Բան Ա

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Սրտիս ողբաձայն հառաչանքների աղաղակն, ահա՛,
Դեպ երկինքն ի վեր` քեզ եմ ընծայում, գաղտնատե՛ս Աստված.
Եվ իմ սասանյալ հոգու իղձերի պտուղն այրվող`
Անձս տոչորող թախծության հրի վրա դնելով` Կամքիս բուրվառով առաքում եմ քե՛զ:
Նայի՛ր, ո՜վ գթած, հոտոտի՛ր դու այն առավե՛լ սիրով,
Քան պատարագը բոլորանվեր, մատուցված ծխով ամենաառատ:
Ընդունիր այս պարզ ու սեղմ խոսքերիս շարադրանքը դու
Հաճությամբ հոժար և ո՛չ բարկությամբ:
Բանավոր զոհիս նվերն այս սրտանց
Մեղքերիս պարարտ ճարպի զորությամբ ողջակիզվելով,
Թող որ խոհերի իմ խորհրդակից սենյակի խորքից
Բարձրանա և քեզ հասնի անհապաղ:
Եվ աղերսախառն երբ դատի նստեմ ես քեզ հետ, հզո՛ր,
Թող որ տաղտկալի չթվա քեզ այդ,
Ինչպես ամբարիշտ Հակոբի ձեռքերի կարկառումն ի վեր,
Որի դեմ բողոք է գրել Եսային0Եսայի Ա. 15
Եվ կամ ինչպես անիրավությունը Բաբելոնի՝ Սաղմոսի յոթանասուներկուերորդ առակում
ասված1Սաղմ. ՀԲ.7:
Այլ ընդունիր այն կամովին, ինչպես խունկն հաճոյական,
Որ մի ժամանակ բուրեց Սելովի խորանի մեջ այն, Որը նոր շուքով վերանորոգված՝ Դավիթը
կանգնեց2Բ. Թագ. Զ. 17 Հանուն գերադարձ այն տապանակի,
Որ նման է իմ կորուսյալ հոգու վերստին գյուտին:

Բ

Բայց և ահավոր ձայնը հատուցման քո դատաստանի
Վրեժխնդրության ձորում ուժգնապես հնչելով ահա3Հովել Գ. 2-4,
Երկնում է իմ դեմ մարտի մաքառման գրգիռներ կրկին,
Այժմվանից և իսկ զգում եմ իմ մեջ Էությունս հուզող շարժումներ ներհակ
Ու խուռն ամբոխվող խռովություններ:
Եվ չար ու բարի խորհուրդներ զինված սուր ու սուսերով՝
Բախվում են ընդդեմ իրարու դարձյալ, Ինձ մահվան գերի դարձնելով համակ,
Ինչպես երբեմն, երբ դեռ չէր հասել քո շնորհը ինձ:
Առաքելական դասի մեջ Պողոսն՝ ընտրելագույնը,
Մովսեսի օրենքն այս շնորհի հետ համեմատելով,
Քրիստոսի բերած փրկությունն հաղթող է հայտարարում4Գործք ԺԳ. 38, Հռովմ. Ը. 2-3:
Զի եթե ճիշտ է, որ մոտ է Տիրոջ օրն, ինչպես Գիրքն է ասում,
Հրապարակի մեջ Հովսափաթի և կամ Կեդրոնի հովտում նեղանձուկ5Հովել Գ. 2, 14,–
Դատաստանի փոքր հանդիսատեղի և ժամադրավայր,
Որոնք երկրային երևույթներով պատկերացնում են հանդերձյալն ինձ պարզ,
Ապա և ինձ է մոտեցել հավետ թագավորությունն մարմնացյալ Աստուծո,
Որը ենթակա պիտի գտնի ինձ մեծապես ծանր հատուցումների,
Այն բազմապիսի մեղանչումների համար իմ բոլոր,
Որոնք հիրավի ամբաստանելով՝ դատեն ինձ պիտի ավելի սաստիկ,
Քան թե բարձրացող Նրա ձեռքն հուժկու,
Որ մի ժամանակ եդովմայեցի և փղշտացի և այլ բարբարոս ազգերի զարկեց:
Եվ, սակայն, նրանց չարչարանքները կարճատև եղան,
Մինչ իմ մեղքերի պատիժը ո՛չ վերջ ունի, ո՛չ սահման:
Վախ, գուբ, որոգայթ անճողոպրելի,-
Ըստ մարգարեի և առակողի6Եսայի ԻԴ, 17, Երեմ. ԽԸ. 43,-
Սաստիկ տագնապով դուռս ափ առած՝ Մշտնջենական ամոթն են իրենց գծագրում արդեն:
Եվ արդ, միայն դո՛ւ կարող ես գտնել հրաշագործ դեղեր,
Ի կյանք կոչելու հոգիներն ամեն՝ մատնված վարանման և տարակույսի,
Քավի՛չ բոլորի, անսահմանելի բարձրությանդ մեջ
Քո անճառ փառքով գովվա՜ծ հավիտյան:

Բան Բ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Քանզի մարմնավոր շուրթերով, ահա՛, ուղերձ ես կարդում բարձրյալ Աստծուն,
Որ գործերով է գրավվում միայն և չի կաշառվում բանաստեղծությամբ,
Եվ քո սրտի մեջ նայում ես դու միշտ դեպի Եգիպտոս,
Համապատասխան քեզ ի՞նչ օրինակ դնեմ ես այստեղ, անձ իմ հանցավոր:
Պատժակից եմ ես քանդված Սոդոմին, Պապանձված դատախազն եմ Նինվեի, Սոսկալի բարբարոս՝ ավելի, քան տիկինն հարավային, Քանանից վատթար ավելի և Ամաղեկից համառ, Կուռքերի քաղաք անբժշկելի7Երեմ. ԾԱ. 9,
Հին Իսրայելի ապստամբության մնացած բեկոր, Հիշատակարան պահված՝ Հուդայի ուխտազանցության8Երեմ. Գ. 11:
Կշտամբված եմ ես ավելի, քան Ծուրը Եվ Ծայդանից ավելի տարամերժված. Խորթաբարո ավելի, քան Գալիլիան,
Եվ քան անհավատ Կափառնայումն աններելի9Մատթ. ԺԱ. 23-24. Պարսավված եմ ես, ինչպես Քորազինը և
Բեթսայիդայի հետ բամբասված. Անպարկեշտության մեջ սպիտակած մազերն եմ
Եփրեմի10Ովսեե Է. 9.
Աղավնու նման մեղմ եմ ես՝ հիմարությամբ և ո՛չ հեզությամբ11Ովսեե Է. 11.
Օձ եմ ես բանավոր եղեռնական՝ առյուծի կորյուններից ծնված12Եսայի Լ. 6.
Ժանտությամբ լցված քարբի ձվերի կերպարանքն ունեմ13Եսայի ԾԹ. 5,
Պատկերն եմ ես Երուսաղեմի վերջին հարվածների,
Ըստ գուշակության տեսանողների և տերունական խոսքի համաձայն:
Կործանման հասած մերժված տաղավար եմ ես, Կրկնակի ներկված շինվածք եմ խոսուն՝ Խորտակված դռան ջարդված փականքով:
Ժառանգություն եմ վայելուչ թեև, սակայն և
թողնված, Մոռացված տուն եմ աստվածակերտ, Ինչպես ասել են Մովսեսը, Դավիթն ու Երեմիան:
Բորոտությամբ վարակված բանական մի տուն
եմ ես՝ Ապաշխարության խրատին ենթարկված,
Օրենքով նորոգված և ծեփված կավով՝ ողոք հեզության,
Բայց ճարահատված այլևս բուժման մի ելք գտնելուց՝
Շինողի ձեռքով լրիվ քանդըված,
Եվ հրամանով Հզորի, իբրև արդար հատուցում, Դուրս նետված անսուրբ մի վայր՝ անխնա, Հեռու վտարված և տարագրված14Հմմտ. Ղևտ. ԺԴ. 35-46:
Հողի տակ թաղված դրամն եմ անպետ՝
Ավետարանի ավանդակորույս ուրացողի քանքարի նման15Մատթ. ԻԵ. 24-25:

Բ

Սակայն դու, ո՜վ Աստված,
Աստվա՛ծ հոգիների բոլոր ու մարմինների,
Աստվածաշնորհ Մովսեսի դավանությամբ,
Եվ ըստ ձայնի երկայնամիտ ու բազումողորմ սուրբ Հովնանի,-

Տուր ինձ ուժ, որպեսզի քո օրհնյալ կամքին ի
հաճություն Կարողանամ ավարտել աղոթամատյանն այս ողբերգական,
Որ սկսել եմ ես ահավասիկ:
Եվ մինչ արցունքով եմ սերմանում խոսքերս
Մեզ համար պատրաստված օթևաններդ տանող
Ճանապարհի վրա ոտք դրած պահին այս իմ,
Թող որ, երբ հասնեմ հունձքն հավաքելուն՝
Դառնամ բերկրալից ու երջանիկ և լիովին քավված՝
Բարի օրանների երանական արդյունքով:
Մի՛ տար ինձ սրտի արգանդ անորդի Իսրայելի պես,
Եվ ոչ էլ ցամքած ստինքներ աչքի, ո՜վ ամենագութ:
Լսի՛ր բանական աղաչավորիս, հզո՛ր ողորմած,
Նախքան երկնքին, երկինքը՝ երկրին, երկիրը՝
գինուն, ցորենին, ձեթին, Եվ սրանք բոլորն էլ Իսրայելին16Ովսեե Բ. 21-22՝ ի՛նձ լսիր. Երկնավորների աղերսը առ քեզ՝
Թող ազդի հոգուս, քան թե տարրերին ապականացու:
Ստեղծիչ ես դու, և ես ինքս՝ կավ.
Հեծեծագին այս աղոթքներիս նախամուտքում.
Հայտնի՛ր, գթառատ, քաղցր կամքըդ ինձ՝ տարակուսյալիս,
Որպեսզի այստեղ, երկրի վրա իսկ զորանամ ես,
Եվ, երբ որ բացվի երկինքը վերին,
Չլինի՛ որ ես լույսը վայելելու անվարժ, անընտել՝
Մոմի պես հալվեմ, սպառվեմ իսպառ, ջնջվեմ մեջտեղից:
Սիրտ տուր զրկվածիս, ինչպես ասողն է գոչել աղոթքով17Ովսեե Բ. 21, Զաք. Ը. 12,–
Ուժ՝ թալկացածիս և կյանք մաշվածիս խղճի խայթերից,
Եվ ո՛չ անձկությամբ ու չարչարանքով քեզ որոնելուց:
Ա՛ռ մաղթանքներիս ավանդն այս և տուր ողորմությունը քո շնորհների:
Ընդունիր դու այս փոքրը տկարիցս և շնորհիր մեծը հզորիդ կողմից:
Զղջումիս խոսքերն արա՛ զորավոր, մեզ ուղարկելով Հոգիդ բարձունքից,
Պատգամներով այն աստվածաշունչ, որոնք դրել եմ ես այս գրքիս մեջ:
Հաճի՛ր, բարերար, լուսավորելով ճշմարտապատում առակն Եսայու,
Մատուցելով ինձ՝ մահվան արժանուս
Գոյությանս անարգաձայն պղնձի փոխարեն՝ շնորհիդ ոսկին՝
Անզարդ, սևաթույր երկաթի տեղակ՝ հրաշեկ պղինձը Լիբանանի18Եսայի Կ. 17,
Որ օրինակ է առաքինության,
Ինչո՞ւ կարծրացնես սիրտը եղկելուս, անճա՜ռ ահավոր,
Որ չթափանցի երկյուղդ այնտեղ:
Թող որ չլինեմ ես անպտուղ՝ փոքր այս վաստակիս մեջ՝
Անբերի հողում, իզուր, ապարդյուն սերմանողի պես:
Չլինի, որ երկնեմ ես, և չծնեմ,
Ողբամ՝ և չարտասվեմ, խորհեմ՝ և չհառաչեմ,
Ամպեմ, և չանձրևեմ, ընթանամ՝ և չհասնեմ,
Ես ձայն տամ, և դու չլսես, պաղատեմ՝ և անտես մնամ,
Կողկողեմ՝ և ինձ չողորմես, աղաչեմ՝ բայց ոչինչ
շահեմ, Զոհ մատուցեմ, և չմխամ,
Տեսնեմ քեզ՝ և դատարկ դուրս գամ:
Դեռ քեզ չդիմած՝ լսիր ձայնս դու, ո՜վ միայն հզոր:
Մեղքերով ապրած օրերիս չափով
Տանջանքի տուգանք վճարել մի՛ տա ինձ՝ չարագործիս:
Փրկիր ինձ, գթած, լսիր, ողորմած, Մարդասիրաբար ներիր ինձ, ներող,
Խնայիր, երկայնամիտ, պաշտպանիր, ապավեն,
Բարերարիր, հզոր, ազատիր, ամենակալ, Կյանք տուր, նորոգող, վերականգնիր, ահավո՛ր, Լուսավորիր, երկնային, բժշկի՛ր, ձեռնահաս,
քավի՛ր, անքնին, Պարգևատրիր, առատաձեռն, շնորհազարդիր, աննախանձ,
Հաշտվիր, անախտակիր, ընդունիր, անոխակալ,
Ջնջիր պարտքերս, օրհնյա՜լ:
Երբ հասնի վերջին օրս թշվառ,
Եվ ես հառեմ աչքերս տեսնելու վտանգները կրկնակի,
Քո փրկությո՜ւնը տեսնեմ թող, հո՜ւյս և խնամակալ:
Եվ երբ ուշադիր նայեմ դեպի վեր՝ ամենագրավ ճամփին սոսկալի,
Խաղաղության հրեշտակդ թո՛ղ քազցրությամբ հանդիպի ինձ:
Երբ վերջին օրը իմ շունչը փչեմ, ցույց տուր ինձ դու, Տե՜ր,
Երկնավորներից եկած երջանիկ, մաքուր մի ոգի,
Որ լուսաթռիչ՝ ի՜նձ հասնի՝ սիրուդ պարգևը առած:
Հասցրու ինձ նույնպես կարեկից մի՝ մեռած արդարներից.
Հուսահատ օրս դու չարագործիս քո անակնկալ բարին պարգևիր:
Քա՜վ լիցի, թե դու, ո՛վ բարեբանյալ, որ փրկությունն ես բոլորի,
Հիվանդ ոչխարիս դժնդակ գազան և մի տաս ուղեկից.
Պարգևիր վերին կյանք անապական՝ մեղքով մեռածիս,
Եվ փրկություն՝ պարտքերի տակ կործանվածիս:

Գ

Մի՞թե պիտի մոռանաս բարերարելդ, ո՜վ ակնկալություն,
Պիտի անտեսե՞ս գթասիրելդ, ո՜վ խնամող.
Պիտի փոփոխե՞ս մարդասիրելդ, ո՜վ անփոփոխ.
Պիտի նահանջե՞ս կենսագործելուցդ, անվախճա՜ն.
Պիտի թողնե՞ս ողորմությունդ, երջանի՛կ պտուղ.
Պիտի աղավաղե՞ս բարեշնորհ ծաղիկը քո քաղցրության.
Պիտի անպատվե՞ս նյութը պանծալի քո հարստության.
Պիտի պակասեցնե՞ս փառքը վարսերի քո բարձրապանծ19Ա. Թագ. ԻԶ. 19,
Պիտի չպահե՞ս պսակիդ պայծառ զարդը վայելուչ:
Եթե ողորմածներին է երանությունը,
Եվ դու, որ համակ արքայություն ես սիրով լիուլի,
Մի՞թե չպիտի պարգևես դու քո փրկությունն ամբողջ.
Դեղ չդնե՞ս պիտի իմ վերքերին
Եվ սպեղանի՝ խոցվածներիս և տկարությանս՝ դարման չպիտի՞ տանես,
Պիտի չծագե՞ս լույս՝ խավարի մեջ –
Ինձ, որ զորությանդ վրա եմ միայն իմ հույսը դրել,
Տիեզերակա՛ն դու կենսապարգև:
Դո՛ւ միայն ունես փառք իսկ ի բնե, մշտնջենապես,
Եվ արարածներն համայն առհավետ վկայում են այդ:
Օրհնված ես դու և փառավորված հավիտենության մեջ եռապատիկ
Եվ իմանալի հավիտյանների սահմանից էլ վեր՝ Միշտ ու միշտ. ամեն:

Բան Գ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Տե՛ր իմ, Տե՛ր պարգևատու, ինքնաբուն բարի,
Բոլորին տիրող հավասարապես, միայն Արարիչ
դու ամեն ինչի.
Փառավորյալ անքնին, ահեղ ահարկու, սոսկալի հզոր,
Անպարագրելի, անմերձենալի, անըմբռնելի, անիմանալի,
Անճառելի, անտեսանելի, անզննելի, անշոշափելի, անորոնելի,
Անսկիզբ և անժամանակ, անշամանդաղ գիտություն,
Համարձակ տեսողություն, ճշմարիտ էականություն,
Բարձր և խոնարհ, օրհնաբանված գոյություն.
Անստվեր ծագում, ամենափայլ ճառագայթ,
խոստովանված լույս, Անտարակույս վստահություն, կատարյալ հանգիստ,
Անհեղելի կնիք, անսահման պատկեր, վկայված անուն,
Ճաշակ քաղցրության, բաժակ բերկրության, Հաց՝ հոգին հաստող, սեր՝ մթանն օտար, աներկբա խոստում, Ծածկույթ ցանկալի, զգեստ անկապուտ, օթոց
բաղձալի, Զարդ վայելչական, մեծազոր պաշտպան, գովված ապավեն,
Աննվազելի շնորհ, անպակասելի գանձ,
Անապական անձրև, արփիացնցուղ ցող,
Ամենաբույժ դեղ, ձրի բժշկություն, կրկնաձիր առողջություն,
Վեհագույն խրախույս, անպատիր կոչում, հանուր ավետիս,
Ստրկամեծար թագավոր, աղքատասեր պաշտպան, մշտահարուստ տվող,
Անխափան ընթացք, աննահանջ հրաման,
Անհամառոտ հույս, երկար տեսողություն, տուրք անզղջական,
Ամենաբաշխ աջ, արդարակշիռ ձեռք, անաչառ աչք,
Մխիթարիչ ձայն, սփոփարար լուր, բերկրության բերումն,
Անուն կենդանի, նախախնամող մատ,
Անմոլար ճամփա, անխարդախ ընթացք, կենդանարար կամք,
Աննենգելի խրատ, աննախանձ պատիվ, լայնարձակ հնարք,
Անձկական պայման, անգտնելի հետք, աներևույթ շավիղ,
Անչափագիր պատկեր, քանակությո՜ւն անսահման,
Աննմանական տիպ, անզուգական գութ, ողորմություն բազմազեղ,
Խոնարհություն տոնելի, համբույր փրկարար,
Կա՜ն դեռ շատ ուրիշ խոսքեր ավելի վեհ ու վայելուչ
Նվիրելու քեզ՝ աստվածությանդ:
Օրհնված, գովված, բարեբանված, քարոզված, ավետարանված,
Հռչակված, հնչեցված, պատմված, Աղաչված կամքով անխաբելի,
Եվ դեռ ինչ որ դու ներշնչում ես մեզ քաղցր բխումով,
Որոնք մեր հաջորդ ճառերում պետք է որ լուսաբանվեն:
Որով և պիտի դու զվարթանաս իմ փրկությամբ, ո՜վ երանություն,
Ախորժ զգացմամբ լցված լիուլի:
Դատարկ բառերով հյուսված երգով չէ, որ փառավորվում ես դու,
Այլ իմ այս փոքրիկ աղերսը թող որ դառնա մի պատճառ քո մեծ փրկության:

Բ

Ողբե՜ր երգեցի ես շարահյուսված այս նոր մատյանում,–
Որն իբրև կցորդ, մեծապես գիտակ բոլոր վշտերի՝
Նշավակում է ուրույն պատկերով կրքերը ամեն մարդու պատահող,–
Այս երկրում ապրող ամեն հասակի բանականների համար անխտիր,
Աշխարհում ցրված բազմասփյուռ բոլոր քրիստոնյաների,
Բոլոր նրանց, որոնք կյանքի առաջին շրջանումն են,
Եվ նրանց, որոնք արբունքի են հասել,
Նրանց, որ մոտ են անկար ծերությամբ կյանքի վախճանին,
Մեղավորների և արդարների,
Բարձրահոն ինքնամեծարի և իր սխալն ընդունող անձնադատի,
Բարիների և եղեռնագործների, նկունների և արիների,
Ստրուկների և հպատակների,
Գերաշխարհիկների և սեպուհների, միջակների և պայազատների,
Շինականների և տոհմիկների, արուների և էգերի,
Հրամայողների և հնազանդվողների, վսեմների և նվաստների,
Վեհերի և փոքրերի, ազնվականների և ռամիկների,
Ձիավարժների և հետևակների, քաղաքացիների ու գեղջուկների,
Ահավորի սանձով բռնված գոռոզ արքաների,
Վերնականների հետ խոսակցող մենակյացների,
Մաքրակենցաղ ու տիրանվեր զգաստների,
Երջանկակրոն և ընտրելագույն քահանաների,
Վերակացու և բարեզգեցիկ առաջնորդների,
Նախաթոռ գահակալների, սրբանվեր տեսուչների համար,
Որոնցից ոմանց՝ աղերս-աղաչանք և ոմանց՝ բարի խրատներ
Հորինեցի ես աղոթքի համար՝ այս մատենիկով,
Որ հոգուդ զորությամբ եմ ձեռնարկել,
Գրի առնելով մաղթանքներ պես-պես,
Որպեսզի խնդրանքներն այս բոլորի սրանով ընդմիշտ
Քո մեծ գթությա՜նը ներկայացվեն:

Գ

Արա՛ այս մատյանն ընթերցողների սրտերը հստակ,
Բժշկի՛ր նրանց հոգիները դու և հանցանքները սրբի՛ր,
Թո՛ղ պարտքերը նրանց և արձակի՛ր կապանքները մեղքի:
Արտասուքները թող բխեն սրանով հրահանգվողների,
Եվ թո՛ղ սրանով պարգևի նրանց իղձ ապաշավի:
Շնորհվի թող, ո՜վ Տեր, նրանց հետ և ի՛նձ զղջումի կամք,
Ինչպես և նրանց՝ ի՛մ իսկ բառերով՝ շունչ բարեհամբույր.
Թող այս մատյանով և ի՛նձ նվիրվի պաղատանքը նրանց,
Եվ իմ խոսքերով իմ փոխարեն էլ խնկվեն նրանց հեծեծանքները:
Ողբերգությունն այս սիրով ճաշակող սրտերում թող որ
Շնորհիդ լո՜ւյսը մտնի և բնակվի:
Եթե պատահի, որ ինձ համար բարեպաշտները սրանով քեզ ընծայվեն,
Ի՛նձ էլ ընդունիր, գթած, նրանց հետ, որոնք կենդանի են քեզ համար.
Եթե սրանով մեղքերը մաքրող արցունքներ կաթեն աչքերից,
Ո՜վ խնամակալ, անձրևի՛ր նաև նրանք ի՛նձ վրա:
Հաղորդակիցներն այս կենաց գրքի՝ թող փրկվածներին լինեն դասակից:
Քո կամքով, օրհնյալ, թող որ նաև ե՛ս համարվեմ փրկված:
Եթե խոսքերի իմ ազդեցությամբ որևէ մեկի
Սրտի խորքերից Հնչեն հառաչներ աստվածահաճո,
Թող որ նրա հետ, ո՜վ բարձրյալ, և ե՛ս օգտվեմ քեզանով.
Թե մաքուր մի ձեռք անուշ խունկերով առ քեզ կարկառվի,
Թող իմ ձայնի հետ հասնի, միանա
Եվ ա՛յս աղերսանքն առ քեզ մատուցվող աղոթքների.
Եթե ուրիշներն էլ պաղատանքներ երկնեն ինձ նման, բազմաբովանդակ,
Նրանցով ե՛ս էլ թող որ քեզ կրկին նվիրված լինեմ:
Եթե բանավոր պատարագն այս իմ հաճո լինի քեզ և գնահատես,
Ուրիշներինն էլ, առաջ, քան թե իմ, թող քեզ ընծայվի.
Եթե տրտմությամբ մի ոք սրտաբեկ նվաղի տկար,
Թո՛ղ կանգնի դարձյալ հառաչանքների այս հաստարանով՝ քեզնով հուսադրված.
Եթե ամբարտակն ապահովության խորտակվի մեղքով,
Թո՛ղ որ քարերովն այս պատշաճապես կառուցվի՜
դարձյալ, աջովդ պաշտպանված.
Եթե հանցանքի սրով կտրվի հույսի լարը ձիգ,
Ամենակալիդ կամքով թող դարձյալ կցվի ամրապես՝ քո պատվաստումով.
Եթե հոգեկան ցավի մի վտանգ պաշարի մեկին մահացու կերպով,
Թող որ փրկություն գտնի սրանով՝ հույսով ապրելու,
Ո՜վ կեցուցիչդ քեզ աղոթողի:
Տարակուսանքի տագնապով եթե խոցոտվի մի սիրտ,
Թո՛ղ քո քաղցրությամբ՝ բուժվի սրանով և առողջանա.
Թե անքավելի մեղքի կորստյամբ մեկն ընկղմել է խոր անդունդի մեջ,
Այս կարթով թող որ դեպի լո՜ւյսը գա՝ քո պաշտպանությամբ.
Թե խավարային գործերով թմրած՝ ուժասպառ է ոք,
Թող որ զորանա քեզ ապաստանած, միա՜կ ապավեն.
Եթե պահպանակը վստահության լքել է մեկի հոգին,
Ա՛յս միջնորդությամբ թող ձեռքդ նրան ընդունի դարձյալ և ամրապնդի.
Եթե ոք հսկող պահապաններից հեռու դեգերի,
Այդպիսին թող որ սպասի սրանով նորոգչիդ դարձին.
Եթե դիվային ջերմի սարսուռը խռովի մեկին,
Սթափվի՛ թող նա խաչիդ խորհրդի
Այս խոստովանված ու երկրպագված նշանի առջև.
Անօրենության խորտակիչ հողմի մրրիկը եթե
Մարդու մարմնեղեն շինվածքն աշխարհի ծովում հարվածի,
Թող որ քո կողմից շինված այս ղեկով, առագաստներով խաղաղվի՜ դարձյալ:

Դ

Մատյանն այս ողբերի, որ քո անունով սկսեցի, բարձրյա՜լ,
Թո՛ղ կենսատու դեղ ու դարման լինի
Եվ բժշկի քո արարածների հոգու և մարմնի ցավերը բոլոր:
Սկսածն այս իմ՝ իր ավարտին հասցրու դու Եվ թող քո Հոգին խառնվի սրան:
Մեծիդ նորոգող շունչը թող միանա ինձ շնորհածդ այս բանաստեղծությանը,
Քանզի դո՛ւ ես լոկ տալիս զորություն վհատ սրտերին
Եվ ընդունում փառք բոլորից. ամեն:

Բան Դ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ քանզի խոսել սկսեցի քեզ հետ,
Որ կենդանի շունչն ունես ձեռքիդ մեջ բազմամեղ հոգուս՝
Սարսում եմ սաստիկ տագնապով իրոք ու դողդողում եմ երկյուղից ահա՛,
Զի հիշելն անգամ քո անխուսափելի և անաչառ դատաստանի մասին,
Ուր պիտի մեղքերն իմ կշտամբվեն, ո՜վ Արարիչ երկնի և երկրի,
Ահավոր է և անպարփակելի ու վեր ամեն սահմանումից:
Մանավանդ, որ չկա բժշկություն իմ բազմավտանգ, անողջանալի սաստիկ վերքերին,
Որոնք ստացա հոգիս կորստյան մատնողի մահաբեր ժանիքներից
Եվ չիք պատասխան «պատերազմի օրն», - ըստ առակողի20ժողով. Ը. 8:
Հնար չի լինի ո՛չ խոսքով արդարանալ, ո՛չ վերարկուի տակ պահվել,
Ո՛չ դիմակավոր՝ կեղծել և ո՛չ երեսպաշտ խոսքերով մոտենալ,
Ո՛չ շինծու ձևերով խաբել, ո՛չ կցկտուր բառերով ստել,
Ո՛չ արագոտն փախչել, ո՛չ թիկունք դարձնել,
Ո՛չ երեսն ի վայր՝ դեմքն հողին քսել,
Եվ ո՛չ էլ երկրի խորքերում թաքնվել,
Քանզի ծածկվածները բաց են քեզ համար և աներևույթներն՝ հրապարակված:
Արդարությունն իմ նվազել է իսպառ և ունայնացել,
Մեղքերս հայտնի են դարձել և շատացել են է՛լ
ավելի, Մնացական են չարություններն իմ, և ես՝ կորստական.
Իրավունքի կշիռն է պակասած, և անիրավությունն իմ՝ միանգամից զորացած.
Բարեգործության պտուղներն են հալած, և սխալմունքներն արձանացած.
Ավանդն է կորած, և դատակնիքն այժմվանից գտնված.
Մահվան մուրհակն է գրված, և ավետման կտակն եղծված.
Բարերարն է տխրած, և բանսարկուն ուրախացած.
Հրեշտակների գունդը թախծած, և սատանան խնդասիրտ պար բռնած.
Վերնական զորքը ողբի մեջ, և երկրայինները բերկրած.
Սպանողի մթերանոցն է լի, և պահպանողի գանձը կողոպտված.
Օտարի մասն է կանգուն, և Ստացողի պարգևը՝ մատնված,
Ստեղծողի շնորհն է մոռացված, և կորուսչի ծուղակները պահված.
Փրկչի երախտիքն է հեգնված, և Բելիարն է զվարթացած.
Կենաց աղբյուրն է փակված, և գոռոզի ժանգը ժանտիս հասած:

Բ

Եվ արդ, ինչպես Գիրքն է ասել դեռ առաջուց21Հոբ Գ. 2-3, Ցանկալի չէ՞ր արդյոք չստեղծվել երբեք արգանդի մեջ, Չձևավորվել որովայնում և չծնվել,
Ո՛չ մարդկանց թվում գրվել և ո՛չ աճել, առնել հասակ,
Ո՛չ գեղեցիկ պատկերով զարդարվել և ոչ էլ օժտվել խոսելու ձիրքով,
Քան թե ենթարկվել այսպիսի սաստիկ ու սարսափելի ծանրությունների,
Որոնց չեն կարող դիմանալ կարծր քարերը նույնիսկ,
Էլ ո՜ւր կմնան մարմինները լույծ:

Գ

Ուստի, բարեգութ, աղաչում եմ քեզ, տո՜ւր ինձ ողորմություն,
Դու, որ քո խոսքերով սահմանեցիր մեզ վարվել այսպես,
Ասելով. - Տվե՛ք այդ նվերն Աստծուն՝ ձեր փրկության համար,
Ու մաքրվեցեք, քանզի ողորմություն եմ ուզում ես և ո՛չ պատարագ:
Այդ խոսքդ հիշելով, բարձրացի՛ր ահա վերստին, խնկվա՜ծ,
Դու, որ ունես ամեն ինչ և ամեն ինչ քեզանից է.
Քեզ փա՜ռք բոլորից. ամեն:

Բան Ե

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ, ես որ մարդ եմ երկրածին՝
Անկայուն կյանքի երևույթներով զբաղված, Եվ պատրող գինու հիմարությամբ արբած, Որ ստում եմ ամեն ինչով ու ոչ մի բանով ճիշտ
չեմ խոսում, Վերոհիշյալ բոլոր ախտանիշներն իմ մեջ կրելով, Ես ի՞նչ երեսով հանդգնեմ կանգնել ատյանիդ
առաջ, Ո՜վ արդարադատ, ահավոր անճառ, անպատում, հզոր Աստված բոլորի:
Մեղանչած հոգուս ապերախտությունն համեմատելով երախտիքիդ հետ,
Պիտի ցույց տամ, թե զորեղ ես դու միշտ իրավունքիդ մեջ,
Եվ հանիրավի գործերովըս ես՝ հավետ պարտական:
Դու ստեղծեցիր ինձ քո պանծալի պատկերի նման,
Քո նմանությամբ օժանդակելով անուժ-տկարիս:

Բ

Խոսելու շնորհով զարդարեցիր ինձ և փայլեցրիր ներշնչումով22Ծննդ. Բ. 7,
Ճոխացրիր ինձ մտքով և իմաստությամբ աճեցրիր,
Հանճարով հզորացիր ինձ՝ մյուս շնչավորներից տարբերելով,
Իմանալի Հոգով շաղեցիր ու պճնեցիր անձնիշխանությամբ,
Ծնեցիր հայրաբար, սնեցիր դայակորեն, խնամեցիր որպես տեր,
Տնկեցիր ամբարիշտիս քո գավթի մեջ,
Ոռոգեցիր կենաց ջրով և ավազանի ցողով մաքրեցիր.
Ու կենսատու վտակով արմատացրիր, Երկնային հացովդ ջամբեցիր Եվ արբեցրիր արյամբդ աստվածային,
Անհպելի և անհաս բաների ընտանեցրիր, Երկրային աչքիս համարձակություն տվեցիր
նայելու քեզ, Եվ փառքիդ լույսով պարածածկեցիր,
Անմաքուր ձեռքիս մատներն հողանյութ քեզ մոտեցրիր,
Մահկանացու մոխիրս անարգ՝ հարգեցիր իբրև լույսի ճաճանչ,
Քո Հորը հզոր, ահավոր, օրհնյալ՝
Մարդասիրաբար անարժան անձիս հայր անվանակնքեցիր:
Նանրությամբ լցված բերանն իմ չայրեցիր, Երբ ինձ ժառանգակից անվանեցի քեզ. Չկշտամբեցիր, երբ հանդգնեցի քեզ կցորդվելու:
Չստվերացրիր աչքիս տեսողությունը, երբ ես հայացքս հառել էի քեզ.
Մահապարտների հետ շղթայակապ չտարագրեցիր և ինձ,
Չխորտակեցիր դաստակը բազկիս, երբ անմաքրապես բարձրանում էր քեզ.
Չկոտրտեցիր մատներիս հոդերը, երբ քո կենաց Բանն էի շոշափում,
Մառախուղ չպատեց շուրջս, երբ, ո՜վ ահավոր, պատարագ էի ձոնում քեզ23Ինչպես որ պատահեց քահանաներին, երբ տապանակը տաճարի մեջ դնելուց հետո մի ամպ հանկարծ լցրեց Աստուծո տունը, խափանելով նրանց տեսողությունը:.
Չփշրեցիր շարքն ատամներիս, երբ ըմբոշխնում էի քեզ, անսահմանելի՜.
Բարկությամբ խոտորնակ չգնացիր ինձ, մինչ ես խոտորնակի հետևեցի քեզ,
Ինչպես վարվեցիր Իսրայելի տան հետ մոլորագնաց.
Չխայտառակեցիր հարսնարանիդ մեջ ինձ՝ պարերգությանդ անարժանիս,
Ոչ էլ զգեստն իմ գծուծ տեսնելով հանդիմանեցիր անօրենիս,
Կամ կապկապելով ձեռքերս ու ոտքերս՝ արտաքին խավարը հալածեցիր:

Գ

Բարիքներն այս բոլոր և ներողամիտ համբերությունդ
Ընդունել եմ ես քեզանից, ո՜վ բարերար, օրհնյալ և միշտ երկայնամիտ,
Եվ սակայն հանցապարտս ես փոխարինեցի նրանք
Մարմնական և հոգեկան երկրաքարշ հուզումներով
Եվ մտածումներով՝ ախտախորհուրդ ու բազմածուփ:
Սրանք են ահա՛, Աստված իմ և Տեր,
Որ վճարեցի ես քո այնքա՜ն բարիքների փոխարեն.
Ես ինքս հատուցեցի այս չարիքները քեզ, Ինչպես Մովսեսն իր հանդիմանական առակովն
է ասում, Իմաստությունը մոռացած՝ հիմարություն սիրողս, Բոլոր այդ բարիքներդ ու երախտիքներդ ես իմ
ունայն վարքով չարաչար վատնեցի:
Բարձրյալիդ խնամքով գումարված լուսավոր շնորհներն այս անճառ
Ցնդեցրի ես խելագարության մրրկով:
Եվ թեպետ բազում անգամ հոգածու ձեռքերդ ինձ երկարելով
Ուզեցիր դու ինձ քաշել դեպի քեզ, բայց ես չցանկացա,
Նմանվելով մարգարեից ամբաստանված Իսրայելին:
Թեև խոստացա քեզ հաճոյանալ, բայց ուխտն իմ չպահեցի,
Այլ նույն չարիքը նյութեցի դարձյալ՝ նախկին կենցաղիս վերադառնալով:
Սրտիս անդաստանը հերկեցի փշեր աճեցնելու համար,
Որպեսզի որոմն արդյունավորվի:
Ինձ են վերաբերում աստվածարյալ սուրբ մարգարեների առածները բոլոր.
Զի դու ինձանից խաղող սպասեցիր, և ես փուշ ընձյուղեցի.
Ես օտար այգիս՝ դառն ու անախորժ պտուղներ տվի.
Փաթաթվեցի հողմին անհաստատ,
Որով մշտածուփ տատանումներով՝ այս կողմ ու այն կողմ եմ տարուբերվում.
Եվ ինչպես որ երանելի Հոբն է ասում՝ գնացի ճամփով անդառնալի,
Ավազի վրա կառուցեցի ես շենք հիմարության՝ Լայն արահետով խաբվեցի հասնել անձկալի
կյանքի, Ինքս փակեցի ելքն ուղևորիս
Եվ կորստյանս խորխորատը ես իմ կամքո՛վ բացի:
Խցկեցի պատուհանն ականջներիս, որ չլսեմ խոսքդ կենդանի,
Փակեցի նայվածքն հոգուս աչքերի, որ չտեսնեմ կյանքի սպեղանին:
Չընդոստնեցի մտքիս լքումից ու թմրությունից՝ Ի լուր պատգամիդ ահավոր փողին. Չզգաստացա մեծ դատաստանի հրափորձ օրվա
գուժկան գոչյունից.
Չզարթնեցի նիրհից մահացու քնի, որ դեպի կորուստն է առաջնորդում:
Հանգիստ չտվի երբեք քո հոգուն ես իմ մարմնեղեն տաղավարի մեջ.
Բանական շնչիս հետ չխառնեցի մասը պարգևած քո շնորհների.
Ես ինքս իմ ձեռքով կանչեցի կորուստն, ըստ առակողի,
Մեռցնելու համար կենդանի հոգիս:

Դ

Բայց ինձ ի՞նչ օգուտ՝ հյուսել այս խղճուկ խոսքերը մորմոք, չափաբերական,
Երբ որ անցել է չափն իմ մեղքերի, և անհնար է բուժումը նրանց:
Լոկ դո՛ւ կարող ես կյանք ընձեռել ինձ՝ հոգով մեռածիս,
Եվ անոխակալ՝ ձեռք կարկառել ինձ, օգնելու համար դատապարտվածիս,
Ո՜վ կենդանի դու Աստուծո
Որդի, քեզ փա՜ռք հավիտյան. ամեն:

Բան Զ

Ա

Բայց ի՞նչ բարիք ինձ և կամ ի՞նչ օգուտ,
Եթե շարելով տողերն այս ողբիս ես հուսալքվեմ Ու դուրս չթափեմ խոսքի խարանով Մահացու վերքիս շարավն ամբարված, Եվ կամ սրտիս մեջ կուտակված ցավի, Հոգեկան խիթի ծանրությունն ամբողջ Զզվանք պատճառող մատնամխությամբ ի դուրս
չփսխեմ:

Բ

Եվ քանզի արժանի չեղա պարծենալու փառքով սրբերի հետ,
Որոնց բերանները լի են ծիծաղով, և շրթունքները՝ ցնծությամբ,
Ըստ առակողի և սաղմոսողի,-

Ուստի և երկրորդ կարգին դիմեցի,
Որպեսզի այստեղ հիշատակեմ ես իմ նմաններին,
Թեև իմ բարքի թերությունների հետ համեմատած՝
Նույնիսկ նրա՛նք էլ բարձր են ինձանից,
Ինչպես ապաշխարողը՝ չապաշխարողից:
Այսպես, տոնելի եղավ Մանասեն, Պատիվ ստացավ և փարիսեցին,
Զի ես նրանցից ավելի՛ դաժան ամբարիշտ եղա:
Գովվեց անառակ որդին, քանի որ չեղավ նա
ինձ պես անդարձ ուխտազանց:
Հիշվեց կեղծավոր որդին Ամասիայի, Որ չեղավ ինձ չափ ապերախտ սաստիկ և շնորհուրաց:
Օրհնություն առավ ավազակն անգամ, որ դատախազն է անհավատների.
Պոռնիկ կինն անգամ պատիվ ստացավ, իբրև նախամայր զղջացողների:
Փարավոնից ոչ պակաս կարծրացրի ես իմ սիրտը.
Ոչ նվազ եբրայական խուժանի կատաղությունից`
Արարչիդ դեմ ընդվզեցի, Աստվածամարտներից ետ չմնացի Ու չխորշեցի բոլորիս ստեղծողիդ ուրանալուց:
Ծփացի մրրիկներից հուզված ծովի նման. Չսարսեցի սաստիկ քո հրամանից ու չպատկառեցի այնքան, Որքան մեծածուփ ծովի ալիքներն իրենց ափերից:
Իմ գործերի չափն ու քանակը որոշելու համար ավազակույտը վերջացավ,
Պակասեցին նրանց անբավ շեղջերը՝ չափելու կուտակումներն իմ անօրեն արարքների:

Գ

Թեպետև թվով շատ են ծովափին համահավաքված ավազները,
Բայց չունեն նրանք ծնունդ և աճում,
Իսկ իմ մեղքերը ու հանցանքները այնքան շատ են, որ հիշել չի լինի,–
Մեկն իր ծնունդով և մեկ ուրիշն իր շառավիղներով.
Մեկն իր բծերով, մյուսն՝ արկածներով. Մեկն իր փշերով, մյուսն՝ արմատներով.
Մեկն իր կազմությամբ, և մեկ ուրիշը իր պտուղներով.
Մեկն իր մասերով, մյուսը՝ ճյուղերով. Մեկն իր ոստերով, մյուսն իր ցողունով. Մեկն իր ճանկերով, մյուսը՝ մատներով. Մեկն իր խլրտմամբ, և մյուսն իր ուժով.
Մեկն իր ազդեցությամբ, մյուսն օրինակներով. Մեկն իր հետքերով, մյուսը՝ մնացորդներով. Մեկն իր ստվերներով և մեկ ուրիշն իր մթություններով.
Մեկն իր հարձակմամբ, մյուսն՝ հնարքներով. Մեկն իր պատրությամբ, մյուսն իր դիտավորություններով.
Մեկն իր գրոհով, մյուսը՝ չափերով.
Մեկն իր խորությամբ, մյուսը՝ գարշանքներով.
Մեկն իր կայծերով, մյուսն իր կրքերով. Մեկն իր մթերմամբ, մյուսն իր գանձերով. Մեկն իր ցնցուղով, մյուսն՝ աղբյուրներով. Մեկն իր գետերով, մյուսն իր շանթերով. Մեկն իր հրդեհներով, մյուսն իր ամոթով. Մեկն իր վիհերով, մյուսն՝ անդունդներով. Մեկն իր բորբոքումներով, մյուսն՝ աղջամուղջներով.
Մեկն իր ամպրոպներով, մյուսն իր կայլակներով. Մեկն իր հորձանքով, մյուսն՝ հեղեղներով ու
սառույցներով.
Մեկն իր դռներով, մյուսը՝ շավիղներով. Հնոցն իր տապով, կրակն իր գոլորշիներով. Ճարպի հալոցն իր ճենճերումներով. Օշինդրը իր դառնություններով. Կործանարարն իր հպատակներով. Բռնավորն իր հելուզակներով.
Գոռոզն իր սպառազեններով.
Ավազակապետն իր գումարտակներով. Գազանն իր կորյուններով. Խածանողն իր ծակոտվածքներով,
Եվ ապականություն գործողն իր նմաններով:

Դ

Սրանք են ահա՛ հոգիներն համայն մեր ապականող
Գլխավոր մեղքերն իրենց ենթակա և ստորադաս բոլոր մասերով,
Որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է բյուր - հազարներից:
Իսկ ամբողջական թիվը կարող է իմանալ լոկ նա՛,
Որը մեր կողմից չեղյալ համարվածները Տեսնում է, որպես արդեն գոյություն ունեցող
գործեր:
Արդ, եթե մեկը չխաբի իրեն կամ չձևանա
Ու չանհավատի կեղծավորաբար, և պարզ ու հասարակ վարվի,
Ճանաչի իրեն որպես մարդ մահկանացու, Համարի երկրածին իրեն և իր չափի ու սահմանի մեջ մնա,-

Այդպիսին պետք է հասկանա, որ ես զուր չգրեցի Մեղքերի բոլոր դեպքերը այստեղ,
Որոնց գլխավոր մասերը մեկ-մեկ թվեցի վերև, Կամ ամբողջությամբ չսահմանեցի իսկությունը ես Այն տեսակ-տեսակ սխալանքների,
Որոնք պտտվում, գալար են գալիս մեր բնության մեջ:
Այլ բյուրավոր չար արգասիքներից միայն մի փոքրիկ չափով ցույց տվի,
Մնացածները թողնելով, որ դուք սրանց միջոցով ուսումնասիրեք,
Թեև ո՛չ լրիվ և ամբողջապես:

Բան Է

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Սակայն, որպեսզի փրկության հույսն իմ իսպառ չկտրեմ
Եվ, մնալով անզեն, չմատնվեմ ձեռքն այն աներևույթ հակառակորդների,
Որոնց մասին ես հիշատակեցի վերև ահավոր պատկերների տակ,
Եվ որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ ինքնածին բուսած ընտանի թշնամիներ,
Ապա, ես այստեղ այդ բազմամբոխ ու հզոր մարտիկների դեմ ցույց պիտի տամ նաև
Աստվածային ամենահաղթ և անպարտելի ախոյաններ,
Չնայած որ դա կսկծալի ցավ է,
Անհասանելի ծառերի դժվարակութ պտուղ, Եվ անկոխ ճամփաների տառապալից տաժանք:
Բայց աչքերից կաթած կաթիլ մի արցունք Կարող է բանսարկուի չարագունդ զորքերը բոլոր ցամաքեցնել, Ինչպես տկար խլրտումով գետնաքարշ սողացող Բազմոտանի զեռուների ու որդերի վրա
Ընկած ձեթի կաթիլ և կամ դույզն ինչ թույն սատակչական:
Հեծեծող սրտի հոգուց դուրս ելած հառաչանքները
Բարկ արևի հետ խառն տոթաշունչ խորշակի պես
Հալեցնում են մեղքերի սառույցները սաստիկ, Քանզի որդերի պես որքան հեշտածին են մեղքերը, Նույնքան էլ դյուրամեռ են նրանք այս դիմադրական միջոցներով:

Բ

Բայց ես չպիտի դադարեմ դարձյալ դատելուց ինքս ինձ՝ դատապարտյալիս,
Եվ քարկոծելու անձս հանցապարտ դառն խոսքերով,
Իբրև չարագործ անհամոզելի, փրկությունից զուրկ:
Քանզի եթե ինձ նեղողներից ոմանց սատակեցնում եմ,
Սակայն ոմանց էլ ուժ եմ տալիս ես, որ կենդանանան,
Անդարձ կորստյան մատնելով հոգիս:
Ես տունկս դառնության, որ անառակ վարքի գարշությունը ծաղկեցրի.
Բարունակս ապականաբեր և մահողկուզյան, որ կորստյան գինին երկնեցի.
Քանանի զավակս և ո՜չ Հուդայի՝ մեծ Դանիելի խոսքի համաձայն.
Որդիս գեհենի և ո՛չ արքայության.
Ժառանգս դժոխքի և ոչ թե փառաց փափագելի. Նյութս տանջանքի և ո՛չ հանգստյան. Ապերախտս երախտավորիդ և ապաշնորհս
բազմապարգևիդ հանդեպ.
Մշտապես մեղավորս երկայնամտիդ հանդեպ. Բարերարիդ քաղցրությունը դառնացնողս. Ծառաս չար և վատ, ըստ տերունական հանդիմանության.
Իմաստունս չարագործության մեջ, ըստ նախագուշակության Եսայու.
Ժիրս՝ զազրելի ժանտագործության մեջ. Փութաջանս՝ Տիրոջը բարկացնելու մեջ. Մշտաշարժս՝ սատանայական գյուտերի մեջ. Ես վիշտ հանապազօրյա՝ Արարչին.
Թույլս՝ բարի թռիչքների մեջ.
Ծույլս՝ երանական վիճակ ընտրելու գործում. Դանդաղս՝ խոստացվածներին ուշք դնելու մեջ. Անարիս՝ պիտանի և օգտակար ձեռնարկություններում.
Պաշտոնյաս տիրադրուժ և երախտամոռ:

Գ

Վա՜յ մեղավոր հոգուս, որ բարկացրի իմ Արարչին.
Վա՜յ կորստյան որդուս, որ կենդանության պարգևը մոռացա.
Վա՜յ պարտապանիս բյուր ու անհամար այն քանքարներին,
Որոնք անկարող եմ հատուցանել.
Վա՜յ ծանր ու դժվար մեղքերի բեռնակրիս, Որ չեմ կարող հանգստարան վերադառնալ. Վա՜յ տերունական մեղքեր գործող հանցավորիս, Քանի որ չկա հնար՝ հզորին ներկայանալու.
Վա՜յ եղեգընյա դյուրավառ նյութիս, Որ տոչորվելու եմ գեհենի մեջ.
Վա՜յ ինձ, որ հիշում եմ, թե՝ Աստուծո բարկության նետերն հրեղեն են.
Վա՜յ ինձ՝ հիմարիս, որ չըմբռնեցի,
Թե ծածուկ գործերն հրապարակվելու են անպայման.
Վա՜յ ամբարիշտիս, որ միշտ անդադրում չարությունների ոստայն հյուսեցի.
Վա՜յ ինձ, որ պարարեցի մարմինս իբրև կեր անմեռ որդերի,
Ես ինչպե՞ս պիտի տոկամ թունավոր այդ կտտողներին.
Վա՜յ ինձ, երբ ըմպեմ բաժակը մահվան,
Եվ ինչպե՞ս պիտի կրեմ ես տուգանքն հավիտենական.
Վա՜յ ինձ, երբ ելնի եղկելի մարմնիցս անարժան հոգիս,
Ինչպե՞ս պիտի ներկայանամ ճշմարիտ դատավորին.
Վա՜յ ինձ, երբ լապտերիս յուղն սպառվի, Զի եթե մարի, էլ չի վառվի նա,
Վա՜յ ինձ պակուցման համար այն ահեղ ու տագնապալից,
Երբ առագաստի մուտքը փակվի.
Վա՜յ ինձ, երբ լսեմ երկնավոր թագավորի վճռով կնքված
Սիրտս դող հանող և սասափելի այն խոսքն ահավոր,–
«Քեզ չեմ ճանաչում»24Մատթ. ԻԵ. 12:

Բան Ը

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Արդ, ի՞նչ պիտի անես, ա՛նձն իմ կորուսյալ, Ուր պիտի թաքնվես, ինչպե՜ս ազատվես, Կամ ինչպե՜ս ելնես մեղքերի բանտից, Քանզի բազում են պարտքերդ և վճարելիքներդ
անթվելի.
Կշտամբանքը սաստիկ է, և նախատինքն՝ անվախճան.
Հրեշտակներն անողորմ են, և դատավորն՝ անկաշառ.
Ատյանն հզոր է, և բեմն՝ անաչառ.
Քստմնելի են կշտամբանքներն ու հատուցումներն անողոք.
Հրամանն ահարկու է, և հանդիմանությունները՝ մերկապարանոց.
Հրեղեն են գետերը, և վտակներն՝ անանցանելի. Խավարն է թանձրամած, և մառախուղն՝ անթափանցելի.
Անճողոպրելի է գուբը, և տագնապը՝ մշտնջենավոր,
Տարտարոսն ամենակուլ է, և սառնամանիքն՝ անզերծանելի:
Եվ այս դառնությունները բոլոր քեզ համար են արդարև,
Իբրև տաժանելի և դժնդակ օթևաններ՝ անտանելի պատուհասների,
Ո՜վ դու անարժան ա՛նձն իմ մեղավոր, չարագործ, պոռնիկ,
Բազմաբիծ և ամբողջապես անմաքրության անդաստան:
Քո իսկ գործերի արդյունքն ես, ահա՛, ժառանգելու դու,
Վրիպյա՛լդ ուղղությունից և խոտորյա՛լդ մաքրությունից,
Հեռացել ես արդարությունից և պարկեշտության կարգուկանոնից.
Ունա՛յնդ դու՝ հոգեպարգև հարստությունների լիությունից,
Նախանձարկո՛ւդ ամենակալ և բարերար թագավորի25Ա. Կորնթ. Ժ. 22:

Բ

Եվ այսպես ահա՛ կառուցեցիր դու քեզ համար Արգելարան անել և որոգայթ անփախչելի, Ինքդ իսկ խոստովանելով, թե անբժշկելի են
վերքերդ
Եվ կրած հարվածներդ՝ անօրինակ,
Հաստատելով, թե մահապարտ անձիդ բեկությունն է անբուժելի,
Ո՜վ դու չարդ բարիների մեջ,
Ո՜վ դու դառնությունդ քաղցրությանց մեջ, Ո՜վ խավարդ լուսազարմերի մեջ, Ո՜վ կողոպտվածդ պճնվածների մեջ, Ո՜վ պախարակվածդ գովվածների մեջ, Ո՜վ ամբարիշտդ բարեպաշտների մեջ, Ո՜վ շնչավորդ բանականների մեջ, Ո՜վ անմիտդ մտացիների մեջ, Ո՜վ անհանճարդ իմաստունների մեջ, Ո՜վ անմաքուրդ ընտրյալների մեջ, Ո՜վ մեռածդ ողջերի մեջ, Ո՜վ զազիրդ սրբերի մեջ,
Ո՜վ արբշիռդ պարկեշտների մեջ, Ո՜վ կեղծավորդ արդարների մեջ, Ո՜վ անպիտանդ պիտանիների մեջ, Ո՜վ անարգդ փառավորների մեջ, Ո՜վ նվազդ առավելությունների մեջ, Ո՜վ գերիդ գերագույնների մեջ, Ո՜վ նվաստագույնդ վեհերի մեջ, Ո՜վ աղքատդ ունևորների մեջ, Ո՜վ անարժանդ փրկվածների մեջ,
Ո՜վ տնանկդ բարձրերի և հոգեպես հարուստների մեջ,
Եվ բաժանվածդ դու օրհնվածներից:

Բան Թ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ ողբագին աղաչանքների այս կտակարան իմ մատյանի մեջ
Ի՞նչ բամբասանքներ շարադրեմ արդյոք ես քեզ արժանի, ո՜վ անձն իմ թշվառ,
Սևերեսըդ դու և պատասխանի համար անբարբառ,
Անպիտանըդ՝ Աստուծո և սրբերի հաղորդակցության:
Քանզի եթե ես ծովի ջրերը մելանի փոխեմ
Եվ բազմասպարեզ ընդարձակությամբ դաշտերը թղթի նման տարածեմ,
Կտրեմ եղեգնի անտառները և գրիչներ շինեմ՝ Մի մասն իսկ բազում անօրինական իմ արարքների Դարձյա՛լ չեմ կարող ես գրի առնել:
Եվ Լիբանանի մայրիներն եթե իրար զոդելով շինելու լինեմ կշեռքի լծակ,
60
Ու նժարներից մեկի մեջ դնեմ լեռն Արարատյան՝
Դարձյա՛լ չի կարող հավասարվել նա իմ մեղքերի հետ:

Բ

Ես ծառ բարձուղեշ՝ ստվար ոստերով, սաղարթախիտ, բայց անպտուղ,
Ճիշտ ու ճիշտ նման այն թզենուն, որ Տերը չորացրեց:
Թեև իսկապես վարսագեղ, սաղարթազարդ, Արտաքին տեսքով բարեշուք ես դու, Պաճուճված, ինչպես պսակով մի պերճ,–

Եվ հեռվից նայողներին երևում ես բաղձալի, Բայց երբ մոտենա Տնկողն իր ուզածը փնտրելու, Ամեն բարիքից դատարկ և ունայն պիտի գտնի
քեզ, Եվ գարշելի՝ գեղեցկությանդ մեջ՝
Տեսնողներին ի ծաղր և նախատողաց՝ նշավակություն:
Քանզի եթե անժամանակ, չսպասված ժամին՝ Տունկը հերապանծ, անպտուղ և անկենդան,-

Որ մի պատկերն է անպատրաստ մեղավորների,-

Ենթարկվեց անեծքի, Եվ կամ թե հողն այն, ոռոգված ցողով,
Որ երկրագործի թափած աշխատանքների դիմաց
Բազմապատիկ արդյունք չտալու պատճառով լքվում է և մոռացվում,–
Հապա ուրեմն դու, ո՜վ անձն իմ եղկելի, Դու հո՛ղ բանավոր ու տունկ կենդանի, Որ չես տալիս պտուղ իր ժամանակին, Ինչպե՞ս կարող ես վերի առակում հիշված պատիժը չկրել, ինչպե՞ս:
Քանզի դու բոլոր արդյունքն ու բերքը նանիր գործերի,
Առաջին մարդուց սկսած մինչև սերունդը վերջին,
Եվ գյուտերը նոր, որոնք քեզ ստեղծող Աստուծո համար
Ատելի են խիստ, անախորժելի՝
Անպակաս չափով, առավելապես մեջդ ընդունեցիր:

Գ

Եվ քանզի ես քեզ արի նշավակ-նպատակակետ իմ մտադրությանց, ա՛նձն իմ անպիտան,
Բանաստեղծական խոսքերովս, ինչպես պարսաքարերով,
Քեզ, իբրև վայրի անընտել գազան՝ պիտի քարկոծեմ անողորմաբար:
Եթե մինչև իսկ չկարողանամ արդար անվանվել, Սակայն առաջին պատասխանիս մեջ, ինչպես
մի ոսոխի հետ, Ոգորեմ պիտի ես հոժարակամ, ինչպես իմաստունն է բարբառել մեծ26Առակ. ԺԸ. 17:
Եվ իմ մտքերի, մտածումների հույզերը թաքուն
Իբրև չար գործեր՝ կատարված արդեն, խոստովանելով,
Քո առջև պիտի տարածեմ բոլոր, Աստված իմ և Տեր,
Քանզի ի՛նչ չափով որ պիտի չափեմ մեղադրանքն անձիս,
Միևնույն չափով պիտի աննվազ քո գթությա՜նը ես արժանանամ,
Ընդունելով քո շնորհներն առատ իմ ամենամեծ պարտքերի տեղակ:
Որքան ճարակեն վերքերն անհնար և անբուժելի,
Այնքան ավելի և կրկնապատիկ բարձրյալ բժշկիդ
Հրաշագործության իմաստությունը բարեմասնորեն պիտի հռչակվի:
Հանցանքներն որքան որ ավելանան, Նո՛ւյնքան փոխատվիդ առատությունն բարեբանելով՝ Պիտի պսակվի, ըստ քո խնկելի առակի, ընդմիշտ27Ղուկ. Է. 43:
Քանզի փրկում ես դո՛ւ և դո՛ւ քավում, Նորոգում ես աջով քո և չորացնում մատով. Արդարացնում ես հրամանովդ և ողորմությամբդ ազատում.
Երեսովդ լուսավորում ես և քո դեմքով զվարճացնում.
Բարերարում ես Հոգով քո և յուղիդ օծումով սփոփում
Ու շնորհիդ ցողով զվարթացնում ես դու:
Դո՛ւ ես տալիս մխիթարություն և վհատության մոռացում.
Վերացնում խավարը վշտերի և հեծության ողբերը՝ ծիծաղի փոխում:
Եվ քեզ է վայելում օրհնություն՝ գովությամբ հանդերձ, երկնքում,
Նախահայրերից բոլոր և նրանց սերունդներից, Հավիտյանս հավիտենից. ամեն:

Բան Ժ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Թե՛ զղջումն ուժգին և թե՛ մոլեգին մեղանչումը մեզ
Կորստյան են մատնում հավասարապես:
Թեպետև նրանք օտար եմ միմյանց և նմանությամբ իրարից տարբեր,
Բայց եթե քննենք յուրաքանչյուրի էությունը մենք,
Պիտի տեսնենք, որ նրանք երկուսն էլ մղում են մարդուն հուսահատության:
Զի կասկածում է մեկը Հզորի ձեռքի զորությանն,
Իսկ մյուսը չորքոտանի անասնի նման, անզգայաբար
Խզում է հույսի առասանն իսպառ:
Ուստի առաջնին միշտ փաղաքշելով՝ խնդում է սատանան,
Իսկ երկրորդով լիզելով արյունն, իբրև կերակուր՝
Պարարվում է նա դժոխորովայն գազանի նման:

Բ

Արդ, բազմահարված բրով ծեծվածի և մահվան ափը հասածի նման
Դույզն-ինչ շունչ դարձյալ և կենդանության ոգի առնելով՝
Պետք է զորանալ, կազդուրվել ու կանգնել, Հառնել կորստից անկենդանական, Օգնություն առած Քրիստոսի ձեռքով, որ
գո՜ւթ է տածում բոլորի հանդեպ.
Նաև երկնավոր բարերար Հորից ձեռք բերեմ պտուղ փրկության և բժշկության
Ինձ՝ մեղավորիս և ախտավորիս.
Եվ սկսելով ողբերգությունն այս աղերսանքների,
Ես հավատքի շենքը պիտի կառուցեմ:
Զի ոմն նախնիներից հավատքով զինված՝ Փոխադրվեց իսկույն երկնային կյանքն անմահական.
Ապաշխարության դեղն ընդունելով, զղջման միջոցով՝
Նա անկեղծության գրավականը ժառանգեց այստեղ,
Առավել քան նրանք, որոնց նրա հետ առաքյալն է հիշատակում28Եբր. ԺԱ. 36.
Որոնք երկրի վրա մրցման հանդեսներ կատարելով,
Ապագա երկնավոր պարգևների հույսով՝ հավատացին
Ու փարթամացան անտեսանելի ճոխություններով:
Արդ, հի՛շենք այստեղ Տիրոջ պաշտելի խոսքը խրախուսիչ,
Թե՝ «Ամենայն ինչ հնարավոր է նրան, ով հավատում է»:
Եթե ընտրյալների աստվածահաճո բարեմասնությանց չափն այստեղ քննենք.
Հավատքը պիտի գտնենք գերազանց, ամեն ինչից վեր,
Քանզի նրանով կարող են մտնել սուրբ խորանից ներս:
Առանց հավատքի փառաց Տերն անգամ Չհաճեց ցույց տալ իր հրաշագործ զորությունը
մեզ, Այլ նախ և առաջ իբրև լծակից իր բարերարությանը, Մեր հավատքը նա պահանջեց մեզնից:
Նա՛ է մոտեցնում մարդուն Աստուծո,
Կյանք ընձեռելով մեզ իր ինքնիշխան ընդունակությամբ,
Զի օրհնաբանված Աստուծո բերանն էր, որ վկայեց,
Թե՝ «Հավատքը քո փրկեց քեզ»:
Քանզի արդարև հստակ տեսողությունը, կատարյալ իմաստությունը,
Մտերմությունն Աստուծո հետ և բարձրյալին ծանոթ լինելը
Հավատքի մասն են – մի երջանիկ և ընտրյա՜լ բառ,
Որ հարատևելով մնում է անվթար և անպարփակ,
Պատվակից լինելով սիրո և հույսի:
Զի մանանեխի ամենափոքրիկ հատիկի չափով հավատքը եթե
Կարող է ծովի խորքը փոխադրել մեծամեծ լեռներ,
Ապա ճիշտ է, որ կյանքի առաջնորդն այս նախաշավիղ՝
Հավատն ընդունեցինք որպես աներկմիտ աստվածապաշտություն:
Սիրո և հույսի դասակից և Երրորդության փառատրելի անվամբ պատվված
Այդ հավատքն է, որ հոգու աչքերով աներկբայորեն
Տեսնում է ծածուկները բոլոր և ապագան:
Քանզի այս երեք առանձին մասերն եթե միասին և նույն խորհուրդով դիտես, Նրանց շնորհիվ, Աստուծով պիտի հավետ ճոխանաս:
Քանզի եթե հավատաս նրան, կսիրես նաև, Որով և կհուսաս նրա աներևույթ պարգևներին:
Նրան փա՜ռք հավիտյանս. ամեն:

Բան ԺԱ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ, ես հետինս դավանողների, բարիքներից ունայն՝
Մտքիս աչքերով դիտելով սկիզբն իմ եղելության,
Որը տեղի ունեցավ Արարչի ձեռքով, անէությունից, - հավատում եմ լիահույս,
Թե Հիսուս Քրիստոս կարող է անել, ինչ որ կամենա:
Քանզի հավատացի, ուստի և խոսեցի, Պողոսից խրատված և սովորած՝ Դավթից29Բ. Կորնթ. Դ. 13',. Ուրեմն այժմ թող նրանց կենդանի աղոթքն ինձ
օգնի՝ Հավատքով ճանաչել նրան ճշմարտապես
Եվ նրա հարության զորությանն, ըստ առաքյալի,
Հաղորդակից լինել նրա չարչարանքներին,
Եվ այն բոլորը, որոնք հիշվում են հաջորդ տողերով:
Կցորդ է սրան և հույժ նմանատիպ՝
Հավատալն իսկապես և այն նոր փոփոխության, Որով մեղավորը դուրս է գալիս քավված, Չարագործն՝ արդարացած և անմաքուրը՝
սրբված, Եվ անքավելի մահացու մեղքով հանցավորըս
ես՝ անդատապարտելի երանության Եվ ստրկական կապանքներից զերծ՝ Երկնավոր ազատության տիրացած:
Եվ ի՞նչ կա արդյոք ավելի չքնաղ, քան սիրտն այն մեղավորի,
Որն իր միտքը գտած տարակուսանքի թանձր խավարից,
Եվ Աստուծո օգնությունն ստացած,
Երբ մի կողմից մարմնապես ծիծաղում է, մյուս կողմից հեծում հոգեպես:
Այդպիսին թեպետ գերագույն բարձրությունից, Նորագյուտ և անհերքելի մեղքերով ծանրաբեռնված Սուզված է խորը՝ կործանման գուբի անդունդն
անհատակ, Սակայն փրկավետ կյանքին մոտեցնող նշխարը
ունի, Որպես լուսեղեն մի կայծ իր մտքում և հոգում
պահած.
Ինչպես թանձրամած հուրն այն նշանավոր և զարմանալի՝
Հրամանով Վեհի մակարդած հրաշքով՝
Խորունկ հատակում նիրհող ջրհորի30Բ. Մակաբ. Ա. 19:
Ուստի և ահա՛ թախծալից իսպառ մեղավորը հեգ,
Որ կորցրել է բարին գտնելու ակնկալությունն Ու զրկվել շնորհի համարձակությունից,–

Կարող է հուսալ, թե կրկին անգամ հասնելու
է նա Նախապես իրեն պարգևված փառքի զարդարանքներին:
Զի Աստուծո կողմից է պատրաստվում նաև այս, որ գործադրվի սույնի վերաբերմամբ, Քանի որ սա ամենահնար տվողի զորությունն է
ավետարանում, Որով հաճելի խունկ է հոտոտում Աստված,
Քան ամենաանուշ բույրերը բոլոր,
Քան խունկն այն, որ մանր աղալով, երբեմն խորանի համար էին պատրաստում31Ելից Լ. 7-8.
Ի՛սկը համակերպ այն հոգիներին, Որոնք զղջումով խոնարհվել են վար, Նույն նմանությամբ իրար միանալու:
Ըստ որում և փրկիչը բոլորի՝ կույրերից ոմանց հարցնելով,
Թե՝ «Հավատո՞ւմ եք, որ ես կարող եմ ձեր աչքը բանալ»,
Լույս չպարգևեց նրանց աչքերին,
Մինչև նրանցից հաստատ հավատքի գրավական չառավ:
Ի՞նչն է մեզ համար ավելի անհույս, քան թե հավատալ,
Թե չորս օրվա մեռելը կարող է կրկին կենդանանալ:
Եվ սակայն կանայք, հավատքով լցված, Որոնք ընկան ոտքերն Արարչի, Տեսան անհապաղ Աստուծո փառքի ապացույցը պարզ, Երբ նրանց եղբայրը կենդանացավ32Հովհ. ԺԱ. 17-44:

Բ

Իսկ այն մասին, թե մեղանչումից վերջն էլ մնում
էշնորհն անկապտելի՝ Կան հզորագույն վկաներ.
Նախ Ենովքն ու Ահարոնն, ապա
Նրանցից հետո Դավիթը և Պետրոսը դարձյալ, Որոնց հետ նաև Եղիազարը կրտսեր, Որ ողորմություն գտնելով մեծն Աստուծո կողմից՝ Վկա հանդիսացավ մեծագույններին:
Ավելորդ է առ այն հիշել, և՛ առակը անառակ որդու:
Թողնում եմ պոռնիկին33Մատթ. ԻԶ. 6, որ Տիրոջից գովվեց,
Եվ մաքսավորին34Ղուկ. ԺԸ. 14, որ բարեգործից հիշատակվեց,
Նաև երջանիկ այն ավազակին35Ղուկ. ԻԳ. 43,
Որը վերջին շնչում պսակվեց շնորհիվ իր հավատքի.
Եվ նույնիսկ նրանք, ովքեր մասնակից եղան Արարչի սպանմանը,
Որ հանցանքների ամենեն անքավելին է:
Դրանից էր ինքը՝ Պողոսն ընտրյալ, Որ առաջինն էր անօրենների մեջ մի ժամանակ:
Սրանցից ոմանք, որոնք օրենքի ճանաչողությամբ հանդերձ գլորվեցին, Քան օրենքից առաջ ապրողների առավելությունը, Կանգնեցին կրկին նախկին կյանքն իրենց հազարապատիկ գերազանցությամբ:
Իսկ նա, որ նախքան օրինակի տրվելը՝ ավանդությունն էր պահել հայրենի
Եվ ավելի մոտ է եղել հավատքի սկզբնահոր36Աբրահամի պատվիրանին,
Եվ նախամարդու մեղապարտությունն իրենը համարելով՝
Տուժել էր այն իր տաժանագին տառապանքներով,–
Քավություն գտավ ոչ թե հողի տակ թաղվելով,
Այլ հզորապես հաղթահարած բռնությունը մահվան՝
Իր չարչարելի մարմնով դեպի երկինք փոխադրվելով,
Հանդիսանալով բանականների կյանքի կարապետ37Ենովք:
Իսկ ոմանք դեռ խակ՝ տհաս հասակից չարությամբ տարված,
Երբ տարիքն իրենց առան կատարյալ, Ոչ թե թափվեցին բարձրությունից վար,
Այլ աշխարհային կյանքի դժնդակ թշվառությունից՝
Բարձրացան դեպի կամարն երկնքի:
Եվ եթե կանխապես կարելի եղավ չարերին դարձի բերել վերստին
Եվ մեր հողանյութ գոյացությունը փոխել ոսկեղենի,
Պատկերն արքունի՝ կերպարանքին մեր ի պատիվ՝
Նկարված խորքը մեր հոգու քանդակումով արքայական,
Մեր բնությունն անկորուստ և անփոփոխ Եվ դավադրության դեմ անպարտելի,–
Ապա, առավել հուսալի է այժմ անողոք և անծածկույթ
Շնորհաց հայտնությունը, ուխտված մեր Տեր Քրիստոսով,
Ինքը լինելով հաշտարար միջնորդ
Եվ երկնային անմահ, կենդանի ու մշտնջենավոր բարեխոս,
Որով հաստատուն կմնա մեր մեջ Տիրոջ խոսքը միշտ, ըստ մարգարեի.–
«Ուխտ խաղաղության և կնիք հաստատության»38Եսայի ԾԴ. 10:
Ուրեմն և ես այս ճշմարտագույն Կանոնի, անփոփոխ վճռի
Եվ արարչավանդ պայմանի համաձայն, ահա՛, Հավատավորի իմ շրթունքներով համբուրում
եմ ճշմարտությունն այս խոսքի Եվ հույս ունեմ՝ փառքի շնորհին արժանանալու.
Քանզի, արդարև, երբ Աստված ինքն է մեզ արդարացնում,
Ոչ ոք չի կարող մեզ դատապարտել, ըստ հաստատ խոսքի առաքելական:

Գ

Այս պայծառ գծագրված վստահությանն ապավինած, ահա՛,
Կանգուն եմ կործանյալս դարձյալ, և թշվառացյալս՝ հաղթող,
Մոլորյալս կգամ կենարար դարձի, Ամենաթշվառ չարագործս՝ դեպի հույս, Մահվան մատնվածս՝ դեպի կյանք,
Ապականությամբ վաճառվածս՝ դեպի շնորհ, Դժոխային գործերով տարվածս՝ դեպի լույս, Երկրասեր անասնակենցաղս՝ դեպի երկինք, Կրկնակի մոլորյալս՝ դեպի փրկություն, Մեղքերով կապկապյալս՝ դեպի հանգստյան
խոստում, Անբժշկելի վերքերով վարանածս՝ դեպի դեղն
անմահական, Ստամբակյալս վայրագաբար՝ դեպի սանձ զսպողական, Հեռացյալս վարատական՝ դեպի կոչում,
Դժնդակ կամակորս՝ դեպի հեզություն, Ընդդիմախոս հայհոյողս՝ դեպի ներումն, Եվ այս բոլորը շնորհիվ Հիսուս Քրիստոսի Եվ նրա Հոր հզոր և ահավոր Եվ ճշմարտության Հոգու անունով ու բարի
կամքով, Որոնց օրհնաբանված իսկությանը և մի աստվածությանը Ե՛վ զորություն, և՛ արքայություն, և՛ մեծություն, և՛ փառք Հավիտյանս. ամեն:

Բան ԺԲ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ, քանզի զղջման նախընթաց գլուխներում
Հուսահատության խոսքերով լքվեցի սաստիկ, Եվ տարակուսանքի հեծանով մահու չափ ձաղկեցի ինքս ինձ, Ուստի և այստեղ վերադառնալով հույսին վերստին՝ Համարձակվեմ պիտի գո՜ւթ շարժել ես,
Սուրբ Երրորդությանը մեղավորիս օգնության կանչելով:
Գիտեմ, որ եթե օրհնաբանեմ ես և դավանեմ Արարածներին բոլոր կյանք տվող Աստծուն, Եվ ընտանի ձայնով կանչեմ անունն ահավոր
շնորհապարգև Բարերարի, Նա կենդանություն պիտի տա, անշուշտ ինձ՝
մեղավորիս, Ըստ մարգարեի կանխասացության,
Թե՝ «Ով որ կանչի Տիրոջ անունը, նա պիտի ապրի»:
Իսկ ես ոչ միայն կանչում եմ նրան,
Այլ հավատում եմ նրա մեծությանն ամենից առաջ.
Ոչ թե գալիս եմ խնդրելու նրա պարգևները ես, Այլ նույնիսկ իրեն, որ կենդանությունն է
ճշմարտապես, Շնչառությունն իսկ, առանց որի չի՛ք շարժում
և ընթացք:
Ո՛չ այնքան հույսի հանգույցով, որքան սիրո կապով եմ ես կապվում նրան.
Ու ոչ թե տուրքի, այլ այն տվողի կարոտով եմ ես վառվում շարունակ:
Ոչ թե փառքն է ինձ համար անձկալի, Այլ փառավորյալն է համբուրելի, Ոչ թե ապրելու կյանքի փափագով,
Այլ կենարարի հիշատակով եմ տոչորվում ես միշտ:
Ոչ թե վայելքի տարփանքով եմ ես հեծում ողբաձայն,
Այլ այն կազմողի տենչանքովն եմ խոր հառաչում սրտանց:
Չեմ փնտրում հանգիստ, այլ աղաչում եմ երեսը տեսնել Հանգստարարի:
Ոչ թե հարսանքատան խնջույքի, այլ փեսայի անձկությամբ եմ մաշվում,
Որի զորության շնորհիվ՝ վստահ ակնկալությամբ,
Հավատում եմ ես աներկմիտ հույսով,
Որ վերոգրյալ մեղքերի բեռներն ունենալով հանդերձ՝
Ապաստանելով ամենակարողի ձեռքին,
Ոչ միայն պիտի հասնեմ քավության, այլև պիտի տեսնեմ իրեն,
Ընդունելու գութն ու ողորմությունը և ժառանգելու երկինքը նրա,
Թեև հո՜ւյժ մերժելի եմ:

Բ

Եվ արդ, ամոթահար սաստիկ ու կորագլուխ, Գրչովս, որ խոսքի միջնորդ է դառնում Ամուր կողպեքով փակված, պապանձված իմ
շրթունքներին, Չկարողանալով շարժել լեզուս անհամարձակ,
Պաղատանքների նոր երգեր ահա՛ պիտի ոգեմ ես՝
Ի վեր ուղերձված իմ աղիողորմ հառաչանքների աղաղակներով:

Գ

Ընդունի՛ր սիրով, Տեր Աստված հզոր, աղաչանքներն իմ դառնացած սրտի.
Քաղցր գթությամբ մոտեցիր դու ինձ՝ ամոթահարիս.
Փարատի՜ր, ամենապարգև՛, ամոթալի տխրություններս,
Վերցրո՛ւ ինձնից, ողորմա՛ծ, անտանելի ծանրություններս,
Հեռացրո՛ւ, հնարագետ, սովորություններս մահացու.
Խափանի՛ր, մի՛շտ հաղթող, հրապույրները խաբողի.
Վանի՛ր, վերնային, մառախուղը մոլորեցնողի. Կասեցրո՛ւ, կեցուցիչ, ընթացքը կորուսչի. Ցրի՛ր, ծածկատե՛ս, չար հնարքները կապկապողի.
Խորտակիր, անքնի՛ն, հարձակումները մարտնչողի.
Տյառնագրի՛ր անունովդ լուսացույց երդն իմ հարկի.
Պարփակիր քո ձեռքով առաստաղը տաճարիս. Գծագրիր քո արյունով սեմը սենյակիս մուտքի. Դրոշմիր քո նշանը աղոթյալիս ճանապարհին, Ամրացրու քո աջով խշտյակն իմ հանգստի. Զերծ պահիր թակարդներից ծածկարանն իմ
անկողնի.
Պահպանիր քո կամքով տառապած հոգիս. Անխարդախ արա՛ քո շնորհած շունչը մարմնիս. Կանգնեցրո՛ւ շուրջն իմ՝ պարը երկնային քո
զորքերի, Որպես դիմամարտ՝ դևերի գնդին:
Տո՛ւր հանգիստ բերկրալի մահահանգույն նիրհիս խորին գիշերում՝
Բարեխոսությամբ սուրբ Աստվածածնիդ և բոլոր ընտրյալների:
Տեսությանս պատուհանները, որոնք մտքի զգայարաններ են,
Ամփոփիր այնպես ու պարուրիր,
Որ պաշտպանվեն միշտ անսասանելի
Կենցաղական հոգսերից բոլոր, անրջական երազներից,
Խռովահույզ ծփանքներից ու ցնորքներից խենթ ու խոլական
Ու հիշատակով աներկբա հույսիդ մնան անվնաս:
Որպեսզի երբ սթափվեմ իմ ծանր քնից,
Ամենազգաստ արթնությամբ և հոգենորոգ զվարթությամբ քո դեմ արձանացած,
Աղաչանքն այս իմ՝ հավատքի բուրմամբ,
Ո՜վ ամենօրհնյալ թագավոր անճառ փառքերի, Երգակցելով երկնագումար փառաբանող խմբին՝ Քո բարձունքն ի վեր՝ առաքեմ առ քեզ:
Զի փառավորյալ ես դու արարածներից բոլոր Հավիտյանս հավիտենից. ամեն:

Բան ԺԳ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Աստված բարերար, հզոր, ահավոր, Շնորհատո՛ւ, բարի, դու Հա՜յր ողորմած. Անունըդ անգամ քո մեծությունն ու գթությունը և քո մտերմությունն է ավետարանում, Քաղցր ես դժնիների և անգոհների համար. Քեզ հետ Որդիդ էլ նման է միշտ քեզ, ձեռքիդ
պես նրա ձեռքն էլ զորեղ, Անժամանակ տերությամբ ահեղ՝ քո արարչությամբ ինքն էլ բարձրացած:
Նաև Սուրբ Հոգին քո ճշմարտության՝ բխելով քեզնից անսպառորեն,
Իբր աստվածային կատարյալ իսկություն և էություն մշտնջենական,
Ըստ ամենայնի հավասար է քեզ և իշխանությամբ՝ փառակից Որդուդ:
Երրյակ անձնավորություն՝ համակ անքնին, Հատուկ առանձնացումով տրոհված անձեր, Բայց միավորված համազուգությամբ, Նույնագո բնությամբ տիրապես, անշփոթ և
անանջրպետ
Միևնույն կամքով և գործակցությամբ, Ոչ մեկը մյուսից ավագագույն չէ,
Եվ ոչ էլ մի ակնթարթ նույնիսկ մեկ-մյուսից նվազ երբևիցե,
Այլ իբրև պատճառ երկնային սիրո անստվեր լույսի, հայտնված մեր մեջ,
Սրբասացության միակ պսակով՝ անսկզբնաբար աստվածաբանված:
Քանզի արդարև բարձրաձայն այս խոստովանությունը երեք փառատրյան այդ դավանության՝
Պետրոսին հավատքի վեմ կոչվելու երանության արժանացրեց –
Դատապարտյալիս մեղավոր հոգին բարեհրաման քո ակնարկությամբ,
Ո՜վ դու, որ փնտրում ես գերյալիս, հրաշանորոգ թո՛ղ արդարացնե:
Զի քոնն են թեև պարգևներն ու ողորմությունները,
Բայց դու ո՛չ այնքան քո պարգևներով, որքան ողորմությամբ ես հռչակված.
Քանզի երկրորդը քո փառքն է ավելացնում, Իսկ առաջինն առաքինական գործի է հայտարար.
Զի պարգևները փոխարինություն են ծառայության դիմաց,
Իսկ ողորմությունը՝ բարերարություն մեղավորիս:

Բ

Եվ արդ, մարդկային գործերը թող որ չգերազանցե՜ն իրենց զորությամբ քո շնորհներին, գթառա՜տ Աստված,
Եթե մինչև իսկ անցավոր բնության օրենքներից էլ վեր լինեն նրանք.
Այլ հաղթող հանդիսանալով քո երկայնամտությունը,
Երկրածինների ընթացքը երբեք չհավասարվի՛ թող քո գործերին:
Քանզի և նրանք, որ օրենքների մաքրությամբ իրենց պարծենում էին,
Քո արդարության լույսը երբ ծագեց,–
Որ նոր օրենքի ճշմարտությունն էր ծանուցանում,–
Հրեաներն հետին անձկությամբ լքված ու նվաստացած,
Ավելի քան տարագիրներն ողորմելի՝ մարդասիրությանդ կարոտ եղան:
Եվ քանզի ամենայն ինչ հնարավոր է քեզ, բարերա՛ր,
Լսի՛ր ողբաձայն պաղատանքներս, որ ուղղում եմ քեզ.
Ողորմիր, փրկիր և մարդասիրիր, զի երկայնամիտ ես դու,
Եվ քոնն են քաղցրություն, փրկություն և քավություն և փառք
Բոլոր հավիտյան ապրող ազգերից. ամեն:

Բան ԺԴ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Պաղատում եմ քեզ, լույսի՛ ճառագայթ, արքա՛ երկնավոր,
Գովյալ անապատում, և անճառ Որդիդ դու մեծ Աստուծո.
Ականջ դիր դարձյալ և այժըմ ահա՛, Բարձրյալ, բարեգութ, կյանքի ապավեն, Վիրավորյալիս նվազաձայն հառաչանքներին:

Բ

Չի խոսված երբեք, թե քեզ աղաչեց ավազակներից խողխողվածը39Երիքովի ճանապարհին ընկած վիրավորը. – Ղուկ. Ժ. 30,
Քանզի կարկամած էր.
Ոչ էլ պաղատանքի ձայն արձակեց քո ետևից, Քանզի անկռինչ էր.
Կամ մատների շարժումով աղետն ու վտանգը հայտնեց տեսողիդ,
Քանզի խորտակված էր.
Ոչ էլ ողբագին արցունքներով լի աչքերը տնկեց բարերարիդ,
Քանզի վնասապարտ էր.
Եվ կամ միջնորդի բարեխոսությամբ ողորմածիդ կամքը սիրաշահեց,
Քանզի լքված էր.
Ոչ էլ ջախջախված մարմնի արյունով ներկված հագուստները ցույց տալով քեզ՝
Գթածիդ սիրտը ճմլեց, քանզի հուսահատ էր. Ոչ էլ հաստատուն ծնկներով՝ իբրև ոտքի
գարշապարով՝ չընթացավ, Քանզի անկանգնելի էր.
Զի կիսամեռ ասել կենդանուն՝ հեռու չէ այնքան մեռելությունից:
Մանավանդ որ խոսքով քո խրատվելուց, Ողորմությամբդ բարերարվելուց Եվ քո փառքով լուսավորվելուց հետո էլ դեռ,
Ոչ միայն չդադարեց քեզ հակառակ ընթացք բռնելուց,
Այլև չենթարկվելով, գլուխ բարձրացրած՝ իր թշնամյաց կողմն անցավ
Եվ նրանց հետ մեկտեղ դաշն կնքած՝ միաբանեց քեզ ատողների հետ40Զուգորդաբար՝ Երիքովի վիրավորից անցնում է Բեթհեզդայի անդամալույծին, որը քրիստոնեական հին ավանդության համաձայն՝ հետո եղավ Կայիափայի այն սպասավորը, որը վերջին գիշերը քահանայական ապարանքում ապտակեց Քրիստոսին::

Գ

Իսկ դու, բազմապարգև բարերար, անոխակալ և ամենափրկիչ,
Ոչ միայն չհիշեցիր մեղքերն այդ չարագործի, Այլև ոչ իսկ խոսքով հանդիմանեցիր. Չոտնահարեցիր ընկածին, այլ կարեկցաբար մոտենալով նրան, Ծայրագույն խնամք ցուցաբերեցիր:
Քահանայապես, ըստ ահարոնյան տկար օրենքի,–
Որ զորավոր է մահ գործելու մեջ41Բ. Կորնթ. Գ. 7, 9,
Դատապարտիչ անեծքներով և բռնալիր քարաձգությամբ,–
Դու չփութացիր վիրավորվածին խորտակելու. Եվ ոչ էլ, ինչպես ղևտական առաջնորդն այն
թերապաշտոն, Որը երկուսի միջև իբրև բաժանող անջրպետ՝
Հնի լրումն էր և սկիզբը նորի,
Եվ որ հոգեզուրկ ապաշխարության հրավիրակ հանդիսացավ,–
Վիրավորյալի տագնապը տեսար.
Որ չլինի թե արմատակտուր տապարի օրինակով
Քո մեջ չարատանջ մահվան պաշտոնը նկատելով42Այսինքն՝ չուզեցիր նմանվել նույնիսկ ծառի արմատին մոտեցված այն կացնին, որով Հովհաննեսը պատկերացրել էր մոտակա գալուստդ, Մատթ. Գ. 10
Սատակի գալիք փորձություններին դեռևս չենթարկված.
Այլ պահպանանուն ասորեստանցի հեթանոսներին43Սամարացոց, ըստ որում՝ Սամարիա, որ պահապան է նշանակում:,
Որոնք ստացան իրենց օրենքը հրեաներից
Ու պահեցին միշտ, մինչդեռ նրանք մոռացան,-

Կցորդվելով՝ մեր բնությամբ խառնված մարմնիդ վերարկուով, Օտար ազգերին էլ ազատության ավետիս համբավեցիր Եվ աստվածային քո ներգործությամբ անապական՝ ձեռք երկարելով՝ Մահացու կերպով մեղանչած մարդուն կանգնեցրիր դարձյալ իր սերունդներով:
Տխրաբեկ սիրտն ուրախացրիր և վհատյալին
հուսադրեցիր, Եվ թշվառին զվարթացրիր դարձյալ.
Ավազանի կենարար օծմամբ և բաժակով լույսի՝ լցրիր.
Նորոգեցիր հացով քո երկնային՝ արարչական մարմնով.
Երջանիկների և ընտիրների վերակացությամբ Խնամարկեցիր ու փայփայեցիր ու դարմանեցիր, Եվ հանդարտընթաց գրաստի խնամքին հանձնելով նրան՝ Անփորձ պահեցիր, մինչև հանեցիր հարկը լուսեղեն:
Առաջին և երկրորդ կենդանատու կտակարանների միջնորդությամբ դարման տարար44Գրաբարում՝ դու մարդասիրաբար:
Եվ, ինչպես երբեմն Մովսեսին45Բ. Օրին. ԼԲ. 11 թևատարած արծվի պես ընդունեցիր
Եվ բարի երկրի խաղաղ հանգստին առաջնորդեցիր,
Հրամայելով վարդապետներին՝ խոսքի կերակրով սնել նրան:

Դ

Եվ արդ, դու, որ ողջ առավելագույն լույսդ բարության
Ամեն բանի մեջ բովանդակապես հրաշագործեցիր,
Ցրվողի գանձը սեփականելով՝ քո ստացվածքը վերադարձրիր քեզ,–
Ինձ էլ ապրեցրու, մեղքերի պարտքերն իմ մաքրելով,
Ո՜վ դու, որ պարգևում ես ձրի և հանպատրաստից,
Շնորհիր և ի՛նձ քավություն ու բժշկություն, Բարեգո՜ւթ, զորեղ, անքնին, անեղծ, ահավոր, Օրհնյալ միշտ, հավիտյանս հավիտենից. ամեն:

Բան ԺԵ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Արդ, նույն ցավագին հեծեծանքներով վշտահար սրտիս
Եվ բոլորովին տագնապած հոգուս տառապանքներով,
Այս անգամ դարձյա՛լ միևնույն ոճով դիմելով ես քեզ,
Ամենապարգև քո բարերարի գո՜ւթն եմ խնդրելու:
Պաղատում եմ իբրև մեռյալ՝ կենդանի անմահ Աստծուդ,
Փառքիդ հանդեպ իմ անարգությունը խոստովանելով,
Ինչպես և քո բարությունն իմ չարության դիմաց.
Որոնցով հաղթվեցի ինքս, քան թե բուժվեցի, Ամաչեցի, քան թե համարձակվեցի, Ուխտակորույսս ես և ավանդամոռաց:

Բ

Այն ոչխարի պես, որին օրինակ է բերում առակն երկրորդ46Ղուկ. ԺԵ. 3-7,
Ես էլ ծայրահեղ չափով մատնված անզգայության
Ու մոլորվելով անմարդաբնակ լեռներում՝ երկար,
Եվ դևերի հետ գազանաբարո վայրի կուռքերի մեջ թափառելով,
Առանց թեկուզ փոքր-ինչ հոտին մոտենալու,-

Չունեի լեզու, որով պատմեի ցավերն իմ տանջող, Ոչ էլ ձեռք, որի շարժուձևերով համրերն են
իրենց մտքերը հայտնում:
Իսկ դու, միա՜յն գովյալդ, սկսած նախնի սերունդներից մինչև այսօր,
Գտնելով և ինձ՝ մեղավորիս էլ մոլորության մեջ անլույս ու անել,
Ըստ գոչման առ քեզ մաղթանք երգողի47Եզեկ. ԼԴ. 11-12,
Քո խնամարկու կամքի տեսչությամբ Հովիվ կոչվեցիր.
Ոչ միայն հոգ տարար, այլև փնտրեցիր,
Եվ, ո՜վ հրաշագործ, ոչ միայն գտար, այլև անճառելի բարերարությամբ
Վերցրիր սիրով դու կենդանարար քո ուսի վրա, Եվ քո երկնային զորաց հետ մեկտեղ՝
Քո հայրենական ժառանգության մեջ դասեցիր ինձ:
Եվ արդ, դու հզո՜ր, կենարար, օրհնյալ, այցելու գթած և մի՛շտ ողորմած,
Դու, որ ընդունեցիր նրանց՝ անաղերսներին այն անլեզու48Վիրավորին ու ոչխարին,
Որոնցից մեկը մահացու խոցված՝ չարչարվում էր խիստ,
Մյուսն անբանների անզգայությամբ
Փախել էր դեպի հեռու ամայի վայրեր անբնակ, Եվ վտարանդի, շվար ու վհատ՝ բառաչում էր
խեղճ, անիմաստորեն,-

Քո աստվածային բարեխնամությամբ տիեզերահրաշ Ցույց տվեցիր դու հոգածությունդ թշվառության մեջ կորածի հանդեպ,-

Հայտնիր արդ և ի՛նձ գթությունդ խոր և բարիքներիդ հորդումներն առատ, Ինձ, որ բերված օրինակներից շատ ավելի եմ
եղել անօրեն.
Ինձ, որ մահապարտ եմ բազմօրինակ.
Ինձ, որ բարության քաղցր խառնուրդում՝ հատուկ համ եմ չար.
Ինձ, որ արժանի եմ անդամներիս հատմանն արդարև,
Ինձ, համաճարակ, ախտով վարակված վիրավոր հոգուս.
Ինձ, որ անզգա անասուններին եմ հավասարվել Եվ օտարացել իմաստունների ընտանությունից. Ինձ, որ նման չեմ բնությամբ ինձ պես բանականներին:
Եթե մի օրինակ ունենայի, ես կասեի. Թե նմանակից ունենայի՝ կպատմեի. Թե հանգունակից ունենայի՝ կխոսեի. Թե ինձ հավասարն ունենայի՝ կգրեի.
Թե նույն բանը անող ունենայի՝ ցույց կտայի. Թե ինձ համեմատն ունենայի՝ կիմացնեի.
Թե անցյալում լիներ՝ կսփոփվեի. Թե ներկայումս՝ կհուսայի:
Սակայն, քանի որ ոչ նմանս ունեմ, ոչ էլ օրինակ,
Ուստի դո՛ւ միայն կարող ես քավել ու բժշկել ինձ և կենսագործել,
Կենդանարարդ բոլոր մեռելների և նորոգո՛ղդ տիեզերաց:

Գ

Զի եթե երջանիկ, սուրբ ու սրատես Դավթի գործած չարիքներն ու
Անօրենությունները գլխից ավելի վեր բարձրացած էին,
Եվ մեղքերն ու հանցանքները դժվարակիր բեռների նման ծանրացած սաստիկ,
Հապա ուրեմն իմ սխալմունքներն ավելի են, քան
Տիեզերասույզ, ամենասպառ ծովի ջրակուտակ հեղեղի հորդությունը
Ու անցնում են բոլոր լեռների կատարներից:
Բայց թող որ փչե քաղցրաշունչ քամիդ,–

Ինչպես այդ եղավ Նոյի ժամանակ,–

Որ լեռներն անգամ կարող է հալել,
Ցամաքեցնելու բազմաբովանդակ ջրակույտն իմ երկրակործան հանցանքների
Ու լեռնակարկառ բարձրությամբ դիզված մեղքերն իմ բոլոր:
Եվ արդ, համառոտ քո խոսքով հզոր,
Եվ ամենակարող հնարավորությամբ կարճ դատաստանիդ,
Ըստ մարգարեի, քավության մի ելք ցույց տուր ինձ՝
Անօրենության մեջ ընդերկար մոլորյալիս:
Եվ դու, ներելով համառությունն իմ, Ո՜վ երկայնամիտ, ողորմած, օրհնյալ, Շնորհի՛ր ինձ կատարյալ թողություն և բարեգործիր ճշմարտապես, Ջնջի՛ր բոլորովին՝ անվճարելի պարտքերիս
արժանահատույց տոկոսների տույժը տաժանակիր:
Չէ՞ որ դու չունես ցասումնալից սիրտ ու բարկություն բորբոք,
Ինչպես նաև չկան քո մեջ նենգություններ և նշաններ մթության,
Քանզի դու կյանք ես կամենում և լույս,
Դու մահ չստեղծեցիր և, ըստ Դավթի ու Սողոմոնի,
Մարդու կորուստը քեզ ուրախություն չի պատճառում:

Դ

Քո բարեվիճակ կանոնների մեջ դու մեծագույն պայման սահմանեցիր մարդկանց համար՝
Չարությունը չարությամբ չփոխարինել,
Այլ մի օրվա մեջ յոթանասունյոթ անգամ գործած մեղքերը նույնիսկ ներել պատգամեցիր մեզ49Մատթ. ԺԸ. 22,
Մեզ, որ ի բնե հակամետ ենք միշտ ի հայտ բերելու բյուր ու անհամար չարության բծեր,
Որոնք աճում են ու միշտ նորոգվում
Մեր ամեն տեսակ փշեր բուսցնող բնության դաշտում՝
Համաձայն անսուտ քո վկայության,
Թե՝ «Մարդու միտքը իր մանկությունից տրամադիր է չարիք50Ծննդ. Ը. 21 գործելու»:
Քո Կենաց բանի ավետարանիչ Հովհաննեսն անգամ,
Որը մաքուր էր կատարելապես,
Նա ինքը՝ որպես հասարակության բնության լծակից,
Ամբողջովին արդարացած՝ քո ճշմարտությունը հաստատեց իմ ստության հանդեպ:
«Եթե ասենք, որ ոչ մի մեղք չունենք,-

ասում է նա,–
Սուտ դուրս բերած կլինենք նրան»:
Արդ, կատարված է խոսքդ խնկելի Եվ լիովին ստույգ արդարացված՝
Իմ մոլորության խիստ դժնդակ անիրավության հանդեպ:
Ուստի խնայի՛ր ինձ ողորմությամբ, քաղցրահա՜մ աղբյուր,
Դո՛ւ միայն օրհնյալ հավիտյանս. ամեն:

Բան ԺԶ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ, դո՛ւ միայն Աստված երկնավոր, բարձրյալ, բարեգործ.
Քոնն են զորությունն ու ներողությունը, Քոնն են բշկությունն ու առատությունը, Քոնն են պարգևներն ու շնորհները ձրի, Քոնն են քավությունն ու պաշտպանությունը, Քոնն են հնարքներն անիմանալի, Քոնն են հրաշքներն անգտնելի, Քոնն են չափերն անչափելի, Դո՛ւ ես սկիզբն ու վերջը:
Սրտմտության խավարը երբեք չի ստվերում լույսը քո ողորմության,
Քանզի լինելով ինքդ մտքից վեր՝ զերծ ես դու նաև որևէ ախտից:
Պատկեր ես դու անպարագիր՝ անկշռելի որքանությամբ,
Ո՛վ անչափություն փառաց լայնության, Անսահմանափակ ընդարձակություն հատու
զորության, Անամփոփելի առավելություն,
Անտկարանալի բարերարություն գթության:
Դու մահվան ստվերն, ըստ մարգարեի, այգաբացի ես փոխում51Ամովս Ե. 8, Ինքնակամ իջար տարտարոսը դու՝ արգելվածների բանտն ստորերկրյա, Ուր աղոթքների դուռն անգամ փակ էր ամուր
կողպեքով52Այսինքն՝ ուր այլևս անզոր էր աղաչանքը:, Խլելով նրանից այնտեղ վտարված հոգիների
կողոպուտը ողջ, Հաղթական խոսքիդ հրամայող սրով Սատակիչ մահվան կապը կտրեցիր Եվ փարատեցիր երկյուղը մեղքի:
Դարձի՛ր այժըմ ինձ, որ տագնապում եմ տղմոտ իմ գուբի զնդանում խորունկ,
Մեղքի շղթայով ամուր կապկապված
Եվ բանսարկուի նետի սլաքով խոցված կարեվեր:

Բ

Դու Տեր բարերար, բացարձակ բարի, լո՜ւյս խավարի մեջ,
Օրհնության դու գանձ, ողորմած, գթած, մարդասեր, կարող,
Զորեղ, անապատում, անքնին, անճառ, Դու՝ հո՜ւյժ ձեռնհաս, ըստ սուրբ Հակոբի.
Հնարավորություն միշտ դյուրապատրաստ՝ ամեն անհնար բաների դեպքում,
Մեղքի խռիվներն սպառող կրա՛կ,
Կիզանուտ ճաճանչ դու ընդհանրական և մեծախորհուրդ թափանցողությամբ:
Հիշի՛ր ինձ, օրհնյալ, քո ողորմությամբ և ո՛չ ըստ իրավունքի,
Ներողությամբ քո և ո՛չ պատժելով,
Երկայնամտությամբ և ոչ թե հավաստի համոզվածությամբ:
Եթե կամենաս կշռել ծանրությունն իմ մեղքերի, Արա՛ քաղցրությամբ քո մարդասերի և ո՛չ
արդարությամբ.
Քանզի ըստ առաջին պայմանի՝ շա՜տ են թեթև նրանք,
Իսկ ըստ վերջինի՝ սաստիկ ծանրակիր:

Գ

Արդ, մոտեցիր ինձ, ո՜վ դու բարություն, Ինչպես բուժելու համար մոտեցար քո դեմ ելնողի ականջին53Ղուկ. ԻԲ. 51, Մահվան խռովիչ հողմը հեռացրու մեղավորիցս,
Որ հանգչի իմ մեջ խաղաղության մեծազոր Հոգիդ:
Փա՜ռք քեզ ամենուր, ամեն բանի մեջ հավիտյանս. ամեն:

Բան ԺԷ

Ա

Աղաչում եմ քեզ՝ վտանգված, վշտոտ ու տխրաթախիծ տառապանքներով լի հոգիների խնամակալիդ,
Մի՛ ավելացնիր ցավն իմ հեծության և մի՛ խոցիր ինձ՝ վիրավորվածիս,
Մի՛ դատապարտիր պատժվածիս և մի՛ տանջիր չարչարվածիս,
Մի՛ գանակոծիր հարվածյալիս, մի՛ գլորիր ընկածիս,
Մի՛ կործանիր սայթաքյալիս, մի՛ հեռացնիր հեռացվածիս,
Մի՛ ամաչեցնի պատկառյալիս, մի՛ տարագրիր հալածվածիս,
Մի՛ կշտամբիր խրտնածիս, մի՛ խորտակիր ջախջախվածիս,
Մի՛ խռովիր վրդովյալիս, մի՛ ալեկոծիր փոթորկվածիս,
Մի՛ սասանիր դղրդվածիս, մի՛ շփոթիր մրրկյալիս,
Մի՛ կեղեքիր գիշատվածիս, մի՛ ջախջախիր փշրվածիս,
Մի՛ հոշոտիր մորմոքյալիս, մի՛ կուրացնի խավարածիս,
Մի՛ զարհուրեցնիր ապշահարիս, մի՛ խորովիր խարշատվածիս,
Մի՛ մահացնիր հիվանդիս, մի՛ ծանրաբեռնիր տկարիս,
Մի՛ ավելացնիր անուր՝ կարկամած թիկունքիս, Մի՛ բարդիր ողբեր դառն հեծեծանքիս, Մի՛ ուժգնորեն վարվիր հողիս հետ, Մի՛ սաստկապես՝ մոխրիս հետ, Մի՛ անաչառորեն՝ ստեղծվածիս հետ, Մի՛ ահարկությամբ՝ փոշուս հետ,
Մի՛ խստությամբ ընդհարվիր մեծդ փոքրիս հետ, Լույսդ՝ ստվերիս հետ, Բնությամբ բարիդ՝ ի բնե չարիս հետ,
Ողկույզդ օրհնության՝ անիծյալ պտղիս հետ, Քաղցրությունդ ճշմարիտ՝ համակ դառնությանս հետ, Փառավորյալդ անփոփոխ՝ իսպառ անարգիս
հետ, Կենաց նշխարդ՝ կավեղեն զանգվածիս հետ,
Տերերի Տերդ՝ երկրային տիղմիս հետ, Աննվազ լիությունդ՝ չքավոր ստրուկիս հետ, Անկապուտ ճոխությունդ՝ անպատսպար տառապյալիս հետ, Անկարոտ բարությունդ՝ ամենաթշվառ աղքատիս հետ:
Քանզի ո՞վ է նա, որ առավոտյան լույսին հասնելով՝
Կտարակուսի, թե խավարի մեջ կարող է ընկնել.
Կամ մոտ լինելով կյանքին՝ մահանալ,
Կամ ազատության՝ և բռնության ենթարկվել, Կամ շնորհին՝ և դատապարտվել, Կամ փրկության՝ և մատնվել, Կամ նորոգման՝ և քայքայվել, Կամ օրհնության՝ և տարագրվել, Կամ բժշկության՝ և վիրավորվել, Կամ լիության՝ և նվազել, Կամ առատ հացի՝ և քաղցել, Կամ հոսող գետերի՝ և պապակել,
Կամ մայրական գթության՝ և նրանից նենգվել, Կամ աստվածային խնամող աջիդ՝ և տառապել:

Բ

Արդ, բորոտությամբ մարմնի սաստկապես վարակվածի հետ54Մատթ. Ը. 3
Ե՛ս էլ վշտահար հոգովըս ահա՛ պաղատում եմ քեզ.
«Տե՛ր, եթե ուզես՝ կարող ես ինձ մաքրել»:
Մշտագիշեր խարխափումներով տանջվող կույրերի հետ Հառաչում եմ ձայնով մեծակական.
Ոչ թե անվանում եմ քեզ Դավթի որդի,
Այլ աստվածային էության իբրև ծնունդ եմ դավանում քեզ.
Ոչ միայն կոչում եմ Ռաբբի,
Որ պատվանուն է իսկությունը գիտենալ կարծող վարդապետների,
Այլև հավատում եմ քեզ, որպես Տիրոջ երկնի և երկրի:
Ոչ միայն մոտից ձեռքդ երկարելով, ո՜վ դու բարեգութ
Աստված մերձավոր,
Այլև վստահ եմ, թե մեծ միջոցով նույնիսկ ինձանից հեռու լինելով՝
Խոսքդ կարող է բուժել թշվառիս:
Կամեցողությանդ և ողորմությանդ միջև անջրպետ չեմ դնում երբեք,
Որ երկմտություն է նշանակում տարակուսելի, Այլ համոզված եմ, թե կկամենաս որպես բարեգութ Եվ կկարենաս որպես Արարիչ.
Ասա՛ խոսքովդ, և ես կբուժվեմ:
Հարյուրապետի հավատքին և ես կլինեմ լծորդ. Ոչ միայն մոտիկ տարածությունից, խորանից
խորան՝ Զորավոր ես դու տալու հարություն և բժշկություն, Այլև երկնքում բազմելով նույնիսկ,
Ստորև, երկրի վրա բովանդակ դու սքանչելի հրաշքներ ես գործում,
Որոնց փոխարեն հատուցանելու ես ոչինչ չունեմ:

Գ

Շնորհիր և ինձ, ինչպես որ պոռնիկին ընդունելիս
Վճռեցիր խոսքիդ դատակնիքով հինգ հարյուր դենար պարտքը շնորհել55Ղուկ. Է. 41,
Աստվա՜ծ բարությանց և Տե՜ր երանությանց:
Որքան շատ բաշխես, այնքան ավելի՛ կփառավորվես.
Որքան որ շատ տաս, այնքան կսիրվես.
Եվ ավելին ողորմելով՝ դո՛ւ էլ կրկնակի կբարգավաճես.
Այսքան բարիքներիդ համար իրավամբ գովվում ես դու,
Ամեն բանի տեր լինելով հանդերձ՝ մեզ հավասար ես ցույց տալիս դու քեզ.
Եվ դու, որ ունես ամեն ինչ առատ՝ մեր ունեցածին արժեք ես տալիս.
Քո պարգևների փոխարեն անճառ՝ մերն իբրև վճար ես ընդունում դու.
Երկրայինի տեղ անվախճանի տալն ես արժանի գտնում.
Մեծ համարելով մերը՝ վեհորեն գոհանում ես դու.
Չե՜ս մեծամտի, երբ քո տվածի փոխարեն դույզն-ինչ փառավորվես56Հմմտ. Ղուկ. Է. 47:
Նո՜ւյն գթությունդ ցույց տուր նաև ինձ՝ հույժ մեղապարտիս,
Որ երբ թվարկեմ քո պարգևների երախտիքը ես՝ Նույն չափով սիրելդ էլ չմոռանամ:
Ամեն բանի մեջ քեզ փա՜ռք հավիտյան. ամեն:

Բան ԺԸ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Արդ, ես ծնունդս մեղքի և մահացու երկունքի որդիս,
Արդարև պարտավոր եմ մի օրվա մեջ բյուր քանքարների տույժը հատուցել:
Սակայն ոչ թե մարդկային մտքի փոքրության համեմատ եմ ես ներումն հայցում,
Այլ փրկչիդ՝ Հիսուս Քրիստոսի աննվազելի լիության չափով եմ պաղատում մարդասիրություն:
Չկայի երբեմն, և ստեղծեցիր, Ես չաղաչեցի, և դու գոյացրիր,
Դեռ աշխարհ չեկած՝ տեսար դու ինձ, Չէի հայտնվել, և դու գթացիր, Չէի խնդրել ես՝ խնամարկեցիր, Չէի բարձրացրել ձեռքս՝ նայեցիր, Չէի պաղատել՝ և ողորմեցիր, Չէի ձայն հանել, և դու լսեցիր, Չէի հառաչել՝ և ունկնդրեցիր,
Գիտեիր, թե ինչ կպատահի ինձ, և չանտեսեցիր, Նախատես աչքով քո նկատեցիր չարագործությունը պատժապարտիս և հորինեցիր ինձ:
Եվ արդ, ես, որ քո ստեղծածն եմ, քեզանով փրկված
Եվ այնքան խնամոտ սիրովդ հոգացված,-

Արա՛ դու այնպես, որ չարահնար մեղքերի հարվածն ինձ դեպի կորուստ չտանի իսպառ:
Թող համառության մառախուղը իմ՝ քո ներողության լույսին չհաղթի, Եվ ոչ էլ սրտիս կարծրությունը՝ քո երկայնամիտ համբերությանը, Եվ կամ մսեղեն այս մահկանացուն՝ քո լրությանն ամենակատար, Ոչ էլ նյութեղեն տկարությունս իմ՝ քո բարձրությանն անպարտելի:

Բ

Ահա՛, կարկամած բազուկն իմ հոգու կարկառում եմ ես քո անվամբ, հզո՛ր,
Արա՛ այն առողջ, ինչպես էր առաջ,
Երբ դրախտի փափկության մեջ կենաց պտուղն էի քաղում ես:
Ախտավոր կնոջ նման կաշկանդված, գոսացած ձեռքով,
Գլխիկոր, շվար և անուղղելի մեղքերով կքած թշվառ իմ հոգին
Սատանայական ամուր կապանքով ակնկոր, ահա՛,
Չի նայում վերև, որ քո երկնայնոց ողջույնը չառնե:
Խոնարհվիր վրաս, միայն ողորմած, և բարձրացրու ինձ՝
Գետնահար ընկած ծառիս բանավոր.
Բարեվայելուչ կյանքով վերստին ծաղկեցրու չորացյալիս,
Ըստ աստվածաբանության սուրբ մարգարեի57Եզեկ. ԺԵ. 24:
Ինչպես ի ծնե լուսազուրկ մի կույր՝ չունեմ տեսողություն, Որ կարողանամ տեսնել Արարչիդ դեմքն ու
պաղատեմ, Հզո՛ր բարեգութ, դու միայն պաշտպան,
Քո անճառ սիրո հոգածու, ակնարկն ինձ դարձընելով՝
Շնչավոր, խոսուն քո անոթի մեջ անէությունից լո՜ւյս գոյացրու դու:
Տասներկու տարվա ախտով տառապած, տանջահար, տխուր
Կնոջ նման ես մեղքի արյան մեջ ողողվում եմ, տե՛ս.
Անմատույց լույսով քո պարածածկված՝ նայիր բարձունքից,
Ուր չկա քղանցք ձեռագործ վերարկուի, որին ես դիպչեմ58Հները մի ժամանակ երկինքը նմանեցրել են մի մեծ վարագույրի, վրանի և նույնիսկ պատմուճանի կամ վերարկուի:,
Բայց ամենուրեք տարածված են քո հրաշքներն հզոր:
Մեղսոտ կնոջ պես պատժապարտս ես59Հովհ. ԺԲ. 3
Օծման յուղով չէ, որ մոտենում եմ կենսաձիր ոտքիդ,
Կաթիլներն աչքիս գլխիս վարսերով բերելով ընծա,–
Այլ հավատս անբիծ՝ իմ բազուկների վերամբարձումով, ստույգ դավանմամբ,
Հոգու ողջույնով և փակ շուրթերով երկրպագելով:
Եվ աղբերահոս արցունքներիս հետ խառնելով նաև հեծեծանք, ահա՛,
Բժշկություն եմ աղերսում հոգուս:
Գոյությունն հոգուս՝ մեղկությամբ լուծված և քայքայված է մեղքերով համակ,
Եվ մարմնիս շինվածքը իրենց վրա վերցնող ոտքերս,
Որոնք քայլում են կաղալով տխեղծ ու խիստ անհաստատ,
Եվ որոնց չարը արգելք է լինում մտնելու ուղիղ–
Դեպի կենսաթիռ պտղաբեր ծառը տանող ճամփի մեջ,–
Զորացրո՛ւ դարձյալ, ո՜վ ամենազոր, քանզի դո՛ւ միայն կարող ես փրկել:
Քո ստեղծած լեզուս, որով քեզ էի փառաբանում միշտ,
Ամրափակ խցմամբ կապեց, համրացրեց հողմը բանսարկուի:
Զգայուն հոգուդ մեծ ողորմությամբ,
Ինչպես բուժեցիր Ավետարանում հիշատակվածին60Մարկ. Է. 33-34,
Հրաշափառորեն շնորհիր և ի՛նձ Բանդ կենդանի,
Որպեսզի ես էլ խոսեմ անսայթաք:
Ախտով վարակված՝ մեղքի մահիճն եմ ընկել ես, ինչպես կենդանի մեռյալ.
Ի լուր ողբագին հեծեծանքներիս և թշվառությանն իմ կարեկցելով,
Ո՜վ դու բարերար Որդի Աստուծո,
Քո օրհնաբանված աչքերի ցողով ինձ ոտքի՛ հանիր կրկին կենդանի,
Ինչպես սիրելուդ՝ անշարժ ու անշունչ մեռելությունից61Ղազարոսին:
Ստույգ անօրեն եմ տարակուսյալ՝ մեղքի գուբն ընկած.
Ձեռքըդ ինձ տալով, արև՜ անստվեր, Որդիդ բարձրյալի,
Քո ճաճանչափայլ լույսի՛ն հանիր ինձ:
Ինչպես աղեխարշ թշվառ ճիչերով, մատների
տխուր տատանումներով Կուրծքը ծեծելով, արցունք թափելով, տխրամած դեմքի տվայտանքներով
Իր միամորիկ որդուն ողբացող Նայինի այրին62Ղուկ. Է. 11,–

Ես էլ սրտագին, սաստիկ հեծությամբ պաղատում եմ քեզ, Տո՛ւր հուսահատիս քաջալերություն քո մխիթարիչ և գթոտ խոսքով, Ասելով և ինձ, ո՜վ բարեբանյալ ստեղծիչ
աշխարհի, Թե՝ «Մի՛ լար՝ այդպես սաստիկ ողբալի».
Որպեսզի կրկին կենդանացած այն պատանու հետ,
Որ սփոփեց վիշտն իրեն ծնող մոր,
Ես էլ քեզանով իմ ամենապարտ հոգին ընդունեմ վերանորոգված:
Այսահարությամբ անզգայացած, դիվալլուկ ու քարակոշկոճ,
Հեղձամղձուկ ու եղկելի, քստմնելի, գիսախռիվ մազերով,
Վայրենադեմ ու ցնորամիտ մարդկանց հետ, որոնց դու ողորմեցիր63Մարկ. Է. 2,
Ես էլ նրանց պես քեզ պիտի դիմեմ, ամենափրկի՛չ:
Հեռու դու վանիր ապականարար գնդերը չարի մարմնիս խորանից,
Որպեսզի հասնի հոգին քո բարի և հանգստանա այնտեղ վերստին,
Եվ մաքուր շնչով լցնելով մարմինս ու անդամներս՝
Զգաստացնես ինձ՝ խելագարվածիս ամենաթշվառ:
Դժոխաբնակ և վտարանդի հոգիների հետ գերված՝ նաև ես
Արգելափակված տառապում եմ խիստ:
Փառահեղ ճառագայթը քո ողորմության, լույսդ իմ անձկալի,
Ծագելով վրաս՝ ինձ պառակտիչի կապերից փրկիր:
Վհատ կերպարանք է առել հոգիս,
Որ գաղտնորոգայթ և աներևույթ արահետներում մոլորաթափառ՝
Գարշ իմ մեղքերով է հիվանդացած:
Իմ՝ չարագործի թույնից գոյացած այտուցքներն անտես,
Որդի՛ Աստուծո,
Քեզ միայն հատուկ քո կարողությամբ առողջացրու դու գթասիրաբար:
Զանազանակերպ և բազմատեսակ ախտերն մահացու,
Որոնցից ամեն մեկն իր առանձին արդյունքն ունի,
Եվ որ ժանտարմատ շառավիղներով հաստատված են մեր անօրեն մարմնի մեղկ անդաստանում,
Ամենակալի քո ձեռքով թող որ կորզե՜ս արմատից,
Դու, որ արորով՝ մեր հոգիների դաշտերն անոպա մշակում ես միշտ,
Որպեսզի կենաց քո խոսքը հավետ արդյունավորվի:

Գ

Եվ քանզի ճարակող քաղցկեղի նման Հանցանքներիս վերքն այս իմ բերած օրինակները գերազանցեց, Եվ ախտն ամբողջովին անդամներիս մեջ տարածվեց,-

Չիք սպեղանի, ինչպես Իսրայելին, որ դրվի անչափ իմ խարանների վրա, Ազդրերիս խարսխից մինչև ծայրն իմ անդամների կառուցվածքի64Այսինքն՝ ոտքից մինչև գլուխ: Չի մնացել մի տեղ լիովին առողջ և բժշկելի:
Իսկ դու, ողորմա՜ծ, բարերար, օրհնյալ և երկայնամիտ թագավոր անմահ,
Լսիր վշտահար սրտիս խղճալի պաղատանքներն այս,
Որ դառնահառաչ քեզ եմ ուղերձում իմ նեղության մեջ,
Տե՛ր ամենակալ:

Բան ԺԹ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Ով դու, բարի կյանքի հուսատու ամենահայաց տեսողություն,
Ուշք դիր ցավագնած հոգուս հեծեծանքների բարձրաձայն աղաղակին,
Անհա՜ս մեծություն, անուն ահավոր, բարբառ կենդանի,
Լուր ցանկալի, ճաշակ ախորժելի, կոչումն պաշտելի,
Բարություն խոստովանելի, ազդումն խնկելի, Դավանելի իսկություն, էություն փառատրելի,
գոյություն օրհնաբանելի, Ո՜վ դու Տեր Հիսուս, Հորդ հետ գովված ու
երկրպագված Եվ Սուրբ Հոգուդ հետ բարձրացած ու հռչակված, Որ մարմնացար մեզ պես ու մեզ համար,
Որպեսզի մեզ էլ անես քեզ համար ու քեզ նման, Լույս ամենայնի, համակ ողորմած, հզոր երկնային:
Եվ այժմ քայքայված ու խորտակված անոթն իմ հողեղեն
Աստվածորեն հրաշակերտելով, աղաչում եմ, գթա՛ծ, նորոգիր նորեն:
Մեղքերով հնացած պատկերն իմ՝ քո ինձ տված, Հալելով կրկին քուրաների մեջ խոսքիդ կայծակով՝ Պաղատում եմ քեզ, ձուլի՛ր վերստին:
Հոգիս պահպանող մարմնիս խորանի շինվածքը խախտված՝ հանգստարանը քո,
Աղաչում եմ, ո՜վ բարերար, մաքրագործիր քեզ ի բնակություն:
Իմ չար գործերի փոխարեն մի՛ հատուցիր նույնը դու ինձ:
Արբած եմ ես, բայց ոչ թե գինով, ինչպես մարգարեն է ասում65Եսայի ԻԹ. 9.
Թափիր հրամանով քո ազատարար, ամենակեցո՜ւյց,
Մահվան բաժակիս թմրեցնող մրուրն անօրենության,
Որ բաժակդ ես չքամեմ վերջին օրը հատուցման66Երեմ. ԻԵ. 15-16:

Բ

Արդար ես դու իրավունքիդ մեջ և հաղթող՝ քո դատաստանում.
Թե մատնես մահվան՝ ճշմարիտն արած կլինես.
Թե դատապարտես, այստեղից սկսելով կշտամբությունդ տանջողական՝ հատուցում է ճիշտ.
Թե անդունդների խորքերը սուզես,
Թե կենդանության շարժումները դադարեցնես, Թե զորությունն իմ խոսքի ունայնացնես, Թե պատուհաններն աչքերիս ստվերացնես, Թե կյանքի ճաշակն ինձնից հետ առնես, Թե ընդհանրական կերակրից ինձ զրկես, Թե օրերիս երկարությունը կարճացնես, Թե իջնող քաղցր ցողի հետ մեկտեղ վերից հուր
թափես, Թե խոսքդ լսելուց ինձ քաղցած թողնես,
Թե ականջներիս դռները խցես,
Թե շնորհիդ պատկերն ինձանից կտրես, Թե ոտքիս տակի հողը սարսես, Թե ինձ անձկալի քո լույսից հանես,
Թե այս աշխարհից ինձ բոլորովին դու դուրս վտարես,
Թե հրաբորբոք փայլատակումով ինձ ահաբեկես,
Թե անբուժելի ցավերով պատժես, Թե ինձ չարչարող դևերին մատնես, Թե ցասման հողմով ինձ հեռու քշես,
Եվ թե ուրիշ նոր չարչարանքների գործիքներ կազմես–
Տարտարոսից վատ և գեհենից էլ ավելի սաստիկ,
Ավելի թունոտ, քան թե որդերը, և քան խավարը տարակուսելի
Եվ երկյուղալի՝ խորխորատից էլ, և ողորմելի՝ մերկությունը քան,–
Ես ինքս անձամբ վկայում եմ, թե արժանի եմ խիստ այդ բոլորին:

Գ

Եվ քանզի մեղքերս նման են իրար,
Ուրեմն և նրանց հատուցումներն էլ պետք է որ նման լինեն իրարու,
Իբրև միմյանց պատկերակից, միատեսակ և զուգակշիռ,
Այս հասկացողության կրողներն են,
Ուստի կարևոր է խոստովանել և քողը վերցնել նրանց երեսի,
Որպեսզի տեսնի փնտրողը նրան և ծանոթանա, Քանի որ ջերմ սիրով չմոտեցա ես ընկերոջս կարիքներին, Իրավացի է, որ առաջին իսկ վտանգի պահին
սառեմ տագնապած:
Եվ որովհետև ես չսանձեցի ցանկություններս ապերասան,
Ուստի եղկելուս արժանի է, որ կրում եմ կիզումն անզովանալի:
Եվ քանի որ ես չսիրեցի ավետիսը լույսիդ՝ Արդար է, որ ես կորստյան մեգի թանձր խավարում խարխափեմ մոլորագնաց:
Եվ քանզի խտրություն չդրի մանր ու մունր հանցանքների միջև, համարելով նրանք անվնասակար,
Զազիր զեռունների խայթումներից խոցոտվում եմ արդ արժանապես:
Եվ քանի որ ես ձեռք չերկարեցի վտանգի մեջ վշտակրին օգնելու,
Տեղին է, որ գարշ ապականության գուբին մատնվեմ:

Դ

Եվ արդ, ո՛չ աստվածային քո գանձերից՝ չարիք, Ո՛չ քո լույսի շողերից՝ խավար, Եվ ոչ էլ քեզ ապավինելուց սայթաքումներ
առաջ կգան, Այլ ես ինքս՝ կորստյան որդիս գտա այս բոլորը:
Բազում անօրեն մեղքերս են, որոնք նյութեցին այսքան բարկություն:
Մոլորեցուցիչ իշխանի կամքին հնազանդելով՝ նրան թողի ես քո տեղն իսկական,
Ըստ Գրքի հանդիմանության67Ժողով. Ժ. 4:
Եվ քանզի հայտնի դարձավ մարմնիս անդամների գաղտնիքն ու խայտառակությունը, Եվ երեսիս ընկավ անվայելուչ ստվերն ամոթանքիս, ըստ մարգարեի առակի68Նավ. Գ. 5-6,
Ինձ բոլորովին տգեղացնելով՝ մերկ, խայտառակված պոռնիկի նման,–
Ծագիր իմ մեջ լույսը քավության, երկնավո՛ր արքա,
Որպեսզի թոթափելով մեղքերիս փոշին,
Ավետյաց ձայնը լսած, Բաբելոնից ետ դարձողների պես69Եսայի ԾԲ. 2,
Հողից վեր կենալով՝ վերստին նստեմ,
Եվ անսասան՝ հույսիդ ամրությանը հիմնվելով, Ինչպես Եսային է ասել,
Նախնի մաքրությամբ հագնեմ քո բազկի զորությունը կարող,
Քո քաղցր փառքի մեծության համար և աստվածությանդ ամենապարգև,
Օրհնյա՜լ հավիտյանս. ամեն:

Բան Ի

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Տե՜ր անոխակալ և երկայնամիտ, ներող, բարեգութ, հզոր, ողորմած,
Ահա՛ ճշմարիտ են քո գործերը և դատաստաններդ խոստովանված,
Եվ որոշումներդ վկայված են, ո՜վ ծածկությունների տեսանո՛ղ:
Երեք երջանկահիշատակ երիտասարդների հետ, Որոնք կիզանուտ բոցով փորձվեցին ու չվնասվեցին Բաբելոնի մեջ, Նրանց թախծալի ե՜րգն եմ հառաչում.–

«Ես մեղանչեցի և անօրեն դարձա,
Ապստամբվեցի և պատվերներին քո չանսացի»:
Մաքուր լինելով հանդերձ՝ այսպես գոչեցին
նրանք խոստովանաբար, Իսկ ես, որ իսպառ մահապարտ եմ մի, Ձայնակցելով նրանց այդ ողբերին,
Այս ողբերգությանս դեռ ուրիշնե՜ր էլ պիտի ավելացնեմ ես՝ ամեն բանով մահապարտս,
Դանիելի հետ՝ երանելի և սուրբ մարգարեի,
Որը հարազատ ազգական էր քեզ և Հուդայի տան ընտիր շառավիղ,
Նրա հաճելի և նվիրական պաղատանքների խոսքերն առնելով՝70Դան. Թ. 4-19
Իմ պատժապարտի հեծեծանքներով դեռ ուրիշնե՜ր էլ պիտի կրկնեմ ես:
Գիտակցելով մեկտեղ՝ անպատշաճ ընթացք ունեցա,
Զարտուղելով շարունակ և դժնդակորեն սխալվելով.
Եվ այսպես՝ մեղանչեցի ես ամեն բանի մեջ, ամեն եղանակով:
Կամքիդ որոշակի սահմանից ես ի դուրս սլացա, Որ և իսկական օրինակ է մի անմաքուր անօրենության:
Անչափելի չարիքներն հաճախակի կրկնելով՝ իրենց լրումին հասցրի,
Ինչ որ ճշգրիտ մի պատկեր է հանցավորության:
Սպառնացիր՝ չզարհուրեցի, խրատեցիր ինձ, և
չանսացի, Որ հայտնի նշան է ըմբոստության:
Արդարություն հարդարեցիր քեզ, ո՜վ բարերար,
Եվ ինձ՝ պատրաստեցիր ամոթ ու պատկառանք:
Քեզ՝ փառք վայելչական և ինձ՝ նախատինք
հարմարավոր.
Քեզ՝ քաղցր հիշատակ և ինձ՝ մաղձ քացախյալ վերջում.
Քեզ՝ անլռելի բարեբանություն և ինձ՝ ողբ ու կոծ.
Քեզ՝ օրհներգություն խնկելի և ինձ՝ մերժումն ի բաց.
Քեզ՝ իրավունք բազմարժան և ինձ՝ ամենավարան պատասխանատվություն.
Քեզ՝ փառք անճառ գովեստներով և ինձ՝ մոխիր լիզելու անարգական պատիժ:

Բ

Արդ, ընդունեցիր դու, ո՜վ անկշիռ սահման ընտիր բարությանց,
Քոյիններից վեր առար կնդրուկներ ախորժանուշ՝ քեզ համապատասխան,
Իսկ ես ստացա այստեղ բազում պարսավանքներ սրանց դիմաց՝ կրկնակի բարդությամբ:
Եթե անբիծներն հանձն էին առնում այսպես աղոթել,
Իսկ ես պարսավի ինչպիսի՜ տողեր հյուսեմ ինձ համար,
Երբ քան բոլոր դժնաբարոներն առավել վրիպեցի:
Անառակ ընթացքովն իմ ես մոլորվեցի որպես վայրենամիտ,
Եվ հանդգնեցի իմ շրթունքներով երկրավոր խոսքեր բարբառել:
Մոլի դարձա անկասելի կերպով ամոթալի գործերի մեջ,
Փքվեցի և վերացա ես, որ փոքր-ինչ ժամանակից հետո մահվան հողն եմ իջնելու.
Գոռոզացա և բարձրամտեցի ես, որ տերն իսկ չեմ հոգուս գրավական եղող շնչառությանը:
Ամբարտավանացա՜ փոշիս շնչավոր, Ամբարհավաճեցի կավս ձայնավոր, Հպարտացա հողս անգոսնելի, Դեպի վեր ելա մոխիրս մերժելի, Բազուկ բարձրացրի՝ բաժակս փշրելի:
Տարածվեցի առավել, քան իբր վեհ,
Եվ իբրև հետ մղված՝ դարձյալ ինքս իմ մեջ ամփոփվեցի:
Բարկության բոցով ցոլացա՝ տիղմս բանավոր:
Իբրև անմեռ մի՝ մեծամտեցի, ես, որ չորքոտանիների հետ մահից եմ կառչած:
Այս կյանքի սիրույն բացի գիրկս ես և դեմքիս փոխարեն քեզ թիկունք դարձրի.
Մտքիս թևերով մութ խորհուրդների միջից սլացա.
Անարատ հոգիս մարմնիս փափկությամբ հավետ հյուծեցի.
Զորությունն իմ աջ կողմի տկարացրի,
Իսկ ձախակողմիս ուժգնություն տալով՝ հաղթեցի նրան71Ձախը իբրև բացասական կողմ՝ չարամետ ուղղության նշանակ::
Հոգածությունդ իսկ տեսա ինձ համար,-

որն այստեղ գրել անկարող եմ ես, ու չպատկառեցի72Հավանաբար ակնարկում է իր տեսիլքի մեջ Հիսուսին տեսնելը, որի համար մանրամասնություններ տալը հոգևոր անհամեստություն է նկատում:.
Վայրի հավքի պես սլացա դեպի սովորությունն իմ վաղեմի,
Ինչպես Ովսեեն Եփրեմի վերաբերյալ է ասել73Ովսեե Է. 11:
Աղոթավայրում ես այս կենցաղի զբաղումներով շրջանակվեցի.
Մտքիս երիվարը բանականության երասանակով ոտքի չհանեցի:
Հին չարությունների վրա ես ինքս նորերն ստեղծեցի,
Եվ, ինչպես Հոբն է ասում, անտանելի ծանր անուրներն ինձ վրա ես ինքս ծանրացրի:
Ինքս ինձ սփածանելի արի անկարկատելի, ըստ Երեմիայի.
Եվ առակողի խոսքի համաձայն,
Անունն անգրելի մի վիժվածի պես՝ մարդահամարից ջնջվեցի,
Եվ ըստ Եսայու՝ դաշտանավորի զգեստի նման զազրելի դարձա:
Որպես թրծված խեցեղեն աման՝ աննորգելի կերպով փշրվեցի:
Եդովմին ուղղած մարգարեական մեղադրանքների համաձայն, ե՛ս էլ
Անօրենության սատակիչ չորրորդ չափն իմ ինձ պատրաստեցի74Ամովս Ա. 11-13:
Եվ սո՞ւտ կլինի, որ ավելացնեմ ես այդ բոլորին, Թե Մողոքի դիվանվեր վրանն անգամ առա ես՝75Ամովս Ե. 26
դժոխքը ժառանգելու համար:
Երկնայինը լքած՝ ես ինքս էլ ձևակերպեցի խայտառակ պատկերն Ռեփանի աստղի,
Որն Իսրայելից պաշտվեց Սինայում76Ամովս Ե. 25-26,:

Գ

Եվ արդ, քանզի զրկվեցի ես նախկին շնորհի համարձակությունից,
Ելա նրանից, հեռացա դարձյալ և բաժանվեցի, Եվ անպատվաստելի կերպով կտրվեցի,–

Ընդունի՛ր ինձ, Տեր, հոգուդ պատկերով կերպարանելով ինձ կրկին անգամ, Ինձ, որ անարժան եմ ապրելու իբրև մահապարտ և չարագործ, Իբրև ամոթահար ու ոտքի կոխան եղած բանսարկուի կողմից,
Որպես անբժշկելի մանրված, Որպես մահվան հատակը հասած, Որպես գարշելի դարձած, Որպես կոչումիդ խոտան համարված,
Որպես միանգամայն կորստյան մատնված,
Որպես դեգերյալ, որպես վտարված, Որպես տարակուսյալ, որպես թշվառացած, Որպես վհատյալ, որպես կործանված, Որպես խորտակված, որպես կոտրված, Որպես թախծոտված, որպես խիստ տրտմած, Որպես թշնամանված:
Իսկ նայելով վրաս, գթա՜ծ, մարդասեր, հզոր, Ինչպես նաև աղերսական այս խոսքերիս՝ Ընդունիր ինձ դարձյալ որպես զղջացած, որպես խոստովանված, Որպես ոտքիդ դիմած, որպես ապաշխարած:
Դու, որ կշռում ես, չափում ու համարում մեծ՝ Հառաչանքն հոգու, ձայնն հեծող շնչի, Կսկիծը շուրթերի, ցամաքելը լեզվի, տխրությունը դեմքի, Կամքը խորհուրդների և հոժարությունը սրտի
խորքերից.
Դու, որ փրկությունն ես հոգիների Եվ տեսնում ես չգործվածները, Ստեղծիչն ես բոլորի և աներևույթ վերքերի
բժիշկ, Պաշտպանն ես քեզ հուսացողների
Եվ բարեխնամ Տեր ամենեցուն՝ Ամեն բանի մեջ քեզ փա՜ռք հավիտյան. ամեն:

Բան ԻԱ

Ա

Եվ քանի որ ինքս ինձ անձամբ մատնեցի մահվան իմ ինքնագրությամբ,
Ու չկանգնեցի երբեք ինչպես մարդ՝ ոտքի,
Ոչ էլ ստացա սիրտ բանականի, Գրքի համաձայն77Դան. Է. 4,
Չթողի նախկին մեղանչումներն իմ ու չփոխվեցի,
Չընթացա ուղիղ ճանապարհով ես,–
Ինչո՞ւ խավարի հետքերը խոտոր ցույց չտամ ես այս խոսքիս սկզբում:
Ուստի նախընթաց խոսքերի իմաստն ու ձևն անփոփոխ պահելով, այստեղ,
Ըստ այդմ պիտի ես խոստովանեմ
Մնացած բոլոր չարություններս՝ հաջորդ տողերով:

Բ

Մեղա՜ ես Մեծիդ բարերարությանն, անարգս՝ մեղա՜.
Մեղա՜ ծագումիդ ճառագայթների, խավարս մեղա՜.
Մեղա՜ շնորհիդ երախտիքներին, արդարև մեղա՜. Մեղա՜ երկնային գթառատ լույսիդ, հայտնապես մեղա՜.
Մեղա՜ ոչնչից կյանք ստեղծողիդ, ստուգիվ մեղա՜.
Մեղա՜ գերագույն գոգիդ գրգրալիր, անսահման մեղա՜.
Մեղա՜ աննվազ լույսիդ վայելմանն, նենգողս մեղա՜.
Մեղա՜ ճաշակմանն անճառ քո կենաց, բյուր անգամ մեղա՜.
Մեղա՜ միշտ անհաս քո պարգևներին, հանապազ մեղա՜.
Մեղա՜ քո գովյալ մարմնին Աստուծո, մահու չափ մեղա՜.
Մեղա՜ Արարչիդ պաշտելի արյանն, իսկապես մեղա՜:
Ահա՛, արդարև, հատվածն այս խոսքի՝ «Մեղան» օրհնյալ է և հուսադրական, սրտերի
համար:
Ավանդ է նա պատվական, անմոռաց պատկեր, հայրենական տուրք,
Նախահարց օրենք, պաշար ընդհանրական, Անհերքելի խոսք, զորավոր պատասխան, Կենդանության կամուրջ՝ ախորժելի՝ վերնայնին, սիրելի՝ սրբոց, Անխզելի կապ, հրաշալի բարբառ, անժխտելի փաստ,
Բաղձալի աղերս, փափագելի սեղան, անճարներին ճար,
Կարծրության վանիչ, կարգ աստվածապաշտների,
Հեթանոսաց գիրք, վաղնջական օրենք, Քրիստոնյաներին հարազատ և հաղթող՝ արարչությանն, Անջրպետ հզոր, ահավոր խտրոց,
Բարձրագույն արվեստ, խորություն անչափ, հիահրաշ տեսիլ,
Կնքված խորհուրդ, որին չի կարող թափանցել ոչ ոք,
Արագաթռիչ միտքը մինչև իսկ անընդունակ է ըմբռնելու այն:
Ձայն բարեպատեհ և հրաշալի, որը չլսվեց,
Երբ դասը մերժված ընդունում էր իր վճիռը վերջին.
Գուցե և այնժամ ետ առնվեր իսկույն մահապարտության վճիռը արդար,
Որով դատաստանն այլևս անելիք չունենալով՝ Հավիտենական սահմանը պիտի լուծվեր, վերանար:
Մեծագույն փառքի զարդն է այն, որով նույնիսկ աստվածությունն ինքը կպսակվի պայծառորեն:
Քանզի ո՞վ էր, որ վազելով՝ բռնեց եղջյուրներից այս սուրբ սեղանի
Եվ ազատվելով իսկույն պատժից՝ չմաքրվեց90Հին օրենքի համաձայն Սեղանի եղջյուրներին փարվողը չէր ազատվում մահապատժից, մինչդեռ նոր օրենքի սեղանի այս եղջյուրներին, այսինքն մեղայի զղջման ապավինողը կփրկվի::
Իսկ եթե Աքար Քարմյանն ու Սավուղ Կիսյանը և Սիմոնյան Հուդան91Աքար Զարմյան (Քարմյան), որը գողություն արավ Երիքովի ավարից (Հեսու Է, 20): Սավուղը Իսրայելի թագավորն էր, իսկ Հուդան՝ մատնիչը: Այս երեքն էլ հանցավոր էին. առաջինը՝ գողության, երկրորդը՝ կամապաշտ անհնազանդության և երրորդը՝ տիրամարտության համար: Երեքն էլ թեև զղջացին, բայց նրանց զղջումն ընդունելի չեղավ:
«Մեղան» այս ասելով հանդերձ չարդարացան, Վկայում եմ և ես իրավամբ, խոստովանելով, թե արդարացի էր ճշմարտապես:
Զի նրանք, որ ակամա և բռնադատյալ են այդ խոսքն արտասանում,
Չունեն կատարյալ սեր, հետևապես՝ և փրկություն:
Իսկ ես կամովին եմ համբուրում, կրկնելով դարձյալ խոսքն այդ երջանիկ, որ մկրտությունս է հարազատ:

Գ

Եվ ես, որ տմարդների կարգն եմ դասված՝ ինչպե՞ս համարեմ ինձ մարդ.
Ինչպե՞ս անվանվեմ բանական, երբ կցորդվել եմ հիմար անբաններին,
Ինչպե՞ս կարող եմ կոչվել տեսանող, երբ խավարել եմ ներքին լույսս ես,
Ինչպե՞ս համբավվեմ ես իմացական, Երբ իմացությանս դռներն են փակվել,
Կամ ինչո՞վ ցույց տամ ինքս ինձ որպես պատկեր Աստուծո անեղծ և անմահ, երբ անձնասպան եմ եղել հոգեպես.
Եվ ոչ իսկ շարժուն և կամ շնչավոր կարող եմ կոչվել, թո՛ղ թե հոգևոր և իմացական:
Անոթների մեջ անպիտան եմ ես և անարգագույնը՝ որմնաքարերի մեջ,
Արհամարհված եմ կանչվածների մեջ և վատթարը՝ հրավիրվածների խմբում,
Ահաբեկված մահվան արհավիրքով և բոլորից լքված անխրախույս:
Երուսաղեմի ցավերով ու տանջանքներով եմ ես պատժված, ըստ Երեմիայի խոսքի1.
Պակասել են օրերս հեծությամբ և տարիներիս ընթացքը՝ հառաչանքներով,
Ըստ սաղմոսողի նվագերգության2:
Ինչպես ասվին ցեցից և փայտը որդից՝
Այդպես նաև ես սրտիս խիթերից հալվեցի իսպառ ըստ իմաստունի:
Ու սաղմոսողի խոսքի համաձայն սարդոստայնի պես մաշվեցի ահա և դարձա անպետ.
Առավոտյան ամպի և վաղորդյան ցողի պես ցնդեցի ես, մարգարեության խոսքի համաձայն:
Բայց ես իմ հույսը մարդու վրա չեմ դրել,
Որ տեսանողի ակնարկած անեծքն վրաս առնելով վհատվեմ անհուսորեն,
Այլ քեզ վրա, Տե՜ր իմ ոգեսեր,
Որ լցված անբավ բարեգթությամբ Նույնիսկ խաչի վրա բևեռված պահին՝ Մեծ ողորմությամբ աղոթեցիր դու առ Հայրդ
բարձրյալ՝ քեզ չարչարողների համար:
Արդ, շնորհի՛ր ինձ դու քավության հույս,
կյա՜նք և ապավեն, Որպեսզի թշվառ շունչս երբ փչեմ՝ ստանամ Հոգին քո բարի:
Եվ քեզ քո Հոր հետ ու քո Սուրբ Հոգուն՝ Զորություն, հաղթություն, մեծություն և փառք, հավիտյանս. ամեն:

Բան ԻԲ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Նախատված անձիս կշտամբանքների շարքը նույն ձևով ու պատկերներով
Պիտի կրկնեմ ես այստեղ վերստին նոր-նոր բարդությամբ.
Կսկծեցուցիչ դառն այս խոսքերիս դատակնիքը հանդիմանական
Ամենագետը թերևս համարի ճիշտ խոստովանանք
Իմ բոլոր գաղտնի և չար գործերի:

Բ

Խոսուն մի ձի եմ ես, կարծրերախ, սանձակոտոր և ապերասան,
Հովանակ անհամբույր, վայրենի և անկրթական, Երինջ խրտչող, անուղղա և անվարժական80Ակնարկում է տապանակի սայլը քաշող երինջներին, որոնք իրենց հորթերից զատված լինելու համար թեև դժկամում էին, սակայն և այնպես իրենց ճամփից չէին խոտորում. մինչդեռ ինքը իր հոգևոր պարտականության լծի տակ մնում է անուղղա և անընտել:, Մարդ մոլեգին, տարագրված և կորստական,
Մանուկ մեղավոր, անխրատ և թափառական, Տնտես մահապարտ, տարտամ և անգործնական, Բանական անասնաբարո, գազանացյալ և
անմաքրական, Ձիթենի լքված, անպտուղ և կործանական,
Մարմին՝ հոգիս տրտմեցնող, դատող ու տանջողական,
Խոցված եմ անբուժելի, անխնամ և անկանգնական,
Վատնված և անգտնելի ոսկի շարոց եմ կայսերական,
Ծառա եմ սխալական, փախստական և թշվառական:

Գ

Եվ այսպես, ահա, ես ինքս իմ դեմ եղա կամովին անձնամատ սաստիկ և մարմնակործան,
Հոգեկորույս և միշտ մտախաբ, Կամակոր իսկական և սրտաբեկ, Ուշագնաց և խելակորույս, Զգայազուրկ և իմաստասպառ, Հայրատես և եղեռնալուր:
Ես ամեն կողմից բռնված ամբողջովին մահաբեր երկունքի բորբոքումներով՝
Մի լավ բանի մեջ, Տեր իմ, ոչ մի կերպ քեզ պիտանի չեմ:
Ողբում եմ ես այն որովայնը, որ ինձ երկնել է, Ողբում ստինքներն այն, որ սնել են ինձ:
Ինչո՞ւ կաթի հետ մակարդված ես մաղձ չծծեցի, Եվ ինչո՞ւ քաղցրության փոխարեն չտրվեց ինձ
դառնություն:
Զի եթե ես իմ խոսքերով այսքան ինքս իմ դեմ եղա անձնադատ դատախազ դժնի,
Եվ իմ բարկության սուրն է տակավին անխոնարհելի,
Ո՞ր երկրածինն ինձ կկարողանա ողոքել այլևս:
Ամեն ինչ պիտի հրապարակեմ, Էությունս համակ ես պիտի դատեմ ու դատապարտեմ, Ողջ վնասակար գնդերը պիտի ես գանակոծեմ,
Ես ինձ խոցոտող զինվորների դեմ պիտի բողոքեմ
Եվ իմ գլխավոր զգայարանքներս պիտի կշտամբեմ:
Ամեն բանի մեջ և ամեն ձևով ես մեղանչեցի, ողորմի՜ր, գթա՛ծ:
Նոր չէ, որ գտար հանցապարտության մառախուղն իմ մեջ,
Այլ նույնն եմ հավետ, միշտ նույն արատով հանցապարտության
Անկարկատելի ձորձով սխալված` անփոփոխելի քո առջևն եմ ես,
Եվ ինքդ միայն իսկապես գթած, օրհնյալ, մարդասեր,
Քո ներողությամբ անայլայլելի փութա աջ կողմս ի փրկություն ինձ81Հմմտ. Զաքար. Գ. 1-3:

Դ

Արդ, ո՜վ երկնավոր, հզոր ու բարի դու խնամակալ,
Ստեղծիչդ ամեն ինչի՝ ոչնչից,
Կայծն իմաստության զորավոր խոսքիդ մոտեցրու լեզվիս,
Որպեսզի դառնա առիթ մաքրության՝
Քո ձեռքով կերտված մարմնիս մաս կազմող զգայարանքներիս:
Եվ ես նրանցով՝ քո կամքով կազմված և քեզնով բուժված՝
Նոր պատրաստությամբ, անպակաս ձայնով, անհատ բարբառով
Քեզ վերընծայեմ գոհաբանություն՝
Ի փառս քո Հոր՝ մեծ Աստուծո, հավիտյանս. ամեն:

Բան ԻԳ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Տե՜ր, Աստված ամենայնի և զորավոր ամեն բանում,
Տե՜ղ անպարագիր և անվայրափակ, Բոլո՜ր իսկությամբդ ամենքին մոտիկ,
Ամենուր ես դու, և չկա ոչ մի սահման առանց քեզ:
Չես երևում երբեք, բայց առանց լույսիդ չի տեսնվում ոչինչ,
Ո՜վ ահավոր փառք և անհաս անուն, Մեծության կոչում, ձայն անբավելի, Իսկություն անքնին, անմատչելի հեռավոր և
անընդմիջելի մերձավոր, Տեսնող՝ հեծության և նկատիչ՝ թշվառության, Տխրության այցելու և ամենաբույժ հնար՝ անճարության, Հայր գթության, ծագող ողորմության և Աստվա՜ծ մխիթարության:

Բ

Տե՜ր, ողորմությամբ նայիր բազմավտանգ ախտերի դառնավիշտ իմ պատկերին,
Որ քո հանդեպ եմ տածում ահա՛:
Կարեկից եղիր ինձ բժշկապես և ոչ թե որպես քննիչ-դատավոր:
Արդարև մեծ է տագնապն այս ցավատանջ տարակուսանքի և վարանման,
Երբ մեղքով է տարված մարմինն ամբողջովին, Իսկ հոգին չի մեկուսացած չար գործերից, Երբ զգայարանքները կապկապված են մոլորությունների սովորությամբ, Եվ զանգվածը շաղախված է մահացու կրքերով.
Երբ սրտի զգայությունը խայթերո՜վ է խոցոտված,
Եվ բարիքների ակնկալությունն իսպառ վերացած.
Երբ բանականությամբ հանդերձ՝ անասունների շարքն է դասված,
Եվ գոյության հետ զազրելի գարշություններ են շարամանված.
Երբ արտաքնապես թեև առողջ, սակայն ներքնապես է վիրավորված
Եվ հիշելով իր մեղքերը սաստիկ՝ հուսահատության է միշտ մատնված.
Երբ որ նախապես գործած մեղքերի տագնապումներով է տարակուսված,
Եվ աղոթքի հստակությունն իսպառ պղտորված. Երբ խղճմտանքը խռովանքներով է հույժ տոչորված
Եվ ձեռքը մաճին՝ հետևի գործերն հետազոտելով է միտքն զբաղված82Ղուկ. Թ. 62.
Երբ դեմքով դեպի առաջ է դիմում, ոտքերով՝ դեպի հետև ընկրկած
Եվ գիտենալով հանդերձ ճշմարիտ գոյությունները, անգոներից է շարունակ խաբված
Եվ մտքի մղած մարտերի մեջ միշտ փոքրություններից է հաղթահարված,
Եվ սրտի սաստիկ հառաչանքներից հագագի դուռն է համակ հրդեհված.
Երբ ամենուրեք՝ խոնավությունն է քիմքի տոչորված
Եվ ամեն կողմից անարև մեգով է շրջապատված. Երբ ակնկալության ընդարձակությունն է իսպառ ամփոփված, Եվ անտանելի տառապանքներն են զգայարանների վրա դրոշմված.
Երբ որ կորստյան եղկելիությունն է մտաբերված, Եվ հատուցումի դատավճիռն է մտքի դիվանում
արձանագրված.
Երբ բարերարի աչքն է զայրալից երևույթ առած,
Եվ լույսը խնդությամբ հողազանգվածիս դեմ է զայրագնած.
Երբ որ Աստուծո ահավորությունն փոքրիկ էությանս հետ է ընդհարված
Եվ իր խոսքերի որոտումով միշտ՝ բանավոր մոխրիս դեմ է բարկացած,
Երբ արդարության իր քարերով նա մահվան արժանուս է միշտ քարկոծած,
Երբ որ ինձ տրված տաղանդը այստեղ անառակության մեջ եմ կորցրած,
Եվ իմ պատվական ստացվածքն իբրև անարգ անարժեք՝ հողի տակ է թաղված.
Երբ ողջ արգասիքն իմ աշխատանքի՝ ծուլության մութով է ծածկված
Եվ չի երևում ճրագի լույսի պես հեռու տարված,
Երբ իրավազուրկ պատասխանարանն է լեզվիս կարկամած,
Եվ իմ անհամբույր բարբառող շուրթերս իրոք արժանի կերպով պապանձված.
Երբ հուզյալ միտքս ամեն ուղղությամբ ցրիվ է եկած
Եվ օգտակարին հասու լինելու անկարող դարձած,
Եվ լավն ու բարին ընտրելու կշռի մեջ հիմարացած.
Երբ ճանապարհը չարի արգելքով է խափանված,
Եվ վառարանն է յուղի՝ հնոցի մոխիրով լցված. Երբ կենաց մատյանից իմ անվան գիրն է ջնջված, Եվ երանության փոխարեն այնտեղ կշտամբանք
գրված:

Գ

Թե զինվոր եմ տեսնում՝ սպասում եմ մահվան. Թե պատգամավոր՝ խստության.
Թե գրագիր՝ կորստյան մուրհակի. Թե կրոնավոր՝ անեծքի.
Թե ավետարանիչ՝ ոտքի փոշին թոթափելու. Թե բարեկրոն՝ հանդիմանության.
Թե անզգամ՝ կսկծանքի.
Եթե փորձվեմ ջրով՝ կխորտակվեմ83Հմմտ. Թվոց Ե. 16-22.
Եթե մի դեղ քննության առնեմ՝ կսատակեմ. Թե բարիք տեսնեմ, կասկածելով չար գործերիցս՝ կփախչեմ.
Թե բարձրացած մի ձեռք՝ կկորանամ. Թե խրտվիլակ փոքրիկ՝ կսարսեմ.
Թե լսեմ թնդյուն մի թեթև՝ կընդոստնեմ Թե կերուխումի հրավեր ստանամ՝ կդողամ. Թե մեծիդ ներկայանամ՝ կսարսափեմ.
Թե հարցաքննության կանչվեմ՝ կկարկամեմ. Թե իրավամբ քննվեմ՝ կհամրանամ:
Արդ, իրար վրա բարդված իմ այսքան տարակույսները ամենաթշվառ և ողորմագին,
Որոնք ի ներքուստ խոցում են սիրտս անբույժ ցավերով, նետերով անտես,
Եվ բևեռվելով անարտաքսելի՝ նրանք հոգուս հետ հանապազամուխ ու հարամնաց,
Եվ շարավներով լցնելով հոգիս, հարվածելով միշտ՝
Սատակիչ մահվանս վտանգն են սաստիկ նախագուշակում
Իր ներսը մխված երկաթը պատող կույտը թարախի,
Տագնապը ծածուկ ու մեջս պահված վերքերն անդարման
Իմ շնչառության միջոցին սաստիկ ցավ են պատճառում:
Ուստի և նրանց նեղություններից չարաչար ճնշված,
Թախծալից հոգուս ձայնով բարձրագոչ և աղերսախառն իմ արցունքներով
Ինձ համար նաև աղոթող բոլոր նահատակների հետ այն երկրաստեղծ,
Եվ հեծությամբ ողբակից նրանց արտասվանվեր իմ այս ողբերով,
Ըղձակաթ աղերսն իմ՝ Բարեգործիդ ամենահնար՝
Երկրիցս դեպի երկինքը, ահա՛, առաքում եմ քեզ:
Շնորհիր, ո՜վ Տեր, հանգիստ ու խաղաղ կյանք ողորմելի վաստակյալիս,
Ինձ, որ ընդունա՜յն եկրագործեցի. Ո՜վ համայնդ դու ամեն ինչի մեջ, քեզ փա՜ռք հավիտյան:

Բան ԻԴ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ, ի՞նչ բաների արժանի համարելով ինքս ինձ, մոտենամ ես քեզ աղերսելու,
Արքայությա՞ն, որից վրիպեցի,
Թե՞ վայելուչ փառքիդ, որից զրկվեցի, Թե՞ անմահ կյանքիդ, որից վտարվեցի,
Թե՞ պարակցությանը հրեշտակների, որից տրոհվեցի,
Թե՞ արդարների մասնակցությանը, որից ջոկվեցի,
Թե՞ ուռն լինելու կենդանի որթի, որից պոկվեցի,
Թե՞ ոստը բերկրության ծառի, որից գոսացա, Թե՞ ծաղիկը փառքի շնորհի, որից թափվեցի, Թե՞ ժառանգավորն պանծանաց, որից կորացա, Թե՞ հայրական հարազատ գրկին, որից դուրս
ընկա, Լուսեղեն զգեստո՞վ պարծենամ, որից մերկացա,
Թե՞ ստացողի դարձին հուսամ ես, որից խորթացա,
Ըղձալի լույսի՞ն դիմեմ ես արդյոք, որից մեկնեցի,
Թե՞ ոսկորներին հոդվեմ Հիսուսի, որից մերժվեցի,
Նրա թևերի՞ն մոտենամ, որից օտարացա,
Թե՞ ապավենին ապաստանեմ ես, որից զատվեցի,
Նորոգությա՞նը հուսամ փրկարար, որից մահացա,
Թե՞ զվարթարար զգաստությանը, որից լքվեցի, Կամ ուխտադրական կենաց կանոնին, որից
փոխվեցի, Թե՞ հաստատական օրինադրության, որից սահեցի, Անշարժ, անսասան Վեմի՞ն կառչեմ ես, որից
սասանեցի, Թե՞ սրբոց գնդին լինեմ դասակից, որոնցից
ինքս ինձ ի դուրս մղեցի, Անդրանիկների քաղաքո՞ւմ84Հրեշտակների երկնային բնակարանը կամ ըստ ոմանց՝ Առաքելական եկեղեցին: շինվեմ, որից ես
գերի քշվեցի, Թե՞ ամենօրյա հացին աղոթեմ, որ չվաստակեցի,
Թե՞ տաժանքների վերացումն խնդրեմ, որոնց համար չքրտնեցի,
Թե՞ պարգևներով պսակվեմ ես այն, որոնց արժանի չհանդիսացա
Կամ կենաց գրքո՞ւմ արձանագրվեմ, որից ջնջվեցի,
Թե՞ երախտիքներդ հիշեմ ես արդյոք, որոնք մոռացա:

Բ

Եվ ահավասիկ, ապրելու հույսի լարը կտրվեց, Ու վարակվեցի՜ ես բոլորովին գարշ բորոտությամբ.
Տգեղ, սպիտակ ու փոքր-ինչ փայլող պալարի պես այն,
Որը կրկնակի մեր անմաքրության իբրև նշանակ՝
Նախնական ախտի սպին է պահում երկդիմի կերպով85Ղևտ. ԺԳ գլուխը,
Ապականությունն ինձ պաշարելով՝ սպառեց մարմինն իմ բոլորովին
Պարծանքի նշույլը բոլորովին շիջավ ինձ համար, Փրկությունը վտանգվեց, բարին ստվերացավ, Կյանքի դուռն ընդմիշտ փակվեց, Մխիթարությունը վերացավ, Դատաստանի ատյանը մոտեցավ, Մահվան թույնն արծարծվեց իմ մեջ, Սպանվածն իմ մեջ կրկին կենդանացավ, Նավահանգիստը քարերով խցվեց, Հույսի շավիղը կուրացավ, Շնորհի ծածկույթն ինձանից հանվեց, Փառքի վայելչությունն աղոտացավ, Առաջնորդող հանճարը խափանվեց, Կշտամբանքների փուշը շատացավ, Անօրենության ուղեշը ծաղկեց, Գեհենի բոցը բորբոքվեց իմ դեմ,
Ծառայության լուծը սաստկացավ, Ստրկության կապը զորացավ, Կառույցը պահող սյունն ահա ընկավ, Բարձրության վստահարանը կործանվեց, Ընտանի միաբանությունն անջրպետվեց,
Եվ տխրեց սաստիկ սրբություն սիրող Աստուծո Հոգին:

Գ

Եվ քանզի ես դառնությունների մրուրը ճաշակեցի,–
Տանջանքներ, խայթեր ու տխրություններ, վշտեր հոգեկան,
Ցավեր անդարմանելի և տարակույսներ անհուսադրելի,
Ամոթանքներ անպարտակելի, խայտառակություններ անծածկելի,
Պատկառություններ անհամարձակ, փախուստներ անդառնալի
Եվ հալածանքներ անմարդասիրելի,
Երկար ու ձեռնունայն, անպաշար ուղևորություն,–
Ուստի և դու, ո՜վ փրկություն, զորություն և օգնություն,
Ողորմություն, լուսավորություն, քավություն և անմահություն,
Տեր Հիսուս Քրիստոս, Որդի կենդանի Աստուծո, Արարիչ երկնի և երկրի,
Որ ջուր ես տալիս ծարավներին անջուր անապատում,
Օրհնյալ, բարգութ, հզոր, մարդասեր,
Երկայնամիտ, խնամակալ, հնարավոր, այցելու, Պաշտպան աննախանձ, պահապան հաղթող և
կյանք անկորուստ, Միջնորդ երկնային, լիություն աննվազ, երանություն տոնելի, Քո ողորմության աջ ձեռքը սիրով երկարելով
ինձ՝ Ընդունի՛ր և ներկայացրու քավված և սրբված
ամենապարտիս՝ Քեզ հավասարապատիվ Հոգուն, ո՜վ կենդանի
Բան, Որպեսզի քեզնով հաշտված վերստին՝ իմ մեջ
դառնա նա:
Եվ քո միջոցով Նա, որ զորեղ է ինքնությամբ Իր մաքուր կամքով ինձ սրբագործած՝ Հորդ ընծայելով՝ Միաժամանակ ամբողջ իմ շնչով անբաժանորեն Կապի, միացնի բարեշնորհիդ հետ:
Որի համար՝ քեզ, Հորդ ու Սուրբ Հոգուդ՝ Երրյակ անձնավորությանդ՝ մի բնությամբ և մի
աստվածությամբ-

Փա՜ռք և բովանդակ արարածներից գոհաբանություն Հավիտյանս հավիտենից. ամեն:

Բան ԻԵ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ քանզի նախորդ իմ ողբերի մեջ ես մասամբ միայն նկարագրեցի
Մեկը մյուսից ծանր ու գերազանց մեղքերն իմ այնքա՜ն,
Որոնց գերին է դարձել վշտակիր և թշվառ հոգիս,–
Ուստի ես պիտի փոխեմ իմ խոսքի եղանակն հիմա,
Բայց ո՛չ ավաղանքն իմ աղետների:

Բ

Կյանքըս ինձ համար նման է սաստիկ ծփացող ծովի,
Ուր հոգիս, մարմնիս շինվածքով՝ իբրև նավակում,
Իրար վրա խուժող անթիվ, անհամար ալիքներից,
Տարուբերվում է միշտ այս աշխարհում:
Եսային ևս այս օրինակով պատկերացրեց Երուսաղեմի հախուռն ու հանկարծադեպ քանդումը պարսիկ հրոսակներից,
Որ և սխալ չի լինի համեմատել իմ հոգևոր խորտակման հետ:
Մինչ ես չվում էի անհոգ, անտարակույս վստահությամբ,
Հազիվ թե մտքիցն իմ անցկացնելով դույզն-ինչ կասկածանք ինչ-որ արկածի
Փոքր այն միջոցին հանգստի միջև և աշխատության,
Իբրև թե արդեն նավահանգիստը հասած լինեի,-

Եվ ահա՛, ամառվան մեջ ձմեռն հանկարծահաս՝
հողմով իր բքաբեր Երեքալյան ուժգին բախումով խաղաղությունը
խռովեց հանկարծ:
Խորտակվեց նավը՝ վայրագ ալիքների բախումից.
Թիակների կազմվածքը քայքայվեց. Պոկվեց իր տեղից կայմը վերամբարձ, Թռչարանն առագաստի պատռվեց ծվեններով
անկարկատելի.
Շինվածքի շքեղությունն անշքացավ, Ու խզվեցին բոլոր առասանները ձիգ. Գլխակողմի բարձրադիր դիտարանը խոնարհվեց, Կտրվեց պարանն ապավանդակի,
Խարսխի հենարանը քայքայվեց,
Ու բաժանվեցին իրար կցորդված գերաններն երկու.
Ուղղիչների սամիները գալարվեցին,
Ընկղմվեց լաստի հատակը իսկույն, հիմքն ու հաստարանն ամբողջ շինվածքի.
Ղեկի սարքն ամբողջ սուզվեց տեղնուտեղ, Չվելու հարմարանքները պակասեցին, Կոտրվեց իսկույն ողնափայտն ամուր. Կապարանները զիստի ջարդուփշուր եղան, Նավագոգն անպետքացավ, Հետնակողմը նավի, եզերող շրթներով, խախտվեց ու դուրս թռավ. Բազմոցներն ընկնելով՝ անհետացան. Վայելչագեղ վանդակապատն իջավ հատակ. Շուռ եկավ գահավորակն հանգստավետ.
Իրար կպած տախտակաշարքերն անջատվեցին իրարից,
Եվ նրանց ամրապնդող բևեռները ելան:
Ողբերի հիշատակարան դարձած արդյունքն ինձ նմանվեց:
Նավապետը դեմ-հանդիման նավի՝ դեգերում է, ողբում,
Ձեռքը ծնոտին դրած՝ արցունքի գե՜տ է հոսեցնում:
Նավից մնացած սակավաթիվ բեկորները ալեկոծ ծովի ծփանքի վրա
Բանականների նման խողխողված՝ հեծում են թախծոտ ու ողորմագին:
Եվ այսպես, ահա՛, սխալված չենք լինի, եթե ասենք,
Որ նավապետը բարի իր երկնավոր զորքով՝ այս աշխարհի ծովում
Իմանալի իմ գոյության խորտակված տապանն է աշխարում.
Քանզի արդարև բարեգութ Տերը լացեց
Իր թաղված ազգակցի վրա, որպես օրինակ՝ համայն մարդկության,
Լացեց նա նույնպես մոլորյալ Երուսաղեմի, ինչպես և մոլեգնած Հուդայի վրա,
Որոնցից երկուսը մնացին անհույս՝ նման քայքայված նավի.
Իսկ մեկը նրանցից արդեն անդունդի հատակը հասած՝
Հույսի առասանն իր ձեռքն ունենալով՝
Դեպի ապահով խաղաղությունը դուրս եկավ նորեն:

Գ

Կտեսնե՞մ արդյոք ես երբևիցե մարմնի տապանակն իմ բազմախորտակ՝ կրկին նորոգված.
Կտեսնե՞մ արդյոք ողբալի հոգուս նավը փշրված՝ կրկին ողջ-առողջ.
Մեծ տարածությամբ բաժանվածս ես կլինե՞մ արդյոք դարձյալ միացած.
Կտեսնե՞մ արդյոք հոգնաթախիծ վշտացյալիս սիրտը դարձյալ ուրախ.
Կարո՞ղ եմ հուսալ՝ հավետ խաթարված պատկերն իմ բնության հարդարված նորից.
Կտեսնե՞մ արդյոք թշվառացյալիս քանդված տաղավարը կրկին կանգուն.
Հուսա՞մ, թե պիտի տեսնեմ տարամերժ հոգիս ազատված,
Եվ լույսիդ շնորհից զրկվածիս կրկին վերակազդուրված.
Պիտի ցույց տա՞ս արդյոք ողորմաբար վայելքն ընտանի քո պայծառության.
Կտեսնե՞մ արդյոք երբևիցե ամենատխուր դեմքը հոգուս՝ ժպտուն.
Արդյոք կլսե՞մ գուժկան ձայնի տեղ ավետյաց համբավն ինձ առաքված.
Կտեսնե՞մ արդյոք իմ բյուրակործան փշրված անոթն վերանորոգված.
Պատուհաններն իմ մտքի աչքերի կտեսնե՞ն արդյոք պարտամուրհակն իմ մի օր պատռված.
Օրն իմ անձկության քավությանդ շնորհիվ՝ կծագի՞ արդյոք քո լույսը վրաս,
Արդյոք կմտնե՞մ լուսախորանի խնջույքը մի օր քո առաջնորդությամբ.
Անկյանք, ցամաքած ոսկորներս կրկին կկենդանանա՞ն,
Ըստ Եզեկիելի՝ ներգործուն շնչիս ետ գալով դարձյալ զորություն առած.
Կլինի՞ արդյոք, որ կրկին նայեմ քո սուրբ տաճարին,–
Ինչպես մարգարեն, որ աղաղակեց կետ ձկան պորտից,–
Ես, որ կանգնել եմ դեմդ ամոթահար՝ լույսիցդ մերժված.
Մթնածիս վրա խավարասնունդ կծագի՞ արդյոք պայծառ առավոտ.
Եվ մշտասառույց տագնապյալս ես կհասցնե՞մ արդյոք գարուն տեսնելու.
Կտեսնե՞մ արդյոք ճարակ ինձ համար հոգիները դալարեցնող ցողն անձրևային.
Կլինի՞, որ տեսնեմ գազանաբեկ մերժելի ոչխարս կրկին քո ամենագութ կամքի հո՜տը դարձած:

Դ

Եվ, սակայն, ինչպես որ Հոբն է ասում,
Չարի թակարդներն անելանելի պաշարել են ինձ,
Իսկ եթե քո բարերար կամքի ողորմության լույսն ինձ ցույց տրվի,
Քո գթության դուռը բացվի, Փառքիդ ճառագայթը ծավալվի, Ձեռքիդ խնամքը հայտնվի, Կենացդ արեգակի օրը տարածվի,
Քո առավոտյան ըղձալի դեմքը պարզվի, Քաղցրությանդ առատությունն աղբյուրի պես
բխի, Արարչի կողի վտակը հոսի,
Անապակ սիրույդ ծորումը թափվի, Ավետյաց շնորհիդ ծագումն երևա, Պարգևիդ ծառը ծաղկի,
Քո օրհնյալ մարմնի մասունքը բաշխվի, Սակավ ակնկալությունն իրագործվի, Ընդհատված ձայնը ողջույնիդ լսվի, Հեռացած խաղաղությունդ մոտենա:
Այնժամ հավիտյան այս պայմաններով երանելի, Հաստատուն հույսով և հավատով զինված, Ապավինելով Սուրբ Հոգուդ, որ պաշտվում է
Հորդ հետ և փառաբանվում քաղցրաձայն, Քեզ հետ լույսի մեջ անմատչելի, քավությամբ
հանդերձ, Ինձ՝ մեղապարտիս կընծայվի և՛ կյանք, և՛ երանություն:
Եվ սրանք որպես անկորուստ ավանդ կպահվեն իմ մեջ,
Իբր առհավատչյա ճշմարիտ հիշատակի՝ ի ձիր անեղծության,
Երրյակ անձնավորությամբ հզոր, սուրբ ու միակ Եվ անքննելի տերությանդ անճառելի, ահեղ
անունով, Դո՛ւ ես, որ իսկությամբ քո և էությամբ,
Եվ բարձրությամբ քո հարակա, քաղցրությամբ, ողորմությամբ
Եվ մարդասիրությամբ պսակված հավետ թագավորում ես:
Այո՛, բոլորի համար և ըստ ամենայնի, ամենայն բանում կարող ես, գթա՜ծ:
Եվ քեզ վայել է փա՜ռք երկրիս վրա,
Նաև հանդերձյալ մշտնջենական աշխարհում, Մեծ օրն հայտնության, հավիտյանս. ամեն:

Բան ԻԶ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ նրանց հետ, որոնք ողբագին եղանակների
Համաձայն խոսքեր են շարահարում, հորինում հարմար,
Ամեն մի տողի վերջում միևնույն գիրը դնելով, Որով արտասուք հոսեցնելու չափ մորմոքեցուցիչ Առավել սաստիկ ու սուր են ճմլում սրտի ցավերը,-

Ուստի ես ինքս գլուխն անցած այժմ այդպիսիների, Որոնք լալագին բանաստեղծություն են եղանակում, Նրանց ողբաձայն հեծեծանքներով վշտակիր
հոգիս եմ պարզում ահա՛, Որը չի մեռել դեռ բոլորովին աշխարհի համար,
Ոչ էլ իսկապես կենդանի է նա Աստուծո համար.
Ոչ իսկապես ջերմ, ոչ էլ ցուրտ իրոք,–
Ըստ ավետարանչի առակի՝ գրած իր Հայտնության մեջ86Հայտն. Գ. 15-16,–
Որը երիցս ատելի է Երրյակ տերությանն ու ամենատես արարչությանը:
Այս է եղանակն ամենահարմար՝ թախծությունը մեր նկարագրելու,
Հանգավորելով յուրաքանչյուր տող,
Որով և հոգու հույզերը տխուր և՛ս առավել են հնչում սրտառուչ:

Բ

Դրամական պարտքն ուրանալով, ես վատս, հիրավի,
Գործովս անարժան մատնվել եմ վաղ տույժ ու տուգանքի.
Կրկնահանցագործ վատնիչս կորած՝ գանձին արքունի,
Որ մեծ Աստուծո հաշիվ պետք է տա և պատասխանի.
Պետք է բյուր քանքար, մինչդեռ ես չունեմ կշիռ մի ունկի87Հմմտ. Մատթ. ԺԸ. 24:
Ես անբարեխոս դառն արգելքի տակ կապկապված գերի,
Ճաշակում եմ խիստ ցավ ու հեծություն խավարում բանտի.
Տանջվում եմ անօգ հեգ ողորմելիս առանց պաշարի.
Ինձ համար ողբի մի այլ եղանակ այստեղ ընտրեցի,
Եվ այս խոսքերովս այն կսկծալի կոծի փոխեցի.
Նույն չափով ու նույն վերջավորությամբ ես շարադրեցի,
Թիվ անհատելի և խորհրդավոր երկյակ տասնյակի88Այս բացատրությամբ ուզում է ասել, թե ոտանավորի հանգերը կազմված են Ի գրով, որը համազոր է քսանի (=երկյակ տասնյակ 2x10) և որ իբրև առանձին թիվ՝ ունի խորհրդավոր հանգամանք, ըստ ավետարանական առակի՝ տրված ու շահված քանքարների կամ վնասների գումարը՝ 20:
Իմաստն այս է. «Այս ոտանավորի հանգերը ես նրա համար «ի»-ով:
Հնոցն աղքատության մրրկվում է ամեն կողմից ուժգնակի.
Անպաշտպան, թշվառ՝ դրված է տխուր սիրտն իմ գրավի.
Ապաշնորհ, տկար մարդ եմ ենթակա միշտ վրիպանքի,
Շուտով ինձանից անզիջում կերպով դատ կպահանջվի:
Զգայարանս մահվան ու մեղքի զենքով կխոցվի, Գերիս՝ անփախուստ կերպով մատնված բռնի
ախտերի, Հոշոտում է ինձ սաստը սուր սրով իր սարսափելի:
Այժմվանից, նույնիսկ, երբ բեմն եմ հիշում ես դատաստանի,
Անլույս մռայլը չարատես աչքիս առջև կփռվի. Անօգ, կապկապյալ եղկելիս մատնվել եմ տարակույսի.
Երևում է ինձ պատկերը երկյուղ ազդող վերնայնի:
Տարտարոսի մեջ անարև սաստիկ և անծածկելի, Գեհենի հրում մորմոքվում է հույժ անձն իմ
եղկելի, Անհայտ ու անհետ կորած-կործանված անդնդում մեղքի:
Ահա ունեցածս արծաթն անպիտան, որ արժեք չունի,
Որ չի ընդունվի տերունի գանձում և չի ամբարվի:
Հանցանքս է պղտոր, և ձեռքս անմաքուր, աննվիրելի.
Բայց ես սրտաբեկ, մատներս շարժելով, հուսալով դարձի,
Երեսս հողին՝ պաղատում եմ քեզ, դու մա՜յր Հիսուսի.
Բարեխոս եղիր ինձ մեղավորիս, երկնի՛ց իսկուհի.
Մաղթիր քավություն ինձ, ո՜վ զորավոր փրկանակ կյանքի,
Թող երկրի վրա միշտ օրհնություններ, բուրումներ խունկի
Եվ անուշահոտ յուղեր մատուցվեն քեզ ախորժելի:

Գ

Իմ այս ողբերի հյուսվածքի վրա ես մի ուրիշ մաս ևս ավելացրի,
Շնորհապարգև մեծ բարերարին առատ արցունքներ ընծա բերեցի.
Չկարողացա չափելով երբեք գտնել խորությունն ես իմ կորուստի,
Հազիվ թե հակիրճ խոսքերով միայն ես նրան հանդես բերել ջանացի,
Չհասա նրան ես մինչև անգամ արագացնելով թևերն իմ մտքի:
Խորունկ մեղքերից խելքըս պարտըված՝ բարկության բաժակն իմ ձեռքը առի,
Տարակուսանքի տարտամությունն իմ ես ինքս իբրև մահ ճաշակեցի:
Եվ այժմ էլ, ահա, հանցանքներս անթիվ երգեցի ձայնովն իմ ողորմելի:
Մի աներևույթ բարկ կրակարան բորբոքվում է մեջս անզովանալի,
Ասես թե անտես հալոց-քուրաներ եռում են սաստիկ, անշիջանելի:
Թունավոր նետի սլաքներ կան սուր՝ շտեմարանի խորքը իմ սրտի.
Ցավառիթ խիթեր մահացու կերպով խոցում են բոլոր երակներս լյարդի:
Ճեպելու անճար՝ աղիքներիցս չեն կարող ելնել ցավերն երկունքի.
Երիկամունքներն իմ երկու կողմից այրում է ջերմը անդարմանելի.
Անչափ կուտակված դառն մաղձն ահա նախադուռն է իմ հասել կոկորդի:
Շնչափողիս մեջ հնչում են ուժգին վհատեցուցիչ ձայներ ավաղի,
Էությանս բազում մասերը՝ ներհակ իրար դեմ ելել են պատերազմի.
Կասկածանքների վախով վարանած՝ մատնվել եմ ես անհուն տագնապի,
Թեև հարազատ՝ ջարդում են իրար դավաճանաբար, ինչպես թշնամի,
Թաղված մեղքերի գարշելի տիղմում՝ ո՛չ մեռած եմ ես և ո՛չ կենդանի:
Հայացքս քեզ եմ ուղղում, բարերա՛ր, կասկածը սրտումն իմ պատժապարտի,
Որպեսզի կյանքի անհույս այս վիհից դուրս հանես դու ինձ լույսին անձկալի:

Դ

Նա, որ մատյանը այս շարադրեց՝ Երջանիկների շարքում պսակվի, Ակնկալելով ողորմությունըդ՝ Անարատներին թող հաղորդակցի, Եվ հանուն Բան-Աստծուդ զենման՝ Բարեգործությամբըդ կենդանանա, Գովյալ շուրթերիդ օրհնությունը թող Գիրքս ընծայողի գլխին [միշտ] մնա,
Հաստվի ըղձական սողսոսնյան խոսքը առակի89Առակ. ԺԱ. 31::
Բարձրյա՛լ, քո Հոգով պատկերագրիր Անեղծանելի նորոգման համար, Քանի որ դու ես ներողը միակ,
Ո՛վ ներողամիտ, փա՜ռք քեզ հավիտյան:
Ամեն:

Բան ԻԷ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Քանզի ողբաձայն բանաստեղծության հետ վերընծայեցի և՛ չափական խոսք,
Հյուսեցի կական ու կողկողագին հառաչ-հե- ծություն,
Դառնաթախիծ լաց, արտասվագին երգ,–
Այժմ վերստին պիտի սկսեմ պաղատանքներն իմ Խոստովանորեն և զղջողաբար, բարբառելով բաց Ու մերկանալով ծածուկն ու գաղտնին:
Որպեսզի սկիզբն ամեն մի տողի, ինչպես և վերջը միևնույն բառի կրկնությամբ,
Այս թախանձալից և նմանաձայն աղոթքը այստեղ ես պիտի դնեմ,
Որ խոնարհություն է հոգեկեցույց:

Բ

Մեղա՜ ես Մեծիդ բարերարությանն, անարգս՝ մեղա՜.
Մեղա՜ ծագումիդ ճառագայթների, խավարս մեղա՜.
Մեղա՜ շնորհիդ երախտիքներին, արդարև մեղա՜. Մեղա՜ երկնային գթառատ լույսիդ, հայտնապես մեղա՜.
Մեղա՜ ոչնչից կյանք ստեղծողիդ, ստուգիվ մեղա՜.
Մեղա՜ գերագույն գոգիդ գրգրալիր, անսահման մեղա՜.
Մեղա՜ աննվազ լույսիդ վայելմանն, նենգողս մեղա՜.
Մեղա՜ ճաշակմանն անճառ քո կենաց, բյուր անգամ մեղա՜.
Մեղա՜ միշտ անհաս քո պարգևներին, հանապազ մեղա՜.
Մեղա՜ քո գովյալ մարմնին Աստուծո, մահու չափ մեղա՜.
Մեղա՜ Արարչիդ պաշտելի արյանն, իսկապես մեղա՜:
Ահա՛, արդարև, հատվածն այս խոսքի՝ «Մեղան» օրհնյալ է և հուսադրական, սրտերի
համար:
Ավանդ է նա պատվական, անմոռաց պատկեր, հայրենական տուրք,
Նախահարց օրենք, պաշար ընդհանրական, Անհերքելի խոսք, զորավոր պատասխան, Կենդանության կամուրջ՝ ախորժելի՝ վերնայնին, սիրելի՝ սրբոց, Անխզելի կապ, հրաշալի բարբառ, անժխտելի
փաստ,
Բաղձալի աղերս, փափագելի սեղան, անճարներին ճար,
Կարծրության վանիչ, կարգ աստվածապաշտների,
Հեթանոսաց գիրք, վաղնջական օրենք, Քրիստոնյաներին հարազատ և հաղթող՝ արարչությանն, Անջրպետ հզոր, ահավոր խտրոց,
Բարձրագույն արվեստ, խորություն անչափ, հիահրաշ տեսիլ,
Կնքված խորհուրդ, որին չի կարող թափանցել ոչ ոք,
Արագաթռիչ միտքը մինչև իսկ անընդունակ է ըմբռնելու այն:
Ձայն բարեպատեհ և հրաշալի, որը չլսվեց,
Երբ դասը մերժված ընդունում էր իր վճիռը վերջին.
Գուցե և այնժամ ետ առնվեր իսկույն մահապարտության վճիռը արդար,
Որով դատաստանն այլևս անելիք չունենալով՝ Հավիտենական սահմանը պիտի լուծվեր, վերանար:
Մեծագույն փառքի զարդն է այն, որով նույնիսկ աստվածությունն ինքը կպսակվի պայծառորեն:
Քանզի ո՞վ էր, որ վազելով՝ բռնեց եղջյուրներից այս սուրբ սեղանի
Եվ ազատվելով իսկույն պատժից՝ չմաքրվեց90Հին օրենքի համաձայն Սեղանի եղջյուրներին փարվողը չէր:
Իսկ եթե Աքար Քարմյանն ու Սավուղ Կիսյանը և Սիմոնյան Հուդան91Աքար Զարմյան (Քարմյան), որը գողություն արավ Երիքովի ավարից (Հեսու Է, 20):
Սավուղը Իսրայելի թագավորն էր, իսկ Հուդան՝ մատնիչը:
Այս երեքն էլ հանցավոր էին. առաջինը՝ գողության, երկրորդը՝ կամապաշտ անհնազանդության և երրորդը՝ տիրամարտության համար:
Երեքն էլ թեև զղջացին, բայց նրանց զղջումն ընդունելի չեղավ:
«Մեղան» այս ասելով հանդերձ չարդարացան, Վկայում եմ և ես իրավամբ, խոստովանելով, թե
արդարացի էր ճշմարտապես:
Զի նրանք, որ ակամա և բռնադատյալ են այդ խոսքն արտասանում,
Չունեն կատարյալ սեր, հետևապես՝ և փրկություն:
Իսկ ես կամովին եմ համբուրում, կրկնելով դարձյալ խոսքն այդ երջանիկ, որ մկրտությունս է հարազատ:

Գ

Մեղա՜, որ մոռացա երախտիքներդ, վերստին մեղա՜.
Մեղա՜, որ եղա ես հանձնապաստան, հիմարս մեղա՜.
Մեղա՜, որ կյանքիդ դրժողը եղա, իսկ և իսկ մեղա՜.
Մեղա՜, որ խոսքերդ արհամարհեցի, չարաչար մեղա՜:
Մեղա՜, սատակման օրվան վազելուս, վատթարս մեղա՜.
Մեղա՜ պարտականս անկենդան մահվան, ծաղրելիս մեղա՜.
Մեղա՜ անպատկառս՝ բարձրությանդ հանդեպ, տաղտկալիս մեղա՜:
Դարձյալ ու վերջին անգամ աշխարանք իմ հոգու համար:
Ես ինքս եղա ինձ դեպի կորուստ-կործանում տանող,
Զի անդարձ կերպով հեռացա և որդիս՝ թշնամի համարվեցի,
Ընկա երկնքի բարձրությունից և վարքի փշեր դիզեցի:
Եվս առավել է սաստկանում ողբերիս աղաղակն ահա,–
Զի ես ինքս անձամբ անարգեցի Ու դարձըրի ինձ կորուսիչ բագին:
Ունեմ ես նաև մի այլ դժնդակ կսկիծ իմ սրտում.-

Ուրիշները ինձ համարում են այն, ինչ որ չեմ
երբեք:
Արտաքնահարդար բաժակս անմաքուր, Ծեփված որմս գարշելի, Սին պարծանքներով պաճուճյալս, լույսս՝ մռայլի փոխված, Գերանակիր աչք թշվառ, փառքի շիջած ջահ.
Հանցապարտ իրոք և վնասակար ամեն ինչի մեջ ըստ ամենայնի,
Հանդեպ տերունյան տնօրինությանց և աստվածային հայտնությունների,
Եվ արարչագիր երևումների և խոնարհությանց հանդեպ սոսկալի,
Եվ նրա հանդեպ, որին ես իմ իսկ աչքերով տեսա,
Եվ որի համար ես ավելի եմ պատասխանատու, քան թե համորեն Ավետարանի:
Եվ այդ է, որ ինձ պատճառում է զարմանք և հիացում,
Հոգսեր մաշողական և տարակույսներ անկարելի,
Հաշիվներ՝ մտքում անզետեղելի,
Ելքեր անկատար, էջքեր անհաստատ, հուսալքումներ,
Հանդիմանություններ տեղին ու ծաղրուծանակ, Նզովքներ իրավացի և անեծքներ արժանահատույց:
Սրանք են ահա կշտամբությունները մեղավորիս
Եվ ինքնահարված տանջանքները իմ:

Դ

Միայն դո՛ւ կարող ես հանցանքներս ներել Եվ բուժել մահացու խայթվածներն ամեն, Տե՜ր ողորմության, Աստվա՛ծ բոլորի, Քրիստոս թագավոր բարձրյալ Հոր Որդի, Ստեղծիչ, գթած, բարերար, օրհնյալ առատաձեռն, հարուստ, Ահավոր, հզոր, ողորմած տեսուչ, ձեռնկալ հաստիչ,
Ապրեցնող, դարմանող, փրկող, Երկայնամիտ, անոխակալ, ապավեն, Բժիշկ գովյալ երկնավոր, անճառ լույս ու կյանք, Հարություն, նորոգություն և քաջություն,
Եթե համաձայն քո սովորության՝ մարդասիրությամբ նայես ինձ վրա,
Ես էլ նայելով քեզ՝ դառնապես կողբամ. Եթե լսես ինձ՝ կհառաչեմ.
Եթե ականջ դնես՝ կպաղատեմ. Եթե ներես ինձ՝ կաղաչեմ.
Եթե դառնաս դեպի ինձ՝ կգոչեմ. Իսկ եթե անտես առնես՝ կկործանվեմ. Եթե ոտնահարես՝ կուլամ.
Եթե հոգեպահիկ չընծայես՝ կմեռնեմ.
Ապա եթե ահարկու դեմք ցույց տաս՝ կսատակեմ.
Իսկ եթե սաստես՝ կդողամ.
Եթե խեթ աչքով նայես՝ կսոսկամ. Եթե բարկանաս սաստիկ՝ կսարսափեմ. Եթե հալածես՝ կհեծեմ.
Իսկ եթե ընդվայր զարկես ինձ՝ կոչնչանամ.
Եթե վհատ ողբերս չդադարեցնես՝ կտագնապեմ. Եթե խստանաս՝ կփախչեմ.
Ապա եթե սպառնաս՝ կընկճվեմ. Իսկ եթե քննես՝ կքարկոծվեմ.
Եթե ուժգնակի ակնարկես՝ կսուզվեմ. Եթե չխնայես՝ կմերժվեմ.
Եթե կանչես՝ կկասկածեմ.
Իսկ եթե աչքդ հառես վրաս՝ կամաչեմ. Եթե ձայն տաս՝ կերկնչեմ:
Զի անարգել եմ ես պարգևները բարի,
Երանությունը թողել, շնորհը լքել և ուխտը դրժել,
Կենաց ավանդը մոռացել,
Համարձակությունն ու վստահությունը կորցրել,
Արարածների ստեղծողիդ բարկացրել, Անճառելի շնորհն եմ ընդոտնել Եվ պատվական պատկերն այլայլել:
Իսկ եթե խեղդող հեծությանս այս իմ ու ցավերիս մեջ
Մարդասիրություն հասցնես դու ինձ, Տե՜ր Հիսուս Քրիստոս,
Վրաս ի կատար ածելով խոսքն այն,
Թե՝ «Բժշկությունը դադարեցնում է մեծամեծ մեղքերն»,–
Ապա ես այնժամ քո առատագույն մարդասիրությամբ պատվաստվելով քո մեջ
Եվ նկարելով լուսեղեն պատկերդ խորքը իմ հոգու,
Նորից գտնված՝ կգոտեպնդվեմ քավված լիովին Ու փրկվելով՝ կրկին կստեղծվեմ հավիտենական
անարատ կյանքով. Եվ քեզ Հորդ հետ և Սուրբ Հոգուդ փա՜ռք հավիտյան. ամեն:

Բան ԻԸ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ, ո՞ր մեղքերս հայտնեմ և կամ որո՞նք մատնացույց անեմ,
Որպիսիների՞ մասին ես խոսեմ.
Որքա՞ն ծածուկ հանցանքներ մերկացնեմ կամ որո՞նք խոստովանեմ,–
Ներկայիննե՞րը, որոնք արդեն ունեմ, Թե՞ անցյալինները, որոնք կուտակեցի. Գալիքնե՞րը, որոնցից վախենում եմ,
Թե՞ գայթումներս բազում, որոնք ինձ գլորեցին. Փո՞քրն իմ կարծիքով, որը սակայն մեծ է համարում Աստված, Թե՞ անմարմինը, որն հիշատակել մինչև իսկ
չարժե, Քի՞չը, որ շատ է, թե՞ թեթևները, որոնք ծանր
են ու խիստ.
Հոգեկան կրքե՞րը կորստաբեր, թե՞ մարմնական ախտերն սպանիչ.
Հեշտառիթնե՞րն սկզբում, թե՞ վերջում վնասողները,
Աներևույթնե՞րը, թե՞ տեսանելիները.
Ձեռքով շոշափվողնե՞րը, թե՞ հեռվից շնչողները.
Լայնակի դյուրին խածոտողնե՞րը92Մեղքի չորս կողմը գործած ավերներն է ակնարկում:, թե՞ երկարորեն արձակված նետերը.
Խոր խոցողնե՞րը, թե՞ հայտհանդիման սպառողները.
Պոռնկությո՞ւնը բազմագլխյան, թե՞ հիվանդությունն անբժշկելի.
Չարի պարարո՞ւմը մարմնովս, թե՞ բարուն սովելը հոգովս.
Աստուծո համար անախորժներին տածած խնամքնե՞րս,
Թե՞ բռնադատման պարանով ձգվելս նույն մոլեգնությանը.
Դեպի մահ տանող մեղքե՞րը, թե՞ խոհերն ունայն:

Բ

Արդարև որպես կամավ խելագար, ձորձերս հանելով,
Ամոթույքս ցուցադրեցի ես, գործելով ընդդեմ իմաստունի.
Թե՝ խոհեմները ամոթույքն իրենց պետք է որ ծածկեն93Առակ. ԺԲ. 16:
Հեռացել եմ ես բարի կարգերից և օտարացել առաքինության,
Սրբության մեջ եղել եմ անսուրբ և կուսության մեջ՝ անմաքուր,
Արդարության մեջ՝ ամբարիշտ, բարեպաշտության մեջ՝ վնասապարտ.
Բերանովս մոտ եմ ստեղծողին և խորհուրդներով՝ հեռու,
Շրթունքներովս եմ ես պատվամատույց, ըստ մարգարեի, և ո՛չ թե սրտովս94Եսայի ԻԹ. 13:
Եվ եթե պետք է քստմնելիներ ասել այստեղ,-

Մի հանդգնություն, որ տանջանքներից ծանր է
ավելի,-

Որպես Աստուծո պաշտոնյա անպետ, անկայուն
մտքով, Դեպի մահ տանող զույգ ճամփաների միջև վարանած՝ Ջանում եմ ու չեմ շահում ոչինչ,
Հետապնդում եմ ու չեմ հասնում, Շտապում եմ ու չեմ ժամանում, Փափագում եմ ու չեմ հանդիպում, Ունեմ ամենայն ինչ երկրավոր,
Եվ պատգամավոր եմ աղոթանվեր համայն աշխարհի:
Բայց դու, բարերա՛ր, ներիր այս բազում իմ հանցանքները և միտ մի՛ բերի.
Քանզի դյուրին է քեզ համար ջնջելը նրանք, Քան թե ինձ համար նկարագրելը հոգնատանջ
ձեռքով:
Ուստի գրեցի առանց խնայելու,
Որպեսզի դու էլ առատապես ջնջես, օրհնյա՜լ:
Չէ՞ որ մեղավորներիս համար կոչվեցիր դու
երկայնամիտ,–
Ինչպես աղոթեց Եզրասն երջանիկ՝ սրտի հեծությամբ,
Երբ հո՜ւյժ անձկությամբ և վհատ հոգով հիշեց գործերն այն, որ պատմում է նա:
Ամեն տեսակի մահացու կրքերով տանջվում եմ ես,
Ընկած գարշելի վիհը՝ դժնդակ և ապականիչ մեղանչումների:
Եվ չեմ հավատում, թե մինչև անգամ կլսես դու ինձ, ինչպես Հոբն է ասում:
Արդ, ահավասի՛կ, ես ինքնապարսավ, անձնադատ գերի՝
Կամավորապես ինքս ինձ մատնելով,
Ապրելու բոլոր հնարներն իմ առջև փակեցի, Խափանեցի ու կնքեցի ամուր ամեն կողմից, Որ փրկելով ինձ՝ մեղքերով կապկապվածիս՝
կրկնակի անգամ մեծանաս, գովյա՜լ:

Գ

Եվ սակայն հետևելով մարգարեի բարեխրատ խորհուրդներին,
Մենք էլ նրա հետ աղոթենք պիտի Հոգովդ երգելով,
Հաստատուն հույսով քեզ ապավինած:
«Խոսքեր առեք ձեզ հետ,–

ասում է Ովսեեն,–
դարձեք ձեր Տիրոջն ու ասացեք նրան. «Կարող ես դու մեր մեղքերը ներել», որպեսզի
բարիք ստանաք,
Եվ ունենաք վայելք բարօրության»:
Աստված ահա խոսեց և ո՛վ է, որ չկամենա լսել. Նույն ինքը վկայեց, և ո՛վ է որ չուզենա հավատալ:
Արդ, այս խոսքերն են՝ վճիռ պաշտելի, Սրբազան պայման, օրենք անփոփոխ, Կենաց ավետիս, նշան տերունի և բարության
դուռ, Սփոփիչ հրավեր և ճշգրիտ պատկեր,
Անպակասելի գանձ, անմոռաց հիշատակ:
Առ այս, և ես հավատալով՝ հաստատում եմ այդ՝ մարգարեի հետ,
Թե կարող ես ներել բոլորովին մեղքերս բազմաբեղուն:
Եվ այդպիսով՝ ավելի պիտի մեծանաս դու ու բարձրանաս կրկին
Իմ կործանված և ամենաթշվառ հոգու հանդեպ:
Ամեն ինչում կարող ես դու, բավարարում ես
բոլորին և հասնում ամենուրեք, Հաղթում ես բոլոր բռնություններին և փշրում
կարծրություններն ամեն.
Վանում ես ամեն ընդդիմադիր ուժ և վատնում ամեն խստություն.
Ընդոտնում ես ամեն սրություն և բոլոր դառնություններ անուշացնում,
Քաղցրացնում ես բոլոր դժվարամոքելիները, Բաշխում ես պարտքերը բոլոր և ներում հանցանքներն ամեն:
Կարող ես, զորավոր, հզոր, հնարավոր ես դու և ամենարվեստ՝
Ընկղմել բոլորի մեղքերը, չքացնել ու բառնալ մեջտեղից.
Ինչպես փայլն այն փոքրիկ կայծի, չնչին չափազանց և չքոտի,
Որ ընկնելով ծովը տիեզերատարած՝ կորչում է իսպառ:

Դ

Արդ, մատյանն այս վերծանողների աղոթքների խոսքով,
Ողորմի՛ր Որդուդ խաչի և մահվան չարչարանքների համար, Հա՜յր գթած,
Որ նախապատճառն եղավ ողբաձայն և արտոսրածին իմ այս նվագի,
Եվ որ պատրաստեց կենաց փրկության դեղն այս մեզ համար,
Թող ի՛նքն էլ բուժվի քո անվամբ, հզո՜ր:
Նա, որ մեզ այսպես խոստովանության ճամփան ցույց տվեց,
Թող իր պարտքերից լինի անարատ:
Նա, որ հպարտության թևերը կտրել վարդապետեց մեզ կենաց կանոնի այս պատգամներով,
Թող որ ազատվի բոլոր մահառիթ պատահարների չար կապանքներից
Եվ Երրորդությանդ բարեգործությամբ նորոգվի դարձյալ և լուսավորվի.
Ընդ որում և մե՛նք պիտի համարենք մեզ երջանկացած:

Ե

Դո՛ւ, որ այսքան շատ հրաշքներ ես գործել, Հայր ամենաստեղծ, անուն ահավոր, ձայն սարսափելի, Կոչումն ընտանի, խոսք համբուրելի, ազդումն
սքանչելի, Հրաման սոսկալի, էություն անքննելի, գոյություն անճառելի, Իսկություն անբավելի, զորություն անզննելի,
կամք ամենաբարի, Տերություն անսահմանելի, մեծություն անչափելի, բարձրություն անբովանդակելի, Քանակություն անկշռելի, առավելություն
անհասանելի, Պատճառ Որդու՝ հայրությամբ, այլ ո՛չ նախադաս լինելով.
Քո միջոցով և անպարագիր քո զորության շնորհիվ
Սաստի՛ր տառապեցնող ու դիվական տենդիս ջերմությունը,
Որ սպրդելով՝ մեղքի հետ մտավ ներս, որպեսզի փախչի մարդուց,
Զարհուրելով երկնավոր գառիդ սխրալի և առատահոս արյան վտակից,
Որով սրսկվեցինք թեպետ մի անգամ, բայց մաքրվեցինք մշտնջենապես:

Զ

Եվ արդ, արարչակերտ այս խորհրդի պատկառելի խոնարհությունից
Թո՛ղ ամաչի սատանան իր հրեշտակների չար գործերի համար,
Տանջվի՛ թող և հալածվի, հեռանալով ու արտաքսվելով
Քո բնակարանն եղող մարմնի խորանից դեպի խավարն արտաքին:
Եվ ջնջի՛ր, սրբիր, դու մեր դեմքերից արցունքն ողբագին
Եվ հեծեծագին հառաչանքները մեր սրտերից հա՛ն,
Հիշելով հարվածները քստմնափուշ, ժանտատեսիլ և մահառիթ այն բևեռների,
Որոնցով գամվեց Միածինը քո՝ խաչի աշտարակի վրա՝ թող չարը ցավի գա
Եվ կողքը հերձող սայրասուր սլաքի ուժգին բախումից,
Որից խորապես մեծ վերք ընդունեց,
Նախապատճառը մահվան թող իսպառ սատակի՛, կորչի՜:
Եվ քանզի հոգին ավանդելիս իր գովյալ գլուխը խոնարհեց քո գիրկը, Բարձրյա՜լ,
Ուստի ապստամբությունն անբարի բարքի տեր Բելիարի
Թո՛ղ ի կոր կործանվի, ըստ ամենայնի կորուստի մատնված:
Եվ դարձյալ, քանզի անմահ իսկությունն թաղվեց ու ծածկվեց երկրի արգանդում,
Ապա, ուրեմն դրանով թող որ գոռոզի հոխորտ հպարտությունը
Մահվան դժոխքի մթաստվեր ու խոր հատակը դիտի,
Եվ թող որ հիշի առաջին հարվածն անբժշկելի, Որով մահացավ դիմադրությունը թունոտ վիշապի՝ Ամենազորի կենարար չարչարանքների գնով:
Ի փառս քո և ի գովեստ Որդուդ ու Սուրբ Հոգուդ է
Խոստովանությունն այս, Հա՜յր ողորմության, Քանզի խորախորհուրդ ձեր միության մեջ Մեկդ մյուսի զորությանը կարոտություն չունի:
Ուստի և մենք փառավորելով Բանդ անսկիզբ ու
մարմնացած՝ Փառավորած կլինենք նույնպես Հորդ անժամանակ:
Եվ քեզ՝ միակ Սուրբ Երրորդությանդ, Հավասարապատիվ տերությանդ, Համաբուն, անբաժան ինքնությանդ՝ Օրհնաբանություն, գոհություն, զորեղություն Եվ անճառ վայելչություն մեծության բարեվիճակ հարթության, Զուգակշիռ հավասարության՝ հավիտյանս. ամեն:

Բան ԻԹ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Դո՛ւ ես բարիքի սկիզբը միայն,
Գթություն անճառ, Որդիդ բարձրյալ միակ Աստուծո,
Որ ամբողջ օրը արիր մեզ համար ներման փրկարան,
Եվ ո՛չ կորստյան դատապարտարան,
Օրվա չարը փոխարկելով ինձ համար հույսի ավետման:
Բժիշկ ախտավորիս, Հովիվ մոլորյալ ոչխարիս, Տեր՝ քեզ ապավինած ծառայիս,
Գինի անապակ՝ մեծապես տրտմածիս, Դեղ-սպեղանի՝ վիրավորվածիս, Ազատություն՝ մեղքով գրավվածիս, Բարի օրհնություն՝ մերժվածիս, Շնորհաց կնիք՝ արհամարհվածիս, Կոչումի օծումն՝ կողոպտվածիս, Կանգնումն կրկին՝ կործանվածիս, Պատսպարան հզոր՝ գլորվածիս,
Օժանդակդ վեհ՝ սայթաքածիս, Դուռ բարձրադիր՝ տարակուսածիս, Սանդուղ երանության՝ եղկելիիս, Ճանապարհ ուղիղ՝ մոլորվածիս, Թագավոր ներող՝ պարտվածիս, Քաղցր հուսադրություն՝ լքվածիս, Կյանքի ձեռնտու՝ վտարվածիս,
Դո՛ւ միայն ես մեծ և ամենառատ, որ քո լիուլի բարիքների մեջ՝
Ավելի, քան մենք հասկանում ենք և խնդրում, Սահմանում ես ու միշտ հեղում, ըստ Պողոսի
գոհաբանության:
Քանզի դո՛ւ պատվիրեցիր, որ վաղորդյանից մինչև արևամուտ,
Միևնույն օրում՝ ինն անգամ հիսուն և չորս անգամ տասը հեղ բարիք գործենք՝
Միշտ ակնկառույց, սրտով անարգել ներելով միմյանց մեղքերը սիրով,
Մի բան, որ մարդիկ չեն հուսա երբեք, թե կարելի է այդքանը խնդրել:
Իսկ եթե իմ թշվառությունն ու անարգությունը համեմատենք քո փառքի հետ,
Ամենակարող զորություն ահեղ, Աստված բոլորի, օրհնյալ Տեր Քրիստոս,
Ինչպիսի՞ կշռով և կամ ի՞նչ չափով կհավասարվի հողս՝ հաստողիդ,
Զի անհուն ես դու, անբավ և անհետազոտելի,
Բացարձակ բարի և թե բարկության խավարին՝ անմասն:
Ուստի հույժ նվազ են համեմատած քո մեծության հետ
Թիվն այն աստղերի, որոնք ոչնչից ստեղծեցիր դու ու հորջորջեցիր ուրույն անուններով Կամ մթնոլորտում հեղված նյութն երկրի, որոնք
հաստելով անգոյությունից՝ Կերտեցիր երկրի զանգվածն ահագին՝ Շատ քիչ են, քան թե վերևում հիշված այն թիվը, որով Դու քեզ նմանվել վարդապետեցիր:

Բ

Ահա՛ ընկղմվեց, ծածկվեց անհետ քո երկայնամիտ կամքի լույսի մեջ
Բոլորի չարիքն, իբրև դույզն մեգ, որ փարատվում է արևի տապից,
Ինչպես որ այստեղ մեր իսկ բնական զգացումները
Նույնը ցույց կտան մեր հասարակաց բարքերի մասին:
Քանզի մարդկանցից այն ո՛վ մեղանչեց, և չզղջաց.
Ո՛վ ապականվեց՝ և չամաչեց.
Ո՛վ գարշելի դարձավ՝ և չպատկառեց. Ո՛վ սխալվեց՝ և չապաշավեց.
Ո՛վ կործանվեց՝ և չհեծեծեց.
Ո՛վ գայթակղվեց՝ և չստրջացավ. Ո՛վ հաղթվեց՝ և իր բերանը չփակեց. Ո՛վ խաբվեց՝ և հոգոց չհանեց.
Ո՛վ ճաշակեց լեղի՝ և չդառնացավ. Ո՛վ ընկավ բարձրից՝ ու վեր չցատկեց. Ո՛վ կորցրեց մեծությունը՝ և չաշխարեց, Ո՛վ զրկվեց երանությունից՝ և չլացեց.
Ո՛վ կողոպտվեց փառքի շնորհներից՝ ու չողբաց. Ո՛վ ինքն իր դեմ դարձավ վնասակար՝ և իրեն
չմեղադրեց.
Ո՛վ մերժվեց Աստուծո երեսից՝ և չհառաչեց. Ո՛վ լսեց Աստուծո սպառնալիքներն՝ ու չսոսկաց.
Ո՛վ մի մեղքի դեմ հազար չավաղեց. Ո՛վ մերկացավ ձմռանը՝ և չսարսռաց.
Ո՛վ գործեց անօրենություն՝ և իր խիղճը չքարկոծեց.
Ո՛վ տեսավ ստրուկին իր մեծության մեջ՝ և չցավեց,
Ո՛վ չարիք գործեց՝ և ինքն իրեն չնզովեց. Ո՛վ բռնվեց ախտով՝ և իր անձը չպարսավեց. Ո՛վ ամոթալի գործեր կատարեց՝ և իր մարմինը
չձաղկեց.
Ո՛վ ձեռք զարկեց անպատկառ գործի՝ և իր օրը չանիծեց.
Ո՛վ հիշեց գործածները՝ ու չտապացավ. Ո՛վ մտաբերեց գաղտնիները՝ և չխորովվեց.
Ո՛վ նկատեց ծածուկները՝ և կորստյան մահ չխնդրեց.
Ո՛վ աներևույթները պատկերացրեց՝ և գլուխը չկախեց.
Ո՛վ հեշտավետ մեղանչումների հետ հնոցի անշեջ բոցը չխառնեց.
Ո՛վ պագշոտացավ՝ ու չպապակեց.
Ո՛վ իր կամովին գործած չարիքներն հիշեց՝ և իր սատակման համար չաղոթեց.
Ո՛վ չպատմվելիքները՝ և չխռովվեց.
Ո՛վ մարդկային էության համար անտանելիները՝ և չթախծեց.
Ո՛վ մեծամեծներն՝ ու չմաշվեց.
Ո՛վ անբծությունն ապականողները՝ և չտոչորվեց.
Ո՛վ տարագրության պատճառ եղող հանցանքները՝ և չտագնապեց.
Ո՛վ իր երեսի աղտեղի տեսքը՝ և անձը վերնայնի բարկության արժանի չհամարեց.
Ո՛վ աչքի առջև բերեց գլխավոր մեղքերից մեկը՝ և մահացու զենքով չխոցվեց.
Ո՛վ խայտառակություններն հիշեց՝ և վհատության ողբաձայն վայեր չհյուսեց.
Ո՛վ արքայական իր գահից զրկվեց՝ և կարկամելով՝ վայր չգլորվեց.
Ո՛վ պսակի տեղ հող դրեց գլխին՝ և հոգով չարաչար չմահացավ.
Ո՛վ պայծառ պատմուճանի տեղ քուրձ հագավ՝ և չտխրեց.
Ո՛վ իր կյանքը կորցրեց՝ և չերկնեց արյուն-ար- տասուք.
Ո՛վ լուսեղեն վերարկուի փոխարեն խավար հագավ՝ և չնվաղեց.
Ո՛վ իր սիրելու սուգի վրա չթառամեց:
Սրանք են ահա ճշգրտագույն կերպարանքը հանդիմանության արժանի մեղապարտիս՝ Տխուր դեմք, շիջած ճառագայթ, ցամաքած խոնավություն, նիհարած շրթունք, Անշքացած տիպ, տխրամած հոգի, այլայլված
ձայն, ծռված պարանոց:
Եթե մեկը իսկական ճշմարտությունը ցույց տա, Չի ստի, ասելով՝ Ամբարտավան միտք և անհպարտ սիրտ,
Ու չլինի՝ պարգև խնդրելու անկարող թշվառ և աղերսելու ծարավյալ,
Ինքնակշտամբ դեգերող, իրավամերժ սովյալ, Արդարալլուկ քաղցած, պատշաճադատ հարվածյալ, Ինքնավկա մահապարտ, արժանապես արտաքսված և անձնանեծ եղկելի:
Սրանց օրինակ են ծառայում արդարագործ փարիսեցին, որ կշտամբվեց,
Եվ մեղապարտ մաքսավորը, որ հռչակվեց:

Գ

Եվ արդ, եթե այն չարիքներն ամեն,
Որոնք հնարում ու սերմանում է մեր սրտերի մեջ մոլորյալներիս գտնող բանսարկուն,
Իրենց տեղն ունեն օրվա հաշվի մեջ,–
Ինչո՞ւ չպիտի համրես դու նաև այն բարիքները, Որոնք խնամակալ ապրեցնող քո կամքն է տնկել
մեր մեջ, Արիացնելու համար մեր հոգին, ո՜վ բարեգութ
Տեր, հզոր ու հաղթող, Քավիչ մեղավորների, ամենակարող փրկիչ բոլորի, Եթե ուզենաս՝ անդունդները դու երկնքի կփոխես, Եվ կամ խավարը մթին՝ կփոխարկես լույսի,
Դառնահամ լեղին՝ քաղցր մանանայի.
Եվ կամ սաստկավիշտ ողբ ու կոծերից հարսանյաց ուրախ պար ու նվագներ կարող ես կազմել:
Սրանք բոլորն էլ դյուրին են քեզ մոտ և հնարավոր,
Եվ դեռ ավելի՛ն կարող ես անել,
Զի տիրում ես դու համայն բոլորին ահավորապես.
Փա՜ռք քեզ հավիտյանս հավիտենից. ամեն:

Բան Լ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ, թող ճշմարտվի քո խոսքը, ողորմած Աստված դու բոլորի,
Ներող և օրհնյալ՝ այն մեղավորի մասին,
Որը մի օրում բազմաթիվ անգամ գայթելով՝ վերջապես դարձի կգա զղջացած,
Թեկուզ այդ լինի իր վերջին շնչում Եվ կամ չարություն գործած միջոցին:
Մանավանդ որ դժնյա կցորդս այս անձնիշխանական՝
Մի մարտիկ է միշտ, խաբող շողոքորթ, ստության հարած,
Ըստ առակողի՝ հողմեր արածող, Դժվարբռնելի փախչող՝ հաստողից, Որսողին գերի՝ մոլեկան մարմնիս, Ներհակ տնկակից, որի պատճառած վարանումների Որքանությունը դո՛ւ գիտես միայն:
Սակայն մեղքերին հաջորդում են խիստ հուսահատական և տաժանակոծ,
Բազմավաղելի հո՜ւյժ ողորմագին բարձրաձայն ողբեր,
Արցունքով գրված և ի գութ շարժող թառանչներ թշվառ,
Որոնք մեղքերով տագնապողը, Տե՜ր, տարածում է քո առջև ամոթահար:

Բ

Եվ որպեսզի կրկնաբանությունս շատախոսության չհասնի
Ու չդառնա ավելի ողբալի, քան այս,
Ասեմ, թե նա արքայություն չէ, որ համարձակվում է խնդրել քեզանից,
Այլ միայն թեթևացում տանջանքների.
Ոչ թե կհուսա բնակվել լույսի մեջ ապրողների հետ,
Այլ՝ խավարի մեջ, գերեզմանականների հետ, զգայական շնչով.
Ոչ թե բարձրերի, այլ խորտակվածների և բեկյալների հետ լինել.
Հոգնաբեկ է նա իր հանգստի մեջ և խրախճանքում՝ տրտում,
Դեմքով ժպտուն է և մտքով՝ խոցված. Երեսը ծիծղուն, և աչքն արտասվագին. Առերևույթ սփոփված է ձևացնում իրեն, Իսկ արտասուքը սրտի դառնությունն է վկայում:
Իր երկու ձեռքում երկու ըմպանակ, մեկն արյամբ լցված և մյուսը՝ կաթով.
Եվ վառվող երկու բուրվառ ունի նա, մեկը խունկով լի, մյուսը՝ ճենճերով.
Անոթներ երկու, մեկը քաղցրությամբ լեցուն և մյուսը՝ դառնությամբ.
Մի զույգ բաժակներ երկու նյութով լի, մեկը արտասուք և մյուսը՝ ծծումբ.
Մատների ծայրով բռնած երկու տաշտ՝ գինի մեկի մեջ ու մյուսում լեղի:
Տեսողության դռներ իրարու ներհակ՝ մեկը լաց լինելու և մյուսը սխալվելու տրամադիր.
Իրար հակառակ երկու հալոցներ, մեկն արծարծում է և մյուսը՝ մարում.
Երկդիմի նայվածքներ՝ մեկը ողոքիչ և մյուսն անխնա բարկությամբ լեցուն.
Դեպի վեր պարզած երկու բազուկներ՝ մեկն հարվածելու, մյուսը մերժելու.
Դեմք՝ երկու տարբեր արտահայտությամբ - տխուր ու ցասկոտ.
Մեկի փոխարեն երկու կշտամբանք՝ ներկայի համար և ապագայի.
Ապավինումներ կասկածելի՝ մեկը «գոնե» և մյուսը «թերևս».
Մի բերանի մեջ երկակի բարբառ՝ մեկը եղկություն, մյուսը խռովանք.
Միևնույն սրտում երկու զգացմունք՝ մեկը կասկածելի հույսի և մյուսը ճշգրիտ կորստյան.
Ամպ լի լրթագույն, ահագնատեսիլ կրկնակ տեղումով՝ մեկը սուր նետեր և մյուսը՝ քարեր.
Որոտում ահեղ երկու բերումով՝ կարկուտ ու կրակ95Հմմտ. Ելից Թ. 24.
Ցավագին գիշեր երկու վշտով լի՝ լալու ու մահվան96Հմմտ. Ողբ Երեմ. Ա. 2 Բ. Կորնթ. Է. 10.
Սուգի առավոտ երկու գոչյունով՝ մեկը սաստի և մյուսն սպառնալիքի.
Արևներ երկու՝ երկու կողմերից - մեկը խավարի և մյուսը կիզման97Հմմտ. Հայտն. Զ. 12:

Գ

Եթե մի բռունցք բարձրանա հանկարծ, կարծում է՝ իրեն է հարվածելու.
Իսկ եթե երկարի ձեռք պարգևաձիր՝ նա ինքը իրեն համար հույս չունի:
Երբ մեկը պարծենում է, կորանում է նա,
Եվ երբ գլուխը բարձր են պահում՝ ընկճվում է. Երբ չար արարքներ են հիշվում՝ հեծում է.
Երբ սրբերի մասին է խոսվում՝ ամաչում է. Հանդերձյալի մասին պատմվելիս՝ երերում է. Երբ մեկից օրհնվի հայտնապես՝ ծածուկ անիծում է իրեն.
Երբ գովեստ լսի մեկից՝ կշտամբում է իրեն պարսավանքով.
Երբ նախատվի սաստկապես՝ գտնում է նա այդ իրավացի.
Եթե ուժգին ծաղրվի՝ համարում է այդ սակավ հատուցում նա իր բազմաթիվ մեղքերի համար.
Եթե լսի նա՝ իր մահն են ուզում՝ ասում է «այո՛» և կրկնում դարձյալ.
Եթե երկնքից մահ ու շանթ ճայթի՝ իր դեմքն հազիվ է բաձրացնում վերև:
Իր իրավունքների մատյանն է գոցված, Պատասխան տալու հույսն է կտրված, Համարձակության ճամփան է փակված:
Չէր դանդաղի նա լինել անձնասպան, Եթե չլիներ այդպիսի կորուստն անփրկելի քայլ:
Արդարև վա՜յ այն մեղավորին,
Որ տարակուսյալ կկանգնի երկու ճամփաների վրա, ըստ իմաստունի հոգելից խոսքի:

Դ

Եվ արդ, ինչպե՞ս չես ողորմում, բարեգութ, Այսքան ողբաձայն ու կողկողագին հեծեծանքներիս, Դու այս խոսքով բարձրացար, ասելով, թե՝ «Ես
ողորմած Տե՜ր եմ»:
Ահա՛ չարության դեմ գերուս՝ կա քո բարությունը,
Մահապարտիս դառնության դեմ՝ քո քաղցրությունը,
Կորուսյալիս գտնելու համար՝ քո ճառագայթը,
Հանդուգնիս մոլության դիմաց՝ քո ողորմությունը,
Վնասակարիս խստության դիմաց՝ քո հեզությունը,
Կործանվածիս օգնելու համար՝ քո աջը, Ընկղմվածիս դուրս բերելու համար՝ քո ձեռքը, Անողջանալի վերքերիս բժշկության համար՝ քո
մատը, Ահաբեկվածիս պաշտպանության համար՝ քո
ոգին, Ապերախտիս վստահացնելու համար՝ քո երկայնամտությունը, Ամենադաժանիս օծման համար՝ քո զորությունը,
Մեղավորիս քավության համար՝ քո հրամանը, Փախչողիս ապավինության համար՝ քո ոտքը, Դուրս սլացողիս պատսպարության համար՝ քո
բազուկը, Վրիպածիս առաջնորդության համար՝ քո լույսը,
Տարակուսյալիս հնարավորության համար՝ քո հանճարը,
Անիծյալիս դարձյալ ստանալու համար՝ քո օրհնությունը,
Վհատյալիս քաջալերության համար՝ քո խրախույսը,
Վշտացյալիս մխիթարության համար՝ քո բաժակը,
Նեղյալիս ընդարձակության համար՝ քո կամքը, Ատելուս կանչելու համար՝ քո սերը,
Սասանյալիս հաստատության համար՝ քո խոսքը,
Հոգով վիրավորվածիս համար՝ քո արյան կաթիլը,
Անտես ցավերս ցրելու համար՝ քո ակնարկությունը,
Հուսահատվածիս վերընտրության համար՝ քո իշխանությունը,
Կտրվածիս պատվաստելու համար՝ քո կցորդությունը,
Մահվան խավարով ծածկվածիս համար՝ շողդ կենսատու,
Խռովյալիս հանդարտության համար՝ քո խաղաղությունը,
Վայրագորեն օտարացածիս համար՝ քո ողջույնը,
Մոլորվածիս դարձի բերելու համար՝ քո ձայնը, Զի դու ես տիրում բոլորին քո գթությամբ, Եվ չկա քո մեջ խավարի մասնիկ, Եվ չկա բարություն առանց քեզ, Եվ քեզ է վայելում փա՜ռք հավիտյանս, ամեն:

Բան ԼԱ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ այսպես ահա՛ սաստկացրի ես ինձ անսփոփելի ցավ պատճառող կրքերս,
Ողբալով երկար և՛ հեծեծագին, և՛ մեծահառաչ, Որ դու, ողորմա՜ծ, սկզբնահայրդ անհայտ ու ծածուկ մեղքերի խոստովանության,
Որդիդ կենդանի Աստուծո, Տեր Հիսուս Քրիստոս,
Քաղցրությա՜մբ նայես քավելու համար. Արդարև կարող ես դու և ձեռնհաս ես ճշմարտապես, Եթե կամենաս՝ հնարներ ունես դու.
Ինչքան որ կամենում ես, այնքան էլ կարողանում ես,
Հարստանում ես դու մեծապես՝ տալով, քան թե առնելով,
Բազմանում են գանձերդ ցրվելով, քան թե հավաքելով,
Շատանում է ստացվածքդ սփռելով, քան թե խնայելով,
Դիզվում են պաշարներդ տարածելով, քան թե ամբարվելով,
Հավատալով այսպես այս բոլորին՝ հույս ունեմ ես,
Թե փրկության ե՜լք կգտնեմ քեզանով:
Հավատում եմ անարգս պատվականի հետ, Եվ հույս ունեմ ես Աբրահամի հետ և Աննայի. Զի մեկը հավատաց քո խոսքին, և մյուսը քահանայապետի ձայնին անսաց:
Ուստի և մեկը խոր ծերության մեջ դարձավ անհամար որդիների հայր,
Հուսալով, թե պիտի կարողանար Սառայի արգանդն ամուլ ու զառամ՝
Բազում ժողովուրդների, մարգարեների և ընտիր թագավորների
Պտղածին և օրհնաբեր անդաստա՜ն տեսնել:
Իսկ մյուսն՝ անմշակ երկիր - սենյակը իր որովայնի Բարգավաճեց յոթ զավակներով,–
Թի՜վ անհաշվելի, որ աստվածային հավիտենություն է նշանակում,
Նրա հարակայության սահմանն անհետազոտելի,
Եվ ավազանի նորածին որդոց առատություն անսպառ:
Թիվն այս պանծալի, որ չունի իրեն զույգը հավասար, ո՛չ վերջ, ո՛չ վախճան,
Կուսություն է մի ուրույն ընտրությամբ միշտ նվիրական՝
Որ անճառորեն հավիտենության դժվարմեկնելի խորհուրդն է խորին ու մեր մտքից վեր98Պյութագորյան ըմբռնումով, որ մուտք է գործել նաև քրիստոնեական բնազանցության մեջ, յոթ թիվը համարվում էր կույս թիվ, որովհետև տասից ցած ոչ մի թիվ ծնունդ չի տալիս նրան կամ ծնունդ չի առնում նրանից. այդ պատճառով էլ համարվում էր հավիտենականության խորհրդանիշ::

Բ

Արդ, համարի՛ր դու փրկությունից հուսահատ
հոգուս համար որպես արդարացում
Ամենավարան ու կողկողագին ձայնն այս դառնապես հեծեծող սրտիս,
Իմ հավատքի փոքր այս դավանանքը խնդրագին
Վերոգրյալ երջանիկների հավատքին հավասար դասելով,
Որպեսզի ես էլ ապրեմ նրանց հետ բերկրալից կյանքով,
Ամուր կառչելով քո շնորհներին, քան թե գործերիս:
Մանավանդ որ քո շնորհները բարձր են և կրկնակի փառավոր
Եվ չեն կշռվում ու չափվում խոսքով,
Ու հավատում եմ ես անտարակույս, թե հզորապես կարող են քավել
Մեղքերս բոլոր՝ խաղաղեցնելով խռովությունն իմ:
Այդ շնորհներն են՝ քո ահավոր արյան հետ միասին և՛ մարմնավոր ծնողդ խնկելի,
Առաքյալների խմբերը, դասը մարգարեների, Եվ գնդերը ողջ՝ հեծյալ, հետևակ և սպառազեն, Ու մերկամարտիկ քաջաբար մրցող մարտիրոսների, մենակյացների, Բույլքը ընտրյալ և բարեկրոն վանականների,
Հույլքն երկրի վրա ապրող երկնային հոգեղենների,
Զինվորություններն մեզ կցորդակից վերնականների,
Տուրքը երախայրիքների, մատուցումը զվարակների,
Ջահավառումներն ու բույրը յուղով օծված խունկերի,
Հաղթանակը փրկության նշանների,
Կառուցումներն աստվածաբնակ խորանների, Եվ շնորհի խորհուրդը կատարող ձեռքերը քահանաների:
Այսպես մեր ամեն մի շարժումի մեջ Աստծուն ենք հիշում,–
Երբ քայլ ենք փոխում, ձեռք ենք կարկառում, բազուկ բարձրացնում,
Բարի գործերի համար գոհություն և գայթումների համար աղաչանք ենք վերընծայում.
Ընտանեկան զրույցներում և հասարակաց խոսակցության միջոցին
Մեր բնական ձայնի, գործերի հաջողության և առաքինական ջերմեռանդության պահերին,
Գիշեր թե ցերեկ, քնած ժամանակ և կամ արթմնի,
Քեզնով առաջնորդված հոգևորների օգտակար ընթացքում,
Ազգերի միջև պատերազմների և դևերի հետ մղվող մարտերում
Հերձվածողների հետ վիճաբանելիս, Փոքրերի և մեծերի հետ վերաբերվելիս, Ըմպելիքներ խմելու և կերակուրներ ճաշակելու
միջոցին, Մեզ համար հաճո և թե վշտալից բոլոր դեպքերում, Որոնցից առաջինների համար աղոթում ենք
մենք, որ մնան այնպես, Եվ մյուսները՝ որպեսզի դու զերծ պահես նրանցից՝ Անճառ, անսահման քո հնարքներով սքանչելապես, Քանզի ամեն ոք հավատում է, թե օգնելու
պատրաստ՝ կարող ես դու միշտ, Տակավին ծծկեր երեխաներին, դեռահաս պատանիներին, Վայրենաբարո մարդկանց և գոռոզ ստամբակներին:
Եվ թատերական տեսարանների մեջ մինչև անգամ,
Եվ խառնիճաղանջ բազմությունների խուռներամներում
Եվ կամ հզորիդ կամքին անհաճո կաքավումների ու կայթերի մեջ
Դու չե՛ս մոռացված:

Գ

Դո՛ւ ստեղծեցիր, բոլորին, և քո՛նն են բոլորը, Եվ դու բոլորի՜ն պիտի ողորմես, միա՜յն բարեգութ.
Զի թե մեղանչեն իսկ՝ քոնն են, քանզի քո հաշվի մեջ են,
Եվ գիտեն քո զորությունը, ինչպես առակողն է աղոթել,
Որին ես ինքս էլ ձայնակից եմ իմ խղճուկ խոսքերով,
Որպես հանցավոր հաստատելով այդ:
Հանդգնում եմ ասել, թե նա, ով գովեստով է
տալիս անունդ, հավատալով, թե կաս, Եվ եթե նույնիսկ նա յոթնապատիկ անգամ
հանցանքով վարակված լինի, Ինչպես բերված է որպես ապացույց-օրինակ՝
արդյոք քոնը չէ՞ դարձյալ:
Երբեմն արջնաթույր ագռավների մեջ Սպիտականիշ աղավնիների երամներ ենք տեսնում, Եվ ձիերի մեջ խրոխտ, անմաքուր՝ որոջներ հանդարտաբարո, Եվ գազանակերպ շների թվում՝ օրհնված գառներ,
Խստության մեջ՝ հեզություն, Թերության մեջ՝ կատարելություն, Հանձնապաստանության մեջ՝ խոնարհություն, Ստության մեջ՝ ճշմարտություն, Խորամանկության մեջ՝ միամտություն, Նենգամտության մեջ՝ անբծություն, Չարագործության մեջ՝ բարություն, Լկտիության մեջ՝ պարկեշտություն, Անգթության մեջ՝ ողորմություն, Անհուսության մեջ՝ ապաշավություն, Բարկության մեջ՝ քաղցրություն, Թշնամության մեջ՝ հաշտություն, Խածանողության մեջ՝ անոխակալություն, Չարչարանքի մեջ՝ քաջալերություն, Եվ նետաձգության մեջ՝ օրհնություն:
Ուստի անկարող եղա ես դատել ճշգրիտ կերպով, Թե այն ո՞վ պիտի երկրածիններից կարենա
կանխել ժառանգելու քեզ, Որ կշտամբում ես անաչառորեն և արդարությամբ Այն ամբարիշտին, որը ինքն իրեն մաքուր է
կարծում Եվ այն պոռնիկին, որ զղջացել է:
Բոլորի համար բարեգործդ դո՛ւ, միա՜կ թագավոր,
Օրհնյալ ի բարձունս, հավիտյանս. ամեն:

Բան ԼԲ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ, ես հետինս վերոհիշյալ արժանավորներից,
Պատժապարտների կարգը արդարև դասելով ինքս ինձ,
Ողորմություն եմ խնդրում քեզանից բոլորի աղերս-աղոթքների հետ՝
Նկունների հետ և անհամարձակների, Տկարների հետ և փոքրիկների, Ընկածների հետ և արհամարհվածների, Տարագրվածների հետ և դեպի քեզ դարձածների, Երկմիտների հետ և աներկմիտների,
Կործանվածների հետ և վերականգնածների, Ընկճվածների հետ և հաստատվածների, Գլորվածների հետ և կանգնածների, Մերժվածների հետ և ընդունվածների, Ատվածների հետ և կոչվածների, Ապշածների հետ և զգաստների, Անառակների հետ և զսպվածների, Հեռացածների հետ և մոտեցածների,
Հերքվածների հետ և սիրվածների,
Ամոթահարների հետ և զվարթացածների Եվ ամաչկոտների ու խնդամիտների հետ:
Սակայն ես այստեղ կպատմեմ դարձյալ ոչ թե
մեղքերը Երուսաղեմի, Ըստ մարգարեի հրամանառության իր նախնի
ժողովրդի վերաբերյալ, Կամ Հակոբի տան գործերն անօրեն –
Այլ պիտի գամ հայտնելու իմ մեղքերը, Քանզի իմ մահվան աղետի վրա ավա՜ղ ասելով
ըստ մարգարեի, Ես ինքս իմ ձայնով պիտի մեղադրեմ ինձ՝ Սաղմոսողի խոսքի համաձայն,
Որպեսզի իմ այս համայնապատում խոստովանությամբ
Պետք չունենալով այլևս ավաղ բացականչելու, Մեկ անգամ ընդմիշտ մաքրվեմ Էիդ օրհնյալ
հրամանով:

Բ

Եվ արդ, ահավասիկ, ծունկի գալով բարերարիդ քաղցրության առջև,
Փռվում եմ հողին ցույց տալու համար, թե ինչպես եմ ես ի մահ գլորվում,
Ես, որ սողունի նման սահելով և անասնական գետնաքարշությամբ,
Կամավոր կերպով գամեցի ինքս ինձ այս կորստական անցավոր կյանքին
Եվ սակայն հիմա հենված քեզ, ո՜վ Տեր, Ինչպես մարմնով Դավթի արմատից ընձյուղված99Եսայի ԺԱ. 1 Եվ անճառորեն անեղ աստվածությանդ հետ
շաղկապված հաստատուն գավազանի վրա, որպես կյանքի նեցուկի,
Երախտիքներիցդ պատկառելով՝ կիսով չափ պիտի կանգնեմ դարձյալ,
Կիսաբաց դեմքս հակած դեպի վար, և աչքս դեպի վեր,
Խղճալի հայացք հառելով քեզ, Տե՜ր, որ մոտիկ ես մեր հեծություններին,
Եվ ողորմություն ես բոլորովին, համակ քաղցրություն,–
Եվ լիճը լույսիս լցրած արցունքով՝
Հույսով լեփ-լեցուն պաղատանքներս մեծությա՜նդ պիտի ես վերընծայեմ:
Լսի՛ր աննվազ և ամենառատ երկայնամտությամբ՝ քեզ դառնացնողիս,
Դո՛ւ մեր փրկության պայմանըդ միակ:
Աստվա՛ծ բոլորի, անճառ մեծություն, Անբովանդակելի բնություն, անքննելի իսկություն, Հզոր զորություն, կարող բարերարություն,
անպակաս լրություն, Անճառ ժառանգություն, վայելչական վիճակ,
Առատ պատրաստություն, անստվեր իմաստություն,
Տենչալի տուրք, անձկալի շնորհ, բաղձալի բերկրություն,
Անտխուր հանգիստ, անտարակույս գյուտ, անկապտելի կյանք,
Անծախելի ստացվածք, անփոխարինելի բարձրություն,
Ամենարվեստ բժիշկ, անսասան հաստատություն,
Դարձուցիչ մոլորվածների, գտնող կորուսյալների,
Հույս՝ ապավինածների, լույս՝ խավարածների, Քավիչ մեղանչածների, ծածկարանդ փախչողների, Անդորրիչ խռովյալների, փրկություն մահացածների, Արձակիչ կապվածների, ազատիչ մատնվածների, Պատսպարան սահածների, վշտակիցդ սայթաքածների, Երկայնամտություն տարակուսյալների.
Լուսեղեն տեսք, ցնծության ցույց, օրհնության անձրև,
Հոգի երեսաց, զորություն դեմքի, հովանի գլխի, Շարժիչ շուրթերի, ազդումն խոսքի, կառավար
անձի,
Բարձրացնող բազկի, երկարող՝ ձեռքի, սանձակալ սրտի,
Ընտանի անուն և մերձավոր ձայն,
Կցորդություն հարազատ, խնամածություն հայրական,
Խոստովանված անուն, պաշտելի պատկեր, անպարագիր տիպ,
Երկրպագված տերություն, բարեբանված հիշատակ,
Խնդության մուտք, անվրեպ շավիղ, փառքի դուռ,
Ճշմարտության ճանապարհ, երկնաճեմ սանդուղք,
Եվ այլ բազմաթիվ խոսքեր գովեստի, անհամար շարքով, անբավ տողերով,
Որոնք ո՛չ երկրածին բերանը կարող է արտաբերել,
Ո՛չ կարող է տանել մարմնեղեն գործիքը, Եվ ոչ էլ հոգեղեն իղձերը կարող են կշռել:

Գ

Ամեն տեսնող աչք քեզ է նայում, Տե՛ր, Աստվա՜ծ բոլորի,
Եվ դո՛ւ էլ նայիր քեզ հառաչաձայն պաղատող բոլոր քո ծառաներին,
Աղախիններին, թե նրանցից էլ աղաչող լինի:
Ընդունի՛ր և իմ այս ողբ ու լացով ցանկասեր
աչքիս ցողն արցունքների,
Որով, Տե՜ր Քրիստոս, թրջում եմ ահա՛ ոտքը անարատ քո մարդեղության,
Եվ օրինակով այն խորհրդավոր՝ հանցավոր կնոջ մազերի100Մագթաղինացու,
Ընդունի՛ր նաև իմ դավանությունն ու դարձը առ քեզ.
Եվ համբույրներով իմ շրթունքների՝ կյանքի փրկարար հաղորդությունը քո ճաշակելու՝ Համաշունչ կերպով կապիր ինձ քեզ հետ
անլույծ միությամբ:
Որպես երաշխիք քո ողորմության և քո գթության նո՛ւյնպես բարերար,
Փոքր իմ հավատքի փոխարեն թող որ քո մեծ պարգևը ընդունեմ քեզնից:
Գթառատ սիրով, ծառայիս հանդեպ որ դավանում է անունդ անձկալի,
Թող որ խստաշունչ հողմերը ձմռան՝ Փոխարկվեն հանդարտ մեղմաշունչ օդի, Սաստիկ մրրիկը՝ ախորժ զեփյուռի, Կասկածներն երկչոտ՝ մեծ վստահության, Եվ պատիժների պատուհասները՝ երանության, Թախծագին տագնապները՝ հոգևոր խրախճանքի, Ալեկոծությունները ծփանուտ՝ խորին խաղաղության, Եվ ղեկի թիավարումները՝ ապահով նավահանգստի՜ հասնեն թող,
Մեղքերի բեռների բերքն իմ փոխարկվի՛ թող շնորհաց թոշակի:
Քեզանից եկող այս բյուր և բոլոր բարություններով
Թող որ բարձրանա ամենահզորիդ անունը խնկված ու խոստովանված.
Թող ամաչի չար բանսարկուն՝ վռնդված և հալածական.
Թող ոչնչանան մուրհակները մեղքերիս. Կտրվեն կարթերը, և որոգայթները հեռացվեն, Կտրատվեն կապանքներն ու վիհը վանվի, Վնասները վերանան, ցնդեն պատրանքներն ու
մեղքերը ջրվեն, Պարտաթղթերը պատռվեն, լուծը խորտակվի և
քեղիքը քանդվեն:
Թող որ փոխարեն չար հանցանքների մռայլ մթության
Նաև դևերի մեզ շրջապատող բանակների տեղ՝ Փառքիդ արևը հասնի մեզ աջից, ձախից, դիմացից, թիկունքից նույնպես, Լուսավորելու և ապրեցնելու, փրկելու համար:
Իսկ նրանց վրա, ովքեր լիահույս ապասում են
քո լույսի երևալուն՝ Թող գարնանային ջինջ առավոտյան ճաճա՜նչը
շողա:
Զի կարող ես դու ամեն ինչի մեջ և բարերար ես բոլորի համար,
Կամենում ես դու, որ ամենքն ապրեն և փրկությունն ես ուզում բոլորի:

Դ

Ո՜վ ամենապարգև ձեռք Հիսուս Քրիստոսի, Դարձի՛ր դեպի ինձ, քո շնորհատու աջը կարկառելով, Բնակվի՛ր իմ մեջ և միացիր ինձ,
Չհեռանալով սիրո քո սենյակ՝ անձուկ իմ սրտից:
Նկարագիրըդ անեղծանելի, որ նշխարն է քրիստոնեական փրկավետ կոչման պանծալի լույսի,
Հանդիսանալով միջնորդ քո տեղակ՝
Թող ինձ հետ հավետ մնա անկորուստ այս մատյանի մեջ
Ա՛յն հոգով, որ մեզ հավիտենական կյանքի կտակ էր խոստացել անճառ հորինողդ երկնից:
Եվ քեզ՝ պատճառիդ միակ, և մյուսիդ՝ միակ պատճառից,
Եվ քեզ՝ որ դարձյալ պատճառն ես մեկի, Երրյակ անձնավորությանդ և մի աստվածությանդ Վայելում է փառք վեհ երկնավորներից և սրբերի դասերից, Հավիտյանս հավիտենից. ամեն:

Բան ԼԳ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Բանաստեղծությունս այս պաշտամունքի,
Որ հոգուս բերքից նվիրում եմ քեզ, օրհնյա՜լ բարեգութ,
Խառնի՛ր, կցելով հավասարապես խնկազգեստների նվիրումներին,
Բարեպաշտ կնոջ՝ Մարիամի յուղի հետ անուշահոտ:
Հավասարելով նույն այն երջանիկ պոռնիկների հետ,
Որոնց հարգանքով հավերժահրաշ ընդունեցիր դու,–
Թող որ մեծապես պարարվես և իմ նվաստ խոսքերով,
Անհասանելի և բարեբանյալ բարձրյալիդ գլխին տեղ տալով նրանց,
Զերծ սաղմոսողի բամբասանքներից, որ ասում է, թե՝
«Մեղավորի յուղը թող չօծի վարսագեղ գագաթը»:
Այլ արա՛ այնպես, որ զորեղացած կրկնակի չափով
Բուրումն այս գրքիս խոստովանության ազդի շատերին,
Նման համասփյուռ, ամենատարած տանն աշխարհալիր,
Եվ լինի նրանց հիշատակի պես անմոռանալի:
Դու նույն այն Տերն ես, որ զգաստացրիր կանանց մեղավոր և չարախորհուրդ,
Որոնց այլաբանական նմանությունն էր վարքը մարգարեի,
Որ ճշմարտատիպ քո պատկերի պես կերպավորեցիր.
Առաջ նրա՛նց մեջ այն անճառորեն տպավորելով՝
Ծայրագույն շնորհիդ կատարումը դու ինձ ցույց տվեցիր:
Անասուններին որպես կերակուր գարու փոխարեն՝
Քո կենաց հացի ցորենի բերքը դու բազմահամբար մեզ պարգևեցիր:
Ապականացու արծաթի տեղակ քո արքունական պատկերը տվիր.
Հիմարաբար թմրեցնող գինու փոխարեն Արարչիդ արյան բաժակը տվիր.
Հին ժողովրդի հայրատ կնոջից առած յուղի տեղ՝ շնորհիդ օծումն ինձ դարձրիր դու.
Վերցված գլխաշուք կտավի տեղակ՝ անբիծ վերարկուն.
Պերճաշուք ապարանջանի փոխարեն՝
Օրենքով, Ավետարանով և գործնական առաքինությամբ ձեռք բերված թռիչքներ բարեմասնության.
Ականջը վայելչորեն զարդարող գինդի փոխարեն՝
Հիշատակն անստվեր տերունի ձայնիդ. Եվ լանջքը պճնող մանյակի տեղակ՝
Քո դրած քաղցր և արդար լուծի օրենքներն համակ:

Բ

Բայց ինչո՞ւ սրանցով պարծենամ ես և չամաչեմ դարձյալ նրանց համար:
Ուստի փոխելով եղանակն այս ողբերգական աղոթագրքի,
Ինչ որ հարմար է ինձ և արժանի՝
Մեղապարտությանս պատիժը պիտի հատուցեմ ես այս գլխում,
Որպես խստագույն դատախազ՝ համառոտ մեջբերումներ անելով մարգարեական գրվածքներից,
Ոչ թե նրանց հետ պարելով ուրախ, այլ լծակցելով նրանց ողբերին,
Ուր կան հառաչներ, հեծության ձայներ, ցասկոտ բողոքներ,
Խորտակիչ նախատինքներ, սաստիկ լաց ու կոծ:
Բայց մեծ Աստծուդ գութն ամենահաս հույս ներշնչեց ինձ,
Որով և վերև հիշված բազմաթիվ աղետների հետ տրվեցին նաև՝
Զղջումներ, խոստովանություններ, ավետիս, պարգև,
Լույսի երևումներ, խրախույսներ աստվածային, փառքի ժառանգություն,
Հրաշքների հայտնություններ և տեսիլներ սքանչելի,
Որոնցից ոմանք հույս են ներշնչում, ոմանք պատճառում վհատություններ,
Որոնց մեջ կամավ, ինձ՝ կործանվածիս վիճակվեց կորուստ:
Զի եթե վարագույրի ծածկոցը Եզեկիելն Աստուծո զգեստ անվանեց101Եզեկ. ԺԶ. 16,
Որով ժողովուրդը կարկատուն կուռքեր ստեղծեց, որը պոռնկանալ է համարում նրանց համար,
Հապա ես ո՜րքան ավելի պատիժ պետք է որ կրեմ, Անմաքուրս, որ Աստծուն եմ հագել ներսից ու
դրսից:
Զարմանում եմ ես, թե ինչպե՜ս չեմ կիզվում, Շշմում, թե ինչպե՜ս չեմ հափշտակվում, Տանջվելով, լքվելով, չարչարվելով ու ջախջախվելով,
Մանրվելով, խորտակվելով, կտրվելով ու կտոր - կտոր լինելով
Կորուսչի ժանիքներից, ինչպես որ գրված է Գրքում:
Բայց պահված է ինձ միայն սա՛, որպես հիշեցուցիչ շող փրկարար հույսի,
Թե Քրիստոսյան Ավետարանը կյանք է ճշմարիտ,
Ինչպես որ բառն էլ ա՛յդ է ծանուցում. Որով տրվում է՝ մեր մեղքերին դարձ, Պարտքերին՝ շնորհում, եղծումներին՝ նորոգություն, Քավություն անօրենության, բուժումն վերքերի,
Անդորրություն տագնապի, ներումն պատժի, Հանդարտումն պատերազմի, անձրև՝ կրակի
վրա, Պատուհասի փոխարեն՝ պարգև,
Եվ սատակման տեղակ՝ շնորհի արժանացում, Եվ կյանքի ազատություն՝ մահվան գործիքի
փոխարեն:

Գ

Բայց ինչո՞ւ հիշեմ այսքանն ու մեկ-մեկ թվարկեմ այստեղ,
Անճառելիներն ի բաց թողնելով:–
Բարձրյալ Հոր հիշատակությամբ մեր կցորդությունը Որդու հետ,
Հանուն միածին Որդու՝ ընտանությունը Հոր հետ,
Եվ հաղորդումն Հոգու հետ՝ սրանց ակնարկությամբ
Խաչի փրկանքը և սփոփանքը խոսքի,
Ամենագետի կշռով հոժարակամ վարձատրումն բարվոք,
Ավազանը կենդանարար, որպես միջնորդ հաշտության,
Եվ այլ բարիքներ անթիվ, անհամար՝ բարերարիդ կողմից կուտակված,
Որ զերծ են լծից և հարկից ազատ, Իշխող են և ո՛չ իշխանության տակ:
Սրանք են ահա, որ մահվան դառնության մեջ ինձ անտարակույս կյանք են ավետում.
Զի եթե սրանք ես չունենայի, դեռևս վաղո՜ւց կորած էի ես,
Իսկ և իսկ, ինչպես երգողն է ասել:
Որդուն փոքրացնելով չէ, որ ես փառավորում եմ Հորը,
Եվ ոչ էլ Հոգին նվաստացնելով՝ Որդուն եմ տալիս նախապատվություն,
Այլ դավանում եմ Երեքն Համափառ՝ նույն Արարչությամբ:

Դ

Ամենակալ, բարերար և մարդասեր Աստվածըդ ամենքի,
Երևացողների, աներևույթների Արարիչ, Փրկող և զորացնող, խնամող և խաղաղարար, Հոգի հզոր Հոր, Արդ՝ աղերսում ենք քեզ բազկատարած
Մենք ահավորիդ առջև, գոչելով, Մաղթանքով հեծության, Սաստիկ դողալով և երկյուղով մեծ
Մոտենում ենք անզննելի զորությանըդ մատուցելու
Նախ՝ պատարագը մեր այս բանական, Իբրև հայրական անսասան պատվին Աթոռակցի և փառակցի, արարչակցի, Եվ քննողի՝ գաղտնիքները խորածածուկ102Ա. Կորնթ. Բ. 10, Կատարյալ կամքի Էմմանուել Հոր՝ Քեզ առաքողի, բոլորի փրկչի, Կենդանացնողի և ստեղծողի:
Քո միջոցով մեզ ծանուցվեց միասնական աստվածությանդ
Անձնությունը միասնական Երրորդության:
Քեզանով և քո միջոցով շառավիղները առաջին Նահապետաց, որ տեսանող անվանվեցին, Անցյալներն ու գալիքները, Եղածներին ու չգոյացածներին Անպաճույճ խոսքով վերապատմեցին:
Քեզ Մովսեսը Աստծու Հոգի ճանաչեց103Ծննդ. Ա. 2, Որ ջրի վրա քո ընթանալով, Զորություն անսահման, Հոգածու հզոր հովանավորմամբ Պաշտպանելով թևատարած, Գթասիրելով նոր ծնունդներիս՝ Պարզեցիր խորհուրդը գավազանի, Որի օրինակով վերջին վարագույրի Հոսուն մանվածը ստեղծելուց առաջ, Տիրապես կարող, Անէությունից՝ բոլոր գոյերի ու էակների Բնությունն ամբողջ ստեղծագործեցիր:
Քեզանով բոլոր արարածները Պատրաստվում են նորոգվելու Հարության ժամին, Որ մեր այս կյանքի օրն է հուսկ վերջին
Եվ օրն առաջին՝ ողջերի երկրի:
Քո ազգակիցը հոժար միությամբ Հնազանդվեց քեզ՝ իբրև իր Հորը:
Հոր էակիցը, անդրանիկ Որդին՝ Մեր կերպարանքով, քո գալն ավետեց, Ճշմարիտ Աստված՝ Հավասար ու համագոյ Հորը հզոր,
Քեզ հայհոյելն անքավելի համարեց,
Քեզ հաստելով՝ ըմբերանեց չարախոսներին, Եվ ներեց արդար ու անարատ գտիչն ամեն ինչի, Որ մեր մեղքերի համար մատնվեց
Եվ հարություն առավ՝ արդարացնելու մեզ104Հռովմ. Դ. 25:
Փառք նրան քո միջոցով, Բարեբանություն քեզ՝ ամենակալ Հոր հետ Հավիտյանս հավիտենից. ամեն:

Ե

Վերստին կրկնեմ խոսքի նույն կարգով, Մինչև որ ազդմամբ հավատի լույսը հայտնվի
հրաշապես Վերավետելու նոր խաղաղություն105Հովհ. Ի. 19-21:
Արտասվալից հառաչելով՝ Աղաչում և աղերսում ենք
Արարչությանդ՝ փառավորված բոլորի կողմից, Անեղծ, անստեղծ և անժամանակ գթած Հոգուդ, Որ մեր անմռունչ հեծությունների Բարեխոսն ես ողորմած Հորդ առջև, Որ պահում ես սրբերին Եվ մաքրագործում հանցավորներին,
Եվ տաճարներ ես կանգնեցնում
Բարձրյալ Հորդ կենդանի ու ապրեցնող կամքին106Ա. Կորնթ. Գ. 16:
Արդ՝ ազատիր մեզ անմաքուր բոլոր գործերից, Որ հաճելի չեն քո բնությանը, Թող չմարի փայլը լույսիդ շնորհների Մեր աչքերի հայեցումից,
Որովհետև իմացանք՝ կմիանաս մեզ,
Թե հար աղոթենք և ապրենք ընտիր, խնկելի վարքով107Մատթ. ԺԸ. 20, Ա. Կորնթ. Զ. 17:
Եվ քանզի մեկըդ Երրորդությունից պատարագվում է,
Մյուսն ընդունում՝
Իր անդրանիկի հաշտարար արյամբ Դառնալով դեպ մեզ, Դու կընդունես մեր պաղատանքները
Եվ կհարդարես մեզ օթևաններ՝ Պատվական, բոլոր հարմարանքներով, Երկնավոր գառանդ ճաշակումը վայելելու, Որպեսզի առանց դատապարտող պատիժների
ընդունենք Նոր կյանքի փրկության անմահարար այս մանանան108Հովհ. Զ. 49-50:
Եվ թող հալչի մեր գայթակղությունն այս հրից, Ինչպես մարգարեն կենդանախարույկ կայծակմամբ Ունելիով մատուցեց109Եսայի Զ. 6-7,
Որ ամենուր քարոզվի քո գթությունը, Ինչպես Աստուծո Որդով՝ Հոր քաղցրությունը, Որ անառակ որդուն մոտեցրեց հոր ժառանգությանը110Ղուկ. ԺԵ. 20-32
Եվ պոռնիկներին առաջնորդեց
Արդարների երանության երկնային արքայությանը:
Այո՛, այո՛, մեկն եմ ես նրանցից, Ինձ ևս ընդունիր նրանց հետ Որպես մեծ մարդասիրության կարոտածի, Քո շնորհներով փրկվածի, Քրիստոսի արյունով գնվածի, Որ այս ամենի մեջ և ամեն ինչում Երևա քո աստվածությունը:
Հոր հետ փառավորված համապատվորեն, Մի կամք և մեկ իշխանություն գովական, Որովհետև քոնն է գթությունը, Ե՛վ կարողությունը, և՛ մարդասիրությունը, Զորությունն ու փառքը՝ Հավիտյանս հավիտենից:
Ամեն:

Բան ԼԴ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Սրանք են ահա՛ իմ թշվառացած շնչի իղձերը և դավանանքներս քեզ հարմարական,
Քեզ, որ ամեն ինչ բովանդակում ես խոսքով, Տե՛ր Աստված,
Ինչ որ ճառել եմ նախորդում՝ այստեղ պարզեմ պիտի ես երկրորդ անգամ:
Իսկ խուռն բազմության առջև գրավոր բեմախոսություն
Կամ ժողովրդին մեկնաբանումներ անելու համար
Այս աղերսական աղոթքները ես նվեր բերեցի, Որոնք հետևյալ գոհաբանական տողերի մեջ եմ
շարադրել ահա՛:

Բ

Աղաչում եմ անփոփոխելի և ամենազոր տերությանը հզոր Հոգուդ,
Ուղարկիր ցողը քո քաղցրության և բարեգործի՛ր,
Դրոշմելով հոգուս և զգայություններիս իշխող իմ մտքում
Ամենալից շնորհը քո բազմապարգև ողորմության:
Հերկի՛ր մարմնեղեն կարծրացած սրտիս բանական անդաստանը,
Որ կարող լինի պտղաբերելու սերմդ հոգևոր:
Խոստովանում ենք՝ քո ամենիմաստ էությամբ
է, որ Ծաղկում են մեր մեջ, աճում-ուռճանում պարգևներն ամեն:
Դո՛ւ ես ձեռնադրում առաքյալներին ու մարգարեներին ներշնչում,
Ուսուցանում ես վարդապետներին ու համրերին խոսեցնում,
Բացում խուլերի ականջները փակ:
Ազգակիցը քո, էակիցը Հոր անդրանիկ Որդին Քո գործակցությամբ իրագործելով այս բոլորն
ահա՛, Քեզ Հոր իսկության հավասարակից Աստված
հռչակեց:
Շնորհ արա՛ նաև ինձ՝ մեղավորիս, որ ես էլ խոսեմ համարձակությամբ
Կենդանարար խորհուրդն ավետյաց Ավետարանիդ,
Արագաթռիչ մտքի ընթացքով անցնելով անհուն ասպարեզներով
Քեզնից ներշնչված Կտակարանների:
Եվ երբ ձեռնարկեմ ես հանդիսավոր մեկնաբանության՝
Հասնի՜ թող որ քո գթությունը նախ, իր ժամանակին ներշնչելով ինձ՝
Քեզ արժանին, պիտանին և հաճելին՝ Քո աստվածության փառքի և գովեստի, Ինչպես նաև կաթուղիկե Եկեղեցու կատարյալ
շինության համար:
Երկարի՛ր ինձ վրա աջդ ամենամերձ
Եվ զորացրո՛ւ ինձ գթությանդ շնորհներով. Փարատի՛ր իմ մտքից մոռացության մեգը մթին, Ցրելով նրա հետ և՛ խավարը մեղքի, Որպեսզի մտքով և խոհերով այս երկրավոր
կյանքից ի վեր բարձրանամ:
Լուսավորի՛ր դու վերստին իմ մեջ, ո՜վ գերահզոր, Աստվածային հրաշալի ծագումն անստվեր,
Որպեսզի արժանի լինեմ ուսանելու և ուսուցանելու,
Որպես բարի օրինակ՝ աստվածասեր լսողներին:

Գ

Խոստովանում, դավանում ենք, Պաշտում ենք ու երկրպագում Ամենասուրբ Երրորդության Միասնությունը զուգափառ. Անճառելի աստվածություն, Մշտաբարի և նույնագոյ համապատիվ,
Մտքի սլացքին անհասանելի
Վեր՝ ամեն մի օրինակից և բարձր՝ նմանությունից,
Որ գերազանց է անպարագիր բացարձակությամբ,
Առաջ՝ քան հիմքը հավիտենության, Դեռ չստեղծված, չտարրացած էակներից, Անթարգմանելի օրհնաբանությամբ
Ամենահարուստ մեծությամբ հավետ պսակված, Ժամանակները սահմանող, Ժամանակի մեջ կերպ առածների Հորինող-պատճառ, Տեսանելիներն ու անտեսները ստեղծող Ո՛չ անվամբ է չափվում, Ո՛չ հորջորջմամբ է նշանակելի, Ո՛չ որակով նմանված Եվ ոչ կշռած քանակով:
Չի ձևանում օրինակով,
Չի ճանաչվում որպիսությամբ, Տարածված չէ թերությամբ, Ամփոփված չէ լրությամբ, Երբևէ չէ գրավված Եվ կամ մի տեղ ամփոփված:

Դ

Հայր գթության, ամեն ինչի Տեր,
Աստված բոլորի, որ երկնքում են և երկրում, Բացի Բանից միակ, որով իրենն է ամեն ինչ,
Բոլոր շնչերի տվող ու ստեղծիչ, Բացի իսկակից Հոգուց, Որով համայնը կազմեց:

Ե

Մեկը երեք անձնավորությունից՝
Երջանկափառ համազոր ահավորությունից, Այն վերևներից խոնարհվեց ներքև, Որ ի սկզբանե անբաժան էր ներքևիններից, Մնալով անբաժան փառքի աթոռից Եվ անկարոտ իր ծնողի տեսության, Պարզաբար մտավ կույսի արգանդը,
Այնտեղից ելավ՝ մարմին առնելով անբաժանելի, Լիակատար մարդ և անպակաս աստվածություն:
Միակ Որդին միակ Հոր Եվ միածին անդրանիկը Աստվածամայր տիրածին կույսի:
Իրական երկրածին մարդ եղավ՝ լինելով Արարիչ, Բայց նման չէր նա երկրածիններին, Այլ նոր ու չքնաղ Թագավորներին հրաշափառ, Չտեսնվեց նա դարերում Եվ չպատահեց ժամանակներում,
Ըստ սաղմոսողի եղավ անդրանիկ111Սաղմ. ՁԸ. 28 Թագավորների ամբողջ աշխարհի:
Մարմնում մեր բնությամբ կերպ առավ անապակ խառնմամբ,
Հոգու և մարմնի հարաբերությամբ, Ոսկու և հրի, Կամ ավելի պարզ՝ Լույսը օդի հետ, Անփոփոխ և անանջատ:
Նա եկավ կամավ խաչին մեռնելու, Հանց անարատ գառ զոհվելու գնաց112Եսայի ԾԳ 7, Եվ մի զորավար ինքնիշխանությամբ Փրկագործեց իր արարածներին:
Երբ կենդանի էր՝ չարչարվեց իրոք
Եվ գերեզմանվեց՝ աստվածությունից անբաժանելի:
Եռօրյա թաղմամբ
Այն դժոխական սանդարամետում վհատ բանտվածներին
Քարոզեց նորոգում և լույս:
Եվ ավարտելով փրկագործ ամբողջ Խորհուրդը իր մարդեղության՝ Վերակենցաղեց նա աստվածաբար:
Հողմերի թևով քերովբեների վրա բարձրացավ113Սաղմ. ԺԷ. 11:
Ծածկվեց ամպով անքննելի114Գործք Ա. 9:
Ծածկվեց երկնից վեր բարձրանալով
Ճոխությամբ բազմեց սկզբնաժառանգ Հոր աթոռին հավասար,
Որից բնավ չբաժանվեց,
Ձեռքբերովին չկորցնելով, Չնվազեցնելով սեփականը:
Որով և գալու է դատաստանին հատուցման Արդար իրավանց չափով կշռելու գաղտնիքը, Որին սպասում ենք, Որին՝ աղոթում, Հավատալով՝ Ամեն ինչում, ամեն ինչով
Ամենակալ տերությանն իր,
Որ իսկապես մեկն է միայն այն միակից Եվ միակի փառակցությամբ Հավիտյանս երկրպագված:

Զ

Մշտապես օրհնում, բարեբանում ենք Հոր և Որդու հետ Նրանց էակից Հոգուն:
Նա ամենազոր,
Կատարյալ և սուրբ և ճշմարիտ է, Որ արարածներ ստեղծեց անէից,
Ինքնագործ է և իշխանակից մյուս երկուսին՝ Անեղծ, անսահման թագավորությամբ, Պատճառն առաջին, ահավոր Բանը Նույն այդ ինքնության, Նույնն է նաև բարձրացած Հոգին:
Բարի ինքնակալ,
Հոր պարգևները ամենքին բաշխող՝ Հանուն Միածնի փառքի պանծացման,
Որ սահմանեց օրենքները, Ներշնչող եղավ մարգարեներին,
Առաքյալների մեջ տպավորվեց ազգակցի փչմամբ115Հովհ. Ի. 22:
Աղավնակերպ Հորդանանում հայտնվեց, Եկողի փառքի մեծության համար, Եվ ավանդական գրքերում փայլեց,
Հանճարեղացրեց և զորեղացրեց իմաստուններին,
Վարդապետներին կատարյալ դարձրեց. Օծեց արքաների, օժանդակեց թագավորների, Վերակացուներ տվեց, փրկություններ կարգադրեց, Ձիրք շնորհեց, քավություններ հանդերձեց,
Քրիստոսի մահվամբ մկրտվածներիս116Հռովմ. Զ. 3 Իր բնակությունը մաքրագործեց117Եփես. Բ. 22, Որին Հոր և Որդու հետ Նաև Սուրբ Հոգին ներգործեց118Հովհ. Ե. 19 Եվ ինքն Աստված է՝ Խնկված տիրապես Ամենայնը և ամենայնի մեջ119Ա. Կորնթ. ԺԵ. 28:

Է

Երրորդության մեջ նախորդ հիշվողը Մեծ չէ մյուսից, Նվաստ չի լինում իր նմանակցից հետո հիշվելով, Կամ մեկին ակնարկելիս դեմքի շփոթում չի լինում Եվ երեքի տրոհմամբ առանձին դեմք չի
դառնում:
Եվ չէր մեծարվի Հայրն ամեն ինչով՝ Իր մեջ չունենար Բանի զորություն, Եվ կամ չունենար թե Հոգին իր հետ՝ Անշունչ, անկենդան մեկը կլիներ Եվ կնվազեր ամեն հորդորից:
Բանը եթե չճանաչվի Հոր անվամբ՝ Մի որբ կլինի, [կլինի] լքյալ Սերած ինչ-որ մի մահկանացուից:
Նույնպես և Հոգին Նշանակալից պատճառ թե չունի՝ Անշուք ինչ-որ բան կլինի միայն, Թափառիկ իբրև անդասելի շունչ:
Բայց եթե մեկը փորձի բաժանել Հորը իր Որդուց, Հակաճառելով, թե նախ նա չկար, Կամ բամբասանքով մի անբանական Պատվել ցանկանա վեհ մեծությունը, Եվ կամ բխողին նսեմ համարի Իբրև էապես ոչ հոգևորի՝
Այդպես այլ, օտար մի բան է մուծվում Կամ այլայլական ինչ-որ շփոթում Սուրբ Երրորդության անարատ պատվին,
Այդպիսիներին հավատո բանի պարսաքարերով Հերքում ենք, դուրս ենք վտարում Իբրև գազանի կամ դժնի դևի, Նզովում նրանց, նրանց դեմ փակում [Սուրբ] եկեղեցու գավիթը, որ և Դուռըն է կյանքի:
Ուստի փառք տալով Երրորդությանը՝ Որպես մեկ և նույն տերություն, Ամբողջական ու հավասարազոր, Զուգաձայն սրբասացությամբ, համարժեք հարթությամբ, Օրհնյալ, փառաբանյալ երկնքում ու երկրում,
Անդրանիկների խմբից և երկրածին բանականներից
Հավիտյանս հավիտենից:
Ամեն:

Ը

Արդ, այս մատյանում պատկերված ծածուկ խորհուրդների բարձրաձայն խոստովանությունը
Մեծ Աստծուդ ամենալուր ականջներին ընծայեցի ես,
Եվ ահա՛ նրանով սպառազինված՝ մտա ասպարեզ:
Բայց ոչ թե նրա համար, որ կարոտ լինելով ձայնիս՝ նրանով մեծանաս,–
Զի երբ տակավին չէիր ստեղծել դու ամենայն ինչ,
Երկինքը անմահ փառաբաններով
Եվ երկիրը՝ հողաստեղծ բանականներով,
Դու փառավորված էիր արդեն քո լրության մեջ,–
Այլ, որպեսզի ինձ՝ մերժվածիս նույնպես, անճա՛ռ քաղցրություն,
Արժանի անես քեզ ճաշակելու՝ խոսքիս հաղորդությամբ:
Սակայն ի՞նչ պետք է, որ կյանքի կանոն - արքունի հրամանիդ համաձայն ասեմ՝ Ադոնա՝ Տեր,
Եվ հրամայված պատվերդ չկատարեմ, Ես, որ իմ ձեռքով իսկ ջնջեցի ինձ,–

Պատգամիդ նվիրված ոսկեղեն տախտակս խոսուն, Աստվածային մատներովդ գրված, և որը խորտակելն է իրավացի120Ելից ԼԲ. 19.
Եվ ես այժմ նրա նմանությունն երկրորդ՝ տխրատեսիլ մուրով եմ պատկերում:
Բայց, քանզի բազում խանդաղատանքով պաղատեցի քեզ,–
Որոնք չեն գրված թեև այս գլխի տողերի շարքում,–
Լսիր, բարեգութ, այս խոսքերի հետ նաև բոլորը:
Թող աղերսագին այս աղոթքներս էլ հոդվեն նրանց հետ,
Թերևս մաքուրների և քո կամքը կատարողների կողմից
Յուղով շաղախված և մեջը խորիսխ բաղարջի նման
Հացն այս նվիրված՝ դրվի քո փառքի սեղանի վրա:

Թ

Բայց դու, բարերար, համակ մարդասեր, Քրիստոսդ մի՝ միակ Աստուծո, հզոր և ամենակալ, Որ գերազանցում ես քաղցր ու խնամածու քո
գթությամբ Ոչ միայն ինձ գոյակից մարդկանց առհասարակ,
Որոնք ենթակա են խռովումների և բազմապիսի հակառակությանց՝
Այլև անարատ հրեշտակներին,
Եվ սրանցից էլ նույնիսկ ավելի՝ սրբասուններիդ անբիծ, անբասիր,
Որոնցից մեկն էր նաև Եղիան, որի խստության նշանները
Երեք ձևով երևան եկան Քորեբ լեռան վրա՝ Շարժով ահագին, կրակով կիզիչ, և ուժգին հողմով:
Իսկ քո հեզությունը երկայնամիտ հայտնվեց մեղմիկ օդի քաղցրությամբ, հանդարտաբարո.
Զի ողորմություն ես կամենում դու միայն ու միայն, ինչպես գրված է:
Թեև մարդկային սերնդից ոմանք գեղեցիկ վարքով
Առաքինաբար այլ նմանություն առան երկնային,
Սակայն երկրածին են նրանք նույնպես՝ մարդկանցից ընտրված:
Իսկ դու չես կարող չարանալ, զի բարի ես իսկությամբ,
Համորեն օրհնյալդ, համա՜կ փրկություն, Լիովին հանգիստ և անդորրություն ընդհանրական, Դեղ առողջարար՝ ախտավորների համար համորեն, Կենդանի ջրի աղբյո՛ւր դու վճիտ, ըստ Երեմիայի:
Դարձի՛ր դեպի ինձ և ողորմիր, անկարո՜տ Աստված,
Դու, որ այնքա՜ն ծարավի ես ու պապակ իմ փրկությանը,
Որ մինչև անգամ երկնային անմահ և օրհնաբանող զվարթուններին պաշտոն հանձնեցիր
Հանուն մարդկության փրկության կարգված
Քահանաներ և քավչապետներ հավիտենական ի դիմաց մեր երկնավորների,
Թշվառ լքյալիս հաշտության համար պաղատելու քեզ մշտնջենապես,–
«Ողորմիր Երուսաղեմին». որը լուսավոր մի խորհուրդ ունի,
Թե այս երկրավոր Երուսաղեմի սույն օրինակով խնդրում են նրանք
Քո մեծ հայտնությամբ ողորմել վերին Երուսաղեմին,
Եվ քեզ կցորդված մարդկանցով՝ ընկած հրեշտակների դատարկը լցնել:

Ժ

Արդարև լսեցիր դու, բարեգո՛ւթ, անսացիր, թագավո՛ր,
Ունկնդրեցիր, կյա՜նք և հույս, ի միտ առար, երկնավո՛ր,
Հարգեցիր, հզո՛ր, նկատեցիր, ծածկագե՛տ, Տեսար, խնամակա՛լ, կարեկցեցիր, անպատո՛ւմ:
Խոնարհեցիր, մի՜շտ բարձրյալ, նվաստացար,
ահավո՛ր, Հայտնվեցիր, անճա՛ռ, ամփոփվեցիր, անսահմա՛ն, Չափվեցիր, անքնի՛ն, թանձրացար, ճառագա՛յթ,
Մարդացար, անմարմի՛ն, շոշափեցիր, անքանա՛կ, Կերպավորվեցիր, անորա՛կ, Կատարեցիր իսկապես բաղձանքն աղաչողների:
Զվարթունների բերանով եղար թշվառիս՝ Բարի, բարեխոս, միջնորդ կենդաի, Պատարագ անմահ, սպանդ անվախճան, Նվեր մաքրունակ, ողջակեզ անծախ, բաժակ
անսպառ:
Ուստի, ողորմած, մարդասեր, օրհնյալ,
Քո կենդանատու կամքով թող որ միշտ բարեբախտ լինի հոգիս մեղավոր,
Գովյա՜լ երկայնամիտ, քեզ վայել է փառք հավիտյանս. ամեն:

Բան ԼԵ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Արդ, Տե՜ր զորությանց, մեծութուն ահեղ, Անտարակույս տեսողություն, կամք ամենաընդարձակ, առատությո՛ւն անպակաս.
Ո՞վ կկարողանա պարերգության հանդեսով պատվել ցողի մեկ կաթիլը քո բարության, Դո՛ւ, որ հետամուտ ես միշտ միջոցներ գտնել
իմ փրկության համար:
Եվ դեռ ավելի պիտի գրեմ, որպեսզի պատմվի գալոց:
Հրեշտակասեր չանվանվեցիր դու, որ հիմնեցիր պետությունները նրանց:
Ոչ էլ ասացիր երբևիցե, թե սիրում ես երկինքն իր ջահերով,
Որոնք քո մատներով հորինեցիր դու.
Այլ ի պատիվ քեզ՝ մեծագույն գովության արժանի՝ մարդասիրությունը գերադասեցիր,
Որով կրկնակի՛ մեծացրիր դու քո անունը անճառ սոսկալի խորհուրդներով:
Լուսակերպարան երկրայիններին այն՝ սպասավորներ կոչեցիր
Եվ հատուկ մատակարարումների վերակացուներ.
Իսկ երկրածիններիս մահկանացու՝
Պերճացրիր դու տիրական և աստվածային քո պաշտելի անվամբ.
Ամեն սահմանից, կշռից ու չափից վեր քո ծայրագույն բարության մաքուր ծորումի համար
Կտակներ անթիվ և անբավ ճառեր հորինվեցին քեզ:
Դու ևս, մեկն աստվածային էությունից, մարդանալով,
Ոմանց՝ իրենց համար, և ոմանց՝ այլոց,
Զեղեցիր կյանքի պարգևներ առատ, պես-պես հրաշքներ,
Սքանչելիքներ աստվածագործ և նշաններ ճշմարտատեսիլ:
Եթե գթալով դու ողորմեցիր թերահավատ անդամալույծին,
Տեսնելով, որ նրան խնամողները հույսով են դիմում քեզ121Մատթ. Ը. 2-4,,
Ո՜րքան ավելի զորավոր պիտի լինի քո խոսքը ամենակարող
Մաքրելու համար մարմինն ախտալից քեզ հառաչագին աղաղակողիս:
Քանզի արդարև շատ ավելի մեծ հրաշք է սրբել անմաքուր հոգին,
Քան թե լվացված պատկերը աղտին դարձնել անենթակա.
Մանավանդ որ ավազանի շնորհն ավելանալով երկրորդի վրա՝
Է՛լ ավելի է բարձրացնում հայրենի փառքն անճառ:

Բ

Դո՛ւ ես, Տեր, որ մաքրում ես մեզ,
Ինչպես առաջուց ցույց տվեցիր դու Մովսեսի վրա՝ քո ընտրյալի:
Դու վերակացու եղար Հակոբի տոհմին, Նրա մեղքերի և անօրենությունների մեջ, Երբ Եգիպտոսում՝ հեթանոսական խավարում
նրանք խարխափում էին:
Դո՛ւ ես լուսավորում մեղավորներին իրենց ընթացքի մեջ, ըստ երգող Դավթի:
Դո՛ւ ես, որ սրտի քարեղեն կարծրությունը փոխարկում ես մարմնի կակղության, Որպեսզի կարող լինի քո խոսքն իր մեջ ընդունելու:
Դո՛ւ ես, որ կարող ես ընձեռել ա՛յլ սիրտ և մեկ ճանապարհ՝
Երկնչել քեզնից կյանքի բովանդակ տևողության մեջ:
Դո՛ւ ես, որ խստամիտների մեջ դնում ես քո երկյուղը միշտ,
Որպեսզի հավատքով ուշք դարձնեն քեզ, մարգարեների խոսքի համաձայն:

Գ

Քո աշխարհաստեղծ բերանի օրհնյալ շրթունքների աստվածեղեն անձրևների կաթիլը կենարար,
Որպես բանալի՝ լսելիքներիս դռա՜նը մոտեցրու, Որով խորամանկ բանսարկու օձի թույնը վերցնես ու բժշկե՜ս դու:
Քո ամենակալ ձեռքով բռնիր շարժվող գործիքն իմ խոսողության,
Եվ ազդի՛ր նրան ձայնի զորություն,
Դո՛ւ, որ տալիս ես լեզու բոլորին՝ ընտիր խոսելու.
Որպեսզի ես էլ, դաստիարակվելով պատշաճապես,
Չլինի, որ մեր նախահոր նման հանդուգն խոսելով՝ զրկվեմ քո լոյսից,
Եվ անբանության դատապարտվեմ՝ որսողից քշված:
Քո կենդանաբաշխ աջը երկարելով՝
Լուսավորի՛ր վերստին խավարած աչքերն իմ հոգու,
Որ չլինի թե վիշապի շնչով մարելով լապտերն համարձակության՝
Գրվանի ներքո մնամ ծածկված122Հմմտ. Մատթ. Ե. 15:
Վերցրո՛ւ անօրենություններն իմ, Տե՛ր, և նետիր նրանք խորքերը ծովի,
Որ փոքր է անչափ քո անսահման մեծության համեմատությամբ,
Ուր իմ մեղքերը կարող են սուզվել, ըստ մարգարեի:
Կործանված հոգուս համար կանգնիր նշան վստահության123Եզեկ. Թ. 4,
Որ չլինի թե կառուցվելով վհատության կոթող124Հմմտ. Եզեկ. ԺԶ. 31՝ Ծածկվածները հրապարակ հանի բարձրաձայն:
Բա՛ց բժշկարանիդ կենաց վարդապետարանը,
հզո՜ր և գթած, Որպեսզի մեր մեջ կորուսչի ցանած, մշակած բոլոր որոմները չար՝ Կամքիդ մանգաղով ընդհուպ արմատից հնձես
ու թափես:
Երբ Պետրոսի պես քայլերս ուզեցի ուղղել դեպի քեզ, Աստված բոլորի,
Սուզվեցի և ես այս աշխարհային մեղսածուփ ծովի ալիքների մեջ,
Մոտեցրու աջը քո ազատարար, օգնելու համար ինձ՝ սասանյալիս,
Քանանուհու հետ ձայնակից՝ ե՛ս էլ սրտիս խորքերից
Պաղատում եմ քեզ, ահա՛, սովահար որսորդական շան նման կաղկանձող.
Քո բազմազեղուն ու ճոխ սեղանից բաժին հան և ինձ՝ թշվառ սովյալիս,
Որպես ապրուստի կերակուր տալով փշրանքներն հացի:
Փրկի՛ր նյութեղեն խորանն իմ, ո՛վ դու,
Որ աշխարհ եկար փնտրելու կորածին և ապրեցնելու:
Զի քո է մեծություն, հաղթություն և զորություն.
Դո՛ւ ես քավություն և բժշկություն, նորոգություն և երանություն.
Եվ քեզ է վայելում փա՜ռք,
երկրպագություն հավիտյանս. ամեն:

Բան ԼԶ

Ա

Որքան էլ շատ լինեն մեղքերս,
Շնորհիդ փրկարար արդյունքներն անթիվ
Եվ հանդիսադրումն այն չարչարանքների, որոնք հանձն առար՝
Գերազանցում են նրանց միշտ իրենց առավելությամբ:
Հոգիներն համայն իր մեջ ամփոփող աջդ արարչագործ
Մահվան գործիքի՝ Խաչի նշանի վրա գամեցիր, Որպեսզի կամքիդ դեմ երկարող ձեռքս թուլացնես:
Համընթաց քո զույգ ոտքերդ ազատարար
Իմ անսանձության պատճառով պատժարանի փայտին կպցրիր,
Որպեսզի զսպես դու գթածաբար վայրագությունը փախչող թշվառիս:

Բ

Չհրամայեցիր, որ քո օրհնյալ գագաթը կռփողների ձեռքը գոսանար,
Դու, որ քարերի կարծրությունը ճեղքեցիր,-

Որպեսզի այդ օրինակով՝ և ի՛նձ ներելդ կանխավ ավետես:
Քեզ՝ խոստովանված Աստծուդ գանող անպիտաններին չսպառնացիր,
Դու, որ արուսյակը մթնացրիր125Եսայի ԺԴ. 12
Որ մահացածիս բարությամբ հանդերձ հանգիստ շնորհես:
Հայհոյիչների չարախոս բերանը չչորացրիր, Դու, որ լուսնի պատկերը արյան երանգով գունավորեցիր,-

Որպեսզի քեզ գովելու համար անհամարձակ լեզուս զորացնես Չսաստեցիր քեզ նախատողների մոլեգնությունը, Դու, որ տարերքն անգամ սասանեցիր,–
Որպեսզի թշվառ գլուխս գթությանդ օծումով յուղես:
Քեզ մոլորեցուցիչ անվանող աստվածասպանների ծնոտների հոդվածներն իրարից բաժանելով չխախտեցիր,
Դո՛ւ, որ քարերի կարծրությունը ճեղքեցիր,–
Որպեսզի բարուց դատարկ իմ հոգին ընդունայնության հոժարությունից հանդարտեցնես:
Պահապանների սրերը իրենց ընդերքը չմխեցիր, Դո՛ւ, որ օձի որովայնը հողի վրա սողալուն
մատնեցիր,-

Որպեսզի ոսկորներն իմ տառապյալ մարմնի,
իբր գանձարանում պահված՝ Հարության կենացն արժանացնես:
Երբ կենդանակիր քո գերեզմանի տապանաքարը կնքում էին,
Նրանց տեղնուտեղը թիկունքի վրա պառկեցնելով՝ երկրի անդունդները չսուզեցիր,
Որպեսզի հոգուս տապանակի մեջ լույսիդ նշխարը հանգչեցնես:
Երբ քեզ կորած և իբրև երկրավոր մարմին գողացված էին համբավում,
Դու՝ համայնաջինջ և սպառսպուռ չկրճատեցիր նրանց սերունդները,
Որպեսզի և ինձ, բարուն հետևող հիշատակվելու անարժանիս իսկ
Անկորուստ կերպով, անվնասելի՝ փրկվածներին մասնակից դարձնես:
Երբ ուրացողները մոլեգնաբար, որպես մատնության անարգ գրավական՝
Քո Հոր տաճարի գանձարանից մաս էին հանում, կաշառք տալով արծաթ կրկնակապեն՝
Չդարձրիր նրանց դու քարե արձան,
Նման՝ Մովաբի տատին126Ղովտի կնոջը: պատահած այն հին հարվածի:
Որպեսզի և ինձ՝ հաստատությանս մեջ վրիպյալիս
Եվ մահվան իշխանությանը վաճառվածիս թշվառ՝
Արյամբ քո փրկելով՝ հաստատուն վեմիդ վրա կառուցես:
Օրհնյա՜լ ես կրկին, օրհնյա՜լ վերստին, Ամեն ինչի մեջ միշտ օրհնաբանված՝ հավիտյանս հավիտենից. ամեն:

Բան ԼԷ

Ա

Եվ արդ, թեպետև իմ բարու համար քո ինձ շնորհած վերոհիշյալ պարգևներից
Շատ քչերն այստեղ ես գրի առա,
Ո՜վ ամենագութ բարերար, գովյալ և ամենազոր,
Բայց և այնպես՝ նրանք արքայազուններ են և ինքնակալ իշխաններ,
Զորության որդիներ են նրանք և վեհածիններ մեծափառ, լուսանորոգ և հրաշապատիվ, Որոնք հռչակված են բարձր բռնած հաղթական դրոշներով՝ պսակապաճույճ գեղազարդված, Բերելով իրենց հետ անթիվ օրհնաբան, քաղցրահամբույր և հեզ, Երջանիկ խաղաղասեր և աստվածահաճո պետությունները այն վերին նահանգների, Որոնց վերաբերմամբ աղոթեց մարգարեն՝ ասելով.
«Տե՜ր, զորություններդ արթնացրու և մեզ փրկելու փութա՛»,
Դրանք ավելի զորավոր են հալածելու մեր մեղքերը
Եվ հալելու ու հեռացնելու կարկուտն անհուսության,
Քան թե զորապետը նախամարտիկ՝ երկնային պարի–
Գիշերավարը այն խավարասեր127Հրեշտակապետ Միքայելը, որ զգետնեց ապստամբ երկնային զորաց պետին, սատանան կամ արուսյակը:, որը առաջին հակառակորդն էր բարի Աստծուն:
Անհնար է թվել այն բոլոր շնորհները, որոնք բարձրյալի կողմից
Անձրևեցին տկարիս, թշնամուս և ապերախտ ծառայիս վրա:
Իսկ եթե ոք համարձակվի խոսել կարողանալ, ամբողջը թողած՝
Շատ քիչը պիտի կարենա հիշել այդ շնորհներից:
Դրանց հետ նաև մտաբերելով առաջին նյութը,
որից ստեղծվեց, Իբրև մի տկար և նկուն՝ հերքված մեծ զորությունից պիտի պարտվի:

Բ

Սակայն, թեպետև այսպես գրեցի,
Եվ դարձյալ նույնը պիտի վկայեմ հողիս թերահաս խակության
Եվ ստեղծողիդ կատարելության ու բարիքների և իմ անարժանության մասին,–
Բայց ամենալույս և բազմազեղուն, աննախանձ, գովյալ քո արարչության զորության հանդեպ
Կփշրվի բանսարկուի պատճառած սրտի կարծրությունը:
Նա է, որ փորձում է հուսահատ վհատությամբ քարացնել սիրտս,
Սպառել և խոպանացնել երկու աղբյուրներս, Որոնք իմ զգայական եդեմի մեջ բխեցրեց
տնկողը, Որպեսզի նրանցով ոռոգվի առատ ու ծաղկի իմ
մեջ բարեգործության դրախտը կենսատունկ:
Ուստի թող չլինի, որ արտասուքներս ցամաքեցնելով,
Աղանդահնար պատրանքներով և չարաչար խորամանկությամբ
Դուրս հանի դարձյալ ինձ իմ նախկին փափուկ վիճակից:
Իսկ երբ երևա հրաշափառորեն համբարձված Աստվածն
Իր խաղաղությամբ միջնորդն հաշտության աստվածների մեջ,
Շնորհաց կտակը բերելով իր հետ,–
Բախվելով նրան, ինչպես վիմեղեն ամրապինդ լեռան,
Կցնդեն բոլոր վնասակար խարդախություններն ու կարճամիտ սրտնեղությունները,
Հազիվ թե հոսող փոքրիկ ջրի պես, կամ հողի նման, որ փշրվելով կփոշիանա:

Գ

Արդ, ոչ թե մարդկանցից են գալիս կշտամբանքներս, ինչպես Հոբն է ասում,
Այլ ամենատես աչքերից վերին հրամայողիդ, Որի երկյուղից խիղճս տագնապած՝ սոսկում եմ,
սարսում կասկածանքներով:
Եվ սակայն դարձյալ սրտաբեկ՝
Ապաստանում եմ հույսիդ հաստատուն, կենդանի անեղծ.
Որպեսզի ողորմությամբ նայես դու ինձ, Իբրև կորստյան պատժին արժանու, Երբ ես երկնայնիդ բարերարությանը ներկայանում ձեռնունայն և ապշահար, Երախտիքները անպատում փառքիդ բերեմ ես
ինձ հետ ու քեզ հիշեցնեմ.
Քեզ, որ ո՛չ մոռացությամբ տարված ես նիրհում,
Ոչ էլ մինչև իսկ ակնթարթի չափ ընդմիջումներով՝ հեծեծանքներն ես անտեսում վշտի:
Վերցրո՛ւ ինձանից, աղաչում եմ քեզ, լուսավոր խաչովդ՝ խեղդը հանցանքիս,
Հոգատարությամբ տարակուսական տխրությունը իմ,
Փշանյութ պսակով՝ բողբոջն իմ մեղքերի, Գանակոծությամբ՝ հարվածը մահիս, Ապտակի հուշով՝ տանջանքն ամոթիս, Թքի թշնամանքով՝ գարշությունս անգոսնելի, Լեղու ճաշակմամբ՝ դառնությունը հոգուս:
Քոնն են այս բոլոր բարությունները անբովանդակելի, Միակ Աստուծո միածի՛ն Որդի,
Որոնց հետ և իմ չարությունները հիշատակելով,
Քո ամենօրհնյալ անունն եմ կանչում բարձրաղաղակ՝ հոգեղենների պաղատանքներով:
Մեղապարտությամբ ամոթահարիս զղջման խոստովանության նայիր
Եվ սատակելու արժանի որդուս ողորմիր՝ անմահ մահով մեռնելու.
Որպեսզի բազում մեղքերիս չափով Կրկնապատկվելով առավելապես՝ քո ողորմությո՜ւնդ ավետարանի Եվ հռչակվի վեհ ահավոր հնչմամբ երկնքի մեջ
միշտ և երկրի վրա:
Եվ քեզ՝ Հոր և Սուրբ Հոգու հետ՝ փա՜ռք հավիտյանս. ամեն:

Բան ԼԸ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Ինչպես որ նախորդ գլուխներից մեկում գրության առա
Մարմնական անդամների օրենքի արգասիք համարվող
Մեղանչանքների այն խավարային գլխավոր ծնունդները,
Որոնք տիրեցին մահվան ժառանգորդիս,-

Այդպես էլ և այժըմ, այստեղ, հետևյալ խոսքերիս կարգին Պիտի հիշատակեմ ես փոքր ի շատե,
Ինչպես անսահման ծովի ջրերից մի կաթիլ առած՝
Հոգևոր կյանքի այն օրենքները,
Որոնք լուսածնունդներին ազատագրում են Հիսուս Քրիստոսով:

Բ

Կայսերական են ոմանք արդարև, բազմած բարձր գահի վրա,
Եվ շնորհների պաշարով լցված ու հարստացած:–
Թագավորն իր սիրելիներով, Արքան իր պատվավորներով, Պսակավորն իր իշխաններով, Բարեհռչակվածն իր համբավներով, Հաղթողն իր փողերով, Զորավարն իր մարտիկներով, Գովյալն իր փառքով, Փեսան իր պարավորներով, Դշխոն իր օրիորդներով, Փեսավերն իր հանդերձանքներով, Ազատությունն իր շնորհներով, Խոստովանությունն իր քավությունով, Օգնությունն իր ձեռքով, Պահպանությունն իր աջով, Պարգևն իր զարդով, Կենաց նշանն իր ամրությունով, Կնիքն իր նկարագրով, Ամպն իր հովանիով, Արվեստն իր հրաշքներով, Հոգին իր անեղծությունով, Խոսքն իր կատարումով, Ուխտադրությունն իր լրումով, Զորությունն իր հրամաններով, Ավազանն իր սքանչելիքներով, Մանանան իր անապականությունով, Կենդանի վեմն իր վտակներով,
Հրեղեն սյունն իր ճառագայթներով, Որոտումն իր ազդումներով, Վերին հույսն իր փրկությունով, Օրհնության ծառն իր պտուղներով, Եվ բարունակն իր բարիքներով:
Եվ որպեսզի, չլինի թե բոլորն ասելով՝ ամբողջն աչքաթող անեմ,
Ինչպես արևին նայելիս կայլայլվի աչքն ու կտկարանա,
Պետք է որ լռեմ ես շատն ասելուց և քչին հասնեմ,
Բավականանալով ամենապիկար իմ կարողությամբ:

Գ

Բայց ավա՜ղ հավետ այստեղ իմ թշվառ, եղկելի հոգուն,
Քանզի խոսքիս կարգն ստիպում է ինձ
Ավետավոր ձայնի հետ խառնել և՛ գուժկան բողոք.
Քանի որ սրանց հետ և սրանց առընթեր Կան՝ արդարությունն իր կշիռներով, Վճիռն իր հատուցումներով, Քննությունն իր լույսով, Հանդիմանությունն իր լապտերներով, Մերկությունն իր պատկառանքներով, Հայտնությունն իր ամոթով, Անբիծն իր վաստակներով Եվ սխալվածն իր պատիժներով:

Դ

Դարձյա՛լ և դարձյալ ողբ ինձ կրկնապես, թշվառ եղկելուս,
Քանզի անհնար բարկությամբ, ահա՛,
Գալիս է, հասնում հասակիս հասկին մանգաղը նրան հնձելու համար:
Դատավորն՝ ատյանի, և հզորը բեմի համար, Սպառնացողը կորուստի մատնելու, բազուկը՝
դատաստան տեսնելու, Պատժիչ գավազանն՝ հարվածելու, սպառազինումը՝ վրեժխնդրության, Եվ հովիվն ընտրություն անելու համար:
Եվ քանզի վերջին օրը հատուցման դատի պիտի ինձ դատապարտյալիս
Քո այն խոսքը, որ դու ինձ ասացիր,
Կանխի՛ր այն, բարեգութ, նախընծա քո քաղցրությամբ,
Եվ ինձ որ վարանական երկյուղով հեծում եմ նվաղաձայն,
Զորացրո՛ւ վերջին տագնապման ժամիս քո օրհնյալ ձեռքով,
Առաջին օգնությամբ մխիթարելով, բժշկելով, քավելով, և կենդանի պահելով:
Եվ քեզ փա՜ռք ամեն ինչի մեջ, հավիտյանս հավիտենից. ամեն:

Բան ԼԹ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ քանզի թողի կերպըս առաջին դևի թելադրանքով
Եվ կորցրի իսպառ իմ ծուլությամբ,–
Ուստի այժմ իմ մեջ ցույց պիտի տամ ես կերպարանքը հին.
Դառն ու թախծալից հոգու հեծությամբ Անաչառ խայտառակումով, հրապարակորեն, Հավաքված անթիվ և ամեն ազգի բազմությունների Վերապատմեմ ես պիտի բարձրաձայն և մեծաբարբառ աղաղակելով:

Բ

Շնչավոր մի մատյան եմ ես, որն ունի իր մեջ Ներսից ու դրսից ողբեր ու վայեր և ձայներ
տխուր, Իսկ և իսկ նման Եզեկիելի տեսլի տոմարին:–
Քաղաք անպատվար և անմահարձան, Տուն՝ դռան ամուր փականքներից զուրկ, Աղ՝ միայն տեսքով, այլ ոչ թե համով, Ջուր աղի, անախորժ՝ ծարավների համար, Գետին՝ անօգուտ՝ հողագործության, Դաշտ լքված՝ հեղեղավայր կնյունի, Անդաստան՝ խոպանացած և տատասկաբեր, Աստվածախնամ հողս հոգևոր, որ բանսարկուի
պատրանքներո՜վ մշակվեցի, Յուղընձյուղ փայտ եմ պտղակորույս, Հատանելի մի ծառ ունայնաբույս, Կրկնամեռ խոսուն մի տունկ եմ անհույս, Ամբողջովին շիջած ճրագարան անլույս:
Այժմ վերստին սույն նմանությամբ Այլ ավաղական բազում պատկերներ պիտի
կրկնեմ ես:-

Ամոթի դառն պատուհասն է պահված հեգիս,
Կրճտումն ատամների և աչքերի լաց անվերջ՝ եղկելիիս,
Հայրական անսպասելի ցասում՝ ստահակիս, Ապականություն աննորոգելի՝ մեղանչած մարմնիս, Նոր կշտամբություն՝ ախտալից հոգով, չարիք
գտնողիս, Տարակուսանքի տարտամ տագնապներ՝ մահով
գերվածիս, Որոնք երկնային զորքերը կտան թշվառիս,
Վկայելով, թե որոմի խրձի պես վառվելու է վշտակիր հոգիս,
Ահարկու ձայնով ազդարարելով անբժշկությունը հուսալքվածիս:

Գ

Արդարև, սրանք կատակերգական նվագներն են ահա՛
Այն քնարահար շրջիկ պոռնիկի, որ ծեծելով իր կուրծքը, լալագին
Հնչեցնում է հույժ կսկծեցուցիչ, խղճալի ողբեր,
Ինչպես Եսային է ասում առակով՝ Տյուրոսի մասին գրած պատգամում:
Եթե ապառնի դիպվածն այն փոքրիկ, իբրև մոտալուտ պատկերացնելով,
Բողոքում էր նա պես-պես, բազմակերպ ավաղումներով,
Լացով ու կոծով պարողների պես,–
Հապա ինձ համար, որ սպասելով Տիրոջ գալստյանն անպայման մնացի անպատրաստ բոլորովին,
Որքա՜ն և որպիսի՜ վհատեցուցիչ երգեր պիտի մրմնջեմ ես:
Արդ, եթե դատաստանի ահավորությունը հիշեմ վերստին,
Բազմացնեմ պիտի աշխատանքս ես,
Իսկ եթե տանջանքներս իսկությամբ աչքիս առաջ բերեմ՝ երկյուղս կաճի,
Եվ եթե ճշգրիտ պատկերացնեմ ես տեսարանները նրանց՝
Ինձ համար նախատեսված հատուցումները կավելանան,
Քանզի առաջուց նախատեսելով այդ բոլորը ես, չապաշխարեցի, թեկուզ անագան:
Բայց դու խնայեցիր ինձ, գթած, մարդասեր, հզոր, բարերար,
Ամենապարգև Քրիստոս թագավոր, օրհնյալ հավիտյան. ամեն:

Ա

Ամենակալ Աստված բարերար, ստեղծո՛ղ բոլորի, Ունկնդրի՛ր հառաչանքներիս ձայնին տագնապահույզ.
Եվ ինձ ապագա կասկածանքների երկյուղից փրկի՛ր,
Կարող զորությամբդ ինձ ազատելով մեղքի պարտքերից,
Քանզի քո անբավ մեծությամբ և իմաստությամբ անհուն՝
Հնարավոր է քեզ մոտ ամեն ինչ:

Բ

Եվ քանզի հեռվից տեսնելով հոգուս աչքերով ահա՛
Ահավորափայլ հանդեսը քո հանդերձյալ դատաստանի,
Նկատում եմ ես արդեն կանխապես
Ցերեկը լուսավոր ու հուսալից՝ սրբերի համար, Եվ օրը խավար՝ պատժապարտիս պատուհասի
համար, Ուստի և չկա ոչինչ, որ լինի փախուստիս համար ապաստանարան.
Ո՛չ անդունդները խորունկ և ո՛չ վիհերն անտակ, Ո՛չ լեռները բարձրաբերձ և ո՛չ քարանձավները,
Ո՛չ ժայռերը կարծրակուռ, ո՛չ էլ ծործոր ու ծերպ, Ո՛չ փապարները փոսավոր և ո՛չ հոսանքը հեղեղների, Ո՛չ բավիղները խորշերի, ո՛չ շտեմարանները
հարկերի, Ո՛չ թաքստոցները սենյակների, ո՛չ էլ ծմակները
հովիտների, Ո՛չ ծործորները դժվարանց, ո՛չ բլուրները բազմակուտակ.
Ո՛չ քամիները մեծաշունչ, և ո՛չ ծովերն անծայր, Ո՛չ հորձանքները սահանքների, և ո՛չ ափերը
հեռավոր, Ո՛չ ողբերի ձայները և ո՛չ հեղեղներն արցունքի,
Ո՛չ շարժումը մատների, ո՛չ ձեռքերը վերամբարձ
Եվ ոչ էլ պաղատանքը շրթունքների:

Գ

Այս բոլորից՝ սաստկագույն և անճողոպրելի՝ Դո՛ւ միայն, Քրիստոս, կարող ես փրկել բազմամեղ հոգիս, Քո անդորրությամբ և քո դյուրությամբ ամենահնար:
Ուստի և նայի՛ր ինձ շրջապատող վտանգներին անզերծանելի,
Դո՛ւ միայն քաղցրդ բոլորի հանդեպ.
Կենազեն խաչիդ հաղթական սրով կտրատի՛ր բոլոր ցանցերը վարմիս,
Որոնք ամենուստ պաշարել են ինձ մահու գերյալիս,
Տո՛ւր հանգստություն սասանյալ ոտքին թյուր ընթացողիս.
Բուժի՛ր հրատապ ջերմին տոչորումն մղձկյալ սրտիս,
Մերժի՛ր դիվային և չարահնար շշուկները իմ՝ քեզ պարտավորիս.
Հալածի՛ր անհույս մթությունն հոգու՝ չարին կենակցիս.
Ցրի՛ր ծխամած թանձրությունները բռնավոր մեղքերիս.
Կորցրո՛ւ ապական ցանկությունները զազիր կրքերիս.
Նորոգի՛ր մեծիդ անվան պաշտելի փառքի լուսեղեն պատկերն ի հոգիս.
Զորացրո՛ւ շնորհիդ փայլը շողշողուն որպես շուք դեմքիս,
Մտատեսության ընդունակություն տուր հողեղենիս,
Հարմար հորինմամբ վերահարդարիր, որ տեսնի քեզ պարզ՝
Լուսազարդ մաքրությամբ զտելով մռայլը մեղավորիս,
Աստվածային կենդանի, անեղծ, երկնավոր լույսովդ ծածկելով երեք պատկերներն անձիս:
Զի դու ես միայն օրհնյալ Հորդ հետ ի գովեստ Սուրբ Հոգուդ
Հավիտյանս հավիտենից. ամեն:

Բան ԽԱ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Որդի՛ կենդանի Աստուծո, ամենաօրհնյա՛լ, Անքնին ծնունդ դու ահավոր Հոր, Քեզ համար չկա ոչինչ անհնար ու անկարելի:
Երբ ողորմությանդ փառքի անստվեր ճաճանչները ծագեն,
Կհալվեն մեղքերը, կհալածվեն դևերն ու կջնջվեն հանցանքները,
Կխզվեն կապանքները, կխորտակվեն շղթաները, Կկենդանանան մեռյալները, կբուժվեն զարկվածները, Եվ վերքերը կառողջանան.
Կվերանան ապականությունները, տեղի կտան տխրությունները,
Կնահանջեն հեծությունները, կփախչի խավարն, ու մեգը կմեկնի,
Կցրվի մառախուղն, ու մռայլը կփարատվի. Կսպառվի աղջամուղջը, կվերանա մութն, ու
գիշերը կանցնի, Տագնապը կտարագրվի, կչքանան չարիքները,
Հուսահատությունները կհալածվեն,
Եվ կթագավորի քո ձեռքն ամենակարող, քավի՛չդ բոլորի:

Բ

Դու չեկար կորցնելու մարդկանց հոգիներն, այլ ազատելու.
Ների՛ր ինձ անթիվ չարիքներս՝ քո բազում ողորմությամբ,
Զի դու միայն ես երկնքում անճառ և երկրում՝ անզնին,
Գոյության տարրերի մեջ և աշխարհի բոլոր ծագերում,
Սկիզբն ամեն ինչի, և ամեն ինչի մեջ՝ ամբողջ լրումով,
Օրհնյա՜լ ի բարձունս.
Եվ քեզ՝ Հոր ու Սուրբ Հոգուդ հետ՝ փա՜ռք հավիտյանս. ամեն:

Բան ԽԲ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Տե՜ր Աստված գթության, փրկության և ողորմության,
Քավության և նորոգության, բժշկության և առողջության,
Լուսավորության և կենդանության, հարության և անմահության,
Հիշի՛ր ինձ, երբ գաս քո արքայությամբ, Ահավոր, հզոր, բարերար և ամենաստեղծ, Կենդանի, գովյալ, ամենակատար Եվ մերձ համորեն արարածների հեծություններին:
Ես էլ եմ ահա՛ պաղատում քեզ խաչակցիդ հետ, Որը քեզ համար ո՛չ բռնված էր և ո՛չ էլ կապված, Ո՛չ կախված և ո՛չ բևեռված,
Ո՛չ խոշտանգված էր մեծիդ անունով և ո՛չ անարգված,
Ո՛չ լլկված և ո՛չ արհամարհված, Ո՛չ խորտակված և ո՛չ մահացած,
Այլ արքայությանը՝ արդարների համար պահված լույսին արժանի համարված:
Եվ դու հաստատուն ուխտի խոստումով «Ամեն»-ի երդմամբ,
Հայտնելով տրված բարիքների անփոփոխությունը,
Փառավորեցիր նրան և փրկության հույս ներշնչեցիր ինձ՝ իսպառ լքվածիս:

Բ

Օրհնյա՜լ, օրհնյա՜լ և դարձյալ օրհնյալ, Ընդունելով և ինձ նույն հավատքով՝ Փրկի՛ր կործանումից և բաձրացրո՛ւ, ո՜վ բարերար.
Բժշկիր հիվանդությունների ախտերից, ողորմա՜ծ.
Մահվան եզերքից ինձ կյանքին դարձրու, ո՜վ կենդանություն.
Քոնն եմ նաև ես, ուստի նրա հետ ապրեցրո՛ւ և ինձ, ապավինությո՜ւն.
Կենդանության շունչ ընծայիր դու ինձ՝ հոգով մեռածիս,
Հարությո՜ւն, դու կյանք և անմահություն, Անպակաս բարություն, անսպառ շնորհ, անփոփոխ ներողություն, Աջ ամենազոր, ձեռք ամենիշխան, մատ ամենամերձ:
Կամեցիր դու, Տեր, և պիտի փրկվեմ.
Ակնարկիր միայն գթությամբ, և պիտի արդարանամ.
Ասա՛ դու խոսքով, և իսկույն պիտի դառնամ անարատ:
Մոռացի՛ր թիվը իմ չարիքների՝
Եվ անմիջապես համարձակություն պիտի առնեմ ես.
Առատաձեռնի՛ր, և շուտով պիտի պատվաստվեմ քո մեջ,
Փառավորյալդ ամեն ինչի մեջ հավիտյանս. ամեն:

Բան ԽԳ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Բժշկության հմտության ամենափորձված հնարավորությամբ
Անախտական կյանքի դու պատճառ, երկնային զորեղ թագավոր՝ Տե՜ր Հիսուս Քրիստոս, Աստված՝ իմանալիների բոլոր և տեսանելիների:
Ահա՛ իմ մեջ ես դու, ինչպես մագարեն է ասում,
նոր կցորդությամբ, Ուստի և ես միացած քեզ հետ խոսքի դաշինքով
այս բարեզարդ՝ Թո՛ղ լուսավորվեմ կրկին ողջացած՝ շնչով ու
մարմնով, Ըստ ամենայնի կարող և անդրդվելի:

Բ

Սպեղանիների կարիք չես զգում դու
Հոգուս վերքերին փաթաթաններ պատրաստելու համար,
Ո՛չ ժամանակի, ո՛չ միջնորդի և ո՛չ էլ երկարաձիգ օրերի,
Ո՛չ փոփոխական դեղեր տալու և ո՛չ անդամահատման,
Ո՛չ էլ խարելու, վիրահատության. Եվ այլ երկրավոր դարմանումների,
Որոնք ենթակա են հաճախ վրիպանքի և ամենասխալ տարակուսության:
Բայց քեզ՝ հոգիների և մարմինների Արարչիդ Ամենայն ինչ լուսավոր է, ամենայն ինչ ակներև, Ամեն ինչ գրված, ամեն ինչ դյուրին և հնարավոր, Խորհուրդը գլխավորված է, խոստումը լցված,
կամքը կատարված, Քո կտակն Ավետարան է, քո վճիռն՝ ազատություն, մատյանդ՝ շնորհ:
Չես կաշկանդված դու օրենքներով, ոչ էլ կանոններով շրջափակված.
Արգելակված չես նվաստությամբ, ոչ էլ հպատակությամբ խոնարհված.
Չես պարփակված փոքրկությամբ, ոչ էլ սահմաններով չափված.
Չես վրիպած բարությունից, ոչ էլ ցասումից այլայլված.
Չես սխալված խստությունից, ոչ էլ խռովությունից վրդովված.
Չես դղրդված անգիտությունից, ոչ էլ ողորմությունից՝ փոփոխված.
Չես իջել բարձրությունից, ոչ էլ օգնությունից ընկրկած,
Ոչ էլ փրկությունից տկարացած:
Սկիզբն ու լրումն ես դու ամեն ինչի, և ամենայն ինչ քեզանից է:
Փա՜ռք քեզ և երկրպագություն հավիտյանս. ամեն:

Բան ԽԴ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Աստվա՜ծ անսահման, անբացատրելի հարազատ ծնունդ միակ Աստուծո,
Արարիչ բոլոր արարածների, Քրիստոս թագավոր,
Լույս՝ խավարի մեջ՝ մթնած սրտերի.
Մեզ հետ՝ մարդ կատարյալ և առաքչիդ հետ՝ իսկական Աստված,
Որ մեր բնությամբ քոնն ես ծանուցում հրաշապես:
Օրհնյա՜լ է Հայրդ երկնավոր և անճառ,
Որ առաքեց քեզ երկնից և որին փառակից ես դու արարչությամբ.
Տարագիր գերուս փրկության համար նա այնքա՛ն հոգաց,
Որ մինչև անգամ քեզ մատնեց մարդկանց:
Իսկ դու, որ կարող էիր առանց վշտի ավարտել
խորհուրդը տնօրինության, Հաճեցար մահվան բաժակը ըմպել մեղապարտիս հետ՝ Անթերի մարդկությամբ և անպակաս աստվածությամբ:
Եվ Սուրբ Հոգին քո կենդանարար, ինչպես որ քո, այնպես և իսկակից է Հորդ,
Եվ էությամբ համապատիվ՝ ծնողիդ հետ և՛ ծնվածիդ:
Մի Երրորդություն կատարյալ՝ անբաժանելի և անանջատ երեք դեմքով:
Անսկիզբ և անժամանակ, բացարձակ բարերար, Համակ կենդանարար, ամբողջապես խաղաղարար, Ստեղծիչ գոյությանց և հորինող ամենայնի,
Անքակտելիորեն և մի բնությամբ փառավորված:

Բ

Իսկ եթե գթած երկնավոր Հայրը հզոր՝ մեկն է էությունից՝
Մահապարտիս հանցանքների համար զոհաբերեց իր անքնին ծոցի ծնունդը միակ, Չխնայելով իրեն համապատիվ սիրելի Որդուն, Այլ կամովին նվիրեց նրան մահվան զենքերով
չարչարողներին, Ըստ Զաքարիայի մարգարեության,
Թե՝ «Պիտի զարթնի սուրը հովվի վրա, Եվ պիտի զարկվի հոտապետն ինքը, Ու ոչխարների հոտը ցրվի»,
Ինչպես նախագրողի օրինակը նուրբ128Ակնարկում է ամաղեկացոց դեմ պատերազմի միջոցին Մովսեսի և ուխտը խորանի,
Եվ նվիրումն արյան սպանդի,
Եվ խորհուրդն աբրահամյան պատարագի, Որոնք կանխապես նկարագրեցին փրկությունն
հեգիս՝ կեցուցչիդ կամքով,-

Ուրեմն էլ ինչո՞ւ ես տխրում, ա՛նձն իմ,
Որ քո իսկ գործով և հոժարությամբ ես կործանվել դու
Եվ ո՛չ Աստուծո կամեցողությամբ. Կամ ինչո՞ւ ես դու խռովում, սիրտս՝ Մտատանջվելով սատանայական հուսահատությամբ:
Հուսա՛ Աստծուն և խոստովանիր, Եվ նա քեզ համար կհոգա անշուշտ՝
Դավթյան սաղմոսի և մարգարեի կենսախրախույս խոսքի համաձայն:

Գ

Իսկ ստեղծողի խնամակալության չափն ու եղանակը ավելի վեր է,
Քան հրեշտակների և մարդկանց մտքի կշռության սահմանն,
Ու թե բյուր անգամ կրկնվի՝ դարձյալ չափել չի լինի,
Զի բարձրյալ Տիրոջ և՛ բավարարելն է անճառելի:
Մանավանդ որ նա՝ մեկը օրհնված համագոյական Երրորդությունից՝
բազկատարած կանգնելը, որը համարում է օրինակ՝ Հիսուսի խաչելության:
Ուղարկեց մյուսին այն օրհնաբանված,
Որը և մեռավ ի հաճություն իր առաքչի կամքին:
Մյուս երրորդն ահեղ երկուսի հավանությամբ Բարեմաղթում է մեծաջան բաղձանքով:
Իսկ միևնույն բարի իրագործումների մեջ Նրանց համամիտ միակամության ապացույցներն են՝ Հոգին՝ կենդանու և բանը՝ բանականի,
Պայծառությունը՝ փառքի և կերպարանքն՝ էությանը:
Փույթ՝ ապրեցնելու, սթափ՝ ողորմելու,
Օգնության ձեռք կարկառելու և փրկելու՝ պատրաստ,
Առատատրությամբ՝ հորդ, շատությամբ՝ զեղուն,
Անբավությամբ՝ լի, աննվազությամբ՝ փարթամ, Երկայնամտությամբ՝ ճոխ և անհասությամբ՝
բարձր,-

Մի Երրորդություն կատարյալ եռանձնյա,
Օրհնյալ հավիտյանս. ամեն:

Բան ԽԵ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ, ով կործանված իմ անձ, բարի հույսը տնկած սրտիդ մեջ
Եվ հավատքի գոտիով պնդած երիկամներիդ մասերն երկու՝
Ցանկական գործարանները քո կրկնապղտոր խորհուրդների,
Խոստովանի՛ր բարերար Աստծուն մտածածներդ՝ որպես թե արդեն գործված մեղքեր,
Խորհածներդ՝ իբրև կատարվածներ, Անտեսներն՝ իբրև արդեն հայտնի, Սրտիդ մեջ թաքուն պահածներն՝ իբրև բարձրաձայն ասված.
Ակնարկումներդ՝ իբրև իրագործած մեղանչումներ,
Շուրթերիդ շարժումն՝ իբրև չարության գործադրություն,
Ոտքերիդ հետքերն՝ իբրև վազք ընդդեմ Աստուծո պատվիրանների,
Ձեռքերիդ ցասկոտ երկարումն՝ իբրև արյունահեղություն,
Անվերջ ծիծաղելն՝ իբրև կամավոր լքումն շնորհի,
Երդումն ի դեպ թե տարադեպ՝ իբրև գործակցություն խաբողին,
Ամբարտավանությունն՝ իբրև հին կործանիչ
նախաստեղծին իր բարձրությունից, Սրտնեղությունն՝ իբրև թերահավատություն, Մեղկությունն՝ իբրև պարտություն զորավոր
ամրության, Վշտակրության համար տրտնջալն՝ իբրև ուրացություն՝ Տիրոջ հետ արած ուխտի, Անսանձությունը՝ իբրև մի թոռը անգթության, Անբարհավաճությունն՝ իբրև վեհերի դեմ
գոռոզացում չնչին բաներով, Պարծենկոտությունն՝ իբրև կամակոր հարազատություն չարագործի հետ:
Ակամա մեղքերն էլ խոստովանիր կամովին գործած հանցանքների հետ,
Բռնիները՝ հավանությամբ կատարվածի հետ, Նորամույծները՝ բնածինների հետ, Անօրենությունը՝ ապաստվածության հետ, Փոքրերը սաստկագույնների և քչերը՝ շատերի
հետ, Անասելիներն ասա՝ արդեն իսկ ասված իմացողին, Անգրելի մեղքերը՝ իբրև տեսնողի աչքի առջև
մագնիսաքարի վրա արձանագրված,
Մեղքի համար թեթևագույն համարվածներն՝ իբրև ստվար ու ծանր բեռներ,
Ծածկվածների չափի որոնումը՝ իբրև ճշտիվ պահանջումն
Կետի կորյունի բերանից առած սատերի տուրքի` չորեքդրամյան ծանրությամբ129Հմմտ. Մատթ. ԺԷ. 23-26.
Անդնդային գործերը՝ իբրև Աստուծո ականջին արագ հասածներ:
Շարունակի՛ր սրանք և կուտակի՛ր կրկնապես՝ Հանձնառու լինելով պատմելու այստեղ
վերստին Սաստիկ հեծությամբ չեղածներն իբրև արդեն
եղածներ Ցույց տուր Աստծուն պարտությունը քո հալածյալ անձի, Որպեսզի ընդունես դու փոխատուից պարտքերիդ թողություն, Այն մեղավորի նման, որին արդարացրեց Տերը
և հռչակեց հրաշափառապես, Եվ բազմապատիկ ներբողով կրկնեց գովեստը
զղջման, Քան թե պարսավեց մեղքերը նրա:

Բ

Բարդիր և դիզի՛ր, ա՛նձն իմ, մեղապարտ հոգուդ հանցանքները,
Կշտամբելով հույժ՝ խոսքերով սաստիկ և նախատական
Քո բազմամասնյա խոհերը և գործերը ժանտ՝
Չարություն, անօրենություն և սխալանք, Մարտահանդեսից փախուստ և պարտություն, Մոլեգնություն, ամբարշտություն և ապշություն, Թմրություն և քուն՝ արթմնի և նիրհումն ընթանալիս, Օտարոտի խորհուրդ և նանիր խոսքեր,
Սեր՝ զազիր գործերի և դանդաղում նրանց մեջ, Տենչեր՝ Աստուծո համար ատելի, Աներկյուղություն, անսաստություն, անշիտակություն, Թերություն, թյուրություն, թուլություն, ժլատություն, Սանձարձակություն, ծաղրածություն, խեղկատակություն, Եվ շարժուձևեր գայթակղեցուցիչ ու պատրողական, Անտեղի քաջություններ, անհարմար մարտնչումներ, արիություններ անօրինական, Հոգու խեղդումներ, տատանողական երկչոտություններ, Բազմոստայն ճյուղեր թափուր, անպտուղ,
Անպատկառ լկտիություններ, գժդմնություններ և գժտություններ,
Անմիտ ատելություններ և մարմաջումներ դյուրին որսացվող,
Անկշռելի փոքրություններ, խոստմնադրժություններ,
Ուխտազանցություններ, այլակերպություն նմաններից,
Կեղծիքների քողարկումներ, փառամոլության հիմարություններ,
Հավակնություն բարձրահոն, ապիրատություն, եսասիրություն,
Նախագահական տենչանք, չարով հատուցում չարագործներին,
Եվ դրանց հանդեպ բարբաջանք և ի զուր ու փուչ կրքեր,
Գործակցություն բանսարկուի խորամանկությանը,
Խոսքերի շաղ տալն ու կենաց վաճառք սատակման գնով,
Ավանդների կորուստ, ժառանգության վատնում, կապանք ձգողական,
Երինջների լծափոկով անխզելի՝ բռնված անօրենություններ1,
Մշտաթաթավ տղմաբնակություններ, Լքումն լավերի և ենթարկումն վատերի, Դարձի գալուց ետ վերադարձ դեպի նույն
դժնություններ՝ Նորամուտ մտքեր, օտար խորհուրդներ և անկայուն կամք, Հագագային հևքեր, անասնական կրքեր,
Իշխանականի ամենասփյուռ ընդարձակություն:
Եվ կան դեռ, որոնք անգրելի են և անասելի, Կամ անպատմելի, անպատկերելի:

Գ

Եվ հիմա, ինչպե՞ս պիտի բժշկվես, ա՛նձն իմ եղկելի,
Դու, որ խոցված ես այսքան տեգերով,
Երեսից ընկած անողջանալի այր մի տարագիր, ըստ մարգարեի,
Զի միայն մեկն էլ վերոգրյալներից բավական է քեզ սատակեցնելու,
Դեռ թողնենք, որ դու ժանտ դահիճների այսքան խմբերով ես շրջապատված:
Մանավանդ՝ սոսկ ա՛յս օրինակներով չի տրվում պատկերը տառապյալիս,
Այլ, ինչպես վխտացող բազմությունն անթիվ կարիճների,
Որոնք օրհասական թույնը կրում են իրենց պոչի ծայրին,
Ինչպես մաշկեղեն մի ամանի մեջ ամփոփված, որտեղ խայթոցն է նրանց,
Որոնք արտաքուստ թվում են թեև բարի, անվնաս,
Բայց ներքուստ ունեն չարի ամբարներ, կորստյան պահեստ,
Կսկծանքի կույտ, սատակման գործոններ, մշակներ մահվան,–
Այդպես են նաև ամբարված դաժան անօրենությամբ
Թշվառաքրտինք թոշակները քո, ա՛նձն իմ պարտական կրկին սատակման:
Կամավորաբար ընդունեցիր դու քո մեջ այն, ինչ որ
Ցանեց թշնամին աշխարհի ագարակում՝ ցորենի վրա130Մատթ. ԺԳ. 24-28,,
Ո՜վ այր անմաքուր, ամբարիշտ և ծույլ, իսպառ ատելի,
Որին սիրելի և դուրեկան են անառակությամբ լցված ամեն ինչ,
Որոնք թվում է առաքյալն ինքը խիստ կշտամբական իր այն խոսքերով՝ վերջացրած այսպես՝
«Եվ նրանք, ովքեր գիտնալով հանդերձ օրենքն Աստուծո գործում են այսպես
Կամ գործողներին լինում կամակից՝ արժանի են մահվան»:
Արդ, ես ինքս ինձ արժան դատեցի կրկնակի պատժի –
Կորչելու իսպառ և սատակելու որպես մահապարտ.
Բայց դու խնայիր ինձ ողորմությամբ, բարեգո՜ւթ, հզոր, կենդանի,
Կամարար, կարող և հնարավոր, օրհնյա՜լ հավիտյանս, ամեն:

Բան ԽԶ

Ա

Վրիպյալս ես ամենայն անգամ, ամենապատիժ, Միշտ դժնյա վայրենաբարո, մահով եմ անձամբ
կշտամբում ինքս ինձ.
Ինչպես արոտական խոզերի զազիր և վայրագասուն երամակներ՝
Գարշելի մեղքեր արածացնող եմ ես նախատելի վարձով131Ղուկ. ԺԵ. 25.
Ամայաբնակ ուլերի հորանը խնամող հովիվ եմ ես մի
Տավարածների վրանների մոտ,
Ըստ Երգ-երգոցի առակի, որ ինձ է վերաբերում, Ինձ, որ չեմ ճանաչում նույնիսկ ու չգիտեմ երբեք, Թե որի՞ ձեռքով և ո՞ւմ պատկերով, ինչո՛ւ գոյացա:

Բ

Ահա՛ մարմինդ կրող երկու միակցորդ ու խորհրդակից ոտքերիդ վրա
Հրեշտակի ձևով ես կառուցվել դու,
Որպեսզի երկու վերև բարձրացած քո բազուկներով վերասլացիկ,
Իբրև թռչելու համար թև առած՝ դիտես հայրենի աշխարհը բարձրից:
Ո՜վ հիմար, ինչո՞ւ ինքդ քո կամքով կորացար գետնին,
Եվ միշտ աշխարհի չնչին ու ճղճիմ հոգսերով տարված:
Անապատական ցիռերի կարգը դասեցիր դու քեզ:
Մարմնիդ աշտանակի վրա իբրև ճրագ բազմականթեղյան՝
Գլխիդ կլորությունը հաստատվեց,
Որպեսզի այդպիսով, չհեռանալով օրինակելի լույսի շնորհից,
Տեսնես Աստծուն և անանցանելիքն իմաստասիրես:
Բանականության պատվով կրկնապես ճոխացար,
Որպեսզի վերուստ քեզ տրված բոլոր բարեմասնությանց
Հաղթանակը դու պատմես անարգել, անկաշկանդ լեզվով:
Մատնելով հարմարապես ճյուղավորված ճարտար քո ձեռքերով
Գործելուդ համար և կառուցելու՝ աստված կոչվեցիր՝132Այս բառի հարաբերական իմաստով՝ հորինող, ստեղծող:
Համացեղությամբ իբրև գործակից ամենապարգև աջին Աստուծո:
Երեք հարյուր վաթսուն հոդերով դու շաղկապվեցիր,
Միացնելով նրանց քո մեջ պատշաճող թիվը հինգ զգայարանքների133Իր ժամանակի անդամազննական հասկացողության համաձայն՝ մարդու մարմնի ոսկորների և կազմության զանազան մասերի քանակը՝ 360. այդ թվի վրա ավելացնելով հինգ զգայարանները՝ համապատասխանում է տարվա օրերի թվին:,
Որպեսզի արտաքին առերևույթ նյութեղեն շինվածքդ
Չմնա մտքիդ տեսության կողմից անքննադատելի.
Զի ոմանք դրանցից ստվար են և զորավոր, Եվ ուրիշներ՝ փոքր են ու պիտանի, Կան, որ կարծրակերտ են և՝ զգայուն,
Եվ դարձյալ, որ գողտրիկ են ու պատվականագույն,
Ինչպես նաև կան, որ կարևոր են և ամոթալի:
Իսկ բացատրություններն այդ բոլորի քո մեջ են
նկարված, Իբր անջնջելի արձանի վրա, ա՜նձն իմ եղկելի.
Որի միտքն այն է, թե ժամանակի մասն ամենափոքր ու տարին կազմող բոլոր օրերի կարգն հաջորդական
Սահմանված՝ մարմնի մասերի թվով
Անսխալ կերպով անայլայլելի՝ պահված են այնտեղ:

Գ

Կա և հոգևոր մի այլ օրինակ,–
Սիրո հոդերով շաղկապված ի մի սուրբ եկեղեցու միությունն է այդ,
Որի խորհուրդը դարձյալ քեզանով է մեկնաբանվում.
Այնպես որ առանց բոլոր մասերի իրար հետ ամուր սերտ կապակցության՝
Մեծը փոքրի հետ համաձայնված մի ընդհանուր լծի ներքո
Քրիստոսի անվամբ հալածանքների շենքի կատարելությունը վնասված կլինի:
Ինչպես որ մարմնին պատվաստված աննշան անդամներից մեկն եթե կտրվի և կամ պակասի՝
Կրճատված կլինի մարմնի կազմվածքը, որ զգայական սենյակն է մարդու,
Որով և ահա՜, պատկերն ընտանի կենթարկվի անարգ մի փոփոխության:
Ուրեմն այսպիսով, ինչպես և բազում այլ անզուգական հրաշակերտությամբ ստեղծված՝
Աստուծո հարազատ պատկերն ես դու, հոգի՛դ իմ գերի, իսպառ կշտամբված:
Թեև առաջին նմանությունիցդ կողոպտվեցիր,
Կենաց դրախտում մեղանչելով պատվիրանի դեմ,
Բայց ավազանի լուսազարդ շնորհով, Հոգու փչումն ընդունելով,
Նախկին նույն պատկերն ստացար դարձյալ:
Եվ այժմ ինչո՞ւ կորցրիր դու այդ փառքը երկնավոր, Ինչպես կորցրեց նախաստեղծն երբեմն վիճակն
երկնավոր՝ Ադեն դրախտում:
Ինչո՞ւ ինքդ քո ձեռքով փակեցիր երկինքը քեզ համար,
Եվ վերելքի դուռը կողպեցիր քո առաջ. Ինչո՞ւ խառնեցիր մաքուր ջրի հետ աղտն
արցունքներիդ.
Ինչո՞ւ լվացված ձորձը՝ գարշելի գործերով զազրելի դարձրիր,
Ինչո՞ւ մեղքերի պատմուճանդ հանած՝ նորից հագար այն անառակ վարքով.
Ինչո՞ւ ժանտերի ճամփով գնալով ոտքերիդ մաքրությունն աղտեղեցիր.
Ինչո՞ւ կրկնեցիր իրավադատին ուխտազանցությունն հին պատվիրանի.
Ինչո՞ւ զրկվեցիր շնորհաց պտղից, ինչպես Ադամը՝ կենաց ծառից.
Ինչո՞ւ նենգեցիր ինքդ կամովին հավերժությունը անստվեր հույսի.
Ինչո՞ւ թույլ տվիր, որ անհամարձակ՝ ծածկվի դեմքդ սաստիկ ամոթից.
Ինչո՞ւ զինվեցիր դու ինքդ քո դեմ հակառակվելով, ո՜վ ընդունարան խելագարության.
Ինչո՞ւ որս եղար մահվան ծուղակին, թողած արահետը վստահելի.
Ինչո՞ւ պատրանքների կարթով բռնվեցիր, կենդանարարի մարմնին հաղորդակի՛ցդ դու:
Բայց դու վերստին հուսալով նրան՝ պաղատի՛ր առ նա,
Որ ապավեն է, քավիչ, նորոգիչ, փրկիչ, կեցուցիչ և կենդանարար,
Ողորմած, խնամող, մարդասեր և անոխակալ, Բազմագութ, օրհնյալ հավիտյանս.
ամեն:

Բան ԽԷ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ, ամաչելով մեծիդ ահավորությունից, ի՞նչ կարող եմ ասել,
Եթե ոչ համրանալ և բերանս հողին՝ լռել սրտիս մեջ,
Աչքերս հառած բարի հույսին, ըստ մարգարեական խոսքի.
Իսկ եթե բանամ փականքը՝ շարժվող իմ շրթունքների
Եվ կամենամ բռնադատել նրանց, որ խոսեն, Խղճմտանքիս ձայնը դարձյալ կթելադրե ինձ Հյուսել լալագին ու կրկնակական եղերերգրություն:

Բ

Ուստի ողբակից մեծ մեղավորին,
Որը կամովին մահացու կերպով անօրինացավ, Նրա գոչն իր հետ կրկընում եմ և ե՛ս:
«Մեղա՜, Տեր, մեղա՜, անօրենություններիս մասին ես ինքս եմ վկայում»:
Դրա հետ մեկտեղ հյուսելով նաև հիսուներորդ սաղմոսի խոսքերը,
Մեղավոր հոգուս պարտքերի հաշիվը ես համարում եմ անթվելի,
Ավելի քան հողմից քշված հյուլեները փոշու՝ օդում համատարած:

Գ

Մեղա՜ երկնքի և քո առջև.
Անառակ որդու հետ ամոթապարտ և ես
Հայրենի գութիդ վերադառնալով՝ թախանձում եմ քեզ:
Եվ տխրադեմ, ահա՛, քեզ մոտենալով,
Ձայնը ողորմելի աղերսանքներիս, արտոսրածին ողբերի գոչյունով՝
Քո առջևն եմ տարածում, Հա՜յր գթությանց, Աստվա՜ծ բոլորի:
Ես արժանի չեմ ոչ միայն որդի կոչվելու,
Այլև անվանվելու անպիտան և անօգուտ վարձկան:
Ընդունիր սովյալ տարագրականիս և հանցապարտիս,
Եվ նեղվածիս ու նվաղածիս տանջող ցավը քաղցի՝
Կենաց քո հացով դարմանի՛ր դու:
Ընդառաջիր ինձ քո ողորմությամբ, քանզի ես նախ քեզ եմ ապավինել.
Հագցրո՛ւ, գթա՜ծ և անոխակալ, անօրինյալ մեղապարտիս
Զգեստն այն, որից ես դեռ նախապես կողոպտված էի.
Մեղքերով աղտեղված անվանդակորույս ձեռքիս Մատուցիր կամքով քո ամենառատ՝ մատանին
կնքով համարձակության.
Ոտքերիս գարշապարների մերկությունը թշվառ Ավետարանի ամրածածուկ կոշիկներով պատսպարելով՝ Ապահովի՛ր դու օձի թույնի դեմ:
Զվարակդ պարարյալ, երկնային, որ քո միածին Որդին է օրհնյալ
Ճշմարիտ մարդասիրությամբ՝ իմ բարեկարոտ հոգուն նվիրիր:
Մատուցվում է նա միշտ ու չի սպառվում երբեք. Մորթվելով անթիվ սեղանների վրա՝ անսպառ է
նա միշտ, Մնալով ամբողջ՝ բոլորի մեջ և բովանդակ՝ յուրաքանչյուր մասում, Իր էությամբ երկնքում է նա և իսկությամբ
երկրում, Աննվազ մարդկությամբ և անթերի աստվածությամբ, Որ փշրվելով բաշխվում է միշտ անհատնում
մասերով, Որպեսզի բոլորին հավաքի մի մարմնի մեջ՝ ինքը
լինելով գլուխ:
Քեզ փա՜ռք ընդնմին, Հա՜յր ողորմության, հավիտյանս. ամեն:

Բան ԽԸ

Ա

Բարձրյա՜լ, հզոր, անսկիզբ, ահեղ, անբովանդակելի,
Ա՜չք աննիրհելի և ամենատես, ծնող անքնին փառքով Միածնիդ.
Երկնավորների և երկրավորների առջև ճշմարտի՛ր քո ողորմությունն իմ նկատմամբ.
Տոնի՛ր վերապրումը կորուսյալիս՝ վերնականներին պարերգությամբ134Ղուկ. ԺԵ. 7-10.
Օրհնաբեր խոսքովդ ավետարանի՛ր կենդանությունը մահացյալիս.
Հայտնի՛ր քո կամքի բարեբաստությունը, գովյա՜լդ բոլոր արարածներից.
Ստացի՛ր անճառ անուն քեզ համար, իսկ ինձ թշվառիս՝ նորոգ փրկություն.
Կորցրո՛ւ մեղավորիս ամբաստանության մուրհակի գիրը.
Մահավճիռը հոգուս ջնջի՛ր դու սիրելի Որդուդ արյան կայլակով.
Վստահությունը բարի փրկության՝ Քրիստոսի արյամբ նկարի՛ր իմ մեջ.
Բարեգթությանդ հրաշքները ցույց տուր հարսանյաց ճաշկերույթում քո հարազատին:
Մի՛ փակիր քեզ դիմողիս դեմ սրահի առագաստը քո կենաց տան.
Մի՛ բաժանիր ինձ բազմականներից և քո բարիքներից մի՛ զրկիր.
Մի՛ պահիր գանձարանիդ մեջ մեղքերն իմ նյութած անօրենության.
Մի՛ կնքիր բարեմասնություններիդ քսակում
գարշությունն իմ զազրությունների.
Մի՛ ծածկիր երկար՝ վերքերն իմ մեղքերի՝ ախտալից մարմնիս մեջ.
Մի՛ դարձնի ինձ տնկակից մահամնա նեխվածքն ու փտությունն իմ ցավերի,
Այլ քո ողորմած խոսքով վերացրո՛ւ ժանտությունն ապականիչ,
Որպեսզի ազատ հյուծող ախտերից՝ առողջությա՜նը պատրաստվեմ.
Խորապես խոցվածիս համար ճարի՜ր զորավոր սպեղանի, ո՜վ գթությանց Հայր.
Տո՛ւր բարի այցելություն կարեվեր կործանվածիս, քանզի քոնն եմ ես, ո՜վ ոգեսեր Տեր:
Եթե մինչև իսկ բյուր հեղ մեղանչեմ, դարձյալ մեղավոր չեմ համարվի,
Ապավինելով քո կենսապարգև շնորհին, ո՜վ բարերար իմ և կյանքի տվիչ.
Զի քեզ ճանաչելը կատարյալ արդարություն է, Եվ զորությունդ գիտենալը՝ անմահության արմատ.
Ինչպես որ առաջուց իմաստունն է գրել.
Եվ դարձյալ այսպես է ասում նա.–
«Տիրում ես բոլորին, դրա համար էլ խնայում ես սրանց».
Եվ նմանապես՝ «Կարող ես դու միշտ, երբ էլ կամենաս»:

Բ

Հուսատու աղերսն այս՝ Սողոմոնի՝ օրինակ եմ ես առնում ինձ համար,
Զի ոչ ոք, քան նա, ինձ զուգաշավիղ՝ չեղավ բազմամեղ.
Երբեմն որդի՝ հետո ատելի.
Երբեմն միջնորդ խաղաղության Աստուծո ժողովրդին,
Եվ հետո խտրոց պառակտիչ՝ բազում խռովությունների.
Երբեմն կյանքի օրենքը եղած և ապա փոխված մահվան մուրհակի.
Երկնավորի պաշտումն ընդոտնած, և օտարի անունը ճանաչած:
Անտեղի ցրող, անկարոտ զրկող, անսովելի գող, Շոյված տրտնջող, փափկացած փախստական,
խրտնած սեղանանենգ, Պապանձյալ վնասապարտ, քաղցրասնույց հայհոյիչ, հայրատյաց զավակ, Կտակարանների մատնիչ, Մովսեսի դեմ չարախոս,
Երախտիքներ մոռացող, սխալական իմաստուն, ամենագետ հանցավոր,
Ամոթապարտ զղջացած, տարակուսյալ աշխատող,
Ամոթապարտ զղջացած, տարակուսյալ աշխատող, աղոթավոր կռապաշտ,
Դարձի գալու մեջ դանդաղկոտ և ընդունվելու՝ երկմիտ,
Կասկածավոր հաշտություն, ապառնի հուշարար, երկբայելի փրկություն,
Անհավատալի գյուտ, մեծության մնացորդ, Խարդավանված գերի, կիսակտուր պրծած, կամավոր անձնամատնիչ, Տմարդի հղփացած, բազմավրեպ հանճարեղ:
Նա ինքն իր մասին ասածների մեջ դրել է երկու տարբեր զգացում՝ իրար հակադիր
Ինքնակամորեն կորստյան համար.
Արգահատանքի և երգիծախառն լացի խոսքերով՝
Ամեն տեսակի բարելավության թելադիր է նա, Այն ինչ իր կյանքի խոտորումներով Բոլոր շուրթերին պատճառել է խոր թախծալի
թառանչ:

Գ

Զարմանում եմ ես և հուսահատվում տարակուսյալ ապշությամբ,
Զի եթե նա այնքան գայթեց, հապա ի՞նչ պիտի պատահի ինձ:
Ինչպե՞ս ընկավ բարձրացածը, Ինչպե՞ս սասանվեց հաստատվածը, Ինչպե՞ս կործանվեց կառուցվածը, Ինչպե՞ս օտարացավ ճանաչվածը, Ինչպե՞ս կատաղեց զավակն ընտրյալ, Ինչպե՞ս հեռացավ մերձավորը, Ինչպե՞ս աղոտացավ փայլողը, Ինչպե՞ս պատանդվեց ազատվածը, Ինչպե՞ս անօրինացավ ուսուցիչը, Ինչպե՞ս անշքացավ հռչակվածը, Ինչպե՞ս անարգվեց փառավորվածը, Ինչպե՞ս փոքրացավ մեծատունը, Ինչպե՞ս ամբարշտացավ բարեպաշտը, Ինչպե՞ս գոռոզացավ ընտրյալը, Ինչպե՞ս ունայնացավ պատարունը, Ինչպե՞ս խզեց նա իր ուխտը բարձրյալի հետ:
Ամաչում եմ ասել, թե նաև սանդարամետականի հետ կապվեց:
Ի՞նչ ուներ նա կուռքերի հետ և ուսկի՞ց նրա սերը պատկերներին.
Ինչո՞ւ կամակցեց խտրականությանը, Ինչպե՞ս չհիշեց Սամուելի հանդիմանությունը
Սավուղին, Թե՝ «Հմայությունները մեղք են, և մարդակերպ
կուռքը պատճառում է ցավ ու նեղություն»:
Ինչպե՞ս չհիշեց նա հանդիմանությունը հայրենի,
Թե՝ «Հեթանոսների կուռքերն անշունչ դևեր են, Եվ նրանց նման են լինելու պաշտողները
նրանց»:
Մովսեսն ինքն է առաջինը ծաղրում և ամբաստանում սաստիկ, ասելով–
«Տերն էր միայն առաջնորդում նրան,
Չկային նրանց հետ օտար աստվածներ, որոնց չէին ճանաչում նրանց հայրերը»135Բ. Օրին. ԼԲ. 12:
Ո՞ւր է մահատու այլանդակ արձանը Փագովրի136Մովաբացոց աստվածը, որի համար Սողոմոնը մի բարձրավանդակ կանգնեց:
«Մահամատույց» է կոչում նրան Նարեկացին, որովհետև պատճառ եղավ նա 24000 իսրայելացիների կոտորածին (Թվոց. ԻԵ. 9):,
Ո՞ւր սիդոնացոց տխեղծ, անպարկեշտ և ամենանզովյալ իգական ձուլածոն137Գ. Թագ. ԺԱ. 5,
Ո՞ւր անգրելի խայտառակությունը զազրակերպարան կանացի սեռի,
Որին անխտիր և անասնորեն անձնատուր բոլոր մարգարեները պիղծ պաշտամունքի՝ Նվիրվում էին մոլի անաստվածությամբ հանուն չարության անժուժկալ դևի:
Կինը, որ նախահորն ի կորուստ որսաց, Տարավ և՛ նրա բարեբաստության ստացվածքը
ողջ.
Մեծությունն հաղթեց մտքի առավելությանը, Գոռոզությունը գերեց նրան, և փափկությունն
հիմարացրեց, Ստրկացնող արծաթը նրան կառավարեց,
Կործանարարի հինավուրց զենքը խոցեց խորապես մարդուն տոնելի,
Աստուծո գրկից հանելով նրան՝ ստամբակի ոտքերի տակ գլորեց.
Մեղկությունը մեռցրեց նրան, ծուլությունը թմրեցրեց,
Շվայտությունը հարբեցրեց նրան:
Ո՜վ դյուրապատիր մարմին երկրածին, ի՞նչ ողբ ու կոծով ավաղեմ ես քեզ.
Քանզի ոչ միայն նրան են վերաբերում բանադրանքներն այս,
Այլև կամովին սխալվողներին և մոլորվողներին բոլոր:
Ուստի և ահա՛ պետք է իմանաք այս օրինակով, Թե անօգուտ է պարծենալ մարմնական իմաստությամբ, Եթե Աստուծո դատելով ընտիր չհամարվի ոք:
Այնպես, որ եթե մեկը մինչև իսկ հիմար էլ լինի, բայց հույս դնի ստեղծողի վրա՝
Նա զերծ կմնա այն չարիքներից, որոնց Սողոմոնն եղավ ենթակա:

Դ

Բայց Սողոմոնն ունի ինքնապարսավ կշտամբանքով լի
Եվ սաստիկ քստմնելի՝ դարձի մի հիշատակարան,
Իբրև մեկը, որ մեռցրել է իր մեջ անձնասիրության աշխարհը համայն,
Որն, եթե ուզենք ճիշտը նկատել, «ունայնություններով» է իմանալի.
Այլև մատյանով քահանաների և սիլոնացի Աքիայի Գրքով,
Որի մեջ նա իր անցած ողջ կյանքի դառնություններն է երգում արցունքով.–
Զուր ջանք, անօգուտ վաստակ, անմիտ հետևանք, անշահ արշավանք,
Անկայուն գործեր, օտար խորհուրդներ, սին հոլովումներ,
Բամբասելի բերք, անճիշտ կարծիքներ, սնոտի սերմեր,
Ավազափուլ շինվածքներ, ապականացու ստացվածքներ,
Քամահրելի տաժանքներ, ինքնամարտ կռիվ, իր ոգու դեմ դատ,
Ընդունայն քրտինք, վնասակար փափագ, Կորստյան շավիղ, վրիպակ ճանապարհ, Կործանարար կրթություն, մոլորապատիր վարժություն,
Մշտասխալ տեսողություն, ակնահայրատ պչրանք,
Պոռնկատիպ կերպարանք, ախտաբորբոք նյութ, Դժնատեսիլ գույն, հոգնատխուր գեղ, Սաստիկ մրոտ ծուխ, ցնդելի շոգի, Ավարի վաճառք, քանդելի տաղավար, Ի զուր աղաղակ, անառիթ ծաղրանք,
Արհամարհելի ասպարեզ, անձնավաճառ գիր, սատակչական ելք,
Անաստված մտածմունք, ստահոդ ճառ, Զայրացուցիչ զրույցներ, եպերելի խծբծանք, Խելագար խույզեր, ամոթանքի ցույցեր, խայտառակ հայտնություններ, Ապառնի անառակություններ, ապաշավելի
արարքներ, Ըմբոստների պատմություն, ծույլերի օրինակ,
խորխորատ ծածուկ, Որս խավարային, մահագուշակ վիհ, անհատակ
անդունդ, Ուղեկցություն սպանողներին, հիմարական
բարբաջանք, Դարանակալների վայր, խարխուլ հարկ, Սասանած շինվածք, խախտված կամուրջ, Խուսափուկ երևույթ, խաբող շողոքորթ, անոպա
մատնիչ, Հակառակություն ընդդեմ բարձրյալի:
Խոստովանական խոսքերի բոլոր մասերն այս որպես կանոնադրություն
Ժողովողն ինքը նախասերմանեց բոլոր, Զղջումով դարձի եկողների սրտում, Որպեսզի մարդկանցից ոչ ոք չպարծենա՝ բամբասանքների նետերով զինված՝ Իր անձը և իր ընկերոջը խոցոտելով.
Զի կռապաշտ է նա, ով քողով է ծածկված կեղևի տակ
Եվ ստեղծողին անախորժ գործեր է կատարում:

Ե

Եվ արդ, նա, որ այնքան չմեղանչեց, որքան զղջաց,
Թող չպախարակվի իսպառ, այլ այդպիսին ի բարին հիշվի,
Իբրև հիմք հուսադրության բոլոր նրանց, ովքեր տերունական ոտքին դիմեցին,
Երբ աստվածությամբ անբաժանելի նա դժոխքն այցի իջավ իր հոգով՝
Կենսագործելու այնտեղ խոստովանողներին138Ա. Պետ. Գ. 19, Որով մեռյալները կենդանիներիս բերին ավետիս անտարակույս:
Եվ ես հանցապարտս, որ հասու չեմ նրա իմաստությանը,
Բայց մասնակից եմ եղել նրա մեղքերին,
Աղոթում եմ արդ նրա հետ ահա և բարեբանված մեծիդ պաղատում:
Լցրո՛ւ դու համեստ շարադրանքն այս իմ այն երջանիկի հանճարեղությամբ,
Թախանձանքներս թող որ խառնվեն այն հույժ աշխարող արքայի աղերս-աղաչանքներին
Եվ դառնան թող որ մեծարանք առ քեզ:
Խնդրանքներս այս իմ մի՛ թողնի անտես, Ինչպես խնդրանքներն վեհ արքայորդու, որ իբր
օրինակ տվիր Միածնիդ:
Եվ մենք արենակցին նրա՝ փառակցիդ ճաշակեցինք:
Տո՛ւր փրկություն քո ծառային, ամենահնար, զորեղ, ահավոր,
Եվ ավելացրու փառքն ստեղծողիդ՝ Ջնջելով նրա մեղքերն անքավելի:
Հիշելով բարի խորհուրդները նրա, ողորմյալների հետ նորոգիր նրան,
Որ ամենահամեղ, ախորժաճաշակ և բազմապաճույճ առակագրությամբ
Աստվածությունդ քարոզեց եկեղեցուն ընծայված լուսազարդ իր մատյանում,
Ցույց տալով բարի ճամփան բոլորին,
Դեպի քեզ գալու խոստովանությամբ, Հա՜յր ամենեցուն:
Նրա այս խոսքերն ապացուցում են, թե հեռու չէր նա ողորմությունից,
Եթե եռանդուն նրա սրտի մեջ հուսահատություն կաթած չլիներ,
Որ և զղջումի աճապարանքը փոքր-ինչ կասեցրեց:

Զ

Արդ, ի հուշ բերելով բարեմասնություններդ անճառելի,
Ողջունի՜ր գթությամբ և քո երանությանն արժանացրու դարձյալ
Դարերից ի վեր մեղադրանքների քարաձգությամբ խոշտանգվածին,
Որ առատահոս արտասուքների վտակներով Իր խրախճանքների ապարանքի հատակը հեղեղեց սաստկակսկիծ ապաշավությամբ Եվ ողորմելի հոգու հեծությամբ հոր հուզումներին գերազանցեց:
Արցունքներն այդ քո դու երկայնամիտ ներողությամբ
Միացրո՛ւ ու խառնիր, գթա՜ծ, Միածնիդ արցունքներին,
Որ մեր մարմինն առնելով կրեց բովանդակ մեր վշտերն իր մեջ:
Անվավեր կերպով նրանը կարծված սաղմոսի բարեբանությունը ի փառս էակից Որդուդ վճռելով,
Նրանով նրա՛ն ևս փրկիր քաղցրությամբ աղքատների հետ,
Պուետիկոս մի բարեշնորհ139Գրիգոր Նյուսացի (330-400),
Լիովին վարձք էր համարում իրեն Սողոմոնի հետ միաբան ձայնակցությամբ՝
Նրա համար իսկ աղերսել առ քեզ,
Որը և լրիվ՝ հավելվածաբար հիշատակված է հաջորդ տողերով:
Քանզի նրա հորինած օստացու բազմահրաշ,
մարգարեաճառ պատմագրությունը, Որ աստվածությանն է արդարացնում, Հաստատում է, թե Սողոմոնն արժանացավ
ողորմության:
Ապա ուրեմն նրա համար աղոթելն ավելի
անպարսավելի է, քան չարախոսելը:

Է

Ուստի և ես եմ աղոթում ահա մեծ վստահությամբ,
Նրա հետ մեկտեղ գոչյունս ողբի քեզ ընծայելով.
Զի եթե ըստ մեր գործերի դատես ու կորցնես մեզ՝
Չի պակասի քո փառքը, քանի որ իրավունք ունես դու,
Իսկ եթե գտնես մեզ՝ կբարձրանաս այնքան, որքան վայել է քո մեծությանը:
Զի դու հավիտյան օրհնաբանելի ես
Ողորմածությամբ, քան թե սաստկությամբ նախահրաման:
Դարձի՛ր, Տե՜ր, դարձի՛ր քո խնամարկու գթության քաղցրությամբ
Եվ սիրույդ ձրի և ամենառատ պարգևներով սփոփիր մեզ,
Որ համանման անբժշկելի տագնապի տապով տոչորված՝ տրտում-տխուր ենք հավետ:
Փրկարար ձեռքդ դնելով կրկին՝ նորոգի՛ր դու մեզ,
Քավելով և պաշտպանելով մեզ մեղսակործան խորտակումներից:
Եվ քեզ՝ սկզբիդ միակ և անսկզբիդ, Եվ սկիզբների սկզբնավորողիդ՝
Սուրբ Երրորդությանդ և մի աստվածությանդ Փառք և իշխանություն հավիտյանս հավիտենից. ամեն:

Բան ԽԹ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ, անօրենությունները թող չտիրապետեն Քո երկնային թագավորության կայսերական իմ
պատկերին, Դու լո՜ւյս բոլորի, Աստվա՛ծ:
Թող որ չկապտի գոռոզն ապստամբ՝ շնորհիդ զարդը իմ կերպարանքից, որ դու ես ստեղծել:
Չթագավորի մահացու մարմնիս՝ մեղքը խափանված գրավելով ինձ:
Քեզանից բացի չունեմ ես, Քրիստո՛ս, իմ շնչին իշխող մի այլ թագավոր,
Որ անբռնադատ հնազանդեցնում ես ինձ քաղցր լծիդ.
Որ ջնջում ես իմ բազում մեղապարտ կրքերը խոսքովդ ամենակարող.
Որ քո արյամբ ստացար ինձ և քո մարմնով կերակրեցիր.
Որ սահմանեցիր կյանքի ուխտ անդարձ, անփոփոխելի.
299
Որ կնքելով ինձ քո հոգով՝ կցորդեցիր ինձ քեզ և տվիր Հորդ ժառանգավորապես.
Որ հիշատակով չարչարանքներիդ՝ զոհիդ անունով
Համարձակություն տվիր աղոթել նույն բարերարին,
Ո՛վ դու բոլորի ստեղծիչ ու կյանք:
Դու ես բոլոր հոգիների Աստված:
Քո շնորհների պարգևատրումն այս դու համարեցիր շատ ավելի մեծ, քան հրաշալի գործերդ բոլոր:
Ո՛չ երկինքն իր զարդերով համակ և պայծառագեղ հրեշտակներով,
Ո՛չ երկիրն ու մարդկությունը և զարմանասքանչ գործերը նրանց,
Ո՛չ լայնատարած ծովն իր մեջ եղող արարածներով,
Ո՛չ անդունդները իրենց ողջ անբավ գոյավորներով,–
Ո՛չ այնքան այս վեհ արարչությամբ էր, որ բարձրացար դու,
Որքան դեպի ինձ կարեկցանք ու գութ ցուցաբերելով,
Երբ մարգարեի բերնով ասացիր, ո՛վ քաղցր հույսի բարեշնորհ Տեր.–
«Ո՞վ կա ինձ պես Աստված, որ կարող է միշտ ներել մեղքերը և ջնջել անօրենությունները»:
Եվ ահա՛ խնկված են խոսքերդ, ողորմա՜ծ, և խոստովանված են բարերարություններդ, Փառավորված են խորհուրդներդ խորին և երկրպագված՝ շնորհներիդ առատությունը:

Բ

Արդարև, ո՛չ ոք արարածներիդ նյութեղեն լեզվով կարող է մեկնել
Գթություններիդ մի մասնիկն անգամ, որ ցույց տվիր ինձ, հորինո՜ղ.
Զի ճշմարտապես մեծ է ավելի այն զորությունը, Որ հնացածը նորոգում է դարձյալ իր առաջին
պայծառությամբ, Քան թե այն ուժը, որ ոչնչից է ստեղծագործում:
Զի չունես երբեք անկարողություն, զորավորդ դու ամեն ինչի մեջ,
Եվ քո մեկ խոսքը բավական է լոկ, որ հասնեն գործերն իրենց լրումին,
Ելի՛ր ուրեմն, փառավորվելու, բարեգործ, Կրկին ստեղծելով ինձ, որ հույսս կտրել եմ
փրկությունից, Որ այս ճշմարիտ և հաստատական ուխտի համաձայն՝ Մեծապես բարձրանա ձայնդ օրհնաբան և ավետաբար, Առավել՝ հայտնի քավությանդ շնորհով և ողորմությանդ լույսով առինքնող,
Քան թե գործերով ստեղծողական:
Զի մեկով որպես Արարիչ ես դու ճանաչվում միայն,
Իսկ մյուսով՝ ոչ թե միայն Արարիչ, այլև երախտավոր.
Ոչ միայն ստեղծող, այլ նաև քավիչ, Ոչ միայն նորոգող, այլև բարերար, Ոչ միայն հաստող, այլև ողորմած, Ոչ միայն կամեցող, այլև հնարավոր, Ոչ միայն հորինող, այլև հեզ, համեստ, Ոչ միայն նկարող, այլև ամենազոր, Ոչ միայն առաջնորդ, այլև լույս, Ոչ միայն խնամող, այլ նաև հովիվ, Ոչ միայն դարմանող, այլև հոգածու, Ոչ միայն ողջացնող, այլ նաև բժիշկ, Ոչ միայն պաշտպան, այլև զորավար, Ոչ միայն անհաղթ, այլև թագավոր, Ոչ միայն Արարիչ, այլ նաև քաղցր,
Ոչ միայն պարգևատու, այլև առատաձեռն, Ոչ միայն համբերող, այլ նաև ներող, Ոչ միայն չբարկացող, այլև անոխակալ,
Ոչ միայն կարեկից ու վշտակից, այլև ծածկագետ,
Ոչ միայն գթոտ և հոգատար, այլև ապավեն, Ոչ միայն գերազանցապես գորովող, այլ նաև
Աստված, Եվ քո անսպառ բարությամբ՝ օրհնված ըստ
ամենայնի:

Գ

Արդ, ինչպես որ ստեղծեցիր ինձ, մինչ ոչ իսկ էի, և գոյացնողս հանդիսացար,
Այժմ էլ վերստին հարդարիր ահա հոգին մաղթողիս՝ նրա տաղավարն եղող մարմնիս հետ, Մաքրությամբ նախկին և ամենասուրբ անարատությամբ, ինչպես որ դեռ նոր աշխարհ
էր եկել, Որ է՜լ ավելի աճեն, զարգանան և բազմապատկվեն Նորոգ ներկայիս՝ անսահմանելի քո սքանչելյաց շնորհներն առատ, Քան ստվերական հներն անցյալի:
Եվ երբ պատմելով թվեմ ես մեկ-մեկ մեղքերս բոլոր,
Հիշատակելով անտանելիներն, որքան որ մտքիս թևերը զորեն,
Անունովդ, հզո՜ր, թո՛ղ արդարանամ:
Եվ երբ ես ինքս պատմեմ բերանովս բծերն իմ հոգու,
Ների՜ր ամբարիշտ մեղքերը բազում խոստովանողիս, հզո՛ր ծածկատես, ամենափրկիչ,
Որ չլինի թե ավետումների ամենալրիվ առատության մեջ,
Նախկին վիճակին կարոտեմ դարձյալ՝
Երանի տալով մկրտության շնորհներով փրկվածներին, ըստ սաղմոսի,
Եվ թող չլինի, որ ես մեղքերի փշերով արդեն սաստիկ խոցոտված,
Այժմ էլ վերստին քո ձեռքը մխվի մեջս առավել մեծ ուժգնությամբ,
Ծանրացնելով պարտքերիս բեռը, քան պարգևների քաղցրությունը քո:
Այլ ազատիր ինձ, աղաչում եմ քեզ, Տե՜ր ամենայնի,
Եվ փրկիր մահվան ու մեղքերի խիստ օրենքներից քո Սուրբ Հոգով օրհնաբանված:
Քա՜վ լիցի, թե տկարանա նվազելով ճշմարտությանդ լույսն, ինչպես Գիրքն է ասում.
Զի այնտեղից, ուր քավությունն է թագավորում՝ վտարված է մեղքը,
Եվ ուր կենդանի խոսքդ է խրախուսում՝ չկա հուսահատություն,
Եվ երբ շնորհներդ ավելանան, հանցանքները կհալածվեն,
Երբ մոտ է ձեռքդ աստվածային՝ չկա անհնարություն,
Այլ կա համորեն լուսավորություն, բովանդակապես զորություն և անպարտելի կարողություն:
Քոնն են՝ փրկություն, կենդանություն, նորոգություն, ողորմություն,
Միանգամայն և քաղցրություն, արքայություն, անկեղծություն
Եվ փա՜ռք հավիտյանս. ամեն:

Բան Ծ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Ինչպես որ առանց Քրիստոս Աստուծո մեր հոգիներին փրկություն չկա,
Եվ ոչ էլ առանց աչքի տեսողության՝ լույսի զվարճանք,
Եվ կամ արևի քաղցրություն՝ առանց արևածագի,–
Այսպես էլ առանց ծածուկ մեղքերի խոստովանության
Եվ ինքնապարսավ մեղադրանքների՝ չկա քավություն:
Զի քեզ ի՞նչ օգուտ քո մաքրությունից, փարիսեցու հետ եթե դու դատվես,
Եվ կամ ի՞նչ վնաս ինձ իմ մեղքերից, թե մաքսավորի հետ պիտի գովվեմ,
Կամ ո՞ւր պարսավվեց Հովել մարգարեն, երիցս կրկնելով եղկությունն անձի,
Կամ մեղադրել կարո՞ղ է մի սուրբ՝ մեծագույն օրը հաշվելու համար1.
Եսային ինչպե՞ս և ինչո՞ւ պիտի դիտվի պղծաշուրթ140Եսայի Զ. 5,
Որ Իսրայելի տան արարքներից մնաց միշտ հեռու.
Եվ Հիսուսն ինչո՞ւ մեղավոր լինի ադամյան մարմնով՝
Կարեկցելով ինձ՝ հանցավորապես Հորը աղոթած լինելու համար.
Կամ ինչպե՞ս մեկնել միտքն այս առակի.-

«Սիրտն իմաստունի՝ սգատան մեջ է, Իսկ սիրտն անմտի` ուրախության տան»141Ժողով. Է. 5:
Զի նա, որ Ադամի սխալն իր անձին չի վերագրում
Եվ բոլորի մեղքերը չի համարում իրենը,-

Ինչպես Երջանիկն այն արքաներից, որ մեղավոր
էր համարում իրեն հայրերի գործած հանցանքների մեջ,–
Դրանով իսկ նա մեղանչում է խիստ և կորցնում իր արդարությունը,
Ինչպես մեկը, որ անախտակիր է կարծում մարդկային բնությունը իր,
Եվ սիրտը երբեք չի կարող բերկրել այն զվարթությամբ,
Որ պարգևում է ավետումն հույսի, եթե Քրիստոսի առաքյալից սովորած՝
Չկարողանա տրտմել Աստուծո կամքի համաձայն, ինչպես ասված է142Բ. Կորնթ. Է. 10:

Բ

Արդ, ըղձալի է ինձ այստեղ հիշել հոգևոր այն հանճարեղի
Խրատն հինավուրց, և սակայն միշտ նոր, որ Տերն իսկ կրկնեց143Ղուկ. ԺԴ. 8.
Ամբարիշտների նանրախորհուրդ ժողովներում Չգնալ նստել հպարտների առաջին բարձին,–

Որից հաստատուն ուխտ ու պայմանով՝ հրաժարվեցին Դավիթն ու Երեմիան,–
Այլ իրենց մեղքով խիստ ամոթահար մեծ դատաստանի հատուցման ահով սասանածների սրտանց զղջացածների հետ՝
Եվ խոնարհ կամքով հավասարվել հետիններին այստեղ երկրի վրա.
Սրանցով է, որ բերկրում է բարձրյալ Աստվածն ու պարարվում:
Եվ այսպես ահա, ես էլ նրանց հետ, հետևելով այդ խրատին,
Համարձակվում եմ նախադաս լինել բազմականների հետ երանելի:
Այսպիսով զերծ կլինենք մարգարեի մեղադրական այս խոսքերից,
Որն ակնարկում է վեսերից ոմանց.
«Մի՜ մոտենար ինձ, զի մաքուր եմ ես, և ո՞վ կարող է նայել ինձ»:
Երջանիկ Դավթի անսահման խոնարհությունից օգտվելով՝ կարող կլինեմ նրա հետ ասել.–

«Որպես անասուն համարվեցի ես՝ զգայազուրկ
եղած, Վրա հասան չարիքներն ու ինձ պաշարեցին.
Նեխեցին վերքերս ու փտեցին անբժշկելի՝ անզգամության պատճառով»,
Ինչպես նաև Ասորեստանում՝ ընտիր, անարատ անձերից ոմանց
Ինքնադատական կշտամբանքները մեղապարտության,
Որոնցից Եզր մեծ քահանայի այս խոսքն եմ ահա կրկնում ես ինքս.
«Ոչ իսկ երեսն իմ կարող եմ առ քեզ բարձրացնել, Աստվա՛ծ»:

Գ

Արդ, ես ճշգրիտ պատկերս ամենայն մարդկանց, Խառնելով մեղքերս նրանց մեղքերին, Եվ նրանցով դառնությունն իմ կրկնակի ավելացնելով՝ Հեծեծեմ պիտի նրանց հետ դարձյալ,
Թեպետև պետք չէ գարշ գույնի վրա նոր տգեղություն ավելացնել:
Ահա և հիմա ես մեղանչեցի, զի անմտությամբ գործեցի քեզ անհաճելին՝ բազում հանցավոր սխալանքներով:
Նայիր ինձ, գթա՛ծ, ինչպես որ երբեմն ուրացության մեջ բռնված Պետրոսին144Սաղմ. Ա. 1, ԻԵ. 4-5,
Զի ծայր աստիճան ես ունայնացա:
Քո ողորմության ճառագայթը ծագիր ինձ վրա, համա՜կ բարերարություն,
Որպեսզի, ո՛վ Տեր, քո օրհնությունն ընդունելով՝
Արդարանամ, կենդանանամ և լինեմ մաքուր Ինձ լլկող մեղքերից, որոնք դո՛ւ չես ստեղծել:
Մեղապարտ ձեռքերս քեզ պարզելու համարձակություն չունեմ.
Մինչև որ մոտեցնես քո օրհնյալ աջը դատապարտյալիս նորոգելու:
Արդ, հաղթի՛ր դարձյալ համառությանս քո հեզությամբ
Եվ գալով դեպի ինձ մարդասիրաբար,
Եվ քո բացարձակ ու կատարյալ կարողությամբ Ների՛ր առաջին, միջին և վերջին մեղքերս բոլոր, Ո՜վ անհասներին հասնող, լույս արդարների,
Քրիստոս թագավոր:

Դ

Արժանի չեմ ես քո օրհնյալ անունն հիշելու, Զի հանցավոր եմ մահացու կերպով բարեգործիդ հանդեպ, Կնիքիդ հանդեպ ու շնորհիդ,
Փչումիդ ու պարգևիդ,
Ավանդիդ, ձիրքիդ և անունիդ, Որդեգրությանդ, Արքայական պատվիդ ու պատկերիդ, Դրոշմիդ, օծումիդ ու ճոխությանդ, Համարձակությանդ և ընտանությանդ, Կյանքիդ, լույսիդ ու երանությանդ,
Պսակիդ անկապտելի և խոստումներիդ ծածկված,
Որոնք, Տե՛ր Քրիստոս, բազում ձևերով ավետեցիր ինձ՝
Համառողիս, իժիս և քարբիս, և ամուր խոցված խուլ ականջներիս:
Քո շարունակ ավելացող բարության դիմաց՝ Բազմապատկվեցին չարություններն իմ և ինձ
կործանեցին իսպառ, Զատելով կյանքից, կապեցին մահվան, Ծառա կարգելով ապականության:
Արդ, դու ես միայն իրավակշիռ և ճշմարտադատ, ո՜վ բարերար և օրհնյալդ գթության մեջ.
Ես մեղանչեցի քո դեմ՝ գործելով անօրենություն, եղա անիրավ,
Եվ որի համար եղծվեցի ու զեղծվեցի, Հանցավորապես ամբարշտացա, Ու չլսեցի քո խոսքը գովված, խոստովանված ու
երկրպագված:
Դու ինքդ իսկ երևացիր անճառելի քո սիրով,
Որը գրել իսկ դժվարին է խիստ և նշանակելը՝ սարսափելի:
Քեզ արդարություն և փառք, և մշտնջենական գովություն,
Իսկ ինձ՝ ամոթապարտիս քո դեմ, խնամակա՛լ, Քավություն և ողորմություն և բժշկություն, Օգնություն և պահպանություն սրտի ու հոգու. Բարեբանյալդ ըստ ամենայնի հավիտյանս. ամեն:

Բան ԾԱ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Արդ, ես մահացուս ամենապատիր՝ երկրածնի՜ միթե պաղատեցի մի,
Որին ընդունայն է աղաղակել. Մահկանացուի՞ միթե բանական, Որից փրկություն հուսալը լինի սնոտի ու սուտ. Ոմն եղծականի՞,
Որի զորությունն անուժ խոսքի պես լինի զուր, նանիր.
Երկրավոր գահակալ իշխանների՞,
Որոնց բարիքներն էլ իրենց նման լինեն անցավոր.
Հարազատ եղբո՞ր,
Որն ինքն էլ կարոտ լինի իր անձի անդորրությանը.
Հո՞րն իմ երկրավոր,
Որի օրերի նվազության հետ խնամքն էլ է պակասել.
Ինձ ծնող մո՞րս,
Որ հրաժարված լինելով կյանքից՝ գութն է ցամաքել.
Արդյոք աշխարհի թագավորների՞ն,
Որոնք մեռցնելու, քան թե կյանք տալու հնարքներ են միշտ մտածում միայն,–
Այլ քե՜զ դիմեցի, բարերա՛ր Աստված, օրհնյալ ի բարձունս,
Որ կենդանի ես և կենդանություն կտաս բոլորին.
Եվ մահից հետո էլ անեղծապես կարող ես նորոգել:

Բ

Եթե քեզանից փախչենք, դու մեր ետևից կվազես.
Եթե տկարանանք, կզորացնես.
Եթե շեղվենք, դու մեզ շիտակ շավիղի վրա կհանես.
Եթե պատկառենք, կքաջալերես.
Եթե հիվանդանանք հոգով ու մարմնով, կբժշկես, Եթե գարշանանք մեղքերով, կմաքրես.
Եթե ստենք, քո ճշմարտութեամբ դու մեզ կուղղես.
Եթե գլորվենք անդունդներ անտակ, երկինքը ցույց կտաս մեզ.
Եթե մենք չուզենք մեր կամքից դառնալ, դու կդարձնես.
Եթե մեղանչենք, կողբաս, եթե արդարանանք, կժպտես.
Եթե օտարանանք, կսգաս, եթե մոտենանք, կտոնես.
Եթե տանք, կընդունես, եթե դանդաղենք, կհամբերես.
Եթե մենք ապերախտ լինենք, դու առատապես կշնորհես.
Եթե թուլանանք, կտրտմես, եթե արիանանք, կխնդաս:

Գ

Հարյուրերկուերորդ սաղմոսն օրհնաբան և հրաշագեղ սփոփում է սիրտն իմ վհատյալի.
Եվ ավետում է ինձ կյանքի մեծ հույս, որպես հավաստիք անձիս փրկության.
Հաղթահարում է դևերին բոլոր և բանսարկուին մատնում վարանքի,
Ինչպես տերունի խաչի նշանը պանծալի, բարեբախտ և հրաշափառ,
Անխոնարհելի բարձրությամբ լուսո և անպարտելի զորությամբ վերնույն
Ախոյան է նա կանգնել անհողդողդ անշարժելի հավերժ-հավիտյան
Ընդդեմ բռնության անբարեբարո Բելիարի:
Նա ունի իր մեջ գիտուն, հետամուտ մտքերի
համար հոգեշահ գանձեր, Որոնք բերում են մահվան՝ պարտություն, մեղքերին՝ լուծում, Կրկնակի հույսեր՝ ա՛յս և անվախճան կյանքերի
համար, Եվ արդարներին՝ անեղծանելի նորոգման խոստում,
Բարեհրավեր և կենդանատու կանոններ՝ գրված Աստուծո Հոգով:
Եվ ոչ միայն այդ, այլ բոլոր երգերն էլ սաղմոսների՝
Մի-մի կտակ են մարդկության համար կենդանագրված,
Որոնք, արդարև, մաքուր սրտերին են տեսանելի:

Դ

Նախկին օրենքը, որ նոր օրենքի օրինակն էր թույլ145Եբր. Է. Ը. Ժ. գլուխները և Բ. Կորնթ. Դ. 7-9,
Որպես առաջին անգամ տեղ հասնող մեծ ավետագիր կյանքի կործանման՝
Երկնակրոն, վերնակենցաղ և մի՜շտ անճառելի կյանքի ավետիս
Ու վստահություն էր պարունակում, Եվ սակայն գրվածքն այդ Ջնջելի էր և նրա օրինակն՝ այլայլելի.
Հուսահատ հանցավորներին դատապարտելու պաշտոն ուներ նա,
Երկրային մի կտակ էր այն խափանելի և տկար միջնորդ հաշտարարության,
Եվ որով՝ խոսքերն աղոթողների անկատար էին:
Այդ մասին ստույգ վկայում է փրկությունը
Մանասեի՝ Նրա այնքան շատ և անբուժելի վերքերից հետո.
Նա, որ արդարների արյունով լցրեց մեծ թագավորին նվիրված
Հրաշանուն քաղաքն հայրենի, ըստ մարգարեագիր անսուտ պատմության146Դ. Թագ. ԺԱ. Երեմ. ԺԹ. 4-5:
Նա, որ տեսանողներից մեծին իսկ՝ բազմերախտ պաշտպան իր դաստիարակին,
Նախնակերտ հարկի տեսչին սղոցեց մահվան մեքենայով,
Եվ մարմինն երկու կտոր անելով՝ մաշեց դժնդակ չարչարանքներով,
Ապստամբության խորհրդով կտրած փրկանակն հույսի:
Դրա հետ մի այլ չարություն էլ նա գործեց մոլեգին.
Ընդդեմ բարձրյալի հանդգնեց մղել նա քրեական մի աստվածամարտ,
Քանզի չամաչեց երբեք՝ Արարչի պատիվն ու անունը յուրաբնակ խորանից մերժել,
Եվ հալածելով Աստուծո Հոգին՝ ինքը Բելիարի հետ համաձայնեց:
Քանզի նույն այդ տաճարը տիրական՝ Արարչի խնկարկությանը սահմանված,
Երկրային հռչակավոր հանդիսատեղին, ազգերին սարսափ ազդող սրբավայրը,
Որտեղ տեսիլներն հրեշտակային և աստվածային հրամաններն հաղթող՝
Լուսավոր, պայծառ հայտնությամբ էին ծանուցվում,
Այդտեղ, այդ երկնանման, սքանչելատես վայրը ահազդու քարուքանդ արավ
Եվ քառադիմակ ու նախանձարկու Քևան անունով մի կուռքի համար147Ս. Գրքի եբրայական բնագրում Քիուն կամ Քիոն է կոչվում այս աստվածը (Ամվս. Ե. 26), որը յոթանասնիցը թարգմանում է՝ Ռեբան և որը, ըստ ասորաց, արաբացոց և պարսից՝ նույն ինքը Երևակ աստղի կուռքն է:
Քառադեմ է կոչվում նա, որովհետև ըստ Եվսեբիոսի՝ չորս աչք ուներ, կամ, ըստ այլոց՝ չորեքկողմյան խարսխի վրա էր դրված:
Նա հույժ գարշելի պաշտոնատեղի ու դիվաճենճեր զոհարան դարձրեց:
Զրկելով երկնավոր թագավորին իր կյանքից արքայական,
Ամենահարուստին իր ստացվածքներից թափուր թողնելով,
Եվ տանուտերին արած անհանգիստ ու տատանյալ թափառական՝
Բեեղզեբուղի148Ակկարոնի Ճանճիկ աստվածն է: ձեղունը նկարազարդեց և ահեղ անունը վտարեց նրանից.
Գերի վարելով գովյալի ավանդը, ողբալի կերպով նվազեցրեց ողորմածի մասը.
Լույսի սրահը ապարանք շինեց փոքր աղվեսի համար
Եվ ամեն ինչ ունեցողին ոչ իսկ մի տաղավար թողեց՝ իր գլուխը դնելու.
Հզորի ցանկապատը քանդելով՝
Արյամբ սրսկված սեղանն այն մեծախորհուրդ
Հատկացրեց բախտագուշակության ու հմայությունների:
Լայն ճանապարհներ բացեց բազմաթիվ՝ գայթակղումների համար,
Դառնալով ինքը կորստյան հովիվ սատակման հոտին
Եվ մոլորության բուռն վարդապետ.
Եվ այդ բոլորը նա արավ, գիտենալով հանդերձ կրոնի օրենքները ողջ
Եվ ունենալով Դավթին նմանակից հայր՝ մեծ Եզեկիան:

Ե

Այսպես, նա այնքան չարիքներ գործեց, որ մինչև անգամ պատիվն Աստուծո,
Որն արքայական փառք ընծայեց նրան, հայհոյեց ու թշնամանեց,
Եվ սրախողխող սպանեց բազում աղոթողների:
Եղավ նա ընտանի դավաճան, մերձավոր վատնիչ, Հարազատ սատակիչ, մեղսակից սպանող:
Չէր կարող դառնալ նա Աստծուն կրկին, զի ուրացել էր նրան.
Չէր կարող հիշել Աբրահամին, զի խորթացել էր նրանից.
Չէր կարող Իսահակով աղոթել, զի նզովված էր նրանից.
Չէր կարող Իսրայելով պարծենալ, զի տարագիր էր այդ մեծախորհուրդ կոչման շնորհից.
Չէր կարող դավթյան երգը երգել, զի կշտամբիչն էր նրա.
Չէր կարող մոտենալ քավարանին, զի պղծել էր այն.
Չէր կարող ապավինել աստվածագիծ տապանակին,
Զի այն գարշելի ձուլածոյի հետ էր փոխանակել. Չէր կարող Մովսեսին դիմել, զի անքավելի էին
իր մեղքերը նրա հանդեպ.
Չէր կարող աղաչել Ահարոնին, զի հանցապարտ էր նրա առջև:
Չէր կարող դիմել մարգարեների խմբին մերձավոր, զի նրանց սպանողն էր նա:
Սակայն և այնպես նրա մեղքերին քավություն եղավ
Եվ արքունի իշխանությամբ դարձյալ պարգևատրվեց,
Որպեսզի քեզ համար, ո՜վ բարերար,
Սերնդեսերունդ և դարե ի դար գովեստներ անճառ և անլռելի ավելացնես դու,
Եվ դարպասն հույսի՝ մտնելու համար միշտ անփակ պահես,
Ի փառս քո բարձրության և ի փրկություն դատապարտյալիս,
Ո՛վ անմահական պարգևների տվիչ Քրիստոս, Գովյա՜լդ հավիտյան. ամեն:

Բան ԾԲ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Օրհնյա՜լ տիրապես էությանդ մեջ,
Անսահմանելի, անփոփոխելի, իսկապես բարի, Պաշտում խնկելի և երջանկություն խոստովանելի ամենայն երկրի, Հարատև հույսի ամենապատրաստ դու հայտնություն, Գթած, ողորմած, որ չես պահում ոխ մի ակնթարթ իսկ Ընդդեմ բազմամյա մեղանչումների:
Անսահման առավելությամբ և հրաշապես զարմանալի,
Ավելի, քան թե երբևէ բոլոր նախահայրերին, Դու քո երկնահոս և բարեբանյալ վտակները
ողորմության Նոր շնորհաբաշխությամբ՝ մեկի տեղ կրկնակի
հաճեցիր հեղել:
Երբեմնի անձուկ լուսամուտը149Ակնարկություն՝ տաճարի երկու փոքրիկ պատուհաններից մտնող զույգ լույսի, որը խորհրդաբար հասկանում է իբր հին տնօրենության մեջ ծագած նոր շնորհների լույսը: այն, որտեղից հազիվ, ըստ Սողոմոնի,
Չափավոր գիտությունների աղոտ նշույլներն էին թափանցում,
Դու, ինչպես նրա, այնպես նաև ինձ՝ թշվառիս համար բացիր ընդարձակ,
Առագաստն այն անջրպետող, որ արգելում էր Մուտքն աստվածային ողորմության ձրի պարգևների:
Անցյալում՝ ավետավոր հիշատակումների հետ Պատկերավոր օրինակներով ասացիր դու մեզ. «Դարձեք դուք ինձ, և ես ձեզ պիտի դառնամ»150Եսայի Լ. 15, Զաք. Ա. 3, Մաղաք. Գ. 7, Կամ՝ «Երբ կդառնաս ու կհառաչես, այնժամ
դու կապրես».
Եվ կամ թե՝ «Աղջամուղջի սևությունը դու կփոխարկես ձյան պայծառության,
Եվ արյամբ ներկված մարդկանց դու կդարձնես գեղմի պես մաքուր ըստ Եսայու և Զաքարիայի,
Թե՝ բարկությանդ մեջ ողորմությունդ էլ ես մտաբերում.
Թե՝ Իսրայելի քաղաքները անապատանան պիտի Եվ ապա դարձյալ դառնան բնակելի.
Թե՝ ճանապարհները պիտի ամայանան առ ի չգոյե մարդկանց.
Եվ ապա դարձյալ դառնան բանուկ.
Թե՝ պիտի թուլանան ոգու սովով և քո ձեռքով դարձյալ զորանան.
Թե՝ Աստված զայրագին իր տեղը պիտի գնա Եվ պիտի դառնա դարձյալ ողորմությամբ. Կթողնի նա մեզ՝ բայց և՛ կների Կսաստի թեև ու կսպառնա, բայց և կրկին
կպաշտպանի.
Եվ մինչ խռովահույզ է սիրտը նրա՝ կշարժվի գութն իր խնամքների:

Բ

Մարգարեների խոսքերն այս խնկելի,
Որոնք քո օրհնյալ գալստյան հրամանն էին ազդարարում առաջուց.
Եվ որ հնար չէ նյութեղեն լեզվով բոլորը թվել, քանզի անբավ են,
Օրինակներ են, նմանություններ նվազ, փոքր ու հին, ժամանակավոր՝
Քո ավետավոր հայտնության և խաչիդ փրկագործության համեմատությամբ:
Դու ամենուրեք կառուցեցիր խորաններ՝ քո արյան ուխտի վկայության,
Որոնք մեծաբարբառ աղաղակում են միշտ՝
Աբելի մահվան դատակնիքից ավելի բարձրաձայն հռչակելով,
Հաղթանակը բարի պատերազմիդ
Հանուն երկրորդ և անմահ կյանքի շնորհների՝
Մկրտության, հարության, նորոգության, Ընտանության քեզ հետ և քո Սուրբ Հոգու
միավորության, Քավության, ազատության, լուսավորության,
Մշտնջենավոր մաքրության և ճշմարիտ երանության,
Վերնայինների հետ կցորդության, անկապուտ փառքի,
Եվ մեր շուրթերի` բարձրյալին ուղղած աղաչողական հաշտարար խոսքի:
Եվ այն, ինչ ասելն իսկ ահավոր է,
Գրում եմ այստեղ ես ի հիշատակ մեծ երախտիքիդ.
Կարող ենք լինել մենք աստված նույնիսկ՝ շնորհներով ընտիր
Եվ ստեղծողիդ հետ միանալ՝
Տերունի մարմինդ ճաշակելով և խառնվելով կենաց լույսիդ հետ,
Մինչ ըստ Պողոսի՝ չուներ հին օրենքն այսպես կատարյալ երջանիկ խոստում:
Իսկ դու, փրկությո՜ւն, քավիչ բոլորի, եկար հայրենի քո հարստությամբ
Եվ մեր հույսն առ քեզ անկրճատելի՝ արիր հարատև կատարելապես:
Փա՜ռք, քեզ Հորդ հետ՝ ի գովք Սուրբ Հոգուդ բարեբանության,
Հավիտյանս հավիտենից. ամեն:

Բան ԾԳ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Զորությունների՛ դու Տեր և թագավոր բոլոր գոյությունների.
Օրհնաբանված ողորմություն և բոլորի Աստված,
Որ իշխում ես լայնատարած և ընդարձակ անսահմանության վրա,
Դու ես չափն ու քանակությունը բոլոր մեծությունների,
Մինչ այն աստիճան, որ կարծրը հեղուկ է քեզ մոտ և լույծը՝ պնդակազմ,
Անհնար ոչինչ չկա քեզ համար, ո՛վ դու հաղթական զորություն ահեղ.
Հուրը զովասուն ցող է քեզ համար և անձրևը՝ բոց կիզանողական:
Քարին կարող ես դու կյանք ներշնչել ու տալ կերպարանք,
Եվ բանականին դարձնել անխոս և անշունչ արձան:
Պատվի ես արժանացնում դու քեզ ողոքող մեղապարտին
Եվ կարծեցյալ մաքուրին՝ արդար քննությամբ դատապարտում:
Մահամերձին բարի բերկրությամբ արձակում ես դու,
Եվ ամոթահարին՝ օծությամբ դարձնում զվարթերես:
Ոտքի ես հանում թակարդի մեջ գլորվածին
Եվ սասանյալին ապահով վեմի վրա հաստատում:
Հիվանդին բազմահառաչ՝ երջանկացնում ես դու, Առաջ գնացածին ետ դարձնում վերստին:
Եվ երբ սպառվում են բարիքները մեզ համար, Այնժամ դու է՜լ ավելի զարմանասքանչ գործեր
ես կատարում, Քանզի դու գիտես ներել մեր մեղքերն ու անօրենությունները ջնջել.
Քավիչ լինել անիրավությունների և մեր մեղքերը չհիշել,
Ինչպես գրում են Եսային և Երեմիան:

Բ

Եվ քանզի այս նոր փրկության շնորհներին գոհաբանությամբ հետևելով
Եվ տեսնելով նրանց շատությունն անբավ, լռեցի իսկույն ու պապանձվեցի.
Ուստի և ահա՛ հիշելով դարձյալ լույսիդ անսպառ բարիքներն ամեն,
Որոնք քո կողմից պարգևված են ինձ՝ համառ թշվառիս,
Քո՛ աղերսով՝ քե՜զ պիտի պաղատեմ,
Իմ այս մատյանի խոսքերին դարձյալ համարեցնելով
Թախծությամբ լեցուն հեծեծագին բազմաթիվ տողեր:
Սակայն ի հաճույս տվողիդ պիտի առնեմ ու խառնեմ՝
Ցավերի հետ՝ դեղ,
Վհատության հետ՝ խրախույս,
Հուսահատության հետ՝ հիշատակն անվան հաստողիդ,
Տխրությանս հետ՝ սփոփանքը քո,
Դառնությանս հետ՝ քաղցրությունը կենարարիդ,
Օրենքի պատժի հետ՝ քո շնորհը,
Անիծապարտության հետ՝ օրհնությունդ ազատարար,
Մարմնի մահվան հետ՝ նորոգությունդ կատարյալ:

Գ

Հավատում ես ես հզորիդ խոսքին և հաստատում այն.
Լսի՛ր դու սրտիս լռությունը, Տե՜ր Հիսուս,
Որը դեպի քեզ մեծաձայն հնչումն է երկարագոչ:
Մարմնակից ու պատկերակից լինելով մեզ հետ, Ինչպես անօրինակ քահանայապետ, օրինակի
լուծը խորտակելով. Անասունների տեղ մահվամբ զենված, Բարեբանված մարմնիդ նվիրումով
Անմահապես մատուցվում ես միշտ և քավություն շնորհում աննվազորեն
Ոչ միայն սակավ մեղանչողներին, այլ նաև նրանց.
Որոնք փրկության ոչ մի հույս չունեն:
Կյանքը մեղքի մեջ մեր մարմնի համար ինչքա՞ն
կարող է տևական լինել, Եթե մինչև իսկ բյուր-բյուր տարիներ երկարաձգվի, Երբ դու Աստվածդ զենումն հոժար կամքով
հանձն առած, Մահն համբերությամբ տարար՝ բաշխվելով ի
քավություն մեզ:
Աղբյո՛ւրդ մաքրության, ոչ թե մահապարտ լինելով ես դու զոհվում օրեցօր.
Այլ որպեսզի մեզ հաշտեցնես Հորդ հետ՝ հաճեցնելով նրան,
Քո կամքով, Հոգուդ գործակցությամբ՝ մատուցվում ես միշտ:
Իսկ դու, բոլորի Աստվածդ անքնին, իմ պատկերով՝ ինձ՝
Փրկությանս համար, իմ անունից,
Որպես թե ես ինքս կցորդվելով՝ միացած լինեի Նույն մարմնով պարունակված էությանդ հետ, Ո՜վ բարերար, ինձ համար և իմ կերպարանքով, Փոխ առնելով իմ պարտքերը և անպարտելիդ
մահ ընդունելով Մահապարտիս պատիժն ու պատուհասը
Որպես թե կամավոր կերպով քո փոխարեն ես կկրեմ,–
Բազմիցս մեռնելով՝ մնում ես դարձյալ կենդանի:
Ոչ թե ուրացողների ձեռքով, այլ հավատացողների հավատքով է,
Որ նվիրվում ես դու աստվածորեն ու բաշխվում անհատնում մասերով:

Դ

Ոմն աղոթավոր151Դարձի եկած կռապաշտը, կուռքերի մի պաշտոնատար Այս մասին մի մեծ և անկշռելի դատողություն
էր անում, Հույս տալով իրեն անհարմարագիր խոսքով
այսպիսի.
«Հավատում ես ես տիրանալ փառքի և երջանկության,
Երբ հասնի վախճանն անցավոր մարմնիս»:
Այդ նույն խորհրդի միջոցով, քան թե մարտիրոսությամբ,
Եվ կամ ուղղելով ընթացքս թշվառ:
Բայց նկատեցի, որ նա անճառությունն այս խորհրդի դավանում էր այնպես,
Թե մաքուրներն իսկ, առանց նվիրման այս հիշատակին,
Թե գոնե հոգով խառնվելով այդ մեծ հրաշակերտության հետ՝
Չեն կարող իսկապես բոլորովին կատարյալ դառնալ:
Եվ ապա ասում էր նա հուսալով վստահապես՝ «Մեղավորիս համար դու կրկնապես մատուցվեցիր և եղար իմ եսը ճշմարտապես՝
Քո համեղության փոխարեն դառնությունն իմ առնելով,
Եվ քո իսկ մարմնով՝ լուսեղեն կյանքի նշխարովդ դու պատարագվեցիր»:
Եվ սակայն, քանզի վերնատան մեջ, առաջին անգամ,
Բարեշնորհ հաղորդության խորհրդի ժամանակ, Որպես անհնար և անբուժելի մեղքերի դարման՝ Նա բաշխեց մարմինն ու արյունը իր որպես քավություն,-

Ուստի և, ահա, հաղորդությունն այս վեր է դասում նա, Քան թե վկայվածի նահատակությունն արյամբ
կատարված:
Այս օրինակով համոզված էր նա և հավատացնում էր միանգամայն,
Թե այս փրկանքով հնարավոր է հասնել հարգանքի և փառքի տիրանալ,
Քան թե քավությամբ և ողորմությամբ կամ շնորհումով.
Զի աստվածային զորությունը վեր է, քան թե մարդկայինը,
Եվ աստվածախառն տիրական մարմնի կամավորական նվիրումն է վեհ,
Քան անասնական սպանդի մատուցումը. Անմահը, քան թե մահկանացուն, Լույսը ահավոր, քան թե խավարը, Հավիտենականը, քան թե անցավորը, Բարձրյալը, քան թե երկրավորը, Անստեղծը, քան թե եղածը,
Իսկությամբ բարին, քան թե բնությամբ վատը. Մանավանդ որ իր ձեռքն է կամենալն ու կենսագործելը, Տալով օրհնության առիթ և ոչ թե պատճառ՝
դառն անեծքների:

Ե

Աղաչում եմ, գթա՛ծ, տուր հոգով-սրտով խոցվածիս
Երկնուց ընծայված կենաց դեղը քո:
Քաղցրությամբ, Տե՜ր, մոտեցիր դու ինձ՝ բազում մեղքերով ախտավորվածիս.
Ջնջի՛ր պարտքերս, ամենակատա՜ր բավականություն:
Եվ ճշմարիտ է ինձ համար, իրոք, իմաստն այս խոսքի,
Թե՝ ստեղծիչդ ամենայնի՛ սրբերի մեջ ես բնակվում.
Ճիշտ է արդարև, թե ինչ որ ցանես, նույնը կհնձես,
Ինչպես Պողոսն է ասում հիրավի՝
Ցավագին աչքերն արևի տապին տոկալ չեն կարող:
Իսկ դու, բարերար, ստեղծիչդ ամենայնի՝ ոչնչությունից,
Գնահատում ես հավետ իսկապես դավանելը քեզ,
Որպես կարող ուժ՝ կյանք տալու համար:
Օրենքով դու չես սահմանափակված, այլ վեր ես ամեն մի սահմանումից,
Եվ մանավանդ թե կարող ես խզել կանոնի ամեն տեսակ կապանքներ,
Մնալով միայն ի՜նքդ ավետյաց պայման ու խոստում
Հույժ տարակուսյալ հանցավորների համար համորեն:
Եվ քեզ՝ Հոր ու Սուրբ Հոգու հետ՝ փա՜ռք, իշխանություն հավիտյանս. ամեն:

Բան ԾԴ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ այսպես ահա՛, ողորմում ես դու բոլոր քեզ վրա հույս դնողներին,
Ո՜վ սկզբնալույս աչքի տեսողություն և սրտի գիտության Հիսուս,
Դո՛ւ ես բարերարում, դո՛ւ ես տալիս կյանք և անմահություն:
Դեպի ինձ դարձիր քո գթությամբ, և պիտի պատրաստես իմ դարձը առ քեզ կրկնակի՛ բերկրությամբ,
Զի առանց քո կամքի չեմ կարող լինել վերանորոգված.
Եվ եթե չկամենաս գթալ, չեմ կարող փրկվել մահապարտս ես.
Եվ կառավարիչդ եթե չհարթես դեպի քեզ բերող ճանապարհը՝
Աջից ու ձախից խորունկ վիհերն ինձ կորուստ կսպառնան:

Բ

Չեմ պարծենում ես՝ նախատյալս ամեն կողմից, Չեմ պանծա պարսավյալս, Չեմ խրոխտում լքյալս, Չեմ մեծաբանում պապանձյալս, Չեմ ըմբոստանում ծաղրյալս,
Չեմ երջանկանում եղկելիս, և չեմ արդարանում ամբարիշտս,
Քանզի, ինչպես առանց սանձակալի երիվարն ուղիղ ընթանալ չի կարող,
Ո՛չ էլ նավն առանց ղեկավարի կշարժվի առաջ, Ո՛չ արորն ուղիղ ակոս կբանա առանց մաճկալի, Եվ ո՛չ զույգ լծերն հարմար կընթանան առանց
հոտաղի, Ո՛չ ամպը առանց քամու կչվի,
Ո՛չ աստղերն անժամանակ կցնդեն ու կգումարվեն.
Եվ արևն առանց տարրեղեն օդի իր շրջանը կբոլորի,–
Այդպես նաև ես այդ բոլորի հետ չեմ կարող անել ոչինչ, ոչ մի բան
Առանց բարեգործիդ ակնարկության և հրամանի:
Զի դու ես միայն, որ կյանք ես տալիս բանականներին
Ու խնամք տանում արարածներին բոլոր-բո- վանդակ,
Եվ քո ձեռքումն է իմ փրկությունը, ըստ սաղմոսողի:
Դո՛ւ ես հնչեցնում ամեն հասակի մարդկանց ականջին
Քո ավետաբեր ձայնը խնդալից,–
«Իմ հանգստին եկեք, սաստիկ հոգնածներ, և ես ձեզ պիտի մաքրեմ մեղքերից»:
Իսկ ինձ ի՞նչ օգուտ լվացումից, եթե պիտի դարձյալ դառնամ զազրելի,
Եվ կամ ի՞նչ օգուտ ճաշակումից, եթե գեհենի պիտի մատնվեմ.
Ինչպե՞ս պարծենամ ես Աբրահամով, երբ խորթացել եմ նրա գործերից,
Գարշելի որդիս ամովրացի հոր և մոր՝ քետացի կամ քանանացի,
Ըստ մարգարեական խոսքի՝ կարծես թե ինձ համար ասված152Եզեկ. ԺԶ. 3, 45.
Ժառանգս մերժելի՝ եթովպացի և ո՛չ Սառայի արգանդի ծնունդ,
Ըստ այն առածի, որով տեսանողն ինձ է ակնարկում.
Ես եղբայրս Շամրինի կամ Գոմորի153Եզեկ. ԺԶ. 46,
Անլվա և անաղելի
Ծնունդս՝ Ոողի և Ոողիբայի խակակութ և տհաս պորտի,
Ըստ Եզեկիելի կրկնանախատ կշտամբության:

Գ

Ինչպես ոմն, որ հողմակոծ ծովի ծփանքների մեջ Սաստկապես ծեծկված, լլկված ուժգին ու խիստ
տագնապով Կտարվի՝ ընկած հեղեղագնաց հախուռն հոսանքում, Որ ձեռքի մատներն այս կողմ ու այն կողմ տարուբերելով, Զերթ գարնանազայր գետերի հուժկու հորձանքից քշված, Ակամա վազքով և թավալգլոր խղճալիորեն,
Ու խառնախռիվ, պղտոր, գարշահոտ, տղմախառն, մամռոտ ջրեր կուլ տալով,
Շնչասպառ իսպառ կքշվի մահաբեր սաստիկ ցավերով
Ու կխեղդվի ուղխերում սուզված,-

Այդպես եմ և ես՝ եղկելիս, ահա, Խոսում են՝ ու չեմ իմանում, Գոչում են՝ ու ոչինչ չեմ լսում, Ձայն են տալիս՝ ու չեմ արթնանում, Կանչում են՝ ու տեղիցս չեմ շարժվում, Փող են հնչեցնում՝ և չեմ գումարվում, Վիրավորվում եմ՝ ու չեմ զգում,
Ու գարշատեսիլ կուռքերի նման թափուր եմ իսպառ բարի մտքերի ներգործությունից:
Բերված օրինակն, արդարև, պատկերն է իմ իսկական,
Բայց ավելի քան ատելի, վատթար և մեղադրելի Եվ Քրիստոսի կողմից արժանի դատապարտվելու:

Դ

Եվ քանզի անդարձ ճանապարհի համար իմ այս կտակը,
Որպես հիշատակ աշխարհում գործած մեղքերի՝ թողի ընթերցողներին,
Որ իմ խոսքերով հանապազ աղոթք կարդան առ Աստված,–
Թող որ այն մնա իբր ընդունելի խոստովանության
Ողբաձայն աղերս-աղաղակ ընդմիշտ, ո՛վ ամենակալ,
Եվ գիրն այս՝ մարմնիս, և խոսքը՝ հոգուս տեղ Թախանձեն թող միշտ անսահմանելուդ, Իբր անեղծական անմահ մաղթողից ընդունելով
այս աղերսն իմ ձայնով. Բարեգո՜ւթ, մարդասեր, օրհնյալ հավիտյանս, ամեն:

Բան ԾԵ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Հոգուս թևերով շրջեցի մարդկանց անթիվ անհամար սերունդների մեջ
Եվ ինքս իմ մեջ կշռադատելով՝ չգտա ոչ ոք ինձ չափ մեղավոր.
Եվ դրա համար Դավթյան սաղմոսի խոսքերով սաստիկ,
Որ նմանում է դառն կշտամբող գավազանավոր կառավարչի,
Պախարակում եմ ինքս ինձ ահա.–
«Ո՞վ կհավասարվի ինձ չարության և անօրենության մեջ»:
Վկայում եմ և ես, կրկին անգամ հաստատելով, Թե այս խոսքերն իսկապես ինձ են վերաբերում. Ուստի գտնում եմ ես իրավացի համարել միայն
մեղավոր ինքս ինձ, Քան թե իմ խոսքերով շատերի դատապարտել:
Այսպիսով, իմ դեմ մեղանչողներին ներելուս համար՝
Գուցե դու էլ ինձ շնորհես ներում:

Բ

Եվ արդ, այս անգամ հաճոյական ի՞նչ աղաչանքներ
Եվ ընդունելի խունկերի անուշ ծուխեր մատուցեմ,
Գովյա՜լ երկնավոր թագավոր Քրիստոս,
Եթե ոչ խնդրել, որ օրհնես ինձնից անիծվածներին,
Արձակել կապվածներին և դատապարտվածներին ազատել,
Բարիք անել նզովվածներին և պսակել թշնամանվածներին,
Սփոփել տրտմածներին և դարմանել խորտակվածներին,
Խնամել խրտնածներին և պատսպարել նենգվածներին,
Եվ մարմնով վիրավորվածներին բժշկել հոգով:
Եթե օրհնությամբ մոտեցա մեկին՝ լսի՛ր, Իսկ թե անեծքով՝ մի՛ ընդունիր, գթա՜ծ:
Ես տառապյալս ամենաթշվառ, հետինս այս մատյանով աղոթողների մեջ՝
Բովանդակ հոգով ներեցի իմ դեմ մեղանչողներին:
Դո՛ւ արգելեցիր իղձը դժնդակ չար անեծքների, Եվ ես խղճալով իմ հանդեպ բոլոր նենգավորներին՝ Իմ ամբողջ սրտով ցանկացա նրանց՝ հաշտություն գտնել բարիների հետ,
Եվ որոնց համար ծունր դնելով՝ պաղատեցի ես:
Հապա դու, որ ինձ այցի ես գալու, Որքա՜ն ավելի պիտի ողորմես, ըստ քո մեծության, Գովյա՜լ խնամակալ, կյանքդ մահկանացուիս,
Հզորդ՝ տկարիս, ամենակարողդ՝ վարանյալիս, Աղբյուրդ իմաստության՝ հիմարիս և թմրյալիս:
Քանզի սխալվելով սաստիկ, ինչպես խավարին
անընտել սուզակ, Անզգայապես ես ինքս մահվան ծուղակը ընկա, Չհասկացա կորուստը, որոգայթն անգիտացա, Չտեսա որսացող ծածուկ մեքենաները, Չկասկածեցի կեղծավոր վարմի խաբեությանը, Չնկատեցի գայթակղությունը ինձ շրջապատած, Չշոշափեցի պատանդիչ ցանցարկը կարթի, Չարիքները վրա հասան ինձ, Եվ ես չկարողացա ճանաչել նրանց, ըստ սաղմոսողի:

Գ

Եվ արդ, ինչպես որ մի հեթանոս իմաստասերի154Ըստ Եղիշեի՝ «Որպես և ասաց ոմն ի հնույն. «Մահ ոչ իմացյալ՝ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն է» Պլատոնը հավանաբար կամ Կյուրիոն: չիմացված մահը չարիք համարել թվաց իսկ որ ճիշտ,
Ես էլ իմ խոսքով հաստատում եմ այդ.
Քանզի անզգա անասունների պես մեռնում ենք ու չենք զարհուրում,
Կորչում ենք՝ ու չենք սարսափում, Թաղվում ենք՝ ու չենք խոնարհում, Տարագրվում ենք՝ ու չենք տագնապում, Եղծվում ենք՝ ու չենք զղջում, Մաշվում ենք՝ ու չենք հասկանում, Պակասում ենք՝ ու չենք վերալրվում, Քայլում ենք՝ ու չենք զգուշանում, Գերվում ենք՝ ու չենք զգում:
Իսկ Հոբ երանելին հանգիստ է անվանում վախճանը մարդու,
Նույնը սուրբի հետ և ե՛ս կասեի,
Եթե մահացու գործերի բեռը ես չունենայի վրաս ծանրացած:
Մանավանդ որ որոգայթը գաղտնի է, և այն լարողն աներևույթ,
Եվ ժամանակի տարրը ոչնչից,
Անցյալը անհայտ, և ապառնին կասկածելի, Ես անհամբեր, և բնությունս թերահավատ, Ոտքերս անհաստատ, և միտքս ցնդած, Կրքերս բռնավոր, և բարքս անժուժկալ, Մարմինս մեղսամակարդ, և ցանկություններս
երկրասեր, Դիմադրությունը տնկակից է ինձ և խառնվածքս
ներհակական, Բնակարանս է կավեղեն, և անձրևներն ուժգնակի, Կարիքներս անթվելի, և պատահարներն ամենագրավ,
Միտքս չարախնամ, և տենչերս չարակամ, Կյանքս է միօրյա, և զվարճությունները վաղանց, Խաբկանքներն են հիմարական, և խաղալիքները տղայական, Աշխատություններն ընդունայն, և վայելքներն
երազական, Ամբարները ոչնչությամբ են լի, և պահեստները
քամով, Ստվերի եմ նման, և կերպարանքս է ծիծաղելի,
Զի, ըստ Պողոսի, երբ պատվիրանը վրա հասավ, Ինձ անպատրաստ գտնելով իրեն, Կենդանացան մեղքերն արդարության երևումով, Եվ ես մահացա կյանքի համար ու կորստյան
համար կենդանացա:

Դ

Օտարներն ու չարի գունդերը գողացան սրտիս ստացվածքները,–
Համաձայն Գրքի կանխաբանության,
Որով սկսեց պակասել իմ մեջ իմաստությունը, ըստ առակողի,
Եվ ավելանալ ո՛չ բարու ցանկությունը:
Հոգուս աչքը չհառեցի կյանքիս գլուխը եղող
Քրիստոսին, Որպեսզի ուղիղ ճամփով գնայի:
Կամենալով ուժգին վազել՝ սուզվեցի սաստկապես,
Անչափելիին ձգտելով՝ չկարողացա հասնել իմ չափին,
Փորձելով բարձրանալ մեծագույնին՝ գլորվեցի ցած,
Երկնային ուղուց՝ անդունդ գահավիժեցի, Զգուշանալով առավելապես՝ խիստ վնասվեցի, Ուզելով մնալ ամբողջական՝ մանրապես մասնատվեցի, Ձախի դեմ մրցել կարծելով՝ աջից գայթեցի,
Երկրորդը փնտրելով՝ առաջինը կորցրի, Աննշանի հետևից գնալով՝ կարևորից զրկվեցի, Ուխտը պահել ուզելով՝ դաշինքը դրժեցի, Սովորություններիցս կտրվելով՝ կորուսիչները
գտա, Փոքրերից փախչելով՝ մեծամեծների մատնվեցի,
Ինչ որ ես ինքս էի ստեղծել՝ դաժան դատախազ կարգեցի իմ դեմ:
Սրանց բոլորին մատնված գերուս՝ դու ինքդ միայն կարող ես փրկել,
Մահվան ընծայված հոգիս վերստին կյանքին դարձնելով,
Զի դու միայն, Տեր Հիսուս, ճանաչվում ես բարերար,
Անսահման փառքով Հոր և Սուրբ Հոգու հետ Օրհնյա՜լ հավիտյանս. ամեն:

Բան ԾԶ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Իսկ իմ՝ մահառիթ մեղքերի դժոխարմատ ծառիս դառն պտուղները,
Որոնք ընտանի թշնամիներ են, հակառակորդ
հարազատներ և որդիներ դավաճան155Երեմ. ԺԲ. 8
Ստորև պիտ նշեմ մանրամասն ու ցույց տամ իրենից իսկ անունով,
Որոնք են ահա՛,–

Բ

Սիրտ նանրախորհուրդ, բերան չարախոս,
Աչք հայրատատես, վրիպալուր ականջ, ձեռքեր մահաձիգ,
Երիկամունք անփորձ, մոլորաշավիղ ոտքեր, Ընթացք աներկյուղ, խոտորնակի հետք, ծխախառն շունչ, Գնացք խավարային, լյարդ քարահանգույն,
Դատարկ խորհուրդ, անկայուն կամք, անփոփոխ չարիք,
Բարեմասնություն սասանյալ, հոգի տարագիր, վաճառված ավանդ:
Վիրավոր գազան, նետահար թռչուն, Փախստական քարավեժ, բռնված հանցապարտ,
ծովակուր ավազակ:
Նենգավոր զինվոր, անպատրաստ մարտիկ, անժույժ սպառազեն,
Անաշխույժ մշակ, անխրախույս աղոթավոր, ստորաքարշ բեմական,
Քահանա անկնդրուկ, օրենուսույց աննվեր:
Դպիր կշտամբված՝ խելագար իմաստակ, անճոռնի ճարտասան:
Կերպարանք անպատկառ, անամոթ դեմք և լպիրշ երես,
Գույն անհրապույր, տմարդի տիպ, ծանակված գեղեցկություն,
Խանգարված խորտիկ, գարշելի ճաշակ, Դաղձախեղդ այգի, որդնահար որթ, փշաբեր
պարտեզ, Հասկ ուտիաճակեր և մեղր՝ դարձած մկների
ճարակ, Անպաշտպան անկյալ, սնապարծ հուսահատ,
անհամոզ նզովյալ, Անհաշտ բաժանված, ունայնաբան շաղակրատ,
անասնամիտ գոռոզ, Անասնորեն ապիրատ, դժոխային ագահ, հանդուգն ապերասան,
Մոլեգնություն անաստված, ձեռնձգություն սպանիչ,
Տատասկացան երկրագործ, երջանկություն եղկելի,
Վատթարացած մեծություն, անշքացած վայելչություն,
Տկարացած կարողություն, խոնարհված բարձրություն,
Ոտնակոխ փառավորություն, պատվիրանազանցություն մշտական և ինքնակամ սխալանք,
Մատակարար խարդախ, նենգավոր խորհրդակից,
Բարեկամ գժտված, հազարապետ գողամիտ, Մերձավոր կծծի, բաշխող ժլատ, վերատեսուչ
կարկամ, Ոգի անկարեկիր, ըղձանքներ անսեր.
Մարդատյաց բարք և անգութ աղիք, Ընթացք անխոհեմ, աներևույթ ախտեր, Անիծյալ գաղտնիքներ, նախատելի դիպվածներ:
Վաճառական վատնող, շվայտ շահարար, արբեցող պաշտոնյա, Խարդախ գանձապահ, բանսարկու պատգամավոր, դռնապան քնկոտ:
Աղքատ հպարտ և զլացող մեծատուն:
Դիվանապետ անօրեն, պահապան մատնիչ, բնակակից չարախոս,
Սուրհանդակ անժաման, մեղապարտ թղթաբեր,
Խռովարար առաքյալ և միջնորդ անմիտ:
Արքա արտալած, թագավոր թարմատար, կայսր
հոգեկործան, Իշխան տիրադավ, զրկող զորավար,
Աչառու դատավոր, ինքնագլուխ ռամիկ:
Նախատողի ծաղր, սիրելիի լաց, Բանագրի պարսավ, հանդիմանողի դատախազություն:
Քանզի վեհագույն այդ կոչումները ես էի կրում երբեմն իրոք,
Իսկ հետո վատթար որակումներին այդ արժանացա:
Սրանք են ահա և այլ բազմաթիվ խարդախություններն այն վնասակար,
Որոնց մի քանիսից խաբվեցի ես որպես հիմար, Եվ ոմանց կողմից տկարաբար տիրվեցի, Ինքս ինձ կամովին մատնելով մահվան:

Գ

Արդ, քեզ ատելի և ինձ դեպի կորուստ տանող Վերոհիշյալներից որո՞նք ընծայեմ քեզ ի սպաս
պաշտամունքի.
Ապականությամբ պաշարվածիս որպիսի՞ք ներկայացնեմ քո ամենասուրբ մեծությանը.
Եվ կամ դու որքա՞ն երկայնամտությամբ պիտի համբերես այսքան մեղքերիս.
Որքա՞ն ներես, ինչպե՞ս պիտի լռես,
Եվ մանավանդ ինչպե՞ս պիտի հանդուրժես.
Մահու սատակման արժանուս ինչպե՞ս չենթարկես գանակոծության:
Բայց անճառագայթ մթությամբ խավարամած հոգիներին
Քո ողորմության լույսո՜վ հանդիպի՜ր դու, Բժշկելու, քավելու և կենագործելու համար
նրանց.
Ո՜վ զորեղություն անվթարելի, քեզ փա՜ռք հավիտյան. ամեն:

Բան ԾԷ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Քրիստոս Աստված, անուն ահավոր,
Մեծության տեսակ, տիպար անքնին, բարձրության պատկեր,
Անսահման զորություն, կերպարան փրկարար լույսի,
Պաշտպան դու կյանքի, դո՛ւռ արքայության վերին հանգստի,
Խաղաղության ճանապարհ,
Ապավինություն նորոգ և անտխուր երանություն,
Ամենակալ ինքնիշխանություն բոլոր էությանց, Օրհնության կոչումն, ավետաբար ձայն, բերկրության բարբառ, Անմահության դեղ, Որդի՛դ դու անճառ միակ Աստուծո,
Ինչ որ անհնարին է ինձ՝ դյուրին է քեզ համար. Ինչ որ անհասանելի է ինձ՝ քեզ համար սահմանված է.
Ինչ որ անանց է ինձ՝ մոտիկ է քեզ համար.
Ինչ որ ծածկված է եղկելույս՝ մերձավոր է քո երանությանը.
Ինչ որ անկարելի ինձ՝ քեզ համար կատարված. Ինչ որ ինձ համար անկշռելի է՝ քո անճառության համար չափված է.
Ինչ որ հուսահատեցնում է ինձ՝ քեզ սփոփանք է բերում.
Ինչ որ անբժշկելի է ինձ՝ անվտանգ է քեզ համար.
Ինչ որ հեծություն է պատճառում ինձ՝ քեզ համար խնդառիթ է.
Ինչ որ ծանր է ինձ՝ թեթևագույն է քեզ համար. Ինչ որ ստեղծված է ինձ համար, զորեղությանդ
համար գրված է.
Ինչ որ ինձ համար կորած է, քո ձեռքումն է այն,
Ինչ որ անթվելի է ինձ՝ քեզ համար համարված է.
Ինչ որ ինձ համար մռայլ է, քեզ համար ճառագայթ է.
Ինչ որ ինձ համար անհաշվելի է, բովանդակված է օրհնյալ ձեռքերիդ մեջ.
Ինչ որ սոսկալի է ինձ՝ հեշտալի է քեզ համար. Ինչ որ փախչելի է ինձ՝ քեզ համար վանելի է:
Ինչ որ անմատույց է ինձ՝ դյուրամատչելի է
քեզ համար.
Ինչ որ մահաբեր է ինձ՝ քո աստվածային զորության համար անգոյություն է:

Բ

Բայց դու, ողորմած Աստված բոլորի, Տեր Հիսուս Քրիստոս,
Եթե գթաս ինձ, կարող ես ելքի մի հնար գտնել:
Հանուն քո օրհնյալ Հոր վսեմ փառքի և քո
Սուրբ Հոգու կամքի գթառատ՝ Տե՛ս տառապանքներն իմ տաժանելի՝ քեզ հայտ-
հանդիման, Եվ սրտիս խորքից դատախազ լինելն ինքս իմ
անձի դեմ:
Իմ ամենացրված բնության իսկությա՛նը նայիր դու
Եվ բժշկություն պարգևիր իմ վերքերին,
Տո՛ւր հնարավորություն՝ կորուստից դուրս գալու,
Զերծումն՝ բազմամասնյա մահից և կենաց շավիղ՝ ապականվածիս,
Նորոգություն եղծյալիս և հույսի մուտք ամբարշտիս,
Եթե ես, հակառակ իմ բնությանը, կամք ցուցաբերեցի այս բոլորն ասելու,
Հապա դու որքա՜ն ավելի պիտի բարերարես ինձ, ինչ որ բնածին և հատուկ է քեզ:
Եթե փշերից քաղցրահամ պտուղ քաղվեց,
Քո կենաց ծառից ո՜րքան ավելի անմահական համ պիտի ստացվի:
Եթե ես իմ ատելիների համար քո ողորմությունը խնդրեցի,
Դու ինչպե՞ս պիտի կրկնակին չտաս քո անսպառ առատությունից ինձ, որ քոնն եմ, ո՜վ ամենազոր:

Գ

Արդ քո մեծությունը տե՛ս, բարձրյալ, և նայելով իմ փոքրության վրա,
Ընդունի՛ր սակավ խոստովանությունն անթիվ մեղքերիս,
Ո՜վ դու, որ տեսնում ես բոլորը:
Եվ ինչպես որ հաշվի չառար Վեմի գլորվելը156Ակնարկություն՝ Պետրոսի ուրացությանը:, Անտեսի՛ր նույնպես սասանվելը դու փոքրիկ
ավազիս.
Ինչպես որ իսկույն վերացրիր Դավթի պատժապարտությունը, երբ ասաց՝ մեղա,
Նույնն արա՛ և ինձ, ո՛վ երկայնամիտ, լսելով ձայնն իմ հեծեծանքների.
Դու, որ բոլորին անաչառությամբ և առատորեն Տալիս ես, որպես հաղթող բարի, բազմիմաստ Եվ չես նախատում հետին ստրուկիս, որպես
ողորմած և ամենաստեղծ, Ստացի՛ր կրկին և մի՛ կորցնի ինձ՝ քո արյունով
բուժվածիս, գթա՜ծ.
Զի դու կարող ես քավել ու փրկել, Եվ քեզ վայել է փա՜ռք ամեն ինչում հավիտյանս. ամեն:

Բան ԾԸ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Օրհնյալ ես դու, Տեր Հիսուս, Հոր հետ՝ բարեհաճ կամքով Սուրբ Հոգու,
Եվ բոլոր օրհնվածներն օրհնյալիցդ օրհնվեցին, Դո՛ւ միայն օրհնյալ Որդիդ օրհնյալի:
Քեզանից բացի չի՛ք շնչիս իշխող թագավոր,
Քրիստո՛ս:
«Հակոբն, - ասում է Եսային, - օրհնված կլինի ա՛յն ժամանակ,
Երբ կվերցնեմ մեղքերը նրա»:

Բ

Եվ արդ, ողորմի՛ր ինձ, Տե՛ր բարեգութ, համաձայն նախնի քո սովորության,
Եվ օրհնի՛ր անոթդ այս բանական, ըստ Դավթի և ըստ Մովսեսի,
Որպեսզի խոսքովդ փրկության հասած՝ քավություն գտնեմ քեզնից օրհնվելով:
352
Հրաշագործի՛ր ինձ աստվածապես, ողորմած արքա երկնավոր,
Ինչպես որ արիր Բեթհեզդայի սրահում հավաքված
Եվ երկար ժամանակ մահիճը ընկած ախտավորներին:
Դրանցից մեկը այն կրկնակի թերահավատն էր
ևերեսունութ տարվա անդամալույծը, Եվ դու չզլացար նրան քո բժշկարար օգնությունը, Գիտենալով նույնիսկ նրա չարությունն անուղղելի, Որ նյութեց նա քեզ՝ երախտավորիդ, մեծիդ և
բարերարիդ՝ Մատնության օրը, տիրամարտության դառն
այն գիշերը:
Թեև դու նրան նախօրոք զգուշացրիր,
Թե՝ մի՛ մեղանչիր, որպեսզի կրկին չարիք չգա քեզ,
Բայց չդադարեց լինել ձեռներեցն ու առաջինը այն ժանտ մարդկանց մեջ,
Որոնք քեզ խաչին դատապարտեցին157Ակնարկություն 38 տարվա այն անդամալույծի, որը մատնության գիշերը ապտակեց Հիսուսին՝ իրեն բժշկողին::
Եվ դու այդպես կախարդ ջատուկի, անհարիր ընկած
Եվ մահվամբ չոքած չարաշուք մարդուն ողորմեցիր,
Անճա՜ռ բարություն, սխրալի մարդասիրություն,
Սարսափելի ներողամտություն, սոսկալի երկայնամտություն,
Անբավելի քաղցրություն, փառատրելի հեզություն,
Որ միշտ հաղթվում ես գթությունից ու չես թշնամանվում,
Պարտվում ես ողորմությունից ու չես պարսավվում,
Բռնադատվում ես մարդասիրությունից ու չես արհամարհվում,
Հարկադրվում ես բարությունից ու չես հայհոյվում,
Ստիպվում ես սիրուց ու չես բամբասվում:
Պաղատում ես դու քեզ դարձիս համար ու չես
ձանձրանում, Վազում ես ապերասանիս հետևից ու չես հոգնում, Ձայնում ես չլսողիս ու չես սրտմտում,
Շտապում ես մեղկացյալիս մոտ ու կանգ չես առնում:
Չարիս համար բարի ես և ամենապարտիս համար ներող,
Քավիչ ես մեղավորիս համար և խավարյալիս լույս,
Եվ մահացածիս համար կյանք ես դու:

Գ

Այսպես են ասում բոլոր հոգեշունչ գրքերն օգտակար,
Եվ որոնք հաճախ ծնում են անճառ և զարմանալի երկնավոր պտուղներ:
Ասա՛ նաև ինձ՝ թշվառիս, օրհնյա՜լ ամենապարգև,–
«Վե՛ր կաց ու վերցրու մեղքերի մահիճը կործանվածիդ,
Եվ իմ հետևից արի, որ հասնես անհոգնում կյանքի խաղաղ հանգստին»:
Քո հրամանի ամենակարող սուսերով կտրի՛ր Կապանքները պիրկ և դժոխային երիզապատված իմ մահազգեստի Եվ մահասարսուռ սաստկությամբ խեղդող
հանգույցները քանդի՛ր, Ուղարկելով ինձ՝ մահվան արժանուս, քո աստվածային կենսաբեր խոսքով Դեպի վեր՝ անանց, հավերժ բերկրության ազատության մեջ:
Մի՛ կենագործիր տակավ-տակավ և մի՛ ձգձգիր օրեցօր երբեք,
Որ հետզհետե մեղքերի բեռան ծանրությունն ստվար
Չճնշի ազդրերս ու չկռացնի ինձ ի վար՝ դժոխքին նայելու,
Եվ ուժգնակի գոռոզ բռնությամբ հոգևորական զենքերս ի դերև հանելով մահվան ծառայեցնի ինձ:
Այլ դու օգնիր ինձ, բարի՛ վշտակից,
Մահվան երկունքի այս իմ ցավագին հեծեծանքներում,
Սատակման փայտը վրայիցս առնելով, ինչպես երբեմն՝ պահակի ուսից,
Որով վայելուչ կոթող կառուցես քո հաղթանակի արի զորության,
Ամուր հավատքով, հաստատուն հույսով ինձ բևեռելով քեզ հետ՝ անսայթաք:
Եվ քեզ՝ Հոր և Սուրբ Հոգու հետ փա՜ռք, իշխանություն հավիտյանս. ամեն:

Բան ԾԹ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Հավատում եմ ես և վկայում գիտակցաբար՝ Քեզանից ազդված մտատեսությամբ, Թե ըղձալի են քեզ, բարերա՛ր,
Աղաչանքները մեղավորների, քան թե խնդրանքներն արդարների:
Զի մեկն իր մեղքերը խոստովանելով շնորհիդ է սպասում
Եվ ճանաչելով չափն իր բնության՝ ծառանում ինքն իր դեմ,
Որպես մեծ կշտամբիչ և ինքնոգոր մարտակից, Դառն հանդիմանող ու ծածկատես դատախազ:
Իսկ մյուսն իր բարի գործերին նայելով՝ հանձնապաստան վստահությամբ՝ Մոռանում է սահմանն իր բնության և պարգևներ է ակնկալում, քան թե ողորմություն:
Եվ այդ պատճառով մեկի մոտ հորինվում են
անթիվ ճառեր,
Որոնք բարձրաձայն քո ողորմությունն են փողահարում,
Իսկ մյուսը լռում է դրանց մասին, ո՜վ անքննելի, ահավոր և ամենախնամ:
Ամաչում եմ ասել, թե երկրավորիս գործերի պատմությունն իսկ քոնից էլ առաջ է անցել.
Ուստի արա՛ այնպես, ո՜վ Տեր,
Որ քոնից ավելի չզորանա աջն հողեղենի. Մարդկանց ջանքերը թող որ չկշռեն ողորմություններդ:

Բ

Առողջ անդամներ ունեցողներն անկարոտ են բժշկության,
Եվ աչքով տեսնողներն առաջնորդի պետք չունեն,
Ինչքով փարթամները լիացածների դռների շուրջը չեն դեգերում,
Եվ կուշտ ու կուռ կերածները չեն սպասում հացի սեղանի փշրանքներին,
Եվ վարքով մաքուրները ողորմության անկարոտ են:
Ուստի ինձ գթա և ողորմիր, բարձրյա՜լ երկնավոր հզոր,
Ինձ՝ վարանյալիս ամենատխուր:
Զի եթե Հոբին ես նմանվեի,
Ինքս էլ նրա պես կասեի՝ արդար և անարատ եմ.
Եթե լինեի ես Մովսեսի պես՝ ինքս էլ նրա պես կասեի վստահ՝
«Տերը պիտի ճանաչի նրանց, ովքեր իրենն են», Եթե լինեի ես Դաւթի նման, կասեի նույնպես՝ «Արեցի իրավունք և արդարություն».
Եվ դարձյալ մարդկային բնությունից վեր այս խոսքը հոխորտ՝
«Եթե սրտիս մեջ անօրենություն տեսնեի, Տերն ինձ չէր լսի».
Եթե Եղիային նմանվեի ես՝ պիտի կոչեի ինձ «ա՜յր Աստուծո».
Թե Երեմիային՝ ճշմարտությունդ կօրինակեի. Եթե լինեի Եզեկիայի պես՝ ինքս էլ իրավամբ
կպարծենայի՝ «Քո աչքի առաջ ես արդարությամբ քայլեցի».
Պողոսի նման եթե լինեի, կանվանեի ես ինձ՝ Բնակարան, ներշնչարան և ընդունարան Աստուծո խոսքի՝ Բայց ես անօրենս, օրենքին գիտակ լինելով մեկտեղ, Ոչ միայն չեմ կարող ներկայացնել քեզ անձս
նրանց պես վստահ խոսքերով, Եվ չարս իսպառ, բարիների պես՝ այդ նույն
խոսքերը քո առջև հիշել, Այլև չեմ կարող՝ բովանդակ արարածներից բարեհռչակված Անունդ, հզո՜ր, ամբարշտացած իմ լեզվով գովել:
Իսկ դու, որ կարող ես ամեն բանում և հնարավոր,
Տուր ինձ ոգի փրկության, պաշտպանության աջ և օգնության ձեռք,
Բարության հրաման, ողորմության լույս, նորոգության խոսք,
Քավության պատճառ և կյանքի նեցուկ՝ օգնող գավազան:
Քանզի դու ես հույս ապավինության, Տե՜ր Հիսուս Քրիստոս,
Օրհնյա՜լդ Հոր և Սուրբ Հոգու հետ հավիտյանս. ամեն:

Բան Կ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Արդ, քանի որ ինձ հայտնի է ճշգրիտ առակով արդեն,
Թե՝ չի վայելում մեղավոր բերնին օրհնաբանություն,–
Ինչպե՞ս պիտի նույն գովությունը քեզ կրկնեմ վերստին աղաչավորս խիստ ամոթապարտ, Որ անեծքներ եմ ընդունում անվերջ՝ սաղմոսարանում, ինձ համար ասված:
Ինչպե՞ս ինձ համար երգեմ վտանգներ և նախատինքներ արձանագրեմ
Ու մերկ գրկիս մեջ շուշանի տեղակ փշեր հավաքեմ.
Եվ ինչպե՞ս պիտի համարձակվեմ ես Դավթի պես ասել,
Թե՝ «Պիտի փշրես մեղավորների ատամները դու»,
Եվ դարձյալ ինչպես՝ «Անօրենները չպիտի բնակվեն քո աչքի առջև».
Ինչպե՞ս, թե՝ «Դատիր ինձ, Տեր, ըստ արդարության քո և իմ՝ անբծության»:
Եվ կամ թե ինչպե՞ս՝ «Չարիքները մեղավորների վրա պիտի կատարվեն»,
Ինչպե՞ս, թե՝ «Պիտի խորտակվեն չարի և մեղավորի բազուկները»,
Եվ ուրիշները հետևյալ կարգով.
Ինչպե՞ս կարող եմ ասել, թե՝ «Մեղավորների վրա տեղան պիտի հուր, ծծումբ, որոգայթ».
Ինչպե՞ս, թե՝ «Տերը կթուլացնի նենգավոր շրթունքներն ու լեզուները մեծաբանող».
Ինչպե՞ս, թե՝ «Սիրտս քննեցիր և չգտար այնտեղ անիրավություն».
Եվ ինչպե՞ս դրան հաջորդող խոսքն այս,
Թե՝ «Զգուշացա խստասիրտների ճանապարհից ես».
Եվ ինչպե՞ս ապա, թե՝ «Արդարությամբ ես քո երեսը պիտի ելնեմ»158Այսինքն՝ «Ես արդարությամբ կերևամ քո առաջ» (Սաղմ. ԺԶ. 15).
Ինչպե՞ս, թե՝ «Ես էլ անբիծ պիտի լինեմ նրա հետ».
Ինչպե՞ս և մյուսը, թե՝ «Տերն ինձ ըստ իմ արդարության և ձեռքի մաքրության պիտի հատուցի».
Ես ինքս ինչպե՞ս իմ ստությունը պիտի ծանակեմ, ասելով սուրբի հետ, թե՝
«Ձեռքերս սրբությամբ պիտի լվանամ».
Սնոտիների մեջ նստածս ինչպե՞ս ամբարիշտների աթոռները բամբասեմ.
Ինչպե՞ս թշվառս երջանկի պարծանքն ինձ վրա առնեմ,
Թե՝ «Դատիր ինձ, Տեր, զի անմեղությանս մեջ քայլեցի ես».
Ինչպե՞ս օտարս բարի գործերից՝ պիտի շարժեմ գո՜ւթը գաղտնագետիդ,
Թե՝ «Մի՛ դասիր ինձ ամբարիշտներին». Ինչպե՞ս ես ինքս լինելով անիծապարտ, ուրիշների համար ասեմ՝ «Տո՛ւր նրանց, Տեր, ըստ նրանց գործի», Եվ համարձակվեմ շարունակելու:

Բ

Մնացածներն էլ եթե գումարեմ առաջիններին, Կրկնապես պիտի ծանրանան ցավերս ու դառնություններս աճեն, Բայց արցունքների շեղջերից միայն դույզն-ինչ
առնելով, Առայժմ պիտի բավականանամ սաղմոսարանի
Ընտանի ձայնի հանապազօրյա հանդիմանությամբ,
Որ ամբարիշտիս կշտամբում է միշտ:
Դրանց հետ նաև քառասունիններորդ գլխի վերջին հատվածի հանդիմանական տողերը,
Որոնք գարշելի համարելով ինձ՝ խայտառակում են միշտ և հանապազ:
Խցելով բերանս, որպեսզի չփառաբանեմ՝ անձս եղկելի են ներկայացնում.
Եվ աստվածային ձայնով ինձ ամբաստանելով՝ զրկում են կյանքի հույսից,
Միաժամանակ, ինչպես պատնեշի վրայից, քարեր են նետում վրաս:
Եթե ծանր է ուրիներից անեծք ընդունել,
Ապա կրկնակի ծանրածանր է անձամբ ինքն իրեն անիծելը:
Իսկ եթե օրենք է մերձավորներից նախատիքներ չառնել,
Ապա ուրեմն ամենատեսիցդ սպասել դրանք՝ Արյունալից ցավ, սարսափելի վիշտ ու մտալլկանք են պատճառում մեզ:
Բայց ով որ նրանց խոնարհությամբ անձնատուր լինի,
Եվ գավազանով ծեծի ինքն իրեն, կշտամբի ու դառն անեծքներ կարդա,
Այդպիսին պիտի օրհնվի Վերնայնի խոստովանած և ամենաիշխան բերանի շրթունքներով.
Զի նա ճշգրիտ կերպով բացատրեց դարձն իր դեպի նա, կյանքի ճիշտ ճամփից չհեռանալով.
Սիրո օրենքով նա իր մեղքերի արմատը կտրեց, Չնվաճելով չարախոսների խարդավանքից, Քրիստոսի հոտի բժշկված ոչխարը եղավ նա, Դիմելով աղիքների խոցերը բուժող աղին:
Բայց անբանների բարքին է հատուկ ասուն կենդանիների
Կենսաձիր խոսքի դալար, ծաղկածին դաշտավայրում՝
Մտքի թմրությամբ մահացու արոտներ ճարակելը:

Գ

Արդ, քանզի իսկ և իսկ ինձ համար է ասված վերջին օրինակն այս կշտամբողական,
Եվ չար դիպվածներն ու պատահմունքներն ինձ են ակնարկում,
Որոնք նյութեցի ես ինքս որպես սաստիկ տոչորող կիզիչ կրակներ,
Նրանք երկնքից թափելով իմաստությանս ճրագարանի՝ գագաթի վրա:
Այլևս սաղմոսն ինձ ի՞նչ օգուտ կարող է բերել, Երբ ինքս նրա բազմերանգությունից մնացի
անպտուղ, Ու չնվագեցի հոգով այն, ինչ որ Պողոսն է թելադրում:
Ինչպե՞ս կարող եմ մեծագույնս ես մեղավորներից և պիտանիներից նկունս
Մարգարեի երգերին խառնել Տիրոջ խոսքերը և ասել սուրբի հետ.
«Հեռացե՛ք ինձնից բոլորդ էլ, որ գործում եք անօրենություն»:
Ես, որ չեմ կատարել օրենքի և շնորհի բազում պատվիրաններից և ոչ մեկը՝
Ինչպե՞ս բարբառեմ երջանիկի հետ,
Որը մեզ համար սահմանածը նախ ինքը գործադրեց,
Թե՝ «Ես՝ քո ծառան, պահեցի այս», և դրանց հետևող խոսքերը:
Կյանքի կատարյալ իմաստությունից թափուրս ինչպե՞ս
Տիրոջ երկյուղածների հետ օրհնեմ.
Ինչպե՞ս պիտի մաղթանքներից մեծագույնին իմոնքն էլ կցեմ,
Թե՝ «Մի բան խնդրեցի ես Տիրոջից՝ տեսնել իր վայելչությունը
Եվ իր տաճարի հրամանատարը լինել». Ինչպե՞ս ձեռնամուխ լինեմ այն բանին, որ
արգելված է ինձ, Երբ լսում եմ, թե՝ ուղղամիտներին վայել է
միայն օրհնություն կարդալ:
Ես իմ սեփական շուրթերովս ինչպե՞ս ինքս ինձ անիծեմ,
Ասելով, թե՝ «Տիրոջ աչքը չարագործների վրա է, Ջնջելու համար նրանց հիշատակն երկրի երեսից».
Ինչպե՞ս՝ և մյուսը, թե՝ «Չարերը շուտով պիտի ջնջվեն».
Ինչպե՞ս այն խոսքը, որ արդարև ինձ է վերաբերում,
Թե՝ «Բազուկները ամբարիշտների պիտի խորտակվեն».
Ինչպե՞ս պաղատեմ սատակման համար, Թե՝ «Պիտի կորչեն մեղավորները»:
Ինչպե՞ս թաթախեմ թափառող լեզուս օրհնյալ խոսքի մեջ,
Թե՝ «Հսկեցի ես կյանքիս ընթացքը, որ չմեղանչեմ ինքս իմ լեզվով».
Ինչպե՞ս մեղքերի փշերով խեղդվածս պարծենամ խոսքովն անարատի,
Թե՝ «Իմ անբծության մեջ ընդունեցիր ինձ». Ինչպե՞ս ես մեղավորս և կրկնակի պատժապարտս Պարսավեմ պիտի իմ նմաններին, նրանցից
ազատվելս մաղթելով, Թե՝ «Մեղավոր ու նենգ մարդկանցից ազատի՜ր
ինձ, Աստված»:

Դ

Ինչպե՞ս, որպես ոչ կռապաշտ, անպատկառորեն խրոխտամ ունայն պարծանքով,
Դավթի հետ ասելով՝ «Մի՞թե մոռացել ենք մենք անունն Աստուծո,
Եվ կամ օտար աստվածներին աղոթելու ձեռք ենք երկարել»:
Զի նա, որ գարշելի մեղքերի մեջ կընկնի,
Այդպիսին կառուցած կլինի պաշտելու համար
Անասնական, ախտարծարծ և պոռնկապատիր կերպարանքներ՝
Աստարտի, Քամովսի, Մեղքոմի159Մողոքը՝ Ամմոնացոց կուռքը, որի համար տուն կանգնեց Դավիթը (Գ. Թագ. ԺԱ. 7): և թարմատար Թարահատի160Անծանոթ է այս դիցաբանական անունը:
Հավանական չէ ոմանց այն կարծիքը, թե Աբրահամի հոր՝ Թարայի պաշտած կուռքերից լինի (Հեսու ԻԳ. 2):
Խորենացին ևս հիշատակում է Թարաթ անունով մի կուռք, բայց դա լինել չի կարող: արձաններ արու,
Ինչպես նաև կանացի զազիր ու աղծապիղծ կուռքեր
Եվ իշանդամ առականքների անծածկույթ ծանակություններ:
Ինչպե՞ս չամաչեմ ասել նահատակի հետ, որ բարության էր միշտ հետամուտ,
Թե՝ «Ամեն օր մեռնում ենք քեզ համար», Եվ հետևյալ տողերն այդ սաղմոսի:
Ինչպե՞ս հիմարս մարդկանց մեջ և վատթարս հանդգնեմ ասել,
Թե՝ «Բերանս իմաստություն պիտի պատմի, և սիրտս՝ հանճար»:
Ինչպե՞ս ես՝ մարդակորույս կեղծավորս երեսպաշտների ոսկորների ցրումը մաղթեմ.
Ինչպե՞ս կրկին երկրորդված մեծանուն բարությունն այն,
Թե՝ «Հաճելի պիտի լինեմ Տիրոջը կենդանյաց երկրում»:
Ինչպե՞ս ես անբավ մեղքերի տերս, արդարից առած՝ բարբառեմ այսպես,–
«Ոչ մեղք ունեմ ես և ոչ էլ հանցանք, ընթացքս եղավ անմեղ և ուղիղ»:
Ինչպե՞ս ինքս ինձ մատնեմ կորստյան այսպես ասելով՝
«Անօրենություն գործողներին մի՛ ողորմիր»:
Եվ կամ թե ասեմ. «Ինչպես մոմը, որ հալվում է
կրակի դիմաց, Այդպես էլ պիտի լինեն մեղավորներն Աստուծո
առջև»:
Ինչպե՞ս՝ ապականացու փափկությամբ շոյվածս այս ինձ անվայել խոսքը հաստատեմ,
Թե՝ «Ես ընկճեցի իմ անձը ծոմով». Ինչպե՞ս նաև այս խոսքը նույնիմաստ,–

«Նրանց նեղության մեջ ես քուրջ էի հագնում Եվ, ինչպես սգավոր ու տրտում՝ խոնարհ էի». Ինչպե՞ս հանդարտվեմ իմ նմանների պատիժն
հիշելով, Թե՝ «Աստուծո բարկության մրուրը չի սպառվի,
Եվ պիտի խմեն նրանից երկրի բոլոր մեղավորները»:
Ինչպե՞ս՝ սրա հետ և մյուսը, թե՝
«Մեղավորների բոլոր եղջյուրները պիտի փշրես դու».
Ինչպե՞ս, Հակոբի ապերախտության մասին պատմելով, կարող եմ հեգնել նրան
Ես, որ ստվերի տեղ ճշմարտությունն ընդունած, նրանց հետ և նրանց թերությամբ
Մոռացա Քրիստոսի երախտիքները՝ աստվածահրաշ խաչի փրկանքով,
Եվս առավել, քան նրանք, որոնք չուզեցին Զորությունն Մովսեսի սքանչելագործ ցուպի, Որ տերունական տնօրինության մի օրինակն էր:
Ինչպե՞ս կարող եմ ցույց տալ մեզ վրա խուժող
դևերի -

Խմբերի խուժդուժ և օտարացեղ՝ աղետները ողջ,
Ասելով, թե՝ «Մեր մեջ գտնվող բարիների դիակներն իբրև կեր
Ձգեցին գիշատիչ թռչուններին, այսինքն՝ օդային դևերին»:
Ինչպե՞ս կարող եմ ճանապարհի վրա ընկած խոսքի սերմը
Եվ չարի հետ միաբանված կամքը անվանել սուրբ161Մատթ. ԺԳ. 4,
Ինչպե՞ս սուրբ կոչեմ պատերազմի հետ նույն շավղով գնացող՝
Իմ ճանապարհից դուրս եկած մտքի գուպարը գաղտնամարտ,
Որ ես զորացրի՝ գործակցելով բանսարկուի հնարքներին:
Չեմ կարող աղերսել քեզ, թե՝ «Մի՛ լռիր և մի՛ դադարիր, Աստված»,
Ինչպես և՝ «Խորհեցին քո սուրբերի վրա և ասացին»,–
Եվ մյուս խոսքերը՝ սաղմոսարանի այս աղոթքի մեջ:
Զի հույժ տեղին է, որ այս խոսքերով ճանաչենք մոլեկան բռնությունը դևերի,
Եվ նրանց հետ նաև իրենց արբանյակներին, Որոնք մղում են ճակատամարտ միշտ, խռովելով ներկան:

Ե

Այդ բոլորից, Տեր Քրիստոս, Որդիդ դու բարձրյալ և մեծ Աստուծո,
Պահե՜ս ու պահպանես երկնային զորքիդ շրջափակությամբ,
Բոլոր հողմերից ու խաբողների հարձակումներից
Լուսեղեն խաչովդ պաշտպանելով մեզ:
Զի թեև իմ մեջ գտնվեն անօրենություններ բազօրինակ,
Սակայն ո՛չ երբեք հայհոյություններ:
Չհանգստացա՜ր դու ինձ նման ամբարիշտների
կորուստով, Այլ ամենագորով թախծությամբ, ջրհեղեղով
ջնջված Զազրագործների վրա մինչև իսկ կրկնապես
վշտացար, Նրանց այդպիսի մահն համարելով անհանդուրժելի և հույժ անհաճո:
Լսողներին զարմանալի այս խոսքն ասացիր դու, Թե՝ «Այլևս մարդկանց գործերի պատճառով
երկիրը չպիտի անիծեմ»:
Մխիթարվում ես դու մեծապես ու պարարվում՝ Անմաքուր ու սատակման արժանի մարդկանց
կենդանացման համար.
Ինչպես որ երբեմն, դդմենու առակով ցույց տվեցիր դու
Կործանվելու արժանիներին խնայելդ, ողորմա՛ծ. Եվ մի ուրիշի162Եղիայի վրա նեղացար, սաստիկ վշտացած, Երբ նա անձրևն ուշացնում էր, որպեսզի ուրացողները ապրուստ չունենան163Գ. Թագ. ԺԸ գլուխ:
Եվ բազմապիսի հիշատակարժան և անճառելի Բարություններ ցուցաբերեցիր դու վերջին օրերին.
Քո կողմից՝ առաքյալներիդ միջոցով հրամայեցիր ողջույն տալ քաղցրահամ՝
Հասարակաց բոլոր և անհամբույր հեռավորներին:
Նաև ի՛նձ վրա ցողիր հայրական սերդ գթառատ, կենդանի Աստված,
Որպեսզի ես էլ գտնեմ փրկություն՝
Քավված մեղքերից ամենաառատ քո այցելությամբ:
Եվ քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ փա՜ռք հավիտյանս. ամեն:

Բան ԿԱ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ ինչո՞ւ համար պիտի մեջ բերեմ և իմ տավիղով երգեմ անդադար,
Սաղմոսարանի խոսքերն այն բոլոր,
Որոնք իմ դեմ են միշտ և շարունակ, որպես նախատինք և որպես նզովք:
Ինչպե՞ս կարող եմ շուքը երջանկի հարմարեցնել ինձ դատապարտվածիս,
Այսպես ասելով նրա հետ մեկտեղ, թե՝ նենգամիտը ինձ չմոտեցավ:
Եվ ինչպե՞ս դարձյալ զարհուրեցուցիչ, հաջորդ տողերում կարգով թվարկված՝
Բարեմասնություններն այն բոլոր, որոնք հին օրենքի թագավորի, զինվորական մարգարեի
Եվ մարմնական հրամանատարի նկարագիր գծերն են,
Երկնայիններին անգամ ցանկալի՝ կրկնեմ և կյանքից չհուսահատվեմ,
Ես, որ նոր օրենքի ավետարանիչ և շնորհների աշակերտ լինելով հանդերձ
Այդ երկնահաճո արժանիքներից անմասն եմ իսպառ:
Ըստ իրավախոհ արդարի՝ ինչպե՞ս պիտի զինվեմ մեղավորների դեմ,
Պատրաստ լինելով առավոտյան վաղ արթնացածի164Սաղմ. ՃԱ. 8 պես
Սպանել նրանց, ըստ առակողի:
Ես, որ իմ մարմնի անդամներն անգամ գանահարելով չխրատեցի:
Ինչպե՞ս արդ մեծի արիությունը օրինակելով՝ Կարենամ ջնջել անօրեններին Տիրոջ քաղաքից, Երբ իմ հոգու մեջ բուսած մեղքերն իսկ չմեռցրի ես:
Ինչպե՞ս սուտ խոսեմ նրա մոտ, որին ծածկվածները հայտնի են արդեն,
Ասելով՝ «Մոխիրն իբրև հաց կերա».
Ես, որ Երգողի աղբերակների հստակ արցունքին Իմ հուզումներից պղտոր մի կաթիլ իսկ չմիացրի, Ինչպե՞ս նրա հետ կարող եմ ասել՝ «Ըմպելիքս խառնեցի ես արտասուքներով Եվ անկողինս արցունքներով թրջեցի»:
Եվ ապա, որո՞նք վերագրեմ ես ինձ՝ մեղքերով մահացյալիս,
Երբ աստվածասերն ի բոլոր սրտե նախնյաց հանցանքներն
Իրենն է համարում, ասելով այսպես.–
«Մենք մեղանչեցինք մեր հայրերի հետ, անօրինացանք և հանցանք գործեցինք»,
Եվ այս սաղմոսի հետագա բոլոր տողերը, որոնք Իրավամբ ինձ են հարմար ավելի, քան Իսրայելին:
Ինչո՞վ արժանի լինեմ դասվելու բարիների հետ, Երբ չգտնվեց իմ մեջ այն դեղն իսկ, որ հարգվեց
որպես մարդկային մի գյուտ, Այսինքն գարշելով կերակուրներից՝ մահու չափ
քաղցել, Եվ երկարատև ճգնություններով՝ հոգով նվաղել,
Ըստ տարակրոն հրեաների և հեթանոսների երբեմնի սովորության:
Արդարությունն իմ ինչպե՞ս կարող է մնալ հավիտյան, որը ես երբեք ի գործ չդրի:

Բ

Բայց, որպեսզի երկարաբանությամբ չդառնամ տաղտկալի,
Պիտի աշխատեմ խոսքս համառոտել:
Ի՞նչ կարող ես ասել այն խոսքերի տեղ, Որոնք նվագեց օրհներգ ու Դավթի ձայնն աստվածաշունչ, Թե՝ «Բոլոր սրտովս ես քեզ փնտրեցի»:
Ինչպե՞ս սրա հետ ասեմ ավելին,
Թե՝ «Ամեն տեսակ չար ճամփաներից ոտքս կտրեցի»:
Ինչպե՞ս սրա հետ ասեմ ավելին,
Թե՝ «Իմ սրտի մեջ պահեցի խոսքերդ, որպեսզի քո դեմ չմեղանչեմ»:
Ինչպե՞ս ունայնություններս որպես կատարելություններ ճառեմ մաքուրների հետ,
Թե՝ «Քո պատվերներից դաս առնելով, ատեցի բոլոր ճանապարհները չարագործների»:
Ինչպե՞ս ես հեզի ճշմարտությունը՝ իմ խաբեբայի մշտնջենական
Սուտ երդումների հետ համակարգեմ, ուխտելով հավատարմի հետ,
Թե՝ «Հաստատապես երդվեցի պահել դատաստանդ արդար»:
Ի՞նչպես կկնեմ ես այն պատգամը, թե՝ «Փրկությունը հեռու է մեղավորներից»:
Որը իմ վերջին վճռի մահագույժ հրեշտակն է:
Ինչպե՞ս չարս իրոք, բարիների պես,–

Որոնք Տիրոջից առնում են իրենց հատուցումն
արդար, Հեղեղելով այս տողը ասեմ, թե՝ «Տերը բարիք
կանի ուղղամիտներին»:
Ինչպե՞ս այն անաչառ և կտրուկ փոխատրությունը մոլորյալիս,
Թե՝ «Սխալվածներին հափշտակելով կտանի նրանց հետ, ովքեր գործում են անօրենություն»:
Ինչպե՞ս պարծանքը Աստվածազգեստի պատվաստեմ ես ինձ՝ ամոթահարիս,
Նրա խոսքն ասելով. «Չբարձրացավ սիրտս, Տեր, Եվ աչքերս երբեք չզվարճացան»:
Ինչպե՞ս ընդունեմ մարմնականից վեր խոսքն անճառելի,
Որպես քաջալեր հուսահատվածիս, գանձիս գեհենի,
Ասելով Աստուծո Հոգով օծյալի հետ,
«Առաջուց տեսար, որ լեզվիս վրա նենգություն չկա»,
Եվ սաղմոսի այս մարգարեական գլխի սկզբից մինչև վերջ գրված խոսքերը բոլոր:
Եվ ինչպե՞ս ինքս, որ համաբան եմ դժնասիրտ մարդկանց և դասակից նրանց,
Ես, որդիս մահով ջնջվելու արժան՝ բարեշնորհի խոսքը բարբառեմ.–
«Չէ որ, ահա, Տե՛ր, քեզ ատողներին ես ատեցի»,–
Եվ մնացածներն ապա այս կարգի:
Ինչպե՞ս դու, ա՛նձն իմ, որ աշխարհի ամենեն աշխարելին ես,
Տոնելի Վեհի վստահությամբ
Չստուգված հոգիդ առաջ մղելով, պանծաս ինքնագով պսակվածի հետ,
Թե՝ «Փորձիր ինձ, Տեր, և տես՝ կա՞ միթե անօրենություն իմ ձեռքերի մեջ»,
Դրա հետ նաև հավելվածները:
Չար լինելով ես՝ ինչպե՞ս չարերից ազատվել մաղթեմ,
Իրենց հույսն Աստուծո վրա դրածներին ձայնակցելով,
Թե՝ «Պահիր ինձ, Տեր, մեղավոր և չար մարդու ձեռքերից»:
Ինչպե՞ս վեր կենամ՝ փառավորյալի հետ աղոթելու Աստծուն,
Թե՝ «Դու ես իմ հույսն ու բաժինը կենդանյաց երկրում»:
Ինչպե՞ս, իբրև թե ճգնավորի հետ մրցման դուրս եկած,
Հաղթանակի մրցանակը թագավորիդ մատուցելով,
Այս աննմանակ աղոթքն անեմ ես աղերսագին.-

«Արդարներդ պիտի սպասեն, մինչև դու հատուցես ինձ»:

Գ

Բարեբանյալ է նաև հոգևոր այս միտքը, Որով ամեն ինչ արհամարհելով, Արարածների սկզբնապատճառին է ընտրում
միայն ասելով՝ «Երանի՛ այն ժողովրդին, որի տերը իր Աստվածն է».
Եվ այս նման է Տիրոջ վարմունքին, որով նա փորձչին հանդիմանեց նրա անպատկառության համար:
Մեծ է նաև այն շնորհը երանությամբ լի համարձակությունն այն երկյուղած,
Թե՝ «Քո սուրբերը պիտի օրհնեն քեզ»:
Ըղձալի է նաև հոգևոր հաղորդության ընտանությունն այն մտերիմ,
Որով մարդ իր հույսը դնում է միայն Աստուծո վրա
Եվ նրա մեջ էլ մնում հաստատուն սաղմոսի խոսքերով քաջալերական,
Թե՝ «Տերը կատարում է իր երկյուղածների կամքը»,
Եվ ապա թե՝ «Տերը պահում է բոլոր նրանց, ովքեր սիրում են նրան,
Եվ ջնջում բոլոր մեղավորներին»:
Պատգամներ տխուր և ուրախական Սաղմոսարանի վերջին գլուխների մեջ,
Որոնք ցույց են տալիս արդարների ու մեղավորների վերջին հատուցման օրինակները:
Իմաստով միմյանց հաղորդակից են և ա՛յն երգվածները,
Թե՝ «Տերն հեզերին իր մոտ կընդունի
Եվ մինչև գետին կխոնարհեցնի ամբարտավաններին»:–
Ուրեմն որքա՜ն եղկություններ կան իմ առաջ:
Իսկ եթե՝ «Տերը սիրում է իր սուրբ ժողովրդին Եվ հեզերին բարձրացնում է փրկելով նրանց»,–

Հապա ես զուրկս արժանիքներից՝ ի՞նչ հույսով
ամրանամ:
Իսկ եթե Աստված սրբերից է օրհնվում իսկապես,
Հապա ես օտարս մաքրությունից՝ որո՞նց կարգը դասվեմ:
Իսկ եթե սրանց մոտ դնեմ իբրև հանդիմանության հիշատակարան,
Կանխերգածներից այս տողը, թե՝ «Սիրեցեք Տիրոջը, ո՜վ նրա սուրբեր,
Զի ուղղություն է ուզում նա և կրկնակի կպատժի գոռոզներին»,–
Հապա ո՞ր գնդում պիտի լինեմ ես,
Գերիս գրավված՝ գաղտնի մեղքերի գյուտարար չարին:
Քանզի, ինչպես որ կտատանվեն տագնապով տերևները եղևնու դալար տունկերի
Ու շարժվելով ուժգին հողմերից՝ կթափվեն գետին,–
Այդպես էլ ջանաց ջարդել չար ոգին իմ վարք ու բարքի
Բարեբեր ճյուղերն՝ ի վեր բարձրացած,
Եվ որոնք անեղ մշակիդ ձեռքով էին հորինված, Կրկի՛ն ու կրկին արմատացնելով հաստատի՛ր
ամուր Նո՛ր անապական պտղավորությամբ զարդարելով այն Քո խնամատար կամքին հանձնված՝ կյանքի
անդաստանում, Ամենապարգև թագավոր Քրիստոս, օրհնյա՛լ հավիտյան. ամեն:

Բան ԿԲ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Բայց արդ, ես ինչո՞ւ վերոհիշյալ կանխագուշակող սաղմոսի վրա
Մարգարեներից ուրիշ հատվածներ էլ չավելացնեմ:
Սակայն ի՞նչ ճաշակ ստանամ պիտի այն կերակուրից,
Որն ուտելու եմ ցավերիս մեջ անզգայացած. Եվ կամ ի՞նչ օգուտ կտա սաղմոսն ինձ, եթե
չըմբռնեմ իմաստը նրա:
Զի նզովում եմ ինքս ինձ նրանով՝ ու չեմ հասկանում,
Լվացվում եմ՝ ու չեմ պայծառանում, Ծագում է արևն՝ ու չեմ լուսավորվում, Մեղր եմ ճաշակում՝ ու չեմ քաղցրանում, Դեղերով լցվում եմ՝ ու չեմ բժշկվում, Դիմում եմ նույնին՝ ու դատարկ դուրս գալիս, Ծաղրվում եմ միշտ՝ ու չեմ խրատվում, Հորդորվում նույնպես՝ ու չեմ զգաստանում:

Բ

Արդարև՝ իմ մեջ են մեղքերն ու անօրենությունները,
Եվ ես նրանց մեջ մաշվում եմ,
Ինչպես որ մարգարեն է ասում ի դեմս հանցապարտների,
Մեկնաբանելով առակն հին տիկերի և նոր գինու165Մատթ. Թ. 17:
Զի եթե, ինչպես Եսային է ասում՝
«Անօրեններն ու մեղավորները միասին պիտի սատակեն»,
Ապա և ինձ դժնիիս համար էլ նույնն է վիճակված:
Քանզի հիշում եմ սաղմոսի այն խոսքը, թե՝ «Կհատուցի նրանց, որոնք ավելի են գոռոզանում»:
Մյուս ընթերցվածն էլ կցում եմ սրան.-

«Տիրոջ օրն հպարտ և ամբարտավան մարդկանց
վրա է»166Եսայի Բ. 12, Ինչպես և՝ «Մեղավորներն իրենց մոր արգանդում իսկ օտարացան».
Եվ նմանիմաստ տողերն ըստ կարգի:
Կցում եմ սրան, թե՝ «Անօրենները երկրի պիտի կործանվեն»,
Եվ՝ «Ամբարիշտն երկրից պիտի վերանա», Եվ՝ «Պիտի մերժվեն անիրավները»:
Ողբացեք վրաս այս խոսքի համար,
Թե՝ «Ինչպես եղեգը կվառվի կրակների մեջ, Այնպես էլ մեղավորները այրվեն պիտի բոցերում բորբոք»:
Լացեք սաղմոսի այս խոսքի համար,–
«Կրակի կայծեր պիտի թափես դու նրանց վրա»:
Ողբեր կարդացեք դուք աստվածային այն վճռի
համար, Որ մարգարեի բերանով է զարդարված.–
«Եթե չկամենաք լսել ինձ, սուրը ձեզ պիտի ուտի»:
Կոծեցեք այն սաղմոսի առթիվ, Թե՝ «Մահը պիտի հովվի նրանց»:
Աղի արցունքներ խառնեցեք դուք իմ հեծություններին հառաչանքներով,
Երբ բարձրյալն ինքը՝ Իսրայելի հետ՝ սաղմոսի խոսքով նաև ինձ ասի.–
«Իմ ժողովուրդը ձայնս չլսեց»:
Ավաղ ասացեք դուք ինձ թշվառիս, երբ նույնն
էկրկնում մի այլ մարգարե.-

«Վա՜յ նրանց, զի հեռացան ինձնից»:
Տխրամած սրտով նոր աղաղակի փող հնչեցրեք
դուք, Երբ Աստուծո տեսանողը, ամաչեցնելով ինձ,
Կշտամբի սաստիկ Հակոբի տոհմի հետ ապերասան,
Թե՝ «Տեսեք, ո՜վ արհամարհոտներ, զարմացե՛ք և ջնջվեցե՛ք»:

Գ

Բայց դու, որիդ երեսից փախել եմ սարսափահար, հետ տար ինձանից
Եվ պատյան դիր ահավորիդ բարկության վրաս բարձրացած սուրն սպառնալից,
Եվ քո բարեբաշխ, խնամոտ աջովդ ինձ հասնելով,
Կյանքի օծումը պարգևիր ինձ՝ քեզ աղաչողիս:
Եվ քեզ փառք բարձր երկնայիններից և երկրային բոլոր մահկանացուներից, Սահմանների մեջ բոլոր ազգերի, հավիտյանս. ամեն:

Բան ԿԳ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Բարերար և բազմագութ, մարդասեր և երկայնամիտ միակ թագավոր,
Հորըդ հետ պատվված և օրհնաբանված Տե՛ր ամենայնի,
Որդի՛դ կենդանի Աստուծո,
Դու, որ ինձ երբեք կորչելու տեղիք չես տալիս, Եվ ամենևին չես փորձվում չարից.
Ու մեղավորի մահն իսկ չես ուզում,
Եվ կամքդ փրկություն է բերում բոլորին, Մեղքի մրրիկը քավության մեղմաշունչ զեփյուռի ես փոխում դու Եվ բարկության հուրը փոխարկում անձրևի:
Դու, որ քո բարի հրամանին չանսացող կնոջն հետ դարձրիր իր ընթացքից,
Նույն արձանի մեջ կերպավորելով զույգ գոյացությամբ երկու բնություն,–
Ո՛չ անմեղների և ո՛չ էլ իսպառ պատժվածների կարգը իրապես դասելով նրան:
Դու, որ ծովի լույծ ջրերն հորձանուտ՝ քարակույտի պես իրար վրա դիզեցիր բարդ - բարդ167Ելից ԺԵ. 8
Եվ անապատի կարծրանյութ վեմն իբրև հոսող վտակ բխեցրիր168Ելից ԺԷ. 6:
Դու, Հորդանանի սրընթաց վայրէջքը կանգնեցրիր հրաշապես,
Դարձնելով այն որպես լվացումի ավազան հեթանոսների հետնորդների համար:
Երիքովի պարիսպը պնդակուռ –
Սատանայի բռնության կործանման որպես օրինակ –
Թեթև հարդի պես օդ ցնդեցրիր դու,
Եվ այդ քաղաքի ջուրը վնասակար, այլաբանորեն,
Որպես օրինակ քանանացոց փրկությանը, դեպի բարին փոխվելուն՝
Դու խորհրդավոր աղով համեմելով՝ անուշացրիր:
Մեռայի դառնությունը-նշանակ անհավատության՝
Դու կենաց փայտով պիտանի դարձրիր, քաղցրացրիր քեզ պես միացնելով քեզ հետ:
Գետից առնված ջուրն ինչպես արյուն մակարդեցիր դու ցամաքի վրա,–
Իբրև նշանակ անհուն հաճությանդ, որի համաձայն,
Անփոփոխ պիտի գունավորվեր նոր երանգով բոսորային170Ելից Դ. 9:
Անկենդան գավազանին անթույն վիշապի նմանություն ու տիպ տվեցիր,
Ի պատկերացումն քո ըստ մեզ ձևակերպմանն ու ընտրությանն օտար ազգերի:
Մովսեսի երջանիկ աջը պահպանելով անեղծ ու անփոփոխ՝
Ցույց տվիր դու մեզ նախապես ապագայի հրաշքներդ, բարձրյա՛լ,
Որոնք մարդեղությանդ ընթացքին պիտի կատարեիր,
Եվ ապա, քեզանով՝ ախտավոր մարմնիս մաքրագործվելը գուշակեցիր:
Եվ դու այս բոլորով, ահա՛, ամենուրեք,
Մեղավորներին կորստյան ենթակա, բարեխնամորեն,
Սիրույդ հրաշքով կատարվող անակնկալ գյուտը գուշակեցիր,
Օրհնյա՜լդ ամենագութ:

Բ

Ծլեցնում ես դու երկրից կանաչ խոտ ու կյանքի կոչում անշունչ մեռյալին,
Անշարժին կառավարում ես որպես ընթացող,
Անարգ արգանդից դուրս ես կոչում քեզ պատկերակիցներ,
Պատանիներին սեղանատամներ տալիս ըմբոշխնող
Եվ նրանց մաքուր այտերի վրա մազ ես աճեցնում,
Եվ սևասաղարթ վարսերը ձյան պես զարմանագործում,
Ցույց տալով, թե քո կարողությունը անցնում է ամեն սահմանից, հզո՜ր,
Շրթունքների բնազդական թոթովանքները, ինչպես Հոբն է ասում,
Փոխարկում ես դու հարազատ ու պարզ արտաբերության,
Սասանում ես դու երկրին ու նրա սյուները՝ հիմքից,
Ցույց տալով թե, դո՛ւ կմնաս միայն անկորնչելի:
Դու թավալում ես տարերքը, որպես անցավոր իրեր
Եվ դարձյալ նույն տեղ հաստատում դրանք որպես մնայուն.
Այսպես՝ հայտնելով, թե կարող ես դու նույն այդ դյուրությամբ
Կապել մեր բազում մեղքերը և կամ արձակել:
Անզգա էությունն արուսյակի սանձահարում
ես կարծես թե երասանով,
Այդպես՝ ցույց տալով, թե մեր բնության հակումները չար
Կարող ես դյուրավ դու հանդարտեցնել, երբ էլ կամենաս:
Անբարբառ լուսնի բոլորակը դու մերթ ունայն ես անում և մերթ պատարուն,
Ապացուցելով, որպես ավետիս, այդ տեսնողներիս,
Թե բարիքներից նվաղած մեր մեղապարտ մարմինները
Դու նախաստեղծ հարստությամբ կամբողջացնես դարձյալ:
Անխոս աստղերի բազմությունը դու իբրև փոքրաթիվ հոտերի խմբեր,
Բաժանում ես իրարից և հավաքում դարձյալ, Ի խորհուրդ կենաց հաստատուն հույսի, ո՜վ
քաղցրահայաց տեսություն, Թե դու չաղաչող լեզուններին էլ կարող ես լրիվ
նույնպես ողորմել:
Ծովում, դու կյանքի ու մահվան միջև ճամփա ես բացում ուղիղ ապահով,
Այդպիսով հաստատ հավաստիացնելով, թե վտանգավոր վայրում էլ նույնպես
Կարող ենք լինել անգայթակղելի՝ քեզնով պաշտպանված:
Ինչպես կաթսայում կրակի վրա եռացող ջուրը, Այդպես՝ մեղքերի պղտոր մրրիկն էլ քո կամքի
խոսքով կդադարեցնես:
Նայում ես երկրին ու շարժում ես այն,
Որպեսզի անբան այդ զանգվածով զգաստացնես մեզ՝ մտավորներիս:
Ալիքների վրա տատանվող փոքրիկ մակույկի նման
Դղրդում ես դու հողազանգվածի թանձրությունն անբավ,
Որով բովանդակ արարածներին ծանուցանում ես, թե կաս աներկբա,
Եվ որ քո զորեղ խոսքով ես հիմնել տիեզերքն համայն:
Սերմանում ես դու մեր անշնչացած մարմիններն հողում,
Եվ այնտեղ նրանց անկորուստ պահելով՝ կենդանացնում կրկին,
Ապականելին հողին պահ տալով անեղծն ստանում,
Դու մահկանացու նյութի հետ կենաց նշխարդ ես խառնում:
Դու քո ակնարկող մի հրամանով ստեղծվածներին ողջ անկերպարան
Փոքր-ինչ վայրկյանում ձևակերպեցիր ամեն մեկն իր պես:
Քոնն են զորությունն ու կարողությունը,
Զի դու օրերի հոլովումներով շրջանակում ես տարվա եղանակները,
Յուրաքանչյուրն իր ժամանակին, բազմապիսի գեղեցկությամբ՝ մեր տեսողության համար:
Անմռունչներին ձայն ես տալիս դու իբրև կենդանու.
Ներշնչում միայն, ու քայլում են նրանք.
Դո՛ւ ես լոկ հինում հնարագիտության անճառ արվեստով մեգն ու առավոտը:
Առաջնաստեղծ գոյացության նախակարգ հորինվածքից հետո,
Ըստ երանելի մի գրվածքի կանխահիաց զարմացման,–
Երբ դու մարդացար, կատարեցիր մեծամեծ փառավոր հրաշագործություններ,–
Որոնց թիվ չկա, ստեղծելով նոր ու նվիրական Մի ուրիշ աշխարհ ավելի անեղծ, քան առաջինը:

Գ

Դու, որ մեր հանցանքը քոնը համարեցիր և արդարությունդ շնորհեցիր մեզ,
Որ մեր հաշտության փրկանակն ինքդ քեզ վրա առար,
Որ դու չես դադարում ողորմելուց,–
Դարձրո՛ւ ամբարշտիս երկյուղածությանը բարեպաշտի,
Թմրածիս՝ զգաստացուցիչ արթնությանը սրտի, Անմաքուրիս՝ պայծառ ու մաքուր կերպարանքի, Բազմամեղիս՝ անբծությանն համեստ սուրբ
պատկերի, Կոտրվածիս՝ առողջության անխորտակելի,
Լացածիս՝ զվարթ ուրախությանն անտխրելի,
Հուսահատվածիս՝ միացնող սիրո անլուծելի, Ամոթահարիս՝ հաստատուն վստահության
անշարժելի, Խավարածիս՝ երանության լույսին անմեկնելի,
Մահվան գերուս՝ կյանքին անապականելի. Որպեսզի խոստովանված անունդ, Հիսուս, Փառավորվի Հոր և Սուրբ Հոգուդ հետ՝ Երկնքում և երկրի վրա և նրանց բոլոր բնակիչներից.
Հավիտյանս հավիտենից. ամեն:

Բան ԿԴ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Արդ, ամեն ինչում բացարձակապես ուղիղ ես, Աստվա՛ծ,
Իրավունքով դատում ես և արդարությամբ կշռում,
Ճշմարտությամբ չափում ես և օրհնությամբ հետևում,
Ընթանում ես ուղիղ և ստուգություն ես սիրում, Հստակություն ես կամենում դու և լուսավորություն համբուրում, Փորձելով հանդիմանում ես, երկայնամտությամբ քննում:
Չունես նենգություն և ոչ էլ գոռոզություն, Այլ հեզություն համակ, հանդարտություն և
ողորմություն:

Բ

Արդարացար, ո՜վ անայլայլ, վերին իմաստություն հանճարեղ քո Հոր,
Ինչպես որ անզիղջ գովեստով վկայեցին շնորհովդ քեզ որդեգրվածները,
Քո՝ մեզ պարգեած Ավետարանի այն սուրբ խոսքի համաձայն, թե՝
«Չողբացի ես, երբ կոծեցին, ոչ էլ կաքավեցի, երբ փող հնչեցրին»171Մատթ. ԺԱ. 16-17:
Մի՛ անօրինիր, ասացիր անօրենիս,
Բայց ես ամրացա նույն չարությունների մեջ. Մի բարձրացնիր եղջյուրդ դեպի վեր, մեղավորիս ասացիր, Եվ ես քեզ հակառակ գործեցի.
Չզգացի խոտորյալս երբեք, թե քո ձեռքումն են Բարձրամիտ հպարտների եղջյուրներն արքայական Խոնարհեցնել կամ բարձրացնել, ըստ Ամբակումի, Դավթի և Զաքարիայի.
Դու ինձ օրհնություն կամեցար, ողորմա՛ծ, Իսկ ես անիծյալս՝ մեծ տարագրությամբ խոտորվեցի դեպի ինձ արժանին:
Սիրեցի բարկություն և ո՛չ բարություն. Շոշափեցի խավարն ու ոչ թե լույսը.
Կենդանի ձայնիդ, գթա՜ծ, անզգամորեն պատասխանեցի.
«Որդն անմահ է» և «Կրակն անշեջ»172Եսայի ԿԶ. 24,
Կշտամբանքն անվերջ, տեղը հավերժական, և օրինակը սոսկալի է, - ասացիր խոսքով Եսայու,
Եվ ես չիմացա, ըստ սաղմոսողի, ու չըմբռնեցի, Այլ ընթացա մտավոր մռայլ կուրության մեջ:
Դու մարգարեի խոսքով ցույց տվիր, Թե՝ օրհնություն կստանա նա, ով օրենք է դնում, Եվ ես փութացի այդ համառոտել:
Դավթին իր խոսքերով, Տե՜ր Հիսուս Քրիստոս, Հոգևոր վեմի վրա քո մատով արձանագրված՝ Կանգնեցիր որպես հիշատակարան, ինչպես որ
նաև ինքն է վկայում, Թե՝ «Ես պահեցի քո օրենքները ամեն ժամանակ, հավիտյան».
Այդ միևնույնը հաստատում է նա երկրորդ անգամ՝
Վերջին բառի անդրադարձությամբ «Եվ հավիտյանս հավիտենից».
Որոնց հետ և այլ պանծալի խոսքեր խրախուսեցին ինձ,
Բայց ես անզգա՝ աճապարեցի տոնին Բահաղու և ո՛չ Աստուծո,
Եվ երկմտությամբ զույգ ճամփաների վրա կաղացի,
Ձեռք վերցնելով բարի գործերից, ինչպես ծաղրելով ասում է Եղիան:
Ունեմ Մովսեսին իր օրենքներով՝ մեռելների աշխարհից եկած,
Նաև գրքերը մարգարեների՝ հոգուս մեջ գրված, Եվ մատյանները առաքյալների, շարված իմ
մտքի մատների վրա,
Եվ Տիրոջդ՝ բոլորովին հավասարապես՝ ավետյաց կտակով173Ավետարանով,
Թաղվելուց հետ հարություն առած՝ անթիվ-ան- համար ննջեցյալներով:
Բայց ես ավելի՛ անհավատ, քան այն մեծատան եղբայրները հինգ174Ղուկ. ԺԶ. 28,
Որոնք մի տեսակ իսկապես հարմար օրինակներ են
Ողորմելի հղփացածների զգայարանքներին,-

Դարբնի սալի պես մնացի անոստ իմ անչափ
համառ քարացած սրտով. Բելիարի նման և չապաշխարեցի:

Գ

Բայց դու վերստին շնորհի՛ր քո ողորմությունը լքվածիս,
Ո՜վ բարի, ահավոր, մարդասեր, խնամակալ, Կենդանի, սուրբ, լուսավոր և անվախճան թագավոր, Պանծալի խաչիդ խորհրդի ազդելով
Հիմար երիկամներիս և հուսալքված անպտուղ սրտիս
Մեղքերով կորդացած անբերրի անդաստանիս վրա,
Որպեսզի հզոր ամենակալիդ գթառատ կամքի օժանդակությամբ
Որոտա հոգիս, և վշտագնածիս աչքերից հորդեն, Վազեն ոռոգող արտասուքների վարար վտակներ, Եվ ինձ մեղքերից մաքրելով՝ փրկեն,
Քեզ մոտ հաճելի և ընդունելի լինելու համար, Ամենապարգև Տե՜րդ բոլորի, փառավորյալդ հավիտյան. ամեն:

Բան ԿԵ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ, ես նախնիս ամբարիշտների, Գլխավորս մեղավորների, պետս անիրավների, Առաջինս պարտավորների, պատկերս հանցավորների, Ատտիկեցիս175Ատտիկեցի կամ աթենացի հունաց համար նույնպես թե՛ ընտիր և թե՛ հոռի է նշանակում, որովհետև Ելլադայի ոստանիկ գավառի բնակիչները որքան անվանի էին իմաստությամբ և գիտությամբ, նույնքան էլ անառակ և անպարկեշտ վարք ու բարքով էին հայտնի: ըստ վատթարության և ո՛չ ըստ
բարեբաստության, Անպատումներն իմ պատմեցի ահա՛, Ամոթալի արարքներս նշավակեցի, Գաղտնիքներն հրապարակեցի, Ծածուկներն հայտնեցի, Թաքցրածներն ի ցույց հանեցի, Ամփոփվածներն տարածեցի, Դառնության մաղձը ժայթքեցի, Գործակցությունս չարին՝ մատնեցի,
Վերքիս թարախն ամբարված՝ քամեցի, Մեղքերիս խորությունը ծանուցեցի, Կեղծիքների ծածկույթը մի կողմ քաշեցի Տգեղության քողը վերցրի, Ամոթանքի զգեստը մերկացրի, Գարշելիներն ի հայտ հանեցի, Մրուրը մահվան փսխեցի,
Պալարներն հոգուս խոցերի քահանայապետ Քրիստոսիդ բացի:
Անձս անխնա չարչարեցի,
Մարմնիս նկատմամբ սեր ցույց չտվի, Հին արմատներն ի տես հանեցի, Բնությանս կարիքներին չընդառաջեցի, Միաբանության կապը նրանց հետ խզեցի, Սրտիս դղյակը քանդեցի, Որսացված կամքիս հետ, իբրև մահվան դարանակալի հետ, կռվեցի, Պահուստն անհայտ իմ մեղքերի արտաքս հանեցի:
Մթերված ախտերի գանձը մեծիդ առջև դրեցի, Դատախազին դատավորի հանդեպ կանգնեցրի, Ապառնիների փորձն այժմից առա, Կործանողի հետ դաշինքն իմ բեկանեցի, Խաբեբայի հետ ուխտս խափանեցի, Մարտի հաղթական ավարտը, Հիսուս, քե՜զ
վստահեցի, Ռազմիկ գնդերը շարժման մեջ դրի,
Հարձակումներին դիմադրելու հույսն Աստուծո խոսքի վրա հիմնեցի,
Խավարասերների փաղանգը լուսեղենների զենքին մատնեցի:

Բ

Եվ արդ, ամենայն արարածների ստեղծիչ Քրիստոս,
Որդիդ բարձրյալ Աստուծո,
Մի՛ մեղադրիր ինձ՝ դատելով խստիվ մեծ օրն հատուցման,
Ինձ որ ա՛յժմ արդեն պարսավված եմ խիստ խոսքերով այսպես
Եվ ստացել եմ գանակոծության այսքա՜ն հարվածներ:
Ուրեմն, հզո՜ր, անքնին, անճառ. բարերար թագավոր անմահ.
Այսպիսի ամոթալից ինքնապարսավ խոնարհությանս համար,
Որով ինքըս ինձ անողոք կերպով դատափետեցի,–
Նվագներով այս մատյանի,
Ծածկի՛ր սատանայի դեմքն ամոթի անարգանքով
Եվ խաչիդ նշանով զորացրո՛ւ երեսն ամոթահարիս:
Լուսեղեն կնիքդ տեսքիս գեղեցկությանը թող միանա,
Նշանդ ամրության թող որ դրոշմվի իմ կերպարանքին,
Թող կենաց փայտիդ ձևը պատկերվի այտերիս վրա,
Արվեստն հրաշքներիդ որպես շուք թող որ տպվի ճակատիս,
Թո՛ղ չաղավաղվի քո լուսապաճույճ դրոշմն ինձ վրա,
Աչքիս բիբերից թող չվերցվի ճաճանչդ օրհնության,
Չհեռացվի գլխիցս քո վստահության առհավատչյան,
Տյառնագրությանդ փառքը բերանիս ամուր սեմերիցն թո՛ղ չսասանվի,
Երկրպագելի պահպանակդ թող միանա սրտիս զգայարանքին,
Գոյակցությանս չորս նյութերի մեջ քառաթևիդ լո՜ւյսը թող թափանցի,
Փրկչիդ իշխանությունն օժանդակի թող կարկառվող ձեռքիս,
Մատուցման համար ստեղծված մատներիս Համարձակության խորհրդարանդ թո՛ղ բարեգործե:
Աշխարհից մեկնելիս՝ սրբությունդ ինձնից թող չհեռանա,
Երբ պատանեն պարտապանիս՝ պատիվս թող չպակասի,
Փրկությունդ անդավաճան թող չլքի հոգիս,
Ու չջնջվեն քոնը համարվող շնչիցս գրերն կենդանատուիդ,
Զորեղ արյունիդ նկարը թող չեղծվի խորանից իմ աստվածատիպ,
Եվ բնակվի ինձ հետ գերեզմանիս մեջ:
Թշվառ մարմնիս մաշվելուց հետո շնորհիդ օծումն ինձ մոտ թող պահվի,
Որ նորոգության օրը նրանով ես ներկայանամ փառաց փեսայիդ,
Ճանաչվեմ թող ես այդ նշաններովդ ու վաստակներովդ պճնվեմ,
Ու մեծագույնիդ երախտիքներով գնահատվե՛մ թող,
Եվ ողորմությամբդ քավված՝ ավազանի զգեստով պերճանա՜մ,
Տո՛ւր ինձ, բարեգութ, վերարկուդ անապական, Որ տառապում եմ մարմնիս մեղքերով:
Թող որ քոնոնց դեմ չելնի՛ բանսարկուն, Հոգիս հնացնողը թո՛ղ ոչնչանա, Խավարաբնակների խաբկանքները թող հանդես
չգան, Թող քո անունով օրհնվի, գթա՛ծ, վիհն իմ
հանգստյան, Թող ողորմությամբդ լցվի լիուլի գուբն իմ
գերության, Թող որ քեզանով ընդարձակվի տեղն իմ թշվառության, Թող խաղաղ լինի, խնամո՛ղ, ինձ համար բանտը
բարկության,
Թող արգանդը մութ՝ սնի իր մեջ հանուն հարության,
Հույսովդ թող ինձ իր մեջ ամփոփի տունը անձկության,
Թող ես քո ձեռքով պահվեմ խշտյակում այդ տարտամության,
Թող որ ընդունվեմ ես քո թևերով տագնապի տան մեջ,
Եղի՛ր դու, գովյա՜լ, ինձ հետ վտանգով լեցուն սենյակում,
Ավա՜ղ ինձ այստեղ բյուր-հազար անգամ, Զի երբեմն վերնային էի և այժմ անդնդային, Տոնելի երբեմն և այժմ եղկելի:

Գ

Բայց և դու դարձյալ օրհնված ես բոլոր արարածներից՝
Երկնայիններից, երկրայիններից և մեռելներից սանդարամետի,
Անպարտականդ այս տարագրության:
Ե՛ս վրիպեցի, ե՛ս օտարացա, ե՛ս հիմարացա, Ե՛ս պարտվեցի և դարձա խոտան:
Ե՛ս վհատվեցի, ե՛ս կարկամեցի և կործանվեցի. Ե՛ս մոլորվեցի, ե՛ս մատնվեցի, ե՛ս մերժվեցի. Ե՛ս խորթացա, գերվեցի և գայթակղվեցի.
Ե՛ս նզովվեցի, ե՛ս թշվառացա, հարբեցի և վատթարացա,
Ե՛ս ընկղմվեցի, ե՛ս խաբվեցի, ե՛ս անօրենացա.
Ե՛ս ապականվեցի, մահացա և իսպառ եղծվեցի:
Այս բոլորի մեջ դու չարության մատ չունես, Մնում ես դու միշտ միա՜յն ու միայն անփոփոխ
բարի:
Երբ կամքդ ինձ հետ է՝ խավարը ճառագայթ է ինձ համար.
Հույսիդ ճրագն երբ կա, գիշերն արշալույս է. Հաղորդվելով մարմնիդ՝ կասկածների ամոթանքից զերծ կլինեմ.
Իսկ ես ինքս ինձ կենդանի չեմ համարում, հիշելով վախճանն անխուսափելի,
Եվ ոչ էլ կորած եմ կարծում ես ինձ,
Քանզի անկասկած հավատում եմ ես նորոգման հրաշքին:
Կյանքիդ դուռն առջևս համարում եմ փակ՝ իմ անքավելի մեղքերի համար,
Բայց ես տեսնում եմ միաժամանակ դրախտն իմ առջև բաց,
Որ ավետում է փրկությունդ ինձ:
Քանզի ո՛չ այնքան վհատության գույժն է տագնապեցնում,
Որքան փրկության համար կարկառած ձեռքդ է խրախույս քաջալերական:
Ուստի, տո՛ւր դու, Տե՜ր, տո՛ւր ողորմություն Գոհաբանություն կարդացող բոլոր բանականներին, Օրհնյա՜լ հավիտյան. ամեն:

Բան ԿԶ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Արդ, ով որ առնի այս համեստ մատյանի մաղթանքների սպեղանին,
Նրանով աղոթելու համար, եթե այդպիսին մեղավոր է մի՝
Ե՛ս էլ թող նրան մասնակից լինեմ իմ այս խոսքերով.
Իսկ եթե երբեք լինի ոմն արդար այր աղոթարկու,
Ես էլ նրա հետ թող այս մատյանով գտնեմ գթություն:
Եվ ապա, եթե այդպիսին իրեն զգա երջանիկ, ինձ համարելով միայն եղկելի,
Այդ նույնը նաև հաստատում եմ ե՛ս,
Բայց նա էլ հիշի թող Սողոմոնին և այս հոգեշունչ խոսքերը նրա,–
«Ո՜վ վստահորեն կարող է ասել, թե ունի սուրբ սիրտ,
Եվ կամ պարծենալ, թե մաքուր է մեղքերից». Եվ թե՝ «Չի եղել երկրածին մի մարդ՝ զերծ իրեն
համար պատասխան տալուց».
Ինչպես և ոչ ոք՝ հաղթող համարված՝ ինքնարշավ վազքով,
Եթե մինչև իսկ ունենա թևեր նա բարձրաթռիչ176Ժող. Թ. 11:
Ուստի նաև նա՛ թող զգուշանա, երկյուղ կրելով, Որ հաստատ վեմի վրա է նույնիսկ, Պողոսից ուսած.
Որպեսզի միգուցե գետին ընկնելով՝
Նմանվի այս իրավադատ կանոնը սահմանողին:
Այլ նույնիսկ և նա՛, որ մաքուր է, թող այս
կշտամբանքը դաս անի իրեն, Չիջնելու համար անխոհեմ կերպով իր բարձրությունից.
Իսկ պատժապարտն էլ թող ընդունի այն՝ առիթ ազատության:
Որով հոգևոր մահվան կործանումից վեր բարձրանալով՝ ապրի լիահույս:
Իսկ ինձ համար այս պատգամները թող լինեն փորագրված արձանագրություն հավերժ անեղծանելի,
Որ իմ եղկելի և մահկանացու անձի փոխարեն՝ Հեծության, լացի անդադար հնչմամբ, առանց
լռելու միշտ աղաղակի:
Եվ թող որ լինի, որ բեկբեկված ոսկորներս հողապատյան շիրմի ծածկույթի տակ
Անմռունչ ձայնով՝ խոստովանական այս աղոթքներս եղանակեն.
Ինչպես և հողում լուծված մարմինս անլուր բարբառով
Այս պաղատանքներս թող որ առաքի քեզ՝ ծածկատեսիդ:

Բ

Տե՜ր գթությանց, աղբյուր ողորմությանց պարգևաբաշխ բարի,
Որդիդ բարձրյալի Տե՛ր Հիսուս Քրիստոս, Ողորմի՛ր, խնայիր, մարդասիրիր, Նայիր վշտերիս և տե՛ս սրտաբեկությունս, Խոնարհվի՛ր թշվառությանս վրա,
Տե՛ս տարակուսական տագնապս անձեռնհաս, Կարեկից եղիր ի կորուստ տանող ցավերիս մեջ
ինձ, Շոշափի՛ր բժշկապես վերքերն իմ թշվառագույն,
Ականջ177Մատթ. ԻԶ. 39 դիր քաղցրությամբ ողորմագին հեծեծանքներիս,
Լսի՛ր գերեզմանի խորունկ անդունդից հնչող անմռունչ հառաչանքներս,
Թող քո ամենալուր ականջներից ներս մտնի Հյուծված անդամներիս ձայնը պաղատագին:
Եվ քանզի անապական է կենդանությանս գրավական հոգին, Ուստի թող անփոփոխ լինի սիրույդ գթությունը նաև,
Կցորդ եղիր դու հեզությամբ՝ տկարությանն իմ տաժանելի:
Մեռյալ պատկերիս դեմ ոխ մի՛ պահիր, Անշունչ կերպարանքիս հետ մի՛ մտնի դատաքննության, Մահով տանջվածիս դու նոր հարվածներ մի՛
ավելացնի, Կոտրված խեցեղեն անոթիս հետ մի՛ մարտնչիր
ուժգնությամբ, Վճռով խոշտանգվածիս վրա մի՛ բարկանա
կրկին, Կործանված շինվածքիս մի՛ տար նոր պատուհաս, Սպանված շանս վրա քարեր մի՛ արձակիր,
Ջախջախված լվիս վրա մի՛ որոտա սաստկապես,
Անարգ հողիս դեմ իբր անբարհավաճի՝ մի՛ մռնչա ուժգին,
Մոխրիս մերժել մի՛ կանչիր դատաստանի քննության,
Ցնդելի փոշուս մի՛ համարիր դու քեզ ընդդիմամարտ,
Տիղմս տաղտկալի մի՛ կարծիր դու քեզ որպես ոսոխ,
Գարշությանս անգոսնելի մի՛ վանիր իբրև բռնամարտիկի,
Դուրս շպրտվելիք կոճղիս մի՛ պահիր գեհենի համար որպես վառելիք,
Այսքան խոսքերով բազմաթիվ անգամ կշտամբվածիս
Դու էլ վերստին մի՛ հանդիմանիր:

Գ

Սրանք են ահա՛ այն սրտաբեկիչ ու հոգնաթախիծ աղաչանքները,
Որոնք իմ թշվառ ու խավարարգել շիրմից պիտ հնչեն.
Եվ թող քո օրհնյալ խոսքը հաստատի, թե աղոթողիս սրտի համաձայն
Պիտի մնամ ես անայլայլելի:
Քանզի հիմա էլ, մինչդեռ խոսում եմ դեռևս կենդանի՝
Մեռած եմ արդեն անհասիդ համար. Ինչպես և մահվամբ կորչելիս անգամ Անեղծ կմնամ ես իմ հավատքով, ըստ հրամանի
ամենազորիդ:
Արդ, աղաչում եմ, Տեր Հիսուս Քրիստոս, ողորմությամբ նայիր դու ինձ
Եվ մի՛ թողնի, որ բնակակից լինեմ Բելիարին:
Թշվառիս թաղման ժամանակ, տապանի անկենդանական թնդյունը մահազեկույց,
Որպես աղաղակ լալահառաչ՝ քեզ ինձ հետ հաշտեցնող,
Արժանացրու քո լսողությանը, միա՜կ բարեգործ,
Հոգեսեր, հզոր և մի՛շտ մարդասեր.
Եվ քո բարի հոգին թող բնակվի ինձ հետ, լույս տալով ինձ խավարի մեջ,
Թող մնան ինձ հետ քո կենարար չարչարանքների մասունքները պաշտելի,
Որպեսզի, իբրև գանձարանի ավանդ, պահելով ինձ քո մեջ, կենսանորոգեն.
Որպես զինվորական սարք անվատնելի թող պատկանեն ինձ
Ու մնան ինձ հետ իբրև մնայուն պարսաքարեր՝ հոգու հնարքների,
Չարի գնդերը հալածելու համար՝
Նրա իմ դեմ մղած մարտը թո՛ղ քեզանով վանվի, Տե՜ր,
Զի եթե նա ելնի իմ դեմ պատերազմելու, Տեսնելով քաղաքն առանց զինվորի և ազդարարող գործիքը՝ անձայն, Քե՜զ կունենամ, Տե՛ր, անքուն պահապան
մշտնջենապես:

Դ

Զի եթե շտապի չարն այժմ ևեթ, առաջ քան օրը կատարածի,
Եվ պատրաստի ինձ համար անելանելի արգելարան,
Ես տերունական աղոթքն իմ կուղղեմ նրա դեմ, որպես մահացու հարված.
Եթե կարենա ինձ գցել գետին,
Արարչին արած իմ ծնրադրությամբ նրան կխոցեմ.
Եթե հաջողի երկրի մոխրի մեջ գլորել նա ինձ, Աստուծո երեսնիվայր ընկնելը թող հալածի
նրան.
Եթե տանջալից ցավեր նյութե ինձ,
Աշխարհի փրկչի քրտինքը առատ արյամբ շաղախված՝ թող նեղի նրան.
Եթե շունչս նա պատանդ վերցնի, որպեսզի բարի ճամփով չընթանամ՝
Ամենաստեղծի կապանքը թող ինձ ազատ արձակի.
Եթե բռնադատի ինձ ուրանալու լույսի պարգևները,
Համբերությունդ՝ աստվածամարտների հայհոյության դեմ՝
Թող որ նրան էլ նրանց հետ մեկտեղ պապանձեցնի.
Եթե գաղտնապես հարված հասցնող զենքերի նետեր արձակի վրաս,
Կապարճների հոր շքեղ աղեղի խոցող սլաքը թող դիպչի նրան.
Եթե խավարած լույսի շղարշով անամոթաբար աչքիս մեջ մտնի,
Ամենակատարյալի ծածկված գլխի կռփահարումը թող տանջի նրան.
Եթե մոլեգնի ձեռքիս վստահությունը կաշկանդել178Մարկ. ԺԴ. 65,
Թող ստեղծողի ձեռքը տրված եղեգնը չարչարելով նրան լռեցնի179Մատթ. ԻԷ. 29.
Եթե անամոթ ծաղր ու ծիծաղով ինձ հետ կատակի,
Ամենազորի՝ ծաղրանք տանելը թող հեգնի նրան180Մարկ. ԺԵ. 31.
Եթե պես-պես հուռութքների բժժանքով խորամանկի,
Հզոր Աստուծո երեսին տրված ապտակը նրան ամաչեցնի թող181Հովհ. ԺԸ. 22.
Եթե գիշերվա մութը իջնելիս խաբեության խավարով կռվի լկտիաբար,
Տե՜ր, լույսիդ պայծառ ճառագայթման հետ՝ թող խայտառակվի.
Եթե հավակնի, թե կկարենա փորձությունների արեգակնակեզ
Վատնիչ խորշակի կեսօրվա տապով ինձ բոլորովին արմատից խախտել,
Թող քո լուսեղեն նշանի զորությամբ արմատախիլ՝ չորանա.
Եթե փորձի նա փչումով տրված շնորհից ինձ զրկել.
Այն թուքը, որ մեղավորիս փոխարեն քերոբեների Տերն ընդունեց,
Թող ամոթահար անի նրան.
Եթե կծոտող ժանիքներ ցույց տա ինձ,
Երկնավորի բերանի լռությունը թող նրան պապանձեցնի182Մատթ. ԻԶ. 63.
Եթե ցանկական խայթվածքներ պատճառի հոգուս,
Ամենաստեղծին զարնված բևեռները նրան կսկծեցնե՛ն թող.
Եթե անիրավ խորհուրդների ճանապարհով ինձ մոլորեցնի,
Անհասանելու ոտքի մեխերը թող նրան կապեն. Եթե հարբեցնի ինձ դժնաբարո հրապույրներով, Թող բարերարին տրված լեղիով խառնված քացախը նրան դառնացնի.
Եթե ծառի առաջին պտղի ճաշակման մեջ գտնի ինձ,
Խաչի սոսկալի խորհուրդով բռնված՝ թող իսպա՜ռ դատապարտվի.
Եթե Տիրոջ հրամանին հնազանդվելու դեմ ընդվզել սովորեցնի ինձ,
Անսահմանելու պարանոցի բերումն թող կործանի նրան.
Թե սատակամահ անելու համար հալածի նա ինձ և վիրավորի,
Ադամին ստեղծողի կողքը մխված ահագին տեգը թո՛ղ պատռի նրան.
Եթե դժոխային վշտերի երկունքներով պաշարի նա ինձ,
Ամենակալի պատանքի կտավը թող կաշկանդի նրան.
Թե խարդախությամբ փորձի ինձ մահվան հատակը ձգել,
Մահվան վեմի մեջ կենդանի Աստուծո բնակվելը թող նրան մեռցնի.
Եթե մարդկային իմ գայթակղության վրա նա խնդա,
Թող կարկամ կամքով կորանա կրկին.
Զի Աստվածն անմահ հարության փառքով՝ Բոլոր մեռելներին նորոգեց իր հետ:
Թե հազարամյա փոքր կապանքի լուծումով բերկրի,
Բայց թող որ իսկույն դողա վերստին Անվերջ-անվախճան տանջարանի մեջ սաստիկ
կաշկանդող հուսկ շղթաների անզերծ տագնապից183Հայտն. Թ. 2-3
Եթե առաջին իսկ հարվածի հետ նա դժվարանա, Մեծ դատաստանի մեծ օրը ահեղ, կորստյան
գո՜ւյժը թող տրվի նրան՝ Նրա և իր հրեշտակների համար պատրաստված
անշեջ գեհենով:

Ե

Իսկ ինձ, որ քեզ եմ ապավինել, Տե՜ր Հիսուս, Միակ թագավոր, ինքնակալ, զորեղ, Արարիչ
երկնի և երկրի, Եվ նրանց մեջ եղած բոլոր զարդերի,
Ինձ, որ աչքս քո գալստյանն եմ հառել
Եվ փրկչիդ ողորմությանն եմ սպասում հույսով,
Քո ոտքն եմ ընկնում և համբուրում եմ հետքերը գարշապարիդ,
Պարտությունս եմ խոստովանում և մեղքերս հրապարակում,
Կշտամբանքների քարերով ծեծկվում եմ և սրտիս հառաչանքներով այրվում,
Խղճիս խայթերով խոցոտվում եմ և շնչիս բոցով տոչորվում,
Այրվում եմ արցունքներիս աղի ցողով ու երիկամներիս կսկծանքով կիզվում,
Հուսակտուր հոգով ցամաքում եմ և դառնաշունչ հողմով մարում.
Թախանձանքի խոսքերով երերվում եմ և կողկողագին հեծությամբ դողում,
Տաժանելի տանջանքներով տվայտում եմ և հոգուս տագնապներով տատանվում,
Մրրիկների կոծով ծփում եմ և ալիքների բախումից սասանվում,
Ի լուր համբավի սարսում եմ և վախի հիշատակով՝ կորչում,
Ատյանի տեսարանով հալվում եմ և մեծիդ սպառնալիքներով մեռնում,–
Լսի՛ր, բազմագո՜ւթ, քավիչ, մարդասեր և երկայնամիտ,
Քաղցրություն անճառ, օր բարի և տիվ տենչալի,
Զի կարող ես դու ամեն ինչի մեջ
Ինչպես և վերջին շունչս փչելիս ինձ փրկագործել:
Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ փա՜ռք հավիտյանս. ամեն:

Բան ԿԷ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ սակայն Քրիստոս Աստուծո իրավունքի խոսքը արդարացի է հույժ իմ նկատմամբ, Քան սատանայի, որ սկզբնահայրն է չարիքների.
Քանզի հայտնվեց նա նրա համար, որպեսզի քանդի գործերը նրա,
Իսկ ինձ համար, որպեսզի իմ հնացած պատկերը նորոգի
Աստուծո կերպարանքով,
Առնելով մեր իսկ նմանությունը կատարելապես Եվ միացնելով իր բնությանը խառնվածքը մեր:
Բազում շնորհներից ոչինչ չտվեց նա սատանային, Այնինչ ինձ վրա հեղեց առատորեն.
Նրա համար երբեք չչարչարվեց,
Իսկ ինձ համար զոհվում է նա հանապազ. Սատանան անհաղորդ է կյանքին, Իսկ ես փրկություն եմ վայելում միշտ. Նա հալածված է խաչով, Իսկ ես զորացած եմ այդ նո՛ւյն նշանով.
Նա մերժված է լույսից,
Իսկ ես միացած եմ նրա փառքի հետ.
Նրան երկրի վրա անգամ հանգիստ չխոստացավ,
Իսկ ինձ երկինքը տվեց սեփականություն. Կտրեց նրա հույսի առհավատչյան, Եվ իմը հաստատեց առանց խզելու. Նրան խոզերի երամակում արգելափակեց, Եվ իմ մեջ ի՛նքը զորացավ.
Կարիճների հետ համեմատեց նրան, Եվ ինձ ճառագայթ հայտարարեց. Սողունների նմանեցրեց նրան, Եվ ինձ իր անունով կնքեց:

Բ

Իսկ ես լքեցի երախտիքն այսքան բարիքներ անող Աստուծո
Եվ չարին հետևեցի՝ նրա հետ մեկտեղ դժոխքի հատակն հայելու համար:
Ուստի անարժան եմ բարիքների ապերախտս անշնորհակալ և անընդունակ սիրո,
Մեղքի պարանով եմ ձգված՝ երիկամունքիցս խոցված խորապես.
Ճյուղակոտոր ծառ եմ արմավենու, Քացախացած գինի, հեղեղված ցորեն, Ջնջված մուրհակ, պատռված վճիռ, աղավաղված կնիք,
Ձև այլափոխված, վերարկու կիզված, կորած ըմպանակ,
Ընկղմված նավ, մանրված մարգարիտ, սուզված անգին քար,
Տունկ եմ գոսացած, նեցուկ խորտակված, փայտ իսպառ փտած,
Խամրած մանրագոր, փլատակված տուն, խարխլված խորան,
Բույս արմատախիլ, ձեթ՝ թափված աղբոտ հրապարակում,
Մոխրակույտերի վրա հոսած կաթ, Քաջերի գնդում մահապարտ եմ մի,
Զի անձն իմ ողբալի, Բաբելոնի առակի համաձայն՝ մարգարեներից ասված՝
Երուսաղեմի հետ և նրա նման հորդոր լսեց միշտ և չխրատվեց184Եսայի ԺԳ. 19:
Պատճառն ա՛յն է, որ այստեղ անգոսնված եմ, այնտեղ՝ խայտառակված,
Այստեղ պարսավված և այնտեղ կշտամբված, Այստեղ ծաղրված և այնտեղ նախատված, Այստեղ անարգված և այնտեղ հանդիմանված, Այս կողմը ապշած և այն կողմը՝ լքված, Այստեղ հեծություն, այնտեղ հառաչանք, Այստեղ կասկածներ և այնտեղ վախճան, Այստեղ վախ ու վիշտ և այնտեղ հատուցում, Այստեղ արկածներ և այնտեղ դատաստան,
Ուր ո՛չ խոսելու իրավունք կա և ո՛չ պաղատելու,
Ո՛չ օրերը թիվ ունեն և ո՛չ ժամանակը վախճան, Ո՛չ հույսի կամուրջ և ո՛չ ողորմության դուռ, Ո՛չ աջ պաշտպանող և ո՛չ օգնող ձեռք:
Սակայն ապավեն ես դու, դու ինքդ փրկություն, Դո՛ւ այցելություն, դու քավություն, դու երանություն, Դո՛ւ ես բժշկում, դու ես ողորմում, միա՜յնդ
հզոր, Կենդանի անճառ, Տեր Հիսուս Քրիստոս բարերար Աստված, Օրհնյա՜լ, օրհնյա՜լ և դարձյալ օրհնյալ,
Հավետ բարձրացած քո Սուրբ Հոգու հետ Մեծիդ իսկակից Հոր փառքի համար՝ Հավիտյանս հավիտենից. ամեն:

Բան ԿԸ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ, հիշելով ահարկությունը
վերոգրյալների,
Որոնք Աստուծո կողմից ինձ հասած սպառնալիքներ են ահագնապես
Ինչպե՞ս դադարեմ նոր ողբերգության տողեր հյուսելուց,
Եվ կամ ինչպե՞ս ցամաքեն հեղեղներն արցունքիս:
Զի եթե քառավտակ գետերի ճյուղավորումները բոլոր,
Որոնք հորդահոս ծավալվելով ոռոգում են ողջ եդեմն ու երկիր.
Լիառատ, լրիվ բավականությամբ ջուր տալով նրանց.
Իրենց ուղխերով ու ակունքներով աչքերս լցվեն, Չեն կարող երբեք զովացնել սաստիկ բոցն իմ
մեղքերի:
Կամ եթե նույնիսկ, ըստ մարգարեի ըղձականության185Երեմ. Թ. 1,
Գլուխս լցվի ջրերի առատությամբ,
Եվ տեսողությանս ճրագարանները աղբյուրներ կայլակեն՝
Չեն կարող չափել վշտերն անպատում կոտրված հոգուս.
Եվ ոչ էլ սրտով կարեվեր խոցված, եղերապատում բանահյուսությամբ
Լալկան կիների ջայլերը բոլոր՝ կարող են ցավերս
Ու աղետներս երգի վերածել և կամ նվագել ձայնով ողբական:

Բ

Ի՛մ աշխարհ գալու օրն է նզովված և ոչ թե Հոբի կամ Երեմիայի186Հոբ Գ. 3.
Զի տոնելի է նրանց ծննդյան օրը բարեբախտ և ո՛չ մերժելի,
Եվ աշխարհն ամբողջ չարժե նրանցից թեկուզ և մեկին:
Ապա ուրեմն ինձ է վերաբերում նրանց անիծած օրը,
Երբ ես՝ անարժանս լույսի և ամեն տեսակ բարիքի՝ աշխարհ եմ եկել,
Դառնալով այստեղ կորստյան որդի և մահվան դրկից,
Մշակ մեղքերի և արբանյակ անօրենությանց:
Եղո՜ւկ ինձ, զի ես չմնացի հաստատ կյանքի այն ուխտին,
Որ, ո՜վ բարերար, դո՛ւ սահմանեցիր:
Չհետևեցի քո կենդանարար և անմահացնող պատվիրաններին,
Չաշխատեցի ես արմտիք հնձել,
Որ խռովալից ձմռան օրերին ուտեստ ունենամ. Ո՛չ ամուր պատեր կառուցեցի ես և ոչ էլ ձեղուն կապեցի հարկիս, Որպեսզի մրրկաշունչ քամիներից պաշտպանվեմ.
Երկար ճանապարհի համար նշխար մի պաշար ես չամբարեցի,
Որ դարմանեի տագնապը սովի.
Աղերսագին աղոթքներ չպատրաստեցի քեզ համար,
Որոնցով քո առաջ ելնել համարձակվեի. Չհավաքեցի փրկության պաշար մաքրակյաց
վարքով, Որ նորոգությունս երաշխավորեր187Մատթ. ԻԵ. 8.
Աշխարհում հաշիվս ճիշտ չբռնեցի իմ մատնիչի հետ,
Որ դատավորի ձեռքից այժմվանից իսկ պրծնեի. Օրհնալիր ձեռքով չներկայացա, Որով սրբվելով մասնակից լինեի օրենսդրին.
Ո՛չ դեմքս պահպանեցի, ո՛չ էլ թիկունքս պատսպարեցի,
Ո՛չ աջ ձեռքս զենք առա և ո՛չ էլ ձախս՝ վահան, Որ պատերազմում մնայի անվտանգ, Զրահ չհագցրի երիվարիս, ոչ էլ մարտիկներիս
սպառազինեցի, Որ կարենայի ճակատ հարդարել.
Վաղահաս պտուղը չքաղեցի, և ուշհասուկին չժամանեցի
Եվ ահավասիկ շվարել եմ ես բարիքներից զուրկ:
Չունեմ մաքրության ծաղիկ և ոչ էլ յուղ ողորմության, Եվ գիշեր է մութ, մռայլ ու անշող.
Մահվան նիրհով եմ քնել ես,
Եվ կոչողի փողի տագնապն ստիպում է ինձ188Մատթ. ԻԵ. 5-6. Զարդը հարսանյաց մերկացրի կրկին և ձեթը
վարքի լքեցի դարձյալ189Մատթ. ԻԲ. 11, ԻԵ. 3, 10 Եվ հարսանիքի դուռն ահավասիկ փակվում է:

Գ

Եվ արդ, այսքա՜ն վշտերի մեջ ես ինչպե՞ս մխիթարվեմ,
Կամ խավարամած տարակույսներիս կենսավետ հույսին որքա՞ն լույս խառնեմ.
Եվ կամ ո՞ւր արդյոք ոտքս հաստատեմ, Ո՞ր վստահության աչքերս հառեմ,
Եվ կամ ո՞ւր տեսնեմ անդորրությունը իմ ծփանքների,
Կամ ո՞ր ըղձալի հանգստությանը ձեռք կարկառեմ:
Եթե երկնքի բարձր ձեղունին պարզեմ ձեռքս ես,
Այնտեղից տեղաց հուրը Սոդոմի, ինչպես ասված է:
Իսկ եթե երկրի խորունկ հատակին՝
Նա՛ բացեց երախն իր հափշտակիչ ու կուլ տվեց Դաթանին՝
Աբիրոնի բանակներով190Թվոց. ԺԶ 32:
Եթե հանդգնեմ փախչել բռնողից՝ Գուցե բռնի ինձ վիշապն ահագին:
Գազանների հետ եթե թափառեմ՝ Նրանք առավե՜լ շտապեն պիտի Արարչի վրեժն
ինձնից առնելու, Քան մի ժամանակ Եղիսեինը՝ Բեթելացի մատաղատի քրմորդիներից191Դ. Թագ. Բ. 22-23:
Եթե աչքս ամենատարած օդի պարզությանն հառեմ՝
Եգիպտացոց համար շոշափելի խավար դարձավ այն192Ելք Ժ. 21.
Թե թռչուններին՝ բարձունքում ճախրող՝ Մորթված զոհերի արյունաբոսոր դիերն ուտելու
են կոչված նրանք:
Տկարների դեմ եթե խիզախեմ՝
Կսպառվեմ պիծակներից, և ինձ ի՞նչ պետք են առյուծներ այլևս:
Պատառոտող արջերից եթե ճողոպրեմ՝
Արյունածարավ մժեղները ինձ պատահեն պիտի:
Եթե ինչ-որ տեղ ես անհոգ նստեմ՝
Ամենաչնչին մժղուկները վառվող կրակի մոծիրների պես շուրջս կմաղվեն:
Միեղջուրանու եղջյուրից եթե փախչեմ ու պրծնեմ՝
Մորմոքեցուցիչ մանր մուների ճիրանները ինձ պիտի կեղեքեն:
Շտեմարանի մի խորշը եթե թաքնվեմ, կուչ գամ՝ Մեղքի նմանակ գարշ ու տաղտկալի գորտերը
պիտի ինձ զզվեցնեն Անդաստաններում եթե ինչ-որ տեղ գտնեմ ինձ
համար ու տեղավորվեմ՝ Շնաճանճերի տարմերը պիտի իմ շուրջը պատեն:
Մի կողմ եմ թողնում մորեխն ու մարախ - զորքեր զորավոր,
Ժանգը անկենդան, ուտիճը անտես, թրթուր թունավոր,
Ջուր թվացող կարկուտով ու ոչնչացնող եղյամով հանդերձ,
Որոնք մեր աչքին թվում են թեև անզեն ու անզոր, չնչին, չքոտի,
Բայց և Աստուծո մի ակնարկությամբ նրանք խիստ գոռոզ և ուժգնաբար
Զարկեցին, դուրս հանեցին ու հալածեցին հաղթականորեն
Իր գավազանով հպարտ և ամբարտավան բռնավոր փարավոնին:
Սրանք են ահա մահացու խոցող, գաղտնի վնասող, լլկող ու թաքուն
Տեսակները այն հոգևոր անտես չարարանքների,
Որոնք որպես պատիժ ուղարկվեցին եգիպտացոց՝ նրանց անօրեն գործերի համար:

Դ

Բայց դու, ամենազո՛ր, Արարիչ և Տեր բոլորի, Հաղթող հանդիսացիր թշնամիներիս՝ հալածելով նրանց.
Եվ ինձ ողորմի՜ր կրկին գթությամբ՝ փրկարար ձեռքդ մոտեցնելով ինձ,
Որ վարանած եմ և տարակուսած, խոշտանգված և մահապարտ.
Զի դու ես միայն ճանաչվում Աստված՝ Միշտ փառավորված Հոր և Սուրբ Հոգու հետ Հավիտյանս հավիտենից. ամեն:

Բան ԿԹ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ քանի որ ես, իմ գոյացության ամենահնար արվեստավորիդ՝
Տիրոջդ ու Աստծուդ ձեռքով, քո սիրո մեջ, ինչպես զտող քուրայում,
Եռում եմ շարունակ ու չեմ պարզվում երբեք, Խառնվում եմ միշտ ձուլվելու համար ու չեմ
միանում,-

Ուստի երկնավո՛ր դու արծաթագործ, ճարտարապե՛տ իմ,
Ի զո՜ւր ես հոգնում և ընդունայն ես ջանում ինձ համար,
Ըստ մարգարեի հայտնի առակի՝ չարությունս չհալվեց,
Եվ ահա, ես ինքս կամովին չարաչար մոլեգնելով,
Մի ողորմելի և դիվահար խելագարի պես Խոսում եմ հանդգնաբար անկարգ՝ ավելի մեղքերս աճեցնելու,
Քան թե հաշտության մի ճար գտնելու:
Եվ որպեսզի հանդերձյալում պատրաստվող տանջանքները
Չերևան ինձ անընտել դեպքեր, անսովոր պատահարներ և անօրինակ հանդիպումներ,–

Ընդմիշտ անմոռաց պահեց իմ մարմնում, այստեղից իսկ, Նախկին անեծքներից մնացած հազիվ նկատելի
հետքերը, Որպեսզի փոքր ու չնչին տարրերից մեծին սովորենք:

Բ

Որովայնի մեջ են առաջանում ինքնաբերաբար ու բազմանում
Շարժուն ու պես-պես ճապուկ ճճիներ,
Աղիքների գաղտնակուր որդեր, այրող այտուցներ,
Բշտիկներ բազում բոցի պես կիզող Եվ անկերպարան, անձև անիծներ, Եվ այլ քրտնածին ու զազրաթորմի՝
Կսկիծ, եռ ու քոր պատճառող անիծ, և՛ լու, և՛ ոջիլ,
Ու վայրենական այլ ասպատակներ,
Որոնք գիշերամարտ դևերի և խավարասեր, զինված բարբարոս գնդերի նման,
Եվ արաբական քանասար գայլերի գազանությամբ,
Կորակոր ընթացքով, արջնաթույր գույնով, Կրկնոլոր ու կեռ կտուցով՝ կարիճի խայթոցի
նման, Խոցելով, ինչպես դժնիկ փշով՝ ծծում են, քաշում արյունը մեր թաց Եվ հանգստարան անկողնում չարչարում են
մեզ:
Եվ երբ մեկը իր ձեռքը երկարի նրանց՝ արժանի պատիժը տալու,
Զգում են իսկույն մարդուն պատճառած վնասը իրենց
Եվ իսկույն ևեթ, լերկամարմին ու փոքրիկ հասակով
Թռչում են, կարծես թե թևեր առած,
Եվ մարախի պես ոստոստելով՝ այս ու այն կողմ ընկնում,
Աղվեսների նենգ ու խաբեպատիր բարքի համաձայն
Փախուստ են տալիս ամեն ուղղությամբ խորամանկելով
Մտնում ծակուծուկ, մահվան երկյուղից փրկվելու համար:
Եվ իրենց չնչին չքոտի տեղով ոչ միայն ռամիկների ու խառնիճաղանճների,
Այլև ահագին հզոր թագավորների կփախցնեն նրանք,
Կհանեն վերը՝ դստիկոնը բարձր ապարանքների Եվ կամ բացօթյա կբնակեցնեն:
Շատ քաջեր անգամ, որոնք իշխեցին ամբոխների վրա
Եվ ժողովուրդների տիրեցին, և ազգերի քաղաքներ առան,
Խոստովանում են պարտությունն իրենց զորեղ ձեռքերի,
Թե՝ «Որովհետև չկարողացանք մեզանից հզորների բռնությանը դիմադրել,
Այդ պատճառով էլ խույս տվինք ահա և հասանք այստեղ»:

Գ

Բայց ինչո՞ւ եմ ես խոսում այդ չնչին, աննշա՜ն այնպես ու ծիծաղելի գոյությանց մասին, Նրա համար, որ նրանք զորավոր և անհերքելի
ջատագովներ են աստվածության Եվ հանդերձյալներն են հիշեցնում ինձ, Որոնք անօրեն իմ մարմնի մեջ ծնվում են իբրև
դառն պտուղներ:
Դրանց նման են և դրսից եկող ախտերն սպանիչ
Եվ ուտիչների կույտերն անողոք, որոնցից անհնար է ազատվել,
Որոնց մեր մարմնին պատճառած ահարկու ցավերով
Կարողանում ենք գալիք տանջանքներն իմաստասիրել:
Եվ կարելի չէ գտնել որևէ ապաստանարան,
Որ կարողանանք խույս տալ նրանցից և ազատ մնալ.
Զի առանց կամքիդ և ակնարկությանդ
Ի չիք են անցել մարդկային բոլոր ճար ու հնարանք:
Իսկ դու, բարերա՛ր, կյանքի ամեն դեղ ու դարմանն ունես բավականապես,
Եթե կամենաս փրկել, նորոգել, քավել, բժշկել և կենագործել:
Եվ քեզ փա՜ռք համենայնի հավիտյանս հավիտենից. ամեն:

Բան Հ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Ստեղծվածների մեջ անդասելի այս մանրուքներից հետո երկրային՝
Խոսքիս ընթացքը բարձրացնեմ պիտի մինչև մեծագույն արարածները,
Ահավորի արդար և անաչառ գործերի մասին ճառաբանելով,
Բայց եթե նույնիսկ շատ մոտիկ լինեն նրանք Աստուծո,
Ինչպես որ էին նահապետները մեր աստվածամերձ
Եվ կամ մաքրագույն, ինչպես եղել են մարգարեները,
Կամ անբծագույն, ինչպես առաքյալները, Կամ ընտրելագույն, ինչպես մարտիրոսները,–

Զո՜ւր է նրանցից հոգու փրկություն հուսալ
ինձ համար, Եթե դու, ո՜վ աննվազ բարի և անփոփոխ խնամակալություն
Եվ անպակաս ողորմություն, ցույց չտաս ինձ քո մարդասիրությունը:

Բ

Զի եթե նույնիսկ Աբրահամին իրե՛ն ձայն արձակեմ,
Ինչպես ընչեղի ողորմագին առակն է ինձ ուսուցանում,
Տապից պապակվելիս անգամ նա մի կաթիլ ջուր չի կարող տալ ինձ,
Քանի որ նա էլ մարդ է՝ մարդկային անճարակությամբ:
Եթե Մովսեսին դիմեմ՝ նա էլ է համակված դարձյալ նույն տկարությամբ,
Զի անզոր եղավ փրկել այն մարդուն,
Որն իր վառելիք ցախի պաշարը շաբաթ օրն էր հավաքում193Թվոց. ԺԵ. 32-36:
Եթե Ահարոնին՝ նա ևս ուրիշին աղաչելու կարիք զգաց,
Իսկ եթե Դավթին իր բոլոր բարի գործերով հանդերձ՝ նա էլ չմնաց անմեղադրելի.
Իսկ եթե Նոյին, Հոբին դիմեմ ես, կամ Դանիելին՝
Եզեկիել մարգարեն նրանց անուններն հիշատակելով,
Այսպես խոսեց նրանց մասին՝ Աստծուց ներշնչված.–
«Կենդանի եմ ես, ասում է Տերը, թե նրանք չպիտի կարողանան
Ազատել իրենց ուստրերին ու դուստրերին վերահաս բարկությունից,
Այլ միայն իրենք պիտի ազատվեն»:
Իսկ եթե դիմեմ հավատքի վեմին՝ Պետրոսին, Քո խնամքներից դույզն-ինչ խորթացած՝ նա՛ ևս
ենթարկվեց իմ մոլորանքին194Ակնարկություն՝ հավատքի այն թուլության, որ առաքյալն ունեցավ Հիսուսի՝ ծովի վրա քայլելու ժամանակ և մատնության գիշերն՝ ուրանալիս:, Թողնում եմ այստեղ հիշել մեկ առ մեկ այն
շատ-շատերին, Որոնք անձնատուր եղան զանազան տեսակ
կրքերի, Թեև հավիտյան երջանիկ լինեն:
Դրանցից մեկն է Հովաս անունով ոմն մարգարե, Որի աստվածառաք սպասավորության մեջ
մարդկորեն գայթակղությունը Անբացատրելի է մնում շատերին, ինչպես էլ որ
մեկնաբանվի195Գ. Թագ. ԺԳ. 1-ում:

Գ

Եվ քանզի սահմանափակ է մարդկանց փրկության կարողությունը,
Նրանք իրենք էլ ողորմություն գտան բարերարիդ կողմից և ամենակալիդ շնորհիվ զորացան,
Կոչվեցին պաշտպանողիցդ և հնարավորիցդ քավվեցին,
Ներվեցին ազատարարիցդ և անախտականիցդ բժշկվեցին,
Կենսագործվեցին անապականիցդ և նորոգողիցդ լուսավորվեցին:
Հետևապես, գիտենալով չափն ու սահմանը հողածին բնությանս,
Որպես հարազատ նմանակիցներ՝
Ի վստահություն հուսահատներին և ի խրախույս՝
Ահա և քեզ եմ դիմում ես միայն,
Որդի՛դ կենդանի Աստուծո՝ Քրիստոս, օրհնյալ ամեն ինչի մեջ:
Եվս առավել կճշմարտվեն վերոգրյալ օրինակները,
Եթե այստեղ, այս աղոթքի մեջ հիշենք նմանօրինակ
Եվ այս խոսքն արդար, որ երջանիկ իմաստուններից մեկն է ասել,
Թե՝ «Բարի է Տիրոջ ձեռքն ընկնելը, և ոչ թե մարդկանց.
Զի, ինչպես որ մեծ է նա, այդպես էլ մեծ է նրա ողորմությունը»:
Ու թեև այս խոսքով Դավթին էր ակնարկում, Բայց երբ որ երեք աստվածային հարվածներ
էին առաջադրվում նրան,
Նա ինքը հոժար, կամավոր կերպով սատակիչ մահվան դատավճիռն ընտրեց196Բ. Թագ. ԻԴ. 14,
Ընդունելով այն իբրև կենդանություն, որ Քրիստոսի հավատքով կաճի և կզորանա, Քան թե մյուս երկու այն հարվածները, որոնք
տանջում են ու չեն ողորմում:
Եվ սակայն անհարմար չի լինի, որ ես էլ այդ խոսքից օրինակ վերցնեմ իմ կորած հոգու համար,
Որ տոչորվում է ապրելու հնար գտնելու տենչով:
Այսպիսով, սակայն, իմ ողբերգական այս մատյանի մեջ,–
Առանց որի չի կարելի մոտենալ Տիրոջը,–
Ես ոչ թե նվաստացնում եմ փրկվածներին, այլ փրկչի անունն եմ պսակում
Եվ նրա շնորհն եմ բարեհռչակում բոլորին.
Ու խոստովանում եմ հաստատ խոսքով, թե նույնիսկ նրանք,
Որոնք շա՜տ բարձր են թռչում իրենց սուրբ վարքի թևերով,
Կարոտ են դարձյալ քո ողորմության դեղ ու դարմանին:

Դ

Ուստի և ահա, դու կյանք, փրկություն ու բժշկություն,
Դու անմահություն, լուսավորություն ու երանություն,
Անդորրացրո՛ւ ինձ իմ մեղքերի չարչարանքներից,
Որպեսզի ինքս ինձ ընդմիշտ մեղադրող հեծությունների
Ձանձրացուցիչ թախանձանքներից հանգստանաս և դո՛ւ,
Որ ոչ այլ ինչով, այլ միայն մարդկանց փրկությամբ ես պարարվում,
Օրհնյա՜լ հավիտյանս. ամեն:

Բան ՀԱ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Երջանիկ և փառավորյալ են սրբերի դասերը, Որոնցից ոմանք դուզն-ինչ գայթեցին թեև, բայց
ավելի հաճախ հաստատվեցին. Սասանեցին փոքր-ինչ, բայց վառված՝ հոգու շողերով պայծառ՝ Մաքրությամբ դարձյալ լուսավորվեցին:
Մեկը ցույց է տալիս նրանց խառնվածքի տկարությունն հասարակաստեղծ,
Իսկ մյուսը՝ բնության օրենքին հաղթող վարքն առաքինի, հրեշտակային:
Ուստի և նրանք օրհնված են Քրիստոսի Հոր ամենիշխան և աստվածային բերանով,
Եվ ընտրյալներ են հռչակված, խնկված ու բարեբանված,
Պաշտված են իբրև անդամներ Քրիստոսի,
Եվ իբրև Սուրբ Հոգու օթևաններ են պատրաստված.
Չունեն իրենց մեջ խավարի նշմարներ կամ հետքեր անգամ,
Այլ անկեղծություն են ամբողջովին և լուսավոր արդարություն՝
Եվ որքան հնարավոր է Աստուծո մարդուն Աստծուն նմանեցնել,
Պարզերես են նրանք և վարքով, բարձր ու անխոնարհելի,
Նրանց կյանքն զգաստ է և անըստգյուտ, Աստվածպաշտությունն ամուր, անհեղլի, Ընթացքն արիական և անկասելի, Ճշմարտությունը միատարր և անցնդելի, Դիմագրավությունը զորեղ և անհաղթելի, Տեսողությունը պայծառ և անապշելի Իմաստասիրությունը երկնային և անկոխելի, Պատկերը մաքուր և անաղարտելի:
Նրանց անուններն հիշատակել և աղոթքը հայցել՝
Աստված ինքն էր, որ մեզ սովորեցրեց:

Բ

Իսկ ես անպետք եմ ամեն ինչի մեջ,
Եվ պարսավելի, որքան հնար է ասել խոսքերով, Նիրհում եմ՝ մինչդեռ արթուն եմ, Թմրում եմ՝ մինչդեռ զգաստ եմ երևում, Բարեպաշտությանս մեջ գայթակղվում եմ, Եվ վրիպում՝ մինչդեռ աղոթում եմ, Ընթանալիս՝ հանկարծ կանգ եմ առնում, Հազիվ արդարացած՝ մեղանչում եմ,
Ու դեռ նոր խաղաղված՝ վրդովվում դարձյալ,
Մինչդեռ արշավում եմ առաջ՝ դեպի ետ եմ հակամիտում,
Ու քայլելիս՝ կրունկիս վրա դառնում եմ ետ, Լույսի հետ՝ մի մաս խավար եմ կցում, Օշինդր եմ խառնում քաղցր համի հետ, Բարիքների կուղի հետ և՛ չարիքներ եմ հյուսում, Հազիվ կանգնած՝ կրկին գլորվում եմ,
Ծաղկում եմ ու չեմ տալիս պտուղ, Ասում եմ ու չեմ գործադրում, Խոստանում եմ ու չեմ կատարում, Ուխտում եմ ու չեմ վճարում, Կարկառում եմ ձեռքս ու ետ քաշում դարձյալ, Ցույց եմ տալիս ու չեմ ընծայում, Մոտեցնում եմ ու չեմ մատուցում:
Վերքս հազիվ դեռ դարմանած՝ վիրավորվում եմ նորից,
Հաշտեցնում եմ ու վերստին խռովում,
Դատի եմ դիմում հանիրավի՝ և իրավամբ դատապարտվում,
Գրվում եմ և իսկույն ջնջվում, Նավում եմ ու շեղվում գծից, Սկսում եմ ու չեմ հասնում հանգստի:
Հաստատվում եմ և սասանվում դարձյալ, Լցվում եմ ու կրկին թափվում, Շարակարգվում այստեղ՝ և այնտեղ վար հոսում, Բարդվում եմ ու տեղնուտեղ վառվում:
Հիմնարկում եմ ու չեմ հանում գլուխ,
Վաստակում եմ սակավ և վատնում եմ բյուր, Դյուզն-ինչ գանձում եմ ու սպառում անհաշիվ, Խրատում եմ ուրիշներին, և ինքս անփորձ եմ, Սովորում եմ միշտ, և ճշմարիտ գիտության չեմ
հասնում երբեք:
Մարած չարիքները արծարծում եմ նույնչափ, Քաջալերվում եմ փոքր-ինչ և առավելապես
հուսալքվում, Լարվում եմ և իսկույն թուլանում,
Կարկատում եմ այս՝ և այն պատառոտում, Եղինջը հանում եմ և տնկում եմ տատասկ:
Հազիվ վեր բարձրացած՝ ցած եմ իջնում դարձյալ, Մտնում եմ բույնն իբրև աղավնի ու դուրս գալիս այնտեղից իբրև ագռավ, Գալիս եմ սակավ-ինչ սպիտակ և գնում եմ բոլորովին սև, Ասում եմ, որ քոնն եմ ես, և սպանողին եմ նվիրում ինձ, Հազիվ եմ ելնում քո դեմ-հանդիման և ահա՛
թիկունք եմ դարձնում քեզ:
Մաքրվում եմ, և սակայն դարձյալ մրոտվում, Լվացվում եմ և աղտոտվում իսկույն, Դավթի կերպարանքն առած, և Սավուղի գործերն եմ կատարում:
Շուրթերովս շիտակ եմ խոսում և սրտովս ստում, Աջ ձեռքովս տնտեսում եմ և ձախովս՝ ցրում:
Ցորեն ցանելու հետ սերմանում եմ և՛ որոմ,
Իմաստության բարձունքից ի վայր իջնելով, դառնում եմ ես այն, ինչ էի առաջ,
Հրեշտակ եմ դառնում երեսանց և խորհուրդների մեջ դիվանում,
Ոտքերովս մնում եմ հաստատ և մտքովս տատանվում եմ,
Սուտ ձևեր եմ առնում և իրոք խոտորում եմ, Արդարություն եմ կեղծում և ամբարշտանում
եմ գործերով:
Հեզերի դասն եմ դասվում և դևերի հետ կաքավում եմ,
Գովաբանվում եմ մարդկանցից, և տեսանողիցդ պարսավվում:
Հողածիններից երանվում եմ, և լույսի որդիներից ավաղվում,
Հաճոյանում եմ հետին ռամկին և աչքից ելնում մեծ թագավորիդ:
Դատավորի ատյանը թողած՝ խառնակրոններին եմ աղերսում:
Վեհերից վռնդվելով՝ խաժամուժների մեջ եմ սպրդում:
Արտաքուստ մարմնովս պճնվում եմ, և հոգովս՝ ճայի գույնով եմ ճանաչվում.
Մոտենում եմ դաշն հաստատելու, և ուխտակորույս դուրս եմ վտարվում:
Այսօր մաքուր հոգեկիր՝ և վաղը մոլի խելագար. Տերունի պատվերը թողած՝ հետևում եմ օձի թելադրանքին.
Արիանում եմ հզորապես, և ընկրկում եմ վատթարաբար.
Վերցնում եմ օրվա ծանրությունը, և վարձքի ժամին մնում անմասն197Մատթ. Ի. 12.
Խոսում եմ հեռվից ճոռոմ, և պատասխանելու պահին պապանձվում եմ.
Արևածագին հարուստ եմ երևում, և արևամուտին դատարկ դեգերում եմ:
Ծերերի աթոռին բազմած՝ խելահեղնեի հետ եմ ընկերակցում.
Ննջում եմ կասկածներով՝ և արհավրալից զարթնում զարհուրած:
Անդաստանները կամքիս հերկում եմ վատթարապես
Չարիքների մեջ փութաջան եմ ես՝ մշտապես անառակ որդիս,
Տարագրյալս անդարձ և մոլորյալս անզղջում, Տրտումս անմխիթար, ինքնագրավ գերիս Մահվան և ապականության ծառաս, Անողոքելի տանջվածս, մատնվածս անփրկելի, Անպատվաստելի կոտրվածս անարծարծելի
հանգածս, Անկազդուրելի խորտակվածս, անվերականգնելի կործանվածս:
Եվ եթե պետք է ավելի սաստիկ նախատել այստեղ հոգիս անօրեն,
Գրում եմ ահա՛, գրում անխնա գեհենի խռիվներ պատրաստելով ինձնից,
Ես երկնայինի՝ նոր Ադամի նախանձոտ ծնունդը հանդիսացա,
Ինչպես Կայենը առաջնին՝ հնին և հողեղենին:
Ուստի նաև ե՛ս այստեղ հոգուս մեջ կրում եմ
նշանը ամբաստանության, Ոչ թե շնչառությունս, այլ կշտամբանքը իմ այս
խոսքերի:

Գ

Եվ արդ, ո՞ւր փնտրեմ փրկությունս ես,
Երբ որ հավատքի սկզբնահայրը հուսահատության վայրում
Իմ անգթության չարիքներն է հիշեցնում ինձ198Ղուկ. ԺԶ. 25. Մարգարեների մեծը199Մովսեսը խոսքի քարերով է ինձ
կոշկոճում, Արին բարեփառ՝ նիզակի սայրով է սատակեցնում ինձ200Եղիազարի Փենեհես որդին, որ սպանեց պոռնիկներին (Թվոց. ԻԷ).
Ճշմարտի պատկերն է201Հեսուն, որը ոչ միայն անունով, այլև հոգով նմանվում է Հիսուսին:
Աքարը Քարմի որդին էր, որին իր ընտանիքով բնաջնջեց Հեսուն, Երիքովի ավարից գողանալու համար (Հեսու Է.) բնաջնջում ինձ Աքարի հետ,
Վեհն աստվածարյալ հարագողների վրեժին է մատնում ինձ202Դավիթը (Բ. Թագ. ԻԱ. 8-9),
Մարգարեածին տեսանողը203Սամուելը, որ տապանակի առջև սպանեց ամաղեկացոց Ագագ թագավորին (Ա. Թագ. ԺԷ. 35) ամաղեկացու հետ Տիրոջ առջև է սպանում ինձ,
Աստուծո նախանձավորը՝ երկնատեղաց բոցով է սպառում204Եղիա մարգարեն (Դ. Թագ. Ա. 10).
Հնի լրումն ու նորի սկիզբը205Հովհաննես Մկրտիչը դատաստանի հեծանոցով է երանում,
Առաքյալների պետը Սափիրայի հետ է կենազրավում206Պետրոսը (Գործք առ. Ե. 5, 10),
Զարմանալին քննող՝ հոգով՝ կյանքի քարոզին մահվան բուրմունք է խառնում ինձ համար207Ակնարկություն՝ «Հոտ ի մահուանէ ի կեանս» խոսքի (Բ. Կորնթ. Բ. 16):
Իսկ զարմանալին՝ Պողոսը, որովհետև անունն այդ է նշանակում::
Արդ, անաչառ են իմ նկատմամբ նաև կաճառներն երջանիկների,
Որոնք վերնայնի ուժգին հրամանի սպառազեններն են արիակամ.
Հրեշտակների հետ նաև մարդիկ, Տիեզերքի հետ երկրի՝ և՛ տարերքը, Անզգաների հետ և՛ շարժունները,
Որոնցով ես միշտ դատապարտվում եմ լլկիչ տանջանքների,
Իբրև օրինակ և հիշեցուցիչ գալիք սոսկալի չարչարանքների.
Եվ իմ այս կյանքի անդորրը խաղաղ
Ինչպես հողմակոծ փոթորկումներից հավետ մրրկված՝ միշտ կալեկոծվի:
Եվ եթե մեկն իմաստությամբ քննել ուզենա Եվ հետազոտել մանր ու մեծամեծ և բազմատեսակ, զանազանակերպ Անթիվ-անհամար լուղակներն ամեն, որոնք
խլրտում են երամներով, Սուրում-սլանում են եռուզեռով մարմնիս ծովի
մեջ,-

Վկայի պիտի և հաստատի, թե
Ճշմարիտ է այն ամենը, ինչ որ այստեղ գրեցի:

Դ

Բայց դու, ո՛վ հզոր և օրհնաբանված անմահ թագավոր,
Բարի, երկնավոր, մարդասեր Քրիստոս, Կենդանի Աստուծո միածին Որդի, Բարձրյալ անքնին, քավիչ ահավոր և անճառելի, Սաստի՛ր ձեռքովդ խռովահույզ հոգուս ծփանքները.
Դադարեցրու վրդովված սրտիս մոլեգին հուզման ծավալումները,
Զսպիր ամրապինդ սանձահարումով վայրագությունը իմ ցնդած մտքի:
Թող խաղաղվի մեծիդ հրամանով սասանող բուքը ամենավարան,
Ջնջիր, խափանիր գաղտնի, ուրվային և ամոթալի և բազմագլխյան
Անդամներս ողջ այդ երկրակենցաղ հեներին բոլոր,
Համարիր աղոթք մշտամատույց՝ ողորմաղերս տողերն այս նորընծա,
Որ ողբերգական թախծագին ձայնով կան այս մատյանում:
Հանիր ինձ մահվան խոր անդունդներից, Որպեսզի փրկված՝ մարգարեի208Հովնանի հետ վերապրեմ
և ես գեղեցիկ կյանքով:
Ընդունիր խոսքերն իմ այս անձնադատ խոստովանության, որպես անուշ հոտ,
Շնորհիր սփոփանք դառն վշտերին ուժգին հեծությամբ հուսահատվածիս:
Եվ քեզ՝ քո Հոր և քո Սուրբ Հոգով՝ Փա՜ռք, պատիվ և իշխանություն հավիտյանս. ամեն:

Բան ՀԲ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Ձե՛զ եմ ասում արդ, ո՜վ մենակյացների խմբեր Եվ աշակերտներ մենաստանների, Դուք, որ անբավ բարի պարգևների հուսալից
ակնկալությամբ Ձեր ձեռքերի մերկ մատներով զինվորագրված
եք Տիրոջը՝ Ձե՛զ ընծայեցի խոսքի խորտիկներով պատրաստված սեղանն այս ահա՛, Ընդունեցե՛ք ավանդն այս խոստովանության՝ ի
նորոգություն և ի փրկություն հոգիների:
Ճանաչեցե՛ք սրանով մարմնի պարտությունը, Հիշեցե՛ք առաքելականի հետ միասին՝ մարգարեական խոսքերը մեզ ի խրատ, Թե՝ «Ոչ մի մարմին թող չպարծենա Աստուծո
առջև», Ինչպես և՝ «Չկա ոչ իսկ մի արդար»:
Մի՛ մոռացեք նաւ այս խոսքը տերունական, Թե՝ «Պատվիրանը կատարելիս էլ համարեցեք
ձեզ անպիտան ծառա1», Եվ թող չլինի, որ խաբողը ձեզ կարենա որսալ:
Հիշեցեք դուք այն գրվածքը նաև,
Թե՝ «Ընտիրներն են նրա կերակուրները»:
Զի մինչև իսկ ես, որ այս մասնավոր, նվազ պտուղը ձեզ մատուցեցի,
Վկայում եմ, թե ես ինքս էլ ունեմ բյուր բամբասանքի,
Ինքնադատության արժանի մեղքեր անբժշկելի, Սկզբնահորից սկսած մինչև սերունդները հուսկ. Հոժարակամ մի հանձնառությամբ՝ Բոլորիդ գործած հանցանքները ես վրաս առնելով:

Բ

Լսեցի անպարտ մեկի բերանից ու չհավանեցի Խոսքն այս անհարմար՝ ուղղված Նրան, Որի առաջ ոչ մի երկրածին չի կարող արդարանալ,-

Թե՝ «Չշնացա երբեք ու չպոռնկացա,
Ոչ էլ աշխարհիկ մահաբույր քաղցրություններ ճաշակեցի»:
Սա էլ է կոչվում անօրենություն,-

Թող ների Աստված այդ խոսքը նրան,–
Զի եթե նույնիսկ ճիշտ լինի ասված՝ սայթաքում է դարձյալ:
Այդպես նաև Զաքարիայի՝ ի դեմս Իսրայելի ժողովրդի ասված
Խոսքն այս անվայել, որ փարիսեցու խոսքին է նման209Ղուկ. ԺԸ. 11-12,
Թե՝ «Օրհնյալ լինի Տերը, զի հարստացանք»210Զաք. ԺԱ. 5:
Բայց քանի որ ես ամենագետ Աստուծո դատաստանին եմ հանձնել ինձ, Որը սրտի աներևույթ մեղքերը կշռելով՝
Ուզում է դատել ինձ նրանց համար ամենաիրավ հատուցմամբ,–
Չպիտի ձևանամ տեսանողի առաջ, Չպիտի կեղծեմ քննողի մոտ, Չպիտի ստեմ ամենայն ինչ նկատողին,
Չպիտի մտնեմ խաբեբայությամբ Մեծի աչքը ես, Չպիտի ցոփություններս քողարկեմ առերևույթ
բարությամբ, Չպիտի երբեք ապիկարիս ներկայեմ որպես ընտանի պատկեր, Չպիտի խենեշանամ օտարոտի զարդարանքով,
Չպիտի պճնվեմ ուրիշների պայծառությամբ, Ոչ էլ տգեղությունս պիտի պարտակեմ պաճուճանքներով:
Չկա ոչ ոք մեղավոր ինձ պես, ոչ ոք՝ անօրեն, Ոչ ոք ամբարիշտ, ոչ ոք անիրավ, ոչ ոք չարագործ, Ոչ ոք խոտորված, ոչ ոք սխալված, ոչ ոք մոլեգնած, Ոչ ոք խարդախած, ոչ ոք շաղախված, ոչ ոք
ամոթահար, Ոչ ոք դատապարտված,–
Ես ինքս եմ միայն և ուրիշ ոչ ոք.
Ես եմ այդ բոլորը, և բոլորի հանցանքներն իմ մեջ են:
Ո՛չ հեթանոսները, զի չգիտեին, Ո՛չ հրեաները, քանզի կուրացան,
Ո՛չ տգետներն ու գռեհիկները, քանզի զուրկ էին իմաստությունից:
Վարժապետ կոչվեցի ես, որ ամբաստանություն է իմ դեմ.
Ռաբբի, ռաբբի անվանվեցի ես, և Աստուծո վայել գովեստը եղծեցի.
Բարի ասվեցի՝ եղկություն ժառանգելուս համար. Սուրբ վկայվեցի մարդկանցից, որ անմաքուր եմ
Աստուծո առջև.
Արդար ճանաչվեցի՝ ամբարիշտս ամեն ինչով. Հրճվեցի մարդկանց գովեստով, որ Քրիստոսի
ատյանում ծաղրելի լինեմ.
Ավազանից Արթուն211Ակնարկություն՝ իր Գրիգոր անվան, որ արթուն կամ, ինչպես հաջորդ տողում՝ հսկող է նշանակում: կոչվեցի, և ննջեցի մահվան քնով,
Հսկող հորջորջվեցի փրկության212Ձեռնադրություն օրը, բայց զգաստության դեմ աչք փակեցի:
Ահա՛ դատաստան, ահա՛ հանդիմանություն, Ահա՛ նոր կշտամբանք և հին դատապարտություն, Ահա՛ ամոթանք դեմքի և տագնապ հոգու,
Ահա՛ քննություն մանր մեղքերի, որոնք մեծամեծների կշիռ ունեն:

Գ

Բայց դու, միայն Տեր Աստված մարդասեր, անոխակալ և երկայնամիտ,
Ինքնադատական կսկծեցուցիչ նախատինքներն այս, վերջին օրն ահեղ՝
Մեղապարտիս դատապարտության փոխարենը համարիր,
Քանի որ դրանք ինքս իմ բերանով ինձ վերագրեցի,
Թող որ չլսեմ այդ բոլորն այլևս քեզանից, գթա՜ծ, Արդ, վերցրու իմ վրայից դատապարտությանս
պահակին, Զի ես քեզ հետ եմ կապված հոգուս տենչանքներով:
Հանի՛ր խայտառակությանս նախատինքներն ամոթալի.
Քո կարող աջով ծածկի՛ր մերկ մարմնիս տգեղությունը.
Հանգիստ պարգևիր մեղքերի բեռով սաստիկ հոգնածիս,
Բարի մի ճամփա սահմանիր դու ինձ՝ դեպի քեզ գալու.
Հիշիր անմոռաց՝ ինձ ողորմելու, տալով հետ մահու կյանք ամեն կերպով:
Օրհնյալ ես դու երկնքում և գովյալ՝ երկրի վրա. Եվ բարեբանված միշտ ամեն ինչում, հավիտյանս. ամեն:

Բան ՀԳ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Թագավոր, բարձրյալ, հզոր, ահավոր, Օրհնյա՜լդ միայն, Տեր Հիսուս Քրիստոս, Լոկ դո՛ւ կարող ես հուսահատ կյանքի անհուսության մեջ Սատակիչ անեծքներն ապրեցնող օրհնությա՜ն
փոխել, Եվ վհատեցուցիչ պարսավանքները զվարթարար գովքի.
Ամոթի փոխարեն համարձակություն շնորհել, Պատկառանքի փոխարեն՝ պատիվ, Տարագրության փոխարեն՝ բարության հույս. Բաժանման փոխարեն՝ միության ակնկալություն, Սպառնական խոսքի փոխարեն՝ ողոքական սփոփանք Եվ մեկ անգամ դատապարտության փոխարեն՝
կրկնակի ազատություն213Այսինքն՝ ազատություն մեղքից ու մահից::

Բ

Ողորմիր, Տե՛ր, մահվան արժանի մեղապարտիս,
Ողորմի՛ր այնօր, երբ կենդանության շունչս կարձակեմ.
Երբ նայվածքս խեղճ դեպի վեր կուղղեմ ես կողկողագին,
Հույժ տանգնապահար հոգուս տեսությամբ աչքի առջև բերելով
Այն վտանգավոր ճամփան, որտեղ անխուսափելի կերպով անպայման պիտի ընթանամ.
Եվ բնակելի իմ տան երդիկից ելքիս շավիղը դիտելով թշվառ կիսամեռությամբ,
Այլայլված դեմքով, մատների տարտամ տատանումներով,
Կարկամ հառաչմամբ, նվազ հեծությամբ, ձայնով նվաղած,
Եվ բազմապիսի տարակույսներով լի տխուր հոգով՝
Սրտիս խորքերից իմ գործած բազում մեղքերի համար ողբով հառաչեմ:
Բայց դու, բարեգո՛ւթ, կարող ես նույնպես և ա՛յդ ժամանակ
Զորավորապես հրաշագործել, ասելով ինձ.-

«Թող փրկվի հոգին քո խորտակումից և առողջանա», Եվ կամ՝ «Թող ներվեն քո մեղքերը քեզ»,
«Գնա՛ խաղաղությամբ՝ մեղքերից մաքրված»:
Այն պաղատանքները, որ չպիտի կարողանամ
հասցնել քեզ այդ ժամին, Ընդունիր այսօ՛ր մարդասիրաբար,
Ո՜վ երկայնամիտ և բազմաշնորհ ամենակեցույց:
Եվ մինչդեռ այժմ պերճախոս եմ ես խրոխտաձայն, սիգացող և բարձրապարանոց՝
Այնժամ դիակի պես պիտի պառկեմ ես անկենդան, անխոս,
Կաշկանդված ձեռքով, թույլ անդամներով, Խուփ շրթունքներով, փակված աչքերով, Իբրև տախտակ անշարժ, կոճղ կիսավառ, Արձան անզգա, պատկեր անբարբառ, անշունչ
գոյություն, Ողորմելի տեսիլ, ողբալի կերպարանք, տխրալի
տիպ, Եղկելի դեմք, արտասվելի նմանություն, համրացած լեզու, Չորացած խոտ, թոթափված ծաղիկ, ծյուրած
գեղեցկություն, Շիջած լապտեր, դատարկ կոկորդ, խոպանացած
սիրտ, Թալկացած մարմին, քայքայված որովայն,
Քանդված տաղավար, կոտրված ոստեր, անջատված հոդեր,
Կտրված ծառ, սղոցված արմատ,
Լքված տուն, հնձված արտ, արմատախիլ բույս, Օտարացած բարեկամ, մոռացված պահեստ,
թաղված գարշություն, Մերժված ատելի, վերացված խոչընդոտ,
անարգված կմախք, Եվ իբր անպիտան ոտնակոխ եղած՝ կարոտ ուրիշների աղոթքներին,
Որոնք թշվառիս հավատքի ձայնով հառաչալից աղերս նվագեն պիտի
Արցունքի ցողով տարածելով այն քո բարձունքն ի վեր՝
Բարերարիդ գթությա՜նը:
Նրանք լալագին զղջումով պիտի երգեն դարձը դեպի քեզ, որ օրհնում եմ ես,
Նշանը փրկարար խաչիդ, որին երկրպագում եմ, Ճշմարտությունը հարության, որին հավատում
եմ, Փառքիդ հայտնությունը, որը փառավորում եմ,
Դատաստանիդ ահավորությունը, որ խոստովանում եմ,
Խոսքերիդ հանդիմանությունը, որից զարհուրում եմ,
Սուրբ Հոգուդ ուղեկցությունն ինձ, որ պաշտում եմ,
Մկրտությունը քո օծման, որ և համբուրում եմ, Քեզ հետ թագավորելը, Տե՜ր Հիսուս, որի համար պաղատում եմ:
Եվ այսպես ահա՛, թեև թուլացավ, հեռացավ, վերացավ,
Մասնատվեց, փախավ, սլացավ
Եվ տեղի տվեց կենդանությունն իմ կենցաղի, Բայց քո պարգևած հույսը հաստատուն՝ պահված է իմ մեջ, Որպես մնայուն և անջնջելի հիշատակարան:

Գ

Տե՛ս ողորմությամբ տարակուսանքները վտանգյալիս,
Միա՜յն բարեգութ ու փառաբանված Որդիդ Աստուծո,
Որպեսզի քավես, բժշկես դու ինձ և կենագործես, Պաշտպանես, նորոգես, նկարես, կանգնես, հաստատես Եվ վերստին ստեղծագործես երջանիկ անարատությամբ:
Քոնն են կարողությունը, փրկությունն ու ողորմությունը.
Չունես դու անկարողություն, այլ՝ լիուլի զորություն.
Բարձրություն, իշխանություն, անվախճան թագավորություն,
Իսկություն, ինքնություն, ամենուրեք բացարձակություն,
Բարերարություն, լուսավորություն:
Փառավորյալ ես դու տիրապես, անպակաս և անհավելված,
Խնկված՝ խորհուրդով անբացատրելի Սուրբ Երրորդությամբդ,
Նաև առհավետ գովաբանված՝
Հավասարազոր և համապատիվ համագոյության երկրպագությամբ,
Երեկ և այսօր և հավիտյանս հավիտենից. ամեն:

Բան ՀԴ

Սրտի խորքից խոսք Աստուծո հետ

Ա

Արքա՛ երկնավոր, դու Տե՜ր բոլորի,
Ամեն բանի մեջ և ամեն դեպքում միշտ երկայնամիտ,
Կենդանի Աստուծո անքնին Որդի:
Այնտեղ պետք է ողորմել իսկապես, Ուր կտրված է հույսը վաստակի. Այնտեղ պետք է բարեգործել, Ուր խափանված է մտքի տեսողությունը. Ա՛յնժամ պետք է մարդասիրել,
Երբ տկարության վտանգն է պաշարել ներքուստ և արտաքուստ.
Այնտե՛ղ է անհրաժեշտ ձեռքիդ բժշկությունն աստվածային,
Ուր տեղի է տվել բոլորովին անդամների կենդանությունը.
Այնտե՛ղ պետք է լինի այցելությունը, Ուր ելքի հնար չկա.
Այնժա՛մ է քո մեծությունը,
Երբ անհուսալի վերքն առողջացնես. Ա՛յն է հարազատ քո բնությանը,
Որ անակնկալ ժամին փրկության համար հրաշագործես,
Ա՛յն ժամանակ հանդես կգա քո հաղթանակը, Երբ վերջին շնչիս՝ կյանքի փակված դուռն իմ
առջև բանաս.
Այն են շնորհներդ վայելչական,
Որ մոռանալով իմ չար գործերը՝ քո բարիները հիշես,
Նրանո՛վ ես դու անոխակալ,
Որ ապերախտիս երախտագետի հետ խնամարկես.
Այնժամ ես միայն պիտի հասկանամ,
Թե ընդունեցիր բանավոր նվերս՝ նախկին գթությամբդ,
Եթե վերացնես իմ չար սովորությունները:

Բ

Այս պատճառով են հյուսվում ճառեր ու նվագերգություններ եղանակվում,
Երբ Տերը բարի՝ բարեգործներին հասանելիքից պարգևատրում է և՛ չար ծառային:
Այնպես որ մինչ նա բանտի է սպասում իրավամբ՝
Տերը նրան արքայական ապարանքի մեջ է նստեցնում.
Մինչ կանչված է նա տղմուտ գուբի մեջ բնակվելու,
Նրան ամեն տեսակի կոչունքների մեջ գահերի վրա է բազմեցնում.
Մինչ նայում է նա, որ աչքերը փորեն, Նայվածքը նրա ուղղում է դեպի ուրախ բարձունքներ.
Մինչ սպասում է նա իր մատների ծայրատումին, Համարձակության մատանի է մատուցում
նրան214Ղուկ. ԺԵ. 22.
Մինչ վախենում է գանակոծվելուց, Նրան գթառատ իր գիրկն է առնում. Մինչ կորստյան է պատրաստվում ահով, Բազմության առաջ, ի տես բոլորի՝ վեր է բարձրացնում.
Մինչ նա սատակիչ մահվա՛ն աչք ունի, Նրան կյանքի հետ տալիս է և՛ փառք. Մինչ սպասում է իրեն գլխատեն, Նրան պսակով է պայծառացնում:
Սրանք են, գթա՜ծ, պտուղներն օրհնյալ քո սքանչելարմատ շառավիղների.
Սրանք են կյանքի արգասիքները քո արարչական հրամանների.
Սրանք են ըղձալի խորհուրդները քո խոստովանված տենչանքների.
Սրանք են լույսի ճաճանչները քո ամենասփյուռ ճառագայթների.
Սրանք են ախորժելի ճաշակները քո բարեբանյալ քաղցրության:

Գ

Եվ այս բոլորը քոնն են միայն, Տե՜ր, Քո ներշնչումով եմ գրել սրանք.
Ուստի ես, օրհնյալ, աղաչում եմ քեզ, այդ պարգևներիցդ ի՛նձ էլ շնորհիր.
Բա՛ց, Տեր, քո բարիքների գանձարանը, ըստ առակողի աղերսանքների:
Բարիքներիդ ամբարներում չխառնես դու իմ չարիքներից.
Չշտեմարանես քեզ համար սիրելի գթության և ողորմության հետ ատելի ոխեր և բարկություններ.
Քո պաշտելի ստացվածքներում չպահե՜ս քեզ համար անախորժ մթություններ ու դժնություններ,
Եվ ինձ վնասող մեղքեր ու թշվառություններ:
Կյանքիդ մատյանում քո օրհնյալ աջով չգրե՜ս դու պարտամուրհակն իմ անեծքների,
Այլ ինձ համար անհնար համարվածները դյուրին ու հեշտ ցույց տալով՝
Կրկնակի անգամ և է՛լ ավելի մեծացնես դու քո անունը, ո՜վ Տեր:
Տալիքներս շատ են և անհաշիվ,
Բայց քո հրաշալի ողորմությունն անհամեմատ ավելի է.
Բազում են մեղանչանքներս,
Բայց ներողությանդ հետ համեմատած՝ շա՜տ քիչ են նրանք,
Հաճախակի են չարություններս,
Բայց հաղթող է միշտ ամեն բանի դեմ մարդասիրությունդ, ո՜վ ամենակալ.
Անձիս արատներն ի՛նձ համար են ծանր և անթվելի,
Բայց քեզ համար խիստ թեթև են նրանք և սահմանափակ.
Ամոթապարտիս պտղաբերած մեղքերի զենքերն այնքան զորեղ չեն կենդանանալու,
Որքան հիշատակն անմահիդ մահվան՝ կործանողի բռնությունը վանելու համար:
Փոքրիկ խավարն ի՞նչ կարող է ազդել Աստծուդ լույսին.
Դույզն աղջամուղջը ինչպե՞ս դիմանա ճառագայթներիդ.
Քո խաչելության չարչարանքի հետ ինչպե՞ս կշռվի
Իմ տկար մարմնի հեշտասեր խակությունը. Ամենակալիդ առատության աչքին ի՞նչ են որ
մեղքերի կույտերը ողջ տիեզերքի, Եթե ոչ հողի դյուրափխրուն կոշտ, որ իսկույն
ևեթ կփոշիանա քարի հարվածով, Եվ կամ անձրևի պղպջակ, որ կամքիդ հորդառատ հոսմամբ կպայթի իսկույն և կչքանա:
Քո ամենազոր և ամենահնար կարողությունը
Իմ հանցանքները քավելու համար ժամանակի պետք չունի բոլորովին,–
Ո՛չ ակնթարթի,
Ո՛չ թռուցիկ ակնարկի տևողության, Ո՛չ կայծակնային կարճատև նայվածքի, Ո՛չ ամենափոքր ուշացման, Ո՛չ փութագնաց ոտքի քայլափոխի,
Ո՛չ կանգունաչափ բարձրությունից կաթիլի անկման,
Ո՛չ մտքով քաշված մի գծի, Ո՛չ լույսի արագության, Ո՛չ շնչառության չափ միջոցի:
Այս բոլոր անձև, աննշան և անկայուն օրինակներից
Ո՛չ մեկը այնքան առժամյա արագ և փութանցիկ չէ,
Որքան մեղքերիս կուտակված սառույցների հալվելը, ցնդելն ու վերանալը քո զորությամբ,
Աստվա՜ծ բոլորի Տեր Հիսուս Քրիստոս, Որդիդ անքնին՝ կենդանի Աստուծո:
Դո՛ւ, որ քաղցր արև ես պարգևում բարիների հետ նաև չարերին,
Եվ անձրևում ես ամենքի վրա անաչառորեն, Կշռում ես իրավամբ և չափում նրանց վշտերն
ու հոգսերն հավասարապես. Փորձության փոքրիկ խթանով ես դու վճարել
տալիս պարտքերը նրանց այստե՛ղ իսկ,
Որոնք մեծ համբերությամբ սպասում են վերին հանգստին:
Իսկ ովքեր երկրային կենցաղն ընտրեցին, Դու ողորմությամբ ներո՜ւմ ես նրանց, Սրանց էլ տալով դարման նրանց հետ՝ սպասում
ես դու միշտ նրանց դարձին:
Փա՜ռք ամենազորիդ՝ Բարեխնամ երկայնամտությամբ գործած քո բոլոր հրաշքների համար, Օրհնյա՜լ հավիտյանս. ամեն:

Բան ՀԵ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Այժմ ընկղմված, զմայլված
Եվ իսպառ ծածկըված մեծիդ երախտիքների առավելությունից՝
Բազմամասնյա, շարունակական և անճառելի, Որ աջուձախից առատագույն ու աննվազելի
լրումով, Դիմացից ու թիկունքից կուտակված են անբավորեն, Մատուցում եմ, վերընծայում
Ճշմարիտ դավանման գովեստի ավանդ:
Որովհետև ինչպես երբեմն հերձվածի չարափառությամբ,
Ամենապատիր խաբեությամբ նենգողի կարթով զատված՝ մերժվեցի,
Ելնելով դրախտից,
Այժմ միավորիչ այս ուղիղ անբծությամբ Իրական շնորհի ավանդման համար Երկրորդ անգամ վերստին համբարձած, Լույսի թևերով թռչելով, ահա, երկինք կհասնեմ:
Բայց քանզի արգանդից, ուր հղացա, Ծնված հոգևոր երկունքով, Մեծ և երջանիկ անարատ դշխո, Իսկուհի բոլոր կույսերի, Գովելի ու պանծալի իմ մորը հարկ է
Սահմանված կարգով արձանագրել այս մատյանի մեջ,
Որպեսզի ծնվի և ցուցադրվի, Նաև այլ գալիք ազգերին պատմվի Խնկելի փառքի որքանությունը՝ Արժանի պաշտումով պատվված՝ Իբրև մաքուր մարմին
Բան-Աստծու մարդեղության գլխի հետ215Եփես. Ե. 23-27
Ի հիշատակ հավատի այս ճառի Երրորդության դավանության:

Բ

Հոգենկար բանի պատկերի այս օրինակով, Որ հարմարվում է լույսի խորանին, Գթած, օրհնյալ, ընդունի՛ր ինձ՝ Քավված ու սրբված սրա մեջ:
Հանի՛ր սրանով հոգուցս մեղքի նախատինքները,
Բազմեցրու սրա հովանու ներքո՝ անմեղ ու անբիծ,
Տկարիս Դավթի տանը գումարիր, Այնտեղից Աստուծո տունդ փոխադրիր,
Ըստ մարգարեի, Հիսուս, որ քեզ է ակնարկում216Զաք. ԺԲ. 8, Սոսկ մուտքի և անօգուտ ելքի չհետևես, Ջերմությունն հավատիս քեզ պաղ չթվա, Եվ ողջույնի համբույրս անարգ չհամարես:
Պաշտամունքս ապաշնորհ չորակես, Երկրպագությունս իբր անխորհուրդ չլքես:
Պատկերի տեսիլն անպտուղ չլինի, Իսկ սքանչելի կերպարանքը՝ աննշույլ:
Չմոռացվի սպանդն անկրակ ողջակեզի,
Ճառիս ուխտի պատարագը վտարվելով չցրվի. Լույսի ճաշակդ ինձ մահ չբերի, Կողերիդ արյան բաժակը Դատապարտություն չլինի:

Գ

Աղաչում եմ քեզ, Տեր Հիսուս, մեկդ այդ Էությունից,
Որի ճաշակմամբ քո Հոր և Սուրբ Հոգու Գիտությունը ճանաչեցինք, Զի կարգերը ամենապարգև [սուրբ] եկեղեցու Հենց քեզանից սովորեցինք Կյանքի փրկության ու բարիքների Աղոթանըվեր այս լուսարանում, Տարածելով սիրտս, ձեռքերս պարզած՝ Խոսքի կնդրուկն այս, սրանում բնակվողիդ, Ամեն ինչի տիրողիդ, Երեքսրբյանիդ մատուցելով՝
Հավերժ ընծայում ենք բարեշնորհության այս բարբառով:

Դ

Հավատո պաշտամունքին,
Օրհնության երգերի վերաձայնած նվագներով Փառաբանում ենք եղածների բարեհրաման
պատճառին՝ Անսկիզբ Երրորդությանը, անհամեմատ բարձրությամբ, Անհաս խորհուրդների ու անըմբռնելի իմաստների, Անզննելի զգայությունների, Անբերելի արարածների,
Որ իր մեջ ամփոփում է վերնական երկնքի
Եվ անսահման ներքին խորությունների քանակությունը,
Սպառումների վերջն ու սկիզբների նախադրությունը,
Մեկը երեք անշփոթելի կերպարներից, Եվ երեքը մի անբաժանելի իսկություն, Վեր քան մտքի ազատությունը՝ Հրաձգված ամենուր բովանդակապես:
Անփոփոխ բարի, անսասանելի ուղղություն, Սիրո անխառն կերպարանք, անհաջորդ մեծություն, Անխոնարհելի բարձրություն, անվատնելի տեսություն,
Աննվազելի բարերարություն, Կայուն կամք, կենդանի հրաման,
Փրկչյան ակնարկություն, ճշմարիտ երանություն,
Հավաստի ակնկալություն, անստելի խոստում, Արգասավոր ավանդ, ըստույգ ավետիս, Աներևակայելի բարձրություն, Անձեռնարկելի վերասլացություն:
Մի Հայր միակ Որդու՝ միակ Հոգով պատվված, Ամենահարուստ բարությամբ, ամբողջովին չարից զերծ, Օրհնաձայն գոհաբանությամբ, Անքնին ներբողով գովերգված:

Ե

Միակ բարձրյալ ահավոր անուն՝ կցորդությանց համապատիվ,
Ազգականություններին անպատում, Եռալույս զուգակցություն, Անհավելվածը կատարելություններից, Ինքնիշխան կամավորությամբ պատվասիրված Հանգունատիպ Հոր մոտ, Երկնքից իջած
Խոնարհվելով Սուրբ Հոգու գործակցությամբ, Ընտանի փառքից աննվազ, Հաճեց մտնել մաքրության կույս Աստվածածնի մայրական արգանդը, Ուր օրհնության բույսն աճեցրեց
Անարատության լուսասահման անդաստանում:
Համասնունդ ամենակատարյալ էությանը՝ Անանջրպետ միասնությամբ, Թափանցիկ խառնումով աստվածության Ոգուն, Հրաշապես բաղկացրեց շնչիս գոյությանը, Անստամբակելի կրթության սանձերի այդ երասանով Ստահակությունս հանդարտեցրեց
Եվ կամովին նվիրվելով [սուրբ] խաչին՝
Անմահական տունկի լրության ծայրը բարձրացավ
Կյանքի պտղի ծաղիկը,
Վիրավորվեց մահացու մերազնյա մարմնով217Հայտն. ԺԳ. 3 Անընդմիջելի աստվածությամբ, Դատապարտման գործիքին դրանով կյանք
տվեց, Արարչական իսկության՝ նրա վրա
Հավետ անբաժանորեն վշտացած Նյութական մարմնի հետ:
Իջավ խավար դժոխքի վայրերը՝
Իր ավարն հանեց խոտորողի կապանքներից, Եվ ասես քնի նիրհից արթնացած, Մահվան դիմեցումն իր մեջ նահանջեց, Կանգնեց, կենդանացավ աստվածորեն, Ելավ երկրից կյանքի հացն ու բանական հոտերի հովիվը218Հովհ. Զ. 35. 48, Եբր. ԺԳ. 20:
Հավատարիմ եղավ աշխարհում219Ա. Տիմ. Գ. 16
Եվ երևաց նույնությամբ, բոլորովին աննվազ, Ինչպես եկավ ամբողջական, Նույնպես և համբարձավ, Բազմեց գերունակ գահույքին՝
Նախնական պարզությամբ և արարչական փառավորությամբ:
Ում որ բարերար Աստված և բոլորի Տեր ենք ճանաչում՝
Մեծ օրը կդատի ամբողջ երկիրը արդար ընտրությամբ,
Ինքն է սկիզբը և ինքը՝ կատարածը, Նույն և առաջինը, նույն և գալիքը, Անպակաս բովանդակությամբ Թագավորելով անմատույց լույսին220Ա. Տիմ. Զ. 16:

Զ

Օրհնում ենք Հոր և Որդու հետ Նաև բխումը անբաժանելի՝ Նրանց փառակից Հոգին տերունի,
Որ ստեղծեց ամենը և կենդանագործում է բոլորին,
Որ սկզբից ևեթ շրջում էր
Համապարփակ աշխարհակալ մեգի մեջ221Ծննդ. Ա. 2, Նկարում էր, կերպավորում
Երկրատարած ծովի անբավության ամենունակ ջրերով՝
Լույսի սուրբ ավազանը
Ի կատարումն այժմյան խորհրդիս:
Նախ ստեղծեց և այժմ գործում է, Գոյացրեց և մշտապես կատարում է հրաշքներ, Սքանչելիքներ, սրբակյացների կանխատեսումներ, Աստվածային ներշնչումներ, զարմանալի զորություններ, Մարգարեներ, առաքյալներ, վարդապետներ՝ Հանճարի կրթության վարժողներ:
Հարդարեց Քրիստոսի արյան մատուցման սրբարանը,
Անձերի քավությունները, մարմինների առողջությունը,
Քրիստոսի նման ողորմությամբ կարգադրեց Մարմինների առողջություն:
Մկրտեց և՝ ջրից գերազանց,
Իրմով միայն նորոգեց ու լուսավորեց222Գործք Ա. 5, Մշտապես նույն բարեգործությամբ է զորանում:
Հորդանանի հոսանքի մեջ վկայեց Միածնի
աստվածությունը, Ամպի տեսիլով ցույց տվեց Թափոր լեռան վրա, Հոր ձայնով:
Համանման եղանակով հովանի եղավ
Հակոբի տոհմի ելքին Եգիպտոսից223Ելք ԺԳ. 21
Մովսեսի զորավարության ուղեգնացությանը Սաստիկ հողմով ընկղմեց փարավոնին224Ելք ԺԴ. 28:
Նվիրագործում է քահանաներ, իմաստուններ
կազմում, Թագավորներ զորեղացնում, Քավություն ընձեռում, Մահացածներին շնորհում է կյանք՝ Նորոգվելու հարությամբ:
Նույն ինքը մարդացած Աստծու օծումն է225Եսայի ԿԱ. 1, Մշտնջենական հավասարությամբ Երկրպագված Հոր հետ՝ ի պատիվ Որդու մեծության, Անսահման փառավորությամբ օրհնյալ հավիտյանս:
Ամեն:

Է

Դավանում ենք ուղիղ, անշեղ, անբիծ հավատով,
Ողջունում ենք մեր շրթունքի համբույրով Աստծու բնակության եկեղեցին, Անշունչ վեմերով կառուցված խորանն այս,
Որ կատարելապես զարդարված՝ երկնքից գերազանց եղավ,
Որ հենց նրանցից՝ առաքելական դասերից հիմնվեց,
Եվ խնկվեց բարձրյալի աշակերտներից, Պաշտվեց Բանի սպասավորներից:
Կյանքի այս գանձը Իր սկիզբն առավ վերնահարկ սրահից,
Այն վայրից, ուր խորհուրդը կատարվեց, Որը լցրեց Աստծու Հոգին, Նրանում զորություն փայլեցնելով Հոգեգալստյան մեծ օրը.
Նախ՝ բարետես տունը՝ նախամեծար առավելությամբ,
Իբրև օրինակ այս եկեղեցում
Սրբությունների շնորհաբաշխման,
Եվ ապա նրա բնակիչները բարեզարդվեցին նորոգ մի լույսով:
Ուր հզոր Աստծու արյունն է բաշխվում, Առավել քան մահ գուժող Հաբելի [արյունը], [Որ] սրանում մեծագոչ բարբառով Ավետում է հավերժական կենդանության բերկրանքի ձայնը226Եբր. ԺԳ. 24:
Քանի որ ոչ ոք զորություն չունի ծառայելու այս ահեղ խորհրդին,
Երկնքի տակ և արևին հանդիման, Թե չապավինի սրա թևերին,
Անգամ երկինքը չի բավարարի տերունի մարմնի այս սրբությանը,
Թե իբրև ծածկույթ օրհնության ձեղունը այս չունենա:
Որովհետև ըստ օրենքի մահվան անեծքի նա կարժանանա,
Ով այս խորանի վկայարանից դուրս Աստվածային պատարագը մատուցե:
Եվ մանավանդ արյունապարտ կհամարվի՝ Հոգու օրինակ արյունը այստեղ եթե չընծայե:
Աստ մեկ անգամ է լոկ լվացումը արյամբ Քրիստոսի227Հռովմ. Զ. 3, Որ անգիտաբար չանարգվի աստվածությունը228Եփես. Դ. 5
Կրելով մկրտությունն հավատացյալի, Մեկ անգամ է և ձեռնադրությունը Ի պատիվ լույսի օծության,
Որ անբծությանը խաբեություն չխառնվի. Մեկ է և քավությունը շնորհքով, քան ապաշխարությամբ, Որպեսզի ճշմարտությունը խորամանկությամբ
չկերպափոխվի.
Մեկ է հավատը գալիքի ընտրության, Որ հատուցումի սպառնալիքը Օտարահամբավ զրույց չկարծվի:
Մեկ է մեր երկու գոյությունների կշտամբությունը իրավացի,
Որ չկարծվի, թե բարի և կամ չար հատուցման համար
Ներքին մարդն անջատ է արտաքինից,
Որ արժանանա արքայական որդեգրության, Որպեսզի նաև երկրային մարմնի հաղորդակցությամբ Ակնհայտորեն հաստատվի առավելությունը
վերին թագավորության, Մեկ է և հույսը կենդանության՝ անեղծությունը
սրբերի, Որ ունկնդրողները առանց կասկածի հավատան:

Ը

Պաշտելի այն դշխոն՝ անշունչ եկեղեցին, Կյանք է բաշխում և իշխում է մահին, Ինչպես պտուղը Ադամի ճաշակելիք229Ծննդ. Գ. 22, Անշունչ է, բայց բանականից էլ գերազանց Հրաշքներ է գործում, որ դարձնում է կատարյալ Եվ հաստատում է վերստին,
Փառքի լույսի կերպարանքը դրոշմելով մեր մեջ:
Գրված է նաև վերին կամարի մեծության կերպը, Որ սկզբնական է, և նախակառույց Քան իր բնակիչ հոգեղեն զորքը:
Նա նոր թռիչք է նվիրում մարմնին՝ Հոգեկան ինչ-որ մի թեթևությամբ, Այս պատվավորի հարստությունով Անարգը դարձնում է հարգելի:
Ինքնակիր մեղքով չի զազրանում նա,
Եթե չար մարդիկ, անհավատները չոտնահարեն:
Նա ինչ-որ տիպ է մի զարմանալի, Որ հաղթում է մեր պատկերացումը, Անբան՝ կառուցված է բանականից,
Օգնում է նրան, ինչպես վեհագույն՝ անչափ նվաստին:
Մեծ է քան մարդը230Ելք Դ. 1-5,
Հաղթող ցուպի պես ընտրյալ Մովսեսի. Բարձր՝ առավել, քան բանականը, Ինչպես խորհրդավոր ծաղկած գավազանը՝
Ահարոնի231Թվոց. ԺԷ. 8, Եվ գերազանց է, քան մտավորը,
Ինչպես Եղիայից ու Եղիսեոսից՝ Սքանչելահրաշ արվեստով փայլած Մաշկյակը, որ գետը հերձեց232Դ. Թագ. Բ. 8:
Սրբասուն ձեռքին օգնում է կրկնակ կատարելությամբ,
Ոչ թե զինելով քարից ու հողից նյութված մարմինը,
Այլ հարազատ ու գոյակից է նա Թե զգայականներին և թե սրբերին:
Ինչպես կենդանի և անմահ վեմը233Ա. Պետր. Բ. 4 Թե կործանող է, և թե կանգնեցնող234Ղուկ. Բ. 34, Ինչպես դատավորն ամենայն հոգվոց՝
Հրաշապես օրհնող և անիծող է235Մատթ. Ե. 34. 41, Աներևույթը տեսնողի նման՝ Մեկին կշտամբում, մյուսին խնամում, Կանչում է իր մոտ, արձանագրում236Սաղմ. ՃԽԶ. 4, Որպես հրամայողն արարածներիս:
Դիմամարտներից անհարվածելի, Հավիտենական [այն] լեռը ինչպես237Սաղմ. ՃԻԴ. 1. Մեծի հրաշագործ ուռկանի նման238Մատթ. ԺԳ. 47 Հոգի է որսում.
Առանց մեղքերի ու վրիպանքի Նա Քրիստոսի հետքով է գնում՝239Եփես. Ե. 24-27 Բարձր ճոխությամբ ու բաց ճակատով, Գլուխը բարձր՝ ինչպես Գովյալը:

Թ

Եվ այնքան մեծ է իր սրբությունը՝ Աստուծո պատկերով ստեղծվածներին Զանազանում է ըստ իր կանոնի. Ընտրության բազում փորձերից հետո Սխալված մեկը թե համարձակվի Գավիթը մտնել՝ չի պղծվի [բնավ],
Այլ դժկամում է անպատրաստների թերություններից.
Նա չի նզովվում, այլ զիջանում է Շնորհի չափը չիմացողներին.
Չի վհատվում իր մեղքն համրելով, Այլ մեր գործերից մթագնում է լոկ Եվ չի թողնում, որ կրկին մոտենան, Փարվեն ոտքերին Կենդանատուի240Մատթ. ԻԸ. 6, Հովհ. Ի. 14, Ինչպե՜ս տիրական խորհուրդը անճառ Միևնույն օրը կրկնել չի լինի, Որ չապականվի անխոհեմաբար:
Նա զորեղապես կարեկցում է մեզ՝ Ազատ լինելով մեր արատներից, Դատում է անձայն, Տիրոջ հրամանով, առանց
խոսքերի:

Ժ

Նաև տապան է նա մի մաքրական Եւ երջանկագույն,
Որ պահպանում է կյանքի ալյաց մեջ մեզ՝ չխեղդվելու.
Ոչ թե բազմաթիվ անբան գազանների Եվ սակավ մարդկանց,
Այլ հավաքում է երկրայիններին ու վերիններին, Հավասարապես ամփոփում իր մեջ, Չի տրվում ջրի ալեկոծության, Այլ բարձունքներն է ելնում երկնքի:
Իբրև աշակերտ,
Որ հրահանգված է Աստուծո Հոգուց,
Խուսափում է նա նենգություններից1, Չի բողոքում նա մահու հարվածից, Բռնում տանում է կյանքի ավետման2, Ոչ թե Նոյի ձեռնարկումով է կազմվում, Այլ Հաստողի հրամանով է կառուցվում, Ոչ Մովսեսն ու Բեսելիելը, Այլ Աստուծո Միածինն է Սուրբ Հոգու հետ պատրաստում, Ոչ թե հարաշարժ կամ հարափոխ, Այլ մշտակառույց անսասան հիմքով Հաստատում է այն:
Ինչպես փայտեղեն տապանակն անխոս -

Չի տեսնում, բայց մեզ առաջնորդում է,
Իբրև անքանակ Էի կերպարանք առաջ գնալով Հանդերձյալի մեջ լուսավոր կյանքի տեղ է
պատրաստում:
Ոզիելի հետ կսատկի այնտեղ,
Թե խաչի նման հոգիների մեջ չդրոշմվի, Տեղնուտեղը, նույն պահին կսպանի՝ Երկրասիրաբար և անասնային մի լծակցությամբ Գետընթաց սայլով, իբրև մի անոթ՝ Թե վերցնեն տանեն3:
Մարմնի լեզվով չէ, այլ հրեշտակների4 Նման է խոսում:
Եվ ոչ ականջով241Գ. Թագ. Ը. 29,
Մտքի շարժումով լսում է արագ. Չունի հստակ ձայն խոսքի ու բանի, Բայց պատգամները Հիսուսի գործի Պատմում, հասցնում է բոլոր ազգերին242Ա. Թագ. Գ. 11, Չունի խոսափող ու ձայնալարեր,
Բայց և ազդում է մի աստվածային կենդանի շնչով.
Առանց ջիլերի ու ոսկորների՝
Եվ երկու հազար կանգուն լայնությամբ Ինչպես անհամար գնդից բարձրյալի, Այն եբրայական զինյալ ամբոխի վերապրած
գունդը243Հեսու Գ. 1-6 Առաջ էր գնում, այժմ նրանց հետ,
Ինչպես և նրանք, որ պիղծ են, անսուրբ, Մեղքերի աղտով այրված, հեռացած, Տաժանակրությամբ աղյուս սարքելուց ազատվածներին Ուղեկցում է նա:
Մարմնացած Աստուծո էությունն անգամ Ահա այս վեմի անունով կոչվեց, Կողի պատռումով խմեցրեց բոլորիս:
Ոչ երակների արյան ընթացքը, Այլ վերին Լույսի շառավիղները Թափանց միությամբ կենդանացնելով
Նորոգ է պահում:
Կանխանշում է
Ոչ Սողոմոնի, Զորաբաբելի հսկողությունը, Այլ իմաստությունն Ամենակալի.
Նա չի պարուրվում աննվիրագործ ու սովորական
Յուղով՝ Հակոբի կողմից244Ծննդ. ԻԸ. 18:
Այլ փառքով Մեծի և Ահավորի արյամբ է օծվում:
Երկրային նյութից տուն չէ, այլ մարմին երկնային լույսից,
Սրա զավակներին Աստված կնքում է ու ձեռնադրում,
Ոչ թե երկրածին հղացումների,
Այլ երկնային արքայության ժառանգներ է պատրաստում,
Որ իր ծոցում գրկվածներին
Աբրահամի գոգին նվիրաբերե:
Սրա հարսնության փեսան է Որդին կենդանի Աստծու
Հայրապետների խմբերն են նրա հարսնաքույրերը.
Սա կմոռացնի կռամոլության բարձունքը դիվոտ,
Քանզի ծանոթ է երկնային Աստծուն,
Ամբողջապես մերժելի են արձանները կուռքերի,
Եվ Քրիստոս է երկրպագվում նրա բոլոր քարերի մեջ.
Ակնհայտ քակտումն է անտառների ուրվական իղձի,
Քանզի աշխարհի ողջ մայրիներից Կենաց փայտի նմանությամբ Տերն այստեղ է զոհաբերվում:
[Եկեղեցին] խորտակումն է Դիվապատիր հմայական արձանների, Չէ՞ որ գովական կարկեհան քարն է245Եսայի ԾԴ. 11 Ապրող վեմերով ու գոհարներով Իր մեջ հաստատվում:
ԺԱ
Այս աստվածընկալ և չքնաղ հարկը Ազատ է ամեն ծառայությունից246Գաղ. Դ. 21-31:
Օրինակը չէ Վերին Սիոնի,
Այլ նրանով է, որ ճանաչում են ճշմարտությունը.
Ո՛չ կապված բագին կռապաշտության, Եվ կամ պատժարան օրենքի լծով, Այլ՝ պարգևարան Տիրոջ բարության, Երկրպագում ենք:
Երբեք չի սասանվում ձևափոխվելով,
Այլ փառքի նույն շուքով ընդարձակվում է. Սա երկինքն է երկնի, և՛ երկրի վրա,
Հռչակվում է նա շողարձակելով:
Ինչպես չէ հնար Քրիստոս առանց Հոր, Նույնպես առանց այս մոր արգանդի Կատարյալ Հոգի հնարավոր չէ:
Անընդգրկելին շրջում է անտուն, Եթե այս տան մեջ չտաղավարվի.
Գլուխ դնելու տեղ անգամ չունի Տերն ամենայնի247Մատթ. Ը. 20,
Թե կյանքի այս կայարանում չօթևանի:
Հպարտանում է ավելի շատ այս նյութեղեն
տնով, Քան թե երկնային վերին կամարով:
Աստվածային լույսի անբավությունը Մարգարեի դեմքի նման Օրինակն այս նույնպես ծածկեց248Գ. Թագ. Ը. 11. Եվ ինչպես փախան երեսի փայլից,
Այս նմանությամբ տաճարի մարդիկ չհանդարտվեցին,
Մեծ գովերգության տոնահանդեսին, Երբ որ դասերը բանականներիս
Ի մի հավաքված նվագերգում են, Այստե՛ղ են կրկին բաղձանքով օրհնվում, Քան վայելչական այն դրախտի մեջ:
ԺԲ
Այս մայրն երկնավոր, երկնային լույսով Ավելի քան մայրը երկրավոր, Շնչող, մարմնավոր, ինձ գգվեց որդու պես:
Նրա կրծքի կաթն արյունն է Քրիստոսի:
Եթե մեկը սա պատկերն համարի [սուրբ] Աստվածածնի՝
Օրենքին դեմ չէ:
Որպես փրկական խաչի զորության
Զարմանազան նշաններ ու սքանչելիք է հրաշագործում,
Եվ դատաստանի բեմը այստեղ է հաստատված ահա,
Սրանով է, որ խորթ բարք ունեցող հերձվածողների
Մոլեգին ճառող բերանն է սանձվում:
Նա ունի նաև իմանալի և բանական քարեր, Որոնցով անսուրբ գազանամիտներ Վտարում է նա, դարձնում տարագիր249Ելք ԺԹ. 13 Նաև աստվածներ է ծնում եղական250Սաղմ. ՁԲ. 6, Հովհ. Ժ. 34-35 Միակ Աստծու՝ Քրիստոսի պատկերով:
Եվ դարձած դեպի մեզ խոստացած Ունի և գիրն իր արևելք հայող՝ Նախ մեզ խոստացված բնակատեղի,
Կարծես թե ձեռքով նա հստակորեն մեզ ցույց է տալիս
Աստծու գալստյան ճանապարհները,
Մեզ քարոզում է փայլակի տիրական առակը251Մատթ. ԻԴ. 27, Հիշեցնում բոլոր արարածներին, Թե արևելքից պիտի հայտնվի փրկությունը մեր:
[Նա] հալածում է ցավերը, բուժում ախտաժետներին,
Հաղթահարում է բռնությունը դևերի:
Նրա արգանդը ավազանն է կենդանարար,
Եվ նրա հարսանքին առաքյալների դասերն են պարում:
Այնքան է ճոխացել բարգավաճ երանությամբ, Մինչև իսկ վայելչապես Տիրոջ անվամբ հորջորջվեց.
Լույսի Տիրամոր տիտղոս ստացավ Միածին Որդու մերձավորներից:
Նա հանդարտիկ նավահանգիստն է Խռովահուզյալ մեղավորների, Եվ վերին դասուց խրախճանարան,
Եվ տարակուսյալ հանցապարտների անվրեպ բուժարան,
Անպատմելի Երրորդությունն իր մեջ է, որ Փառաբանվում է՝ բոլորից օրհնվելով:
ԺԳ
Իսկ եթե մեկը չարության ձեռքը Հանդգնի պարզել վերին արքայության Եվ մարմնավոր գյուտ, մարդկային հնարք,
Կամ երկրակենցաղ արվեստ համարի
Ձեռակերտ տաճարի վերաբերյալ ավանդները Եվ ոչ՝ առավել կյանքի մի շնորհ և աստվածային ակնկալություն, Եվ կամ Սուրբ Հոգու հայտնած նորալույս նախագրություն, Եվ բարձրյալի երախտիքի ամենատուր լրիվություն, Եվ խնկարկված խորհրդարան արարչական
կամքի, Առաքյալների աջի բարեհանճար հիմնարկություն, Կարճ՝ երկնքի դուռ և կենդանի Աստծու քաղաք252Ծննդ. ԻԸ. 17, Եբր. ԺԲ. 22, Եվ անպարտ ողջերի մայր՝ ճշգրիտ պատկեր բանական կերպիս253Գաղ. Դ. 26, Հոգուս խորհուրդն իմանալի,
Իսկ շոշափելին՝ պատկերը մարմնիս,
Այնտեղի անճառ սրբությունները գերազանցող Մի նոր սրբություն.
Եվ Քրիստոսի փառաշուք նշանով պսակված, Այդպիսի չխոստովանողներին զրկում է իր տեսությունից Հայրն ամենակալ իր էակից Բանի ձեռքով,
Վերցնելով նրանից և փառակից Հոգու շնորհի ավանդը,
Եվ փակվելու է կյանքի առագաստի դուռը նրա առջև:
Իսկ մենք վկայում ենք այն՝ որ գրեցինք, Հավատալով մեր ասածին254Բ. Կորնթ. Դ. 13
Ի փառս և հանուն ամենակալ Երրորդության255Սաղմ. ՃԺԵ. 10, Եվ մեկ աստվածության, Հավիտյանս հավիտենից, ամեն:

Բան ՀԶ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Աստվա՜ծ ողորմած, բազմագութ, հզոր,
Ահավոր, մարդասեր, օրհնյալ, կենդանի, անճառ,
Չկա ոչ մի բան քեզ համար բնավ անձեռնարկելի,
Նույնիսկ եթե նա մեր մտքի համար լինի անհնար:
Դժնի փշի տեղ դու քաղցր պտուղ կարող ես տալ,
Սկզբնահա՜յրդ այս նոր ու զարմանալի կենաց կանոնի.
Քանզի բարիք անել ատելիին և աղոթել հալածչի համար,
Փրկություն հայցել խոցողին և սպանողին ներումն խնդրել՝
Դո՛ւ էիր, որ ընծայեցիր մեզ պտուղն այս հրաշալի,
Որի քաղցրությունն է անճառելի և անօրինակ, Քո բարեբանված կամքին հաճելի
Եվ ճաշակելի գովյալ շուրթերիդ:
Հոգի՛դ մեր երեսի և զորությունդ մեր գեղեցկության,
Դու Տե՜ր Քրիստոս, օրհնյալ ի բարձունս:
Բայց ամենավրեպ երկրածին մարդիկ Քո բարեմատույց ձեռքերին անգամ չարությամբ հատուցեցին:
Իսկ դու լինելով լույս ու լուսատու,
Չես լսում անեծք ու չես ախորժում չարից. Չես ուզում կորուստ, չես ցանկանում մահ, Չես հուզվում խռովությունից, Չես ենթարկվում ցասման, Չես հարկադրվում բարկությունից, Չես մթագնում սիրուց, Չես այլայլվում գթությունից, Չես փոփոխվում բարությունից,
Ո՛չ թիկունքդ ես շուռ տալիս և ո՛չ էլ երես ես դարձնում,
Այլ լո՜ւյս ես համակ և փրկություն ամբողջովին:

Բ

Եթե ուզենաս քավել՝ կարող ես. Եթե բժշկել՝ զորավոր ես.
Եթե կենդանացնել՝ ձեռնհաս ես. Եթե շնորհել՝ առատաձեռն ես. Եթե առողջացնել՝ հնարավոր ես. Եթե պարգևել՝ ամենալեցուն ես. Եթե արդարացնել՝ ամենարվեստ ես.
Եթե մխիթարել՝ ամենիշխան ես. Եթե նորոգել՝ ամենակալ ես. Եթե հրաշագործել՝ գերահզոր ես. Եթե վերստեղծել՝ Արարիչ ես. Եթե կրկին գոյացնել՝ Աստված ես.
Եթե հոգալ կամենաս մեզ՝ ամենատեր ես. Եթե մեղքերից կորզել՝ գթասիրտ ես. Եթե անարժանիս ընձեռել՝ օրհնյալ ես. Եթե որսացողից ազատել՝ փրկիչ ես.
Եթե շնորհներդ մեր մեջ զեղել՝ հարուստ ես. Եթե նախքան մեր խնդրելը ձեռք կարկառել՝
անկարոտ ես.
Եթե նեղվածիս լայն տեղ դուրս բերել՝ անդորրիչ ես.
Եթե հետ մնացածիս կոչել՝ խնամակալ ես. Եթե սասանյալիս հաստատել՝ վեմ ես. Եթե ծարավյալիս հագեցնել՝ աղբյուր ես. Եթե ծածուկներն երևան հանել՝ լույս ես. Եթե օգտակարին ինձ ծանոթացնել՝ բարի ես. Եթե արատներն անտեսել՝ երկայնամիտ ես. Եթե փոքրիս հետ դատի չմտնել՝ բարձրյալ ես. Եթե ծառայիս ձեռք տալ՝ ստեղծող ես.
Եթե աջովդ պաշտպանել՝ հոգածու ես.
Եթե վհատածիս դարման մատուցել՝ կերակրող ես.
Եթե անգետիս մտքին հագուրդ տալ՝ վարդապետ ես.
Եթե քեզ դիմողիս ընդունել՝ ապավեն ես.

Գ

Արդ, այս բոլորը քո ձեռքումն են լոկ, Տե՜ր ողորմության,
Ոչ միայն գրված, այլև կատարված ու գլխավորված,
Ո՜վ առաջամարտիկդ համբերության նահատակների մեջ,
Որ իմ փրկության համար՝ հզորաբար հանդես
եկար ճակատամարտի ասպարեզում,
Որպեսզի գոռոզ մարմնիս բռնության կարծրությունը դու
Վշտի և տառապանքի վարժություններով կակղացնես:
Մեր բնության հատուկ տույժի տագնապը տաժանագին
Քո անմեղորեն չարչարված մարմնով չափեցիր դու,
Որպեսզի այն քո մեջ որպես օրինակ ունենալով՝ Գթությունդ մեր նկատմամբ առավելապես ցուցաբերես, Օրհնյա՜լ հավիտյանս. ամեն:

Բան ՀԷ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Օրհնյալ և լուսանորոգ օր է256Զաք. ԺԴ. 7 մեծ պասեքի ուրբաթը սարսափելի,
Երբ եղան երկու արդարակշիռ ընտրությունները սասանած բոլոր արարածների՝
Վերածելու նրանց անփոփոխելի ու երկնակենցաղ մի այլ էության,
Բարձրացածներին խոնարհեցնելով ու վեր հանելով ընկածներին:
Եվ բարեպատեհ ժամն եկավ հասավ,
Գրելու ինձ այս նվագն ողբաձայն՝ զվարճախառն երկյուղով.
Չարչարանքներիդ մասին եմ ուզում խոսել այժմ ես,
Որոնք կրեցիր դու իմ փոխարեն, Աստվա՜ծ բոլորի:

Բ

Կանգնեցիր իմ կերպարանքով՝ ստեղծածիդ ատյանի առաջ
Չխոսեցիր դու՝ տվիչդ խոսքի,
Չբարբառեցիր՝ ստեղծո՛ղդ լեզվի, Ձայն չարձակեցիր՝ սասանիչդ երկրի, Չմռնչացիր՝ ամենաազդու փո՛ղդ մեծաձայն, Ո՛չ երախտիքովդ հանդիմանեցիր
Եւ ոչ էլ նրանց իրենց չարությամբ պապանձեցրիր.
Չմատնեցիր դու նրանց ամոթի, որ քեզ մատնեցին մահվան տանջանքին.
Չդիմադրեցիր, երբ կապեցին քեզ, ոչ էլ նեղացար, երբ ապտակեցին.
Չնախատեցիր, երբ թքեցին ու չխռովեցիր, երբ բռունցքներով խփեցին քեզ,
Չսրտմտեցիր, երբ կատակեցին, չխոժոռվեցիր, երբ ծաղրեցին:
Պատմուճանը քո վրայից հանեցին, իբրև տկարից
Ու դարձյալ հագցրին, իբր կալանավոր անզերծանելի:
Եթե լեղիով խառն քացախը չխմեր կամա նա երկու անգամ,
Չէր թափվի մաղձն իմ նախկին դառնության:
Համտես արավ նա հուսահատությամբ ու մի
կողմ տարավ տարակուսանքով.
Առան նրանից այն մոլեգնաբար և տվին դարձյալ անպատկառորեն.
Եվ խառնիճաղանճ ամբոխի առջև գանահարելով նրան սաստկապես՝
Խիստ անարգանքի դատապարտեցին.
Ծնրադրեցին՝ ծաղրելու և պսակ դրին հեգնելու համար:

Գ

Հանգիստ չտվին կենդանարարիդ,
Այլ պատրաստեցին քեզ համար գործիք, որ կրես:
Ընդունեցիր այն իբրև երկայնամիտ, առար իբրև հեզ,
Ու վերցրիր այն որպես համբերող,
Եվ շալակեցիր փայտը վշտալից, իբրև հանցապարտ:
Տարար ուսամբարձ այդ զենքը կենաց, զերթ հովտաշուշան,
Որ գիշերային արհավիրքներից պահպանես դու մեր՝ քո ձեռքով կերտված գահը մարմնեղեն՝
Դատապարտության վայրում, որպես թե խրախճանքի մեջ:
Դուրս հանեցին քեզ որպես ողջակեզ.
Կախեցին, ինչպես Սաբեկա խոյը, որին քարշ տվին իր եղջյուրներից.
Տարածեցին խաչի սեղանի վրա իբրև պատարագ,
Բևեռեցին որպես չարագործի, կապկապեցին իբրև ապստամբի
Երկնավոր խաղաղությանդ՝ իբրև ավազակ, Անկապտելի մեծությանդ՝ իբրև խղճալի,
Քերովբեներից պաշտվածիդ՝ իբրև քամահրելի, Կենաց պատճառիդ՝ իբր արժանավոր՝ սատակիչ
մահվան, Ավետարանի նկարչիդ իբրև օրենքի հայհոյիչ,
Մարգարեների Տիրոջդ ու կատարելությանդ՝ իբրև գրվածքներն համառոտող,
Փառքի ճառագայթներիդ և Հոր անքնին խորհուրդների կնիքիդ1 իբր հակառակորդ ծնողիդ կամքին,
Իսկապես օրհնյալիդ՝ իբրև տարագրյալ.
Օրենքի կապն արձակողիդ՝ իբրև այր նզովյալ2, Սպառող կրակիդ3 իբր հաղթահարած մի կալանավոր, Ահավորիդ երկնի և երկրի՝ իբրև հավաստի
պատժապարտ, Անմատույց լույսով պարածածկյալիդ՝ իբրև հողածին մի ձերբակալված:

Դ

Ո՜վ դու քաղցրություն և երկայնամիտ բարերարություն,
Գթառատ ողորմածություն և Տե՜ր բոլորի, Որ ինձ՝ ապերախտ և անօրեն ծառայիս համար Այդ ամենը կամավորապես և սիրահոժար հաճությամբ
Հանձն առար այն մարմնովդ, որ միացրիր քեզ՝ քո աստվածային էությանը,
Եվ մինչև քնարանը շիրմի՝ անպակաս լրությամբ,
Ամբողջական նույնությամբ մնալով Աստված անքնին՝
Կրեցիր դու նույն նախատինքները՝ անճառելի համբերությամբ,
Եվ ապա դարձյալ հարություն առար՝
Ինքնիշխան բարձրությամբ ու պսակված լույսով,
Աննվազ մարմնով և անթերի աստվածությամբ, Օրհնյա՜լ ես փառքով, գովված գթությամբ Եվ բարեբանված միշտ ողորմությամբ Հավիտյանս հավիտենից. ամեն:

Բան ՀԸ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ, հողանյութ կերպարանքովս ընկնելով երեսն ի վայր,
Եվ ծնրադրական երկրպագությամբ գլուխս խոնարհած՝
Ողորմած բարեգործիդ կենդանարար ոտքն եմ համբուրում
Եվ այս աղոթքն եմ ընծայում մեծիդ:

Բ

Աղաչում եմ քեզ, միա՜կ խնամակալ, մարդասեր, գթած,
Կեցուցիչ, հզոր, այցելու, պաշտպան,
Թող ի զուր չանցնեն ինձ համար մարդացած Աստծուդ փրկարար չարչարանքները, Ոչ էլ ընդունայն՝ մատնության գիշերը թափած
քրտինքիդ կաթիլն արյունախառն. Թող չստվերանա երախտիքը լույսիդ, Որ ձրիաբար, առանց փրկանքի պարգևեցիր
ինձ՝ թշվառացածիս.
Թող չջնջվի շնորհներիդ ավետիսը,
Որ քո կողքից բխած կայլակները նորոգեցին. Թող անօգուտ չլինեն չարչարանքներիդ պտուղները, Որ մատուցեցիր ինձ՝ կարոտյալիս.
Թող չպարծենա արտաքսված բանսարկուն, Ինձ՝ ստեղծածիդ սեփականելով.
Հաղթիր քո կամքով չարի իղձերին,
Թող դարձյալ ապշի մի անգամ արդեն զարհուրածը,
Թող կրկին դատապարտվի իսպառ դատապարտվածը,
Մի՛ խնայիր խոսքդ ազատարար,
Որ ինձ՝ ստեղծածիդ ընծայելով քեզ, նորից քեզ դարձնի:
Ցույց տվիր անճառ բարերարությունդ՝ հուսահատության չսպասված ժամին,
Երբ բոլորովին կտրված արդեն և օտարացած էր շարժումը կենդանության:
Մեռար անմահդ և նորոգեցիր մահացածներին. Համաձևության օրենքի կարգը եթե փոխեցիր257Այսինքն՝ եթե փոխեցիր օրենքի այն կարգը, որ հանցանքի չափով էր պատժում..., Ուրեմն դյուրինն ու հեշտագույնը, առավել ևս
հնարավորը մի՛ արգելիր դու, Ո՜վ սկզբնաձիրդ ողորմածության,
Բարեմիտ, օրհնյալ և երկայնամիտ թագավոր:
Ներգործի՛ր խոսքով քո ամենազոր, Որով առաջին օրը դու լույսն ստեղծեցիր,
Եվ ես անմիջապես դեպի լա՜վը պիտի փոխվեմ. Եվ եթե ինքս ջանադիր չեղա հետևել լույսիդ՝ Դո՛ւ ել ինձ այցի, հայրական լույսից ծագած
ճառագայթ:
Թող կանչվեմ քեզ մոտ վնասապարտ ծառաս՝ Քեզանից շնորհ և ողորմություն գտնելու համար.
Պարտքերս հատուցելու համար ժամանակի երկարաձգման կարիք չկա,
Շնորհ արա ինձ՝ տառապյալիս տեսնելու երեսդ-

Լույսդ՝ խավարում վհատ սրտերի:
Արգելի՛ր, փակիր այն ճանապարհը, որտեղից զեղուն բարիքները քո
Խույս են տալիս միշտ իմ հիշողության տեսողությունից.
Քո միշտ մնայուն գանձերի շնորհն ամենապայծառ պահիր ինձ համար,
Որ ես դառնալով ընտիր, պատվական՝ քո՛նը անվանվեմ՝
Պաշտպանված քեզնով, անսահմա՜ն բարի:

Գ

Փութա՛ ինձ շուտով ողորմել, գթած, աղաչում եմ քեզ,
Ողորմի՛ր հզոր, կրկի՛ն ողորմիր:
Մի՛ փոխարկիր դու չարիքներս երկունքի ցավերի, ո՜վ համակ բարի,
Մի՛ վերցնիր վտանգվածիս քո կողմից պարգևված շնորհը.
Մի՛ խլիր փչումն ամենաօրհնյալ հոգուդ.
Մի՛ լուծիր խնկելի կնիքն արքունական քո պատկերի:
Սրբված սրտիս մեջ թող չհայտնվեն մեղքերի փշեր:
Մի՛ խզիր քեզ հետ սիրույս ամրապինդ կապը միության.
Մի՛ զլանար ինձ լեզվի ճարտարություն՝ վայելուչ ու ճոխ ճառելու համար.
Մի՛ պակասեցնի արժանիքն աջիս, որպեսզի լույսիդ մասունքը բաշխեմ:
Մի՛ գրիր ծանր մահացու մեղքերս կյանքի դպրության քո մատյանի մեջ.
Մի՛ պահիր, մի՛ համարիր իմը, Մի՛ հիշեցնի, մի՛ ամաչեցնի, Մի՛ նախատիր, մի՛ ոտնահարիր, Մի արձանագրիր մեղկություններս, Մի՛ կորստաբեր գործերս ամբարիր,
Մի՛ որպես մեղադրյալ ամբաստանիր ինձ, Մի՛ աճեցնի ինձ հետ ծառն անեծքների, Մի՛ արձակիր իմ մեջ վնասակար սաղարթ.
Մի՛ ընձյուղիր մեղքերի ծաղիկ և մի՛ թողնի, որ պտուղ բերի նա.
Մի՛ դնիր իմ առաջ պարտքերիս թուղթը:
Մի՛ թվիր երկնաստեղծ մատներիդ ճյուղերի վրա՝ գործած մեղքերս.
Մի՛ ահեղորեն ընդդիմախոսիր՝ անօրենությունս հիշատակելով.
Մի՛ հանձնիր կամքիս հոգուս ավանդը՝ գերեվարելու.
Մի՛ փառավորիր ինձ այստեղ, որպեսզի այնտեղ չդատապարտես.
Անցավոր կյանքի այս նվազագույն, սին հաճույքներով՝
Մի՛ տուժել տա ինձ՝ հավիտենական բարիքներն անբավ.
Մի՛ չափիր փառքը անվերջանալի՝ այս ժամանակի կարճատևությամբ.
Մի՛ գրավ դնի կյանքըդ անարատ՝ իմ վշտահառաչ հովտի փոխարեն.
Մի՛ փոխանակի քո անճառելի լույսը՝ մթամած այս ստվերի հետ.
Մի՛ թողնի մտքիս երասանը դու, որպեսզի չերթա՜մ զարտուղի ճամփով.
Մի՛ համարիր բավ հանգստիս համար՝ կամուրջն աշխարհի.
Մի՛ պահիր հովիտն իմ խոհեմության ստվերի ներքո, որ հանդերձյալում չհրապարակվեմ:
Եթե ամբարես չար գործերս անթիվ, կմեռնեմ ողջ-ողջ.
Եթե սրտիս մեջ շտեմարանես՝ այժմվանից անբոց պիտի այրվեմ.
Եթե անօրեն արարքներս դու քննության առնես՝
Առանց քո առջև ելնելու՝ պիտի հալվեմ ես իսպառ
Եթե մեղքերս թողնես, որ ինձ հետ տնկակից աճեն՝ նրանցով պիտի մաշվեմ, սպառվեմ:

Դ

Ի՜նձ նայիր, զորե՛ղ ամենակարող,
Որ չարություններս փախուստ տան ինձնից, և գա քո բարին փոխարինելու:
Հրամայիր, գթա՛ծ, խնամակալ, գովյալ, լո՜ւյս անշիջելի,
Որ զորությամբդ անհուն նորոգվի հաստատապես
Բնական կառուցվածքն անդամների՝ մարմնեղեն իմ տան,
Որպեսզի այնտեղ անհեռանալի բնակվես բազմած
Եվ հանգստանաս հաճո տենչանքով՝ քեզ հետ իմ հոգու ամուր միությամբ:
Ապականությունն իմ մեղքերի իսպառ հեռացնելով,
Անարատությա՜մբ վերակազմես ինձ,
Ամենակեցույց թագավոր անմահ, Տե՜ր Հիսուս Քրիստոս,
Օրհնյալ հավիտյանս. ամեն:

Բան ՀԹ

Սրտի Խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Հիշի՛ր, Տե՛ր գթած և արդարասեր, Աստվա՛ծ ճշմարիտ.
Նայի՛ր վերստին քո ստեղծածին, որ սխալական է իր բնությամբ.
Զննիր ինձ դարձյալ՝ շրջանառությունն իմ արյան, ահա՛,
Որ տարածվում է ամեն ուղղությամբ:
Մոտեցիր դու ինձ բժշկի նման Եվ տե՛ս, որ մարդ եմ խակամիտ, թերի իմ խորհուրդներով, Ինչպես որ ինքդ վկայեցիր258Ծննդ. Ը. 21, չեղածներն անգամ
տեսնող սրտագետ, Դո՛ւ միայն անմաս՝ ստության մութին:
Ապա ուրեմն իրավացի է, որ դասվեմ կարգն այն մեղավորների,
Որոնք իբրև երկրածին մարմին մահականացու Վրիպել են մարդկորեն սխալվելով և դատապարտված են կրկնապես,
Քան թե ուզենամ՝ խոսքդ սուտ դուրս գա:
Քանզի արդարև դու ինքդ էլ գիտես, Թե չար է ի բնե մեր ծնունդն արդեն և ընդաբույս է չարությունը մեր, Եվ մեր խորհուրդներն անփոփոխ են միշտ,
Ըստ հոգեհանճար իմաստունի կանխազեկույց առակի:

Բ

Թեթևացրո՛ւ սաստկությունն այն տանջանքների,
Որոնք պատրաստված՝ սպասում են ինձ՝
Գեհենի որդուս հավիտենական մահվան համար զարդ դարձնելու ընդմիշտ.
Վերացրո՛ւ մեջտեղից մեղքերս ամոթալի, Որոնք պահված են՝ վերջին ատյանին հայտնի
դառնալու թշվառականիս:
Ընծայի՛ր խրատդ խաղաղարար259Եսայի ԾԳ. 5 նախապարգև քո ողորմությամբ,
Որպեսզի ահեղ անտանելիներն իր մտքի առաջ չպատկերանան,
Կենարար զղջման փոխարեն՝ անհույս ապշության առաջ կանգնեցնելով ինձ,–
Դատաստանն ահավոր և դատավորն անկաշառ ու անխաբելի,
Սոսկալի ամոթն ու կշտամբանքը սարսափելի, Հանդիմանությունն անխուսափելի,
Տագնապն անճողոպրելի, Պակուցումն անխրախուսելի, Դողումն անվերջանալի, Լացն անսփոփելի, Ատամնակրճտումն անբժշկելի, Ապականությունն անողջանալի,
Սարսափելի անեծքն աստվածային խոսքիդ, Փակումն գթության և արգելումն ողորմության:
Կգալարվի երկինքն այն ժամանակ, Եվ կդղրդվի երկիրն իր հատակով
Խռովահույզ ծովի բազմակուտակ կոհակների պես,
Որոնք փախչում են նախ խուճապահար, Ապա դառնալով մեկ-մյուսի վրա՝ Խափանում են խոլ ընթացքն երկուստեք ու
կանգ են առնում:
Եվ լայնատարած գետինը այնժամ տարուբերվելով ու տատանվելով՝
Թնդագին բախմամբ կցնցի ուժգին իրենց հիմունքից
Լեռները բոլոր ու փուլ բերելով՝ կհարթի նրանց:
Կհալվեն համակ ու կհրդեհվեն քարեղեն նյութերն ու տարրերն ամեն.
Կայլայլվի երկինքն անեղծանելի մի փոփոխությամբ,
Եվ արարածներն իրենց տարերքով կառնեն մի նոր ձև ու նոր կերպարանք:
Ծածուկ գործերը կհրապարակվեն, ու կհայտնվեն մեր կրքերն անտես.
Մեր վարքն ու կենցաղն ու ներքինը ողջ՝ Պարզ կնկարվեն մեր մարմնի վրա:
Երկնի թագավորն ատյան կնստի՝ հատուցման վճիռն իր ձեռքում պատրաստ:
Ուստի և ահա՛, վա՜յ ինձ յոթն անգամ՝ կրկին եղկությամբ,
Չափով ու կշռով այս նույն համրանքի,
Որը թվերի անբավություն է պարփակում իր մեջ260Հմմտ. «Նարեկ», ԳԼ. ԼԱ:
Ի՞նչ պիտի անեմ ողբալի հոգիս՝ այդ մեծ օրվա մեջ ամենաահեղ.
Քանզի առաջուց հիշելն ավելի սաստիկ է, քան թե հանդիպել նրան:
Ոմն մարգարե261Ամովս այդ տագնապալից փախուստի խուճապն անզերծանելի
Պատկերացնում է մեզ առակավոր այս օրինակով,
Թե՝ մի մարդ փախչում է առյուծի ձեռքից, Եվ պատահում է նրան արջը.
Եվ երբ արջից էլ խույս տալով հասնում և մտնում է տուն,
Եվ ձեռքը հենում է պատին՝ օձն է խայթում նրան262Ամովս Ե. 19-20:
Եվ ապա, ավելի սաստկացնելով տեսիլն այդ քստմնելի,
Ավելացնում է դարձյալ ասելով.-

«Ո՞չ ապաքեն խավար է Տիրոջ օրը»,
«Օր խավարի և մութի, օր ամպի և մառախուղի»263Սոփոն. Ա. 15:

Գ

Երբ կենակից պահապան հրեշտակը՝ հզոր ոստիկանն264Սաղմ. ԼԳ. 8 իրավամբ կամբաստանի,
Եվ ահավոր հատուցողը կհանդիմանի արդարությամբ,
Թագավորի սպասավորները կաճապարեն առանց խնայելու՝
Ոմանց կյանքի հրավիրելով և ոմանց դատապարտելով ամոթի,
Ոմանց ծիծաղկոտ և ինձ ահարկու ու քստմնելի երես ցույց տալով,
Ոմանց լուսապաճույճ պսակներ մատուցելով Եվ այլոց՝ վճիռ մահվամբ կորստյան. Արդարներին ավետավոր լուր և ինձ գույժ
տխուր՝ անվերջ վշտերի:
Մինչդեռ բարիների համար կմեռնի իսպառ մահվան հաղթանակը,
Ինձ՝ չարագործիս համար կմնա ընդմիշտ տևական.
Դուռ բախելն այլևս ի զուր կդառնա, Ու կդադարի գութն իմ նկատմամբ265Մատթ. ԻԵ. 11-13:
Զարմանահրաշ գրքերն երբ բացվեն,
Ուր գրված են մեր մինչև հիմա ծածուկ մնացած բոլոր
Գործերը պես-պես այս կյանքում վարած մարդկային բնության,
Որի համար և գոյություն առան էակներն ամեն, Այնժամ յուրաքանչյուր մարմնի վրա իսկույն
երևան կգան լրիվ դրշոմված Եվ երկրավորներիս հասկացողության հանդեպ
կնքված ու փակված բոլոր Անպատմելի խորությունները, և մեր աչքի
առաջ կպատկերանան266Հայտն. Ի. 12:
Այստեղ է, որ ողբ ու արտասուքով գնվում է երկինքը:
Իսկ այնտեղ նրանք իբրև ուշ մնացած ունայնություններ՝ կարհամարհվեն ու կմերժվեն.
Այստեղից նախօրոք չառաքված հեծեծագին հառաչանքները
Այնտեղ լսելի չեն լինի երբեք.
Կշեռքով ցանված ողորմությունները պայծառ ճրագով ճամփա չեն բանա267Բ. Կորնթ. Թ. 6.
Այնտեղ տապանը նախահանցավորների և կտակարանը տիրանարգների
Եվ ահավոր նշանն հիմիկվաններիս՝268Այսինքն՝ խաչը, քրիստոնյաներիս
Հանդես գալով՝ մեծաձայն պիտի դատախազեն:
Այդ նույն սոսկալի վայրում՝ Մեկը հայրենի հաղորդության ուխտը,
Մեկն էլ անտեսների վկայության խորանը, Մյուսը՝ մեծագործ արյունն Աստուծո Իբրև իրավացի ամբաստանողներ՝ իմ առջև պիտի տարածեն:
Բազմապիսի տանջարաններ ես ինքս անձամբ այստեղի՛ց իսկ պատրաստեցի ինձ համար,
Այլևս ինչպե՞ս հուսակտուրս մխիթարվեմ:
Զի եթե նույնիսկ լուսեղեն զորքերն արդարների հետ,
Որոնք փառավորված են երանությամբ, սարսում են ու դողում
Եվ սիրտ չեն անում նայել ահավոր դատաստանին,–
Ես՝ եղկելիս, ավանդակորույս սատակման որդիս, որտե՞ղ կմնամ,
Ես, որ ոչ միայն չպիտի լինեմ պսակի արժան, Այլև պատուհասն իմ անտանելի և կորուստս
պիտի լինի անսպառ:

Դ

Բայց դու շտապիր, ամենապարգև, անճա՜ռ զորություն,
Փրկարար ձեռքդ երկարելու ինձ՝ կորստյան մատնված գերուս,
Որպեսզի քեզնով օգնություն գտած՝ կրկին ետ դառնամ դժոխքի դռնից
Եվ բոլորովին ամենապատրաստ՝ պատիժներից զերծ մնամ, անվտանգ:
Գալիքներն այստեղ մտքի աչքերով նախատեսելով,
Բավ համարելով լսել տագնապած՝ տանջանքների ձայնն ահեղահամբավ,
Քո բարի կամքով ազատվեմ իսպառ և չմատնվեմ առյուծների կորյուններին,
Որոնք խնդրում են քեզանից՝ տալու ինձ իրենց որպես կերակուր,
Խժռելու գազանային ատամներով, Որպեսզի լցնելով որովայնը մահվան՝ Այստեղ պարարվածիս քաշեն ու հալեն այնտեղ, Ուր պահվում են անսպառ մնացորդ մթերքները՝ Հավիտենապես լափվելու համար:
Քանզի դո՛ւ միայն կարող ես կորզել այդ սպառիչ ժանիքներից
Եվ տանել դեպ կյանք ու երանություն,
Ապավե՜ն բոլորի՝ լույսի թագավոր Տեր Հիսուս Քրիստոս,
Օրհնյա՜լ հավիտյանս. ամեն:

Բան Ձ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ, այսքան հուսահատությունների և ահարկու սրտաբեկության,
Ահաբեկիչ սաստկությամբ աստվածային բարկության ենթարկվելուց հետո,
Թախծալից ոգով, իսպառ տագնապած՝ Քեզ եմ աղաչում, սուրբ Աստվածածին, Հրեշտակ մարդկանց մեջ, մարմնատեսիլ քերովբե, Երկնավոր արքայուհի.
Անխառն, ինչպես օդ, մաքուր, ինչպես լույս, Անշաղախ՝ նման բարձր արուսյակի պատկերին
պայծառ, Գերազանց, քան սրբությունների բնակարան
անկոխելի, Խոստացված դու վայր երանավետ, Եդեմ շնչավոր, Անմահ կենաց ծառ՝ բոցեղեն սրով պարունակված1,
Բարձրյալ Հորից զորացած և հովանավորված, Հանգստությամբ Հոգու պատրաստված և մաքրագործված, Բնակությամբ Որդու հարդարված և տաղավարված269Ղուկ. Ա. 35, Հոր համար միածին և քեզ՝ անդրանիկ,
Որդիդ՝ ծնունդով և Տերդ՝ արարչությամբ, Անաղտ մաքրությանդ հետ և՛ անբիծ բարի, Անարատ սրբությանդ հետ և՛ բարեխոս խնամակալ, Ընդունի՛ր աղոթքն այս աղերսալից քեզ դավանողիս, Եվ այն ընծայիր Աստծուն իբրև պաղատանքը
քո, Խառնելով նրան՝ մեծիդ մատուցված իմ պաղատալից ներբողն առաջին.
Հյուսիր, միացրու դառն հեծությունն իմ մեղավորի
Քո երանելի և նվիրական խնդրվածքի հետ, Կյանքի տունկդ դու օրհնված պտղի, Որպեսզի քեզնից միշտ բարերարված Եվ ապավինած մաքուր մայրությանդ ու լուսավորված՝ Ապրեմ ես Քրիստոս Որդուդ միածին և Տիրոջդ
համար:

Բ

Օգնի՛ր թևավոր քո աղոթքներով, ո՜վ խոստովանված մայրդ ողջերի.
Որ երբ դուրս ելնեմ այս երկրի հովտից, Առանց տանջալից չարչարանքների գնամ դեպի
կյանք, Դեպի պատրաստված օթևաններդ:
Թող թեթև լինի վախճանն իմ, զի ես ծանրացել եմ խիստ անօրենությամբ,
Օրն իմ տագնապի դարձրու ինձ համար տոն ուրախության,
Դու, որ բուժեցիր երկունքն Եվայի:
Խնդրի՛ր, աղաչիր ու բարեխոսիր, Զի անճառելի մաքրությանդ համար հավատում
եմ ես՝ խոսքդ կընդունվի:
Արցունքով օգնիր դու վտանգվածիս, գովյա՜լդ կանանց մեջ.
Ծնկաչոք խնդրիր հաշտությանս համար, ծնո՜ղդ Աստուծո.
Հոգատար եղիր թշվառիս հանդեպ, խորա՜ն բարձրյալի.
Ձեռք տուր ընկածիս, տաճա՜ր երկնային. Եվ փառավորիր Որդուդ քեզանով, Որ աստվածորեն հրաշագործե ինձ ի քավություն և ողորմություն, Ո՜վ դու Աստուծո աղախին և մայր. Բարձրանա պիտի պատիվդ ինձանով
Եվ փրկությունն իմ՝ ցույց տրվի քեզնով:

Գ

Եթե ինձ գտնես, տիրամա՜յր, Թե ինձ ողորմես, սրբուհի՛, Թե կորուսյալիս շահես, անարա՛տ:
Եթե խրտնածիս խնամարկես, երջանի՛կ,
Եթե ամոթահարիս առաջ տանես, բարեշնո՛րհ, Եթե միջնորդես հուսահատվածիս համար, մի՜շտ
սուրբ կույս, Եթե մերժվածիս ընտանեցնես, Աստծո՛ւց մեծարված, Եթե ցույց տաս ինձ գթությունդ, լուծի՛չդ
անեծքների, Եթե տատանյալիս ամրապնդես, հանգի՛ստ,
Եթե հուզումներս ու խռովքներս հանդարտեցնես, խաղաղարա՛ր,
Եթե մոլորյալիս մի ճար գտնես, գովյա՜լ,
Եթե ինձ համար մտնես ասպարեզ, մահվա՛ն նահանջիչ,
Եթե դառնությունս անուշացնես, քացրությո՜ւն,
Եթե բաժանման արգելքը քանդես, հաշտությո՛ւն,
Եթե անմաքրությունս վերացնես, եղծմա՛ն ընդոտնիչ,
Եթե փրկես ինձ՝ մահվան մատնվածիս, կենդանի՜ լույս,
Եթե իմ լացի ձայնը կտրես, բերկրությո՛ւն, Եթե խորտակվածիս կազդուրես, կյանքի՛ դարման,
Եթե կործանվածիս մի ակնարկ գցես, հոգելի՛ց, Եթե ողորմությամբ ինձ պատահես, նվիրակա՛ն
կտակ, Օրհնյալդ միայն երջանկալեզու անբիծ շուրթերից, Ահա կաթիլ մի կուսությանդ կաթից
Մեջս անձրևելով՝ կյանք է տալիս ինձ, Ո՜վ դու մայր բարձրյալ Տիրոջդ-Հիսուսի, Երկնի և համայն երկրի արարչի, որին ծնեցիր
դու անճառորեն, Բովանդակ մարմնով և ամբողջովին իր աստվածությամբ, Որ փառավորված է Հոր և Սուրբ Հոգու հետ
Էությամբ համակ և անքննությամբ մեր բնության հետ միացած,
Ամենայն է նա և ամեն ինչում, Երրորդությունից մեկը,
Նրան փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն:

Բան ՁԱ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Աստվածածնի մաղթանքների հետ ընդունիր, ո՜վ բարեգութ,
Ե՛վ աղերսագին խնդրանքներն, ահա՛, անմահ, լուսակերպ հրեշտակների,
Որոնք ինձ համար մաքուր բերանով գոչում են անլուռ
Հանապազօրյա բարեխոսությամբ:
Բարի են նրանք բարերարիցդ միշտ բարեգործված,
Եվ ամենիշխան Էիդ հրամանով ստեղծված՝ հավետ անընդել չարին:
Նրանք բարձրյալիդ զորքերն են հզոր՝ խոսքիդ միշտ պատրաստ.
Սուրբ են ու մաքուր, անարատ, օրհնյալ, Վայելուչ, հաղթող և անպարտելի, Եվ արագաշարժ՝ մտքի տեսության ընթացքի
նման:

Բ

Բարեխոսներ են նրանք, մատակարար և խնամակալ,–
Աշխարհիս այգում արմատավորված
Եվ երեք երկար ու ձիգ տարիներ դատարկ մնացած,
(Որ հավերժական ժամանակն է պարունակում իր մեջ՝
Անցյալը, ներկան ու ապառնին),
Այն թզենու, որ պտղազուրկ էր, պաճուճված միայն սին սաղարթներով,
Որ ճիշտ պատկերն է թշվառ մարդկության:
Նրանք մեր շուրջը դեգերում են միշտ, կարեկցելով մեզ Եվ ուզում են, որ լինենք բախտավոր.
Եվ կենդանությամբ հավիտենական՝ աղոթում են մեր փրկության համար,
Այս խոսքն ասելով՝ «Քո ձեռքի գործը մի՛ անտեսիր դու»:
Արդարև մերն է այս աղաչանքը,
Բարերար Աստծուդ կողմից մեզ համար՝ նրանց սահմանված.
Զի նրանք ստեղծված են խոսքով,
Իսկ մենք ձեռքով ենք ստեղծագործված:
Նրանք հատուցման ահավոր դատաստանին
գալու են որպես վկաներ՝ Միածնիդ հետ՝ ճշմարտաբան դատախազներ լինելու երկրայիններիս հանցանքներին,
Եվ ահավորի ատյանի առաջ՝ իրավախնդիր՝ Հաշվետու պիտի լինեն մեզ համար.
Թեև այնտեղ էլ մեզ կարեկցելով՝
Հնչեցնեն պիտի իրենց մշտանվեր երգն հառաչաձայն.–
«Ողորմիր, ո՜վ Տեր, դո՛ւ ստեղծեցիր, դու մի՛ կորցնի»:

Գ

Արդ, անմահների գոհաբանության խնդրանքների հետ
Մեր հեծություններն էլ հոտոտիր, Արարի՛չ ամենայնի,
Որ քո գթությամբ գերազանցում ես երկնայիններին ու երկրայիններիս,
Զի դու ես բարերարում թե՛ մեզ և թե՛ նրանց:
Եվ արդ, անախտներն այդ ահա՛, Հրակերպներն հրաշատեսիլ, մաքուրներն
անխառն, Անմեղներն ու բոցեղենները, հոգեղեններն ու
անհաղթները, Շնորհիվ իրենց անարատ բարեզարդության,
Բարձր ազնվության ամենազարգացած առավելությամբ
Եվ գերափայլ ու ճոխ գիտությամբ,
Որպես ջերմեռանդ աստվածասիրության ինքնաբուն տապի
Անցուրտ ջերմությամբ ջեռուցանողներ,
Իրենց պես և մեր սառը սրտերի անբորբոք շիջումն են հրահրում հար,
Որպեսզի նրանք այրվեն անաղոտ՝
Մեծախորհուրդ սուրբ սեղանի վրա՝ այս խորանի մեջ,
Առանց նիրհելու և դանդաղելու, սպասելով միշտ
Ամենաստեղծիդ կեցուցիչ կամքի երանելի հրամաններին,
Աստծուն միացած անբաժանելի՝ քերովբեական առաքինությամբ:
Պետություններ են նրանք երկնավոր, Եվ զինվորներ են ահավոր, անբիծ, Երկնավոր Աստծուդ պաշտոնյաներն են ազատազնյա, Լուսեղեն ամպիցդ շողերի ցոլքեր:

Դ

Ուստի հողեղեն մեղավորիս էլ մարդասիրաբար ողորմիր, Հիսո՛ւս,
Աղաչանքներովն իմ հրեշտակի, դարձնելով ինձ, Տե՛ր,
Դեպի քո բարի, լուսավոր ճամփան,
Որպեսզի հոգուս ավանդը, որի պաշտպանությունը նրա տեսչությանը վստահացար,
Որը նա քեզնից ընդունեց այստեղ, այս աշխարհում դեռ,
Ինձնով բերկրալից և ուրախ սրտով, քեզնից օրհնված,
Անմեղադրելի, խնդալից դեմքով ու կենսազվարթ՝
Քեզ՝ անհաս փառքով բարձր արքայիդ, Հավերժ կենդանի հրեշտակներիդ ամենաուրախ
խրախճանքներում Ընծայաբերի, գովյա՜լ ողորմած:
Քեզ՝ անքննելուդ, Հոր և Հոգու հետ անհաս և անճառ
Վայելում են փառք, պատիվ, երկրպագություն հավիտյանս. ամեն:

Բան ՁԲ

Սրտի խորքերից խոսք Աստոծո հետ

Ա

Տե՜ր Աստված բարերար, բազմապարգև թագավոր,
Կենաց պատսպարան, լուսո կերպարան, լայն հանգստարան.
Որ մեղավորիս համար մարմնացար,
Անպատում գործեր կատարեցիր դու ու շատ հրաշքներ,
Մինչև հասցրիր կատարելության՝ մարդեղությունդ
Քո ամենալիր աստվածության հետ:

Բ

Արդ, հանուն երկնաստեղծ ձեռքովդ ձեռնադրված
Եվ քո Սուրբ Հոգով օծված սրբազան առաքյալների,–
Որոնց արժանի գովեստն ես արի մի այլ գրվածքում, ըստ կարողությանս270Ակնարկություն՝ «Ներբողյան գովեստի ասացյալ ի համորեն,
Քո փառքի համար, Տե՜ր ամենայնի,–
Ի՛նձ էլ ողորմես, հիշելով սերըդ, որին դու նրանց արժանացրիր:
Նրանցով ելքի շավիղ ցույց տուր ինձ դեպի երանությունը փափագելի:
Նրանց հովվության բարի ձայնը թող քաղցր հնչի ինձ, զերթ կենաց ողջույն:
Անեղծ փրկության հույսի մեջ ե՛ս էլ բաժին ունենամ՝
Կյանքի առաջնորդների հետ,
Պատվի այդ շնորհն առաջին անգամ ստացողների,
Փառավորյալ խմբերի, Բանական գետերի, Բարձրաձայն ավետողների, Պանծալի իշխանների, Լուսապայծառ թագով պճնվածների,
Զորավոր շնորհի անկապուտ զարդով պայծառացածների,
Տիրական լույսի զվարթարար յուղով կատարյալների հետ:

Գ

Եվ արդ, ո՜վ բարձրյալ Քրիստոս Աստված, Մեծ պատվիրանիդ աշակերտների հետ,
գունդս առաքելոցն երկոտասանի» իր ճառի, որը գրել է նախքան «Մատյան ողբերգութ.»:
Հարգելով նրանց աղոթքներն հաճո և ընդունելի,
Եվ արյունընծա, վաստականվեր ու քրտնակնդրուկ
Աղերսանքները նահատակությամբ ընտիր ճանաչված մարտիրոսների,
Որոնք մահացու և մշտաչարչար մարմնով իրենց,
Վտանգավոր և ամենակիր անդամներով, Երկրավոր և հողազանգված բնությամբ Բոլոր նյութեղեն գոյությունների ու տարրերի
հետ կռիվ մղելով՝ Պսակվեցին, բարձրացան և կենդանացան հոգեպես, Եվ արիաբար ելնելով երկրից, ըստ մարգարեի271Եղիայի (Բ. Թագ. Բ. 11),
Դարձան ճշմարիտ վկաներ ամենափորձ մահվան,
Եվ աշխարհում իսկ նրանք նկատել կարողացան պարզ՝
Իմանալի, անտեսանելի ու ծածուկ,
Բայց և աներկբա հույսով տեսնվող բարիքներն ամեն.
Նրանք՝ աշակերտ և չարչարակից առաքյալներին,
Իրենց գործերով, կատարյալ լրմամբ նրանց հավասար՝
Պարում են հիմա խրախճանքներում, անսահմանափակ երանության մեջ,–
Ընդունիր և ի՛նձ, որպեսզի ես էլ նրանց պես ընդմիշտ
Հաստատվեմ քո մեջ անեղծ փրկությամբ:

Դ

Նրանց հետ, որոնք արյունով ներկված՝ անցան կրակի ու սրի միջով՝
Կան քեզ հետևող, Որդի՛դ Աստուծո, և սրբակենցաղ հայրեր մենակյաց,
Որոնք անպարտելի քաջությամբ և անպատիր զգաստությամբ
Արիաբար մարտնչելով դժնյա և գոոռոզ մարմնի բռնության դեմ,
Անմարմին Բելիարին հալածեցին.
Եվ աշխարհային կյանքի ասպարիզում, մշտամարտ մրցությամբ,
Առանց ծանրաբեռնվածության տաղտկության, Լայնածավալ աշխարհի ալեծուփ ծովից Թռցնելով թեթև հոգիներն իրենց մարմնի ծանր
տապանակով՝ Նավահանգի՜ստն հասան կյանքի.
Եվ, որպես վերին վիճակի սիրահարներ, առանց հետինների վրա մտածելու272Փիլիպ. Գ. 13,
Հաղթանակի թագն իրենց գլուխը դրին համարձակորեն,
Պճնված իսկապես պայծառ ճոխությամբ:
Այդ սուրբ հայրերի աղոթքներով արժանավոր և խնդրանքներով նվիրական,
Նրանց հետ՝ քեզ մոտ ընդունիր նաև ինձ՝ մեղավորիս:

Ե

Արդ, վերոհիշյալ երջանիկների փառաբանական աղերսների հետ,
Որոնք ինձ համար են գոչում, բարձրյա՜լ, քեզ ի հաճություն,
Ահա ես էլ իմ անմաքուր խոսքերն եմ խառնում՝ այնպես,
Ինչպես քաղցրության հետ տրված դառնություն,
Կամ փուշ՝ փափկության հետ, Տգեղություն՝ վայելչության հետ, Տիղմ՝ գեղեցիկ մարգարտի հետ, Կամ հող՝ զուտ ոսկու հետ,
Կամ անարժեք քարեր՝ պայծառ արծաթի հետ, Բացասություն ճշմարտության հետ, Կամ ատամնառու ավազ՝ հացի փափուկ զանգվածի հետ:
Արդ, լսիր, հզո՛ր, ձեռնհաս, գովյալ, Նրանցը ինձ համար, իմը՝ նրանց, Նրանց ի գովեստ, ինձ ի փրկություն՝ քո փառքի համար, Ամենագութ, բարերար, օրհնյալ և երկայնամիտ,
Կարող, անքնին, անեղծ, անստեղծ և անճառելի, Քոնն են պարգևներն ու շնորհները, Դու ես սկիզբն ու պատճառը բոլոր բարությունների:
Չե՛ս դատապարտիչ, այլ ազատարար. Չե՛ս դու կորուսիչ, այլ գտնող.
Չե՛ս մահացուցիչ, այլ ապրեցնող. Չե՛ս տարագրիչ, այլ ժողովող. Չե՛ս մատնիչ, այլ փրկող.
Չե՛ս ընկղմիչ, այլ վեր հանող. Չե՛ս գլորիչ, այլ կանգնեցնող. Չե՛ս անիծիչ, այլ օրհնող.
Չե՛ս վրիժառու, այլ ներող.
Չե՛ս թշվառացուցիչ, այլ մխիթարող. Չե՛ս ջնջում դու, այլ գրում ես.
Չե՛ս սասանեցնում, այլ հաստատում. Չե՛ս ոտնահարում, այլ սփոփում.
Չե՛ս հորինում դու պատճառներ մահվան, այլ հնարներ ես փնտրում կենաց.
Չե՛ս ձգտում սատակեցնելու, այլ՝ փրկելու ողորմածաբար:
Չե՛ս մոռանում այցելությունդ, Չե՛ս լքում բարին.
Չե՛ս արգելում գթությունդ.
Չե՛ս տալիս վճիռ կորստյան, այլ ազատության կտակ:
Չե՛ս թշնամանվում առատաձեռնությանդ համար,
Եվ շնորհներիդ համար չես բամբասվում. Չե՛ս հայհոյվում պարգևներիդ համար, Եվ ձրի ընծաներիդ համար չես նախատվում. Չես անգոսնվում երկայնամտությանդ համար, Եվ ներելուդ համար չես պարսավվում.
Չես բանսարկվում բարությանդ համար,
Եվ քաղցրությանդ համար չես անպատվվում. Չես արհամարհվում հեզությանդ համար:
Եվ սրանց համար ոչ թե տրտունջներ,
Այլ անլռելի գոհաբանություններ են առաքվում քեզ:
Վերցրու մեղքերս, հզո՛ր. Լուծիր անեծքներս, օրհնյա՜լ. Քավիր պարտքերս, ողորմա՛ծ. Ջնջիր հանցանքներս, գթա՛ծ.
Օգնիր ինձ մատովդ, և իսկույն պիտի լինեմ կատարյալ.
Ի՞նչ կա քեզ համար, Տե՛ր իմ, սրանցից ավելի դյուրին,
Եվ մեղապարտիս համար ավելի կարևորագույն:
Ուստի քո ստեղծած պատկերիս վրա, ո՜վ բարեխնամ, Կենդանագրի՛ր դու նորոգող դարձյալ և լուսավորող, Մաքրագործ շնորհիդ փչումն շնչի,
Բազմամեղ հոգին իմ պաշտպանելով:

Զ

Մի՛ արագացնի, ողորմա՜ծ, կարճ ժամանակում, օրս տարաժամ,
Որ չլինի թե անպաշար ու ձեռնունայն ընկնեմ ես երկար ու անվերջ ճամփա.
Մի՛ տար ինձ բաժակ դառնությամբ լեցուն՝ ծարաված ժամին.
Մի՛ փակիր իմ դեմ հաջողությունը հոգևոր օգտիս,
Եվ հանկարծադեպ ասպատակների նման ահավոր՝
Թող չպատահի մահվան գիշերն ինձ.
Տապը տոթակեզ, անպատրաստ պահին, թող
չկտրատի արմատներս ու չչորացնի,
Ոչ էլ լուսնական դիպվածները թող վրաս հասնելով՝ գաղտնի վնասեն.
Թող իմ մեջ մեղքի սառույց չպահվի,
Ոչ էլ աշխարհիկ կյանքի ուղխերի հոսանքները ինձ ողողեն, տանեն,
Թող որ հանգիստն ինձ մահ չբերի,
Եվ ոչ էլ նինջը սատակման առաջնորդի. Թող քունն ինձ կորստյան պատճառ չլինի, Եվ ոչ էլ նիրհը ապականություն առաջ բերի. Թող որ վախճանը անպատեհ ժամի չարշավի
վրաս, Եվ ոչ էլ շունչս վեր բարձրանալիս՝ ցած ընկնի
ինչ-որ արգելքի առած:

Է

Դո՛ւ ես Տեր, դո՛ւ գթած, դո՛ւ բարերար, Դո՛ւ երկայնամիտ, դո՛ւ ամենակարող, Դո՛ւ անճառորեն զորավոր՝ ամեն անհուսության, Քավելու, փրկելու, կենագործելու,
Լուսավորելու և վերստին ամրացնելու, Գազանների գիշատիչ ժանիքներից կամ վիշապների ատամներից ի կյանս կորզելու, Խոր անդունդներից բերկրալից լույսին բերելու, Եվ մեղքի հորձանքներում խեղդվելուց ազատելով՝ Երջանիկ արդարների հետ փառքով բազմեցնելու:
Ամենայն հոգի ակնկալու հույսով քեզ է սպասում՝ կարոտ քո շնորհին,
Թե՛ երկնայինները և թե՛ երկրավորները,
Թե՛ մեղքով ընկածները և թե՛ արդարությամբ ոտքի ելածները,
Թե՛ տեր, թե՛ ծառա, թե՛ տիրուհի և թե՛ աղախին.
Եվ քո ձեռքումն է բոլորի կենդանական շունչը:
Եվ քեզ՝ Հոր և Սուրբ Հոգու հետ՝ փա՜ռք հավիտյանս. ամեն:

Բան ՁԳ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Բարձրյալ անքնին, զորություն ահեղ, Տեր արարածոց,
Թագավոր երկնի, ստեղծիչ հրեշտակաց, մտքի գոյարան,
Հաստիչ հրեղենների, հոգիների բարի պետ, Ապավինության աջ, հանգստավետ անդորրություն, Լուսալիր տեսություն, պայծառություն բերկրալից, Երանության ճամփա, կեդանության պատճառ, Բանականության առիթ, Անվտանգ փրկություն, Առաջնորդ խաղաղության,
Պարիսպ ամրության, պահպանության պատվար, Ցանկապատ բոցեղեն՝ մեծագույն օրհնություն273Զաք. Բ. 5, Անոխակալության սահման,
Այս ողբերգության մատյանում գրված խոսքերովն իմ խոստովանական՝
Մարդկային ազգի մեր թշնամիներին նույնպես բարությամբ հիշիր,
Եվ տո՛ւր կատարյալ քավություն նրանց և ողորմություն:
Մի՛ բարկանար, Տեր, դու նրանց վրա, որպես սրբերին բամբասողների,
Դեպ ինձ ունեցած մեծ սիրույդ համար և իմ պատճառով,
Այլ իբրև չարեր կշտամբողների և իրավաբար նախատողների՝
Ների՛ր նրանց հանցանքները:
Թե՛ ես, թե՛ նրանք եթե միասին ելնենք քո առաջ, ով արդարադատ,
Գուցե և ոմանց մեղքերը մեր դեմ շա՜տ սակավ լինեն
Եվ բամբասանքները՝ իրավացի.
Իսկ իմ՝ դեպի քեզ, ամենապարգև, ուխտազանցության օրինակները
Բազում են, անթիվ և անկշռելի:

Բ

Արդ, նայելով, Տեր, անարգիս վրա, հիշի՛ր մեծությունդ.
Եվ երբ քեզանից բարիք խնդրեմ ես իմ ատողներին,
Դու նրանց համար, որ քոնն են դարձյալ, ըստ քո մեծության,
Հրաշապես անճառ բարիքնե՛ր գործիր:
Չսատակեցնես ինձ խայթողներին, այլ ուղղի՛ր
նրանց, Գջլելով խոտան բարքերն երկրային,
Բարիներն արմատացնես դու թե՛ իմ և թե՛ նրանց մեջ:
Մանավանդ որ դու լույս ես ու հույս, Իսկ ես խավար ու խենթ.
Դու ի բնե բարի ու գովելի,
Իսկ ես՝ չար համակ ու ապիկար, Դու Տեր համորեն երկնի և երկրի, Իսկ ես չեմ իշխում շնչիս և հոգուս Դու բարձրյալ ազատ՝ կարիքներից զերծ, Իսկ ես ենթակա տաժանքի, վշտի.
Դու վեր երկնային կրքերից բոլոր, Իսկ ես կավ անարգ ու գարշելի.
Դու հար կմնաս անհասանելի բարձրության վրա, ըստ մարգարեի,
Իսկ ես, ըստ նույնի, կկորչեմ ընդմիշտ. Քո մեջ նենգություն կամ խավար չկա,
Իսկ ես, որ ավանդն իմ չպահեցի, այդ բոլորն էլ եմ:
Հանի՛ր ինձ բանտից, արձակի՛ր կապանքներից, Պոկի՛ր ինձ պրկող իմ շղթաներից, Փրկի՛ր խեղդվելուց,
Ազատի՛ր տագնապներից, քանդի՛ր երկաթներից,
Հա՛ն ինձ պաշարումներից, դուրս բեր երկմտությունից,
Հանգստացրու նեղություններից.
Փարատիր վշտերս, սփոփիր տխրություններս, Հանդարտեցրու խռովություններս, Ամոքիր լացս, ցրիր հեծություններս, Հեռացրու ինձ իմ ողբերից ու կազդուրիր լալուց, Աստվա՛ծ ողորմության և պարգևատու քաղցրության, Հզորիդ արյան գնով փրկվածիս անտես առնելով՝ զուր մի՛ կորցնիր.
Կանգնեցրո՛ւ դու ինձ, որ բազմավտանգ հիվանդությունից մահվան ա՜փն եմ հասել:

Գ

Ահա՛ բարդվեցին և կուտակվեցին ընդունայն անցած տարիներն իմ ողջ
Ա՛յն օրից, երբ որ աշխարհ եկա ես, որպես անպիտան,
Դեռ անդաստանից իմ մոր արգանդի՝ մեղքերի դժնիկ փշեր ծլեցնելով.
Մի՛ լինիր ինձ խայթոց խոցոտիչ,
Ինչպես որ եղար Հուդայի տոհմին և կամ Եփրեմի զավակի համար274Ովսեե Ե. 12:
Եվ քանզի հոգուս մեջ բարեսերմ ցորենի փոխարեն
Խայթող, թունավոր ու թմրեցուցիչ խոտեր բուսցրի ու տնկեցի ես,–
Ըստ գրոց խոսքի՝ Ավետարանից էլ առաջ ասված,–
Ինչպե՞ս չկոչեմ անձն իմ գարշելի դաշտ ու անդաստան՝
Խեղդված՝ մեղքերի անիծաբեր փշերով:
Արդարություն չսերմանեցի ես, ըստ Ովսեի, Էլ ինչպե՞ս պիտի հնձեմ կենաց բերքն ու այն
հավաքեմ, Մաքուր իմ հոգու կուսական ստինքները թառամեցին, Ինչպես որ մարգարեն Իսրայելի համար է
ասում, Բայց դու կարող ես, Տեր, նրանց կրկին նախկին
տեսքը տալ:
Հուդայի մոլի բարքի համաձայն
Ընդարձակեցի կամքիս մահիճը հոմանի դևերի համար275Եսայի ԾԷ. 8.
Քո ձեռքն է դարձյալ ամփոփել այն, Տե՛ր, նույն զգաստությամբ:
Եթե մարմնապես կցորդությունը տեսնողի հետ պոռնիկին դարձրեց անբիծ, անարատ276Ովսեե Ա. գլուխ,
Իսկ դու, փրկությո՛ւն, միանալով ինձ հոգեպես՝ կրկի՛ն կմաքրագործես:
Եթե արեգակն այս անկենդան,
Որ ստեղծել ես դու մատակարար մեր երկրի համար,
Ցամաքեցնում է ճահիճների ցեխն ու խակ պտուղներ է հասցնում,
Իսկ դու ստեղծի՛չդ ամենայնի, Հոգիդ Աստուծո, Ո՜րքան ավելի պիտի կարենաս չարիքների
տիղմն աղտեղի Եվ մեր մեղքերի աղծապիղծ թարախն իսկույն
սպառել:
Դրա համար է, որ ես խոսքերիս կարգին շտապեցի
Թշնամիներիս համար նույնպես բարին հայցել քեզանից,
Որպեսզի մահապարտությամբ հեռացված հանցավորիս
Չգցե՛ս հզորիդ ամենախնամ աչքից, օրհնյա՜լ գթություն:
Արդ, կենագործիր ամենամեղիս՝ մարմնիս անդամներով, հոգուս բնության հետ,
Որպեսզի ես միշտ քեզ վրա խորհեմ:
Բարեգործներին բարիք խնդրելը օրենք է բնության,
Եվ մենք այդ բանը անում ենք կամքով մեր անբռնադատ:
Քանզի արդարև այդ մի պատվերդ կարող է ամեն հասակ կատարել,
Իսկ երկրորդի գործադրումը նույն սիրով հոգատար՝
Նշանակում է նմանվել Աստծուդ:
Այդ իսկ պատճառով գերադասեցի թշնամիներիս բարիք ցանկանալ,
Քան երախտավոր բարերարներիս համար աղերսել:

Դ

Եվ արդ, մեկի տեղ կրկնակի անգամ հիշիր դու նրանց,
Որոնք անարժանիս քո բարձրագույն անունով ընդունեցին.
Եվ տուր դու նրանց, Տե՜ր ամենառատ, բարերար և անոխակալ,
Վարձը արդարի և մարգարեի277Մատթ. Ժ. 41,
Թեպետև զուրկ եմ ես բոլորովին արժանիքներից,
Բայց նրանք ըստ իրենց հավատքի և հուսալիր ակնկալության,
Ողջամիտ կամքով են նայում ինձ պես պատժապարտ գերուս,
Որպես թե հոգուս փակ պահարանում կեցուցիչ մասունքդ ունենամ լրիվ:
Եվ դու անսահման գթությամբ մոտենալով մեղավորիս,–
Որ անկարող է պահվել քո տեսողությունից Եվ կամ խույս տալ կշեռքից ուղիղ, անխաբելի,–

Մաքրե՜ս, որպեսզի չխայտառակվեմ մեծ դատաստանում:
Եվ ինչպես որ ինձ ուզում են պատվել վայելուչ շուքով սիրելիներդ քո անվան համար, Կրոնավորի զգեստիս բարեձևությանը նայելով, Անգիտակ գաղտնի իմ արատներին՝ երանի են
տալիս եղկելուս,-

Դո՛ւ էլ, հնարավո՜ր, ամենապարգև, օրհնյալ
մարդասեր, Ողորմո՜ղդ բոլոր արարածներին հավասարապես, Ամենաթշվառիս հեծության համար հաշտվիր
նրանց հետ, ըստ իրենց հավատքի, Ընծայիր նրանց, տուր որպես պարգև մեծությունդ անեղծ Եվ քո պսակը հավերժ անթառամ՝
Ամեն ինչ քննող ու պարզաբանող մեծ դատաստանի վերջին օրն ահեղ:

Ե

Ահատնում ու անվատնելի գանձերի մեծ ու փրկարար
Գրավականն ես դու ստրուկիս համար ու սովյալիս,
Եվ մենք այդ գանձերն հոգուդ երկնքի ի գործ դնելով՝ հարստանում ենք խոսքիդ համաձայն278Ղուկ. ԺԹ. 13:
Տեղ սահմանիր ինձ հանդարտ ջրի մոտ279Սաղմ. ԻԳ. 2,
Ամրացրո՛ւ իմ մեջ, անփոփո՜խ, հաստատուն վստահություն.
Կարգիր ինձ համար, օրհնաբանվա՛ծ, անկասկածելի հույսի ամրություն.
Տուր ինձ, ամենախնա՛մ, անաչառ պաշտպանություն,
Սասանյալիս՝ բարի անդորրություն, Տարակուսյալիս՝ լուսո ապավինություն, Ողբալուս՝ մեծ երջանկություն, Վհատյալիս՝ կենաց օգնություն, Լքյալիս՝ հաստատուն օժանդակություն, Նահանջածիս՝ անսայթաք վերընթացություն:
Զի քոնն են բոլորն, ու դու ես տվիչն ամենայնի. Եվ քո ձեռքով է բաշխվում այն ամենն, ինչ
անհրաժեշտ է մեր կյանքի համար:

Բան ՁԴ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Երկնավո՛ր արքա, բարձրյալ թագավոր, Տե՜ր դու բոլորի և ամենքի հույս, Արարիչ տեսանելիների և հոգեղենների հաստիչ, Պատճառ եղածների և կազմող լինելիների,
Տվիչ լույսի, առիթ առավոտի, պատրաստիչ վաղվա,
Երևացնո՛ղ երեկոյի, հորինող խավարի,
Արվեստավոր բարեհնար, իմաստության գործիչ,
Քավարան օրհնյալ, հալիչ մեղքերի, հալածիչ ցավերի,
Լուծիչ դառնության, պահպանարան հանգստի, Հնարիչ նիրհի, կարգավորիչ քնի, պարգևիչ
նինջի,
Կարգավորիչ շնչառության, զգայության տևողություն,
Ցրիչ ցնորքների, բարեկարգիչ անուրջների, փոխարկող զարհուրանքի,
Փոփոխիչ տխրություն, խափանիչ խայթումների,
Կասկածների փարատիչ, ծփանքների հանդարտիչ,
Ահաբեկություն խարդախների, դևերի հարվածիչ,
Ախտերի փախուցիչ և ընկղմիչ գայթակղությունների:

Բ

Պաշտպանի՛ր ձեռքովդ երկնաստեղծ, Զորացրո՛ւ աջովդ բարձրացած, Ամփոփի՛ր թևերովդ ամենակալ, Ծածկի՛ր խնամքովդ աստվածային, Ամրացրո՛ւ վերնայիններիդ վերակացությամբ, Շուրջանակի պարսպիր անմահներիդ գումարտակներով, Ընդդիմամարտին իմ վանիր զվարթուններիդ
զինվորներով, Պատսպարի՛ր սասանյալիս Աստվածածնիդ
մաղթանքներով, Անդրանիկներիդ բանակներն ինձ բարի պահապան կարգիր:
Բաց արա աչքերիս հետ նաև տեսանելիքները մտքիս,
Զգաստացրու շնչիս հետ նաև դանդաղությունը ծանրաբեռն իմ կրքերի,
Վերացրու թանձրամած հիմարությունն իմ զգայարանքների, Տե՛ր,
Վերցրու թանձրությունն իմ ծածկույթի280Մարմնի, միա՛կ բարեգործ:
Լույսը բացվելիս՝ ողորմությունդ էլ ծագիր ինձ վրա,
Եվ արևի հետ՝ քո արդարության արեգակը թող մտնի սիրտս նեղ.
Փառքիդ ճառագայթը մտքիս խորհրդարանում թող ջահավորվի.
Եվ խաչակնքումը խաչիդ՝ մարմնիս և հոգուս մեջ թող տարածվի՜ համասփյուռ:
Քեզ եմ հանձնում այսօր քո հորինած տաղավարը՝
Այնտեղ բնակվող պահապան հոգուս հետ միասին.
Զի դու ես Աստված անքնին,
Ամենակարողդ ամենքի համար և ամեն բանում բովանդակապես,
Օրհնյա՜լ հավիտյանս. ամեն:

Բան ՁԵ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ քանզի զվարթ արթնությունը մեր նինջ ես համարում,
Իսկ լռությունը խոր թմրության մեջ՝ ի քեզ ունեցած
Ուղիղ հավատքի համար՝ աչքերի ակնթարթ բացություն,–
Ուստի հոգուդ իմաստությամբ ուղղի՛ր հաջողվածքն իմ ձեռնարկածի,
Որի համար ահա աղոթում եմ ես մաղթանքներիս հեծեծագին ձայնով:
Զորացրու ինձ, Տե՛ր, ճգնավորական բարենպատակ իմ վաստակի մեջ,
Կարեկից եղիր իմ տկարությանն ու թեթևացրու սկիզբն աշխատանքիս:
Արագացրու առաջադրված այս ձեռակերտս, մշտապե՜ս կարող,
Դյուրացրու նրա ընթացքը դեպի ավարտում լրիվ:
Բերկրությամբ հասցրու ինձ գործի վախճանին, Արա՛ այնպես, որ ժամանակին հասնեմ նպատակիս, Ուղեկից եղիր իմ ճանապարհին,
Բարձր թռիչքով դեպի օգտակարն ինձ շտապեցրու,
Աջ կողմս կանգնիր ամենածանր վտանգի դեպքում,
Լսեցրու ձայնդ անձկությանս պահին, Կորստյան ժամին ձեռքովդ փրկիր, Ներգործիր մատովդ, երբ որ նեղն ընկնեմ. Հարթիր արգելքներն ամենաչար խափանման, Հոգեղենիդ առաքմամբ, ինչպես Ամբակումին,
ի՛նձ էլ ճար արա, Խոսք շնորհիր ինձ ատյանում, կանգնած՝ բազմության առաջ, Իմաստություն դիր իմ մեջ, երբ դեմ-հանդիման
կանգնեմ քննության:
Կամքիդ ամպով հովանի եղիր ինձ հրաշապես, Ու հանդարտեցրու քո կենաց փայտով մրրիկն
իմ ծովի, Սանձիր երկրային կենցաղի պատկերը քո հրամանով.
Զի եթե դու, Տե՛ր, ողոմությունդ կամենաս ցույց տալ,
Կոհակներն այդ լույծ կարծր կլինեն ավելի, քան քար,
Իսկ եթե զլանաս խնամքդ ցամաքում՝
Ամուր գետինը, որպես անկայուն, փուլ կգա իսկույն մեր ոտքերի տակ:

Բ

Ընդունի՛ր, Հիսուս, ձեռնարկությունն այս պաղատանքներիս՝ քեզ ի հաճություն,
Եվ ամենակասկածելի սայթաքումն իմ փոխարկիր մեծ վստահության:
Ինչպես ջրհեղեղի ամենակործան դարում, Ովքեր գետնի հարթ տարածության վրա
ապրում էին անհոգ, առանց երկյուղի, Ողորմությունիցդ զուրկ մնալով՝ կորստյան
մատնվեցին.
Իսկ հովանավոր լաստի երերուն հատակի վրա Գթածիդ անվամբ ապավինվածներ պահպանվեցին,-

Այդպես, նրանց հետ և ինձ մշտերեր աղաչավորիս Մարդասիրաբար ազատիր և տար դեպի խաղաղ
նավահանգիստ:
Հոգևոր շահի վարձն ինձ հետ բերելով,
Եվ իմ բազմաթիվ և ստորաքարշ մեղքերս թողած,
Քո առակավոր խոսքի համաձայն, քեզ եմ գալիս, Տե՛ր,
Միանալով քեզ հավերժ անբաժան, օրհնյա՜լդ համակ:
Եվ կցորդելով այս մաղթանքներին հոգեղեններն ամենամաքուր
Մարտիրոսների հետ այն հողեղեն, որոնք փորձվեցին հրով ու ջրով,
Եվ մեր փոխարեն խնդրեցին քեզ այս աշխարհից ելնելիս,
Եվ մեզ հիշատակ թողին օգտակար,–
Մեզ ձայնակցելով, միայն ասեն՝ թող լինի՛, լինի՛:

Բան ՁԶ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Բազմազանորեն շարահյուսված այս հառաչագին ու տխրաթախիծ ողբերի փոխարեն
Ողորմի՛ր բոլոր հոգիներին դու, թագավո՛ր գովյալ և երկայնամիտ,
Եվ առավել ևս նրանց, որ չունեն կենաց փրկության ակնկալություն,
Ինչպես և նրանց, որոնք ննջեցին ի մահ անպատրաստ՝ յուղի պակասից հանգած լապտերով:
Ուստի և հիշի՛ր, Տեր իմ գթառատ, և այդ պատճառով տուր ինձ իրավունք,
Թե ի փառս ահավոր և սքանչելի մեծիդ՝ Մարդու կազմվածքը բաղադրեցիր դու իրար
հակառակ տարբեր տարրերով՝ Մեկը ծանր և մյուսը թեթև, մեկը սառն և մյուսը ջերմ, Որպեսզի մենք այդ ներհակություններն հարթ
պահելով միշտ՝ Նրանց համերաշխ հավասարությամբ կոչվենք
արդար:
Եվ այսպես, առաքինաբար, երբ հոգու հետ բարձրանանք,
Չմոռանանք և մեր խոնարհությունը կավի վերաբերմամբ
Եվ ընդունենք պսակ ճգնավորական:
Եվ սակայն, ուխտազանց եղանք այս կանոնի դեմ,
Զիջելով կառուցվածքին մեր հողեղեն՝ անասնորեն սողալով կպանք երկրին՝
Մեկն իր ախտերով, մեկն անգթությամբ, Մյուսն ամենաբաղձ կերակուրների իր մոլությունով, Որպես մշտաբույծ գազան շարունակ կապված
մնալով մեր բնության հետ:
Պատահում է մերթ, որ մեկը այդ չորս տարրերից մեր մեջ,
Անողոքելի, անզուսպ սլացքով ոստնելով ի դուրս,
Ամբարտավանում է վայրենապես:
Եվ այսպես եթե տաքանանք մենք քո սիրո ջերմությամբ,
Մեր մեջ գտնվող բոցի նշխարով,
Ցուրտը առընթեր և կենակից նրան՝ կասեցնելով այն, ընդմիջում է բարուն:
Եթե էությամբ հրեշտակային օդաճեմ դեպի քեզ թևել ուզենք,
Այս առաջնաստեղծ հողեղեն նյութի ծանրությունը հոծ
Մեզ քաշելով՝ կխափանի մեր թռիչքը իսկույն:

Բ

Արդ, ամեն կողմից պարտված ու լքված, Որպես ապիկար, հաշմված՝ մերժվեցի, կորա,
քշվեցի.
Եվ մաշված իսպառ բազում մեղքերից ի մահ գլորվեցի.
Որի համար էլ պարգևներից զուրկ՝ ողորմության կողմն եմ նայում,
Եվ ամոթահար երեսով ե՛ս էլ, որ տեր եմ ամեն տեսակ մեղքերի,
Աղերսում եմ քեզ բոլոր կենդանի մեռյալների հետ,
Զի կարող ես միշտ մի հնար անել ինձ նման մեռած ու կորածներին.
Ամեն ինչի մեջ զորավոր ես դու.
Եվ մանավանդ որ կարենալուդ հետ՝ և՛ կամենալն է քեզ ախորժելի:

Գ

Եվ արդ բարգավաճ ու կենսանորոգ շնորհներն այս երկու,–
Կամենալն ու կարենալը իրար մոտ գալով, Կվերանա անհույս վհատությունը բոլոր մեղավորների Եվ կգա այնժամ, կհասնի շուտով հոգիներ բուժող Քո հրամանի լույսն ավետավոր, Տե՜ր ամենայնի,
Օրհնյալ հավիտյանս. ամեն:

Բան ՁԷ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ ահա, քանզի այս ողբերգության կտակը համեստ հասել է իր ավարտին,
Արա՛ այնպես, Տե՜ր, որ ինքնանախատ կշտամբանքների այս խոսքերիս հետ
Վերջ գտնեն նաև ու դադար առնեն սովորություններն իմ չար:
Դու ինքդ հուսադրեցիր դատապարտյալիս, ասելով՝
«Հայրս չի ուզում, որ կորչի մեկն իսկ այս փոքրիկներից»,
Եվ դարձյալ, թե՝ «Հորս կամքն է, որ չկորցնեմ բոլոր ինձ հանձնվածներին»:

Բ

Ահա՛ օրհնված ես դու գթության մեջ, Բարեբանված միշտ՝ քաղցրության մեջ, Խոստովանված՝ երկայնամտության մեջ, Եվ ճանաչված ես այցելության մեջ.
Քարոզված Տեր ես դու փրկության մեջ, Եվ ներբողված ես առատության մեջ,
Պատվված ես պաշտպանության մեջ, Փառավորված ես փրկության մեջ, Երկրպագված՝ անբավ բարձրության մեջ, Պաշտված ես անքննության մեջ, Գովյա՜լդ միակ՝ հաղթության մեջ, Հռչակված՝ հզորության մեջ, Խնկավորված ես ողորմության մեջ, Համբուրված՝ անճառ հեզության մեջ, Ճաշակված ես դու խոնարհության մեջ:
Եվ քեզ հետ նաև ծնողդ երկնավոր՝ Աստված բոլորի մխիթարության,
Ընդ որում և Սուրբ ու Բարի Հոգիդ,
Դու, որ սահմանեցիր չանտեսել ընկած գրաստը թշնամու
Եվ անբանությամբ սայթաքած մարդուն:
Հզորիդ ինձ ցույց տված երախտիքներն ու
առաքինությունը մեծիդ՝ Փառաբանողներն անվերջ անդադար տոնում
են բարձրում, Որոնց հետ, ուշադրությանդ արժանացնելով և
այս ձայնն աղերսական՝ Ընդունե՜ս այն դու մարտիրոսների պաղատանքներով, Իբրև հաճելի և անուշ բուրմունք,
Եվ այս հաշտարար խոսքի փրկանքով՝ Պարտքերը նախնյաց և աներևույթ վերքերը բոլոր, Հոգին ու մարմինը մահացնող միջիններով ու
վերջիններով,
Ներքիններն ու արտաքինները, դրոշմներն ու բիծերը281Միջին՝ ներկա, վերջին՝ ապագա, ներքին՝ հոգեկան, արտաքին՝ մարմնական և մյուսները:
Եվ հատվածների խարանները ողջ բժշկիր, ամենակարո՛ղ,
Ողորմությանդ դեղերով ջնջելով ու մաքրելով Բազմապիսի խայթվածքների հետքերը ամեն, Որոնք քեզ համար հաճելիների հետ նմանապես Ցույց կտան նաև գարշելիները մեր բնության
մեջ:

Գ

Եվ եթե հասնեմ խորին ծերության քո առաջնորդությամբ՝ մահվան արժանիս,
Մի՛ լքիր ինձ տկարությանս մեջ և մի՛ անարգիր մազերս սպիտակ,
Մի՛ կորացնիր կործանվածին և կքյալին մի իջեցնի,
Մի՛ ցած բերի խոնարհվածին և առկայծյալին հողմի շնչին մի՛ մատնիր,
Մի՛ բաց թողնի դեդևողին և մի՛ մրսածին՝ անվերարկու
Թող չմնա տագնապյալն անդարման, ոչ էլ խարխլված տունը՝ անխնամ.
Թող չանպատվվի պատկերն հնացած, և պարարտությունը չանհամանա.
Թող որ չանարգվի շուքը շնորհի, և հնությունը չքամահրվի,
Թող չալեկոծվի հոգուս նավն, ու հույսի երկարությունը չկտրվի,
Թող ուղղալարը չխզվի, ու չխանգարվի հիշողությունը,
Թող չքայքայվի մարմնի կազմությունն, ու բարձրացող թևերը չփետտվեն,
Զվարթ գեղեցկությունը չտգեղանա, չքաղվի պայծառ ճաճանչը շողի,
Պատուհաններն աչքերիս չփակվեն և ոչ էլ նրանց լույսը խափանվի,
Թող չընկնի պատկերը խոսուն:
Աղաչում եմ քեզ, բարեգո՛ւթ, ու պաղատում եմ բոլոր սրբերով,
Լսիր այս ամենն իսկ հիմիկվանից, որպեսզի վերջում չմոռանաս:
Դու եղար ինձ առաջնորդ և ազատարար, ըստ սաղմոսողի,
Հանիր նաև ինձ Երգողի հետ, Տե՜ր, կասկածանքներից ու վարանքներից,
Որոնցից սաստիկ վախենում եմ ես:
Թեև արժանի չեմ սովորական կերակուրն անգամ ստանալու քեզանից որպես վարձք,
Բայց դու սովոր ես և կարող նույնպես ապերախտների՛ն էլ բարեգործել,
Քոնն են ամենայն բարիքներն անճառ ու զարմանալի
Հրաշագործդ միայն՝ կատարյալ երկայնամտությամբ:
Օրհնյա՜լ ես դու Հոր և Սուրբ Հոգուդ հետ հավիտյանս. ամեն:

Բան ՁԸ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ ահավասիկ, կոտրված հոգով, սաստիկ հուսահատ,
Խորտակված սրտով առջևդ եմ թափում ջուրը իմ կամքի, կաթիլն արցունքի,
Հիշեցնելով արեմաթացի Սամուել մարգարեին282Ա. Թագ. Է. 6, Որ առնելով ջուրն սկավառակից՝ թափեց քո
առջև, ո՜վ ամենատես, Ցույց տալու համար ժողովրդին, թե խոստովանությամբ և հնազանդությամբ Պետք է ընկնել գարշապարներիդ կենդանարար:

Բ

Եվ արդ, ընդունի՜ր այս աղիողորմ հեծեծանքներով հյուսված խոսքերը,
Եվ այս բանավոր անարյուն զոհի նվերն հոտոտիր, թագավո՛ր երկնի.
Սրբիր օրհնությամբ գիրը մատյանի այս ողբերգության,
Եվ դրոշմիր գրվածքն այս որպես արձան մշտնջենական՝
Քեզ համար հաճո մյուս միջնորդական մաղթանքների հետ:
Թող որ նա ընդմիշտ մնա քո առաջ և ականջներիդ հնչի շարունակ.
Եվ շրթունքներով ընտրյալներիդ բարբառի՛ թող նա
Ու հրեշտակներիդ բերանով խոսի.
Թող որ տարածվի աթոռիդ հանդեպ և ընծայվի սուրբ սրահի մեջ քո.
Քո անվան նվիրված տաճարում խնկարկվի և բուրի՜ փառքիդ սեղանի վրա.
Թող պահվի հարուստ քո գանձարանում և թող ամբարվի ստացվածքիդ մեջ.
Թող որ պատմվի ազգերին ի լուր և ժողովրդի համար քարոզվի.
Պատկերվի՛ թող որ մտքի դռներին և զգայարանքների սեմերին տպվի.
Իբրև կենդանի՝ թող պատմի նա իմ գործերն անօրեն ու խոստովանի.
Եվ թեպետ որպես մահացու պիտի վախճանվեմ ես,
Սակայն այս համեստ մատյանովս միշտ անմեռ կմնամ:
Քո կամքով՝ թող այն անեղծ մնա, Տե՜ր,
Եվ պատժապարտիս հանդեպ դատավոր դառնալով անդուլ,
Անաչառ կշտամբիչ, համարձակ հանդիմանիչ,
Անխնա պախարակիչ, անողոք պարսավիչ, Անհամբույր ծանակիչ, անմարդասեր մատնիչ, Անփրկելի տանջարար, անկաշառ գլխատիչ, Խստասիրտ հրապարակող, աշխարհալուր բողոքող,-

Մեծաձայն փողով, առանց լռելու, անդուլ-ան-
դադար՝ Իմ հանցանքնե՜րը թող խոստովանի:

Գ

Այս գիրքն իմ ձայնով իմ փոխարեն պիտի աղաղակի,
Ծածկվածները պիտի բանա և գաղտնիքներն հրապարակի,
Կատարվածները բարձրաձայն ողբա, մոռացվածները հնչեցնի,
Աներևույթները պիտի հայտնի, բարուրվածները բարբառի,
Դուրս պիտի հանի խորքում եղածներն ու մեղքերը պատմի,
Անտեսները պիտի մերկացնի, թաքցրածները ցուցահանի,
Սրանով որսերը պիտի շոշափվեն, գայթակղությունները գտնվեն,
Անպատմելիներն հանդես պիտի գան և ճզմվեն չարի մնացորդները:
Քո ողորմության շնորհիվ, Քրիստո՛ս, կյանքը պիտի թագավորի
Իմ ցամաքած ոսկորների գանձարանի պահեստում,
Որով կենդանության գարնանամտի արշալույսին, օրը պայծառ նորոգության,
Շնորհիվ քո ցողի հոգիս աճելով անմահ փրկությամբ
Եվ անթառամ վերամբարձությամբ իմանալի բարիքների ճյուղեր ընձյուղելով,
Պիտի նորից նոր դալարեմ դարձյալ և կրկի՜ն ծաղկեմ,
Ըստ ներշնչումովդ գրված գրքերի հուսադրության:
Եվ քեզ՝ միակ փրկչիդ և Հոգուդ՝ իսկակցին քո Հոր
Միասնական Տերությանդ և Երրորդությանդ անճառելի
Խորհրդական գովեստով՝ փա՜ռք և երկրպագություն հավիտյանս. ամեն:

Բան ՁԹ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Աստված և Տեր, կյանք և Արարիչ, Ողորմած, գթած, լույս երկայնամիտ, Անոխակալ, մարդասեր, ամենագութ, Պարգևատու, փրկիչ, Օրհնյա՜լ, գովյալ և բարեբանյալ:
Ամուր պահարան, վստահելի պատսպարան, Բարություն՝ առանց նենգության, Ճառագայթ՝ առանց խավարի, Քավիչ մեղքերի, բուժիչ վերքերի, Անհասներին՝ հնարք, անմերձներին՝ մոտիկ, Անհուսության ելք, Անունդ խոստովանված՝ Աստուծո Որդի:
Քեզ և ահավոր ու հզոր Հորդ
Եվ քեզ հետ երկրպագելի ամենակալ Հոգուդ Փա՜ռք ու պաշտոն գոհաբանության Հավիտյանս. ամեն:

Բան Ղ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Բարեբանյալ Աստվա՛ծ, երկնավոր, միա՜կ Արարիչ,
Տեր ամենակալ, մեծություն ահեղ, գթություն օրհնաբանելի,
Ողորմություն խոստովանելի, բարերարություն երկրպագելի,
Խնամակալություն պաշտելի, մարդասիրություն տոնելի,
Պահպանություն խնկելի, բարձրյալ անքննելի, Մերձավոր կամարար, ապավեն անկասկածելի, Մխիթարիչ սրտերի, փարատիչ վշտերի, ապաքինիչ ցավերի, Վստահության վախճան, վերացումն պարտքերի, Փոխարկիչ կարիքների, կարգավորիչ կրքերի,
Հարմարիչ խոսքերի, սանձահարիչ լեզվի, Պարփակումն շնչի, հաստատիչ հագագի, Ամփոփիչ խորհուրդների, կրթարան կամքի,
Հանգստացնող հուզմունքների, հանդարտիչ մրրիկների,
Եվ խաղաղությո՜ւն դու ծփանքների,
Որ բռնում ես իմ՝ իշխանականիս թևերը ամեն ուղղությամբ թռչող
Եվ իմաստությամբ նվաճելով՝ դեպի քեզ դարձնում:

Բ

Երախտավո՛րդ միշտ գովաբանված,
Դու, որ անհպարտ և երկայնամիտ հեզությամբ համբեր՝
Անճառ հրաշքով տենչում ես հանգչել մաքուրների մեջ.
Թագավո՛ր բոլոր արարածների, ըստ ամենայնի ճանաչված, գթած,
Սկզբնահայր և նախաշավիղ՝ սիրո ընթացքի Կյանքի՛ ճանապարհ, Որ քաղցրությա՜մբ ես առաջնորդում երկնային
լույսիդ դիմողիս. Պաշտպա՛ն վստահելի,
Որ չես թողնում ինձ՝ սայթաքողս երբեք ի վայր տապալվեմ.
Հույսի՛ կերպարանք,
Որ ճշմարտագույն գրավականով երևում ես պարզ քեզ խնդրողներին.
Ապահո՛վ ապավինություն,
Որ չես մատնում երբեք դատապարտության պատժին.
Ազատությո՛ւն շնորհաձիր,
Որ տալիս ես լիապես առանց փրկանքի ու փոխհատուցման.
Աննախա՛նձ առատաձեռնություն,
Որ ճոխացնում ես հողանյութս անարգ քո ամենասքանչ փառավորությամբ.
Պայծառությո՛ւն անստվեր,
Որ բարձր ու վսեմ ճառագայթներով պարածածկելով թշվառիս՝ դարձնում ես կրկին բարգավաճ.
Քավի՛չ մեղքերի ամենատեսակ,
Որ փրկությունից մերժվածիս նախկին պայծառությամբ նորոգելով՝ դարձնում ես վերստին վայելուչ.
Մեծակարո՛ղ դյուրահաս,
Որ բոլոր անբավ բարձրություններից առաջ ես անցնում.
Ապահո՛վ ճամփա՝ դեպի խոստացված վայելքներ տանող.
Անձկալի՛ երանություն,
Որի համար հաճելի է թողնել շունչս կենդանության, որպեսզի գտնեմ քեզ, մի՜շտ կենդանի.
Կամք անփոխելի, գովյա՜լ զորավոր՝ քավելու գերուս.
Կյանքի անսխալ դեղ-սպեղանի,
Որ իսպառ եղծված մեռելներին իսկ կյանքի ես կոչում սքանչելապես.
Աներկբայելի՛ դու ամենաստեղծ,
Որ հրով կիզվածին, հողմով հոսածին և գազանների ժանիքներով հոշոտվածին
Մի ակնթարթում միևնույն մարմնով անպակաս դարձյալ կկենդանացնես.
Անզուգակա՛ն համարձակություն,
Որի համար աստվածանվեր պարծանքով պարծենալն է իրավացի:

Գ

Զվարթ քաղցրությամբ նայիր ինձ վրա երկնքիցդ, Տե՜ր,
Ինձ, որ նեղված եմ ամենակործան վտանգների մեջ,
Եվ հանգստացրո՛ւ սիրտս դյուրապես՝ իր բազմատագնապ հեծություններից:
Վրաս հարձակվող սատակիչներին՝
Դիվական դժնյա հնարքներով սպառազինված թշնամիներ լինեն նրանք,
Թե տգեղագույն և քեզ ատելի այլանդակ մեղքեր,
Եվ կամ սպառիչ ու կորստաբեր ցավ ու ախտերի հետքեր մնացորդ,–
Մերժե՜ս, դուրս հանես, կտրես, խափանես, հալածես հեռու,
Վռնդես իսպառ և անդառնալի կերպով կորստյան մատնես վերստին.
Եվ կառուցես, կանգնես դու կյանքի որպես նպատակ ամուր մահարձան՝
Նշանը խաչիդ քեզ ապավինածիս, ո՜վ փրկություն.
Եվ ահավոր քո մեծության այս անպարտելի և անպատիր և անհերքելի հրաշքների շնորհիվ
Թող քանդվեն բոլոր սատանայական որոգայթները գաղտնածածուկ.
Մեքենայությունները մերկացվեն և չքվեն գայթակղությունք,
Թակարդ լարողները խայտառակվեն,
Թող երևան գան խայծերն ու ծուղակները նենգավորի,
Վերանան ցանցի ծածկույթները, որոմների ծիլերը վառվեն,
Եվ թո՛ղ նզովվեն չարաբանությունները բռնավորի,
Թող կտրվի լարը խաբեության ի մահ որսացողի,
Թող կորչեն բանսարկությունները պատրողի, Թող պակասեն զենքերը զրպարտչի, Թող ընկնեն սրերը մահաբերների ձեռքից, Թող սուզվեն սարքերը սադրողի,
Թող արձակվեն պարանները տագնապեցնողի:
Թող այլայլվի կերպարանքը սուտ՝ կեղծավորի,
Թող սանձահարվեն խիստ հարձակումները խրոխտների,
Թող ցրվեն միաբանություններն ուտիչների, Թող տրոհվեն տոհմերն ավազակների, Թող քայքայվեն բույլերը բարբարոսների, Թող քանդվեն ամրոցներն ապստամբների, Թող արգելակվեն ամպրոպներն հանդուգնների, Թող փարատվեն անձրևները փորձողի, Թող հալվի և ցամաքի եղյամն աղանդավորի:
Թող խորտակվի եղջյուրը գոռոզի, Թող մանրվեն ձողափայտերը կուռքերի դրոշների, Թող փշրվեն ամբարհավաճություններն հպարտացողների, Թող նահանջեն գրոհները ճակատողների,
Թող քանդվի՛ միաբանությունը Բելիարի թե՛ անմարմին և թե՛ մարմնավոր զորքերի,
Մի արահետով եկողները թող յոթ ճամփաներով փախչեն շվարած283Բ. Օրինաց ԻԸ. 7.
Այն գուբը, որ ինձ համար փորեցին, իրե՛նք թող ընկնեն:
Թող ձանձրացողի ձմեռներն ամառվան փոխվեն,
Թող կտրվի կցորդիչ կապը մշտաջան ավազակի, Շողոքորթի համբույրն իմ ճակատին թվա թող
նողկալի,
Թող ընդհատվեն և հեռանան նետաձգությունները նեղչի,
Թող սասանման մեջ մնա խարդախի նավը մշտապես
Եվ խածանողի ատամները թող արմատից քաշվեն:

Դ

Շնորհիվ օրհնյալ քո կենաց փայտի, որին պրկվեցիր, Աստվա՜ծդ անբռնելի,
Բևեռներիդ հիշատակով, որոնցով մահվան գործիքի վրա գամվեցիր, Արարի՛չդ երկնի և երկրի,
Արյամբդ տերունական, որով որսացիր հսկա վիշապին, կարթելով նրան,
Դառն լեղիով, որը խմելով՝ ի դուրս թափեցիր կորուսչի տված թույնը մահաբեր,
Քո սարսափելի չարչարանքների բաղձալի պատմությամբ,
Որով լրբությունն հակառակորդի լռեցնելով՝ ամաչեցրիր նրան,
Անմեկնելուդ ըստ ամենայնի անհասկանալի անունով,
Որից դողում են ու դատապարտվում՝ սոսկալով սաստիկ սարսափումով
Երևելի և աներևույթ էություններն ամեն,-

Շնորհիդ պարգևներն այս բոլոր խոստովանողիս համար
Պաշտպանություն, բժշկություն և քավությո՜ւն լինեն:
Իսկ մահաբեր ու դառնաթույն այն օձի համար, Որի միջոցով տեղի ունեցավ չարությունը տիեզերադավ՝ Սատակման պատճառ թող լինեն նրանք.
Նույն ինքը դրանցով՝ կորուստի և անբուժելի հարվածի
Տանջանքներին մատնվի թող, կապվի և բռնվի:
Ստեղծողիդ ողորմությունն ինձ հետ թող լինի, Եվ շունչն իմ ոգու միանա քեզ հետ անբաժանորեն ամրապինդ կերպով:

Ե

Եվ ով որ կարդա այս աղերսաձայն մաղթանքների աղոթքները խնդրողական,
Ծեր թե երեխա, կույս թե երիտասարդ և կամ աղախին,
Ամեն ոք, ով որ աստվածասիրաբար ի քեզ պաղատի,
Թող որ անխտիր, հավասարապես երանության մա՜սը ընդունեն քեզնից,
Եվ ազատվելով իրենց պարտքերից, արատներից զերծ՝
Վերահաստատվեն նոր մաքրության մեջ. Իրենց հոգու մեջ անփոփոխ կերպով նկարելով
քո պատկերը դարձյալ:
Ուստի, տիրապես՝ կարող, զորավոր, անպատում, անհաս, անիմանալի,
Տե՛ս ահա, լսիր հառաչանքներն իմ այս հեծեծագին և աղերսաձայն,
Որոնք բոլորի շուրթերից քեզ են ընծայաբերվում՝
Ի սեր բարերար երկնավոր քո Հոր և քո Սուրբ Հոգու
Կենդանատուիդ և փառակցին քո,
Աստվածածնի բարեխոսությամբ և աղաչանքով բոլոր սրբերի:
Քանզի բոլորին դո՛ւ ստեղծեցիր և ամենայն ինչ քեզանով եղավ,
Եվ ամեն ինչի դու ինքդ ես տիրում:
Եվ քեզ, որ մեկն ես անժամանակ Երրորդության իսկությունից,
Հավասարապես փառավորված ընդմիշտ, Փա՜ռք հավիտյանս հավիտենից.
ամեն:

Բան ՂԱ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Տե՜ր, Տե՜ր գթությանց և Աստված ողորմությանց,
Անուն մեծատառ, ձայն ահեղալուր, կոչումն ահավոր,
Համբավ անպարփակ, բարբառ սոսկալի, հնչումն հիասքանչ,
Հուսադրություն բարերար, ամենողորմ քաղցրություն.
Որից վախեցած սասանվում են ողջ արարածները:
Ահիդ պակուցիչ սպառնալիքից՝
Սավառնում են սերովբեները ու քերովբեները թևամփոփվում,
Պարուրվում են պարերը լուսակերպների, Երկնային բոլոր պետությունները երկնչում
հիազարհուր,
Ու ցնծում են ողջ երկյուղած դողով՝ նավակատիքի բերկրությամբ:
Զարհուրում դևերն ու ընկրկում են գնդերը չարի,
Չքվում ոգիները խավարասեր,
Անդունդ գլորվում հրեշտակներն օտարի, Խաչի նշանով խարխափում են հարձակումները
ընդդիմամարտի, Փակվում են քինոտ ամաղեկացիք բանտի խորքերում, Անլուծելի հանգուցումներով պաշարվում
խմբերն հակառակորդի, Մահազենների գումարտակները արգելափակվում զնդանում անզերծ, Դևերը պրկվում ահեղ հրամանիդ մետաղների
մեջ՝ Ընդդիմախոսներն ամենայն պապանձվում անձայն, Աներևույթների բազմությունները պարավանդվում են կորստյան հյուծմամբ, Ու նեղվում անլույծ շղթաների մեջ առաքելությունք սուտ-քրիստոսների:

Բ

Մթին գիշերվա այս ժամին ահա՛ ձեռքիս մատներով
Նշանիդ տյառնագրությունը քեզ եմ կարկառում.
Քեզ, որ ոչ միայն չես մթնում անգիտության խավարով, ո՜վ ամենատես,
Այլև անմատույց լույսի մեջ ես բնակվում ու հանգստանում:
Աղաչում եմ քեզ գոհաբանությամբ, ընդունի՛ր դու ինձ,
Ա՛ռ վշտահարիս հզոր թևերիդ պաշտպանության տակ,
Փրկի՛ր դրսից եկող պղտոր ցնորքներից, Մաքրի՛ր սրտիս աչքերի տեսողության զգայարանքը դու, Կենաց փայտովդ ինձ ամրապնդիր տխուր
անուրջների դեմ, Արյունովդ սրսկիր բնակարանիս շուրջ-բոլորը,
Կողքիդ կենարար արյան կաթիլով գծագրիր ճամփան իմ ելումուտի,
Քառաթևիդ ձևակերպումը թող պահպանարան լինի երդիկիս,
Ու խորհրդանիշն ամենափրկիչ քո տանջանքների,
Թող որ դեպի վեր նայող աչքերիս հանդեպ լինի միշտ,
Չարչարանքներիդ գործիքը թող իմ տան դռան ճակատին դրոշմվի,
Հավատքն իմ հույսի թող որ օրհնության ծառից կախվի քո:
Կաշկանդի՛ր դու, Տե՛ր, այդ նշանովդ հոգիների սատակչին,
Եվ թող ներս մտնի առանց արգելքի պաշտպանը լույսի,
Ցավերիս սաստիկ ծանրության հետ մեղքերիս բեռն էլ թեթևացրու
Մահճում, մտամփոփ լռարանիս մեջ,
Մտաբերելով հուսահատության պտուղները դառնահամ,
Խոստովանում եմ ամենագետիդ բոլոր անօրեն գործերը իմ չար:

Գ

Հանգստացրո՛ւ վաստակյալիս իմ բազմածուփ աշխատանքից,
Կործանված ոգուս տարակույսների տագնապը ցրի՛ր,
Դառնությունը վշտերի հետ և հեծությունը ցավերի հետ,
Անձկությունը թշվառությունների հետ, Հառաչանքները խորտակումների հետ, Սրտաբեկությունը ապշությունների հետ, Թմրությունը շվարման հետ, Արբեցությունը հիմարությունների հետ, Սառելը սիրո և հրաբորբոք ջերմությունը ցոփ-
ցանկական ախտի հետ, Օժանդակ եղիր՝ ամենատխուր տարտամությամբ տկարացածիս, Բարեգործ աջով քո շնորհատու, ձեռքովդ նորոգող, մատովդ կենսաբաշխ,
Մշտափայլ փառքովդ, անեղծ մշտակայությամբդ, երեսովդ զվարթ,
Պաշտելի Էիդ իսկությամբ և բարձրությամբ երկրպագելի
Կտրի՛ր խեղդվողիս վշտալից հեծեծանքները, Չարի հնարքը նոր և բանսարկուի խարդավանքը հին, Օտար դրդումներն ի մահ մղողի,
Անպատշաճ դեպքերն ամենօրյա եղեռնագործի, Աչքակապ ճարպկությունները դաժան դևի, Փաղաքշական բոցաշնչությունը գրավող կախարդի:
Պահպանի՛ր դու ինձ այս մահահանգույն հանգստյան վայրում՝
Թաքուն մտքերից, մասնավոր սխալանքներից, Մեծագույն մոլորանքներից, փոքրագույն սայթաքումներից Եվ չար խաբուսիկ ձանձրություններից:
Հեռացրո՛ւ հանցավոր ծառայիս զգայություններից
Խորհուրդներ անդեպ, կրքեր բասրելի, վարք անարգելի,
Դեպքեր անպատկառ, վրիպելի հետքեր, պատրանքներ ծաղրելի,
Խոհեր անգոսնելի և ավելորդաբանություններ արհամարհելի:
Քեզ ապավինածիս զինի՛ր անսխալ հոգով և մաքուր մարմնով՝
Հողմերի շնչից, բուռն հարվածներից,
Փոթորիկների բախումից, մրրիկների պոռթկումից
Եվ գազանների հարվածներից զերծ մնալու համար:
Երբ փակեմ աչքերս՝ սրտիս նայվածքը թող չստվերանա,
Այլ զվարթանա, պայծառանա ու վայելչանա, Փայլի թող քեզ հետ, Տեր Հիսուս Քրիստոս, լուսավոր վառմամբ անշիջանելի:
Խոսքովդ մաքրիր իմ ննջատեղին՝ Խորամանկություններից, երկյուղներից, Քեզ ատելի հիշողություններից, Աստվածամարտ մտածումներից, Հանցավոր խենթություններից, Տիրանենգ անշնորհքություններից Եվ աստվածընդդեմ պառակտումներից:
Խնամակալ լինես ինձ երկնային քո գնդերով, պետություններով
Եվ իշխանություններով զորավոր ու անհաղթելի,
Որոնք մաքուր մատակարարներ են սուրբ Աստվածությանդ.
Առաքյալներն՝ ավետյաց Ավետարանով, Մարգարեներն իրենց Կտակարաններով, Եվ վերջին օրը երջանիկների քեզ ընծայվող
մաղթանքներով:
Այնժամ երկյուղով և քեզ հաճելի տրտմությամբ ես պիտի նիրհեմ284Բ. Կորնթ. Է. 9
Եվ քո շնորհիվ բուռն ուրախությամբ արթնանամ կրկին:
Եթե վհատությամբ ննջեմ նույնիսկ.
Հոգևոր բերկրությամբ պիտի հարություն առնեմ դարձյալ,
Եթե մինչև իսկ մեղքով ընկողմանեմ,
Պիտի կանգնեմ կրկին՝ մաքուր խղճով և անաղտ անբծությամբ:

Դ

Լսի՛ր խնդրանքներն իմ հառաչալից և հեծեծագին, միա՜կ բարեգութ,
Բարեխոսությամբ սուրբ Աստվածածնիդ
Եվ արդարների բոլոր ու ընտրյալ նահատակների:
Բոլոր կողմերից, քո բարձունքն ի վեր, իմ ձայնով փառք եմ առաքում ես քեզ,
Միշտ սուրբ և անմահ զվարթունների միջոցով՝ Ի գովեստ քո Հոր և մեր Աստուծո, Եվ ամեն ինչի ստեղծիչ և նորոգող Սուրբ Հոգուդ, Հավիտյանս հավիտենից. ամեն:

Բան ՂԲ

Խորհրդածություն և աղաչական պարզաբանություն
ժամահարի երջանիկ բարեբախտության փայտի
վերաբերյալ

Ա

Գոհունակությունս եմ հայտնում քեզ, բարեգութ,
Միակ մարդասեր, երկնքի ու երկրի արարող, Կենդանի Աստծու Որդի, Զարթնած քո հիշատակի սիրո անձկությամբ Փայտիդ հրավերով, Որ հնչեցրիր մեր ականջներին.
Եվ սթափվեցինք, ելանք մահակերպ թմրության միջից,
Կարծես սփոփիչ խոսքի կոչումով՝ Պաշտամունքի և օրհնության ժամին Հանդիպելու քեզ ցնծությամբ Այս հատուցման բեմի առջև:

Բ

Փա՜ռք քեզ, ահա, անուն անսահման Եվ զորությունդ անընդգրկելի, Որ փրկությունն իմ հոգացիր Հնարներով բազմաքանակ.
Գոհաբանված անեղծ իսկություն, Որ այստեղ հրաշքով կերպարանեցիր Նմանությունը գալոց օրերի,
Որ վայելչական խաղաղ գործիքով այս փայտե Որոտացիր սաստիկ, երբ քնած էի անկանգնելի, Կարծես ծուլության դանդաղությանը Խառնեցիր խրատիդ հանդիմանանքը, Հայրական սիրուդ հեզությանը Ճայթման ուժգնություն միացրիր.
Երկու միջնորդի ընդոստ հարվածին Քաղցր անձրևեցիր մարդասիրաբար, Փափուկ վանկերի մեղմ նիրհի մեջ չընկղմեցիր, Եվ կամ անխնա ահավորությամբ Տառապած հոգիս չզարհուրեցրիր:
Երկրպագություն ծնրադրական Բոլորի ստեղծչիդ,
Որ հստակորեն՝ ցուցադրեցիր արդեն իսկ հիմա Հայտնության մեծ օրվա ահեղ գոչումը, Կենդանացրիր դժոխային անբանությունից, Որոնելով կանչեցիր պակասամիտներին Ուրախության գինուդ1.
Սրան դարձրիր անարատ հարսին հանդերձավորող
Փեսայիդ սիրույն.
Վախ ներշնչեցիր այս փոքր խթանով Վիթխարահսկա ապերասանին, Կրթիչ ստվար լուծ դարձրիր այս իրը Ստամբակի ուսին.
Չարախոսի կզակին զսպող սանձ դրեցիր:
Մեծդ Աստծու անբավ բարձրությունը Փառաբանյալ է հավետ, Որ փայտի պարտքերը փոխարկեցիր Կյանքի շնորհիդ ազատության, Դարձյալ, վերստին իմաստնացրիր Ցնդած հիմարիս՝ Հոգևոր քո հանճարով, Կարկառ կրճտումով
Օձի հարվածի անբուժելությունը Առանց մոռացման բացատրեցիր, Երրորդությանդ կերպարանքի հետ
Ինձ վնասողի կապը դարձնում ես եռակի ամուր Աշխարհի վերջին:

Գ

Ամենախնամ, խունկերի բուրմամբ Ներբողյան գովք եմ վերառաքում քեզ, Որ բազմաստվածյան ստապատիր կուռքերից
առավելորեն Մեղսական հոգիս դարձրիր քո երկրպագությանը:
Խրոխտ, ահարկու, նվիրական այս փայտով Քարոզեցիր ճշմարտությունը, Այս պատշաճությամբ մեծացրիր նոր ավետմանդ
պատիվը:
Հենց սա զինավառությանդ բարձրագոչ աղաղակն է,
Կայսրերի երկրի արքա, Տեր Քրիստոս:
Քո մարտի ավարտի ուրախ հանդեսի նշանը, Հիսուս,
Որով կապկպվեց փարավոնը իմանալի.
Տաշած այս շերտը գոռոզացած չարագործի գլխի կատարի
Մշտական նեղիչն է:
Սրանով են Սիոնի որդիները խմբվում պատերազմում
Ընդդեմ խավարի աշխարհակալին285Եփես. Զ. 12:
Այս հինօրյա օծված արձանը աստվածային հրահանգների մի տուն է,
Որ չի հնանում և անխափան է286Ծննդ. ԻԸ. 18-19,,
Որ հեռվից եկող նշանն է գալիք հատուցման ժամանակի–
Ազգակից ու համանման կենաց փայտին, Որ Աստծու դրախտում է.
Կոչման վայր է շտապ ու բարվոք հավաքումի, Օրհնության վայր է.
Գիտության տունկի պատկերակիցը՝ Չարի ու բարու ընտրության ունակ,
Եվ մեծ հիշեցում խաչիդ նշանով տյառնագրվելու
Սուրբ Հոգու շնորհով, Ավետող նախասացություն
Սուրբ թագավորիդ գալստյան հուսով սպասող դշխոյին.
Մաքուրների խմբի խրախճանության գոտեպնդող հորդոր.
Անապական սիրարկու անձնահամբույր միացման
Շքեղաշուք քողազարդ ամենածին կույս թագուհուն.
Հարդարիչը ծածուկ պճնանքի, Որ հոգու վայելչությունն է. Եվ նման է Սինայի պատգամին, Որ դուրս էր հորդում Տիրոջից. Անարատ որդիների մայր,
Պանծալի ու անշաղախ օրիորդը փառազարդվում էր սրանով:

Դ

Երիքովի եղջերափողից առավել այս [գործիքով] Գետնամած տապալեցիր Բելիարի բռնությունը. Փայտե այս պարսով քար արձակեցիր Գողիաթի վրա, Նորոգ գայիսոն կառուցեցիր
Իբրև վկա սատանայի ահեղ կործանման287Հմմտ. Հեսու Ը. 18-19 Մեղքի խոր աճած արմատները այս գործիքով
խլեցիր, Իմ մոռացված հանցապարտ գործերը սրա
երախտիքով ինձ վերադարձրիր:
Թե այն Բան Աստծուդ գալուստը հայտնող այլ ձայն անվանեմ՝
Չեմ սխալվի, այլ իրավ կլինեմ Հոգեկիր նյութի տկար ամանըս,
Իսկ Հիսուսիդ մեծագործությունները պատմվելով՝
Կհռչակվեն առավելապես:
Վերուստ պարգևված բյուր օգնություններ, Որ դու ես տալիս, Այս անպատսպար ապավինությունից
Ի զարմացումն՝ երկրայիններին տրամադրեցիր:

Ե

Հանրաճանաչ է բարեխնամ մարդասիրությանդ Անունն անքննելի, Սրբամասն խորհրդով խնկարկված, Լույսի կերպարանք անգծագրելի, Որ այս կրկնաձիր նշանով Արձակեցիր հեռաձիգ նետեր՝
Ձայնատրական և օդագնա և հարմարընթաց, Կենդանի հոգի իրենց մեջ կրող, Որոնցով անսխալ դիպուկությամբ Խավարի աղեղնավորի գաղտնի նպատակը Հավետ կործանմամբ մերժեցիր:
Իբրև բարձրամուր պատնեշ բերդամարտության, Կանգուն ու անխորտակելի, Այստեղից այնտեղ, ուղարկեցիր թշնամու դեմ Այս փայտի զարկի հունչերը Իբրև կամարար սուրհանդակներ:
Մեծ ակնարկությամբ քո հրամանի, Արյանդ խառնված օծության շնորհով, Հեսանելով սրեցիր մոլի գոռոզի խեթկիչ
եղջյուրն այս,
Ինչպես խաչդ փրկական:
Եվ մեծ ազդումից այս աղաղակի, Երկնայինների ձայնից ավելի Քանդվեց, վերացավ ամուր դրանդին Կարճամիտների անվայելուչ երկչոտ վատասրտությունը, Հրեական պատկերացումների
Եվ ստվերական տան կործանման հետ:

Զ

Վերընծայում եմ փառաբանություն, Քեզ՝ անմահ թագավոր, Որ ստեղծեցիր, հաստատեցիր Աջով քո հզոր,
Աղաչում եմ քեզ, կրկին կատարիր:
Սրանով անցկացրիր՝ Մեզնից հերքելով
Բանսարկուի խորամանկության դժնի վտանգը, Մեղքի տապը տաժանական, Եվ դառն հողմը խաբողի շնչման, Մահվան երկյուղի տարրն արկածների,
Օդի ցնդման վնասակար տխրեցուցիչ հետևանքները,
Թալկացնող դիվական հեծությունները:
Այս հեծանով, որ քո զենքն է, Նշանիդ թևերի օժանդակությամբ Ցրիր վերստին հրածին ամպերը, Եվ կարկտաբեր որոտները, Բազմոտանի վիշապի փչումի
Հրախավար կեղծավորության ցավագին ցոլմունքը,
Սատակիչ սուրը, հարձակողական մարտը, Վայրենի մտքերով գրոհող դևերի պարերը:
Այս փոքրիկ իրից զարհուրում են [դրանք] Ու մեծ դողումով տեղի են տալիս, Հին ծանոթությամբ հայտնապես գիտնալով,
Որ այսպիսի ձայնից է Տերն ելնում դատելու:
Եվ հոգեպես խրախուսվում են արիությամբ՝ Ամրապես զինվելով Հոգու սուսերով՝ Մարտիկները բոլոր աստվածարյալ.
Այս հիշատակի կանոնով, Որ անպատմելի գոչմամբ Բոլոր ազգերին կազդարարի
Երջանկաբար նահատակվելու օրինավոր ասպարեզում
Ամեն ինչ փորձող հրի դատաստանը:

Է

Ահա հնչեց ավագ փողը288Եսայի ԻԷ. 13, Սաղմ. ԽԶ. 6,
Որով համբարձավ Աստված օրհնությամբ, Պատմվեց սրանով ամեն մի երկրի,
Հնչեց ականջին աշխարհասփյուռ հեթանոսների,
Մեծ [Սիոնի] պահապանների ձայնը բարձրացավ՝
Եսայիի խոսքի համաձայն,
Եվ նույն բարբառով կցնծանք բոլորս289Եսայի ԾԲ. 8. Սրանով խաչի թշնամիները ցնդեցին ջրի առակի նման290Ելք ԺԴ. Անպատվվեց առաջին փայտի պտղի ճաշակումը,
Խորհրդավոր նյութն այս տոնվեց՝ կոչվելով կյանքի [փայտ]291Առակ. Գ. 18,
Անարգվեց երկաթը պատերազմական, Ինչպես Տիրոջ սրբություն292Զաք. ԺԳ. 20 Ձիու սանձի վրա
Մեծ նշանի կենսաձայն փայտն այս հարմարեցվեց.
Երկնային հովվի այս օծված ցուպով
Պատյան դրվեց մարդկային ձեռքի իշխանության սուրը293Ա. Թագ. ԺԷ. 39-40:
Տաճարի վեմին քարտաշի մուրճ չգործեց294Գ. Թագ. Զ. 7, Իսկ աստվածակերտ խորանների մեջ Փայտն այս նվիրական Սլանալով խաչի թևերով՝ զորավոր է:
Ոչ թե ամսագլխին,
Կամ յոթն անգամ յոթ հոբելյաններին
Մի անկյունում խափանվելով է փողհարում295Ղևտ. ԻԵ. 9, Սաղմ. Ձ. 4, Այլ տիեզերքի չորս ծագերում Եվ ծիրերում եզերքների,
Ծովերի անտակ ջրերի ծոցում ու կղզիներում, Մեծ սաստկությամբ, Ինչ-որ աստվածային անարգել ճայթումով Ավետելով հնչում է:
Այս փայտի հայտնությամբ Կոտրվեցին սատակողի սուսերները, Մեզ համար անօգտակարությունից Ձևափոխվելով խոփերի ու մանգաղների296Եսայի Բ. 14:

Ը

Չհնչեց արձագանք խոր անձավներից Եվ ոչ օդը վիրավորելով դժնդակապես՝ Ըստ օտար մի իմաստակի, Ոչ անախորժ սրությամբ ականջ մտնելով
Եվ ոչ ուղեղի ամանը չար տհաճությամբ թնդացնելով,
Ոչ մարմնին ոսկոր խրտնեցնող փուշ բուսցնելով,
Եվ ոչ միտք այլայլող ապշություն առաջացնելով,
Ոչ պղնձանյութ զանգ հնչեցնելով,
Եվ ոչ քարը սալարկի հետ տհաճ զարկվելով:
Նոր այս Սիոնի անխորտակ պարիսպ՝ Սա արարչավանդ գլխավոր սպասքներից է, Որ քրիստոնյա եկեղեցականները Ղևտացիների հետ խնամում են զգուշորեն կրելով, Հրեշտակի ձայնի օրինակով,
Որ առակողի խոսքը այսպես տպավորեց Հավքի կանչի նմանությամբ297Ժողով. ԺԲ. 4:
Ավետարանի նոր շնորհալի նվագարան՝ Աստուծո Հոգին առ մեզ արթնացնող, Քան թե սաղմոսարանի օրհնությունը Եղիսեի
վրա298Դ. Թագ. Գ. 15.
Նախընթաց սկզբնապարող է նա
Բարետավիղ ողբերգությանց հարմարալար ջութակների,
Բամբռի բառացի բարառնությանց բարքը պատկերող.
Մի այլ տեսակի նոր սրինգ տրված մեզ Հնի փոխարեն, Ոչ թե հեթանոս ուրվաձայն հնչման,
Կամ հրեական խակամտությամբ,
Որ Տիրոջ ազդմամբ մերժեց մարգարեն՝299Ամովս Ե. 23 «Հեռացրո՛ւ ինձնից», Այլ սիրեց սա ու կրկին պատվեց մաքուր հոգալով
Իբրև ահարկու դևերին ու չար պատահարներին:

Թ

Եվ արդ, ստացա օրհնաբանությամբ, Հարգանքով գովեցի սրբության այս տուրքը՝ Ինձ պահպանություն, փառատրություն քեզ, Քեզ պաշտամունք և ինձ գոհություն, Անթերի կերտվածք արարչական բարձր փառքիդ:
Աստվածարյալ այդ ձայնը թող մտնի Հոդերս շաղկապող պատվաստի մեջ, Հանելու հոգուցս դևերի խաբեությունը, Ստացած անեծքներն ու զազիր մեղքերը:
Այս իմաստավոր առարկան դարձրու Ջահավառ ջնար, անջրելի նամակ, Անխափան ջատագով քո տերունի տնօրինությունների:
Ահա սրանով պարգևիր, բարեգութ, Աղաչում եմ, հզոր, Մեզ կրկին շնորհիր պահպանություն
Աներևույթ ու երևելի թշնամիներից:
Ամենալի ձեռք, տուր մեզ, Որ բաց ես անում և մատուցում ես սիրով բաշխելով
Այլևայլ բաներ,
Օդի քաղցրություն և անձրևների օգտակարություն:
Ըստ Քո հրամանի սրա բարբառով թող պակասեն՝
Տապախառն հողմ, ցավաբեր փչում, Գրոհները չար խարդախ հեների, Խափանվեն սրանով բոլոր հակամարտությունները Դժնի մատնիչի զորքերի,
Հալչեն, վերջանան, մեռնեն
Երջանիկ օծյալ այս փայտից որդ և ուտիճ Եվ բոլոր նմանները, Որ զորանալով մեր մեղքերից՝ Կռվում են մեր դեմ:
Սրանով հույսիդ երանության տունկն արմատացրու
Մեզ պաշտպանելու, ստեղծիչ բոլորի, Արարածոց Տեր, Սաբեկի ծառն այս, Որի ոստերից կախված է, քեզանով ծաղկած,
Քրիստոս, Նոր սուրբ ավանդը արդի փրկության,
Պտուղը կյանքի անվախճանական:
Այս փառատրելի փայտի բարեհունչ ձայնարձակումով
Խորին խավարի անհուն հեռուները փախչեն Խարդավանող բազմաձեռք ստապատիր ստորնականների Ներհակ չարքերը:
Հերքվեն սրանով մեր սահմանների
Ստորադրված, ընտիր-պտղավետ անդաստաններից
Եվ քո մշակված կենդանի երկրից՝
Վատնիչ վերքերն ու մորմոքեցնող [միջատի] հույլերը,
Սրանով հատվեն հավելված պատահարները՝ Կրկնագեղ կամ վայելուչ, Որ գալիս են մեզ չարի հնարներից. Իսկապես վտարվեն սրանով,
Այն ինքնաստեղծ բաները, որ երկակ մեր բնության մեջ
Վերերևում են իբրև մերձավոր դավաճան, Մեկին վրիպակ, օտարոտի մտածումներ, Մյուսի մեջ՝ ապականող կեղտոտ զեռունների Գարշ գոյացումներ.
Փրկիր, Տեր Հիսուս, աղաչում եմ քեզ,
Փրկիր, բարերար, ինձ մեկնիր աջդ ամենքից գովված,
Օգնելով սրանով՝
Ազատիր բոլոր թշնամիներից:

Ժ

Հրամանդ թող խառնվի, միանա սրան, Հիմարացած ադամանդե սիրտս փոխարկելու Դեպի քո խոսքի արդյունատրություն:
Քո սքանչելի հրաշքի նեցուկն այս
Խփես, մխրճես ծորած սրտերն ու լքված հոգիները,
Ամրապես կազմելով հաստատես Ուղիղ, անսասանելի լինելության, Իսկ անշարժին կակղեցնես, որ զարթնի Եվ զգաստ լինի հեզ հոգով
Քո աստվածության պատվիրանի հանդեպ, Պողոսի ու Մատթեոսի նման300Գործք Թ. 1-9:
Մարդասեր, հիշեցրու այս պատվյալ փայտով Երախտիքները քո խաչի, Որով անճառ գործեր կատարեցիր,
Իմ միջից հանիր, ապրեցնող, մեղապարտության վտանգը
Նոր տապանակիդ պանծալի լծակներով301Ելք ԻԵ. 14:
Հզոր, քո կամքով բացվի կյանքի այս ձայնին Սրտի ականջը համառողների, Խուլ ականջները լսեն ակնարկությունդ մեծ
այս բարությամբ, Սրա միջոցով պարզվի լեզուն համրացածների,
Լուսավորվի տեսողությունը աչքերի՝
Մաքրապես նայելու քեզ անայլայլ պշությամբ, Կազդուրվի, զղջա, դարձի գա կամքը ձանձրացածների:
Տեր, տագնապածիս ընձեռելով տուր Արցունքի անձրև:
Սա քեզնով լինի մեզ ցնծության լուր, Ուրախության ձայն, բերկրանքի բարբառ, Հանգստյան նվագ, քավության առիթ,
Վշտերի հերքում, խեղդումի խզում, Եվ արձակություն նեղությունների, Կրճատում խեթման, հերքում հեծության, Թառանչումի թեթևացում, կարիքից ապահովություն, Կրքի կարգավորում, վհատումի սփոփություն,
Բժշկություն ցավերի, հեղգության մեջ համբերություն
Եվ ուշադրություն անտես բաներին:
ԺԱ
Անխոտոր ու անխոտորնակ այս ցանկալի կամրջով
Եվ վերնաշավիղ բարձր սրբագնա երկնաչու սանդուղքով
Քո օրհնաբանված, ահեղ անունով Հոր մոտ տանես,
Բարերար, Հոգուդ առաջնորդությամբ Միանալու քեզ անբաժանելի, Որով և սուրբ մեկ ու միակ, Միասնական տերությանդ Եվ անեղծ արարչությանդ ստեղծած
Կենդանիներից ու անշունչներից, վայելուչ գոհությամբ՝
Փառք և իշխանություն Հավիտյանս հավիտենից, ամեն:

Բան ՂԳ

Մեկնողական աղոթք
սրբալույս յուղ մեռոնի մասին

Ա

Սուրբ և ահավոր անուն անպատում, բարձրյալ, Միշտ ախորժելի, անձկալի փափագ, Սրբերգու փառատրողներից միշտ սրբաբանված, Որ բնակվում ես սուրբ վայրում,
Լի ամենազեղ բարությամբ, Առատաձեռն աննվազելի, Լույս բարի և ծագումն գովելի, Երկրպագված փառավորություն,
Ահեղ և անզննելի, ամեն և ամեն ինչի մեջ:
Դաշն հույսի այս խոսքով Քեզ միանալու ուխտ եմ անում, Հզոր, այո՛, ամե՛ն, ալելուիա, Հանուրի գովյալ թագավոր,
Բոլորի Աստված, գոյերի ստեղծիչ և կամարար Տեր,
Միակ առիթդ պատճառվածների, Փրկիչ և օծյալ մշտապաշտելի:

Բ

Ուստի մեկնությամբ պարզաբանելով մեզ համար
Անվախճան այս գանձը ու անփոխադրելի հարստությունը,
Հիսուս Քրիստոս, երկնային արքա, որին մեծ դողով սպասարկում են
Ահեղ անմահների լուսաբերան բոցաշնչությունները,
Խոնարհվելով կամահոժար, անխոտոր մտքով, Գոհությամբ ծունր եմ դնում, ստեղծո՛ղ էությունների, Որ կան տեսանելի և ծածուկ:
Որ ես և էիր միակ բովանդակը՝ անպակասելի ամենևին,
Մեր [պատկերն] առար, իսկապես համայն, Որպեսզի քո լրությունից լրացնես, Օրհնյալ և բարեբանյալ, հավետ ճանաչված, Միշտ անքննելի ողորմությամբ մեր փրկության
համար,
Ի փառս և գովեստ անճառ բարձրությանը Ահավոր բարերարիդ:
Սկզբնաձիրդ մեր օծման շնորհի Մեծախորհուրդ հրաշազարդության, Քանզի քո լույսը ճանաչեցինք, Անհաս ճառագայթ, անսահման ծագում, Անաչառասփյուռ արեգակ1,
Երկակշիռ տարրերի սահմանազատ աստղ, Ոտքի ճրագ և ընթացքի լույս302Սաղմ. ՃԺԸ. 105, Որով այս խոսքիս հարմարության տեսությամբ
Տոնում ենք հրեշտակական պարերգությամբ, Հստակ մտքով, փրկչավայելուչ կնդրուկով
խնկելով Ամենիմաստիդ առատ պարգևաբաշխումը,
Անբիծ դավանման զվարթ յուղով:
Քանզի հենց սկզբից կողոպտվեց իբրև շնորհված
Բարձրագույն շնորհից, Ողորմելի տխրությամբ, Սկզբնաստեղծ հայրն303Ադամը իմ, Գերի մեղքերի՝ մահվան մատնվեց,
Անզերծ հանգույցով կապվեց մերժելի ապականության,
Ծառի պատճառով՝ անկումն անդարձ ամենակործան գլորման,
Լույսից մերժվելով՝ մատնվեց այս խավար վայրին:
Իսկ դու, գթած տեր ողորմության,
Ավելի քան նա ճանաչեցիր նրան, որ ստեղծեցիր, Չեղածի անկնկալությամբ չմնաց այնտեղ, Ուր էր նախապես, Դառնալով անկարող տեսնելու լույսը
Անսահմանելիիդ վերին անմատչելի գերակայության,
Ոչ թե մշտափայլ հարատև վառմամբ Տարածեցիր [լույսն] անաղոտ, Այլ գիշերի մթության մեջ, որ սայթաքում են
ոտքերը, Ձեռք բերիր ձեթն ու պատրույգի նյութին հյուսելով՝ Օրինակ տվիր անախտ միությամբ մեզ միանալուդ, Մարդասիրաբար հյուսելով կազմեցիր.
Որպեսզի կանխակորուստ ծառի պատճառով Մահու ստվերով տարագրվածներս, Նրա ազգակից պտղի պատճառով Ջահավորվելով հավատի վառմամբ Վերստին դառնանք նույն խնկարկության, Ինչպես որ մահվան փայտին կապվեցիր, Մեզ նույնպես նրա մոտ տարար կապեցիր,
Մեծ խորհրդի օրինակով միավորվելով կենաց փայտի հետ304Ծննդ. Գ. 22:

Գ

Արդ, ինչպես օրը թերի է առանց գիշերի, Նույնպես է տնտեսությունն առանց հարկ եղած
ձեթի, Քանզի ինչպես սովորական, ոչ նվիրական
Յուղն է լուսավորում մարմնական աչքի տեսողությունը,
Նույնպես անիմանալի կերպով
Քոյինաշունչ շնորհի ընտրությամբ մաքրվածը Աներևույթ հոգիները միավորում է մեզ
անտեսիդ Հրաշափառապես պայծառացնելով:
Եվ ինչպես իջնելով սուրբ ավազանի լուսարանը, Մարմինը լվանալով՝ հավատում ենք, թե սրբություն ենք ստանում, Այդպես յուղի օծումով հուսավառվում ենք,
Սրանով կարծում ենք անտարակուսելիորեն Հոգու զորություն ստացած:
Եվ ինչպես օրհնաբանելի տերունական հրամանդ
Նախավճռում էր մեղքերի քավումն ախտացյալների,
Իսկ դրան չհավատացողների հանդեպ Հրաշալի բժշկություն անելով՝ Մարմնական աչքով տեսանելի, Հաստատում էիր վստահելի վկա305Մատթ. Թ. 1-9,, Այսպես և այս յուղը՝ կատարյալ փրկության
լույսով, Լցվելով մեզ վրա՝ օծում է մեր խորանն արտաքին, Իսկ ներքին մարդու մեջ մտնելով ոչ ակնհայտ,
այլ ծածկապես՝ Նոր կենդանություն է հաղորդում:

Դ

Նյութի զանգվածն այս երկնի Արարչիդ Պատկերն է պանծալի.
Քանի որ ովքեր յուղի օգուտն ստացան, Ստացան և ողորմություն306Մատթ. ԻԵ. 7-8, Եվ ի գովեստ քեզ դու սահմանեցիր սա՝ «Ողորմած եմ ես, Տեր»307Երեմ. Գ. 12,
Որովհետև ինչպես սիրո հետ նույնացնում ես Աստված անունդ308Ա. Հովհ. Դ. 8 Նույնպես և մասամբ կոչվում ես սրանով, Մեզ պարգևվածով
Պարարտ ճարպն այս վեհագույն մեծության խորհուրդն է կերպավորում
Թանձր երկրային հողանյութ գոյացությամբ:
Որովհետև կենդանու այս մասը ուտել չէր թույլատրվում այնտեղ, Ըստ հին Օրենքի,
Այլ արարչությանդ [արժանի] պտուղ էր համարվում309Ղևտ. Է. 23-25,,
Նույնպես և այստեղ,
Որպես Տիրոջը մատչելի զորություն, Վայելչապես նվիրվում է Աստված Էիդ, Հաճության ավանդն այս՝ Հոգուս հարազատ զուգաշավիղ, Ուխտով պահված Արարողիդ:
Քանզի իմ հոգու օրինակն ու կարողությունը՝310Ծննդ. Թ. 4 Անշունչ արյունը և զվարթության ճենճերը [Զոհի] մսի հատվածների հետ չեն ոչնչանա, Այլ վերին արքայությանդ են ձոնվում ճաշակման, Այդպես՝ այս նյութը ջահավորական
Մշտաբորբոք ու անաղարտելի:

Ե

Անդրանիկն արու չէր կարող լինել Դատաքննությանը նախագահող՝ Առանց օծումով դրոշմված լինելու,
Եվ չէր կարող անկոխելի տեղը մտնել քահանայության,
Եթե սրանով կատարյալ չլիներ:
Օծումով կնքելով քարը, Որ խորհրդանիշն էր ընտրության խորանի311Ծննդ. ԼԵ. 14
Հակոբը երազում տեսավ հարմար սանդուղքը, Որով իջնելը անճառ Բարձրյալիդ Եվ իմ ելնելը խորհրդանշվեց.
Նա վեմ կանգնեցրեց և օծեց յուղով Ի ցույց, հիշատակ գալոց օրերի312Ծննդ. ԻԸ. 10-12:
Ահարոնի քահանայության պայծառությունը Մեծդ Աստուծո հրամանով օծմամբ էր ճոխանում313Ղևտ. Ը. 30,
Որով գլխից դեպ մորուքն իջնող գերափառ յուղը,
Ըստ սաղմոսողի զարմանազան նկարագրության314Սաղմ. ՃԼԲ. 2,
Նախահոր փառքի վերադարձն էր Եվ կյանք բաժանող քո սուրբ շնորհի Գիրկընդխառնումը մեր բնության հետ:
Թագավորությունը պանծալի չէր քո ստեղծած պատկերով,
Թե յուղի եղջյուրով չձեռնադրվեր Պճնության թագ ու պսակով, Հանուն քո, Քրիստոս315Ա. Թագ. ԺԶ. 1.13, Վեր չբարձրանար
Եվ ինչպես մոռացա վեհերից առաջինին, Մեծությանդ ծառային և անպարագրելիիդ
պատկերին, Մելքիսեդեկը չէ՞ր՝ ահավոր ճշմարտությանդ
օրինակ, Ձիթենյաց լեռան վրա, Ուր հետո կանգնեցին Մարմնացած Աստծուդ ոտքերը, Այն վերին հրեշտակների ձեռքով Այստեղի պտուղներից օծվեց,
Ուստիև նախահոր շիրմի պաշտպան նստեց՝ Քեզնից եպիսկոպոսական արքայապատիվ
ճոխություն ստանալով,
Մինչև հայտնվեցիր իբրև կատարյալ իսկություն՝
Ունակ Ադամին կենագործելու:

Զ

Արդ, որովհետև քոնն է շնորհը Եվ քեզ է վայել գոհաբանություն, Ո՜վ օրհնաբանված Որդի Աստուծո,
Դու հարմարեցրու իմ բարենշմար աղաչանքները՝
Յուղավոր, խնկապատար ու զմռսալիր Քեզ պատճառ փառքի, Ինձ՝ մեղապարտիս, բուժվելու առիթ:
Տեր Հիսուս, աներևույթ վերքիս մոտեցրու Ձեթն այս լուսանյութ Եվ մահացու խոցի այս խարանին դիր Յուղիդ օրհնյալ կաթիլներ,
Քո սիրո անապակ փրկարար գինով, Արարչական միությամբդ316Ղուկ. Ժ. 30 Խնամքի պատանքով պատսպարելով,
Որ մաղթական խոսքի մեկնողական շարադրանքս
Մի վայելուչ հարմարությամբ քո Հոգու թևերով
Իր կարգը գտնի:
Բարձրյալ, քո հոգին Դավթի վրա իջավ այն օրը317Ա. Թագ. ԺԶ. 13, Երբ որ օծումով նվիրագործվեց.
Սավուղն այլ մարդ դարձավ
Եվ մարգարեների շարքը դասվեց, Երբ իր գագաթին օծում ստացավ318Ա. Թագ. Ժ. 1-7. Ասորեստանցոց արքայությունը
Օծմամբ գրավված՝ կցորդվեց տանն Իսրայելի. Կայսրեր մի քանի՝ Նշանավոր, վեհ ու երևելի, Խուժիկ, բարբարոս ազգուցեղերից, Կենսացնցուղ ցողով անձրևած այս յուղը Որսաց, ինչպես կարթով, ընտանի դարձրեց Մեծիդ Աստուծո հպատակության:
Երկնային պատվասիրության՝ Կյուրոսին ուղղված խոսքից
Օծյալ հորջորջումը մեծ համարվեց319Եսայի ԽԵ. 1
Եվ Սաղմոսողը մարգարեությունից նախընտրեց Օծյալ կոչումը՝ տարբերակեց ու սահմանազատեց, «Մի՛ դիպչեք նրանց և մի՛ մեղանչեք»320Սաղմ. ՃԵ. 15:
Քորեբում Եղիային Աստծուց առաքելություն շնորհվեց՝
Օծելու Հեուին ու Ազայելին,
Որ նշանակում էր հրաժարեցնել Բահաղի պաշտամունքից321Գ. Թագ. ԺԹ. 9, 15-16:
«Փեսայիդ անունը թափված յուղ է» հոգելից խոսքով
Վերավկայել է իմաստունը322Երգ. Ա. 3, Նախապես գրվեց
Հոգին, որ Աստուծո ճիշտ պատկերն ու նմանակն է,
Քեզնով փոքրի մեջ մեծդ է պատկերված, Շնորհդ ստանալով միանանք քեզ հետ:

Է

Այլևս ինչու հույժ երկար ու մանվածապատ, Հեռու, գծագրական և այլաբան շարադրեմ Վերինիդ ու ահավորիդ առջև Աղոթական բանաստեղծություն:
Տերդ և կենդանարարդ, Արարիչդ երկնի և երկրի,
Օծումից հետո սկսեցիր քարոզել արքայության Ավետարանը323Ղուկ. Դ. 18,
Այն օրերից վկայվելով Հովհաննեսի միջոցով Իբրև Օծյալ և Գառն Աստուծո Եվ վերացնող աշխարհի մեղքերի324Հովհ. Ա. 29:
Թեպետ քո օծմանը Հոգին էր բովանդակ էությամբ,
Խառնված աստվածությանը ամբողջապես,
Այդ [օծյալ] անունը պաշտվում է իբրև խորհրդանիշ
Սրբերի մեջ հրաշափառորեն ազդող շնորհի, Որպեսզի ադամական մարմինը ստրկացած Պատրաստ դարձնես այս հորջորջումով
Միանգամայն բարձրանալու:
Բանալով Եսայիի մարգարեությունը
Դու ինքդ՝ մարդացած աստվածությունդ կարդացիր՝
Հավաստելու քո ծառաների խոսքը, Տեր, Եվ երբ օծությամբ ճանաչեցիր խոսքը, թե «Տիրոջ Հոգին ինձ վրա է, որով հենց ինձ օծեց»325Եսայի ԿԱ. 1:
Ղուկ. Դ. 18, Հետո փակեցիր Որոշեցիր երկու հավասարափառ օծյալների որքանությունը, Խտրոցով նշեցիր սահմանի ընդարձակ հեռավորությունը
Եվ կնքեցիր,
Մերը միայն մի կաթիլով շնորհազարդելով, Իսկ քոնը բացատրեցիր Հոր և Հոգու հետ Կատարյալ հավասարությամբ:
Մեր կերպարանքով երբ հայտնվեցիր՝ Օծյալ կոչումով, գովեստով իբրև, Փառաբանիչ հրեշտակները Երկրային արարածներին ծանուցեցին, Որ մարգարեն նախապես գուշակեց Հորդանանում և ընտրյալ լեռ Թաբորում Հոր ձայնի գալուստը, թե՝ «Մարդկանց շրջանում պատմում է իր օծյալի
մասին»326Ամովս Դ. 13:
Որ և սաղմոսի ձայնն է պատմում կանխավ.
Հզորիդ այս փառքն ու պատիվը՝
Տրված ձեռնադրությամբ ստացածդ մարմնի. «Օծեց քեզ, Աստված, քո Աստվածը Յուղով ուրախության»327Սաղմ. ԽԴ. 8:

Ը

Մարգարեի «Մեր հոգու շունչը» խոսքը, Տեր Քրիստոս328Երեմ. Ողբ. Դ. 20,
Որ իսկական օծյալ կոչումդ է,
Որով կենդանության շունչ ներարկեցիր Լույս բարերարությամբդ՝ ի դեմս մեր329Ծննդ. Բ. 7.
Մի երջանիկ իմաստուն խոստովանելի մարդասիրությամբ
Մեկին ասել է, թե Տիրոջ օծյալի առջև վկայեց. Նորից ավետեց «Անգամ կոշիկ չվերցրի բոլոր
մարմնեղեններից»330Սիրաք. ԽԴ. 13, 19. Հմմտ. Մատթ. Ժ. 10. Ղուկ. Ժ. 4:
Երգ երգոցը Սուրբ Եկեղեցի հարսին գովելու համար
Աստուծո ցույց տված խորհուրդը լուսաբանում է
Համեմատելով յուղեփողական գինու հետ՝ Զմուռսն առաքինության, առաջին յուղով հանդերձ, Եվ զմուռս ու կնդրուկ մաքուր վարքի՝
Ամեն տեսակ անուշաբույր փոշիներով ու Յուղով շաղախած,
Առաջ բերեց այնժամ ու այժմ ևս:
Քրիստոս, երկնքի թագավոր, Դանիելը կենսատու մահդ հստակ գուշակեց, Քեզ անվանադրեց գերազանց բառով, Եվ հորջորջեց քեզ օծյալ առաջնորդ.
«Օծյալը կսպանվի վաթսունինը յոթներյակ հետո»331Դան. Թ. 25, Դան. Թ. 26:
Բարեքի որդի Ադովյան Զաքարիայի ճրագակիր աշտանակին
Յուղի բարեբաշխությամբ վառվող յոթնմասնյա գնդերից
Քո լրության մասին՝ հանուն մեր փրկության և օծության
Նախապատմեցիր գերբնականորեն332Զաք. Ա. 1:
Դ. 1-7:
Ըստ հին օրենքի նախանշման՝ Տաճարի մեջ, խորանի առջև
Ամենընտելությամբ սովորույթ էր մատուցելու Բաղարջաբլիթներ, յուղով խառնած շարմաղալյուր, Յուղով օծած մատաղ եզներ,
Որ կոչվում են տիրոջական, Եվ որոշ հավքեր՝ թաթախած Ճարպին ազգակից արյան մեջ333Ելք ԻԹ. 10. Ղևտ. Բ. 12, ԺԴ. 5-7:
[Այդ ամենը] սրա խորհրդի հայտնի նշան են, Որ հարմար են քեզ,
Մեծ Աստուծո Միածին ծնունդդ օրհնաբանյալ, Միայն դու ես օծված նոր ու զարմանալի՝ Ինքնությամբ, ամբողջ էությամբ, Իսկապես լրմամբ Եվ ամեն ինչով անպակասելի:

Թ

Եվ ի՞նչ կարիք կա բազմապատկելու
Անհասանելի այս մեծ խորհրդի զուգակշիռներ Եվ չճաշակել քեզ, ո՜վ քաղցրություն334Սաղմ. ԼԳ. 9, Քեզնով իմանալ, թե ինչ է յուղն այս, Որ մեղքի փայտից եկած տխրությունը Նրանով ես բուժում, զվարթացնում, ըստ սաղմոսողի335Սաղմ. ՃԳ. 15, Կամ պարարումը, որով մոռանում ենք մահացու կերը, Կամ օծությունը, որով մոխիրի թշվառ տեսքը
Սրա միջով պիտի փոխարկենք Հավերժ խնդության պայծառությանը336Եսայի ԿԱ. 3:
Եվ փրկվելով քո անվամբ, զորության Հոգով Պիտի որդեգրվենք Հորը:
Եվ մարգարեի հոգևոր ըղձականությունը, Եվ բաղձանքը ամենատենչ Իր ծերությունը պարուրվի ձեթով337Սաղմ. ՂԱ. 11,
Կամ գլխի կատարը օծանել յուղով338Սաղմ. ԻԲ. 5:
Հին խարդախությունը սաստիկ սուգի, Մահի ու կործանման, Կյանքի այս դեղով չկենագործվի՝ Պատսպարելով պիտ օժանդակես.
Եվ ո՞րն է ճրագի լուսավորելուն շնորհակալիքը, Եթե ոչ մեղքի անհասության մեգի և կռապաշտության խավարի մեջ Կերպակցելով միավորեցիր ինձ հետ իբրև Էմմանուել339Եսայի Է. 14, Մատթ. Ա. 23:
Եվ կամ ինչո՞ւ մարգարեն, որ աստվածաբանում է
Սփոփիչ ու զվարթարար օրհներգությամբ, Հստակ ու վայելուչ ավետում է ոմանց, Թե՝ «Կօծվեն յուղով՝ մրուրից մաքրած»340Եսայի ԻԵ. 6:
Կամ իմաստունը հարսի անունից ասում է օրիորդներին.
«Ինձ յուղով զորացրեք ու ծածկեցեք Գեղեցկազարդ խնձորով»341Երգ. Բ. 5, Եվ՝ «Ձիթենյաց պարտեզ տանելով գրկեցեք»342Երգ. Զ. 1,
Թե ահավասիկ այս ընտիր նյութով, քո Հոգով լցված չլիներ,
Այս լույսով կտեսնեինք, գովյալ, անիմանալի քո բարձրությունը,
Եվ այժմ քեզ, միակ խնամակալ,
Բոլոր ստեղծվածների բարի պատճառդ, Ձեռք եմ կարկառում ես բազկատարած, Գործակցությամբ երիկամներիս, սրտիս հեծությամբ, Լեզվիս ու շրթունքներիս ձայնարկումով. Լսի՛ր ողորմությամբ, Տեր,
Քեզ ուղղված խնդրանքս պաղատական, Պարգևներով այս շնորհված Իմ գոհությունն եմ քեզ վերառաքում, Հզոր, ահավոր, բարձրյալ, անքնին,
Եվ միշտ համբուրված անտակ փափագով, Սուրբ, սուրբ և միակդ միշտ սուրբ, Մշտապես օրհնյալ՝ հավերժ, անդադար երգեցողությամբ:
Իսպառ վրիպածիս ընձեռիր առավել բարերարություն,
Քաղցրության հույս տուր, որ քո լույսից մի մասին
Անարժան եմ եղել, Քեզնով ընդլայնվել, բարի, Ծածուկ խորհրդի նրբությունը, Աղերսանքիս գոհություն խառնել, Դավթի հետ ասել՝ Աստված, Ստացանք ողորմությունդ343Սաղմ. ԽԷ. 10 Եվ գաղտնիքների ծածուկ մասերը
Քո իմաստությամբ հայտնի դարձրիր:

Ժ

Արդ, մեծություն քեզ, [ով] ամենակալ, Աննվազելի առատաձեռն, Գթության գործում [միշտ] ամենափույթ, Մշտահոժար բժշկությանը, Որ միացրիր, մերձավորին խառնեցիր,
Դյուրագյուտ, ընտանի նյութիս անճառ հրաշքը Քո սքանչելիքի ահավորության:
Որովհետև ամեն բարձրության երկինքը
Երկրի լայնությամբ և ներքին անդունդների խորությամբ
Ծովերի բազմությամբ չի կարող տանել, Այլ իբրև չնչինը բարի մեծից Փոքր գոյիս մեջ տեսակավորեցիր զորությամբ Սահմանելով ճշմարտորեն անհրապուրելի, Որ ինչ-որ նոր երևալով այլ էությունից Հարևանցի կասկած հարուցի Վիրավորելու, քան բժշկելու, Առանց խտրության մտքի, կարծիքի:
Օրհներգված Որդի Աստուծո,
Ինչպես մարմինդ ցորենի հացից ես հանդերձում՝
Ուղիղ իմաստով և ոչ այլաբան,
Եվ խաղողի արյունը՝ կայլակ քո կողից, Իսկ ջրերի առատությունը՝ Հոգևոր ծննդի ու կյանքի արգանդ,
Նույնպես և անմահիդ փչմամբ մեզ տրված հոգին1
Սրանով, սրա մեջ արդյունատրեցիր կյանքի երկունք,
Որից առաջացած կերպարանքը չի ձևափոխվի Անգամ հեթանոսությամբ, Ինչպես չի երկրորդվի տյառնագրությունը Խաչափայտի:
Տեր, խավար երկրում նստածներիս Քոյանման լույս ծագեցրիր344Եսայի Թ. 2:
Որովհետև շնորհի այս կերպավորումով Աշխարհին ցույց տվիր Անհասիդ անպակասելի լրիվությունը
Եվ լուսավորեցիր, որպեսզի տնանկը կարոտ չմնա
Եվ ոչ հարուստը մեծամտանա, Ինչպես որ օդն է հավասար բաշխվում, Կամ արեգակի լույսն է տարածվում, Եվ կամ հոսում են վտակներ ջրի,
Որ երկրածիններին տալիս են հավասարաբար Մանանայի զուգամասնությամբ՝ Փոքրերին ավելի, քան մեծամեծին:
ԺԱ
Իսկ այս նյութի խորին խորհրդի տեսանելությունը
Բնականորեն և հրաշապես է բացատրվում, Որ ոչ թե երկմիտ հապշտապությամբ Անհաստատապես իր տեղն է փոխում
Եվ ոչ նենգելով լքում է իր պահարանը, Քանի որ ոչ օճառով է իսպառ հերքվում, Եվ ոչ ինչ-որ ընդդիմակցից ողողվելով դուրս է
ելնում:
Որովհետև ինչպես պատահած գույնը Անհրաժեշտ բան է մարմնի էության համար, Որ լինելով գոյացնում է, չլինելով ապականում, Այդպիսի մի հարմարությամբ այս յուղի զորությունը, Որը իր հատկության բերումով
Զբաղեցրած տեղից անբաժան է,
Դու կցորդեցիր մեզ հետ միասնաբար, Տեր Հիսուս Քրիստոս, Եղած իրի հետ միավորեցիր և օրինակը՝
Որովհետև աչքի տեսության և մտքին, ըղձին անիմանալին
Առաջ բերելով կերպավորեցիր,
Երկրի պտուղներից ճզմելով ու քամելով, Զարմանալի հրաշագործությամբ Պատրաստեցիր մեզ մատակարարելու:
Մանավանդ որ ոչ թե բազում և զանազան ծաղկանց Խառնումով ու խմբակցությունով
Եվ բազմաբույր այլայլումով՝ Օծման այս յուղը հրահանգեցիր՝ Ըստ հին ու ստվերական օրենքի345Ելք 23-25, Այլ դա օրինակ համարելով Եվ ինքդ խառնվեցիր
Վերնալույս ձեթի այս մաքրությանը:
Ու թեպետ անճառելի են քո անուշ համեղությունները,
Եվ համեմատելի չեն այլ օրինակների հետ, Այլ դաշտի ծաղիկը, հովտի շուշանը, Ընտիր նարդոսը, եղեգնախունկը՝ Հալվեով խառնած, Քրքումի հաճելի բույրով, Փթթած ողկույզի և ազնիվ գինու, Ոչ սոսկ յուղի միությամբ, Պատշաճորեն պատկերացար, Փառավորյալ և անքնին անուն, Որ ամեն ինչ լիացնում ես Եվ որևէ բանի բնավ չես կարոտում:
Ուստի ոչ թե հակառակ առարկաների Բռնորեն խառնում, Որ օրինակն է բաժան կամքերի,
Այլ հոժար սիրով մեր կողմից պարարվում ես Դու աստվածապես.
Մեզ համար ըստ մեզ պատկերանում ես Կատարյալ վայելչությամբ, Եվ բարի լույս, ջերմացնող հուր Եվ սիրո տապ, Առանց անգութ ցրտի շնչման,
Տեսնում են մաքուր մտքերը և ճանաչում Ձեթի նյութեղեն կաթիլների մեջ, Որով հնարավոր է իրոք Աստծուն միանալ:
Օծված և Աստծուն որդեգրված Սողոմոնի հետ
Հարսի բերանով երգում եմ երկնային փեսայիդ Բարեբան գոհություն, Մտքի ըղձանքով համբուրելով քո յուղերի հոտը, Ավելի քան բոլոր խունկերը346Երգ. Ա. 2,
Եվ որպես հավիտենական կյանքի խոսք ունեցողի
Իմաստուն և աստվածաբան Ավետարանչի347Հովհ. Զ. 69 Հոգելից խոսքի համաձայն348Առակ. Դ. 10, Յուղերիդ բույրով քո հետքով պիտի ընթանանք349Երգ. Ա. 3 Երեսներս լվանալով կյանքի ջրերով,
Որ վեր է քան այս օդի երկինքը,
Եվ գլուխս օծելով երկնային անապական յուղով՝
Ուրախությամբ քեզ ընդառաջ կգամ, Զվարթորեն և ոչ տխրությամբ:
ԺԲ
Խնկելի յուղն այս, Պաշտելի ու երանելի, Սոսկ ուղեղի պահանոցը
Կամ գագաթի վարսերը օծելով օգուտ չի տա, Եթե տերունի կենսատու խաչովդ չտյառնագրվի Զարմանահրաշ օրհնալույս յուղն այս
Հրեային ու խուժին, հնդիկին ու բարբարոսին, Սկյութացուն ու հելլենին, Դժնի դուժին ու արհավրատեսիլ Սոսկավիթխար շնագլխին,
Ազատ տիրոջն ու ծառայածին ստրուկին Քրիստոսյան դարձնելով՝ Քո անվամբ է կնքում, ընծայում Սուրբ Հոգուդ
Եվ երկնային Հորդ հարազատ Որդի հաստատում350Կող. Գ. 11:
Բազմատեսակ են սրա հրաշալիքները
Նախ՝ հարմարված նյութին, ապա՝ զորությանը:
Որովհետև ինչպես փայտեղեն անոթը Քանի չի օծվել, Հեշտությամբ ջարդվում է ու դառնում անպետք, Արժեզրկվում է, Նույնպես և մարդը՝ չօծված սրանով, Հեշտությամբ խորտակվում է
Եվ քեզնից հեռու լինելով՝ չի լուսավորվում:
Հիսուս, սա քո մատն է, որով351Ղուկ. ԺԱ. 20 Զարմանագործում ես հրաշալիքներ, Որովհետև նրա անգծելի կազմությամբ Ու կարծր պահպանությամբ պաշտպանելով Ամենապատրաստ շրջաբերությամբ Ծածկում է այլևայլ եկամուտ բաներից, Այնպես որ սրա մաքրությամբ օծվածը Արյամբ չի ներկվի
Եվ չի այլայլվի տխուր գույներով:
Եվ մանավանդ իր թափանցել-խառնվելու հատկությամբ
Հոգեպես մտնում է մեր թանձր մարմինը, Ու եթե սաղմոսողի անեծքը ձեթի պես Չարի բոլոր ոսկորներին է հասնում352Սաղմ. ՃԸ. 18, Որչափ առավել Հոգիդ Լույսի սույն ճարպով կյանք տալով ողջացնում է Ներքին վերքերը անտեսանելի,
Եվ այն խորքերից ազդումն է տալիս Հագագի շունչին, Ներգործելով ծայրանդամների վերջը,
Մոռացնել տալիս մարմնի մահվան արկածները, Որովհետև, միշտ ահավոր, Տեր Հիսուս Քրիստոս, Քո կենսարար զորությունը խառնված է սրան, Եվ բնակվում է նրա հետ:
ԺԳ
Այս օծումը բարետեսիլ
Բռնամարտիկ, մերկամրցման ըմբիշները ևս ունեն:
Իբրև ճգնական հնարանքների զորավոր խթան, Անբռնելի՝ հակառակորդի համար Պաշտվում է օրենքով, Հզոր և ահարկու է դևերի և հիվանդության դեմ:
Զի Եզեկիելի բազմապաճույճ պճնած խոսքով,
Որ հեգնում էր իմանալի փարավոնին այլաբանորեն,
Ողբական երանգներով. «Երբ ստեղծվեցիր, ասում է,
Օծյալ քերովբեի դեմ կռվելու պատրաստվեցիր, Ուր հրեղեն քարեր էին հաստատված»353Եզեկ. ԻԸ. 13-14:
Օրհնաբանված ահավորություն, Որ ձեռքդ հասնում է ամեն տեղ, Խոսքով անճառելի և քննությունից վեր, Մշտապես խնկվում ես ավետարանով,
Իբրև օծյալ նորածին՝ Դավթի քաղաքի մեջ, Եվ քահանայապետի հարցին՝ թե «Դո՞ւ ես Օծյալը՝ Օրհնյալի Որդին»354Մարկ. ԺԴ. 61 Պետրոսի երանելի դավանությունն էր՝ «Միակ Օծյալը՝ կենդանի Աստուծո Որդին»355Մատթ. ԺԶ. 16 Իսկ թերահավատ քննողները հարցնում են՝ «Դո՞ւ ես Օծյալը, ասա համարձակ»356Հովհ. Ժ. 24 Նաև քո կանոններից հավատում ենք Օծյալ ուսուցչիդ և բոլորի Տիրոջդ357Մատթ. ԻԳ. 10, Հովհ. ԺԳ. 13-14:
Սրանից առաջ Հերովդեսը Օծյալ անունով Քեզ էր փնտրում հայտնապես358Մատթ. Բ. 4 «Ինչպե՞ս ես գրում,-

ասացիր ինքդ,-

Աստուծո Օծյալը և Տերը Դավթի, Որդին անսկիզբ,
Որդի՝ ժամանակով»359Մատթ. ԻԲ. 43-45:
Այսպես ըմբռնեցինք վայելչաբար
Այս բացատրությունը, որ մեզ տալիս է Խորհրդավոր կոչման լրումը, Որ նախապատիվ է [դարձնում] քրիստոնյաների վիճակը:
ԺԴ
Այնքան ահավոր, միաժամանակ այնքան սուրբ է Յուղի սոսկալի, խնկավոր «օծություն» անունը, Այնպես որ, ոչ ոք երկրայիններիցս չի համարձակվի Աստված կոչվել, այլ՝ լոկ աստվածային,
Նույնպես չի կարող մարմնավոր մեկը
Իրեն Քրիստոս համարել, այլ՝ լոկ քրիստոնյա, Դա անհնար էր և առաջին մեծ մկրտչին՝ Ջրերով Հոգուն հրավիրողին360Մատթ. Գ. 16, Որովհետև, ասում է, ես օծյալը չեմ, Այլ ուղարկված եմ նրա առջևից361Հովհ. Գ. 16:
Ինչպես Մարկոս Ավետարանչի խոսքն է՝362Մարկ. Զ. 7. 13 Սրանով էին շրջում առաքելական լծակիցները, Իբրև Աստծու ձեռք, օգտվելով սրանից, Քո անվամբ բուժում էին, առանց մարդկային
դեղամիջոցի:
Քանի որ ինչպես խավարը լույսից, Հիվանդությունը առողջությունից, Գիշերն օրվանից ու մահը կյանքից, Այդպես և այս տիրապարգև նյութից Մերժվում են չարի բոլոր հանգամանքները, Խափանվում են և իսպառ վերանում:
Քանզի ինչպես որ զազիր ճանճերը, Սարդեր, զեռունները ականջամուտ,
Իբրև թույնից՝ սպառվում, պակասում են այս նյութից,
Այդպես այս յուղը երբ զորանում է
Օրհնության շնորհիվ՝ և՛ դևերին է հալածում, Ե՛վ չարքի մուրհակներն է ոչնչացնում, Եվ մահավճիռն է պատռում:
Ավազանը կատարյալ է լոկ օծման օգնությամբ:
Թե՛ ավազակներից մահացու խոցված Առաջին մարդուն տրվեց փրկության այս դեղը363Ղուկ. Ժ. 34, Թե՛ Հակոբոսի և Իսրայելի անբույժ վերքերին [Իբրև դեղ] այս պատվական իրը հիշվեց364Եսայի Ա. 6:
Այս յուղն էր փափագում Դավիթը հարակա հույսով
Իբրև պտղավետ ձիթենի Աստուծո տան մեջ365Սաղմ. ԾԱ. 10, Այնժամ մերժելով թլփատությունը՝ Գուշակեց շնորհը մկրտության:
Եվ ինչո՞ւ եմ ես ճառում սրանից,
Կարծելով՝ կարող եմ սպառել նյութը, Մինչդեռ վերիններն իսկ ի զորու չեն Մասնակիորեն բացահայտել այս խորհուրդը, Եվ կամ՝ էապես:
ԺԵ
Փառք քեզ միշտ և ամեն ինչում, անմահ թագավոր,
Այժմ իմ երգած օրհնաբանությամբ, Որ արեցիր, կատարեցիր ինձ համար, Բարեխնամ, գթած և ներողամիտ, Հարուստ և առատ, ամենահաղթող, Հայրերից սկսած՝ օրինակ տվիր, Լրման հասցրիր իսկությունը ճշմարտապես:
Դու՝ բնությամբ՝ լույս ես և արեգակ մշտապայծառ,
Եվ աշակերտներիդ դասը լույս անվանեցիր366Մատթ. Ե. 14, Որով երկրի բոլոր արարածներին Նրանց երջանիկ շնորհի շողերով լցրիր:
Մեկից անուշ յուղ ստացար ոտքերիդ՝
Նշան, որ ընդունելի են քեզ ուղղված խնդրանքները367Հովհ. ԺԲ. 3,
Եվ մի այլ պոռնկից՝ գլխիդ,
Նշանակ մեր հանդեպ գթառատ սիրույդ368Ղուկ. Է. 46:
Անսահմանելիդ մշտափափագ բաղձանքով հոտոտեց յուղն այս,
Հաստատուն ուխտով սահմանածդ մշտակա օրենք օրհնաբանելի՝
Կյանքի պատգամներ քոյահրաման Քարոզելու աշխարհով մեկ Արժանավորությունը համեստ յուղի՝
Ի զարմանս հրաշքը լսողների,
Ի հուսադրություն գալիք սերնդի369Մատթ. ԻԶ. 3:
Դուք սրբից ունեք օծությունը՝370Ա. Հովհ. Բ. 20 Ասաց երջանիկն առաքյալներից, Մեկնաբանելով օծման խորհուրդը, Որ տալիս ես մեզ կենդանարարիդ Անպակաս էության առավելությունից:
Ուստի գերազանցորեն քեզ նմանատիպ և հարմարավոր
Լույսիդ և Սուրբ Հոգուդ,
Օրհնության կաթեցումն այս, որ սրսկվում է մեզ վրա անսպառ,
Նաև Լույս է կոչվում,
Իբրև ստեղծվածներից առաջինը Եվ արարչությանդ պատկերակից, Որով հալածում ես մեղքի խավարը:
Իսկ Հուր է կոչվում, որովհետև Ամեն տեսակ տարրերի հետ Հավասարապես զուգավորվում է՝ Բաշխված հայտնապես, թե ծածուկ,
Լուռ, թե հռչակված,
Ու թե չբախվի հակառակորդի՝
Չի բաղձա բորբոքվել ինքնասաստ կամքով:
Նաև՝ օծումն, որ արքայաբար Որդեգրելով, քեզ հետ միասին՝ Մատուցես Հորդ ի ժառանգություն, Ողորմությանդ [այս] ազգակիցը Մեր մեջ նկատվի անեղծանելի, Որպեսզի փայլենք գալիք փառքի մեջ:
Կոչվում է Հոգի, Որպեսզի խաբեության հետքը մաքրելով,
Ուր բանսարկուի ներգործությամբ էր, Նոր փոփոխվելով Երկնային Հորդ երկրպագենք Հոգով և ճշմարտությամբ371Հովհ. Դ. 23
Հույսի հավատքով քեզ հետ բևեռված, Ամենապարգև:
ԺԶ
Ահա արդարև ճշմարտագունեղ Այս լուսապատար, խնկալից յուղը Վերնայնիդ սիրո արտացոլումն է, Որի համար և Պողոսը պատշաճ դատեց
Գոհաբանական ճառի մեջ ասել հայտնապես. Ով մեզ օծեց ձեզ հետ միասին ի Քրիստոս
Հիսուս՝ Աստված է, որ և կնքեց մեզ և մեր սրտերին
Հոգու առհավատչյան տվեց372Բ. Կորնթ. Ա. 21-22 Ու նաև ասաց. Մի՛ տրտմեցնեք Աստծու Սուրբ Հոգին, Որով կնքվելու եք փրկության օրը373Եփես. Դ. 30:
Պատկառելի և անվանելի է Այս օծություն հորջորջումը Ինչպես հին օրենքում, Առավել և նորում:
Տիրական տնօրինություններիդ ու չարչարանքիդ
Անցած խորհուրդն է ակնհայտ դարձնում Դավթյան սաղմոսի այն ասույթը, թե՝ Տիրոջ և իր Օծյալի դեմ374Սաղմ. Բ. 2 Հավաքվեցին, կուտակվեցին Իշխանները ժողովուրդների:
Մեծ մարգարեությունն էր ակնարկում Մոլեգնաչար հրեաների խմբի՝ Անջնջելի արյանդ մեղքի տակ մտնելը, Երբ հանդգնեցին տերությանդ դեմ.
Ո՞վ է, որ ձեռք պիտի մեկնի Տիրոջ օծյալին Եվ քավություն գտնի375Ա. Թագ. ԻԶ. 9:
Որովհետև թեպետ Սավուղը
Իր ազգակցի ձեռքով սպանվեց376Բ. Թագ. Ա, Օտար ազգերի ամոթն ու նախատինքը
Իսպառ չմերժեց [նրանց],
Մինչև որ Աստուծո արյանդ հաղորդվեցին:
Ապագայի մեծ հիշողության գրավական են Աղոթանվեր աղերսանքներն այն, Որ ասում էր իր սաղմոսով.
Հանուն քո սիրելի Դավթի Երես մի՛ դարձրու քո Օծյալից377Սաղմ. ՃԼԱ. 10:
Ու դարձյալ. Նայիր և տես քո Օծյալի երեսը378Սաղմ. ՁԳ. 9, Եվ՝ Ողորմություն արա Օծյալիդ379Սաղմ. ԺԷ. 51:
ԺԷ
Քրիստոս, երկրպագելի պարգևն է ձեռքիդ Լուսակիր հյութն այս, Եվ արքայական իր ճոխության մեջ
Չի տեսնում ուրիշ բարձրություն մի մեծ, Քան քո անունից ասված քո խոսքը. Գտա իմ ծառա Դավթին Եվ իմ սուրբ յուղով օծեցի նրան380Սաղմ. ՃԼԱ. 10:
Ըստ սովորության հիշելով և համբուրելով Քո լուսեղեն օծությունը, Տեր Հիսուս Քրիստոս, Քեզ ճանաչում ենք՝ Անփոփոխելի մշտնջենություն, Դու ես ամենը, ամեն ինչի մեջ, Միակ թագավոր թագավորությանց,
Եվ յուղվածների ճշմարիտ օծյալ, Երեկ և այսօր Փառաբանվածդ երկրպագությամբ:
Ինչպես պատրույգը ճարպի մեջ թրջված Նշողում չունի՝ մինչև չվառվի, Այդպես և լույսի այս օծությունը՝ թափված մեզ
վրա, Ապագայում է լուսավառվելու:
Սա [օծման] մեկին բացատրությունն է՝ Նախնիներից մինչև օրս, Բարենշան օրինակով մի հարմարած, Հրաշապայծառ գույնով ներկած:
ԺԸ
Արդ, պատճառը ապրեցուցիչ վեհագույն մասանց,
Աստվածային արարչությանդ հարազատների, Առանց որի հնարավոր չէ քրիստոնյա լինել, Եվ կամ անվանվել Նազովրեցի, Կամ հիշատակվել Հուդայի որդի, Խրախույս կարդալ հանուն Հակոբի Աստուծո381Եսայի ԽԴ. 5, Այս ձեթի հյութը, որի մեջ Միավորվում է սուրբ Երրորդությունդ, Շնորհքի ճառագայթ, շուքը մեր դեմքի, Նկարագիրը մեր երեսների, բարեձևությունը
պատահմունքի, Աչքերի լույսը, բիբերի տյառնագրությունը,
Այտերի վայելչությունը, կերպարանքի զարդը, Շրթունքների պահպանարանը, Հանդերձիչը կրոնների, Վարքի հարմարիչ, հավաքման շաղկապ, Անձանց զորություն, ընդդիմացող ուժ, Հուռութ խափանող, հմայանք քակտող,
Ձեռնածուների հալածիչ, կախարդների խայտառակիչ,
Աղանդները բացահայտող, դևերին հաղթող, Ցավեր փարատող, կնքվածներին սրբագործող, Նորադարձների տենչանք, անիմանալի՝ իմաստուններին Ապշությունը հեթանոսների, անհավատների
նախանձը շարժող, Գաղտնիքները բացահայտող, Հարգանք՝ նվաստներին, փառք՝ ստրուկներին, Պճնումն կանանց, աճումն մանկանց,
Ծերերի հրճվանք, նվիրվածների ձեռնադրություն,
Զգուշացում մաքուրներին, պսակ թագավորներին,
Ճոխությունն արքաների և կայսրերի մտադրություն,
Քանի որ կնքված ամանը ցույց է տալիս Պարունակության մեծագնությունը, Նաև մեզ տրված շնորհի բարձրությունը՝ Սրանով ծածկված քո անվամբ, Աստված Տեր Հիսուս Քրիստոս,
Վայելուչ ինչ-որ համեմատությամբ Դառնում է ճանաչ:
Իսկ նրա անունը նույն հորջորջումով, Ըստ հոգելից իմաստունների, Դեռ եգիպտացիներից սկսած Բացահայտում է իրի պատկերը՝ Ահեղ խորհրդի կերպարանքը:
ԺԹ
Չէ՞ որ մյուռոնը այս օրհնաբանված, Որ մարգարեն նախապես աղերսելով Աչքի լույս էր խնդրում382Սաղմ. ԺԲ. 4, Քերթողական խոսքով բացատրած՝ Հոմերոնը թարգմանվում է «իմ մայր», Այսինքն, որ մեր բնությունը ուժգնորեն ձգող, Եվ կայունացնող չքնաղ փոփոխմամբ Հոսուն ջրերը լուսավոր ավազանի, Եվ կաթ մածուցող մակարդի նման Իր մեջ է հաստատել վայրենությունս Եվ հեղեղը աղբյուրների մշտահոս:
Իսկ մառնամուտը նույնպես մյուռոն է նշանակում,
Մի այլ բառով արտահայտված, Այսինքն՝ մթին, որ խավարչուտ է Եվ ծածկված է, անտեսանելի:
Օտարացեղ չէ այս դիմառնական կոչումը բառիս,
Քանի որ իրոք անուն է դրվում իրին համաձայն Եվ անքննելի է խորությունը այս, Քան թե ամեն մի սրբություն սրբոց:
Քանի որ ոչ թե ջրի նման է աղտը լվանում, Կամ սիրտն ամրացնում հացի բնությամբ, Այլ նորոգ ինչ-որ մի հարմարությամբ Տնօրինապես տյառնագրվում է զգայարաններին, Սակայն վերնական անհասությամբ Ունի անուն անքննելի:
Եվ ինչպես ասվում է՝ Աստված անմատույց Լույսերի մեջ է, իսկ անսահման փառավորությամբ383Ա. Տիմ. Զ. 16 Անբավ խավարում ծածկված է անտես384Հմմտ. Սաղմ. ԺԷ. 12:
Արտաքուստ փակված՝ հասու չենք նրան:
Նույն կերպ է և այս ծորումը լույսի Որոշ ճարտար լեզուներից Պատշաճ ասությամբ անվանագրված՝ Մռայլ է կոչվում, Քանի որ անհնար է
Երկրածին բնությամբ իսկությունն զգալ:
Իսկ իր մեջ հարստաբար ու տիրականապես Երկու Աստուծո անուն է կրում:
Եվ բարձրյալի անվանը նմանվելով Կրկնակի է մեծանում այս յուղը՝ Նվիրագործված ամենաբուրյան ազնիվ կնդրուկով,
Զի Աստվածը մեր սպառիչ կրակ է385Բ. Օր. Դ. 24 ըստ Մովսեսի,
Ու նաև լույս է, ըստ Հովհաննեսի386Ա. Հովհ. Ա. 5,
Ուստի Եսային ճշմարտորեն է սրան ակնարկում՝ Լույսն Իսրայելի հուր պիտի դառնա387Եսայի Ժ. 17:

Ի

Դարձյալ նոր ձևով ներկայացնեմ՝ Իրը հայտնելու նոր մի պատկերով, Չմոռանալով իմ նողկությունը, Որը քաղցրացավ գթությամբ մեծիդ՝ Նորից ու նորից գովեստով օրհնել:
Մեռա՝ դառնություն է նշանակում388Ելք. ԺԵ. 23, Տաժանելի կիրք և չարչարանքներ:
Մյուռոն՝ մեր լեզվով թե ստուգաբանենք, Պիտի թարգմանենք մահ-մեռելություն:
Որովհետև այս հոգևոր օծմամբ Մենք կտրվում ենք սնոտիասեր, Մահակերպարան, տաղտուկ ու զազիր, Հեշտություններից հակառակվողի, Որ օդախոնավ մեղկություններով, Ինչ-որ ջրացիր մի խոնավությամբ
Աղավաղում են հունչը քնարի իմ լսողության, Թմբուկ-թաղանթի ներդաշնությունը Ուժգին հնչումով մի անվայելուչ
Ներքև է ձգում, մատնում կորստյան Հեռանկարը մարդուս գոյության:
Դարձյալ, վերստին հուսով ենք կապվում Քո խաչի անճառ խորհրդին, Քրիստոս, Դու, որ միշտ ողջ ես՝ մահով մկրտված, Աստված, և հաղորդ քո խրախույսով՝ Սրանով ենք մենք հաղորդվում կյանքիդ, Եվ՝ բոլորովին անբաժանելի:
ԻԱ
Հիսուս, չորս կողմից դրոշմած այս յուղը Բարձրյալիդ խաչի պես հաստատում է Կեցուցչիդ զուգափառ և նմանատիպ արյան
շնորհը,
Եվ մեծարում է՝
Նույն անմերժելի փառքով պսակված:
Ծառն այդ կոչվում է օրհնյալ յուղի փայտ, Ըստ մարգարեի կանխասացության389Եսայի ԽԱ. 19, Դա սովորական անտառի տունկից կազմվածը
Հզոր մի ուժով փրկում է չարի նենգ արկածներից
Եվ օտարոտի մտածումներից, Վերադարձնում է քեզ՝ ստեղծողիդ, Հասցնում նրան կյանքի նույն նյութին:
Եվ մեր մտքի պատուհանը մշտաբաց ու դյուրաթափանց
Տյառնագրում ենք հանուն ահավոր մեծիդ զորության,
Որ զգայարանքս խոհականորեն զգաստանան քեզնով,
Իբրև ըղձական օթևան Հոգուդ, Եվ խավարահողմ խարդախող չարի Խաբեության դեմ անհաղորդ մնան:
Զսպված այս լույսով՝ կենտրոնանում ենք, Երեկոյան պաշտամունքի Գոհաբանական նվագերգության, Աստղերի հետ, որ նշանն են Մեր մեջ վառվող քո շնորհի:
Սրանով են և փրկության բարի հուշարկումները Տնկվում մեր սրտում ու պտղաբերում, Քո մեծ գալստյան վերջին գիշերի Ընթրիքի համար Այս լույս ճրագն ենք, ահա՝ կիրառում:
ԻԲ
Իսկ այժմ տառաթվերի գումարով դիտենք. Թե քսանը չորսով մենք բազմապատկենք, Եվ գտնենք տառը քսաներկուերորդ՝
Կբացատրենք խորին իմաստը [սրբալույս] յուղի,
Որ թարգմանվում է ճաշակ հեշտալի,
Եվ պատրաստում ենք այն ընկալելու մենք ամբողջապես:
Երբ ութսուն նշող գրի փոխարեն դնենք չորս հարյուրը,
Ստուգաբանենք՝
Ձեթի անվան հետ նյութ է ստացվում, Որ կերպարանքն է թթու խմորի:
Սա զանգվածն իրեն ենթարկել գիտե, Որ ոչ թե քիչն է շատի ընդերքում,
Այն ամեն ինչը իր կողմն է ձգում՝ աճեցնելով, Ինչպես ասում է Ավետարանը390Մատթ. ԺԳ. 33, Ղուկ. ԺԳ. 21:
ԻԳ
Այս համեստ յուղը միշտ օրինակն ու նմանությունն է
Համբարձման և խոնարհության:
Երբեմն իբրև կակուղ պատառ է տրվում, ընկալվում,
Համակշիռ ու հարմար խոսքի պես, Երբեմն, սակայն, գերափառ է նա, Բոլոր լուծական, հոսանուտ, ծորող նյութերի
վրա
Շրջում է իբրև
Այն հրաշափառ խորհրդի պատկեր:
Երբ որ լցվում է կաշվե պարկի մեջ՝ Ոչ թե գինու կամ ջրի պես թրջում, Այլ պահպանում է հին պատշաճ ձևը:
Այսպես ստանալով առավելական Այս բարիքը քո, Որդիդ կենդանի Աստուծո,
Սրբանվեր այս օծելությունը
Մեր ճակատին ենք գրում քո արյամբ,
Ու քո Հոգով տպավորում ենք մեր սրտում, Եվ հավատում ենք խորապես, Որ նա մի օր թե հայտնվի Բազմաճաճանչ շառայլներով՝ Տարածվելու բազմատեսիլ, Զարմանահրաշ ընդլայնումով,
Լույս կընծայե գալիք օր ու սերունդներին:
Երջանիկ ու վերնանշույլ ճարպն հոգևոր Թող իմ դեմքին քո նշանով լուսավառվի:
ԻԴ
Եվ կարծես անհաս, անըմբռնելի Մեծ զորությունն այս Մտքի սլացքի թեթև թևերով,
Որ շա՜տ, շատ վեր է մեր ըմբռնումից, Անկանգ շարժումով, անհետ փախստյամբ Ու լայն տարածքով տարաբաժանված, Թաքնվեց ինձնից և չօրինակվեց.
Կամ զուգորդաբար չնմանակվեց, Կամ սահմանումով չձևակերպվեց, Եվ չկշռվեց զուգակցի չափով,
Այլ աստվածային խաչի նշանիդ հավասարությամբ
Եվ, կեցուցիչ, քո արյան հետ միայն Հոգևորապես գերազանց եղավ:
Եվ հիմա օրհնիր մեզ, Տեր, սրանով:
Նաև ահավոր, լուսեղ, երկնային և զարմանալի Քո անունը, Տեր, թող փառաբանվի,
Մաքրակրոնների բուրվառով խնկված,
Սուրբ, սուրբ անքնին, անպատում, բարձրյալ, Ողորմած, երգված, ճշմարիտ, Բարերար և սուրբ, Սրանով փրկագործիր, և քավություն տուր Բժշկություն պարգևիր, շնորհով օժտիր, Առատաձեռնիր, ով երանություն:
Օծվելով երկնանձրև լույսի այս ձեթով՝ Անարատ լինեմ, Յուղված բանավոր այս հենքի մեջ թող Մեղքի բիծն անգամ չտխրեցնե, Որ հոգուս կերպը մնա անարատ:
Եվ թող բոլորը, որ կմոտենան օծվելու սրանով՝ Հարսնապաճույճ վեհությունով գեղազարդ, Սուրբ վայելչությամբ ու երջանկորեն Հոգով զարդարվեն:
Թող այս լուսափառ և աստվածատուր
Կրակը իրեն մոտեցնողներին լինի կրկնեռաց մուխ
Եվ բարեփափագ ջերմության ու հորինվածքի երկաթ,
Որով ամբողջովին, ամենապատրաստ պնդությամբ
Քո կարծր անսասան վեմի վրա հարակա Միշտ արձանանում, Աներկբայորեն ի քեզ հաստատված:
Ով սրանով զինվի՝
Նշանակ լինի երկնամրցանակ այս մեծ պարգևին.
Ո՛չ ջրով թրջվի, ոչ այրվի հրով, ոչ ցրտահարվի, Ո՛չ վնասաբեր հողմն իրեն մարե, Ո՛չ աղտեղանա ինչ-որ ուրվական պղծություներից, Եվ պահվածները չարին չմատնե391Հուդա. Ա. 1,
Ո՛չ աշխարհից հեռանալիս անմտաբար Դուրս նետել կյանքի գանձերն ամբարված, Եվ քո թևերի օգնությունից զուրկ չմնալ [հանկարծ], Մեր մեջ էացած [սուրբ] օծությունից,
Անմաքրությամբ չմերկանալ:
Այլ քո հաճությամբ կիզվենք նրանով, Պարարվենք իրմով և լուսավորվենք, Նրանով ազատված և արդարացված, Պսակված ու թագավորած:
Եվ քեզ, միակիդ, միակ Օծյալիդ Բոլորի երգը օրհնաբանական, Եվ լեզուների փառատրությունը, Հնչմունք ձայների, հանդիսավոր գովք, Եվ շրթունքների բարեբանություն, Սրբաբանությո՛ւնը սաղմոսների Հոր և Սուրբ Հոգու հետ Հավիտյանս հավիտենից. ամեն:

Բան ՂԴ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Աստվա՜ծ հավիտենական, բարերար և ամենակալ,
Ստեղծող լույսի և հորինող գիշերի,
Դու կյանք՝ մահվան մեջ և լույս՝ խավարում, Հույս՝ սպասողների և համբերություն տարակուսյալների.
Որ ամենարվեստ քո իմաստությամբ ստվերը մահվան փոխում ես այգի,
Աննվազ ծագում և անմայրամուտ արեգակ, Զի գիշերվա մութն անզոր է իսպառ քողարկել
փառքը քո տերունական, Որին ծնրադրում են արարածներն ու երկրպագում՝ Երկնավորներն ու երկրավորներն և սանդարամետականները բոլոր:
Դու լսում ես հեծեծանքները կապյալների, ունկնդրում խոնարհների աղոթքին
Եվ ընդունում ես նրանց խնդրանքները,
Աստված իմ և թագավոր իմ, կյանք իմ և ապավեն իմ,
Հույս իմ և վստահություն իմ, Տե՜ր Հիսուս Քրիստոս, Աստված բոլորի,
Սրբերի սրտում հանգչող սո՛ւրբդ դու, Մխիթարություն վշտերի և քավարան մեղավորների, Որ գիտես ամեն ինչ՝ նրանց լինելուց առաջ:
Ուղարկի՛ր պաշտպան զորությունն աջիդ
Եվ գիշերային երկյուղից ու չար դևից ինձ փրկիր,
Որպեսզի հիշատակը սոսկալի և սուրբ քո անվան
Միշտ համբուրելով հոգուս շուրթերով՝
Ըղձական շնչով ապրեմ պահպանված բոլոր նրանց հետ,
Որոնք անդադար ի բոլոր սրտե քեզ են կանչում, Տե՜ր:

Բ

Եվ դրոշմից խաչի քո նշանի,
Որ աստվածային արյամբդ ներկելով դու նորոգեցիր,
Եվ մկրտելով մեզ որդեգրեցիր,
Եվ նկարեցիր ու հորինեցիր պատկերիդ փառքով,–
Պարգևներով այդ աստվածային թող ամոթահար լինի սատանան,
Մեքենայությունները քանդվեն թող ու որոգայթները վերացվեն,
Մարտնչողները պարտվեն թող որ, և թող չլինեն զենքեր սայրասուր,
Մշուշը ցնդի, մութը փարատվի, մառախուղն անցնի:
Բազուկդ հովանի լինի թող և աջդ կնքի. Քանզի գթած ես դու և ողորմած, Եվ քո անունով են կոչվում ծառաներդ392Իմա՝ քրիստոնյա Եվ քեզ՝ Հոր ու Սուրբ Հոգուդ հետ հավե՜րժ փառք, իշխանություն:

Բան ՂԵ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Արեգա՛կ արդար, օրհնյալ ճառագայթ, պատկեր լուսեղեն,
Փափագ անձկալի, անքնին բարձրյալ, անպատում զորեղ,
Բարու բերկրություն, հուսատու տեսիլ, գովյալ երկնավոր,
Թագավոր փառաց, Քրիստոս արարիչ, խոստովանյալ կյանք,
Եղկելուս բազմավրեպ և սխալներով լի այս շարադրանքի
Պակասները դո՛ւ լրացրու խոսքով քո ամենազոր
Եվ այն մատուցիր որպես հաճելի աղերս բարձրյալ Հորդ:
Դու ինձ համար անեծքների փորձության ենթարկվեցիր՝
Կերպարանքովդ նմանվելով ինձ, կենա՜ց օրհնություն,
Բարեխնամ տեսուչ երկնայինների և ողջ երկրայնոց:
Զի թե հանձն առար մեռնել ինձ համար, Աստվա՜ծ բոլորի,
Ո՛րքան ավելի պիտի ուզենաս կարեկցել և այժմ
ինձ, տառապալից տագնապահարիս, Ազգակցիդ մեզ՝ մեզնից մարմնացյալ, Մեղապարտիս հետ միշտ աղոթելով Հորդ համապատիվ:

Բ

Եվ պատվական արյանդ միջնորդությամբ,
Որ մատուցվում է միշտ առաքչիդ կամքին ի հաճություն՝
Թող վերացվեն վտանգները մեղավոր դատապարտյալիս,
Պարտքերը զիջվեն, ամոթը փարատվի,
Մոռացվեն խայտառակություններն ու դատավճիռն ի բարին փոխվի,
Սատակեն որդերն, ու լացը վերանա, Դադարի կրճտումն ատամների թող, Ողբերն սպառվեն, Արտասուքները ցամաքեն թող որ, սուգը հեռանա, Խավարն հալածվի, ու հուրը սաստիկ մարի,
մոխրանա, Եվ բազմապիսի տանջարաններն ի բաց մերժվեն:

Գ

Եվ թող բոլորին կյանք կամեցողիդ ու պարգևողիդ գթությո՜ւնը գա,
Թող լույսդ ծագի, փրկությունդ փութա, օգնությունդ հասնի,
Այցելությունդ ժամանի, և ողորմությանդ ցողը կանխահաս
Թող որ շտապի՝ հույժ թշվառությամբ մահվան վիհն ընկած
Իմ ոսկորների պապակ անդաստանը ոռոգելու:
Կենարար արյանդ բաժակն երկնավոր, որ պատարագվում է միշտ, անսպառ Հանուն ննջեցյալների հոգու փրկության և կենաց, Թող ծաղկեցնի և պտղաբերի լուսավոր օրվանդ
համար մշակված դաշտն իմ մարմնեղեն, Որպեսզի նրա մեղքով իսպառ մահացած հոգիս, Քո շնորհիվ, գթա՜ծ, քո մեջ զորացած, Եվ մեղքերից ազատ, անմահ կենդանությամբ Նորոգվեմ արդարների հարության օրը՝ Հորիցդ
օրհնված, Որի հետ փառք քեզ և քո Սուրբ Հոգուն
Եվ բարեբանություն վայելչական գոհությամբ, Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն: