ԿԸ (ՈՂԲ)

ԿԸ

Ողբք վասն բառնալոյ թագաւորութեանն Հայոց յազգէն Արշակունեաց, եւ եպիսկոպոսապետութեանն յազգէ սրբոյն Գրիգորի:
2 Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ, ողբամ զքեզ, հանուրց հիւսիսականաց վեհագոյն. զի բարձաւ թագաւոր եւ քահանայ, խորհրդական եւ ուսուցող. վրդովեցաւ խաղաղութիւն, արմատացաւ անկարգութիւն. դրդուեցաւ ուղղափառութիւն, կայկայեցաւ տգիտութեամբ չարափառութիւն:
3 Ողորմիմ քեզ, եկեղեցի Հայաստանեայց, խրթնացեալ ի բարեզարդութենէ բեմին, ի քաջէն զրկեալ ի հովուէ եւ ի հովուակցէ: 4 Ոչ եւս տեսանեմ զբանաւոր քո հաւտ ի վայրի դալարւոջ եւ ոչ ի ջուրս հանգստեան սնեալ, եւ ոչ ի փարախ հաւաքեալ` զգուշանալով ի գայլոց, այլ ցրուեալ անապատաց եւ գահավիժութեանց:
5 Երանի՜ առաջնոյ եւ երկրորդի փոփոխմանն. զի էր ինչ ժամանակ հեռանալոյ փեսային եւ փեսաւիրին, եւ հարսնդ համբերեցեր` ողջախոհութեամբ զամուսնութիւն պահելով, որպէս ոմն նախ քան զմեզ իմաստասիրեաց: 6 Դարձեալ մինչ երբեմն ոմն սեղեխաբար յանդգնեալ յարձակեցաւ յանարատ առագաստդ` եւ հարսնդ ոչ աղտեղացար. թէպէտ եւ բռնութիւնն զփեսայն ի բաց վարեաց, որդւոցն բարձրացելոց անարգելով զծնողն, համայն եւ խորթոցն ըստ արժանեացն զաւտար հայրն եւ զեկամուտ յաւրայն. սակայն դու եւ ոչ յայնմ զքեզ ամայի բոլորիցն ցուցեր. զանդրէն քոյոյն յուսալով դարձ հովուակցաւն, ոչ որպէս տայգերբ, այլ որպէս նոյնազաւակ զուգահարբ, զմանկունսն փայփայեցեր: 7 Իսկ յերրորդ հեռանալս ոչ է ակնկալութիւն դարձի, լուծեալ ի մարմնոյս ընկերաւն եւ գործակցաւն:
8 Ընդ Քրիստոսի լաւ է նոցա բնակել, եւ յԱբրահամեանն հանգչել ի գոգս, եւ զհրեշտակացն տեսանել զպարաւորութիւնս: 9 Բայց անհոգող դո'ւ այրութեամբ, եւ եղկելիք մե'ք` որ զրկեալք եմք ի հայրենի վերակացութենէն: 10 Զի ոչ որպէս ի հնումն ժողովուրդն այն, այլ առաւել մերս է թշուառութիւն: 11 Վասն զի Մովսէս բարձեալ լինի, եւ Յեսու ոչ յաջորդէ` առաջնորդել յերկիրն Աւետեաց: 12 Ռոբովամ մերժեցաւ յիւրմէ ժողովրդենէն, եւ փոխանորդեաց որդին Նաբատայ. եւ զայրն Աստուծոյ ծախեաց ոչ առիւծ, այլ կատարումն ժամանակի: 13 Եղիա համբարձաւ, եւ Եղիսէէ ոչ մնաց կրկին ոգւով աւծանել զՅէու. այլ եւ Ազայէլ հրաւիրեցաւ ի կոտորել զԻսրայէլ: 14 Ի գերութիւն վարեցաւ Սեդեկիայ, եւ Զաւրաբաբէլ ոչ ուրեք է, որ նորոգէ զպետութիւնն: 15 Անտիոքոս բռնադատէ թողուլ զաւրէնս հայրենիս, եւ Մատաթիայ ոչ ընդդիմակայէ. պատերազմ զմեզ շուրջ պաշարէ, եւ Մակաբէ ոչ փրկէ: 16 Այժմ մարտք ի ներքուստ եւ արհաւիրք արտաքուստ. արհաւիրք ի հեթանոսաց եւ մարտք ի հերձուածողաց, եւ խորհրդականն չէ ի միջի, որ խրատէր եւ յարմարէր ի պատերազմ:
17 Աւա՜ղ զրկանացս, աւա՜ղ թշուառական պատմութեանս, ո՞րպէս զախտս հանդուրժեցից բերել. զիա՞րդ զմիտս իմ եւ զլեզուս պնդեցից, եւ հատուցից զբանս հարցն` փոխանակ ծննդեանն եւ սննդեանն: 18 Քանզի ծնան զիս իւրեանց վարդապետութեամբն եւ սնուցին, առ այլս առաքելով աճեցուցանել: 19 Եւ մինչ նոքա զմերն յուսային զդարձ, եւ պատուասիրել իմով ամենիմաստ արուեստիւս եւ կատարելագոյն յարմարութեամբս, համայն եւ մեք փութապէս դիմեալք ի Բիւզանդիոյ, յուսայաք հարսանեաց պարել, անվեհեր երագութեամբ կրթեալք, եւ առագաստի ասել երգս, - արդ փոխանակ խրախճանութեանն ի վերայ գերեզմանի ողբս ասելով` ողորմելի հառաչեմ. ուր եւ ոչ տեսութեանն ժամանեցի աչաց նոցա կափուցման, եւ լսել զվերջին բարբառն եւ զաւրհնութիւն:
20 Այսպիսեաւ անձկաւ հեղձամղձուկ եղեալ` վտանգիմ կարաւտութեամբ մերոյ հաւրն: 21 Ո՞ւր է քաղցր աչացն հանդարտութիւն առ ուղիղս եւ ահաւորութիւն առ թիւրս. ո՞ւր զուարթ շրթանցն ժպտումն առ բարի աշակերտացն հանդիպումն. ո՞ւր խնդամիտ սիրտն ընդունող արբանեկաց. ո՞ւր երկայն ճանապարհաց յոյսն հեշտացուցիչ, աշխատութեանցն հանգուցանող: 22 Կորեա՜ւ ժողովողն, թագեա՜ւ նաւահանգիստն, ելի՜ք աւգնականն, լռեա՜ց ձայնն յորդորեցուցիչ:
23 Ո՞վ այսուհետեւ զմերս յարգեսցէ զուսումն. ո՞վ ուրախասցի ընդ յառաջադիմութիւն աշակերտիս. ո՞վ զհայրականն բարբառեսցի զուարճութիւն, մասամբ ինչ յաղթահարեալ յորդւոյս: 24 Ո՞վ կարկեսցէ զյանդգնութիւն ընդդէմ առողջ վարդապետութեան հակառակ յարուցելոցն, որք ամենայն բանիւ քակտեալք եւ քայքայեալք` յոլովս փոփոխեն վարդապետս եւ բազում գիրս, որպէս ասաց ոմն ի հարցն. առ ամենայն բան նմանապէս դժուարին, եւ չար աւրինակ անձանց գրեն զայն` զծիծաղելն զմեաւք եւ զարհամարհելն իբրեւ զանհաստատնովք, եւ որ ինչ պիտանացու ունիցի արուեստ: 25 Ո՞վ զնոսա ըմբերանեսցէ սաստելով, եւ զմեզ սփոփեսցէ գովելով, եւ չափ դնիցէ բանի եւ լռութեան:
26 Զմտաւ զայսոսիկ ածելով` հառաչումն յիս ի ներքս ընթանայ եւ արտաւսր, եւ կամեցուցանէ բարբառել բան տխրական եւ սգաւոր: 27 Եւ ոչ գիտեմ, եթէ զիա'րդ յարմարեցից զողբերգութիւնս, եւ կամ զո'վ արտասուեցից. զհէ՞քն իմ մանուկ եւ թագաւոր, զխորհրդակցութեամբ վատթարն, զազգաւ ի բաց ընկեցիկն, եւ նախ քան զմահուն մեռելութիւն` անփառութեամբ յաթոռոյն ի վայր կործանեալ, եթէ զիս ինքն, զի վերացաւ ի գլխոյս փարթամացուցիչ պսակն գեղեցիկ եւ կենցաղաւգուտ. զհա՞յրն իմ եւ զքահանայապետ, զմիտսն վսեմացեալս, որ երթայր տանէր կատարեալ բան, որով վարէրն եւ յարմարէր, եւ զերասանակս ի բուռն առեալ` ուղղէր զդէմսն եւ սանձահարէր զլեզուս աւտարաձայնս, եթէ զիս, թափուր ի Հոգւոյն մնացեալս խանդից եւ ցականեալ. զծնո՞ղն իմ, աղբիւր վարդապետական, զարդարութեանն ոռոգող, եւ հեղեղաւ զամբարշտութիւն արտաքս սահմանելով, եթէ զիս, երաշտացեալ եւ թարշամեալ պասքութեամբ արբուցմանց խրատու. զաշխարհիս եկեա՞լ աղէտս, եթէ զապագայիցն ակնկալութիւն:
28 Ո՞վ մեզ յայսոսիկ ճառակցէ հաւասարելով տրտմութեանս, եւ աւգնեսցէ ախտակցելով ասիցս, կամ յարձանս փորագրել: 29 Զարթի'ր, Երեմիաս, զարթի'ր եւ ողբա' հանդերձ մարգարէանալով որ ինչ թշուառացաքս եւ որ ինչ թշուառանալոցս եմք. գուշակեա' զյառնել հովուաց տգիտաց, որպէս երբեմն Զաքարիաս յԻսրայէլին:
30 Վարդապետք տխմարք եւ ինքնահաճք, անձամբ առեալ պատիւ եւ ոչ յԱստուծոյ կոչեցեալ. արծաթով ընտրեալք եւ ոչ Հոգւով. ոսկեսէրք, նախանձոտք, թողեալ զհեզութիւն, յորում Աստուած բնակէ, եւ գայլք եղեալ` զիւրեանց հաւտս գիշատելով:
31 Կրաւնաւորք կեղծաւորք, անձնացոյցք, սնափառք, պատուասէրք քան թէ աստուածասէրք:
32 Վիճակաւորք հպարտք, դատարկակացք, զրաբանք, ծոյլք, ատեցողք արուեստից եւ վարդապետական բանից, սիրողք վաճառաց եւ կատակերգութեանց:
33 Աշակերտք հեղգք առ ուսումն եւ փոյթք առ ի վարդապետել, որք նախ քան զտեսութիւնն աստուածաբանք:
34 Ժողովրդականք վէսք, ստահակք, մեծախաւսք, անվաստակք, այրեցողք, վնասակարք, փախչողք ի ժառանգութենէ:
35 Զաւրականք անարիք, սնապարծք, զինատեացք, պղերգք, հեշտասէրք, անժուժկալք, կողոպտիչք, գինարբուք, յուզարկուք, համաբարոյք աւազակաց:
36 Իշխանք ապստամբք, գողակիցք գողոց, կծլիք, կծծիք, ժլատք, ագահք, յափշտակողք, աշխարհաւերք, աղտեղասէրք, ծառայիցն համամիտք:
37 Դատաւորք տմարդիք, սուտք, խաբողք, կաշառառուք, անընտրողք իրաւանց, անհաստատք, հակառակողք: 38 Եւ բարձումն առ հասարակ յամենեցունց սիրոյ եւ ամաւթոյ:
39 Եւ ապա յանդիմանութիւն այսոցիկ զի՞նչ, եթէ ոչ անտես առնել Աստուծոյ, եւ տարերց փոփոխել զբնութիւնս իւրեանց: 40 Գարուն երաշտացեալ, ամառն անձրեւայոյզ, աշուն ձմեռնացեալ, ձմեռն սաստկասառոյց, մրրկալից, յերկարացեալ. հողմք բքարարք, խորշակաբերք, ախտահաւաքք. ամպք հրընկէցք, կարկտածուք. անձրեւք անժամանակք եւ անպիտանք. աւդք դառնաշունչք, եղեմնարկուք. ջրոց առաւելուլն անաւգուտ եւ նուազելն անհնարաւոր. երկրի անբերութիւնք պտղոց եւ անաճելութիւնք կենդանեաց, այլ եւ սասանմունք եւ դղրդմունք: 41 Եւ ի վերայ այսր ամենայնի խռովութիւնք յամենայն կողմանց, ըստ այնմ` եթէ չիք խաղաղութիւն ամբարշտաց:
42 Զի թագաւորք տիրեալք խիստք եւ չարաչարք, բեռինս բառնալով ծանունս եւ դժուարակիրս, հրամանս տալով անտանելիս. վերակացուք անհարթարարք, անողորմք. սիրելիք դաւաճանեալք, եւ թշնամիք զաւրացեալք. հաւատ վաճառեալ ընդ սնոտի կենցաղոյս: 43 Հէնք եկեալ անհատք եւ յոլովից կողմանց. գերփումն տանց եւ յափշտակութիւն ստացուածոց. կապումն գլխաւորաց եւ բանտք յայտնեաց. յաւտարութիւն վտարումն ազատաց եւ անթիւ նեղութիւնք ռամկաց. առումն քաղաքաց եւ քանդումն ամրոցաց. աւերումն աւանաց եւ հրդեհումն շինուածոց. սովք անբաւք եւ հիւանդութիւնք եւ մահք բազմաւրինակք. աստուածպաշտութիւն մոռացեալ, եւ ակնկալութիւն գեհենի:
44 Յորմէ պահեսցէ զմեզ Քրիստոս Աստուած, եւ զամենեսեան` ոյք երկրպագեն նմա ճշմարտութեամբ. եւ նմա փառք յամենայն եղականացս. ամէն:
45 ԱՒԱՐՏԵՑԱՆ ԳԻՐՔ ԵՐՐՈՐԴ, ՅԱՆԿ ԵԼԱՆԵԼՈՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՑ ՄԵԾԱՑ

Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։
Խղճում եմ քեզ, Հայաստանյայց եկեղեցիդ բեմիդ բարեկարգությունից անշքացած քաջ հովվից և հովվակցից զրկված։ Այլևս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում և հանգիստ ջրերի մոտ սնվելիս և ոչ էլ փարախի մեջ հավաքված՝ գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում և գահավեժ տեղերում:
Երանի՜ առաջին և երկրորդ փոփոխություններին, որովհետև եղավ մի ժամանակ, որ փեսան և խաչեղբայրը հեռացան, բայց դու, հարսդ, համբերեցիր, ողջախոհությամբ պահելով ամուսնությունդ։ Մյուս անգամ էլ, երբ մեկը սիրեկանի նման հանդգնաբար հարձակվեց քո անարատ առագաստի վրա, դու, հարսդ, չապականվեցիր, թեպետ բռնի կերպով փեսան վտարվեց, երբ ընդվզող որդիները իրենց ծնողին անարգեցին, նման այն խորթերին, որոնք արժանապես անարգում են օտար հորը և եկվոր խորթ հորը, բայց դու այս անգամ էլ ամեն բանով լքված չմնացիր, ակնկալելով քո (փեսայի) դարձին, դու հովվակցի ձեռքով մանուկներիդ փայփայեցիր, ոչ ինչպես տեգերոջ, այլ ինչպես նույն զավակների տեր երկրորդ հոր ձեռքով։ Իսկ այս երրորդ անգամ հեռանալիս՝ այլևս չկա դարձի ակնկալություն, որովհետև մարմնից բաժանվեց իր ընկերոջ ու գործակցի հետ։
Նրանց համար լավ է Քրիստոսի հետ բնակվել, Աբրահամի գոգում հանգչել և հրեշտակների խմբերը տեսնել: Բայց դու ես, որ այրիությանդ մեջ առանց հոգացողի մնացիր, և մենք ենք խղճալի, որ զրկվեցինք հայրական խնամակալությունից։ Որովհետև այնպես չէ (մեր վիճակը), ինչպես հնում այն (իսրայելացիների) ժողովուրդը, այլ մեր թշվառությունն ավելի է։ Որովհետև Մովսեսը վերացվում է, բայց Հեսուն չի հաջորդում, որ առաջնորդի դեպի Ավետյաց երկիրը։ Ռոբովամն իր ժողովրդից մերժվեց, բայց նրան փոխարինեց Նաբատի որդին, և աստծու մարդուն ոչ թե առյուծը ոչնչացրեց, այլ հիսուն տարիքը։ Եղիան համբարձվեց, բայց Եղիսեն չմնաց կրկնակի հոգով՝ Հեուեին օծելու, այլ դեռ Ազայելն էլ հրավիրվեց Իսրայելին կոտորելու, Սեդեկիան գերի տարվեց, բայց չկա Զորաբաբելը, որ տերությունը նորոգի։ Անտիոքոսը հարկադրում է թողնել հայրենի կրոնը, բայց Մադաթիան չի դիմադրում, պատերազմը մեզ շուրջանակի պաշարել է, բայց Մակաբեն չի փրկում։ Այժմ ներսը կռիվներ, դրսից արհավիրք, արհավիրք հեթանոսների կողմից և կռիվներ հերձվածողների կողմից, և չկա այն խորհրդականը, որ խրատեր և պատերազմի պատրաստեր։ Ավա՜ղ այս զրկանքներին, ավա՜ղ այս թշվառ պատմությանը։ Ի՜նչպես դիմանամ այս ցավերին, ի՜նչպես ամրապնդեմ միտքս ու լեզուս և հայրերիս հատուցեմ խոսքով ծնունդի և սնունդի փոխարեն։ Որովհետև նրանք ինձ ծնեցին և սնեցին իրենց տված ուսումով և ուրիշների մոտ ուղարկեցին կատարելագործվելու։ Եվ մինչ նրանք սպասում էին մեր դարձին, որ փառավորվեին իմ ամենիմաստ գիտությամբ և լիակատար պատրաստությամբ, և մենք էլ Բյուզանդիայից շտապ–շտապ դիմելով, հույս ունեինք հարսանիքում պարել, խիզախ և արագ շարժումներով, և առագաստի երգեր երգել, այժմ, այդ ուրախության փոխարեն, գերեզմանի վրա ողբեր եմ ասում, ողորմելի հառաչելով, նույնիսկ չհասցրի տեսնել նրանց աչքերի փակվելը, լսել նրանց վերջին ձայնն ու օրհնությունը։
Այսպիսի վշտով խեղդվում եմ, մեր հոր կարոտով մաշվում։ Ո՞ւր է այն քաղցր աչքերի հանդարտությունը ուղիղների համար և ահավորությունը շեղվածների համար, ո՞ւր է այն զվարթ շրթունքների ժպիտը լավ աշակերտներին հանդիպելիս, ո՞ւր է այն բարյացակամ սիրտը, որ հետևողներ է գրավում, ո՞ւր է երկայն ճանապարհները հեշտացնող հույսը, նեղություններից հանգստացողը, կորավ ժողովուրդը, ծածկվեց նավահանգիստը, լքեց օգնականը, լռեց խրախուսիչ ձայնը։
Ո՞վ այսուհետև պետք է հարգի մեր ուսումը, ո՞վ պետք է ուրախանա իր՝ աշակերտիս առաջադիմությամբ, ո՞վ հայրական զվարճությունը պիտի արտահայտի՝ մասամբ իր որդուց հաղթվելով։ Ո՞վ պետք է զսպի առողջ վարդապետությանը հակառակ դուրս եկողների հանդգնությունը, որոնք ամեն բանով քանդված ու քայքայված շատ ուսուցիչներ են փոփոխում և բազմաթիվ գրքեր, ինչպես ասաց հայրերից մեկը, ամեն խոսքի առթիվ նրանք հավասարապես նեղանում են, և մարդկանց համար չար օրինակ են դարձնում մեզ ծաղրելն ու արհամարհելը, իբրև անհաստատ և որևէ պիտանի արվեստից զուրկ: Ո՜վ պետք է նրանց պապանձեցնի սաստելով և մեզ սփոփի գովելով և չափ դնի խոսքի և լռության:
Երբ մտածում եմ այս բաների մասին, սիրտս հառաչում և արտասվում է և ցանկանում եմ տխրալից և սգավոր խոսք ասել։ Եվ չգիտեմ ի՞նչպես հորինեմ իմ ողբը, և կամ ո՞ւմ արտասվեմ. արդյոք իմ թշվառ մանուկ թագավորի՞ն, որ վատթար խորհրդակցությամբ իր ցեղով հանդերձ դեն նետվեց և նախքան մահով մեռնելը անարգաբար աթոռից կործանվեց, թե ինձ, որի գլխից վերցվեց փառավորող գեղեցիկ կյանքին օգտակար պսակը, արդյոք իմ հո՞րն ու քահանայապետին, այն վսեմ մտքին, որ ուր գնում, տանում էր կատարյալ խոսքը, որով կառավարում էր և բարեկարգում, և սանձերը բուռը հավաքած՝ ուղղություն էր տալիս դեմքերին ու սանձահարում էր օտարոտի լեզուները, թե ինձ, նրա հոգու խանդից զրկվածիս ու տնանկիս, արդյոք իմ ծնողի՞ն, այն վարդապետության աղբյուրը, որ ոռոգում էր արդարությունը և իբրև հեղեղ դուրս էր քշում ամբարշտությունը, թե ինձ, նրա խրատները խմելու ծարավից ցամաքածիս ու թառամածիս, արդյոք մեր երկրին, արդեն եկա՞ծ աղետները, թե ապագայում սպասվողները։
Ո՞վ մեզ այս բաներում ճառակից կլինի` մասնակցելով մեր տրտմությանը, ո՞վ մեզ կընկերանա՝ ցավակցելով մեր ողբին, կամ արձանների վրա փորագրելու։ Զարթի՛ր, Երեմիա, զարթի՛ր և մարգարեանալով հանդերձ ողբա այն, ինչ թշվառություններ որ կրեցինք և ինչ պիտի կրենք, գուշակիր, որ տգետ հովիվներ պետք է երևան գան, ինչպես (գուշակեց) Զաքարիասը իսրայելացիների համար։
Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։
Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։
Վիճակավորները հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։
Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։
Աշխարհականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող։
Զինվորականները անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո։
Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ։
Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող։
Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած։
Եվ ի՞նչ կա այս բոլորի դիմաց, եթե ոչ այն, որ աստված մեզ անտես է արել, և տարրերը փոխել են իրենց բնույթը, գարունը երաշտացած, ամառը սաստիկ անձրևային, աշունը ձմեռ դարձած, ձմեռը սաստիկ ցուրտ, մրրկալից և երկարատև։ Քամիները բքաբեր ու խորշակաբեր, ցավեր տարածող, ամպերը կայծակներ թափող, կարկտաբեր. անձրևներն անժամանակ և անօգուտ, եղանակը դաժան, եղյամաբեր. ջրերի ավելանալը անօգուտ, իսկ պակասելը՝ չափազանց. հողի պտուղների անբերրիություն և անասունների անաճելություն, այլև երկրաշարժեր և սասանումներ։ Եվ այս բոլորի վրա ամեն կողմից խռովություն, համաձայն այն խոսքի, թե ամբարիշտներին խաղաղություն չկա։
Որովհետև (մեզ) տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս, կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած, հավատը ծախսվում է այս ունայն կյանքի համար։ Ավազակներ են գալիս անհատնում և շատ կողմերից, տները թալանվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ։
Աստվածապաշտությունը մոռացված է, և կա դժոխքի ակնկալություն։
Սրանից թող փրկի Քրիստոս աստված մեզ և բոլորին, որոնք ճշմարտությամբ երկրպագում են նրան։ Նրան փա՜ռք բոլոր արարածներից, ամեն։