Author
​​​​​​​Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

... ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ասուլիսից հետո մտերմիկ զրույցում մի դեպք պատմեց, որից չոգեւորվել ու չհպարտանալ հնարավոր չէ: 

 

Նա պատմեց, որ մութ ու ցուրտ տարիներին Աշտարակում իր հարեւանն է եղել մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանը, ընդ որում, նա բնակվել է իր աղջկա՝ Կարինեի տանը: 

Մի օր աշխատանքից տուն գնալիս փոխնախարար Շիրխանյանը տեսել է, որ Վիկտոր Համբարձումյանը մոմի լույսի տակ նստած է եղել՝ ոտքերին ցրտից պաշտպանվելու համար ծածկոց է գցել ու այդպես աշխատել:

Շատ վատ է զգացել իրեն եւ հորդորել է աշխատակիցներին, որ ամեն ինչ անեն, բայց գիտնականի տանը անպայման լույս հասցնեն: Հաջորդ օրը աշխատանքից տուն է հասել ու տեսել է, որ աստղաֆիզիկոսի տանը լույս է վառվում, սակայն ուրախությունը կարճ է տեւել: 

Չնայած ուշ ժամին, գիտնականն անհամբեր սպասել է Շիրխանյանին, որ հայտնի իր դժգոհությունը: 

Վահան Շիրխանյանը պատմեց, որ տուն չհասած՝ աղջիկը մոտեցել է ու ասել, որ հայրն ուզում է իրեն տեսնել: Մոտեցել է՝ Վիկտոր Համբարձումյանը շատ բարկացած հորդորել է անհապաղ լույսն անջատել ու այնպես կոպիտ ու վճռական է ասել, որ այլընտրանք չի թողել: 

 

ՊՆ փոխնախարարն ասել է՝ այսօր, եթե կա մեկը Հայաստանում, որ լույս ունենալու իրավունք ունի, դա Դուք եք: 

Վիկտոր Համբարձումյանը պատասխանել է՝ եթե իմ ժողովուրդը մթության մեջ է, ես չեմ կարող ու չպետք է լույս ունենամ, ինչպես մյուսները, այնպես էլ՝ ես:

Image
Վիկտոր Համբարձումյան