ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Որդի Աստուծոյ կենդանւոյ, աւրհնեալ յամենայնի,
Հաւրդ ահաւորի անքնին ծնունդ,
Որ տկարանայ առ ի քէն եւ ոչ ինչ,
Որ ի ծագել անստուեր նշողից ողորմութեան քո փառաց
Հալին մեղք, հալածին դեւք, ջնջին յանցանք,
Խզին կապանք, խորտակին շղթայք,
Կենդանածնին մահացեալք, բժշկին հարուածք,
Ողջանան վէրք, բառնին ապականութիւնք,
Տեղի տան տխրութիւնք, նահանջին հեծութիւնք,
Փախնու խաւարն, մեկնի մէգն,
Մերժի մառախուղն, փարատի մռայլն,
Սպառի աղջամուղջն, վերանայ մութն, գնայ գիշերն,
Տարագրի տագնապն, չքանան չարիքն, հալածին յուսահատութիւնքն,
Եւ թագաւորէ ձեռն քո ամենակար, քաւիչդ ամենայնի:
Բ
Որ ոչ եկիր կորուսանել զմարդկան ոգիս, այլ կեցուցանել,
Թող ինձ զանթիւ չարիսն իմ բազում ողորմութեամբդ,
Զի դու միայն ես յերկնի անճառ եւ յերկրի անզնին,
Ի տարր գոյի եւ յեզրս ծագաց աշխարհի,
Սկիզբն ամենայնի եւ յամենայնի ամենայն լրմամբ, աւրհնեալ ի բարձունս:
Եւ քեզ ընդ Հաւր եւ Հոգւոյդ Սրբոյ փա~ռք յաւիտեանս:
Ամէն:   up

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Ո՜վ ամենօրհնյալ որդիդ Աստծո,
Կենդանարար հոր անքնին ծնունդ,
Քեզ համար չկա անկարելի ու անհնար ոչինչ.
Բավական է, որ ծագի անստվեր ճաճանչը փառքի քո ողորմության,
Որպեսզի իսկույն հալվի ամեն մեղք,
Դևը հալածվի, հանցանքը ջնջվի,
Կապանքը խզվի, խորտակվի շղթան,
Մահացածները կենդանածնվեն,
Խոցը բժշկվի, վերքն առողջանա,
Վերանա ամեն ապականություն,
Թախիծն ընկրկի, ողբը նահանջի,
Խավարը փախչի, մութը վերանա, գիշերը գնա,
Չարիքը չքվի, տագնապն հեռանա,
Հուսահատությունն հալածվի անհետ,
Եվ թագավորի ձեռքդ ամենակար, քավիչ բոլորի։

Բ
Դու, որ եկել ես մարդկային ոգին
Փրկելու, ոչ թե կորցնելու համար,
Ների՛ր անհամար չարիքները իմ
Ամենաառատ քո ողորմությամբ,
Զի դու ես միայն երկնքում անճառ, երկրում անզնին,
Գոյության բոլոր տարերքների մեջ,
Աշխարհի բոլոր եզրածագերում,
Սկիզբն համայնի և ամեն ինչում՝ ամբողջ լրությամբ,
Օրհնյա՜լ ի բարձունս.
Եվ քեզ սուրբ Հոգուդ ու հորդ հետ փա՜ռք
հավիտյանս, ամեն։

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Տէր Աստուած գթութեան, փրկութեան եւ ողորմութեան,
Քաւութեան եւ նորոգութեան, բժշկութեան եւ առողջութեան,
Լուսաւորութեան եւ կենդանութեան, յարութեան եւ անմահութեան,
Յիշեա զիս, յորժամ գայցես արքայութեամբ քո,
Ահաւոր, հզաւր, բարերար եւ ամենաստեղծ,
Կենդանի, գովեալ, ամենակատար,
Մերձ ի հեծութիւն համայն եղելոց:
Ընդ խաչեցելոյն ընդ քեզ պաղատիմ,
Որ ոչ ըմբռնեալ վասն քո եւ ոչ կապեցեալ,
Ոչ կախեալ եւ ոչ բեւեռեալ,
Ոչ կռփեալ յանուն մեծիդ եւ ոչ անարգեալ,
Ոչ լլկեալ եւ ոչ նշկահեալ,
Ոչ խորտակեալ եւ ոչ մահացեալ,
Եւ արքայութեանն` արդարոց մասին
Անձկալեաց լուսոյ արժանի ցուցեալ,
Իրաւամբք ուխտի երդմնականաւ Ամէն-իւն
Ազդեալ զանփոփոխութիւն բարեացն տուելոց`
Փառաւորեցեր առ յոյս փրկութեան իսպառ լքելոյս:
Բ
Աւրհնեա~լ, աւրհնեա~լ եւ դարձեալ աւրհնեա~լ,
Եւ զիս ընկալեալ նովին հաւատովք`
Կանգնեա ի կործանմանէս, բարերար,
Բժշկեա ի հիւանդութեանցս ախտից, ողորմած,
Յեզերաց մահուս դարձո զիս ի կեանս, կենդանութիւն,
Քո եմ եւ ես, կեցո ընդ նմին, ապաւինութիւն,
Անձամբ մեռելոյս կենդանական շունչ ընծայեցո, յարութիւն,
Կեանք, անմահութիւն, անպակաս բարութիւն,
Անսպառ շնորհ, անփոփոխ ներողութիւն,
Աջ ամենազաւր, ձեռն ամէնիշխան, մատն ամենամերձ:
Կամեաց, Տէր, եւ փրկեցայց,
Ակնարկեա միայն գթութեամբ` եւ արդարացայց,
Ասա բանիւ` եւ վաղվաղակի անարատ գտայց,
Մոռացիր զթիւս չարեացն` եւ անդստին համարձակեցայց,
Առատաձեռնեա` եւ արդէն ի քեզ իսկ պատուաստեցայց,
Փառաւորեալդ յամենայնի յաւիտեանս:
Ամէն:   up

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Աստվա՜ծ փրկության և ողորմության,
Բուժման, նորոգման և առողջության,
Լուսավորության և կենդանության,
Քավման, հարության և անմահության,
Հիշիր ինձ, երբ գաս արքայությամբ քո,
Ահավո՜ր, հզոր, բարերար, գթած և ամենաստեղծ,
Կենդանի , գովյալ, ամենակատար,
Մերձավոր համայն արարածների հեծություններին։
Պաղատում եմ և ես խաչակցիդ հետ,
Որ քեզ համար ո՛չ բռնված է եղել և ո՛չ էլ կապված,
Ո՛չ կախված, ո՛չ էլ գամված, բևեռված,
Ո՛չ խոշտանգվել է հանուն արարչիդ, ո՛չ էլ անարգվել,
Ո՛չ չարչրկվել է, ո՛չ արհամարհվել,
Ո՛չ ՛խորտակվել է, ո՛չ էլ մահացել,
Բայց արժանի է դարձել հասնելու
Արքայության այն ըղձալի լույսին,
Որն արդարների համար է միայն,
Եվ դու «ամենի» հաստատուն ուխտով
Ազդարարելով, որ անփոփոխ է
Շնորհումն առատ քո բարիքների,
Փառատրեցիր նրան՝ փրկության
Հույս ներշնչելով իսպառ լքյալիս։

Բ
Օրհնյա՜լ և օրհնյա՜լ և դարձյալ օրհնյա՜լ,
Ընդունելով ինձ այդ նույն հավատով՝
Կործանումից ե՛տ պահիր, բարերա՜ր.
Բուժի՛ր, ողորմա՜ծ, այս ախտավարակ
հիվանդությունից.
Մահվան եզերքից ե՛տ դարձրու կյանքին,
ո՜վ կենդանություն.
Քոնն եմ նաև ես, կյա՛նք տուր նրա հետ,
ապավինությո՜ւն.
Հոգով մեռածիս ընծայի՛ր նորից շունչ կենդանության.
Ո՜վ կյանք, հարություն և անմահություն,
Անհատ բարություն, անսպառ շնորհ,
Անփոփոխ ներող, աջ ամենազոր,
Ձեռն ամենիշխան, մատն ամենամերձ։
Կամեցի՛ր դու, տե՜ր, և ես կփրկվեմ.
Ակնարկի՜ր միայն քաղցր գթությամբ, և կարդարանամ.
Ասա՛ լոկ խոսքով, և վայրկենապես կդառնամ անբիծ.
Մոռացի՛ր թիվը իմ չարիքների՝
Իսկույն կստանամ համարձակություն.
Առատաձեռնի՛ր, և անմիջապես քեզ կպատվաստվեմ,
Փառավորյա՜լդ ըստ ամենայնի հավիտյանս, ամեն։

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Բժշկական կրթականութեան ամենափորձ հնարաւորութեամբ
Պատճառ կենաց անախտականաց,
Թագաւոր զաւրաւոր, երկնաւոր, Տէր Յիսուս Քրիստոս,
Աստուած ամենեցուն` իմանալեաց եւ տեսականաց,
Ահա դու ի յիս, ըստ մարգարէին,
Որ ընդ ասելոյն` նոր կցորդութեան,
Առ որ բարեզարդ դաշամբք այս բանի ընդ քեզ միութեան,
Լուսաւորեցայց` կրկին ողջացեալ շնչով եւ մարմնով,
Ամենայնիւ կարող եւ անվանելի:
Բ
Որ ոչ կարաւտանաս սպեղանեաց,
Առ պատրաստութիւն պատանաց հոգեկան վիրաց,
Ոչ ժամանակի, ոչ միջնորդի,
Ոչ աւուրց երկարաձգութեան,
Ոչ փոփոխս մատուցանելոյ,
Ոչ հատման, ոչ խարման, ոչ սրագործութեան`
Ըստ երկրաւորս դեղատուութեան,
Առ որս միշտ է վրիպութիւն
Եւ ամենասխալ տարակուսութիւն:
Այլ քեզ` արարչիդ հոգւոց եւ մարմնոց
Ամենայն ինչ լուսաւորեալ է,
Ամենայն ինչ առաջի է,
Ամենայն ինչ գրեալ է,
Ամենայն ինչ դիւրին է,
Համայնն հնարաւոր է,
Իմաստն գլխաւորեալ է,
Խոստումն լցեալ է,
Կամելն կատարեալ է,
Քո կտակն աւետարան է,
Քո վճիռն ազատութիւն է,
Քո մատեանն շնորհ է:
Ոչ փակեալ ես ընդ աւրինաւք,
Ոչ պարունակեալ ես ընդ կանոնաւ,
Ոչ արգելեալ` ընդ նուազութեամբ,
Ոչ խոնարհեալ` ընդ հնազանդութեամբ,
Ոչ պարագրեալ` ընդ փոքրկութեամբ,
Ոչ չափեալ ես ընդ սահմանաւ,
Ոչ վրիպեալ` ի բարկութենէ,
Ոչ այլայլեալ ինչ` ի ցասմանէ,
Ոչ սխալեալ` ի խստութենէ,
Ոչ ամբոխեալ` ի խռովութենէ,
Ոչ դղրդեալ` յանգիտութենէ,
Ոչ փոփոխեալ` յողորմութենէ,
Ոչ պակասեալ` ի բարձրութենէ,
Ոչ լքեալ` յայցելութենէ,
Ոչ տկարացեալ` ի փրկութենէ:
Դու սկիզբն եւ լրումն ամենայնի,
Եւ ի քէն է ամենայն,
Եւ քեզ փա~ռք եւ երկրպագութիւն յաւիտեանս:
Ամէն:   up

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արդ, բժշկական արվեստի ամբողջ
Քո բազմահմուտ ու ամենափորձ հնարանքներով՝
Նախապատճառն ես դու անախտ կյանքի,
Երկնավոր զորեղ թագավոր Հիսո՜ւս
Քրիստոս, Աստված
Իմանալի և տեսանելի ողջ գոյությունների,
Ըստ մարգարեի խոստման, շուտափույթ
Ճառագի՛ր իմ մեջ՝ նոր կցորդությամբ,
Որպեսզի քեզ հետ միավորվելու
Բարի դաշինքով այդ լուսավորվեմ,
Շնչով ու մարմնով ողջացած կրկին,
Ըստ ամենայնի կարո՜ղ և անպարտ։

Բ
Հոգեկան վերքեր բուժելու համար
Կարիք չես զգում ո՛չ սպեղանու,
Ո՛չ ժամանակի, ո՛չ գործիքների,
Ո՛չ օրըստօրե երկարաձգման,
Ո՛չ տարբեր դեղեր օգտագործելու,
Ո՛չ հերձման, խարման, ո՛չ վիրահատման
Եվ ո՛չ երկրավոր այլ բուժումների,
Որ ենթակա են միշտ էլ վրիպման,
Ամենասխալ ձախողումների։
Հոգու և մարմնի արարչիդ համար
Ամեն ինչ պարզ է, գրված, ակներև,
Ամեն ինչ դյուրին ու հնարավոր.
Մտադրվեցիր՝ իրագործված է, խոստացար՝ արված,
Կամեցար՝ արդեն ի կատար ածված.
Կտակդ՝ կենաց ավետարան է,
Վճիռդ՝ փրկում, մատյանդ՝ շնորհ։
Ո՛չ օրենքների կապանքի մեջ ես,
Ո՛չ կաշկանդված ես ինչ-որ կանոնով,
Ո՛չ նվաղությամբ ես արգելակված,
Ո՛չ խոնարհված ես հպատակությամբ,
Ոչ՛ պարփակված ես փոքրկության մեջ,
Ո՛չ չափավորված ինչ-որ սահմանով.
Ո՛չ բարկանալով վրիպում ես դու,
Ո՛չ այլայլվում ես ցասման սաստկությամբ,
Ո՛չ խստանալով՝ սխալներ գործում,
Ո՛չ ալեկոծվում խռովությունից.
Ո՛չ անգիտությունն է քեզ շփոթում,
Ո՛չ փոփոխվում ես ողորմությունից,
Ո՛չ մեծությունից փոքր-ինչ նվազում,
Ո՛չ օգնությունդ լքում երբևէ,
Ո՛չ տկարանում փրկագործումից։
Դու ես սկիզբն ու լրումն համայնի,
Եվ ամենայն ինչ քեզանից է լոկ,
Ուստի և քեզ փա՜ռք, երկրպագությո՜ւն
հավիտյանս, ամեն։

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Աստուած անսահման, ծնունդ Աստւոծոյ հարազատ, անթարգմանելի,
Արարիչ բնաւին եղելոց, Քրիստոս թագաւոր,
Լոյս` ի խաւարի սրտից մթացելոց,
Ընդ մեզ` լրմամբ, եւ ընդ առաքչիդ` իսկութեամբ,
Մերայնովս զքոյինսդ ծանուցանող հրաշապէս:
Հայր քո աւրհնեալ, երկնաւոր, անճառ,
Որ առաքեացդ զքեզ ի վերուստ,
Ում փառակիցդ ես արարչութեամբ,
Այնքան հոգացաւ փրկութեան իմոյ տարագրեալ գերւոյ,
Մինչեւ զքեզ իսկ մատնեաց մարդկան:
Իսկ դու, կարող գոլով ի վեր քան զվիշտս`
Զտնտեսութեանս աւարտել խորհուրդ,
Հաճեցար ընդ պարտեցելումս զմահուն ճաշակել բաժակ`
Անթերի մարդկութեամբ եւ անպակաս աստուածութեամբ:
Եւ Հոգիդ Սուրբ կենդանարար, որպէս` քո եւ Հաւր քոյ` իսկակից
Եւ համապատիւ էութեամբ` ծնողիդ եւ ծնիցելոյդ:
Մի Երրորդութիւն կատարեալ ի դիմաց երից անորոշելի հատուածոց,
Անսկիզբն եւ անժամանակ, բնաւին բարերար,
Համայն կենդանարար, բոլորից խաղաղարար,
Ստեղծիչ գոյից եւ յաւրինիչ ամենից,
Անքակութեամբ եւ միով բնութեամբ փառաւորեալ:
Բ
Իսկ եթէ Հայրն գթած, երկնաւոր, հզաւր` մին յէութենէն,
Վասն մահապարտիս յանցանաց մատոյց
Զմիայնակ ծնունդդ յանքնին ծոցոյն,
Ոչ անխայեալ յՈրդիդ` ի համապատիւդ եւ ի սիրելիդ,
Այլ կամաւ նուիրեաց մահու չարչարողացն զինու,
Ըստ մարգարէութեանն Զաքարիայ,
Վասն զի զարթնուլ սրոյն ի վերայ հովուին,
Եւ հարկանիլ նոյն ինքն հաւտապետին,
Եւ ցրուիլ ոչխարացն հաւտին,
Որպէս աւրինակն նուրբ նախագրին,
Եւ ուխտադրութիւն խորանին,
Եւ նուիրումն արեան սպանդին,
Եւ առակ խորհրդոյ աբրահամեան պատարագին,
Զփրկութիւն թշուառացելոյս
Ի կամաց կեցուցչիդ յառաջագոյն նկարագրէր,-
Եւ արդ, հի՞մ տրտմիս, անձն իմ,
Կործանեալ ոչ յաստուածուստ հնարաւորութեանց,
Այլ ի քումդ ինքնագործ հակամտութեանց,
Կամ ընդէ՞ր զիս խռովես`
Յուսահատութեամբ սատանայականաւ զմիտս հարեալ:
Յուսա յԱստուած, խոստովան լեր նմա, եւ նա հոգայ վասն քո,
Ըստ դաւթեան սաղմոսին եւ այլ մարգարէի կենսախրախոյսն բանի:
Գ
Իսկ յեղանակ խնամարկելոյ հաստողին ի վեր է,
Քան զսահման կշռութեան մտաց հրեշտակաց եւ երկրականաց,
Եւ եթէ բիւրս կրկնեսցի, ոչ լինի չափեալ,
Քանզի անբովանդակելոյն եւ բարերարելն է անճառելի:
Նա զի ոմն աւրհնեալ զոմն աւրհնաբանեալ
Յերրորդական համագոյութենէն առաքեաց,
Իսկ նա ի հաճութիւն կամաց առաքչին մեռաւ,
Եւ միւսն ահաւոր ի յերկուցն հաւանութիւն
Մեծաջան բաղձանաւք մաղթէ:
Իսկ համաբարոյ միակամութեանն ցուցակ`
Առ ի զնոյն բարի ներգործել,
Որպէս հոգին` կենդանւոյն, եւ բանն` բանականին,
Պայծառութիւնն` փառացն, եւ կերպարանն` էութեանն:
Առ կեանսն` փոյթ, առ ողորմութիւնն` սթափ,
Առ ձեռնկալութիւնն` պատրաստ, առ փրկութիւնն` կազմ,
Առ առատութիւնն` յորդ, առ յաճախութիւնն` զեղուն,
Առ անբաւութիւնն` լի, առ աննուազութիւնն` փարթամ,
Առ երկայնմտութիւնն` ճոխ, առ անհասութիւնն` բարձրեալ,
Մի Երրորդութիւն կատարեալ` ի յանձանց երից, աւրհնեալ յաւիտեանս:
Ամէն:   up

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Աստված անսահման, անբացատրելի,
Հարազատ ծնունդ միակ Աստծո,
Արարիչ համայն արարածների, արքա՜ Քրիստոս,
Լույս՝ խավարի մեջ մթնած սրտերի,
Որ և մե՛զ հետ ես՝ լրությամբ ամբողջ,
Ե՛վ առաքչիդ հետ՝ էականությամբ,
Մեր կերպարանքով՝ քոնն ես ծանուցում
սքանչելապես։
Օրհնյալ է հայրդ երկնավոր անճառ,
Որ առաքեց քեզ մեզ մոտ ի վերուստ,
Ում փառակից ես դու արարչությամբ.
Այնքան հոգաց նա փրկության համար
տարագիր գերուս,
Որ մինչև անգամ քեզ մատնեց մարդկանց։
Իսկ դու, որ առանց որևէ վշտի
Կարող էիր քո տնօրինության խորհուրդն ավարտել,
Հանցապարտիս տեղ հանձն առար ըմպել
բաժակը մահվան,
Անթերի՝ որպես մարդ և կատարյալ՝
աստվածությամբ քո;
Համակամ է ձեզ նաև սուրբ Հոգին
կենդանապարգև.
Որն իսկակից է ու համապատիվ
Ե՛վ քեզ՝ ծննդիդ, և՛ ծնողիդ հետ։
Ահա կատարյալ մի երրորդություն,
Անբաժանելի, անմասնատելի երեք դեմքերով,
Անսկզբնավոր ու անժամանակ,
Համակ բարեգործ, համակ կենսատու ու խաղաղարար,
Հաստիչ բովանդակ արարածների,
Անբաժանությամբ ու մի բնությամբ միշտ
փառաբանված։

Բ
Իսկ եթե գթած հայրը երկնավոր՝
Ամենակարող մեկն էությունից,
Իմ՝ մահապարտիս մեղքերի համար
Զոհաբերեց իր ծոցի անքնին ծննդին միակ,
Չխնայելով իրեն փառակից սիրելի որդուն՝
Կամովին հանձնեց մահվան զենքերով չարչարողներին
(Զաքարիայի այն մարգարեությամբ,
Թե՝ «Պիտի զարթնի սուրն հովվի վրա,
Պիտի զարկվի հենց հոտապետն ինքը,
Ու ոչխարների ողջ հոտը ցրվի»,
Այլև նախագրի օրինակը նուրբ,
Ուխտը խորանի, նվիրումն արյան
Եվ աբրահամյան պատարագների խորհուրդն
արդեն իսկ
Պատկերել էին վաղուց, կանխապես
Փրկությունն հեգիս կեցուցչի կամքով),
Ինչո՞ւ ես տխրում ուրեմն, անձն իմ,
Երբ կործանվել ես քո իսկ գործերով,
հակամիտությամբ
Եվ ոչ թե կամքով բարերար Աստծո,
Կամ ինչո՞ւ ես ինձ խռովում այսպես
Սատանայական հուսահատության մտալլկանքով.
Հուսա՛ Աստծուն ու խոստովանի՛ր,
Եվ նա քեզ համար կհոգա անշուշտ,
Դավթյան սաղմոսի ու մարգարեի
Կենսախրախույս խոսքի համաձայն։

Գ
Իսկ ստեղծողի խնամարկության
Չափն ու եղանակն ավելի վեր է,
Քան սահմանները հրեշտակների
Ու բոլոր մարդկանց մտքի կշռության.
Եվ եթե դրանք բյուրապատկվեն իսկ,
Միևնույն է, այն չափել չեն կարող,
Զի անպարագրի և բարերարելն է անճառելի։
Մանավանդ որ մեկն օրհնյալ համագո
Երրորդությունից
Ուղարկեց մյուս օրհնաբանյալին,
Որ և մեռավ իր առաքչի կամքի հաճության համար.
Իսկ ահեղն երրորդ նրանց միաբան՝
Բարեմաղթում է մեծաջան ըղձով։
Միևնույն բարի ներգործման համար՝
Նրանք համաշունչ միակամությամբ
Հարաբերում են մեկմեկու այնպես,
Ինչպես, ասենք թե, հոգին՝ կենդանուն,
Լեզուն ու միտքը՝ բանականներին,
Պայծառությունը՝ փառքին, կերպարանքն ու
տեսքն՝ էության։
Կյանք շնորհելու համար՝ փութաջան,
Գթալուն՝ սթափ, փրկելուն՝ պատրաստ,
Ձեռնկալության՝ միշտ բարեհոժար,
Առատությամբ՝ հորդ, լիությամբ՝ զեղուն,
Անբավությամբ՝ հեղց, անհատությամբ՝ ճոխ,
Վեհանձնությամբ՝ պերճ, անհասությամբ՝ վեհ,
Մի երրորդություն եռանձն անթերի՝
Օրհնյա՜ լ, փառավոր հավիտյանս, ամեն։

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, յոյս բարեաց, տնկեալ ի սրտի, անձն իմ կործանեալ,
Եւ գաւտեաւն հաւատոց պնդեալ զերիկամանցդ երկակի մասունս`
Զկրկնապղտոր խորհրդոցդ զցանկականիդ գործարան,
Խոստովան լեր բարերարին Աստուծոյ զմտացդ` իբրեւ զգործոց,
Զխորհրդոցդ` իբրեւ զլրութեանց,
Զանտեսիցն` իբրեւ զյայտնեցելոց,
Զսրտիդ ծածկութից` իբր զբարբառումն ձայնից,
Զակնարկութեանցդ` իբր զարդիւնականաց մեղանաց,
Զազդել շրթանցդ` իբրեւ ի գլուխ ելելոց չարի,
Զոտիցդ հետոց` իբր զպատուիրանաւն Աստուծոյ վազողաց,
Զձեռացդ ձգումն առ ցասումն` իբր ի հեղումն արեան գործողի,
Զծիծաղելն բնաւին` իբր զկամաւորական լքումն շնորհի,
Զերդմնականն, որ թէ ի հանդէպս, թէ ի տարադէպս` իբր զգործակցութիւն խաբողին,
Զամբարտաւանութիւնն` իբր զհին կործանիչ նախաստեղծին բարձրութեան,
Զսրտին նեղութիւն` իբրեւ զթերութիւն հաւատոց,
Զմեղկութիւնն` իբրեւ զպարտութիւն զաւրաւորին պնդութեան,
Զտրտունջն առ վտանգս կրիցն` իբր զուրացութիւն ուխտին, որ առ Տէրն,
Զապարասանութիւնն` իբր զթոռն իմն անգթութեան,
Զամբարհաւաճութիւնն` իբր ոչէիւք առ վեհսն գոռոզութեան,
Զհպարտութիւնն` իբր զկամակոր հարազատ գտողին չարեաց,
Զակամայիցն ընդ կամաւորացն, զբռնեցելոցն ընդ հաւանականացն,
Զեկամտիցն ընդ բնաւորականացն, զանաւրէնութիւնսն ընդ ապաստուածութեանն,
Զփոքունսն ընդ սաստկագունիցն, զնուազունսն ընդ յոլովիցն,
Զանճառիցն իմոց` իբր զճառելեաց գիտողին,
Զանգրելոց վնասուցն` իբր զնկարելոց տեսողին ի յարձան մագնեստիս վիմի,
Զթեթեւագունիցն առ խտիր մտաց` իբր զստուար ծանրութիւն բեռանց,
Զխնդիր չափոյ ծածկելոցն` իբր զճշդով պահանջումն սատերն սակի
Ի բերանոյ կիտին կորիւնի չորեքդրամեան կշռութեամբն,
Զանդնդականացն գործոց` իբր ի յականջս Աստուծոյ արագ ժամանելոց:
Զայսոսիկ յաճախեա, կուտեա կրկին յանձնառութեամբ`
Վերստին պատմել աստանաւր մեծաւ հեծութեամբ զչէիցն` իբրեւ զեղելոց,
Ընծայեալ Աստուծոյ զպարտութիւն վանեցեալ անձինդ,
Զի ընկալցիս ի փոխատուէն զշնորհաւք թողութիւն պարտուց մեղաւորին,
Զոր Տէրն արդարացոյց եւ հրաշափառապէս հռչակեաց`
Ամենապատիկ ներբողիւ կրկնեալ զգովեստ զղջմանն,
Քան զպարսաւանս մեղացն:
Բ
Բարդեա եւ դիզեա անձինդ մեղապարտի բամբասանս յոգունս`
Զքոյսն խոհերս բազմամասնեայս, անձն իմ, կշտամբեալ յոգնախթանդ բանիւ
Զչարութիւնն, զանաւրէնութիւնն, զվրիպութիւնն,
Զառ ի մարտին հանդիսէ փախուստ, զպարտութիւնն,
Զմոլեգնութիւնն, զամբարշտութիւնն, զապշութիւնն,
Զթմբրութիւնն, զքունն արթնական, զառ ի յընթացսն զնիրհումն,
Զխորհուրդն աւտարոտի, զբանիցն նանրութիւն,
Զզազրութեանն հաճութիւն, զյամենալն ի նմին,
Զփափագելն Աստուծոյ ատելեացն,
Զաներկիւղութիւնն, զանսաստութիւնն, զանհարթութիւնն,
Զթերութիւնն, զթիւրութիւնն, զլուծութիւնն, զճշդութիւնն,
Զանկապ արձակումն, զծիծաղականսն, զվրնջողականսն,
Զկատակերգականսն, զգայթակղականսն, զպատրողականսն,
Զանդէպ քաջութիւնսն, զանյարմար մարտսն, զառանց աւրինի արիութիւնսն,
Զխեղդմունս հոգւոյն, զտատանողականսն զերկչոտութիւնս,
Զբազմաստեղնեան ճիւղսն զրահետականս,
Զանպատկառ փարաքմունս, զգժտութիւնսն, զգժդմնութիւնսն,
Զանդատ ատելութիւնսն, զմարմաջմունսն դիւրըմբռնողականս,
Զփոքունցն զանկշռութիւնս, զխոստմանցն դրժողութիւնս,
Զուխտիցն մոռացութիւնս, զնմանեացն այլակերպութիւն,
Զկեղծեացն քողարկութիւն, զփառամոլութեանն մորոսութիւն,
Զյաւնիցն յաւակնութիւն, զապիրատութիւնսն, զինքնասիրութիւնսն,
Զնախագահիցն տենչութիւն, զհատուցանելն եղեռնականացն,
Զնոցինսն զանշահ աղճատանսն, զվայրապար բերմունսն,
Զընթացակցութիւնսն խորամանկութեան բանսարկուին,
Զբանին սերմնակաթութիւն, զվաճառումն կենացն ընդ գնոց սատակմանն,
Զկորուստ աւանդիցն, զհայրենեացն ծախս, զկապարանն ձգողական,
Զփոկով լծոյ երնջոց անխզելի ըմբռնմամբ զանաւրէնութիւնս,
Զյարաթաթաւ տղմաբնակութիւնս, զլքումն լաւացն,
Զընթադրութիւնս անկարծիցն, զկնի դարձին առ նոյն դարձ դաժանական,
Զնորոգ մտացն, զաւտար խորհրդոցն, զանկայուն կամացն,
Զհաչման հագագին, զէութիւն շնչոյն,
Զեւսն քան զսահման կանոնացն դրութեան`
Զիշխանականին զամենասփիռ բացարձակութիւն
Եւ զոր չէ ճառելի եւ կամ գրելի եւ կամ պատմելի
Եւ կամ յերեսս դիմաց բերելի:
Գ
Եւ արդ, զիա՞րդ բժշկեսցիս, անձն իմ եղկելի,
Ի յայսքանեաց տիգաց խոցոտեալ,
Բարձեալ թողեալ այր մի տարագիր, անողջանալի, ըստ մարգարէին,
Քանզի մի ի վերագրելոցդ բաւականապէս զաւրէ սատակման,
Թող թէ այսքան դասք սպանողաց, դժնէից դահճաց շուրջ պաշարողաց,
Մանաւանդ զի ոչ այսու եւեթ նմանագրութեամբ
Կշռի տարացոյց տաժանեցելոյս:
Այլ զոր աւրինակ անթիւ բազմութիւն կայտառաց կարճաց խայթողականաց`
Ի ստորին մասունս ծայրից տտնոցն զաւրհասական թոյնս բերելոց,
Եւ յաման մաշկեղէն արկեալ ամփոփէ զելիցն շաւիղ կապարանին շրջափակութեամբ,
Ցուցանի արտաքուստ բարւոք, իսկ ի ներքուստ` համբարք չարի
Եւ պահեստ կորստեան եւ կոյտ կսկծման
Եւ գործաւնեայք սատակման եւ մշակք մահու:
Դ
Արդ, այսոքիկ են ամբարեալքն քո անաւրէնութեան
Տաժանեաց թշուառաքիրտն թոշակք,
Անձն իմ պարտական կրկին սատակման:
Որ կամաւորաբար ընկալար ի քեզ,
Զոր թշնամին սերմանեաց ի վերայ ցորենոյն յագարակի աշխարհիս,
Ով այր անմաքուր, ամբարիշտ եւ ծոյլ, բնաւին ատեցեալ,
Սիրողդ մտացդ ախորժմամբ զլցեալսն ամենայն անառակութեամբ:
Եւ զոր առաքեալ ցուցանէ զթիւս բանիցն սարսափելեացն կշտամբողաց`
Աստուստ սկսեալ մինչեւ ի կատար կանոնի այնր պայմանի.
Եւ որ հասեալ են, ասէ, յԱստուծոյ իրաւանցն վերայ,
Եթէ որք զայսպիսիսն գործեն եւ կամ կամակից են, արժանի են մահու:
Արդ, ես ինձէն զիս ինքն պարտ վարկայ
Կրկին հատուցման, կորստեան, սատակման, ի մահ դատապարտութեան,
Այլ անխայեա յիս ողորմութեամբ, բարեգութ, կենդանի,
Հզաւր, կամարար, կարող, հնարաւոր, աւրհնեալ յաւիտեանս:
Ամէն:   up

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Բարի հույսն ահա տնկած սրտիդ մեջ,
ա՜ նձն իմ կործանված,
Եվ ամրապնդած հավատի գոտով
Երիկամներիդ մասերն երկակի՝
Գործարանները տարփա-ցանկական
Մութ խորհուրդների քո կրկնապղտոր,
Խոստովանի՛ր արդ բարերար Աստծուն
Մտքովդ անցածներն՝ իբրև կատարված,
Խորհածներդ՝ իբրև գործված հանցանքներ,
Անտեսներն՝ իբրև արդեն բացահայտ,
Սրտիդ մեջ ծածուկ պահվածներն՝ իբրև
բարձր ասվածներ,
Ակնարկներդ՝ իբրև արդյունք մեղքերի,
Շուրթերիդ շարժումն՝ իբրև ավարտված
չարագործություն,
Ոտնաքայլերդ՝ ընդվզում Աստծո պատվիրանի դեմ,
Ձեռքերիդ ցասկոտ արձակումն՝ իբրև
արյունհեղություն,
Ծիծաղն անխտիր՝ իբրև ինքնակամ լքում շնորհի,
Երդումներն, ի դեպ, թե ի տարադեպ,
Իբրև խաբողի հետ գործակցություն,
Գոռոզությունը՝ իբրև կործանիչ
Սկզբնաստեղծի փառքի, բարձրության,
Սրտնեղությունը՝ թերհավատություն,
Մեղկությունն՝ իբրև պարտություն ամուր,
կայուն զորության,
Տրտունջը վշտից՝ իբրև տիրոջ դեմ
ուխտազանցություն,
Հեստությունն՝ իբրև թոռ անգթության,
Մեծամտությունն՝ իբրև հոխորտանք
Չքոտիներով՝ ընդդեմ վեհերի,
Հպարտությունը՝ իբրև անձնահաճ
Հարազատություն չարահնարին,
Ակամաները՝ որպես կամավոր,
Բռնադատները՝ որպես ինքնախորժ,
Եկամուտները՝ որպես բնածին,
Չարությունն՝ իբրև անաստվածություն,
Փոքրը՝ իբրև մեծ, սակավը՝ բազում,
Անպատումներն ինձ՝ իբրև պատմվածներ
ամենագետին,
Անգրելիներն՝ իբրև տեսնողի աչքերի առաջ
Մագնիսաքարին փորագրվածներ,
Մտքով շատ թեթև համարվածները՝
Իբրև մեծաստվար բեռներ ծանրագույն,
Ծածուկներն՝ իբրև ճշգրիտ չափով լիովին հայտնի՝
Կետի կորյունի բերանից հանված
Չորեքդրամյան սատերի նման,
Իսկ անդնդային գործերը՝ իբրև
Արագ հասածներ ականջին Աստծո։
Այսպես շարունակ կուտակի՛ր, դիզի՛ր
Սրանք կրկնակի հանձնառությամբ ու
Դառը հեծությամբ պատմի՛ր վերստին՝
Չեղածներն իբրև իրողություններ,
Ներկայացրո՛ւ խորտակված անձիդ
պարտությունն Աստծուն,
Որ փոխատուից շնորհ ընդունես
Թողությունը քո բազում պարտքերի՝
Այն մեղավորի նման, որին տերն արդարացրեց,
Բարեհոչակեց փառավորապես
Եվ բազմապատիկ ներբողով կրկնեց գովեստը զղջման,
Ոչ թե մեղքերի պարսավանքները։

Բ
Բարդի՛ր ու դիզի՛ր, ա՜նձն իմ հանցապարտ,
Անթիվ կշտամբանք, պարսավ, նախատինք՝
Ամբաստանելով խոսքերով ձաղկիչ ու բազմախթան
Ճահճացեխերը քո բազմապիսի.
Չարություն, գայթանք, անօրենություն,
Պարտություն, փախուստ մարտահանդեսից,
Մոլագարություն, ամբարշտություն, թմբիր, ապշություն,
Արթմնի քուն և ընթանալիս նիրհ,
Մտորումներ խորթ ու օտարոտի, նանրաբանություն,
Հաճություն՝ անվերջ զվարճանալու զազրություններով,
Փափագում Աստծո ատելիների.
Աներկյուղություն, ստահակություն,
Հեղհեղուկություն, թերհավատություն,
Թյուրընթացություն, թուլամորթություն,
Մանրակծծություն, ցոփություն շվայտ,
Խեղկատակություն, աճպարարություն ու
ծաղրածություն,
Տարփամոլություն, գայթակղություն,
Քաջություն անդեպ, մարտեր անհարկի,
Արիություններ խոլ ու անհեթեթ,
Հոգու խեղդումներ, երկչոտություններ
տատանողական,
Բազմոստյան ճյուղեր, թափուր, անպտուղ,
Անպատկառ քծնանք, լկտ՛ի գզվռտուկ,
Գժտություններ ու գժդմնություններ,
Ատելություններ անմիտ, անիրավ,
Հրապուրանքներ պատրական, դյուրորս,
Փոքրոգություններ, ճղճիմ, անկշիռ,
Դրժումներ խոստման, ուխտազանցություն,
Այլակերպություն յուր նմաններից,
Կեղծավորությամբ ինքնաքողարկում,
Խելահեղություն փառամոլական,
Հավակնոտություն, ժպիրհ, բարձրահոն,
Ապիրատություն, եսասիրություն,
Նախագահության մարմաջանք ու տենչ,
Հիշաչարություն, քինախնդրություն,
Այլոց նկատմամբ անշահ բարբաջանք,
Խորամանկություն, բանսարկություններ,
Մտքի ու խոսքի օնանկանություն,
Կրքեր փանաքի,
Կյանքի վաճառում՝ ի գին սատակման,
Ավանդի կորուստ, անհոգի վատնում հայրական ինչքի,
Ձգող կապանքներ
Եվ երինջների լծափոկերով
Անզերծ բռնված անօրենություն,
Տղմաբնակություն միշտ զազրաթաթավ,
Լավերի լքում, գծծությունների հակամիտություն,
Դարձի գալուց ետ՝ վերադարձ նախկին
դժնություններին,
Նորամտություն, խոկումներ օտար ու անկայուն կամք,
Աղվական հևքեր, զգայականի էականացում,
Մոլագարություն անսանձ՝ իշխելու
Ամենասփյուռ, անսահմանափակ,
Այլև բոլորն այն, որ անասելի, անգրելի են,
Անպատմելի ու անպատկերելի:

Գ
Արդ, ինչպե՞ս հիմա պիտի բժշկվես,
ա՜նձն իմ եղկելի,
Երբ խոցոտված ես այսքան տեգերով,
Ըստ մարգարեի՝ ձգված ու լքված,
Տարագիր մի մարդ, անամոք ու հեգ.
Կուտակված անթիվ ցավերից միայն
Մեկն իսկ լիովին բավական է քեզ
Չարաչար մահվան մատնելու համար.
Այնինչ դեռ որքա՜ն դժնի, սպանող,
Ժանտ դահիճների հրոսակներ են շրջապատում քեզ։
Բայց այս էլ քիչ է արտահայտելու
Տաժանավորիս վիճակը թշվառ։
Ինչպես վխտացող բազմությունն անթիվ
ժանտ կարիճների,
Որոնք կրում են պոչի վերջույթում թույն օրհասական,
Պահած մաշկեղեն մի անոթի մեջ,
Արգելարանի թույնամուղ ուղին՝
Խայթոցն, ամփոփած շրջափակությամբ,
Արտաքուստ թեև բարի են թվում,
Սակայն ներքնապես ամբար են չարի,
Կորստյան պահեստ, կսկիծի կույտեր,
Մշակներ մահու և սպանության գործոններ դժխեմ,–
Այդպիսին ես և դու՝ տաժանագին
Անօրենությամբ ամբարած բոլոր
Թշվառաքրտինք քո վաստակներով,
Ա՜նձն իմ, պարտական կրկնակի մահվան։
Կամավոր քո մեջ ընդունեցիր դու
Այն բոլորն, ինչ որ թշնամին ցանեց
Աշխարհի արտում ցորենի վրա, ՝
Ո՜վ այր անմաքուր,
Ծույլ ու ամբարիշտ, ատելի իսպառ,
Ախորժահոժար սիրող ամենի,
Ինչ որ լցված է անառակությամբ,
Ինչ առաքյալն է թվել մեկ առ մեկ
Իր սարսափելի կշտամբանքներով,
Վերջում գրելով նաև կանոնն այս.
Նրանք, ասում է, որ վերահասու
Լինելով հանդերձ Աստծո օրենքին՝
Գործում են դարձյալ այսպիսի բաներ
Կամ կամակից են, արժան են մահվան։
Արդ, ես ինքս եմ ինձ արժանի գտնում
կրկնակի պատժի՝
Կորչել՝ սատկելով որպես մահապարտ։
Սակայն խնայի՛ր ինձ ողորմությամբ,
Բարեգո՜ւթ, հզոր, կամարար, կարող,
Կենսաձիր, օրհնյա՜լ հավիտյանս, ամեն։

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Արդ, վրիպեալս ես յաւէտ ամենապատիժ,
Միշտ դժնեայ, վայրենաբարոյ,
Անձամբ անձին մահու կշտամբիչ,
Արածողս զերամակս զազիրս, վայրագասունս խոզից արաւտականաց
Գարշութեան մեղաց` նախատ վարձկանութեանց:
Հովիւս տածողական զհաւրանս ուլոցն ամայաբնականաց
Ի վրանս հովուացն, ըստ Երգոյն երգոց առ իս առակին,
Որ ոչ իսկ ծանեայ զիս երբէք գիտել,
Թէ յո՞վ եւ յո՞յր պատկեր եւ վասն ո՞յր գոյացայ:
Բ
Ահա ի յոտս տանողականս
Կրողաց երկուց միակցորդ խորհրդականաց,
Ըստ ձեւոյ հրեշտակի կառուցար,
Իբր ի թռիչս թեւոց կրկնաբարձ բազկաց վերատանողաց`
Յաշխարհն հայրենական հայել,
Ով յիմար, զիա՞րդ քեզէն կորացար յերկիր,
Զաստեացս միշտ հոգացեալ դիպուածս`
Ընդ ցիռս անապատականս համարեցար:
Իբր զճրագ բազմաբերանեան
Ի յաշտանակի մարմնիդ հաստատեցաւ գլխոյդ բոլորութիւն,
Զի եւ այսու ի յաւրինակէն շնորհէ մի աւտարասցիս
ԶԱստուած տեսանել եւ զմնացականացն իմաստասիրել:
Բանականութեանն յարգանաւք կրկին ճոխացար,
Զի զյաղթանակ բարեմասնութեանն, որ առ քեզ եղեն,
Անարգել լեզուով խաւսեսցիս,
Զգործնականացն տնաւրինել զտնտեսութիւն,
Իբր կցորդ համացեղութեամբ ամենաբաշխ աջոյն Աստուծոյ` Աստուած կոչեցար:
Երից հարիւրոց եւ տասանց վեցից յաւդիւք շաղկապեցար`
Յարեալ ի քեզ ընդ նոսին ի նոյն
Եւ պատշաճական մասունս չափուց ազդողականաց հինգ զգայութեանց,
Ձեռինդ հաստմամբ յարմարոստեան մատանցդ շառաւիղաւք`
Զի մի եւ երեւելիդ նիւթականութիւն քումդ տեսութեան`
Մտացդ դիտման անդատ եղիցի.
Զի ոմանք ստուարք են եւ զաւրաւորք,
Եւ այլք փոքունք են եւ պիտանիք,
Կէսք` կարծրակերտք եւ ազդողականք,
Են եւ գողտրականք եւ պատուականագոյնք,
Դարձեալ` կարեւորք եւ պատկառելիք:
Իսկ թարգմանութիւնք սոցին տեսութեան ի քեզ են նկարեալ`
Իբր յարձանի անջնջականի, անձն իմ եղկելի,
Որպէս զի եւ տարր ժամանակաց
Եւ շարունակ հետեւման աւուրցն առ պսակ ամին,
Իբր կանոնաւ իմիք սահմանեալ մասամբքդ`
Անսխալ եւ անայլայլելի պահեսցի:
Գ
Դարձեալ այլ աւրինակ հոգեւորական,
Որ զսիրոյն յաւդուած շաղկապէ ի մի առ եկեղեցի,
Քեւ խորհրդածի.
Իբր զի առանց բնաւից զուգամասնութեան
Կապակցել լծով հաւանականաւ զվեհն ընդ փոքուն,
Վնասեալ է հաստուածոյն անարատութիւն յանուն Քրիստոսի ժողովելոց,
Որպէս ի հատումն եւ ի նուազութիւն
Միոյ յանդամոցս անարգացս` պատուաստելոցս ի մարմնի,
Կրճատեալ իմն է յաւրինուած կազմութեան մարդոյդ քում սենեկի զգայականի,
Եւ շրջեալ է ընտանութիւն պատկերին յանկարգ փոփոխութիւն:
Եւ արդ, այսպիսեաւք եւ եւս բազմաւք անզուգական հրաշակերտութեամբ
Եղական պատկեր Աստուծոյ` կշտամբեալ իսպառ, ոգի իմ գերի:
Եւ թէպէտ յառաջին նմանութենէն կողոպտեալ գտար`
Պատուիրանին յանցաւորութեամբ ի դրախտին կենաց,
Այլ աւազանին լուսազարդ շնորհիւն զՀոգւոյն փչումն առեալ`
Եւ նմանութիւն ես կերպարանին:
Դ
Եւ արդ, ընդէ՞ր կորուսեր զփառսն երկնաւորս,
Իբր նախաստեղծն երբեմն` զվիճակն երկրաւոր յԱդին դարաստանի,
Ընդէ՞ր փակեցեր քեզէն քեզ զերկին եւ զվերելիցն դուռն աղխեցեր,
Ընդէ՞ր խառնեցեր ընդ ջրոյն մաքրութեան զախտ արտասուացդ տաժանութեան,
Ընդէ՞ր զլուացեալ ձորձ վերարկուին գարշելի գործովք զազրացուցեր,
Հի՞մ զեդեալ հանդերձին մեղաց պատմուճան անառակութեան վարուք քեզ արկեր:
Ընդէ՞ր զտանողացդ ոտից սրբութիւն ճանապարհաւն ժանտից աղտեղեր,
Ընդէ՞ր կրկնեցեր իրաւադատին զուխտազանցութիւն հին պատուիրանին,
Ընդէ՞ր մերժեցեր ի պտղոյն շնորհաց, իբր զԱդամ` ի ծառոյն կենաց,
Ընդէ՞ր նենգեցեր քեզէն քո կամաւ զանստուեր յուսոյն յարակայութիւն,
Ընդէ՞ր պատկառանք անհամարձակելիք քոյին դիմացդ նպաստեցեր,
Ընդէ՞ր զինեցար ընդդէմ քո ներհակ, ով ընդունարան խելագարութեան,
Ընդէ՞ր որսացար ի ծուղակ մահու` թողեալ զարահետն վստահութեան,
Ընդէ՞ր կարթիւ պատրանաց ածար հաղորդդ մարմնոյ կենդանարարին:
Այլ վերստին յուսացեալ ի նա` կարդա նմա,
Ապաւինելոյս քաւիչ, նորոգիչ,
Փրկիչ, կեցուցիչ եւ կենդանարար,
Ողորմած, խնամող, մարդասէր, անոխակալ,
Բազմագութ, աւրհնեա~լ յաւիտեանս:
Ամէն:   up

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Հավիտենական մոլորյալ եմ մի ամենապատիժ,
Մշտապես դժնի վայրենաբարո,
Ինքս ինձ անձամբ մահով կշտամբիչ,
Վայրագասուն ու զազիր խոզերի բոլուկ արածող՝
Գարշելի, նվաստ, անարգ մի վարձկան,
Ամայաբնակ ուլերի հորան խնամող հովիվ՝
Հոտարածների վրանների մոտ.
Ըստ «Երգ երգոցի» ինձ պատշաճ խոսքի,
Որ ինքս ինձ բնավ չճանաչեցի,
Չիմացա՝ ումի՞ց, ո՞ւմ պատկերով ինչո՞ւ գոյացա։

Բ
Ահա քեզ կրող երկու միաբան
Անանջատելի ոտներիդ վրա
Հրեշտակաձև դու կառուցվեցիր,
Որ միշտ կրկնաբարձ, վերասլացիկ քո բազուկներով,
Ասես թևավոր, թռիչքով միայն
Երկիրն հայրենի դիտես բարձունքից.
Ո՜վ հիմար, հապա ինչո՞ւ կամովին գետնին կորացար
Ու միշտ երկրային հոգսերով տարված՝
Անապատական վայրի ցիռերի կարգը դասվեցիր։
Ինչպես բազմաճյուղ մի կանթեղ,
մարմնիդ պերճ աշտանակին
Բոլորությունը գլխիդ հաստատվեց,
Որպեսզի նրա շնորհիվ երբեք ՚
Չօտարանալով շնորհի վսեմ օրինատիպին՝
Տեսնես Աստծուն, անանցականը իմաստասիրես։
Դրա հետ նաև ճոխացար պատվով
բանականության,
Որ քեզ շնորհված բարեմասնության հաղթանակները
Անկաշկանդ լեզվով պատմես բոլորին։
Կրելով գործուն, արվեստող ձեռքեր,
Ճարտար մատներիդ շառավիղներով,
Իբրև գործակից ամենապարգև աջին Աստծո,
Համացեղությամբ՝ աստված կոչվեցիր:
Բաղադրվեցիր դու երեք հարյուր
վաթսուն հոդերով,
Ի լրում պատշաճ թվի՝ դրանց հետ
Միավորելով ճանաչողական հինգ զգայարան,
Որ անքննադատ չմնա մտքիդ տեսության կողմից
Քո տեսանելի կազմը նյութեղեն,
Ուր կան անդամներ՝ հաղթ ու զորավոր,
Կան, որ փոքրիկ են, բայց և պիտանի,
Որ կարծրակերտ են, բայց և զգայուն,
Կան, որ գողտրիկ են, ընտիր, պատվական,
Ինչպես նաև կան, որ կարևոր են, բայց ամոթալի։
Իսկ մեկնությունը դրա կգտնես
Նկարված քո մեջ, ա՜նձն իմ եղկելի,
Ինչպես մի անեղծ արձանի վրա.
Ժամանակի տարրն ու տարին կազմող
Իրարահաջորդ թիվը օրերի,
Սահմանված ասես ինչ-որ օրենքով
Մարմնիդ մասերին համապատասխան,
Պետք է որ պահվեն անսխալ ու միշտ անայլայլելի։

Գ
Ահա հոգևոր մի այլ օրինակ,
Որ նույնպես քեզնով է մեկնաբանվում՝
Սիրո հոդերով ի մի շաղկապված
Միասնությունը սուրբ եկեղեցու.
Բոլոր մասերը եթե անխտիր,
Վեհը փոքրի հետ որպես համարժեք,
Համահաճորեն չներդաշնակվեն՝ մի լծով կապված,
Խաթարված կլինի Քրիստոսի սուրբ
Անվան շինության ամբողջությունը,
Ինչպես որ, ասենք, մարմնի որևէ
Անդամը թեկուզ աննշան, չնչին,
Եթե կտրվի, պակասի հանկարծ,
Կաղճատվի ամբողջ կազմվածքը մարմնի,
Որն զգայական սենյակն է մարդու,
Եվ բուն կերպարը կենթարկվի անարգ
մի փոփոխության։
Ահա այսպիսի, ինչպես և բազում
Այլ անզուգական հրաշակերտմամբ՝
Եղական պատկերն ես դու Աստծո,
Ո՛վ անձդ իմ գերի, իսպառ կշտամբված.
Ճիշտ է, առաջին նմանությունից,
Կյանքի դրախտում մեղանչելով սուրբ
Պատվիրանի դեմ, դու կողոպտվեցիր,
Բայց ավազանի լույս շնորհներով՝
Ոգու փչման հետ չէ՛ օր ստացար
Նաև պատկերի նմանությունը։
Արդ, ինչո՞ւ կորցրիր փառքը երկնային,
Ինչպես երբեմն Եդեմ-դրախտում
Նախաստեղծը այն՝ վիճակն երկնավոր.
Ինչո՞ւ փակեցիր ինքդ քո ձեռքով երկինքը քո դեմ,
Վերելքիդ դուռը կողպեցիր իսպառ.
Ինչո՞ւ խառնեցիր մաքուր ջրի հետ
Ախտն արցունքների քո տաժանաբուխ.
Ինչո՞ւ լվացված ձորձը ծածկույթիդ
Աղտեղեցիր քո զազիր գործերով.
Ինչո՞ւ մեղքերիդ պատմուճանը, որ
Մի կողմ էր դրված,
Անառակ վարքով՝ հագար վերստին.
Ինչո՞ւ ժանտերի ճանապարհներով
Ապականեցիր մաքրությունը քեզ կրող ոտքերի.
Ինչպե՞ս վերստին ուխտազանց եղար իրավադատին՝
Մեղանչելով հին պատվիրանի դեմ.
Ինչո՞ւ զրկվեցիր շնորհի պտղից,
Ինչպես Ադամը՝ ծառից կենարար.
Ինչո՞ւ նենգեցիր ինքդ կամովին
Հավերժությունը անստվեր հույսի.
Ինչպե՞ս օգնեցիր, որ անհամարձակ
Ամոթը սաստիկ ծածկի դեմքը քո.
Ինչպե՞ս զինվեցիր ինքդ ընդդեմ քեզ,
Ո՜վ ընդունարան խելագարության.
Ինչո՞ւ որս դարձար մահվան ծուղակին՝
Թողած արահետն ամենավստահ.
Ինչպե՞ս բռնվեցիր պատրանքի կարթով
Հաղո՜րդդ մարմնին կենդանարարի։
Սակայն դու դարձյալ հուսալով նրան՝
պաղատի՛ր իրեն.
Ապավեն և լույս քավիչ, նորոգիչ,
Փրկիչ, կեցուցիչ և կենդանարար,
Ողորմած, հոգած, մարդասեր, անոխ,
Բազմագութ, օրհնյա՜լ հավիտյանս, ամեն։

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, զի՞նչ գոյ ասել ամաչեցելոյս յերեսաց մեծիդ ահաւորութենէ,
Բայց եթէ համրանալ եւ հող ի բերան եղեալ` լռել ի սրտի,
Ըստ մարգարէութեանն խրատու` ահա ի բարւոյն կարկառեալ ի յոյս:
Իսկ եթէ զփականս շարժողութեանց շրթանցս բացից`
Բռնադատեցից խաւսել կամեցեալ,
Դարձեալ զնոյն ձայն կրկնակական եղերերգութեան լալեաց բազմութեան
Խէթ մտացս յառաջադրէ:
Բ
Եւ արդ, ողբակից մեծ մեղաւորին` անաւրինելոյ կամաւ առ ի մահ,
Զնորին գոչումն երկրորդեցից եւ ես ընդ նմին.
Մեղա~յ, Տէր, մեղա~յ, եւ անաւրէնութեանց իմոց ինձէն վկայեմ:
Հիւսեալ ընդ նմին զբանս յիսներորդի սաղմոսին`
Անթիւս գրեմ զպարտուցս սակ անձինս մեղաց,
Քան զհիւղ երկրի հողմահոս փոշւոյ`
Ընդ աւդս ամենայն տարածեցելոյ:
Մեղա~յ յերկինս եւ առաջի քո,-
Ընդ անառակ որդւոյն պատկառեցելոյ
Հայրենի գթոյդ վերստին դարձեալ` թախանձ արկանեմ,
Զողորմելին ձայն աղերսանաց արտաւսրածին ողբովք գոչման
Ի տխուր դէմս մատուցեալ` առաջի քո տարածանեմ:
Հայր գթութեանց, Աստուած բոլորից,
Չեմ արժանի կոչիլ եւ ոչ բնաւին առ այս անուանիլ
Ոչ միայն որդի, այլ եւ անպիտան, ապաբան վարձկան:
Ընկալ զսովեալս տարագրական, պարտական վնասուց,
Եւ զցաւ քաղցոյս լլկանաց նեղոյս նուաղեցելոյս
Կենաց քո հացիւդ բժշկեսցես:
Լեր ընդ առաջ քո ողորմութեամբդ ի սկզբնաւորս ապաւինութեան,
Զգեցո, գթած եւ անոխակալ, անաւրինեալս մեղապարտի
Զնախակապուտ հանդերձին ծածկոյթ,
Աւանդակորոյս ձեռացս աղտեղեալ մեղաւք,
Զկնիք մատանւոյն համարձակութեան ամէնառատ կամաւք մատուսցես,
Զգարշապարացս թշուառութիւն մերկութեան ոտիցս,
Պատսպարութեամբ աւետարանական ամրավերարկու աւդիցս կաւշկաց,
Ի յանձին թունից միշտ ամրացուսցես:
Զզուարակդ պարարակի եզինդ երկնայնոյ,
Որ է միածին Որդիդ քո աւրհնեալ,
Իսկապէս մարդասիրութեամբ կարաւտելոյս բարեաց նուիրեա:
Որ մատուցեալ միշտ եւ անպակաս մնայ ի լրութեան`
Յարակայ զենեալ ի սպանդարանի անթիւ սեղանոց անսպառութեամբ,
Բոլոր` յամենեսին եւ բնաւ` յամենայնում,
Էութեամբ` յեղկինս եւ իսկութեամբ` ի ստորինս,
Աննուազ` մարդկութեամբ եւ անթերի` աստուածութեամբ,
Փշրեալ եւ բաշխի ի մասունս անհատս,
Զի զհամայնն հաւաքեսցէ առ ի նոյն մարմին իւրումն գլխոյ:
Քեզ փա~ռք ընդ նմին, Հայր ողորմութեան:
Ամէն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արդ, ամաչելով սաստկապես մեծիդ
ահեղությունից՝
Ի՞նչ կարող եմ ես ասել, եթե ոչ
Համրանալ իսպառ և հող ի բերան՝ լռել սրտիս մեջ,
Մարգարեական խոսքի համաձայն,
Հայացքս հառած լոկ բարի հույսին։
Իսկ եթե բացեմ փականքը շարժման
գոց շրթունքներիս՝
Բռնադատելով նրանց, որ խոսեն,
Խղճմտանքս ինձ կթելադրի
Վերստին հյուսել միայն ողբագին
Ու կրկնակական եղերերգություն։

Բ
Եվ արդ, ողբակից մեծ մեղավորին,
Որը կամովին մահացու կերպով անօրինացավ,
Նրա գոչն իր հետ կրկնում եմ և ես.
«Մեղա՜, տե՜ր, մեղա՜,
Անօրենությունս ինքս եմ վկայում»։
Չափը պարտքերի մեղավոր հոգուս,
Ըստ հիսուներորդ սաղմոսի խոսքի,
Շատ ավելի է, քան հյուլեները
Օդում տարածված հողմավար փոշու։

Գ
«Մեղա՜ երկնքի, այլև քո առաջ».
Անառակ որդու պես ամոթապարտ՝
Վերադառնալով գթիդ հայրական՝ թախանձում եմ քեզ
Եվ մոտենալով դեմքով տխրագին՝
Արտասվահեղեղ ողբերիս գոչմամբ
Խղճալի ձայնը աղերսանքներիս
Տարածում եմ, տե՜ր, ահա քո առաջ.
Ո՜վ հայր գթության, Աստված բոլորի,
Արժանի չեմ ես բնավ ոչ միայն որդի կոչվելու,
Այլև անպիտան ու անբան վարձկան։
Ընդունի՛ր դարձյալ սովալլուկիս.
Տարագրական ու վնասապարտ,
Եվ բաղմաչարչար հոգնանվաղիս
Քաղցը փարատի՛ր կենացդ հացով.
Ե՛լ ինձ ընդառաջ քո ողորմությամբ,
Քանզի նախ քեզ եմ ես ապավինել.
Հագցրո՛ւ, գթա՜ծ և անոխակալ,
Զգեստն այն, որից կողոպտված էի արդեն նախապես.
Ավանդակորույս, մեղքերով իսպառ աղտոտված ձեռքիս
Մատուցի՛ր կամքովդ ամենաշնորհ
Մատանին, կնքով համարձակության
Եվ մերկությունը թշվառ ոտքերիս գարշապարների,
Ավետարանի ամրածածկ կոշկով պատսպարելով.
Ապահովիր միշտ օձի թույնի դեմ։
Մեծիդ անխոտոր մարդասիրությամբ
Նվիրի՛ր հոգուն իմ բարեկարոտ
Երկնային պարարտ եզդ զվարակ,
Որ է միածին օրհնյալ քո որդին,
Որ մատուցվելով միշտ՝ չի պակասում իր լրությունից,
Զոհաբերվելով հավիտենապես
Ամեն սեղանի սպանդարանում՝
Անսպառորեն մնում է համայնն ամեն ինչի մեջ,
Ամբողջությունը՝ ամեն մի մասում,
Էությամբ՝ երկնում, իսկությամբ՝ երկրում,
Անհատ՝ մարդկությամբ և աստվածությամբ իր՝
լիակատար.
Փշրվելով միշտ անթիվ մասերի՝ բաշխվում է անվերջ,
Որ միավորի այդպես բոլորին
Որպես մի մարմին իր՝ գլխի համար.
Փա՜ռք քեզ նրա հետ, հա՜յր ողորմության,
հավիտյանս, ամեն։

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Բարձրեալ, հզաւր, անսկիզբն, անեղ, անբովանդակելի,
Աննիրհելի ակնդ նկատող, ծնող անքնին փառաց միածնիդ,
Իրաւացուսցես զիմս ողորմութիւն հերքեցելոյս ընդունելութեան`
Առ երկնայինս եւ առ երկրաւորս:
Տաւնեա զկեալս կորուսելոյս վերնականացն պարերգութեամբ,
Աւետարանեա բանիւդ աւրհնութեան զկենդանութիւն իմ մահացելոյս,
Զբարեբաստութիւն կամացդ յայտնեա, գովեալ, բոլորից գոյից եղելոց,
Ստացիր անուն քեզ անճառ, եւ ինձ` թշուառիս` նորոգ փրկութիւն,
Զվճիռ հոգւոյս մահու ջրեսցես կայլակաւք արեան Որդւոյդ սիրելւոյ,
Կորուսցես զգիր մուրհակի մեղուցելոյս ամբաստանութեան
Վստահութիւն փրկութեան բարեաց արեամբ Քրիստոսի քո նկարեսցես,
Ցոյց զսքանչելիս քո բարեգթութեանդ ի ճաշ հարսանեաց քում հարազատի:
Մի փակեսցես դիմելոյս առ քեզ զառագաստ սրահի կենացդ յարկի,
Մի տրոհեսցես ի բազմականացդ եւ ի բարեացդ քո զրկեսցես,
Մի պահեսցես ի գանձարանիդ զնիւթեալ իմ պարտուցս անաւրէնութիւն,
Մի կնքեսցես ի քսակ բարեացդ զզազրութեանց իմոց գարշութիւն,
Մի երկարս ինձ զվէր մեղացս ի յախտալից մարմնիս ծածկեսցես,
Մի զփտութիւն նեխութեան ցաւոցս նձ տնկակից մահու մնացուսցես,
Այլ բարձ բանիւ քոյդ ողորմութեան զժանտութիւնն ապականարար,
Որպէս զի զատեալ ի հիւծմանց ախտից` առողջութեանն պատրաստեցայց:
Հնարաւորեա, գթութեանցդ Հայր, մեծ խոցուածոյս զաւրեղ սպեղանիս,
Կարեւոր կործանմանս` բարի այցելութիւնս,
Զի քո եմ, Տէր ոգեսէր:
Թէ եւ առ մի նուագ մեղիցեմ,
Բայց ոչ գրեցայց համայն մեղուցեալ,
Տուիչ կենաց իմոց բարերար,
Ի շնորհ պարգեւաց քոց ապաւինեալ,
Զի ճանաչելդ զքեզ բովանդակ արդարութիւն է,
Եւ գիտել զզաւրութիւնդ քո` արմատ անմահութեան,
Որպէս եւ կանխաւ իսկ գրեաց իմաստունն.
Եւ դարձեալ` Տիրելդ քո, ասէ, ամենեցուն`
Խնայել տայ քեզ յամենայն,
Եւ դարձեալ` Մաւտ է քեզ,
Յորժամ եւ կամիս` կարող գտանել:
Բ
Այս Սողոմոնի յուսոյ աղերսանք իմոյս առեալ տիպ,
Քանզի ոչ այլ ոք բազմամեղ, որքան զնա ինձ զուգաշաւիղ.
Երբեմն` որդի, ապա` ատելի,
Երբեմն` միջնորդ խաղաղութեան Աստուծոյ ժողովրդեանն,
Եւ յետոյ` խտրոց որոշման բազում խռովութեան,
Երբեմն` աւրէնք կենաց կացեալ,
Եւ յետոյ` մուրհակ մահու հաստատեալ,
Զերկնաւորին պաշտաւն ընդոտնեալ,
Եւ զաւտարին անուն ծանուցեալ,
Անպատճառ աւցտող, անկարաւտ զրկող, անսովելի գող,
Գրգեալ տրտնջող, փափկացեալ փախստական,
Սեղանանենգ սարտուցեալ, անպատասխանի վնասապարտ,
Քաղցրասնոյց հայհոյիչ, զաւակ հայրատեաց,
Կտակարանացն մատնիչ, Մովսեսի չարախաւս, մոռացող երախտեացն,
Իմաստուն սխալական, ամենագէտ յանցաւոր,
Ամաւթապարտ զղջացեալ, տարակուսեալ աշխարող,
Աղաչաւոր կռապաշտեալ, յամրային դարձաւոր,
Կեղակարծ ընկալեալ, կասկածաւոր հաշտութիւն,
Յապայս յիշատակ, յերկբայս փրկութիւն,
Չաւատալի գիւտ, ի մասնէ մնացուած,
Խարդաւանեալ գերի, կիսակտուր պրծեալ, կամաւոր անձնամատն,
Տմարդի յղփացեալ, բազմավրէպ հանճարեղ:
Ի յընթացս բանից երկեակ որոշմանց`
Ամենայն ուրեք բանս արկեալ ողբոց եւ ձաղանաց,
Մեծ պարսաւ եւ փոքր գովեստ`
Իբր ի վերայ ինքնագրաւ կորստականի,
Երգիծանութիւն խառնեալ ընդ աշխար.
Բան նորա` թելադիր բարգաւաճութեան ամենայն հասակի,
Եւ խոտորումն նորին` ի շրթունս բնաւից
Թառանչ թախծութեան ողորմելիս իմն ազդեալ:
Գ
Զարմանամ, վհատիմ` տարակուսեալ ապշութեամբ,
Զի թէ նա այնքան գթեաց, ինձ զի՞նչ պատահեսցէ.
Զիա՞րդ անկաւ ամբարձեալն,
Զիա՞րդ սասանեցաւ հաստատեալն,
Զիա՞րդ կործանեցաւ կառուցեալն,
Ի՞բր աւտարացաւ ծանուցեալն,
Զիա՞րդ զակատեցաւ զաւակն ընտրութեան,
Զիա՞րդ սրացաւ մերձաւորն,
Զիա՞րդ աղաւտացաւ փայլեցեալն,
Զիա՞րդ պատանդեցաւ ազատեալն,
Զիա՞րդ անաւրինեցաւ ուսուցիչն,
Զիա՞րդ նուաղեցաւ հռչակեալն,
Զիա՞րդ անարգեցաւ փառաւորն,
Զիա՞րդ փոքրկացաւ մեծատունն,
Զիա՞րդ ամբարշտեցաւ բարեպաշտն,
Զիա՞րդ ամբարհաւաճեցաւ ընտրողն,
Զիա՞րդ ունայնացաւ պատարունն,
Զիա՞րդ կտրեաց զուխտն, որ ընդ բարձրելոյն:
Պատկառեմ ասել, թէ` եւ ընդ սանդարամետականին կապեցաւ.
Զի՞ կայր նորա եւ կռոց,
Ուստի՞ սէրն ընդ պատկերաց,
Վասն է՞ր կամքն ընդ խտրանաց:
Զիա՞րդ ոչ յիշեցաւ յանդիմանութիւնն Սամուելի առ Սաւուղ եղեալ.
Հմայք, ասէ, մեղք են, եւ ցաւս եւ աշխատութիւն ածէ թերափ ի վերայ:
Զիա՞րդ ոչ հայրենի յանդիմանութիւնն.
Կուռք, ասէ, հեթանոսաց դեւք եւ անշունչք են,-
Եւ նման նոցա լիցին պաշտաւնեայք նոցա:
Տէր միայն ածէր զնոսա,
Մովսէս նախագրեալ յառաջաձայն ձաղանաւք սաստիկս իմն ամբաստանէ.
Ոչ էր ընդ նոսա, ասէ, աստուածս աւտարոտիս,-
Զոր ոչ ճանաչէին հարք նոցա:
Դ
Ո՞ւր է մահամատոյց այլազնեայ արձանն Փագովրայ,
Ո՞ւր` տգեղն եւ անպանծալին սիդոնացւոց իգական ամենանզով ձուլածոյն,
Ո՞ւր` կանացի կերպին անգրելին խայտառակութիւն զազիր տեսակին,
Որով ամաւթոյ մարգարէքն զանասնաւրէն դիմեցումն անխտրաբար
Յանուն չարութեան անժուժկալ դիւին` անաստուածաբար ձաւնեալ մոլէին:
Տարաւ զէութիւն բարեբաստութեանն,
Որ զնախնին որսաց ի կորուստ,
Յաղթեաց մեծութիւնն իմաստիցն առաւելութեան,
Գերեաց գոռոզութիւնն, յիմարեցոյց փափկութիւնն,
Վանեաց արծաթն ծառայեցուցիչ,
Յոգի դատեցաւ զայրն տաւնելի հին զէնն կործանողին,
Ի գրկացն Աստուծոյ հանեալ` ի յոտս ստամբակին գթեցոյց,
Մեռոյց մեղկութիւնն, թմբրեցոյց ծուլութիւնն,
Արբեցոյց շուայտութիւնն:
Ով դիւրապատիր մարմին երկրածին,
Որո՞վք ձայնարկութեամբք զքեզ աւաղեցից,
Քանզի ոչ տիրապէս առ նա հանդիպի ընդդիմաբանութիւնս,
Այլ ամենից սխալողաց` կամաւ վրիպելոց,
Վասն զի նովաւ է իմանալի,
Թէ անիրաւ է պարծել յիմաստս մարմնոյ,
Եթէ ոչ Աստուծով դատեալ ընտրեսցի:
Որ զի թէ առ այս պայմանի յիմար ոք իցէ
Եւ ի հաստչին կամս յուսասցի,
Ոչ եւս ի նորայոց անտի ինչ կրեսցէ:
Ե
Այլ քանզի սաստիկս եւ քստմնելիս ունի Սողոմոն
Զդարձին իւրոյ յիշատակարան` ինքնապարսաւն կշտամբութեամբ,
Իբր մեռեալ իսկապէս համայն աշխարհիս անձնասիրութեան,
Զոր եթէ զիսկն ոք նկատեսցէ, Ունայնութեամբքն է իմանալի,
Այլ եւ ի մատեանս քահանայիցն եւ ի գիրս Աքիայ Սիլոնացւոյ,
Յորում զփոյթն իւրում ընթացիցն արտասուելիս իմն յեղանակէ.
Զուր ջան, անաւգուտ վաստակ,
Անմիտ հետեւումն, անշահ արշաւանք,
Անկայուն երկք, աւտարին իմաստք,
Ոչնչից հոլովք, բամբասելի բերք,
Անյարմար վարկածք, սնոտի սերմանիք,
Աւազափուլ շինուածք, ապականացու ստացուածք,
Քամահանաց տաժանմունք, ինքնամարտ կռիւ,
Ընդ ոգւոյ իւրում դատ,
Ընդունայնաթոպ քիրտն, վնասակար փափագ,
Կորստական շաւիղ, վրիպակ ճանապարհ,
Կործանական կրթութիւնք, մոլորապատիր վարժութիւնք,
Հանապազասխալ տեսութիւն, ակնայայրատ պչրութիւն,
Պոռնկակերտ կերպարան, ախտաբորբոք նիւթ,
Դժնէատեսիլ գոյն, յոգնատխուր գեղ,
Յոլովամեղձ ծուխ, շոգի ցնդելի,
Վաճառ մերձ ի յառ, տաղաւար քակտելի,
Ընդվայր աղաղակ, անպատճառաւոր ծաղր,
Արհամարհելի ասպարէզ, անձնավաճառ գիր,
Սատակչական ելք, անաստուած մտածմունք,
Ստայաւդ ճառ, զայրացուցանող զրոյց,
Եպերանաց խծբիծք, խելագարութեան խնդիր,
Ամաւթանաց ցոյցք, խայտառականաց յայտնութիւնք,
Առակ ապառնեացն, ապաշաւանաց գործ,
Ըմպահկանաց պատմութիւն, հեղգացելոց աւրինակ,
Խորխորատ ծածուկ,որս խաւարային,
Մահագուշակ վիհ, անյատակելի անդունդք,
Ուղեկցութիւն սպանողաց, յիմարութեան բարբաջմունք,
Դարանակալաց վայր, խարխուլ յարկ,
Շինուած սասանեալ, կամուրջ խախտեցեալ,
Երեւոյթ փախչելի, խաբող շողոքորթ, անոպայ մատնիչ,
Ընդդէմ բարձրելոյն հակառակութիւն:
Զայս ամենայն մասունս բանից խոստովանական կանոնադրութիւն
Ի սիրտս բնաւից նախասերմանեաց ժողովողս`
Կանոնադիր դարձելոց զղջման,
Որպէս զի մի պարծեսցի ոք ի մարդկանէ`
Բամբասաւորաւք զինուորեալ նետիւք
Զանձն եւ զընկերն խոցոտելով,
Քանզի կռապարիշտ է քողով ծածկեալն,
Որ զկերպարանսն միայն ունի
Եւ զոչ ախորժելիս ստեղծիչն կատարէ:
Զ
Եւ արդ, նա, որ ոչ այնքան մեղաւ, որքան զղջացաւ,
Մի իսպառ պախարակեսցի, այլ յիշեսցի այրն այն ի բարի`
Իբրեւ զհիմն յուսադրութեան ի տէրունի ոտսն դիմելոց,
Յորժամ հոգւովն էջ յայցելութիւն աստուածութեամբն անբաժանելեաւ`
Կենագործել զանդ խոստովանեալսն,
Զոր մեռեալքն ահա կենդանեացս անտարակոյս բերին աւետիս:
Ընդ որում մաղթեալ իմ պարտաւորի` իմաստութեանն ոչ ժամանելոյ,
Ի մեղանացն մասն կարգեալ, բարեբանեալ մեծիդ պաղատիմ.
Լից զնուազդ իմ բանագրութիւն ի յերջանկին հանճարեղութիւն:
Նիւթեսցին ներկայիս հայցմունք ի բարգաւաճին յարգաւորութիւն`
Ի գերաշխարան արքային աղերս,
Այցելութիւն խնդրոցս դիցի քո ընտրեցեալ վեհ արքայորդւոյն,
Զոր միածնիդ աւրինակեցեր:
Յարեան կցորդութենէ զքո փառակիցդ ճաշակեցաք.
Տուր փրկութիւն քոյոյ ծառային, ամենահնար, զաւրեղ, ահաւոր,
Ի ստեղծողիդ փառս աճեցուցեալ
Զանքաւելի մեղացն ջնջումն:
Յիշատակաւ խորհրդոց բարեաց` ընդ ողորմեալսն նորոգեսցես,
Որ ամենահամ, ախորժաճաշակ, բազմապաճոյճ առակագրութեամբ
Զաստուածութիւնդ քո քարոզեալ ի մատեան լուսազարդ կտակի,
Եկեղեցւոյ ընծայեաց հետս բարութեան`
Խոստովանութեամբ մատչել առ քեզ, Հայր:
Քանզի ոչ հեռի յողորմութենէ առ այս ցոյց բանի է իմանալի,
Թէ անյուսութեանն կաթուած չէր անկեալ ի յեռանդն սրտին ըղձից,
Որ զճեպ զղջմանն փոքր ինչ կասեաց:
Է
Արդ, ի յուշ բերեալ զոր ի քեզ անճառելի բարեմասնութիւնք`
Զգթութիւն քո ողջունեսցես,
Որով զկոշկոճեալն ի բազում դարուց բամբասանաց քարաձգութեամբ`
Երանութեան վերարժանացո,
Որ յոգնահոսան արտասուաց ելիւք
Զմէջ յատակի յարկին հեղեղեալ ապարանիցն իւր խրախճանութեան`
Սաստկակսկիծն ապաշաւանաւք,
Հաւրն կրիցն գերազանցեաց` ողորմելի ոգւոյն հեծութեամբ:
Զոր ի յաչաց Բանիդ քո արտաւսր,
Առ որ մերովս ի յիւրն ախտակրեաց,
Երկայնամիտդ ներողութեամբ միացուցեալ խառնեսցես, գթած,
Եւ զանյարմարն առ նա կարծեցեալ զսաղմոսին բարեբանութիւն,
Ի փառս էակցի Որդւոյդ կնքելով,
Նովաւ կեցուսցես զնա քաղցրութեամբ ընդ աղքատս ժողովրդոց:
Զայս պուետիկոս ոմն բարեշնորհ արգահատէր ընդ Սողոմոնի`
Ամենայնիւ վարձս վարկուցեալ համակցորդ զուգաձայնութեամբ,
Իբր կենդանեաւք նովաւ ընդ նմին վասն նորին աղերսել առ քեզ,
Զոր յաւելուած կարգիդ տնտեսէ:
Քանզի եւ Աւստացւոյն, ի նմանէ ստեղծեալն
Բազմահրաշաւորն մարգարէաճառն պատմագրութիւն,
Աստուածութեանն արդարացուցիչ զՍողոմոն ողորմեալ կարգէ,
Որ զի անպարսաւ է աղաւթելն, քան չարաբանելն վասն նորին:
Ը
Զոր եւ ես մաղթեմ մեծ վստահութեամբ,
Նմանակից այսր հեծութեան,
Եւ զիմս ընդ նմին ընծայել գոչումն.
Զի թէ կորուսցես զմեզ` դատեալ ըստ գործոց,
Ոչ պակասին փառք քո, զի իրաւամբք քո ճանաչիս,
Իսկ եթէ գտցես, այնքան բարձրանաս,
Որքան մեծութեանդ քում վայել է,
Քանզի յաւէտ աւրհնաբանելի ես դու երկրորդաւս` ողորմածութեամբ,
Քան նախահրաման սաստկութեամբն:
Դարձիր, Տէր, դարձիր քաղցրութեամբ ի խնամս գթութեան`
Ձրի եւ ամէնառատ պարգեւաւք սիրոյ մխիթարել յաւէտ զտրտմեալքս
Համաշաւիղ տագնապաւ տապոյ տոչորման անբժշկականի,
Ձեռն եդեալ փրկութեան` նորոգեսցես վերստին`
Քաւեալ եւ պատսպարեալ ի մեղսակործան խորտակմանէ:
Եւ քեզ միայնոյ` սկզբանդ եւ անսկզբանդ,
Ընդ սկզբանդ եւ սկզբնաւորիդ սկզբանց,
Սուրբ Երրորդութեանդ եւ միում աստուածութեանդ
Փա~ռք եւ իշխանութիւն յաւիտեանս:
Ամէն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Բարձրյա՜լ, մեծազոր, անսկիզբ, անեղ,
անպարփակելի,
Աչք աննիրհելի, ամենանկատ,
Ծնող միածնիդ անքնին փառքով,
Երկնավորների, երկրայինների առաջ ճշմարտի՛ր
Ողորմությունդ մերժվածիս հանդեպ։
Վերնականների ճոխ պարերգությամբ
Տոնի՛ր վերապրելը կորուսյալիս,
Մահացածիս նոր կենդանությունը
Բարեհոչակի՜ր խոսքովդ օրհնաբեր,
Ի հայտ բեր կամքը քո բարեխնամ
Գովյա՜լդ համայն արարածներից,
Բարձրացրո՛ւ քո անունը, անճա՜ռ,
Տալով թշվառիս նորոգ փրկություն,
Կորցրո՛ւ մուրհակը մեղսագործ անձիս
ամբաստանության,
Սիրելի որդուդ արյան կայլակով
Ջնջի՛ր, տե՜ր, մահվան վճիռն իմ հոգու,
Հիսուսիդ արյամբ նկարի՛ր իմ մեջ
Վստահությունը բարի փրկության,
Բարեգթության հրաշքդ ցո՛ւյց տուր
Քո հարազատի հարսանքաճաշին։
Մի՛ փակիր սրահն-առագաստարան
Կենացդ հարկի՝ քեզ դիմողիս դեմ,
Մի՛ բաժանիր ինձ բազմականներից,
Մի՛ զրկիր անճառ բարիքներից քո,
Մի՛ պահիր օրհնյալ գանձարանիդ մեջ
Պարտքերն իմ նյութած անօրենության,
Ոչ էլ կնքիր քո բարյաց քսակում
Գարշությունը իմ զազրությունների,
Վերքը մեղքերիս մի՛ ծածկիր երկար
մարմնումս ախտավոր.
Ցավերիս նեխվածքն ու փտությունը
Մի՛ թող տնկակից ինձ մահամնա,
Ողորմությանդ խոսքով վերացրո՛ւ
ժանտություններն այս ապականարար,
Որպեսզի զտված հյուծող ախտերից՝
Առողջանալու համար պատրաստվեմ.
Խորը խոցերիս հնարի՛ր զորեղ
Սպեղանիներ, ո՜վ հայր գթության,
Օգնի՜ր կարեվեր կործանված անձիս,
Քանզի քոնն եմ ես, ո՜վ հոգեսեր տեր։
Եթե մինչևիսկ միանգամից բյուր
հանցանքներ գործեմ,
Դարձյալ մեղավոր ես չեմ ճանաչվի՝
Ապավինելով քո շնորհներին կենդանապարգև,
Ո՜վ բարերար իմ և կյանքի տվիչ.
Զի քեզ ճանաչելն արդարություն է արդեն կատարյալ,
Իսկ զորությունդ իմանալն՝ արմատն է անմահության,
Ինչպես գրել է իմաստունը դեռ.
Տիրելդ,– ասում է,— ամենքի վրա՝
Քեզ խնայել է տալիս բոլորին».
Եվ դարձյալ՝ «մոտ է քեզ, երբ կամենաս,
կարող ես գտնել»։

Բ
Հուսատու աղերսն այս Սողոմոնի
Ես օրինակ եմ առնում ինձ համար,
Քանզի ոչ մեկը բազմամեղությամբ
Ինձ զուգաշավիղ չեղավ նրա պես.
Երբեմն որդի, հետո ատելի.
Նախ խաղաղության միջնորդ ջատագով իր ժողովրդի,
Իսկ հետո բազում խռովության ու
պառակտման պատճառ.
Նա, որ երբեմն օրենքն էր կենաց,
Հետո վերածվեց մահվան մուրհակի՝
Ոտնահարելով երկնավոր տիրոջ պաշտամունքը սուրբ
Եվ ընդունելով անունն օտարի.
Անշահ պառակտիչ, անկարիք զրկող,
Անսովելի գող, շոյված տրտնջող,
Գրգված դրուժան, խրտչած հացանենգ,
Հանցապարտ, պապանձ ու անպատասխան,
Շփացած լուտող, հայրատյաց զավակ,
Ավետարանի մատնիչ, Մովսեսի հանդեպ չարախոս,
Երախտամոռաց, գայթուն իմաստուն,
մեղսոտ բազմագետ,
Զղջացած, նկուն ու ամոթապարտ,
Տարտամ ապաշավ, կռապաշտ մաղթող,
Հապաղ դարձիեկ, անհայտ ընդունված.
Կեղակարծ քավված, խրատ գալիքի,
Անստույգ փրկված, անհավաստի գյուտ,
Մեծության թերմացք, պատրական գերի,
Կիսավարտ պրծած, կամա ինքնամատն,
Տմարդ հղփացած, բազմավրեպ հանճար։
Եվ նրա մասին, իբրև ինքնադատ կորստականի,
Զանազան խոսք ու զրույցների մեջ
Արտահայտված է իրար հակընդդեմ
Երկու զգացում՝ և՛ ձաղանք, և՛ ողբ,
Ե՛վ մեծ պարսավանք, և՛ փոքր գովեստ,
Երգիծանք, խառնված ափսոսանքի հետ.
Իր գրվածքներով ամեն հասակի
Բարգավաճության թելադիր է նա,
Իսկ իր խոտորմամբ միշտ պատճառել է
բոլոր շուրթերին
Ողորմագին ու թախծալի թառանչ։

Գ
Զարմանում եմ ու վհատվում՝ ապշած
տարակուսանքով.
Քանզի եթե նա այնքան սայթաքեց,
Հապա ի՞նչ պիտի պատահի ինձ հետ.
Բարձրացածն ինչպե՞ս ընկավ վայրապար,
Ամուր հաստատվածն ինչպե՞ս սասանվեց,
Ինչպե՞ս կործանվեց կանգնածն անհողդողդ,
Ճանաչվածն ինչպե՞ս հանկարծ խորթացավ,
Ընտրյալ զավակը ինչպե՞ս մոլարվեց,
Մերձավորն ինչպե՞ս թողեց հեռացավ,
Ճաճանչափայլը ինչպե՞ս մթագնեց,
Ազատվածն ինչպե՜ս տրվեց պատանդի,
Ուսուցիչն ինչպե՞ս անօրինացավ,
Հռչակվածն ինչպե՞ս վայելչազրկվեց,
Ինչպե՞ս անարգվեց փառավորն հանկարծ,
Ինչպե՞ս փոքրացավ մեծատունը պերճ,
Բարեպաշտն ինչպե՞ս ամբարշտացավ,
Ընտրողը ինչպե՞ս ամբարհավաճեց,
Կատարելությունն ինչպե՞ս սնացավ,
Ինչպե՞ս խզեց ուխտն իր՝ բարձրյալի հետ,
Ամաչում եմ ես ասել՝ մինչևիսկ
Դժոխապետի հետ մտերմացավ։
Ի՞նչ գործ ուներ նա այդ կուռքերի հետ,
Որտեղի՞ց էր սերն այն պատկերների,
Ինչո՞ւ համակվեց կեղծ պաշտամունքով,
Ինչպե՞ս չհիշեց գոնե Սամվելի
Հանդիմանանքը, ուղղված Սավուղին.
«Հմայությունը մեղք է, — ասում է,—
Մարդակերպ կուռքը բերում է միայն
ցավ ու նեղություն»։
Ինչպե՞ս չհիշեց, կշտամբանքն իր հոր.
«Հեթանոսների կուռքերը բոլոր
Դևեր են անշունչ, և նրանց նման
Կլինեն նաև պաշտողներն իրենց»։
Դեռևս Մովսէսն է այդպիսիներին
Կանխապես ձաղել ու ամբաստանել սաստիկ՝ ասելով.
«Առաջնորդում էր նրանց տերը լոկ,
Չկար նրանց հետ օտար մի աստված,
Որ հայրերն իրենց չէին ճանաչում»։
Ո՞ւր է Փագովրի մահաբեր արձանն
այլանդակատես.
Ո՞ւր՝ սիդոնացոց տգեղ անպարկեշտ
Էգի ձուլածոն ամենանզով,
Ո՞ւր է կանացի կերպով զազրատես
Խայտառակությունն այն անգրելի,
Որին անձնատուր՝ պիղծ պաշտամունքի
Մարգարեները անաստվածաբար
Եվ անասնական մոլագարությամբ,
Բոլորն անխտիր, ձոն էին անում՝
Հանուն չարության անժուժկալ դևի։
Կինը, որ որսաց դեռ նախահորն ու
մատնեց կորստյան,
Տարավ և սրա բարեբաստության երաշխիքը ողջ.
Փառամոլությունն հաղթեց գերապանծ
իր իմաստության,
Գոռոզությունը գերեց լիովին,
Հեշտասիրությունն հիմարացրեց,
Իշխեց արծաթը ստրկացնող,
Կործանարարի զենքը վաղեմի
Հոգով սպանեց տոնելի մարդուն
Եվ նրան Աստծո գրկից հանելով՝
Ստամբակի պիղծ ոտքի տակ նետեց,
Մեղկությունը ցոփ մեռցրեց նրան,
Պղերգությունը ընդարմացրեց,
Շվայտությունը արբեցրեց իսպառ։
Ո՜վ դյուրապատիր մարմին երկրածին,
Ի՞նչ ողբ ու կոծով ավաղեմ ես քեզ
Քանզի հատուկ է հակասությունն այս
Ոչ միայն նրան, այլև շատերին.
Որոնք սխալվում և խոտորվում են ինքնակամորեն։
Այս օրինակով պետք է հասկանալ,
Որ ընդունայն է պարծենալն, անմիտ՝
Երկրավոր խելքով և իմաստությամբ,
Եթե Աստծո դատելով դրանք ընտիր չդիտվեն.
Ըստ այսմ, եթե մեկը մինչևիսկ հիմար էլ լինի,
Բայց հույսը դնի Աստծո վրա,
Նա զերծ կմնա այն չարիքներից,
Որոնց Սողոմոնն այդպես ենթարկվեց։

Դ
Սողոմոնն ունի իր դարձի մասին
Հույժ քստմնելի և ինքնապարսավ
Կշտամբանքներով հիշատակարան,
Որպես մի մարդ, որ ինքնասիրության
Աշխարհն համորեն մեռցրել է իր մեջ։
Եթե մեկն ուզի տեղեկություններ
առնել այդ մասին,
Ապա կգտնի «Ունայնությունք»-ում
Ու մատյաններում քահանաների
Կամ սիլոնացի Աքիայի գրքում։
Սրա մեջ ողբով իր տառապալից
Կյանքի ընթացքն է պատկերում այսպես.
Անօգուտ ջանքեր, իզուր աշխատանք,
Հետամտումներ անմիտ, անհեթեթ,
Գործեր ապարդյուն, անշահ արշավանք,
միտումներ խոտոր,
Ոչնչության խենթ հորձանապտույտ,
Նախատելի բերք, վարկածներ անճիշտ,
Սերմեր սնոտի, անկայուն վաստակ,
Խոտելի տաժանք, ավազափուլ շենք,
Ինքնամարտ կռիվ, իր հոգու դեմ դատ,
Զրաջան քրտինք, վնասակար իղձ,
Ճանապարհներ ծուռ ու կորստաբեր,
Կրթություն-ուսում կործանարար ու մոլորապատիր,
Մշտասխալ ու թյուր տեսողություն,
Հայրատահայաց աչքերի պչրանք,
Պոռնկակերտ տեսք, ախտաբորբոք նյութ,
Դժնատեսիլ գույն, բազմատխուր գեղ,
Թանձրակուտակ ծուխ, ցնդելի շոգի,
Ավարառության ենթակա վաճառք, քանդվող
տաղավար,
Անտեղի գոչյուն, ծիծաղ անառիթ,
Արհամարհելի անձուկ ասպարեզ,
Ինքնավաճառ գիր, մահացու ընթացք,
Անաստված մտքեր, ճառեր ստահոդ,
Վրդովիչ զրույց, դատարկ խծբծանք, անմիտ
փնտրտուք,
Ցուցադրումներ ամոթանքների,
Խայտառակության բացահայտություն,
գալիք անարգանք,
Ցավալի գործեր, անարգ պատմություն,
հեղգության տիպար,
Ծածուկ խորխորատ, որս խավարային,
Մահագուշակ վիհ, անհատակ անդունդ,
Ոճրագործների ընկերակցություն, հիմար բարբաջանք,
Վայր՝ դարանակալ դավադիրների,
Խարխուլ օթևան, խախտված շինություն,
սասանված կամուրջ,
Փութանցիկ տեսիլ, խաբող շողոքորթ,
տմարդի մատնիչ,
Ընդդեմ բարձրյալի հակառակություն։
Խոստովանական խոսքերի բոլոր
Մասերն այս որպես կանոնադրություն
Ամենքի սրտում, որոնք զղջումով դարձի են գալիս,
Ժողովողն ինքը նախասերմանեց,
Որ չպարծենա ոչ ոք մարդկանցից
Եվ բամբասանքի նետերով զինված՝
Խոցոտի իրեն ու իր ընկերոջ.
Կռապաշտ է նա, ով ծածկված քողով՝
Ձևացնում է իրեն բարեպաշտ,
Բայց կատարում է արարչի համար անախորժ գործեր։

Ե
Նա, որ ո՛չ այնքան մեղանչեց, որքան զղջաց
դառնորեն,
Թող որ լիովին չպախարակվի, այլ հիշվի սիրով՝
Իբրև հիմք նրանց հուսադրության,
Որոնք տերունի ոտքին դիմեցին,
Երբ աստվածությամբ անբաժանելի
Նա այցելության իջավ իր Հոգով՝
Այնտեղ ճշմարտի դավանողներին կենագործելու,
Որի մասին ն մեռածներն ահա
Կենդանիներիս ավետիս բերին։
Ես՝ հանցապարտս, որ իմաստությունն իր
չունենալով՝
Մասնակից եղա, սակայն, մեղքերին,
Նրա հետ մեկտեղ աղոթում եմ արդ
Ու բարեբանված մեծիդ պաղատում.
Լցրո՛ւ, տոգորի՛ր քերթվածքն իմ համեստ
Այն երջանիկի հանճարեղությամբ.
Թախանձանքներն իմ թող միահյուսվեն
Այն վսեմափառ արքայի թշվառ
Ու ողբահառաչ աղերսանքներին.
Խնդրանքները այս անտես մի՛ արա,
Ընդունի՛ր՝ իբրև բարձրյալիդ ընտրյալ
վեհ արքայորդուց,
Որին միածնիդ օրինակեցիր,
Ի դեմս որի, արյունակցությամբ,
Մեծիդ փառակցին մենք ճաշակեցինք։
Փրկի՛ր ծառայիդ, ամենահնա՜ր, զորեղ,
ահավոր,
Եվ անքավելի մեղքերի ջնջմամբ
Ավելացրո՛ւ փառքն ստեղծողիդ։
Հիշելով բարի խրատները իր՝
Ներվածների հետ նորոգի՛ր նրան,
Որն ամենահամ ախորժաճաշակ
Եվ բազմապաճույճ առակագրությամբ,
Իր մատյաններով լուսազարդ ու ճոխ
Աստվածությունդ միայն քարոզեց
Եվ ժողովրդին ցույց տվեց, ո՜վ հայր,
Խոստովանությամբ քեզ մոտենալու բարի ճանապարհ։
Սա վկայում է, որ նա հեռու չէր
ողորմությունից,
Եթե ըղձեռանդ իր սրտում հանկարծ
Հուսահատություն կաթած չլիներ,
Որը և զղջման աճապարանքը քիչ կասեցրեց։

Զ
Հիշելով անճառ բարիքները քո՝
Գթասրտությամբ ողջունի՛ր դարձյալ
Եվ երանությանդ արժանացրո՛ւ
Դարերից ի վեր ամբաստանության
Քարաձգությամբ բազմակոշկոճին,
Որն արցունքներով հորդ ու բազմաբուխ
Խրախճանական իր ապարանքի հատակն հեղեղեց
Եվ դառնակսկիծ ապաշավներով
Ու ողորմագին հեծությամբ հոգու
Գերազանցեց հոր տառապանքներին։
Արտասուքներն այդ իր, ներողությամբ
քո երկայնամիտ,
Խառնի՛ր, միացրո՛ւ, գթա՜ծ, միածնիդ
արցունքների հետ,
Որն ընդունելով բնությունը մեր՝
Կրեց նաև մեր վշտերը բոլոր.
Բարեբանությունը այն սաղմոսի,
Որ թեպետ անդեպ, անճշտորեն է նրանն համարվում,
Վճռելով ի փառս էակից որդուդ՝
Փրկի՛ր և նրան բարեգթությամբ
Աղքատ ու տնանկ ժողովրդի հետ։
Պուետիկոս մի առատաշնորհ
Լիովին վարձք էր համարում իրեն
Սողոմոնի հետ ու նրա համար, իբրև կենդանու,
Զուգաձայնությամբ աղերսել առ քեզ,
Որն հաջորդ խոսքով կպարզաբանվի։
Քանի որ նրա ստեղծագործած՝
Օստացի Հոբի պատմությունը հենց,
Զարմանահրաշ, մարգարեաճառ,
Ուր աստվածությունն է ջատագովվում,
Վկա է ինքնին, որ Սողոմոնը
Արժանացել է ողորմածության.
Ուրեմն ավելի անպարսավելի
Կլինի նրա համար աղոթել, քան չարախոսել։

Է
Ուստի ես էլ եմ աղերսում ահա
մեծ վստահությամբ՝
Նրա պես ողբիս աղաղակները քեզ ընծայելով,
Եթե դատելով ըստ մեր գործերի՝
Կորցնես մեզ, փառքդ չի խամրի բնավ,
Քանի որ արդար վարված կլինես,
Բայց եթե գտնես, կբարձրանաս, տե՜ր,
Որքան վայել է լոկ քո մեծության,
Զի դու ավելի ողորմությամբ ես օրհնաբանելի,
Քան թե սաստկությամբ նախահրաման։
Դարձի՛ր, տե՜ր, դարձի՛ր քո խնամարկու
Քաղցր գթությամբ ու ամենառատ
Սիրուդ պարգևով մխիթարի՛ր մեզ,
Որ համանման անբժշկելի
Վիշտ ու տագնապի տապով տոչորված՝
տրտմել ենք հավետ.
Փրկարար ձեռքդ դնելով՝ կրկին
Նորոգի՛ր, քավի՛ր ու պատսպարի՛ր
Խորտակումներից այս մեղսակործան։
Սկզբիդ միակ և անսկզբիդ,
Հետի սկզբիդ և սկիզբների սկզբնավորիդ,
Սուրբ Երրորդությանդ՝ մեկ աստվածությամբ
Իշխանությո՜ւն, փա՜ռք հավիտյաններից
հավիտյանս, ամեն։

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, մի տիրեսցեն անաւրէնութիւնք`
Քում պատկերիս կայսերականի արքայութեանդ վերնում,
Աստուած բոլորից լուսոյ,
Մի կապտեսցէ գոռոզն ապստամբ զզարդ փչմանդ շնորհի
Ի քո ստեղծեալս կերպէ,
Մի թագաւորեսցէ մեղքն խափանեալ` մարմնոյս մահացուի`
Առ ի գրաւել զիս ի նոյն:
Չիք իմ թագաւոր առ իշխել շնչոյս, բաց ի քէն, Քրիստոս,
Որ անբռնադատ հնազանդեցուցանես լծոյն քաղցրութեան,
Որ բառնաս զկարիս մեղաց ամենակարդ բանիւ,
Որ արեամբդ քո ստացար եւ մարմնովդ կերակրեցեր,
Որ կարգեալ սահմանեցեր ուխտ կենաց անփոխադրելի,
Որ յոգի քո կնքեալ կցորդ քեզ գրելով`
Հաւր քում մատուցեր ժառանգակցապէս,
Որ յանուն զենման միշտ յիշատակաւ քո չարչարանաց`
Առ նոյն բարերար աղաւթել համարձակեցեր,
Ստեղծիչ ամենից եւ կեանք:
Դու ես Աստուած ամենայն հոգւոց,
Որ մեծացուցեր զայս տուրս շնորհաց, քան զամենայն գործոց քոց զհրաշս,
Ոչ զերկինս իւրովքն զարդուք եւ հրեշտակացն պայծառութեամբք,
Ոչ զերկիրս եւ զմարդկութիւնս եւ որ առ նոսա են զարմանութիւնք,
Ոչ զսահման լայնութեան ծովու եւ որ ի նմա են եղելութիւնք,
Ոչ զանդունդս աղխիւքն հանդերձ եւ որ ի նմա են անբաւութիւնք,-
Ոչ բարձրացար յաւրինմամբ այսքանեաւք վեհիւք, որչափ առ իմս կարեկցութիւն,
Յասելն քո, սուրբ մարգարէիւն, քաղցրութեանց յուսոյ բարութիւն.
Ո՞վ է Աստուած իբրեւ զիս կարող`
Թողուլ միշտ զմեղս եւ ջնջել զանաւրէնութիւնս:
Ահա արդ խնկեալ են բանք քո, ողորմած, եւ խոստովանեալ` բարերարութիւնք,
Փառաւորեալ` խորք խորհրդոցդ, եւ երկրպագեալ` զեղմունք շնորհացդ:
Բ
Արդարեւ, ոչ ոք բաւէ յէիցս թարգմանել խաւսիւք նիւթական լեզուի
Ի մասանց այտի քումդ գթութեանց, զոր առ իս ցուցեր, յաւրինիչ,
Քանզի եւ մեծ իսկ է զաւրութիւն զհնացեալն անդրէն նորոգել`
Ըստ առաջնումն պայծառութեան, քան յանգոյից ստեղծագործել:
Եւ զի ոչ է քո տկարութիւն, որ զաւրութիւնդ ես ամենայնի,
Առ որ բան քո միայն ազդեալ` զլրութիւն գործոցն գլխաւորէ,
Ահա յարիցես փառաւոր լինել, բարեգործ,
Ի ստացուածս այս կրկին անյուսալի փրկութեանս,
Զի իրաւամբք ուխտի բարձրասցի, հաստատուն եղեալ մեծապէս,
Աւրհնաբան աւետեաց քոց ձայն` ի քաւելոյդ շնորհ ծանուցեալ,
Ողորմութեան լուսովդ ուղերձեալ,
Քան ի ճանապարհ ստեղծանելոյն:
Զի առ մինն արարիչ միայն ճանաչիս,
Իսկ առ միւսն առաջնով կոչմամբն` եւ երախտաւոր,
Ընդ կերպացուցելոյն` եւ քաւիչ,
Ընդ նորոգելոյն` եւ բարերար,
Ընդ հաստելոյն` եւ ողորմած,
Ընդ կազմելոյն` եւ հնարաւոր,
Ընդ յաւրինելոյն` եւ հեզ,
Ընդ նկարագրելոյն` ամենազաւր,
Ընդ առաջնորդելոյն` եւ լոյս,
Ընդ տածելոյն` հովիւ,
Ընդ դարմանելոյն` խնամիչ,
Ընդ ողջ պահելոյն` բժիշկ,
Ընդ ձեռնկալութեանն` զաւրավար,
Ընդ անպարտութեանն` թագաւոր,
Ընդ արարչութեանն` քաղցր,
Ընդ ամենատուր պարգեւացն` առատ,
Ընդ միշտ անսալոյն` ներող,
Ընդ ոչ բարկանալոյն` անոխակալ,
Ընդ կարեացս վշտակցելոյ` ծածկագէտ,
Ընդ յանձանձելոյ գթոցն` ապաւէն,
Ընդ գերունակ գորովոյն` Աստուած,
Ընդ անսպառ բարութեանն` աւրհնեալ յամենայնի:
Գ
Արդ, որպէս ստեղծեր, մինչ ոչն իսկ էի,
Եւ ծանուցար ինձ գոյացուցիչ,
Եւ այժմ զհոգի մաղթողիս մարմնոյս տաղաւարաւ
Յարդարեա անդրէն վերստին յանարատութիւն
Մաքուր սրբութեան նախնի լինելութեանն,
Զի բազմասցի, առաւել աճեցուն եղեալ, յաճախ տուչութիւն
Անսահմանելի քոյդ սքանչելեաց նորոգ ներկայիս,
Քան զանցելոց հնոցն ստուերականաց:
Եւ ընդ ճառելոյս զթիւս մեղացս,
Որքան մտացս թեւս ընթանայ զանբերելիսն յիշատակել,
Արդարացայց յանուն քո, հզաւր:
Եւ ի պատմելս ինձէն զանձին իմոյ բիծ,
Եւ դու թողցես զամբարշտութիւն բազում մեղանաց խոստովանելոյս,
Հզաւր, ծածկատես, ամենափրկիչ,
Զի մի ծայրագոյն լրութեամբ աւետեացս
Դարձեալ նախնումն կարաւտացայց`
Երանելով սաղմոսիւն զշնորհաւք փրկեալսն մկրտութեամբն:
Եւ փշովք մեղաց յոգի խոցոտեալ`
Ձեռն քո մխեսցի յիս առաւելապէս այժմէն վերստին`
Ծանրս առնելով զբեռն պարտեացս, քան զքաղցրութիւն պարգեւացդ:
Այլ ազատեա զիս աւրհնաբանեալ Հոգւովդ Սրբով,
Աղաչեմ զքեզ, Տէր ամենայնի, յաւրինաց մեղացն եւ մահու:
Քաւ լիցի, թէ անկցի ընդ տկարութեամբ սահմանաւ
Ճշմարտութեանդ ծագումն` իբրեւ զԳրոյն աւրինակ,
Քանզի ուր քաւութիւն է թագաւորեալ, վտարեալ են մեղք,
Եւ ի խրախոյս կենդանի բանիդ` ոչ է յուսահատութիւն,
Եւ ամբարձեալ քոյոցդ շնորհաց` հալածեալ են պարտիք,
Եւ մերձ գոլով ձեռինդ Աստուծոյ` ոչ գոյ անհնարութիւն,
Այլ ամենեւին լուսաւորութիւն, բովանդակապէս զաւրութիւն,
Անպարտելի կարողութիւն:
Քո է փրկութիւն, կենդանութիւն,
Նորոգութիւն, ողորմութիւն, միանգամայն եւ քաղցրութիւն,
Արքայութիւն, անեղծութիւն եւ փառք յաւիտեանս:
Ամէն: 

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Անօրենություն թող որ չտիրի
Մեծիդ երկնային թագավորության
Կայսերական իմ պատկերին, Աստվա՜ծ,
ո՜վ լույս բոլորի.
Թող չկողոպտի գոռոզն ապստամբ
Շնորհիդ զարդն իմ կերպարանքից,
որ դու ստեղծեցիր.
Մահացու մարմնիս չթագավորի մեղքը խափանված՝
Գրավելով ինձ իր ծուղակի մեջ։
Քեզանից բացի չունեմ, Քրիստո՜ս,
Իմ շնչին իշխող մի այլ թագավոր,
Դու ես միմիայն, որ անբռնադատ
Հնազանդում ես ինձ քաղցր լծիդ,
Ամենակարող խոսքովդ ցրում կրքերս հանցապարտ.
Որ ստացար ինձ քո արյամբ, մարմնովդ կերակրեցիր
Եվ սահմանեցիր կյանքի հաստատուն
ու անխափան ուխտ.
Հոգովդ ինձ կնքած՝ քեզ կցորդելով՝
Հանձնեցիր հորդ ժառանգակցապես.
Որ հիշատակով չարչարանքներիդ
Եվ մշտամատույց զոհիդ անունով՝
Համարձակություն ավիր աղոթել նույն բարերարին,
Ո՜վ ամենայնի ստեղծիչ ու կյանք։
Ողջ հոգիների Աստվածն ես դու, որ
Շնորհատրումն այս շատ ավելի մեծ համարեցիր,
Քան հրաշափառ գործերդ բոլոր.
Ո՛չ երկինքը իր վարդերով համայն
Եվ պայծառությամբ հրեշտակների,
Ո՛չ երկիրն ամբողջ մարդկությամբ հանդերձ
Եվ զարմանասքանչ գործերով սրանց,
Ո՛չ անծայրածիր ծովն իր բովանդակ արարածներով,
Ո՛չ անդունդները՝ խորքերում փակված
ողջ անբավությամբ,—
Այո՜, ոչ այնքան այս բոլորի վեհ
Արարչությամբ էր, որ դու բարձրացար,
Որքան իմ հանդեպ գութ ու կարեկցանք
ցուցաբերելով,
Երբ մարգարեի բերնով ասացիր,
Քաղցր հույսերի բարեշնո՜րհ տեր.
«Ո՞վ կա ինձ նման մի աստված, որ միշտ
Կարող է ներել մեղքերը մարդկանց
Եվ ջնջել ամեն անօրենություն»։
Խնկյալ են ահա խոսքերդ, ողորմա՜ծ,
Եվ խոստովանված՝ բարությունը քո,
Փառավորված են խորհուրդներդ խորին,
Եվ երկրպագված՝ շնորհներդ զեղուն։

Բ
Արդարև, ոչ ոք արարածներից
Նյութական լեզվով չի կարող մեկնել
Չնչին մի մասնիկն իսկ քո գթության,
Որ իմ նկատմամբ ցուցաբերեցիր.
Քանզի, իսկապես, ավելի մեծ է զորությունը այն,
Որ հնացածն է կրկին նորոգում,
Ըստ առաջնային իր պայծառության.
Քան ստեղծողը անգոյությունից։
Արդ, քանզի չունես դու տկարություն
Եվ զորություն ես ըստ ամենայնի,
Որիդ մի խոսքն իսկ բավական է, որ
Ամեն գործ հասնի կատարյալ լրման,—
Հառնի՛ր, ուրեմն, հառնի՛ր, բարեգո՜րծ,
Փառավորվելու իմ անհուսալի փրկագործությամբ,
Որպեսզի ուխտիդ հավաստմամբ, իրոք,
Հաստատվի ձայնը քո օրհնաբանված ու ավետավոր,
Բարեհռչակված առավելապես
Քավության շնորհ ցուցաբերելով
Եվ ուղերձելով ողորմության լույս, քան արարչությամբ։
Ջի եթե մեկով ստեղծիչ ես դու
միայն ճանաչվում.
Ապա մյուսով՝ նախորդ կոչման հետ՝ և երախտավոր.
Ոչ միայն կերտող, այլ նաև քավիչ,
Բարերարման հետ՝ նաև նորոգող,
Ոչ միայն հաստող, այլև ողորմած,
Կազմելու հետ՝ և ամենահնար,
Հորինելու հետ՝ և հեզաբարո,
Կերպավորման հետ՝ և ամենազոր,
Առաջնորդությամբ հանդերձ՝ նաև լույս,
Խնամարկության հետ՝ նաև հովիվ,
Ոչ միայն բժիշկ, այլև հոգածու,
Ձեռնկալությամբ հանդերձ՝ զորավար,
Անպարտության հետ՝ նաև թագավոր,
Արարչության հետ՝ և բարեհամբույր,
Ամենաշնորհ պարգևմամբ հանդերձ՝ և առատաբուխ,
Ոչ միայն լսող, այլև բարեմիտ,
Չբարկանալու հետ՝ անոխակալ,
Կարեկցության ու վշտակցության հետ՝
նաև ծածկագետ,
Ոչ միայն գթած ու խնամարկու, այլև ապավեն,
Անճառ գորովով հանդերձ՝ և Աստված,
Անհատ բարությամբ հանդերձ՝ և օրհնյալ
ըստ ամենայնի։

Գ
Չկայի բնավ, ինքդ ստեղծեցիր
Եվ ճանաչվեցիր ինձ գոյացուցիչ,
Այժմ էլ, ուրեմն, հարդարի՛ր նորեն
Հոգին մաղթողիս, տաղավար մարմնով,
Գոյացության իր նախնական մաքուր
Ու ամենասուրբ անարատությամբ,
Որպեսզի, գթա՜ծ, նորոգ ներկայիս՝
Քո հրաշքների անսահմանելի պարգևները ճոխ
Աճեն բազմանան ավելի պայծառ,
Քան ստվերական հներն անցյալի։
Երբ որ թվարկեմ հանցանքներս անբավ,
Որքան որ զորեն թևերը մտքիս,
Թող արդարանամ հանուն քո, հզո՜ր.
Անձիս բծերը ինքնակամորեն
Պատմելու համար՝ խոստովանողիս
Ների՛ր ամբարիշտ մեղքերը բազում,
Հզո՜ր, ծածկատես, ամենափրկիչ,
Որ չլինի՛ թե ավետումների
Այս բաղմազեղուն առատության մեջ
Հնին կարոտեմ՝ երանի տալով,
Սաղմոսի խոսքի համաձայն, նրանց,
Որ մկրտությամբ գտան փրկություն։
Այժմ, երբ հոգիս խոցոտված է խոր
մեղքի փշերով,
Դու էլ վերստին ձեռքդ ուժգնորեն մի՛ մխիր իմ մեջ՝
Ավելի ևս ծանրացնելով բեռը պարտքերիս,
Քան քաղցրությունն է շնորհների քո.
Աղաչում եմ քեզ, տե՜ր ամենայնի,
Ազատի՛ր, փրկի՛ր օրհնյալ սուրբ Հոգովդ
Մեղքի ու մահվան այս օրենքից ինձ։
Քա՜վ լիցի, լույսը քո ճշմարտության
Չի տկարանա հին օրենքի պես;
Զի ուր քավությունն է թագավորում,
մեղքն է վտարված.
Խրախույսներով կենարար խոսքիդ
Ցնդում է ամեն հուսահատության,
Որտեղ հասնում են շնորհները քո,
պարտքն է հալածված,
Աստծուդ ձեռքի մերձավորությամբ
Չի կարող լինել անհնարություն,
Այլ ամենասփյուռ լուսավորություն, զորություն համակ
Եվ կարողություն, ուժ անպարտելի։
Քոնն են փրկություն ու կենդանություն,
Նորոգություն և ողորմածություն,
Այլև քաղցրություն, միաժամանակ,
Արքայություն և անեղծություն, փա՜ռք
հավիտյանս, ամեն։

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա
Այլ արդ, քանզի որպէս ոչ է առանց Քրիստոսի Աստուծոյ ոգւոց փրկութիւն,
Եւ ոչ առանց տեսման աչաց` առ լոյս զուարճութիւն,
Եւ կամ առանց արուսեկին նշուլից` արեւու երբէք քաղցրութիւն,
Այսպէս եւ ոչ առանց խոստովանութեան ծածկութից
Եւ ստգտանաց անձին` քաւութիւն:
Զի զի՞նչ աւգուտ է քեզ մաքրութիւնդ,
Եթէ ընդ փարիսեցւոյն դատեսցիս,
Եւ կամ զի՞նչ վնասեսցեն զիս պարտիքս,
Եթէ ընդ մաքսաւորին գովեցայց,
Եւ կամ ո՞ւր ասի պարսաւեալ մարգարէն Յովէլ`
Երիցս կրկնելով զանձինն եղկութիւն,
Եւ կամ զի՞ գուցէ սրբոյն դատաստան`
Առ ի յիշատակ աւուրն մեծի,
Եւ կամ ի՞բր արդեաւք անմաքուր իմասցի շրթամբք Եսայի`
Հեռին ի գործոց տանն Իսրայելի,
Եւ զիա՞րդ Աստուած պարտաւոր պաշտի ադամեան մարմնովն`
Իմոյս կարեկցեալ յանցաւորապէս առ Հայր աղաւթել,
Եւ կամ յո՞րս թարգմանի առած առակին,
Թէ` Սիրտ իմաստնոյն` ի տան սգոյ,
Եւ սիրտ անմտին` ի տան ուրախութեան:
Զի որ զսխալելն Ադամայ անձին իւրում ոչ գրեսցէ
Եւ զմեղս ամենից ինքեան ոչ համարեսցի,
Իբր երջանիկն արքայից` զհարցն,-
Կորոյս զիւրն արդարութիւն`
Որպէս անախտակիր գոլ բնութեանս,
Եւ ոչ բերկրի սիրտ առ զուարթութիւն երեսաց
Աւետեաւք յուսոյն, ըստ ասացելոյն,
Եթէ ոչ յառաքելոյն Քրիստոսի ուսեալ`
Ամենայնիւ ահա ըստ Աստուծոյ տրտմեսցի:

Բ
Արդ, ըղձալի է ինձ յաւէտ աստանաւր,
Խրատն հին` նորոգ ընկալեալ հոգեւոր հանճարեղին,
Զոր Տէրն իսկ երկրորդեաց,
Երթալ նստել ոչ յառաջին բարձին հպարտից
Ընդ ամբարշտացն նանրախորհուրդ ժողովելոց,
Ուստի Դաւիթ եւ Երեմիա,
Ուխտիւ կանոնի սահման հաստատեալ, հրաժարեցուցին,-
Այլ ընդ զղջացեալսն սրտիւ, պատկառեալսն մեղաւք
Եւ ի դատաստանաց մեծին պակուցեալ ահիւ հատուցմանն`
Յետնոցն հաւասարեալ աստէն ի յերկրի կամաւ խոնարհութեան,
Ուստի բարձրեալն Աստուած պարարեալ բերկրի,
Որով ընդ նախադասեալսն ի բազմականսն երանութեան
Համարձակեցայց թէ ես եւ թէ նա` հետեւեալ սովիմբ:
Առ որ զերծեալ ի բամբասանաց բանի մարգարէին,
Որ ի վէսս ոմանս ակնարկի.
Մի յիս, ասէ, մերձենար. մաքուր եմ, եւ ո՞վ զիս տեսանիցէ,-
Այլ զանկշիռն խոնարհութիւն երջանկին Դաւթի ինձ նպաստ առեալ`
Ասել ընդ նմին. Ես իբր զանասուն համարեցայ`
Հերքեալ ի զգայութենէ, եւ հասին չարիք ինձ շուրջանակի,
Եւ նեխեցան եւ փտեցան վէրք իմ ի յանզգամիս անբժշկութիւն:
Եւ զայլոց ոմանց ընտրելոց ի յԱսորեստանի`
Զկամաւորն կշտամբութիւն մեղապարտութեան անձանցն անարատից,
Ընդ որս եւ զԵզրի մեծի քահանայի զասելն ես ինձէն առեալ բարբառիմ,
Թէ` Եւ ոչ զերեսս բաւական իցեմ համբառնալ ի վեր առ քեզ Աստուած:

Գ
Արդ, ես` ճշգրիտ պատկեր ամենայն երկրի,
Զիմս խառնեալ ընդ նոցին պարտիս
Եւ ի նոցայոցն զառ իս դառնութիւն կրկին առաւելեալ,
Նոքաւք հեծեծեցից,
Թէպէտ եւ չէ ինչ պիտոյ գարշութեան գունոյ
Դարձեալ տգեղութիւն:
Ահա արդ մեղայ,
Զի անմտութեամբ գործեցի զոչ հաճոյսն քո`
Բազմաւք սխալեալ յանցաւորութեամբք:
Նայեա յիս, գթած,
Որպէս երբեմն յուրացութեանն ըմբռնեալ Պետրոս,
Զի յոյժ ունայնացայ:
Լուսաւորեա ինձ զողորմութեանդ քո ճառագայթ,
Ամենեւին բարերարութիւն,
Զի ընկալեալ զաւրհնութիւն քո, Տէր,
Արդարացայց, կեցից եւ մաքուր եղէց
Յանստեղծիցն քո` իմոց լլկողաց:
Չունիմ համարձակութիւն
Զմեղապարտ ձեռինս հաստուած առ քեզ տարածանել,
Մինչեւ մատուսցես զաւրհնեալդ քո զաջ`
Ի նորոգութիւն դատապարտելոյս:
Արդ, յաղթեա վերստին իմում յամառութեան քոյին հեզութեամբդ`
Առ իս ժամանեալ մարդասիրապէս,
Եւ զամենայնն յամենայնի ամենայնիւ քո կարողութեամբդ
Զառաջին չարիսն, միջնովքն եւ վերջնականաւքն, թող ինձ,
Հնարաւոր անհասից Քրիստոս թագաւոր լուսոյն արդարոց:

Դ
Չեմ արժանի յիշել զանուն քո աւրհնեալ,
Զի վնասակար եմ բարեգործիդ մահու հարուածոց`
Առ կնիքն, առ շնորհն, առ փչումն,
Առ պարգեւն, առ աւանդն, առ ձիրն,
Առ անունն, առ որդեգրութիւնն, առ պատիւն արքայական,
Առ պատկերն, առ դրոշմն, առ աւծումն,
Առ ճոխութիւնն, առ համարձակութիւնն, առ ընտանութիւնն,
Առ կեանսն, առ լոյսն, առ երանութիւնն,
Առ յոյսն, առ փառսն, առ անխոնարհելի բարձրութիւնն,
Առ պսակն անկապտելի, առ խոստմունս ծածկեցելոցն,
Որ քեւ, Տէր Քրիստոս, բազմաւք աւետարանեցաւ
Ինձ` յամառելոյս իժիս եւ քարբիս,
Ունկնախից եւ լսելափակ անլուր ականջացս,
Որ միշտ յառաւելութեան քումդ բարութեան,
Յոգնապատիկ յաւէտ քան զսոյն չարիքն իմ յաճախեալ`
Իսպառ կործանեցին, մերժեալ ի կենաց` ընդ մահ կապեցին`
Ծառայ կարգեալ ապականութեան:

Ե

Եւ արդ, դու միայն իրաւակշիռ եւ ճշմարտադատ բարերար,
Աւրհնեալդ ի գթութեան, մեղայ քեզ, անաւրինեցայ, անիրաւեցայ,
Վասն որոյ եւ եղծայ, զեղծայ, յանցեայ, ամբարշտեցայ
Եւ ոչ լուայ խոստովանեալ եւ երկրպագեալ գովեալ քո բանիդ:
Որ դու իսկ երեւեցար անճառելեաւ քո սիրովդ,
Զոր գրելն իսկ մեծ է, եւ նշանակելն` սարսափելի,
Քեզ արդարութիւն եւ փառք եւ մշտնջենաւոր գովութիւն,
Եւ ինձ` պատկառեցելոյս ի քէն, խնամակալ,
Քաւութիւն եւ ողորմութիւն եւ բժշկութիւն,
Աւգնութիւն եւ պահպանութիւն սրտի եւ ոգւոյ,
Բարեբանեալդ յամենայնի յաւիտեանս:
Ամէն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ

Ա
Ինչպես որ առանց Քրիստոս Աստծո
Չի կարող լինել հոգու փրկություն,
Եվ ոչ էլ առանց աչքի տեսության՝ լույսի զվարճանք,
Ոչ էլ արևի քաղցրություն՝ առանց արևածագի,
Այնպես էլ առանց ծածկությունների խոստովանության
Եվ ինքնաձաղկման՝ չկա քավություն։
Զի ի՞նչ օգուտ քեզ մաքրությունից քո,
Երբ պիտի դատվես փարիսեցու հետ.
Կամ ինձ ի՞նչ վնաս իմ հանցանքներից,
Եթե ես պիտի մաքսավորի հետ գովեստ ստանամ.
Որտե՞ղ և ինչո՞ւ պիտի պարսավվի Հովել մարգարեն՝
Երիցս կրկնելով եղկությունն անձի.
Կամ մեղադրվել կարո՞ղ է մի սուրբ՝
Մեծագույն օրը հիշելու հասար.
Եսային ինչո՞ւ պիտի ճանաչվի փոքր-ինչ պղծաշուրթ,
Երբ հեռու մնաց Իսրայելի տան բոլոր գործերից.
Կամ Հիսուսն ինչպե՞ս ադամյան մարմնով
հաշվվի մեղավոր՝
Ինձ կարեկցելուց՝ հանցավորապես
Իր հորն աղոթած լինելու համար.
Կամ ինչպե՞ս մեկնել միտքն այս առածի՝
«Սիրտն իմաստունի սգատան մեջ է,
Իսկ սիրտն անմտի՝ ուրախության տան»։
Նա, որ Ադամի սխալն իր անձին
չի վերագրում,
Մեղքերն համայնի չի հաշվում իրեն,
Ինչպես երջանիկն այն արքաներից,
Որը իրենն էր համարում նաև
Ողջ հանցանքներն ու մեղքերն հայրերի,
Մեղանչած կլինի արդարության դեմ,
Ինչպես մեկը, որ անախտակիր է
Կարծում մարդկային բնությունը իր.
Այդպիսի մարդու սիրտը չի բերկրի
այն զվարթությամբ,
Որ պարգևում է ավետումն հույսի,
Եթե Հիսուսի առաքյալների խոսքի համաձայն
Չկարողանա «տրտմել ըստ Աստծո»։

Բ
Արդ, ըղձալի է ինձ հիշել այստեղ
Հինավուրց, սակայն մշտապես նորոգ
Խրատն հոգեշունչ այն հանճարեղի, որ տերն
իսկ կրկնեց.
Ոչ թե գնալ ու նստել մանրախոհ
Ամբարիշտների ժողովարանում
Ժանտամիտների առաջին բարձին.
Որից Դավիթն ու Երեմիան նույնպես
Հաստատուն ուխտ ու կանոնադրմամբ
Միշտ հրաժարվել հանձնարարեցին,
Այլ նրանց հետ, որ սրտանց զղջացած՝
Ամոթահար են իրենց մեղքերից
Ու ահաբեկված մեծ դատաստանի հատուցման ահով.
Հետինների հետ, նրանց հավասար,
Նրանց պես խոնարհ ինքնակամորեն,
Որից բավական՝ բերկրում է Աստված,
Այսպիսով ես էլ կարող կլինեմ
Նրանց հետ հուսալ՝ արժանանալու
Երանության վեհ բազմականներին,
Այլև զերծ մնալ մարգարեի այն մեղադրանքից,
Որն ակնարկում է վեսերից ոմանց.
«Մի՜ մոտեցիր ինձ, քանզի սուրբ եմ ես»,
Եվ ո՜վ կարող է ինձ նայել անգամ։
Ես օգտվում եմ, սակայն, երջանիկ
Դավթի անսահման խոնարհությունից՝ ասելով իր հետ,
«Համարվեցի ես անասուն» անմիտ, անզգայացած.
Չարիքներն հասան պաշարեցին ինձ.
«Նեխեցին վերքերն անզգամիս ու փտեցին անբույժ»։
Այլև կկրկնեմ Ասորեստանի
Այն մի խումբ ընտիր ու անբիծ անձանց
Կշտամբանքները ինքնադատափետ,
Որոնց հետ և Եզր մեծ քահանայի խոսքն
այս հոգեշահ՝
«Ոչ իսկ հայացքս կարող եմ առ քեզ վեր հառել,
Աստվա՜ծ»։

Գ
Ես, որ տիպարն ու պատկերն եմ ճշգրիտ
հանուր մարդկության,
Նրանց բոլորի հանցանքներն ահա իմին խառնելով,
Նրանց դառնությամբ սաստկացնելով իմը կրկնապես՝
Նրանցով հանդերձ հեծեծում եմ արդ,
Թեպետ հարկ չկար գարշելի գույնին
Գումարելու և նոր տգեղություն։
Ահա և այժմ ես մեղանչեցի՝
Անխոհեմաբար գործելով այն, ինչ անհաճո է քեզ՝
Հանցավորապես թույլ տալով դարձյալ
սխալներ բազում։
Նայի՛ր ինձ, գթա՜ծ, ինչպես երբեմն
Ուրացության մեջ բռնված Պետրոսին,
Քանզի լիովին ես ունայնացա։
Լուսավորիր ինձ քո ողորմության ճառագայթներով,
Ո՜վ ամբողջովին բարերարություն,
Որ ընդունելով օրհնությունը քո՝
Արդարանա՛մ ես, կյանք առնեմ դարձյալ,
Մաքրվեմ լլկող մեղքերից, որոնք դու չես ստեղծել։
Չեմ համարձակվի կարկառել առ քեզ
Գոսացած, կարկամ ձեռքերս հանցապարտ,
Մինչև չմեկնես օրհնյալ աջը քո
Ու չնորոգես դատապարտյալիս։
Հաղթի՛ր վերստին համառությունն
իմ հեզությամբ մեծիդ՝
Մարդասիրաբար հասած օգնության.
Ամենահնար կարողությամբ քո
Ների՛ր աոաջին, միջին և վերջին չարիքները իմ,
Ո՜վ անհասներին հասու ապավեն
Եվ արդարների լույսի թագավոր։

Դ
Արժանի չեմ ես օրհնյալ անունդ
հիշելուն անգամ.
Զի հանցավոր եմ մահապարտորեն բարեգործիդ դեմ.
Կնիքիդ հանդեպ, շնորհիդ, փչմանդ,
Պարգևներիդ ու անվանդ, ավանդիդ,
Պատկերիդ, պատվիդ թագավորական,
Որդեգրությանդ, օծմանդ, դրոշմիդ,
Առատությանդ ու ընտանությանդ,
Համարձակությանդ, կյանքիդ ու լույսիդ,
Երանությանդ ու բարձրությանդ վսեմ,
Հույսիդ, պսակիդ անկապուտ, փառքիդ
Եվ խոստումներիդ այն ամենայնի, ծածուկ ու անհայտ,
Որոնք, տե՜ր Հիսուս, բազում ձևերով ավետեցիր ինձ՝
Համառիս, իժիս, քարբիս չարաթույն,
Ականջներիս խուլ, անլուր, ունկնախից։
Մեծիդ հարաճուն բարության դիմաց՝
Բազմապատկվեցին չարություններն իմ,
Կործանեցին ինձ, կապեցին մահվան՝
կյանքից զրկելով,
Կարգելով ծառա ապականության։
Արդ, դու ես միայն ճշմարտադատ
ու իրավակշիռ,
Ո՜վ բարերարդ օրհնյալ գթությամբ,
Ես մեղանչեցի, անօրինացա, անիրավեցի,
Ուստի եղծվեցի, զեղծվեցի իսպառ,
Հանցավորապես ամբարշտացա,
Չանսացի խնկյալ պատվիրաններիդ,
Թեպետև ինքդ իսկ երևացիր ինձ անճառ քո սիրով,
Որ գրել այստեղ ծանր է չափազանց
(Սարսափելի է հիշելը նույնիսկ):
Քեզ արդարություն, մշտնջենական
գովեստներ ու փա՜ռք,
Իսկ ինձ՝ քո հանդեպ ամոթահարիս,
Քավություն, բուժում, ողորմածություն
Եվ պահպանություն սրտի ու հոգու,
Բարեբանյա՜լդ ըստ ամենայնի հավիտյանս, ամեն։