Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արդ, ես հետինս դավանողներից
Եվ բարիքներից ունայնս իսպառ,
Մտատեսությամբ դիտելով սկիզբն իմ եղելության,
Որը կատարվեց արարչի ձեռքով՝ անէությունից,
Հավատում եմ, լի հույսով աներկբա,
Որ Քրիստոսը ինչ որ կամենա, կարող է անել:
Զի հավատացի, ուստի խոսեցի՝
Ուսած Պողոսից, Դավթից խրատված.
Այժմ էլ թող նրանց խոսքը կենդանի
Օգնի, որ ես այս հավատով նաև ճանաչեմ նրան,
Նրա հարության զորությունը մեծ,
Հաղորդությունն իր չարչարանքներին,
Այլև բոլորն այն, ինչ առաքյալը
Հիշատակում է հաջորդ տողերով:
Սրան կցորդ է, հույժ նմանատիպ
Հավատալը և այն փոփոխության,
Որ մեղավորը կարող է դառնալ լիովին քավված,
Չարագործն՝ արդար, անմաքուրը՝ սուրբ,
Ծանր, անքավելի հանցագործությամբ
Մահապարտն՝ անպարտ երանավետյալ,
Իսկ ծառայական կապանքների մեջ հեծեծողն հասնել
Երկնային փառքի ու ազատության:
Ի՞նչ կա, արդարև, ավելի չքնաղ, խոսքից, մտքից վեր,
Քան երկբայության թանձր խավարից
Աստծո օգնությամբ մաքրված սիրտն այն մեղավորի, որ
Մարմնով հրճվելիս՝ հեծում է հոգով,
Որը թեպետև վսեմ բարձունքից
Խորասուզվել է կործանման վիհի անդունդն անհատակ,
Բայց ունի նաև փրկության նշխար
Իբրև լույսի կայծ, պահած իր մտքում ու իր հոգու մեջ՝
Այն զարմանալի ու խորախորհուրդ թանձր հրի պես,
Որ մակարդվել էր ամենազորի կամքի հրաշքով
Խորունկ հատակում նիրհող ջրհորի:
Ուստի մեղավորն իսպառ վշտաբեկ,
Որը կորցրել է բարին գտնելու ակնկալություն,
Լքվել շնորհի վստահությունից,
Կարող է հուսալ՝ հասնելու նորեն
Նախապարգևյալ փառազարդության.
Քանզի հենց Աստծո կամքով է մեր մեջ
Արծարծվում նաև կայծն այն ներգործող,
Որով արարչի ամենահնար
Կարողությունն է բարեհռչակվում:
Այս խունկն ավելի մեծ հաճությամբ է հոտոտում Աստված,
Քան մյուս բոլոր բուրումներն անուշ,
Քան թե երբեմնի խնկախառնուրդն այն
Մանր աղացած՝ ի սպաս խորանին,
Որ օրինակ է զղջմամբ խոնարհված
Ու նմանությամբ միացած մարդկանց։
Ըստ որում նույնիսկ փրկիչն համայնի
Տեսողությունից ախտաժետ ոմանց
Նախ հարցում արեց՝ «Հավատո՞ւմ եք, որ
Ես կարող եմ ձեր աչքերը բանալ»,
Եվ չպարգևեց նրանց աչքի լույս,
Մինչև հավատի գրավ չստացավ։
Ի՞նչը կարող է լինել մեզ համար ավելի անհույս,
Քան թե չորս օրվա մեռած-թաղվածի կենդանացումը.
՚Բայց չէ՛ որ կանայք, որոնք աներեր
Հավատով ընկան ոտքերն արարչի,
Անհապաղ տեսան Աստծո փառքի հանդեսն անպատում՝
Իրենց սիրելի եղբոր հարությամբ:
Բ
Որ մեղանչումից վերջն էլ մնում է
շնորհն անկորուստ,
Կան հզորագույն բազում վկաներ.
Նախ Ենոքն, ապա և Ահարոնը,
Հետո Դավիթը,Պետրոսն ու փոքր
Եղիազարը, որ արժանանալով
Բարձրյալ Աստծո ողորմածության՝
Ինքն եղավ վկա նույնիսկ իրենից մեծերի համար:
Ավելորդ է և հիշել առակը անառակ որդու.
Թողնում եմ նաև այն պոռնկին, որ գովվեց տիրոջից,
Մաքսավորին այն, որ արժանացավ
Հենց բարեգործից հիշատակվելու
Եվ երջանիկ այն ավազակին, որ
Շունչը փչելու պահին հավատով պսակ ընդունեց։
Իսկ կա՞ ավելի անքավելի մեղք,
Քան սպանությունն ամենաստեղծի.
Բայց չէ՞ որ դրան մասնակցում էր և Պողոսն ընտրագույն,
Որ մի ժամանակ պարագլուխն էր անիրավների։
Սրանցից ոմանք, որոնք գայթեցին
Օրենքին ծանոթ լինելով հանդերձ,
Կանգնեցին դարձյալ՝ վարքը նախնական
Հազարապատիկ գերազանցելով։
Իսկ նա, որ նախքան նոր օրինակի տրումն էր եղել,
Մոտ էր ավելի դավանանքի հոր պատվիրաններին,
Ամուր պահպանեց ավանդն հայրենի
Եվ նախամարդու մեղքերը նույնպես իրենն հաշվելով՝
Տառապանքներով իր տաժանելի
Հատուցեց նաև նրա փոխարեն.
Ոչ թե, քավություն գտնելով, ծածկվեց այստեղ հողի տակ,
Այլ չարչարալի մարմնով զորապես
Հաղթելով մահվան՝ վերացավ երկինք՝
Հանդիսանալով բանականների կյանքի կարապետ:
Իսկ ոմանք, որ խակ, տհաս հասակում
Երկար ժամանակ անձնատուր էին եղել չարության,
Չափահասության հասնելով՝ ոչ թե
Բարձրություններից գահավիժեցին,
Այլ այս ստորին կյանքի դժնդակ
Թշվառությունից՝ ամբարձան երկինք:
Եթե նախկինում չարերի դարձը այնքան զորացավ,
Որ հողազանգված գոյացությունն այս
Կարող էր փոխվել ոսկեղեն նյութի,
Պատկերն արքունի պատվով վեհաշուք
Քանդակված տպվել մեր էության մեջ՝
Բնությունը մեր դարձնելով անեղծ, անկորնչելի
Եվ անպարտելի դավադրության դեմ,—
Ապա բոլորն այդ որքա՜ն ավելի հուսալի է արդ՝
Լուսավորությամբ պայծառ, անծածկույթ,
Անսքող՝ ուխտված տեր Քրիստոսով,
Որ դառնալով մեզ հաշտարար միջնորդ,
Կենդանի, անմահ, մշտնջենավոր, բարեխոս երկնի՝
Հաստատ է պահում մշտապես մեր մեջ .
Սուրբ մարգարեի բերանով ասված խոսքը տերունի՝
«Ուխտ խաղաղության» և «հաստատության կնիք» անխաթար:
Ճշմարիտ կանոն, անփոփոխ վճիռ
Եվ արարչավանդ սրբազան պայման
Այս խոսքի պատկերն համբուրում եմ ես
Ահա շուրթերով անեղծ հավատիս՝
Շնորհի փառքի ակնկալությամբ,
Քանզի, արդարև, առաքելական խոսքի համաձայն,
Երբ Աստված հենց ինքն է արդարացնում,
էլ ո՜վ կարող է մեզ դատապարտել:
Գ
Ապավինելով անստվերագիր այս վստահության՝
Կործանվածս ահա կանգուն եմ նորեն,
Թշվառս՝ հաղթող,
Մոլորյալս՝ ուղղված դարձին կենարար,
Ամենաթշվառ չարագործս՝ հույսին,
Մատնվածս մահվան՝ կյանքին կատարյալ,
Ապականյալս՝ շնորհին անեղծ,
Դժնագործությամբ տարվածս՝ լույսին,
Անասնակենցաղ ստորնասերս՝ երկնքին Աստծո,
Կրկնակ գայթածս՝ նորոգ փրկության,
Մեղքով կապվածս՝ խոստմանն հանգստի,
Վիրավորվածս անամոք՝ դեպի դեղն անմահարար,
Ստամբակյալս վայրագաբարո՝ հնազանդության,
Աստանդականս խռովյալ՝ կոչին,
Ապերասանս դժնի՝ նեղության,
Ընդդիմախոսս լուտաբան՝ ներման։
Եվ այս՝ շնորհիվ Հիսուս Քրիստոսի,
Նրա հոր, հզոր, բարձրյալ, ահավոր,
Եվ ճշմարտության սուրբ Հոգու անվամբ ու կամքով բարի.
Որոնց իսկության օրհնաբանյալ ու մի աստվածության
Անբավ զորություն ու արքայություն,
Մեծություն և փա՜ռք հավիտյանս, ամեն:
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Քանզի նախընթաց զղջման խոսքերով
Սաստիկ վհատված՝ հուսալքվեցի,
Տարակույսների հեծանով ինքս ինձ ձաղկեցի ի մահ,
Ուստի և այստեղ վերստին հույսին վերադառնալով,
Պիտի հանդգնեմ գթություն շարժել,
Օգնության կանչել մեղատանջ անձիս սուրբ Երրորդության։
Գիտեմ, որ, անշուշտ, դավանելր լոկ,
Օրհնաբանելն իսկ նորեն համայնի կենարար Աստծուն,
Ընտանի ձայնով կանչելը միայն
Ահավոր անվան շնորհապարգև մեծ բարերարի՝
Կենդանություն է մեռածիս արդեն,
Ըստ մարգարեի կանխասացության՝
«Ով կանչի տիրոջ անունը, կապրի»:
Իսկ ես ոչ միայն կանչում եմ, այլև
Նախ հավատում եմ նրա մեծության,
Ոչ թե անձկությամբ իր պարգևների
Համար եմ այսպես նրան պաղատում,
Այլ հենց իր՝ իբրև բուն կենդանության,
Շնչի աներկբա տուրևառության,
Առանց որի չիք ընթացք ու շարժում.
Ոչ այնքան հույսի հանգույցով, որքան
Սիրո կապով եմ աղերսված նրան:
Ոչ թե շնորհի, այլ շնորհատվի
Կարոտով եմ ես այրվում շարունակ.
Ոչ թե փառքն է ինձ համար անձկալի,
Այլ փառավորյալն է համբուրելի.
Ոչ թե ապրելու, կյանքի փափագով,
Այլ կենարարի հիշատակով եմ ճենճերում անվերջ.
Ոչ թե վայելքի տենչով եմ հեծում,
Այլ պատրաստողի բաղձանքով եմ միշտ
Սրտիս խորքերից ողբում աղեկեզ.
Հանգիստ չեմ փնտրում, այլ պաղատում եմ
Տեսնել երեսը հանգստարարի,
Ոչ թե հարսնետան խրախճանքի, այլ
Փեսայի անանց անձկությամբ եմ ես մաշվում միալար,
Որի զորությամբ, հանցանքներիս ողջ բեռներով հանդերձ,
Հավատում եմ ես աներկմիտ հույսով,
Ամենավստահ ակնկալությամբ,
Ապավինելով կարողի ձեռքին՝
Ոչ միայն հասնել քավության, այլև հենց իրեն տեսնել՝
Ընդունելու գութ ու ողորմություն
Եվ ժառանգելու երկինքն Աստծո,
Թեև չափազանց մերժելի եմ ես:
Բ
Սաստիկ ամոթից դեմքով գետնահակ ու կորագլուխ,
Անկարող շարժել լեզուս անվստահ ու անհամարձակ,
Դիմելով գրչին, որ միջնորդ է մի
Ամուր կողպեքով արժանապես փակ, պապանձ շուրթերիս,
Նոր հառաչաձայն պաղատանքների երգեր ոգելով՝
Հեծեծանքներով դառն ու աղեկեզ
Բարձունքներն ի վեր պիտի առաքեմ:
Գ
Ընդունի՛ր սիրով, մեծազո՜ր Աստված,
Աղաչանքները դառնացած սրտիս.
Ամոթահարիս մոտեցի՛ր մեծիդ բարեգթությամբ.
Փարատի՛ր իսպառ, ամենապարգև՜,
Տխրությունն իմ այս նշավակելի.
Այս անտանելի ծանրությունները
Վերցրո՛ւ, թոթափի՛ր ինձնից, ողորմա՜ծ.
Կտրի՛ր մահացու սովորույթներն այս, ո՜վ հնարագետ.
Ավարի՛ մտանիր, մշտապես հաղթո՜ղ,
Հրապույրները մոլորապատիր.
Ցրի՛ր, վերնայի՜ն, գայթակղության մառախուղն անհետ.
Խափանի՛ր, փրկի՜չ, հարձակումները կորուստ նյութողի.
Ջնջի՛ր, ծածկատե՜ս, որոգայթներն այս նենգ ու պատրական.
Խոյացումներն այս՝ խռովարարի խորտակի՛ր, հզո՜ր։
Կնքի՛ր անունովդ լուսանցույցն հարկիս.
Պարփակի՛ր ձեռքովդ առաստաղն իմ տան,
Օծի՛ր քո արյամբ մուտքն իմ սենյակի,
Սուրբ նշանը քո դրոշմի՛ր ամուր
Մաղթողիս բոլոր ճամփեքի վրա.
Աջովդ ամրացրո՛ւ խշտիս հանգստյան
Մաքրիր անկողնուս ծածկարանն իսպառ վարմ ու թակարդից,
Կամքովդ պահպանի՛ր հոգիս տառապյալ
Ու մարմնիս շունչը, քեզնից շնորհված, անարատ պահի՛ր,
Շրջափակի՛ր ինձ ամուր՝ երկնային զորքիդ բազմությամբ՝
Որպես դիմամարտ դևերի գնդին:
Սուրբ Աստվածածնիդ և ընտրյալների բարեխոսությամբ՝
Շնորհի՛ր նիրհիս այս մահահանգույն՝
Խորին գիշերում բերկրալի հանգիստ:
Ամփոփի՛ր մտքիս և զգայության
Տեսանելիքի պատուհանները, պարուրի՛ր այնպես,
Որ մնան նրանք անսասանելի, խաղաղ, աներկյուղ՝
Ամեն մրրկահույզ ալեբախումից,
Առօրյա նանիր հոգսերից բոլոր,
Անրջական սին երազանքներից,
Այս ցնորքներից խենթ ու խոլական,
Եվ հիշատակով հույսիդ պահպանվեն անվթար, անեղծ:
Որպեսզի կրկին, երբ որ սթափվեմ այս ծանր քնից,
Լիովին զգաստ ու հոգենորոգ
Մի զվարթությամբ կանգնած քո առաջ՝
Մաղթանքներն իմ այս, հավատքիս բուրմամբ,
Ո՜վ ամենօրհնյալ ու անճառելի փառքի թագավոր,
Զուգաձայնությամբ ողջ երկնագումար
Փառաբանական բազմություններիդ,
Բարձունքներդ ի վեր առաքեմ առ քեզ:
Քանզի դու բոլոր արարածներից
Փառավորյալ ես հավիտյաններից հավիտյանս, ամեն:
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Աստվա՜ծ բարերար, հզոր, ահավոր,
Շնորհատու հայր, բարի, ողորմած,
Անուն իսկ մեծիդ միայն գթություն,
Ընտանություն է ավետարանում.
Քաղցր ես մինչևիսկ ապերախտների, ժանտերի հանդեպ:
Քեզ նման է և որդիդ, ձեռքիդ պես զորավոր ձեռքով,
Տերությամբ ահեղ ինքնաժամանակ
Եվ արարչությամբ բարձրացած քեզ հետ։
Այլև Սուրբ Հոգին քո ճշմարտության,
Բխած քեզանից անսպառորեն՝
Իբրև կատարյալ գոյի իսկություն,
Էականություն մշտնջենական՝
Ըստ ամենայնի հավասար է քեզ,
Իսկ իշխանությամբ՝ փառակից որդուդ:
Եվ որպես եռյակ անձնավորություն, համակ անքնին՝
Տարանջատ եք դուք ինքնությամբ ուրույն
Եվ միավորված համազուգությամբ,
Բնությամբ՝ նույնգոյ, իսկությամբ՝ հատուկ,
Անշփոթելի ու անանջրպետ,
Միևնույն կամքով ու գործակցությամբ.
Մեկդ մյուսից ո՛չ ավագ է, ո՛չ
Նվազ՝ մինչևիսկ մի ակնթարթով, ՝
Այլ ճանաչվում եք որպես համաշունչ սկզբնապատճառ
Երկնային սիրո անստվեր լույսի՝
Սրբասացության միակ պսակով
Անսկզբնաբար ասվածաբանված:
Արդ, եռափառյան ձեր դավանության
Խոստովանությունն այս վերաձայնված,
Որը Պետրոսին «հավատքի վեմի»
Մեծ երանության արժանացրեց,
Թող որ բարեհաճ իր հրամանով, փնտրո՜ղդ գերուս,
Նաև մեղքերով դատապարտյալիս
Արդարացնի հրաշանորոգ:
Թեպետև դու, տե՜ր, տնօրինողն ես
Ե՛վ պարգևների, և՛ ողորմության,
Սակայն ոչ այնքան պարգևներով ես
Հռչակված, որքան ողորմությամբ քո.
Զի աոաջինը միայն որպես վարձ՝
Հայտնում է գործերն առաքինական,
Մինչդեռ երկրորդը բարձրացնում է փառքը բարձրյալիդ.
Քանզի պարգևը փոխհատուցում է վաստակի դիմաց,
Ողորմությունը, այնինչ, անհատույց
Բարերարում է մեղավորներիս:
Բ
Եվ արդ, մարդկային գործերը թող որ
Իրենց զորությամբ չգերազանցեն
Քո շնորհներին, գթառա՜տ Աստված,
Եթե մինչևիսկ մեր այս հոսանուտ
Բնության բոլոր օրենքներից էլ վեր լինեն նրանք.
Թող հաղթող լինի անչարությունը քո երկայնամիտ,
Եվ գործերն համայն երկրածիններիս
Նվազ լինեն միշտ քոնոնց նկատմամբ:
Չէ՛ որ և նրանք, որոնք մաքրությամբ
Պարծենում էին՝ իրենց օրենքին ապավինելով,
Երբ ծագեց լույսը՝ ներկայի գուշակ քո արդարության,
Հրեությունն այդ հետնյալ՝ համորեն
Անձկությամբ լքված ու նվաստացած,
Տարագրական եղկելիներից նույնիսկ ավելի,
Կարոտ զգաց քո մարդասիրության:
Քանզի ամեն ինչ հնարավոր է քեզ, ո՜վ բարերար.
Լսի՛ր դառնահեծ պաղատանքներիս,
Որ բարձրաղաղակ առաքում եմ քեզ.
Ողորմի՛ր, կյա՜նք տուր ու մարդասիրի՚ր,
Քանզի քաղցր ես դու ու երկայնամիտ, փրկիչ ու քավող.
Եվ քեզ փա՜ռք բոլոր հավիտյանների ազգերից, ամեն:
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Պաղատում եմ քեզ, լույսի ճառագայթ,
Արքա երկնավոր, գովյալ անպատում,
Որդի միածին անճառ Աստծո,
Խոնարհելով քո ունկն ու վերստին մերձենալով ինձ,
Բարձրյա՜լ բարեգութ, կյանքի ապավեն,
Անսա՛ չարաչար վիրավորվածիս
Հառաչանքներին այս նվաղաձայն:
Բ
Երբեք ոչ մի տեղ չի հիշատակված,
Թե սրախողխողն ավազակներից աղաչել է քեզ,
Զի կարկամած էր.
Չի արձակել նա մեծիդ ետևից պաղատանքի ձայն,
Զի պապանձված էր.
Ոչ էլ տատանվող, դողդոջ մատներով
Վիշտ ու աղետն է հայտնել տեսողիդ,
Զի խորտակված էր.
Չի սևեռել քեզ արտասվաշաղախ
Ու կողկողագին հայացքն աչքերի,
Զի մեղապարտ էր.
Ոչ էլ միջնորդի բարեխոսությամբ
Գթառատ կամքդ է շահել աշխատել,
Քանզի լքված էր.
Նույնիսկ ջախջախված մարմնի արյունով
Ներկված ձորձերն իր քեզ չկարկառեց՝
Փորձելով ճմլել սիրտը գթածիդ,
Զի հուսահատ էր.
Ծնկների վրա, ինչպես ոտքերի
Գարշապարներով, չուղղվեց դեպի քեզ,
Քանզի անզոր էր տեղից բարձրանալ.
Երբ համարվում է, դեռևս կենդանի, մեկը կիսամեռ,
Քիչ է տարբերվում արդեն մեռածից,
Նամանավանդ որ, թեպետ խրատվեց մեծիդ խոսքերով,
Բարերարվեց քո գթասրտությամբ
Ու լուսազարդվեց ճաճանչով փառքիդ,
Ոչ միայն դարձյալ շարունակեց քեզ հակառակ գնալ,
Այլև հեստաբար ապստամբելով՝
Անցավ բանակն իր թշնամիների,
Դաշնակցեց նրանց ու միաբանվեց ատողներիդ հետ:
Գ
Բայց դու, բարերա՜ր ու բազմապարգև,
Անոխակալ ու ամենակեցույց,
Ոչ միայն մեղքերն այդ չարագործի
Չպահեցիր քո հիշողության մեջ,
Այլև խոսքով իսկ չկշտամբեցիր.
Ոչ թե ընկածին ոտնահարեցիր,
Այլ, կարեկցաբար մոտենալով, դեռ
Ծայրագույն խնամք ցույց տվիր նրան:
Չաճապարեցիր քահանայապես վրա պրծնելով
Խորտակել ծանր վիրավորվածին
(Ըստ ահարոնյան տկար օրենքի,
Որ զորավոր էր միայն բռնալիր քարաձգությամբ
Ու անեծքներով դատապարտելու, մահ գործելու մեջ),
Ոչ էլ ղևտական անկատարագործ կարապետի պես .
(Որը երկուսի միջասահմանում իբրև անջրպետ՝
Հհի լրումն ու սկիզբն էր նորի,
Ունայն, հոգեզուրկ, ապաշխարության մի հրավիրակ)
Նայեցիր վշտին վիրավորյալի,
Այլ, որպեսզի նա՝ արմատակտուր
Սատակիչ կացնի օրինակով և
Քո մեջ չտեսներ պաշտոնը մահվան ու ահից մեռներ
Ասորեստանցի պահապանանուն
Հեթանոսների տեսքն ընդունեցիր
(Որոնք վերցնելով օրենքն հրեական՝ պահեցին անեղծ,
Մինչդեռ հրեաներն իրենք մոռացան)
Ու մեր բնությամբ կերպարված մարմնով՝
Ազատագրության ավետիսը մեծ
Համբավեցիր և օտար ազգերին
Ու աստվածային, անեղծ, անապակ
Ներգործությամբ քո, ձեռք կարկառելով,
Երբեմնի մահվան մեղապարտ մարդուն
Իր սերունդներով ոտքի կանգնեցրիր:
Ուրախացրիր սիրտը վշտաբեկ,
Հուսահատվածին գոտեպնդեցիր,
Զվարթացրիր թշվառին նորեն.
Սուրբ ավազանի կենարար օծմամբ,
Լույսի բաժակով բարգավաճեցրիր.
Նորակերտեցիր երկնային հացով՝
Կենսատու մարմնով քո արարչական.
Երջանիկների, ընտրազունների վերակացությամբ՝
Խանդաղատանքով ամոքեցիր ու խնամարկեցիր
Եվ հանդարտընթաց գրաստի անքույթ
Խնամքին հանձնած՝ պահեցիր անփորձ,
Մինչև հանեցիր հարկը լուսեղեն:
Նախնյաց ու երկրորդ կենդանապարգև
Զույգ կտակների միջոցով նորից
Մարդասիրաբար ապաքինեցիր
Եվ թևատարած մի արծվի նման առնելով նրան՝
(Ինչպես արեցիր Մովսեսի օրով)
Առաջնորդեցիր բարության երկրի
Հանգստարանը քո անդորրավետ,
Վարդապետներին հրամայելով՝
Խոսքի կերակրով սնուցել նրան:
Դ
Դու, որ ծայրագույն լույսդ բարության
Ամեն ինչի մեջ բովանդակապես հրաշագործեցիր
Եվ պառակտիչից՝ գանձը գողացած սեփականելով՝
Ստացվածքը քո վերադարձրիր քեզ,
Փրկի՛ր նաև ինձ՝ մեղքի պարտքերից մաքրելով իսպառ.
Դու, որ անհատույց պարգևում ես և անպատրաստներին,
Նրանց հետ նաև ի՛նձ տուր քավություն ու բժշկություն,
Բարեգո՜ւթ, զորեղ, անճառ, անքնին, անեղծ, ահավոր,
Օրհնյա՜լ մշտապես, հավիտյաններից՝ հավիտյանս, ամեն:
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արդ, նույն ցավագին հեծեծանքներով վշտահար սրտիս,
Հոգուս աղետով իսպառ տագնապած,
Նույն ողբանվագ ոճով վերստին դիմելով մեծիդ՝
Բազմապարգևիդ գութն եմ աղերսում,
Պաղատում իբրև կենդանի մեռյալ՝ անմահ Աստծուդ,
Խոստովանելով անարգությունն իմ քո փառքի հանդեպ,
Բարությանդ դիմաց չարություններն իմ,
Որոնցով ոչ թե բժշկվեցի, այլ հաղթվեցի միայն,
Ոչ թե ստացա համարձակություն, այլ ամաչեցի
Ուխտակորույսս ավանդամոռաց։
Բ
Առակում իբրև օրինակ բերված
Խղճալի տեսքով այն ոչխարի պես,
Որ մատնված հետին անզգայության,
Մոլորված հեռու ամայաբնակ, անկոխ վայրերում՝
Դեգերում էր հեգ վայրի կուռքերի
Ու դևերի հետ գազանաբարո,
Առանց մի փոքր հոտին մոտ գալու,
Ես էի նաև. չունեի լեզու,
Որով պատմեի ցավերն ինձ տանջող,
Ոչ էլ ձեռք, որի շարժուձևերով
Համրերն են իրենց մտքերն հաղորդում։
Իսկ դու, գովյա՜լդ հավիտյանների
Սկզբից մինչև ծնունդն այսօրվա,
Մեղավորիս էլ, ըստ Եզեկիելի,
Գտնելով անլույս մոլորության մեջ՝
Հովիվ կոչվեցիր քո խնամարկու կամքի տեսչությամբ.
Բայց դու ոչ միայն հոգ տարար անձիս, այլև փնտրեցիր.
Ոչ միայն գտար, ո՜վ հրաշագործ,
Այլև սիրագութ ու անճառելի բարերարությամբ
Առար կենսատու ուսերիդ վրա
Ու, դասակցելով երկնավորներիդ,
Տեղավորեցիր քո հայրենական ժառանգության մեջ:
Եվ արդ, ո՜վ հզոր, օրհնյալ հոգածու,
Կենարար, գթած ողորմածությամբ,
Եթե աղերսի համար անկարող
Այն անխոսներին դու ընդունեցիր,
Որոնցից մեկը մահվան դուռն հասած՝ չարչարվում էր լուռ,
Մեկն՝ անբանների անզգայությամբ,
Տարագրական ու վտարանդի,
Ամայության մեջ վարանած, վհատ,
Բառաչում էր խեղճ, տարտամ ու անմիտ,—
Քո աստվածային հոգատարությամբ տիեզերահրաշ՝
Խնամարկեցիր թշվառության մեջ կորուսյալներին,
Ցո՛ւյց տուր վերստին այժմ նաև ինձ
Խորքը գթությանդ ու բարերարման զեղումներդ հորդ,
Ինձ, որ նրանցից շատ ավելի եմ թշվառ, անօրեն,
Որ մահապարտ եմ մի բազմօրինակ,
Ինձ, որ բարության քաղցր խառնուրդում չար համ եմ հատուկ,
Որ արժանի եմ անդամահատման,
Ինձ, որ խոցված եմ հոգով կարեվեր,
Ախտաժետված եմ համաճարակ ու ամենաբոլոր,
Ինձ, որ լիովին անզգայացած՝
Հավասարվել եմ անասուններին,
Օտարացել եմ ընտանությունից իմաստուն մարդկանց,
Ինձ, որ նման չեմ ինձ հանգունակից բանականներին:
Եթե համատիպ մեկն ունենայի, կասեի անշուշտ,
Եթե լիներ գեթ մի նմանակից, կծանուցեի,
Կիրազեկեի, եթե հանդիպեր մեկն ինձ հավասար,
Եթե պատահեր զուգագործ մի մարդ գեթ, ցույց կտայի,
Կազդարարեի, եթե տեսնեի մի այլ օրինակ.
Եթե լիներ նա անցյալում, գոնե
Կունենայի մի մխիթարություն
Եթե ներկայում՝ կապրեի հույսով:
Սակայն քանի որ անցել եմ ամեն մի օրինակից
Եվ նմանության ամեն սահմանից մնացել եմ դուրս,
Ուստի դու միայն կարող ես քավել,
Բուժել, ամոքել, կյանք տալ ինձ դարձյալ,
Կենդանարա՜րդ ողջ մեռյալների
Եվ նորոգողդ տիեզերքի համայն:
Գ
Եթե երջանիկ Դավթի սուրբ սրտի
հայեցողությամբ՝
Անօրենությունն ու չարիքներն իր՝
գլխից բարձրացած,
Իսկ հանցանքներն ու մեղքն անկրելի
Բեռներից անգամ ծանր էին թվում,
Հապա ուրեմն սխալմունքներն իմ
Կանցնեն հեղեղի այն ջրակուտակ ու տիեզերասույզ,
Ամենակործան հորդածուփ ծովից
Եվ կատարները բարձր լեռների կծածկեն իսպառ:
Սակայն թո՛ղ փչի քամիդ քաղցրաշունչ,
Որ լեռներն անգամ կարող է հալել,
Ինչպես այդ եղավ Նոյի ժամանակ,
Եվ իր զորությամբ ցամաքեցնի
Բազմակոհակ ու ջրակույտ շեղջերն
Աշխարհակործան իմ հանցանքների
Եվ լեռնակարկառ բարձրություններով դիզված մեղքերս:
Եվ արդ, խոսքով քո հզոր ու հատու,
Ամենահնար կարողությամբ քո,
Ըստ մարգարեի, հակիրճ հատուցմամբ՝
Քավի՛ր ընդերկար անօրինյալիս
Եվ ներելով այս համառությունն իմ,
Ո՜վ երկայնամիտ, ողորմած, օրհնյալ,
Բարեգործելով ջնջի՛ր համորեն
Նաև անվճար պարտքերիս տույժի
Արժանահատույց տոկոսների բեռն այս տաժանական:
Չէ՛ որ դու չունես ցասումնալից սիրտ,
բարկության բորբոք.
Քո մեջ չկա և նենգության նշմար, մթության նշույլ.
Կամքդ աղբյուրն է կյանքի ու լույսի.
Դու ո՛չ, ըստ Դավթի ու Սողոմոնի, մահն ստեղծեցիր,
Ո՛չ էլ հրճվում ես կորստով մարդկանց:
Դ
Քո բարեկտակ կանոնների մեջ
Դու մարդկանց համար մեծագույն օրենքն այս սահմանեցիր՝
Չարը չարությամբ չփոխարինել,
Այլ մի օրվա մեջ ներել յոթն անգամ
Յոթանասուն հեղ գործած մեղքերը,
Եվ այդ, երկնավո՜ր, մե՛զ պատգամեցիր,
Մեզ. որ կրում ենք մեր բնության մեջ ֊
Բնականորեն ծլարձակված բյուր,
Անթիվ-անհամար բծեր չարության,
Որոնք մարմնային օրենքներով հենց
Բողբոջում են միշտ, աճում, նորոգվում՝
Ամենատեսակ փշեր ընձյուղող
Մեր այս բնության անդաստանի մեջ,
Համաձայն անսուտ քո վկայության,
Թե՝ «Մարդու միտքը իր մանկությունից
Հակամետ է միշտ չարիք գործելու»։
Քո կենաց խոսքի ավետարանիչ Հովհաննեսն անգամ,
Որը մաքուր էր կատարելապես,
Որպես հանրության բնութենակից՝
Նույնպես հաստատեց քո ճշմարտության
Արդարացումն իմ ստության հանդեպ.
«Եթե ասենք, որ ոչ մի մեղք չունենք,
Ապա սուտ պիտի դուրս բերենք նրան»։
Արդ, կատարված է խոսքդ խնկելի,
Լիովին ստույգ, հավաստի՝ հանդեպ իմ մոլորության
Եվ հույժ դժնդակ անիրավության։
Ուստի խնայի՛ր ինձ ողորմությամբ, քաղցրությա՜ն աղբյուր,
Օրհնյա՜ լդ միայն՝ հավիտյաններից հավիտյանս. ամեն:
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Արդ դու ես միայն Աստված երկնավոր, բարձրյալ, բարեգործ,
Քոնն են զորություն ու ներողություն,
Եվ բժշկություն և՛ առատություն,
Եվ պարգև ու ձիր,
Քոնն են քավություն ու պաշտպանություն,
Բոլոր հնարներն անիմանալի
Եվ անգտնելի արվեստ ու հրաշք,
Քոնն են և չափերն իսկ անչափելի,
Դու ես սկիզբը, դո՛ւ ես և վախճան:
Բարկության խավարն ու մեգը երբեք
Չեն ստվերում քո լույսն ողորմության,
Քանզի լինելով ինքդ մտքից վեր՝
Զերծ ես լիովին ախտ ու կրքերից,
Ո՜վ անպարագիր պատկեր, կշռության սահմաններից դուրս,
Ո՜վ անչափություն լայնության փառքի
Եվ անտարրափակ ընդարձակություն հատու զորության,
Բացարձակության անամփոփելի անսահմանություն,
Անտկարելի բարերարություն անբավ գթության։:
Մահվան ստվերը, ըստ մարգարեի, այգի ես փոխում.
Ինքնակամորեն իջար տարտարոս,
Արգելափակված աքսորյալների բանտն ստորերկրյա,
Ուր փակ էր անգամ դուռն աղոթքների,
Եվ հոգիների ավարն այնտեղից հափշտակելով՝
Հրաման-խոսքիդ սրով հաղթական
Տանջալի մահվան կապը կտրեցիր
Ու փարատեցիր մեղքի ամեն մի երկյուղ ու կասկած:
Դարձի՛ր այժմ ինձ, որ սահմռկել եմ
Տղմալի գբիս զնդանում խորունկ՝
Մեղքի շղթայով ամուր կապկպված
Եվ բանսարկուի նետի սլաքով խոցված կարեվեր:
Բ
Ո՜վ ամենայնի տերդ բարերար,
Ո՜վ օրհնության գանձ, լույս խավարի մեջ,
Ողորմած, գթած, մարդասեր, կարող,
Հզոր, անքնին, անպատում, անճառ,
Հակոբի խոսքով՝ ամենակարող
Եվ անհնարին բոլոր բաների
Միշտ դյուրապատրաստ հնարավորող,
Մեղքի խռիվներ սպառող կրակ,
Կիզանուտ ճաճանչ, ընդհանրական
Ու մեծախորհուրդ թափանցողությամբ,
Հիշի՛ր ինձ ոչ թե քո իրավունքով, այլ ողորմությամբ,
Ներողությամբ քո, ոչ թե հատուցմամբ,
Ոչ թե հավաստյավ, այլ հանդուրժանքով:
Եթե մեղքերս կշռելու լինես,
Ապա արա քո քաղցրության, ոչ թե արդարության հետ.
Զի ըստ առաջին չափի՝ չափազանց նվազ կլինեն,
Իսկ ըստ վերջինի՝ սաստիկ ծանրակիր:
Գ
Արդ, մոտեցիր ինձ, ո՜վ դու բարություն,
Ինչպես բուժելու համար մոտեցար
Ականջին քո դեմ ստամբակողի.
Մեղապարտիցս վանի՛ր մահվան հողմն այս խռովահույզ.
Որ հանգչի իմ մեջ մեծազոր՛ Հոգին քո խաղաղության.
Ամեն ինչում քեզ փա՜ռք հավիտենից հավիտյանս.
ամեն:
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Աղաչում եմ քեզ, բոլոր չարաչար ու տաժանելի
Տառապանքների վիշտ ու թախիծով
Լի հոգիների խնամակալիդ.
Մի՛ բազմապատկիր ցավն իմ հեծության
Եվ մի՛ խոցոտիր վիրավորվածիս,
Մի՛ դատապարտիր արդեն պատժվածիս,
Բազմաչարչարիս մի՛ տանջիր նորեն,
Խարազանվածիս մի՛ գանակոծիր,
Մի՛ գլորիր ինձ, երբ ընկած եմ ես
Եվ մի՛ կործանիր անօգ գայթածիս,
Աստանդականիս մի՛ վանիր դարձյալ
Եվ մի՛ հալածիր տարագրվածիս,
Ամոթահարիս մի՛ ամաչեցրու,
Տագնապահարիս մի՛ հանդիմանիր
Եվ մի՛ խորտակիր հուսահատվածիս,
Հուզվածիս էլ մի՛ խռովիր նորեն,
Մի՛ ալեկոծիր բքահարվածիս,
Էլ մի՛ սասանիր, երբ ցնցված եմ ես,
Մի՛ հողմակոծիր արդեն մրրկածիս,
Մի՛ կեղեքիր ինձ, հոշոտված եմ, տե՛ս,
Արդեն ջարդվածիս էլ մի՛ ջախջախիր,
էլ մի՛ բզկտիր, մորմոքված եմ ես,
Մթնածիս նորից մի՛ կուրացրու.
Մի՛ ահաբեկիր սարսափահարիս
Եվ խարշատվածիս էլ մի՛ խորովիր,
Անկար հիվանդիս մի՛ մահացրու,
Մի՛ ծանբաբեռնիր թույլ ու տկարիս.
Մի՛ ավելացրու ծանր անուրներ թիկունքիս կարկամ,
Դառն հեծեծանքիս՝ նորանոր ողբեր:
Մի՛ վարվիր այդպես ուժգնորեն՝ հողիս,
Սաստկապես՝ մոխրիս, ահարկու՝ փոշուս,
Անաչառորեն՝ գոյակիս հանդեպ։
Մի՛ ընդհարվիր, տե՜ր, այդքան խստությամբ՝
Մեծդ փոքրիս հետ, լույսդ՝ խավարիս,
Բնությամբ բարիդ՝ ի բնե չարիս,
Ողկույզդ օրհնության՝ անեծքի պտղիս,
Քաղցրդ էությամբ՝ համակ դառնությանս,
Փառավորյալդ անայլայլելի՝ իսպառ անարգիս,
Նշխարդ կենաց՝ կավի զանգվածիս,
Տերդ տերերի՝ երկրային տիղմիս,
Լիությունդ անհատ՝ աղքատ ստրուկիս,
Առատությունդ աննվազելի՝
Ապավինազուրկ բազմաչարչարիս,
Բարությունդ անբավ՝ ամենաթշվառ չքավորիս հետ։
Քանզի այն ո՞վ է, որ հասած լույսին արևածագի՝
Կասկած կունենա, թե խավարի մեջ կարող է ընկնել,
Կամ մոտ լինելով կյանքին՝ մահանալ,
Կամ ազատության՝ և բռնադատվել,
Կամ շնորհներին՝ և դատապարտվել,
Փրկության՝ մատնվել, նորոգման՝ եղծվել,
Կամ թե օրհնության՝ ու տարագրվել.
Կամ բժշկության՝ և վիրավորվել,
Լիառատության՝ նվազել հանկարծ,
Հացի ճոխության՝ ու քաղցած մնալ,
Գետի հոսանքին՝ ծարավից այրվել,
Գթին մայրական՝ և նենգադավվել,
Կամ աստվածային աջիդ խնամքին՝ ու զրկված մնալ։
Բ
Արդ, բորոտությամբ մարմնի սաստկապես
ախտանկյալի պես
Վշտացած հոգով քեզ եմ պաղատում.
«Եթե ուզես, ինձ կարող ես մաքրել»։
Հավերժագիշեր խարխափումներով տանջվող կույրի պես
Հառաչում եմ ես ձայնով ողբակոծ.
Ոչ թե կոչում եմ քեզ Դավթի որդի,
Այլ դավանում եմ իբրև ծննդի Աստծո էության
Եվ անվանու՛մ եմ ոչ միայն «ռաբբի»,
Որ պատվանուն է ճշմարտությունը
Գիտենալ կարծող վարդապետների,
Այլ հավատում եմ քեզ իբրև երկնի ու երկրի տիրոջ։
Ոչ միայն ձեռքդ ինձ երկարելով, հպավորությամբ.
Ո՜վ դու բարեգութ Աստված մերձավոր,
Այլև, հույս ունեմ, մեծ տարածությամբ,
Հեռվից կարող է խոսքդ ինձ բուժել։
Կամեցողությանդ ու ողորմությանդ
Միջև անջրպետ երբեք չեմ դնում,
Որ երկմտություն կնշանակեր,
Այլ համոզված եմ, որ կկամենաս՝ որպես բարեգութ
Եվ կկարենաս՝ որպես արարիչ:
Ասա՛ խոսքովդ, և ես կբուժվեմ։
Հարյուրապետի հավատին նաև ես եմ լծակից,
Համոզված եմ, որ ոչ միայն մոտիկ
Տարածությունից, խորանից խորան,
Զորավոր ես դու տալու հարություն և բժշկություն,
Այլ նաև վերին երկնքում բազմած՝
Ներքևում ամբողջ այս երկրի վրա
Կարող ես, իրոք, այնպիսի անճաո
Սքանչելիքներ հրաշագործել,
Որոնք հատուցել անկարող եմ ես։
Գ
Շնորհի՜ր և ինձ, ինչպես պոռնկին այն ընդունելիս
Վճռեցիր խոսքիդ դատակնիքով
Հինգ հարյուր դինար պարտքը շնորհել,
Աստվա՜ծ բարության, տե՜ր երանության,
Որքան ավելի ընծայես, այնքան կփառավորվես,
Որքան քան շատ բաշխես, այնքան կսիրվես,
Ողորմությունդ մեծացնելով՝
Կբարգավաճես ինքդ կրկնակի
Եվ բարիքներիդ համար իրավամբ կբարեբանվես։
Ամենայնի տեր լինելով հանդերձ՝
Քեզ համարում ես մեզ հավասարորդ.
Բոլորն ունես և մերով ես կշռում.
Անճառելի քո ձիրերի դիմաց՝
Վճարվում ես լոկ մեր ունեցածով.
Երկնայինի տեղ հարկ ես համարում անվախճանը տալ.
Մեծ համարելով՝ գոհաբանում ես մերը վեհորեն.
Քիչ տալիս, նվազ փառավորվելով,
Ամբարտավանած դու չես վրդովվում։
Նույն գթությունդ ցո՛ւյց տուր նաև ինձ՝ հույժ մեղապարտիս,
Որ պարգևներիդ երախտիքները պատմելիս՝ այնտեղ
Նույն չափով նաև սերն հիշատակվի.
Ամեն բանում քեզ փա՛ռք հավիտենից հավիտյանս.
ամեն:
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Ես, որ մեղքերի ծնունդ եմ համակ,
Որդին՝ մահաբեր ցավ ու երկունքի,
Արդ պարտավոր եմ մի օրում անթիվ
Բյուր քանքարների տուգանք վճարել։
Այժմ քեզանից ո՛չ թե մարդկային
Մտքի փոքրության համեմատ միայն ներում եմ հայցում,
Այլ պաղատում եմ մարդասիրություն՝
Փրկիչ Հիսուսիդ աննվազելի լիության չափով.
Չկայի երբեմն՝ ինձ ստեղծեցիր,
Չաղաչեցի քեզ՝ տվիր գոյություն,
Լույս աշխարհ չեկած՝ տեսար ինձ արդեն,
Դեռ չհայտնված՝ գթացիր իսկույն,
Չէի աղաչել՝ խնամարկեցիր,
Դեռ չկարկառած ձեռքերս ի վեր՝ նայեցիր վրաս,
Չէի պաղատել՝ ինձ ողորմեցիր,
Դեռ ձայնս նույնիսկ չէր ձևավորվել, բայց լսեցիր դու.
Չէի հեծեծել՝ ունկնդիր եղար,
Քաջ գիտենալով դիպվածներն արդի՝ չանտեսեցիր ինձ,
Չարիքներն իմ այս պատժապարտական
Կանխադետ աչքով տեսնելով հանդերձ՝ ինձ հորինեցիր։
Այժմ, ինձ, որին ստեղծեցիր դու,
Որին փրկեցիր ու փայփայեցիր
Այնքան սիրով ու հոգատարությամբ,
Մի՛ թող, որպեսզի այս դիվահնար –
Մեղքերը իսպառ կորստյան մատնեն.
Թո՛ղ համառության մառախուղը իմ
Չհաղթի լույսին քո ներողության,
Ո՛չ էլ իմ սրտի կարծրությունը քար՝
Քո երկայնամիտ բարությանն անհուն,
Ո՛չ էլ մսեղեն այս մահկանացուն՝
Ամենակատար քո անթերության,
Ո՛չ էլ նյութեղեն տկարությանն իմ՝
Վսեմութանդ ամենակարող:
Բ
Ահա կարկամած բազուկներն հոգուս
Վեր եմ կարկառում քո անվանն, հզո՜ր,
Առողջ դարձրու ինձ առաջվա պես,
Երբ երանավետ դրախտի այգում
Ըմբոշխնում էի պտուղը կյանքի։
Գոսացած, կարկամ, վհատ, գլխիկոր
Ու տագնապահար այն կնոջ նման՝
Մեղքերով , ասես սատանայական
Պիրկ կապանքներով կքած՝ իմ հոգին
Գետնանահակ է միշտ, շվար, ակնկոր.
Չի համարձակվում երկնային մեծիդ ողջույնն ընդունել.
Վրա՛ս խոնարհվիր, միա՜կ ողորմած,
Բարձրացրո՛ւ, ուղղի՛ր գետնաբեկ ընկած ծառիս բանական
Ու չորացածիս կանաչազարդի՛ր վայելուչ տեսքով,
Ըստ պատգամների սուրբ մարգարեի:
Ինչպես ի ծնե լուսազուրկ մի կույր, չունեմ տեսություն.
Որ նշմարելով դեմքդ՝ պաղատեմ.
Հգո՜ր, բարեգութ և միակ պաշտպան,
Անպատում սիրուդ հոգածու ակնարկն ուղղելով վրաս՝
Անէությունից լու՛յս գոյացրու
Շնչավոր խոսուն քո անոթիս մեջ։
Տասներկու տարվա ախտավոր կնոջ
Նման չարչրկված, տանջված, վշտահար՝
Մեղքերի արյան գետերով ահա ողողված եմ ես.
Նայի՛ր բարձունքից քո՝ պարածածկված լույսով անմատույց,
Ուր թեև չկա քղանցք ձեռագործ հանդերձանքների,
Բայց ամենուրեք զորավորապես
Տարածված են քո հրաշքներն անճառ:
Օծման յուղով չէ, որ պատժապարտս, մեղավորի պես,
Մոտենալով քո կենսաձիր ոտքի գարշապարներին՝
Կաթիլներն աչքի գլխի վարսերով բերում է ընծա,
Այլ հավատս անբիծ, իմ բազուկների վերամբարձումով,
Ողջույնով հոգուս, ստույգ դավանմամբ,
Երկրպագությամբ հպվող շուրթերիս,
Աղբերակայլակ արտասուքներիս հեծեծանքներով՝
Բժշկություն եմ աղերսում հոգուս։
Գոյությունն հոգուս մեղկությամբ լուծված
Ու քայքայված է համակ մեղքերով.
Գործիքն ընթացքիս՝ մարմինս կրող ոտքերս երկու,
Որոնք քայլում են կաղ ու անհաստատ,
Չարի արգելքով՝ շեղվել են ճամփից կենարար ծառի.
Ո՛ւժ տուր վերստին և ուղղի՛ր մոլոր ընթացքը նրանց
Ամենափրկչիդ հնարանքներով։
Փառաբանարանն հաստածդ գոյիս
Նենգ բանսարկուի հողմն է համրացրել ամրափակ խցմամբ.
Ազդելով Հոգուդ մեծ ողորմությամբ,
Ինչպես բուժեցիր ավետարանում հիշատակվածին,
Ինձ էլ շնորհի՛ր բանդ կենդանի սքանչելապես,
Որ կարողանամ խոսել անսայթաք։
Չարաչար, որպես կենդանի դիակ կամ խոսուն մեռյալ,
Մեղքերի ախտի մահիճն եմ ընկել.
Կարեկի՛ց եղիր իմ թշվառության
Եվ աղեկտուր ողբ ու կականին,
Ո՜ վ դու բարերար որդի Աստծո,
Քո օրհնաբանված աչքերի ցողով
Վերականգնի՛ր ինձ նորից կենդանի,
Ինչպես սիրելուդ՝ մեռյալությունից իր անշնչական
Ստամբակելով՝ ստույգ մեղքերի
Գբի մեջ ընկած՝ վարանած եմ ես.
Ձեռքդ պարզի՛ր ինձ, որդի՜ բարձրյալի, արև՜ անստվեր,
Դո՛ւրս բեր, պարուրի՛ր ճաճանչիդ լույսով։
Ինչպես Նայինում՝ արտասվահեղեղ,
Աղիողորմ ու թշվառ ճիչերով,
Դեմքը տխրամած ու տառապագին,
Թափահարելով ձեռքերը տատամ, կուրծքը ծեծելով՝
Իր միամորիկ մահացած որդուն ողբում էր այրին,
Այնպես էլ ես եմ պաղատում մեծիդ՝
սաստիկ հեծությամբ.
Քաջալերությո՛ւն տուր հուսահատիս
Քո մխիթարիչ գթոտ խոսքերով,
Ո՜վ բարեբանյալ հաստիչ աշխարհի,
Ասելով գերուս, թե մի՛ լար այդքան դառն ու բազմաողբ.
Որպեսզի, ինչպես որդու հարությամբ
Սփոփվեց կրկին մայրը վշտաբեկ,
Այնպես էլ և ես ամոքվեմ՝ քեզնից
Ընդունած հոգին իմ ամենապարտ՝ վերանորոգված։
Այսահարությամբ անզգայացած,
Դիվատանջ, քարկոծ, արգահատելի ու հեղձամաղձուկ,
Սահմռկեցուցիչ ու գիսախռիվ,
Ահագնատեսիլ ու խելացնոր
Մարդկանց պես, որոնց դու ողորմեցիր,
Փրկի՜չ բոլորի, տե՜ս, դիմում եմ քեզ.
Վանի՛ր, վտարի՛ր ապականարար
Գնդերը չարի մարմնիս խորանից,
Որպեսզի նորից քո բարի Հոգին
Վերադառնա ու բնակվի այնտեղ,
Լցնի, համակի անդամներս ողջ շնչիս մաքրությամբ,
Զգաստություն տա ամենաթշվառ խելագարվածիս:
Դժոխաբնակ ու վտարանդի հոգիների պես
Արգելափակված տանջվում եմ գերիս.
