Thou hast made me endless

Դու անսահման կերտեցիր ինձ, ինչպես հաճությունն է Քո:
Կրկին ու կրկին պարպեցիր փխրուն անոթն այս ու լցրեցիր հավերժ թարմ կյանքով:

Փոքրիկ սրինգն այս եղեգնի տարար սարեր ու դաշտերով,
Շնչեցիր նրա միջով մեղեդիներ` հավերժ նոր:

Անվախճան հպումից Քո ձեռքերի փոքրիկ սիրտս բերկրանքում կորցնում է ափերն իր
Ու ծնում թոթովանք անբարբառելի:

Պարգեւներդ անհամար գալիս են լոկ ինձ, շատ փոքրիկ այս ձեռքերիս,
Դարեր են անցնում, շարունակում ես հեղել, եւ սակայն դեռ տեղ կա թափուր:

When thou commandest me to sing

Երբ կարգեցիր ինձ երգե՛լ, կարծես սիրտս պիտի պայթեր հպարտությունից:
Նայեցի Քո դեմքին, արցունքներ եկան աչքերիս:

Ամեն շփոթ կյանքիս ու խորթություն հալվեց քաղցր ու համահունչ մի մեղեդու -
Եւ երկրպագությունն իմ տարածեց թեւերն իր, ինչպես ծովը կտրող զվարթ թռչուն:

Գիտեմ՝ հաճո է Քեզ երգելը իմ: միայն երգիչ եմ գիտեմ, Քո՛ առաջ:

Երգիս հեռուները սփռած թեւերի ծայրով հպվեցի ոտքերին Քո, ուր հասնել չէի հանդգնի երբեք:

Արբած երգելու բերկրանքից՝ ինքնամոռացությամբ Քեզ ընկեր կոչեցի, Դու՝ ի'մ Տէր:

I know not how thou singest

Ես չգիտեմ ինչպես ես Դու երգում, ի'մ Տէր:
Ունկընդրում եմ անվերջ, լուռ ապշանքով:

Լույսը Քո մեղեդու աշխարհն է լուսազարդում ու կենդանի շունչը նրա երկնքից երկինք է սփռվում:
Երաժշտությանդ ընթացքը սուրբ, անցնելով քարեղեն ամեն պատնեշ, վազում ու առաջ է սլանում:

Սիրտն իմ տենչում է ձայնակցել, բայց տառապում է զուր ձայնի կարոտով,
Կխոսէի, սակայն բառերն իմ չեն դառնում երգ, եւ արտասվում եմ շվարումով:
Դու գերել ես սիրտն իմ, ի'մ Տէր, անսահման ոստայնում Քո մեղեդու:

Life of my life, I shall ever try to

Կյանք ի'մ կենաց, պիտի հավերժ ջանամ մարմինս պահել սուրբ,
Գետենալով՝ կենարար հպումն է Քո հոդերիս վրա բոլոր:

Պիտի հավերժ ջանամ իմ խոհերից կեղծիքը պահել դուրս,
Գիտենալով՝ Ճշմարտությունն է Քո բանականության ջահ վառել իմ մտքում:

Պիտի հավերժ ջանամ վանել ամեն չարն իմ սրտից եւ սերն իմ պահել ծաղկունքում,
Գիտենալով՝ Քո աթոռն է այնտեղ՝ սրտիս խորագույն խորանում:

Պիտի առաքելությունն իմ լինի հայտնությունը Քո իմ գործերում,
Գիտենալով, որ զորությունն է Քո, ինձ տալիս ուժ՝ գործելու:

I ask for a moment's indulgence

Խնդրում եմ վայելքի ակընթարթ՝ նստել Քո կողքին:
Գործերը, որ ունեմ  ձեռքիս, կավարտեմ հետո:

Քո հայացքի տեսքից հեռու, չունի սիրտս հանգիստ, դադար,
Եւ աշխատանքն է դառնում անվերջ տանջանք չարչարանքների ծովում անափ:

Ամառն այսօր մոտեցավ պատուհանին իմ՝ իր շնչով ու շրշյունով,
Եւ մեղուներն ինրենց ասքն են խաղում ծաղկազարդ բեմին մարգագետնի:

Հիմա ժամանակն է նստել անձայն, Քեզ հետ դեմ հանդիման,
Ու երգել ձոնը կյանքի այս լուռ ու լիառատ անդորրում:

Pluck this little flower

Քաղիր փոքրիկ ծաղիկն այս ու վերցրու, մի' ուշացրու, վախենում եմ թոշնի ու խառնվի հողին:

Գուցե տեղ չգտնեմ քո պսակում, սակայն պատվիր նրան հպումի ցավով ձեռքիդ եւ պոկիր:

Վախենում եմ, թէ օրն աննկատ ավարտվի, եւ զոհաբերության ժամը անցնի:

Գուցե վառվռուն չէ գույնը նրա, եւ բուրմունքը տկար, կիրակրիր այն ի ծառայություն Քո, քանի դեռ կա ժամանակ:

My song has put off her adornments

Երգն իմ մերկացավ իր պերճանքից, չունի շքեղություն հագուստի ու զարդերի:

Պճնանքը կխաթարի միությունը մեր՝ սողոսկելով իմ ու Քո միջեւ, խլացնելով  զրնգոցով  շշուկը Քո:

Երգչի գոռոզությունն իմ մահանում է հայացքից Քո, ո~վ վարպե'տ բանաստեղծ, ես նստել եմ Ոտքերիդ առաջ:

Միայն թույլ տուր կյանքն իմ անել պարզ ու շիտակ, Ք՛ո համար՝ ինչպես եղեգնյա շվի, որ  Դու այն լցնես երաժշտությամբ:

