ՎԱՐԿԱԾՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ՝ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՇԱՏ
Հասմիկ Գուլակյանի զրույցը Ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, միջազգային գիտական հաստատությունների անդամ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Պարիս Հերունու հետ
– Պարո՛ն Հերունի, եթե ֆիզիկոս չդառնայիք, երևի նկարիչ կլինեիք՝ հետևելով Ձեր գենետիկ կոդին. նկարիչներ էին Ձեր և՛ հայրը, և՛ մայրը: Բայց Ձեր մեջ հաղթեց գիտնականը…
– Նկարիչ դառնալու մասին չէի մտածում: Դեռ դպրոցում շատ էի սիրում ֆիզիկան: Ռադիոֆիզիկայի ֆակուլտետն ավարտել եմ Մոսկվայում: Իսկ ծնողներս, իրոք, նկարիչներ էին: Ավարտել են Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Հայրս ավարտել է նաև համալսարանի պատմության ֆակուլտետը և ազատ ժամանակ նկարում էր, հատկապես` կենսաթոշակի անցնելուց հետո: Ամբողջ կյանքում պատմություն է դասավանդել: Մայրս մանկավարժական ուսումնարանում միշտ դասավանդել է նկարչություն, չնայած ավարտել է նաև լեզվաբանության ֆակուլտետը: Նկարչություն մանկուց եմ տեսել:
– Ի՞նչ եք սիրում նկարել:
– Առաջին հերթին՝ բնություն, նաև՝ դիմանկարներ, նատյուրմորտներ: Անցյալ տարի ամռանը Նկարչի տանը բացվել էր ութ գիտնական-նկարիչների ցուցահանդես. ինձ ՀՀ նկարիչների միության պատվավոր անդամի վկայական տվեցին: Հպարտ եմ դրա համար:
– Մենք՝ հայերս, սիրում ենք խոսել բարոյական արժեքների մասին: Ի՞նչ ակունքներից են սկիզբ առնում և սնվում դրանք:
– Հայերի բարձր բարոյականությունը նրանց գեների մեջ է: Հայերի մշակույթը, փիլիսոփայությունը, տիեզերագիտությունը, մի խոսքով՝ հայկական քաղաքակրթությունը զարգացել են շատ վաղ: Հայերի լեզուն բնածին է: Հայոց լեզուն, քաղաքակրթությունը և պետությունը ձևավորվել ու կայացել են մի քանի տասնյակ հազար տարի առաջ: Բնասիրությունը, բարությունը, մարդասիրությունը, հավասարությունը, ազատասիրությունը հայերի մեջ գոյություն ունեն ա՛յդ ժամանակներից:
– Մաշտոցը մեզ զինեց գրով, ճարտարապետությունը՝ կոթողներով: Ուրիշ ի՞նչ արժեքներով կարողացանք հարստացնել մեր հոգևոր զինանոցը:
– Մաշտոցը և քրիստոնեական շրջանի մեր ճարտարապետները շատ մեծ գործ են արել: Բայց նրանք չեն, որ զինել են հայ ժողովրդին: Բարձր գիտությունը և ճարտարապետությունը գոյություն են ունեցել նրանցից շատ առաջ: Մենք այբուբեն ունեցել ենք մ. թ. ա. III հազարամյակում, գիր՝ 25 հազար տարի առաջ: Մաշտոցը վերականգնել է հայոց այբուբենը 100-ամյա ընդմիջումից հետո: Այդ մասին հանգամանորեն գրել եմ «Տիեզերքի ընկալումը հոգևոր տեսանկյունից» հոդվածում և «Հիմքերը հայոց» գրքում: Գիտության համար դեռևս մեծ գաղտնիք է, թե 4-4.5 հազար տարի առաջ ովքեր են կառուցել Եգիպտոսի բուրգերը, Անգլիայի Սթոունհենջ (սթոուն նշանակում է քար, հենջ-ը հայերեն հնչել բառն է), Ֆրանսիայի՝ Բրետանի Քարնակ, Շոտլանդիայում՝ Քալենիշ (Քարենիշ) և մյուս նման աստղադիտարանները և արևի տաճարները: Հայտնի է, որ այդ ժամանակ տեղացիները չեն ունեցել համապատասխան մակարդակի գիտություն: Աշխարհը դա ընդունում է, բայց չի ասում՝ իսկ ո՞վ է դրանք կառուցել: Համոզված եմ՝ կառուցել են հայերը և գիտեմ՝ ինչո՞ւ:
– Ձեր հրապարակումներից մեկում գրել եք. «Այսօր էլ ամեն հայի մեջ կա ուսանելու և ուսուցչի ջիղը»: Արդյո՞ք շատ մեծ դեր չեք վերագրել մեզ՝ առաջինը, առաջատար լինելու կեցվածք և այլն: Չափազանցություն չէ՞:
– Ես ելնում եմ փաստերից և խոսում եմ ապացույցներով, երբ ասում եմ՝ եղել է այդ ջիղը: Մինչև մթա XIII-II-րդ հազարամյակներում հայերը խմբերով ճանապարհորդել են մերձավոր և հեռավոր ծովերով՝ մոլորակը հետազոտելու, գիտականորեն ուսումնասիրելու նպատակով: Փաստեմ ասածս: Գոյություն ունի, այսպես կոչված, աշխարհագրական քարտեզների գաղտնիքը կամ հանելուկը: Պահպանվել են մի քանի հնագույն աշխարհագրական քարտեզներ: Դրանցից մեկը ծովակալ Ռեյսի 1513 թ. քարտեզն է, որի վրա գրված է. «Կազմել եմ՝ օգտվելով ավելի հին աղբյուրներից»: Հին աղբյուրները չեն պահպանվել: Ռեյսի քարտեզը պատկերում է Հարավային Ամերիկայի հարավային կեսից ավելին և Անտարկտիդան, որը հայտնաբերվել է Ռեյսի քարտեզից 300 տարի հետո՝ 1817 թվականին: Է՛լ ավելի զարմանալի է, որ Անտարկտիդան սառցապատ չէ. պատկերված է մայր հողը: Երկրագիտությունից հայտնի է, որ վերջին վեց հազար տարում Անտարկտիդան պատված է սառույցով: Մեր դարի կեսերին միջազգային համատեղ գիտական արշավախմբերը, օգտագործելով ժամանակակից մեթոդներ, Անտարկտիդայի ավելի քան 4 կմ հաստության սառույցի տակից հանել են մայր հողի քարտեզը: Ռեյսի և այս քարտեզը համընկնում են մեծ ճշգրտությամբ: Եվ գիտնականները եկել են միակ հնարավոր հետևության` երկրի վրա շատ հնում եղել է զարգացած մի քաղաքակրթություն, որը, փաստորեն, ուսումնասիրել է ողջ մոլորակը: Մեկ այլ օրինակ: Ացտեկների, մայաների, ինկերի, մեքսիկացիների երկրներում մինչ օրս կիսավեր պահպանվել են հսկա բուրգեր և տաճարներ: Բոլոր այդ ժողովուրդներն ունեն միանման և շատ հին լեգենդներ, որոնցում առկա է ընդհանուր սյուժե: Արևելքից ծովով իրենց մոտ էին եկել աստվածային մարդիկ՝ սպիտակամորթ, մորուսավոր: Նրանք գիտեին ամեն ինչ և սովորեցնում էին մարդու միս չուտել, մարդ չզոհաբերել, իրար սիրել և այլն:
– Հայտնի է, որ մեզանից հինգ-վեց հազար տարի առաջ մեր մոլորակի վրա չկար որևէ քաղաքակրթություն: Դուք հավաստում եք, որ հայկական քաղաքակրթությունն ամենահինն է, և որ հայերը` արմենոիդ ռասան, ծնվել են Հայկական լեռնաշխարհում: Սակայն գոյություն ունի նաև հայերի եկվոր լինելու վարկածը: Ի՞նչ հակափաստարկներ ունեք:
– Դա իմ հորինած թիվը չէ: Որ հինգ-վեց հազար տարի առաջ երկրի վրա չի եղել որևէ այլ քաղաքակրթություն, գիտության մեջ ընդունված կարծիք է: Ընդունված կարծիք է նաև, որ ամենահինը եգիպտացիների մշակույթն է՝ ավելի քան 5000 տարվա: Ինչ վերաբերում է հայերի տարիքին, ապացուցում եմ, որ հայերի քաղաքակրթությունն ամենահինն է և ի սկզբանե ծագել է Հայաստան երկրում: Հենվում եմ երկու հիմնական հանգամանքի վրա: Առաջինը հայոց լեզվի վերլուծությունն է, երկրորդը՝ Սիսիանի մոտ գտնվող հնագույն աստղադիտարանի՝ Քարահունջի հայտնաբերումը և հետազոտությունը: Նախ՝ լեզվի մասին: Ունենք աշխարհագրական բազմաթիվ անվանումներ, օրինակ՝ Արարատ, Արագած, Արաքս և այլն, տղամարդկանց և կանանց անուններ, այլ կարևոր բառեր, որոնք սկսվում են Ար-ով: Մեր գլխավոր աստվածն Արն էր՝ Արևը: Արդյո՞ք սա զուտ պատահական զուգադիպում է: Ո՛չ: Ար-ով սկսվող բառերը ուզածդ հայերեն բառարանում ավելի շատ են, քան մյուսները: Այսինքն՝ լեզուն վկայում է, որ հայերն ի սկզբանե բնակվել են Հայաստանում:
– Հետաքրքիր ի՞նչ այլ եզրահանգումների է բերում հայոց լեզվի վերլուծությունը:
– Օրինակ` բառերի կառուցվածքը ցույց է տալիս, որ մարդիկ եղել են բնության հետ կապված, եղել են բարի, հավասարություն է եղել միմյանց միջև, այդ թվում՝ տղամարդկանց և կանանց (հայր և մայր բառերը նույն այր արմատն ունեն): Հայերենի ամեն մի տառը նաև բառ է, իմաստ ունի: Դա հնարավոր է միայն բնածին լեզվի դեպքում…
Ունենք նաև շատ հնուց եկած բառեր, ասենք՝ երկաթ (երկնքից կաթած՝ մետեորիտ), ասուպ (աս՝ նշանակում է այստեղ, ուպ՝ ընկնել), աստղ (աստ՝ նշանակում է տիեզերք, ղ-ն՝ սեղմվածք): Նույնը՝ Աստված. տիեզերքով մեկ սփռված (ված՝ նշանակում է օբյեկտի դրությունը, օրինակ՝ բերված, դրված): Այս բառերն ստեղծած ժողովուրդը չէր կարող թափառաշրջիկ կամ եկվոր լինել, պետք է բարձր գիտություն ունենար՝ փիլիսոփայություն, աստղադիտարաններ, համալսարաններ և այլն: Կան նաև բառեր, որոնք նույնն են գրեթե բոլոր լեզուներում՝ օվկիանոս, կատու, ատոմ, անտենա, մատեմատիկա և այլն: Նշանակում է՝ այդ բառերը վերցված են մի տեղից: Ո՞ր լեզվից: Բնականաբար՝ մայր: Մատեմատիկա նշանակում է մատ-մատ հաշվել (իկա՝ նշանակում է գալ). այս բառը չի կարելի թ-ով գրել:
– Իսկ Սիսիանի Քարահո՞ւնջը…
– Պրոֆեսոր Ջերալդ Հոկինսը, որն աստղագիտական մեթոդներով հին հուշարձանների տարիքը որոշող ամենահայտնի մասնագետն է աշխարհում, դեռ 1960-ական թվականներին հոդվածներ և գրքեր է գրել Անգլիայի Սթոունհենջի և Շոտլանդիայի Քալենիշի աստղագիտական նշանակության մասին: 30 տարի առաջ նա Վիկտոր Համբարձումյանին նամակ է գրել, թե Սթոունհենջն աշխարհում միակը չէ և պետք է ենթադրել, որ նման հուշարձաններ պիտի լինեն նաև Հայաստանում: Բայց տարիներն անցնում էին, և ոչինչ չէր ձեռնարկվում… 1994-97 թթ. կազմակերպել եմ գիտարշավներ (իմ հաշվին), հետազոտություններ կատարել տեղում՝ գիշերահավասարի և արևադարձի օրերին: Սա մեծ համալիր է: Այստեղ եղել են և՛ Ար աստծո տաճարը, և՛ աստղադիտարանը, և՛ համալսարանը: Համարակալվել է 222 քար, որից առնվազն 87-ը աստղագիտական գործիքներ են: Մեր նախնիները հսկայական ճշգրտությամբ օրացույց են կազմել: Մարտի 21-ի կեսօրը, այսինքն՝ նոր տարվա սկիզբը, որոշել են 2 վայրկյանի ճշգրտությամբ: Սա հրաշք է: Որոշել են տեղի աշխարհագրական լայնությունը, որոշել են, որ Երկիրը կլոր է: 1998-99 թթ. բազմաթիվ հաշվարկներ կատարեցի՝ աստղադիտարանի տարիքը որոշելու համար: Արևի, Լուսնի և երկընքի 21 ամենապայծառ աստղերի համար արված հաշվարկները տվեցին նույն արդյունքը. Քարահունջը կառուցվել է 7500 տարի առաջ և գործել է ոչ պակաս 5500 տարի: Հայտնաբերվեց՝ ո՛ր քարի անցքից ո՛ր աստղն են դիտել, ո՛ր թվին: Օրինակ՝ Կարապի համաստեղության Դենեբ պայծառ աստղն անցել է Քարահունջի զենիթով 7630 տարի առաջ: Սա իմ բոլոր ընդդիմախոսների համար ամենաանդուր իրողությունն է, ամենադառը հաբը. կուլ տալ կամ հերքել հնարավոր չէ: Եթե Հոկինսը դեմ խոսեր…
– Ներեցե՛ք, իսկ Ձեզ ծանո՞թ է նրա կարծիքը:
– Ես նրան գտա: Նամակագրություն սկսվեց: Նրան ուղարկեցի Քարահունջի մասին 1998 թվականին Մոսկվայում և Երևանում տպագրված գիտական հոդվածներս: Ստացա այսպիսի պատասխան. «Քարահունջը շատ հետաքրքիր աստղադիտարան է: Ես հիացած եմ Ձեր կատարած մանրակրկիտ աշխատանքներով»: Սրանով 7500-ի վրա միջազգայնորեն վավերացված կնիք է դրվել: Ով ասի, թե ավելի հին քաղաքակրթություն կամ օրացույց ունի, նրան պետք է խնդրել, ի պատասխան, ցույց տալ ի՛ր Քարահունջը:
– Աշխարհում շա՞տ կան նմանատիպ կոթողներ:
– Իռլանդիայում կա Նյուգրենջը (նոր հենջ)՝ 4500 տարեկան: Շոտլանդիայի հյուսիսային կղզիներից մեկում, որ կոչվում է Լուիս (լույս), կա մեր Քարահունջի երեք անգամ փոքր տեսակը՝ Քալենիշ՝ 3800 տարեկան (այդտեղ հայկական տեղանուններ շատ կան): Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում՝ Բրետենում, հազարավոր քարերից կազմված Քարնակն է՝ 4000 տարեկան:
Դեռ 7500 տարի առաջ հայ գիտնականները չափել են, որ Քարահունջի աշխարհագրական լայնությունը 39.5օ է: Եգիպտական Մեծ բուրգը 30օ լայնության վրա է, Սթոունհենջը՝ 51օ, այսինքն՝ ըստ աշխարհագրական լայնության՝ մոտ 10.5օ-ով Քարահունջից դեպի հարավ և հյուսիս: Իսկ 16օ տարբերությամբ Շոտլանդիայի Քալենիշն է և Եգիպտոսի հարավում (Ասուանի մոտ)՝ Քարնակ վայրում՝ Արևի ամենահին տաճարը: Արդյո՞ք սրանք պատահական զուգադիպումներ են: Ո՛չ: Համոզվելու համար, որ Երկիրը կլոր է, աշխարհագրական լայնությունները չափել են տարբեր տեղերում: Իսկ դա կառավարվել է միևնույն ուղեղային կենտրոնից՝ Հայաստանից: Պատահաբար այդքան զուգադիպություններ չէին կարող լինել: Վերջին շրջանում անգլիացիները շատ են հետազոտել եգիպտական բուրգերը: Քեոփսի բուրգի մեջ կա թագավորի թաղման սրահ: Հայտնաբերվել է գրանիտե մի գեղեցիկ դատարկ սարկոֆագ (քարատապան — Հ. Գ.): Դատարկ սարկոֆագներ կան նաև այլ տեղերում. դրանք հազարամյակների ընթացքում թալանվել են: Սակայն Քեոփսի բուրգում թալանի կամ թաղման արարողության հետքեր չկան… Դրանից ներքև թագուհու սրահն է, որտեղ նույնիսկ սարկոֆագ չկա: Հարց է ծագում՝ ինչո՞ւ են կառուցել այդ ամենահսկա բուրգը, որտեղ ոչ ոք չի թաղվել: Քեոփս կոչվածի դին ոչ մի տեղ չի հայտնաբերվել: Իմ ուսումնասիրություններն ապացուցում են, որ Քեոփսը… Հայկն է: Սա էլ պատահական չէ: Հայկը Բելի հրավերով մեկնել է Բաբելոն և կառուցել հայտնի աշտարակը, որը, սակայն, անավարտ է թողել ու վերադարձել Հայաստան: Սրան հետևած պատերազմում, հաղթելով Բելին, մ. թ. ա. 2492 թվականին Հայկը մեկնել է Եգիպտոս, որտեղ տասը տարի կառուցել է Մեծ բուրգը: Չսպասելով ավարտին և եգիպտացիներին խոստանալով վերադառնալ՝ նավարկել է դեպի Իռլանդիա: Բուրգի կառուցումից հետո եգիպտացիները երկար ժամանակ սպասել են նրա վերադարձին: Նրանք Հայկին աստվածացրել էին, քանի որ նա Արև աստծո զավակն էր (ինչպես բոլոր հայերը): Երկնային համաստեղությունը կոչվում էր նրա անունով: Նա կարողանում էր անել տեղացիներին անմատչելի և նրանց զարմանքը հարուցող ամեն ինչ: Հետագայում Հայկի համաստեղությունը վերանվանվեց Օրիոն (սա եգիպտացիների պանթեոնում գլխավոր աստվածն էր՝ Արևի որդին): Օրիոնին փոխարինեց Օսիրիսը՝ նույնպես Արևի որդի: Հենց Հայկի գալուց, գնալուց և վերադարձին սպասելուց են ծնվել Օսիրիսի մահանալու (գնալու) և վերակենդանանալու (գալու) հատկությունները: Իռլանդիայում նա կառուցում է Նյուգրենջը, ապա մեկնում է Անգլիա և հիմնադրում Սթոունհենջի առաջին տարբերակը: 60 տարեկանում նա վերադառնում է Հայաստան: Քարահունջի, Հայկի և Մեծ բուրգի միջև եղած կապերի մասին է խոսում նաև հետևյալ հետաքրքիր հանգամանքը: Մեծ բուրգում` թագավորի սրահում, 20 x 25 սանտիմետրանոց մի ճեղք կա: Ռոբոտը ներսում չափումներ է արել. անգլիացի գիտնական Հենկոկը հատուկ գիրք է գրել այդ մասին: Պարզվել է, որ այդ անցքն ուղղված է եղել Օրիոնի (Հայկի) գոտու պայծառ աստղին: Երեք մեծ բուրգերը շարված են ճիշտ այնպես, ինչպես Օրիոնի գոտու երեք հայտնի աստղերը: Թագուհու սրահում էլ թեք անցք կա, որն ուղղված է եղել Սիրիուսին: Շատ հետաքրքիր է, որ այդ ճեղքի թեքությունը (հորիզոնի նկատմամբ) հավասար է 39.5օ-ի, այսինքն՝ ճիշտ Քարահունջի աշխարհագրական լայնությանը:
– Վերանանք Ձեր փաստարկներից և առաջնորդվենք միայն «Հին Կտակարանով», որը հրեա ժողովրդի պատմությունն է: Այնտեղ երկու խոսուն փաստ կա Հայաստանի մասին: Առաջինը դրախտի տեղն է, որը գտնվում է չորս գետի ակունքներում, որոնցից մեկը Եփրատն է. երկրորդն այն է, որ ջրհեղեղից հետո մարդկությունը վերստին սկիզբ առավ Նոյից, Արարատյան աշխարհում: Այդ գիտնականներն անտեսում են նաև այս հանգամանքը: Ինչո՞ւ:
– Դրանք ճշմարիտ գիտնականներ չեն, հետևում են այլ գաղափարախոսության, որին փորձում են հարմարեցնել եղած փաստերը: «Հին Կտակարանն», անշուշտ, ունեցել է ավելի հին և հայերից եկող աղբյուրներ: Մարդկության ծնունդը և վերածնունդը «Հին Կտակարանը» կապում է Հայաստանի հետ, որն Իսրայելից բավական հեռու է, սակայն Հայաստան բառն ուղղակի չի հիշատակվում:
– Ձեր կարծիքով՝ փոխվե՞լ է հայերիս արմենոիդ տեսակը:
– Ո՛չ, արմենոիդ տեսակը գենետիկորեն չի փոխվել. ունի արիական հատկանիշներ՝ ազնիվ է, բնասեր, խաղաղասեր, մարդասեր, հարգում է փոխադարձ հավասարությունը և այլն: Իհարկե, տասնյակ հազարավոր տարիների ընթացքում՝ խառնուրդների հետևանքով որոշ բան փոխվել է: Դա լավ զգում ենք մեր մաշկի վրա վերջին տասը տարում… Դրանք ոչ մի կապ չունեն մեզ հետ: Իսկական հայերը եղել են Հայաստան երկրում, կան և միշտ կմնան իրենց բնօրրանում…
– Մինչդեռ պատմությունը մեր նկատմամբ մնում է անբարեհաճ…
– Եվ այն էլ՝ սարսափելի: Օրինակ՝ գերմանացի գիտնականները, իրենց ժողովրդին թիվ մեկ արիացի համարելով, փորձում էին հնդեվրոպացիների բնօրրանը տեղափոխել Գերմանիա. չստացվեց: Իջան Բալկաններ: Մինչ այժմ այդ տեսակետը պաշտոնապես չի հերքվել: Թամազ Գամկրելիձեն և Վյաչեսլավ Իվանովը գրեցին հանրահայտ «Հնդեվրոպացիները և հնդեվրոպական լեզուն» աշխատությունը: Հայաստանը ճանաչեցին հնդեվրոպական հայրենիք: Գիրքը Լենինյան մրցանակ ստացավ, իսկ նույն թեմայով հոդված տպագրվեց ԱՄՆ-ի «Scientific American» հանդեսում, բայց դեռևս համընդհանուր ընդունված տեսություն չէ: Տարօրինակ է: Հայտնի է, որ նախաուրարտական, ուրարտական և ետուրարտական մշակույթը նույնն է, սակայն Ուրարտուն մինչև հիմա Հայաստան չեն անվանում: Եվ շատ այլ անհեթեթություններ…
– Ընդ որում, այդ անհեթեթությունների ծննդականները թվագրված են 20-րդ դարով: Ուրիշ ի՞նչ պարտադրեց մեզ այս հարյուրամյակը:
– 20-րդ դարում մեր պրոբլեմները շատ-շատ էին: Բայց, դժբախտաբար, ոչ մի հայ գիտնական չհիմնավորեց իրականությունը…
– Ի՞նչ նկատի ունեք:
– Թեկուզ այն, որ Ար արմատը չփորձեցին հիմնավորել ո՛չ սովետական շրջանում, ո՛չ դրանից առաջ: Ար արմատը, որ առնվազն 60 հազար տարեկան է, չկա Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարանում»: Ենթադրենք՝ նա վախենում էր նացիոնալիստ կամ այլ որակումներից, բայց Վենետիկում հրատարակված «Հայկազյան բառարանում» էլ չկա:
– Ասում են՝ ինչ ցանես՝ այն կհնձես: Ի՞նչ ենք «հնձում» 20-րդ դարի վերջին:
– Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր ճակատագիրը: Մեր ժողովուրդը շատ մեծ հաղթանակներ է ունեցել, որոնցով պետք է հպարտանանք և ոգևորենք երիտասարդությանը: Հայկի ու Բելի պատերազմը հայերի առաջին մեծ, ազատագրական պատերազմն էր… Հայերը հաղթանակներ են տարել և՛ հռոմեացիների դեմ, և՛ բյուզանդացիների, և՛ արաբների, և՛ թուրքերի դեմ՝ Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Արցախում:
– Անցնող հարյուրամյակում ի՞նչ պահ տվեցինք քաղաքակրթությանը: Ի՞նչ նվաճումներ կառանձնացնեք գիտության ոլորտում:
– Կարող եմ անուններ տալ, բայց ամենակարևորը՝ սովետական շրջանում մեր հանրապետությունում մեծ զարգացում ապրեց գիտությունը, ստեղծվեցին ինստիտուտներ, կառուցվեցին մեծ փորձարարական բազաներ, աշխարհում առաջին անգամ արվեցին մեծ նշանակության նորարարություններ: Մեծ զարգացում ունեցավ նաև արդյունաբերությունը:
– Մի քիչ ավելի մանրամասն ՝ Ձեր բնագավառի մասին…
– Աշխարհում առաջին անգամ չորս գիտական ուղղություն ենք ստեղծել: Այս ինստիտուտը և այն գործարանները, ամբիոնը, դպրոցը, որ հիմնադրել եմ, տիեզերքն ուսումնասիրելու և գերհեռավոր տիեզերական կապն ապահովելու նպատակով Արագածում ռադիո-օպտիկական հսկա աստղադիտակը կառուցելու համար էր: Այդ անտենան, որ աշխարհում ամենահզորն է, Հայաստանի պարծանքն է: Երկրորդը ռադիոհոլոգրաֆիան (ռադիոլիապատկերում — Հ. Գ.) է և էլեկտրամագնիսական մոտիկ դաշտի չափումը: Սա գոյություն ունեցող ավանդական մեթոդին գերազանցում է 100 անգամ՝ արագությամբ և 10 անգամ՝ ճշգրտությամբ: Երրորդն անտենային մետրոլոգիան (անտենային չափագրում — Հ. Գ.) և 11 ազգային էտալոններն (նմուշները — Հ. Գ.) են: Չորրորդը բարձրարդյունավետ նոր հզոր տիպի արեգակնային էլեկտրակայանի նախագիծն է, որն առնվազն 10-20 անգամ էժան է ամենազարգացած երկրներում գործող արևի հզոր էլեկտրակայաններից: Իսկ հայ ժողովրդի ծագման մասին բավական հանգամանորեն ասացի:
– Օտարներն ի՞նչն են մեր մեջ բարձր գնահատում, ի՞նչը չեն ընդունում:
– Օտարների երկու տեսակ գոյություն ունի: Մեկը նրանք են, ովքեր շատ լավ գիտեն իրականությունը, բայց լռում են կամ ակտիվորեն աղավաղում: Դրանք շարքային մարդիկ չեն. գիտնականներ են կամ բարձրաստիճան քաղաքագետներ: Վախենում են, որ Հայաստանը զարգանա, մեծանա, հզորանա… Կա նաև արտասահմանցի շարքային ժողովուրդը, որն առանձնապես գաղափար չունի մեր մասին. իմացողներ էլ եթե կան, Սփյուռքի շնորհիվ է:
– Ի՞նչ կցանկանայիք տանել 20-րդ դարից:
– Առաջին հերթին՝ հայոց ուղղված, ճշգրտված պատմությունը: Շատ եմ կարևորում երկրի տնտեսական անկախության և ժողովրդի կենսամակարդակի կայացումը: Իմ ասպարեզում կուզենայի, որ մեր ինստիտուտի մեծ նվաճումները զարգանային և շարունակվեին:
«Նորաթերթ», թիվ 75, 26. 04. 2000
Դարը` մեր մեջ, մենք` դարի
(Հրապարակախոսություն), հատոր Ա, 2007