Դաշնակցության գաղտնիքներից
Իթթիհատի կառավարության հանցագործ պարագլուխների հրավերով 1918 թվականի ամռանը Կոստանդնուպոլիս մեկնած Հայոց պատվիրակության անդամներ Ավետիս Ահարոնյանը (1866֊1948), Ալեքսանդր Խատիսյանը (1874֊1945), եւ Միքայել Պապաջանյանը (1868֊1929) շողոքորթ խոսքեր էին շռայլում, Հայ ժողովրդի դահիճներ` Թալեաթին ու Էնվերին անվանելով Հայոց փրկիչներ, Հայոց պետականության հիմնադիրներ։
Կոստանդնուպոլսում բանակցությունների ժամանակ Ավետիս Ահարոնյանը Թալեաթ Փաշային հայտարարում է. «Ձեզ կվստահեցնեմ, որ Թուրքիայի հայերի վիճակը մեզ երբեք չեն շահագրգռել։ Մենք եկանք միայն խորհրդակցելու համար կովկասյան հայերի Հանրապետության մասին եւ որոշելու համար մեր սահմաններն ու դիրքը, մեր զորավոր դրացին եւ պաշտպան եղող Օսմանյան պետության հետ, որի բարեկամական հակումները մենք տեսանք Բաթումում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ... Նախ եւ առաջ մենք ուզում ենք համաձայնության գալ մեր զորեղ դրացի Օսմանյան պետության հետ, որի հետ սահմանակից ենք, եւ որից շատ օգնություն կսպասենք...»։
Ի պատասխան այս խոսքերի` Թալեաթն ասել է. «Դուք միշտ հավատարիմ եք եղել Թուրքիային եւ միայն վերջին ժամանակներս, շնորհիվ եւրոպական պետությունների գրգռումների, անցաք Թուրքիայի թշնամիների կողմը... Բայց այժմ հանգամանքները փոխվել են, եւ ձեռնարկելու միջոցներն էլ, ըստ որում պիտի փոխվեն...»։
Էնվեր փաշայի մոտ ընդունելության ժամանակ Ավետիս Ահարոնյանը խնդրում է, որ «Թուրքիան հանձն առնի ապահովել դաշնակիցների միջոցով, որպեսզի Ռուսաստանը չառարկի մեր անկախության դեմ...»։
Իսկ այդ անկախությունը ապահովելու նպատակով Ալեքսանդր Խատիսյանն իր կողմից առաջարկում է. «Թուրքիայի սահմաններն ապահովելու համար Ռուսաստանի կողմից, պիտի Թուրքիայի հետ կապվի եւ նրա մեջ մտնի կոնֆեդերատիվ կապերով ամբողջ ավտոնոմ Հայաստանը...»։
Խատիսյանի առաջարկին պատասխանելով, Էնվերը հայտարարում է. «Ես ձեր կողմից սպասում էի դրան։ Ձեզ ճշմարտությունն ասած լինելու համար պետք է ասեմ, որ դուք ձեր հույսը դրել էիք Ռուսաստանի վրա, կամ ավելի ` Եւրոպայի վրա։ Թուրքիան այժմ ձեզ անկախություն տվեց եւ այն տվեց ձեր դրության մասին երկար մտածելուց հետո։ Իմ ստորագրությունը կա եւ այն երբեք չի ջնջվի։ Դուք ոչ միայն կարող եք մեզ հետ լավ դրացիներ լինեք, այլեւ մեր դաշնակիցները...»։
(ՀՀ Ազգային Արխիվ, ֆ. 200, ց. 2, գ. 34, թ. 1-21)։
Պատվիրակության անդամներին բախտ է վիճակվում արժանանալ սուլթանի մոտ ընդունելության։ Նրանք ծնկի են գալիս սուլթանի առջեւ, համբուրում նրա աջը, եւ շնորհավորում Բայրամն ու գահակալությունը։
Դիմելով Թալեաթին, Ա. Ահարոնյանն հայ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել. «Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա, որ Օսմանյան կառավարությունն առաջինն է տվել անկախ Հայաստան ստեղծելու գաղափարը եւ առաջինն է նրան ճանաչել»։
( ՀՀ Ազգային Արխիվ, Ֆ. 200, ց. 1, գ. 657, թ. 200ա )։
Սուլթանը շնորհակալություն հայտնելով, պատասխանել է. «Հայաստանի անկախությունը թանկ է ինձ համար, ես Հայաստանի կառավարությունը համարում եմ իմ հարազատ զավակը...»։
«Եթե չլիներ Սուլթանը, - ասել է Ահարոնյանը, - չէր լինի նաեւ ազատ ու անկախ Հայաստանը...»։
( Լրաբեր, 20 փետրվարի, 1949թ.)։