 
The child who is decked with prince's robes

Մանուկը, որ բարձվել է թիկնոցով արքայազնի, ու զարդարվել ոսկե շղթաներով վզին,
Կորցնում է բերկրանքը խաղի, խանգարում է պճնանքն ամեն քայլին:

Մաշել - փոշոտելու ահից, փախչում է աշխարհից հեռու՝
Վախենալով մինչեւ իսկ շարժվել:

Մա՛յր, նվաճում չէ կապանքը շքեղության,
Թէ պիտի հեռու պահի աշխարհի առողջարար փոշուց,
Թէ պիտի իրավունքից կողոպտի մեկին,
Մտնելու ազնիվ ու շիտակ, հասարակ մարդկային կյանք:

O Fool, try to carry thyself

Օ՜ անմիտ, որ փորձում ես կրել ինքդ քեզ քո ուսերին:
Օ՜ մուրացկան, որ մուրալու ես եկել, ինքդ քո սեփական շեմին:

Տուր բոլոր բեռներդ Նրան, ով կարող է ամենը տանել,
Եւ է'լ այլեւս ափսոսանքով մի նայիր հետ:

Կիրքը մարում է ամեն մի ջահ, որին հպվում է իր շնչով,
Անսուրբ է, չընդունե՛ս նվեր անմաքուր ձեռքերից դրա:
Ընդունիր ընդամենը այն, ինչն առաջարկվում է սուրբ սիրով:

Here is thy footstool

Ահա պատվանդանը, ուր Քո ոտքերն են հանգչում,
Ուր չքավորներն են, խոնարհներն ու կորածները:

Փորձեցի խոնարհվել Քեզ, սակայն մեծարանքս չհասավ խորխորատին,
ուր Ոտքերդ են հանգչում՝ չքավորների, խոնարհների ու կորածների մեջ:

Հպարտությունը երբեք չի մերձենա այնտեղ, ուր Դո՛ւ ես շրջում հագուստով համեստի՝
Չքավորների, խոնարհների ու կորածների մեջ:

Սիրտս երբևէ չի կարող գտնել իր ճամփան
Այնտեղ, ուր ընկերն ես Դու միայնակների՝
Չքավորների, խոնարհների ու կորածների մեջ:

 
Leave this chanting and singing

Թող աղոթք, շարական եւ ուլունք: 
Ո՞ւմ ես երկրպագում այս լքված ու խավար անկյունում՝ դռնփակ տաճարի:
Բացիր աչքերդ եւ տե՛ս՝ այնտեղ չէ քո աստվածը քեզ հետ:

Նա այնտեղ է, ուր մշակը կարծր հողն է վարում, ուր ճանապարհ գցողը քար է կոտրում:
Նրանց հետ է արեւ ու անձրեւին, եւ Նրա պատմուճանն է փոշում:
Հանի՛ր վեղարը այդ սուրբ ու իջի՛ր վար Նրա պես՝ դեպի հողն ու փոշին:

Փրկությո՞ւն, որտե՞ղ է փրկությունը Տիրոջ:
Մեր Տէրն ինքն էլ բերկրությամբ արարչության լուծն առավ իր վրա,
եւ այլեւս հավերժ կապված է մեզ:

Դուրս արի սեւեռումից, թո՛ղ ծաղկեպսակ ու խնկարկում:
Ի՞նչ վնաս թե հագուստդ մաշվի, փոշոտվի:
Մոտեցի՛ր ու կանգնի՛ր Նրա կողքին՝ աշխատանքում՝ քրտինքով ճակատի:

The time that my journey takes is long

Ճամփորդության օրերն իմ երկար, եւ ճանապարհը երկար:

Ես մեկենցի արշալույսի առաջին կառքով, բռնեցի իմ ուղին տափաստաններով աշխարհի՝
Թողնելով հետքն իմ աստղերի, մոլորակների վրա:

Ամենաերկար ուղին է, որ ամենամոտն է բերում ինքդ քեզ,
Եւ այդ անվերջ վարժանք է բերում մաքուր հնչյունին ամենապարզ:

Ճամփորդը մինչեւ իր դռանը հասնի, օտար դռները բոլոր պիտի թակի:
Դրսի ողջ աշխարհը պիտի ացնի, մինչեւ վերջում իր սրտի խորանը գտնի:

Աչքերս փնտրեցին շուրջս ու հեռուն, մինչեւ փակեցի շշուկով՝ «Այստեղ ես Տէր»:
Հարցն ու ճիչը «Ո՞ւր» հալվեցին արցունքի հազար շիթերում՝ Հեղեղելով աշխարհը վստահությամբ «էմ»:

The song that I came to sing remains unsung

Երգը, որ եկա երգելու, առայսօր մնացել է չերգված:

Օրերն իմ վատնեցի՝ լարելով ու անլարելով գործիքն իմ:

Ժամանակը դեռ չի հասել ճիշտ, եւ բառերը շարք չեն կազմել,
Միայն ցանկության տառապանքն է խոր իմ սրտում:

Բողբոջները դեռ չեն բացվել, միայն շնչառությունն է քամու:

Ես չեմ տեսել դեմքը Նրա, եւ ոչ էլ ձայնը ունկընդրել,
Միայն մեղմ ոտնաձայներն եմ լսել դիմացի ճանապարհից իմ տան:

Կյանքի տեւողությամբ օրն անցավ՝ նստատեղը Նրա հատակին փռելով,
Սակայն անլույս է լապտերն իմ, ու չեմ կարող հրավիրել տուն:

Ապրում եմ հանդիպման հույսով, սակայն առայժմ դա չկա:

My desires are many and my cry is pitiful

Շատ են տենչանքներն իմ, եւ լացն իմ ցավագին,
Սակայն կտրուկ մերժումով բազմիցս փրկել ես ինձ,
Զորեղ ողորմությամբդ այս կոփված է ծայրե-ծայր կյանքն իմ:

Օրավուր ճար ես գտնում՝ ինձ արժանի դարձնելու
Այս պարզ, մեծագույն նվերին, ընծայված առանց խնդրելու,
– Այս երկինքն ու լույսը, մերմինն այս ու կյանքը
Եւ միտքը, պահպանելու ինձ անխոհեմ կրքերից:

Կան ժամանակներ, երբ քարշ եմ գալիս նվաղած,
Եւ ժամանակ, երբ արթուն եմ ու Տիրոջս եմ փնտրում փութկոտ,
Սակայն անգթությամբ թաքցնում ես Քեզ ինձանից:

Անդադար մերժելով ինձ՝ օրավուր հնար ես գտնում՝
Արժանացնելու Քո լիարժեք ընկալման՝
Փրկելով ինձ իմ թույլ, անհաստատ իղձերից:

I am here to sing thee songs

Ես այսեղ եմ՝ Քեզ համար երգելու, Քո այս դահլիճում աթոռ ունեմ անկյունի:

Անելիք չունեմ աշխարհում, եւ կյանքս աննպատակ ու անօգուտ միայն կարող է երգ դառնալ:

Երբ Քո լուռ երկրպագության ժամը խփի կեսգիշերվա այս մութ տաճարում, հրամայիր ինձ, ի՛մ Տէր, կանգնել Քո առաջ երգելու:

Երբ վաղորդյան եթերում ոսկե տավիղն է լարված, պատվիր ինձ՝ կարգադրելով ներկայությունը իմ:

I have had my invitation to this world's festival

Ես հրավեր ունեի այս աշխարհի հանդեսին, եւ օրհնված էր կյանքն իմ:
Աչքերն իմ տեսան, եւ ունկս  լսեց:

Իմ մասն էր այս խնջույքի՝ նվագել գործիքիս վրա, եւ արեցի ամենը,
Ինչ կարող էի:

Եւ հարցնում եմ  հիմա՝ չի՞ հասել ժամը արդյոք, երբ կարող եմ մտնել ներս՝
Տեսնելու դեմքը Քո, եւ մատուցել լուռ ողջույնը իմ:

I am only waiting for love

Ես միայն սպասում եմ սիրուն՝ վերջապես նրա ձեռքն ինձ հանձնելու:
Այդ պատճառով է այսքան ուշ, եւ թե ինչու եմ մեղավոր նման անփութությամբ:

Եկան իրենց օրենքներով ու կարգերով, ինձ կապկպելու փույթով,
Սակայն փախել եմ նրանցից, քանզի միայն սպասում եմ սիրուն՝ վերջապես նրա ձեռքն ինձ հանձնելու:

Մարդիկ նախատում ու կոչում են ինձ անգլուխ, չեմ կասկածում արդարությանը մեղադրանքի:

Ավարտվել է օրը գործարքիների, արված են գործերը բազմազբղի:
Նրանք որ եկան ինձ ապարդյուն կանչելու՝ վերադարձան բարկությամբ,
Ես միայն սպասում եմ սիրուն՝ վերջապես նրա ձեռքն ինձն հանձնելու:

Clouds heap upon clouds

Ամպերը բարդվում են ամպերին, մթնում է, Օ իմ սեր, ինչո՞ւ թողեցիր ինձ շեմին՝ մենակ:

Ամբոխի հետ եմ օրվա եռուզեռին, սակայն  Դու ես միակ հույսը իմ՝ օրերին միայնակ ու խավար:

Թէ ցույց չտաս դեմքը Քո, թէ թողնես ընդհանրապես մի կողմ, չգիտեմ ինչպես պիտի անցնեմ, ժամերը այս միգամած:

Սեւեռվում եմ երկնքի հեռու-հեռավոր շողին, տագնապած է անդադար քամու հետ ու ալեկոծ սիրտն իմ:

If thou speakest not I will fill my heart with thy silence

Թէ չխոսես, սիրտն իմ կլցնեմ լռությամբ Քո ու կտոկամ:
Կլինեմ անշարժ ու կսպասեմ, ինչպես գիշերն իր աստղազարդ հսկումով՝
Գլխահակ, համբերությամբ:

Առավոտն իհարկե կգա, խավարը պիտի ցրվի,
Քո ձայնը ոսկեղեն շիթերով, երկինքը պատռելով կհորդի ցած:

Հետո խոսքը Քո կառնի թեւեր, երգերում բոլոր իմ թռչնաբների,
Եւ կխայտան մեղեդիները Քո՝ ծաղիկներում անտառիս բոլոր պուրակների:

On the day when the lotus bloomed

Այն օրը, երբ շուշանը ծաղկեց, ցավոք թափառական էր միտքն իմ, չնկատեցի:
Դատարկ էր զամբյուղը իմ, ու ծաղիկներն անտեսված:

Միայն թէ հիմա ու նորից, վհատությունն է իջել վրաս,
Արթնացա իմ երազից՝ զգալով քամու մեջ հարավային քաղցր հետք անծանոթ բուրմունքի:

Թափանցիկ թովչանքը այս, ծակեց սիրտը իմ կարոտով,
Եւ թվաց թէ իր ավարտին ձգտող անհագուրդ շունչն էր ամառվա:

Չգիտէի դեռ այն ժամանակ, որ մոտ էր այսքան ու իմն էր,
Որ կատարյալ քաղցրությունը այս, ծաղկել էր խորքերում իմ սրտի:

I must launch out my boat

Պիտի արձակեմ նավակն իմ, երկար ու ձիգ ժամերն անցնում են ափին,
ավա~ղ...

Գարունը ծաղկունքն իր ավարտեց, հեռացավ, ու բեռով` թոշնած, անգույն ծաղիկների,
Սպասում եմ հիմա վարանումներով:

Ալիքներն են դառնում աղմկալի, ու ստվերոտ ճանապարհի եզերքին
Դեղնած տերեւներն են թափվում դողդղալով:

Ի՞նչու ես հայացքդ հառել ունայնության: Չե՞ս զգում սարսուռն անցնող՝ օդի միջով,
Հեռավոր հնչյուններով երգի, որը հոսում է մյուս ափից:

Do not pass by like a dream.

Խավար ստվերներում անձրեւոտ Հուլիսի, դու քայլում ես լռիկ` ինչպես գիշեր,
Խուսափելով բոլոր հայացքներից:

Առավոտը այսօր իր աչքերը փակեց,  անմասն համառ  կանչերին աղմկոտ արեւելյան քամու,
Եւ թավիշ քողը պարուրեց մշտարթուն երկինքը կապույտ:

Անտառներն իրենց երգը մարեցին, եւ բոլոր տների դռներն են գոց:
Դու միայնակ ճամփորդ այս ամայի փողոցի, իմ միա'կ ընկեր, իմ սե'ր,
Բաց են դռները իմ տան – չհեռանաս ինչպես երազ:

on this stormy night on thy journey of love

Փոթորկոտ այս գիշերին ճամփո՞րդ ես քո սիրո, իմ սեր, իմ ընկեր:
Երկինքն է տնքում` ինչպես մեկն հուսահատ:

Չեմ քնել այս ողջ գիշեր: Նորից ու կրկին իմ դուռն եմ բացել, իմ ընկեր`
Խավարը զննելով:

Չեմ կարող տեսնել ոչինչ: Անհանգիստ եմ.
Ո՞ւր է քեզ տանում քո ճամփան:

Ի՞նչ խավար ափերով սեւ ու մութ գետի, կամ ո՞ր եզերքով մռայլ անտառի,
ի՞նչ անդունդերով ես ճանապարհ բռնել, իմ ընկեր, դեպի ինձ:

 
If the day is done

Թե օրն ավարտվեց, էլ հավքերն են լուռ, արդեն քամին է դադարել հոգնած,
Ինձ ել պարուրիր  մթության քողով, ինչպես պատել ես երկիրը քնով,
Ու մթնշաղին քնքշանքով փակել թերթիկներն ամեն հոգնած շուշանի:

Հեռացրու ամոթ ու աղքատություն ճանապարհորդից,
Ում մոտ պարենի տոպրակն է դատարկ՝ իր ճանապարհի վերջին չհասած:
Փոշոտ հագուստը ում՝ պատառոտված,  ուժերը հատած:
Նորացրու կյանքը նրա ծաղիկ պես, այս քողի տակ Քո բարի գիշերվա:

In the night of wearines

Այս հոգնամաշ գիշերին
Թույլ տուր ինձ հանձնել քնին առանաց մաքառումի՝
Վստահությունս հենած Քեզ:

Թույլ տուր չտանել թուլացած հոգիս
Աղքատիկ պատրաստության Քո աղոթքի:

Այդ Դու ես, ով օրվա հոգնած աչքերին
Գիշերվա ծածկոցն է փռել,
Որ նորոգես տեսողությունը նրա՝
Թարմ զվարթությամբ արթնացողի:

 
He came and sat by my sid

Նա եկավ նստեց իմ կողքին, բայց ես չարթնացա.
ի՞նչ անիծված քուն էր դա, անձ իմ թշվառ:

Նա եկավ գիշերով, քնար ուներ ձեռքում,
եւ երազներն իմ ղողանջեցին Նրա մեղեդիներով:

Ավա՜ղ, ինչո՞ւ բոլոր գիշերներն իմ կորան,
Եւ ինչո՞ւ չտեսա դեմքը նրա, ում շունչն է հպվում իմ նիրհին:

Light, oh where is the light

Լույս... ո՞ւր է լույսը,
ճառագիր այն այրող հրով կրքերի:

Ահա կանթեղ անլույս, եւ ոչ մի կայծ բոցի,
սա՞ է ճակատագիրը քո, սի'րտ իմ:

Մահը ցանկալի էր շատ ավելի:

Թշվառությունն է դուռը թակում, եւ պատգամն է նրա
«արթուն է Տերը, եւ գիշերվա խավարի միջով կանչում է քեզ սիրո հանդիպման»:

Երկինքն է գոցվել ամպերում, ու անձրեւ անվերջանալի,
Չգիտեմ ինչ է փոթրկվում իմ մեջ, իմաստը դրա չգիտեմ :

Ակընթարթի փայլը կայծակի, խորացրեց առավել մութն աչքերիս,
եւ սիրտս է խարխափում արահետին, որով գիշերվա մեղեդին տանում է ինձ:

Լույս... ո՞ւր է լուսը, ճառագիր այն այրող հրով կրքերի:
Որոտ է, ունայնության միջով  սուրում է քամին ոռնալով:
Սեւ է գիշերը՝ ինչպես մի սեւ ապառաժ:
Թույլ մի տուր ժամերն անցնեն խավարում,
Բոցավառիր կանթեղը սիրո քո կյանքով:

Obstinate are the trammels

Կուռ են կապանքները, սակայն ցավում է սիրտս, երբ փորձում եմ կտրել:

Ազատությունն է միակ ցանկությունն իմ, սակայն ամաչում եմ դրա համար հուսալ:

Գիտեմ ՝անգին հարստություն ունես քո մեջ, եւ դու լավագույն ընկերն ես իմ, սակայն սիրտը չունեմ
հրաժարվելու սենյակս խցանող փայլազարդից:

Ծածկոցը որ պարուրում է ինձ, փաթաթան է մահվան եւ հողի,
որն ատում եմ, եւ սակայն գրկում եմ սիրով:

Պարտքերս մեծ, պարտություններն հսկա, ամոթն իմ գաղտնի ու ծանրագույն,
Սակայն երբ գալիս եմ աղոթելու փրկությանս համար, դողում եմ երկյուղից՝ հանկարծ խնդրանքս կատարվի:

He whom I enclose with my name

Նա ում պարսպել եմ անունով իմ, լալիս է բանտախցում:
Անվերջ զբաղված եմ այս ցանկապատի կառույցով, եւ օրավուր, որքան պատը բարձրանում է երկինք,
Դրա խավար շուքում,  կորցնում եմ պատկերն իմ իրական եսի:

Հպարտ իմ պատերով, ծեփում եմ ավազ ու փոշով, հանկարծ մի փոս չթողնեմ այս անունին:
Եւ արդյունքում ջանքիս, կորցնում եմ պատկերն իմ իրական եսի:

I came out alone on my way to my tryst

Ես դուրս ելա մենակ իմ հանդիպման ճանփան, եւ սակայն ո՞վ է սա լուռ խավարում, որ հետեւում է ինձ:
Քաշվում եմ մի կողմ՝ազատվեմ, սակայն պոկ չի գալիս:

Նա հող ու փոշի է հանում, շարժմունքով իր գոռոզ, եւ աղմկոտ ձայնը խառնում ասածս ամեն բառին:

Իմ Տէր, դա իմ իսկ եսն է փոքրիկ, ով չի ճանաչում ամոթ, սական ամաչում եմ ես՝ նրա հետ մոտենալ քո շեմին:

Prisoner, tell me, who was it that bound you

«Բանտարկյալ ասա ինձ, ո՞վ էր որ կալանեց քեզ»

«Դա իմ տերն էր», բանտարկյալն ասաց:
«Կարծցի կհաղթեմ աշխարում բոլորին՝ հարստությամբ իմ ու զորությամբ,
գանձարանումս ժողովեցի, տիրոջս տալիքը ամբողջ:
Երբ քունն հաղթեց ինձ, ես նիրհեցի տիրոջս պատկանող անկողնում,
եւ արդնանալով անձս գտա, որպես բանտարկյալ գանձարանում»:

«Ասա ինձ բանտարկյալ, ո՞վ էր որ կռեց անկոտրելի շղթան»

«Այդ ես էի»,  կալանավորն ասաց, «որ կռեցի շթան այս ուշիուշով:
Կարծելով անհաղթ զօրությունն իմ, կպահի աշխարհը գերված՝ թողնելով ինձ ազատ:
Օրեր գիշերներ զարկերով ծանր ու զորեղ, մեծ կրակներով դարբնեցի,
երբ աշխատանքն էր ավարտված, հանգույցները կոփված ու անկոտրում,
պարզեցի, որ շղթան ինձ էր կապել պիրկ գամված իր գրկում»:

Thy love for me still waits for my love

Ամենայն ջանքով փորձեցին պահել ինձ ապահով,
ովքեր սիրում են ինձ աշխարհում:
Սակայն տարբեր է սերը Քո, որն առավել է քան..
Դու ինձ պահեցիր ազատ:

Որպեսզի չմոռանամ իրենց, չխիզախեցին թողնել ինձ մենակ,
սակայն օրերն օրերի վրա անցան, եւ դու միշտ աննկատ:

Թէեւ չկանչեմ քեզ իմ աղոթքներում, թէ չպահեմ քեզ իմ սրտում,
իմ հանդեպ սերը Քո, կսպասի իմ սիրուն:

When it was day they came into my house

Երբ դեռ օր էր, նրանք եկան իմ տուն, ասելով,
«կզբաղեցնենք սենյակը փոքրագույն»:

Ասացին «կօգնենք աղոթել, եւ համեստորեն կընդունենք միայն, մեր փոքրիկ բաժինը Տիրոջ ողորմության»,
հետո նստեցին անկյունում, նստեցին լուռ ու խոնարհ:

Սակայն գիշերվա խավարում, հոխորտուն ու զոռով խուժեցին խորանն իմ սուրբ
եւ անսուրբ ագահությամբ կորզեցին ընծաներն Աստուծո սեղանի:

 
Let only that little be left of me

Թող ինձնից այն փոքրագուն մասնիկը մնա,
որով կխոստովանեմ – ամբողջը Դու ես:

Թող կամքից իմ այն փոքրագունը մնա, որի բոլոր կողմերում Քեզ կզգամ,
դեպի Քեզ կգամ ամեն ինչում, եւ սերն իմ կմատուցեմ Քեզ ամենայն պահ:

Թող ինձնից այն փոքրագուն մասնիկը մնա,
ուր երբեք չեմ կարողանա թաքցնել Քեզ :

Թող կապերից իմ այն փոքրագունը մնա, որն ինձ կապում է  Քո կամքին,
ու ծրագիրդ է կատարում իմ կյանքում – եւ շղթան այդ սերն է Քո:

Where the mind is without fear

Որտեղ միտքն է անվախ ու գլուխը բարձր, ուր գիտելքին է ազատ:

Ուր տեղական նեղ պատերից, աշխարհը չի մանրացել փշրանքի,

Որտեղ խոսքն է ծնվում խորքից ճշմարտության,

Ուր անդադրում ջանքը ձեռքը կատարելությանն է ձգում,

Ուր վճիտ ակունքը բանականության, չի կորցրել իր ճամփան,
Չոր ավազներում անապատի՝ մեռած սովորության:

Որտեղ միտքն առաջնորդվում է Քեզանով,
Դեպի մշտաճող խոհեր ու գործեր:

Այս ազատության դրախտում,
Հայր իմ, Թող երկիրը իմ արթնանա:

This is my prayer to thee

Այս է աղոթքս Քեզ, իմ Տէր
- Զարկիր, հարվածիր չքավորության արմատին սրտիս:

Տուր ինձ ուժ, թեթեւ տանելու վայելք ու վշտերը իմ:

Տուր ինձ ուժ, սերն իմ ծառայության մեջ դարձնել պտղաբեր:

Տուր ինձ ուժ, երբեք չանտեսել խեղճին ու ծունկ չծալել զորության դեմ բիրտ:

Տուր ինձ ուժ մղել իմ միտքը վերեւ օրվա մանրունքից :

Եւ ուժը տուր ինձ, որ ուժն իմ սիրով հանձնեմ Քո կամքին:

 
I thought that my voyage had come to its end

Կարծես ուղերթն իմ վախճանն իր գտավ,
Ուժերիս վերջին սահմանագծին,

Ուղին առջեւում վերջացավ, փակվեց, պաշարն սպառվեց,
Ու ժամը հասավ հանգրվանելու լուռ անէության մեջ:

Բայց գտա, կամքդ՝ իմ մեջ չունի վերջ,
Երբ լեզվի վրա սպառվում են հին բառերը բոլոր, սրտից հորդում են նոր մեղեդիներ,
Եւ ուր կորել են շավիղները հին, մի նոր աշխարհ է հայտնվում բոլոր իր հրաշաքներով:

That I want thee, only thee

Որ ես քեզ եմ ուզում, միայն քեզ – թող սիրտս կրկնի անդադար:

Ամեն իղձ որ շեղում է ինձ, օր ու գիշեր, մինչեւ արմատները դատարկ է ու կեղծ:

Ինչպես գեշերն է իր խավարում թաքցնում հայտնությունը լույսի,

Այնպես էլ խորքում իմ մտքի, անվերջ ղողանջում է «ես քեզ եմ ուզում, միայն քեզ»:

Ինչպես փոթորիկն անդորրում է փնտրում ավարտն իր, երբ բախվում է նրան ողջ զորությամբ,

Նույնպես Քո սիրո դեմ, ըմբոստությունը իմ՝ որի ճիչն է «ես Քեզ եմ ուզում, միայն Քեզ»:

 
When the heart is hard and parched

Երբ կարծր է սիրտս ու ցամաքած, ցողվիր վրաս ողորմության անձրեւով,

Երբ ողորմությունն է կյանքիցս կորած, եկ հորձանքով երգի,
Երբ եռուն աշխատանքն իր աղմուկով, շրջափակել է ինձ լիովին,
Մոտեցի՛ր, իմ Տէր լռության, անդորրով  Քո ու խաղաղությամբ:

Երբ իմ չքավոր սիրտն է կծկված, անկյունում փակված,
Բացիր դուռն իմ Արքա ու ե՛կ հանդեսով արքայական:

Երբ միտքն է կուրացած խաբկանքից կրքերի ու հողի,
Ո՜վ Դու սուրբ, Մշտարթուն, եկ լույսով  Քո ու ամպրոպով:

The rain has held back for days and days

Անձրեւն իմ ցամաք սրտում ուշանում է օրեր, օրեր Աստված իմ:
Հորիզոնն է կատաղօրեն մերկ, աննշույլ ծածկոցից փափուկ ամպերի,
Ու չկա գեթ ակնարկ թափանցիկ, հեռաւոր պաղ անձրեւի:

Առաքիր հողմ վայրի, մահով մութ, թէ դա է կամքը Քո,
Ու դաղիր մտրակով կայծակի երկինքը ծայրէ ծայր,
Բայց հեռացրու իմ Տէր, հեղացրու սողոսկող ու լուռ այս տոչորն,
Անշարժ, սուր ու դաժան, սիրտն այրող ահավոր անհուսությամբ:

Խոնարհվի թող վերից ողորմության ամպ,
Արցունքոտ հայացքի պես մոր, օրերում հոր ցասման:

Where dost thou stand behind them all

Որտե՞ղ ես, իմ սեր կանգնած թիկունքում բոլորի, պահված մութ ստվերներում:
Հրմշտելով քեզ, Ճամբին այս փոշոտ անցնում են նրանք, կարծելով ոչինչ:
Իմ սեղանը բաց սպասում եմ քեզ հոգնամաշ ժամեր,
Երբ անցորդներն են մեկառմեկ տանում  ծաղիկներս ամեն,
Ու դատարկվում է զամբյուղս արդեն:

Առավոտն անցավ, նաեւ կեսօրը, ու երեկոյի մշուշում աչքս է քնով ծանրացած:
Տուն դարձող մարդիկ հայացք են նետում, ժպտալով լցնում ինձ ամոթանքով:
Նստած եմ ինչպես այրի մուրացկան, շապիկն երեսիս, եւ երբ հարցնում են, թէ ի՞նչ եմ փնտրում,
Աչքերս եմ կախում ես անպատասխան:

Ինչպէ՞ս ասեմ, որ Քեզ եմ սպասում, խոստացել ես գալ:
Ինչպէ՞ս չամաչեմ թոթովել, որ այս թշվառությունն իմ
Պահում եմ որպես բաժինք օժիտի:
Օ փայփայում եմ պարծանքը իմ այս սրտիս մատուռում:

Նստում խոտերին հայում եմ երկինք, մտապատկերում շքեղությունը հանկարծ գալստյան:
Բոցավառ ջահեր, կառքին ծածանվող պաստառներ ոսկե,
եւ ճամփեզրքին բերանները բաց բոլորը կանգնած,
Դու գալիս ես ցած Քո գահաթոռից, ինձ փոշուց հանում, բազմեցնում կողքիդ,
Քուրձոտ, մուրացկան այս խեղճ աղջկան, կծիկ ամոթի ու հպարտության, նման սողունի ամառվա զովին:

Ժամանակն անցնում, սահում է սակայն, կառքիդ անիվի ձայները չկան:
Բազում շքերթներ անցան գոչերով, աղմուկներով ու փայլով հաղթության:
Այդ դո՞ւ ես միայն, որ կանգնած ես լուռ, մութ ստվերներում, բոլորից անդին,
Եվ ե՞ս եմ միայն, որ սպասում եմ արտասուքներով, սիրտս մաշելով զուր կարոտներով:

Early in the day it was whispered that we should sail

Վաղ առավոտյան, լսվեց մի շշուկ, թէ պիտի նավենք միայն ես եւ Դու,
Եւ երբեք ուրիշ որեւէ հոգի պիտի չիմանա մեր ուխտի ճամփից՝
դեպի ապերկիր, դեպ անվերջություն:

Անեզերք ծովի լռիկ ունկնդրող ժպիտից երգն իմ մեղեդիներում կուռի կփքվի,
Ազատ քանց ալիք, ազատ՝ բառերի բոլոր կապերից

Ժամը չէ՞ արդյոք: կա՞ դեռ աշխատանք:
Երեկոն արդեն դեպի ափ իջավ եւ թռչուններն են դառնում դեպի բույն, մարող լույսի տակ:

Ո՞վ գիտե, երբ է շղթան հանվելու,
Եվ նավակն ինչպես մայրամուտի շող ամենավերջին, անէանալու գիշերվա խորքում:

The day was when I did not keep myself in readiness for thee

Օրերում, երբ ինձ չէի պահել պատրաստ Քո համար,
Անկոչ մտնելով սիրտը իմ, ինչպես մեկն հասարակ ամբոխից, անծանոթ,
իմ արքա, սեղմել ես կնիք հավերժության անհամար վաղանցուկ պահերին իմ կյանքի:

Եւ այսօր, պատահմամբ, երբ հուշերիս վրա վառել եմ լույս,
Կնիքներդ գտա փոշիներում կորած, խառնված հուշերին վայելքի ու վշտի
իմ դատարկ մոռացված օրերի:

Չէս շրջվել խորշանքով, փոշու մէջ իմ խաղից մանկական,
Եւ ոտնաձայնը որ լսել եմ խաղի սենյակում,
հենց նույնն է, որ աստղերից աստղերն է արձագանքում:

This is my delight

Սա է վայելքն իմ, սպասել ու դիտել ճամփեզերքին, ուր ստվերն է հետապնդում լույսին,
եւ անձրեւն է գալիս ամառնամուտին:

Սուրհանդակներ, լուրերով անհայտ երկիքների, ողջունում ու սուրում են ճանապարհով:
Սիրտն է իմ խորքերում ուրախ, եւ անցնող զեփյուռի շունչն է անուշ:

Արշալույսից մինչեւ մթնշաղ, նստումեմ այստեղ իմ դռան առաջ,
եւ գիտեմ, հանկարծահաս գալուստը երջանիկ պահի, կհասնի, երբ այն կտեսնեմ:

Տակավին երգում եմ միայնակ, եւ օդն է տակավին հագեցած բուրմունքով խոստման:

He comes, comes, ever comes

Չէ՞ս լսել ոտնաձայները լուռ:
Նա գալիս է, գալիս է, գալիս է հավերժ:

Ամեն ակընթարթ ու ամեն դար, ամենայն օր ու գիշեր,
Նա գալիս է, գալիս է, գալիս է հավերժ:

Շատ երգեր եմ երգել, տարբեր վիճակներում մտքիս, բայց դրանց հնչյունները բոլոր
միշտ գոչել են -Նա գալիս է, գալիս է, գալիս է հավերժ:

Բուրավետ, արեւոտ օրերին Ապրիլի, արահետներով անտառների,
Նա գալիս է, գալիս է, գալիս է հավերժ:

Անձրեւոտ խավարում Հուլիսյան գիշերվա, որոտալից կառքով ամպերի,
Նա գալիս է, գալիս է, գալիս է հավերժ:

Վշտից վիշտ, այդ քայլերն են նրա որ իմ սիրտն են սեղմել,
եւ ոսկեղեն հպումն է նրա ոտքերի որ վայելքիս տվել է փայլ:

I know not from what distant time

Չգիտեմ թէ որ ժամանակներից հեռու, դու մոտենում ես ինձ հադիպելու:
Արեւն ու աստղերը Քո, չեն կարող երբեք Քեզ պահել իմ աչքերից թաքուն:

Բազում առավոտներ, երեկոներ, քայլերիդ ձայնն է լսվել,
եւ իմ սրտում սուրհանդակներդ եկել ու կանչել են ծածուկ:

Ես ոչ միայն գիտեմ թէ ինչու է կյանքն իմ այսօր հուզումնավառ,
եւ զգում եմ ինչպես վայելքը ալեկոծ սրտովս է անցնում:

Կարծես թէ ժամանակը եկել է գործն իմ ամփոփելու,
եւ զգում եմ օդում բորմունքը նուրբ, Քո ներկայության անուշ:

The night is nearly spent waiting for him in vain

Գիշերը գրէթէ վատնվեց, զուր սպասումով Նրա:
Վախենում եմ, դուռս գա առավոտյան, երբ հոգնությունից լինեմ քնած:
Խնդրում եմ ընթացքը չարգելեք, թողեք ճանապարհը բաց:

Թէ չարթնացնի ոտնաձայնը նրա, խնդրում եմ չփորձեք, չարթնացնեք:
Չեմ ուզում զարթնել հավքի երգից անուշ, կամ ընդվզումից զեփյուռի, շքերթում վաղորդյան շողերի:
Թողեք նիրհեմ, թէ անգամ Տէրն իմ կագնի, դռանս առաջ հանկարծ:

Օ իմ քուն, թանկագին իմ քուն, որ սպասում է միայն հպումին Նրա ու վերանա:
Օ Աչեր իմ փակ, որ կբացեք կոպերը ձեր միայն նրա ժպիտի լույսի առաջ,
երբ կհառնի իմ դեմ ինչպես երազ, հայտնվելով խավարից անրջական:

Թող հայտնվի աչքերիս առաջ, ինչպես առաջինը լույսերից ու ձեւերից բոլոր:
Առաջին շողը բերկրանքի իմ արթնացած հոգում, թող ծնվի հայացքից նրա:
Եւ թող իմ վերադարձը դեպի ինձ հենց լինի վերադարձս Նրան:

Վաղորդյան ծովը լռության փշրվեց թռչնի երգով,
եւ կայտառ էին ծաղիկները բոլոր ճամփեզերքին:
Ոսկու հարստությունն էր սփռված ամպերի անդունդներում,
իսկ մենք բազմազբաղ գնացինք մեր ճամփան, առանց նկատելու:

Չերգեցինք ուրախ երգեր, խաղեր, ու չմտանք գյուղ փոխանակման,
մնացինք լուռ չժպտացինք, ու դադար չառանք ճանապարհին:
Շտապեցինք ավելի, ու ավելի արագացրեցինք ընթացքը մեր,
ինչպես ժամանակն էր վազում:

Արեւը բարձրացել էր զենիթ, տատրակներ էին ստվերում ղունղունում,
ու չոր տերեւներն էին պարելով պոկվում ցերեկվա շոգ տապին:
Նիրհեց պատանի հովիվը ստվերում ու երազեց բանանի ծառ:
Ու պառկեցի ես ափի խոտերում փռելով ոտքերն իմ հոգնած:

Ուղեկիցներս խնդացին վրաս ծաղրանքով, գլուխները բարձր պահած շտապեցին առաջ:
Չնայեցին էլ երբէք հետ. դադար չառան, հեռավոր մեգում կապույտ անհայտացան:
Նրանք անցան բազում դաշտեր, բլուրներ, անցան տարօրինակ երկիրներ հեռու,
Բոլորը ի փառս քեզ, դու հերոս առաջնորդ անվերջանալի ուղու:
Նախատինքն ու ծաղրանքը կոչեցին ինձ «ոտքի՛» ու չգտան իմ մեջ արձագանք,
ես հանձնեցի ինքս ինձ կորստի, խորքերում զվարթ խոնարհության
– ստվերներում մարմրող բերկրանքի:

Անդորրն այս արեւագործ, կանաչ աղջամուղջի, հանդարտ տարածվեց սրտում իմ,
Մոռացա նպատակն իմ ճամփի, եւ հանձնեցի միտքն իմ առանց կռվի,
բավիղին մթնշախի ու երգերի:

Վերջապես երբ արթնացա նիրհից, աչքերս բացելով տեսա Քեզ՝ կանգնած իմ դիմաց,
ժպիտով հեղեղելով քունն իմ:
Ինչպ~ես էի սարսափում, թէ ճանապարհն է երկար, տանջալից
եւ մաքառումը հասնելու Քեզ՝ դժվարագին:

You came down from your throne and stood at my cottage door

Դու վար իջար Քո գահից, կանգնեցիր դռանն իմ տնակի:

Ես մենակ, երգում էի անկյունում, եւ մեղեդին հասավ ունկիդ:
Դու վար իջար, կանգնեցիր դռանն իմ տնակի:

Անթիվ են վարպետները Քո ապարանքում, եւ երգվում են երգեր այնտեղ ամեն ժամ,
սակայն պարզ մեղեդին այս նորելուկի Քո սիրուն հասավ:
Մի աղիողորմ փոքրիկ լար, խառնվեց մէծ երաժշտությանն աշխարհի.
Եւ ծաղիկներով որպես պարգեւ՝ Դու վար իջար, կանգնեցիր դռանն իմ տնակի:

I had gone a-begging from door to door

Ես դուրս էի եկել ճանապարհը գյուղի դռնէդուռ մուրալու,
Ու ասես հրաշագեղ երազ, ոսկեղեն կառքը քո հայտնվեց հեռվում:
Մտածեցի, ով է տեսնես այս արքայից արքան:

Զորացան հուսերն իմ, ու թվաց թէ մի պահ ավարտին հասան օրերը չար,
Ու մնացի կանգնած հույսով ողորմության՝ առանց պաղատանքի,
Առատ հարստության շուրջս բոլոր, փոշիներում սփռած:

Կանգնեց կառքը Քո իմ դիմաց,նայեցիր վրաս, ժպիտով իջար վար:
Ու թվաց թէ բախտն իմ կյանքի վերջապես ինձ հասավ,
Սակայն պարզեցիր աջդ հանկարծ ու հարցրեցիր
«դու ի՞նչ ունես արդյոք, ինձ տալու համար»:

Ինչպիսի~ վարմունք էր դա արքայական,
Պարզել ափդ մուրացկանին՝ մուրալու համար:
Մնացի կանգնած շփոթված, քսակից կարկամորէն գտա
Ցորենի փոքագույն հատիկ ու Քեզ մատուցեցի:

Սակայն անչափ էր զարմանքն իմ, օրվա վերջին
երբ պարպեցի պարկն իմ հատակին,
գտնելով փոքրիկ ոսկէ հատիկ, կույտի մեջ աղքատիկ:
Ողբացի ես դառնորեն, երանի~ թէ
Քեզ իմ ամենը տալու սիրտն ունենայի: