Author
Ֆելիքս Պետրոսյան

Այնքան ամուր ես կապել ինձ քեզ հետ,
Որ անգամ հազար սարերով հեռու`
քո քարն եմ փնտրում,
Քո բա՜ռն եմ փնտրում մեսրոպահնչյուն:
Ու երբ գտնում եմ տուֆի բարձրագոչ
Լռությամբ շինված որևէ մի շենք,
Ու երբ լսում եմ հայերեն մի խոսք,
Թվում է`
հիմա կտեսնեմ նաև դաշտերդ հուռթի,
Լեռներդ` վառված շանթ ու արևից
Ու մանուկներիդ, որ տոտի՜կ-տոտի՜կ,
Հողիդ ու ջրիդ ինձանից մոտիկ
ինքնանկա՜րդ են,
Քայլող քո խի՛ղճը, քո բաց ճակա՛տը
Եվ աշխարհավեր փոթորիկներից առ քեզ ծրարված
Հավատը կյանքի:
Ես – քեզնից հեռու անօգ և անուժ,
Ես – քեզնից հեռու անպռունկ մի կուժ,
Ես – քեզնից հեռու պտղազուրկ մի ծառ,
Ես – քեզնից հեռու անիմաստ մի բառ,
Ես – քեզնից հեռու…
Բայց արժե՞, արդյոք, մտածել հիմա,
Թե քեզնից հեռու ես ի՞նչ կլինեմ
կամ ինչպե՞ս կապրեմ,
Երբ ողջ էությամբ,
ամենափոքրիկ բջիջով անգամ,
Անվանդ հետ եմ ու հողի՜դ հետ եմ
իմ բախտը կապել: