ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Եւ արդ, անկեալ յերեսս հողանիւթ կերպիւս,
Ի վայր խոնարհեալ ծնրադրական երկրպագութեամբ,
Զբարեգործիդ ողորմածութեան զկենդանարար ոտս համբուրեմ`
Զայս աւրինակ մաղթանաց մեծիդ ընծայեցուցեալ.
Աղաչեմ զքեզ, միայն խնամակալ, մարդասէր, գթած,
Կեցուցիչ, հզաւր, այցելու, պաշտպան,
Մի ունայնացի վաստակն աշխատութեան փրկականդ կրից
Մարդացելոյդ վասն իմ Աստուծոյ,
Մի սոսկ եղիցի քրտանցն կաթուած խառնեցեալ արեամբ`
Ի մատնութեանն աւուր գիշերին,
Մի լիցի ստուերացեալ լուսոյդ երախտիս,
Զոր ձրի եւ առանց փրկանաց թշուառացելումս` ինձ պարգեւեցեր,
Մի ջնջեսցին շնորհացդ աւետիս,
Զոր կողից քոց կայլակք նորոգեցին,
Մի անշահ եղիցին կրիցդ պտուղք,
Զոր կարաւտութեանս իմում մատուցեր,
Մի պարծեսցի բանսարկուն վանեալ
Զքո ստացեալս իւրացուցանել:
Բ


Ահա յաղթեսցես կամաւք քո` ըղձից չարին.
Վերստին ապշեսցի միանգամ զարհուրեալն,
Կրկին պարտեսցի իսպառ դատեցեալն:
Մի անխայեր զազատարարդ քո բան,
Որ զստեղծեալս քո քեզ ընծայեալ`
Վերստին առ քեզ դարձուցանէ:
Զանճառն արարեր բարերարութիւն
Յանակնկալ ժամուն յուսահատութեան,
Յորժամ բնաւ իսկ կտրեալ
Եւ աւտարացեալ էր կենդանութեանն շարժողութիւն.
Մեռար անմահդ եւ զմահացեալս նորոգեցեր:
Եթէ զկանոն համաձեւութեան Աւրինին փոխեցեր,
Արդ զդիւրինն եւ զհեշտականն եւ զեւս հնարաւորն
Մի արգելցես, սկզբնաձիր ողորմածութեան,
Բարեգութ, աւրհնեալ եւ երկայնամիտ թագաւոր:
Ազդեա բանիւդ ամենազաւրաւ,
Որ զգոյութիւն լուսոյն ստեղծեր ի նախնում աւուրն,
Եւ վաղվաղակի փոփոխեալ գտայց ի լաւ անդր,
Եւ փոխանակ զի ես ոչ խնդրեցի հետեւել լուսոյդ,
Դու ելցես ինձ յայց, ճառագայթ ծագման հայրենի կերպիդ,
Եւ կոչեցայց առաջի քո ծառայ վնասապարտ`
Ողորմեալ, շնորհեալ առ ի քէն:
Ոչ է ժամանակ յերկարաձգութեան առ ի զպարտսն հատուցանե
Ահա շնորհեա ինձ` տառապելոյս զերեսս քո,
Լոյսդ ի խաւարի սրտից վհատելոց:
Արգել եւ կնքեա զընթացմունս ելիցն,
Որ միշտ զեղուն բարիքն` հոսեալ ի յուշոյս իմ տեսութենէ,
Պահեա ինձ զշնորհ ամենապայծառ գանձուցդ մնացականաց,
Որով պատուական գտեալ` քո անուանեցայց`
Պաշտպանեալ ի քէն, անսահման բարի:
Գ
Ահա ողորմեա ինձ, գթած, աղաչեմ զքեզ,
Ողորմեա ինձ, հզաւր, կրկին ողորմեա.
Մի փոխարկեր երկունս ցաւոց ընդ չարեաց իմոց, բարիդ ամենեւին,
Մի բառնար ի վտանգելոյս զառ ի քէն պարգեւեալդ շնորհ,
Մի կապտեր զփչումն ամէնաւրհնեալդ Հոգւոյ,
Մի լուծաներ զխնկեալ զկնիք արքունական պատկերիդ,
Մի յայտնեսցին փուշք մեղանաց ի սրբութիւնս մտացս:
Մի խզեր զկապ միութեան զընդ քեզ սիրոյն պնդութեան,
Մի մերժեսցես զարուեստ զաւրութեանն լեզուոյս յարմարութեան,
Մի պակասեցուցաներ զյաջողուած աջոյս`
Առ ի զլուսոյդ մասունս բաշխել:
Մի գրեր ի դպրութեան կենաց մատենիդ զմահուն պարտիս,
Մի պահեր, մի ինձ համարիր,
Մի յիշեցուցաներ, մի ամաչեցուցաներ,
Մի նախատեր, մի ոտն հարկաներ,
Մի արձանացուցաներ զմեղկութեանցն,
Մի ամբարեր զկորստեանցն,
Մի իբր ստգտեալ իմն ամբաստաներ,
Մի յարուսցես ընդ իս զծառն անիծից,
Մի արձակեր ի յիս զսաղարթ վնասուցն,
Մի ընձիւղեր զծաղիկ մեղացս,
Մի բերցես ընդ առաջ զնամակ պարտուցս,
Մի արտաբերեր զէութիւն պտղոյն:
Մի թուեսցես ի ճիւղս երկրաստեղծ մատանցդ զգիւտս գործոցս,
Մի մատուսցես բան ընդդէմ ահեղ` զանաւրէնութիւնս իմ յիշատակել,
Մի մատնեսցես իմոցս կամաց զաւանդս հոգւոյս վարել ի գերութեան,
Մի աստէն զիս փառաւորեր, զի անդանաւր դատապարտեսցես,
Մի նուազութեամբ այսր անցաւորի զյաւիտենական բարիսն տուժեր,
Մի ի սակաւում այսմ ժամանակի զանվախճանելի զփառսն չափեր,
Մի ընդ հովտիս վշտաց հեծութեան զանախտական զկեանսդ գրաւեր,
Մի ընդ ստուերի այսր մթութեան զանճառելիդ լոյս փոխանակեր,
Մի զերասանակ մտացս լքցես` ըստ արտուղի հետս հետեւել,
Մի զկամուրջ կենցաղոյս գրեսցես ինձ հանգստեան բաւականութիւն,
Մի զհովիտ հանճարոյս ստուերական պահեր`
Ի հանդերձեալսն ինձ հրապարակել:
Եթէ ամբարես զառանց համարոյ գործոցս իմ չարիս`
Մեռայց կենդանւոյն,
Եթէ շտեմարանես ի սրտի`
Աստստին կիզեալ անբոց այրեցայց,
Եթէ քննեսցես զանաւրէնութիւնս`
Առանց յանդիման քեզ լինելոյ իսպառ հալեցայց,
Եթէ տնկակից ինձ թողցես զմեղս`
Ի նոսին վատնեալ մաշեցայց:
Դ
Ակնարկեա, միշտ զաւրեղ, ամենակարող,
Փախնուլ չարութեանցս, որ յիս,
Զի բարիդ քո եկեալ փոխանորդեսցէ:
Հրամայեա, գթած, խնամակալ, գովեալ,
Լոյս անշիջանելի, զաւրութեամբ անսահմանելեաւ,
Զի նոր հաստատեսցի գոյութիւն բնութեանս
Մարմնեղէն յարկի անդամոցս:
Յորում հանգուցեալ անլքանելի` բնակեսցես բազմեալ`
Ախորժ տենչանաւք, միութեամբ հոգւոյս իմ ընդ քեզ,
Զապականութիւն մեղացս մերժեալ իսպառ`
Յանարատութիւն զիս պատրաստեսցես,
Ամենակեցոյց թագաւոր անմահ, Տէր Յիսուս Քրիստոս,
Աւրհնեա~լ յաւիտեանս:
Ամէն:

Բան ՀԸ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ արդ, հողանյութ կերպարանքովս ընկնելով երեսն ի վայր,
Եվ ծնրադրական երկրպագությամբ գլուխս խոնարհած՝
Ողորմած բարեգործիդ կենդանարար ոտքն եմ համբուրում
Եվ այս աղոթքն եմ ընծայում մեծիդ:

Բ

Աղաչում եմ քեզ, միա՜կ խնամակալ, մարդասեր, գթած,
Կեցուցիչ, հզոր, այցելու, պաշտպան,
Թող ի զուր չանցնեն ինձ համար մարդացած
Աստծուդ փրկարար չարչարանքները,
Ոչ էլ ընդունայն՝ մատնության գիշերը թափած քրտինքիդ կաթիլն արյունախառն.
Թող չստվերանա երախտիքը լույսիդ,
Որ ձրիաբար, առանց փրկանքի պարգևեցիր ինձ՝ թշվառացածիս.
Թող չջնջվի շնորհներիդ ավետիսը,
Որ քո կողքից բխած կայլակները նորոգեցին.
Թող անօգուտ չլինեն չարչարանքներիդ պտուղները,
Որ մատուցեցիր ինձ՝ կարոտյալիս.
Թող չպարծենա արտաքսված բանսարկուն,
Ինձ՝ ստեղծածիդ սեփականելով.
Հաղթիր քո կամքով չարի իղձերին,
Թող դարձյալ ապշի մի անգամ արդեն զարհուրածը,
Թող կրկին դատապարտվի իսպառ դատապարտվածը,
Մի՛ խնայիր խոսքդ ազատարար,
Որ ինձ՝ ստեղծածիդ ընծայելով քեզ, նորից քեզ դարձնի:
Ցույց տվիր անճառ բարերարությունդ՝ հուսահատության չսպասված ժամին,
Երբ բոլորովին կտրված արդեն և օտարացած էր շարժումը կենդանության:
Մեռար անմահդ և նորոգեցիր մահացածներին.
Համաձևության օրենքի կարգը եթե փոխեցիր257Այսինքն՝ եթե փոխեցիր օրենքի այն կարգը, որ հանցանքի չափով էր պատժում...,
Ուրեմն դյուրինն ու հեշտագույնը, առավել ևս հնարավորը մի՛ արգելիր դու,
Ո՜վ սկզբնաձիրդ ողորմածության,
Բարեմիտ, օրհնյալ և երկայնամիտ թագավոր:
Ներգործի՛ր խոսքով քո ամենազոր,
Որով առաջին օրը դու լույսն ստեղծեցիր,
Եվ ես անմիջապես դեպի լա՜վը պիտի փոխվեմ.
Եվ եթե ինքս ջանադիր չեղա հետևել լույսիդ՝
Դո՛ւ ել ինձ այցի, հայրական լույսից ծագած ճառագայթ:
Թող կանչվեմ քեզ մոտ վնասապարտ ծառաս՝
Քեզանից շնորհ և ողորմություն գտնելու համար.
Պարտքերս հատուցելու համար ժամանակի երկարաձգման կարիք չկա,
Շնորհ արա ինձ՝ տառապյալիս տեսնելու երեսդ-
Լույսդ՝ խավարում վհատ սրտերի:
Արգելի՛ր, փակիր այն ճանապարհը, որտեղից զեղուն բարիքները քո
Խույս են տալիս միշտ իմ հիշողության տեսողությունից.
Քո միշտ մնայուն գանձերի շնորհն ամենապայծառ պահիր ինձ համար,
Որ ես դառնալով ընտիր, պատվական՝ քո՛նը անվանվեմ՝
Պաշտպանված քեզնով, անսահմա՜ն բարի:

Գ

Փութա՛ ինձ շուտով ողորմել, գթած, աղաչում եմ քեզ,
Ողորմի՛ր հզոր, կրկի՛ն ողորմիր:
Մի՛ փոխարկիր դու չարիքներս երկունքի ցավերի, ո՜վ համակ բարի,
Մի՛ վերցնիր վտանգվածիս քո կողմից պարգևված շնորհը.
Մի՛ խլիր փչումն ամենաօրհնյալ հոգուդ.
Մի՛ լուծիր խնկելի կնիքն արքունական քո պատկերի:
Սրբված սրտիս մեջ թող չհայտնվեն մեղքերի փշեր:
Մի՛ խզիր քեզ հետ սիրույս ամրապինդ կապը միության.
Մի՛ զլանար ինձ լեզվի ճարտարություն՝ վայելուչ ու ճոխ ճառելու համար.
Մի՛ պակասեցնի արժանիքն աջիս, որպեսզի լույսիդ մասունքը բաշխեմ:
Մի՛ գրիր ծանր մահացու մեղքերս կյանքի դպրության քո մատյանի մեջ.
Մի՛ պահիր, մի՛ համարիր իմը, Մի՛ հիշեցնի, մի՛ ամաչեցնի,
Մի՛ նախատիր, մի՛ ոտնահարիր,
Մի արձանագրիր մեղկություններս,
Մի՛ կորստաբեր գործերս ամբարիր,
Մի՛ որպես մեղադրյալ ամբաստանիր ինձ,
Մի՛ աճեցնի ինձ հետ ծառն անեծքների,
Մի՛ արձակիր իմ մեջ վնասակար սաղարթ.
Մի՛ ընձյուղիր մեղքերի ծաղիկ և մի՛ թողնի, որ պտուղ բերի նա.
Մի՛ դնիր իմ առաջ պարտքերիս թուղթը:
Մի՛ թվիր երկնաստեղծ մատներիդ ճյուղերի վրա՝ գործած մեղքերս.
Մի՛ ահեղորեն ընդդիմախոսիր՝ անօրենությունս հիշատակելով.
Մի՛ հանձնիր կամքիս հոգուս ավանդը՝ գերեվարելու.
Մի՛ փառավորիր ինձ այստեղ, որպեսզի այնտեղ չդատապարտես.
Անցավոր կյանքի այս նվազագույն, սին հաճույքներով՝
Մի՛ տուժել տա ինձ՝ հավիտենական բարիքներն անբավ.
Մի՛ չափիր փառքը անվերջանալի՝ այս ժամանակի կարճատևությամբ.
Մի՛ գրավ դնի կյանքըդ անարատ՝ իմ վշտահառաչ հովտի փոխարեն.
Մի՛ փոխանակի քո անճառելի լույսը՝ մթամած այս ստվերի հետ.
Մի՛ թողնի մտքիս երասանը դու, որպեսզի չերթա՜մ զարտուղի ճամփով.
Մի՛ համարիր բավ հանգստիս համար՝ կամուրջն աշխարհի.
Մի՛ պահիր հովիտն իմ խոհեմության ստվերի ներքո, որ հանդերձյալում չհրապարակվեմ:
Եթե ամբարես չար գործերս անթիվ, կմեռնեմ ողջ-ողջ.
Եթե սրտիս մեջ շտեմարանես՝ այժմվանից անբոց պիտի այրվեմ.
Եթե անօրեն արարքներս դու քննության առնես՝
Առանց քո առջև ելնելու՝ պիտի հալվեմ ես իսպառ
Եթե մեղքերս թողնես, որ ինձ հետ տնկակից աճեն՝ նրանցով պիտի մաշվեմ, սպառվեմ:

Դ

Ի՜նձ նայիր, զորե՛ղ ամենակարող,
Որ չարություններս փախուստ տան ինձնից, և գա քո բարին փոխարինելու:
Հրամայիր, գթա՛ծ, խնամակալ, գովյալ, լո՜ւյս անշիջելի,
Որ զորությամբդ անհուն նորոգվի հաստատապես
Բնական կառուցվածքն անդամների՝ մարմնեղեն իմ տան,
Որպեսզի այնտեղ անհեռանալի բնակվես բազմած
Եվ հանգստանաս հաճո տենչանքով՝ քեզ հետ իմ հոգու ամուր միությամբ:
Ապականությունն իմ մեղքերի իսպառ հեռացնելով,
Անարատությա՜մբ վերակազմես ինձ,
Ամենակեցույց թագավոր անմահ,
Տե՜ր Հիսուս Քրիստոս,
Օրհնյալ հավիտյանս. ամեն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Հողանյութ դեմքով ընկած երեսիս,
Ծնրադրական երկրպագությամբ գետնին խոնարհված՝
Երախտավորիդ ողորմածության
Կենարար ոտքն եմ ահա համբուրում՝
Ուղերձելով այս աղերսը մեծիդ։
Բ
Աղաչում եմ քեզ, միա՜կ հոգածու, մարդասեր, գթած,
Կեցուցիչ հզոր, զորավիգ, պաշտպան,
Թող որ ինձ համար մարդացած Աստծուդ
Կրած փրկարար տառապանքները ընդունայն չանցնեն.
Ի դերև չելնի մատնության օրվա
Գիշերը թափած քրտինքդ արնախառն.
Թող չստվերանա լույսն երախտիքիդ,
Որ պարգևեցիր թշվառիս ձրի, առանց հատուցման.
Թող չանհետանա քո շնորհների ավետիսն անճառ,
Որ նորոգել է կայլակը կողիդ.
Անօգուտ չանցնեն պտուղները քո չարչարանքների,
Որ մատուցեցիր իմ կարոտության.
Թող չպարծենա վանված բանսարկուն՝
Յուրացնելով ստացվածքը քո.
Հաղթի՛ր քո կամքով իղձերին չարի.
Թող որ վերստին ապշի՝ մի անգամ զարհուրածն արդեն
Հավիտենապես դատապարտվածը թող պարտվի՛ նորից.
Մի՛ խնայիր քո խոսքն ազատարար,
Որն ընծայվելով՝ ստեղծածներիդ
Վերադարձնում է վերստին առ քեզ։
Հուսահատության չսպասված ժամին,
Երբ բոլորովին անհետացել էր
Ամեն մի շարժում, շունչ կենդանության,
Անճառ հրաշքներ բարեգործեցիր.
Մեռար անմահդ և նորոգեցիր մահացածներին.
Եթե փոխեցիր օրենքն ու կարգը համաձևության,
Ապա դյուրինը, հեշտն ու առավել
Հնարավորը մի՛ զլանար մեզ,
Սկզբնաձի՜րդ ողորմածության,
Բարեգութ, օրհնյալ և երկայնամիտ անմահ թագավոր։
Ներգործի՛ր խոսքովդ ամենակարող,
Որով առաջին օրն արարչության լույսն ստեղծեցիր,
Եվ անմիջապես լավի կփոխվեմ.
Քանի որ ինքս ջանադիր չեղա հետևել լույսիդ,
Դու ել ինձ այցի, հայրական լույսից ծագած ճառագա՜յթ.
Հանցապարտ ծաոաս թող կանչվեմ քեզ մոտ՝
Գտնելու շնորհ ու ողորմություն.
Երկար ժամանակ հարկավոր չէ քեզ
Բոլոր պարտքերիս հատուցման համար.
Տառապյալիս լոկ շնո՛րհ արա քո երեսը տեսնել,
Լո՜ւյսդ՝ խավարում վհատ սրտերի։
Արգելափակի՛ր ճանապարհը այն,
Որով բազմազեղ բարիքները քո
Խույս են տալիս միշտ իմ հիշողության տեսողությունից.
Ինձ համար պահի՛ր քո հարամնա
Գանձերի շնորհն ամենապայծառ,
Որի շնորհիվ պատվական դարձած՝ քոնը համարվեմ,
Պաշտպանվեմ քեզնով, անսահմա՜ն բարի։
Գ
Ողորմի՛ր, գթա՜ծ, աղաչում եմ քեզ,
Ողորմի՛ր, հզո՜ր, կրկին ողորմի՛ր։
Ո՜վ համակ րարի, չարիքները իմ
Մի՛ փոխհատուցիր վիշտ ու ցավերով,
Վտանգվածիցս շնորհները քո ետ մի՛ վերցրու,
Շունչն ամենօրհնյալ հոգուդ՝ մի՛ խլիր,
Մի՛ ջնջիր ինձնից կնիքը խնկյալ
Քո արքունական ու սուրբ պատկերի։
Սրբված մտքիս մեջ թո՛ղ չհայտնվեն մեղքերի փշեր.
Մի՛ խզիր սիրուս՝ քեզ միավորող կապը ամրապինդ,
Մի՛ զրկիր ճարտար ու վայելչարվեստ
Լեզվով խոսելու զորությունից, տե՜ր,
Հաջողվածն աջիս մի՛ նվազեցրու,
Որպեսզի բաշխեմ մասունքը լույսիդ։
Մի՛ գրիր պարտքերս ծանր ու մահացու՝
Կյանքի դպրության քո մատյանի մեջ,
Մի՛ պահիր և ինձ մի՛ վերագրիր,
Հիշել մի՛ տուր միշտ, մի՛ ամաչեցրու,
Մի՛ նախատիր ինձ, մի՛ ոտնահարիր,
Մի՛ արձանագրիր արարքներս մեղկ,
Կործանիչ գործերս էլ մի՛ ամբարիր,
Մի՛ ամբաստանիր որպես հանցագործ։
Մի՛ աճեցրու ինձ հետ միասին ծառն անեծքների,
Մի՛ ծլարձակիր իմ մեջ վնասիչ սաղարթ ու թփեր
Մի՛ բարունակիր մեղքերի ծաղիկ,
Մի պտղաբերիր բերքն ամոթաբեր։
Մի՛ դիր իմ առաջ թուղթը պարտքերիս.
Քո աշխարհաստեղծ մատների վրա
Սի՛ հաշվիր արդյունքն արած գործերիս.
Մի՛ դիմախոսիր այդքան ահարկու՝
Անօրենությունս հիշատակելով.
Կամքիս մի՛ հանձնիր ավանդն իմ հոգու,
Որ չմատնեմ այն գերեվարության.
Այստեղ ինձ բնավ մի՛ փառավորիր,
Որպեսզի այնտեղ չդատապարտես.
Անցավոր կյանքի այս նվազությամբ՝
Հավիտենական բարիքներն անբավ ինձ տուժել մի՛ տուր.
Մի՛ չափիր փառքը անվախճանելի՝
Այս ժամանակի կարճատևությամբ.
Այս վշտահառաչ հովտի փոխարեն՝
Կյանքն անապական գրավի մի՛ դիր.
Մի՛ փոխանակիր լույսը քո անճառ՝
Մռայլ ու անշող այս խավարի հետ.
Ձեռքից բաց մի՛ թող սանձերը մտքիս,
Որ ես չընթանամ խոտոր ճամփեքով.
Հանգստիս համար բավականության
Սահման մի՛ հաշվիր կամուրջն աշխարհի.
Հովիտն հանճարիս մի՛ պահիր խավար ստվերի ներքո,
Որ հանդերձյալում չխայտառակվեմ։
Եթե ամբարես չար գործերս անթիվ, կմեռնեմ ողջ-ողջ
Եթե սրտիս մեջ շտեմարանես,
Այստեղ կիզվելով՝ պիտ այրվեմ անբոց.
Անօրենությունն իմ եթե քննես,
Առանց բարձրյալիդ ներկայանալու կհալվեմ իսպառ.
Եթե մեղքերս ինձ թողնես տնկակից,
Նրանցով մաշված՝ կսպառվեմ անհետ։
Դ
Ակնարկի՛ր, զորե՜ղ, ամենակարող,
Որ չարությունը փախչի ինձանից,
Որպեսզի նրան բարությունդ գա փոխարինելու.
Հրամայի՛ր քո զորությամբ անբավ,
Բարեգո՜ւթ, գովյալ և խնամակալ,
Անշիջելի՜ լույս,
Որ բնությունը հարկիս մարմնեղեն,
Գոյավորող իր ողջ անդամներով, վերանորոգվի,
Որպեսզի այնտեղ անբաժանորեն
Միայն դու բազմած հանգիստ բնակվես ախորժ տենչանքով՝
Միավորելով քեզ հետ իմ հոգին,
Վերակազմես ինձ անարատությամբ՝
Վանելով իսպառ ապականությունն ամբողջ մեղքերիս,
Ամենակեցույց անմահ թագավոր,
Տե՜ր Հիսուս, օրհնյա՜լ հավիտյանս, ամեն։