ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, քանզի բազմացուցի պայմանաւ բանիս
Զաղէտ տագնապի հեծութեան ձայնիս
Մեծ հառաչանացս անսփոփելի իմոյս վտանգի,
Զի դու, ողորմած, սկզբնահայրդ խոստովանութեան անյայտ ծածկութից,
Որդի Աստուծոյ կենդանւոյ Տէր Յիսուս Քրիստոս,
Քաղցրութեամբ նացեսցիս քաւել:
Արդարեւ կարող ես, ճշմարտապէս բաւական ես,
Եթէ կամիս, հնարաւոր ես,
Կամիս առաւելապէս, որպէս եւ կարես:
Հարստանաս մեծապէս ընդ տալն, քան եթէ ընդ առնուլն,
Բազմանան քեզ գանձք ի ցրուելն, քան ի ժողովելն,
Յաճախեն ստացուածք քո ի սփռելն, քան ի ճշդելն,
Կուտին քեզ համբարք ի տարածանելն, քան ի շտեմարանելն:
Հաւատամ այսմ ամենայնի` գտանել քեւ ելք փրկութեան,
Հաւատամ անարգս ընդ պատուականին,
Յուսամ ընդ Աբրահամու եւ ընդ Աննայի,
Զի մինն բանիդ քո հաւատաց,
Եւ միւսն քահանայապետին բարբառոյ անսաց,
Վասն որոյ եւ ոմն ի խորին ծերութեան
Անհամար որդւոց հայր հաստատեցաւ,
Զառանցեալն եւ զամուլն արգանդ Սառայի
Անդաստան պտղածին արդեան աւրհնութեան
Բազում ժողովրդոց` մարգարէից սրբոց
Եւ թագաւորաց ընտրելոց հայել յուսացաւ,-
Իսկ միւսն զանհանդերձելի երկիր որովայնին սենեկի
Եւթնեակ զաւակաւք բարգաւաճեցոյց,
Որ է թիւ մի անբաւութեան` զբնաւն նշանակելոյ զէութիւն,
Աստուածութեանն յարակայութեան սահման անհետազաւտելի
Եւ աւազանին նորածին որդւոց անհատ յորդութիւն:
Այս թիւ պանծալի, որում ոչ է կէտ կցորդի եւ ոչ սպառուած վախճանի,
Այլ կոյս ոմն է` ուրոյն ընտրութեամբ նուիրեալ յաւէտ
Անճառ վիճակաւ համայն յաւիտենիւ,
Դժուարաթարգմանելի մերոց իմաստից:
Բ
Արդ, համարեա յարդարութիւն անյուսալի փրկութեան հոգւոյս
Զամենավարան ձայն կողկողանաց սրտիս հեծութեան`
Ընդ նախագրելոցն երջանկաց եդեալ եւ դասեալ
Զայս դաւանութիւն փոքր հաւատոց իմոյս խնդրուածոց,
Զի կեցից եւ ես առ նոքաւք` բերկրեալ ընդ նոսին,
Բուռն հարեալ քան զիմոց գործոց` զքոյդ շնորհաց:
Մանաւանդ զի կրկին բարձունք են եւ փառաւորք
Եւ քան զչափ կշռութեան բանի գերագոյնք,
Իմումս խռովութեան հաշտարանք եւ հզաւրապէս քաւարանք,
Եւ կարծեաց թերութեան մտաց սլացեալք,
Ընդ արեան քոյ ահաւորի եւ ըստ մարմնոյ ծնողք քո խնկելի`
Պարք առաքելոցն, դասք մարգարէիցն,
Գունդք մարտիրոսացն, ձիաւորեալքն հետեւակ`
Սպառազէն արիութեամբ, մերկամարտիկն մրցութեամբ,
Գումարք միանձանց, բոյլք բանականաց ընտրելոց,
Ժողովք բարեկրաւնից, հոյլք հոգեղինաց յերկրէ երկնաւորաց,
Զինուորութիւնք վերնականաց ընդ մեզ կցորդելոց,
Աւանդք երախայրեաց, մատուցմունք զուարակաց, լուցմունք ղամբարաց,
Բուրմունք խնկոց` իւղոց հանդերձանաւք,
Յաղթանակք փրկական նշանաց,
Կառուցմունք խորանաց աստուածաբնակաց,
Ձեռք քահանայից շնորհիւ կատարելոց:
Գ
Առ շարժումն անձին` յիշատակ Աստուծոյ,
Առ փոփոխումն գարշապարի,
Առ կարկառումն աջոյ եւ ամբարձումն բազկի,
Առ բարիս` գոհութիւն, եւ առ գթել` աղաչանք,
Առ բանս ընտանիս, առ խաւսս հասարակաց,
Առ ձայնս բնաւորականս, առ գործոց յաջողուածս,
Առ առաքինութեան ջերմութիւնս,
Որ ի տուընջեան եւ ի գիշերի`
Ընթացմունս աւգտակարաց հոգեւորաց` քեւ առաջնորդեալք,
Ի նիրհել եւ ի զարթնուլ,
Ի պատերազմի ազգաց, ի մարտս դիւաց,
Ի հակառակութիւնս հերձուածողաց,
Առ փոքունս, առ մեծամեծս,
Առ ձգումն ըմպելեաց եւ ճաշակումն կերակրոց,
Եւ որ ինչ միանգամ ի կիրս մեր կերպանան,
Եթէ հեշտականս, եթէ տատամսելիս,
Վասն ոմանց աղաւթս` մնալ ի նոսին, եւ յաղագս ոմանց`
Զի զերծ արասցես սքանչելապէս հնարիւք անճառիւք:
Հաւատացեալ յամենեցունց, թէ բաւական ես յամենայնի,
Կաթնաբոյծ հասակաց, տիոց պատանեաց,
Մտաց վայրենեաց ստամբակաց գոռոզաց,
Մինչ զի առ թատերս տեսարանաց
Եւ առ կոյտս խառնիճաղանջ բազմութեանց
Եւ կամ առ կաքաւս կայթից անախորժականաց կամաց հզաւրիդ`
Ոչ ես մոռացեալ:
Դ
Արդ, դու ստացար զամենեսեան, եւ քո են ամենեքեան,
Եւ ողորմիս ամենեցուն, միայն բարեգութ,
Զի թէ եւ մեղիցեն` քո են, վասն զի ի քում համարի են,
Քանզի գիտեն զզաւրութիւն քո, ըստ առակողին մաղթանաց:
Որում եւ ես կցորդիմ թշուառս բանիւ` վկայեալ սորին յանցաւորապէս,
Յանդգնիմ ասել,
Թէ որ կարդայ զքեզ գովեստիւ, ծանուցեալ զքեզ, թէ իցես,
Թէ եւ եւթամբք իցէ վարակեալ կրկնապատիկ պատժաւորութեամբ,-
Առ այս աւրինակ կիրթ ձեռնարկութեան,- զիա՞րդ ոչ քո իցէ:
Յորս է տեսանել ի մէջ արջնատես ագռաւուց` սպիտականիշ երամս աղաւնեաց,
Ի մէջ խրոխտականաց ձիոց անմաքրից` որոջս հանդարտաբարս,
Ի թիւս շանց գազանականաց` գառինս նուիրելիս,
Հեզութիւն` ի խստութեան, կատարելութիւն` ի թերութեան,
Խոնարհութիւն` յամբարհաւաճութեան, ճշմարտութիւն` ի ստութեան,
Միամտութիւն` ի մանկութեան, անբծութիւն` յայլամտութեան,
Բարաւրութիւն` ի չարութեան, պարկեշտութիւն` ի լկտութեան,
Ողորմութիւն` յանգթութեան, ապաշաւանք` յանյուսութեան,
Քաղցրութիւն` ի բարկութեան, հաշտութիւն` ի թշնամութեան,
Անոխութիւն` ի խածանողութեան, քաջալերութիւն` ի լլկութեան,
Աւրհնութիւն` ի նետաձգութեան:
Յոր ոչ բաւականացայ երբէք ի դատել ճշգրտապէս,
Թէ ո՞վ յերկրածնաց աստի կանխեսցէ ժառանգել զքեզ,
Որ միայն անաչառաբար կշտամբես իրաւամբք զարդարութիւն`
Առ ամբարիշտ մաքուրն եւ առ պոռնիկ զղջացեալն:
Առ ամենեսին բարեգործ, միայն թագաւոր,
Աւրհնեա~լ ի բարձունս եւ յամենայն յաւտեանս:
Ամէն:   up

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Անցնելով ահա ամեն մի սահման՝ 
Բազմապատկեցի արհավրալի ու 
Անսփոփ վշտիս տագնապախռով 
Ու մեծահառաչ ձայնը դառնահեծ, 
Որ դու, ողորմա՜ծ, 
Սկզբնահայրդ անհայտ ու գաղտնի 
Ծածկությունների խոստովանության, 
Որդիդ կենդանի Աստծո, տե՜ր Հիսուս, 
Քաղցրությամբ նայես քավելու համար։
Իրոք կարող ես և ճշմարտապես
ձեռներեց, հասու.
Եթե կամենաս՝ ամենաճար ես.
Ինչ կամենում ես, կարողանում ես առավելաբար։ 
Հարստանում ես մեծապես տալով,
ոչ թե առնելով,
Ոչ թե կիտելով, այլ ցրելով են գանձերդ բազմանում. 
Ունեցվածքներդ բազմապատկվում են 
Սփռելով, ոչ թե խնայողությամբ. 
Ոչ թե դիզելով, ամբարվելով են 
Պաշարներդ աճում, այլ տարածելով։
Սրանց շնորհիվ հավատում եմ ես՝
Քեզնով գտնելու ելք ու փրկություն,
Հավատում եմ ես, անարգագույնս պատվականի հետ 
Եվ Աբրահամի ու Աննայի պես հույս եմ փայփայում, 
Որոնցից մեկը խոսքիդ հավատաց, 
Իսկ մյուսն անսաց մեծիդ ընտրյալին, 
Որի շնորհիվ և առաջինը խոր ծերության մեջ 
Դարձավ անհամար որդիների հայր՝
Հուսալով տեսնել Սառայի արգանդն ամուլ ու զառամ՝
Բազում ազգերի սուրբ մարգարեներ
Ու թագավորներ արգասավորող
Բեղուն պտղաբեր օրհնյալ անդաստան,
Իսկ երկրորդը՝ հողն անմշակ՝ սենյակն իր որովայնի,
Բարգավաճեցրեց յոթ զավակներով.
Թի՜վ անբավության, որ աստվածային
Հավիտենություն է նշանակում,
Սահմանը նրա անիմանալի հարակայության
Եվ ավազանի նորածին որդոց հորդությունն անհատ։
Թիվն այս պանծալի, որ չունի իրեն 
Զույգ ու հավասար, ո՛չ վերջ, ո՛չ վախճան, 
Կուսություն է մի ընտրությամբ ուրույն,
միշտ նվիրական,
Հավիտենության անճառ, անմեկին 
Խորհուրդը խորին, մեր մտքին անհաս։

Բ
Դառնահեծ սրտիս ամենավարան 
Ու կողկողագին ձայնն այս համարիր՝
Փրկությունից զուրկ հուսահատ հոգուս
արդարացում, տե՜ր. 
Աղերսախառն դավանությունն այս փոքր իմ հավատի
Ընդունելով ու դասելով հիշյալ 
Երջանիկներին հար ու հավասար, 
Որպեսզի ես էլ ապրեմ նրանց մոտ, 
Բերկրեմ նրանց հետ՝ ապավինելով 
Ոչ թե գործերիս, այլ շնորհներիդ, 
Որոնք կրկնակի բարձր են, փառավոր, 
Մտքի կշռության սահմաններից դուրս, 
Աներկբայելի ու անվերապահ 
Քավարաններ են ամենակարող, 
Խաղաղարարներ հոգուս խռովքի:
Դրանց միջնորդ են՝ ահեղ արյանդ հետ՝ 
Նաև խնկելի ծնողդ մարմնավոր, 
Առաքյալների խմբերն ու դասը մարգարեների, 
Մարտիրոսների՝ հեծյալ, հետևակ, 
Լոկ արիությամբ սպառազինված 
Մերկամարտ կռվող գնդերն համորեն, 
Գումարտակները մենակյացների, 
Բանականների բույլերն ընտրագույն, 
Բազմությունները բարեպաշտների, 
Երկրի՝ երկնավոր հույլերն հոգեղեն, 
Զորախմբերը մեզ կցորդակից վերնականների, 
Երախայրիքներն ընծայաբերվող, 
Մատուցումները զվարակների,
Ջահավառումներն ու խնկումները՝ օծված յուղերով, 
Հաղթանակները փրկիչ նշանիդ, 
Աստվածաբնակ սրբատների կառույցներն համակ, 
Քահանաների ձեռքերն օրհնաբեր, շնորհամատույց։
Ամեն շարժման հետ հիշում ենք Աստծուդ. 
Քայլեր փոխելիս, աջ կարկառելիս 
Կամ տարածելիս բազուկներ ի վեր. 
Բարության համար՝ գոհաբանություն, 
Գայթման միջոցին՝ աղաչանքներ ենք
վերընծայում քեզ.
Թե՛ ընտանեկան մեր զրույցներում, 
Թե՛ հասարակաց խոսակցության մեջ,
Թէ՛ մեր բնական ձայնարկումների,
Թե՛ մեր գործերի հաջողության ու
Առաքինական ջերմեռանդության պահերին, գթա՛ծ,
Գիշեր թե ցերեկ, արթմնի թե քուն,
Ամբողջ հոգեշահ մեր ընթացքի մեջ
Առաջնորդվում ենք միայն քեզանով.
Թե՛ ազգամիջյան պատերազմներում,
Թե՛ դևերի դեմ մարտեր մղելիս,
Թե՛ ընդհարվելիս հերձվածողի հետ,
Մեծ կամ փոքրի հետ վերաբերվելիս,
Կերակուրների, ըմպելիքների ճաշակման պահին,
Մի խոսքով, բոլոր հանգամանքներում,
Մեզ հաճելի, թե ծանր ու վշտառիթ,
Մի մասի համար աղոթում ենք, որ հենց
այդպես մնան,
Իսկ մյուսների՝ որ զերծ պահես դու
Անճառ, անսահման քո հնարքներով սքանչելապես.
Քանզի ամեն ոք հավատացած է,
Որ կարող ես դու, ամենքին հասու՝
Կաթնակեր մանկանց, պատանիներին,
Վայրասուններին գազանաբարո,
Բարձրահոն, գոռոզ ստամբակներին.
Նույնիսկ մոլեկան թատերախաղի տեսարաններում,
Խառնակույտերում խուռն ամբոխների,
Ամենազորիդ կամքին անհաճո
Կայթ ու կաքավման հանդեսների մեջ
Դու չես մոռացված։

Գ
Արդ, ամենքին էլ դու ես ստեղծել. 
Բոլորն էլ քոնն են, միա՜յն բարերար, 
Ուստի բոլորին պիտի ողորմես. 
Եթե մինչևիսկ մեղանչած լինեն, 
Քոնն են, քանի որ քո հաշվի մեջ են 
Եվ ճանաչում են զորությունը քո, 
Ըստ առակողի աղերսանքների,
Որին ինքս էլ եմ ձայնակից իմ այս խղճուկ խոսքերով՝ 
Որպես հանցավոր վկայելով այդ։
Համարձակվում եմ ասել թե նա, ով 
Գովեստներով է դիմում բարձրյալիդ 
Եվ ընդունում է, որ կաս աներկբա, 
Եթե մինչևիսկ կրկնակի յոթն հեղ 
Վարակված լինի հանցապարտությամբ,
Համաձայն փորձով հաստատված խոսքի, 
Քոնը չէ՞ միթե։
Երբեմն արջնաթույր ագռավների մեջ 
Տեսնում ենք նաև երամներ ճերմակ աղավնիների, 
Ձիերի մեջ, գոռ, խրոխտ, անմաքուր՝ 
Որոջներ, խոնարհ, հանդարտաբարո, 
Գազանանման շների թվում՝ նվիրյայ դառներ. 
Դաժանության մեջ՝ բարեհոգություն, 
Թերատության մեջ՝ կատարելություն, 
Գոռոզության մեջ՝ հեզամտություն,
Ստահոդության մեջ՝ ճշմարտություն, 
Խորամանկության մեջ՝ շիտակություն, 
Խարդախության մեջ՝ ուղղամտություն, 
Չարիքների մեջ՝ բարեբաստություն, 
Լպիրշության մեջ՝ առաքինություն,
Անգթության մեջ՝ ողորմածություն, 
Անհուսության մեջ՝ ապաշխարություն, 
Մոլեգնության մեջ՝ քաղցրավարություն, 
Թշնամության մեջ՝ հաշտասիրություն, 
Խածանողության մեջ՝ անոխություն, 
Լլկանքների մեջ՝ քաջալերություն,
Նետարձակման մեջ՝ բարեմաղթություն։
Ուստի և երբեք չկարողացա դատել ճշտապես՝ 
Երկրածիններից ո՞վ պիտի արդյոք 
Արժանի դառնա քեզ ժառանգելու, 
Զի դու կարող ես միայն կշտամբել անաչառորեն 
Կամ արդարացնել իրավակշիռ 
Ե՛վ մաքրագործված ամբարիշտներին,
Ե՛վ այն պոռնկին, որ զղջացել է: 
Բոլորի հանդեպ բարեգործ ես դու,
Միա՜կ թագավոր, օրհնյալ ի բարձունս, 
Հավիտյաններում բովանդակ, ամեն:

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, ես` յետնեալս ի նախադրութեանց արժանաւորաց,
Գրեալ ինձէն ընդ պարտաւորսն պատժոց,
Հայցեմ զողորմութիւն ընդ ամենեցուն մաղթանաց`
Ընդ նկունս եւ անհամարձակս,
Ընդ տկարսն եւ փոքրկունս,
Ընդ ընկեցիկսն եւ արհամարհեալս,
Ընդ տարագրեալսն եւ առ քեզ դարձեալս,
Ընդ երկուացեալսն եւ ճշմարտեալս,
Ընդ կործանեալսն եւ յարուցեալս,
Ընդ ընկճեալսն եւ հաստատեալս,
Ընդ գլորեալսն եւ կանգնեալս,
Ընդ մերժեալսն եւ ընկալեալս,
Ընդ ատեցեալսն եւ կոչեցեալս,
Ընդ ապշեալսն եւ զգաստացեալս,
Ընդ անառակեալսն եւ զսպեցեալս,
Ընդ հեռացեալսն եւ մերձեցեալս,
Ընդ հերքեալսն եւ սիրեցեալս,
Ընդ պատկառեալսն եւ զուարթացեալս,
Ընդ ամաչեցեալսն եւ խնդամտեալս:
Բ
Արդ ես պատմեմ աստանաւր դարձեալ ոչ զմեղս Երուսաղեմի,
Ըստ մարգարէին հրամանառութեանն, որ առ ժողովուրդն նախնի,
Եւ կամ տանն Յակոբու` զանաւրէնութիւնս նորա,
Այլ իմոյս ժամանեցից յայտնութեան:
Քանզի աւաղ ընդ աղէտս մահու յարելով, ըստ մարգարէին,
Յանդիմանեցից զիս ինքն ինձէն իմովս ձայնիւ, ըստ սաղմոսողին,
Որպէս զի յանձնառական յայսմ համայնապատում խոստովանութենէ,
Ոչ կարաւտացեալ կրկնակին,
Միանգամայն իսպառ սրբեցայց աւրհնեալ հրամանաւ էիդ:
Եւ արդ, կրկնելով ծունր բարերարիդ քաղցրութեան,
Տարածեալ զանձն իմ առաջի, զի մահ գլորմանն ցուցից կերպարան,
Որ ի հող խոնարհեալ` մածայ ընդ երկրի
Եւ ընդ անցաւորս այս կենցաղ կորստեան`
Անասնական գետնաքարշութեան սողնոյ սահեցմամբ կամաւ բեւեռեցայ:
Այլ ի քեզ, Տէր, յեցեալ, իբր ի հաստարան կենաց գաւազան`
Ի յարմատոյն Դաւթի ընձիւղեալ մարմնով
Անճառ շաղկապմամբ յանեղ աստուածութիւնդ,
Կանգնեցայց անդրէն կիսայար` պատկառեալ ի քոցդ երախտեաց,
Ի վայր կորացեալ դիմաւք, աչք ի բարձունս յառեալ
Ողորմագին տասութեամբ ի քեզ` մերձդ ի հեծութիւն,
Բնաւին ողորմութիւն, բոլորովին քաղցրութիւն,
Զլիճ լուսոյս արտասուաւք լցեալ`
Պաղատանս յուսոյ առաջի մեծիդ վերընծայեցից:
Գ
Լուր ամէնառատ աննուազ երկայնմտութեամբ` քո դառնացուցչիս,
Միայն դու յամենայնի սահման փրկութեան,
Աստուած բոլորից, անճառ մեծութիւն,
Անբովանդակելի բնութիւն, անքննելի իսկութիւն,
Հզաւր զաւրութիւն, կարող բարերարութիւն, անպակաս լրութիւն,
Անճառ ժառանգութիւն, վայելչական վիճակ,
Առատ պատրաստութիւն, անստուեր իմաստութիւն,
Տենչալի տուր, անձկալի ձիր,
Բաղձալի բերկրութիւն, անտխուր հանգիստ,
Անտարակոյս գիւտ, անկապուտ կեանք,
Անծախելի ստացուած, անփոխանորդելի բարձրութիւն,
Ամէնարուեստ բժիշկ, անսասանելի հաստատութիւն,
Դարձուցիչ մոլորելոց, գտիչ կորուսելոց,
Յոյս ապաւինելոց, լոյս խաւարելոց,
Քաւիչ մեղուցելոց, ծածկարանդ փախուցելոց,
Անդորրիչ խռովեցելոց, փրկութիւնդ մահացելոց,
Արձակիչդ կապելոց, ազատիչդ մատնելոց,
Պատսպարանդ սահեցելոց, վշտակիցդ գայթակղելոց,
Երկայնմտութիւն տարակուսելոց,
Լուսոյ տեսակ, ցնծութեան ցոյցք, աւրհնութեան անձրեւ,
Հոգի երեսաց, զաւրութիւն դիմաց, հովանի գլխոյ,
Շարժարան շրթանց, ազդումն բանի, կառավար անձին,
Բարձումն բազկի, ձգումն ձեռին, երասանակալդ սրտի,
Ընտանի անուն, մերձաւոր ձայն,
Կցորդութիւն հարազատ, խնամածութիւն հայրենի,
Խոստովանեալ անուն, պաշտեցեալ պատկեր, անպարագիր տիպ,
Երկրպագեալ տէրութիւն, բարեբանեալ յիշատակ,
Խնդութեան մուտք, անվրէպ շաւիղ, փառաց դուռն,
Ճշմարտութեան ճանապարհ, երկնաճեմ սանդուղք:
Եւ այլ բազմութիւն բանից գովեստից
Անհամար կարգաց եւ տանց անբաւից,
Զոր ոչ բերէ բերան երկրածին,
Եւ ոչ տանի գործի մարմնեղէն,
Եւ ոչ կշռեն իղձք հոգեղէնք:
Դ
Առ քեզ հայի ամենայն ակն տեսողի, Աստուածդ ամենայնի,
Նայեա ի պաղատանս հառաչման ձայնի քոյոց ծառայից,
Եւ եթէ յաղախնաց ոք աղաչեսցէ:
Եւ ընկալ զցաւղ ողբերգութեան լալոյ արտասուաց աչացս ցանկասիրի`
Յանարատ ոտս մարդեղութեան քոյ, Քրիստոս,
Եւ աւրինակաւ խորհրդոյ հերաց կնոջն յանցաւորի`
Զառ քեզ դարձն եւ զդաւանութիւն,
Եւ համբուրիւ շրթանցս առ ճաշակ փրկութեան կենացդ հաղորդութեան`
Համաշնչապէս զանքակ միութիւն,
Եւ զնոյն գթութիւն նորին ողորմութեամբ ընկալեալ ի քէն, բարերար,
Գրաւականեսցես զմեծդ պարգեւս ընդ փոքու հաւատոցս:
Եւ ի ձեռն գթութեան սիրոյ քոյ
Առ քո անձկալի անունդ խոստովանեալ ծառայիս
Դարձցին ձմերունք հողմոյն խստութեան ի յաւդ հանդարտութեան,
Եւ մրրկին սաստկութիւն` ի սիք ախորժութեան,
Եւ կարծիք երկիւղին` ի մեծ վստահութիւն,
Եւ պատուհաս պատժոցն` յերանութեան պատահումն,
Եւ վտանգք թախծանացն` ի հոգեւոր խրախճանութիւն,
Եւ ալեկոծութիւն ծփանացն` ի խոր խաղաղութիւն,
Եւ ղեկացն թեւարկմունք` յանքոյթ նաւահանգիստն,
Եւ բերք բեռանցս մեղաց փոխարկեսցի ի թոշակ շնորհաց:
Ե
Եւ յայսքանեացս ամենից բիւրուց բարութեանցս ի քէն եղելոց
Մեծասցի անուն հզաւրիդ` խնկեալ եւ խոստովանեալ,
Ամաչեսցէ բանսարկուն չարեաց` հերքեալ եւ հալածեալ,
Ունայնասցին մուրհակք մեղացս,
Խզեսցին խաղբքն, որոշեսցին որոգայթքն,
Կապտեսցին կապանքն, վանեսցի վիհն,
Վերասցին վնասքն, պարսեսցին պատրանքն,
Ջրեսցին մեղքն, պատառեսցին պարտիքն,
Խորտակեսցի լուծն, քակտեսցին քեղիքն:
Եւ ընդ մռայլ մթութեան չարեացն յանցանաց
Եւ դիւացն բանակաց պաշարողաց`
Արեւ փառաց քոց ժամանեսցէ`
Կեցուցանել, փրկել եւ լուսաւորել
Յաջմէ եւ յահեկէ, ի դիմաց եւ ի թիկանց,
Եւ եղիցի նշոյլ առաւաւտու հոգւոյ գարնայնոյ`
Ընդ ակնկալութեան սպասողացն քումդ երեւման:
Զի դու ես բարերար առ ամենեսին,
Եւ հնարաւոր են քեզ ամենայնք,
Եւ ամենեցուն զկեալն կամիս եւ զփրկութիւնն բաղձաս:
Զ
Ով ամենապարգեւ ձեռն Յիսուսի Քրիստոսի,
Եւ առ իս դարձցիս կարկառմամբ շնորհի աջոյդ քոյ սրբոյ`
Բնակեալ, միացեալ եւ ոչ հեռացեալ
Յանձկութեան սրտէ սիրոյ սենեկիս:
Եւ անեղծական քո նկարագիր`
Նշխար պանծալի լուսոյ քրիստոնէական փրկաւէտ կոչմանս,
Ընդ իս պահեսցի` միջնորդեալ ընդ քեզ
Ի մատեան յաւիտենական կտակաւդ կենաց
Հոգւոյդ աւետեաց երկնից յաւրինողիդ:
Եւ քեզ միայնոյ պատճառիդ
Եւ միոյդ ի միոյ պատճառէ
Եւ ունողիդ զպատճառ միոյ,
Երրեակ անձնաւորութեանդ եւ միոյ աստուածութեանդ
Վայել են փառք յերկնաւորացն վեհից
Եւ ի սրբոցն դասուց յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:   up

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արդ, ես հետնյալս սկզբնադրյալ
արժանիքներից, 
Համարելով ինձ անձամբ պատժապարտ,
Ողորմություն եմ քեզանից խնդրում՝
Բոլորին դարձրած ինձ հետ ձայնակից.
Վեհերոտներին ու նկուններին, 
Թույլ ու փոքրերին, 
Լքվածներին ու քամահրվածներին, 
Վանվածներին ու քեզ դարձածներին, 
Վարանածներին ու հաստվածներին,
Կործանվածներին ու հառնածներին, 
Ընկճվածներին ու հաստատվածներին, 
Տապալվածներին ու կանգնածներին, 
Մերժվածներին ու ընդունվածներին, 
Ատվածներին ու վեր կանչվածներին, 
Ապշածներին ու սթափվածներին, 
Անառակներին ու զսպվածներին,
Զատվածներին ու մոտեցվածներին, 
Վտարվածներին ու սիրվածներին, 
Պատկառածներին ու հրճվածներին, 
Ամաչածներին ու բերկրածներին։
Սակայն ես այստեղ կպատմեմ դարձյալ
Ոչ թե մեղքերը Երուսաղեմի՝
Հրամանառու մարգարեի պես,
Կամ Հակոբի տան գործերն անօրեն,
Այլ շտապում եմ իմերը հայտնել.
Քանզի իմ մահվան աղետի վրա 
Ավաղ ասելով, ըստ մարգարեի, 
Պիտի նախատեմ ինքս ինձ անձամբ, 
Ըստ սաղմոսողի, իմ իսկ խոսքերով, 
Որպեսզի իմ այս հանձնառական ու 
Համայնապատում խոստովանությամբ, 
Պետք չունենալով այլևս կրկնելու, 
Արարչիդ օրհնյալ հրամանով ես 
Մեկ անգամ ընդմիշտ մաքրվեմ իսպառ։

Բ
Ես, որ խոնարհված՝ երկրին կառչեցի 
Եվ անասնական գետնաքարշությամբ 
Սողալով նվաստ մի սողունի պես՝ 
Կամովին ինքս ինձ գամեցի կյանքին այս կորստական, 
Ահա ծնկաչոք կուչ եկած մեծիդ քաղցրության առաջ՝ 
Փռվում եմ գետնին, որ պատկերեմ քեզ, 
Թե ինչպես եմ արդ ի մահ գլորվում։
Բայց ապավինած վերստին քեզ, տե՜ր, 
Ասես թե կյանքի հաստատուն նեցուկ մի գավազանով, 
Որ ընձյուղված է Դավթի արմատից 
Եվ անճառորեն շաղկապված ահեղ քո աստվածության, 
Պիտի կիսովին բարձրանամ ոտքի՝ 
Երախտիքներից քո ամոթահար, գետնահակ դեմքով, 
Աչքերս հառած քո բարձունքներին, 
Խղճալի հայացք ուղղած դեպի քեզ 
Ու լիճը լույսիս լցրած արցունքով, 
Ո՜վ ողորմություն, քաղցրություն համակ, 
Որ կարեկից ես բոլոր վշտերին, 
Հույսի պաղատանք առաքելու քեզ։
Լսի՜ր աննվազ ու ամենառատ 
Բարեմտությամբ՝ քեզ դավանողիս.
Ըստ ամենայնի դու ես փրկության երաշխիք միայն, 
Աստվա՜ծ բոլորի, անճառ մեծություն, 
Անբավ բնություն, իսկություն անհաս,
Հզոր զորություն, անհատ լիություն, 
Բարերարություն ամենակարող, 
Անճառ վիճակ՝ մեր ճոխ ժառանգության, 
Բարեհաճություն առատապարգև 
Եվ իմաստություն անստվերաբիծ, 
Տենչալի նվեր, անձկալի շնորհ, 
Բաղձալի բերկրանք, անտխուր հանգիստ, 
Անկասկած հնար, անկապտելի կյանք. 
Անհատ ստացվածք, անփոխ բարձրություն, 
Համաբույժ բժիշկ, անսասան հաստում, 
Մոլորվածի դարձ, կորածի գտիչ, 
Վստահողի հույս, խավարածի լույս, 
Մեղսոտի քավիչ, փախածի պաշտպան, 
Հուզվածի անդորր, մեռյալի Փրկիչ, 
Գերու արձակիչ, մատնվածի թիկունք, 
Սահածի սատար, գայթածի նեցուկ 
Եվ համբերություն տարակուսածի,
Լույսի կերպարանք, ցնծության հանդես, 
Օրհնության անձրև, կենսաշունչ հոգի, 
Դեմքի զորություն, գլխի հովանի, 
Շուրթերի շարժիչ, խոսքի ներազդում, 
Անձի կառավար, ամբարձիչ բազկի, 
Ձեռքի կարկառիչ, սրտի սանձակալ, 
Ընտանի անուն ու ձայն մերձավոր, 
Հարազատ կցորդ, հայրական խնամք, 
Դավանված անուն, պաշտելի պատկեր,
Անպարագիր տիպ, երկրպագված տեր,
Բարեբանված հուշ, ուրախության մուտք,
Անվրեպ շավիդ, փառքի ճանապարհ,
Ճշմարտության դուռ, երկնաճեմ սանդուղք,
Եվ այլ բազմազան գովեստի խոսքեր,
Անհամար տողեր ու տներ անբավ,
Որոնք չեն կարող՝ ո՛չ արտաբերել երկրածին լեզուն,
Ո՛չ տանել ինչ-որ մարմնավոր գործիք,
Եվ ո՛չ էլ կշռել իղձերն հոգեղեն։

Գ
Ամեն տեսնողի աչք քեզ է նայում,
Աստվա՜ծ բոլորի,
Դո՛ւ ևս նայիր քեզ հառաչաձայն 
Պաղատող բոլոր քո ծառաներին,
Աղախիններին, թե նրանցից էլ լինի աղերսող։ 
Ընդունի՛ր, Հիսո՜ւս, և ցանկասերիս
Լացող աչքերի արտասուքների ցողն ողբերգությամբ՝
Ոտքերին անեղծ մարդեղության քո
Եվ, խորհրդավոր օրինակով այն
Սեղսոտ, հանցավոր կնոջ մազերի,
Իմ դավանությունն ու դարձը առ քեզ,
Ու կենսափրկիչ հաղորդությունդ
Ճաշակող համբույրն իմ շրթունքների
Թող ինձ կապի քեզ համաշնչորեն՝ անլույծ միությամբ,
Եվ նույն գթությամբ ու ողորմությամբ 
Ընդունեմ քեզնից, փոքր իմ հավատքի դիմաց,
բարերա՜ր,
Գրավականը քո մեծ պարգևի.
Թող որ զորությամբ գթառատ սիրուդ՝
ծառայիս հանդեպ,
Որ դավանում է անունդ անձկալի,
Ձմռան բքաշունչ հողմերը փոխվեն մեղմանուշ հովի,
Խոլ մրրիկները՝ ախորժ զեփյուռի,
Ահն ու տագնապներն այս չարակասկած՝
մեծ վստահության, 
Աղետը պատժի՝ անանց բերկրության, 
Վիշտն ու թախիծը՝ հոգևոր անհատ խրախճանության, 
Ալեկոծությունն այս փոթորկահույզ՝
խոր խաղաղության, 
Ու թևարկումներն հասցնեն անվրեպ՝ 
Ապահով, անդորր նավահանգստի։
Քեզանից հասած բոլոր բյուրավոր
այս բարիքներից
Թող որ մեծանա ամենազորիդ
Անունը խնկված ու խոստովանված,
Ամոթահարվի, քշված, հալածված, չարյաց բանսարկուն,
Կորչեն պարտքերիս մուրհակները ողջ,
Վարմերը խզվեն, որոգայթները լինեն ցանուցիր,
Կտրատվեն, քանդվեն կապանք ու շղթա,
Վիհը վերանա, վնասը վանվի,
Պարսվեն, չքանան պատրանքները նենգ,
Մեղքերը ջրվեն, պարտքերը ջնջվեն,
Լուծը խորտակվի, ու քեղիները քայքայվեն իսպառ։
Չար հանցանքների մռայյ մթության 
Ու մեզ պաշարած դևերի խուժդուժ բանակների տեղ 
Աջից ու ձախից, դեմից, թիկունքից 
Փառքիդ արևը թող որ ճառագի՝
Լուսավորելու, փրկագործելու, կյանք տալու համար։
Իսկ նրանց վրա, ովքեր լիահույս 
Սպասում են քո լույսի հայտնության, 
Թող հոգուդ պայծառ ու գարնանաշունչ 
Վաղորդայնի ջինջ ճաճանչը շողա։
Չկա ոչ մի բան քեզ անհնարին, 
Եվ բարերար ես բոլորի հանդեպ, 
Ցանկանում ես, որ ամենքը ապրեն, 
Եվ փրկություն ես տենչում բոլորին։

Դ
Ամենապարգև ձե՜ռքդ Հիսուսի,
դարձի՛ր դեպի ինձ՝
Քո շնորհաձիր աջի կարկառմամբ,
Բնակվի՛ր իմ մեջ, ինձ հետ միացած,
Չհեռանալով քո սիրո սենյակ սրտից իմ անձուկ.
Եվ քո դրոշմը անեղծանելի,
Որը նշխարն է քրիստոնեական
Փրկավետ կոչման պանծալի լույսի,
Թող քո փոխարեն, միջնորդ լինելով,
Պահվի միշտ ինձ հետ՝
Երկնի արարիչ Հոգուդ ավետած
Հավիտենական կենաց մատյանի կտակարանում։
Եվ քեզ՝ միակի նախապատճառիդ, 
Մյուսիդ, որը մի պատճառից է,
Եվ ունեցողիդ մի պատճառ, եռյակ անձնավորությանդ 
Ու աստվածությանդ այդ միասնական՝ 
Վայել է փառք՝ վեհ երկնավորներից, սրբերի դասից՝ 
Հավիտյաններից հավիտյանս, ամեն։

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Արդ, զյարմարութիւն պաշտաման բանիս
Ի խայրեաց հոգւոյս քեզ նուիրելոյ, աւրհնեալ բարեգութ,
Կցորդելով ընդ խնկազգեստիցն զուգամասնապէս`
Խառնեսցես ի յանուշութիւն կազմութեան
Իւղոյն Մարիամու կնոջ բարեպաշտի,
Յոր հաւասարեալ նոյնութեամբ ընդ երջանիկ պոռնկացն`
Ի քէն ընկալելոց յաւետահրաշ յարգանաւք,
Պարարեսցիս մեծապէս իմովս բանիւ նուաստիւ`
Ընկալեալ յանհաս եւ ի բարեբանեալդ գլուխ բարձրելոյդ,
Անկշտամբելի ի բամբասանաց սաղմոսին`
Մի աւծցէ զտերեւ ոստոց գագաթան իւղ մեղաւորին:
Բ
Այլ արասցես զաւրանալ կրկին յաճախութեամբ բուրման
Խոստովանութեան այսր մատենի` ի բազումս ազդեալ,
Համասփիւռ, ամենատարած եւ աշխարհալիր տանն տեսակաւ,
Ըստ աւրինակի համեմատութեան նոցայն յիշատակի:
Քանզի դու նոյն Տէր զգաստացուցիչ
Նախնի չարախորհից կանանց մեղաւորաց,
Որոց առակեալ զմարգարէին կերպարան`
Քումդ ճշմարտատիպ պատկերի յեղանակեցեր,
Անդուստ առ սոսին անճառ ներգործութեամբ`
Ի յիս վերաբերեալ զծայրագոյն շնորհին կատարումն.
Ընդ անասնական գարւոյն կերակրոյ`
Զբազմահամբար պտուղ ցորենոյդ կենացդ հացի,
Ընդ ապականացու արծաթոյն` զարքունականդ պատկեր,
Ընդ յիմարարար թմբրութեան գինւոյն` զբաժակդ արեան արարչիդ,
Ընդ իւղոյն առելոյ ի յայրատ կնոջէն հնոյ ժողովրդեանն`
Զաւծումն շնորհին առ իս դարձելոյ,
Ընդ զերծման գլխաշուք կտաւոյն` զանապականութեան վերարկուն,
Ապարանջանին պճնութեամբ` զթռիչս բարեմասնութեան,
Աւրինիւն եւ Աւետարանաւն` հանդերձ գործնական առաքինութեամբն,
Ընդ ունկանն գնդի վայելչականն զարդու`
Զանստուեր յիշատակ տէրունականդ ձայնի,
Ընդ քայռս պերճութեան լանջացն`
Զյոգնահաւաք աւանդս ուղղութեան քոյինակրաւն լծոյդ քաղցրութեան:
Գ
Բայց զի՞ է յայսոսիկ ինձ պարծել
Եւ ոչ վերստին ի սոյն պատկառել.
Այլ յայլ աւրինակ փոխեալ զմատեան մաղթանաց այսր ողբերգութեան,
Որ ինչ ինձ է յարմարաւոր,
Ամենայնիւ հատուցից զպատիժ պարտուցս իմոց մեղանաց,
Ի մարգարէիցն տառից բերեալ համառաւտս`
Ի սոյն յարկ մուծից սաստիկ դատախազ`
Ընդ ողբոց նոցին լծակցեալ,
Քան թէ ընդ բերկրումն նոցա պարեալ,
Յորս հառաչանս, ձայնս հեծութեան, բողոքս բարկութեան,
Նախատինս խորտակման, լալումն կարեւոր:
Այլ մեծիդ Աստուծոյ գթութիւն ամենաժաման
Կանուխ ազդեցաւ յիմ յուսատրութիւն,
Առ որս` զղջմունս, խոստովանութիւնս,
Աւետիս, պարգեւս, լուսոյ երեւմունս,
Խրախոյսս աստուածայինս, փառաց ժառանգութիւնս,
Հրաշից յայտնութիւնս, սքանչելեաց տեսութիւնս,
Յորոց ոմանք յոյս ընձեռեն,
Եւ ոմանք վհատութիւնս բազումս մատուցանեն,
Յորս ես կամաւ կործանեալ` կորստեանն վիճակեցայ:
Դ
Զի եթէ զգեստ Աստուծոյ զվարագուրին պատրուակ ասաց Եզեկիէլ,
Յորում արար ժողովուրդն կուռս կարկատունս,
Որով պոռնկել ասէ ի նոսա,-
Իսկ ո՞րքան պատիժ անմաքրութեանս եղիցի`
ԶԱստուած զգեցողիս ներքոյ եւ արտաքոյ:
Զարմանամ, թէ զիա՞րդ ոչ կիզում,
Հիանամ, թէ ի՞բր ոչ այրիմ,
Ապշիմ, թէ ո՞րպէս ոչ յափշտակիմ`
Տանջեալ, լքեալ, չարչարեալ, ջաղխեալ,
Մանրեալ, խորտակեալ, կտրեալ, բաժանեալ
Ի յաւրինակէ ժանեաց կորուսչին, ըստ Գրոյն:
Այլ այս միայն է պահեցեալ ինձ
Նշոյլ յիշատակի փրկութեան յուսոյ,
Զի քրիստոսեան Աւետարանն կեանս է ամենեւին,
Ի կերպարանաց պատկերի բանին ծանուցեալ,
Որով առ մեղանսն` դարձն, առ պարտիսն` շնորհն,
Առ եղծումն` նորոգութիւնն, առ անաւրէնութիւնն` քաւութիւնն,
Առ վէրն բժշկութիւնն, առ վտանգն` անդորրութիւնն,
Առ պատիժն` ներումն, առ պատերազմն` հանդարտանալն,
Առ հուրն` անձրեւն, առ պատուհասն` պարգեւն,
Առ ակնկալութիւն սատակմանն` ձիրն,
Առ գործարան մահուն` կենացն ազատութիւն:
Ե
Եւ զի՞նչ է ինձ զայսքանեաց յիշմանց ի թիւ արկանել,
Եւ ոչ զանճառելիսն աստանաւր դասել:
Յիշատակաւ Հաւրն բարձրելոյ` յՈրդին կցորդութիւն,
Յանուն միածնին` առ Հայրն ընտանութիւն,
Սոցին ակնարկութեամբ` ընդ Հոգւոյն հաղորդութիւն,
Խաչին փրկանք, բանին սփոփութիւն,
Բարւոք վարձ կամացս` առ կշռութիւն գիտողին,
Աւազանն կենդանարար` հաշտութեանն միջնորդութիւն,
Եւ այլք ամենայնք անթիւք բարիք ի բարերարէն բարդեցեալք,
Ազատք ի հարկէ, արձակք ի լծոյ,
Իշխանականք, եւ ոչ իշխեցեալք:
Այսոքիկ են, որ ինձ ի մէջ դառնութեանս մահու
Կեանս անտարակոյսս աւետարանեն.
Քանզի եթէ ոչ զայսոսիկ ունէի,
Կանխաւ արդեւք կորուսեալ էի իսկ եւ իսկ, ըստ բանի երգողին:
Ոչ փոքրկութեամբ Որդւոյ զՀայր փառաւորեմ,
Ոչ նուաստութեամբ Հոգւոյ զՈրդի նախադասեմ,
Համափառ ունիմ զերեսեան եւ նոյն արարչութեամբ:
Քանզի եւ ի դէմս Հոգւոյն Սրբոյ այս են աղաչանք,
Նախընծայ սկզբան պատարագին,
Յորում գառնդ երկնաւոր զենանի, զայս աղաւթեցի:
Զ
Ամենակալ, բարերար, մարդասէր Աստուած բոլորից,
Յաւրինող երեւութից եւ աներեւութից,
Փրկող եւ հաստատող, խնամող եւ խաղաղարար, Հաւր հզաւր Հոգի,
Հայցեմք բազկատարած մաղթանաց գոչմամբ հեծութեան`
Յանդիման եղեալ քեզ` ահաւորիդ:
Մատչիմք մեծաւ դողութեամբ, սաստիկ երկիւղիւ
Մատուցանել նախ զբանականս զայս պատարագ քում անզնին զաւրութեանդ,
Իբր աթոռակցի, փառակցի եւ արարչակցի հայրենի անկապուտ պատուոյդ,
Եւ քննողի ծածկութեան խորոց խորհրդոց
Ամենակատար կամաց Հաւրդ Էմմանուելի`
Զքեզ Առաքչի, Փրկչի եւ կենդանատուի եւ Արարչի ամենայնի:
Ի ձեռն քո ծանուցաւ մեզ
Երրեակ անձնաւորութիւն միասնական աստուածութեանդ,
Յորոց մի եւ դու ճանաչիս, անհաս:
Քեւ եւ ի ձեռն քո առաջինքն`
Նահապետական տոհմին շառաւիղք, տեսանողք անուանակոչեալք,
Զանցեալսն եւ զգալոցսն, զեղեալսն եւ զոչ գոյացեալսն
Անստուերաբար բարբառով բանի վերապատմեցին:
Ոգի Աստուծոյ քարոզեալ զքեզ Մովսեսի,
Որ ի գնալն քո ի վերայ ջրոյն, անպարագիր զաւրութիւն,
Ահեղ շրջարկութեամբ տածողականաւ, թեւապարփակ պաշտպանողաւրէն,
Գթասիրեալ ի ծնունդս նորոգս, զաւազանին խորհուրդ ծանուցեր:
Յոր կերպարան աւրինակութեան,
Նախ քան զկառուցանելն զլոյծդ մածուած վերջնում վարագուրիդ,
Յաւրինեցեր, կարող տիրապէս, զբովանդակ բնութիւնս
Ամենից բնաւից բոլորից գոյից, ամենայն էից` յանէից:
Քեւ ստեղծանին ի նորոգութիւն յարութեան
Ամենայն եղեալքս առ ի քէն յայնմ ժամանակի,
Որ է աւր վերջին այսմ կենցաղի
Եւ աւր առաջին` երկրին կենդանեաց:
Քեզ հնազանդեցաւ միութեամբ կամացն, որպէս Հաւրն իւրում,
Ազգակիցն քո` էակիցն Հաւր անդրանիկն Որդի` մերովս կերպիւ:
Զքեզ աւետարանեաց ճշմարիտ Աստուած`
Հաւասար եւ համագոյ Հաւրն իւր հզաւրի,
Զառ ի քեզ հայհոյութիւնն անքաւելի քարոզեաց
Եւ, իբր զաստուածամարտից, զքո հեստելոցն
Չարաբանական բերանս կարկեաց եւ զիւրն շնորհեաց
Արդարն եւ անարատն, գտիչն ամենայնի,
Որ վասն մեղաց մերոց մատնեցաւ
Եւ յարեաւ վասն զմեզ արդարացուցանելոյ:
Նմա փա~ռք ի ձեռն քո, եւ քեզ բարեբանութի~ւն
Ընդ Հաւր ամենակալի յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:
Է
Դարձեալ կրկնեսցի ի նոյն կարգ բանի,
Մինչեւ վստահութիւնն լուսոյ հրաշապէս յայտնեսցի ազդեալ`
Աւետարանել վերստին զկրկին խաղաղութիւն:
Աղաչեմք եւ աղերսեմք արտասուալից հառաչմամբ
Յամենայն անձնէ զփառատրեալ արարչութիւնդ
Անեղծ եւ անստեղծ, անժամանակ Հոգւոյդ գթածի,
Որ բարեխաւսդ եւ վասն մեր յանմռունչ հեծութիւնս առ ողորմածդ Հայր,
Որ զսուրբսն պահես եւ զմեղուցեալսն մաքրես եւ տաճարս կազմես
Կենդանի եւ կեցուցիչ կամաց բարձրեալդ Հաւր:
Արդ ազատեա զմեզ յամենայն անմաքուր գործոց,
Որ ոչ է հաճոյ քումդ բնակութեան,
Եւ մի շիջիցին առ ի մէնջ լուսոյդ շնորհաց փայլմունք
Ի տեսականացս աչաց իմաստից,
Վասն զի զքեզ ուսաք միանալ ի մեզ
Ի ձեռն աղաւթից եւ ընտիր վարուց խնկելոց:
Եւ քանզի մինդ յԵրրորդութենէդ պատարագի, եւ միւսդ ընդունի`
Հաճեալ ընդ մեզ հաշտարար արեամբ անդրանկի իւրոյ,
Իսկ դու ընկալցիս զմեր պաղատանս
Եւ յարդարեսցես զմեզ աւթեվանս պատուականս ամենայն պատրաստութեամբ`
Ի վայելումն ճաշակման երկնաւոր գառինդ,
Առանց պատժոց դատապարտութեան ընդունել
Զայս անմահացուցիչ մանանայս կենաց նորոյ փրկութեան:
Եւ հալեսցի ի հրոյս յայսմանէ գայթակղութիւնս մեր,
Որպէս մարգարէին կենդանախարոյկ կայծակամբն
Ի ձեռն ունելեացն մատուցման,
Զի յամենայնի քոյդ քարոզեսցի գթութիւն,
Որպէս Որդւովդ Աստուծոյ` Հաւրդ քաղցրութիւն,
Որ զանառակ որդին մերձեցոյց ի հայրենի ժառանգութիւնն,
Եւ զպոռնիկսն յառաջեցոյց յերկնային արքայութիւնն արդարոցն երանութեան:
Ը
Այո, այո, եւ ես մի եմ ի նոցանէ,
Եւ զիս ընկալ ընդ նոսին`
Իբր մարդասիրութեան կարաւտեալ մեծի,
Շնորհաւք քո ապրեալ, զարեամբդ Քրիստոսի ստացեալս,
Զի յայսմ ամենայնի յամենայնի ծանիցի քո աստուածութիւնդ`
Ընդ Հաւր փառաւորեալ համապատուաբար
Ի մի կամս եւ ի մի իշխանութիւն գովութեան:
Զի քո է գթութիւն եւ կարողութիւն եւ մարդասիրութիւն,
Զաւրութիւն եւ փառք յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:   up

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Բանաստեղծությունն այս պաշտամունքի, 
Որ հոգուս խորքից ընծայում եմ քեզ, 
Օրհնյա՜լ բարեգութ, 
Միավորելով զուգամասնապես 
Խնկաբեր կանանց նվիրումներին՝ 
Խառնիր բարեպաշտ Մարիամի յուղի
անուշության հետ։ 
Հավասարելով ինձ նույն երջանիկ
այդ պոռնիկներին, 
Որոնց հարգանքով հավերժահրաշ դու ընդունեցիր,
Պարարվի՛ր, գթա՜ծ, մեծապես և իմ նվաստ խոսքերով՝ 
Անհասանելի ու բարեբանյալ 
Բարձրյալիդ գլխին տեղ տալով նրանց,
Զերծ պահելով ինձ սաղմոսերգուի այս ամբաստանքից.
«Ցողն հանցավորի չպիտի օծի գագաթն հերապանծ»։
Օժտի՛ր մատյանն այս խոստովանության, 
Օրհնյալ այն տան պես, բույրով համասփյուռ, 
Ամենատարած ու աշխարհալիր, 
Որ այն հասնելով՝ կրկնակ զորությամբ 
Ազդի, ներգործի շատերի վրա 
Եվ լինի նրա հիշատակի պես անմոռանալի։
Այն նույն տերն ես դու, որ զգաստացրիր 
Նախկին չարախոհ մեղավոր կանանց՝ 
Օրինակ տալով նրանց կերպարը սուրբ մարգարեի, 
Որ ճշմարտատիպ կրկնությունն էր քո, 
Այդ ներգործությամբ ցուցադրելով 
Անճառ շնորհիդ իրագործումը նաև իմ հանդեպ։
Դու անասնակեր գարու փոխարեն՝ 
Կենսատու հացի քո բազմահամբար 
Ցորենի բերքը պարգևեցիր մեզ,
Ապականացու այն արծաթի տեղ՝ պատկերդ արքունի, 
Ընդարմարար ու հիմարացուցիչ գինու փոխարեն՝ 
Բաժակն երկնավոր՝ արարչիդ արյան, 
Հին ժողովրդի հայրատ կնոջից 
Առած յուղի տեղ՝ շնորհն օծումիդ,
Վերցրած՝ գլխաշուք այն կտավի տեղ՝
անեղծ վերարկուդ, 
Պերճապաճույճ այն ապարանջանի 
Փոխարեն՝ թռիչք բարեմասնության՝ 
Քո օրենքով ու ավետարանով, 
Այլև գործնական առաքինությամբ, 
Վայելչազարդող գնդի փոխարեն՝ 
Հիշատակն անբիծ՝ տերունի ձայնիդ, 
Կուրծքը պաճուճող այն մանյակի տեղ՝ 
Ավանդները քո ամենահավաք 
Կրոնի քաղցր ու ճշմարիտ լծի:

Բ
Սակայն սրանով ինչո՞ւ պարծենալ, 
Երբ հարկավոր է միայն ամաչել։ 
Եվ արդ, փոխելով ողբերգությունն այս 
Այլ եղանակի, որ պատշաճ է ինձ, 
Ըստ ամենայնի մեղապարտության 
Պատիժն իմ ամբողջ պիտի հատուցեմ, 
Պիտի մեջ բերեմ մարգարեներից
Համառոտակի ամբաստանական խոսքեր խստագույն, 
Ուր կան հառաչներ, ձայներ հեծության, 
Ցասման աղաղակ, սաստիկ լաց ու կոծ 
Եվ նախատինքներ դառն ու խորտակիչ՝
Ոչ թե նրանց հետ պարով բերկրելու, հրճվելու համար, 
Այլ լծակցելու նրանց ողբերին։
Սակայն մեծ Աստծուդ գութն ամենահաս 
Կանխավ հույս տվեց ակնկալելու
Նաև զղջումներ, խոստովանություն, 
Ավետիս, պարգև, երևում լույսի,
Խրախուսանքներ աստվածային ու փառքի ժառանգում,
Հրաշքների ու սքանչելիքի հայտնություն, տեսիլք,
Որոնց մի մասը հույս է ներշնչում,
Մի մասն առթում է խոր վհատություն,
Որի մեջ ընկա ինքս կամովին
Եվ կործանվելով՝ հասա կորստյան։
Եթե Եզեկիելն Աստծո զգեստ 
Համարեց ծածկոց֊-վարագույրը այն, 
Որով ժողովուրդն զգեստավորեց կարկատուն կուռքեր, 
Եվ նրանց կողմից այդ պոռնկել է ինքը համարում, 
Որքա՜ն ավելի խիստ պիտի լինի պատիժը պղծիս, 
Որ արտաքուստ ու ներքուստ հենց իրեն՝
Աստծուն եմ հագել։
Զարմանում եմ, թե ինչպե՜ս չեմ կիզվում, 
Սարսում, թե ինչպե՜ս չեմ այրվում հապա, 
Ապշում, թե ինչպե՜ս չեմ բնաջնջվում՝ 
Տանջված, չարչարկված, լքված, ջախջախված, 
Մանրված, խորտակված ու պատառոտված 
Ժանտ ժանիքներից կորուսչի, ինչպես
ասված է Գրքում։
Սակայն պահված է ինձ համար նաև ՛
Փրկության հույսի հուշարար մի շող, 
Այն, որ Հիսուսի ավետարանը կյանք է բացարձակ, 
Ինչպես որ նաև բառն է ցույց տալիս, 
Զի խոստանում է այն մեղքերին դարձ, 
Պարտքերին՝ զիջում, եղծման՝ նորոգում, 
Քավություն ամեն անօրենության, 
Վերքերին՝ բուժում, տագնապին՝ անդորր, 
Պատերազմներին՝ հանգիստ ու դադար, 
Կրակին՝ անձրև, հանցանքին՝ ներում, 
Պատժի տեղ՝ պարգև, սատակման տեղ՝ ձիր, 
Մահվան փոխարեն՝ կյանքի փրկություն։

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Արդ, առ այսոքիկ թշուառացեալ շնչոյս իմոյ իղձք եւ առ քեզ դաւանութիւնք յարմարականք, որ բովանդակես բանիւ զամենայն, Աստուած, զոր ի նախնին ճառեալ` եւ յերկրորդումս ցուցից: Իսկ յանդիմանութիւնս գրաբանականս` ի կոյտս բազմութեան ազգաց եւ թարգմանութիւնս ժողովրդոց, զայս արգահատութիւնս մաղթողականս նուիրեցի, զոր ներքնաշարեալքդ սահմանադրեն գոհաբանութիւնք:
Բ
Աղաչեմ զանփոփոխելի տէրութիւն ամենազաւր Հոգւոյդ հզաւրի, առաքեա զցաւղ քաղցրութեան քոյ եւ բարեգործեա ի յանձին եւ յիշխանական ազդման զգայութեան զամենալից շնորհ բազմապարգեւ քո ողորմութեան: Եւ հերկեա զբանական անդաստան մարմնեղէն կարծրացեալ սրտիս` յընդունակութիւն արգասեաց հոգեւոր սերմանդ: Քում ամէնիմաստ էութեանդ խոստովանիմք զամենայն պարգեւս ի մեզ ծաղուսուցանես վարդապետս, բարբառեցուցանես համերս եւ բանաս զկեալ եւ աճեցեալ, որ ձեռնադրես առաքեալս, լցուցանես մարգարէս, փակեալ ականջս խլից, որպէս ազգակիցն քո` էակիցն Հաւր անդրանիկն Որդի, քոյին գործակցութեամբ ներգործելով զայս ամենայն, քարոզեաց զքեզ Աստուած հաւասարակից իսկութեանդ Հաւր: Շնորհեա եւ ինձ` մեղաւորիս խաւսել համարձակութեամբ զկենդանարար խորհուրդ աւետեաց Աւետարանիդ` հետեւել արագաթռիչ ընթացիւք մտաց ընդ անհուն ասպարէզս քոյինաշունչ կտակարանաց: Եւ ի մատչել իմ ի գլուխ հանդիսի մեկնութեան բանի` նախաժամանեսցէ առ իս գթութիւն քո` խաւսելով յիս զարժանն եւ զպիտանիսն եւ զհաճոյսն քո ի ժամանակի, ի փառս եւ ի գովեստ աստուածութեանդ քոյ եւ ի լրութիւն շինութեան կաթողիկէ եկեղեցւոյ: Կարկառեա ի վերայ իմ զամենամերձ աջ քո եւ զաւրացո զիս շնորհաւք գթութեանդ քոյ, փարատեա ի մտաց իմոց զմէգ մթութեան մոռացութեան` ապաքինեալ ընդ նմին զխաւար մեղաց, ամբառնալ ուշիւ իմաստիցս ի կենցաղոյս երկրէ ի բարձունս: Լուսաւորեա ի յիս վերստին զծագումն անստուեր հրաշից գիտութեան աստուածութեանդ քոյ, հզաւր, արժանի լինել առնել եւ ուսուցանել` յաւրինակ բարեաց աստուածասէր լսողաց: Եւ քեզ ամենայն փա~ռք յամենայնի` ընդ Հաւրդ ամենակալի եւ ընդ Որդւոյդ միածնի եւ բարերարի այժմ եւ յանվախճան յաւիտեանս: Ամէն:
Գ
Իսկ զհաւատոյ սահման բանի ընտրութեան շնորհի կենաց կանոնի առ համագոյ Սուրբ Երրորդութեանն զայս վարդապետեցի, զոր շաւիղ կարգիդ վերանկարէ:
Խոստովանիմք եւ դաւանեմք, պաշտեմք եւ երկրպագեմք զզուգափառ միութիւն ամենասուրբ Երրորդութեանն. աստուածութիւն անճառ, միշտ բարի, նոյնագոյ, հաւասարապատիւ, անհաս իմաստից թեւոց սլացման, ի վեր քան զաւրինակ եւ անդր քան զնմանութիւն, գերազանց գոլով սահմանի անպարագիր բացարձակութեամբ, յառաջ քան զհիմն յաւիտեանցս անտարրափակ էութեանց, ստեղծականացս կարգաց, աւրհնաբանութեամբ անթարգմանելեաւ, ամենահարուստ մեծութեամբ յաւէտ պսակեալ. հաստիչ ժամանակաց եւ որ ի ժամանակի են կերպաւորեալք, ինքն պատճառ հանդերձիչ եւ յարմարապէս յաւրինիչ տեսականաց եւ աներեւութից. ոչ անուամբ չափեալ եւ ոչ յորջորջմամբ նշանակեալ, ոչ որակութեամբ նմանեալ եւ ոչ քանակութեամբ կշռեցեալ, ոչ աւրինակաւ ձեւացեալ եւ ոչ որպիսութեամբ ծանուցեալ, ոչ ի թերութենէ տարածեալ եւ ոչ ի լրմանէ ամփոփեալ, ոչ ուրեք երբեքի գրաւեալ եւ ոչ ի տեղւոջ վայրի երեւեալ:
Դ
Հայր գթութեանց, ունող ամենայնի եւ Աստուած հանուրց, որ յերկնի եւ որ յերկրի, բաց ի Բանէն միայնոյ, որով զամենայն ինչ ունի, ստեղծիչ եւ տուիչ շնչոց ամենից, բաց ի Հոգւոյն իսկակցէ, որով զհամայնն կազմեաց:
Ե
Մինն յերջանկափառ, համազաւր ահաւորութենէ երիցն անձնաւորութեանց, խոնարհեալ ի վերուստ` աստուստ ի ստորինս, որ էրն իսկ ի բնէ անբաժ ի ներքնոցս` անկապուտ մնալով փառացն աթոռոյ եւ անկարաւտ` դիմացն ծնողին սիրոյ, մտեալ ի սենեակ կուսին արգանդի պարզաբար եւ ելեալ անտի յաւդաւորաբար մարմին էապէս անորոշելի, անթերի մարդկութեամբն եւ անպակաս աստուածութեամբն. մի Որդի Հաւրն միայնոյ եւ միածին անդրանիկ Աստուածամայր Տիրածին կուսին, Արարիչն յեղականումն մարդ ելով ճշմարիտ սկզբնածին: Ահա ոչ զկնի եղելոց երկրաստեղծիցս նմանութեան, այլ նոր եւ չքնաղ, թագաւորաց վեհափառ, որ ոչ ցուցաւ ի դարս եւ ոչ գոյացաւ ի ժամանակս, անդրանիկ, ըստ սաղմոսողին, քան զամենայն թագաւորս երկրի, անապական խառնութեամբ կերպացեալ զմերս ի մարմնի, ըստ աւրինի հոգւոյ` ընդ մարմնոյ, եւ ոսկւոյ` ընդ հրոյ, եւ կամ, յայտնապէս իսկ ասել, լուսոյ` ընդ աւդոյ, ոչ փոփոխեալ եւ ոչ անջատեալ:
Զ
Նոյն ինքն, եկեալ կամաւորութեամբ ի խաչն մահու, իբր զգառն անարատ ի սպանդ վարեցաւ եւ հանդերձեաց զաւրեղ ինքնիշխանութեամբ զարարածոց իւրոց փրկութիւն. չարչարեալ իսկութեամբ կենդանեաւք` եդաւ ի շիրմի անորոշելի յաստուածութենէն. եռաւրեայ թաղմամբն ի դժոխս սանդարամետականացն վհատելոց բանտարգելիցն քարոզեալ ցուցաւ նորոգումն եւ լոյս: Եւ աւարտեալ զտնաւրինականացն զփրկանաւորն զտնտեսութիւն` աստուածապէս վերակենցաղեաց, եւ կառավարեալ ի թեւս հողմոց, ելեալ ի քերոբէս` ամպով անքննութեան ծածկեցաւ. համբարձեալ գեր ի վերոյ ամենայն երկնի` նստաւ ճոխութեամբ յաթոռն իւրական սկզբնաժառանգ Հաւրն հաւասարութեան, յորմէ եւ բնաւ իսկ ոչ մեկուսացաւ` անկորուստ առեցելովն եւ աննուազ սեպհականաւքն: Որով եւ եկեսցէ ի դատաստան հատուցման` քննել զծածկեալսն կշռութեամբ չափոյ արդար իրաւանց, որում սպասեմք եւ յոր աղաւթեմք, հաւատացեալք յամենայնի ամենայնիւ ամենակալ տէրութեան նորա, որ արդարեւ մինն է միայն ի միայնոյն` ի միոյն փառակցութիւն յաւիտեան երկրպագեալ:
Է
Բարեբանեմք միշտ եւ աւրհնեմք ընդ Որդւոյ եւ Հաւր եւ զՀոգի էութեան նոցին, ամենազաւր, ճշմարիտ, կատարեալ եւ սուրբ, որ յանէից գոյացոյց զբոլոր եղեալքս ամենայն. ինքնագործ, հոմիշխան երկուցն եւս ընդ նմին անեղծ եւ անսահման թագաւորութեան. որ ինչ պատճառն առաջին եւ Բանն ահաւոր նորին ինքնութեան, նոյն ինքն եւ Հոգին բարձրացեալ. բարի ինքնակալ, ամենից բաշխիչ զՀաւրն պարգեւս` ի գովեստ անուան փառաց միածնին: Որ ազդեաց յԱւրէնսն, շնչեաց ի մարգարէսն, փչմամբ ազգակցին տպաւորեցաւ յառաքեալսն, կերպիւ աղաւնւոյ ցուցաւ ի Յորդանան` ի մեծութիւն փառաց եկելոյն, փայլեաց ի գիրս աւանդականաց, արար հանճարեղս, զաւրացոյց իմաստունս, լցոյց վարդապետս, աւծ արքայութիւնս, աւժանդակեաց թագաւորս, ետ վերակացուս, հրամանատրեաց փրկութիւնս, շնորհեաց ձիրս, հանդերձաւորեաց քաւութիւնս, զմկրտեալսս ի մահն Քրիստոսի ի բնակութիւն իւր մաքրազարդեաց. զոր` Հայր եւ Որդի, զնոյն եւ Հոգին ներգործեաց, եւ ինքն է Աստուած, խնկեալ տիրապէս ամենայն յամենայնի:
Ը
Քանզի ոչ նախաթուելովն յԵրրորդութեանն ոք մեծ ինչ, քան զմիւսն, եւ կամ զկնի անուանիլն` նուաստագոյն առ նմանն, եւ կամ ի մինն ասելով` խառնակութիւն գոլ դիմացն, եւ կամ յերիցն տրոհումն` ուրոյնութիւն ել կամացն: Քանզի անմեծար Հայր ամենայնիւ, եթէ ոչ զԲանն ունիցի ինքեան զաւրութիւն, որպէս ոչ գոլով ընդ նմա Հոգւոյն` անհագագ ոմն եւ անկենդան եւ առ ամենայն հրաման նուազեալ: Իսկ Բանն, եթէ ոչ անուամբ Հաւրն ծանիցի, որբ ոմն եւ կամ լքեալ եւ կամ ի մահացուէ ումեմն ոչէի: Որպէս եւ Հոգին, եթէ ոչ ի պատճառէն նշանակեսցի, ապաշուք ոմն թափառեալ եւ իբր զշունչ ինչ անդասելի:
Թ
Այլ եթէ ոք հակաճառական բանիւ յաւակնի կապտել զՀայր ի յիւրմէ Բանէն, որ թէ էր երբեմն, յորժամ եւ չէր, եւ անբանութեան բամբասանաւք պատուել վարկանի զվեհին մեծութիւն, եւ կամ ստրկութիւն տացէ բղխողին` ոչ բնաւորաբար գոլով հոգեւոր, որով այլ իմն գոյութիւն աւտար մուծանել եւ կամ ամբոխումն ինչ այլայլական յանարատ պատիւ միութեան սուրբ Երրորդութեանն,- զայնպիսիսն քարամբք պարսից հաւատոյ բանից, իբր զդժնդակ դեւս դիմամարտիկս գազանականս, հերքեալ ի միջոյ` ի բաց հալածեմք, եդեալ ի նզովս զնոյնս ընդ նոսին` փակեմք ընդդէմ նոցին զկենացն մուտ եկեղեցականս գաւթի: Ուստի զսուրբ Երրորդութիւնն փառաւորելով ի նոյն տէրութիւն միակցորդ հաւասարութեան, զուգաձայն սրբաբանութեամբ, հանգունատիպ հարթութեամբ, աւրհնեալ եւ փառաւորեալ յերկնի եւ յերկրի, ի ժողովս անդրանկացն եւ յազգս երկրածնացս բանականաց յաւիտեանս յաւիտենից: Ամէն:
Ժ
Արդ, զայս գոչումն ծածուկ խորհրդոց` կերպաւորելոց յայսմ մատենի, ամենալուր ականջաց մեծիդ Աստուծոյ ընծայեցուցի, սովիմբ սպառազինեալ` եւ ապա մտի ի հանդէսն: Այլ ոչ եթէ կարաւտեալ իմոյս ինչ ձայնի այսու մեծանաս, որ մինչ չեւ ստեղծեալ էր քո զամենայն` նախ քան զլինելն երկնի փառաբանչաւքն անմահից եւ երկրաստեղծս բանաւորաւք, դու քեզէն ի քումդ լրութեան փառաւորեալ իսկ էիր,- այլ զի զմերժեալս` զիս յարգեսցես, անճառ քաղցրութիւն, ճաշակել զքեզ բանիս հաղորդութեամբ: Իսկ զի՞նչ պարտ իցէ ըստ արքունական հրամանիդ` կենաց կանոնիդ ասել Ադոնայի տէր, եւ զհրամայեալ պատուէրդ ոչ առնել: Որ ինձէն իսկ զիս` զոսկեղէն տախտակս խաւսուն, նուիրեալ քումդ պատգամի, զգրեալս մատամբդ Աստուծոյ, եղծի, որ եւ խորտակելն է իրաւացի, եւ ես տխրատեսակ մրով զերկրորդն նմանութիւն առեալ հայթայթեմ: Այլ արդ, քանզի բազմաւք պաղատեցայ դրուատաւք խանդաղատականաւք, որ ոչ է գրեալ ի յայս կարգ ձայնի, լուր, բարեգութ, ըստ սմին բանի այնմ ամենայնի: Եղիցի եւ այս աղերս բարբառոյ հայցման աղաւթից յաւդեալ ընդ նոսին, թերեւս ի մաքրոց եւ ի կամարարից այս նուէր հացի պանից բաղարջոց` իւղով զանգելոց ի սեղան փառացդ քոց մատիցէ:
ԺԱ
Այլ դու, բարերար եւ յամենայնի մարդասէր, Քրիստոսդ մի Աստուծոյ միոյ, հզաւր եւ ամենակալ, որ յաղթես գթութեամբ խնամոց քաղցրութեան քոյ ոչ հասարակականաց միայն մարդկութեանս իմոց գոյակցաց, առ որս յաւէտ է ամբոխութիւն եւ բիւրամասնեայ հակառակութիւն, այլ եւ հրեշտակացն անախտականութեան, նաեւ եւս քան զայս` սրբասնելոցն անարատութեան, յորոց մի էր եւ Հեղիաս, որոյ ցոյցք խստութեանն ի Քորէբ լերինն նշանակեցաւ յերիս աւրինակս` ի շարժումն մեծ, ի հողմն ուժգին, ի հուրն կիզանողական,- իսկ քոյդ հեզութիւն երկայնմտութեան` ի հանդարտութիւն մեղմութեան աւդոյն քաղցրութեան, քանզի կամաց ողորմութեանց դու միայն ես, ըստ գրեցելումն: Վասն զի թէ եւ հաճոյք գտան մերասերքս առաքինութեամբն յեղանակեալ յայլ նմանութիւն վերնային, սակայն երկրածինք են եւ նոքա, ընտրեալք ի մարդկանէ: Իսկ դու ոչ ունիս չարանալ, իսկութեամբ բարիդ, յամենայնի աւրհնեալդ, ամենեւին փրկութիւնդ, ամենայնիւ հանգիստդ, համայնից անդորրութիւնդ, համաւրէն ախտացելոց դեղ առողջութեան, աղբիւր ջրոյ կենդանւոյ, ըստ Երեմիայ:
ԺԲ
Դարձ առ իս եւ ողորմեա ինձ, որ այնքան ծարաւես, պասքիս, կարաւտդ Աստուած, իմում փրկութեան, մինչ զի զուարթնոցն երկնից անմահից աւրհնաբանողաց բան իմն ընծայեցեր մարդկաւրէն փրկական քահանայապէս եւ քաւչապետաբար` անեղծական յարակայութեամբ մշտնջենաւոր պաղատանս աւրհնեալդ քո գթութեան ի մերոց դիմաց կենցաղականաց` վասն իմ լքելոյս հաշտութեան մաղթել` ողորմեա Երուսաղեմի, որ է լուսաւոր խորհուրդ յայց ելանելոյ մեծիդ յայտնութեան առ հրեշտակականն թափուր տեղի ստորանկեցելոյ ի ձեռն մարդկան` քո կցորդութեամբ աւետարանեալ առակաւ այսր աւրինականս Երուսաղեմի:
ԺԳ
Արդարեւ լուար, բարեգութ, անսացեր, թագաւոր,
Ունկնդրեցեր, կեանք եւ յոյս, ի միտ առեր, երկնաւոր,
Յարգեցեր, հզաւր, նկատեցեր, ծածկագէտ, տեսեր, խնամակալ,
Կարեկցեցեր, անպատում, խոնարհեցար միշտ բարձրեալ,
Նուաստացար, ահաւոր, յայտնեցար, անճառ,
Ամփոփեցար, անսահման, քանակեցար, անքնին,
Մածար, ճառագայթ, մարդացար, անմարմին,
Շաւշափեցար, անքանակ, կերպաւորեցար, անորակ,
Լցեր իսկապէս զաղաչողացն բաղձանս:
Դու իսկ եղեր թշուառացելոյս` ինձ, ձայնիւ զուարթնոցն,
Բարի բարեխաւս, միջնորդ կենդանի,
Պատարագ անմահ, սպանդ անվախճան,
Նուէր մաքրութեան, ողջակէզ անծախ, բաժակ անսպառ:
Ահա, ողորմած, մարդասէր, աւրհնեալ,
Միշտ կատարեսցես առ մեղուցելոյս զբարեբաստութիւն
Կամաց քոց կենդանատուաց, գովեալ երկայնամիտ:
Եւ քեզ վայել է փառք յաւիտեանս:
Ամէն:   up

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Ահա իղձերը թշվառ իմ շնչի
Եվ դավանանքն իմ քեզ պատշաճական,
Որոնք թեպետև գրված են եղել արդեն նախապես
Եվ հայտնի են քեզ լիովին, սակայն կրկնում եմ նորից:
Իսկ մեծակուտակ բազմության առաջ
Գրաբանական բեմախոսության
Եվ ժողովրդին մեկնաբանումներ անելու համար
Այս աղերսներն եմ նվիրաբերում՝
Շարադրելով ահա հետևյալ
Գոհաբանական դրվագների մեջ:

Բ
Աղաչում եմ մեծ, անփոփոխելի
Ու ամենազոր տերության Հոգուդ,
Առաքի՜ր, գրա՜ծ, ցողդ քաղցրության,
Ներազդի՛ր հոգուս և զգայության տիրակալ մտքիս,
Օժտի՛ր բազմաձիր, առատապարգև
Ու ամենալիր քո շնորհներով:
Հերկի՛ր բանական անդաստանները
Իմ այս մարմնեղեն կարծրացած սրտի,
Որ կարող լինի պտղաբերելու սերմդ հոգևոր։
Խոստովանում ենք՝ քո ամենիմաստ
Էությամբ է, որ ծաղկում են մեր մեջ
Ու բարգավաճում պարգևներն համայն.
Դու ես ձեռնադրում առաքյալներին,
Մարգարեներին օժտում ներշնչմամբ,
Ուսուցանում ես վարդապետներին,
Բարբառել տալիս համրերին անխոս,
Բացում խուլերի ականջները փակ,
Ինչպես բոլորն այդ ազգակիցը քո՝
Հոր էակիցն ու անդրանիկ որդին
Քո գործակցությամբ իրագործելով՝
Քեզ հոր իսկության հավասարակից աստված հռչակեց։
Շնո՛րհ արա արդ և մեղավորիս,
Որ ես էլ խոսեմ համարձակությամբ,
Մեկնեմ կենսատու խորհուրդն ավետյաց
ավետարանիդ՝
Արագաթռիչ մտքի ընթացքով
Անցնելով անհուն ասպարեզները
Քեզնով ներշնչված կտակարանի:
Եվ երր ձեռնարկեմ այդ հանդիսավոր
մեկնաբանության,
Թող որ հասնի նախ գթությունը քո՝
Իր ժամանակին ներշնչելով ինձ
Այն, ինչ պիտանի, արժանավոր ու հաճելի է քեզ՝
Քո աստվածության, փառքի, գովեստի
Եվ Կաթողիկե սուրբ եկեղեցու
Կատարելության, շենության համար։
Կարկառի՛ր վրաս աջդ ամենամերձ
Եվ զորացրո՛ւ ինձ շնորհներով՝ մեծիդ գթության.
Փարատի՛ր մտքից իմ՝ մոռացության մեգը մթամած,
Ցրի՛ր նրա հետ նաև մեղքերի խավարը անհետ,
Որպեսզի մտքով և իմաստությամբ
Կարողանամ այս երկրավոր կյանքից
ի վեր բարձրանալ։
Թող որ ճառագի վերստին իմ մեջ
Ծագումն անստվեր քո աստվածային
հրաշք-գիտության.
Որպեսզի, որպես բարի օրինակ,
Արժանի լինեմ ուսուցանելու
Աստվածանվեր ունկնդիրներին։

Գ(Ը)
Արդ, գաղտնածածուկ խորհուրդները իմ
Պատկերելով այս ողբամատյանում՝
Ահա բարձրագոչ ընծա բերեցի,
Տե՛ր, ականջներին քո ամենալուր
Եվ դրանով էլ սպառազինված՝ մտա ասպարեզ.
Ոչ նրա համար, սակայն, որ կարիք ունես իմ ձայնին
Եվ դրանով դու պիտի մեծանաս
(Դեռ այն ժամանակ, երբ այս բոլորը չէիր ստեղծել՝
Ո՛չ երկինքն՝ անմահ փառաբաններով,
Ո՛չ երկիրն ու իր բանականներին
Փառավոր էիր արդեն դու ինքնին ամբողջ լրությամբ),
Այլ որպեսզի ինձ՝ մերժվածիս նույնպես
Արժանի անես քեզ ճաշակելու
Խոսքիս հաղորդմամբ, անճա՜ռ քաղցրություն:
Սակայն ի՞նչ օգուտ, որ կյանքի կանոն
Քո հրամանի համաձայն ասեմ «Ադոնայի տեր»,
Բայց չկատարեմ պատվիրանը քո
Ես, որ հենց իմ իսկ ձեռքով ջնջեցի,
Ո՛չ, ավելի ճիշտ, խորտակեցի ինձ՝
Քո մատով գրված ու սուրբ պատգամիդ
Նվիրված ոսկյա տախտակս խոսուն,
Իսկ այժմ ահա տխրատես մրով
Նրա այս երկրորդ նմանությունն եմ ջանում
հարդարել:
Արդ, քանզի բազում խանդաղատական
Այլ դրվագներով պաղատել եմ քեզ,
Որոնք գրված չեն այս ողբի կարգում,
Լսիր, բարեգո՛ւթ, այս խոսքերի հետ և այն բոլորին.
Թող աղերսագին այս աղոթքներն էլ հոդվեն
նրանց հետ.
Թերևս նվերն այս, որպես պան-բաղարջ
յուղազանգված հաց,
Մաքուրների ու կամարարներիդ
Ձեռքով մատուցվի փառքիդ սեղանին։

Դ(Թ)
Բայց դու, բարերա՜ր, համակ մարդասեր,
Մեկ Աստծո միակ Քրիստոս, հզոր և ամենակալ,
Որ խնամածու քաղցր գթությամբ
Գերազանցում ես ոչ միայն մարդկանց
(Որոնք, թեպետև էակից, սակայն,
Իրար նկատմամբ համակված են միշտ խռովումներով
Եվ բյուրապիսի թշնամանքներով ու ներհակությամբ),
Այլ նաև անախտ հրեշտակներին
Եվ սրանցից էլ նույնիսկ ավելի
Սրբասուններին, անբիծ, անարատ,
Որոնցից մեկն էր նաև Եղիան.
Բայց մինչևիսկ սա ուներ խստություն,
Որի նշաններն երևան եկան
Քորեբի վրա երեք ձևերով՝
Շարժմամբ ահավոր, ուժգին հողմով ու կրակով կիզիչ։
Իսկ հեզությունը քո երկայնամիտ
Հայտնվեց հանդարտ, հուշիկ, մեղմաշունչ
հովի քաղցրությամբ,
Զի դու ունես լոկ ողորմասեր կամք, համաձայն Գրքի։
Այնպես որ, թեև մերանյութերն այդ
Առաքինությամբ վերափոխվելով՝
Այլ՝ երկնային տեսք ստանալով՝
քեզ հաճելի դարձան,
Երկրածիններ են և նրանք, սակայն,
ընտրյալ մարդկանցից.
Իսկ դու չես կարող բնավ չարանալ,
Քանզի բարի ես ամբողջ իսկությամբ,
Համորեն օրհնյալ, համակ փրկություն,
Կատարյալ հանգիստ, ամենքի անդորր,
Ամենատեսակ ախտավորների առողջության դեղ
Եվ անմահական ջրի ակն-աղբյուր, ըստ Երեմիայի։
Դարձի՛ր դեպի ինձ քո ողորմությամբ,
անկարո՜տ Աստված,
Դու, որ փրկության իմ ծարավի ես այնքա՜ն
անձկայրյաց,
Որ մինչև անգամ երկնային անմահ
Ու օրհնաբանյալ զվարթուններիդ
Մարդկանց փրկության համար սահմանված՝
Քահանաների, քավչապետների
Հավիտենական պաշտոններ տվիր,
Որպեսզի ի դեմս երկրավորներիս՝
Թշվառ լքյալիս հաշտության համար
Մշտնջենապես պաղատեն օրհնյալ մեծիդ գթության՝
Լուսախորհուրդ այս խոսքով՝ «ողորմի՛ր
Երուսաղեմին».
Որ դու երկրավոր Երուսաղեմի
Ավետարանված սույն օրինակով՝
Ք՛ո մեծ հայտնությամբ՝ ողորմես վերին Երուսաղեմին
Եվ գահավիժած հրեշտակների տեղերը թափուր
Քեզ միաբանած մարդկանցով լցնես:

Ե(ժ)
Եվ դու, արդարն, լսեցիր, գթա՜ծ,
Անսացիր, արքա՜, ունկնդրեցիր, կյա՜նք,
Տեսար, ծածկագե՜տ, ի միտ առար, հո՜ւյս,
Հարգեցիր, հզո՜ր, նայեցիր, հոգա՜ծ, օգնեցիր, անճա՜ռ,
Խոնարհվեցիր, վեհ, իջար, ահավո՜ր,
Հայտնվեցիր, վսե՜մ, մարմնացար, անհո՜ւն,
Չափվեցիր, անհա՜ս, թանձրացար, ճաճա՜նչ,
Մարդացար, աննյո՜ւթ, զննվեցիր, անբա՜վ,
Կերպավորվեցիր, անտա՜րր-անորակ,
Իրագործեցիր, իրոք, բաղձանքներն աղաչողների:
Հրեշտակների թախանձանքներով եղար
թշվառիս՝
Բարի բարեխոս, կենդանի միջնորդ,
Անմահ պատարագ, սպանդ անվախճան,
Նվեր մաքրունակ, անծախ ողջակեզ, անսպառ բաժակ:
Ահա, ողորմա՜ծ, օրհնյալ, մարդասեր,
Թող որ մշտապես կամքովդ կենսատու
Բարեբաստ լինի հոգիս մեղապարտ.
Ո՜վ երկայնամիտ, քեզ վայել է փա՜ռք
հավիտյանս, ամեն:

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, Տէր զաւրութեանց,
Մեծութիւն ահեղ, անտարակոյս տեսաւորութիւն,
Կամք ամէնարձակ, առատութիւն անպակաս,
Ո՞վ ոք զաւրեսցէ տաւնել հանդիսիւ պարերգութեամբ
Ի միոյ կաթուածոյ ցաւղոյ քումդ բարութեան,
Որ ցանկ դեգերիս պատրաստել պատճառս հնարից իմում փրկութեան:
Եւ զոր մեծն է` գրեցից պատմել յապառնիսն:
Քանզի ոչ անուանեցար հրեշտակասէր`
Եւ որ զպետութիւնս նոցունց հաստատեցեր,
Այլ եւ զերկինս ղամբարաւք նոցին` զմատանց քոց գործ,
Ոչ գրեցեր երբէք ի սիրել զնոսա,
Այլ առեր ի պատիւ մեծաց գովեստից`
Առաջին դասեալ զմարդասիրութիւնն:
Վասն որոյ կրկին մեծացուցեր քեզ անուն անճառ` ի խորհուրդս սոսկալիս.
Զերկնայինս լուսակերպիցն կոչեցեր զնոսին
Սպասաւորս եւ գլխաւորս յատուկ մատակարարութեանց,
Իսկ զստորնային ծնունդս մահկանացուաց
Տիրական եւ աստուածական պաշտելի անուամբդ պերճացուցեր.
Անցեալ վերստին ըստ սահման կշռութեան չափոյ`
Լայնեցեր քեզ կտակս գրոց ճառից անբաւից
Զանապակ ծորմանն ծայրագունին վերնում բարութեանն:
Եւս եւ ի մարդանալդ քո` միդ յէութենէ,
Ոմանց` վասն ինքեանց, եւ կիսոց` վասն այլոց
Զեղեր առատութեամբ զտուրս կենաց, արուեստս բազմաւրինակս,
Սքանչելիս աստուածագործս, նշանս ճշմարտատեսիլս:
Որպէս զի թէ անդամալուծին` պակասելոյն ի հաւատոց,
Հոգաբարձացն առաջարկութեամբ զցոյցս յուսոյն` գթացեալ ողորմեցար,-
Եւ որչափ զաւրեսցէ առաւել բան քո ամենակար`
Առ ախտալից մարմնոյս մաքրութիւն աղաղակողիս հառաչման:
Քանզի արդարեւ մեծ են չափք հրաշից,
Քան զանմաքրեալս հոգի սուրբ հաստել,
Զլուացեալս պատկեր անտիրելի աղտոյ ներգործել,
Նա զի եւ երկրորդս, առաւելութեամբ յաւազանին շնորհ յաճախեալ,
Զփառսն հայրենի բարձրացուցանէ:
Բ
Դու ես, Տէր, որ սրբես զմեզ,
Որպէս ընտրեցելոյն քոյ նախատպաւորեցեր` Մովսեսի:
Դու ես, որ ի մեղս եւ յանաւրէնութիւնս
Վերակացու եղեր տոհմին Յակոբայ,
Մինչ յեգիպտացւոցն երկրի ընդ խաւարն հեթանոսաց ընտանենային:
Դու ես, որ աւրէնսգէտ առնես զմեղաւորս ի ճանապարհի,
Ըստ բանի երգողին Դաւթայ:
Դու ես, որ փոխատրես զքարեղէն սրտից կարծրութիւն
Ի լոյծ կակղութեան մարմնոյ գոյութեան` բանի ընդունելութեան:
Դու ես, որ բաւես ընձեռել սիրտ այլ եւ ճանապարհ մի`
Երկնչել ի քէն զբովանդակ կենացն սահման:
Դու ես, որ տաս զերկիւղ քո ի միտս խստութեան`
Առ քեզ ուշ ունել հաւատովք, ըստ մարգարէիցն ձայնի:
Գ
Զաւրհնեալ քո շրթանցդ զաշխարհաստեղծ բերանոյդ
Զաստուածեղէն անձրեւացդ զկեցուցանողդ կաթուած
Մատո լսելեացս դրանց բացարան,
Որով զաւձին խորամանկութիւն բանսարկուին թունից բարձցես եւ բժշկեսցես:
Ամենակալդ ձեռաւք զխաւսականացս շարժողական գործի ըմբռնեալ`
Ազդեա զաւրութիւն ձայնի,
Որ տաս բնաւից ընտրութիւն բանի,
Զի դաստիարակեալ զպատշաճականն`
Մի յանդգնաբար խաւսելով իբր զնախնին` լքայց ի յուսոյդ
Եւ անբանութեան մատնեցայց` վանեալ յորսողէն:
Լուսաւորեա վերստին զխաւարեցեալ հոգւոյս աչս
Կենդանաբաշխ աջոյդ կարկառմամբ,
Զի մի համարձակութեանն շիջեալ լապտեր շնչմամբ վիշապին`
Ի ներքոյ գրուանին ստորածածկեցայց:
Բարձ զանաւրէնութիւնս իմ, Տէր, եւ ընկեա ի խորս ծովու,
Որ է փոքր առակ մեծութեան քումդ անբաւութեան,
Ըստ մարգարէին, զիմս ընկղմել չարութիւն:
Կանգնեա կործանեալս անձին նշան վստահութեան,
Զի մի յուսահատութեանն կոթող կառուցեալ` զծածկեցելոցն բողոքեսցէ:
Բաց, հզաւր եւ գթած, զբժշկարանիդ կենաց վարդապետարան,
Զի զառ ի ներքոյսն մշակութեան կորուսչին սերմանց`
Մանգաղաւ կամացդ հուպ առ արմատ խուզեալ հնձեսցես:
Դ
Դէմ եդեալ հետեւեալ առ քեզ,
Բոլորիցդ Աստուած, պետրոսեան աւրինակութեամբն,
Ի կենցաղիս ծովու մեղանացս ալեաց ընկլուզայ.
Մատո, ժամանեա զաջդ կեցուցիչ յաւգնականութիւն ինձ` սասանեցելոյս:
Ընդ քանանուհւոյն ձայնի ի խորոց սրտիս պաղատիմ.
Սովեցելոյս ասպակասպաս, կաղկանձողական` ամենաթշուառ վտանգաւորիս,
Ապրուստ կերակրոյ փշրանաց հացի
Ի բազմազեղդ քո սեղանոյ մասնաւորեսցես:
Արա փրկութիւն նիւթոյ խորանիս` որդւոյս դառնութեան,
Որ եկիր խնդրել եւ կեցուցանել զիս` զկորուսեալս:
Զի քո է մեծութիւն, յաղթութիւն եւ զաւրութիւն,
Եւ դու ես քաւութիւն եւ բժշկութիւն, նորոգութիւն եւ երանութիւն,
Եւ քեզ վայել է փառք եւ երկրպագութիւն յաւիտեանս:
Ամէն:   up

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արդ, տե՜ր զորության, մեծություն ահեղ, 
Աներկբայելի տեսավորություն, 
Կամք ամենաբաշխ և առատություն աննվազելի, 
Ո՞վ կկարենա պարերգության ճոխ հանդեսով տոնել 
Ցողի մի կաթիլն իսկ քո բարության, 
Քո, որ շարունակ զբաղված ես ինձ 
Փրկության միջոց, ճար պատրաստելով: 
Բայց պիտի գրեմ մեծը առավել,
Որպեսզի պատմվի և ապագայում.
Հրեշտակասեր չանվանվեցիր դու,
Թեև հիմնեցիր պետությունները նրանց համորեն, 
Ոչ էլ երբևէ ասացիր, թե քո մատների գործը՝ 
Երկինքն ես սիրում իր լապտերներով. 
Որպես առավել մեծ գովեստների արժանի պատիվ՝ 
Մարդասիրությունը նախընտրեցիր, 
Որով կրկնապես փառավորեցիր 
Անունդ անճառ վսեմ խորհրդով:
Լուսակերպարան հրեշտակներին 
Սպասավորներ կոչեցիր, հատուկ 
Մատակարարման վերակացուներ, 
Իսկ մահկանացու երկրածիններիս 
Պերճազարդեցիր մեծիդ տիրական 
Ու աստվածային պաշտելի անվամբ:
Չափի ու կշռի սահմաններն անցնող 
Վերին ծայրագույն քո անապական
բարության ծորմամբ՝ 
Ներշնչեցիր՝ քեզ հորինել ճառ ու կտակներ անբավ: 
Այլ նաև մեկդ էականներից, 
Երբ որ մարդացար, զեղեցիր, ոմանց 
Հենց իրենց համար, իսկ ոմանց՝ այլոց, 
Առատաշնորհ կյանքի պարգևներ,
Հրաշքներ պես-պես,
Սքանչելիքներ աստվածագործ և 
Նորանշաններ ճշմարտատեսիլ։
Եթե գթալով ողորմեցիր դու 
Այն թերահավատ անդամալույծին՝
Տեսնելով, որ քեզ դիմում են նրան 
Խնամողները հույս ու հավատով, 
Որքա՜ն առավել զորավոր պիտի
Լինի խոսքը քո ամենակարող՝ 
Մաքրելու համար մարմինն ախտահար 
Քեզ հառաչաձայն աղաղակողիս. 
Քանզի առավել մեծ հրաշք է, տե՜ր, 
Արդեն լվացված պատկերն անարատ 
Զերծ պահել աղտի ներգործությունից, 
Քան սրբագործել անմաքուր հոգին. 
Մանավանդ նախորդն ավելանալով 
Ավազանի լույս շնորհի վրա՝ 
Բարձրացնում է փառքը հայրենի:

Բ
Դո՛ւ ես, տե՜ր գթած, որ մաքրում ես մեզ, 
Ինչպես նախօրոք, որպես օրինակ, 
Ցուցաբերեցիր այդ քո ընտրյալի՝ Մովսեսի վրա. 
Դո՛ւ էիր այն, որ անօրենության ու մեղքերի մեջ՝ 
Վերահսկեցիր Հակոբի տոհմին, 
Երբ Եգիպտոսում ընտանում էին 
Նրանք խավարին հեթանոսության: 
Մեղավորներին լուսավորելով՝ 
Դո՛ւ ես բերում միշտ ճիշտ ճանապարհի, 
Երգասաց Դավթի խոսքի համաձայն. 
Դո՛ւ ես փոխարկում սրտի քարեղեն 
Կարծրությունը՝ լույծ կակղության մարմնի,
Որ կարող լինի խոսքդ ընդունելու.
Դո՛ւ ես ընձեռել կարենում այլ սիրտ և մի ճանապարհ,
Որ ամբողջ կյանքում երկնչենք քեզնից.
Դո՛ւ ես ներշնչում երկյուղդ բոլոր խստամիտներին,
Որ ուշ դնեն քեզ, անսան հավատով,
Մարգարեների խոսքի համաձայն:

Գ
Քո աշխարհաստեղծ բերանի օրհնյալ 
Շրթունքների սուրբ ու կենդանարար շիթն անձրևային, 
Որպես բանալի, ցողի՛ր դռներին իմ լսողության 
Եվ բուժի՛ր իսպառ թույնից խորամանկ,
նենգ բանսարկուի:
Դու, որ ամենքին շնորհում ես ձիրք
ընտիր խոսելու,
Ամենակարող ձեռքովդ օժտի՛ր ինձ ձայնի զորությամբ, 
Որ պատշաճապես տիրապետելով խոսքի արվեստին, 
Չլինի հանկարծ, մեր նախահոր պես, 
Վայրախոսելով հանդուգն ու անկարգ, 
Քո հույսից զրկված ու հաղթահարված որսողի կողմից, 
Մատնվեմ լքման ու անբանության:
Կարկառելով քո աջը կենսաձիր՝ 
Լուսավորի՛ր, տե՜ր, կրկին՝ խավարած աչքերը հոգուս,
Որպեսզի հանկարծ վիշապի շնչից 
Մարած լապտերով համարձակության՝ 
Չստորածածկվեմ գրվանի ներքո:
Հա՛ն արատներն ու չարությունն իմ ողջ, 
Նետի՛ր, ընկղմի՛ր խորքերը ծովի, 
Որ փոքր է անչափ քո աստվածային
մեծության հանդեպ:
Հաստատի՛ր հավատ ու վստահություն
կործանվածիս մեջ,
Որպեսզի կոթողն հուսահատության
Վեր չխոյանա՝ որպես ազդարար ծածուկ ախտերիս:
Բա՛ց, հզո՜ր, գթած, աչքերիս աոաջ 
Կյանքի ուսմունքը քո ամենաբույժ, 
Որ կորստական բողբոջներն իմ մեջ 
Արմատից հնձես կամքիդ մանգաղով:
Պետրոսի նման, Աստվա՜ծ բոլորի, 
Կամեցա քայլերս ուղղել դեպի քեզ, 
Խորասուզվեցի, սակայն, աշխարհիս 
Մեղսածուփ ծովի խոլ հորձանքներում. 
Հասի՛ր օգնության ու սասանվածիս 
Մեկնի՛ր ձեռքը քո ամենակեցույց:
Քանանուհու պես աղեխարշ ձայնով 
Սրտիս խորքերից պաղատում եմ քեզ. 
Որպես սովատանջ ամենաթշվառ կաղկանձող մի շան՝ 
Քո ամենազեղ ու ճոխ սեղանի 
Հացի փշրանքից բաժին հան և ի՛նձ:
Դու, տե՜ր, որ եկար, որպեսզի փնտրես 
Ու կյանք տաս նորից կորուսյալներին, 
Փրկի՛ր նյութեղեն խորանն իմ վշտոտ, 
դառնացած հոգու:
Քանի որ քոնն են և՛ մեծությունը, 
Ե՛վ զորությունը, և՛ հաղթությունը, 
Դու ես քավություն և բժշկություն, 
Ե՛վ նորոգություն, և՛ երանություն.
Քեզ վայել է փառք, երկրպագություն
հավիտյանս. ամեն:

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ քանզի անթիւ են յաճախեցեալ
Եւ գերազանցութեամբ միշտ առաւելեալ
Փրկանաւորդ արգասիք շնորհաց
Առ պարտուցս իմոց առաւելութիւն,
Չարչարանացդ հանդէս եւ յանձնառութիւն:
Զափդ ամփոփիչ, ամենից հոգւոց գոյից արարիչ,
Ի գործարանի մահուն նշանի խաչին հեղուսեր,
Զի զձեռնարձակութիւնն իմ ընդդիմութեան կամաց քոց լքցես:
Զընթացողականդ լծակցութիւն երկոցունց ոտիցդ կեցուցողաց,
Յանարգելութեանս պատճառ, ի պատժարանի փայտին մածուցեր,
Զի զփախուցեալս վայրագութիւն թշուառացելոյս
Գրաւականեսցես գթածաբար:
Բ
Ոչ գաւսանալ ձեռաց կռփողացն հրամայեցեր աւրհնեալ գագաթանդ,
Որ զթզենւոյն տունկ առժամայն չորացուցեր,
Զի եւ զառ իս ներելոյդ աւրինակ կանխաւ աւետարանեսցես:
Ոչ գանողացն ապիրատութեան զխոստովանեալդ Աստուած սպառնացար,
Որ զարուսեակն մթացուցեր,
Զի մահացելոյս անձին բարութիւն հանգստեամբ հանդերձ գործեսցես:
Ոչ զհայհոյչացն հնարաւոր չարաբանութիւն կապտեցեր,
Որ զլուսնին պատկեր երանգաւ արեան գունեցեր,
Զի զանհամարձակ լեզուս ի գովեստ քեզ զաւրացուսցես:
Ոչ նախատողացն մոլեգնութեան սաստեցեր,
Որ զտարերս սասանեցեր,
Զի զթշուառացեալս գլուխ գթութեանդ աւծմամբ իւղեսցես,
Ոչ ի մոլորեցուցիչն կարդալ զքեզ աստուածասպանիցն
Զյաւդուած ծնաւտիցն բաժանեցեր` քակտեալ ի միմեանց,
Որ զկարծրութիւն վիմացն հերձեր,
Զի զանունակս բարեաց հոգիս
Ի բերմանէ ընդունայնութեան ողորմութեամբ հանդարտեցուսցես:
Ոչ զպահապանացն սուրս ընդերաց իւրեանց մատուցեր,
Որ զորովայն աւձին սահեցման հողոյ մատնեցեր,
Զի զտառապեալս մարմնոյ ոսկերս, իբր ի գանձարանի պահեալ,
Կենաց յարութեան արժանացուսցես:
Ոչ ի կնքելն զշիրմին փականս կենդանակիր քո գերեզմանին
Անդրէն յորսայսեալս զնոսին յանդունդս երկրի սուզեցեր,
Զի ի տապանակի անձինս զնշխար լուսոյդ հանգուսցես:
Ոչ ի համբաւելն զքեզ կորուսեալ
Եւ իբր զերկրաւոր մարմին գողացեալ
Համայնաջինջ եւ ամենասպառ զսերմն ծննդոցն կրճատեցեր,
Զի զիս` զանարժանս յիշատակի ընտրութեան բարեաց
Անկորուստ եւ անվնասելի ընդ փրկեցելոցն հաղորդեսցես:
Ոչ յարծաթոյն կրկնակապէն կաշառաձգութիւն,
Որ ի գանձարանէ Հաւր քում նուիրաց
Քեզ գրաւ մատնութեան եւ անարգութեան մասնաւորեցին,
Զուրացողացն մոլեգնելոց,
Ըստ հին հարուածոց հանոյն Մովաբու,
Ի յարձան քարի յեղանակեցեր,
Զի զիս` զվրիպեալս ի հաստատութեանց
Եւ ընդ իշխանութեամբ մահու վաճառեալս,
Արեամբ քո փրկեալ, ի հաստատութիւն վիմիդ կառուսցես:
Աւրհնեա~լ կրկին, աւրհնեա~լ վերստին,
Յամենայնի միշտ աւրհնաբանեա~լ յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:   up

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Որքան էլ անթիվ լինեն պարտքերս, 
Արգասիքները քո շնորհների 
Չարչարանքներիդ հանձնառությունն ու 
Հանդեսները, տե՜ր, որպես փրկանակ՝ 
Գերազանցում են նրանց մշտապես: 
Հոգիներն համայն իր մեջ ամփոփող 
Ափդ արարչագործ մահվան գործիքի՝ 
Խաչի նշանի վրա գամեցիր,
Որպեսզի ընդդեմ կամքիդ ծառացող ձեռքս թուլացնես:
Փրկիչ ոտքերիդ զույգը համընթաց 
Իմ անսանձության պատճառով պատժի
փայտին փակցրիր,
Որպեսզի զսպես բարեգթությամբ 
Վայրագությունը փախչող թշվառիս:

Բ
Չհրամայեցիր՝ օրհնյալ գագաթդ 
Կռփողների ձեռքն իսկույն գոսանա, 
Դու, որ թզենին այն չորացրիր մի ակնթարթում, 
Որպեսզի կանխավ այդ օրինակով 
Եվ ի՛նձ ներելդ ավետարանես:
Չսպառնացիր քեզ՝ դավանված Աստծուդ, 
Գանահարող այն ապիրատներին, 
Դու, որ արեգակն իսկ մթնեցրիր, 
Որ մահացածիս բարությամբ հանդերձ
հանգիստ շնորհես:
Գունավորողդ պատկերը լուսնի
արյան երանգով՝
Կապտացնելով չպապանձեցիր
Հայհոյիչներիդ բերաններն անարգ, նենգ ու չարախոս, 
Որ անհամարձակ լեզուս զորացնես գովեստիդ համար:
Չսաստեցիր քեզ նախատողների մոլեգնությունը, 
Դու, որ տարերքներն իսկ սասանեցիր, 
Որպեսզի թշվառ գլուխս օծես յուղով գթությանդ:
Աստվածասպաններն այն երբ բարձրյալիդ 
Մոլորեցուցիչ էին համբավում, 
Չբաժանեցիր, իրարից քակտած, 
Նրանց ծնոտի հոդերն համորեն, 
Դու, որ ճեղքեցիր ժայռերն ամրակոփ, 
Որ բարիքներին անունակ հոգիս 
Ընդունայնության հոժարությունից 
Քո ողորմությամբ ետ կանգնեցնես:
Պահապանների սրերը իրենց 
Պատյանների մեջ ետ չմխեցիր, 
Դու, որ մատնեցիր որովայնն օձի հողին սողալու, 
Որ ոսկորներն իմ տառապյալ մարմնի 
Պահելով իբրև մի գանձարանում՝ 
Հարության կյանքին արժանացնես:
Երբ կնքում էին փականքները քո
կենսակիր շիրմի, 
Նրանց նույն պահին թիկունքին փռած՝ 
Երկրի անդունդները չսուզեցիր, 
Որպեսզի հոգուս տապանակի մեջ 
Հանգրվանել տաս նշխարը լույսիդ:
Երբ քեզ կորած ու իբրև երկրավոր 
Մարմին՝ գողացված էի համբավում, 
Դու սերմը նրանց ծննդի անհետ 
Ու սպառսպուռ բնաջինջ չարիր, 
Որպեսզի բարի հիշատակության անարժանիս իսկ
Անկորնչելի, անխաթար պահած՝ 
Փրկվածների հետ բաժնեկից դարձնես:
Երբ գանձարանից հորդ տաճարի 
Կողոպտում էին արծաթն համորեն՝ 
Մասն հանելով և քեզ մատնողներին, անարգողներին՝ 
Կրկնակապենքի, կաշառքի համար, 
Ուրացողներին այդ մոլեգնոտած՝ 
Մովաբի հանին հասած՝ վաղեմի 
Պատուհասների օրինակով դու 
Չվերածեցիր քարե արձանի. 
Որ վրիպյալիս հաստատությունից, 
Մատնվածիս մահվան՝ քո արյամբ փրկած՝ 
Հաստատուն վեմիդ վրա ամրացնես:
Օրհնյա՜լդ կրկին, օրհնյա՜լ վերստին, 
Օրհնաբանյա՜լդ միշտ, ամեն ինչում՝ 
Հավիտյաններից հավիտյանս, ամեն:

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Արդ, այդ գումարտակ վերադասեցեալ բարեշնորհութեան
Քոցդ պարգեւաց առ իմս երախտիս,
Ով ամենագութ, բարերար, գովեալ եւ ամենազաւր,
Թէ եւ սակաւք շարագրեցան աստանաւր եդեալ,
Այլ արքայազունք են, իշխանականք ինքնակալութեանց,
Որդիք զաւրութեանց, ծնունդք վեհից,
Մեծափառք, լուսանորոգք եւ հրաշապատիւք:
Յաղթողական վերամբարձութեամբ դրաւշիւք հռչակեալ`
Ըստ գլխոց գլխոց պսակապաճոյճ գեղազարդելոց,
Բերեալ ընդ ինքեանս անթիւ պետութիւնս աւրհնաբանողաց,
Համբոյրս, հեզս, երջանիկս եւ խաղաղականս
Աստուածային հարազատութեանց այնոցիկ նահանգաց,
Զորոց մարգարէն մաղթեաց, ասելով`
Զարթո, Տէր, զզաւրութիւնս քո եւ եկ կեցուցանել զմեզ,-
Որք յոյժ զաւրեն հալածել զմեղս
Եւ զանյուսութեանն կարկուտ հալել եւ փախուցանել,
Քան թէ նախամարտիկն զինուորութիւն երկնային պարուն`
Զգիշերավարն խաւարասէր, սկզբնաներհակ բարւոյն Աստուծոյ:
Քանզի եւ զբնաւն այսքանեացս ձրից,
Որ ի բարձրելոյն ինձ անձրեւեցաւ`
Տկարիս, թշնամւոյս եւ ապախտաւոր ծառայիս,_անճառ է ասել.
Իսկ եթէ համարձակեսցի ոք զաւրել խաւսել
Զսակաւս ի բազմացն, քան թէ զիսկութիւն համանգամայնիցն`
Առ այսոսոիկ զառաջին նիւթն յիշելով, յորմէ հաստեցաւն,
Իբր զտկար ոք նկուն ի զաւրաւորէ մեծէ հերքեալ պարտեսցի:
Բ
Այլ թէպէտ եւ այսպէս գրեցի,
Եւ դարձեալ զնոյն վկայեմ
Առ թերի խակութիւն հողոյս
Եւ կատարելութիւն հաստողիդ
Եւ առ բարիսն իմ չարժանութիւն,-
Սակայն ամենալոյս, աննախանձ եւ բազմազեղուն
Գովեալ արարչութեանդ զաւրեղութեան վանեալ են կարծրութիւնք
Արտաբերութեան սրտի բանսարկուին,
Որ քարին առակաւ յուսահատն վհատութեան,
Սպառմամբ խոպանման աղբերացս երկուց,
Որ ի զգայականս Եդեմայ բղխեալ պատրաստեաց տնկողն,
Զի ոռոգեալ ծաղկեսցի նովաւ,
Որ ի յիս բարեգործութեան կենսատունկն դրախտ:
Ահա մի ցամաքութեամբ արտասուացս
Աղանդահնար պատրանաւք չարաչար խորամանկեսցէ
Վերստին հանել ի փափկութենէ նախնում վիճակին:
Իսկ յորժամ կացցէ Աստուած, համբարձեալ հրաշիւք արուեստից,
Ի մէջ աստուածոց հաշտարանացն խաղաղութեամբ`
Բարձեալ ընդ ինքեան զշնորհացն կտակ,-
Առ որ ամենայն վնասակարութիւնք խարդախութեանց
Եւ կարճմտութիւնք սրտնեղութեանց,
Իբր ընդ վիմեղէն լերին պնդութեան բախեցեալ, ցնդին`
Ջրոյ աւրինակաւ սակաւու հեղեալ
Եւ կամ հողոյ խորտակմամբ փշրեալ:
Գ
Արդ չեւ իմ կշտամբանքս, ըստ ձայնին Յոբայ, ի մարդկանէ իցեն,
Այլ յամենատես աչաց վերին հրամանիդ,
Մտեալ ընդ խղճիս տագնապ երկիւղիս,
Սոսկամ սասանեալ յամենայն կարծեաց:
Ապաւինիմ եւ արդ անձամբ բեկելով
Ի յոյսդ հաստատութեան կենդանի, անեղծ,
Զի ողորմութեամբ նայեցեալ ի յիս,
Իբր ի պարտաւոր կորստեան պատժոց,
Առաջի բարերարութեան երկնայնոյդ
Յանդիման եղեալ ապաձեռն անթոշակութեամբ,
Զքոյդ երախտիս անպատում փառաց
Բերելով ընդ իս` յուշ քեզ արկանեմ,
Որ ոչ մոռացմամբ զբաղեալ` նիրհես
Եւ ոչ թարթափմամբ աչաց ընդմիջեալ` զհեծութիւն կրից անտեսես:
Վերացո յինէն, աղաչեմ զքեզ,
Խաչիւդ լուսոյ զխեղդ վտանգիս,
Հոգարկութեամբ տրտմութեանդ` զտարակուսելի տխրութիւնս,
Փշանիւթ պսակաւն` զբողբոջ մեղացս,
Զարկուածով գանին` զհարուած մահուս,
Ապտակին յիշմամբ` զկարիս ամաւթոյս,
Թշնամանաւք թքոյն` զանգոսնելի գարշութիւնս,
Լեղւոյն ճաշակմամբ` զհոգւոյս դառնութիւն:
Դ
Ահա քո են այս ամենայն բարութիւնք անբովանդակելիք,
Աստուծոյ միոյ միածին Որդի,
Առ որովք զչարութիւնս իմ յիշատակեալ`
Զամէնաւրհնեալ անուն քո կարդամ
Բարձր աղաղակաւ, իմանալեացս պաղատանաւք:
Տես ի խոստովանութիւն զղջման պարտութեան ամաչեցելոյս
Եւ տուր ողորմութիւն որդւոյս սատակման մահուն անմահի,
Զի ի բազմութեան իմոցս մեղաց, վերստին կրկնեալ
Նովին աճեցմամբ առաւելութեամբ, քո ողորմութիւնդ աւետարանեսցի`
Հռչակեալ հնչմամբ ահաւորութեան յերկնի եւ յերկրի:
Եւ քեզ ընդ Հաւր, Հոգւովդ Սրբով փա~ռք յաւիտեանս:
Ամէն:   up

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արդ, թեպետև ինձ բարերարելու
համար շնորհած
Հիշյալ բազմակույտ պարգևներից քո
Քչերը այստեղ հիշատակվեցին,
Ո՜վ ամենագութ բարերար, գովյալ և ամենազոր,
Սակայն բոլորն էլ արքայազուն են, 
Ինքնակալ իշխան, զորության որդի,
Վեհերի ծնունդ, սքանչելափառ,
Լուսանորոգ ու հրաշապատիվ,
Բարեհռչակված ի վեր ամբարձած հաղթ դրոշներով.
Գեղազարդված ու պսակապաճույճ, 
Իրենց հետ մեկտեղ բերելով նաև 
Անթիվ օրհնաբան, հեզ, բարեհամբույր, 
Երջանիկ, խաղաղ, աստվածահաճո 
Հրեշտակներ հենց այն նահանգներից, 
Որոնց մասին և մաղթեց մարգարեն. 
«Արթնացրո՜ւ, տե՜ր, զորությունը քո,
ե՛կ մեզ փրկելու»: 
Սրանք կարող են մեղքերն հալածել, 
Հալել կարկուտը հուսահատության, 
Փախցնել անհետ ավելի սաստիկ, 
Քան վերին գնդի առաջամարտիկ զորավարը քաջ՝ 
Գիշերավարին այն խավարասեր, 
Նախաներհակին բարերար Աստծո:
Անհնարին է թվել անհամար շնորհները այն, 
Որ անձրևեցին բարձրյալիդ կողմից 
Տկար, թշնամի ու երախտամոռ ծառայիս վրա. 
Իսկ եթե մեկը համարձակություն առնի խոսելու,
Ապա թողնելով իսկությունն համակ՝ 
Բազմաթիվներից քչերը ասել կկարողանա,
Դրանց համեմատ՝ մտաբերելով 
Նյութն այն աոաջին, որից ստեղծվեց, 
Որպես մի տկար ու նկուն՝ պարտված 
Մեծ զորությունից՝ պիտի պապանձվի:

Բ
Թեպետ, արդարև, այդպես գրեցի 
Եվ դարձյալ նույնը պիտի հաստատեմ 
Ամենաստեղծիդ կատարելության 
Եվ հողանյութիս թերի խակության 
Ու բարիքներիդ իսպառ անարժան լինելու մասին,— 
Բայց ամենալույս ու բազմազեղուն,
աննախանձ, գովյալ 
Քո արարչության զորության հանդեպ 
Խափանվում է և ներգործությունը սկզբնաչարի, 
Որ ջանում է միշտ հուսահատությամբ 
Սիրտս քարի պես կարծրացնելով՝ խոպան դարձնել, 
Սպառելով այս աղբյուրներս զույգ, 
Որոնք եդեմում իմ զգայական 
Տնկարարն ինքը հենց բխեցրեց, 
Որ ոռոգվելով նրանցով՝ ծաղկի 
Իմ մեջ մշտապես կենսատունկ դրախտ
բարեգործության:
Ուստի չլինի՛, որ պատրանքներով
աղանդահնար, 
Խորամանկությամբ նենգ ու չարարվեստ 
Արտասուքներս ցամաքեցնելով՝
Զրկի վերստին ինձ վայելչական նախկին վիճակից: 
Իսկ երբ երևա Աստվածն համբարձյալ
իր հրաշքներով՝
Խաղաղարար ու հաշտության միջնորդ
աստվածների մեջ,
Շնորհաց կտակն իր հետ բերելով, 
Բախվելով նրան, ինչպես ժայռակոփ ամրակուռ լեռան, 
Կցնդի ամեն մի խարդախություն, նենգություն, չարիք, 
Ամեն փոքրոգի կարճամտություն՝ 
Հողի գուղձի կամ մի բուռ ջրի պես:

Գ
Կշտամբանքներս գալիս են, ավա՜ղ, 
Ըստ Հոբի խոսքի, ոչ թե մարդկանցից, 
Այլ ամենատես աչքերից վերին հրամանի քո,
Որի երկյուղից սոսկում եմ, դողում՝
Խղճով վարանած ու տագնապահար.
Եվ արդ, սրտաբեկ ապավինում եմ
Հույսիդ հաստատուն, կենդանի, անեղծ,
Որպեսզի նայես ինձ ողորմությամբ՝
Իբրև կորստյան դատապարտվածի, 
Երբ ներկայանամ երկնավոր մեծիդ բարերարության
Իսպառ անպաշար, ձեռնունայն, դատարկ,
Երախտիքները անպատում փառքիդ
Բերելով ինձ հետ՝ քեզ հիշեցնեմ,
Քեզ, որ չես նիրհում մոռացմամբ տարված,
Ոչ էլ երբևէ գեթ մի ակնթարթ
Հեծեծանքներն ես անտեսում վշտի:
Վերացրո՛ւ ինձնից, աղաչում եմ քեզ, 
Խաչովդ լուսավոր՝ խեղդը վտանգիս, 
Հոգածությամբ քո՝ տխրություններս ամենավարան, 
Փշե պսակովդ՝ բողբոջը մեղքի, 
Գանահարությամբ՝ հարվածը մահու, 
Ապտակի հիշմամբ՝ տանջանքն ամոթի, 
Թքի անարգմամբ՝ գարշություններս ամբաստանելի, 
Լեղու ճաշակմամբ՝ դառնությունն հոգուս:
Քոնն են այս բոլոր բարությունները, 
Միածի՜ն որդի միակ Աստծո,
Որոնց համեմատ չարություններն իմ հիշատակելով՝ 
Քո ամենօրհնյալ անվանն եմ դիմում արդ
բարձրաղաղակ
Պաղատանքներով մտքիս ու հոգուս:
Նայի՛ր այս զղջման խոստովանության 
Մեղապարտությամբ ամոթահարիս. 
Սատակման որդուս ողորմիր՝ անմահ մահով մեռնելու. 
Որպեսզի անթիվ մեղքերիս չափով՝ 
Ողորմությունդ բազմապատկվելով աոավելապես՝ 
Կրկին ու կրկին ավետարանվի, 
Բարեհռչակված հնչի վեհորեն 
Թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա. 
Եվ քեզ, քո հոր հ սուրբ Հոգուդ հետ
փա՜ռք հավիտյանս, ամեն:

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Բայց արդ, որպէս երբեմն յայլ ընթերցուածի,
Որ ի սկզբնաւորականացն կարգի,
Զմեղանացն զխաւարային ծնունդս գլխաւորացն
Աւրինացն մարմնականացն անդամոց գրեցի,
Յորոց տիրեցայ ժառանգս մահու,-
Նոյնպէս եւ յայսմ սահման ընտրութեան բանի
Զլուսածնելոցն զազատարարն աւրէնս հոգւոյն կենաց, որ ի Տէր Յիսուս,
Յիշատակեցից նուազս ի յոգունց,
Իբր յանբաւ բազմութեանց ծովու կաթիլ մի առեալ:
Բ
Քանզի են արդարեւ կայսերականք ոմանք,
Ի բարձրութեանն գահի բազմեալք,
Թոշակաւն շնորհաց լցեալք եւ հարստացեալք`
Թագաւորն եւ սիրեցեալք իւր,
Արքայն եւ պատուաւորք իւր,
Պսակեալն եւ իշխանականք իւր,
Բարեհռչակեալն եւ հնչմունք իւր,
Յաղթողականն եւ փողք իւր,
Զաւրաւորն եւ մարտիկք իւր,
Գովեցեալն եւ փառք իւր,
Փեսայն եւ պարաւորք իւր,
Դշխոյն եւ աւրիորդք իւր,
Փեսաւէրն եւ հանդերձանք իւր,
Ազատութիւնն եւ շնորհք իւր,
Այցելութիւնն եւ ձեռն իւր,
Խոստումն եւ քաւութիւն իւր,
Պահպանութիւնն եւ աջ իւր,
Պարգեւն եւ զարդ իւր,
Նշանն կենաց եւ ամրութիւն իւր,
Կնիքն եւ նկարագիր իւր,
Ամպն եւ հովանի իւր,
Արուեստն եւ հրաշք իւր,
Հոգին եւ անեղծութիւն իւր,
Բանն եւ կատարած իւր,
Ուխտադրութիւնն եւ լրումն իւր,
Զաւրութիւնն եւ հրամանք իւր,
Լուացարանն եւ սքանչելիք իւր,
Մանանայն եւ անապականութիւն իւր,
Վէմն կենդանի եւ վտակք իւր,
Սիւնն հրոյ եւ ճառագայթ իւր,
Որոտումն եւ ազդմունք իւր,
Յոյսն վերին եւ փրկութիւն իւր,
Ծառն աւրհնութեան եւ պտուղք իւր:
Բարունակն եւ բարութիւնք իւր:
Եւ զի մի զբնաւն ասելով յամենայնէն վրիպեցայց,
Իբր յարեգակնէ այլայլեալ աչաց տկարութիւն,
Ի շատն ասել լռեցից եւ ի սակաւն ժամանեցից`
Բաւականացեալ ամէնապիկար կարիւ:
Գ
Բայց աւա~ղ յաւէտ աստանաւր թշուառացելում եղկելի անձինս,
Քանզի կարգ բանիս բերէ ինձ խառնել
Ընդ ձայն աւետեացս բողոք գուժիս,
Վասն զի ընդ այսոսիկ առընթեր սորին
Գայ արդարութիւնն եւ կշիռքն,
Վճիռն եւ հատուցմունքն,
Քննութիւնն եւ լոյսն,
Յանդիմանութիւնն եւ ղամբարքն,
Մերկութիւնն եւ պատկառանքն,
Յայտնութիւնն եւ ամաւթն,
Անբիծն եւ վաստակքն,
Թիւրեալն եւ պատիժքն:
Դ
Դարձեալ վերստին աշխարհ կրկին եղկելոյս,
Քանզի գայ հասանէ առ հասկ հասակիս անհնարին բարկութեամբ
Մանգաղն` առ հունձսն,
Դատաւորն` առ ատեանն,
Հզաւրն` առ բեմն,
Սպառնացեալն` առ կորուստն,
Բազուկն` առ դատաստանն,
Գաւազան խրատուն` առ հարուածն,
Սպառազինութիւնն` առ նախանձն,
Հովիւն` առ ընտրութիւնն:
Քանզի բանն, զոր խաւսեցար ընդ իս,
Նա դատի զդատապարտեալս ի վերջնում աւուր հատուցմանն:
Այլ կանխեա, բարեգութ, նախընծայ քաղցրութեամբ`
Առ նուաղ հեծութիւն վարանական երկիւղիս
Եւ զաւրութիւն ընձեռեա ձեռամբդ աւրհնութեան
Ի յետին տագնապիս` առաջինդ քո աւգնականութեամբ
Մխիթարել, բժշկել, քաւել եւ կենագործել:
Եւ քեզ փա~ռք յամենայնի յաւիտեանս:
Ամէն:   up

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Ինչպես նախընթաց մի դրվագի մեջ
Պատկերեցի ես գլխավորագույն
Մեղքերի խավար ծնունդները, որ
Մարմնի բնության օրենքներով են պայմանավորված,
Որոնք տիրեցին մահու ժառանգիս,
Այնպես էլ այժմ այստեղ, այս գլխում
Կհիշատակեմ քիչը շատերից,
Ինչպես անսահման ծովի ջրերից առած մի կաթիլ,
Հոգևոր կյանքի օրենքները այն,
Որ ազատում են լուսածիններին տեր Քրիստոսով:

Բ
Կայսերական են դրանք, արդարև.
Բազմած վեհապանծ գահերի վրա
Եվ շնորհների պաշարով լցված ու հարստացած.
Թագավորը՝ իր սիրելիներով,
Արքան՝ խմբերով իր վսեմաշուք,
Պսակավորն՝ իր իշխանների հետ,
Բարեհռչակվածն՝ իր համբավներով,
Հաղթողն՝ իր փողով, գովյալն՝ իր փառքով,
Զորավարը՝ իր մարտիկների հետ,
Փեսան՝ բոլորված պարավորներով,
Դշխոն՝ իր անբիծ օրիորդների մեջ,
Փեսավերը՝ իր հանդերձավորմամբ,
Ազատությունը՝ իր շնորհներով,
Օգնությունն՝ աջով, պահպանությունն՝
իր ձեռքով հոգածու,
Խոստումն՝ իր քավմամբ, պարգևն՝ իր զարդով,
Կենաց նշանը՝ իր ամրապնդմամբ,
Կնիքը՝ դրոշմով, ամպն՝ իր հովանիով,
Արվեստն՝ իր անճառ հրաշագործմամբ,
Հոգին՝ սրբությամբ, ուխտն՝ իր լրումով, խոսքն՝
իր կատարմամբ,
Զորությունը՝ իր հրամաններով,
Լվացարանն՝ իր սքանչագործմամբ,
Մանանան՝ անխառն անապակությամբ,
Կենդանի վեմը՝ իր վտակներով,
Հրեղեն սյունը՝ իր ճառագայթմամբ,
Որոտն՝ ազդումով,
Երկնային հույսը՝ իր փրկության հետ,
Օրհնության ծառն՝ իր պտղառատութամբ
Եվ բարունակը՝ իր բարիքներով:
Սակայն որպեսզի ամբողջն ասելու
ցանկությամբ տարված՝
Չվրիպեմ ես հանկարծ բոլորից՝
Արևի պայծառ լույսից այլայլված
Ու տկարացած, շաղված աչքի պես,
Հրաժարվում եմ շատը ասելուց,
Որպեսզի գոնե սակավին հասնեմ՝
Բավարարվելով ամենապիկար իմ կարողությամբ:

Գ
Բայց ավաղ՜ հավետ այստեղ իմ թշվառ
եղկելի հոգուն,
Զի խոսքերիս կարգն ստիպում է ինձ,
Որ ավետաբեր ձայնին խառնեմ և գուժկան աղաղակ.
Քանզի սրանց հետ, սրանց առընթեր
Գալիս են նաև արդարությունը՝ իր կշիռներով,
Վճիռն՝ հատուցմամբ,
Քննությունը՝ իր լույսով երկնային,
Ամբաստանությունն՝ իր լապտերներով,
Մերկացումը՝ իր խայտառակությամբ,
Հայտնությունը՝ իր ամոթանքներով,
Անապականն՝ իր վաստակների հետ,
Իսկ թյուրընթացն՝ իր պատիժներով լոկ:

Դ
Դարձյալ ու դարձյալ ո՜ղբ ինձ՝
կրկնակի թշվառ եղկելուս,
Քանզի անպատում բարկությամբ ահա
Գալիս հասնում են հասակիս հասկին
Մանգաղն՝ հնձելու,
Դատավորն հզոր՝ ատյան տանելու,
Սպառնացողը՝ դատապարտելու
Պատժիչ մտրակը՝ պատուհասելու,
Սպառազենը՝ վրեժխնդրության,
Իսկ հովվապետը ընտրության համար:
Եվ քանզի վերջին օրը հատուցման
Դատապարտյալիս պիտի դատի քո
Հենց այն խոսքը, որ ինձ հաղորդեցիր,
Նախընծայելով քաղցրությունը քո՝
Կանխի՛ր, բարեգո՜ւթ, ամենավարան
Երկյուղիս նվաղ հեծեծանքները
Եվ մխիթարի՛ր, բժշկի՛ր, քավի՛ր
Ու կենագործի՛ր նախկին օգնությամբ՝
Ընձեռելով ինձ օրհնյալ քո ձեռքով
Զորություն վերջին տանգապիս պահին։
Քեզ վայել է փառք ըստ ամենայնի
Հավիտյաններից հավիտյանս, ամեն:

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ քանզի զկերպարանն առաջին լքի
Ի վնասակարին թելադրութենէ,
Իմովս ծուլութեամբ կորուսեալ իսպառ,-
Ցուցից արդ այժմուս զհնոյն յիս տեսակ`
Ողորմելի հեծութեամբ թախծեալ ի հոգի,
Անաչառ խայտառականաւք հրապարակաւ
Ի յեկեղեցիս բազմութեան ազգաց վերապատմեցից`
Բարձր ձայնիւ, բարբառով մեծաւ աղաղակելով:
Բ
Մատեանս շնչական, բարդեալ ի յինքեան
Ներքոյ եւ արտաքոյ ողբս եւ վայս եւ ձայնս,
Ըստ տոմարի տեսլեանն Եզեկիելի,
Քաղաքս անպատուար եւ անմահարձան,
Յարկս ունայն ի դռնափակաց ամրութեանց,
Աղս տեսակաւ, այլ ոչ համեղութեամբ,
Ջուրս աղտաղտին, անախորժելի ծարաւեաց արբման,
Գետինս անաւգուտ հերկագործութեան,
Սահմանս լքեալ, հեղեղավայրս կնիւնոյ,
Խոպանացեալ եւ տատասկաբեր անդաստանս,
Աստուածախնամ երկիրս անձնաւոր,
Որ բանսարկուին պատրանաց մշակեցայ,
Իւղընձիւղ փայտս պտղակորոյս,
Հատանելի ծառս ունայնաբոյս,
Կրկնամեռ խաւսուն տունկս անյոյս,
Ամենաշէջ ճրագարանս անլոյս:
Գ
Արդ, վերստին առ սոյն բերելով
Զայս նմանութիւն աւաղականաց` բազմաւք կրկնեցից,
Որ ամաւթոյն դառն պատուհաս պահեալ կայ հիքոյս,
Կրճումն ատամանց եւ անկէտ լալումն` աչաց եղկելոյս,
Հայրական ցասումն անսպուժելի` դառնութեան որդւոյս,
Ապականութիւն աննորոգելի` մեղուցեալ մարմնոյս,
Նոր կշտամբութիւն գտողիս չարեաց` ախտացեալ հոգւոյս,
Տարտամ տագնապի տարակուսանաց` ելից գերելոյս,
Զոր երկնային զաւրքն մատուցանեն թշուառացելոյս`
Ի խրձունս որոմանցն վկայելով վտանգեցելոյս,
Ի ձայն ահարկու զանբժշկութիւնն ազդել լքելոյս:
Դ
Ահա, արդարեւ, երգս կատակերգութեան
Ջնարահար պոռնկի, յածեալ եւ կոծեալ,
Քաջ հնչեցուցեալ ողբս ողորմելիս եւ զկծեցուցիչս,
Ըստ առակաւոր բանին Եսայեայ, որ ի Պատգամին Տիւրոսի:
Զի թէ նա, զդիպուածն փոքր անցից ապառնեացն ի մաւտոյ իմն տպաւորեալ,
Բողոքէր դիմակս դիմակս կերպից կերպից աւաղականաց,
Ըստ կոծողացն կաքաւելոյ,
Իսկ առ իս ո՞րչափս եւ ո՞րպիսիս ձայնս մրմնջեցից վհատեցուցիչս,
Որ գալստեանն տեառն սպասեալ առանց վրիպանաց`
Մնացի անպատրաստ եւ անհանդերձելի:
Ե
Արդ, եթէ զդատաստանացն ահաւորութիւն կրկնեցից,
Բազմացուցից ինձ աշխար,
Ապա եթէ զփորձն իսկութեամբ ցուցից,
Յաճախեսցէ ինձ երկիւղ,
Իսկ եթէ զկերպարանացն տեսիլ գրեցից,
Առաւելուն ինձ հատուցմունք,
Զի կանխաւ նկատեալ զսոյնս` եւ ոչ անագան ապաշաւեցի:
Այլ խնայեա յիս, գթած, մարդասէր, հզաւր, բարերար,
Ամենապարգեւ Քրիստոս թագաւոր, աւրհնեալ յաւիտեանս:
Ամէն:   up

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Քանզի նախնական կերպարանքը իմ
Չարի սադրանքով և իմ ծուլությամբ
Ձեռքից բաց թողած՝ իսպառ կորցրի,
Պիտի ցույց տամ և նմանությունն այն,
Որ արդի պատկերս ունի հնի հետ.
Թախծալի հոգուս ողորմ հեծությամբ
Համայն ազգերի բազմության առաջ
Հրապարակավ անաչառորեն խայտառակելով՝
Պիտի մեծաձայն ու բարձրաղաղակ բոլորը պատմեմ։

Բ
Մի մատյան եմ ես, մատյան շնչավոր,
Ըստ Եզեկիելի տեսիլքի, բարդված ներսից ու դրսից
Հառաչանքներով, ողբ ու վայերով,
Քաղաք՝ անպատվար ու անմահարձան,
Տուն՝ առանց ամուր դռնափակերի,
Աղ՝ տեսքով միայն և ոչ թե համով,
Ջուր՝ դառնալեղի, անպետք ըմպելու,
Գետին՝ անօգուտ երկրագործության,
Դաշտ՝ լքված, դարձած լոկ հեղեղավայր
ճահճախոտերի,
Անդաստան՝ խոպան ու տատասկաբեր,
Աստվածախնամ հող եմ անձնավոր,
Մշակված, սակայն, պատրանքով դևի,
Ձիթենի՝ ամուլ ու պտղակորույս,
Կտրատելու ծառ՝ գոս, անբարեբեր,
Կրկնամեռ խոսուն տունկ հուսակորույս,
Լիովին մարած անլույս մի կանթեղ։
Արդ, սրա նման պիտի վերստին
Կրկնեմ և բազում այլ ավաղումներ,
Այն, որ պահված են հեգիս՝ ամոթի
դաժան պատուհաս,
Ատամնակրճում ու անհատնում լաց՝ եղկելուս աչքին,
Անողոքելի հայրական ցասում՝ դառնացած որդուս,
Մեղսամած մարմնիս՝ աննորոգելի ապականություն,
Ախտավոր հոգուն չարիք գտնողիս՝ նոր
կշտամբանքներ,
Թշվառ գերյալիս՝ տագնապալից ու տարտամ
տվայտանք,
Որ պիտի հասնեն երկնային զորքից օրհասիս պահին,
Երբ հայտարարեն, թե պիտի այրվեմ
Որոմների չոր խրձերի նման
Եվ ազդարարեն ահարկու ձայնով հուսալքվածիս՝
«Անբուժելի ես»։

Գ
Ահա, արդարև, այն պոռնկուհի քնարահարի
Խեղկատակային երգերն են սրանք,
Որ թափառելով, կուրծքը ծեծելով,
Հնչեցնում էր նա մեծ ճարտարությամբ՝
Կսկծեցուցիչ ու աղիողորմ,
Ըստ առակավոր խոսքի Եսայու՝
Տյուրոսի մասին գրած պատգամում։
Եթե նա դիպվածն այդքան աննշան՝
Անցքն ապագայի, պատկերացնելով որպես մոտավոր՝
Գանգատվում էր դառն ավաղումներով, պես-պես,
բազմակերպ՝
Կաքավումներով կոծող կանանց պես,
Հապա ես՝ գերիս, որ սպասելով
Տիրոջ գալստյան, ստույգ, անվրեպ՝
Մնացի այսպես լրիվ անպատրաստ,
Որչա՞փ, ինչպիսի՞ վհատեցուցիչ ողբեր մրմնջամ։
Եթե վերհիշեմ ահավորությունն
այն դատաստանի,
Միայն վշտերս պիտի սաստկացնեմ.
Եթե փորձությունն իսկությամբ ցույց տամ,
Երկյուղս կաճի.
Եթե կատարվող տեսարանները ճշտիվ պատկերեմ,
Հատուցումներս պիտի մեծանան.
Քանզի նախապես այդ իմանալով՝
Գոնե ուշացած չապաշավեցի։
Բայց խնայի՛ր ինձ, գթա՜ծ, մարդասեր, հզոր, բարերար,
Ամենապարգև արքա՜Քրիստոս,
Օրհնաբանյա՜լդ հավիտյանս, ամեն։

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Ամենակալ Աստուած բարերար, ստեղծիչ բոլորից,
Լուր հառաչանաց ձայնիս վտանգի
Եւ յերկիւղէ տագնապի ապագայիցն կարծեաց
Փրկեա կարող զաւրութեամբ` զերծեալ ի պարտեաց,
Քանզի բաւական ես յամենայնի առ ամենայն հնարս զաւրանալ`
Անբաւ մեծութեամբ եւ իմաստութեամբ անսահմանելեաւ:
Բ
Եւ քանզի ուշիւ մտացս տեսեալ ի հեռուստ
Զհանդերձելոցն հանդէս ահաւորափայլ,
Նկատեմ ինձէն աստանաւր կանխաւ
Զտիւն լուսոյ` սրբոցն յուսոյ,
Զաւրն խաւարի` պատժապարտիս պատուհասի,
Ուստի ոչ զաւրէ ոք յէիցս առ պատսպարան փախստեան`
Ոչ անդունդք խորոց, ոչ գեհք վհից,
Ոչ բարձրութիւնք լերանց, ոչ անձաւք քարանց,
Ոչ կարծրութիւնք արձանաց, ոչ ծերպք ծակաց,
Ոչ փապարք փոսից, ոչ սորք հեղեղաց,
Ոչ բաւիղք խորշից, ոչ շտեմարանք յարկաց,
Ոչ ծածկութիւնք սենեկաց, ոչ եմակք հովտաց,
Ոչ ծործորք դժուարաց, ոչ վերադրութիւնք բլրոց,
Ոչ արձակմունք շնչոց, ոչ անբաւութիւնք ծովուց,
Ոչ սահանք յորձանաց, ոչ հեռաւորութիւնք եզերաց,
Ոչ ողբմունք ձայնից, ոչ հեղեղք արտասուաց,
Ոչ տատանմունք մատանց, ոչ համբարձմունք ձեռաց,
Ոչ պաղատանք շրթանց, ոչ աղաչանք լեզուաց:
Այսոցիկ սաստկութեանց մասանց անճողոպրելեաց
Դու ես, Տէր Քրիստոս, հնարք եւ դադարք
Դիւրութեան եւ անդորրութեան` փրկութեան ամենամեղս հոգւոյ:
Գ
Արդ, հայեա ի յանզերծ վտանգիցս շրջադրութիւն,
Միայնդ քաղցր առ ամենեսեան:
Խզեա սուսերաւ յաղթական կենազէն խաչիդ զցանցս վարմիս,
Որ յամենայն կայից պաշարեն ի մահ զգերիս,
Եւ հան ի յանդորր զոտս սասանեալ թիւր ընթացողիս,
Բժշկեա զհրատապ ջերմնական տոչորումն մղձկեալ սրտիս,
Մերժեա զդիւային չարահնարութեանս շշուկ` քո պարտաւորիս,
Հալածեա զյուսահատ անձկութեան հոգւոյս մթութիւն չարի կենակցիս,
Ցրուեա զծխամած թանձրութիւն բռնութեան մեղացս երեւոյթ մտելոյս ի յիս,
Կորո զզազիր, թխատիպ կրիցս ապականութեանս կարիս,
Նորոգեա զպատկեր լուսոյ պաշտեցեալ փառաց մեծութեան անուան հզաւրիդ` յոգիս,
Զաւրացո զշնորհիդ փայլումն ի գեղ դիմացս եւ ի կերպարան տեսութեան մտացս հողեղինիս,
Յարմար յերիւրմամբ կացո յարդարեալ, որ զքոյդ բերէ նկատումն` նշողազարդ մաքրութեամբ զտեալ զմռայլս մեղաւորիս,
Աստուածային կենդանի, անեղծ, երկնաւոր լուսով քո ծածկեալ յաւրինակս երիս:
Զի դու միայն ես աւրհնեալ ընդ Հաւր`
Ի գովեստ Հոգւոյդ Սրբոյ յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:   up

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Ո՜վ ամենակալ Աստված բարերար,
հաստիչ բոլորի,
Լսի՛ր վշտաձայն հառաչանքներիս տագնապախռով
Եվ ապագայի կասկածներից ու երկյուղից փրկի՛ր՝
Կարող զորությամբ ազատելով ինձ պարտքերից բոլոր,
Քանզի մեծությամբ, իմաստությամբ քո,
անբավ, անսահման,
Ամենայն բանի զորավոր ես դու
Եվ ամեն ինչի հնարներ ունես։

Բ
Ահա մտովին դիտելով հեռվից
Ապագա հանդեսն ահավորափայլ՝
Այստեղ իսկ կանխավ տեսնում եմ արդեն
Սրբերի հույսի ցերեկը պայծառ
Եվ պատժապարտիս պատուհասների օրը մառնամուտ,
Որից փախուստի ապավինություն
Լինել չի կարող ոչինչ և ոչ ոք.
Ո՛չ անդունդները խորախոր և ո՛չ վիհերն անհատակ,
Ո՛չ բարձունքները լեռների և ո՛չ այր ու քարանձավ,
Ո՛չ կարծրությունը ապառաժների,
Ո՛չ խոռոչ ու ծերպ, ո՛չ փոս ու փապար,
Ո՛չ սորսորները հեղեղատների, ո՛չ բավիղ ու խորշ,
Ո՛չ շտեմարան ու ամբարներ տան,
Ո՛չ սենյակների ինչ-որ թաքստոց,
Ո՛չ հովիտների ձոր, ծմակ ու գոգ,
Ո՛չ ծործորները անանցանելի,
Ո՛չ բլուրների շարքը թանձրախիտ,
Ո՛չ շունչն հողմերի, ո՛չ ծովերն անծայր,
Ո՛չ սահանքները հորձանուտների,
Ո՛չ եզերքների հեռավորություն,
Ո՛չ ողբերի ձայն, ո՛չ արցունքների առատ հեղեղներ.
Ո՛չ մատների դող, ձեռքի ամբարձում,
Ո՛չ շրթունքների անզոր պաղատանք։

Գ
Այս բոլոր սաստիկ անճողոպրելի
փորձություններից
Լոկ դու կարող ես փրկել, տե՜ր Հիսուս,
Եվ ամենամեղ հոգուս շնորհել հանգիստ ու անդորր,
Ուստի և նայի՛ր դու, որ քաղցր ես բոլորի հանդեպ,
Ինձ շրջափակող անզերծանելի այս վտանգներին։
Կենազեն խաչիդ սրով հաղթական
Կտրատի՛ր վարմիս ցանցերը բոլոր,
Որոնք ամենուստ պարապատել են
մահապարտ գերուս.
Տո՛ւր հանգստություն թյուր ընթացողիս
ոտներին երեր.
Բուժի՛ր հրատապ տոչորումը բորբ մահախեղդ սրտիս,
Վանի՛ր դիվային ու չարահնար խռովքս հանցավոր.
Չարի կենակցիս մթամած հոգու
Անձկությունն անհույս հալածի՛ր անհետ.
Ցրի՛ր բռնակալ մեղքիս ծխամած թանձրությունն
անլույս.
Ջնջի՛ր, կորցրո՛ւ զազիր, թխատիպ
Ախտը կրքերիս ապականարար։
Նորոգի՛ր մեծ ու հզորիդ անվան
Պաշտելի փառքի լուսապատկերը պայծառ՝ հոգուս մեջ,
Հզորացրո՛ւ փայլը շնորհիդ՝
Հողազանգվածիս դիմազարդելու,
Մտատեսությամբ օժտելու համար.
Սուրբ ճաճանչումով պարզի՛ր մեղսամած
Այս մռայլն ու ինձ վայելչազարդի՛ր,
Որ պատկերը քո երևա իմ մեջ,
Եվ աստվածային կենսատու անեղծ
Երկնավոր լույսով ծածկի՛ր եռադեմ էությանն անձիս։
Զի դու ես միայն օրհնյալ հորդ հետ՝
ի գովք սուրբ Հոգուդ՝
Հավիտյաններից հավիտյանս ամեն։