Author
Արփի Մաղաքյան

Ձենով Օհանի կանչը եւ բանալի-Կոմիտասը

2020թ.-ի նոյեմբերի 9-ից հետո, ինչպես հայ ազգից շատ-շատերը, ես էլ սուզվեցի մառախլապատ տխրության անտակ օվկիան։

Հիասթափված էի: Տխուր։ Նողկանքի հասնող զգացում կար մեջս ազգիս նկատմամբ, ինքս իմ նկատմամբ: Ինձ մեղավոր էի զգում այս ամենի համար` կրթության պակասի, հայրենիքի հանդեպ սիրո պակասի, Արցախի հողերի կորստի, էն սիրուն, քաջ, լուսավոր երեխեքի: Ուտել չէի կարողանում:

Ապրել ինձ համար նշանակում է հիանալ: Հիանալ բնությամբ ամեն Աստծու օր, մարդկանց մեջ տեսնել լավը, երեւույթներով հիանալ, արեւի շողով, հայրենի հողով, սիրունը տեսնելով ամենուր, հորիզոնին սիրահարվելով, անձրեւի կաթիլի ձայնով հիանալ, նոր գրքով, սուրճի հոտով…։ Ես չէի գտնում ոչինչ որից բռնվեի, որ ապրելս գար: Նույնիսկ երեխաներիս նայելիս մտածում էի, որ իրենց պետք չեմ:

Օրեր անցան։ Քանի որ տեսա, որ չեմ մեռնում, որոշեցի ապրել: Ջնջեցի ֆեյսբուք սոցցանց մտնելու հնարավորությունս հեռախոսիս միջից. համակարգչից մտնելու սովորություն առանձնապես չունեմ։ Չգիտեմ ինչի սովորություն էի ձեռք բերել անծանոթ մարդկանց մեկնաբանություններ կարդալ, դրանք ասես խառակիրի անող մարդու ձեռքի փոքր ու շատ սուր դանակից լինեին, որ ամեն անգամ սիրտս էի մտցնում։

Ու սկսվեց մեջս ինչ-որ անհասկանալի զգացում։ Անընդհատ ինչ-որ բան… բան բանալի սկսեցի փնտրել։ Մտածեցի, որ ինքս ինձ եմ փնտրում: Սկզբում լավ չէի հասկանում, թե ինչ էի փնտրում: Թվում էր, մարդ կամ երեւույթ եմ փնտրում, որն ինձ կփաստարկի, թե ինչի պիտի ապրեմ:

Մարզասրահում խոսքի բռնվեցի մի երիտասարդ կնոջ հետ, նա ասաց, որ վստահ է՝ հայն անցած էտապ է. «Էսքան ժամանակ եղել ենք, հերիք ա, կարող ենք չլինել է՛լ»։

Հասկացա, որ միայն իմ մեջ չի... ազգիս մեջ է խնդիրը: Ուզում էի հասկանալ ով ենք… ու թե ինչի ենք այսքան անգետ ու հիմար: Իմաստնություն ունե՞նք։ Հայրենիք ունենալու իրավունք ունե՞նք։

Անկախության ու հաղթանակի տարիներն էսպես մսխելը, հեղափոխությանը խաբնվելը…

Սկսեցի կարդալ: Աբովյանի ձեռքը բռնեցի` ռսի սապոգն օրհնեցի ու հետո էլ մտմտացի նրա գրած տողի ազնվության (ժամանակի պատճառով) մեջ ու կասկածեցի ռսի սապոգին:

Կոստան Զարյանի ձեռքը բռնեցի` «Նավը լեռան վրա»-ն զարմանալիորեն մեր օրերն էր հիշեցնում։ Բայց պատասխան տալու փոխարեն ավելացնում մաղձոտ տխրությունս:

Չարենցի ձեռքը բռնեցի: Հիացա Չարենցով, սիրահարվեցի Չարենցին... մահը տեսա… դարձա ու կրկին ատեցի Սովետական միության տափուկ դաժանությունը: Քայլեցի Չարենցի հետ Կարսի փողոցներում, կարոտեցի երբեւէ չտեսած Կարսը, դրեցի թվերին նայեցի` երբ ենք տվել Կարսը, Արարատ լեռը... ուզեցի քամվեմ։ Վերջանամ:

Շուշիի Հունոտի կիրճում գտած խաղաղ ներդաշնակության հիշողությունս սրտումս ջերմ փայփայելով՝ Սասունցի Դավթի էպոսը կարդացի, տարբեր հրատարակություններ իրար վրա դրած տանը պտտում էի հետս: Էս աթոռին նստոտում կարդում, հետո`մյուսին: Թվում էր, թե ուր որ է պիտի գտնեմ կարեւոր իմ բան:

Մատենադարանի գրադարան գնացի, ժամեր նստեցի... չգիտեի, ինչ գիրք վերցնեմ, որից սկսեմ: Պատմության գրապահարանին մոտեցա: Ամենամեծ գիրքն ընտրեցի:
Լոռվա թագավորությունում պտտվեցի` Կյուրիկե թագավորի աջը բռնած, ասպետական Կիլիկիա գնացի: Բայց բանալի չգտա: Ներսումս` կասկած ու հիասթափություն:

Ի՞նչ էի փնտրում:

Կարծես ամիսների մեջ մի քիչ հղկվել էր փնտրտուքս ու կարողանում էի ասել այն մի նախադասությամբ`ազգիս արթնացնելու բանալին:

Մի հարազատ արվեստագետի հետ ծանոթացա: (Հարազատ բառն իրենից սովորեցի, նշանակում է հարատեւ ազատ ոգի)։

Ասաց. «Իսկ դու մտածե՞լ ես` եթե հաղթեինք, ինչ էր լինելու: Ավելի լա՞վ: Հաստատ չէ: Էսպես գոնե աղբը գետի վերեւ է բարձրացել ու մաքրվում է: Մենք ինքնամաքրման փուլում ենք»:

Մի քիչ հույս արթնացավ մեջս էս բառերից: Խորհուրդ տվեց Ռամանա Մահարիշի կարդա: Չէ, հնդկական աշրամներով ու գուռուներով ավելի երիտասարդ տարիքում էի հիանում: Մարդուն ինքն իր մեջ ու տիեզերքի մեջ լղոզելը հիմա գոնե իմ համար չի: Էնտեղ, որտեղ չկա հայրենիք, իմը չէ, ինձ հետաքրքիր չէ:

Հայրենիք…

Պատերազմից հետո ընկերուհիս Ֆեյսբուքում իմ մեկնաբանություններից մեկի տակ, որտեղ «հայրենիք» բառն էի օգտագործել, գրել էր` ինչ հնացած բառեր ես օգտագործում: Ապշել էի: Հայրենիք բառն էդ ե՞րբ հնացավ:

Լավ... պատերազմին էն հազարավոր լույս դարձած տղերքի արյունը, որ կարոտած որդու նման փաթաթվեց մայր հողին եւս մեկ անգամ սրբացնելով հողը... սա հո «հայրենիք» բառի նոր իմաստավորում գոնե պիտի ծներ... :

Չգիտեմ ... շվարել-մոլորվել էի: Հայ կինը օրհասական պահին հայրենիք բառն անվանել էր «հին»։ Ու սա էն դեպքը չէր, որ իրեն չեմ ճանաչում ու կարելի է մտածել, որ ֆեյք է։

Վերնիսաժում հին կարասներ ու գոտիներ վաճառող տղամարդն ինձ ասաց՝ «Արցախը մեր չէր»… ես փրփրեցի, գոռգոռացի (ինձ շատ հազվադեպ կարելի է տեսնել գոռգոռալիս, երեւի անհնար է), ձեռքս իր վաճառվող ապրանքներից էր՝ շպրտեցի վրան։ Կողքից մի կին ասում է՝ տարեց մարդ է, չես ամաչում։

Ամաչում էի, բայց ավելի շուտ ամաչում էի իր ասածներից, այդ մարդու ներսում եղածից, որոնք հայո՛ց լեզվով նախադասություն էր սարքում ու շպրտում երեսիս։

Հասա էնտեղ, որ սկսեցի մտածել, թե հայը մեռել է հազարամյակների ընթացքում ու մեր մեջ ապրողների ճնշող մեծամասնությունը այլ ազգ է, որն արմատ, ենթագիտակցություն, ապուպապի հիշողության վրա կառուցված չունի...:

Այս ընթացքում մի սիրուն հեքիաթ գրեցի՝ «Արեւի համբուրած աղջիկը»: Դեպքերը տեղի են ունենում Արցախում՝ տնջրի ծառի մոտ: Մեսրոպ Մաշտոցը տառերը վերստեղծելուց հետո գնացել է Արցախ ու Ամարաս եկեղեցում դպրոց է կառուցել՝ առաջին դպրոցը, որտեղ հայ մանուկները մեր տառերն են սերտել։ Կախարդական հեքիաթի միջով հայ ընթերցողին պատմում եմ մեր պատմությունը, որ իր մտքով չանցի ասել, թե Արցախը մերը չի եղել։ Նկարազարդ գիրքը լույս կտեսնի 2022 թվին։

Չէի դադարում փնտրել:

Ինձ թվում էր, որ մեր նախնիները բանալիներ են թողել մեր քթի առջեւում, բայց մենք չենք գտնում, որ բացենք մեծ ու ժանգոտած կողպեքները մեր սրտերի, մեր գիտակցության, մեր ազգային միասնական որոշման, մեր աչքերի։

Որոշեցի ժողովրդական երգեր լսել: Լսում էի, երբ նույնիսկ չէի ուզում, ասենք, կուբայական տակտերի տրամադրություն էի ունենում, մեկ է՝ ինքս ինձ ստիպում էի հայկական ժողովրդական երգեր լսել:

Դուդուկ ստիպեցի ինքս ինձ լսել` կյանքում առաջին անգամ դուդուկը խոսեց սրտիս հետ, դուրս եկավ:

Քանի՜-քանի օրեր շարունակ լսեցի ու հանկարծ հասկացա՝ երբ լսում ես ժողովրդական երաժշտություն, սկսում ես մաքրվել, ուժեղանալ։

Յոգայի ուսուցիչ ընկերուհուս խնդրեցի հայկական ժողովրդական երգ միացնել յոգայի դասաժամին հնդկական մանթրաների փոխարեն։ Ասաց՝ մարդիկ եղան՝ լաց եղան. ապացույց նրա, թե որքան է կարողանում խոսել ժողովրդական երգը մեր արյան հետ։

Ժողովրդական երգեր փնտրողը միանգամից հայտնվում է Կոմիտասի գրկում։ Կոմիտասի ձեռքը բռնեցի։ Ոսկե ձեռքը։ Զգացի, որ բանալի եմ գտել։

Հիշեցի իր բոլոր երգերը, որ անգիր գիտեմ (մոտ 30 երգ անգիր գիտեմ՝ թատերական ինստիտուտում Նիկոլայ Ծատուրյանի բեմադրած «Անլռելի զանգակատուն» ներկայացման մեջ եմ խաղացել), իր անունով փողոցը, որով ամեն օր անցնում եմ ծնված օրիցս, իր արձանը Կոնսերվատորիայի դիմաց, որի գիրկն եմ բարձրացել ու լուսանկարվել 15 տարեկանում, երբ առաջին անգամ մենակ (առանց ծնողների) քաղաք եմ իջել։

Իմացածս իր մասին քիչ թվաց։ Սկսեցի կարդալ գրքերում, փնտրել համացանցում։ Գտա կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հոյակապ տեսանյութերը, որտեղ նա պատմում է մեր վարդապետի մասին։
 
Կոմիտասը տիեզերք է։ Նա մեզ է տալիս մեզ։ Նրա շնորհիվ ես կրկին հիացա իմ ազգով ու սիրեցի ինքս ինձ ու իմ ազգին կրկին։ Դուք չեք պատկերացնի, թե որքան քնքուշ ու անտակ սիրով է սիրում Կոմիտասը մեզ։
Նա հավաքել է հային հայի շուրթերից ու դրել իր բացած սրտում։ Ցանկացած ժամանակ՝ տխուր թե ուրախ, կարելի է դիմել Կոմիտասին ու պատասխան ստանալ։
 
Արթուր Շահնազարյանն ասում է՝ Կոմիտասը ունքերը վերեւում կիտած տխուր դեմքով, վտիտ տղամարդ չէ ու ես այնքան եմ ուրախանում այդ բառերը լսելով։

Մենք պիտի հստակ իմանանք, ինչ է արել Կոմիտասը: Ինչ ժառանգություն է թողել մեզ։ Աշխարհում էլ ուրիշ Կոմիտաս չկա: Նա մեկն է ու մե՛րը։ Ամեն մեկս մեր համար անգնահատելին կգտնենք Կոմիտասի աշխատանքում։

Ինձ համար ամենակարեւորը (կյանքիս այս ժամանակահատվածում) հեթանոսության ժամանակից բերված երգերն են, Արտավազդ արքայի, Տիգրան Մեծի ժամանակներից մեզ հասածները։ Մեր էպոսի երգերը։

Եթե անկեղծ՝ ես չգիտեի, որ Կոմիտասը այդ ժամանակներից մեզ երգ է բերել։ Ես չգիտեի, որ մենք էպոսը նաեւ երգել ենք։
 
Լսե՞լ եք «Ձենով Օհանի կանչը» երգը.

«Կկանչեմ թող գա՜՜՜ն` Մարութա Սուրբ Աստվածածին պիտ շինենք թող գան... 500 000 քար կտրող գան, 500 000 խիճ կրող թող գան... փայտ փորող, պատ շարող, թող գա՜ն...»:
 
Ձենով Օհանը արհավիրքից հետո կանչում է սփռված հայությանը հայրենիքը կառուցելու…

Սա լաց չի, սա կանչ է, հավաքվելու կոչ է: Սա մի կոչ է, որը երգողը գիտի որ աշխատելու է` գալու են տղերքը, հավաքվելու են ու անելու են գործը:
Ու եկել են։ Մենք էլ պիտի էսօր Օհանի հաստատակամությամբ կանչենք մեր սփյուռքում ապրող հայրենակիցներին մեր տունը շինելու, մեր Ղազանչեցոցն ու Վանքասարը վերակառուցելու, մեր հայրենիքին տեր կանգնելու։ Հետո էլի կարող ենք ամեն մեկս գնալ մեր գործով։  

Շահնազարյանն ասում է. «Մեր երգերը լալկան չեն»։ Ու հիշեցնում, որ ցավի եւ մահվան երգեր ունենք, օրինակ, էպոսից «Զողորմիներ» երգը, սակայն բոլորովին լացուկոծ չի, այլ օրհնանք է անցավորին։

4 տարեկան որդիս, երբ լսեց «Բարի լուսոն» (Հայրիկ Մուրադյանի երգով) ասաց. «Ես իրան չէի ճանաչում, բայց գիտեի»։ Պատկերացնու՞մ եք հայ երեխայի շուրթերով նման ճշմարտություն… մեր արյունը միանգամից ճանաչում է, խոսում է, մենք գիտե՛նք մեր նախապապերի երգերը, որոնք սովորական երգեր չեն, դրանք բալասաններ են, կախարդանքներով լի սնդուկներ։

Էնպես չի, որ ես դադարելու եմ փնտրել բանալիներ։ Բայց վստահաբար գտել եմ մի հզոր բանալի՝ Կոմիտաս։ Մնում է շատ լսենք։ Պիտի հայի տանը, մանկապարտեզում, դպրոցի միջանցքում, համալսարանում ու այգում անդադար Կոմիտաս լինի միացրած։

Ինչպե՞ս անենք, որ բոլորը լսեն…չգիտեմ։  Պետական մակարդակո՞վ… չեմ կարծում, թե էնտեղ որեւէ մեկն ուզում է, որ հայը վերգտնի ինքն իրեն, գնահատի իրեն, հզորանա, բուժվի։ Ձեւեր է պետք հորինել հային իր արմատին վերադարձնելու, կմտածեմ։

Արփի Մաղաքյանը ռեժիսոր եւ լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: