1-Հայկազուններ կամ Հայկյաններ--------------մթա. 2492-330
2-Բիաինի կամ Արարատյան---------------------մթա. 9-6-րդ դդ.
3-Ասքանազյաններ---------------------------------մթա. 630-570
4-ա/Երվանդունիներ-------------------------------մթա. 570-2-րդ դար.
բ/Կրտսեր Երվանդյաններ---------------------մթա. 3-2-րդ դդ.
5-Արտաշեսյաններ---------------------------------մթա. 189-մթ. 1
6-Արշակունիներ-----------------------------------66-428
7-Բագրատունիներ--------------------------------885-1045
8-Ռուբինյաններ-----------------------------------1080-1225
9-Հեթումյաններ------------------------------------1226-1375
Հայկական լեռնաշխարհում առաջին պետական կազմավորումը համարվում է Ք. ա. 28-27-րդ դարերում գոյություն ունեցած Արատտան, որը կրոնապետական երկիր էր:
Հայկական լեռնաշխարհի հաջորդ պետական կազմավորումները եղել են Արմի (Ք. ա. 24-րդ դար), Արմանում (Ք. ա. 23-րդ դար) երկրները, Միտաննի թագավորությունը (Ք. ա. 16-13-րդ դդ.), Հայասան (Ք. ա. 15-13-րդ դդ.), Նաիրին (Ք. ա. 13-9-րդ դդ.): Սակայն, մինչև այսօր ոչ այդ երկրների արքաների ամբողջական ցանկն է հայտնի, ոչ էլ այդ պետական կազմավորումները համարվում են զուտ հայկական պետություններ:
Հայկական լեռնաշխարհում գոյություն ունեցած առաջին պետական կազմավորումը, որի բոլոր արքաները և նրանց գահակալման տարեթվերը հայտնի են, դա Ուրարտուն է կամ Վանի թագավորությունը, սակայն, նույնիսկ Ուրարտուի պարագայում հին շրջանի պատմության հետազոտությամբ զբաղվող պատմաբանները միակարծիք չեն նրա հայկական պետություն լինելու մասին:
Վանի թագավորություն (ՈՒրարտու (Ք.Ա. 860–590 թթ.)
- Ք.ա. 860–843 թթ. Արամե
- Ք.ա. 843–835 թթ. Լուտիպրի
- Ք.ա. 835–825 թթ. Սարդուրի I
- Ք.ա. 825–810 թթ. Իշպուինի
- Ք.ա. 810–786 թթ. Մենուա
- Ք.ա. 786–764 թթ. Արգիշտի I
- Ք.ա. 764–735 թթ. Սարդուրի II
- Ք.ա. 735–713 թթ. Ռուսա I
- Ք.ա. 713–685 թթ. Արգիշտի II
- Ք.ա. 685–645 թթ. Ռուսա II
- Ք.ա. 645–635 թթ. Սարդուրի III
- Ք.ա. 635–625 թթ. Սարդուրի IV
- Ք.ա. 625–617 թթ. Էրիմենա
- Ք.ա. 617–609 թթ. Ռուսա III
- Ք.ա. 609–590 թթ. Ռուսա IV
Երվանդունյաց թագավորություն (Ք. ա. 580–201 թթ.)
Հայկական լեռնաշխարհի առաջին պետական կազմավորումը, որի հայկական պետություն լինելու շուրջ պատմաբանների շրջանում տարակարծություններ չկան և բոլորն ընդունում են դրա զուտ հայկական լինելու փաստը, Երվանդունիների թագավորությունն է:
Երվանդունիների թագավորությունը հայկական լեռնաշխարհի արևելյան մասում ձևավորվել է Վանի թագավորության վերջին շրջանում, իսկ հայոց առաջին արքա համարվող Պարույր Սկայորդին, Մովսես Խորենացու վկայությամբ, Մարաստանի արքա Կիաքսարի հետ դաշնակցած մասնակցել է ինչպես Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի, այնպես էլ Ուրարտուի մայրաքաղաք Տուշպա-Վանի գրավմանը: Այնուհետև Ուրարտուի տարածքը անցել է Երվանդունիներին, որոնց առաջին մայրաքաղաքը նույնպես Տուշպան էր, որի անվանումը Երվանդունիները փոխեցին և դարձրեցին Վան:
Պետք է նշել, սակայն, որ Երվանդունիների թագավորությունը մինչև Ք. ա. 331 թվականը հիմնականում եղել է կիսանկախ, ենթակա թագավորություն (Այս առումով միակ բացառությունը Տիգրան Երվանդյանի գահակալման վերջին 15 տարիներն են): Սկզբում այն ենթարկվել է Մարաստանին, այնուհետև` Աքեմենյան Պարսկաստանին: Երվանդունյաց Հայաստանը անկախացել է միայն Ք. ա. 331 թվականին, երբ Գավգամելայի ճակատամարտում Աքեմենյան Պարսկաստանի վերջին արքա Դարեհ 3-րդ Կոդոմանոսի պարտությունից հետո Հայաստանի սատրապ Երվանդ 3-րդը Մեծ Հայքում, իսկ Միթրաուստեսը Փոքր Հայքում իրենց հռչակել են անկախ թագավորներ:
- Ք.ա. 612–585 թթ. Պարույր Սկայորդի
- Ք.ա. 580–560 թթ. Երվանդ Սակավակյաց
- Ք.ա. 560–535 թթ. Տիգրան Երվանդյան
- Ք.ա. VI դարի վերջ Հյուդարնես I
- Ք.ա. V դարի սկիզբ Հյուդարնես II
- Ք.ա. V դարի կեսեր Հյուդարնես III
- Ք. ա. V դարի II կես Արտաշիր (Արտաշես)
- Ք.ա.404–360 թթ. Երվանդ II (Օրոնտաս)
- Ք.ա. 331–300 թթ. Երվանդ III (Օրոնտաս)
- Ք.ա. 299–270 թթ. Վանանես
- Ք.ա. 220–201 թթ. Երվանդ IV Վերջին
Ք. Ա. III դարի Ծոփք–Կոմմագենեի Երվանդունյաց արքաները
- Ք. ա. III դարի I կես Սամոս
- Ք. ա. 240–220 թթ. Արշամ
- Ք. ա. 220–215 թթ. Աբդիսարես
- Ք. ա. 215–201 թթ. Քսերքսես
Արտաշեսյան հարստություն (Ք.ա. 189–1 թթ.)
Հետաքրքիր է, որ Արտաշեսյան հարստության հիմնադիր Արտաշես Ա Բարեպաշտը մինչև Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր լինելը 12 տարի եղել է Սելևկյան թագավորությանը ենթակա Մեծ Հայքի ստրատեգը` կառավարիչը: Ավելին, Ք. ա. 201 թվականին Սելևկյան արքա Անտիոքոս 3-րդի օժանդակությամբ Երվանդ 4-րդ Երվանդունու դեմ կռվել, հաղթել և վերջին հայ Երվանդունի արքային սպանել է հենց Արտաշեսը:
- Ք.ա. 189–160 թթ. Արտաշես I Բարի
- Ք.ա. 160–115 թթ. Արտավազդ I
- Ք.ա. 115–95 թթ. Տիգրան I
- Ք.ա. 95–55 թթ. Տիգրան II Մեծ
- Ք.ա. 55–34 թթ. Արտավազդ II
- Ք.ա. 30–20 թթ. Արտաշես II
- Ք.ա. 20–8 թթ. Տիգրան III
- Ք.ա. 8–5 թթ. Տիգրան IV
- Ք.ա. 5–2 թթ. Արտավազդ III
- Ք.ա. 2 թ. –1 թ. Տիգրան IV և Էրատո
Հայաստանը օտար, դրածո գահակալների օրոք (1–66 թթ.)
1 թվականին Հայաստանում անկում է ապրել Արտաշեսյան թագավորությունը: Այնուհետև մինչև 66 թվականը Հայաստանում գահակալել են Հռոմի կամ Պարթևստանի կողմից նշանակած արքաները:
- 1–2 թթ. Էրատո
- 2–4 թթ. Արիոբարզան
- 4–6 թթ. Արտավազդ IV
- 6 թ. Տիգրան V
- 6–11 թթ. Էրատո
- 12–16 թթ. Վանոն Արշակունի
- 18–34 թթ. Արտաշես III (Զենոն–Արտաշես)
- 34–35 թթ. Արշակ I (Սանատրուկ)
- 35–37 թթ. Միհրդատ Իբերացի
- 38–40 թթ. Պոլեմոն
- 40–43 թթ. Կոտիս
- 47–51 թթ. Միհրդատ Իբերացի
- 51–54 թթ. Հռադամիզդ
- 60–61 թթ. Տիգրան VI
Արշակունյաց դինաստիա (66–428 թթ.)
66 թվականին Հայաստանում գահ է բարձրացել և Արշակունյաց թագավորության հիմնադիրն է հանդիսացել Պարթև Արշակունի արքա Վաղարշի եղբայր Տրդատը: Հետագայում Արշակունիները խնամիական կապեր են հաստատել տեղի հայ նախարարների հետ, որի արդյունքում Արշակունիների հետագա սերունդը գնալով հայացել է:
- 66–88 թթ. Տրդատ I
- 88–110 թթ. Սանատրուկ
- 110–113 թթ. Աշխադար
- 113–114 թթ. Պարթամասիր
- 114–117 թթ. Հայաստանը Հռոմեական պրովինցիա
- 117–144 թթ. Վաղարշ I
- 144–161 թթ. Սոհեմոս–Տիգրան
- 161–163 թթ. Բակուր I
- 164–186 թթ. Սոհեմոս–Տիգրան
- 186–198 թթ. Վաղարշ II
- 198–216 թթ. Խոսրով I
- 217–252 թթ. Տրդատ II
- 252–262 թթ. Արտավազդ V
- 262–272 թթ. Որմիզդ–Արտաշիր Սասանյան
- 272–279 թթ. Ներսեհ Սասանյան
- 279–287 թթ. Խոսրով II Մեծ
- 287–330 թթ. Տրդատ III Մեծ
- 331–338 թթ. Խոսրով III Կոտակ
- 338–350 թթ. Տիրան
- 350–368 թթ. Արշակ II
- 368–369 թթ. Փառանձեմ թագուհի
- 370–374 թթ. Պապ Արշակունի
- 374–378 թթ. Վարազդատ
- 378–387 թթ. Արշակ III
- 387–389 թթ. Խոսրով IV
- 389–400 թթ. Առավան պարսիկ
- 400–415 թթ. Վռամշապուհ
- 415–419 թթ. Շապուհ պարսիկ
- 422–428 թթ. Արտաշիր
V–IX դարերի հայոց մարզպանները և իշխանաց իշխանները (438–885 թթ.)
Հայաստանում Արշակունյաց թագավորության անկումից 10 տարի անց Հայաստանի մարզպան է նշանակվել Վասակ Սյունին, որից հետո, որոշ ընդմիջումներով հայոց երկիրը կառավարել են սկզբում Սասանյան Պարսկաստանի, իսկ 8-րդ դարի սկզբից` Արաբական խալիֆայության կողմից նշանակված տեղի հայ իշխանական նշանավոր տոհմերի ներկայացուցիչները: Այս ընթացքում Սասանյան Պարսկաստանի կործանումից` 640-ական թվականների սկզբից մինչև արաբների կողմից 700 թվականին Հայաստանի վերջնական գրավումը, Հայաստանը վարել է կիսանկախ կյանք` որոշակի կախվածություն ունենալով սկզբում Բյուզանդիայից, իսկ 652 թվականի հայ-արաբական պայմանագրից հետո` Արաբական խալիֆայությունից: Այս ընթացքում ևս Հայաստանը կառավարել են տեղի խոշոր իշխանական տներից ընտրված մարզպանները:
- 438–451 թթ. Վասակ Սյունի
- 481–482 թթ. Սահակ Բագրատունի I
- 484–506 թթ. Վահան Մամիկոնյան
- 506–509 թթ. Վարդ Պատրիկ Մամիկոնյան
- 509–520 թթ. պարսիկ Բուրգան
- 521–555 թթ. Մժեժ Գնունի
- 555–564 թթ. Դենշապուհ պարսիկ
- 564–572 թթ. պարսիկ Սուրեն Ճիհովր-Վշնասպ
- 572–576 թթ. Վարդան Մամիկոնյան (Կարմիր Վարդան)
- 576–591 թթ. պարսիկ Ճիհովր Վղոն Միհրան
- 591–599 թթ. Սմբատ Բագրատունի I
- 599–629 թթ. Դավիթ Սահառունի
- 629–635 թթ. Մժեժ Գնունի
- 635–639 թթ. Դավիթ Սահառունի
- 639–654 թթ. Թեոդորոս Ռշտունի
- 654–661 թթ. Համազասպ Մամիկոնյան
- 661–685 թթ. Գրիգոր Մամիկոնյան
- 685–689 թթ. Աշոտ Բագրատունի I
- 689–693 թթ. Ներսեհ Կամսարական
- 693–701 թթ., 703–726 թթ. Սմբատ Բագրատունի II
- 732–749 թթ. Աշոտ Բագրատունի II
- 749–753 թթ. Մուշեղ Մամիկոնյան
- 753–770 թթ. Սահակ Բագրատունի II
- 770–775 թթ. Սմբատ Բագրատունի II
- 775–781 թթ. Աշոտ Բագրատունի III
- 781–785 թթ. Տաճատ Անձևացի
- 790–826 թթ. Աշոտ Մսակեր Բագրատունի IV
- 826–851 թթ. Բագարատ Բագրատունի
- 851–855 թթ. Սմբատ Բագրատունի III
- 855–885 թթ. Աշոտ Բագրատունի V – նույն ինքը` արքա Աշոտ I-ը
Բագրատունյաց դինաստիա (885–1045 թթ.)
885 թվականին Հայաստանում հաստատվել է Բագրատունիների թագավորությունը, որը գոյություն է ունեցել ընդամենը 160 տարի:
- 885–890 թթ. Աշոտ I
- 890–914 թթ. Սմբատ I
- 914–928 թթ. Աշոտ II Երկաթ
- 928–953 թթ. Աբաս
- 953–977 թթ. Աշոտ III Ողորմած
- 977–990 թթ. Սմբատ II Տիեզերակալ
- 990–1020 թթ. Գագիկ I Շահնշահ
- 1020–1041 թթ. Հովհաննես–Սմբատ
- 1042–1045 թթ. Գագիկ II
Բագրատունիների տիրապետության օրոք` ֆեոդալիզմի զարգացման շրջանում, Հայաստանում առաջացել են Բաագրատունյաց կենտրոնական թագավորությանը ենթակա կիսանկախ 4 թագավորություններ: Դրանք էին`
Վան–Վասպուրականի Արծրունյաց թագավորություն (908–1021 թթ.)
- 908–937 թթ. Գագիկ–Խաչիկ Արծրունի
- 937–958 թթ. Աշոտ–Դերենիկ
- 958–968 թթ. Աբուսահլ–Համազասպ
- 968–990 թթ. Աշոտ–Սահակ
- 977–1003 թթ. Աշոտ–Սահակ, Գուրգեն–Խաչիկ, Սենեքերիմ–Հովհաննես Արծրունիներ
- 1003–1021 թթ. Սենեքերիմ–Հովհաննես
Վանանդի կամ Կարսի թագավորություն (963–1065 թթ.)
- 963–984 թթ. Մուշեղ
- 984–1029 թթ. Աբաս
- 1029–1065 թթ. Գագիկ Աբասյան
Տաշիր-Ձորագետի կամ Լոռու Կյուրիկյան թագավորություն (978–1118 թթ.)
- 978–990 թթ. Գուրգեն
- 990–1048 թթ. Դավիթ Անհողին
- 1048–1089 թթ. Կյուրիկե
- 1089–1113 թթ. Աբաս
- 1113–1118 թթ. Դավիթ II
Սյունիքի կամ Բաղացբերդի թագավորություն (987–1170 թթ.)
- 987–998 թթ. Սմբատ I Սահակյան
- 998–1040 թթ. Վասակ I
- 1040–1044 թթ. Սմբատ II Աշոտյան
- 1044–1072 թթ. Գրիգոր I
- 1072–1094 թթ. Սենեքերիմ Սևադյան
- 1094–1166 Գրիգոր II Սենեքերիմյան
- 1166–1170 թթ. Հասան Խաչենցի
Բագրատունիների թագավորության անկումից հետո մինչև 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի հանրապետության հռչակումը հայկական լեռնաշխարհում այլևս հայկական անկախ պետականություն գոյություն չի ունեցել: Այս ընթացքում հայկական լեռնաշխարհի միակ կիսանկախ պետական կազմավորումը եղել է Զաքարյանների իշխանապետությունը, որը տարածվում էր Մեծ Հայքի տարածքի միայն 1/3-րդի վրա: Զաքարյանների իշխանապետությունը անկախ պետություն չէր և ընդունում էր Վրացական միացյալ թագավորության գերիշխանությունը: Նրա գոյությունը տևել է ընդամենը կես դար` 1185 թվականից մինչև 1236 թվականը, երբ հյուսիս-արևելյան Հայաստանն անցել է մոնղոլական տիրապետության ներքո: Մինչև 1245 թվականը մոնղոլներն ամբողջովին տիրել են Հայաստանին:
Ռուբինյանների իշխանապետությունը Կիլիկյան Հայաստանում (1080–1198 թթ.)
1080 թվականին Բագրատունյաց վերջին արքա Գագիկ II-ի թիկնապահ Ռուբենի կողմից Լեռնային Կիլիկիայում հաստատվել է Ռուբինյանների իշխանապետությունը: Ռուբեն I-ի հաջորդների օրոք Ռուբինյանների իշխանապետության սահմանները գնալով ընդարձակվել են, իսկ Լևոն 2-րդի օրոք` 1198 թվականի հունվարի 6-ին այն հռչակվել է թագավորություն:
- 1080–1095 թթ. Ռուբեն I
- 1095–1100 թթ. Կոստանդին I
- 1100–1129 թթ. Թորոս I
- 1129–1137 թթ. Լևոն I
- 1137–1145 թթ. Կիլիկիան Բյուզանդական պրովինցիա
- 1145–1169 թթ. Թորոս II
- 1169–1175 թթ. Մլեհ Ռուբինյան
- 1175–1187 թթ. Ռուբեն II
- 1187–1198 թթ. Լևոն II Մեծագործ
Հեթումյանների թագավորությունը Կիլիկյան Հայաստանում (1198–1375 թթ.)
Լևոն 2-րդ Մեծագործի մահից` 1219 թվականի մայիսի 2-ից հետո վերջինիս արու զավակ չունենալու, իսկ դստեր` մանկահասակ լինելու պատճառով երկիրը որոշ ժամանակ ղեկավարել է Կոստանդին Գունդստաբլը (սպարապետ), որը նշանակվել էր որպես մանկահասակ Զաբելի և թագավորության խնամակալ: Երկու տարի անց` 1221 թվականին Զաբելին ամուսնացրել են Անտիոքի դուքս Բոհեմունդ Միակնանու որդու` Ֆիլիպի հետ: Սակայն, արքունիքը հայաթափելու և հայկական սովորույթները արհամարհելու համար Կիլիկիայի հայ իշխանները 1223 թվականին ձերբակալել և բանտարկել են Ֆիլիպին` զրկելով գահից:
Երկրի կառավարումը դարձյալ հանձնվել է Զաբելի և թագավորության խնամակալ Կոստանդին գունդստաբլին, ով 1226 թվականին, հայ իշխանների համաձայնությամբ Զաբելին ամուսնացրել է իր որդու` Հեթումի հետ: Այսպիսով, 1226 թվականին Կիլիկիայում հաստատվել է հայկական վերջին թագավորությունը` Հեթումյանների գլխավորությամբ:
- 1198–1219 թթ. Լևոն II Մեծագործ Ռուբինյան
- 1219–1221 թթ. Կոստանդին գունդստաբլ
- 1221–1223 թթ. Ֆիլիպ
- 1223–1226 թթ. Կոստանդին գունդստաբլ
- 1226–1270 թթ. Հեթում I Հեթումյան
- 1270–1289 թթ. Լևոն III
- 1289–1293 թթ. Հեթում II
- 1293–1294 թթ. Թորոս III
- 1294–1296 թթ. Հեթում II
- 1296–1298 թթ.Սմբատ
- 1298–1299 թթ. Կոստանդին II
- 1299–1305 թթ. Հեթում II
- 1305–1307 թթ. Լևոն IV
- 1308–1320 թթ. Օշին
- 1320–1342 թթ. Լևոն V
- 1342–1344 թթ. Գվիդոն (Կոստանդին III) Լուսինյան
- 1344–1363 թթ. Կոստանդին IV Նզրեցի
- 1363–1373 թթ. Կոստանդին V Նզրեցի
- 1374–1375 թթ. Լևոն VI Լուսինյան
1342 թվականին անժառանգ Լևոն 5-րդի մահից հետո Կիլիկյան Հայաստանում թագավորությունն անցել է Լուսինյաններին, այնուհետև` Նզրեցիներին: 1375 թվականի ապրիլի 16-ին վերջնականապես կործանվել է հայկական վերջին թագավորությունը, սակայն, մինչև 1424 թվականը Կիլիկիայի առանձին վայրերում շարունակել են իրենց իշխանությունը պահպանել մի շարք հայ իշխաններ, իսկ Կիլիկիան կառավարել է Կոստանդին IV Նզրեցու թոռը` իշխան և զորավար Կոստանդինը:
Նյութի աղբյուր`
- Հայոց պատմություն, խմբ. Հր. Ռ. Սիմոնյան, Երևան, 2012:
- Հայկազ Ժամկոչյան, Աշոտ Աբրահամյան, Ստեփան Մելիք–Բախշյան, Սերոբ Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն (սկզբից մինչև XVIII դարի վերջ)», Երևան, 1975, 784 էջ:
- Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հատ. 1 (հնագույն ժամանակներից մինչև 298 թ.), կազմողներ` Պ. Հովհաննիսյան, Ա. Մովսիսյան, Երևան, 2007:
- Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հատ. 2 (III դարի վերջերից մինչև IX դարի կեսերը), կազմողներ` Պ. Հովհաննիսյան, Ա. Մովսիսյան, Երևան, 2011:
- Հայ ժողովրդի պատմություն, 8 հատորով, ՀԽՍՀ ԳԱ հրատ., հատ. I. «Հայաստանը նախնադարյան-համայնական և ստրկատիրական կարգերի ժամանակաշրջանում», Երևան, 1971:
- Հայ ժողովրդի պատմություն, հատ. II. «Հայաստանը վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում (III–IX դարեր)», Երևան, 1984:
- Հայ ժողովրդի պատմություն, հատ. III. «Հայաստանը զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանում (IX դարի կեսերից մինչև XIV դարի կեսերը)», Երևան, 1976:
Քարտեզների համար օգտվել ենք ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի թվային գրադարանից` http://www.armin.am/am/Library-Maps
Նյութի հեղինակ` Կարապետ Հակոբյան
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: