Author
Համո Սահյան

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի երազանքներով
Գնել յոթ երկինք ու տալ քեզ նվեր։
Բայց դու երկնքի կարիք չունեիր,
Քեզ լոկ մի կապույտ թաշկինակ էր պետք
Իմ կապույտ–կապույտ
Արտասուքները սրբելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ վերհուշերի անհուն պաշարով
Գնել աշխարհի ծովերը բոլոր
Ու տալ քեզ նվեր,
Բայց դա ծովերի կարիք չունեիր,
Քեզ հարկավոր էր լոկ մի հայելի՝
Մազերիդ վրա
Մատներիս մեղքը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Անվերջանալի իմ կորուստներով
Գնել Հարդագողն ու տալ քեզ նվեր։
Դու Հարդագողի կարիք չունեիր,
Քեզ լոկ մի խավոտ ուղեգորգ էր պետք՝
Վրան քանդակված
Իմ ոտնահետքը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի տառապանքներով
Գնել յոթ աշխարհ,
Հայտնի և անհայտ մայրցամաքներով,
Ու տալ քեզ նվեր։
Դու մայրցամաքի կարիք չունեիր,
Քեզ մի ածու էր հարկավոր միայն
Իմ ցանած հերկը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի հղացումներով
Գնել յոթ հազար հավիտենություն
Ու տալ քեզ նվեր։ Բայց դու, հիրավի,
Հավիտենության կարիք չունեիր,
Քեզ մի մեղրամիս, մի մեղրատարի
Եվ մի արծաթե հարսանիք էր պետք,
Քո բախտի վրա և ուսիդ վրա
Իմ հասնող ձեռքը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Եվ թվում էր, թե
Ինձանից հարուստն աշխարհում չկա
Ու չի լինելու։
Բայց դու ինձանից հարուստ դուրս եկար,
Դու, անհատնելի իմ հարստություն:


Բացվող օրվա հետ վեր թռան հանկարծ
Լույսի խտուտից զարթնած սարերը,—
Իրար շալակած սարը բարձրացան
Իրար պաղ ու շոգ շնչառությունից
Քրտնած սարերը:
Միջօրեի հետ շտկեցին իրենց—
Իրենց ինքնության խորք ու ձևերով—
Հեռացան քիչ-քիչ իրար հրելով,
Եվ բաժանվեցին դաշտ ու ձորերով
Իրար կռնակի կռթնած սարերը:
Թեքվող օրվա հետ թեքվեցին կարծես,
Ամպ ու ժպիտներ փոխանակեցին
Եվ մոտենալով սիրտ տվին իրար—
Իրար շվաքից խրտնած սարերը…
Իրիկնաժամի մշուշների հետ
Իրար շալակած իջնում են սարից
Խուլ, խորհրդավոր, մթնած սարերը:
 

Լույսը առավ սարին,
Սարսռում է սարը.
Սարերը վեր թռան:
Հավքն արթնացավ ծառին,
Սարսռում է ծառը.
Ծառերը վեր թռան:
Քարայծն ելավ քարին,
Սարսռում է քարը.
Քարերը վեր թռան…
Եվ ինձ մի պահ թվաց`
Քարերի տակ քնած
Դարերը վեր թռան...


Վերջին անգամ արի նստենք,
Մի քանի բառ ասեմ ` գնամ:
Քեզ ուխտավոր ասեմ, ինձ էլ
Մատաղի գառ,- ասեմ ` գնամ:
Օտարի տուն դու չգնաս
Եվ չտաս քո տունն օտարին...
Տանդ մնա և միշտ պահիր
Օջախդ վառ,- ասեմ ` գնամ:
Ոտքերիդ տակ փռված մնան
Թավշյա փեշերը դաշտերի,
Ծիվ -ծիվ կանչեն գլխիդ վերև
Ծիտ ու ծիծառ,- ասեմ ` գնամ:
Արդար բաշխիր հացդ արդար
Սովյալներին և անկյալին,
Տուր թող ուտեն , չխնայես
Ոչ մի պատառ ,- ասեմ ` գնամ:
Հողն է տվել քեզ ամեն ինչ,
Բաշխիր հողին ինչ որ ունես,
Որ պարտեզը պարտեզ մնա,
Անտառն ` անտառ,- ասեմ ` գնամ:
Քեզ համար ի՞նչ սառնամանիք...
Հրեղեն է մեր հող ,և
Նրա մի բուռ ձյունի մեջ էլ
Կա մի ամառ,- ասեմ ` գնամ:
Մի բուռ ազգ ենք ու հող մի բուռ ,
Եվ այդ հողում ամենից շատ
Քարերն են շատ... Ամեն քարին
Ես արծվի թառ,- ասեմ ` գնամ:
Ծաղիկն ու միրգն ո՞վ վայելեց,
Որ ինձ փուշը մնաց բաժին...
Ես իմ բաժին ամեն փշին
Դրախտի ծառ,- ասեմ ` գնամ:
...Ու երբ կանգնի գլխիս վերև
Հարկահավաքն անէության,
- Բարով եկար, ուշ ես գալիս,
Արևս առ,- ասեմ `գնամ:


Կենա՛ցդ , հոգնած համբերություն:
Այս տագնապները հոգիս կերան,
Ուր ոտք եմ դնում՝տատասկ է ու փուշ,
Այս սև օրերն էլ անց կկենան,
Այս մշուշներն էլ կդառնան հուշ:
Կչքվի դիրտն էլ իմ բաժակի,
Հավատ կդառնա հույսս մի բուռ,
Այս մութ հեղեղն էլ կբարակի,
Ծովին կտանի տիղմ ու փրփուր:
Այս սև քարերն էլ լույս կարձակեն,
Կգա վախճանը տվայտանքի,
Կգա վախճանը... Եվ կծաղկեն
Կյանքը մարդու մեջ,մարդը՝ կյանքի:
Թող հողը թեթև լինի վրադ
Տարիների տեր անտերություն,
Էլ ինչ մաղթանքներ և ինչ խրատ,
Կենա՛ցդ , հոգնած համբերություն:

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ունջը կերած զանգ է աշունն այնտեղ,
Դեղին պատարագ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել:

Մի բուռ աշուն բերեք, մի բուռ աշխարհ-
Աղոթելով ամեն քար ու ճմբին…
Խնկի ծուխ է այնտեղ մշուշն աշնան
Նավասարդյան օրվա հողաթմբին…

Թափուր մի բույն բերեք… չված հավքի
Խառն, անընթեռնելի կտցագրով…
Որ ես ողբամ նորից բախտն իմ Հայքի
Եվ իմ թափուր սրտից մնամ խռով:

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ամպի կծիկ բերեք, անձրեւի թել:
Դեղին փոթորիկ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել: