան՝
Գլխիդ կլորությունը հաստատվեց,
Որպեսզի այդպիսով, չհեռանալով օրինակելի լույսի շնորհից,
Տեսնես Աստծուն և անանցանելիքն իմաստասիրես:
Բանականության պատվով կրկնապես ճոխացար,
Որպեսզի վերուստ քեզ տրված բոլոր բարեմասնությանց
Հաղթանակը դու պատմես անարգել, անկաշկանդ լեզվով:
Մատնելով հարմարապես ճյուղավորված ճարտար քո ձեռքերով
Գործելուդ համար և կառուցելու՝ աստված կոչվեցիր՝132Այս բառի հարաբերական իմաստով՝ հորինող, ստեղծող:
Համացեղությամբ իբրև գործակից ամենապարգև աջին Աստուծո:
Երեք հարյուր վաթսուն հոդերով դու շաղկապվեցիր,
Միացնելով նրանց քո մեջ պատշաճող թիվը հինգ զգայարանքների133Իր ժամանակի անդամազննական հասկացողության համաձայն՝ մարդու մարմնի ոսկորների և կազմության զանազան մասերի քանակը՝ 360. այդ թվի վրա ավելացնելով հինգ զգայարանները՝ համապատասխանում է տարվա օրերի թվին:,
Որպեսզի արտաքին առերևույթ նյութեղեն շինվածքդ
Չմնա մտքիդ տեսության կողմից անքննադատելի.
Զի ոմանք դրանցից ստվար են և զորավոր,
Եվ ուրիշներ՝ փոքր են ու պիտանի,
Կան, որ կարծրակերտ են և՝ զգայուն,
Եվ դարձյալ, որ գողտրիկ են ու պատվականագույն,
Ինչպես նաև կան, որ կարևոր են և ամոթալի:
Իսկ բացատրություններն այդ բոլորի քո մեջ են
նկարված, Իբր անջնջելի արձանի վրա, ա՜նձն իմ եղկելի.
Որի միտքն այն է, թե ժամանակի մասն ամենափոքր ու տարին կազմող բոլոր օրերի կարգն հաջորդական
Սահմանված՝ մարմնի մասերի թվով
Անսխալ կերպով անայլայլելի՝ պահված են այնտեղ:

Գ

Կա և հոգևոր մի այլ օրինակ,–
Սիրո հոդերով շաղկապված ի մի սուրբ եկեղեցու միությունն է այդ,
Որի խորհուրդը դարձյալ քեզանով է մեկնաբանվում.
Այնպես որ առանց բոլոր մասերի իրար հետ ամուր սերտ կապակցության՝
Մեծը փոքրի հետ համաձայնված մի ընդհանուր լծի ներքո
Քրիստոսի անվամբ հալածանքների շենքի կատարելությունը վնասված կլինի:
Ինչպես որ մարմնին պատվաստված աննշան անդամներից մեկն եթե կտրվի և կամ պակասի՝
Կրճատված կլինի մարմնի կազմվածքը, որ զգայական սենյակն է մարդու,
Որով և ահա՜, պատկերն ընտանի կենթարկվի անարգ մի փոփոխության:
Ուրեմն այսպիսով, ինչպես և բազում այլ անզուգական հրաշակերտությամբ ստեղծված՝
Աստուծո հարազատ պատկերն ես դու, հոգի՛դ իմ գերի, իսպառ կշտամբված:
Թեև առաջին նմանությունիցդ կողոպտվեցիր,
Կենաց դրախտում մեղանչելով պատվիրանի դեմ,
Բայց ավազանի լուսազարդ շնորհով, Հոգու փչումն ընդունելով,
Նախկին նույն պատկերն ստացար դարձյալ:
Եվ այժմ ինչո՞ւ կորցրիր դու այդ փառքը երկնավոր,
Ինչպես կորցրեց նախաստեղծն երբեմն վիճակն երկնավոր՝ Ադեն դրախտում:
Ինչո՞ւ ինքդ քո ձեռքով փակեցիր երկինքը քեզ համար,
Եվ վերելքի դուռը կողպեցիր քո առաջ.
Ինչո՞ւ խառնեցիր մաքուր ջրի հետ աղտն
արցունքներիդ.
Ինչո՞ւ լվացված ձորձը՝ գարշելի գործերով զազրելի դարձրիր,
Ինչո՞ւ մեղքերի պատմուճանդ հանած՝ նորից հագար այն անառակ վարքով.
Ինչո՞ւ ժանտերի ճամփով գնալով ոտքերիդ մաքրությունն աղտեղեցիր.
Ինչո՞ւ կրկնեցիր իրավադատին ուխտազանցությունն հին պատվիրանի.
Ինչո՞ւ զրկվեցիր շնորհաց պտղից, ինչպես Ադամը՝ կենաց ծառից.
Ինչո՞ւ նենգեցիր ինքդ կամովին հավերժությունը անստվեր հույսի.
Ինչո՞ւ թույլ տվիր, որ անհամարձակ՝ ծածկվի դեմքդ սաստիկ ամոթից.
Ինչո՞ւ զինվեցիր դու ինքդ քո դեմ հակառակվելով, ո՜վ ընդունարան խելագարության.
Ինչո՞ւ որս եղար մահվան ծուղակին, թողած արահետը վստահելի.
Ինչո՞ւ պատրանքների կարթով բռնվեցիր, կենդանարարի մարմնին հաղորդակի՛ցդ դու:
Բայց դու վերստին հուսալով նրան՝ պաղատի՛ր առ նա,
Որ ապավեն է, քավիչ, նորոգիչ, փրկիչ, կեցուցիչ և կենդանարար,
Ողորմած, խնամող, մարդասեր և անոխակալ,
Բազմագութ, օրհնյալ հավիտյանս. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Հավիտենական մոլորյալ եմ մի ամենապատիժ,
Մշտապես դժնի վայրենաբարո,
Ինքս ինձ անձամբ մահով կշտամբիչ,
Վայրագասուն ու զազիր խոզերի բոլուկ արածող՝
Գարշելի, նվաստ, անարգ մի վարձկան,
Ամայաբնակ ուլերի հորան խնամող հովիվ՝
Հոտարածների վրանների մոտ.
Ըստ «Երգ երգոցի» ինձ պատշաճ խոսքի,
Որ ինքս ինձ բնավ չճանաչեցի,
Չիմացա՝ ումի՞ց, ո՞ւմ պատկերով ինչո՞ւ գոյացա։

Բ
Ահա քեզ կրող երկու միաբան
Անանջատելի ոտներիդ վրա
Հրեշտակաձև դու կառուցվեցիր,
Որ միշտ կրկնաբարձ, վերասլացիկ քո բազուկներով,
Ասես թևավոր, թռիչքով միայն
Երկիրն հայրենի դիտես բարձունքից.
Ո՜վ հիմար, հապա ինչո՞ւ կամովին գետնին կորացար
Ու միշտ երկրային հոգսերով տարված՝
Անապատական վայրի ցիռերի կարգը դասվեցիր։
Ինչպես բազմաճյուղ մի կանթեղ,
մարմնիդ պերճ աշտանակին
Բոլորությունը գլխիդ հաստատվեց,
Որպեսզի նրա շնորհիվ երբեք ՚
Չօտարանալով շնորհի վսեմ օրինատիպին՝
Տեսնես Աստծուն, անանցականը իմաստասիրես։
Դրա հետ նաև ճոխացար պատվով
բանականության,
Որ քեզ շնորհված բարեմասնության հաղթանակները
Անկաշկանդ լեզվով պատմես բոլորին։
Կրելով գործուն, արվեստող ձեռքեր,
Ճարտար մատներիդ շառավիղներով,
Իբրև գործակից ամենապարգև աջին Աստծո,
Համացեղությամբ՝ աստված կոչվեցիր:
Բաղադրվեցիր դու երեք հարյուր
վաթսուն հոդերով,
Ի լրում պատշաճ թվի՝ դրանց հետ
Միավորելով ճանաչողական հինգ զգայարան,
Որ անքննադատ չմնա մտքիդ տեսության կողմից
Քո տեսանելի կազմը նյութեղեն,
Ուր կան անդամներ՝ հաղթ ու զորավոր,
Կան, որ փոքրիկ են, բայց և պիտանի,
Որ կարծրակերտ են, բայց և զգայուն,
Կան, որ գողտրիկ են, ընտիր, պատվական,
Ինչպես նաև կան, որ կարևոր են, բայց ամոթալի։
Իսկ մեկնությունը դրա կգտնես
Նկարված քո մեջ, ա՜նձն իմ եղկելի,
Ինչպես մի անեղծ արձանի վրա.
Ժամանակի տարրն ու տարին կազմող
Իրարահաջորդ թիվը օրերի,
Սահմանված ասես ինչ-որ օրենքով
Մարմնիդ մասերին համապատասխան,
Պետք է որ պահվեն անսխալ ու միշտ անայլայլելի։

Գ
Ահա հոգևոր մի այլ օրինակ,
Որ նույնպես քեզնով է մեկնաբանվում՝
Սիրո հոդերով ի մի շաղկապված
Միասնությունը սուրբ եկեղեցու.
Բոլոր մասերը եթե անխտիր,
Վեհը փոքրի հետ որպես համարժեք,
Համահաճորեն չներդաշնակվեն՝ մի լծով կապված,
Խաթարված կլինի Քրիստոսի սուրբ
Անվան շինության ամբողջությունը,
Ինչպես որ, ասենք, մարմնի որևէ
Անդամը թեկուզ աննշան, չնչին,
Եթե կտրվի, պակասի հանկարծ,
Կաղճատվի ամբողջ կազմվածքը մարմնի,
Որն զգայական սենյակն է մարդու,
Եվ բուն կերպարը կենթարկվի անարգ
մի փոփոխության։
Ահա այսպիսի, ինչպես և բազում
Այլ անզուգական հրաշակերտմամբ՝
Եղական պատկերն ես դու Աստծո,
Ո՛վ անձդ իմ գերի, իսպառ կշտամբված.
Ճիշտ է, առաջին նմանությունից,
Կյանքի դրախտում մեղանչելով սուրբ
Պատվիրանի դեմ, դու կողոպտվեցիր,
Բայց ավազանի լույս շնորհներով՝
Ոգու փչման հետ չէ՛ օր ստացար
Նաև պատկերի նմանությունը։
Արդ, ինչո՞ւ կորցրիր փառքը երկնային,
Ինչպես երբեմն Եդեմ-դրախտում
Նախաստեղծը այն՝ վիճակն երկնավոր.
Ինչո՞ւ փակեցիր ինքդ քո ձեռքով երկինքը քո դեմ,
Վերելքիդ դուռը կողպեցիր իսպառ.
Ինչո՞ւ խառնեցիր մաքուր ջրի հետ
Ախտն արցունքների քո տաժանաբուխ.
Ինչո՞ւ լվացված ձորձը ծածկույթիդ
Աղտեղեցիր քո զազիր գործերով.
Ինչո՞ւ մեղքերիդ պատմուճանը, որ
Մի կողմ էր դրված,
Անառակ վարքով՝ հագար վերստին.
Ինչո՞ւ ժանտերի ճանապարհներով
Ապականեցիր մաքրությունը քեզ կրող ոտքերի.
Ինչպե՞ս վերստին ուխտազանց եղար իրավադատին՝
Մեղանչելով հին պատվիրանի դեմ.
Ինչո՞ւ զրկվեցիր շնորհի պտղից,
Ինչպես Ադամը՝ ծառից կենարար.
Ինչո՞ւ նենգեցիր ինքդ կամովին
Հավերժությունը անստվեր հույսի.
Ինչպե՞ս օգնեցիր, որ անհամարձակ
Ամոթը սաստիկ ծածկի դեմքը քո.
Ինչպե՞ս զինվեցիր ինքդ ընդդեմ քեզ,
Ո՜վ ընդունարան խելագարության.
Ինչո՞ւ որս դարձար մահվան ծուղակին՝
Թողած արահետն ամենավստահ.
Ինչպե՞ս բռնվեցիր պատրանքի կարթով
Հաղո՜րդդ մարմնին կենդանարարի։
Սակայն դու դարձյալ հուսալով նրան՝
պաղատի՛ր իրեն.
Ապավեն և լույս քավիչ, նորոգիչ,
Փրկիչ, կեցուցիչ և կենդանարար,
Ողորմած, հոգած, մարդասեր, անոխ,
Բազմագութ, օրհնյա՜լ հավիտյանս, ամեն։