Թող որ ճառագի ողորմածաբար
Ճաճանչը փառքիդ, ո՜վ անձկալի լույս,
Ազատի, փրկի ինձ պառակտիչի պիրկ կապանքներից։
Տագնապի մեջ է՝ աննկատելի ու գաղտնորոգայթ,
Աննշմար շավիղ ու երակներով
Ներսս տարածված զազիր մեղքերից ջրգողված հոգիս,
Եղեռնագործի թույնից գոյացած
Այտուցներն անտես, որդի՜ Աստծո,
Քեզ ինքնահատուկ քո կարողությամբ
Գթասիրաբար առողջացրո՜ւ։
Մահացու ախտերը բազմատեսակ, զանազանակերպ,
Որոնք, ամեն մեկն իր կորստաբեր ժանտ պտուղներով,
Շառավիղներով դժնդակարմատ,
Հիմնավորվել են անօրեն մարմնիս անդաստանի մեջ,
Դո՛ւրս կորզիր ձեռքով ամենակալիդ,
Դու, որ արորովդ հոգու դաշտերն ես մշակում անվերջ,
Որպեսզի այնտեղ քո կենաց խոսքը արգասավորվի:
Գ
Ահա ճարակող քաղցկեղի նման
Հանցանքիս վերքերն անցել են բոլոր օրինակներից
Ու տարածվելով՝ լափել լիովին անդամներս ողջ.
Չիք սպեղանի, Իսրայելի պես,
Որ դրվի անչափ իմ խարաններին.
Հիմնախարսխից ազդրերիս մինչև
Ծայրագագաթը մարմնիս շինության
Չկա այլևս որևէ առողջ
Կամ բժշկության ենթակա մի տեղ։
Լսի՛ր, ողորմած, բարերար, օրհնյալ
Եվ երկայնամիտ անմահ թագավո՜ր,
Վշտագնած սրտիս այս ողորմաղերս պաղատանքներին,
Որ անձկության մեջ ուղերձում եմ քեզ։
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Նայի՛ր, անձկալի կյանքի հուսատու ամենատե՜ս աչք,
Ցավագնած սրտիս հեծեծանքների
Աղաղակներին դառն ու մեծագոչ։
Անհա՜ս մեծություն, անուն ահավոր,
Բարբառ կենդանի, փափագելի լուր,
Ըղձալի ճաշակ, պաշտելի կոչում,
Բարություն անբավ, ազդում տոնելի,
Խնկյալ իսկություն, գոյություն օրհնյալ,
Տե՛ր Հիսուս Քրիստոս, հորդ հետ գովված, ու երկրպագված,
Բարեհռչակված քո սուրբ Հոգու հետ,
Դու, որ մարմնացար մեզ համար՝ ըստ մեզ,
Որ մեզ դարձնես ըստ քեզ՝ քեզ համար,
Լո՜ւյս ամենայնի, համակ ողորմած, հզոր, երկնային.
Աղաչում եմ քեզ, ջարդված, խորտակված,
Լուծված հողանյութ անոթիս նորեն
Վերստեղծելով հրաշակերտի՛ր։
Ինձ, որ պատկերդ եմ, մեղքով հնացած,
Քուրաներիդ մեջ ձուլի՛ր վերստին խոսքիդ հրայրքով։
Քո հանգստարան-խորանի՝ մարմնիս
Շինվածքը խախտված, պահապան հոգուս հետ, պաղատում եմ.
Մաքրագործի՛ր քեզ ի բնակություն։
Չար գործերիս տեղ նույն փոխատրությամբ մի՛ հատուցիր ինձ։
Արբած եմ ահա, ըստ մարգարեի, բայց ոչ թե գինով.
Քո հրամանով, ազատարար ու ամենակեցույց,
Թափի՛ր, բարերա՜ր, մահվան բաժակիս
Թմրաբեր մրուրն անօրենության,
Որ վերջին օրս հատուցման ժամին քոնը չքամեմ։
Բ
Արդար ես դու միշտ քո դատաստանում,
Թե մատնես մահվան, իրավ կլինես,
Թե դատապարտես՝ այժմ իսկ, այստեղից հենց սկսելով
Կշտամբանքները քո տանջողական,
Ճշմարիտ կլինի հատուցումը քո.
Թե անդունդների խորքերը սուզես,
Խափանես ամեն կենդանի շարժում,
Ունայնացնես ուժը խոսքերիս,
Եթե աչքերիս պատուհանները ստվերածածկես,
Կյանքի ճաշակը ետ առնես ինձնից,
Զրկես կերակրից ընդհանրական,
Օրերս կարճես,
Եթե անձրևող քաղցր ցողի հետ նաև հուր տեղաս,
Խոսքդ լսելու սովով ինձ լլկես,
Խցես դռները զույգ ականջներիս,
Շնորհիդ ձիրը կտրես ինձանից,
Ոտքերիս տակից գետինը սարսես,
Հեռացնես քո լույսից անձկալի,
Եթե աշխարհից վտարես իսպառ,
Ահաբեկես ինձ շանթ ու կրակով,
Անբժշկելի ցավերով տանջես,
Մատնես դևերին ժանտ ու անողորմ,
Տաս ծվատելու խոլ գազաններին,
Հանձնես ամեհի հողմերի ցասման,
Եթե պատրաստես և նորահնար այլ տանջարաններ,
Տարտարոսից ժանտ, գեհենից դժխեմ,
Որդերից թունոտ, մթից ահազդու,
Խորխորատից իսկ սահմռկեցուցիչ
Եվ մերկությունից ավելի թշվառ,—
Կհաստատեմ հենց ես ինքս անձամբ,
Որ բոլորին էլ հույժ արժանի եմ։
Գ
Որպես մեղքերով փոխադարձաբար պայմանավորված,
Նրանց հետևանք, արդյունք, էակից՝
Հատուցումները արտահայտությամբ
Չափազանց հար ու նման են նրանց,
Միշտ նույնօրինակ ու զուգակշիռ:
Որպեսզի միտքն այս հետաքրքրողը ուղիղ հասկանա,
Անհրաժեշտ է, որ խոստովանաբար
Քողը ետ տարվի խոսքիս երեսից.
Այսպես, քանի որ բնավ ընկերոջ հոգս ու վշտերին
Ջերմագին սիրով չկարեկցեցի,
Արդարությամբ արդ հենց աոաջին իսկ վտանգի պահին
Սառում եմ այսպես սաստիկ տագնապած.
Քանզի տռփական ցանկություններիս
Մոլագարության՝ սանձ չդրեցի,
Արժանի կերպով կրում եմ այժմ
Անզովանալի հրայրքը կիզման.
Զի չսիրեցի լույսն ավետիսիդ,
Արդար հատուցմամբ կորստյան մեգի
Անելանելի թանձր խավարում
Դանդաչում եմ արդ մոլորագնաց.
Քանի որ մանր ու փոքր հանցանքներից չխուսափեցի,
Հաշվելով դրանք անվնասակար,
Հիրավի խայթված խոցոտվում եմ արդ
Խածնող զազրելի, գարշ զեռուններից.
Զի աղետի մեջ ընկած թշվառին
Օգնելու համար ձեռք չմեկնեցի,
Տեղին է, որ հենց նույն ձևով ինքս էլ
Ապականության գբին մատնվեմ։
Դ
Ո՛չ աստվածային ամենաբարի
Քո գանձերից, տե՜ր, որևէ չարիք կարող է լինել,
Ո՛չ ճաճանչներից քո լույսի՝ խավար,
Ոչ էլ գայթում՝ քեզ ապավինելուց.
Հենց ինքս անձամբ, կորստյան որդիս, գտա բոլորն այդ.
Անօրեն մեղքերս միայն նյութեցին,
Գանձեցին այդքան բարկության մթերք.
Հնազանդվելով մոլորեցուցիչ իշխանին հոգու՝
Բարձրյալիդ տեղը նրան թողեցի։
Ի վերջո մարմնիս անդամների գարշ
Խայտառականքն ու գաղտնիքը բացվեց,
Եվ անվայելուչ ստվերն ամոթի,
Ըստ առակողի, ընկավ երեսիս՝
Ցուցադրելով ինձ ամբողջովին տգեղ, այլանդակ
Խայտառակության համար մերկացած մի պոռնկի պես:
Ծագի՛ր ինձ վրա քավությանդ լույսով, արքա՜ երկնավոր.
Որպեսզի իսպառ թոթափած ինձնից մեղքերի փոշին.
Բաբելոնից ետ դարձողների պես,
Որ լսել էին ձայնն ավետիսի,
Հողից բարձրացած՝ վերստին կանգնեմ
Եվ, հիմնվելով անսասանորեն հաստատուն հույսիդ.
Ինչպես ասել է կանխավ Եսային,
Նախկին մաքրությամբ հագնեմ քո բազկի
Զորությունը հաղթ ամենակարող՝
Հանուն մեծության ու քաղցր փառքի
Ամենապարգև քո աստվածության,
Օրհնաբանյա՜լդ հավիտյանս, ամեն։
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Տե՜ր անոխակալ ու երկայնամիտ,
Ներող, բարեգութ, հզոր, ողորմած,
Ճշմարիտ են քո գործերը բոլոր,
Դատաստաններդ խոստովանված միշտ,
Ու վկայված են վճիռները քո, տեսնո՜ղ ծածկության:
Երեք երջանիկ մանուկների հետ,
Որ Բաբելոնում կիզանուտ բոցով
Փորձվեցին. սակայն չվնասվեցին,
Նրանց թախծագին երգերով նաև ես եմ հառաչում.
«Ես մեղանչեցի, անօրինացա,
Հանցանք գործեցի, ապստամբեցի
Եվ չանսացի քո պատվիրաններին»։
Եվ քանզի նրանք հանցանքից մաքուր լինելով հանդերձ՝
Խոստովանաբար այսպես գոչեցին,
Ապա պետք է որ ես՝ մեղապարտս,
Նաև ուրիշներն ավելացնեմ։
Պիտի հառաչեմ և երանելի մեծ մարգարեի՝ սուրբ Դանիելի հետ,
Որն հարազատ ու ազգական էր քեզ,
Հուդայի ընտիր տան շառավիղից,
Իր ընդունելի և նվիրական պաղատանքներին
Գումարելով և իմ՝ պատժապարտիս
Կողմից բարձրագոչ այլ հեծեծանքներ:
Թեև գիտակից, սակայն անպատշաճ,
Զարտուղի, խոտոր ճամփով ընթացա
Ու մոլորվեցի դժնդակորեն,—
Որ մեղանչում է կատարելապես ըստ ամենայնի:
Ոտնահարելով քո կամքով հաստված
Ամեն մի սահման՝ դուրս ընդոստնեցի,
Գործելով ստույգ անօրենություն:
Չարագործության չափն անգետների՝ հասցրած իր լրման՝
Բազմապատկեցի ինքս էլ, նյութելով նորեր տակավին,—
Որ օրինակ է իսկական դժնի հանցագործության:
Սաստեցիր, սակայն ես չսոսկացի,
Հորդորեցիր, բայց չանսացի երբեք,–
Որ պարզ նշան է ապստամբության:
Քեզ արդարություն հարդարեցիր, տե՜ր,
Ինձ պատրաստեցիր լուտանք ու ամոթ.
Քեզ՝ վայելչական փառք ու մեծություն, իսկ ինձ՝ նախատինք.
Քեզ՝ քաղցր հիշատակ, ինձ՝ մաղձ, քացախված կատարելապես.
Քեզ՝ անլռելի բարեբանություն,
Իսկ ինձ՝ ողբաձայն աղաղակ ու կոծ.
Քեզ՝ օրհներգություն, երանությամբ լի,
Իսկ ինձ՝ հուսամերժ տարագրություն.
Քեզ՝ իրավունքներ արժանավայել,
Իսկ ինձ՝ դատաստան ամենավարան.
Քեզ՝ անճառելի դրվատանք ու գովք,
Իսկ ինձ՝ միմիայն մոխիր լիզելու խայտառակ պատիժ:
Բ
Ընտիր բարության ո՜վ անկշռելի անսահմանություն,
Արդ ընդունեցիր քո ընտրյալներից
Դու քեզ արժանի ու ախորժելի բույրը կնդրուկի,
Մինչդեռ ես այստեղ, ըստ արժանիքիս,
Ստացա միայն դրա համեմատ
Բազմակրկնակի բարդված պարսավներ։
Բայց եթե այսպես անբիծներն էին
նաև աղերսում,
Հապա ինձ համար, որ դժնաբարո
Բոլոր մարդկանցից խիստ վրիպեցի,
Նախատինքների ի՞նչ տողեր հյուսեմ։
Անառակ վարքով մոլոր ընթացա հանց վայրենամիտ.
Շրթունքներովս համարձակվեցի
Բարբառել անվերջ երկրասեր խոսքեր.
Խենթի մոլությամբ սիրահարվեցի
Ամոթալի ու զազիր գործերին։
Փքվեցի անզուսպ, վերացա ես, որ
Քիչ հետո մահվան հողն եմ իջնելու.
Գոռոզացա ու բարձրամտեցի,
Երբ նույնիսկ հոգուս գրավականի՝
Շնչառությանս տնօրենը չեմ։
Ամբարշտացա փոշիս շնչավոր,
Սնապարծեցի կավս ձայնավոր,
Պանծացի հոխորտ հողս անարգության,
Ի վեր խոյացա մոխիրս մերժելի,
Բազուկ բարձրացրի բաժակս փշրելի:
Տարածվեցի շա՜տ, վեհագույններից ավելի անգամ.
Սակայն ետ մղված՝ նորից ինքս իմ մեջ ներամփոփվեցի.
Բարկության բոցով ժպրհեցի ցոլալ տիղմս բանական.
Մեծամտեցի որպես մի անմահ
Ես, որ մահվան եմ ենթակա անբան չորքոտանու պես:
Գիրկս բաց արի այս կյանքի սիրուն,
Դեմքի փոխարեն թիկունք դարձրի քեզ.
Մտքիս թռիչքով մութ խորհուրդների միջով սլացա.
Անարատ հոգիս մարմնիս փափկությամբ հավետ վատեցի.
Ձախ կողմիս ուժգին զորություն տալով՝
Տկարացրի աջիս ուժերն ու հաղթեցի նրանց,
Հոգածությունդ իսկ տեսա իմ հանդեպ,
Որ այստեղ գրել չեմ կարող, սակայն չպատկառեցի,
Վայրի հավքի պես դեպի վաղեմի
Սովորությունն իմ նորից սլացա,
Ինչպես երբեմն Եփրեմի մասին ասել է Օվսեն.
Աղոթքիս պահին նույնիսկ այս կյանքից չկտրվեցի.
Նժույգը մտքիս ոտքի հաստատված չպահեցի ես
Բանականության երասանակով.
Հին չարիքների վրա բարդեցի նորերն ինքնաստեղծ.
Ըստ Հոբի խոսքի, իմ իսկ ձեռքերով
Պրկվեցի ծանր ու անտանելի անուրների մեջ,
Ըստ Երեմիայի, ինքս իմ ձեռքով
Անկարկատելի մի գոգնոց դարձա,
Ըստ առակողի, անանվանելի մի վիժվածքի պես,
Մարդահամարից իսպառ ջնջվեցի:
Եսայու խոսքով, զազրացա ինչպես
Դաշտանավորի ապականված լաթ.
Թրծված խեցեղեն մի ամանի պես
Փշրվեցի մանր, անարծարծելի.
Ըստ մարգարեի՝ Եդովմին ուղղված հանդիմանության,
Անօրենության չորրորդ՝ սատակման չափից էլ անցա:
Եվ մի՞թե պիտի սուտ լինի, եթե
Ավելացնեմ սրանց նաև այն,
Որ ձեռք բերեցի Մողոքի վրանն այն դիվանվեր,
Որպեսզի դժոխք ժառանգեմ բաժին.
Երկնայինն այսպես լքած՝ մինչևիսկ
Բաբելական այն Ռեփան աստղի
Ձևապատկերը պատվեցի սիրով,
Ինչպես Սինայում իսրայելացիք:
Գ
Ես, որ մերժվելով նախկին շնորհի
արտոնությունից,
Նրանից զրկված, քշված՝ հեռացել բաժանվել եմ արդ
Ու կտրվել եմ անպատվաստելի,
Այժմ վերստին քեզ եմ դիմում, տե՜ր,
Ընդունի՛ր դարձյալ ու վերակերպի՛ր հոգու պատկերով
Ինձ, մահապարտիս, կյանքին անարժան,
Իբրև չարագործ, սևերես, դարձած ՛
Նենգ բանսարկուի ոտքերի կոխան,
Որպես մանրատված անբժշկելի,
Գարշացած, հասած հատակը մահու,
Քո կոչման համար այլևս անպիտան,
Քշված կորստյան, վանված, դեգերած,
Վարանած, թշվառ, կործանված, վհատ.
Խորտակված, ջարդված,
Անարգված, հոգով տրտում ու թախծոտ։
Ականջ դնելով, սակայն, խոսքերին իմ ողորմաղերս,
Գթա՜ծ, մարդասեր, հզոր, ընդունի՛ր
Ինձ դարձյալ՝ որպես արդեն զղջացած,
Խոստովանանքով ոտքերդ ընկած ապաշխարողի,
Դու, որ կշռելով՝ մեծ ես համարում
Հառաչանքն հոգու, ձայնն հեծեծանքի,
Շուրթերի կսկիծ, լեզվի ցամաքում,
Բարի ցանկություն ու ձգտում, բխած սրտերի խորքից,
Փրկությո՜ւն մարդկանց, բոլորի հաստող,
Տեսնող դեռևս չգործվածների
Եվ աներևույթ վերքերի բժիշկ,
Հուսացողներիդ ապավեն, պաշտպան,
Ամենքի համար բարեխնամ տեր,
Ամեն բանում քեզ փա՜ռք հավիտենից
հավիտյանս, ամեն։